ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian

Կամսար Ավետիսյան,

ՀԱՅՐԵՆԱԳԻՏԱԿԱՆ ԷՏՅՈՒԴՆԵՐ


ՎԱՆԻ ՆԱՀԱՆԳ (ՎԻԼԱՅԵԹ)

«Գեղեցկություն՝ ահա այդ աշխարհի անունը մի բառով»։

ԼԵՈ։

Վարչական տեսակետից Արևմտյան Հայաստանը բաժանվում է այնպիսի միավորների, որպիսիք գոյություն ունեին Թուրքիայում։ Ամենամեծ միավորը կոչվում էր վիլայեթ (համապատասխանում էր նահանգին)։

Արևմտյան Հայաստան ասելով մինչև 20-րդ դարի սկզբները քաղաքական աշխարհում հասկանում էին այն վեց նահանգները (վիլայեթները), որոնք ծանոթ են նաև «արևելյան նահանգներ» կամ «հայկական վեց նահանգներ» անվամբ։ Դրանք են՝ Վանի, Բաղեշի կամ Բիւթլիսի, Կարինի կամ Էրզրումի, Խարբերդի (Մումուրեթ ուլ Ազիզի), Դիարբեքիրի, Սեբսատիայի կամ Ավազի նահանգները։

[էջ 167]

Ամեն մի նահանգ կամ վիլայեթ կառավարում էր նահանգապետը կամ վալին1, որը նստում էր նահանգական քաղաքում։

Նահանգները բաժանվում էին շրջանների կամ սանջակների։ Շրջանը կառավարում էր գավառապետը (մութասարիֆը), որը ենթարկվում էր նահանգապետին։ Իսկ ամեն մի շրջան էլ բաժանվում էր գավառների կամ կազաների, որոնք կառավարվում էին գավառապետների կամ գայմագամների ձեռքով։ Ամեն մի գավառ էլ բաժանվում էր գավառակների կամ նահիեների, որոնց գլուխ կանգևած էին գյուղապետները կամ մուդիրները։

Նահանգներից Վանը, Բիթլիսը, Էրզրումը, ինչպես նաև Խարբերդը ամբողջությամբ, և Տիգրանակերտ նահանգի մի մասը մտնում են Հայկական բարձրավանդակի մեջ, իսկ Սեբաստիայի նահանգը, որ Փոքր Հայքի մի մասն է, դուրս է մնում Հայկական բարձրավանդակից։

Նահանգներից ծանոթանանք Վանի նահանգին, որի սահմաններն են՝ հյուսիսից՝ Էրզրումի նահանգը, արևմուտքից՝ Բիթլիսի նահանգը, հարավից՝ Քրդստանը, արևելքից Պարսկահայքը:

Նահանգի տարածությունը մոտ 40 հազար քառակուսի կիլոմետր է, բնակչությունը մինչև եղեռնը 350000 մարդ, որից 200000-ը հայեր էին։

Վանի նահանգը բաժանվում էր երկու սանջակների՝ Վանի և Հեքյարիի:

Վանը ոչ միայն համանուն նահանգի գլխավոր քաղաքն էր, այլև Արևմտյան Հայաստանի կենտրոնական և հայաշատ քաղաքներից մեկը։

Վան քաղաքին և լճին հարող գավառներին կծանոթանանք որպես առանձին շրջաններ, կենտրոն ունենալով Վանա լիճը։

1. Թե՛ վալիի և թե՛ մնացած գավառական պաշտոնները (փաշայություն) փողով վաճառում էին ամենից շատ վճարողին: Փաշաները փաստորեն հարկ էին վճարում սուլթանին մոտ կանգնած պաշտոնյաներին։ Դրա փոխարեն փաշաները իրենց ստորադասների միջոցով կողոպտում ու հարստահարում էին ժողովրդին։ Մի մասը փոխհատուցում էր վճարած գումարը, իսկ մյուս մասն էլ մնում էր իրենց։

[էջ 168]

Վանա լիճը իր ամբողջ ավազանով հանդիսանում է Վասպուրականի հմայքը։ Ծովի մակարդակից բարձր է 1720 մետր, մակերեսը գրավում է շուրջ 3,7 հազար քառակուսի կիլոմետր տարածություն։ Լիճը գրեթե վեց անգամ մեծ է Ժնևի լճից (Շվեյցարիայի և Ֆրանսիայի սահմանի վրա)։ Վանա լճի առավելագույն երկարությունը 124 կիլոմետր է, իսկ լայնությունը՝ մոտ 51 կիլոմետր։ Միջին խորությունը 16 մետր է, իսկ առավելագույնը՝ 25 մետր: Վանա լճի մակարդակը տարիների ընթացքում տալիս է զգալի տատանումներ, ընդ որում նրա ափերին առաջանում են նորանոր ծոցեր ու թերակղզիներ։ Հաճախ ծածկվում են լճի ափին ընկած վարելահողերը՝ դժվարություններ ստեղծում շրջանի բնակչության համար։

Վանա լիճը պատմական Հայաստանում ծով է կոչվել։ Ընդհանրապես մեր նախնիները Հայկական բարձրավանդակում գտնվող լճերին ծով են անվանել, ավելի փաղաքշական ձևով՝ ծովակ։

Հայկական բարձրավանդակում քաղաքները, առհասարակ, բնակավայրերը, շատ բարձր դիրք ունեն՝ ծովի մակարդակից հարյուրավոր մետրեր։ Բայց հետաքրքիր է, որ Հայաստանում էլ քիչ չեն ջրասույզ եղած բնակավայրերը։ Դրանցից է Վասպուրականի Արճեշահովիտ գավառի Արճեշ քաղաքը՝ Վանա ծովի հյուսիսային ափին։ Քաղաքը հիմնված է խալդական շրջանում, մինչև անցյալ դարի սկիզբը Արճեշը շեն էր, ուներ, մոտ 1500 տուն։ Լճի մակարդակի բարձրացման հետևանքով, հյուսիսային ափին գտնվող Արճեշը ծածկվեց ծովի ջրով, իսկ Կտուց թերակղզին վերածվեց կղզու։ Ջրով են ծածկվել նաև Աղթամար կղզու հարավային մասում գտնվող որոշ նշանավոր կառույցներ։ Ըստ ավանդության, երբ այս երկիրը գտնվում էր հույների ձեռքին, նրանք լճի հարավային կողմից գաղտնի, ստորերկրյա ճանապարհ էին կառուցել, որտեղից ջուրը դուրս էր հոսում և միշտ պահպանում լճի հավասարակշռությունը։ Բայց, երբ հույները ստիպված էին թողնել երկիրը, նրանք ծածկեցին ջրի ճանապարհը և այդ օրվանից սկսեց ջուրը առատանալ։ Իհարկե ավանդությունը մնում է ավանդություն, բայց ջրի մակարդակի տատանումը փաստ է։

[էջ 169]

Վանա լիճը բոլոր կողմերից շրջապատված է լեռնաշղթաներով։ Նրա հարավային մասում բարձրանում են Գլխավոր Տավրոսի շղթաները, որոնք այս մասում հայտնի են նաև Կորդվաց լեռներ անվան տակ, որոնց գեղեցիկ գագաթներից են՝ Արտոս և Եղերով սարերը։

Գլխավոր Տավրոսը տարբեր ուղղություններով կտրտված է խոր լեռնահովիտներով։ Վերջիններս, իրենց հերթին, պարփակվածության շնորհիվ, առանձին աշխարհագրական միավորներ են ներկայացնում։

Հարավում ընկած են՝ Հայոց Ձոր, Նորդուզ, Աղբակ, Ջուլամերիկ, Ռշտունիք, Կարկառ, ինչպես նաև Շատախ, Խիզան և Մոկաց երկիր գավառները։

Հյուսիսային մասում Արածանիի (Մուրադի) ավազանը Վանի ավազանից բաժակվում է Ալա-Դաղ (Ծաղկանց) լեռներով, որոնց սահմանները հասնում են մինչև Բերկրի։

Ալա-Դաղ լեռների հարավային լանջերը նայում են դեպի լիճը և առաջացնում խոր գետահովիտներ, որտեղով հոսում են լճի ավազանին պատկանող շատ գետեր։ Ծաղկանց լեռներից մի ճյուղ ձգվում է դեպի հարավ-արևմուտք, ուր բարձրանում է գեղատեսիլ Սիփանը (4434 մետր), որը իր տեսքով շատ է նման Մասիսին։ Սիփանը նույնպես հանգած հրաբուխ է, ծածկված սպիտակ գույնի հրաբխային ապարներով։ Գագաթը ծածկված է հավերժական ձյունով։

Լճից արևելք և հյուսիս-արևելք բարձրանում են երկգագաթ Վարագը՝ Վերին Վարագը և Ներքին Վարագը, ինչպես նաև Թիմարի լեռները։ Վարագը աչքի է ընկնում իր գեղատեսիլ բնությամբ, ծաղկավետությամբ։ Ջրաբաշխ լեռ Է։ Դրախտանման վայր է այստեղ։ Հրաշագեղ է լեռը՝ չորս կողմը պճնված հազար ու մի երփներանգ ծաղիկներով։ Վարագը նաև մի լիաբուխ ջրամբար է ներքում գտնվող դաշտերի ու այգիների համար։ Այստեղ են գտնվում հարյուրավոր աղբյուրների ակունքները, ամեն մի քայլափոխում հանդիպում ենք վտակների։ Վարագա լեռան ամենաբարձր կետը Գալիլիե գագաթն է։ Այդտեղից, մանավանդ, երբ պարզ է լինում երկինքը, երբ խաղաղ է բնությունը, ապա անարգելք հորիզոնը օգնում է տեսնելու հյուսիսային կողմում, հեռվում գտնվող Մասիսները, տեսնելու նաև Նպատը, Արագածի

[էջ 170]

ձյունապատ գագաթները և նրանց ամբողջ շրջակայքը։ Արևմուտքից երևում է Վանա լիճը՝ շրջատատված իր գավառներով։ Վարագա լեռան զույգ վանքերը գտնվում են համանուն լեռան վրա։ Այս երկու վանքերը անուններն էլ ս. Նշան են։ Վերին Վարագա վանքը ժամանակին շեն էր ու պայծառ։ Այժմ ավերակ է, և ամեն մի քար ու փլակույտ մի պատմություն շշնջող մնացորդ։ Վանքը գտնվում է լեռան գագաթին։ Վերին Վարագա լեռան արևելյան ստորոտում գտնվում է հնուց խնամքով շինված Քեշիշ Գյոլ (Տերտերի լիճ) կոչվող լիճը, որը պահեստի ջրամբար է Վանի ամբողջ այգեստանների համար։

Ներքին Վարագի վրա գտնվում է ս. Նշանի անվան Վարագա վանքը, որը կոչվում է նաև Մենաստան Վարագա ս. Խաչի։ Սա Վասպուրական աշխարհի պաշտելի սրբավայրերից մեկն է։ Գտնվում է Վարագա լեռան հարավային ստորոտում, Վանից (Այգեստանից) արևելք, մոտ վեց կիլոմետր հեռավորության վրա։ Հիմնվել է 10-րդ դարի վերջերին։ 1860-ական թվականներին այս վանքը նշանավոր դարձավ Խրիմյան Հայրիկի օրոք, որը այստեղ բացեց գիշերօթիկ ժառանգավորաց դպրոց, հիմնեց տպարան և հրատարակեց «Արծիվ Վասպարականի» ամսագիրը։ Այստեղ նշանավոր է մատենադարան-թանգարանը, ուր դասավորված էին հին և նոր, թե՛ տպված և թե՛ ձեռագիր բարոյական, իմաստասիրական, գիտական, պատմական և այլ մատյաններ։ Վարագա վանքի ս. Խաչը մի հոյակապ տաճար է։ Թուրքերը կոչել են «Եդդի Քիլիսե», այսինքն՝ Յոթ տաճար։ Որովհետև ս. Խաչ վանքի շրջակայքում կան նաև վեց այլ տաճարներ զանազան անուններով։

Լճից արևելք ընկած մասը ամենից ընդարձակն է. նա ձգվում է մինչև իրանական պետական սահմանը։ Ջրբաժան գծի հեռավորության պատճառով գետերն այստեղ ավելի երկար են։ Առավել նշանավոր են Բերկրի և Խոշաբ գետերը։

Լճի արևմտյան մասում գտնվում է Ռահվայի սարահարթը, որը բաժանում է Վանա լճի ավազանը Բիթլիս-չայից և Արածանիից։ Այս մասում բարձրանում են Նեմրութ (Նեբրովթ) և Գռգուռ սարերը։

Շրջապատող այս լեռները լճին տալիս են շատ գեղեցիկ

[էջ 171]

տեսք, որն իր առանձնահատուկ կենդանությամբ հիացմունք է պատճառել շատ ճանապարհորդների, բանաստեղծների, արվեստագետների։ Լիճը շրջապատող վայրերի կլիման մեղմ է, որի պատճառով աճում են բազմապիսի պտղատու ծառեր (խնձորենի, տանձենի, ընկուզենի և այլն) և խաղող։

Վանա ավազանի տնտեսական կյանքում շատ մեծ նշանակություն ունի լիճը, նա է բարերար ազդում այս երկրի կլիմայի վրա, նա է տալիս առատ տառեխ և բորակ։ Լիճը նաև կարևորագույն հաղորդակցության միջոց է։

Վանա լիճը ընդունում է բազմաթիվ գետեր ու գետակներ, սակայն նրանից ոչ մի գետ սկիզբ չի առնում։ Գետերը գլխավորապես թափվում են լճի արևելյան մասում։ Վանա լճի մեջ թափվող գետերը հարուստ են ձկներով, հատկապես Մարմետ (Կարա-սու) գետը։ Վերջինս սկիզբ է առնում Առբերանի լեռներից և լիճն է թափվում Վանից հյուսիս։ Իսկ Բերկրի (Բանդիմահի) գետը, որը Վանա լիճը թափվող գետերից ամենաջրառատն է՝ գալիս է Թոնդուրեքից և լիճն է թափվում հյուսիս-արևելյան կողմից։

Գետերի մեջ նշանավոր է նաև Խոշաբը կամ պատմական Անգղ գետը, որը սկիզբ է առնում Անձևացյաց լեռներից և լիճն է թափվում Վանից հարավ։ Վանի ավազանի գետերը, հատկապես Խոշաբի վերին հոսանքները, շնորհիվ մեծ թեքության, ունեն հիդրոէներգետիկ նշանակություն։

Պատմական Հայաստանում լճի շրջապատում գտնվում էին հետևյալ նշանավոր, գավառները՝ Բզնունիք (Ախլաթ), Խոռխորունիք, Աղիովիտ (Արճեշ), Տոսպ (Վան), Հայոց Ձոր, Ռշտունիք և այլն։

Վանա լճի ավազանում ծաղկեց հնագույն և նշանավոր պետություններից մեկը՝ Ուրարտուն։ Լճի ափին հիմնվեց և իր ծաղկման փառքին հասավ Արծրունյաց թագավորությունը։

Պատմական անցյալում Վանա լիճը հայտնի է եղել՝ «Նաիրի Վերին ծով», «Տոսպա ծով», «Բզնունյաց ծով», «Ռշտունյաց ծով», «Արծրունյաց ծով», «Աղթամարի կամ Ախթամարի ծով» անուններով։

[էջ 172]

Ինչպես տեսնում ենք, Վանա լճին, հայերը տարբեր անուններ տալուց բացի, միշտ էլ նրան ծով են անվանել։

Լճի ջուրը շատ աղի է, որի պատճառով էլ ոչ ոռոգման համար է պիտանի և ոչ էլ խմելու, սակայն պարունակում է մեծ չափով կալիում և նատրիում կարբոնատներ։ Այսպիսով լիճը շատ սոդա և պոտաշ է պարունակում։ Դա օգտագործվում է օճառ եփելու և լվացքի համար։ Անվանի ճանապարհորդ Լինչը գրում է. «Լճի ջրի մաքրեցուցիչ հատկությունների մասին Ստրաբոնի հաղորդագրությունը փայլուն հաստատում ստացավ։ Բավական է նրա մեջ մի փոքր լողանալ, որպեսզի ջրից դուրս գաք այնպես մաքուր, կարծես թե ամբողջ մարմինը օճառ եք քսած, սակայն օճառ՝ չափազանց հաճելի որակի, որը մաշկի վրա թավշի զգայություն է թողնում»։

Ամռանը շրջակա բնակիչները ափի մոտ ոչ մեծ ավազաններ էին պատրաստում և լցնում լճի ջրով։ Ջուրն արագորեն գոլորշիանում էր, իսկ հատակին նստում էր սոդայի շերտը։ Այդ սոդան գնում էր Արևմտյան Հայաստանի տարբեր մասեր, այդ թվում և Իրան։ Վան քաղաքում փորած ջրհորների ջուրը նույնպես բորակի համ ունի։

Չնայած իր բարձր դիրքին, Վանա լիճը սովորաբար չի սառչում։ Միայն խիստ ցրտերի ժամանակ լճի հյուսիս-արևելյան ափերը ծածկվում են սառույցի բարակ շերտով։ Առտեր ամայի կղզին շատ անգամ սառույցով կապվում է ցամաքի հետ և բնակիչները իրենց ոչխարները սառույցի վրայով անց են կացնում, տանում կղզի արածեցնելու։

Լիճը հարուստ է հայտնի տառեխ ձկան տեսակով։ Գարնանային վարարումների ժամանակ, երբ ջրերը պղտորվում են, տառեխը բարձրանում է գետաբերանները։ Բնակիչները ձուկը որսում էին այնպիսի քանակությամբ, որ ոչ միայն կերակուր էր դառնում բնակչության համար, այլև արտահանվում էր Բիթլիս, Մուշ, Էրզրում և այլ քաղաքներ։ Տնտեսական մեծ արժեք ունի տառեխը, որը մինչև 1914 թվականը արտահանվում էր նաև Անդրկովկաս։

Լճում կան թվով վեց կղզիներ։ Դրանցից երկուսը գտնվում են լճի հյուսիսային մասում, իսկ չորսը՝ արևելյան։ Ավելի նշանավոր են արևելյան մասում գտնվող չորս կղզիները՝ Աղթամար, Լիմ, Կտուց և Առտեր։ Այս կղզիներից

[էջ 173]

երեքը եղել են մենաստաններ և ունեցել են վանքեր։ Կղզիներից Լիմը ամենամեծն է տարածությամբ, բայց նշանավոր է Աղթամարը։

Լիճը շրջապատում էին ծաղկած նավահանգիստներ ու քաղաքներ, որոնցից շատերն այժմ պահում են իրենց պատմական անունները՝ Վան, Ավանց, Արտամետ, Ոստան, Նոր Գյուղ, Մոխրաբերդ, Գանձակ, Սուրբ, Վանիկ, Դատվաս, Ախլաթ (Խլաթ), Արծկե (Ալջավազ), Աղորաֆ, Ականց, Առնիս, Արճեշ, Կարաքեշիշ, Ջանիկ, Էրերին և Աղթամար։ Ըստ ակադեմիկոս Մանանդյանի, Արևմտյան Հայաստանի հարավային մասում ընկած այս քաղաքները՝ այս մասի համար եղել են այն, ինչ որ Հյուսիսային Հայաստանի համար Դվինը, Անին, Կարինը։

Խոսելով Վանի ավազանի մասին պատմաբան Լևոն գրում է. «Երկիրը կարևոր աշխարհագրական դիրք ունի Առաջավոր Ասիայի արևմտյան մասում։ Գտնվում է հաղորդակցության մեծ ճանապարհների վրա, առևտրական նշանակությունից ավելի՝ ռազմական առաջնակարգ կարևորություն է ներկայացնում հարավային երկրների համար»։

Նավահանգիստներից ամենից կարևորը Դատվանն է, իր հարմար ծովածոցով։ Դատվանում է կատարվում առևտուրը թե՛ Բիթլիսի և՛ թե՛ Միջագետքի հետ։ Ալջավազը Վանը կապում է Տրապիզոնի հետ, իսկ Առնիսը՝ Բայազետի հետ։

Վանի ավազանը հարուստ գյուղատնտեսական շրջան է։ Գետերի առատության շնորհիվ երկրագործությունը ջրովի է և երաշտը համարյա բացակայում է։ Հացահատիկային կուլտուրաներից շատ են տարածված ցորենը, գարին, հատկապսես նշանավոր է Ալջավազի ցորենը։ Մոքսում և Գյավուշում տարածված է նաև կորեկի մշակումը։ Կլիմայական պայմանները նպաստում են նաև պտղատու ծառերի մշակմանը. աճում է նաև խաղող։

Համատարած այգեշատ վայրեր են Վանը, Արտամետը, Արճեշը, Ալջավազը, ինչպես նաև Մոքսը և Շատախը։

Նշանավոր է Արտամետի անուշահոտ և կարմիր խնձորը, ձվի մեծությամբ և բարակ կեղևով ընկույզը, ինչպես նաև Արճեշի խաղողը, Ալջավազի ծիրանը, Շատախի ընկույզը և այլն։

[էջ 174]

Անասնապահության գլխավոր ճյուղը հանդիսանում է ոչխարաբուծությունը։ Վանի ոչխարները հայտնի են թե՛ իրենց բրդով (2,5 կիլոգրամ), և թե՛ իրենց դմակով։

Վանի ավազանը հարուստ է նաև հանքերով։

Բերկրի գավառում կան նավթի պաշարներ, Արճակի գավառում և Շատախում՝ քարածուխ։ Երկաթ կա Զուլամերիկում, իսկ Արճակ և Ալջավազ գավառներում՝ ծծումբ, Մոքսում՝ ասֆալտ։ Հանքերով հարուստ են նաև մյուս գավառները, շինանյութերով` Թիմարը։ Հարավային գավառները հարուստ են անտառներով (կաղնի, թղկի, բոխի, բարդի, ինչպես նաև մասրենու թփուտներ)։

Շրջանի տնտեսությանն մեջ բացառիկ դեր են խաղացել հայերը, որոնք ճանաչվել են որպես հմուտ արհեստավորներ, լավ այգեգործներ, երկրագործներ, խաշնարածներ։ Այգեստանում և Շատախում հայերը նշանակալից դեր են խաղացել այգեգործության ասպարեզում։

Ավազանի կենտրոնանան քաղաքը, նրա կորիզը Վանն Է։

Բացի Վանից և նրա արվարձան Այգեստանից, ինչպես նաև Արտամետ ու Ավանց բնակավայրերից, լիճը շրջապատված է նաև այլ գեղատեսիլ, լայնանիստ հովիտներով, խոր ու անտառապատ ձորերով, որոնք կազմում են առանձին մեծ ու փոքր բնագավառներ, իրենց ուրույն կլիմայով, բնությամբ և տնտեսական առանձնահատկություններով։ Սրանք պատմական Հայաստանում առանձին գավառներ ու գավառակներեն եղել։

Վանա լճի ավազանը մանրամասն ու ճիշտ ուսումնասիրման տեսակետից, պետք էր բաժանել մի քանի շրջանների, ի դեպ, դրանցից մի քանիսը (Նորդուզ, Աղբակ, Ջուլամերիկ) աշխարհագրական տեսակետից չեն մտնում լճի ավազանի մեջ, բայց կապված են եղել նրա հետ պատմական, ազգագրական, տնտեսական խոր կապերով։

Այսպիսով, բացի Վանի անմիջական շրջանից կան նաև հետևյալ ենթաշրջանները, որոնք տեղադրված են այսպես.– լճից դեպի արևելք Վան և կից բնակավայրեր, հյուսիս–արևելք՝ Թիմար, հարավ–արևելք՝ Հայոց Ձոր, Նորդուզ (Անձևացյաց երկիր), Աղբակ և Ջուլամերիկ, լճից հարավ՝

[էջ 175]

Ռշտունիք (Գավաշ), Կարճկան և Կարկառ, Մոկաց երկիր, Խիզան, Շատախ։ Լճից արևմուտք՝ Դատվան, վերջապես հյուսիս և ծայր հյուսիս-արևելք՝ Խլաթ (Ախլաթ), Արծկե (Ալջավազ), Արճեշ և Բերկրի։

Այժմ Վան քաղաքի մասին։ Քաղաքը գտնվում է Վանա լճի ափին, պտղաբեր դաշտում, խաղողի այգիներով ու պարտեզներով շրջապատված։ Ենթադրյալ դրախտի մաս կազմող այս գեղատեսիլ քաղաքը իր անվանումը ստացել է Բիայնա կամ Բիաինի անունից, որը նշանակել է «Բիա ցեղի երկիր»։ Ուրարտուի արձանագիր թագավորները, գրեթե բոլորն էլ իրենց կոչում էին «թագավոր Բիայնայի» և «Տիրակալը Տուշպա քաղաքի»։ Ուրարտական Բիայնա կամ Բիաինի ցեղն էլ բնակվել է Վանա լճի արևելյան մասում, ուր գտնվում է ներկայիս Վան քաղաքը՝ հին Տոսպը-Տուշպան։ Վանի արձանագրություններում եղած Բիայնա անունը համապատասխանում է ներկա Վանա լճի ավազանին։ Ժամանակի ընթացքում «բիայնա» կամ «բիանա» անվանումը ձևափոխվել և դարձել է Վան։ Ի դեպ, հետաքրքրական է այն, որ Վան քաղաքի հին անունը՝ Տուշպա (Տոսպ) անցել է գավառին, իսկ երկրինը՝ (Բիաինա) քաղաքին:

Մեր ավանդական պատմագրության մեջ Վան քաղաքը կոչվել է Շամիրամակերտ. որպես ձեռակերտ ավանդական Շամիրամ թագուհու։ Արայի մահվանից հետո Շամիրամը գալիս է Հարավային Հայաստան։ Ճանապարհին կանգ է առնում Վանա լճի ափին, ներկա Վան քաղաքի մոտերքում։ Բնությունը հրապուրում է նրան։ Շամիրամը տեսնելով սառնորակ աղբյուրները և օդի բարեխառնությունը, Բզնունյաց ծովի արևելյան ափին հիմնում է Շամիրամակերտ քաղաքը, ամառն այստեղ անցկացնելու համար։ Դրա համար էլ մեր ավանդական պատմության մեջ հաճախ Վանը կոչվում է «Շամիրամի ամառանոց»։ Շամիրամը քաղաքի համար կառուցում է մի հոյակապ ջրանցք, որն անցնելով Հայոց Ձորով և Խոշաբ գետի վրա կառուցված ջրատարով, գալիս է Վան։ Այդ ջրանցքը միմչև այժմ էլ պահպանվում է, և ժողովուրդը այն Շամիրամի առու է անվանում։ Այսօր էլ դեռ Վան քաղաքում կա Շամիրամի անունով թաղ։ Այդ բոլորի մասին մեզ հիանալի ավանդություն թողեց Մովսես Խորե–

[էջ 176]

նացին, որը կիսաառասպելական Շամիրամին վերագրեց այն բոլորը, ինչ ստեղծվել էր Վանում՝ մեծագործ սերունդների կողմից։

Պատմական անցյալում Վանը մտել է Վասպուրական նահանգի Տոսպ գավառի մեջ։ Վանի հայ ժողովուրդն ասում է, «Վանն այս աշխարհում, արքայությունն այն աշխարհում»։ Այս ասացվածքը սոսկ սնապարծություն չէ։. Հիանալի է Վանի ընդհանուր տեսարանը. մի կողմից` գեղատեսիլ ալեծուփ կապուտաջուր ծովակը, մյուս կողմից` ժայռի վրա գտնվող բերդը, ընդարձակ այգիների մեջ թաղված Այգեստանը, լեռնաշղթաներով շրջապատված դաշտը գերբնական տպավորություն են թողնում ճանապարհորդիվրա։ Վանի նման գեղեցիկ տեսարանով քաղաքներ քիչ կգտնվեն ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում: «Տեսնել Վանը, ապա մեռնել»,— ասել է Լինչը։

Քաղաքի հյուսիսային մասում հարթության վրա բարձրանում է մի ժայռաբերդ, որը հանդիսանում է Վանի միջնաբերդը՝ իր հռչակավոր բևեռագիր արձանագրություններով։ Հենց այս մասում էլ գտնվում է քաղաքի գլխավոր մուտքը, որ կոչվում է Թավրիզյան դարբաս։

Քաղաքի հյուսիս–արևելյան մասում գտնվում են Թոփրակ-Կալեի բարձունքները։ Սա այն հռչակավոր վայրն է, որը բազմաթիվ պեղումների շնորհիվ՝ հայտնաբերված թանկարժեք հնություններով, լույս է սփռում Վանի պատմական մեծ անցյալի վրա։ Իր ժամանակին այդ աննման հնությունները կամ հափշտակվել են, կամ տարվել եվրոպական թանգարանները։

Դեպի բերդ տանող ճանապարհը անցնում է զառիթափ բարձունքով։ Ժայռի մեջ փորված դահլիճները՝ քառակուսի կամ խորանարդ ձևով, զարդարանքներ չունեն, սակայն նրանց պատերը սքանչելիորեն փայլեցված են։ Պատերի երկարությամբ փորված են քառակուսի որմնախորշեր։. Գլխավոր դահլիճից չորս մուտքեր տանում են դեպի կողային այրերը։ Դահլիճ է տանում մի սանդուղք, որն ապշեցուցիչ է իր մեծությամբ։ Այս դահլիճ-այրերի մուտքի վրա ժայռը ծածկված է սեպագրերով։ Ժայռի հարավային կողմը, որը նայում է դեպի քաղաք, միանգամայն ուղղաձիգ

[էջ 177]

է։ Սակայն ժայռի ստորոտից շինված են աստիճաններ, որոնք տանում են դեպի քարից կերտած սենյակները։

Բուն բերդի մեջ հեթանոսական ժամանակների և Արծրունիների ժամանակաշրջանի կառուցումներից ոչինչ չի մնացել, որովհետև այդ բոլորը, 1392 թվականին կործանվեցին Լենկթեմուրի ձեռքով։ Այնուամենայնիվ ժայռի մեջ փորված կառուցումները դիմացել են նրա կողմից գործադրած բոլոր տեսակի ավերիչ միջոցներին։

Վանում է գտնվում նաև Ագռավի կամ Ակրփու քար կոչվող ժայռը, որը ըստ ավանդության, կապված է Սասունցի Դավիթ դյուցազներգության հետ։ Փոքր Մհերը, իր հոր՝ դյուցազուն Դավթի անեծքի պատճառով՝ փակվել է այդ ժայռ–քարանձավի մեջ։ Եվ տարին մեկ անգամ բացվում են ժայռի դռները, երկնքից իջնող մանանայով սնվում են Մհերն ու իր ձին, այնուհետև նորից փակվում են ժայռի դռները: Ըստ ավանդության, Մհերը իր ձիու հետ այդտեղ պետք է մնա այնքան ժամանակ, մինչև որ աշխարհում թագավորի մարդասիրությունը, արդարությունը, ազնվությունը, խաղաղությունը և գաղափարական կյանքը։

Ընդհանրապես ավանդական, պատմական ու ազգային հիշատակներով հարուստ վայրեր, ավաններ շատ կան Վանի շրջակայքում։

Վանը հայտնի է իր բազմաթիվ արձանագրություններով, որոնք առաջին անգամ ընթերցել է Շուլցը՝ 1827 թվականին, այնուհետև դրանք հրապարակվել են 1840 թվականին։ Այդ արձանագրություններից հետաքրքիր են՝ Վանի ժայռի վրա պարսից արքա Քսերքսեսի թողած արձանագրությունը, որը ունի 18 մետր բարձրություն։ Կա նաև մի այլ արձանագրություն ընդամենը 500 տող (մի շարք աղբյուրներում 300 տող), որտեղ Ուրարտուի Արգիշտի թագավորը սերունդներին պատմում է իր վիթխարի հաղթանակների մասին ընդդեմ ասորեստանցիների և իր այլ թշնամիների։ Այդ արձանագրությունը ինքնըստինքյան հաղթական պատերազմների տարեգրություն է, որը պատմական անցյալի վրայից բարձրացնում է վարագույրը։

Այսպիսով, Վանն իր պատմական արմատներով հասնում է մինչև ուրարտական շրջանը։ Նա միաժամանակ հայ

[էջ 178]

ժողովրդի պատմության լավագույն հուշարձանն է։ Վանին վիճակվել է պատմության մեջ երկու անգամ լինել մայրաքաղաք, մենը՝ Ուրարտուի, մյուսը Վասպուրականի Արծրունիների ժամանակ:

1548 թվականին (ըստ ոմանց՝ մոտ 1533 թ.) թուրք– սելջուկյան հորդաների կողմից գրավվելուց հետո, Վանը կորցրեց իր վաղեմի փառքը։

Վանը բաժանվում է երկու մասի՝ բուն քաղաք և Այգեստան (թուրքերը անվանում են (Բաղլար)։ Բուն քաղաքը պատած է պարիսպներով։ Այստեղ էին գտնվում պետական հիմնարկները և շուկան։

Այգեստանը գրավում է քաղաքի արևելյան մասը։ Նա բաղկացած է հետևյալ մասերից՝ Հայկավանք, Արարք, Նորաշեն, Հայնկուսներ և Կլորթաղ։ Այգեստանը քաղաքը ծառազարդ և ավելի բարեկարգ ու մաքուր մասն էր հանդիսանում, հարուստ էր բազմաթիվ առուներով և թաղված էր այգիների մեջ։ Այգեստանը հայտնի էր իր առատ խնձորով (6 տեսակ), տանձով (15 տեսակ), սալորով (25 տեսակ), ծիրանով և այլ մրգերով։ Այգեստանի խաղողը համեղ չէր, բայց նրանից լավ գինիներ էին ստացվում։ Այգեստանը (հարուստ էր նաև ծաղիկներով։

Վանը մեծ արժեք էր ներկայացնում նաև արդյունաբերական և առևտրական տեսակետից։ Նա Արևմտյան Հայաստանի ամենահայաշատ, ամենաառաջադեմ քաղաքն էր։

Վանը ոչ միայն Վասպուրական նահանգի, այլև Արևմտյան Հայաստանի մտավորական կյանքի գլխավոր կենտրոններից մեկն էր։ Վանեցիները շատ ընթերցասեր էին։ Վանը տվել է բազմաթիվ անվանի մարդիկ, ինչպես օրինակ՝ Թովմա Արծրունի, Խոսրով Անձևացի, Գրիգոր Նարեկացի, Գրիգորիս Աղթամարցի, Թովմա Մեծոփացի, Նահապետ Քուչակ։ Նորագույն ժամանակների մեծ դեմքերից էր՝ մեծ հայրենասեր Մկրտիչ Խրիմյանը (Հայոց Հայրիկը), որի հայրենական տունը Վան քաղաքի մեջ դարձել էր ուխտատեղի:

Հայերն ունեին բազմաթիվ դպրոցներ։ Վանում էին գտնվում Երեմյան և Կենտրոնական վարժարանները։ Հա–

[էջ 179]

մարյա բոլոր թաղերը ունեին իրենց դպրոցները։ «Այստեղ զգում ես, որ գտնվում ես Հայաստանում։ Փողոցներում լսվում է միայն հայերեն, թուրքեր համարյա չեն երևում»,— գրում է մի ճանապարհորդ։

Արհեստներից զարգացած էին ոսկերչությունը, կտավագործությունը, շալագործությունը։ Վանեցի հայուհիները լավ տնտեսուհիներ էին, պատրաստում էին ընտիր կերակուրներ և այլ ուտելիքներ ու խմիչքներ։ Հայտնի էր Վանի թանապուրը, հարիսան, խաշը և կանաչեղենով խառը պանիր–ժաժիկը։

Այստեղ չի կարելի մոռանալ և Վանի նշանավոր կատուներին, որոնք սովորականից շատ մեծ էին, սև ու թավամազ։

Քաղաքում զարգացած էր առևտուրը։

Վանը կապված էր Միջագետքի հետ՝ Դատվանի և Բիթլիսի վրայով, Էրզրումի հետ՝ Ալջավազի վրայով, Իգդիրի և Երևանի հետ՝ հիմնականում Օրգովի լեռնանցքով։ Վանը քարավանային ճանապարհով կապված էր նաև Թավրիզի հետ։ Մեծ բարիք էր նաև Վանի և շրջակա բնակավայրերի միջև վերջին ժամանակներում Վանա լճում հիմք դրված շոգենավային երթևեկությունը։

Օսմանյան թուրք ջարդարարները 1914—1915 թվականներին օգտվելով բռնկված առաջին համաշխարհային պատերազմից, հայերի նկատմամբ կիրառեցին սանձարձակ և չտեսնված վայրի բնաջնջման քաղաքականություն՝ համատարած ջարդերով և տարագրությամբ։ Այդ բախտին արժանացավ նաև Վանը, որի տեղահանության և ջարդի գործը հանձնված էր իթթիհատականներից մեկին՝ Ճեվդեթ բեյին (Վանի վալիին)։

Սակայն հերոսական Վանը գրեթե մի ամբողջ ամիս՝ 1915 թվականի ապրիլը 7-ից մինչև մայիսի 5-ը, կտրված դրսի աշխարհից, արիությամբ դիմադրեց թուրքերի կանոնավոր բանակին։

1915 թվականի Վանի հերոսական ինքնապաշտպանությունը պատվավոր տեղ է գրավում մեր ազգային ազատագրական շարժման մեջ։ Այդ հերոսամարտը հայ ազգի նորագույն պատմության փառավոր էջերից մեկն է։

[էջ 180]

Վանը իր Այգեստան հայկական արվարձանով 1914 թվականին ուներ 60 հազար բնակիչ։ Քաղաքի թուրք բնակչությունը ապրում էր բերդի մոտ։ Առևտուրը գտնվում էր հայերի ձեռքում, իսկ ապրանքները բերում էին Ռուսաստանից՝ Իգդիրի վրայով և Իրանից՝ Ուրմիայի ու Խոյի վրայով։ Երբ առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Վանը գրավվեց ռուսական զորքի կողմից, այն ժամանակ դեպի լճի հարավային ափը՝ Շահթախտի, Մակվի և Բայազետի վրայով անցկացվեց երկաթգիծ, որը սակայն մինչև Վան չհասավ։

Ռազմական գործողությունների սկսվելուց հետո ամբողջ հայ և ասորի բնակչությունը թողեց Վանի շրջանը։ Այս գաղթի ժամանակ կոտորվեց բնակչության գրեթե 50 տոկոսը։ Քաղաքը ենթարկվեց թալանի, հրդեհվեց և կործանվեց։ Վանի հայությունը գաղթեց մասամբ դեպի Միջագետք, իսկ շատերը եկան Հայաստան՝ Երևանի շրջանը։

Վանից ոչ հեռու, նրանից 13 կմ հարավ-արևմուտք, ծովափին է գտնվում Արտամետը, որը հայտնի է նաև որպես Շամիրամակերտ։ Արտամետը պատմական մեծ անցյալ ունի։ Նա Արտաշես 2-ի ժամանակ (մ. թ. 1-ին դարում) եղել է նրա դաստակերտը և պարտեզներով ծածկված զբոսարան՝ զարդարված պալատներով և գեղեցիկ այգիներով։ Արտամետը հռչակված է իր անուշահոտ և կարմիր խնձորներով, որոնց բազմապիսի տեսակների թիվը հասնում էր մինչև 30-ի, մեկ խնձորի քաշը հասնում էր մինչև կես կիլոգրամի։ Իր անուշահամ խնձորներով նա հռչակված էր ամբողջ Արևմտյան Հայաստանում։ Արտամետը նշանավոր էր նաև իր տանձով, ապա ընկույզով, որը գովված էր թե՛ իր մեծությամբ և թե՛ կեղևի բարակությամբ:

Արտամետի այգիները նույնպես ոռոգվում են Շամիրամի ջրով։ Արտամետի հետ կարելի է հիշատակել նաև Ծվստանի այգիները։ Ծվստանը գյուղ է Վանա լճի ափին։ Այդպես է կոչվել Արտամետի և Վանի թռչունների ծվծվոցից։ Արտամետ և Ծվստան գյուղերը նշանավոր են իրենց աննման մրգառատ այգիներով, որոնց պատվական խնձորն ու տանձը հայտնի են իրենց համով ու հոտով։

[էջ 181]

Վանից մոտ 4—5 կիլոմետր հեռավորության վրա գտնվում է Ավանց նավահանգիստը, որը հայաբնակ, բավական մեծ գյուղ էր։ Բնակիչների հիմնական զբաղմունքն էր նավարկությունը և ծովի ջրից բորակ ստանալը։ Նավարկության մեջ այնքան հմուտ էին և ճարտար, որ ամենամութ գիշերներին, առանց կողմնացույցի իրենց նավակներով դուրս էին գալիս ճանապարհորդության։ Գյուղը հարուստ էր նաև այգիներով։

Թիմար.— Թիմարը պատմական Գնունյաց գավառն է, որն ընկած է Վանա լճի հյուսիս-արևելյան մասում։ Բնությունը լեռնոտ է։ Թիմարի միջով հոսում է Մարմետ գետը, իսկ արևելյան կողմում գտնվում է Արճակ լիճը։ Գեղածիծաղ և ծովահայաց են այս գավառի գյուղերն ու ավանները։ Հայաշատ և այգեզարդ երկիր էր Թիմարը։ Գավառի նշանավոր Մարմետ գետը հարուստ է տառեխ ձկներով։

Գավառի բնակավայրերից նշանավոր էին Ալյուր, Էջմիածին, Էրերին, Մարմետ, Տիրամոր գյուղ, Լեզք, Շահբազ։

Ալյուր կամ Այլուր հայաշատ և հացառատ գյուղ էր, առանձնահատուկ գեղեցիկ բնությամբ։ Ավանդությունն ասում է, երբ ս. Թադևոսը գալիս է այստեղ, հիանալով գյուղի բնությամբ, բացականչում է. «Այլ ուր գնալ»։ Ըստ այդ ավանդության գյուղը կոչվել է Այլուր։ Գյուղը հայտնի էր իր ընտիր այգիներով, պարտեզներով և համեղ գինիներով։

Վանա լճի ափից մեկ կիլոմետր հեռու գտնվում է Լիմ կղզին։ Կղզու դիմաց գտնվում է Ջանիկ նախկինում հայաբնակ նշանավոր գյուղը, որից 5 կիլոմետր հեռու դեպի հյուսիս գտնվում է Տիրամոր գյուղը՝ իր վանքով։

Մարմետ բնակավայրը գտնվում է համանուն գետի գետաբերանում։ Իսկ Էրերինը ծովեզերքին ընկած հաճելի տեսարաններով հայկական գյուղ էր։ Ուներ արգավանդ հողեր ու մարգագետիններ։

Հայաբնակ գողտրիկ գյուղ էր նաև Լեզքը։ Ըստ ավանդության Լեզք անունը առաջացել է նրանից, որ այստեղ Արալեզ աստվածները Շամիրամի ցանկությամբ կամեցել են կենդանացնել Արա Գեղեցիկին։ Իսկ մյուս՝ Շահբազ բնակավայրը գտնվում է Այգեստանից հյուսիս, փաստորեն Վանի արվարձանն էր հանդիսանում։ Հարուստ էր իր խաղողի այ–

[էջ 182]

գիներով։ Այս գյուղը համարվում էր Վասպուրականի գինու մառանը։

Վերին Թիմարի արևելյան մասում ընկած գյուղերից նշանավոր էին Արճակը և Խառակոնիսը։ Այս երկու գյուղերը գտնվում են Արճակ լճի մոտ։ Արճակը բարձր է Վանա լճից։ Արճակի ջուրը աղի է, նրա մեջ են թափվում Խառակոնիս, Խնո և Մալավու գետակները։

Արճակը Հայկական բարձրավանդակի մյուս լճերի նման պարբերաբար բարձրանում է։ Լիճը մոտեցել էր Խառակոնիս գյուղին։

Արճակը հայաբնակ գյուղ էր. ընկած էր համանուն լճի արևելյան ափին, Վանից Իրան տանող ճանապարհի վրա։ Արճակը հանդիսանում էր Վերին Թիմարի կենտրոնը, որտեղ նստում էր թուրքական մուդիրը։

Արճակից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի համանուն լիճը։ Գյուղի մոտ գտնվող վանքերից նշանավոր է ս. Աստվածածինը։

Արճակ լճի հյուսիս-արևելյան ափին է գտնվում Խառակոնիսը։ Գյուղի կենտրոնական մասում, մի բարձրադիր բլրի վրա գտնվում է եկեղեցին։ Այստեղ է միջնադարի հայ ականավոր բանաստեղծ Նահապետ Քուչակի գերեզմանը։ Դամբարանի վրա գրված է, որ այստեղ թաղված են Նահապետ Քուչակը և իր կողակիցը։ Խառակոնիսի ծնունդ էր սովետահայ անվանի բանաստեղծ Նաիրի Զարյանը։

Հայոց Զոր.— Հայոց Ձորը Վասպուրանանի պատմական Երվանդունիք գավառն է, ընկած է Վանից հարավ։ Պաշտպանված է լեռներով, միջով հոսում է Խոշաբ (Անգղ) գետը։ Իր քաղցրահամության պատճառով, օտարներից ստացել է Խոշաբ անունը (խոշ-քաղցր, և աբ–ջուր, այսինքն՝ քաղցր ջուր):

Խոշաբ կամ Անգղա գետը բխում է Անձևացյաց լեռների արևելյան մասից, թափվում է Վանա լիճ։

Հայոց Ձորի Վերին Բժնկերտ գյուղի մոտ մի ժայռի տակից բխում են մի քանի աղբյուրներ, որոնք դառնում են հայտնի Շամիրամա գետի սկիզբը։ Շամիրամա ջուրը Հայոց Զորը բաժանում Է երկու մասի՝ Վերին Հայոց Ձոր և Ներքին Հայոց Ձոր։

[էջ 183]

Հայոց Ձորը Վանի ավազանի հայաշատ մասերից էր, որի բնակիչները հնուց ի վեր եղել են հայերը։ Հայ ժողովուրդը այստեղ գտնվող շատ բերդեր ու վայրեր վերագրում է Հայկի հետ կապված ավանդությանը։

Հայոց Ձորը անցյալում հարուստ երկրագործական շրջան էր։ Կլիման բարեխառն է, օդը բարերար, ջուրը լավ և հողը բարեբեր:

Բնակավայրերից նշանավոր Է Անգղ գյուղը, որը գտնվում է Խոշաբ գետի աջ ափին։ Հայաբնակ գյուղ էր նաև Այգեշատը՝ գեղեցիկ տեսարաններով, մարգագետիններով և խնձորի այգիներով։ Իսկ Անգղ գետի մոտ՝ Աստվածաշեն գյուղից ոչ հեռու կան հանքային ջրեր։ Աստվածաշենը հայտնի էր իր վանքով։ Գյուղի մոտ մի լեռան վրա գտնվում է Հայկի բերդը, ուր ըստ ավանդության տեղի է ունեցել Հայկի և Բելի կռիվը։

Հայոց Ձորի և Ոստանի սահմաններում է գտնվում Արտոս լեռը, որն ամենաբարձրն է այս շրջանում։ Կանաչազարդ է և աղբյուրներով հարուստ Արտոս լեռը։ Նրանից բխող գետակները և աղբյուրները ոռոգում են Հայոց Ձորի և Ոստանի դաշտերը։

Նորդուզ.–– Պատմական Անձևացյաց գավառն է, ընկած է Շատախից արևելք։ Անդնդախոր ձորերով, անհատակ անձավների երկիր է։ Ի դեպ, անձավների առատության պատճառով էլ հին Հայաստանում կոչվել է Անձևացյաց երկիր։

Բնակչության հիմնական զբաղմունքն էր խաշնարածությունը։ Հայտնի էին Նորդուզի այծերը, որոնք տալիս էին ընտիր տեսակի՝ «ֆիլիկ» կոչվոր բուրդ։ Բնակիչները զբաղվում էին շալագործությամբ։ Գավառն ունի շատ հուշարձաններ, այդ թվում նշանավոր Հոգոց վանքը։ Բացի հայերից գավառում ապրում էին նաև ասորիներ, որոնց կենտրոնական ավանը համարվում էր Օրամարը։

Գավառով անցնում է Կարսիկ գետը, որը Տիգրիսի վտակն է։ Պատմական Հայաստանի սահմանամերձ գավառն է եղել, գտնվելով Պարսկաստանի սահմանագլխում։

Գավառի ամենամեծ գյուղն է Փիրբադալան։

Աղբակ.– Աղբակը ընկած է Հայոց Ձորից հարավ-արևելք, կոչվում է նաև Հեքյարի։ Հայոց Ձորից բաժանում են

[էջ 184]

Չուխ լեռները։ Աղբակի դաշտային մասը հասնում է մինչև Մեծ Զաբ գետը։ Աղբակը սահմանակից է Իրանին։ Աշխարհագրական դիրքը գեղեցիկ է, կան նաև լեռներ։ Ջրառատ ու բերրի երկիր է։ Կլիման առողջարար է՝ ցուրտ ձմեռներով: Տեղացիները հաղթանդամ, առույգ ու կորովի էին։ Բնակիչների զբաղմունքն էր խաշնարածությունը, շալագործությունը։

Գավառի կենտրոնն էր Բաշկալեն։ Գավառում կան Արծրունյաց շատ բերդերի և ապարանքների ավերակներ։ Այս գավառումն է նշանավոր ս. Բարդուղիմեոս վանքը։ Այստեղ են գտնվում նաև Խանասոր քաղաքի փլատակները։

Ջուլամերիկ. – Նորդուզից հարավ-արևելք, իսկ Աղբակից հարավ, ընկած է ասորիների անառիկ երկիրը, որը հիշեցնում է Դերսիմը կամ Սասունը։ Անառիկ շրջանը, կենտրոնի՝ Ջալամերիկի անունով էլ կանվանենք Ջուլամերիկի շրջան։ Հարավից սահմանափակված է Զելուր կոչվող լեռնաշղթայով։ Լեռները խիտ ճյուղավորվելով առաջացրել են նեղ հովիտներ ու առանձին գավառակներ, որոնք հայտնի են Թիար, Թխում, Թաղ, Զելու, Դեզ անուններով։

Սառնորակ աղբյուրներից արագահոս վտակները գրեթե ամեն մի լեռան լանջից գլորվում են դեպի Մեծ Զաբ գետը, որը հազարավոր պտույտներ է կատարում՝ ենթարկվելով Զելուի լեռների քմահաճույքին։

Նեղ հովիտներում շարան-շարան ձգվում էին ասորական գյուղերը։ Ասորիները կազմում էին Ջուլամերիկի շրջանի բնակչության 95 տոկոսը, որոնց թիվն այս շրջանում հասնում էր 41000-ի։ Ջուլամերիկի ասորիները զբաղվում էին խաշնարածությամբ, այգեգործությամբ, մեղվաբուծությամբ։ Պտղատու ծառերի մեջ նշանավոր են ընկուզենին, խնձորենին, տանձենին, դեղձենին և նռենին։ Փոխադրական միջոց օգտագործում էին ջորին։

Ասորիների երկերը կառավարվում էր մելիքներով։ Նեստորական ասորիների կրոնապետը կոչվամ էր Մար–Շիմոն, որը միևնույն ժամանակ նրանց քաղաքական պետն էր։ Վերջին Մար-Շիմոնը Բենյամինն էր, որը նստում էր Քոչհաննես գյուղում։ Գավառական կենտրոնը Ջուլամերիկն էր, որը գտնվում էր Մեծ Զաբի աջ ափին։

[էջ 185]

Ռշտունիք.— Արտոս լեռան կանաչազարդ լանջերին է փռված պատմական Ռշտունյաց գավառը, որը ընկած է Վանա լճից հարավ։ Նրա մեջ մտնում են Ոստան և Գավաշ գավառակները։ Առանձնապես շատ մեծ է Ոստանի պատմական անցյալը, որը հայաբնակ ու ծաղկած երկիր է եղել։ Ոստանը ունի բազմաթիվ պատմական հուշարձաններ՝ թե Արտոս լեռան ստորոտում` Չարահան կամ Չաղար ս. Նշան վանքը, որի բակում է գտնվում պատմագիր Եղիշեի գերեզմանը, և թե Ոստանի շուրջը։

Ոստանն իր ծաղկման փառքին հասավ Գագիկ Արծրունու ժամանակ։ Նա քաղաքը աթոռանիստ դարձրեց, կառուցեց բազմաթիվ շենքեր և ամրոցներ։ Այդ մասին Թովմա Արծրունին վկայում է. «Բացի Վասպուրականի զանազան կողմերում ամրոցներ, ապաստարաններ և բլուրներ պարսպելը, մասնավորապես Ոստան ավանի մեջ, Արտոս լեռան վրա, մանավանդ ծովի կողմը մեծամեծ շենություններ կատարեց։ Այգիներով, պարտեզներով զարդարելուց հետո, հմուտ արհեստավորների ձեռքով կառուցել տվեց ոսկեզարդ տաճարներ, սենյակներ, փողոցներ։ Շենքերի դռները առհասարակ կազմված էին կամարաձև և լուսանցույց զարդերով, որ արևածագի և վերջալույսի ժամանակ շողեր կարձակեին տաճարը մեջ և հիացում կպատճառեին դիտողին»1։

Ոստանի վրայով է անցնում Վանից Բիթլիս տանող ճանապարհը։ Քրդական հալածանքների հետևանքով Ոստանի միայն դաշտային մասերն էին հայաբնակ։

Թե Ռշտունյաց գավառի և թե հարավի մյուս լեռնային շրջանների հայերին վանեցիք վռշիկ էին ասում։ Այդպես էին կոչում, որովհետև այդ գավառների բնակիչները մեծ մասամբ հագնում էին մի տեսակ կոշիկ, որի անունն է վռշիկ։ Դա կանեփի դիմացկուն թելից գործված կոշիկ է, որը լեռնական բնակիչների համար շատ հարմարություններ ուներ։

Ոստանը գտնվում է Արտոս լեռան լանջին, այգիներով ծածկված մի բնակավայր է։ Հրվանդանի վրա կանգուն են մնացել այդ վաղեմի թագավորանիստ քաղաքի հուշարձանները։

-----------------------------

1 Թ. Թորամանեան. Հայկական ճարտարապետություն, 1942 թ., էջ 307։

[էջ 186]

Նարեկը գտնվում է լճից հարավ, մոտ չորս կիլոմետր հեռավորության վրա, ոչ բարձր բլրին, ուր գտնվում է համանուն վանքը։ Այստեղի դպրավանքն է հաճախել տասնմեկերորդ դարի հայտնի մատենագիր Գրիգոր Նարեկացին, որի գերեզմանն էլ հենց այդ վանքի գավթում է։ Գյուղից ոչ հեռու գտնվում են ժայռոտ այրեր, որոնցից մեկում ապրել և ստեղծագործել է Գրիգոր Նարեկացին։

Ժայռի դիմաց բացվում է գեղատեսիլ տեսարան դեպի Աղթամար և Առտեր կղզիները։

Աղթամար կղզին Գագիկ Արծրունի թագավորի օրոք հասել է իր փառքի ծաղկման գագաթնակետին։ Այնտեղ կառուցված հոյակապ վանքը նյութական կուլտուրայի մի աննման հուշարձան է։ Այս նշանավոր պատմական հուշարձանի գմբեթը կառուցված է առանց սյուների։ Սա հիշեցնում է իտալացի նշանավոր ճարտարապետ Բրունոլեսկիի կառուցած Ֆլորենցիայի տաճարի գմբեթը։ Սակայն ուշագրավ է այն, որ Աղթամարի հոյակապ ս. Խաչ վանքը կառուցվել է Ֆլորենցիայի տաճարից չորս դար առաջ։

Աղթամարի վանքը հայ ճարտարապետության հիասքանչ կերտվածքներից մեկն է. կառուցվել է տասներորդ դարում՝ միջնադարյան «հանճարեղ ու հրաշագործ» Մանվելի ձեռքով։ Այս անվանի ճարտարապետը Վասպուրականի շատ մասերում կառուցեց հրաշակերտ շենքեր, սակայն սրանցից ոչ մեկը չգերազանցեց Աղթամարի վանքին։

Վանա լճի հարավ-արևելյան մասում է գտնվում Առտեր կղզին։ Իր ժամանակին կղզին ուներ եկեղեցի, վանք, վարժարան։ Կղզու վանքը ուներ ճոխ մատենադարան, հին մագաղաթյա գրքերով լցված։ Կղզու մշակելի տարածություններում կային նշենիներ, որոնց պտուղը՝ նուշը շատ գովելի էր։

Կղզու Առտեր անվանման մասին կա հետևյալ ավանդությունը: Ըստ ավանդության, Գրիգոր Նարեկացին ծովափին պտույտի ժամանակ հանդիպում է մի ծերանու, որը խնդրում է իրեն տանել կղզի։ Ըստ ավանդության, այդ ժամանակ կղզին ցամաքից բաժանված էր ծանծաղ տարածությամբ։ Նարեկացին ծերանուն վերցնում է շալակը և տանում կղզի։ Ըստ ավանդության, կղզում ծերութին այլափոխվում է և հայտնվում է Հիսուսի լուսավոր դեմքով։ Նարեկացին երջան–

[էջ 187]

կությունից այլայլված գոչում է. «Հոգիս առ, տեր»։ Ահա այս ավանդապատումից է մնացել կղզու Առտեր անվանումը։

Կարճկան և Կարկառ.— Այս երկու շրջանները ընկած են Ռշտունյաց երկրի Գավաշ գավառից արևմուտք։ Նրանք ընկած են Մոքսից և Խիզանից հյուսիս, իսկ Դատվանից արևելք։

Կարճկանը Ռշտունյաց երկրից բաժանվում է Կարկառի լեռներով։ Օդը և ջուրը առողջարար են։ Անտառը գավառի կյանքում մեծ դեր է խաղում։ Կարճկանցիք մեծ չափով ածուխ էին արտահանում։ Անտառները հարուստ են բազմապիսի թռչուններով ու գազաններով։ Բնակչության զբաղմունքը կազմում է նաև անասնապահությունը և հողագործությունը։ Կարճկանի յուղը և պանիրը գնում էր Վան և Բիթլիս։ Հանքերից կարևոր են պղինձը, կապարը և արծաթը։ Կարճկանցիք բարձրահասակ, պարթև և ուժեղ ժողովուրդ էին։ Զարդարվում էին իրենց գործած գույնզգույն շալե հագուստներով։

Գավառում կան հնության շատ հետքեր՝ բուրգեր, վանքեր և այլ հուշարձաններ։

Ինչ վերաբերում է Կարկառին, ապա նա գտնվում է պատմական Հաղթած լեռան ստորոտում։ Գյուղերը ընկած են արևելքից–արևմուտք ձգվող ձորահովտում, սրով հոսում է Տիգրիսի վտակներից մեկը։

Մոկաց աշխարհ.— Մոկաց երկիրը ոչ միայն Վանի շրջանի, այլև ամբողջ Արևմտյան Հայաստանի ամենաքիչ ուսումնասիրված և քիչ մատչելի մասն է։ Սա մի լեռնաշխարհ է իր խորհրդավոր ձորերով ու անտառապատ սարերով։ Արտոս լեռան մի ճյուղը բաժանում է Մոկսը Ռշտունիքից։

Մոկաց աշխարհի լեռնային նկարագիրը լավ է պատկերել
Ա. Շիրոյանը.

«Մոկաց աշխարհի այս վեհ լեռներում,
Խիտ անտառներում ու խոր ձորերում
Ապրում էր մի հին, ռամիկ ժողովուրդ,
Որ հողն էր հերկում լեռներում իր լուրթ,
Հոտերն էր քշում սարերն իր զոզան,
Չէր իջել մեջքին ոչ մի գավազան:
Ապրում էր այսպես չարքաշ ու բարի
Ջանասեր մշակն այն հին աշխարհի»։

[էջ 188]

Այս երկրի լեռնահովիտներում աճում են նուռն ու խաղողը, իսկ սարերում ձյունն ամռանն էլ չի հալվում։ Ճանապարհները միայն նեղ ու դժվարին կածաններ են։

Բազմաթիվ մեծ ու փոքր ջրվեժներից առաջանում է Մոկս գետը, որը հոսում է դեպի Տիգրիս։

Մոկսը ամբողջ Արևմտյան Հայաստանում գովված էր իր մեղրով, մեղրամոմով, չամչի տեսակներով։ Զարգացած էր մետաքսագործությունը և այծաբուծությունը, հատկապես «չուռ» տեսակի այծը, որի բրդից հայերը պատրաստում էին Մոկսի նշանավոր շալերը։

Բնակավայրերից նշանավոր են Մոկսը, Աղինն ու Ապարանքը։ Մոկսը գտնվում էր Տիգրիսի աջ վտակ Մոկս գետի վրա, ուներ անառիկ ու գեղեցիկ դիրք, նա գավառի կենտրոնական գյուղն էր։

Մոկացիք անվեհեր, կտրիճ ու աշխատասեր ժողովուրդ էին։ Ունեին իրենց ավանդությունները, գեղեցիկ պարերը։. Մոկացիների լավագույն ավանդություններից է «Մոկաց Միրզա» պոեմը։ Այս դյուցազներգությանը իր ժամանակին ձայնագրված է Կոմիտասի կողմից։

Հայերը, մեծ մասամբ, զբաղվում էին շերամապահությամբ, մեղվաբուծությամբ և ներկարարությամբ։

Մոկսի ձորերում խմբված, թվով քսան հայկական գյուղեր կազմում էին «Շենի-Ձոր» գյուղախումբը։ Տեղացիներն ամբողջապես դարբիններ և պղնձագործներ էին, որոնք մշակում էին գլխավորապես Մոկսի հարուստ հանքերը։

Արհեստավորները և գյուղական խմբերը մի շարք արհեստներ ու մշակման ձևեր պահում էին գաղտնի։ Դա հիշեցնում է ռուս տնայնագործներին, որոնք փոխադարձաբար թաքցնելով իրենց արտադրական գաղտնիքները, նույնիսկ գյուղից գյուղ աղջիկ չէին տալիս կնության։

Նման դեպքերի մենք հանդիպում ենք Լիվինգստոնի նկարագրություններում՝ Աֆրիկայի վերաբերյալ։ Այստեղ նույնպես դարբինների գյուղերը խուսափում էին իրենց արհեստի գաղտնիքը տարածելուց։

Վանա լճի ավազանից (Գավաշ) Մոկս անցնելիս ճանապարհը անցնում է Եղերովն լեռան լեռնանցքով։ Այս լեռնանցքում է գտնվում Փութկու (Փոթորկի) ս. Գևորգ վան–

[էջ 189]

քը։ Ինչպես ցույց է տալիս անունը (Փոթորկի), սա ծառայում է իբրև ապաստարան ճանապարհորդների համար՝ փոթորիկի ժամանակ։ Զմռանը, սաստիկ ձյան ու սառնամանիքների պատճառով ճանապարհորդները շաբաթներով մնում էին այստեղ։ Շատ վաղուց սովորություն էր դարձել վանքում պահել աքաղաղներ և ձմռանը մինչև աքաղաղը չկանչեր, ոչ ոք ճանապարհ չէր գնա։ Այս տեսակետից, նա նմանվում է Շվեյցարական Սեն–Բերնարին։

Մոկսին արևմտյան կողմից սահմանակից է Ապարկերտ գավառակը։ Այս անունը գավառակի պատմական անվանումն է։ Ապարկերտը իրենից ներկայացնում է մի ընդարձակ դաշտ, ուր ընկած էին թվով տասը հայկական գյուղեր։ Գյուղերից նշանավոր է Ժաժվանքը, իր հին վանքով։

Չնայած Ապարկերտը մտնում է Բիթլիսի վիլայեթի մեջ, բայց ավելի շատ կապված էր Վանի հետ։

Խիզան.— Խիզանը ընկած է Վանա լճի հարավ-արևմտյան մասում։ Խիզանը համապատասխանում է պատմական Աղձնիքի Գզեխ գավառին։ Խիզանը իր մեջ է առնում հետևյալ գավառները՝ Կարկառ, Շենքձոր, Ապարկերտ, Մամրտանք, Նզար և Խորորս։

Խիզանը նշանավոր է իր գեղեցիկ տեսարաններով, անտառապատ լեռներով, առողջարար օդ ու ջրով։

Հայաբնակ գյուղերից էին՝ Փալասեր, Լի, Ուրանիս, Շին, Հրիթ, Կարասու։

Խիզանցի հայերը համարվել են գեղեցիկ ժողովուրդ: Նրանք պարթև հասակով, կտրիճ ռազմիկներ էին։ 1877— 1878 թվականներից սկսած, հալածանքների–հետևանքով նրանց թիվը պակասեց։ Մեծ ավերվածություններ կատարեց նաև և քրդական ավազակապետ Զալալեդինը, որը 1878 թվականին քարուքանդ արեց Խիզանը և այդտեղ գտնվող հայկական հուշարձանները:

Հայերը մշակում էին ընտիր պտուղներ, մանավանդ գովված էր Խիզանի գինին։ Մյուս կուլտուրաներից հայտնի էին գարի, ցորեն, ծխախոտ։ Տարածված էր նաև մեղվաբուծությունը։

Շատախ.— Արևմտյան Հայաստանում Շատախ անվան տակ հայտնի են երկու գավառներ՝ Շատախ Վանի և Շատախ Տարոնի։

[էջ 190]

Վանի Շատախն ընկած է Մոկսից արևելք, բաղկացած է լեռնային ու դաշտային մասերից։ Լեռնային մասն ունի խոր ձորեր, որոնց տեղացիները անվանում են «Գելի»։ Դրանք անտառապատ են և վայրի բնություն ունեն։

Շատախը շատ հարուստ է հանքերով, հատկապես պղնձով, Շարմանիս գյուղի մոտ նաև քարածուխ կա։ Շատախի սահմաններից է սկիզբ առնում Տիգրիսի վտակներից մեկը՝ Շատախ-Սու գետը, պատմական Ջերմ գետը, որի պատճառով էլ այս գավառը կոչվել է Ջերմաձոր։

Հայերը պարապում էին խաշնարածությամբ։ Նշանավոր էին Շատախի ֆիլիկ տեսակի այծերը, իրենց նրբագեղ բրդով։ Շատախը նշանավոր էր շալի արտադրությամբ և մեղվաբուծությամբ։ Շատախցիք պատրաստում էին լավ տեսակի աբաներ (տղամարդկանց հագուստ)։ Շատախցիները առաջադեմ և գրագետ էին, ունեին տղաների և աղջիկների դպրոցներ։ Գավառի հյուսիս–արևմտյան մասում գտնվում է Փեսանդաշտ հարթավայրը, որի բնակիչները զբաղվում էին հողագործությամբ:

Բնակավայրերից նշանավոր էր Շատախը, որը հայերը անվանում էին Թաղ։ Վերջինս ունի անառիկ դիրք, ամբողջապես հայաբնակ էր և բավականին առաջադեմ ավան էր։ Ինչ վերաբերում է պատմական Շատախ գյուղին, ապա նա ընկած էր թաղից արևելք, կիսավեր վիճակում։

Թաղը Վանից հետո, Վասպուրականի երկրորդ բարեկարգ կենտրոնն էր։ Տները՝ երկհարկանի։ Թաղեցիները համարվում էին ուսում սիրող մարդիկ։ Սեփական ամսագրեր էին հրատարակում (խմորատիպ)։ Թաղի քարաշեն կամուրջի արձանագրությունները վկայում են, որ նա կառուցվել է Արծրունիների ժամանակ:

Դատվան.–Դատվանը ընկած է Վանա լճի հարավ-արևմտյան մասում։ Գավառի կարևոր բնակավայրն է Դատվանը, որը հարմար նավահանգիստ է լճի արևմտյան ափին։ Այս նավահանգիստը ծառայում է Բիթլիսի և Մուշի ապրանքները տեղափոխելու՝ համար։ Այժմ Դատվանի և Վանի միջև երթևեկում է երկաթուղային լաստանավ։

Դատվանը Բիթլիսից բաժանվում է Ռահվայի սարահար–

[էջ 191]

թով։ Այս սարահարթը իր կլիմայով տարբերվում է Դատվանից։

Դատվանի հանդիպակաց լեռան վրա գտնվում են Արծրունյաց Սենիքերիմ թագավորի ամառանոցի հսկայական ավերակները:

Դատվանի և Խլաթի շրջաններում բարձրանում է Նեբրովթ (Նեմրութ Դաղ) սարը, որը ունի 2490 մետր բարձրություն։ Սարը քրդերի մոտ հայտնի է Ճիվայե-Նեմրովթ անունով, իսկ արաբական ճանապարհորդների մոտ «Ջեբելի Նեմրութ»։ Նրա հարավային զանգվածը կրում է առանձին անուն՝ Գռգուռ։ Նեմրութն ու Գռգուռը տեղադրված են Վանա լճի և Մուշի դաշտի միջև։ Նեմրութի զանգվածում կան թվով յոթը լճեր, բոլորն էլ անուշահամ։

Գռգուռից հարավ, Դատվանի ուղղությամբ, խոր ձորում ձգվում է ժայռերի մի շարան, որն ուղտերի մի հսկայական քարավան է հիշեցնում, որի համար էլ կոչվում է «Ուղտի քարեր»։ Այդ «քարավանի» մասին հայ Ժողովուրդը շատ առասպելներ է հորինել։

Ախլաթ (Խլաթ).— Այս գավառը ընկած է լճի «հյուսիս-արևմտյան մասում՝ Ծղակ հրվանդանից մինչև Ալջավազի սահմանները։ Վարչական նպատակներով այս շրջանը բաժանված է հինգ մասերի։ Երկիրը բավական հարթ է, հողը արգավանդ (հողմնահարված լավաների վրա գոյացած սևահող), կլիման բարենպաստ, ջրերով առատ։ Այգիներում աճում են լավորակ մրգեր՝ տանձ, խնձոր, ծիրան, կեռաս և այլ մրգեր։ Հացահատիկներից՝ ցորեն, կորեկ, բրինձ։ Նշանավոր է Խլաթի «դիր» տեսակի ցորենը։ Հարուստ է նաև շինանյութերով։ Խլաթը իր աշխարհագրական դիրքով և բնությամբ լճի շուրջը եղած վայրերից ամենագեղեցիկն է։

Խլաթը պատմական Բզնունյաց հին բերդաքաղաքն է։ Այդ բերդի հետքերը գտնվում են ձորում։ Նա ժայռի մեջ կերտած սենյակներ ունի։ Միջին դարում առևտրական շատ կարևոր կենտրոն էր։ Մեր պատմաբանների մոտ հայտնի է որպես քաղաքն Բզնունյաց։ Խլաթը այն կարևոր բերդաքաղաքներից է, որը բազմաթիվ պատերազմների թատերավայր է եղել։

Քաղաքը ժամանակին ավերվել է թուրք–պարսկական

[էջ 192]

պատերազմների հետևանքով, կորցրել է իր նշանակությունը և վերջում վերածվել գյուղի, որն մի մասում քրդեր էին ապրում։

Մյուս գյուղերից նշանավոր էին Թեղուտը և Ադաբախը։ Թեղուտը գտնվում էր Բիթլիս տանող մեծ ճանապարհի վրա։ Հայտնի է իր ս. Հովհաննես վանքով։ Թեղուտը մեծ վնասներ է կրել 1881 թվականին տեղը ունեցած երկրաշարժից։

Այս գավառի մեջ մտնում է Նազիկ լիճը, որը այդ անունը կրում է իր նազելի դիրքի պատճառով։ Լիճը անուշահամ է ու ձկնառատ։ Գտնվում է ծովի մակարդակից 1922 մետր բ արձր ո ւթյա ն վրա:

Ալջավազ (Արծկե).— Ալջավազը արևմտյան կողմից սահմանակից է Ախլաթին, հյուսիսից՝ Բուլանըխին և Մանազկերտին, իսկ արևելքից՝ Արճեշին։ Կլիման բարեխառն է ու առողջարար, բացի լճի մերձափնյա մասից, որտեղ եղեգնուտներ կան։

Պատմաբանները Ալջավազի շրջանը համարում են պատմական Խոռխոռունիքը։ Գավառի հյուսիսում բարձրանում է գեղեցիկ Սիփանը՝ հայ ժողովրդի երկրորդ Մասիսը։ Սիփանն ունի 4434 մետր բարձրություն։ Մեծ Մասիսից ցածր է 722 մետրով։ Նրա սրածայր գագաթը ամբողջ տարին ծածկված է ձյունով։ Լեռը այդպես է կոչվել Սուբարիների անունից, որոնք ապրել են հայկական բարձրավանդակի հարավ–արևմտյան մասում։

Վանի ակազանի ամենագեղեցիկ մասերից մեկը Սիփանից դեպի Արծկե (Ալջավազ) բացվող տարածությունն է։ Գավառի հացի շտեմարանը Ալջավազն է, որը գովված է իր ցորենի ընտիր տեսակներով։ Ցորենը մեծ չափով արտահանվում էր դեպի Վան։

Այգեգործությունից կարևոր է ծիրանի և ընկույզի մշակումը։

Բնակավայրերից նշանավոր է Ալջավազը, որը պատմական մեծ անցյալ ունեցող քաղաք է։ Հայտնի է եղել դեռ 5-րդ դարից, ունեցել է երկու բերդ, որոնցից մեկը մնացել է լճի տակ, իսկ մյուսը գտնվում է լեռան գագաթին՝ կերտված քարից։

[էջ 193]

Սիփանի ստորոտում ամենուրեք գտնվում են վանքեր՝ Սքանչելագործ, Նավկավանք, Ավերվանք։

Արճեշ.– Այս գավառը գտնվում է Վանա լճի ծայր հյուսիսում, պատմական Հայաստանի Քաջբերունի գավառում։ Հին Հայաստանում կոչվել է նաև Արճիշահովիտ։ Գավառը շրջապատված է Արծկե, Մանազկերտ, Ալաշկերտ, Պայազիտ և Բերկրի գավառներով։ Արճեշի հյուսիսային մասում իշխում են Ծաղկանց լեռները (Ալա–Դաղ)։ Գավառը ջրառատ և բարեբեր երկիր է։ Գետերից նշանավոր է Արճեշը։

Արճեշ գավառի դաշտային մասի բնակչությունը (հայերը) զբաղվում էին ցորենի մշակությամբ, այգեգործությամբ և ձկնորսությամբ։ Այս գավառի մեջ մտնող պատմական Արճեշ քաղաքը միջնադարում հայտնի է եղել որպես նշանավոր առևտրական կետ Հայկական բարձրավանդակի հարավային մասում։ Ըստ Հ. Մանանդյանի, Արճեշը դասվել է Հարավային Հայաստանի այն նշանավոր քաղաքների շարքը, որոնք ընկած են եղել Խոյ–Մալաթիա տրանզիտային մեծ ճանապարհի վրա1։ Միաժամանակ նա եղել է Վանա լճի շուրջը գտնվող յոթ նշանավոր բերդերից մեկը2։ Նա ուրարտական շրջանի Արսիսան է։ Ժամանակի ընթացքում Արճեշը մնաց ջրի տակ, երբ 19-րդ դարի առաջին քառորդում լճի մակերեսը սկսեց բարձրանալ։ Արճեշի փոխարեն զարգացավ ափից հեռու գտնվող Ականց ավանը, որին Արևմտյան Հայաստանում տալիս են նաև Արճեշ անունը։ Ականցը գտնվում է Վանից հարյուր կիլոմետր հռու։ Ականցի վրայով է անցնում Էրզրում-Վան տանող ճանապարհը։

Արճեշի հայերը իր ժամանակին թուրքերի կողմից ենթարկվել են մեծ հալածանքների, որը սկսվել էր դեռ միջին դարերից, հատկապես բերդին տիրելու համար։ Հայերի մի մասը շատ վաղ անցյալում գաղթել է Ռումինիա և Վալախիայում հիմնադրել նույնանուն ավանը։

---------------------------------

1 Манандян А. О. О торговле и городаx Армении, стр. 154.

2 Մնացած վեց բերդերն էին Դատվան, Ոստան, Վան, Ալջավազ, Ախլաթ։ Իսկ մեկի անունը հայտնի չէ։

[էջ 194]

Ըստ Թ. Թորամանյանի արճեշցիները իրենց հետ Ռումինիա էին տարել այն ժողովրդական ավանդությանը, որ հայ ժողովուրդը կապում է մի շարք հոյակապ պարիսպների և տաճարների կառուցման հետ, այդ թվում և Վասպուրականում՝ Աղթամարի։ Ըստ այդ ավանդության պարսպի կառուցման ժամանակ նրա հիմքի մեջ պետք է դրվեր կենդանի աղջիկ, այլապես պատը կքանդվեր։ Այդ ավանդությունը վերածվել է ոտանավորի.

«Շարեցին, մորքուր ջան, շարեցին
Մինչև, ծնկներս քարեցին
Ազատիր, մորքուր, ազատիր,
Մատաղ կյանքս խնայիր»։

Այդ մասին Թորամանյանը այսպես է ասում. «Արդյոք կապ չունի այս ավանդությունը Հայաստանը Արճեշին հետ և Արճեշով ալ անոր շատ մոտիկ Աղթամար կղզվույն մեջ շինված ծովային պարիսպներուն հետ, որ, ըստ Թովմա Արծրունվո, գերմարդկային հրաշքներ էին ճարտարապետ Մանվելի ձեռքով իրագործված։ Արդյոք Հայաստանի, մասնավորապես Վասպուրականի մեջ համբավ ու հռչակ ունեցող Մանվելը չէ՞ Ռումինիայի Արճեշի ավանդության պատմած Մանոլը: Ժամանակագրական դեպքերը և ավանդության պատմվածքը նմանությունները այնչափ համոզիչ են, որ ես կուզեմ հավատալ, թե Վասպուրականցի հրաշագործ Մանվելն է քանի մը դար հետո Ռումինիայի ժողովրդի բերնին մեջ Մանոլը փոխված։ Այս մասին քննությունը հառաջ տանիլ և ավելի լուսաբանել կթողում մասնագետներուն»1:

Արճեշի գավառի հայաբնակ բնակավայրերից նշանավոր էին Ականց (Արճեշ), Բլուրմակ, Խարկին, Աղիովիտ, Արաֆ, Գրատոմ, Գանձակ, Օրորան, Կտրած-քար, Բերդաթաղ, Սոսկուն և այլ բնակավայրեր։

Ամենից նշանավոր Ականցն էր, որ շրջապատված էր այգիներով, ուներ գեղեցիկ դիրք։ Գտնվում էր Կարին տանող քարավանային մեծ ճանապարհի վրա։ Հայերն ունեին երկսեռ դպրոց։

-------------------------

1 Թ. Թորամանյան, Հայկական ճարտարապետություն, էջ 77։

[էջ 195]

Արճեշի գավառի մեջ է մտնում Զիլանա նշանավոր ձորը։ Այս ձորով հոսում է Զիլան գետը։ Ձորը ունի վայրի բնություն և հարուստ է ծծմբաջրերով։

Բերկրի — Համընկնում է պատմական Առբերանի գավառի հետ և ընկած է Վանա լճի հյուսիս-արևմտյան մասում։ Արծրունյաց ժամանակ Գագիկ թագավորը այս գավառը նվիրել էր Աղթամարի վանքին։

Շրջանի տնտեսությունում կարևոր դեր է խաղում Առեստ կամ Բերկրի գետը, որը հարուստ է ձկներով։

Բերկրի ավանի մոտ, գետի վրա կա հինավուրց մի կամուրջ։ Հողերը արգավանդ են և երկիրն իր ժամանակին հայաշատ վայրերից էր։ Գավառը հարուստ է քարածուխով։

Գլխավոր բնակավայրն է Բերկրին, որը գտնվում է Վանից յոթանասունյոթ կիլոմետր հեռու։ Հնում Վասպուրականի նշանավոր քաղաքներից մեկն էր։ 1914 թվականին, պատերազմի նախօրեին մեծ ավան էր. հայերի թիվը հասնում էր երկուսուկես հազարի։

Բերկրիից ոչ հեռու, գետի մյուս ափին բարձրանում էր ս. Ստեփաննոս վանքը։ Բլրի վրա գտնվում էին Աստվածամոր տաճարի ավերակները։ Այս գավառի մեջ էին մտնում Աբաղայի նշանավոր դաշտը, Տեր-Հուսկան-Որդու անունով վանքը և Գործովթ գյուղը, որը բազմամարդ, հարուստ և նշանավոր հայկական գյուղ էր։ Գյուղը այնքան հարուստ էր, որ նրա մասին Վանի և Բայազետի շրջաններում խոսում էին առանձին ընդգծումով։ Երբ հայը կամ քուրդը ցանկանում էր հարստության չափի օրինակ բերել, ասում էր` կարծես Գործովթի նախիրն է։

Գործովթում կային թվով վեց հայկական վանքեր, որոնք ավերվել էին Ջալալեդինի արշավանքների ժամանակ։ Գործովթի դիմաց կային հինավուրց բերդի ավերակներ։ Գործովթի բնակչությունը զբաղվում էր անասնապահությամբ։ Գյուղի մոտ կան նավթի և ծծումբի հանքեր։

Ընդհանրապես Վասպուրական աշխարհը, որը փռված է Վանա լճի շուրջը, իր ժամանակին եղել է ծաղկած ու բարգավաճած։

Վանա ծովին շրջապատող գավառներում կան հայկական բազմաթիվ հիշատակների մնացորդներ, որոնք ճշմարտա–

[էջ 196]

տատում, լուռ վկաներ են հայ ժողովրդի մտքի ու աշխատանքի։

 


1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | 32 | 33 |

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր. Ավետիսյան Կ.Մ., Ավետիսյան Ա.Ա., Հայրենագիտական էտյուդներ։ «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1979
Տրամադրեց. Միքայել Յալանուզյան

Տես նաև

Филип Марсден — Перекресток: Путешествие среди армян

Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice