ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian

Կամսար Ավետիսյան,

ՀԱՅՐԵՆԱԳԻՏԱԿԱՆ ԷՏՅՈՒԴՆԵՐ


[էջ 99]

ԼՈՌԻ
(Գուգարաց աշխարհ)

Լոռին բնա-պատմական մարզ է, որը գրավում է Սովետական Հայաստանի հյուսիսային մասը։

Լոռին պատմական Հայաստանում մտնում էր Գուգարաց աշխարհի Տաշիր գավառի կազմի մեջ։ Նա Լոռի կոչվեց 10-րդ դարից, երբ Լոռի բերդաքաղաքը դարձավ Տաշիրի վարչաքաղաքակաւն կենտրոնը։ Նա կոչվել է նաև Լոռե։ Քաղաքի ավերակները գտնվում են Ստեփանավանից երեք կիլոմետր հարավ-արևելք, Ձորագետի բարձրադիր ձախ ափին։

Տաշիր գավառը, որը Գուգարքի չորրորդ գավառն էր, իր մեջ էր առնում այժմյան Ստեփանավանի, Կալինինպի և Թումանյանի շրջանները։

Գուգարքը կառավարողները կոչվում էին բդեշխներ, որը պահլավերեն բառացի նշանակում է տեղապահ կամ փոխարքա։

Լոռին իր բնությամբ գեղատեսիլ և ուրույն աշխարհ է։ Կախարդական է Լոռին իր վեհանիստ սարերով, գեղատեսիլ անտառներով, լեռնային զուլալ ջրերով, մեղմ ու բարերար կլիմայով։ Նրան շրջապատող լեռները կանաչազարդ

[էջ 100]

են, շատ մասերում անտառապատ։ Այդ լեռներն են Վիրահայոց, Ջավախքի (Կեչուտի) և Բազումի։

Միջին մասում Լոռին հարթ է, որտեղ բարձրությունը կազմում է 1400 մետր՝ ծովի մակարդակից։ Մոտավորապես Լոռվա արևելյան մասում է ընկած Լոռվա ձորը, որով հոսում է Դեբեդը, և որը Լոռին երկու մասի է բաժանում։ Ձախ կողմում է մնում Գուգարքի հիմնական հատվածը՝ Լոռվա սարահարթը, որտեղ գտնվում է Ստեփանավանը, իսկ աջ կողմում՝ խոր ձորեր ու կիրճեր, ինչպես նաև անտաոապատ լեռներ։ Աջ կողմում են գտնվում նաև Հաղպատն ու Սանահինը, ինչպես նաև Դսեղը՝ Հովհաննես Թումանյանի հայրենի գյուղը։

Լոռվա նշանավոր ձորով է հոսում Դեբեդը, որը կազմվում է Փամբակ և Ձորագետ գետերի միացումից, որոնք իրար են խառնվում Թումանյան (Քոլագերան) կայարանի մոտ և ապա ստանում Դեբեդ անունը։

Ձորագետի վրա կառուցվեց Սովետական Հայաստանի անդրանիկ հիդրոկայաններից մեկը, որի հեղինակն էր անվանի ճարտարապետ Տեր-Աստվածատրյանը։ 1932 թվականին Սովետական Հայաստանի աշխատավորությունը նրա 12-րդ տարեդարձը նշանավորեց Դեբեդ գետի Ձորագետ վտակի վրա Ս. Տեր-Գաբրիելյանի անվան ՀԷԿ-ի գործարկումով։

Ձորագէսի էներգիան ոչ միայն տեղական արդյունաբերությանն է մատակարարում, այլ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերով միանում է Հայաստանի էներգահանգույցների հետ։ Հիդրոկայանից վերև կառուցված ջրամբարը կարգավորում է դեպի կայան հոսող ջուրը, որը մոտ երեք կիլոմետր անցնում է թունելով և ապա գահավիժում հզոր խողովակներով։ Սովետական Հայաստանի անվանի ճարտարապետը կառուցել է այնպես, որ փականը ավտոմատ կերպով է ջուր բաց թողնում, այսինքն՝ հավասարաչափ
Լոռվա սարահարթում բավական խիտ է գետային ցանցը։ Բացի Ձորագետից, այստեղ կայուն հոսքով հայտնի են նաև նրա Տաշիր, Գարգառ և մի շարք այլ վտակները։
Լոռվա բնության գեղեցկությունը լրացնում են փարթամ մարգագետինները և ալպյան արոտավայրերը։

[էջ 101]

«...Ամեն մի ձորից աղբյուր է հոսում,
Ամեն մի թփից բյուլբյուլ է խոսում,
Եվ դալար հովիտ և ժայռի կրծքեր
Արձագանք տալով գարուն են հնչում...»։

Լոռին Հայաստանի առաջնակարգ անասնապահական շրջանն է։ Անասնապահության զարգացման համար կարևոր բազա են հանդիսացել բնական հարուստ արոտավայրերը։ Լոռին շատ կարևոր գյուղատնտեսական շրջան է։ Հատկապես աչքի է ընկնում շվեյցարական պանրի տեսակներով, որով հայտնի են Կալինինոյի և Ստեփանավանի շրջանները։ Շվեյցարական պանիր ստացվում է միայն այստեղի կաթից, այն էլ գարնան և ամառվա ամիսներին, որովհետև շվեյցարական տանիր կարելի է պատրաստել միայն այնպիսի կաթից, որը հատուկ քիմիական բաղադրություն և կալիական աղերի բարենպաստ փոխհարաբերություն ունի։ Այսպիսի կաթ տալիս են Լոռվա հյուսիս-արևմտյան մարգագետինները՝ գարնան և ամառվա ամիսներին։ Գյուղատնտեսության մնացած բոլոր ճյուղերը այս կամ այն չափով ենթարկվում են այդ առաջատար ճյուղին։ Շրջանի արդյունաբերական զարգացումը հիմնականում ընթանում է կաթնամթերքների վերամշակման ուղղությամբ։

Մեծ դեր է խաղում նաև Լոռվա ցեղաբուծական պետական տնտեսությունը։ Այդ տնտեսությունը աճեցրել է կաթնատու անասունների նոր ցեղ, որը աչքի է ընկնում իր բարձր մթերատվությամբ։ Պետական տնտեսությունը ունի համամիութենական նշանակություն և նրա արտադրանքը տարածվում է հանրապետության սահմաններից դուրս։ Հացահատիկային կուլտուրաներն այստեղ, ինչպես նաև ամբողջ Հյուսիսային Հայաստանում համեմատաբար քիչ են տարածված, ցանքատարածությունների հիմնական մասը զբաղված է կերաբույսերով ու կարտոֆիլով։ Լոռին հայտնի է ոչ միայն իր բնության գեղեցկությամբ, այլև ընդերքի հարստություններով, որոնցից ամենից շատ հայտնի են՝ Ալավերդու պղինձը և Թումանյանի (Ձագի ձորի) հրակայուն կավը:

Լոռվա շրջանային նշանավոր կենտրոններն են Ստեփանավանը, Կալինինոն և Ալավերդին։ Ստեփանավանի և Կալինինոյի գյուղերից շատերը ռուսական են, դրա պատճառը

[էջ 102]

այն է, որ իր ժամանակին այստեղ գաղթեցվել են մոլոկաններ, ռուս աղանդավորներ, նրանք են եկել են Ռուսաստանից, որտեղ նրանց հետապնդում էին կրոնական նկատառումներով։ Նրանք ապրում են Կալինինո քաղաքատիպ ավանում, Կիրով, Կույբիշև, Պուշկինո և այլ գյուղերում։ Մոլոկանների ամենամեծ բնակավայրը Կալինինոն է։

Խճուղին Կալինինոն միացնում է Ստեփանավանին, իսկ վերջինս իր հերթին միացած է Թումանյան կայարանին և Պուշկինի լեռնանցքով էլ՝ Կիրովականին։

Լեռնանցքը անցյալում կոչվում էր Դվալի, իսկ այժմ ի պատիվ ռուս մեծ բանաստեղծի՝ Պաշկինի լեռնանցք։ Այստեղ կանգնեցված է մի աղբյուր–հուշարձան, որի մոտ ամեն անցորդ հարկ է համարում կանգ առնել ու հիշել, որ այստեղ Պուշկինը հանդիպել է սպանված Գրիբոյեդովին տանող սայլին։ Պուշկինը Լոռվա սարահարթով անցել է մոտ 145 տարի առաջ, երբ նա կատարում էր իր նշանավոր ճանապարհորդությունը դեպի Էրզրում։

Թումանյանից Դեբեդի ձորով երկաթուղին իջնում է Ալավերդի և անցնում Թբիլիսի, իսկ դեպի վեր, նույն ձորով գնում Կիրովական։

1898 թվակսւնի գարնանը Լոռվա ձորում սկսվեց երկաթուղու շինարարությունը։ 1899 թվականի հունվարի 25-ին առաջին գնացքը մտնում է Ղարաքիլիսա (Կիրովական)։ Իսկ փետրվարի 7-ին առաջին գնացքը մտավ Ալեքսանդրապոլ (Լենինական), նույն թվականի հուլիսի 21-ին՝ Կարս1: Երկու տարի հետո 1901 թվականին երկաթուղագիծը Ալեքսանդրապոլից հասավ Ուլուխանլու (այժմ Մասիս) կայարան։ Իսկ 1902 թվականի դեկտեմբերի 5-ին առաջին գնացքը ժամանեց Երևան։

Այժմ մենք մտովի ճանապարհորդություն կկատարենք, կգնանք Պուշկինի լեռնանցքով և կհիանանք Լոռվա գեղատեսիլ բնությամբ։ Նախ կայցելենք Ստեփանավան, ապա

----------------------------

1 Այս գիծը հետագայում շարունակվել է մինչն Էրզրում: Կարս—Էրզրում գծի ընդհանուր երկարությունն է 356 կիլոմետր։ Էրզրումը և Երզնկան իրենց հերթին երկաթգծով կապված են Մալաթիայի ու Սըվազի, ապա Անկարայի և Ստամբուլի հետ։ Էրզրումից Ստամբուլ գծի ընդհանուր երկարությունը 1850 կիլոմետր է։

[էջ 103]

Կալինինո, կիջնենք Ալավերդի, ապա կգնանք Օձուն, Սանահին, Հաղպատ և հետո Թումանյանի հայրենիքը՝ Դսեղ:

Ստեփանավանը գտնվում է բավականին խոր ձորի շուրթին 1380 մետր ծովի մակարդակից բարձր, Լոռվա սարահարթում, իսկ ձորի միջով հոսում է Ձորագետը։ Հարավից նրան շրջատատող Բազումի անտառապատ լեռները առանձին գեղեցկություն են տալիս։ Լոռուն հատուկ կարմիր կղմինդրներով կանաչազարդ տները լրացնում են այդ գեղեցկությանը։

Ատեփանավանը ունի լեռնայիւն մեղմ կլիմա, որի պատճառով նա դարձել է Սովետական Հայաստանի լավագույն ամառանոցային վայրերից մեկը։ Նրա կլիման աչքի է ընկնում մեղմ ձմեռով և զով ամառով։ Օդը մաքուր է ու ջինջ։ Ըստ օդերևութաբանական տվյալների Ատեփանավանի տարեկան միջին ջերմությունը հավասար է 3,2 աստիճանի։ Ամենացուրտ ամսին լինում է երեք աստիճան ցուրտ։ Ամենատաք ամիսը, օգոստոսը ունի 17—18 աստիճան տաքություն։ Մինչև սեպտեմբեր Ստեփանավանը շարունակում է մնալ տաք և արևոտ։

Ստեփանավանը կարելի է դասել այնպիսի նշանավոր հանգստավայրերի շարքը, ինչպիսիք են Աբասթումանը ու Տեբերդան Կովկասում և հռչակավոր Դավոսը Շվեյցարիայում։
Ստեփանավանի առավելությունը պրոֆ. Ֆիգուրովսկին համարում է նրա օդի ջերմաստիճանի փոքր ամպլիտուդը, այսինքն՝ ամենաբարձր, և ամենացածր ջերմաստիճանների տարբերությունը։ Ստեփանավանի առավելոււթյուններից է նաև այն, որ նա ունի լավորակ ջուր։ Ստեփանավանը գրեթե թաղված է մրգաշատ այգիների մեջ։

Ստեփանավանում են գտնվում արդյունաբերական մի շարք ձեռնարկություններ, որոնցից ամենամեծը պանրի և յուղի գործարանն է (Ուռուտում)։ Մյուս ձեռնարկություններից են՝ օսլայի, տրիկոտաժի գործարանները։ Ստեփանավանում է գտւնվում նաև բարձր հաճախականության սարքավորումների և կապի միջոցների արտադրության գործարանները։ Ստեփանավանյան տրանսֆորմատորները արդեն լայն ճանաչում են գտել ոչ միայն մեր երկրում, այլև նրա

[էջ 104]

սահմաններից դուրս՝ Բուլղարիայում, Լեհաստանում, Վիետնամում և բազմաթիվ այլ երկրներում։

Քաղաքի արդյունաբերության մեջ իր ուրոյն տեղն ունի շինանյութերի կոմբինատը։ Ստեփանավանում գործում են նաև գուլպայի, գորգի ֆաբրիկաները, կան նաև պահածոյի, գարեջրի գործարաններ։

Վերջին տարիներին արագորեն կառուցապատվում է Ստեփանավան քաղաքը։ Շարք են մտնում բազմահարկ կառույցներ, իսկ սլացիկ ծառապատ փողոցները նոր շուք են տալիս քաղաքին։

Ստեփանավանում է գտնվում Ստեփան Շահումյանի Տուն-թանգարանը, որտեղ նա ապրել է։ Բակում կանգնեցված է նրա կիսանդրին։

1923 թվականն սեպտեմբերի 20-ին, ի հավերժացումն Ստ. Շահումյանի հիշատակի, Ջալալօղլին վերանվանվում է Ստեփանավան։

Ստեփանավանից ինը կիլոմետր հեռու, Թումանյան կայարան տանող ճանապարհի վրա (որտեղից սկսում է Կորովականի խճուղին), (գտնվում է Գյուլագարակ գյուղը։ Նրանից ոչ հեռու Բազումի լեռնաշղթայի հարավային լանջին է գտնվում սոճիի անտառը, որին ընդունված է ասել «Սոճուտ»։ Նա դարձել է մանուկների հանգստի ամենալավ վայրն իր մանկական նշանավոր սանատորիայով։ Գյուլագարակից բացվում է գեղատեսիլ տեսարան դեպի Լոռվա սարահարթը։ Բացի սոճիի բուրմունքից, օդը լի է սարերն ու դաշտերը պատած խոտերի ու ծաղիկների բուրմունքով։ Գյուլագարակը ունի մեղմ, մաքուր օդ և սառնորակ աղբյուր։ Գյուլագարակից Թումանյան տարածությունը 17 կիլոմետր է:

Կալինինո — Խճուղու երկարությամբ, մոտ հինգ կիլոմետր ձգվածությամբ ընկած է Կալինինո շրջանային կենտրոնը, որը քաղաքատիպ ավան է։
1827 թվականին, Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացվելուց հետո, Լոռու գեղեցիկ անկյուններից մեկը՝ այսօրվա Կալինինոն Անդրկովկասի փոխարքայի անունով կոչվել է Վորոնցովկա։

Կալինինոն այժմ մեր հանրապետության ամենաառա–

[էջ 105]

ջատար շրջանն է՝ ցեղային անասնապահության զարգացման տեսակետից։ Կալինինոյում է գործում շվեյցարական պանրի խոշոր գործարանը։

Հանրապետության քիմիական արդյունաբերության համար կարևոր նշանակություն ունի Կալինինոյի շրջանից ստացվող Շահնազարի գունավոր քարը։ Կալինինոյի շրջանի Սարատովկա գյուղի տորֆի հսկայական պաշարներն արդյունահանվում են որպես վառելիք և պարարտանյութ։

Կալինինոյում է գտնվում արծնած տնտեսական ամանեղենի գործարանը։ Կալինինոյի շրջանն ունի նաև գորգագործական ֆաբրիկա (Շահնազար գյուղում), արտադրական կոմբինատ և այլ ձեռնարկություններ։

Կալինինոն Հայաստանի բարեկարգ քաղաքատիպ ավաններից է: Ունի դպրոցի և կինոթատրոնի նոր շենքեր, գրադարան, ակումբ, հիվանդանոց և այլն։ Տները մեծ մասամբ երկհարկանի են։ Յուրաքանչյուր տան առաջ կա ծաղկանոց։ Շրջանում հարյուրավոր հեկտարներ են զբաղեցնում պտղատու այգիները։

Ստեփանավանից Ալավերդի գնալու համար իջնում են Լոռու ձորը, ուր մարդ ակամայից հիշում է Թումանյանի հետևյալ տողերը.

«Էն Լոռու ձորն է, ուր հանդիպակաց
Ժայռերը՝ խորունկ նոթերը կրտած՝
Դեմ ու դեմ կանգնած, համառ ու անթարթ
Հայացքով իրար նայում են հանդարտ...
Նրանց ոտքերում՝ գազազած գալի՝
Գալարվում է գիժ Դև-Բեդը մոլի...»։

Լոռվա ձորում է գտնվում Քոլագերան կայարանը, որը Ալավերդու հետ կապված է բարեկարգ խճուղով։ Ալավերդին ընկած է Դեբեդի ձախ ափին, խոր ձորում։

Երբ անցնենք գեղատեսիլ Լոռվա ձորի ձախ կողմով, մեր առաջ կբացվի մի նոր բնապատկեր։ Այստեղ է Հայաստանի պղնձաձուլական կենտրոն՝ Ալավերդի քաղաքը: Դեբեդի խոր կորճում քաղաքը հայտնվույմ է հանկարծակի, որը կառուցված է ձախափնյա լեռների զառիթափ լանջին և իջնում է մինչև երկաթգիծն ու արագավազ գետը:

[էջ 106]

Քաղաքի գործարանները իրենց ծխնելույզները վեր ցցած անընդհատ ծխում են։ Հրաշունչ է այս քաղաքը։

Ալավերդին հանդիսանում է Սովետական Հայաստանի գունավոր մետալուրգիայի սիրտը։ Պղնձի արտադրությամբ Սովետական Միությունում գրավում է երրորդ տեղը, Ուրալից և Ղազախստանից հետո։

Լեռնամետալուրգիական կոմբինատը, Շամլուղի և Ախթալայի պղնձի հանքերը, Թումանյանի հրակայուն աղյուսի գործարանը, մեր հանրապետության ծանր արդյունաբերության լավագույն ձեռնարկություններից են։

Հնուց ի վեր Լոռվա ձորի այս հատվածում մարդիկ օգտագործել են պղինձը։ Նախասովետական շրջանում այս հանքերը տրվել են ֆրանսիական ընկերություններին՝ կոնցեսիոն հիմունքներով, իսկ խորհրդայնացման շրջանում՝ ազգայնացվել։ Ներկայումս լեռնամետալուրգիական խոշոր կոմբինատում միացած են տեխնոլոգիապես միմյանց հետ կապված երկու ցիկլեր՝ մետաղաձուլականը և քիմիականը։ Առաջինը՝ հանքաքարից մինչև վերամշակումը և էլեկտրոլիտային մաքուր պղնձի ստացումը: Երկրորդը՝ ծծմբաթթվի ստացումը, գազերի օգտագործումով։

Պղնձի հանքերը գտնվում են Լալվար գետակի միջին հոսանքում, կայարանից մոտ երեք կիլոմետր հեռու։ Բայց Ալավերդու լեռնամետալուրգիական կոմբինատը հումք ստանում է նաև նրան շրջապատող մյուս հանքավայրերից՝ Շամլուղի, Ախթալայի հանքավայրերից, ինչպես նաև Զանգեզուրից։

Լեռնամետալուրգիական կոմբինատն ունի նաև էլեկտրոլիզի արտադրամաս, որտեղ պղնձից անջատում են ոսկի։ Մաքուր պղինձը գնում է մեր հայրենիքի այլ արդյունաբերական վայրեր, այդ թվում Երևանի կաբելի գործարան։ Ծծմբաթթվի արտադրության համար օգտագործում են այն ծուխը, որը մի ժամանակ բաց էր թողնվում պղնձաձուլական խողովակից և թունավորում էր շրջապատի օդը։ Ներկայումս այդ գազերը օգտագործում են և ստանում ծծմբաթթու, որի կարիքը շատ է զգում Բաքվի նավթարդյունաբերությունը:

Ալավերդին ներկայումս դասվում է Հայաստանի հանրա–

[էջ 107]

պետական ենթակայության քաղաքների շարքին։ Լեռնալանջերին, գետափնյա փոքրիկ տարածություններում, գործարանների շուրջը փռվել են ձուլողների ու քիմիագործների բնակելի շենքերը։

Գեղեցիկ է Ալավերդին ցերեկը, բայց գեղեցիկ է նաև գիշերը, երբ պայծառորեն շողշողում են լույսերը։

Ալավերդին ունի իր տրիկոտաժի, կահույքի ֆաբրիկաները, գարեջրի, լիմոնադի, հացի, պանրի գործարանները և այլ ձեռնարկություններ։ Ալավերղին երկաթուղային կայարան է Երևան—Թբիլիսի երկաթուղու վրա։ Նա բարեկարգ խճուղով կապված է Երևանի ու Լենինականի հետ։

Ալավերդուց մի փոքր հեռու գտնվում է Հայաստանի ամենացածրադիր բնակավայրը՝ Բագրատաշեն ավանը, որը մերձարևադարձային և հարավային կուլտուրաների մշակման վայրերից մեկն է։ Նա ծովի մակարդակից բարձր է ընդամենը 450 մետր։

Ալավերդի քաղաքից հարավ–արևմուտք, Դեբեդի հովտի ձախափնյա բարձրադիր սարահարթի վրա է գտնվում Օձուն գյուղը, որը Հայաստանի ամենամեծ գյուղն է։ Նույն անունն է կրում գյուղի վանքը, որը Լոռվա հուշարձանների շողշողուն գոհարներից է, հայ ճարտարապետության գլուխգործոցներից մեկը, որն իր վեհաշուք տեսքով, հարթությունների և ծավալների ներդաշնակ համադրմամբ, ճարտարապետական մանրամասներով դարեր շարունակ հիացմունք է պատճառել դիտողին։ Եկեղեցին կառուցված է տեղական դեղնա–կանաչավուն ֆիլզիտից, որն արևի ճառագայթների փուփոխության հետ փոխում է երանգը։

Օձունի եկեղեցին ավելի հին է, քան Սանահինն ու Հաղպատը։ Օձունի վանքը բաղկացած է մի հոյակապ տաճարից` ս. Հովհաննեսի անվամբ, մի քանի օժանդակ կառույցներից և մի խաչարձանից։ Հատակագիծը քառանկյունի է, դրսից տաճարի ամբողջ երկայնքով ձգվում են սյունաշարքեր։ Վանքը պատած է պարսպով։ Օձունի եկեղեցու զբաղեցրած տարածքում, նրանից մի փոքր հյուսիս-արևելք գտնվում է նշանավոր կոթողը, որը հայտնի է իր ուրույն ճարտարապետական և գեղարվեստական բարձրարժեք մշակմամբ։

Անցյալի շատ հուշարձաններով է հարուստ Լոռին,

[էջ 108]

որոնք ապացուցում են նրա պատմական մեծ անցյալը։ Լավագույն ճարտարապետական հուշարձաններից են Սանահինի և Հաղպատի վանքերը, որոնք կաոուցված են Լոռվա ամենագեղատեսիլ անկյուններից մեկում, Ալավերդի քաղաքի դիմաց՝ Դեբեդ գետի անդնդախոր կիրճը եզերող սարահարթերի վրա։ Վանքերը եղել են մեր դպրության կենտրոնները, դրա համար Էլ վանքային շիկությունների կողքին եղել են նաև աշխարհիկ շենքեր։

Լոռին նման է բացօթյա թանգարանի, ուր ամենուրեք գիտական ու գեղարվեստական բարձրարժեք հուշարձաններ կան, որոնք գալով դարերի խորքից, խոսում են հայ ժողովրդի բազմադարյան մշակույթի փայլուն նվաճումների մասին։

Ինչպես հաղորդում են պատմաբանները, պատմական Հայաստանում իր ժամանակին մեծ առաջընթաց ապրեց ճարտարապետությունը։ Այդ ժամանակաշրջանում կառուցվել են ամբողջական քաղաքներ՝ Անի, Արծն, Լոռի, Կապան, ինչպես նաև վանքեր Աղթամար, Տաթև, Գեղարդ, Մարմաշեն, Տեկոր։ Կառուցվել են նաև բերդեր՝ Կապույտ բերդ, Երնջակ, Բջնի, Ամբերդ, Բարձրաբերդ։ Իսկ կամուրջներից էլ՝ Սանահինի կամուրջը։ Կառուցվել են նաև իջևանատներ ու ջրանցքներ։

Անցյալի հուշարձաններից է նաև Սանահինի կամուրջը, որը կառուցված է 12-րդ դարի 90–ական թվականներին՝ տեղական գրանիտից, ավելի քան 800 տարի առաջ։ Սանահինի կամարջը համարվում է միջնադարյան Հայաստանի ճարտարապետական հոյակապ կոթողներից մեկը։ Ունի վաթսուն մետր երկարություն, տասնութ մետրանոց թռիչքային մեկ բացվածքով միացնում է գետի երկու ափերը։ Կամուրջը կառուցել է Իվանե և Զաքարե Զաքարյանների քույրը՝ Վանենի թագուհին։ 1795 թվականին Աղա Մահմեդ խանի հրոսակները ոչնչացնում են կամրջի արձանագիր խաչքարի այն մասը, որի վրա գրված է եղել կառուցման թվականը։ Պատմական հուշարձանը պահպանելու նպատակով կամուրջը այժմ ծառայում է միայն հետիոտն երթևեկության համար։

Ալավերդուց խճուղին նորակառույց կամրջով անցնում է

[էջ 109]

Դեբեդի աջ ափ։ Այստեղով անցնում է դեպի Սանահին տանող ճանապարհը։ Սանահինում է գտնվում հայ ճարտարապետության հուշարձաններից մեկը՝ Սանահինի վանքը, որը կառուցվել է 10-րդ դարի կեսերին։ Վանքը իրենից ներկայացնում է ճարտարապետական մի բարդ կոմպլեքս՝ բաղկացաւծ մի քանի եկեղեցիներից, գրադարան—մատենադարանից, գործատներից, դպրանոցից, հյուրանոցից և օժանդակ այլ կառուցվածքներից։ Ամենափրկրչ կամ Կաթողիկե եկեղեցին վանքի գլխավոր տաճարն է, կառուցվել է 966 թվականին։ Եկեղեցին ներսից ունի խաչաձև հատակագիծ։ Կառուցված է սրբատաշ քարերով, ունի գեղեցիկ կամարաշարք։ Տաճարի ներսը ծածկվաւծ է եղել որմնանկարներով։ Ամենափրկիչ եկեղեցու գմբեթը 1184 թվականին ենթարկվել է վերակառուցման։ Գլխավոր տաճարի մոտ, 12-րդ դարի 80-ական թվականներին կառուցվել է ժամատունը, որը իրենից ներկայացնում է կամարազարդ և սյունազարդ դահլիճ։ Պատերին կան արձանագրություններ։ Մոտակայքում կան մի քանի խաչքարեր։

Սանահինի ճարտարապետական կոմպլեքսի մեջ իր ուրույն տեղն ունի Մագիստրոսի ճեմարանը՝ բարձրագույն հոգևոր համալսարանը։ Կառուցվել Է 11-րդ. դարում։ Ճեմարանի հայտնի դասախոսներից մեկը եղել է մեծ մտայծող և փիլիսոփա Գրիգոր Մագիստրոսը։ Ճեմարանի շենքը երկար սրահ է՝ թաղակապ տանիքով։

Մեծ հետաքրքրություն է ներկայացնում նաև Ս. Գրիգոր եկեղեցին՝ կառուցված որմնասյուներով ու կամարներով։ Եկեղեցին կառուցվել է 1063 թվականին, Դավիթ Անհողի թագավորի դուստր Հրանուշ թագուհու կողմից։ Հյուսիսային կողմում է գտնվում գրադարան-մատենադարանը, որը հետաքրքիր և եզակի աշխարհիկ շիկություններից է։

Ուշագրավ է նաև 1189 թվականին կառուցված Զաքարյան իշխանների քարակերտ դամբարանը, որը կարևոր նշանակություն ունի պատմական և ճարտարապետական տեսակետից։ Այստեղ են թաղված Իվանե և Զաքարե Զաքարյանների հայրը՝ Սարգիս Ամիրսպասալարը, իսկ հետագայում նրա որդիները։

Մեծ հետաքրքրություն է ներկայացնում նաև Զանգակա–

[էջ 110]

տունը, կառուցված 12-րդ դարի վերջերին։ Դա եռահարկ, քառանկյունի հատակագծով վեհաշուք շենք է։ Վանքի եկեղեցիները ժամանակի ընթացքում ենթարկվել են վերանորոգման։ Վերջին վերանորոգումը կատարվել է 1940-ական թվականներին։

Ուշադրության արժանի է նաև վանքի հարավ-արեմուտքում գտնվող աղբյուրը, որի վրա 1255 թվականին կառուցվել է հուշարձան։ Սանահինի վանքում ապրել է մեծ բանաստեղծ Սայաթ-Նովան։ Սանահինի վանքում են նաև ապրել ու գործել հայ մշակույթի գործիչներ՝ Հովհաննես գիտնականը, Եսայի եպիսկոպոսը, Գրիգոր Տուդեորդին։

Հետաքրքիր են նաև Սանահին գյուղի հյուսիսային և արևելյան մասերում գտնվող քարայրները, ուր քաղաքական անբարենպաստ պայմանների ժամանակ թաքցրել են վանքի մատենադարանի արժեքավոր ձեռագրերը։

Սանահինի հետ միաժամանակ կառուցվել է Հաղպատի վանքը, որը Սանահինից երեք կիլոմետր հեռու է, գտնվում է Հաղպատ գյուղում և իր ճարտարապետական ձևերով մոտ է Սանահինին։ Սա նույնպես ճարտարապետական բարդ կոմպլեքս է։ 11-րդ դարից սկսած Հաղպատի վանքը դարձել է միջնադարյան Հայաստանի գրչության ու գիտության կարևոր օջախներից մեկը։ Նա ունի իր ուրույն տեղը մեր ժողովրդի մշակույթի պատմության մեջ։ Գլխավոր եկեղեցին ս. Նշանն է իր հոյակապ գավիթով, որը զարդարված է սյունաշարերով ու կամարներով։ Տաճարի հատակագիծը ներսից խաչաձև է, կառուցված՝ է սրբատաշ քարերով։ Պատերի ներսի կողմում նկատվում են որմնանկարների և արձանագրությունների հետքեր։ Տաճարը ունի գեղեցիկ խոյակներ, կամարներ ու քանդակազարդ դռներ։ Եկեղեցու կառուցողն է համարվում Տրդատը՝ Անիի մեծ ճարտարապետը։ Ս. Նշան եկեղեցին համարվում է միջնադարյան հայկական ճարտարապետության ամենանշանավոր հուշարձաններից մեկը։

Եկեղեցու հարավային կողմում գտնվում է գրադարանը, որի պատերի մեջ փորված են որմնախորշեր՝ գրքերը պահելու համար։ Հաղպատի գրադարանին գրքեր էին նվիրում իշխանները, թագավորները։ Սակայն վանքը բազմիցս կո–

[էջ 111]

ղոպտվել է նվաճողների կողմից և մեզ են հասել շատ քիչ ձեռագրեր։ Ձեռագրերի մի մասը, դեռևս սելջուկյան ասպատակությունների ժամանակ, թաքցրին քարայրներում։ 1795 թվականին Աղա Մահմեդ խանի արշավանքի ժամանակ գրքերը նորից պահեցին դժվարամատչելի թաքստոցներում։ Հաղպատի գրադարանի ձեռագրերի փրկված մասը փոխադրվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան։

Վանքի կոմպլեքսի մեջ մտնող մյուս հուշարձաններից է Ամենափրկիչ կոչվող խաչարձանը, որը կերտվել է 1273 թվականին, աչքի է ընկնում իր նուրբ քանդակներով։ Նույն դարում է կառուցվել կոմպլեքսի արևելյան կողմում գտնվող զանգակատունը։ Ամբողջ կոմպլեքսը պատած է պարսպով, որն ունի աշտարակներ և դիտակետեր։ Վանքի շրջակայքում կա գերեզմանոց։ Այստեղ է թաղված 12-րդ դարի գիտնական ու բանաստեղծ Հովհաննես Իմաստասերը։ Վանքից քիչ հեռու, 1258 թվականին կառուցվել է Հաղպատի աղբյուր—հուշարձանը:

Դսեղը Հ. Թումանյանի ծննդավայրն է։ Գտնվում է Թումանյանի շրջանի հարավ–արևմտյան մասում, Դեբեդ գետի աջափնյա սարահարթի վրա։ Նա հնադարյան գյուղ է՝ անցյալի բեկորներով ու չքնաղ բնությամբ։ Իր ժամանակին Գյոթեն ասել է. «Ով ուզում է հասկանալ բանաստեղծին, պետք է տեսնի բանաստեղծի երկիրը»։ Ով ուզում է հասկանալ Թումանյանին, պետք է գնա Լոռի։

Դսեղում ամեն ինչ հիշեցնում է Թումանյանին։ Այստեղ է նրա տուն–թանգարանը։ Այստեղ է Գիքորի աղբյուրը, որը մարդու մոտ արթնացնում է այն թախիծը, որը զգացել է գեղեցիկ լեզվով, «բյուրեղային վճիտ ոճով» գրված այս գեղարվեստական մանկական սիրուն գրվածքը կարդալիս։

* * *

Վերադառնանք Ալավերդի, գնանք դեպի Ստեփանավան և քաղաք չհասած թեքվենք դեպի Բազումի լեռներ, կարող ենք արդեն Կիրովական կամ Սպիտակ գնալ թունելով, որը փորված է Բազումի լեռների տակով։

[էջ 112]

Աստիճանաբար գեղեցիկ Լոռին մնում է սարի այն կողմը։ Բացվում է Փամբակի հովիտը և հեռվից երևում են Փամբակի լեռներն ու Կիրովականի քիմիական կոմբինատի ծխնելույզները:

Բազումի հարավային լանջերը չունեն այն գեղեցկությունը, որը կա Ստեփանավանին նայող մասում։ Հարավային լանջերը ավելի քիչ են կանաչապատ։ Բազումի ստորոտում, Փամբակ գետի հոսանքով դեպի ձախ, խճուղին տանում է Կիրովական, իսկ աջ՝ արդեն Սպիտակ և Զաջուռի լեռնանցքով՝ Լենինական։

Այսօր երեք րոպե է պետք լեռնանցքը հաղթահարելու և Բազումի լեռների մյուս կողմը դուրս գալու համար։ Թունելը ունի մոտ երկու կիլոմետր երկարաթյան և Ստեփանավան—Կիրովական ճանապարհը կրճատում է տասներեք կիլոմետրով։ Ամենից կարևորը, որ երթևեկությունը դարձել է անվտանգ և կլոր տարին անխափան։ Չէ՞ որ հին ճանապարհի կեռմանները, հատկապես ձմռանը, վտանգավոր էին։ Բազումի լեռներում տեղացող առատ ձյունը հաճախ է փակում Պուշկինի լեռնանցքը։

Գնալով հին ճանապարհով՝ Պուշկինի լեռնանցքով, մոտենում ենք գլխավոր մայրուղուն և Ժդանով չհասած թեքվում ենք ձախ և գնում Կիըովական։

Կիրովականը գտնվում է Փամբակ գետի միջին հոսանքի լայն ու ընդարձակ գոգավորությունում, ծովի մակարդակից 1325 մետր բարձրության վրա։

Կիրովականի մոտ Փամբակը թեքվում է և մտնում Բազումի լեռները կտրող կիրճը և գնում դեպի Լոռու ձորը։ Այդ ձորով է անցնում Երևան—Թբիլիսի երկաթուղին։

Կիրովականին շրջապատող անտառները, գեղեցիկ բնությունը, առողջարար օդը, համեմատաբար զով ամառները, քաղաքը դարձրել են ամառանոց։ Քաղաքին շքեղություն են տալիս Վանաձոր և Տանձուտ գետերի անտառաշատ հովիտները։

Լոռվա բնաշխարհի ամենամեծ ու ամենափառավոր հուշարձանը ինքը՝ Կորովական քաղաքն է։ Նա հանրապետական ենթակայության քաղաք է Սովետական Հայաստանի հյուսիսում։ Անցյալում կոչվել է Ղարաքիլիսա։

[էջ 113]

Սովետական կարգերի հաստատվելուց հետո փոխվեց Դարաքիլիսան, որը իրականում մի գյուղ էր, ծվարած ձորի մեջ։ Սկսել է վեր խոյանալ մի նոր ու գեղեցիկ քաղաք՝ Գուգարքի գեղեցկուհին, որը 1935 թվականի հունվարի 6-ին Հայկական ՍՍՀ Կենտրոնական գործադիր կոմիտեի նախագահության որոշման համաձայն ի պատիվ կոմունիստական կուսակցության և Սովետական պետության ականավոր գործիչ Ս. Մ. Կիրովի կոչվեց Կիրովական։

1911 թվականին Ղարաքիլիսայում միակ արդյունաբերական ձեռնարկությունը կղմինդրի գործարանն էր։ Այժմ քաղաքի գործարանների և ֆաբրիկաների թիվը հասնում է մի քանի տասնյակի։ Իսկ քիմիական գործարանի, «Ավտոմատիկա», քիմիական մանրաթելի, ճշգրիտ հաստոցաշինական և ուրիշ գործարանների անունը հայտնի է մեր միության սահմաններից դուրս։

Առաջին դպրոցը Ղարաքիլիսայում հիմնվել է 1853 թվականին։ Դեռ 1826 թվականին Խաչատուր Աբովյանը գրել է. «Ինքը՝ Ղարաքիլիսա քաղաքը չուներ այդ ժամանակ ոչ մի աչքի ընկնող շենք, բացի ռուսական եկեղեցուց ու գավառապետի բնակարանից»։

Այժմ Կիրովականը դարձել է հանրապետության ուսանողական կենտրոններից մեկը։ Մանկավարժական նորաստեղծ ինստիտուտում, Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մասնաճյուղում, քիմիական, շինարարական, սարքաշինական, գյուղատնտեսական տեխնիկումներում սովորում են հազարավոր պատանիներ ու աղջիկներ։ Կիրովականը ունի նաև երաժշտական, նկարչական, մարզական դպրոցներ, ինչպես նաև երաժշտական ուսումնարան։

Քաղաքի զարգացմանը նպաստեց Երևան—Թբիլիսի երկաթուղին, ինչպես նաև քաղաքից քիչ հեռու կառուցված Ձորագետի հիդրոէլեկտրակայանը, որը էժան էներգիայի մեծ աղբյուր է։ Ձորագէսի հիման վրա կառուցվեցին գործարաններ, ստեղծվեց քիմիական արդյունաբերոււթյուն։

Քաղաքից երևում է Փամբակի բարձր գագաթներից մեկը՝ Մայմեխը։ Սովետական շրջանում քաղաքը ստացավ Մայմեխ սարի սառնորակ ջուրը։ Կիրովականը ունի խնձորի այգիներ։ Խնձորի հոյակապ այգիներ կան Ժդանով (Ղշ–

[էջ 114]

լաղ), Լեռնապատ (Մակարաշեն) և Խնձորուտ գյուղերում։ Բարեկարգված են քաղաքի փողոցները։ Փամբակի կանաչազարդ ու անտառապատ լանջերը քաղաքին տալիս են գեղեցիկ տեսք։ Կիրովականում է գտնվում աշխատավորության համար կառուցված «Հայաստան» սանատորիան։ Մեծ են քաղաքի կուլտուրական նվաճումները։ Հայ նշանավոր դերասան Աբելյանի անունն է կրում դրամատիկ թատրոնը։

Կիրովականում սովետական տարիներին կառուցված նորակառույցներից ամենախոշորը քիմիական կոմբինատն է։ Այս կոմբինատը արտադրում է ազոտային պարարտանյութ։ Դա ստացվում է շատ հետաքրքիր ձևով՝ օդից անջատվում է ազոտը, ապա միացվում Սպիտակից բերվող կրաքարի հետ։ Քիմկոմբինատը օգտագործում է Ջորագէսի առատ էներգիան։ Քաղաքի մյուս ձեռնարկություններից նշանավոր են Կորդի գործարանը, որն իր արտադրանքով սպասարկում է Երևանի ավտոդողերի գործարանին։ Այստեղ կան մուշտակի, տեքստիլ, տրիկոտաժի և այլ ձեռնարկություններ։

Կիրովականը համարվում է նաև սննդի արդյունաբերության կենտրոն։ Այստեղ է գտնվում հանրապետության մսի խոշոր կոմբինատներից մեկը։ Գործում է կաթի գործարանը, կան հացի-հրուշակեղենի մի քանի ձեռնարկություններ։

Ընդարձակվել է Կիրովականը, տարածվել է հովտի լանջերն ի վեր։ Ստեղծվել են նոր թաղամասեր։ Դրանցից մեկը, որ գտնվում է հին հովտային թաղամասի դիմացի սարալանջին, կոչվում է «Դիմաց»։

Քաղաքն ընդարձակվել է նաև Վանաձոր և Տանձուտ գետակների հովիտներով դեպի վեր։ Քաղաքում ձգվում են լայնահուն փողոցներ ու մայրուղիներ, որոնց վրա կառուց– վել են ժամանակակից բազմահարկ շենքեր։ Գեղեցիկ է Կի– րովի անվան հրապարակը։
Քաղաքի զարդն է համարվում բուսաբանական այգին, որը գանվում է Վանաձորի հովտում։ Այգին զբաղեցնում է տասներեք հեկտար տարածություն, ոտ հավաքված են տարբեր երկրներին հատուկ (ծառեր ու թփեր։
Քաղաքի ւհւուօփս-արւևելյան մաւտւմ բարձրանում է տափարակ գագաթով Թագավորանիստ կոչվող բլուրը, որտեղ

[էջ 115]

հայտնաբերվել են էնեոլիթյան (3-րդ հազարամյակ մ.թ.ա.) բնակավայրերի հետքեր:

Կիրովականը հանդիսանում է հանրապետության երրորդ քաղաքը։ Աճել է քաղաքի բնակչությունը։ 1970 թվականի մարդահամարի տվյալներով ուներ 106,7 հազար բնակիչ։ Արդյունաբերության զարգացմանը զուգընթաց աճում և ընդարձակվում է Գուգարքի գեղեցկուհին՝ Կիրովականը։

 


1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | 32 | 33 |

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր. Ավետիսյան Կ.Մ., Ավետիսյան Ա.Ա., Հայրենագիտական էտյուդներ։ «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1979
Տրամադրեց. Միքայել Յալանուզյան

Տես նաև

Филип Марсден — Перекресток: Путешествие среди армян
Պատմական Հայաստանի քաղաքները

Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice