ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian
Արգամ Այվազյան

ՋՈՒՂԱ


Բովանդակություն | Էջեր 1, 2 | Պատմական ակնարկ | Краткий очерк | Brief outline
Ուսումնասիրման պատմությունը
 | Հուշարձանները | Ջուղայի գրչօջախը

Lուսանկարներ–Иллюстрации–Illustrations: 1-35 | 36-72 | 73-107

Список иллюстраций. Illustrations | Բովանդակություն (ինչպես գրքում)


[էջ 21]

ՋՈՒՂԱՅԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Ջուղայի անցյալի պատմությունն ու մշակույթը, ցավոք, դեռևս հանգամանորեն ուսումնասիրված չէ։ Նրա անցյալի և հուշարձանների վերաբերյալ հիմնական աղբյուրները Ա. Սեդրակյանի1, Ղ. Ալիշանի2 աշխատություններում տեղ գտած համառոտ նկարագրություններն են, Ա. Վրույրի «Ջուղա» հոդվածը3 և Ս. Տեր-Ավետիսյանի «Город Джуга» աշխատությունը4, որոնցից վերջին երեքում կան նաև հուշարձանների լուսանկարներ։ Հրատարակված աշխատանքներից հատկապես պետք է առանձնացնել Ս. Տեր-Ավետիսյանի մենագրությունը։ Այստեղ Ջուղայի առևտրական հարաբերությունների բավական հանգամանալից քննության հետ համատեղ, քաղաքատեղիի նկարագրությունից բացի նշանակալից տեղ է հատկացվել նաև Ջուղայի հուշարձաններին ու գերեզմանատանը, առդիր հրատարակվել են 52 լուսանկարներ և շուրջ 230 վիմագիր արձանագրություններ5։

Ջուղայի հուշարձանների ուսումնասիրման գործում մեծ աշխատանք է կատարել նաև հայ մշակույթի երախտավորներից մեկը՝ Արամ Վրույրը։ Նա դեռևս 1912 թ., ուսումնասիրություններ կատարելու նպատակով Ջուղայում լինելուց հետո, նույն թվականի ապրիլի 4-ին Բաքվից Ն. Մառին գրած նամակում իրավացիորեն և մեծ ափսոսանքով գրել է. «Անչափ հետաքրքիր է Ջուղան, մի փոքրիկ Անի, և կարծեք ավելի ճոխ

_______________________
1. Ա. Սեդրակյան, Հնութիւնք հայրենեաց ի գավառին Երնջակու, Վաղ-պատ, 1872, էջ 151-167։
2. Ղ. Ալիշան, Սիսական, Վենետիկ, 1893, էջ 409-428։
3. Ա. Վրույր, Ջուղա, «Պատմա-բանասիրական հանդես», N 2, 1967, էջ 170—180։ 1915 թ. գրված այս հոդվածը լույս է տեսել Ա. Վրույրի մահից հետո։
4. С. Тер-Аветисян, Город Джуга, Тифлис, 1937.
5. Վերջերս Ս. Սաղումյանը և Վ. Հարությունյանը Ջուղայի վիմագրերից ճշգրտումներով հրատարակել են ևս 80-ը (տես «Լրաբեր», N 12, 1983, էջ 42-60)։
_______________________

[էջ 22]

պահեստ 14–15-րդ դարերի իրեղենների... Անհրաժեշտ է առանձին ուշադրություն դարձնել այդ տեղի վրա, մանավանդ որ համարյա անընդհատ տնավարի պեղումներ են կատարվում։ Գտնված ամանեղենները ամբողջ կամ զարդարված՝ անհաշիվ են»1։

Հետագայում Ն. Մառի և «Христианский восток» հանդեսի հանձնարարությամբ Ա. Վրույրը 1915 թ. սեպտեմբերին ձեռնամուխ է լինում Ջուղայի գերեզմանատան խաչքարերի լուսանկարման աշխատանքներին, ինչպես նաև բռնագաղթի ու ավերման ենթարկված քաղաքի մասին մնացած ավանդությունների հավաքմանը։ Կատարվելիք աշխատանքների մասին «X. В.» ամսագիրը կարճ հաղորդման մեջ նշել է, «Վրույրը սեպտեմբերի 9-ին անցնելով գործի, սեպտեմբերի 11-ի նամակով մեզ հայտնեց, որ ավարտել է առաջին խմբի հիանալի նկարների երևակումը։ Սեպտեմբերի 23-ին ստացանք առաջին լուսանկարը՝ դա խաչքարի վերին հատվածն է»2։ Ա. Վրույրին տրված հանձնարարությամբ «X. В.» ամսագիրը, փաստորեն, նպատակադրվել էր սկսելու Ջուղայի և նրա հուշարձանների ուսումնասիրման աշխատանքները, որը, ցավոք սրտի, այդպես էլ մնաց սոսկ ցանկություն։

Ա. Վրույրը, իր Արտաշես որդու հետ Ջուղայի գերեզմանատանը ընտրություն կատարելով, լուսանկարեց շուրջ 100 ընտիր խաչքար և 1915 թ. իր տպավորություններն ամփոփեց «Ջուղա» հոդվածում։ Վերջինս իր կենդանության օրոք այն չհանձնեց տպագրության, որի գլխավոր պատճառն այն էր, որ Վրույրը դեռևս սպասում էր Ջուղայով զբաղվող մի գիտնականի, որն ուսումնասիրեր ու ներկայացներ Ջուղան բազմակողմանի ու հանգամանալից ուսումնասիրությամբ։ Այդ մասին հենց ինքը՝ Վրույրն է ակնարկում «Ջուղա» հոդվածի առաջին տողերում. «Ես շատ էի ցանկանում, որ Ջուղայի մասին ընդհանրապես և նրա խաչքարերի մասին մասնավորապես ավելի ձեռնհաս անձն հանձն առներ գրել մի ամփոփ տեսություն, բայց հակառակ իմ արած դիմումներին մինչև օրս այդպիսի մի գործ ոչ ոք չձեռնարկեց, իսկ ինձ համար շատ ցանկալի էր, որ մի ժամանակ իր հարստությամբ անչափ հռչակ հանած այդ «քաղաքը», ինչպես հորջորջում են իրենք, ջուղայեցիք, չմնար մեն մենակ, իր բազմաթիվ գեղաքանդակ խաչքարերով, այլ գրի առնվեին այն հատուկտոր ավանդությունները, որ ցրված են տեղացվոց մեջ, որոնք դարեր հոլովվելով-նվազել, և հազիվ մի քանի առասպելանման անցքեր պատմվում են մեր օրերը»3։

_______________________
1. Ռ. Փաշայան, Արամ Վրույրի անտիպ նամակները, «Գարուն», N 2, 1975, էջ 75-76։
2. «Христиански восток» Петроград, вып. II, том IV, 1915, օ. 198.
3. «Պատմա-բանասիրական հանդես», N 2, 1967, էջ 170։ Մեր աշխատությունում օգտագործել ենք Ա. Վրույրի 1915 թ. կատարած լուսանկարների մի մասը։
_______________________

[էջ 23]

Ջուղայի ավերակների և գերեզմանատան խաչքարերի արվեստն ուսումնասիրելու համար 1927 թ. գիտական փոքրիկ արշավախմբով այդտեղ է եղել նաև լիտվացի բանաստեղծ, արվեստի տեսաբան, հասարակական ու քաղաքական գործիչ, հայ գրականության պրոպագանդիստ Բալթրուշայտիս Յուրգիս Կազիմիրովիչը (1873, Կովենսկի նահանգ– 1944, Փարիզ)։ Վերջինս 1939 թ. բնակվում էր Փարիզում և նպատակ ուներ հրատարակելու իր արշավախմբի նյութերը, որոնք մեզ հայտնի չեն։ Ջուղայի անցյալի որոշ իրադարձություններին անդրադարձել է նաև Լեոն1, իսկ նրա հուշարձանների ուսումնասիրությամբ վերջին տասնամյակում զբաղվել է նաև տողերիս հեղինակը2։

_______________________
1. Լեո, Երկերի ժողովածու, հ. 3, Երևան, 1969, էջ 234-248։
2. Ա. Այվազյան, Ջուղան և նրա պատմական հուշարձանները, «Հայաստանի բնություն», պրակ II, 1976, էջ 34-37։ Նույնի՝ Նախիջևանի պատամա–ճարտարապետական հուշարձանները, Եր., 1978, էջ 38–42, 86-87։ Памятники армянской архитектуры Нахичеванской АССР, Ереван, 1981, с. 69-75, 155-156.

 

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր՝ Արգամ Այվազյան — «Ջուղա»
«Սովետական գրող» հրատարակչություն, Երևան 1984 թ.

Տրամադրել է՝ Միքայել Յալանուզյան

Տես նաև
Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice