ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian
Արգամ Այվազյան

ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԻՍՍՀ ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ


Բովանդակություն | Քարտեզ | Կազմ, տիտղոսաթերթ | Նախագիտելիք
Բնակավայրեր | Գողթն գավառ | Երնջակ գավառ | Նախճավան գավառ
 Շարուր գավառ | Ճահուկ գավառ | Հավելված | Օգտագործված գրականություն

Լուսանկարներ` 1-20 | 21-40 | 41-63

Բովանդակություն (ինչպես գրքում) | Վերջնատիտղոս


[Էջ 3]

ՆԱԽԱԳԻՏԵԼԻՔ

Հայտնի ճշմարտություն է, որ ամեն մի ժողովրդի պատմության ու մշակույթի, հնագիտական ու ճարտարապետական հուշարձանները նրա բնութագրի ամենավավերական վկայություններն են, նրա անցած ուղու, ունակությունների, կարողությունների, մանավանդ համամարդկային մշակութային գանձարանին մատուցած նրա ծառայության գրավականները։ Հայ ժողովուրդը դարեր շարունակ իր նախնիների ստեղծած նյութական ու հոգևոր մշակույթի ամեն մի հուշարձանը տահպանել է որպես սրբություն, ազգային հպարտության ու հոգատարության առարկա։ Ահա և մեր հուշարձանների մեծ մասը արհավիրքների ու թշնամիների ավերածություններից փրկվելով, հոգատարությամբ նորոգվելով` դիմացել է, հասել մեր օրերը և դեռ պետք է ժառանգվի սերունդներին։

Հայ ժողովրդի ստեղծած քարակերտ ժառանգության ուսումնասիրությունն, ինչպես սովետական, այնպես էլ արտասահմանյան հայագետների ու գիտական հիմնարկների կողմից օրըստօրե աննախընթաց ծավալ է ստանում։ Միայն պետք է ափսոսալ, որ մեր ստեղծած բազմադարյա այդ ամենահարուստ ժառանգության հետազոտությունը մինչև այժմ կատարվել է հատվածաբար, ըստ տիպերի ու բնույթի կամ էլ ըստ տեղավայրերի։ Ըստ երևույթին դրա պատճառներից մեկն էլ այն է, որ մինչև օրս հայտնի չեն մեր օրերը հասած բազմահազար կանգուն և ավերակ պատմաճարտարապետական հուշարձաններն իրենց ամբողջությամբ, նկարագրական, տեղագրական ու վիճակագրական տվյալներով։ Այդ բացը լրացնելու համար, մեր կարծիքով, նախ և առաջ առաջնակարգ ու հրատապ հարց է հուշարձանների հաշվառումը, դրանց գիտական ու համահավաք ցուցակներ կազմելը և հրատարակելը։ Միայն դրանից հետո հնարավոր կլինի լիակատար կերպով պետական հսկողության ու պահպանման տակ առնել, ուսումնասիրել ու վերականգնել հուշարձաններն ու հուշարձանախմբերը։ Իսկ

[Էջ 4]

դա հուշում է համաժողովրդական մեծ ուշադրությունը, պատմամշակութային հուշարձանների վերաբերյալ վերջին տարիներին ՍՍՀՍ՝ գերագույն սովետի և Մինիստրների խորհրդի ընդունած հանրահայտ օրենքներն ու որոշումները։

Անցյալի հուշարձանների ու արժեքների պահպանումը մեր երկրում պետական ու կառավարական, համաժոդովրդական գործ է։ Այդ առումով էլ ավելի է մեծանում հուշարձանների գիտական ու մասնագիտական, համակողմանի ուսումնասիրման, վերականգնման և ժամանակակից մարդու էսթետիկական դաստիարակությանն ի նպաստ օգտագործելու անհրաժեշտությունը։ Հրատարակվող աշխատությունը հենց այդ ուղղությամբ տարվող աշխատանքներից մեկն է և, մատենագիտական ու աղբյուրագիտական ուղենիշի դեր ունենալով հանդերձ, կդաոնա նաև մեր ժողովրդի մի հատվածի ստեղծած մշակութային ժառանգության վկայագիրը։ Այն իր ընդգրկումով ու նկարագրությամբ Նախիջևանի ԻՍՍՀ տարածքի հուշարձանների առաջին գիտական ցուցակ—փաստաթուղթն է և կարևոր նշանակություն կունենա նկարագրվող հուշարձանների հետագա ուսումնասիրության գործում, կդյուրացնի մասնագետների, Նախիջևանի ճարտարապետական, հնագիտական, պատմական ժառանգությամբ զբաղվողների և այդ ժառանգության պահպանությամբ շահագրգռված կազմակերպությունների աշխատանքները։

Հնադարյան բազմաբնույթ մշակույթով ու պատմաճարտարապետական հուշարձաններով հարուստ մի անկյուն է պատմական Հայաստանի Նախիջևան նահանգը։ Նրա պատմական գավառների՝ Գողթնի (այժմ Օրդուբադի շրջան), Երնջակի (այժմ Զուլֆայի շրջան), Նախճավանի (այժմ Նախիջևանի), Ճահուկ—Շահապոնքի (այժմ Շահբուզի շրջան և Նախիջևանի շրջանի մի մասը) և Շարուրի (այժմ Իլյիչի շրջան) բնակչությունը պատմական դառն ու դժնի ժամանակներում, մաքառումներին ու հարատևելուն զուգընթաց կերտել ու սերունդներին է ավանդել քարակերտ տարեգրության մի այնպիսի հարուստ ժառանգություն, որը թե՛ իր պատկառելի քանակով և թե՛ իր գաղափարական ու գեղարվեստական մակարդակով չի զիջում մեր պատմական հայրենիքի մյուս նահանգներում ու գավառներում ստեղծվածներին։ Հայտնաբերված նյութական մշակույթի մի շարք մնացորդները (Նավասարի ժայռապատկերները, Քյուլ Թափա, Կարմիր վանք, Շորթափա, Շանթախտ, Նախիջևան և այլ հնավայրերից, Արբա, Երնջակ, Ճահուկ, Գիրան, Ազատ և այլ բերդերի պեղածոները) վկայում են, որ այստեղի բնիկները մ. թ. ա. III հազարամյակից արդեն վարում էին նստակյաց կյանք և զբաղվում անասնապահությամբ ու հողագործությամբ։

Նախիջևանի գավառների մեր օրերը հասած մշակութային ժառանգությունը, կանգուն, կիսավեր թե ավերակ վիճակում պերճախոս ու ամենահավաստի վկայութունն է այն մասին, թե անցյալ հազարամյակներում ինչպես

[Էջ 5]

է ապրել իրեն ստեղծող ժողովուրդը, ինչ ճակատագիր է ունեցել, ինչպես է դիմակայել իրեն պարտադրված աղետներին ու տառապանքներին։ Բազմազան են այդ ժառանգության հուշարձանները՝ հնագիտական նյութեր, աշխարհիկ ու հոգևոր շինություններ, ավաններ ու դաստակերտներ... Եվ ամեն մի հուշարձանի ճակատին, շինվածքների որմերին, կործանման ենթարկված գերեզմանատների տապանաքարերի ու խաչքարերի վրա՝ ժողովրդի ու երկրի հազարամյակների պատմության, պայքարի ու տքնության դաջվածք դրոշմներ, մեսրոպատառ վիմագրեր, որմնաքանդակներ, զարդաքանդակներ, բարեխոսության աղերսանք ու անեծք, հուշ ու հիշատակ...

Մ. թ. ա. III—I հազարամյակների աչքի ընկնող բնակատեղիներով ու բերդաքաղաքներով, դամբարանադաշտերով և հուշարձաններով է սկսվում Նախիջևանի ճարտարապետական ժառանգությունը, որն աստիճանաբար զարգացել է հեթանոսության և հատկապես քրիստոնեության շրջանում։ Հայաստանում IV դ. սկզբին քրիստոնեությունը պետական կրոն հռչակվելուց անմիջապես հետո Նախիջևանի գավառներում եկեղեցաշինությունը աննախադեպ տարածում է գտնում, որն էլ իր զարգացումն է ապրում X—XVIII դարերում։ Այդ ժամանակաշրջանում հիմնադրված եկեղեցիներից ու վանական համալիրներից շատերը, ինչպես օրինակ Ագուլիսի ս. Թովմա, ս. Քրիստափոր, Աստապատի ս. Ստեփանոս կամ Կարմիր վանք, ս. Վարդան, Ցղնայի ս. Աստվածածին, Բիստի ս. Նշան կամ Կոփատափ, Փառակայի ս. Հակոբ—Հայրապետ, Ջուղայի Ամենափրկիչ, Աբրակունիսի ս. Կարապետ, Շոռոթի ս. Հակոբ-Հայրապետ, ս. Լուսավորիչ, Քռնայի ս. Աստվածածին, Նախիջևանի ս. Սարգիս, Կույքի ս. Նշան կամ Հազարաբյուրաց Օծոփի ս. Աստվածածին և շատ ու շատ այլ վանքերն ու եկեղեցիները միջնադարյան ուսումնական ու գիտական նշանավոր կենտրոններ են եղել։ Վերջիններիս շուրջը համախմբված հոգևոր գործիչներն ու ուսումնավարտները կարևոր ներդրումներ են կատարել հայ մշակույթի ու գիտության բնագավառում, ստեղծել ու սերունդներին են ավանդել բազմաբնույթ արժեքներ։ Սակայն դարերն ու թշնամական ավերածությունները, օտարամուտ բանակները Նախիջևանի տարածքում բազում անգամներ հազարավոր հուշարձաններ են ավերել, հողին հավասարեցրել։ Օրինակ, XIII դ. նշանավոր ֆրանսիացի ճանապարհորդներից մեկի վկայությամբ1 այս երկրամասում VII-XII դդ. կառուցված 800 հայկական եկեղեցիներն ու վանքերը ավերվել են մինչև XIII դ.։ Սակայն կերտելու և ստեղծելու համար ծնված, շինարար ու լուսավորության ձգտող ժողովուրդը ամեն անգամ նվիրումով վերակառուցել է ավերվածը, կառուցել նորերը, վերստին շենացրել է հայրենի երկիրը։ Վերջին դարերում

_______________________
1. Հ. Հակոբյան, Ուղեգրություններ, հատ. Ա, Եր., 1932, էջ 16։
_______________________

[Էջ 6]

շինարարական աշխատանքների համար նպաստավոր պայմաններ ստեղծվեցին միայն XVII դարում, երբ 1639 թ. Հայաստանի տարածքը պատերազմական թատերաբեմի վերածած Պարսկաստանի և Թուրքիայի միջև կնքվեց հաշտության պայմանագիր։ Մոտ ութ տասնամյակ տևած այս շրջանում էլ մեծամասամբ վերականգնվել են Նախիջևանի ավերված հուշարձանները, ինչպես նաև կառուցվել են նորերը։ Շինարարական աշխատանքների այդօրինակ նպաստավոր պայմաններ ստեղծվեցին նաև XIX դ. առաջին կեսերին, երբ Նախիջևանն իր գավառներով, Հայաստանի մյուս գավաոների հետ միասին, միացվեց Ռուսաստանին։ Այդ ժամանակ ևս, մինչև 1910-ական թվականները, նկատելի աշխատանքներ են կատարվել մի շարք հուշարձանների վերականգնման ու պահպանության, նորերի կաոուցման ուղղությամբ։

Թեև գտնում ենք, որ ավելորդ է Նախիջևանի հայկական հուշարձանների կորստի չափի ու քանակի մասին վկայակոչել գոյություն ունեցող բազմաթիվ հեղինակավոր ու վստահելի աղբյուրներ, հարկ ենք համարում ընդգծելու, որ մխիթարական չէ նաև այդ հուշարձանների այսօրվա վիճակը։ Ամբողջ երկրամասի շատ ու շատ բնակավայրերում և նրանց մերձակայքում դեռևս չարագործ ձեռքերը ավերակների են վերածում հուշարձաններն ու հուշարձանախմբերը, տեղահան են անում կամ կոտրում, ձորերն ի վար են գլորում խաչքարերն ու տապանաքարերը, զանազան հնագիտական բեկորները, անտարբերություն են ցուցաբերում պետական օրենքով պահպանվող ու գնահատվող հուշարձանների նկատմամբ։

Այս հրատարակության նպատակն է ի մի հավաքած և որոշակի համակարգով արձանագրել Նախիջևանի ԻՍՍՀ տարածքում գտնվող մ. թ. ա. III հազարամյակի հուշարձաններից մինչև XX դ. կառուցված և մեր օրերը հասած կանգուն և ավերակ հայկական պատմաճարտարապետական, հնագիտական հուշարձանները, գիտական ու պատմական աղբյուրների համադրությամբ, ամփոփ ձևով նկարագրել դրանց ներկա վիճակը, ինչպես նաև ուշադրության հրավիրել այդ ժառանգության գիտական ուսումնասիրման և ըստ ամենայնի պահպանման գործի վրա։ Պատմության և մշակույթի հուշարձանների ուսումնասիրողների առաջ ծագող տարաբնույթ հարցերին պատասխանելու նպատակով, ինչպես նաև տարբեր դարաշրջանների հուշարձանները հնարավորին չափ լիարժեք ներկայացնելու համար աշխատել ենք մեր կազմած հարցերին ի պատասխան ներկայացնել աղբյուրագիտական ու վիճակագրական ամենաանհրաժեշտ տեղեկություններն ու փաստերը։ Մի հանգամանք, որը համապատասխանում է ինչպես գիտական աշխատանքների ժամանակակից պահանջներին, այնպես էլ բավարարում է մեր միության մեջ ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի 1948 թ. հոկտեմբերի 14-ի N 3898 որոշմամբ ՍՍՀՄ Մինիստրների խորհրդին առընթեր ճարտարապետական գործերի կո-

[Էջ 7]

միտեի 1949 թ. ապրիլի 8-ի1, ՍՍՀՄ Կուլտուրայի մինիստրության 1972 թ. մարտի 27-ի N 153 հրամաններով նախատեսված հուշարձանների հաշվառման, անձնագրավորման և հաշվառման քարտերը կազմելու ու լրացնելու հրահանգներին, ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի 1982 թ. սեպտեմբերի 16-ի N 865 «Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանման ու օգտագործելու մասին» օրենքի հարցադրումներին։

Հուշարձանների ցուցակը կազմելու և դրանց նկարագրությունների շարադրման հիմնական ելակետը հուշարձաններն են՝ իրենց կանգուն ու կիսականգուն, կիսախաթար, ավերակ և արդեն քայքայված, կործանման և անհետացման ենթակա վիճակներով։ Այդ առթիվ վերջին 10—12 տարիների ընթացքում հրատարակել ենք «Նախիջևանի պատմաճարտարապետական հուշարձանները» (1978), «Памятники армянский архитектуры Нахичеванской АССР» (1981), «Ագուլիս», «Ջուղա» (1984) գրքերը և շուրջ 40 գիտական հոդվածներ։ Հարցակարգերի պատասխանների համար հիմք են հանդիսացել նաև հուշարձաններից ու դրանց մերձակայքերից, գերեզմանատներից մեր հավաքած վիմագրերը, որոնց մի չնչին մասն ենք դեռևս հրատարակել։ Աղբյուր են հանդիսացել նաև ձեռագրական նյութերն ու պատմական տեղեկությունները, հրատարակված զանազան աշխատություններում տեղ գտած հիշատակումներն ու այլ տվյալները։ Աշխատանքի վերջում թվարկված հիմնական գրականությունից բացի հուշարձաններին վերաբերվող զանազան հարցերը մշակելու համար օգտվել ենք նաև Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանի ձեռագրերի հավաքածուներից, հրատարակված և անտիպ մի շարք ձեռագիր ցուցակներից, մամուլից, գիտական հանդեսներից, առանձին ժողովածուներից ու հետազոտություններից, ինչպես նաև առանձին անհատների մոտ եղած XIX—XX դդ. լուսանկարներից և այլ նյութերից։ Այնուամենայնիվ, մի շարք հուշարձանների արդեն ավերված ու քայքայված վիճակները և առ այսօր նրանց չուսումնասիրված-չարձանագրված լինելն ու այլ հանգամանքները, հակառակ մեր պրպտումների, անհնար են դարձրել սպառիչ պատասխաններ տալու հարցակարգի բոլոր հարցերին։ Այդ իսկ պատճառով հարցերի պատասխաններում տեղ են գտել «անհայտ» բառը, իսկ պատմական ու ձեռագրական աղբյուրներում հիշատակվող այն հուշարձանները, որոնց վերաբերյալ բացակայում է անհրաժեշտ տեղեկություններ, ըստ գավառների և այբբենական կարգով խմբավորել ենք «հավելված» բաժնում։

_______________________
1. Инструкция о порядке учета, регистрации содержания и реставрации памятникож архитектуры, М., 1949.
2. Инструкция по заполнению паспорта и учетной карточки на памятники истории и культуры СССР. М., 1972.
_______________________

[Էջ 8]

Հուշարձանների նկարագրությունների միօրինակությունը պահպանելու համար հիմնական հարցակարգը կազմել ենք հետևյալ կառուցվածքով և տարրերով, որոնք ընդգրկում են հուշարձաններին վերաբերող գրեթե բոլոր հարցերը.

1. N-ը
2. Անվանումը
3. Ժամանակը
4. Տեղը
5. Ճարտարապետը
6. Պատվիրատուն, մեկենասը
7. Հորինվածքը
8. Շինանյութը
9. Վերանորոգումներ
10. Մուտքը
11. Աբսիդը
12. Մույթերը
13. Ավանդատները
14. Գմբեթը
15. Արձանագրություններ
16. Որմնանկարներ
17. Պատկերաքանդակներ
18. Զարդաքանդակներ
19. Շրջակայքը
20. Վիճակը

Այս հիմնական հարցակարգի հարցերից բացի.

ա) գյուղատեղիների և քաղաքատեղիների համար հարցակարգում օգտագործել ենք «տարածքը»,

բ) գերեզմանատների համար՝ «տապանաքարերի թիվը», «տապանաքարերի տեսակը», «արձանագիր տապանաքարերի թիվը»,

գ) հնագիտական հուշարձանների համար՝ «բնույթը»,

դ) ժողովրդական տների համար՝ «աչքի ընկնող տների թիվը»,

ե) բերդերի համար՝ «միջնաբերդը» և այլ հարցեր, որոնց նպատակն է հնարավորին չափ սպառիչ նկարագրել տվյալ հուշարձանը։

Հարցակարգի բոլոր հարցերը շարվածքում ընդգծված և տրված են երեք բաժիններով՝ ա—թվահամարը, բ—անվանումը, գ—3—20 հարցերը, որոնք սկսում են նոր տողերից։ Մարդկանց տեղանվանական մականունները (օրինակ, Մաղաքիա Ղրիմեցի), ինչպես նաև անուններին նախորդող մականուններն ու կոչումները (օրինակ, Աղա Շաին) տրված են մեծատաոերով։

ՀԱՐՑԱԿԱՐԳԻ ԿԱՋՄԵԼՌԻ ՍԿԶՌՈԻՆՔՆԵՐԸ

1. Թվահամարը. բոլոր հուշարձանները նկարագրված են ըստ բնակավայրերի և յուրաքանչյուրին տրված է հերթական համար («հավելվածում» խմբավորված հուշարձաններին տրված է նոր թվահամար)։

2. Անվանումը, նկարագրություններն սկսվում են տեղանուններով, ուր գտնվում են հուշարձանները։ Տեղանուններն, ինչպես նաև հուշարձանների

[Էջ 9]

անվանումները տրված են ըստ պատմագիտական, ձեռագրական ու վիմագրական աղբյուրների, կամ ինչպես հայտնի են ժողովրդին։ Առանձին տեղանունների վերանվանակոչված ձևերը վերցված են փակագծերի մեջ։

3. Ժամանակը. գրավոր և գիտական աղբյուրներով ճշտված հուշարձանները տրված են կոնկրետ տարեթվերով, իսկ տարեթվի անստույգ լինելու դեպքերում՝ դարանիշներով։ Ավերակ կամ արդեն քայքայված հուշարձանների ժամանակը որոշելիս, աղբյուրագիտական նյութի բացակայության դեպքում, ելակետ է վերցված հուշարձանի վիճակի ընձեռած հնարավորությունը կամ էլ օգտագործված է «անհայտ» տերմինը։

4. Տեղը. աշխատել ենք հուշարձաններին հնարավորին չափ կոնկրետ տեղադրում տալ։ Այդ իսկ պատճառով գրականությանն անհայտ կամ աննշան տեղեկություններով հուշարձանների տեղադրությունը տվել ենք առավել հայտնի գյուղերի, ճանապարհների ու գետերի, լեռների, հուշարձանների և այլնի համադրությամբ։

5. Ճարտարապետը. պատմական ու վիմագիր աղբյուրներով ճշտված են հուշարձանների հիմնադիր կամ վերանորոգող ճարտարապետների ու կառուցող վարպետների անունները։ Նման աղբյուրների և հիշատակությունների բացակայության դեպքում նշված է «անհայտ» բաոը։ Մատուռների և այլ փոքր հուշաձանների համար այս հարցը չի նախատեսված։

6. Պատվիրատուն, մեկենասը. կազմված է նախորդ հարցի սկզբունքներով։

7. Հորինվածքը. արդեն ավերակ և քայքայված հուշարձանների հորինվածքները որոշելիս ելակետ է ընդունվել հուշարձանների արդի վիճակի ընձեռած հնարավորությունը և գրավոր աղբյուրներում եղած տեղեկությունները։

8. Շինանյութը. այստեղ ներկայացվում են տեղեկություններ հուշարձանի հիմնական և օժանդակ շինանյութերի մասին։

9. Վերանորոգումներ. պատմական աղբյուրներով ու վիմագիր տվյալներով նշված են հուշարձանների վերանորոգումների ինչպես կոնկրետ տարեթվերը, այնպես էլ դարերը։ Առանձին հուշարձանների վերանորոգումների հարցերը որոշված են ըստ հուշարձանի, իսկ մինչև հիմնաշարերն արդեն ավերակ հուշարձանների համար օգտագործված է «անհայտ» բառը։

10. Մուտքը. նշված է, թե որ ճակատում է գտնվում։

11. Աբսիդը. նշված է ըստ կառուցվածքի (կիսաշրջանաձև, բազմանիստ)։ Ավերված հուշարձանների աբսիդների հորինվածքները որոշվել են ըստ ավերակների ընձեռած հնարավորության և գրավոր աղբյուրնեի տեղեկությունների։

12. Մույթերը. տրված են ըստ կտրվածքների։ Քայքայված ու փլատակների վերածված հուշարձանների համար, որոնց վիճակը թույլ չի տվել ճշտե-

[Էջ 10]

լու մույթերի կտրվածքները, օգտագործված է «անհայտ» բառը։

13. Ավանդատները. թվարկված են ըստ քանակի, թաքստոցներով, երկհարկ տարրերով։

14. Գմբեթը. նկարագրված է ըստ հորինվածքի (շրջանաձև, բազմանիստ), նշված է շինանյութը։ Ավերված գմբեթների նկարագրությունը լրացրել ենք ըստ աղբյուրներում եղած տեղեկությունների ու լուսանկարների։ Նման աղբյուրների բացակայության դեպքում օգտագործել ենք «անհայտ» բառը։

15. Արձանագրություններ. նշված է թե հուշարձանի որ մասերում են գտնվում։ Հաշվի չեն առնված վիմագրերի քանակն ու դարաշրջանները։ Առանձին հուշարձանների վրա եղած և գրականության մեջ հայտնի, բայց այժմ արդեն տեղահան արված վիմագրերի առթիվ նշել ենք տեղում չլինելու հանգամանքը։ Մի շարք հուշարձանների համար, որոնք ավերակների են վերածվել և հայտնի չէ դրանց վիմագրություններ ունենալու կամ չունենալու հարցերը, օգտագործված է «անհայտ» բառը։

16. Որմնանկարներ. հարցի նկարագրությամբ արձանագրված են հուշարձանի ներքին տարածքում եղած որմնանկարների առկայությունը (կամ բացակայությունը), վիճակը, ինչպես նաև նշել ենք դարաշրջանն ու կատարող որմնանկարիչների անունները։ Ավերված հուշարձանների համար օգտագործված է «անհայտ» բառը։ Այս հարցը չի նախատեսված մատուռների, քարավանատների և այլ կարգի հուշարձանների համար, որոնք սովորաբար որմնանկարված չեն լինում։

17. Պատկերաքանդակներ. թվարկված են, թե հուշարձանի որ ճակատում են գտնվում։ Այստեղ հաշվի չեն առնված պատկերաքանդակների քանակն ու դարաշրջանները, բնույթը։ Արդեն քայքայված հուշարձանների համար, որոնց պատկերաքանդակներ ունենալու կամ չունենալու մասին տեղեկություններ հայտնի չեն, հարցի պատասխանը լրացրել ենք «անհայտ» բառով։ Հուշարձանների վրա եղած, բայց այժմ տեղահան արված պատկերաքանդակների մասին նշված են տեղում չլինելու հանգամանքը։ Հարցը չի նախատեսնված այն հուշարձանների համար, որոնք սովորաբար նման տարրեր չունեն։

18. Զարդաքանդակներ. լրացված է նախորդ հարցի սկզբունքով։

19. Շրջակայքում. այս հարցի պատասխանում նկարագրված են համալիրների մեջ եղած շինություններն ու հուշարձանները, նրանց վիճակի նկարագրությունները։ Հուշարձանների շրջակայքում եղած, բայց այժմ ավերակ կամ իսպառ քայքայված շինությունների հորինվածքներն ու բնույթը տվել ենք ավերակների և գրավոր աղբյուրների տվյալներով։ Ելակետ համարվող ավերակների հետքերի և գրավոր աղբյուրների բացակայության դեպքում օգտագործել ենք «անհայտ» բառը։

[Էջ 11]

20. Վիճակը. սովորաբար օգտագործված են «կանգուն», «կիսախաթար», «կիսակործան», «ավերակ», «քայքայված» տերմինները։ Միաժամանակ և կոնկրետ կերպով նշված են հուշարձանների վնասվածության տեղերը և ավերակ վիճակի նկարագրությունը։ Գերեզմանատների համար նշված են տապանաքարերի և դրանց արձանագրությունների պահպանվածության, տեղահան արվածների և անհետացածների մասին տեղեկություններ։ Բացառված չէ, որ ցուցակում տեղ գտած առանձին հուշարձաններ, մինչև սույն աշխատանքի տպագրվելը կարող են իսպառ քայքայված լինեն կամ էլ ենթարկված զգալի փոփոխությունների:

Աշխատության մեջ ընդգրկված ու նկարագրված են 610 հուշարձաններ (100-ը՝ հավելվածում), և հնարավոր չէ այս ընդգրկումով սպառիչ պատասխաններ տալ մասնագիտական բոլոր հարցերին։ Այդ հուշարձաններից 200-ը վանքեր ու եկեղեցիներ են, 60-ը՝ մատուռներ ու սրբավայրեր, 26-ը՝ կամուրջներ, 34-ը՝ հնավայրեր ու դամբարանադաշտեր, 41-ը՝ բերդեր, 84-ը՝ գյուղատեղիներ ու քաղաքատեղիներ, 86-ը՝ շուրջ 22600—23000 տապանաքարերով գերեզմանատներ, 79-ը՝ այլ հուշարձաններ։

Այս թվերը դեռևս վերջնական չեն և չեն կարող սպառել Նախիջևանի տարածվում մինչև XX դ. ստեղծված հայկական հուշարձանների քանակը։ Մանավանդ որ Նախիջևանի գերեզմանատների տապանաքարերի թվում հաշվվում են 3800-3850 գեղաքանդակ խաչքարեր ու կենցաղային պատկերաքանդակներով, ինչպես նաև զգալի թվով քանդակազարդ խոյաձև տապանաքարեր, որոնցից յուրաքանչյուրը, ըստ օրենքի, դիտվում են որպես առանձին հուշարձան-միավոր։ Այդօրինակ հուշարձաններն այս ցուցակում առանձին-առանձին չներկայացնելու պատճառն այն է, որ դեռևս չենք վերծանել բոլոր խաչքարերի արձանագրությունները, մի բան, որ տևական աշխատանք է պահանջում։ Այդ իսկ պատճառով էլ ներկա ցուցակում տեղ են գտել աննշան թվով խաչքարեր, որոնք չեն մտնում հուշարձանների համալիրների ու գերեզմանատների մեջ։ Այսպիսով, եթե ընդհանրացնելու լինենք, ապա խաչքարերի ու պատկերաքանդակներով տապանաքարերի հետ միասին Նախիջևանի հայկական պատմաճարտարապետական, կոթողային և այլ հուշարձանների թիվը անցնում է 4500 միավոր հուշարձանից։

Նախիջևանի տարածքում հայկական հուշարձաններից բացի մի քանի բնակատեղերում պահպանվել են նաև XII—XIX դդ. մուսուլմանական՝ թվով 18—20 հուշարձաններ, որոնք հաշվառված են, գտնվում են բավականին լավ վիճակում։ Այդ հուշարձաններից կարևոր արժեքներ են ներկայացնում հատկապես Նախիջևան քաղաքում կառուցված Աթաբաբայի (1162 թ.), Մոմինա խաթունի (1186 թ.), Կարաբաղլարի (XII—XIII դդ.), Գուլիստանի (XIII—XIV դդ.), Խանաղայի (XIII դ.) դամբարանները, Օրդուբադի մզկիթը

[Էջ 12]

(XVIII դ.), Նախիջևանի Իմամզադե (XVIII դ.) հուշարձանը։ Վերջիններս հանգամանալից կերպով ուսումնասիրվել են, իսկ մի քանիսը վեըջին տասնամյակում վերականգնվել ու բարեկարգվել են։

Սույն աշխատանքը, որքան էլ բազմակողմանի ու երկարամյա տքնանքի արդյունք համարվի, հավակնություն չունի համարվելու լիակատար ու սպառիչ։ Նախիջևանի երկրամասի հայկական պատմամշակութային հուշարձանների մասին ամենաամբողջական գաղափար կկազմվի այն ժամանակ միայն, երբ յուրաքանչյուր անհրաժեշտ դեպքում հնարավոր լինի կատարելու հուշարձանների պեղման ու փլատակների մաքրման, նրանց վերականգնման աշխատանքները, և պատմաբանն ու հնագետը գործեն միասնաբար, գտնված պեղածո նյութերն ու արժեքները խնամքով ոաումնասիրվեն ու պահպանվեն։ Պետք է նկատի ունենալ նաև այն հանգամանքը, որ դեպքերի բերումով, հակառակ մեր ցանկությունների, կարող են ուշադրությունից դուրս մնացած լինեն, ինչպես նաև մեզ համար անմատչելի, սահմանափակ թվով առանձին հուշարձաններ։ Անհրաժեշտ ենք համարել առդիր հրատարակել նաև կարևոր հուշարձանների լուսանկարները, որոնք անձամբ կատարել ենք վերջին 5-6 տարիներին և որպես փաստացի ու ստուգիչ նյութեր, ընթերցողին օգնում են հուշարձանների մասին ամբողջական գաղափար կազմելու, ինչպես նաև պատկերավոր ու ակնահաճ են դարձնում աշխատանքը։ Բացի այդ գրքի պահպանակի վրա տեղադրված և որպես ներդիր հրատարակվող «Նախիջևանի ԻՍՍՀ պատմության և մշակույթի հիմնական հուշարձանները» գրաֆիկորեն ձևավորված քարտեզը ամբողջացնում են Նախիջևանի հուշարձանների ըստ տեղավայրերի տեղաբաշխվածության պատկերը։

Պատմական Հայաստանի Նախիջևանի երկրամասի հուշարձաններին նվիրված այս համահավաք ցուցակի հրատարակումը սիրով իրականացնելու համար մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում ՀՍՍՀ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության ընկերության ղեկավարությանը։

Մարտ, 1980 թ.

Ա. Ա. ԱՅՎԱԶՅԱՆ

 

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր՝ Արգամ Այվազյան — Նախիջևանի ԻՍՍՀ հայկական հուշարձանները (համահավաք ցուցակ)
Երևան, «Հայաստան» 1986թ.

Տրամադրել է՝ Միքայել Յալանուզյան

Տես նաև
Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice