ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian
Արգամ Այվազյան

ՋՈՒՂԱ


Բովանդակություն | Էջեր 1, 2 | Պատմական ակնարկ | Краткий очерк | Brief outline
Ուսումնասիրման պատմությունը
 | Հուշարձանները | Ջուղայի գրչօջախը

Lուսանկարներ–Иллюстрации–Illustrations: 1-35 | 36-72 | 73-107

Список иллюстраций. Illustrations | Բովանդակություն (ինչպես գրքում)


[էջ 39]

ՋՈՒՂԱՅԻ ԳՐՉՕՋԱԽԸ

Հայ մշակույթի և գրչարվեստի պատմության մեջ Ջուղան հայտնի է նաև որպես նշանավոր գրչօջախ։ Այստեղ գրչագրված ձեռագրերի տվյալներով քաղաքի հոգևոր օջախներից Ամենափրկիչ վանքում, ս. Սարգիս, ս. Աստվածածին, ս. Գևորգ, ս. Հովհաննես եկեղեցիների հովանու ներքո, բազմացվել ու մանրանկարվել են բազմաթիվ ձեռագրեր։ Դատելով ձեռագրերի ընդօրինակման արվեստով, պետք է ենթադրել, որ Ջուղայում գրչարվեստը և նրա ուսուցումը սկզբնավորվել են XII– XIII դարերից ոչ ուշ, և նրա գրչատների գործունեությունը հարատևել է հիմնականում մինչև քաղաքի բռնագաղթը Պարսկաստան, ուր և կարճ ընդմիջումից հետո վերսկսվել է նորջուղայեցիների բուռն մշակութային կյանքին զուգընթաց։

Ջուղայի գրչատների ստեղծած գրադարանների ավերման ու հրկիզման հետևանքով, հատկապես տեղահանության ժամանակ, քիչ բան է հասել մեր օրերը։ Բանասիրությանը հայտնի և պահպանված ձեռագրերն էլ վերաբերում են XIII - XVII դդ., որոնցից մի քանիսը պահպանվում են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանում։ Ջուղայի գրչօջախներից մեզ հայտնի հնագույն ձեռագրերը «Մեկնութիւն սահմանաց ժամուց և խորհրդոց աղօթից»1–ը ընդօրինակել է Սարգիս գրիչը 1286 թ., այնուհետև Երևանի մատենադարանի N 6235 ճաշոցը, «...[Հ] անեալ ի վերջին բիծս ճաշոցիս ձեռամբ անարժան քահանայի Խաչատրոյ, ի թվաբերութեանս Հայկազեան տաւմարի ՉՀԴ. (1325) գրեցաւ, ի ղանութեան Պուսաիտին, որդո Խարբանդին, ի թագաւորութեան

_______________________
1. Ա. Սմբատյանց, Նկարագիր սուրբ Կարապետի վանից Երնջակայ ու շրջակայից նորա, Տփխիս, 1904, էջ 140։
_______________________

[էջ 40]

Կիլիկեցոց Լևոնա, և ի հայրապետութեան մերո տէր Կոստընդնա, և յեպիսկոպոսութեան մերո տէր Վարդանայ։

Արդ, եղև աւարտ սուրբ գրոցս ի Ջուղայ, ընդ [հովանեաւ...»1։ Իսկ 1388 թ. մի մեծադիր Ավետարան գրչագրվել ու ծաղկվել է Ամենափրկիչ վանքում2։

Առանձնակի ուշադրության է արժանի Մարիամ արվեստագետի «Ի թիւ Հայոց ՋԵ (1456) գրեցաւ ի Ջուղայ Քարոզգիրքս Գրիգորի Տաթեւացւոյ» ձեռագիրը, որի մեկ այլ էջում Մարիամը հիշատակել է. «Այլ ես՝ մեղօք մածեալ և մոլորեալ ոգի Մարիամ սիրող բանի՝յերեսս անկեալ աղաչեմ զհանդիպողքս, զի և մեզ խնդրեցէք զթողութիւն ի յահեղ ատեան Քրիստոսի...»3։ 977 մեծադիր էջերից բաղկացած այս ձեռագիրը, որը Ջուղայի գրչարվեստի և մանրանկարչության դպրոցի XV դ. կեսերի ընտիր նմուշներից է, ճակատագրի բերումով ապաստանել ու ճամփորդել է տեղից տեղ։ Ձեռագիրը մազապուրծ փրկվելով Ջուղայի բռնագաղթի ավերումներից, ճամփորդել ու հանգրվանել է Իրանի Սպահան նահանգի Չարմահալ գավառի հայաբնակ գյուղերում՝ Ֆռինդիգան, Գիչնիգան, Շահբուլաղ, Մամուռան, որի պատճառով էլ զրկվել է իր մի շարք նկարազարդ էջերից։ Ձեռագիրը վերջապես հանգրվանել է Մամուռան գյուղի բնակիչ, գրասեր Մ. Տեր-Սուքիասյանի տանը, որտեղից էլ 1940-ական թվականներին տեղափոխվել է Էջմիածնի ձեռագրատուն։ Այս ձեռագրի բազմաթիվ էջերում, լուսանցազարդերում նկարչական մեծ վարպետությամբ ու քնքշությամբ, պատկերավորությամբ են օժտված բազմաոճ ու բազմամոտիվ հարյուրավոր մանրանկարներ, թռչնագրեր ու զարդագրեր, որոնք մանրանկարիչ Մարիամի բնատուր տաղանդի փայլուն ապացույցն են։

XV դ. հայ նկարչության պատմության մեջ առաջին հայ կին նկարիչ Մարիամի մանրանկարչական, ծաղկազարդման և պատկերագրության արվեստը սերտորեն խարսխված է Հին Ջուղայի նկարչական դպրոցի ավանդների վրա։ Մարիամի նկարչական արվեստի, ինչպես նաև առհասարակ Ջուղայի նկարչական դպրոցի բազմաթիվ մոտիվներին ու նրանց զուգահեռներին հանդիպում ենք նրա հռչակավոր գերեզմանատան խաչքարերի քանդակազարդման ու կազմման արվեստում։ Մարիամի գրչագրած ու մանրանկարած աշխատանքներից առայժմ մեզ հասած վերը նշված ձեռագրի «գեղեցկությունը կազմում են մեկը մյուսից տարբեր ոճով և բովանդակությամբ վրձնված մանրանկարները, որոնցից հատուկ ուշադրության է արժանի 16-րդ էջի խորանը։ Դա նկարչական արվեստի մի գեղեցիկ ստեղծագործություն է, որը գրավում է ձեզ իր նրբությամբ և բանաստեղծական պատկերավորությամբ։ Ընդգծենք նաև որոշ լուսանցքներում ճոխ երանգներով նկարված գեղեցիկ զարդանկարները, թռչնազարդերը

_______________________
1. ԺԴ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, կազմեց Լ. Խաչիկյանը, Եր., 1950, էջ 199։
2. Մ. Սմբատյանց, նշվ. աշխ., էջ 140։
3. Ա. Երեմյան, Տասնհինգերորդ դարի մի անհայտ նկարչուհի, «Էջմիածին», հուլիս, 1952, էջ 48-49։
4. Ա. Երեմյան, նշվ. աշխ., էջ 50։
_______________________

[էջ 41]

և գեղագրերը, որոնք իրենց ուրույն ոճով, գույների ներդաշնակությամբ և գեղարվեստական որոշ նրբությամբ ձեռագրին առանձին գրավչություն են տալիս, միաժամանակ պարզում XV դ. Հին Ջուղայի նկարչական դպրոցի էությունը»1։

Ջուղայում XVI-XVII դդ. գրչագրված մի շարք ձեռագրերից հատկապես արժանահիշատակ են Հակոբ Ջուղայեցու, Խաչատուր Խիզանեցու, ԲարսեղՎարդապետի Հովհան Դարգամարգեցու, Հովհաննես գրչի, Ռստակես աբեղայի, Հակոբ քահանայի գրչագրած ու ծաղկած ձեռագրերը։ Նշված ժամանակաշրջանում նախիջևանի գավառներում գործած նկարիչների, հատկապես հռչակավոր Հովնաթանյանների շարքում և առհասարակ հայ գեղանկարչության պատմության մեջ առանձնահատուկ տեղ է գրավում Հակոբ Ջուղայեցին։ Վերջինիս նկարազարդած ձեռագրերի գեղարվեստական լեզուն ու արվեստը անքակտելիորեն հյուսված են հայկական միջնադարի գեղանկարչության ու մանրանկարչության ավանդների վրա։ Այսուհանդերձ այն միաժամանակ հագեցած է նոր ժամանակների ոգով ու գեղագիտական հասկացություններով։ Պատկերների ու կերպարների կենդանի, աշխույժ պատկերումը, գունագեղությունը, հագեցվածությունն ու ռիթմը, բազմազան զարդամոտիվների յուրովի կիրառումը մի առանձնահատուկ հմայք ու անհատականություն են հաղորդում Ջուղայեցու արվեստին։

XVI դ. վերջերին Վանի Լիմ անապատում նշանավոր րաբունապետ Զաքարիա եպիսկոպոսի մոտ ուսանելուց հետո Հակոբ Ջուղայեցին ստեղծագործել է Վանի մերձակայքում, հայրենի Ջուղայում, իսկ 1605 թ. համաքաղաքացիների հետ բռնագաղթվելուց հետո՝ Սպահանում։ Հ. Ջուղայեցու Ջուղայում ընդօրինակած ձեռագրերից առ այսօր երկուսն են հայտնի, որոնցից մեկն ընդօրինակված է 1587 թ., իսկ հաջորդը 1603 թ.։ 1587 թ. ընդօրինակված Ավետարանը բազմաթիվ լուսանցազարդերով ու գեղագրերով զարդարված լինելուց զատ ունի չորս գեղեցիկ խորանների և 40 այլ պատկերներ։ 1588 թ. այս ձեռագիրն Ըռայիս Աղախանգսն գնել և նվիրել է Աղբակ գավառի Առակ գյուղի Ս. Ստեփանոս եկեղեցուն։ Ձեռագրի հիշատակարանում Ջուղայեցին արձանագրել է. «Արդ եղեւ աւարտ, զրաւ գրչութեան յայսմ աստուածաշունչ սուրբ Աւետարանիս... Ձեռամբ ամենամեղ փցուն եւ անարհեստ գրչի Յակոբ սարկաւագի...ի տեղիս, մեծակրօն մայրաքաղաքիս որ կոչի Ջուղայ, ի դուռն Սուրբ Աստուածածնին եւ սուրբ Հրեշտակապետին, եւ Սուրբ Ամենափրկչին եւ Սուրբ Յակոբին և այլ բազում սրբոց որ աստ կան հաւաքեալ։ Ի յառաջնորդութեան մերոյ քաջ եւ յրաբունապետ Ազարիա արհեպիսկոպոսն... Նայեւ բարէպաշտ սրբասնեալ քահանայիցն... ի թվականիս Հայոց ՌԼ և Ջ (1587)...»։ Ձեռագրի գրչագրման ու մանրանկարման դժվարին ու տևական աշխատանքների վերաբերյալ Ջուղայեցին այնուհետև նշում է. «...յիշեցեք զբազում աշխատեալք ոսկոյ, զանտեսն մեր հարսն, որ բազում աշխատեալք կրեցի ի վերայ ոսկով։ Որ զոսկին զատոյ լուանայր եւ արկէր զմարմարն աղալով մինչեւ որ կատարեալ իցէ... Այլ

_______________________
1. Ա. Երեմյան, նշվ. աշխ., էջ 50։
_______________________

[էջ 42]

յիշեցէք յւսւագ տէրն սարկաւագն՝ որ կիսոյ մի թուխթ կոկեց եւ աշխատաւոր զինքն... Յիշեցէք ի Քրիստոս զխօջայ Ատրբէկն որ ստացաւ սուրբ Աւետարանս... ի յառաջի գրել տուողէն. նորոգեաց եւ զարդարեաց, եդ ի դուռն՝ սուրբ եկեղեցայց... յիշեցէք զխօջա Ծատուրն, որ ետ սուրբ Աւետարանիս չափով մի ատլաս... զԱլմիրն եւ որդին իւր Խոջաջանն որ ետուր սուրբ Աւետարանիս կողշորք մխսայ եւ թաւթայ... կոճակ մի»1։

XVI դ. վերջին՝ 1595 թ., Ջուղայում Խաչատուր Խիզանեցին իր գրչագրած ձեռագրի հիշատակարանում, խոսելով քաղաքի հռչակի ու նրա պատվարժան մարդկանց մասին, նշում է. «Եւ արդ եղեւ լրումն եւ աւարտ կատարման այս ածախօս տառիս ի մայրաքաղաքն Ջուղայ, որ է հանգիստ եւ պարծանք հայկազեան տոհմիս, եւ խնդրեմք ի յապէնիազ արարչէն, որ զայս շէնս ի շէն պահեալ է... եւս առաւել զայս ածաշէն քաղաքիս աղայ մարդիկ, որ եւս առաւել զպարոն մահտեսի Ստեփաննոսին, որ եբեր զանարժան Խաչատուր գրագիրս ի Խիզան քաղաքէն ի յայսմ ածաշէնս... ի յառաջնորդութեան սբ. աթոռոյս Նախավկային, տէր Շմաւոն արքեպսին, եւ տէր Մատթեոս արքեպսին եւ սոքայ սպասաւոր սբ. ուխտին, որ Ամենափրկիչ կոչի, եւ ի մելիքութեանն Ջուղայու պարոն Սուլթան վալու...»2։

Այնուհետև Ջուղայում ընդօրինակված և մեզ հասած ձեռագրերի մի ստվար մասը վերաբերում է 1601-1605 թթ.։ Այդ շրջանում գրչագրված Ավետարաններից մեկը, որ ունի մի շարք ոսկենկար ծաղկագրեր ու խորաններ, լուսանցազարդեր, Մարկոս և Մատթեոս ավետարանիչների պատկերները, գրչագրել է Մկրտիչ՝գրիչը 1603 թ. «Գրեցաւ սբ. Ավետարանս ի գեղաքաղաքս Ջուղայ, ի դուռն Ս. Գէորգեայ եկեղեցւոյն, թիւն ՌԾԲ (1603) եւյամսեանն մայիսի ԻԴ. (24), ի վայելումն եւ յիշատակ պարոն Խաչիկին, եւ իւր ծնողացն հօրն՝ Պետրոսին եւ որդոցն՝ Ստեփանի եւ ինձ մեղաւոր տէր Մկրտիչ գրիչիս, եւ իմ հաւրն Առայթեղէ»3։ Իսկ մեկ այլ ձեռագրի հիշատակարանում (Մ. Մաշտոցի անվան մատենադարան, N 8243), որը գրչագրել է Բարսեղ վարդապետը դարձյալ 1603 թ., ասված է. «Արդ` ես տրուպս ի կարգս բանասիրայ՝ Բարսեղ տկարիմաստ վարդապետս... գրեցի շնորհօք Աստուածոյ զսբ. Աւետարանի մեկնութիւնս ի գեղաքաղաքն Ջուղայ, ի յանապատն որ յանուն սբ. Յովաննու կայացեալ է... յիշեցէք ի մաքրափայլ յաղօթս ձեր... այլ և զաշակերտեալ որդեակն իմ զՅոհաննէս բանի սպասաւոր, որ ձեռնտու եղև մեզ ի

_______________________
1. Մայր ցուցակ հայերէն ձեռագրաց Եւրոպայի մասնաւոր Հավաքումներու, հտ. Ա, կազմեց` Արտաւազդ արքեպ. Սիւրմէեան, Փարիզ, 1950, էջ 83 — 84։
2. Երևանի մատենադարան, Մեսրոպ Տեր-Մովսիսյան Մագիստրոս, Մայր ցուցակ հայերեն ձեռագրաց (ձեռագիր), Հայսմավուրքներ, էջ 123։
3. Մատենադարան, Մագիստրոս, նշվ. աշխ., Ավետարաններ, 2-րդ թղթ., էջ 677։ Հայերեն ձեռագրերի ԺԷ դարի հիշատակարաններ, հտ. Ա, կազմեցին՝ Վ. Հակորյան, Ա. Հովհաննիսյան, Եր., 1974, էջ 104։
_______________________

[էջ 43]

սոյն թխթի կոկելովն և տետրի խազելով, և նման լիցի մասն յիշատակի սբ. գիրս...»1:

Մինչև բռնագաղթը Ջուղայի գրչատներում գրչագրված ու ծաղկված վերջին ձեռագիրը, առայժմ մեզ հայտնի ձեռագրերի թվում, 1605 թ. Ռստակես աբեղայի Հայսմավուրքն է, որի հիշատակարանում արձանագրված է. «Արդ` ես Ռըստակես աբեղայս միով ընկերեաւ գրեցի զԱյսմաւուրքս, յառաջեցի զգիրքս արացի ԺԳ (13) և յունվարի Ի (20) մինչև մարերի ԻԸ (28) և յունիս Դ (4) ի գեօղաքաղաքն Ջուղայ, ի դուռն Ս. Յովհաննէս Մկրտչին, և աստի մինչև վերջըն ի Շօշ քաղաքն կատարեցինք, որ է Սպահան»2: Ինչպես վկայում է նաև այս հիշատակարանը, Ջուղայի բռնագաղթը տեղի է ունեցել 1605 թ. հունիսից հետո։

Ինչպես վերևում նշվեց, Ջուղայի մշակութային կյանքի ու գրչարվեստի զարգացումը 1605 թ. տեղահանության պատճառով, կարճ ընդմիջումից հետո, կրկին թափ առավ Նոր Ջուղայում։ Այստեղ Հին Ջուղայի, Նախիջևանի, Ագուլիսի, Շոռոթի նկարչական հնավանդ դպրոցների ավանդույթների զարգացման հիման վրա ձևավորվեցին ու հռչակվեցին այնպիսի տաղանդավոր նկարիչներ, ինչպիսիք են Մինասը, Հովհաննես Մրքուզը, Բոգդան Սալթանովը և այլք, որոնց ստեղծագործությունների ու գործունեության ոլորտների մի ծայրը հասնում է մոսկովյան պալատներն ու արվեստանոցները։ Նոր Ջուղայում վերստին զարգացող մշակութային կյանքին զուգընթաց ավերված ու հրկիզված Ջուղայում 1605 թ. հետո էլ դարձյալ չի մարում ջուղայեցիների շրջանում այնքան հարգելի ու պատվելի համարվող գրչարվեստն ու գիրք, գրավոր խոսք ստեղծելու արհեստը։ Եվ երբեմնի մարդաշատ Ջուղա քաղաքի ավերակներում ծվարած, մոխրացած հայրենի օջախների ծուխը ծխացնող մի բուռ ջուղայեցիները մեծագույն սիրով ու եռանդով զբաղվում են հայ գրքի ու ձեռագրի գրչագրմամբ ու ծաղկելու արվեստով։ Բռնագաղթից հետո ձեռագրերից մեկը ընդօրինակվել է. «ի թւին ՌԿԹ (1620), յԱրիստակէս գրչէ, ի գիւղն Ջուղայ, ի դուռն սուրբ Յակոբայ և սուրբ Սարգսի...»3։ 1641 թ. Դիլաքենց Ծատուրը, Էրզրումից գնելով գերի ընկած մի ձեռագիր, նվիրել է այն ս. Գևորգ եկեղեցուն4: Իսկ 1645 թ. Մարգար դպիրը այստեղ ընդօրինակած ավետարանի հիշատակարանում նշում է. «Արդ գրեցաւ սուրբ Աւետարանս Յովհաննու ի թվականիս Հայոց ՌՂԴ (1645) ի գրչիս ձեռամբ դպիր Մարգարի, ի գեօղն Ջուղայ. ի խնդրոյ հաւատարիմ քրիստոնեայ Աղէ, որ է որդի Մելիք Աղէ՝ որ ստացաւ զսայ...»։ 770 էջից բաղկացած այս ձեռագիրը, որը զարդարված է 4 խորաններով ու ավետարանիչների

_______________________
1. ԺԷ դարի..., հտ. Ա, Եր., 1974, էջ 99։
2. ԺԷ դարի... հտ. Ա, Եր., 1974, էջ 184։
3. Մ. Սմբատյանց, նշվ., աշխ., էջ 145։
4. Ս. Տեր-Ավետիսյան, նշվ., աշխ., էջ 80։
_______________________

[էջ 44]

պատկերներով, լուսանցազարդերով ու այլևայլ մանրանկարներով, հետագայում ստացել է Ավետարանը ստացողի կինը «բարեմիտ ու աստուածասէր» Սապրիխանը։ Այդ մասին գրիչ Հակոբ քահանան ձեռագրի հիշատակարանում նշել է. «... գրեցաւ գիրս թուին ՌՃԼԵ (1683)»1։ 1683 թ., ըստ այս հիշատակարանի, առայժմ մեզ հայտնի ձեռագրերով սահմանափակվում են տեղեկությունները բուն Ջուղայի գրչօջախի վերաբերյալ։

Այսպիսով Ջուղայի գրչօջախը, գործելով XII-XVII դդ., իր ստեղծած բազմաթիվ ձեռագրերով, անձնուրաց աշխատասիրությամբ օժտված հարյուրավոր գրիչներով ու մանրանկարիչներով, ծաղկողներով իր հայրենանվեր ու համեստ ավանդն է ներդրել հայ գրի ու գրչության, պատմության, մանրանկարչության ու մշակույթի զարգացման ու պահպանման ասպարեզում։

_______________________
1. Մայր ցուցակ հայերէն ձեռագրաց Եւրոպայի մասնաւոր Հաւաքումներու, հտ. Ա, կազմեց Արտաւազդ արքեպ. Սիւրմէեան, Փարիզ, 1950, էջ 14, 33։

 

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր՝ Արգամ Այվազյան — «Ջուղա»
«Սովետական գրող» հրատարակչություն, Երևան 1984 թ.

Տրամադրել է՝ Միքայել Յալանուզյան

Տես նաև
Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice