ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian

Կամսար Ավետիսյան,

ՀԱՅՐԵՆԱԳԻՏԱԿԱՆ ԷՏՅՈՒԴՆԵՐ


[էջ 49]

ՍՈՎԵՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱՇԽԱՐՀԸ

«Լեռների վրա և ձորերում խոր,
Տարածվել է նա՝ խոյացել է վեր,
Ինչպես մի ոսկե հուրհրան խնձոր
Գեղեցկատեսիլ Հայաստանը վեհ»։

Սովետական Հայաստանը գտնվում է Սովետական Միության հարավային մասում՝ Անդրկովկասում և զբաղեցնում է Հայկական բարձրավանդակի հյուսիս-արևելյան մասը։ Ինչպես հայտնի է, այդ բարձրավանդակի տարածքում կազմավորվել հայ ժողովուրդը, այստեղ է ընթացել նրա պատմական կյանքը, որը աշխարհագրության մեջ հայտնի է նաև «Արմենիա», «Հայաստան» կամ «Հայկական լեռնաշխարհ» անուններով։ Սակայն այդ բարձրավանդակի զգալի մասը ներկայումս գտնվում է Հայկական հանրապետության սահմաններից դուրս։

Սովետական Հայաստանն այնքան էլ մեծ տերիտորիա չի զբաղեցնում (ընդամենը 29,8 հազ. քառ. կմ), բայց ունի շատ բազմազան, գեղեցիկ ու հետաքրքիր բնություն, որը հիացնում է երկրաբանին որպես մի բնական թանգարանի, պատմաբանին, որն այստեղ կգտնի սովետական ժողովուրդների պատմության ամենահնագույն շրջանների նյութական մշակույթի հետքերը (Արին-բերդ, Կարմիր բլուր, Գառնի, Էջմիածին, Գեղարդ, Դվին, Զվարթնոց և այլն), իսկ զբոսաշրջիկը մի սեզոնում չի ավարտի նրա տեսարժան վայրերն այցելելը։

[էջ 50]

Հայաստանը տիպիկ լեռնային երկիր է, որի տերիտորիայում կարելի է տեսնել երկրաբանական համարյա բոլոր ժամանակների գոյացություններ։ Այս երկրի բնաշխարհի ձևավորման վրա առավել մեծ ազդեցություն է ունեցել հրաբխային գործունեությունը:

Եթե մենք փորձենք քիչ մոտիկից ծանոթանալ հարցին, հիշելով երկրաբանների գնահատականը, ապա կտեսնենք, որ իրոք Հայաստանի ամբողջ բնությունը խոսում է նրա հրաբխային անցյալի մասին։ Սովետական ականավոր երկրաբան, ակադեմիկոս Ալեքսանդր Նիկոլաևիչ Զավարիցկին գրել է. «....Այս երկրի ռելիեֆն ու դրա հետ մեկտեղ կլիմայի, հողերի էական գծերը, աղբյուրների բաշխումը, որոնց հետ այստեղ այնպես սերտորեն է կապված ամբողջ կյանքը, օգտակար հանածոների շարքը և ամենից առաջ այն հիանալի նյութերը, որոնցից կառուցված են հայկական քաղաքների սքանչելի շենքերը, հայկական գյուղերի հենց տեսքը. այդ ամենը արտացոլում է Հայաստանի երկրաբանական ոչ վաղ անցյալի պատմությունը և ամենից առաջ խոսում է հրաբխային այն ժայթքումների մասին, որոնք համեմատաբար նորերս են տեղի ունեցել նրա տերիտորիայում»։ Ահա թե ինչու Հայաստանին սազական է նաև հանգած հրաբուխների երկիր անվանելը։

Ժամանակի ընթացքում հին ռելիեֆը զգալիորեն թաղվել է լավայի տակ, որը համահարթել է։ Դրա հետևանքով շատ տեղերում մակերևույթը մեղմ ալիքավոր է, տեղ-տեղ բոլորովին հարթ և միայն որոշ տեղերում վեր են խոյանում հանգած հրաբուխների գմբեթաձև կատարները։

Հայաստանը տիպիկ բարձրադիր լեռնային երկիր է, որի տերիտորիայի 50 տոկոսը գտնվում է ծովի մակարդակից 1000—2000 մետր, բարձրության վրա, իսկ 40 տոկոսը՝ 2000 մետրից ավելի։ Երկրի միայն 10 տոկոսն է, որ գտնվում է մինչև 1000 մետր բարձրության վրա։ Հանրապետության տերիտորիայի միջին բարձրությունը ծովի մակարդակից 1830 մետր է, նվազագույն բարձրությունը՝ 375 մետր (Նոյեմբերյանի շրջանի Բագրատաշեն ավանից հյուսիս)։

Ինչպես տեսնում ենք, Հայաստանի ռելիեֆի առանձնա–

[էջ 51]

հատկությունը՝ նրա բարձրադիր, բազմահարկ լինելն է։ Հայկական հանրապետության մակերևույթում՝ ըստ ծագման և առաջացման պայմանների իրար զուգակցում են ծալքավոր լեռներն ու առանձին հրաբխային կոնաձև գագաթները։ Մակերևույթում կարելի է առանձնացնել հետևյալ ձևերը. Ա) ծալքավոր լեռներ, որոնք կազմում են Փոքր Կովկասի մի հատվածը. դրանք են՝ Վիրահայոց, Բազումի,. Փամբակի, Արեգունի, Սևանի (Շահդաղի) լեռները հյուսիսում և հյուսիս-արևելքում, և Զանգեզուրի շղթան հարավ–արևելքում։ Բ) Հրաբխային լեռներ, որոնցից են Եղնախաղի (Ղուկասյանի) և Ջավախքի (Կեչուտի) լեռները «հյուսիս-արևմուտքում, Արագած լեռնազանգվածը, Գեղամա ու Վարդենիսի լեռները և Ղարաբաղի բարձրավանդակը հարավում ու հարավ-արևելքում։ Գ) Արարատյան միջլեռնային դաշտը, որով հոսում է Արաքս գետը, այդ դաշտի ձախափնյա մասն է մտնում Սովետական Հայաստանի կազմի մեջ։ Լեռնաշղթաները երկիրը բաժանում են մի շարք հարթավայրերի ու լեռնահովիտների, որոնք ծովի մակարդակից զգալի բարձր են, դրանցից են Շիրակի, Լոռվա, Սևանի լեռնահովիտները։

Սովետական Հայաստանի լեռնային տեսարանը պսակավորում է Արագած հրաբխային լեռը՝ 4090 մետր ծովի մակարդակից բարձր, որը հանրապետության տերիտորիայի ամենաբարձր կետն է։ Արագածն ունի չորս գագաթ, որոնց շուրջը կան բազմաթիվ լճեր, դրանցից նշանավոր են Լևինսոն–Լեսսինգի լիճը և Քարի լիճը։ Առաջինը կոչվում է սովետական երկրաբան, ակադեմիկոս Ֆրանց Յուլիևիչ Լևինսոն–Լեսսինգի անվամբ, որը Արագածի ուսումնասիրությամբ շատ է զբաղվել։

Հայ ժողովուրդը շատ երգեր ու լեգենդներ է հորինել Արագածի մասին, գովերգել է նրա կարկաչահոս աղբյուրները, ալպյան հարուստ արոտավայրերը։ Այսպես է գրել Ավետիք Իսաւհակյանը.

Դու, Արագած, ալմաստ վահան
Կայծակեղեն թրերի,
Գագաթներդ՝ բյուրեղ վրան
Թափառական ամպերի։

[էջ 52]

Սեգ ժայռերդ՝ արծվի բույն,
Լճակներդ՝ լույս-փերուզ.
Առուներդ՝ մեջքիդ փայլուն
Պերճ գոտիներ ոսկեհյուս։

Արագածից արևելք, Քասաղ և Հրազդան գետերի միջև գտնվում է Արայի լեռը՝ 2577 մետր բարձրությամբ, որը նույնպես հանգած հրաբուխ է։

Արարատյան դաշտից բացվում է մի գեղեցիկ տեսարան դեպի Հայկական Պար լեռնաշղթան ու Արարատ (Մասիս) հրաբխային զանգվածը։ Մասիսից դեպի արևելք ընկած է Օրգովի (Չինգիլի) լեռնանցքը, որով իր ժամանակին Վանի (Ուրարտուի) թագավորությունը կապվել է նախ Արարատյան դաշտի և ապա Սևանի ավազանի հետ: Հայ ժողովուրդը Արարատի (Մասիսի) հետ էլ կապված շատ ավանդություններ ու երգեր ունի։ Նրան երգեր են նվիրում բանաստեղծներն ու գուսանները։ Հիշենք Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության հետևյալ տողերը.

Աշխարհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա.
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սարն եմ սիրում։

Չնայած որ Սովետական Հայաստանը աշխարհագրական քարտեզի վրա մեծ տեղ չի գրավում, բայց նա մեր մոլորակի հանածո հարստությունների եզակի թանգարաններից է, որն ունի լեռնակազմության տարբեր դարաշրջաններում առաջացած հանքանմուշներ։ Եվ եթե Հայաստանն աշխարհին ներկայացնենք ըստ մետաղային հանքավայրերի քարտեզի, ապա նա կլինի մեր մոլորակի ամենահետաքրքիր մասերից մեկը։

Հանրապետության ընդերքը հարուստ է գունավոր մետաղներով՝ պղինձ, մոլիբդեն, ոսկի և այլն։ Կան երկաթահանքի պաշարներ։ Մեծ հեռանկարներ ունեն նեֆելինային սիենիտները, որոնց վերամշակումից կարելի է ստանալ արզնահող (մետաղային ալյումինի հումք), ցեմենտ և ժողովրդական տնտեսության անհրաժեշտ տասնյակ այլ նյութեր։ Իսկ ոչ մետաղային հանքերից նշանավոր տեղ են բռնում կեր ակրի աղը և շինանյութերը։ Հայաստանը հարուստ է նաև հանքային ջրերով, որոնցից արժեքավոր և բուժիչ

[էջ 53]

հատկանիշներով հայտնի են Ջերմուկ, Արզնի, Հանքավան, Բջնի, Դիլիջան, Սևան (համանուն լճի ափին), Արարատ հանքային աղբյուրները։

Հայաստանը գտնվում է բարեխառն գոտում, համարյա այնպիսի, լայնության վրա, ինչպիսին են Բալկանյան, Ապենինյան և Պիրենեյան թերակղզիները և տարվա ընթացքում ստանում է այնքան արևի ճառագայթներ, որքան այդ թերակղզիներում գտնվող երկրները։ Թվում է, որ նա պետք է իր կլիմայով մոտ լիներ այդ երկրներին և նրանցից քիչ տարբերվեր։ Սակայն այդպես չէ. պատճառը Ատլանտյան օվկիանոսից հեռու լինելն է։ Հետևապես Հայաստանը ավելի քիչ է ենթակա նրա ազդեցությանը, քան նշված հարավ–եվրոպական թերակղզիները։

Հայաստանի կլիմայի վրա ազդում են նաև այլ գործոններ, այն է՝ ծովի մակարդակից բարձր լինելը, շրջակա լեները և քամիների ուղղությունը։

Հայաստանում ևս, ինչպես դա հատուկ է լեռնային երկրներին, կլիմայական պայմանները փոփոխվում են ծովի մակարդակից ունեցած բարձրության համեմատ, որը աշխարհագրության մեջ ընդունված է անվանել ուղղաձիգ գոտիականություն։

Ցածից դեպի վեր Սովետական Հայաստանում հերթափոխվում են կլիմայի հետեյալ տիպերը. 1) չոր մերձարևադարձային, որը հատուկ է հանրապետության հյուսիս-արևելյան և հարավ-արևելյան շրջաններին, ծովի մակարդակից մինչև 900 մետր բարձրությանը, 2) չոր ցամաքային, որը գերիշխում է Արաքսի միջին հոսանքում, մինչև 1300 մետր բարձրության վրա, 3) չափավոր տաք չորային, որը բնորոշ է նախալեռնային շրջանների համար, Արաքսի միջին հոսանքի հովտում մինչև 1700 մետր, իսկ մնացած շրջաններում՝ մինչև 1200 մետր բարձրության վրա, 4) բարեխառն, որը ձևավորվում է անտառային ու տափաստանային շրջաններում՝ մինչև 2000 մետր բարձրության վրա, 5) լեռնային ցուրտ, որը ենթալպյան և ալպյան մարգագետինների շրջանի կլիման է՝ մինչե 3500 մետր բարձրության վրա, և 6) բարձրալեռնային, որը տարածվում է ծովի մակարդակից

[էջ 54]

ավելի քան 3500 մետր բարձրություն ունեցող ձյունածաւծկ լեռներում։

Ինչպես տեսնում ենք, Սովետական Հայաստանում ներկայացված են կլիմայի համարյա այն բոլոր տիպերը, որոնք առկա են Սովետական Միության ընդարձակ տարածություններում։ Այսպիսով, կլիմայական տեսակետից հանրապետության առանձին մասերն իրարից շատ են տարբերվում։ Երբ Արարատյան դաշտում արդեն պատրաստվում են խաղողի և պտուղների բերքահավաքին, Արագածի բարձրադիր լանջերում գարին հազիվ կարողանում է բոլորել իր վեգետացիոն շրջանը, երբ Զանգեզուրի դաշտային մասերում համարյա ավարտվամ է հունձը, ապա լեռնաշղթաներում տեղ-տեղ դեռ ձյուն է նստած։

Սովետական Հայաստանի լեռների ձգվածությունը հյուսիս-արևմուտքից դեպի հարավ-արևելք կլիմայական տեսակետից ունի բարենպաստ ազդեցություն այն առումով, որ նրանք փակում են հյուսիսային ցուրտ քամիների մուտքը հանրապետության տերիտորիա։

Մեծ տարբերություն կա լեռների հարավային և հյուսիսային լանջերի միջև։ Հարավ ուղղված լանջերին արևի ճառագայթներն ընկնում են ուղղահայաց, հետևապես և տալիս են ավելի շատ ջերմություն, միաժամանակ առաջացնում են ավելի ուժգին գոլորշիացում։ Այստեղից էլ մեծ տարբերությունը հյուսիսային՝ ծմակ, և հարավային՝ արեգունի, լանջերի միջև, որն արտահայտվում է հյուսիսային լանջերին ավելի շատ բուսականությամբ, անտառներով։

Սովետական Հայաստանի լեռնահովիտները, գոգավորությունները, որոնք շրջապատված են սարերով կամ բարձրություններով, նույնպես շատ յուրահատուկ կլիմայական պայմաններ ունեն։ Այսպես, օրինակ, բոլորին հայտնի են Երևանի հետճաշյա քամիները, որոնք կարծես քաղաքի վրա են հարձակվում ցերեկվա ժամը 4—5-ից հետո։ Դրա պատճառն այն է, որ Երևանը երեք կողմից շրջապատված է բարձրադիր լեռներով՝ Գեղամա, Ծաղկունյաց, վերջապես Արագած։ Այս լանջերին օդը ավելի ուշ է տաքանում, քան Երևանի գոգավորությունում, որտեղ ամառը ժամը 4-ի մոտերքը օդը շատ տաք է և թեթև, շրջակա վայրերի համեմա–

[էջ 55]

տաբար սառն օդը ներխուժելով առաջացնում է լեռնահովտային քամի։ Մեր օրերում, շրջակա քարքարոտ ու ցամաք լեռնալանջերի անտառապատման, փողոցների ասֆալտապատման և կանաչ տարածությունների ընդարձակման շնորհիվ բավական կրճատվել է հին երևանցիների հիշողության մեջ դեռ թարմ, անցյալի Երևանին բնորոշ «թոզ ու դումանը»։ Այժմ նրա բնակիչներն ու այցելուները այդ զով հետճաշյա քամին հուլիս և օգոստոս ամիսներին համարում են շատ հաճելի երևույթ։ Այդպիսի քամիներ լինում են և Լենինականում, բայց ավելի ուշ երեկոյան, դա արդեն Եղնախաղի (Ղուկասյանի) ու Շիրակի լեռների ազդեցությունից է։ Ավելի հարավ Արագածի լանջերից փչում է այսպես կոչված Մանթաշի քամին։

Ընդհանուր առմամբ հանրապետության կլիմային հատուկ է ցամաքայնությունն ու չորությունը։

Հայաստանի համար խոնավության տեսակետից Սև ծովից եկող քամիների բարերար ազդեցությունն ավելի շատ նկատելի է մինչև Լոռվա սարահարթը, մանավանդ այն մասերում, որոնք հարում են Ջավախքի (Կեչուտի) լեռներին. դա ավելի շատ վերաբերում է Ստեփանավանի շրջանի հարավային մասին։ Այդ քամիների ազդեցությանը ենթակա լանջերը առատ են բուսականությամբ, ուր կան կաղնու, հաճարենու, բոխու անտառներ։ Այդ տարբերությունը հատկապես լավ է զգացվում, երբ դիտում ես Պուշկինի լեռնանցքից (Բազումի լեռնաշղթայում)։ Նրանից հյուսիս գտնվող լանդշաֆտում տիրապետում է անտառը, իսկ հարավ՝ չորային է, մասամբ խոտային։ Կասպից ծովից ստացվող խոնավությունը ազդում է հանրապետության հյուսիս-արևելյան մասերի (Շամշադինի, Իջևանի շրջաններ) և Զանգեզուրի արևելահայաց լանջերի վրա։

Այսպիսով, Արարատյան դաշտը հեռու է մնում թե՛ Սև և թե՛ Կասպից ծովերի ազդեցությունից, նրա վրա ավելի շատ ազդում է Իրանական բարձրավանդակի մոտիկությունը, որտեղից հանրապետության տերիտորիա են թափանցում արևադարձային օդային զանգվածները։ Եվ պատահական չէ, որ այստեղ կլիման շատ ցամաքային է, ամառը շատ շոգ է (օդի ջերմաստիճանը երբեմն բարձրանում է մինչև 42

[էջ 56]

աստիճան) և դա նպաստում է խաղողի, զանազան մրգերի տեսակների աճմանը, նաև բրնձի մշակությանը։

Ռելիեֆի, կլիմայի և հողերի բազմազանության շնորհիվ Հայաստանում աճում են բույսերի շատ տեսակներ, որոնց թվում չոր մերձարևադարձային, բարեխառն և ցուրտ երկրներին հատուկ շատ բույսեր։ Հայաստանում հաշվվում է մոտ 3200 տեսակի բույս։

Հայաստանի բուսական աշխարհը նույնպես ենթակա է ուղղաձիգ գոտիականության, այսինքն՝ նա խիստ կերպով փոփոխվում է տեղի բարձրության հետ միասին։ Հայաստանում ավելի շատ իշխում է չոր տափաստանային բուսականությունը, իսկ չոռոգվող հովիտներում՝ անգամ կիսաանապատային բուսականությունը, որն առավել ընդարձակ տարածված է Արարատյան դաշտում։ Բարձրադիր լեռներում փռված են ալպյան արոտավայրերի մարգագետինները՝ հյութալի անասնակերով։ Նրանք իրավամբ համարվում են հանրապետության անասնապահության գլխավոր բազան։ Անտառների տարածությունը չնայած մեծ չէ (տերիտորիայի մոտ 12 տոկոսը), բայց Լոռի–Փամբակում, հյուսիս-արևելքում և հարավ-արևելքում տեղ-տեղ կան խոշոր զանգվածներ, որտեղ աճում են կաղնի, հաճարենի, բոխի, գիհի, սոճի, լորենի, թխկի, կաղամախի, հացենի, կեչի, վայրի տանձենի ու խնձորենի։ Արարատյան դաշտում և Շիրակում ներկայումս անտառներ են ստեղծվում կապված դաշտապաշտպանության և կանաչապատման հետ։

Մարդու գործունեությունը Հայկական բարձրավանդակում սկսվել է շատ վաղ ժամանակ ներեց, համարյա բոլոր կուլտուրական բույսերը բարելավվել կամ փոփոխվել են մարդու անմիջական կամ անուղղակի ազդեցությամբ։ Հայաստանը համարվում է ցորենի հայրենիքներից մեկը։ Հայաստանը հայտնի է իր ծիրանով, խաղողով, ընկույզով, նուշով և այլ պտղատեսակներով։

Արարատյան դաշտում լավ են աճում բրինձը, դութման և ձմերուկը, բազմազան բանջարային կուլտուրաներ, Շիրակում՝ ցորենն ու շաքարի ճակնդեղը։ Հայաստանի վայրի բույսերը արժեքավոր շատ տեսակներ օգտագործվում են դեղորայք պատրաստելու համար։

[էջ 57]

Ոչ պակաս բազմազան է Հայաստանի կենդանական աշխարհը։ Բացի Հայկական բարձրավանդակին և Կովկասին հատուկ կենդանիներից, (ինչպիսիք են՝ այծյամը, կովկասյան փասիանը և թռչունների ու օձերի շատ տեսակներ, ցածրադիր մասերում հանդիպում են վարազ, թռչուններից ՝արտույտ, սարյակ, արագիլ, սագ, կաքավ, լեռնատափաստաններում՝ աղվես, գետակուղբ, ցածրադիր մասերում՝ գայլ և արջ, անտառներում՝ եղնիկ, բազե, մայրեհավ և այլն։

Հայաստանում ստեղծված են արգելանոցներ և արգելավայրեր, որտեղ բնական պայմանները պահպանվում, ուսումնասիրվում են և միջոցառումներ են մշակվում դրանց բուսական ու կենդանական աշխարհի հարստացման համար։ Նշանավոր են Խոսրովի անտառը՝ Գառնա արգելանոցում և Դիլիջանի արգելանոցը:

Հայաստանը դեռ պատմական անցյալում հայտնի էր իր ընտիր ձիերով, ջորիներով։ Մյուս կենդանիներից տարածված են գոմեշը, եզը, կովը, ոչխարը, այծը, խոզը և այլն։ Զարգացած է նաև թռչնաբուծությունը և մեղվաբուծությունը։ Սևանա լիճը հռչակված է իշխան, սիգ և այլ ձկան տեսակներով։

Հայաստանի տերիտորիայով հոսում են բազմաթիվ գետեր, որոնք անցնելով խոր ձորերով, գահավիժելով մեծ թեքություններից, առաջացնում են ջրվեժներ ու սահանքներ, որի շնորհիվ մեծ է նրանց էներգետիկական նշանակությունը։ Դրանցից առանձնապես պետք է նշել Հրազդանը (Զանգուն) և Որոտանը, որը Զանգեգուրի փոթորկալից և ջրառատ գետն է։ Հայաստանի գետերին հատուկ են նաև հանկարծակի ուժեղ վարարումները (ամենից (հաճախ գարնան ամիսներին), որոնք վնասների պատճառ են դառնում։

Սովետական Հայաստանի գետերը հիմնականում հոսում են դեպի Կասպից ծով՝ նախապես միանալով Արաքս և Կուր գետերին։

Հայաստանի ամենամեծ գետն է Արաքսը (Արազ, Երասխ), որը սկիզբ է առնում Բյուրակն լեռների Սրմանց գագաթից (Արևմտյան Հայաստան)։ Արաքսը պատմական Հայաստանի ներքին գետերից է, հայոց «մայր գետը». երկարությունն է 1072 կիլոմետր, անցնում է Արարատյան դաշ–

[էջ 58]

տով, որտեղ ճյուղավորվում է հազարավոր հեկտար հողեր ոռոգող բազմաթիվ առուների։ Արաքսը ներկայումս սահմանային գետ է Սովետական Հայաստանի և Թուրքիայի (150 կիլոմետր) և մասամբ Իրանի (40 կիլոմետր) միջև։

Սովետական Հայաստանի հյուսիսային կողմում Արաքսն ընդունում է Ախուրյան (Արփաչայ) և Կարս վտակները: Ախուրյանը Սովետական Հայաստանի ամենաերկար գետն է (205 կիլոմետր), սկիզբ է առնում Արփի լիճ–ջրամբարից: Արաքսի ձախ վտակներից կարևոր են նաև Մեծամորը (Սև ջուրը), Հրազդանը, Ազատը, Վեդին, Արփան, Մեղրին, Ողջին, Որոտանը։ Կուր գետի վտակներից առավել կարևորներն են Դեբեդը և Աղստևը։

Հայկական բարձրավանդակում ջուրը եղել է կյանքի աղբյուր, ջուրը և կյանքը այստեղ հոմանիշներ են։ Ի դեպ, մինչև այսօր էլ հայ ժողովուրդը ավանդաբար նշում է Վարդավառի տոնը, երբ մարդիկ իրար վրա ջուր են ցանում։ Այս տեսակետից էլ կապուտակ Սևանից սկիզբ առնող Հրազդանը ոսկեբեր գետ է Արարատյան դաշտի համար։ Նրան վիճակված է մեծ դեր խաղալ Սովետական Հայաստանի ինդուստրացման և Երևանի վերելքի գործում՝ նրա վրա ստեղծված Սևան–Հրազդան հիդրոէլեկտրակայանների կասկադի միջոցով։

Գետերի դերը մեծ է նաև ոռոգման գործում։ Ոռոգմանը մեծ չափով նպաստեցին նաև սովետական շրջանում կառուցված Շիրակի, Հոկտեմբերյանի, Էջմիածնի, Արտաշատի, Ստորին Հրազդանի, Կոտայքի, Արզնի–Շամիրամի, Թալինի և մյուս ջրանցքները, որոնք տասնյակ հազարավոր հեկտար հողեր դարձրին ջրովի և բերքատու։

Սովետական Հայաստանը հարուստ է նաև սառնորակ աղբյուրներով, որոնք բխում են հատկապես Արագածի լանջերից (Մանթաշի ձորի և Ապարանի աղբյուրները), Գեղամա լեռներից (Կոտայքի Քաուսունակն աղբյուրները), Ջավախքի լեռներից (Ղազանչիի աղբյուրները) և այլն։ Սովետական Հայաստանում հաշվվում են տարբեր ջերմաստիճանի ու քիմիական կազմի շուրջ տասը հազար աղբյուրներ, որոնք օգտագործվում են կենցաղային ու արդյունաբերական

[էջ 59]

ջրամատակարարման, ինչպես նաև ոռոգման և բուժական նպատակներով։

Սովետական Հայաստանի բնության գեղեցկությունը լրացնում է Սևանա լիճը, որը պատմական Հայաստանում կոչվել է Գեղամա կամ Գեղարքունյաց ծով, որովհետև հին ժամանակ Հայաստանի լճերը ծով կամ ծովակ անունն էին կրում։ Շրջակա լեռները՝ Գեղամա, Վարդենիսի, Սևանի (Շահդաղի) և Արեգունի, լճին արտակարգ գեղեցկություն են տալիս։ Այսպես է գովերգել նրան հայ բանաստեղծը.

«Սիրուն է նա լուսաբացին,
Ե՞րբ չի սիրուն Սևանն ասեք,
Քար են կտրել նրա սիրուց
Մեր Գեղամա լեռները սեգ»։

 


1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | 32 | 33 |

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր. Ավետիսյան Կ.Մ., Ավետիսյան Ա.Ա., Հայրենագիտական էտյուդներ։ «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1979
Տրամադրեց. Միքայել Յալանուզյան

Տես նաև

Филип Марсден — Перекресток: Путешествие среди армян

Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice