«ԱՐԵՎ» – ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԵՔԻԱԹՆԵՐ
Բովանդակություն Առաջաբան 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64
29. ԱՆԴԱՐԴ ՄԱՐԴ ՉԿԱ
Բովանդակություն Առաջաբան 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64
Մի որբեվերի կնիկ ա լինում։ Սրան ունենում ա մինուճար մի տղա։ Մերը էս տղին աչքի լուսից ավելի ա սիրում։ Տանջվում, չարչարվում, քարին ա քսվում, մինչև տղին մեծացնում մի ջիվան, մի շատ խելոք տղա ա դարձնում։
Տղեն էլ մորն ա շատ սիրելիս լինում, պատվում, նրա խոսքը միշտ կատարում։ Ամա դե, էրկու երանի մի տեղ չի լինի։ Ո՞նց ա պատահում, ո՞նց չի պատահում, աստծու դատաստանը ո՞վ կիմանա, էս տղեն շատ ծանդր հիվանդանում ա։ Ինչ անում են, չեն անում, դրան դեղ ու դարման չի լինում։ Քանի գնում, ավելի ա վատանում, մահվան դուռն ա հասնում։
Հիվանդը չի հիվանդ, հիվանդի տերն ա հիվանդ։
— Տեր աստված,— մղկտում ա մերը,— դու ի՞նչ տեսակ աստված ես, բա ո՞ւր ա քու արդարությունը, բա դու խի՞ չես իմ հոգին առնում, բա դու ո՞նց ես հոժար կենում, որ որդին մոր առաջին մեռնի։
Տղեն վեր ա ունում մոր ձեռը բերնին դնում պաչում.
— Ականջդ մոտկացրու ինձ,— ասում ա,— բան ունեմ ասելու։ Ես, էս ա, մեռնում եմ,— ասում ա,— վերջին կամքս եմ հայտնում։ Երդում կեր,— ասում ա,— որ իմ կամքը կկատարես։ Մեռլահացիս սուփրին,— ասում ա,— էն մարդկանց կնստեցնես, որ ոչ մի դարդ չունեն, ցավ չունեն, սրտումը յարա չունեն։
Ասում ա ու մոր ձեռին շունչը տալիս, հանգչում։ Տղեն մեռնում ա. ազգականով, բարեկամով, հարևանով տանում են թաղում, ետ գալիս մեռելատուն, որ ինչպես կարգն ա, հաց ուտեն, օղորմաթաս խմեն։
Նստում են, տեղավորվում։ Էստեղ մերը վեր ա կենում, թե`
— Այ ժողովուրդ,— ասում ա,— ինչ որ ասելու եմ, լսեք, չնեղանաք։ Իմ որդու վերջին կամքն էր, որ էս մեռլահացի սուփրին էն մարդը նստի, ով ոչ մի դարդ չունի, ոչ մի ցավ չունի, սրտումը յարա չունի։
Մերը էս խոսքը որ ասում ա, բոլորը իրար ետևից դուրս են գալիս տանից։ Մի մարդ էլա չի մնում։
Էս խեղճ սգվոր կնիկը մին շշկլվում ա, իրան կորցնում, մին էլ հանկարծ ընկնում ա գնացածների ետևից, զոռով տուն բերում։
— Ետ էկեք, բոլորդ էլ ետ էկեք,— ասում ա,— ես նոր գլխի ընկա,— ասում ա,— որ իմ որդին խնայել ա ինձ, չի ուզեցել, որ սիրտս դարդիցը պատռվի, իրա վերջին կամքովը ուզեցել ա հասկացնի ինձ, որ աշխարքիս էրեսին անցավ, անդարդ մարդ չկա։
* * *
Դրուստ, որ էդպես ա, չկա։ Ամա ամեն որդի կորցրած մեր չի կարենում դիմանալ դարդին։
Էստեղ ձեռքը բարձրացրեց ու խոսք խնդրեց մեր տան ամենափոքր թոռը, որ համ շատ էր սիրում տատի ու պապի հեքիաթները, համ էլ շատ գրքի սեր ուներ։
— Տատի,— ասեց մեր հոկտեմբերիկ թոռը,— հիմի ոնց որ դու ես ասում, սազական կլի՞, որ ես կարդամ էն, որ քեզ համար կարդացի։
— Կարդա, բալիկ ջան, սազական կլի։
— Ուրեմն թոռդ էնքան առաջացել ա, որ կարդում ա քեզ համա՞ր։
— Այ, տնաշեն,— ասեց տատս,— նա ո՞ւմ թոռն ա, որ չառաջանա։ Մամունակները փոխվել են։ Ես ու իմ ալևորը չորս էրեխու տեր էինք, որ նստացրին մեզ «կորչի անգրագիտությունը» մեծահասակների դասարանում։ Էս թոռս, որ աչքը բաց արեց, տունը լիքն էր գրող-կարդացողով։ Առաջին դասարանը, որ գնաց, արդեն վարժ կարդում էր։ Կարդա բալիկ ջան, կարդա։
Տղան վազեց բերեց գիրքը, բաց արեց, հանդիսավոր նայեց բոլորին, և բարձրաձայն, ինչպես դասարանում, կարդաց՝ Հովհաննես Թումանյան, Կենդանիների կյանքից՝ «Մայրը»։
Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում, երբ այս դեպքը պատահեց։ Եվ էս դեպքից հետո ես չեմ մոռանում էն գարնան իրիկունը։
Ծիծեռնակը բույն էր շինել մեր սրահի օճորքում։ Ամեն տարի աշնանը գնում էր, գարնանը ետ գալի, ու նրա բույնը միշտ կպած էր մեր սրահի օճորքին։
Եվ գարունն էր բացվում, և մեր սրտերն էին բացվում, հենց որ նա իր զվարթ ճիչռվ հայտնվում էր մեր գյուղում ու մեր կտուրի տակ։
Եվ ինչ քաղցր էր, երբ առավոտները նա ծլվլում էր մեր երդիկին, կամ երբ իրիկնապահերին իր ընկերների հետ շարվում էին մի երկար ձողի վրա ու «կարդում իրիկնաժամը»։
Եվ ահա նորից գարնան հետ վերադարձել էր իր բույնը։ Ձու էր ածել, ճուտ էր հանել, ու ամբողջ օրը ուրախ ճչալով թռչում, կերակուր էր բերում ճուտերին։
Էն իրիկունն էլ, որ ասում եմ, եկավ, կտցումը կերակուր բերավ ճուտերի համար։ Ճուտերը ճվճվալով դեղին կտուցները դուրս հանեցին բնից։
Էդ ժամանակ, ինչպես եղավ, նրանցից մինը, գուցե ամենից անզգույշը կամ ամենից սովածը, շտապեց, ավելի դուրս ձգվեց բնից ու ընկավ ներքև։
Մայրը ճչաց ու ցած թռավ ճուտի ետևից։ Բայց հենց էդ վայրկյանին, որտեղից որ էր, դուրս պրծավ մեր կատուն, ճուտն առավ ու փախավ։
— Փի՛շտ, փի՛շտ,— վեր թռանք ամենքս, իսկ ծիծեռնակը սուր ծղրտալով ընկավ կատվի ետևից՝ նրա շուրջը թրթռալով ու կտցահարելով, բայց չեղավ։ Կատուն մտավ ամբարի տակը։ Եվ այս ամենը այնպես արագ կատարվեց, որ անկարելի եղավ մի բան անել։
Ծիծեռնակը դեռ ծղրտալով պտտում էր ամբարի շուրջը, իսկ մենք՝ երեխաներս, մի-մի փայտ առած պտտում էինք ամբարի տակը, մինչև կատուն դուրս եկավ ու փախավ դունչը լիզելով։
Ծիծեռնակը դատարկ կատվին որ տեսավ, մի զիլ ծղրտաց ու թռավ, իջավ դիմացի ծառի ճյուղին։ Այնտեղ լուռ վեր եկավ։ Մին էլ տեսանք, հանկարծ ցած ընկավ մի քարի կտորի նման։ Վազեցինք, տեսանք՝ մեռած ընկած է ծառի տակին։
Մի գարնան իրիկուն էր, որ այս դեպքը պատահեց։ Շատ տարիներ են անցել, բայց ես չեմ մոռանում ոչ այս դեպքը, որ այն գարնան իրիկունը, երբ ես առաջին անգամ իմացա, որ ծիծեռնակի մայրն էլ մայր է ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը։
* * *
— Չելավ, չելավ,— ասեց պապս,— քանի գնացինք ավելի տխուր բաներ ասեցինք ու լսեցինք։ Ուրախ բան ասեք-լսեք, սրտալի ծիծաղեք։
Հարևանի դարդոտած կնիկը թե.
— Մարդի սիրտը ուրախ պիտի, որ բերանը ծիծաղի։
— Հրես ես ձեզ էնպեսը պատմեմ, որ ծիծաղելուց կշտանաք։
Բովանդակություն Առաջաբան 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64
Լրացուցիչ տեղեկություններ |
Աղբյուր՝ Երևան, «Սովետական գրող», 1980թ.: |
Տես նաև |