ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support

Մեհրուժան եղբայր Բաբաջանյան

ԽԱՉԱՊԱՏՈՒՄ


Ներածություններ  1.Պատմական վկայություններ  2.Հայոց վերածնունդ
3.Տիեզերալույս հայրերը Սուրբ Խաչի մասին  4.Սուրբ Խաչի տոները
5.Ժամանակակից վկայություններ

[ page 59]

ՀԱՅՈՑ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ

[ page 60 ]

ՍՈՒՐԲ ԽԱՉԻ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ ՀԱՅԱՍՏԱՆ
ԱՇԽԱՐՀՈՒՄ

Երբ Բարդուղոմեոս առաքյալը Հայաստան եկավ, հասնելով Անձևաց գավառը, լսելով մի քարի համբավի մասին, որտեղ բազում դևեր են բնակվում և խաբում մարդկանց, հալածեց չար գործակիցներին, փշրեց կուռքերը, որ Անահիտի անունով էին, և տյառնագրելով մի փոքրիկ Խաչ կանգնեցրեց քարե լեռան վրա, ու դևերը իսկույն չքացան։ Հետագայում սուրբ հայրապետ Գրիգորը այդ առաքելական Խաչը շրջեցնում էր իր հետ մինչև այս աշխարհը թողնելը։ Իսկ որոշ ժամանակ անց այն դրվեց հայոց թագավոր Տրդատի գերեզմանին։

(Մովսես Խորենացի. «Պատասխան Արծրունյաց իշխանին»)

ՄԱՐԻԱՄ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ
ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Եկեղեցու ավանդությամբ Մարիամ Աստվածածնի վերափոխումից առաջ, երբ նրան իր Որդին երկինք պիտի տաներ, և Կույս Մարիամը արդեն պատրաստ պառկած էր իր մահճում, Հովհաննես առաքյալը վերցնելով մի հարմար կիպարիսե փայտից տախտակ ու տալով Աստվածամորը, ասում է. «Մա՛յր, տո՛ւր մեզ քո դեմքի պատկերը որպես հիշատակ»։ Տիրամայրը, վերցնելով այն ու տյառնագրելով (խաչակնքելով) հպում է իր դեմքին՝ թրջելով աղոթքի արցունքներով, միաժամանակ խնդրում, որ դրա միջոցով նաև բժշկություններ լինեն տարբեր ցավերի դեմ, մանավանդ բորոտությամբ տառապողների համար։ Նույն պահին աննյութական ու լուսեղեն Խաչի նման մի կամար գոյացավ Սրբուհու վրա, և մի ձայն լսվեց երկնքից, որն ասում էր. «Ուզածդ պիտի լինի, մա՛յր Իմ»։ Ու Տիրամայրը Հովհաննեսին է վերադարձնում անձեռագործ ու արդեն կենդանա-

[ page 61 ]

գրված պատկերը, որը հետագայում բերվում է Հայաստան (Բարդուղիմեոս առաքյալի կողմից) և տեղադրվում հատուկ այդ պատկերի համար կառուցված եկեղեցում, և ըստ Տիրամոր խնդրանքի, այնտեղ բազմաթիվ բորոտներ և այլ հիվանդներ հրաշքով բժշկություն էին գտնում։

(Շնորհք պատր. Գալուստյան. «Համաքրիստոնեական սրբեր»)

ՀՈԳՅԱՑ ՎԱՆՔ

Հոգյաց է կոչվում, որովհետև ըստ ավանդության այստեղ չար ոգիներ ու դևեր էին բնակվում, մինչև որ սուրբ Բարդուղոմեոս առաքյալի միջոցով իսպառ հալածվեցին այդ տեղից:

Այս այն հին քրիստոնեական աշխարհին հայտնի զարմանահրաշ վանքն է, որտեղ ի պահ էր դրված սուրբ Տիրամոր պատկերը, որը բաժին էր ընկել հայոց ազգին, երբ Բարդուղոմեոս առաքյալը ուշացած հասնում է սուրբ Աստվածածնի ննջմանը: Այդ պատկերը Հայաստան հասցնելուց հետո, նրան է երևում Տիրամայրը ու հորդորում, որ այդտեղ մի տաճար կառուցի: Հրամանը կատարելով, առաքյալը իր հետ բերած սուրբ պատկերը դնում է Աստվածածնի անունով խորանի տակ:

Եվ շատ շուտով այդ սրբավայրը հրաշագործ անուն է հանում, որովհետեւ բազում հիվանդեր, նույնիսկ բորոտներ, գալով այստեղ բժշկվում էին իրենց վերքերից: Իմանալով այդ մասին Ներսես Մեծը այդ վայրում հիվանդանոց է կառուցել տալիս, որպեսզի ուխտի եկած հիվանդները կարողանային հանգստանալ ու ապաքինվել այնտեղ:

Այդ սուրբ տեղի վերաբերյալ կա երկու հրաշալի ավան-

[ page 62 ]

դություններ, որոնցից առաջինը այն է, որ ավետարանական Մարիամ Մագդաղենացին, որից Հիսուսը յոթ դև հանեց, իմանալով որ Տիրամոր հրաշագործ պատկերը Հայաստանում է, եկել է այդ վանքը սպասավորելու այդ սրբապատկերին, և մոտիկ այրում ապրելով խիստ ճգնակենցաղ կյանքով, այդտեղ էլ ննջել է ի Քրիստոս, ու թաղվել նույն տեղում:

Երկրորդ ավանդությունը կապված է Տրդատ թագավորի հետ, որը նույնպես սիրում էր այդ հրաշագործ վայրը, և հաճախակի այցելությունների էր գալիս, և իր մահից հետո էլ թաղվում է այդ տաճարին կից: Այդ վայրում նաև կուսաստան է եղել, որտեղ աղոթքով իրենց հրեշտակային կյանքն են ապրել Հռիփսիմեանց կույսերը: Հետագայում Գրիգոր Լուսավորիչը այդ վայրը ընդարձակելով մի հրաշալի վանք է կառուցում: Իսկ մի այլ ավանդություն մեզ տեղեկացնում է, որ այդ շինարարության ընթացքում, մի վայրի արջ նույնպես մասնակցել է կառույցին, ուսին մեծ-մեծ գերաններ կրելով, իսկ երբ սատկել է, վանականները թաղել են վանքից ոչ հեռու:

Լատին կղերականները տեսնելով, որ այդ վայրը աշխարհին հայտնի է դառնում իր մեծամեծ հրաշագործություններով, և քաջ իմանալով, որ այդ բոլորը արդյունք էր Տիրամոր սուրբ պատկերի ներկայությանը, որոշում են իրենց վաղնջական սովորության համաձայն հափշտակել այն, բայց փառք Աստծուն, այդ նրանց չի հաջողվում:

ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ՎԱՆՔԻ
ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ

Հայոց ձորի Անգղ գյուղից տաս րոպե հեռավորություն ունեցող ճանապարհի վրա, խիտ ծառերի մեջ, համանուն գետի ձախ ափին կա մի փոքրիկ վանք, Մարիամ Աստվածածնի անունով: Արտաքինից այն հասարակ շենքի է նման` փոքրիկ

[ page 63 ]

ու անշուք: Ունի երեք հիմնական խորաններ, ավագ խորանը՝ Աստվածածնի, աջակողմյանը՝ սուրբ Գևորգի, իսկ ձախակողմյանը` սուրբ Ստեփանոսի անուններով: Սուրբ Գևորգի խորանի մոտ կա սուրբ Հովհաննես Մկրտիչի անունով մի մի փոքրիկ բացվածք, մեջը յուղածորան մի անցք, որտեղից ժամանակին առատորեն ձեթ էր ծորում, սակայն երբ տեղի միաբանները սկսեցին որպես շահագործման աղբյուր օգտագործել, դրանից հետո այն սկսեց նվազել:

Ավանդության համաձայն վանքի հիմնադիրն է եղել Թադեոս առաքյալը, որը գալով Հայաստան, իր հետ ուներ Աստվածամուխ Գեղարդը Քրիստոսի, Տիրամոր պատվական քողը ու մի յուղի շիշ: Քարոզելով նա հասնում է Վան քաղաքի Խոշապահ գետի եզերքը, որ այժմ Անգղի գետ է կոչվում, որտեղ բարձր ու ահագին կուռքերի պատկերներ էին կանգնեցրել, և բազմաթիվ մարդիկ դրանց երկրպագություն էին անում: Սուրբ Թադեոս առաքյալը այդ տեսնելով շատ վշտացավ, ու մի գիշեր աղոթքի ժամանակ հանկարծ անպատմելի փառքով երևում է սուրբ Աստվածածինը, մանուկ Հիսուսը գրկում, ասելով. «Ո՜վ Թադեոս, իմ Որդու սիրելին, շուտով խորտակիր այդ դիվական կուռքերի պատկերները և դրանց տեղը իմ անվան տաճար շինիր և ամփոփիր այդտեղ յուղի շիշը ի նշան բժշկության ամենայն ախտաժետների»: Առավոտյան առաքյալը ըստ երազի հրամանի Աստծո զորությամբ խորտակում է բոլոր կուռքերը, և մոլորված մարդկանց ճշմարիտ Աստծուն դարձնելով, սկսում է տաճարի կառուցումը: Սակայն ցերեկը առաքյալի շինածները գիշերը դևերը քանդում էին և քարերը տանում լցնում էին Սաչա կոչվող գետը: Այս բանի վրա առաքյալը սկսում է տրտմել, և Տիրամայրը իրեն երկրորդ անգամ երևալով, ասում է. «Մի խաչ օծիր և յուղի շիշը վրան դիր և դու պիտի տեսնես Աստծո սքանչելիքները»: Առաքյալը առավոտյան մի քարե խաչ է շինում, իր ձեռքով օծելով, յուղի շիշը վրան է դնում, որը և տաճարի հիմնաքարն է դարձնում: Դրանից հետո նոր կառույցը անխախտ մնաց, իսկ փոքրիկ պատուհանից սկսեց աղբյուրի պես յուղ հոսել: Իսկ քարերը քանդող դևերը սև ագռավների նման, մարմնավոր տեսքով կապված ընկած էին, և այդ պահին Անգղ կոչվող թռչունների երամ եկավ, որոնց առաքյալը հրամայեց

[ page 64 ]

կտցահարեն ագռավներին և տանեն գցեն այդ նույն Սաչա գետը:

Այդ պատճառով այդ վայրը կոչում են Անգղ: Նաև պատմում են, որ Գրիգոր Նարեկացին, երբ մի անգամ այդ նույն վանքը ուխտի գնալիս է լինում, ճանապարհին նրան մի անօգնական ու վերքոտ ծերունի է հանդիպում: Նա աղերսում է իրեն էլ տանել: Սուրբը իսկույն սիրահոժար գրկում է նրան և առաջարկում նրա վերքերը լվալ, մաքրել, բայց մի քանի քայլ անելուց հետո, հանկարծ ծերունին այլափոխվում է, ու գովելով նրա արարքը անհետանում:

(Հ. Տաշյան. «Հին Հայաստանի արևմտյան սահմանը»)

ԴՐՎԱԳՆԵՐ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐՉԻ ԿՅԱՆՔԻՑ

Ալբիանոս ճգնավորը սարկավագներ ուղարկեց Գրիգոր Լուսավորչի և Տրդատ արքայի մոտ, որոնք Արձան քրմապետի պարտության տեղում էին, որ մի խաչարձան կանգնեցնեն այն նույն տեղում։ Տրդատը ավելի պակաս 150 օր այդ կողմերում լինելով, որտեղ նախկինում Դեմետրեի և Գիսանեի տաճարն էր, այնտեղ մեծամեծ քարերով բարձր Խաչ կագնեցնել տվեց, նավակատիք արեց ու բազմության թիվը գրել տվեց, վրան՝ 100.450 հոգի, այսինքն՝ իր հետ եղող զորքի ու Գրիգոր Լուսավորչի հետ եղող մարդկանց թվագումարը։ Եվ կատարելով՝ այն կոչեցին Ավետյաց Խաչ։

...Երբ պիտի քանդեին Անահիտ դիցուհու մեհյանը, անկարող լինելով ուզում էին հրաժարվել շարունակել, այդ ժամանակ Գրիգոր Լուսավորիչը Խաչը ձեռքին աղոթում է, և հանկարծ Խաչից քամու և հրի պես մի զորություն է ելնում ու քար ու քանդ անում մեհյանը:

...Երբ սուրբ Գրիգորը եկեղեցի հիմնադրեց և նշխարներ ամփոփեցին այնտե՛ղ, իսկ Գիսանե կուռքի գտնված տեղում էլ Տերունական Խաչի Նշանը կանգնեցրեց։

...Այնուհետև այն տեղում, ուր առաջ Գիսանեի տաճարն էր,

[ page 65 ]

բուժիչ ջրի աղբյուրի առաջ կանգնեցրին Խաչի քարակոփ ու մեծադիր նշանը (Հայաստան աշխարհում առաջին խաչքարը) ու բազմամբոխ ժողովրդով ցնծության մեծ տոն կատարեցին։

...Եվ ահա գիշերվա կեսին, մենք այն սուրբ Խաչի առջև, որ սուրբ Գրիգորի կարգադրությամբ Սյունյաց իշխանը կանգնեցրեց, սովորական ապաշխարությամբ ու աղոթքով էինք զբաղված, որովհետև երբ Տրդատը Իննակյան Խաչը կանգնեցրեց, իսկ Անգեղ տան իշխանը՝ Հոռենից Խաչը, նույն ժամանակ էլ Սյունյաց իշխանը Կուառսինը կանգնեցրեց: Սուրբ Գրիգորն այնտեղ գնալով խաչերը օրհնեց, ապա երկու եկեղեցիներ հիմնադրել տվեց։ Այնուհետև քարե Խաչ կանգնեցրին և վրան գրեցին.

Ով մարտնչել հանդգնի
Եկեղեցու դեմ Աստծո,
Սուրն այս Խաչի նրան խոցի...

...Այնժամ սուրհանդակ ուղարկեցին Գլակա վանքի վանահայր Գրիգորի մոտ, որը քսանհինգերորդն էր հայրապետական աթոռին նստած, որը երեք հարյուր հիսունհինգ կնգուղավոր (վեղարավոր) կրոնավորների ևս ուղարկեց պատերազմի։ Երբ խմբվեցին և գումարվեցին պատերազմելու Արածանիի ափին՝ անտառի կողմում, կրոնավորները, որոնք մազեղեն քրձերով էին ու սևազգեստ, յուրաքանչյուր հիսունի հետ մի ժամհար դրեցին, որոնցից ամեն մեկը իր ուսի վրա խաչանշան դրոշակ ուներ վեր պահած։ Այդ բանը տեսնելով՝ թշնամիները խիստ զարմացան։ Երբ բորբոքվեց, թեժացավ պատերազմը, հայորդի Վահանյանք թուլացան և կամենում էին դիմադարձ լինել, կրոնավորները, որոնց հետները տարել էին պատերազմի, ծունր իջնելով սկսեցին արտասվախառն ձայնով և միաբերան աղաչել Աստծուն և ասում էին. «Ո՛վ Տեր ամենազոր, զորացրո՛ւ մեր պատերազմողներին և կարկամեցրո՛ւ, թուլացրո՛ւ մեր թշնամիներին։ Ո՛վ Կարապետ Քրիստոսի, զարթ-

[ page 66 ]

նի՛ր քո ծառաների՝ քեզ պաշտողների ձայնից։ Եվ այսպես խոսելով՝ միահամուռ ոտքի ելան և սուրբ Խաչի նշանը դարձրին ընդդեմ թշնամիների, ու կրոնավորները, կոչնակների հետ միասին, դիմեցին դեպի կռվի դաշտ։ Երբ Վահանը նայեց վանականների գնդին, տեսավ այնտեղ՝ նրանց աջ թևում, մի երիտասարդի՝ տեսքով խիստ ահարկու։ Նրա գլխին ծիրանի թագ ու Խաչ կար, իսկ հանդերձից կարծես ճառագայթելով՝ հուր էր ցայտում, տեսավ նաև երկու թևավոր պատանիներ, որոնք թևածում էին նրա առջևից։ Այս տեսնելով՝ թշնամիները զարհուրեցին ու հենց այնտեղից խառնիխուռը, գետը թափվեցին, իսկ նրանք, որ կարողացան խույս տալ, գետի այն կողմն անցան։

Այնժամ Վահանը ձայն տվեց իր որդի Տիրանին ու բոլոր զինվորներին՝ ասելով. «Ահա, բոլոր արարածների Տեր Քրիստոսն էր, որ հայտնվեց Իր ծառաների մեջ, որովհետև Ինքն է նրանց ու մեր ամենքի Թագավորը։ Նա ունկնդիր եղավ Իր սպասավորների աղոթքների ձայնին և իջավ որպես Փրկարար՝ նրանց և մեզ, ուստի քաջաբար հետապնդենք մեր թշնամիներին»։

(Հովհան Մամիկոնյան. «Տարոնի պատմություն»)

ԲԱԳԻՆԵՐԻ ՏԱՊԱԼՄԱՆ ՀՐԱՇՔԻ ՄԱՍԻՆ

Մինչդեռ սրբերի նշխարների համար մատուռ էին կառուցում, Գրիգորը հրաման տվեց զորականին ու իր հետ եղած իշխաններին, որ գնան ու մուրճով տապալեն բագիների շինվածքը։ Նրանք շատ ջանացին, բայց չկարողացան բագիների դռները գտնել, որ ներս մտնեն, քանի որ դևերը նրանցից ծածկեցին։ Ջանացին դրսից, բայց երկաթը չներգործեց, և իշխանները փութացին, հասան Գրիգորին ու պատմեցին ամեն ինչ։ Իսկ նա առավ Տերունական Խաչի նշանը և ձորակից ելնելով՝ կանգնեց շինվածքի բարձրաբերձ տեղերի դեմ հանդիման ու ասաց. «Տե՛ր, թող Քո հրեշտակը հալածի սրանց»։ Այս խոսքերի վրա ուժգին հողմ փչեց խաչանիշ փայտից, որ իր ձեռքում բռնել էր սուրբ եպիսկոպոսը։ Հողմ բարձրացավ, ուռեց լեռան հավասար և եկավ հարթեց, տապալեց, վայր գցեց բագիների ամբողջ շինությունները։ Այնպես կործանեց, որ դրանից հետո ոչ ոք այդ տեղում չէր կարող որևէ հետք նշմարել՝ ո՛չ

[ page 67 ]

քարի, ո՛չ փայտի, ո՛չ ոսկու, ո՛չ արծաթի, և բնավ չէր երևում, թե այնտեղ որևէ բան է եղել։ Իսկ դրանց քրմությանը ծառայող մարդկանցից շատերը կոտորվեցին, և նրանց ոսկորները անհետ եղան։ Տեսնողներից անթիվ մարդիկ հավատացին։ Սուրբ Գրիգորն ասաց. «Արդ տեսեք, թե ինչպես ջնջվեցին ձեր գայթակղությունները, քանզի ոչինչ էին. բայց սրանից հետո ծառայեցեք Տեր Աստծուն, որ երկինքն ու երկիրն է ստեղծել»։

(Ագաթանգեղոս. «Պատմություն հայոց»)


ՀԱՅՈՑ ԱԶԳԻ ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆԸ

Երբ լրացավ պաս պահելու օրերը, երանելի Գրիգորը առավ աշխարհաբանակ զորքը և իրեն՝ թագավորին, նրա տիկին Աշխենին, մեծ օրիորդ Խոսրովդուխտին, ամենայն մեծամեծներին ու բանակի բոլոր մարդկանց, առավոտյան այգը լուսանալուն պես Եփրատ գետի ափը տարավ և այնտեղ մկրտեց ամենքին՝ հանուն Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով։

Երբ բոլոր մարդիկ ու թագավորը իջնում էին այնտեղ՝ Եփրատ գետի ջրերի մեջ մկրտվելու, Աստծուց սքանչելի հրաշք երևաց. գետի ջրերը կանգնելով՝ ետ դարձան ու սաստիկ լույս երևաց լուսավոր սյան նման և կանգնեց ջրերի վրա՝ իսկ վերևում Տերունական Խաչի պատկերը։ Լույսն այնքան պայծառ էր, որ մինչև անգամ արգելում և նվազեցնում էր արեգակի ճառագայթները։ Օծության յուղը, որ Գրիգորը թափում էր մարդկանց վրա, գետի մեջ շրջան կատարելով՝ պտտվում էր մկրտվողների շուրջը։ Բոլորը զարմացած օրհնում ու փառք էին տալիս Աստծուն։ Օրվա երեկոյան հրաշքը աներևույթ եղավ։ Նրանք, որ այդ օրը մկրտվեցին, ավելի քան տասնհինգ բյուր էին արքունական զորքից։

Ելան այնտեղից մեծ ցնծությամբ, սպիտակ հանդերձներով, սաղմոսներով և օրհնություններով, վառ կանթեղներով, մոմե-

[ page 68 ]

րով ու լուսավառ ջահերով, մեծ ուրախությամբ, սաստիկ զվարթությամբ լուսավորված ու հրեշտակացած:

(Ագաթանգեղոս. «Հայոց պատմություն»)

ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉԻ ՏԵՍԻԼՔԸ
ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՔԱՂԱՔՈՒՄ

Արդ՝ եկեք պատմեմ եղբայրներ, Արարչի ձեր նկատմամբ ունեցած սիրո ապացույցը, որն ինձ երևաց ահավոր տեսիլքով։ Տեսա Աստծո իջնելը Իր սուրբ նահատակների մոտ (Հռիփսիմյանց կույսերի. Հեղ.), և սրանց անհամեմատ բարձրանալը, անպատում վերացումը երկնքի արքայության անզուգականության մեջ։ Նա ինձ հայտնեց գալիք կենսաբեր պարգևը, որ շնորհվելու է ձեզ, ու ինձ աստվածակերպ սքանչելի անպատում տեսիլք երևաց, որ կպատմեմ հանգամանալից։

Այս գիշերվա կեսին, երբ դուք աշխատության ծանրությունից ու տքնությունից խոնջացած քուն էիք մտել, ես դեռ արթուն էի մնացել ու մտախոհ էի աստվածային ողորմության անքնին հրաշքների հանկարծահաս կատարվելուն, Նրա այցի և ձեզ աստվածագետ վարդապետության իմաստուն խրատների բովի մեջ ներգրավելու մասին։ Մտածում էի նաև նահատակների՝ իրենց սիրեցյալ Արարչի հանդեպ ունեցած սիրո մասին ու նրանց համար փոխարենը պատրաստված անպատում հատուցման մասին, և թե ինչպես է դա լինելու։

Հանկարծակի սաստիկ ձայն եղավ, որոտման բոմբյուն, ահավոր թնդյուն, ծովի խռովյալ ալիքների նման սաստիկ ձայն։ Բացվեց երկնքի հաստատության խորանաշեն ծածկը, և մի այր իջավ լուսո կերպարանքով, կանչեց իմ անունը և ասաց. «Գրիգո՛ր»։ Նայեցի, տեսա նրա կերպարանքը և զարհուրած դողալով՝ գետին ընկա։ Ասաց ինձ նա. «Դու վեր նայիր և տես հրաշքները, որ ցույց եմ տալու քեզ»։ Եվ ես տեսա երկնքի հաստատությունը բացված, ու նրա վրայի ջրերը, նույն ձևով պատռված ձորերի, լեռների կատարների նման, այս ու այն կողմ բաժանված, դիզված էին աչքի տեսողության համար անբավ ու անկշռելի։ Իսկ լույսը հոսելով վերևից ներքև՝ մինչև երկիր էր հասնում, և լույսի մեջ տեսա մարդկային կերպարանքով, լու-

[ page 69 ]

սեղեն, երկթև անչափ զորք՝ բոլորի թևերը կրակի նման։ Մանր փոշու հյուլեի նմանությամբ, որ արեգակնակեզ գարնան ժամանակ պատուհանների կամ երդիկների լուսանցույցի վրայի շողերի մեջ խաղում է, նույնպես և այդ լուսեղենը լցրեց ամբողջ երկիրը, իսկ իջնող լույսը առաջ ցցվեց՝ զորքի հետ մեկտեղ։

Տեսա մարդկային մի ահավոր կերպարանք, բարձր ու ահեղ, որ մինչև ներքև վայրէջքի Առաջապահն էր, ձեռքին ուներ ոսկե մի մեծ մուրճ, և բոլորը Նրա հետևից էին գալիս։ Ինքը գալիս էր սլանալով, արագաթռիչ արծվի նման խոյանալով, և իջավ մինչև երկրի հատակը՝ (Վաղարշապատ) քաղաքի մեջտեղը, խփեց լայնատարած գետնին, և մեծ ու անչափ թնդյուններ հնչեցին անդունդների սանդարամետից։ Դրանից ամբողջ երկիրը, աչքին տեսանելի լինելու չափ հարթ, հավասար, դաշտաձև տափակացավ։

Նայեցի, տեսա երեք խարիսխներ, մեկը այն տեղում, ուր նահատակվեց սուրբ Գայանեն՝ երկու ընկերների հետ, մեկը այն տեղում, ուր սուրբ Հռիփսիմեն նահատակվեց երեսուներկու ընկերների հետ, և մեկը՝ հնձանի տեղում։ Այդ խարիսխները կարմիր էին, արնագույն, սյուները ամպեղեն էին իսկ խոյակները՝ հրեղեն։ Երեք սյուների վրա կային լուսեղեն Խաչեր, Տերունական Խաչի նմանությամբ, և այս սյուների Խաչերը նման էին այն լուսեղեն սյունի խոյակին, որը նրանցից բարձր էր։ Չորս սյուների Խաչերի վրա, զարմանատես կամարները միմյանց հետ կամարներով կապվեցին, և դրա վրա գմբեթաձև, խորանարդ ու աստվածակերտ, զարմանալի ամպեղեն շինվածք տեսա։ Խորանից ներքև՝ կամարների վրա տեսա երեսունյոթ սուրբ վկաներին՝ սպիտակ հանդերձների լուսավոր կերպարանքով, որն անկարելի է պատմել։

Շինվածքի կատարին տեսա զարմանալի, աստվածակերտ, սքանչելի, հրեղեն աթոռ, և նրա վրա կար Տերունական Խաչը։ Համատարած լույսը նրան պարուրելով՝ խառնվեց Խաչի ճառագայթներին ու միաձուլվեց։ Շողացող լույսը սյուն դառնալով՝ ցայտեց խարիսխների ներքին սյուների մեջ։

Եվ հորդաբուխ աղբյուր բխեց, հոսեց, ծավալվեց բոլոր դաշտերում ու ամեն ինչ լցրեց, որչափ տեսնում էր աչքը։ Եվ եղավ լի ու կապտագույն ծով, և դաշտերն առհասարակ երկնագույն երևացին։ Տեսա հրեղեն սեղաններ, անչափ բազմությամբ և ամեն մի սեղանի վրա մեկական սյուն՝ մեկական Խաչով, որոնք

[ page 70 ]

իբրև աստղերի բազմություն երևացին ու անչափ փայլեցին։

Տեսա սև գույնի այծերի անթիվ հոտեր, որոնք ջուրն անցնելով՝ ոչխարներ դարձան, իրենց բուրդը փոխվեց ճերմակի, և նրանց լուսեղեն բուրդը փայլում էր, ու ճառագայթները՝ փայլատակում։ Մինչդեռ նորից էի նայում, հոտերը հանկարծակի ծնվեցին ու բազմացան, և ամեն կողմ լցրին ծնունդները, և ծնված գառները լուսագեղմ էին։ Հանկարծ այլ ծնունդներ շատացան, բազմացան և կեսն ընկնելով գետի ջուրը՝ այն կողմ ելան։ Գառները դարձան թուխ գայլեր և գնացին, հարձակվեցին հոտերի վրա ու սկսեցին կոտորել, և արյան ճապաղիք եղավ։ Մինչդեռ նայում էի, տեսա, որ հոտերին թևեր բուսնեցին ու դարձան թևավորներ և վերացան, խառնվեցին լուսեղեն զորքերին։ Ու հրեղեն հեղեղ բարձրացավ ու վերցրեց տարավ գայլերին։

Իսկ ես նայելով զարմանում էի։ Եվ այն այրը, որ առաջ իմ անունն էր կանչել, ցույց տվեց ինձ և ասաց, թե՝ «Ով մարդ, ինչո՞ւ ես զարմացած և չես ըմբռնում Աստծո մեծամեծ գործերը»։ Ասացի. «Ինչպե՞ս, Տե՛ր»։ Ասաց ինձ. «Այդ տեսիլքը քեզ ցույց տրվեց, որ ըմբռնես։ Քանզի ահավասիկ բացված են Քրիստոսի մարդասիրության դռները Իր արարածների հանդեպ։ Իմացի՛ր, որոտման հնչող ձայնը այն է, որ Աստծո գթության ու ողորմության անձրևն է իջնում։ Բացված են, ահա, երկնքի դռները, բացված և նրա վրա եղած ջրերը, որ արգելքներ չլինեն այս աշխարհի մարդկանց վեր ելնելու։ Այս սուրբ նահատակները, որ այստեղ նահատակվեցին, հյուսիսային կողմերին ճանապարհ բացեցին, քանի որ իրենք ելնելով՝ մյուսներին շավիղներ ուղղեցին։

Ահա լույսը, որ այս վայրերը լցրեց՝ Ավետարանի քարոզությունն է. այն լցնելու է հյուսիսի կողմը։ Եվ լուսեղեն զորքերը շատ փափագեցին իջնել նահատակների վարդագույն արյան անուշ, ծաղկանման բուրմունքի համար, մանավանդ այսուհետև հրեշտակների բազմությունները խառնվելու են՝ մարդկանց հետ բնակվելու համար։

Իսկ ահավոր ու շքեղ այրը, որ գնում էր առջևից ոսկե մուրճը ձեռքին ու հարվածեց սանդարամետին, դա Աստծո նախախնամությունն է, «Որը նայում է երկրին և դողացնում, մերձենում է լեռներին, ու նրանք ծխում են»։ Աստվածային այդ աջը հարթեց, կործանեց և տապալեց մոլորությունը երկրից։ Այն, որ երկրի վրա

[ page 71 ]

հնչեց, դա ծառայության հնազանդության ձայնն էր, որ խոսեց։

Իսկ սյունը, որի խարիսխը ոսկի է, և ինքը՝ հրեղեն, խոյակը՝ ամպեղեն և վրան լուսեղեն Խաչ, այդ ոսկե խարիսխը հաստատության անշարժ վեմն է, հրեղեն սյունը, սյունը կաթողիկե (ընդհանրական) եկեղեցին է, որն իր թևերի տակ է հավաքում բոլոր ժողովուրդներին հավատի միաբանության մեջ։ Ամպե խոյակը ընդունելու է արդարներին, երբ Տիրոջ գալստյան ժամանակ թռչեն ընդառաջ՝ բարձրանալու։ Նրա վրայի լուսավոր Խաչը ինքը՝ մեծ քահանայապետությունն է ժողովուրդների մեջ, որ օրինակն է Քրիստոսի մարմնացյալ պատկերի, Աստված Որդու քահանայապետության օծության։ Այդ տեղում թող Աստծո տաճարը լինի, բոլոր հավատացյալների աղոթքի ու խնդրանքների տունը և քահանայապետության աթոռը։ Իսկ երեք խարիսխները, որոնք արնագույն կարմիր էին, նահատակների նեղությունների, չարչարանքների ու մահվան համբերության համար են, քանզի իրենց հավատքը դարձրեցին ճշմարտության խարիսխ՝ թափելով իրենց արյունը։ Ամպեղեն սյուները այն բանի համար երևացին, որ այն հարության, երկինք վերանալու թեթև արագություն ունի։ Եվ հրեղեն խոյակը նշանակում է, որ նրանց բնակությունը աստվածության հրե լույսի մեջ է լինելու։

Խաչերը խորհրդանշում են նահատակների չարչարանքները, որ նման է Տիրոջ չարչարանքներին. մեռան Նրա փոխարեն, քանի որ Աստծով ապրեցին ու Քրիստոսի հետ խաչվեցին, և Քրիստոսը կենդանի է մնում նրանց ոսկորների մեջ, որ բոլորին ցույց տա նրանց կենդանությունը՝ հայտնի դարձնելով Իր գիտության անուշահոտ բուրմունքով, ամբողջ աշխարհում հռչակելով նրանց առաքինությունը։ Քանզի նրանք սպանեցին երկրավոր մարմինները և կախեցին Տերունական Խաչից, և ինչպես չարչարանակից եղան Տիրոջը, նույնպես հաղորդակից են լինելու Նրա փառքին ու զորությանը։

Եվ առաջին Խաչը, որ քեզ ցույց տրվեց, քահանայական պատվի պարծանքն է՝ Քրիստոսի Խաչի փառավորությամբ։ Իսկ մյուս երեք խաչերը տեղադրված էին սրբերի գերեզմանների, մատուռների տեղում, որպեսզի նրանց արյան թափած տեղում շինվեն իրենց ոսկորների հանգստյան մատուռները։ Իսկ որ առաջին սյունը բարձր է, նրանից է, որ կաթողիկե եկեղեցու պատիվը ավելի մեծ ու բարձր է, քան սրբերի ամեն-ամեն բարձրությունները։ Կամար-

[ page 72 ]

ները, որոնք սյուներն իրար էին կապում, կաթողիկե եկեղեցուն հավասար միաբանության նշան են։ Իսկ վրայի խորանը վերին քաղաքի և երկնքի արքայության միաբան ժողովրդի օրինակն է։

Եվ քանի որ նահատակները քեզ երևացին, իմացի՛ր, որ դա ասում է՝ այս մահը ժամանակավոր է, իսկ նրանց կենդանությունը՝ հավիտենական՝ փառավորված ի փառս Աստվածորդու, որ Նրա Խաչի օրինակը իրենց անձի վրա են տպավորել։

Շինվածքի գագաթին, որ տեսնում ես, նույն Ինքը բարձր, ինքնագո Աստծո ամենազոր էության աթոռն է, քանզի Նա Ինքը սուրբ եկեղեցու գլուխն է և ամեն բարությունների կատարողը։ Նրան է պատշաճ ամեն շինվածք, և աճում է աստվածային աճումով, ու Նրանով են բոլոր մարմինները հոդերով, խաղերով, անդամներով հաստատված, կազմված։

Խաչին փարած լույսը՝ հենց նույն աստվածային Հոգին է, որ փառավորում է Որդուն, որ խառնվեց Նրա ճառագայթներին, քանզի Ինքը Որդուց է վերցնում և պատմում Նրան սիրողներին։ Եվ իրար միացան, որովհետև մեկ է աստվածային էությունը։ Եվ լույսը ծագեցրեց չորս սյուների միջև ու բխեցրեց հորդաբուխ աղբյուր, քանզի կաթողիկե եկեղեցուց են շնորհները, իսկ նահատակների ու քահանայության մեջ բխելու է մկրտության աղբյուրը՝ լվանալու հոգու ախտը՝ մարմնականով հանդերձ։ Եվ այն, որ հորդեց, լցրեց շատ վայրեր, բազմաթիվ ժողովուրդների մկրտությամբ փրկություն է լինելու։ Իսկ երբ բոլոր դաշտերը երևացին երկնագույն, նշանակում է, որ երկիրը երկնքի նման է լինելու՝ որպես հրեշտակների ու մարդկանց խառնուրդ։

Հրեղեն սեղանների բազմությունը, որ երևաց քեզ, արդարև իսկ Աստծո սեղաններն են լինելու, որոնք ամենքին քավություն կբաշխեն։ Ու հրեղեն երևացին, որպեսզի Հոգու պաշտամունքը փառքով լինի։ Սեղանների վրայի մեկական սյուները քահանայության աղոթքի ժամերգություններն են, իսկ նրանց վրայի Խաչերը՝ Քրիստոսի սուրբ անունը ամեն տեղ փառավոր անելու համար են։ Նրանց՝ աստղերի նման շատ լինելը այն բանի համար է, որ սրբության պաշտամունքը աստղերի նման բազմանա։

Սև այծերի բազմության հոտերը, որոնք ջուրն իջնելիս դարձան սպիտակ ոչխարներ, այն է, որ ահա աստվածային շնորհների աջը հասնելու է քահանայապետության միջոցով, որի ձեռքը մկրտու-

[ page 73 ]

թյան աղբյուր է բխեցնելու բազմաթիվ մեղավորների թողության, քավության համար։ Իսկ նրանց լուսեղեն բուրդը, որ փայլուն ու պայծառացած էր, նշանակում է, որ մկրտվածները լույսով են զգեստավորվելու և խոստացված արքայությանը արժանի լինելու։ Եվ եթե հոտերը ծնվեցին, բազմացան և լցրեցին վայրերը, դա նշանակում է՝ երկար ժամանակ աճեցնելու է քարոզությունը, և լինելու են նոր ծնունդների նորոգություն և մկրտությունների բազմացում։ Եվ այն, որ հոտերի կեսը ջուրն էր ընկել և մյուս կողմը ելել, որտեղից անցել էին, նշանակում է, որ հետագայում նրանք դառնալու են անօրեն՝ հեռանալով ճշմարտությունից, աստվածային սրբության ուխտի դրոշմը թողելու են, իսկ շատերը լքելու են սուրբ ուխտը։ Գառներից գայլեր են դառնալու, կոտորելու են սուրբ գառները, նշանակում է, որ նրանք հեռանալով ճշմարտությունից ու քահանայության ուխտից՝ կդառնան գայլեր, և կլինի գառների, այսինքն ուխտի և քահանայության արյունահեղություն և ժողովուրդների խռովություն։ Իսկ նրանք, որոնք հավատարմությամբ կհամբերեն, լինեն գառներից, ժողովրդից, կամ քահանաներից, թևեր են առնելու և վերանալու դեպի Քրիստոսի արքայություն։ Իսկ որոնք գայլերի մտադրություն կունենան, կամ նրանց հափշտակության գործերը կանեն, մատնվելու են անշեջ հրի։ «Եվ դո՛ւ, ասաց ինձ այրը, պի՛նդ կաց, քաջ և զգո՛ւյշ եղիր, քանզի գործը եկել, հասել է քեզ։ Հեշտությամբ բարություն է արվելու քեզ, և ճշմարիտ վկաների հետ առնելու ես Քրիստոսի անպատում պարգևները։ Արդ զգույշ եղի՛ր ավանդից, որ վստահվեց քեզ Տեր Հիսուս Քրիստոսից։ Շինի՛ր Աստծո անվան տաճարը քեզ ցույց տրված տեղում, ուր հրեղեն սյունը ոսկե խարիսխ ուներ, նաև սրբերին վկայարաններ՝ այն տեղերում, ուր զոհվեցին նրանք, աստվածության հույսի, կենդանության համար, որ բժշկվեք հարված կրողներդ, օրըստօրե քարոզությունը հաջողություն և առաջադիմություն ունենա, որ Քրիստոսի հավատի մեջ ամենքը դառնան չափահաս։ Երբ այս ասաց, ցնցում եղավ, և լուսաբացին տեսիլքը ծածկվեց։

(Ագաթանգեղոս, «Հայոց պատմություն»)

[ page 74 ]

[ page 75 ]

ՏՐԴԱՏ ԹԱԳԱՎՈՐԻ ՍՈՒՐԸ

Ճգնության մեջ ննջած Գրիգոր Լուսավորչին գտնում են Մանյաց քարայրի մոտ՝ Գիհի ծառի փչակում։ Տրդատ թագավորը նրա գերեզմանի համար տալիս է իր համար շատ թանկագին սուրը, որ ստացել էր Կոնստանդին կայսրին այցելության ժամանակ։ Այդ սուրը կոչվում է “հալհավունի”,* որովհետև նման սրի մետաղը հանում են հավերի ստամոքսներում հալված մետաղից։ Տրդատ արքայի սրից Խաչ են պատրաստում և տակը գրում. «Սպանման գործի արքայական այս զենքը՝ Կյանքի Արքայի՝ Քրիստոսի Խաչին նվիրյալ լինի, որով փրկեց մեզ հավիտենական մահվանից»։

(Ղևոնդ Ալիշան. «Արշալույս քրիստոնեության հայոց»)

ՀԱՑՈՒՆՅԱՑ ՍՈՒՐԲ ՆՇԱՆԻ ՄԱՍԻՆ

Երբ Բյուզանդիայի Հերակլ կայսրը գերությունից ազատում է սուրբ Խաչափայտը, վերադարձին օթևանում է հայոց Արտազում։ Սյունյաց տիկինը՝ Բյուրեղը, դիմավորելով կայսրին, մեծամեծ թանկագին ընծաներ է տալիս։ Կայսրը, նրան վարձահատույց լինելու համար, նվիրում է Խաչափայտից հրաշքով պոկված մի փոքր մասունք։

Նա էլ սրտի բերկրությամբ առնելով սուրբ Նշանի մասը, շտապում է ետ։ Բայց ճանապարհին, որ կոչվում էր Հացունյաց, հանկարծ ջորին, որի վրա էր սուրբ մասունքը, նստում է և չի ուզում տեղից շարժվել։ Բոլորի ջանքերը նրան բարձրացնելու՝ զուր են լինում, մինչև տեղի մի ճգնավոր է գալիս և հայտարարում, որ Աստծո կամքն է, որ սուրբ մասունքը այդ տեղում մնա։

Ուստի տիկինը հրամայում է այդ վայրում մի վանք կառուցել և եկեղեցում պահել սուրբ Նշանի մասունքը:

Մի քանի դար հետո, Եսայի Նչեցի վարդապետը այդ մասին գրում է. «Հատեալ մասն ի կենդանարարն փայտէ աստուածութեանն Խաչէ. նշան Հացունեաց, մխեալն արեամբ Աստուծոյ, հրախառն վտակուք»։

(Հիշատակարան ԺԳ դարի)

______________________
* Այդպես են ստանում զենքի այդ հազվագյուտ մետաղը պարսից կողմում և հավանական է, որ այդ Պահլավունի անվան ծագման աղբյուրը լինի։
______________________

[ page 76 ]

ՍՈՒՐԲ ՆՈՒՆԵԻ ՎԱՐՔԸ

ունե անունով մի կին, որը սուրբ հռիփսիմյանների Հայաստանով մեկ ցրված ընկերուհիներից էր, փախչում հասնում է Վրաստան՝ Մծխիթա, որը նրանց նախագահ քաղաքն էր։ Խիստ ճգնություններով նա բժշկության շնորհ ստացավ, որով շատ ախտավորներ բժշկեց, մինչև իսկ վրաց առաջնորդ Միհրանի կնոջը։ Այս առիթով Միհրանը հարցրեց, թե ի՞նչ զորությամբ ես այդ սքանչելիքները գործում, և նրանից լսեց Քրիստոսի Ավետարանի քարոզությունը, լսածին ախորժելով՝ գովասանությամբ պատվեց իր նախարարների մոտ։ Շուտով նրան լուր հասավ այն հրաշքների մասին, որ կատարվեցին Հայաստան աշխարհում, թագավորի ու նախարարների վրա։ Այս բաների վրա հիացած՝ նա պատվեց Նունեին, որից ավելի ստույգ ու մանրամասը տեղեկացավ բոլոր բաների մասին։

Այդ օրերում դեպք եղավ, որ Միհրանը որսի գնաց և մոլորվեց լեռների դժվարակոխ տեղերում։ Օդի, բայց ոչ աչքերի խավարելուց, ինչպես գրված է. «Խոսքով մեգ է բերում», կամ «Ցերեկը մթնեցնում՝ գիշեր է դարձնում»։ Այդպիսի մի խավար պատեց Միհրանին, որ առիթ դարձավ նրա մշտնջենավոր լույսով լուսավորվելուն։ Որովհետև նա զարհուրելով հիշելով Տրդատի մասին լսածը, թե երբ նա ճանապարհ ընկավ՝ կամենալով որսի գնալ, Աստծուց հարվածներ հասան նրան, և նա կարծեց, թե իրեն էլ այդպիսի բաներ պիտի պատահի։ Մեծ երկյուղով Միհրանը խնդրեց, որ օդը լուսավորվի, և ինքը խաղաղ տուն վերադառնա՝ խոստանալով պաշտել Նունեի Աստծուն։ Ու խնդրածը ստանալով՝ ասածը կատարեց։

Իսկ երանելի Նունեն հավատարիմ մարդիկ խնդրելով՝ ուղարկեց ս. Գրիգորի մոտ, թե ի՞նչ կհրամայի այսուհետև անել, որովհետև վրացիները հոժարությամբ ընդունեցին Ավետարանի քարոզությունը։ Նա հրաման ստացավ բոլոր կուռքերը կործանել, ինչպես արել էր ինքը և կանգնեցնել պատվական Խաչի նշանը, մինչև որ Աստված հովիվ տա՝ նրանց առաջնորդելու։ Նունեն, հնազանդվելով, իսկույն կործանեց ամպրոպային Արամազդի արձանը, որը քաղաքից հեռու էր դրված, և մեծ

[ page 77 ]

գետ էր անցնում դրանց միջով։ Քաղաքի մարդիկ այդ արձանին առավոտյան սովոր էին երկրպագել, յուրաքանչյուրը իր տան կտուրից, որովհետև երևում էր նրանց դիմաց, իսկ ով կամենում էր զոհ մատուցել, անցնում էր գետը և զոհում մեհյանի առաջ։

Քաղաքի նախարարները հարձակվեցին Նունեի վրա, թե ո՞ւմ պետք է երկրպագենք կուռքերի փոխարեն։ Նունեն ասաց, թե Քրիստոսի Խաչի նշանին։ Ու մի Խաչ շինեցին, կանգնեցրին վայելուչ բլուրի վրա՝ քաղաքի արևելյան կողմը, որ նույնպես բաժանված էր մի փոքրիկ գետով։ Առավոտյան ամբողջ բազմությունը, ամեն մեկը իր տանիքից, երկրպագեց Խաչին, բայց երբ բլուրը բարձրացան, տեսան մի տաշած փայտ է, ոչ ճարտար ձեռքի գործ, ու շատ շատերն արհամարհեցին՝ ասելով, թե այդպիսի փայտով իրենց անտառը լիքն է և թողին հեռացան։ Բայց բարերարն Աստված նրանց գայթակղությունը տեսնելով՝ երկնքից ամպի սյուն իջեցրեց, ու լեռը լցվեց անուշահոտ բուրմունքով, և լսելի եղավ բազմաթիվ սաղմոսերգուների մի քաղցր ձայն, ու լույս ծագեց Խաչի նման, այդ փայտյա Խաչի ձևով ու չափով, կանգնելով նրա վրա՝ տասներկու աստղերով շըրջապատված։

Ապա բոլորը հավատացին ու երկրպագեցին այդ Խաչին, և այնուհետև նրանով բժշկական զորություներ էր կատարվում։

(Մովսես Խորենացի. «Հայոց պատմություն»)


ՍՈՒՐԲ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԽԱՉԸ

Այնպես եղավ, որ Աղվանքի կաթողիկոս Գրիգորիսի նահատակությունից հետո արևելյան կողմերի ժողովուրդները վերստին թաղվեցին դիցագար կռամոլության մեջ. հաճախակի ուխտագնաց լինելով ատրուշաններին՝ քրիստոնյանների դեմ հալածանքներ սկսեցին։ Մեսրոպ Մաշտոցը, որ վարդապետել էր և հայերի, վրացիների ու աղվանների համար տառեր էր

[ page 78 ]

ստեղծել, դրանից հետո գնաց Երուսաղեմ՝ ուխտագնացության։ Այնտեղից աշակերտներով վերադարձավ՝ իր հետ մի արծաթյա Խաչ ունենալով, որը տեղ-տեղ ոսկուց էր պատրաստված, և որի մեջ Քրիստոսի Խաչից մի մաս էր զետեղված։ Անցնելով Հայաստանով՝ հասնում է արևելքի սահմանները՝ Ուտի գավառը և ապրում ճահճուտ տեղերում՝ Գիս կոչված վայրին մոտ։ Այդտեղ նա, նորոգելով եկեղեցու հավատը, Ավետարանի քարոզը տարածում է Ուտիքում, Աղվանքում, Լփինքում, Կասպքում և Ճորա կիրճում։

Բայց մոլորության ոգին գրգռում է գազանացած բռնակալների միտքը, ու նրանք ամեն ջանք թափում են, որ սպանեն նրանց։ Իսկ երանելի Մաշտոցը, Սուրբ Հոգուց ներգործված, շտապում է մի փոս փորել գործի անհրաժեշտության համար և Աստվածային գանձը, այսինքն՝ Տիրոջ Խաչի մասունքը, դնում է տապան և ծածկում գետնափոր կայանում։

Այնուհետև միաբան հավատարիմ կրոնակից աշակերտների հետ աղոթքների ու մաղթանքների ապավինելով՝ բաժանվում են երկու խմբի։ Մի խումբը որոշում է գնալ գավառները, մյուս խումբը անցնում է շատ երկրներ ու քրիստոնեություն է քարոզում։ Առաջին խումբը կարճ ժամանակից հետո Խաչի կայանի մոտ նահատակվում է։ Նրանց նահատակության վայրում լուսեղեն հրաշքներ և զարմանալի սքանչելիքներ են երևում, որը անհավատները շատ անգամ տեսնելով՝ հասկացան, որ այդ հրաշքները մեծ Աստծո գործն է. ուստի միաբան կերպով դարձան քրիստոնյա և մկրտվեցին։

Իսկ նորահավատներից մեկը, որ բազմաթիվ անգամ տեսել էր հիշյալ հրաշքը Խաչի գետնափոր կայանի վրա, մի քառակողմ հողե մատուռ է կառուցում, նահատակների մասունքները ամփոփում այդ տապանի մեջ և ամեն տարի տոնում նրանց հիշատակները։ Այդ տեղում շատ բժշկություններ էին լինում, որի պատճառով ամրապնդվում էին նորադարձների հավատը։ Տոհմիկ մի ազնվական իշխան կամեցավ նորոգել հին եկեղեցին, բայց չկարողացան գմբեթի աղյուսաշար գագաթը քանդել, որովհետև այդտեղ էին տեղադրված Տիրոջ Խաչն ու նահատակների մասունքները։

(Մովսես Կաղանկատվացի, «Պատմություն Աղվանից աշխարհի»)

[ page 79 ]

ԵՐԱՆԵԼԻ ՄԱՇՏՈՑԻ ՆՆՋՄԱՆ ՄԱՍԻՆ

Մի քանի օրվա հիվանդությունից հետո, մեհեկան ամսվա տասներեքին, երբ Մեսրոպ Մաշտոցը պետք է սիրելի աշակերտների միջից զատվեր և Քրիստոսի գնդին խառնվեր, ցավերից թեթևանալով ու սթափվելով, վեր կացավ նստեց ժողովվածների մեջ ու ձեռքերը հանապազատարած երկինք բարձրացրած՝ բոլոր մնացողներին Աստծո շնորհին հանձնեց և նրանց համար օգնություն հայցեց։

Եվ մինչդեռ սրբի ձեռքերը կարկառված էր դեպի երկինք, խաչանման, լուսավոր շողերի ձևով մի սքանչելի տեսիլք երևաց այն ապարանքի վրա, ուր վախճանվում էր երանելի Մաշտոցը. ամեն մարդ ինքը տեսավ այդ հրաշքը, և ոչ թե ընկերը պատմեց։ Եվ նա աշակերտներին սեր ու միաբանություն ավանդեց, մերձավորներին ու հեռավորներին օրհնությամբ պսակեց և իր հաճոյական աղոթքը Քրիստոսին հասցնելով՝ հանգավ։

Վահան Ամատունի հազարապետը և Հմայակ Մամիկոնյանը, աշխարհական բազմության հետ, վերցրեցին ննջեցյալին և սաղմոսներով, օրհնությամբ ու հոգևոր երգերով, վառած կանթեղներով ու բորբոքված ջահերով, բուրող խնկերով ու լուսաճաճանչ աշտանակով, և այն լուսեղեն առաջախաղաց խաչանշանով բարձրացան Օշական և այնտեղ՝ մարտիրոսարանի մեջ, կատարեցին օրինավոր հիշատակը, որից հետո լուսեղեն Խաչի սուրբ նշանը աներևույթ եղավ, և յուրաքանչյուրը իր տեղը դարձավ։

(Կորյուն. «Վարք Մաշտոցի»)

ԽԱՉՈՎ ՓՐԿՎԵԼՈՒ ՄԻ ԴՐՎԱԳ

Հասնելով ժամանակի համեմատ սաստիկ պղտորված գետի եզրը՝ Արտաշատի կամուրջը գտան ավերված մի կողմից տեղի բնակիչներից, մյուս կողմից՝ ջրերի ընթացքի սաստկությունից։ Շվար մնացած զորքերն անցման տեղ փնտրեցին ու չգտան։ Ոմանք էլ շատ տեղեր ստուգելով՝ ջրի մեջ էին սուզվում ու հազիվ դուրս ելնում։ Իսկ քաջ զորավար Վահան Մամիկոնյանը, գետեզերքում մոտենալով մի տեղի և կենսատու սուրբ Խաչի

[ page 80 ]

նշանով երեսը խաչակնքելով՝ իջավ գետի մեջ, որպես սովորական ծանծաղուտով և խաղաղորեն անցավ գետի միջով, ու այդ տեղն ամբողջ զորքի համար դարձավ անվնաս ճանապարհ։ Սա հայտնապես մեծ նշան եղավ, որ ուժասպառ ձիերն էլ ամբողջ այրուձիու հետ, հեշտությամբ գետը անցնեն։ Հայոց քաջ զորավար Վահանի ճշմարիտ հավատի շնորհիվ եղավ այդ նշանը, ինչպես իսրայելյան ժողովրդի համար, երբ նրանք պետք է Հորդանան գետը անցնեին։ Ապա մտնելով Դվին ոստանը և արժանավորապես շնորհակալության պատարագ մատուցելով Աստծուն, հետո նախ, ըստ սովորության, կատարելով աղքատներին մատուցելիք նվերները՝ իրենք էլ ուրախացան Աստծուն հաճելի խնդալից սրտով։

ԴՎԻՆՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՀՐԱՇՔԻ ՄԱՍԻՆ

Հայոց մայրաքաղաքում, 552թ. սքանչելի հրաշք տեղի ունեցավ. բորբոքված կրակը այրեց պարսիկ համակարի (փոխկառավարիչի) ապարանքը, որը վերակացու էր երկրի վրա։ Երբ չկարողացան մարել, ապավինեցին Քրիստոսի Խաչին և աղաչեցին եկեղեցու սպասավորներին՝ շտապ այնտեղ տանել Խաչը։ Երբ Փրկչի Նշանը մոտ բերվեց, անմիջապես բոցը մարեց։ Եվ ամենքը տեսնելով այդ հրաշքը՝ փառավորում էին Փրկիչ Քրիստոսին ու գովում քրիստոնյաների հավատը, որին և հավատաց երանելի Մախոժը՝ պարսիկ մոգպետի որդին, ու իրենց իսկ պարսիկների ձեռքով էլ նահատակությամբ վախճանվեց:

(Կիրակոս Գանձակեցի. «Հայոց պատմություն»)

ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՌՀԱ ՔԱՂԱՔԻՑ

635 թվին, Ուռհա քաղաքում մի նոր և աստվածահրաշ տեսիլք երևաց, որովհետև գիշերվա մեջ, մեծ ու ահագին մի լույս երևաց քաղաքի վրա և իջավ այն ջրհորը, որտեղ Տիրոջ դաստառակն էր գտնվում։ Բերդի գիշերապահներն ու քաղաքի բնակիչները տեսան այդ ու մեծ աղաղակ բարձրացրին և այնտեղ շտապեցին։ Տեղ հասնելով՝ տեսան, որ այդ լույսը

[ page 81 ]

երեք մոմեղենի չափ բոցարձակում էր ջրի մեջ, երբեմն էլ շրջանաձև ծածկում էր ջուրը և խտությամբ նման էր աստղերի, կամ կրակի կայծերի, որ ձիթալից ճրագի նման բոցավառվելով՝ երևում էր բոլոր ազգերին, որոնք գալիս էին դիտելու այդ հրաշքը։ Տաճկաց աշխարհից էլ եկան հասան Ուռհա, բայց նրանց այդ անհավատալի թվաց, և հորի մեջ մի ոմն տաճիկ իջեցրին, որ իմանա, որտեղի՞ց է ծագում լույսը։ Այնտեղ նա երկու ժամի չափ մնաց, ու երբ նրան վեր քաշեցին, մեռածի պես տեսան։ Որոշ ժամանակ հետո, երբ խելքը տեղը եկավ, բացելով աչքերը՝ մեծաձայն աղաղակով, օրհնում էր Աստվածածնին ու նրա Քրիստոսին՝ ասելով, թե. «Ե՛ս էլ եմ քրիստոնյա, ե՛ս էլ եմ քրիստոնյա»։ Նրա շուրջը մարդիկ դիզվեցին, և ամեն մեկը հարցնում էր, թե ի՞նչ տեսար։ Եվ նա ասաց. «Տեսա հորի մեջ մի ծիրանազգեստ Կին՝ նստած աթոռի վրա և մի լուսատեսիլ Մանուկ գրկում, որի ծնկին սպիտակ բեհեզ կտավ ու վրան խաչանման Գիրք և մի սքանչատեսիլ ծեր այր Նրա մոտ նստած ու երկու հրեշտակներ նրա առաջ։ Ե՛ս էլ եմ այժմվանից քրիստոնյա»։ Ու շտապով քահանայի մոտ գնաց ու մկրտվեց Սուրբ Երրորդության անունով՝ ի փառս Քրիստոսի, որ օրհնյալ է հավիտյանս հավիտենից. ամեն։

(Սամուել քահանա Անեցի. «Հավաքմունք Պատմագրաց ի գրոց»)

ԲԱՐԵՊԱՇՏ ՀԱՐՈՒՍՏԻ ՄԱՍԻՆ

Մի հարուստ կար՝ անունը Աստվածատուր։ Սա վարդապետ էր, չափազանց ողորմած ու աղքատասեր մարդ։

Երբ նրան ասացին, թե քո մարմնավոր մայրը մեռավ, նա Աստծուն գոհություն հայտնեց։ Գնալով թաղմանը՝ առավ ոսկի ու արծաթ, լցրեց մոր բուռը ու աղքատներին կանչեց, որ մոր ձեռքից վերցնեն, որպես թե նա իր ձեռքով է տալիս։ Իսկ երբ հայրը վախճանվեց, վերցրեց ամբողջ ունեցվածքը ու բաշխեց կարիքավորներին։ Նա ուներ բազմաթիվ խանութներ. դրանք վարձով տվեց և ամեն ամիս վարձը առնելով՝ դրանցով գնում էր ոչխարների մորթիներ ու կտորեղեն և իր ձեռքով հագուստներ էր կարում ու բաժանում աղքատներին։ Արաբներից շատերը տեսնելով նրա բարեգործությունները՝ գալիս էին նրա մոտ և այնուհետև մկրտվելով՝

[ page 82 ]

դառնում էին քրիստոնյաներ։

Անհավատները տեսնելով, որ այդ ամենի պատճառը Աստվածատուրն է, կամենում էին սպանել նրան, բայց ժողովրդի բազմությունից վախենալով որոշեցին գաղտնի թակարդ լարել նրա դեմ։

Բռնեցին իրենց ծառաներից մեկին, խեղդեցին ու գիշերը բերին գցեցին վանքի դռների մոտ և առավոտ վաղ եկան պաշարեցին վանքը, որ բոլորին սպանեն, իբրև թե նրանք են արել այդ բանը։

Աստծո սուրբ մարդը, տեսնելով թշնամու որոգայթները, թե իր պատճառով ցանկանում են շատերին սպանել, ասաց նրանց. «Մի գիշեր զիջեցեք մեզ, իսկ առավոտյան ինչպես կամենում եք, այնպես արեք։ Տվեք մեզ այդ ձեր մեռելը այս գիշեր»։ Նրանք էլ տվին։ Վարդապետը հրամայեց գիշերային ժամերգություն անել և Աստծուց խնդրել, որ զրպարտանքից ազատվեն։ Իսկ ինքը առանձնանալով՝ մեծ հառաչանքով խնդրում էր Տիրոջից Նրա օգնությունը։

Առավոտյան վանքի դռները բացեց ու բոլորին՝ հավատացյալ, թե անհավատ, ներս կանչեց։ Ինքը առնելով Տերունական Խաչի նշանը՝ բարձր ձայնով, ի լուր ամենքի, աղաղակեց. «Քե՛զ եմ ասում, ով մարդ, վե՛ր կաց, կանգնի՛ր, հանուն ոչնչից արարածներ ստեղծող Հիսուս Քրիստոսի և բոլորի ներկայությամբ ասա՛, թե ո՞վ սպանեց քեզ»։ Մեռելը շուտափույթ վեր կացավ, նայեց բազմությանը, տեսավ իրեն խեղդողին ու ասաց. «Այս մարդը սպանեց ինձ»։ Այդ ժամանակ Աստծո սուրբը ասաց նրան. «Դարձյալ գլուխդ դիր ու ննջիր մինչև ընդհանուր հարությունը»։ Եվ նա դարձյալ իսկույն մեռավ։ Եվ այսպես մահից ազատվեցին ու փառավորվեց Քրիստոսի անունը ու Նրա սուրբ Խաչի զորությունը։

(Կիրակոս Գանձակեցի. «Հայոց պատմություն»)

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԿԱՎԱԳԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ

Վարդապետաց վարդապետ Հովհաննեսը, Սուրբ Հոգուց մարգարեության և սքանչելագործության պարգևներ ուներ, և նրա աղոթքների ժամանակ Սուրբ Հոգու լույսը, բորբոքված կրա-

[ page 83 ]

կի նման, փայլում էր նրա շուրջը, ինչը բազում անգամ տեսել են նրա մոտ եղողները։

Մի անառակ վարքով քահանա լրբաբար մտնում է եկեղեցի ու անարյուն պատարագ է մատուցում։ Երկյուղած այրերը բազում անգամ խնդրեցին Հովհաննեսին՝ սանձել անօրենին և եկեղեցին ազատել նրանից։

Աստծո սուրբն, ըստ իր իմաստության, սարսափեցնող խոսք ասաց ահավոր Խորհուրդի վերաբերյալ, սակայն նա չլսեց, մինչև որ սուրբը առանձին ասաց՝ հայտնելով ծածուկը։ Դրան էլ ունկնդիր չեղավ։ Եվ որովհետև հանդգնաբար ոտնակոխ էր անում հրամանի խոսքը, սուրբը եկեղեցու առջև հայտնապես խրատեց նրան։ Ապա մի օր նկատեց, որ վարդապետը դուրս եկավ քարայրից, մերկացած սրով հարձակվեց վրան՝ ցանկանալով գլխատել նրան։ Սուրբը հեզաբար հարցրեց. «Ո՞վ ես դու և ի՞նչու ես ուզում սպանել ինձ»։

Նա պատասխանեց. «Ես Բարսեղն եմ, որ բազմության առաջ ամբաստանվեցի քո կողմից։ Ուզում եմ քեզ սպանել, որովհետև արգելեցիր պատարագել ինձ»։

Սուրբը հանդարտաբար պատասխանեց. «Որդյակ, մի արա այդ։ Եթե հրապարակավ հանդիմանեցի, հրապարակավ էլ կբժշկեմ»։ Այսպես սուրբը, փրկվելով անսուրբ պիղծից, ոչ ոքի չհայտնեց գաղտնիքը։ Իսկ քարոզի ժամանակ, ատյանում կանգնած քավություն տվեց նրան՝ ասելով. «Եղբայրներ, թույլ տվեք նրան և Քրիստոսին մերձենալ միմյանց»։

Երբ երկյուղած այրերը լսեցին այդ, անարգեցին Հովհաննեսին իրենց մտքերում, քանզի տեղյակ չէին ծածուկ խորհրդին, ու շրջապատելով նրան, հանդիմանեցին քավություն տալու համար։ Նա փութով բանալ տվեց եկեղեցու դուռը, և գոչելով դեպի Քրիստոսի Նշանը, ասաց. «Ով քրիստոսակիր սուրբ Նշան, ես չկամեցա խոզամարտիրոս լինել։ Այժմ դո՛ւ դատիր քո դատաստանը»։ Եվ գնացին տները։

Իսկ այն հանդուգնը արժանիների հետ պատրաստվեց պատարագ մատուցելու և նշխար վերցրեց։ Սուրբ վարդապետը նայում էր Խաչի Նշանին ու անմռունչ պաղատում, ինչպես հնում Աննան։ Իսկ այն մոլեգնած այրը, երբ նվիրական Հացը ձեռքին կամեցավ խորան մտնել, մոլության ոգին

[ page 84 ]

նրան վեր բարձրացրեց, ինչպես օդով լի պարկ, զարկեց բեմի առջև ու խայտառակաբար լլկեց։ Այդ հրաշքից ամենքը ցնցվեցին ու Աստծուն փառավորեցին, որ կատարում է Իրենից երկյուղածների աղոթքները։

Իսկ Աստծո սուրբը հրամայեց դուրս հանել գարշելուն սուրբ տեղից, և գոհության պատարագ մատուցվեց։

Իսկ այդ անմիտ այրը 21 տարի ապրեց դողալով ու ողորմելի կյանքով, և նրա վախճանը առավել չար եղավ։

ԱՐՑԱԽԻ ՊԱՐՍԿԱՆՔ ԳԱՎԱՌԻ ՎԱՆՔԻ ՄԱՍԻՆ

Հոբ անունով մի քահանա, որը ճգնավոր էր, չափազանց առաքինի կյանքով ապրեց աշխարհի վրա, ուներ առաքելական շնորհներ, որովհետև Արցախի Պարսականք կոչված մի մեծ գավառը մոլորությունից հետ կանգնեցրեց ու դարձրեց աստվածաճանաչ, Սուրբ Երրորդության անճառելի խորհրդին խորհրդակից և պաշտող։ Երբ մի անապատական եկավ տեղի վանքը, միաբնակների սովորությամբ, հյուրին ընդունեցին։ Նա ոտքերը լվաց, ու մի քիչ հաց ճաշակելով՝ ելավ ու այդ տեղում քնեց։ Ապա շտապ վեր կացավ, տեղնուտեղը մի Խաչ պատրաստեց և կանգնեցրեց այնտեղ ու պատվիրեց՝ ասելով. «Ոչ ոք այս Խաչը այդ տեղից թող չհանի, այլ, ընդհակառակն, մի ավելի մեծ Խաչ խփել տվեք այդ տեղում. և պետք է առավոտյան և երեկոյան աղոթքներ անել, խունկ ծխել, որովհետև այս տեղում մեծ հրաշքներ եմ տեսնում»։

Մի օր կրոնավոր է գալիս հյուր, և կարգադրեցին ճաշ տալ նրան. մինչդեռ նա հաց էր ուտում, իսկ մի մանուկ գինի էր մատուցում բաժակով, գյուղում աղմուկ-աղաղակ բարձրացավ։ Բոլորը, նրան մենակ թողնելով, գնացին դեպի աղմուկը։ Հյուրն էլ բաժակը վերցնում գնում է և վաճառելով՝ արժեքն առած դպրոց է մտնում ու վարձով սովորում։ Այս բաժակագողը երազում տեսնում է, որ սպիտակ հագուստով, խիստ ահավոր կերպարանքով մի եպիսկոպոս աթոռի վրա նստած է այն Խաչի մոտ, որ կանգնեցրել էր վերոհիշյալ անապատականը։ Եպիսկոպոսը հրամայում է բաժակագողին մերկ կապել և տանջել սուրբ գերեզմանի վրա։ Ու երբ նա քնից արթնանում է, ցույց է տալիս մարմինը մարդկանց, որ սարսափելի տանջանքի հարվածներից կապուտա-

[ page 85 ]

կել էր։ Եվ այսպես շարունակվում է օրեօր։ Նա էլ, տանջանքներից խուսափելու համար, գնում, ապաստանում է սուրբ քաղաք Երուսաղեմում։ Բայց այնտեղ էլ նա երազում տեսնում միևնույն եպիսկոպոսին, որը հրամայում է ավելի դաժան ծեծել՝ ասելով. «Դու այլ միջոց չունես այդ տանջանքներից ազատվելու, միայն մնում է գնաս, խոստովանես այն տեղում, որտեղից բաժակը գողացար։ Նա էլ վեր է կենում, վերցնում է բաժակի գինը, Երուսաղեմից հեռանալով՝ գալիս է Ամարաս։ Մտնելով եկեղեցին՝ իր մոտ է կանչում վանքի երեցին և սկսում է լացով խոստովանել իրողությունը, շատ աղաչանքներով տալիս է բաժակի արժեքը և տանում, ցույց է տալիս այն տեղը, ուր Խաչն էր կանգնած, ասելով. «Այդտեղ լուսավոր հագուստով ու ահավոր կերպարանքով եպիսկոպոսն էր նստում»։ Ասում են, թե գյուղերում շատերը անզավակ լինելով՝ գալիս, ուխտ են անում և այդտեղից հող տանելով՝ երեխաներ են ունենում։ Նույնպես և բոլոր ջերմախտավորները հող վերցնելով՝ անմիջապես բուժվում են։

(Մովսես Կաղանկատվացի. «Պատմություն Աղվանից աշխարհի»)

ՎԵՀԻԿ ԱՆՈՒՆՈՎ ՃԳՆԱՎՈՐԻ ՏԵՍԻԼՔԸ

Աբասի հայրապետության առաջին տարին, ես՝ անարժան Վեհիկս, երազում մի անապատական մարդ տեսա, որը գրկել էր աստվածային խաչվառը, որը իմ անունը ասաց։ Ես հարցրի. «Դու ո՞վ ես, տե՛ր»։ Նա ինձ պատասխանեց. «Ես Պողոսիկն եմ. այժմ եկ, երկրպագիր այս Խաչին, բայց մի՛ մոտենա սրան», և ես քնից զարթնեցի, բայց այս բանի վրա ուշադրություն չդարձրեցի։ Երկու տարի հետո, երազում տեսա, թե ինչպես սուրբ Վարոսը աբեղայի կերպարանք առած ինձ ասաց. «Մենք մասունքներ ենք՝ ծածկված Արցախի գավառում՝ Մխանց տոհմին պատկանող Կաղսետ կոչված վայրում։ Առաջին նահատակը տեր Ստեփանոսն է, հետո՝ նահատակ Թեոդորոսը, սուրբ Վարոսը, Մամասը, Մարը, Սարգիսը, Գրիգորիոս նահատակը, Կոզմասը, Դամյանոսը և սուրբ քառասուն նահատակների մի մասը»։

[ page 86 ]

Նույն ձևով մի մարդ ևս երևաց, որն ասաց ինձ. «Ես Քրիստոսի ծառա Բասիրան եմ, որ չարչարվեցի Խաչի վրա և Փրկչից խնդրեցի, որ չկորչեն իմ մասունքները։ Եվ ովքեր այս սուրբ Խաչից մաս են ցանկանում, թող վերցնեն. մի մասը այն Խաչից է, իսկ մյուս մասը Աստծու կողմից ընդունված խաչվառից»։ Եվ անընդհատ կրկնվում էր այդ տեսիլքը ու շտապեցնում մասունքների դուրս բերումը, որովհետև ասում էր՝ դեռ մենք տանջվում ենք։ Ապա ես՝ Վեհիկս, վեր կացա ու գնացի սուրբ հայրապետ Աբասի մոտ և նրան պատմեցի մեծապայծառ նահատակների հավաքման մասին։ Նա լսեց իմ կողմից տեսածների մասին, փառաբանեց Աստծուն և նույն ժամին Տրիի խոստահավատ քահանա Դանիելին ուղարկեց, որպեսզի սա մեծասքանչ գաղտնիքին տեղյակ դառնա։ Այդ արդարամիտ մարդը, Բոհ քահանայի և Եզեկիել դպիրի հետ, արագությամբ հասավ Կաղսետ վայրը, ինձ՝ Վեհիկիս մոտ։ Այդտեղ եկան նաև ուրիշները, որպես գործակիցներ, և ջերմեռանդ հավատացյալների այլ բազմություն։

Սրանց հետ միասին աղոթեցինք պաղատագին մաղթանքով ու սկսեցինք գետինը փորել մի մարդու հասակաչափ։ Հանկարծ այդ տեղից մի անուշ բուրմունք բարձրացավ ու թաղված գանձը հայտնվեց՝ ըստ Փրկչի այն խոսքի, թե՝ «Լույսը չի կարող ամանով ծածկվել»։ Աստված Իր սուրբ ծառաներին այսպես ներկայացրեց որպես ճրագ և նրանց լույսը փափագող սրտերին տվեց չաղոտացող ճառագայթ։ Նույն ժամին թափորը մեծապես օրհնաբանեց Աստծուն, գովաբանեց սրբերին ու մասունքները ամփոփեցին թանկագին անոթների մեջ, և յուրաքանչյուրը վերցրեց իր մասը։ Մեծագույն մասը, Դանիել քահանան տեղավորեց և թանկագին ընծայով շտապ գնաց Աբաս հայրապետի մոտ։ Տեսնելով դրանք՝ նա, մեծապես ուրախանալով, տոնախմբություն արեց նրանց հիշատակին և տեղավորեց մաքուր գանձանակների մեջ»։

(Մովսես Կաղանկատվացի. «Պատմություն Աղվանից աշխարհի»)


ՋՎԱՆՇԻՐ ԻՇԽԱՆԻ ՀԱՂԹՈՒԹՅՈՒՆԸ

Երբ Աղվանքի իշխան Ջվանշիրը լսում է, որ խազիրները հարձակվում են իրենց վրա, նա, ընկնելով ամենահաղթ Խաչի

[ page 87 ]

առջև, աղոթում է Իսրայելի արքայի նման. «Տե՛ր իմ, առ Քո զենքն ու վահանը և հետ դարձրու ինձ վրա եկողներին» (Սղմ. 34։2)։ Եվ վերցնում իր զորքը՝ անցնում է Կուր մեծ գետի այն կողմը։ Նրանց դեմ ճակատամարտ է տալիս, և խնդրանքը անկատար չի մնում, որովհետև ճակատամարտի խառը ժամանակ նրա արագասլաց երիվարը սայթաքում է ու ցած գլորում նրան, բայց նա չի կործանվում, քանի որ Տերը նորից կանգնեցնում ու հաղթել է տալիս հակառակորդին։

Դրանից երկու տարի անց Ջվանշիրը ավարտում է Աստծո անվան տաճարի գեղեցկաշեն կառույցը, որտեղ ծնկելով լույս Խաչի առջև՝ զղջումով և արտասուքներով աղերսում է Ամենաստեղծին և ասում. «Ով Տե՜ր, իմ Տեր, որովհետև անհիշաչար եղար Քո բազմամեղ ծառայի հանդեպ և ինձ պարգևեցիր այս Խաչը, որից Քեզ մեխելով կախեցին, ուստի Քո Սուրբ Հոգու շնորհները հղիր այս տաճարը և Սողոմոնի տաճարի հանգույն Քո փառքի հոգեխառն ամպով, իբրև մեգով, սա նույնպես զարդարելով վայելչացրու և դարձրու աղոթքների ու պաղատանքների տուն։ Իսկ եթե ամբողջ Աղվանքը միաբանված գա՝ այս տանը փառավորելու Քո անունը, այս Խաչի Աստվածընկալ զորությամբ փակիր թշնամիների դռները, դադարեցրո՛ւ ավազակային հարձակումները և հրամայիր քաղցրություն բերող օդային հոսանքներ լցնել երկիրը, որ անդաստանի բոլոր բույսերը լիուլի բերքով պտղավետ լինեն, և մարդիկ այս երկրում անվրդով ապրեն։

Իսկ ես՝ Ջվանշիրս, որ ծանրաբեռնված եմ հանցանքներով, ո՛վ Տեր, անձկալով ապավինեցի Քո ամենազորեղ Խաչիդ օգնությանը, ինչպես որ կյանքին խիստ կարոտ հիվանդը ապավինում է բարի բժշկին։ Դատարկաձեռն ու ամոթահար մի՛ թողնիր ինձ, իսկ երբ համընդհանուր հարության օրը գա, երբ աներևույթները կփոխանորդեն երևացողներին, փողային բարձրագոչ հնչյունները ննջեցյալներին կարթնացնեն քնից, և հրեղեն ջոկատները աշխարհի ծայրերից կհավաքվեն Քեզ՝ Ամենակալ Թագավորիդ մոտ, այդ ժամանակ Քո ուղեցույց Խաչիդ միջոցով,

[ page 88 ]

որին ես ապավինել եմ, այցելի՛ր ինձ ու իմ կողակից Խոսրովանուշին և իմ նախահայրերին։ Ու ինձ, որ Դավիթ ծառայիդ նման արտասուքներ հոսեցրի, բարկությամբ մի՛ դատիր ու խիստ ճշտությամբ մի՛ պահանջիր, քանզի ի՞նչ շահ իմ արյունից, երբ ես ոչնչանամ։ Փրկի՛ր ինձ հավիտենական փորձանքներից և այս տաճարի փոխարեն, որ երկրում Քո անունով եմ կառուցել, ինձ՝ հոգով մեղանչածիս, օթևան պատրաստիր Քո Հոր տանը, ո՜վ Քրիստոս, Աստված իմ»:

(Մովսես Կաղանկատվացի. «Պատմություն Աղվանից աշխարհի»)

ԱՍՏԾՈ ԾԱՌԱՅԻ ՏԵՍԻԼՔԸ

Իսրայել անունով միայնակյացը, որը մի տարի լեռան վրա՝ գետնին, ծնկի եկած էր քնում, մի գիշերվա չորրորդ ժամին, անակնկալ կերպով նրան սքանչելի լույսով փայլատակող մի հրաշալի տեսիլք է երևում. միաժամանակ անուշ մի բուրմունք տարածվելով՝ լցնում, քաղցրացնում է նրա հոտոտելիքը. իմաստություն է թափվում նրա մեջ, որը նրան խելամիտ է դարձնում, և նա մտաբերում է բոլոր ասվածները, անցյալ ժամանակների մեծ հայտնությունների խորհուրդը, մեծերի առաջին պարգև հանդիսացող ավետիչ քարոզությունը, թե որպե՞ս կամ ի՞նչ ձևով ընդունվեցին մարդկանց կողմից, ու ո՞վ որտեղ էր, որոնք արյունով մարտնչեցին և նահատակի անուն ժառանգեցին, կամ որտե՞ղ թաքցրին աստվածային Խաչի գանձը, և թե դու ի՞նչ պետք է անես։ Այս ամենը նրան ասվեց կրկին անգամ։ Եվ նա արթնանալով՝ գրեթե մի ժամ ահ ու դողի մեջ էր։ Ապա վեր կենալով այնտեղից՝ գոհությամբ առավոտյան աղոթքն է կատարում։

Մյուս օրը, երբ մտաբերում էր աստվածային խոսքը, թե՝ «Վա՜յ նրան, որ Տիրոջ գործը հապաղելով է կատարում», շտապ իջնում է լեռից և գնում եպիսկոպոսանոցի եկեղեցապատկան ավանը և մանրամասն ու ճշգրիտ կերպով պատմում խորհրդավոր հայտնության մասին։ Դավիթ եպիսկոպոսը, որը Մեծկողմանքի առաջնորդն էր, այս ամենը լսելով՝ մոտ մի ժամ մտախոհ դարձավ, ապա իր հետ վերցնելով պարկեշտ քորեպիսկոպոսներից ոմանց, գնաց, պատմեց Ուխտանես եպիսկոպոսին։ Վերջինս լսելով՝ ցնծությամբ գոհություն է տալիս։ Եվ երբ լուրը հասնում է կաթողիկոսին, նա

[ page 89 ]

հրամայում է մեծ ժողով անել։ Հրավիրում է Մեծիրանքի եպիսկոպոս քաջ Հովելին, որ լսելով եղելությունը, խիստ խոսքերով հանդիմանում է բոլորին՝ ասելով. «Ինչո՞ւ եք լսում այդպիսի դատարկաբանություններ, ականջ դնելով ցնորական տեսիլքներին, երբ Աստվածաշունչը մեզ սովորեցրեց դրանք չընդունել, քանի որ առաքյալների ու ավետարանիչների քարոզելուց հետո նման բաներ տեղի չեն ունեցել, ապա այժմ ևս չպետք է լինի»։ Իսկ ինքը օժտված էր մեծ գիտությամբ և քաջահմուտ էր Աստվածաշնչին։

Այդ ժամանակ սուրբ հայրապետը նրան պատասխանեց, որ ըստ Աստվածաշնչի այդ ճիշտ է, բայց քանի որ տեսիլքի պատմությունը նոր և չքնաղ բան է, կարող է Աստծուց լինել, և մենք հակադրվելով դրան, իբրև զլացողներ չդատապարտվենք, ուրեմն կարիք չկա հակառակվելու, թերևս այդպես դառնանք Աստվածամարտեր, և չպետք է հայտնությունը համարել մտացածին, քանի որ առաքյալներից հետո բոլոր սրբությունները, Սուրբ Խաչի հետ միասին, վերջին ժամանակներում զանազան տեղերում՝ Երուսաղեմ սուրբ քաղաքում և այլուր, երևացել ու հայտնաբերվել են։ Հենց այստեղ՝ Աղվանքի բազմաթիվ վայրերում, հայտնաբերվել են սրբերի մասունքներ, ուստի այս տեսիլքն էլ նոր զարմանալիք չէ, քանի որ Աստված կամեցել է, որ այդ գանձերը հողում թաղված չմնա։ Ու պետք չէ ճշմարտությունը ստության ու խաբեության հետ դեն նետել, այլ անհրաժեշտ է ստույգ կերպով քննել և ճշմարտությանը վերահասու լինել, ինչպես սուրբ առաքյալն է ասում. «Ամեն ինչ փորձեցե՛ք, բայց բարին ամուր բռնեցեք»։
Արդ՝ դուք, որ փոխանորդ եպիսկոպոսներ եք, քննեցե՛ք և վերահասու եղեք, թե մեր այս լսածը արդյո՞ք Աստծուց է, և հայտնեք մեզ։

Այդ ժամանակ երկու եպիսկոպոսները՝ Դավիթը և Հովելը, կամավոր ընդունելով հայրապետի պատվիրանները ու հրաժեշտ տալով նրան, Սուրբ Հոգու առաջնորդությամբ գնում են Մեծկողմանքի Ռոստակ գավառը, Տրտու գետի ափին, որտեղ կար մի փայտաշեն մատուռ՝ երեսպատված խեցիներով, խաչանիշ զարդարանքներով դրվագված, պատերը գեղեցկությամբ հորինված։ Այդտեղ հավաքվեցին նաև այլ հոգևորականներ ու ժողովրդական բազմություններ։ Ապա եպիսկոպոսները հրամայեցին, որ բոլորը երեքօրյա պաս պահեն և աղոթք անեն։ Երբ լրա-

[ page 90 ]

ցավ պասի ժամկետը, սրբասուն Իսրայելը բահը առնելով ձեռքը, հրամայեց փորել իր իմացած տեղը. շատերն էլ փեշերով կրում էին հողը։ Ծանր աշխատանքից բոլորը հոգնեցին, բայց չկարողացան տենչալի գանձը գտնել։ Այնուհետև որոշեցին արևելյան կողմի փայտաշեն հարկը, ուր կանգնած էր Տիրոջ մեղսաքավիչ պատարագի սեղանը, և հետախուզելով փորեցին մոտ երեք կանգուն, ու հանկարծ այնտեղից չափազանց քաղցր ու անուշ բուրմունք տարածվեց։ Ու լցնելով հաճելի առատությամբ՝ շատերի հոտոտելիքները ընդմիշտ քաղցրացրեց, որը նման էր բյուրավոր խնկերի ու բազմազան ծաղիկների ազնվական բուրմունքին։ Ու էլի տասը թիզ փորելով՝ գտան երկու արծաթյա արկղեր, որոնց վրա կապարե կնիք էր դրված, որի վրա մի ոսկեձույլ տախտակ՝ վրան ասորերեն ու հայերեն գրեր գրված։ Հավաքված ամբոխը, միմյանց գլխի թափվելով, ձգտում էր տեսնել սրբությունների տապանակները։ Եվ բոլորը շատ զարմացան Աստծո հրաշալիքների վրա, որի համար մեծ օրհնությամբ գոհացան Տիրոջ անպատմելի պարգևների համար, իսկ Իսրայելը եպիսկոպոսների ու ժողովրդի առջև մեծ հարգ ու հեղինակություն ձեռք բերեց, ուստի նրան պատվում էին ըստ արժանի սրբության։

Ապա եպիսկոպոսները, Իսրայելի, ու պատվավոր քահանաների հետ միասին, առանձնանում և բացում են սրբության տապանակների մատանու կնիքը ու այնտեղ գտնում են Քրիստոսի փրկարար Խաչի մասունքը, իսկ քորեպիսկոպոսը կարդում է ոսկեձույլ տախտակի գրությունը, որը հետևալն էր. «Առանձնացված մասունքները Երուսաղեմի սրբերինն են»։ Իսկ Հովել եպիսկոպոսը, տեսնելով աստվածային այդ հրաշքը, իրեն հանցավոր ու դատապարտված էր համարում՝ սկզբում հակառակորդ լինելու համար։

Թող Տերը աստվածընկալ այս Խաչի երևման շնորհներով մեզ պահպանի երկար ու խաղաղ կյանքով՝ Իր զորության ու փառքի մեջ։

Հետագայում, երբ Սուրբ Հոգին Դավիթ եպիսկոպոսի սիրտը շարժեց, Իսրայելին տվեց մեծ քահանայապետությունը՝ ձեռնադրելով նրան, որ գրավի այդ իշխանությունը և փրկի կորուսյալների հոգիները մեծ Պետրոսի նման և անարատ զոհ մատուցի, ինչպես Ահարոնը, և թե՛ հեռավորները և թե՛ մերձավորները խրախճանակից դառնալով՝ նրա սուրբ աջից օրհնություն առնեն։

Ու դրանից մի տարի անց սուրբ քահանան խիստ ցանկու-

[ page 91 ]

թյուն ունեցավ խնդրել փափագելի Խաչը, որը սուրբ Մաշտոցը թաքցրել էր Ուտի գավառի Գիս անունով գյուղում։

Դրա համար, խուսափելով մարդկանց գովեստներից ու փախչելով փառամոլ ու սնապարծ ախտերից, միայն մի սիրասուն քահանայի հետ միասին հասնում է վերոհիշյալ վայրը՝ հին եկեղեցին, բայց չի կարողանում ստուգել ու գտնել այդ տեղը։ Հանկարծ նոճու ծառերի վրա, որոնք աճել էին շուրջը, զարմանալի հրաշք է տեղի ունենում, քանզի բոցաճաճանչ լույսը, ինչպես ծիածան, կամար կապելով, ներքևում արտացոլվում էր քարաշար գմբեթի վրա, ուր գտնվում էր Քրիստոսի Խաչը, որով և իմանում են, որ այնտեղ է իրենց փնտրած գանձը։ Ու բրիչը վերցրած ու գոտեպնդված՝ հինգ օր փորում են այդ տեղը ու գտնում են մի արծաթյա ժանգագույն, հնացած տապան, որի վրա կար հայերեն, լատիներեն ու ասորերեն գրություններ. բացելով այն՝ գտնում են Քրիստոսի նշանը՝ արծաթաձույլ, գեղակերտ, ոսկեզօծ, Տիրոջ Խաչի մասունքով ընդելուզված։

Նրանք մեծապես հրճվելով՝ բազմանգամ խնկարկում են փրկության այս նշանը, գաղտնաբար տանում են իրենց եկեղեցին։ Բայց այնտեղ այնպիսի մեծ ու հրաշալի դեպք տեղի ունեցավ, որ Աստծո ահեղ փառքի մասին չխոսելը այլևս անհնար էր։ Ինչպես Կյուրեղի ժամանակ, որ Երուսաղեմում հայրապետ էր, Կոնստանդիանոս կայսրին ուղղված մի գրությամբ Խաչի երևալու մասին ասում է. «Խաչի լույսի ցոլքերը մինչև Ձիթենյաց լեռը ոչ թե մեկին կամ երկուսին երևաց, այլ քաղաքի ամբողջ բազմությանը ակնհայտ տեսանելի եղավ», նույնպես մեզ Աղվանից արևելցիներիս երկրին լույսի Խաչի երևումը եղավ, որովհետև բոլորն էլ պարզ ու հստակ կերպով տեսան պայծառ լույսը, որը բոցաճաճանչ փայլատակումով եկավ երկնքի ամպերի միջով և սլացավ ամենքի աչքերի առջև։ Բոլորն էլ տեսան շնորհների բարձրանալն ու իջնելը ամենասուրբ Խաչի վրա, որը երբեմն նմանվում էր հրի, երբեմն՝ լույսի, երբեմն՝ լուսաստղի, ու այդ ոչ միայն մենք տեսանք, այլև ողջ աշխարհը մեծապայ-

[ page 92 ]

ծառ ճառագայթներին ականատես եղավ։ Երբ երկնքի լույսը արտացոլվեց տաճարին կից տեղում, այդ ոչ միայն քաղաքի բնակիչներին տեսանելի եղավ, այլև շրջակայքում սփռված գյուղերը, քաղաքները, տղամարդիկ ու կանայք, նաև լեռներում գտնվող հովիվները, դաշտերի հողագործները, բազմաթիվ ճամփորդներ. գիշերվա ժամը հինգին դրանք բոլորը տեսան արփիափայլ սքանչելիքները։ Նրանք բազմաթիվ այլ տեսնողների հետ շտապեցին համբուրելու Քրիստոսի սուրբ Խաչը՝ ընդունելով շնորհ ու ողորմություն հենց նույն տենչալի զենքից և ապագա հաղթության վայելուչ պարգևներն էին ակնկալում։

Մի քանի օր հետո այդքան մեծամեծ հրաշքների պատճառով, որ կատարվեց նոճու ծառերի վրա, կամեցան դրանք Խաչի պատկերով սարքել և անմիջապես հրավիրեցին վարձով հմուտ հյուսներ, և նրանք վայելուչ սարքեցին Խաչի նշանը՝ քանդակակերպ զարդերով դրվագելով։

(Մովսես Կաղանկատվացի. «Պատմություն Աղվանից աշխարհի»)

ԽԱՉԱՄԱՐՏԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ

Վրվեռ անունով մի իշխան վհուկ կանանց կամակատար եղբայր դարձավ։ Սա առաջ ուղղահավատ լինելով՝ առաջադեմ էր բարեպաշտ գործերում, այնքան, որ իր կալվածքի ընդարձակ սահմաններում մի մենաստան էր կառուցել և լիության մեջ պահում էր այնտեղ հավաքած ճգնավորներին, որոնց առաջնորդն էր կրոնական պատրաստակամությամբ շատ անվանի Անդրեասը։ Ամեն տարի այդ իշխանը մեծ պահքին գալիս էր սրանց մոտ և հանդիսակից էր լինում նրանց մինչև Զատկի օրերը և ուրիշ շատ բարի գործերով օգնում էր նրանց, և նա շատերից առաջադեմ էր աղքատասիրության ու քահանաներին հնազանդվելու մեջ։ Բայց չարը սրան թակարդեց վհուկ կանանց միջոցով, որոնք ապականագործ ախտով պոռնկացան նրա հետ:

Այս ողբալի Վրվեռը, նրանց կողմից թակարդվելով՝ զրկվեց պարկեշտությունից, հավատը կորցրեց, դարձավ Աստծո ու Նրա սրբերի թշնամին, թողեց Տիրոջը, որի սուրբ ավազանում մկրտվեց, մոռացավ Աստծուն, որն իր մարմնով ու արյամբ կերակրեց նրան։ Տնից դուրս եկած, պատվից ընկած, մոռացավ

[ page 93 ]

աստվածային ուխտը, հեռացավ ճգնավորական կարգերի հաղորդությունից։ Այն տեղը, որ երբեմնի կրոնավորների օթևան էր, այժմ լուռ է, ավեր ու ամայի։ Իսկ հետո ի՞նչ. այդ թշվառականը, գնալով միաբանվեց այն չարադև կանանց հետ, դիվային կատաղությամբ մոլեգնած՝ ավերեց այն եկեղեցիները, որոնք վաղուց ի վեր կառուցված էին իրենց օձաբնակ տեղերում։ Եվ գյուղերում, ուր հարմար ժամանակ էին գտնում, իրենց հոր՝ սատանային հաճոյանալով, ջարդում էին մեր փրկության նշանն ու Տերունական հաղթության զենքը՝ Խաչը, որով խորտակվեց մահվան հաղթանակը և կամակոր թշնամու փորձությունները, որով պարծենում էր Պողոս առաքյալը. «Սակայն քա՛վ լիցի, որ ես պարծենամ այլ բանով, քան միայն մեր Տեր Հիսուս Քրիստոսի Խաչով» (Գաղատ. 6։14)։

Բայց որովհետև Խաչը հիշեցի, պատմությանս մեջ կբերեմ նաև մի զարմանահրաշ զրույց, որ բոլոր լսողներին սարսափեցնում է։ Պախրա լեռան հատվածներում, որ այժմ Գայլախազուտ է կոչվում, Բազմաղբյուր անունով մի ավան կար, ուր մեծապայծառ վայելչությամբ կանգնած էր աստվածային հաղթության նշանը, հանուն որի և գյուղը վերանվանվելով՝ մինչև այսօր կոչվում է Խաչ։ Մեծ պենտեկոստեի օրը, որը Նոր կիրակի է կոչվում, սատանայի կամակատար մշակները գիշերը գալով, մուրճով ջարդելով, փշրելով աստվածընկալ նշանի թագը՝ Խաչը, թափեցին գետին ու թաքուն գնացին մտան իրենց օձաբնակ որջերը։ Սրա վրա երկինքը վերևից ապշեց, ու ամբողջ երկիրը սարսափահար դողաց։ Առավոտյան աքլորականչին՝ ըստ սովորական կարգի, երեցը վեր կենալով գնաց, որ Խաչի առաջ մեծ կիրակիի ծեսը կատարի և տեսնելով այդ զարհուրելի տեսարանը՝ ձեռքը գցեց օձիքին ու պատառոտելով հագուստները՝ բարձրաձայն աղաղակով անմիջապես տեղի բնակիչներին հավաքեց։ Նրանք էլ տեսնելով այդ ապշեցուցիչ գործը՝ ողբ ու ճիչերով կրծքերը ծեծելով վերադարձան. բոլորն անխտիր՝ տղամարդ ու կին, ծեր ու երեխա, միաձայն ողբում էին։ Եվ մինչդեռ նրանք այս տագնապի մեջ էին, Աստծո անճառ իմաստությամբ, նրանց մեջ հանկարծ միտք ծագեց. քանզի այն գիշեր, երբ այդ կատարվեց, հանկարծակի ձյուն էր եկել ու երկրի երեսը ծածկել։ Նրանք անօրենների հետքերը բռնելով՝ հասան մին-

[ page 94 ]

չև նրանց որջը ու անմիջապես հայտնեցին Սամուել հայրապետին։ Սա լսելով՝ մեծ բազմությամբ հասավ այնտեղ և գավառի եպիսկոպոսներին, երեցներին ու վանականներին իր մոտ հավաքելով՝ նրանց հետ գնաց, այրեց ու ոչնչացրեց անօրենների որջը, նզովելով նրանց կայքն ու կարողությունը, ինչպես նախկինում Հեսուն անիծեց Երիքով քաղաքի ունեցվածքը, որ ոչ ոք չհամարձակվի որևէ բան վերցնել. նրանցից վեցին, որոնց մասին ասում էին, թե այդ չար ու պիղծ կրոնի վարդապետներ են, ձերբակալելով՝ բազմությամբ եկան Ջերմա կոչվող գյուղաքաղաքը և հրամայեց նրանց ճակատներին խարազանելով դրոշմել աղվեսապատկեր, որ այդ լինի բոլորին հայտնի ու ճանաչելի հավիտենական նշան, որ ոչ ոք անգիտակցաբար չհաղորդակցվի նրանց հետ, ու նրանք, որպես չար գազաններ, հալածվեն բոլոր մարդկանց կողմից։ Դրանից հետո իրեն գործակցող ժողովրդին օրհնելով՝ խաղաղությամբ ճանապարհ դրեց:

Հունաց թագավորը Եղիա անունով մի դատավոր ուղարկեց Հայոց Եկեղեաց* գավառը, Վրվեռը ընդառաջ ելավ նրան և գանգատ արեց Սամուել հայրապետի և մի քանի եպիսկոպոսների համար, ասելով. «Իմ տունը նրանք ավարի տվեցին, գյուղս ավերեցին ու հրդեհեցին»: Եվ իր շատ գանձերի և ստացվացքների կորստյան պատճառը նրանց վրա բարդեց: Լսելով այդ, դատավորը խիստ զայրանալով մարդիկ ուղարկեց, որ շուտով եպիսկոպոսներին իր մոտ բերեն: Ստանալով այդ լուրը, կարծես աստվածային տեսությամբ շատ մարդիկ հավաքվեցին, ու ոչ միայն քահանաներ, այլև աշխարհականներ: Եվ այդ ամբողջ բազմությունը եկան հասան Եփրատ գետին: Այդ ժամանակ գետը անձրևների պատճառով վարարել էր, և դատավորի զինվորները մի նավակ բերեցին, որպեսզի փութով Սամվել հայրապետին ու մյուս հոգևորականներին գետի այն ափը հասցնեն: Բայց ժողովուրդը պինդ բռնել էր իրենց հոգևոր հովիվներին և թույլ չէին տալիս նրանց առանց իրենց տեղափոխեն: Վերջապես ստանալով ժողովրդի համաձայնությունը, նրանց մյուս ափը տեղափոխեցին: Ցամաք հասնելուն պես, դատավորը հրամայեց բանտարկել բոլորին:

____________________
* Այժմ Երզնկա
____________________

[ page 95 ]

Ժողովուրդը իմանալով այդ մասին, սկսեցին բարձր ձայնով քաջալերել իրար, և որոշեցին մինչև իսկ մահվան վտանգը աչքերի առջև ունենալով, այն ափը հասնեն, քան թե իրենց հավատքի առաջնորդներին մենակ թողնել: Ու քանի որ իրիկունը վրա էր հասել, առաջինը քահանաները գետը մտան: Նրանք ջուրը ճեղքում էին ոչ թե Խաչի խորհրդանիշ ուխտի տապանակով, ինչպես իսրայելացիները անցան Հորդանանով, այլ բուն իսկ Տիրոջ հաղթական Խաչը իրենց ձեռքերի մեջ ունենալով և ուսերին կրելով:

Այսպես հաստատ հավատով նրանք ճեղքում էին կատաղած ջրերի կոհակները, որոնք խստերախ նժույգների նման ծառս էին լինում նրանց շուրջը: Բայց ողջ ժողովուրդը Տիրոջ ողորմությամբ բոլորը անվնաս այն ափը հասան և գոհության երգերով սկսեցին փառաբանել Աստծուն: Եվ այդպես, ողջ գիշեր, մինչև լույս անցկացրին սաղմոսներով ու օրհներգերով, իրենց առաջնորդ ունենալով անարատ Մարիամին` որ է Քրիստոսի սուրբ եկեղեցին:

Դատավորը երբ լսեց Աստծո հիշյալ հրաշքի մասին, որ Տերը հոգ է տանում Հայոց ժողովրդի համար, զարհուրանքով աղոթեց Աստծուն, որ չլինի թե անգիտությամբ խոտորվի Տիրոջ իրավունքներից: Եվ երբ կիրակի օրը նստում է իր օրինական դատին, հրամայում է Վրվեռին դատարան ներկայանա: Նա էլ Քամելյոն անունով կենդանու նման, պաշտպանվելու համար դիմում է մի հույն եպիսկոպոսի, որը նրան իր խնամակալության տակ է առնում, իսկ նրա գործակիցներին տարբեր պատիժներ են տալիս:

Բայց Աստծո դատաստանը Վրվեռի վրա նույնպեա հասավ, և ինչպես Հերովդեսը, նրա մարմինը սկսեց գոսանալ, մատերը չորացան և անկարող էր անգամ սնունդը բերանը տանել, և տառապանքների ժամանակ դժոխքի չարչարանքներ էր կրում, բայց անզիղջ մնալով մինչև վերջ:

ՑԱՄԱՔԱԾ ԱՂԲՅՈՒՐԻ ՀՐԱՇՔԸ

Սիոն եպիսկոպոսը, որ հրավիրված էր Աղձնյաց նահանգի եպիսկոպոսության համար, երեխա հասակից կրթվել և սնվել է սուրբ հայրապետարանում։ Եվ մինչդեռ նա այնտեղ իր հավա-

[ page 96 ]

տացյալ հոտի հովիվն էր, Սիմ կոչվող լեռան ստորոտում ցամաքեց մի հորդաբուխ աղբյուր, որից ոռոգվում էին բազմաթիվ այգեստաններ, բուրաստաններ ու արտեր։ Բայց դրանից հետո գյուղի պտղաբերությունը սկսում է ապականվել, եղծվել ու ավերվել։ Այդ ժամանակ, տվյալ նահանգի իսմայելյան ոստիկան Սուլեյմանը, իր մոտ է կանչում եպիսկոպոսին և աղաչում նրան հնար գտնել՝ աղբյուրը դարձյալ բխեցնելու համար։

Նա էլ քարոզիչ է ուղարկում բոլոր թեմերը, որ միաբանված գիշերային ժամերգություն ու հսկում կատարեն այդ գիշեր, որից լուսանում էր կիրակի օրը։ Իսկ կիրակի վաղ առավոտյան Սիոն եպիսկոպոսը սուրբ Խաչով ու հավատացյալների խմբով շարժվում է, գնում մինչև խցանված ու ցամաքած աղբյուրի մոտ։ Այնտեղ աղոթք անելով ու տեղը խաչակնքելով՝ խփում է ձեռքում բռնած գավազանով և ակնթարթորեն բխում է հորդաբուխ ակնակիտ աղբյուրը։ Դրա վրա է՛լ ավելի է զարմանում ոստիկանը և այլեւս չի մոռանում կատարված հրաշքը։ Ու երբ նա դառնում է հայաստանցիների վերակացուն, անմիջապես առաքում է սուրհանդակին Սիոն եպիսկոպոսին գտնելու և հրամայում է նրան բերել ու նստեցնել հայրապետական աթոռին։

(Հովհաննես Դրասխանակերտցի». «Հայոց պատմություն»)

ԽԱՉԻ ԶՈՐՈՒԹՅԱՄԲ ԲԱՆՏԻՑ
ԱԶԱՏՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գեղասլաց պատանի կտրիճ Վասակը՝ Սյունյաց տեր Սմբատի եղբայրը, որ անիծյալ Յուսուփի չար կամքին չենթարկվելու պատճառով բանտ էր նետված ավելի քան մեկ տարի, մի օր, երբ մութն ընկավ, օգնության կանչելով վերին կամքը և երեսը խաչակնքելով՝ ասաց. «Օգնեցե՛ք ինձ, Սյունյաց եկեղեցիներ»։ Վերցնելով պողպատի սուրն ու գործի դնելով՝ պահապաններին դիաթավալ արեց։ Ինքն էլ, բավական տարածություն վազելով, կախվեց պարսպից ու իջավ։ Եվ քանի որ նրա ծառաները նախօրոք ձի էին պատրաստ պահել, հեծավ երիվայրն ու փախավ, թաքնվեց երկրի ամուր տեղերը։

(Ստեփանոս Օրբելյան. «Սյունիքի պատմություն»)

[ page 97 ]

ՇԱՀԱՆԴՈՒԽՏ ԱՐՔԱՅԱԶՆ ԱՂՋԿԱ ԵՎ
ՆՐԱ ՀԵՏ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՀԱԶԴՈՒ
ՀՐԱՇՔԻ ՄԱՍԻՆ

Սիրելի եղբայրներ, ցանկանում եմ ձեզ պատմել այն զարմանալի հրաշքի մասին, որ այն ժամանակ կատարվեց աստվածային տնօրինությամբ։ Աղվանքի գահերեց իշխան Վարազ Տրդատը մի դուստր ուներ՝ Շահանդուխտ անունով։ Նրա կերպարանքը արտասովոր էր ու հրաշալի. չքնաղ գեղեցկությունը զարմանք էր պատճառում տեսնողներին։ Ոչ ոքի չէր թվում, թե նա նյութեղեն է. այլ կարծես թե կերպարանավորված էր լուսատարր օդից ու նրբանուրբ շողերից։ Նրան հարս խնդրեցին Թորգ.ոմյան տնից։ Եվ նա դուրս ելավ աշխարհից, հայրենի տնից գնաց կին դառնալու հայ իշխանին։ Մտնելով Բաղաց աշխարհը՝ անցնում էր ապահով տեղանքի ճանապարհով, մի ապառաժոտ վայրով, որտեղ մի քարաժայռի փլվածք էր՝ ահռելի խորությամբ, որն անդունդի նման ուղղված էր դեպի Տաթևի մեծ հայրապետանոցի կողմը։ Հենց այդ քարաժայռի մոտ թաքնված, ծվարած էին սուսերամերկ զորքի լեգեոնախումբ ջոկատներ, որոնք Շահանդուխտի սքանչելի գեղեցկության պատճառով եկել էին Պարսկաստանից, և հսկում էին ճանապարհներն ու կիրճերը, որ հափշտակեն այդ գեղեցկուհուն։

Ուղևորներն այդ բանին իրազեկ չէին։ Զինված խմբերը հանկարծակի հարձակվեցին նրանց վրա և սրերը քաշած՝ սկսեցին անխնա կոտորել քրիստոնյաներին։ Խորահավատ օրիորդն այս տեսնելով հասկացավ պատճառը, Տերունական Խաչով երեսին Խաչ հանելով, ձին մտրակեց ու թռավ անդնդախոր քարաժայռից։

Այս տեղեկությունները գտանք մի հնացած նամակում, որը իր իսկ՝ Շահանդուխտի ձեռքով էր գրված այսպես. «Ես՝ Քրիստոսի

[ page 98 ]

մեղավոր աղախին Շահանդուխտս, Վարազ Տրդատի դուստրս, Թորգոմյան տուն հարս էի գնում. հասա Բաղքի սահմանները, քարաժայռի գլխին, հանկարծակի հանդիպեցին իսմայելացիները, որոնք իմ հռչակված գեղեցկության պատճառով կամենում էին ինձ հափշտակել։ Նրանք սրերը քաշած կոտորեցին ինձ հետ եղած հեծելագունդը։ Եվ ես լավ համարեցի գայլաբարո այլազգիների ձեռքը ընկնելու փոխարեն՝ գահավիժելով մեռնել Քրիստոսի համար։ Եվ հիշելով սուրբ Աստվածածնին և սուրբ Հռիփսիմեին՝ ինձ հանձնեցի Սուրբ Երրորդությանը. ողորմելի անձս խաչակնքեցի սուրբ Խաչով և ձիու սանձը ետ դարձնելով՝ թռա քարաժայռից։ Քամու ուժգին հոսանքով, աներևույթ զորությամբ, կարծես թե կառքով իջա ձորի խորխորատը, ձիս էլ հետս՝ անվնաս։ Այնտեղ դադար առնելով՝ մեծ հիացմունքով խիստ գոհունակություն վերառաքեցի ինձ այդպես Փրկողին և այս անդորր տեղում իմ անձս նվիրեցի Քրիստոսին. ուխտելով այլևս այստեղից դուրս չգալ մինչև կյանքիս վերջը։

Իսմայելացիները այս տեսնելով՝ մեծ զարմանքով անվնաս թողեցին իմ զորախմբի մնացածներին ու հեռացան։ Ես էլ այստեղ շինեցի մի մատուռ ու մի խցիկ, որտեղ ճգնեցի կյանքիս մնացած օրերը։ Թեև ծնողներս ու հարսնացու իշխանները շատ թախանձեցին, բայց ես տեղիցս չշարժվեցի։ Հրավիրելով Սյունյաց երանելի եպիսկոպոսին՝ ենթարկվեցի նրան և իմ ամբողջ ունեցվածքը տվեցի նրա ձեռքը՝ կես մասը բաժանելու կարիքավորներին, կեսն էլ տալու Տաթևի սուրբ եկեղեցուն»

Եվ սա Շահանդուխտը հենց իր ձեռքով էր գրել։ Նա մնալով այնտեղ, իր մոտ է հավաքում ուրիշ կույսերի և տառապալից ճգնությամբ ապրելով երեսուն տարի՝ մեռնում է։ Եպիսկոպոսը թաղում է երանելի սրբուհու մարմինը նույն տեղում, որի բարեխոսությամբ Քրիստոս Տերը թող խնայի մեզ նույնպես։

(Ստեփանոս Օրբելյան. «Սյունիքի պատմություն»)

ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ ԽԱՉԻ ՀԱՂԹՈՒԹՅԱՄԲ

Հայոց զորավար Վահան Մամիկոնյանը, տեսնելով, որ հայոց զորքերը շփոթվելով՝ տկարացան թշնամու առաջ, ձայն

[ page 99 ]

տվեց Վրեն Վանանդացուն. «Հառաջացի՛ր և պատերազմ ձեռնարկիր»։ Նա զարհուրած պատասխանեց. «Չե՛մ կարող. այս ժամին հույսդ իմ վրա մի՛ դիր»։ Եվ հայոց զորավար Վահան Մամիկոնյանը, զորանալով սրտով, խաչակնքեց երեսն ու երկու կամսարականների հետ հարձակվեց իրենց հասած թշնամիների վրա։ Իսկ նրանք առանց դիմադրելու, իրենց թևը միանգամից տեղահան անելով, փախուստի մատնվեցին։

Մի ուրիշ անգամ, երբ մնացել էին ընդամենը 40 -ը, և գուցե դրանից էլ պակաս, զարհուրելով ասացին Վահան Մամիկոնյանին. «Մտածի՛ր, տե՜ր, մտածի՛ր»։ Այսինքն այս ժամին մի հնար կա. տեղի տալու և մեր անձերը փրկելու: Եվ հայոց զորավար Վահան Մամիկոնյանը խաչակնքելով իրեն՝ բարձրաձայն գոչեց. «Ինձ ոչ ոք թող չզգուշացնի, թե մտածի՜ր, քանզի Աստված մի՛ արասցե, որ հույսս դնեմ մարդու վրա, կամ պարծենամ մարդով, քանզի ինձ հովանի է միայն մեր Տեր Հիսուս Քրիստոսի Խաչը»։

Եվ նա, ուխտապահ ու քաջ և սակավ մարդկանցով, խիզախորեն հարձակվեց ու մխրճվեց պարսից բանակի մեջ։ Եվ հայոց զորավարի ու նրա հետ եղած սակավաթիվ զորքի անկոտրում ուժից ապշած՝ Պարսից զորագլուխ Շապուհը ճեպով լուր հղեց Սյունյաց դավաճան իշխան Գդիհոնին՝ ասելով. «Ձե՜ռք տուր այս կողմին, օգնի՛ր, որովհետև սա մի անպատմելի գործ է։ Եթե իրոք նրանց մի աներևույթ զորություն է օգնում, որ մենք