ԽԱՉԱՊԱՏՈՒՄ
Ներածություններ 1.Պատմական
վկայություններ 2.Հայոց վերածնունդ
3.Տիեզերալույս հայրերը Սուրբ Խաչի մասին 4.Սուրբ
Խաչի տոները
5.Ժամանակակից վկայություններ
[ page 131 ]
ՏԻԵԶԵՐԱԼՈՒՅՍ ՀԱՅՐԵՐԸ ՍՈՒՐԲ ԽԱՉԻ ՄԱՍԻՆ
[ page 132 ]
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՈՍԿԵԲԵՐԱՆ
Խաչի Նշանը պատկերում ենք և՛ տաճարների, և՛ պատերի, և՛ դռների վրա, և՛ երեսներին ու պատկերացնելով մեր մտքերում հատուկ ուշադրությամբ, որովհետև այդ մեր փրկության նշանն է, ընդհանուր ազատության և մեր Տիրոջ խոնարհության Նշանը։ Իսկ Կոնստանդին կայսրի ժամանակ Խաչի Նշանը դրվել է նաև զենքերի վրա։
«Ոչ ոք թող չամաչի Խաչի նշանից, որը մեր բոլոր բարության աղբյուրն է, որի շնորհիվ կանք ու ապրում ենք և կրենք այն, ինչպես փառքի պսակ, քանզի մեր բոլոր խորհուրդները, եթե վերստին ծնվել է պետք, եթե Երկնային Հաց ենք ուզում ճաշակել, եթե ուզում ենք ձեռնադրել, ամեն տեղ այդ Նշանն է դրվում ու Նրանով են իրականանում»։
Երբ Խաչակնքվում ես, մտածիր Խաչի ահավոր զորության մասին և հանգցրու բարկությունդ ու մնացած մոլություններդ։ Երբ խաչակնքվում ես, հոգիդ թող ազատագրվի, իսկ դեմքդ համարձակությունով լցվի։ Խաչը միայն մատներով պետք է չպատկերվի, այլ դրանից առաջ ամուր հավատի կամքով հաստատվի։ Եվ եթե դու այդպես խաչակնքվես, ոչ մի պիղծ ոգի չի կարող քո մոտ կանգնել, որովհետև նա կտեսնի մի սուր, որն իրեն մահացու հարված է տվել։ Երբ մենք տեսնում ենք մահապարտների կառափնարանն ու դողում ենք վախից, մտածի՛ր, թե ինչպես են տանջվում սատանաներն ու դևերը՝ տեսնելով այն զենքը, որով Քրիստոսը հաղթեց նրանց բոլոր զորությունը, կտրեց հին օձի գլուխը։ Ու դու մի ամաչիր այդքան զորավոր Խաչից, որ Քրիստոսն էլ քեզ համար չամաչի վկայել, երբ գա Իր փառքով, երբ Իր առջևից երևա Խաչի նշանը՝ ավելի պայծառ, քան արևի ճառագայթները։ Այդ Նշանով բացվե-
[ page 133 ]
ցին դժոխքի դռները, ոչնչացվում է թույնի զորությունը, քանզի այդ Խաչը մոլորակը փրկեց, հեռացրեց մոլորությունը, վերադարձրեց ճշմարտությունը և երկրից երկինք դարձրեց, մարդկանցից՝ հրեշտակներ։
Խաչի պատճառով դևերը այլևս սարսափելի չեն և արժանի են արհամարհանքի, Նրանով մահը այլևս մահ չէ, այլ երկարատև քուն, և մեր վրա իշխող ամեն զորություն ոտնատակ է տրված։
Խաչը նախկինում անվանվում էր դատապարտության գործիք, իսկ այժմ այն դարձավ ցանկալի և գովելի։ Նախկինում Խաչը խայտառակության ու տանջանքի առարկա էր, իսկ այժմ դարձավ փառքի և պատվի առարկա։ Իսկ որ իսկապես Խաչը փառավոր է, լսիր Քրիստոս Հիսուսին, որն ասում է. «Հայր, այժմ փառավորիր Ինձ այն փառքով, որ ունեի Քո մոտ՝ նախքան աշխարհի լինելը» (Հովհ. 17։5), Խաչը փառք անվանելով։
Խաչը մեր փրկության գլուխն է, Խաչը բազմաթիվ բարությունների պատճառն է։ Նրա միջոցով մենք, որ մերժված ու անփառունակ էինք, այժմ որդիների շարքն ենք ընդունվել, նրա միջոցով մենք, մոլորությունից դուրս գալով, ճանաչեցինք ճշմարտությունը, մենք, որ նախկինում երկրպագում էինք փայտին ու քարին, այժմ Խաչով ճանաչեցինք մեր Արարչին, նրա միջոցով մենք՝ մեղքի ստրուկներս, դարձանք ճշմարտության ազատությանը, և, վերջապես, Խաչով երկիրը երկինք դարձավ։
Նա կայացրեց Աստծո և մարդու միջև հաշտությունը, նա մեզ վեր հանելով անբարոյականության վիհից՝ բարձրացրեց մինչև առաքինության գագաթը։ Նա ոչնչացրեց դիվական մոլությունները և վերացրեց գայթակղությունը։ Նրա միջոցով այլևս դադարեց անբան անասունների արյան հեղումը, և ամենուր լսվեցին սաղմոսերգություններ և աղոթքներ, նրա միջոցով դևերը փախուստի մատնվեցին, սատանան հեռացվեց, նրա միջոցով մարդկային էությունը սկսեց մրցակցել հրեշտակային կյանքով, նրա միջոցով անարատություն հաստատվեց երկրի վրա։ Քանզի այն ժամանակից ի վեր, երբ Կույսից Ծնվածը եկավ, մարդկային սերունդը ճանաչեց ողջախոհության առաքինությունը։ Նա մեզ՝ խավարում նստածներիս, լուսավորեց՝ ազատելով նախկինում գերյալներիս, Նա մեզ՝ հեռավորներիս, մոտիկներ դարձրեց, Նա մեզ՝ նախկինում օտարականներիս,
[ page 134 ]
երկնքի քաղաքացիներ դարձրեց, Նա մեզ աշխարհի սյուներ դարձրեց։ Խաչի միջոցով մենք այլևս չենք վախենում սատանայի կրակոտ նետերից, քանզի գտել ենք Կյանքի աղբյուրը, նրա միջոցով դադարեցինք այրիներ լինելուց, քանզի Փեսային գտանք, նրա միջոցով մենք այլևս չենք վախենում գայլից, որովհետև Բարի Հովվին ճանաչեցինք (Հովհ. 10։ 11)։ Նրա միջոցով մենք այլևս չենք երկնչում տանջողից, որովհետև մոտեցանք Թագավորին։ Տեսնո՞ւմ ես ինչքան բարիքների է արժանացրել մեզ Խաչը։ Խաչի վրա զոհաբերություն է կատարվել, իսկ որտեղ զոհն է, այնտեղ մեղքերի թողությունն է, այնտեղ հաշտություն է Աստծո հետ, այնտեղ տոն ու ուրախություն է. «Քանզի Քրիստոս՝ մեր Զատիկը, մորթվեց» (Ա. Կորնթ. 5։7)։ Եվ այսպես, Խաչը ճշմարտապես մեր տոնն է։ Նա բացեց դրախտը ու ավազակին այնտեղ մտցրեց։ Նա մեծագույն երկու գործ արեց. դրախտը բացեց և ավազակին այնտեղ մտցրեց՝ վերադարձնելով նրան հինավուրց հայրենիք։ Այդ պատճառով թող ոչ ոք չամաչի մեր փրկության պաշտելի ու երկրպագելի Խաչից, որով մենք ապրում ենք, և որը բոլոր բարիքների սկիզբն է։ Եվ ինչպես պսակ՝ կրենք Քրիստոսի Խաչը, որովհետև նրա միջոցով կատարվում է ամեն բան, ինչ-որ անհրաժեշտ է մեր փրկության համար։ Ուզո՞ւմ ենք նորից ծնվել մկրտությունով, մեզ Խաչն է առաջարկվում, ուզո՞ւմ ենք ըմբոշխնել խորհուրդներով, հարկավոր է ձեռնադրություն, կամ ուրիշ այլ բան անել, մեզ ամենուր Խաչի հաղթանակի նշանն է անհրաժեշտ։ Այդ պատճառով մենք ամենայն հավատով Խաչը պատկերում ենք տներին, պատերին, դռներին, մեր երեսներին, մեր սրտերին, որովհետև Խաչը մեր փրկության դրոշն է, մեր Տիրակալի ողորմությունը, որը մեզ համար մունջ ոչխարի նման մորթվելու տարվեց (Եսայի 53։7)։
Այդ պատճառով, երբ խաչակնքվում ես, պատկերացրու Խաչի ամբողջ նշանակությունը, որ մարի բարկությունդ ու մնացած մոլություններդ։ Երբ խաչակնքվում ես, թող քո դեմքի վրա արտահայտվի կենդանի վստահությունը, իսկ հոգիդ ազատագրվի, ու ոչ միայն մատներով պատկերի Խաչի նշանը, այլև դրան թող նախորդի սրտի բարեհաճությունն ու լի հավատը։ Եթե այդպես պատկերես դեմքիդ Խաչի նշանը,
[ page 135 ]
ապա ոչ մի չար զորություն չի կարող քեզ մոտենալ՝ տեսնելով այդ զենքը, որով նա խոցվել է ու մահացու վերք է ստացել։ Որովհետև ինչպես մենք ենք վախով նայում այն գործիքներին, որով մահապատժի են ենթարկում հանցագործներին, ապա պատկերացրու, ինչպես են դողում սատանան ու դևերը, տեսնելով այն զենքը, որով Քրիստոս Տերը ցրեց նրանց զորությունը ու կտրեց սատանայի գլուխը։
Եվ այսպես, մի ամաչիր այդ մեծ բարությունից, ու քեզ չի ամաչեցնի Հիսուսը, երբ Իր փառքով վերադառնա, ու այդ նույն Խաչի նշանը արևից էլ պայծառ պիտի երևա Իր գալուստից առաջ։
Այդ ժամանակ Խաչը իր հայտնությունով կարծես պիտի վկայի, որ Տիրոջ կողմից ամեն բան արվել է, ինչ որ հարկավոր է։
Այս նշանը, թե հնում և թե այս ժամանակներում, ազատել է բանտարկյալներին, խլել է մահացու զորությունների ուժը, ոչնչացրել է թույնի զորությունը։ Որովհետև եթե Խաչը բացել է դժոխքի դռները ու երկնքի հաստատությունը՝ նորից բացելով դրախտի դռները, քանդել է սատանայի ամրոցը, ապա ի՞նչ կա զարմանալու, որ այն ոչնչացնում է մահաբեր թույների ու գազանների և նման բաների զորությունը։
Եվ, այսպես, պատկերի՛ր Խաչը նախ մտքիդ և հոգուդ վրա, քանզի երբ Խաչը մեզ հետ է, ապա դևերը սարսափելի ու վտանգավոր չեն, իսկ մահը մահ չէ, այլ քուն։ Խաչով բոլոր թշնամիները պարտված ու կոխկրտված են։ Այդ պատճառով Խաչը մեր պարծանքն է, բոլոր բարիքների սկիզբը, մեր համարձակությունն ու զարդարանքը։
[ page 136 ]
ՀԱՅՈՑ ԶԱՔԱՐԻԱ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՃԱՌԸ`
ՆՎԻՐՎԱԾ ԱՍՏՎԱԾԸՆԿԱԼ ՍՈՒՐԲ ԽԱՉԻՆ
Այսօր ուրախացավ երկինքը, և ցնծաց երկիրը։ Այսօր բարգավաճելով պայծառացավ Սիոնը՝ Մայր Եկեղեցին։ Այսօր անարատությամբ հարսնացած ընդհանրական առաքելական Եկեղեցին, իր գլուխը գեղավայելուչ պսակով զարդարած ու պճնված, հրճվանքով ու բերկրանքով լցված, նշում է տոնը քառաթևի՝ Աստծո Որդու արյամբ՝ չբթացող կերպով սրված աստվածային նշանի, աշխարհը փրկագործողի, այսինքն՝ աշխարհին կյանք պարգևած, Աստծուն իր վրա ընդունած Խաչի, որ կանգնեցվեց աշխարհի կենտրոնում ու ցոլալով բարձրացավ սուրբ Գողգոթայի վրա։ Արփիափայլ ճառագայթներով փայլելով պայծառացավ Երուսաղեմում, արեգակից ավելի շլացուցիչ փայլելով՝ զարդարվեց և հրանյութ, բոցաճաճանչ ճառագայթներով լցրեց տիեզերքի բոլոր ոլորտները։ Իր պահպանիչ ու ամեն ինչին հաղթող զորությամբ թևերը տարածեց բոլոր հեթանոսների վրա։ Եվ նրա գերահրաշ ու սոսկալի փառքից զարհուրելով դողացին սանդարամետականների լեգեոնները, քանզի նայեցին ու Խաչի վրա տեսան Աստծո անմահ, անժամանակ ու էակից Որդուն՝ ճշմարտապես մարդացած ու բազուկները փայտին գամերով մեխված։
Անմարմինների սուրբ հույլերը՝ հրեշտակների բանակները՝ ահով ու հիացմունքով, սերովբեները՝ շփոթի մատնված, գերագույն պետություններն ու վերին իշխանությունները սքանչացած՝ զարմանքով էին լցվել։ Արեգակը, չտանելով իր Արարչի չարչարանքները, իր ոսկեճաճանչ ճառագայթները հետ էր քաշել։ Լուսինը ծածկվելսուզվել էր քողի տակ, և աստղերի
[ page 137 ]
հրճվալից բազում բույլերը չքացելանհետացել էին։ Կարծր ու անտաշ վեմերը ճաքումբացվում էին, և թանձրամած երկիրն ու այն լցնող արարածները դողումերերում էին և ողբում հրեա ազգի կուրությունը, քանզի աստվածամարտ դարձավ և Իսրայելի փրկությունը չճանաչեց։
Իսկ մեզ՝ Աստվածորդուն հավատացողներիս ու երկրպագողներիս, շնորհվեց բերկրալից ծառ ու փրկության նշան՝ բարձրացած և զանազան ծաղիկներով ու անթառամ տերևներով լցված, անպատմելի ու հրաշափառ տեսքով. տեսակ-տեսակ պարգևներ բաշխող ծա՛ռ և արմատ, որի միջոցով Սիրո աստվածային շնորհն աշխարհում տարածվեց ու աղբյուրացավ։ Ամեն կողմ տարածված ոստե՛ր, որ բարձրացաք Գողգոթայի սուրբ ջրերի վրա՝ հովանի դառնալով ողջ աշխարհին։ Երուսաղեմում հայտնված ծիլե՛ր, որ մարդկային քաղցած ցեղին հագեցրիք երկնքից իջած ու ձեզ վրա որպես ընծա մատուցված Հացով։ Փրկության նշա՛ն, որ մերկացած Նախաստեղծին պճնազարդելով փայլեցրիր։ Մեծարելի ծա՛ռ, որ հարստացրիր սնանկացած մարդկությանը։ Ծա՛ռ, որ ուրախություն պարգևեցիր առաջին դառնությունը ճաշակածներիս։ Կյանք պարգևող ծա՛ռ, քեզնով Աստծո իմաստության ծածկված գանձը հայտնվեց և տրվեց մարդկային ցեղին։ Քանզի դո՛ւ, ո՛վ Կյանքի սուրբ ծառ, հրեաների կողմից թշնամանքով տնկվելով՝ աշխարհն ազատեցիր Ադամի անեծքից։ Գեղեցկորեն պարելով քաղցրաձայն գովերգում են քեզ բոլոր ազգերն ու ցեղերը, քանզի դու սուրբ Գողգոթայի վրա կանգնեցիր և պտուղներ տալով՝ դեպի վեր՝ դեպի երկինք բարձրացրիր նրանց, ովքեր ճաշակում են քո փրկավետ ճյուղերի պտուղներից։
Դո՛ւ, ո՛վ սուրբ ծառ, մեղավորների պարտամուրհակը պատռեցիր և երկնավոր Հոր որդեգրությանը կանչեցիր նրանց։ Կանգնեցիր՝ տնկվելով ուրացողների կողմից, և լուսավորելով փրկեցիր հավատացողներին։ Քո միջոցով, ո՛վ անմահագործ ծառ, երկնային դռները հաստատուն կերպով բացվեցին, և քո միջոցով ներքև իջած անմահների զորքերը մարդկանց հետ գովերգում են քեզ։
Քեզնով, ո՛վ Կյանքի ծառ, կապանքների մեջ առնվեց բանսարկուն, և ազատվեցին նրա կողմից բռնվածները։ Քո
[ page 138 ]
միջոցով, ո՛վ ամենօրհնյալ անպարտելի նշան, մահվան հզորացած իշխանությունը թուլացավ ու խափանվեց, ծովացած մեղքերի սաստկացած բռնությունը վերացվեց, և մաքրվելով բացվեցին արդարության ու ճշմարտության բազմապիսի ճանապարհները։ Դո՛ւ, ամենօրհնյալ սուրբ ծառ, մարդկային հողանյութ ցեղին բարձրացնելով՝ հրեշտակների հետ կարգեցիր, քանզի հրեշտակներն ու մարդիկ միասնաբար գեղեցկորեն պարում ու հոգևոր երգեր են երգում հարսնացած սուրբ ընդհանրական Եկեղեցում։ Որովհետև Բարու և չարի գիտության ծառի միջոցով մահանալով՝ հավերժական կյանքից զրկվեցինք, իսկ քո միջոցով, ո՛վ ամենօրհնյալ սուրբ ծառ, վերստին նույն պայծառությանն ենք հասնելու՝ դեռ ավելի հրաշափառ կերպով, քան սկզբում։
Նախաստեղծն իր ձեռքը Չարի ու բարու գիտության ծառին երկարեց՝ մեզ դեպի մահը տանելով, և ամաչելով մերկացավ փառքից ու խիտ անտառի ծառերի մեջ՝ սաղարթների տակ, թաքնվեց, իսկ անճառելի Խոսքն Աստված աշխարհին կյանք պարգևող Իր բազուկները քեզ վրա տարածեց։ Կենդանարար սո՛ւրբ ծառ, վերստին զգեստավորեցիր մարդկային մերկացած ցեղին՝ ըստ այս խոսքի. «Ովքեր Քրիստոսով մկրտվեցին, Քրիստոսին հագան»՝ (Գաղատ. 3:27) զարդափայլելով անկողոպտելի պատմուճանով։ Ադամը ճաշակեց ծառի պտղից ու հեռացվեցվտարվեց հրաշալի դրախտից, սերովբեները տենչալի Կյանքի ծառը փակեցին նրա աչքից, իսկ հավատացյալներս ճաշակեցինք քեզ վրա պատարագված Կյանքի Պտղին, ո՛վ պանծալի սուրբ ծառ՝ աներկյուղ մոտենալով ու հպվելով տենչալի Կյանքի ծառին։
Դո՛ւ, ո՛վ ամենօրհնյալ սուրբ ծառ, լուսատու ես աշխարհի և պահապան քրիստոնյաների։ Դո՛ւ, ո՛վ ամենասուրբ անպարտելի նշան, առաջնորդ ես կույրերի և լույս՝ խավարածների համար։ Դո՛ւ, աշխարհին կյանք տվող սուրբ ծառ, ճանապարհ ես մոլորվածների համար և կորսվածներին դեպի ճշմարտության ճանապարհն ու փրկության շավիղները վերադարձնող։ Դո՛ւ, ամենօրհնյալ սուրբ ծառ, աղքատներին հարստացնում ես և խոնարհներին բարձրացնում, դու հարուստներին կշտամբում ես և մեծատուններին սանձահարում։ Դո՛ւ, փրկագործ ծառ,
[ page 139 ]
արդարներին պահպանում ես և մեղավորներին ապաշխարության բերում։ Դո՛ւ, փրկության ամենօրհնյալ ծառ, բանսարկուին վտարելով դատապարտեցիր և նրա խավարաբնակ լեգեոնն ու դիվագունդ բանակը հեռու քշելով՝ վանեցիր ու միշտ հալածում ես մեզանից՝ քեզ սիրողներից ու երկրպագողներից։ Դու անպարտելի զենք ես ընդդեմ աներևույթ աղեղի, դժոխքն ավերեցիր և նրանում բանտվածներին փրկեցիր։ Դո՛ւ, ամենօրհնյալ սուրբ նշան, բարի շառավիղ ես, որ նավագնացներին առաջնորդում և վտանգվածներին հասցնում ես խաղաղ ու ապահով նավահանգիստ։ Դո՛ւ, սուրբ նշան, որպես անպարտելի զորավար՝ պատերազմի դաշտում պահպանում ես զինվորներին և ամենքի մասին հոգ տանելով՝ զորացնում, գլորվածներին կանգնեցնում, ցրվածներին ժողովում։ Դու ընդհանրական սուրբ Եկեղեցու պարծանքի պսակն ես, թագավորներին պսակում ես՝ ոսկեհուռ զարդարելով ու պճնելով։ Դո՛ւ, ազատարար սուրբ ծառ, ծառայությունից փրկում ես, հիմարներին իմաստնացնում, անմիտներին խոհեմ ու հանճարեղ դարձնում և անօրեններին՝ օրենսգետ։
Ամենօրհնյա՛լ սուրբ ծառ, մարգարեները հեռվից քեզ քարոզեցին, և երջանիկ առաքյալները քո միջոցով ահարկու դարձան դևերի համար։ Սուրբ վկաները քեզնով հաղթեցին անօրեն բռնակալներին, և անապատաբնակները քեզնով կրոնավորելով՝ պահպանվում են։ Սուրբ ու պարկեշտ կույսերը քեզնով զգաստանում են, և քահանաները՝ քեզնով բարեկարգ դառնում։ Դո՛ւ, ամենապանծալի սուրբ ծառ, սուրբ Եկեղեցու հիմքում զետեղված հավատքի վեմն ես, աշխարհի համար ամուր պարիսպ և կռապաշտությունն ավերող։ Դու հրեաների համար կործանում եղար և հեթանոսների համար՝ հիմարություն, իսկ քեզ երկրպագողներիս համար կլինես պարծանքների պարծանք, երբ արփիափայլ ճառագայթներով երևաս արևելքից՝ գալով երկնքի ամպերով ու հաղթելով արեգակի ճառագայթներին, և անհավատների համար հաստատես անշեջ ու մշտաբորբոք հնոցը, իսկ քեզ երկրպագողներին երկնքի ամպերով վեր հանելով՝ թևերիդ վրա բարձրացնես Վերին Երուսաղեմ։ Քեզնով ցնծում է երկինքը, ուրախանում երկիրը, բերկրում Սիոն Մայր Եկեղեցին, քեզնով բարգավաճելով պա-
[ page 140 ]
յծառանում է մարդկային ցեղը։ Քեզ օրհնում են հրեշտակները, և գեղապանծ ձայնով քեզ բարեբանել ենք կամենում, սակայն չենք կարողանում, քանզի աղքատիմաստ ու տկարաձայն ենք, գիտության մեջ թերի, որովհետև դու Լիբանանի մի ծաղիկ ես և մի բարձր ծառ, որն Աստվածության անկրելի Կրակը կրեց իր վրա։
Դու անպարտելի սեղան ես երկնքից իջած անմահարար Հացի համար, ինչի մասին Երեմիա մարգարեն կանխատեսաբար ասաց. «Եկեք ոչնչացնենք ծառն իր պտղով և ողջերի երկրից վերացնենք նրան, թող նրա անունը այլևս չհիշվի» (Երեմ. 11:19)։ Դո՛ւ, ամենօրհնյալ սուրբ ծառ, չորս տեսակ ծառերից հավաքելով՝ կազմեցիր Խոսքին կրողին ու բոլոր էակներիս լինելությունը, ինչպես որ Եսային քո մասին խոսելով՝ ասաց. «Դափնիով, սոսիով, նոճիով ու մայրիով» (Եսայի 50:13), և տաշվելով՝ չորսթևանի պատրաստվեցիր և քեզ վրա կրեցիր քերովբեների վրա Նստածի մարմինը։ Մեր նյութական ու քառատարր բնությանն անճառելիորեն միացած, մեր կերպարանքն առած անպարագրելի ու աննյութ Աստվածը մեզ համար քեզ վրա բարձրացավ, և Աստվածորդու աշխարհակեցույց արյունը քեզ վրայով հոսելով իջավ ու աշխարհը մեղքից մաքրագործեց։
Դու մեզ շնորհվեցիր որպես չբթացող զենք՝ սրված Տիրոջ անապական արյամբ։ Քանզի դու ես հույսն ու ապավենը մարդկային ցեղի, որ մեր դատապարտության կնիքը վերացրիր՝ մեզ փրկելով անմարմին Լաբանի աղեղի տեսիլքից, որի մասին Դավիթ երանելին կանխատեսաբար ասում է. «Քեզանից երկյուղածներին նշան տվեցիր, որպեսզի փրկվեն աղեղից» (Սղմ. 59:6), նաև՝ «Մեզ ցույց տրվեց Քո երեսի լույսը, և ուրախություն պարգևեցիր մեր սրտերին» (Սղմ. 4:7), ինչպես նաև՝ «Տո՛ւր զորություն Քո ծառային և բարի նշա՛ն ցույց տուր ինձ» (Սղմ. 85:16)։
Բարեբանվա՛ծ ես, ամենօրհնյա՛լ սուրբ ծառ, դու դրախտի մեջ եղած Կյանքի ծառից էլ բարձր ու հրաշափառ ես. քանզի այն չկարողացավ նախաստեղծին վերադարձնել գեղազարդ ու տենչալի դրախտը, և հրեղեն սուրը շրջապատելով պահում էր դեպի Կյանքի ծառը տանող անձկալի ճանապարհը՝ Նախաստեղծից հեռացնելով և նրա առաջ ուրախալի դրախտի մուտքը փակելով, իսկ դու Խոսք Աստծո, քեզ վրա վերցնելով
[ page 141 ]
բացեցիր դրախտի՝ սերովբեներով փակված դուռը և այն շրջապատող կրակը հեռացնելով՝ ավազակի միջոցով մարդկային ցեղի համար ճանապարհ հարթեցիր դեպի բաղձալի Կյանքի ծառը։ Բարեբանվա՛ծ ես, ամենօրհնյա՛լ սուրբ ծառ, քանզի դրախտի բոլոր ծառերից մեծ ու արփիափայլ ես։ Երբ նախահայրը, օձի միջոցով խաբվելով, ճաշակեց պտուղը, դուրս գցվեց հավերժական կյանքից և փայլակնացայտ փառքից մերկանալով՝ անտառախիտ դրախտի ծառերի սաղարթների տակ թաքնվեց։ Իսկ դու այն Աստծուն, Ով երեկոյան դեմ իջնելով քայլում էր դրախտում և հարցրեց. «Ո՞ւր ես, Ադա՛մ», մեզնից վերցրած մարմնով՝ մերկ ու բազկատարած, քեզ վրա կրեցիր, որպեսզի մերկացած Ադամին քողարկի առավել հրաշափառ կերպով, քան դրախտում։ Բարեբանվա՛ծ ես, ամենօրհնյա՛լ սուրբ ծառ, քանզի ամենքի Արարիչը, Ով վեց օրում գոյացրեց արարածներին, վեցերորդ դարում և ուրբաթ օրվա վեցերորդ ժամին քեզ վրա բարձրացավ, որպեսզի պտուղն օձի խաբեությամբ կերած լինելու պատճառով մեռած Ադամին վերադարձնի դեպի Կյանքի ծառը։ Եվ Արարչի կողից բխած աղբյուրից քեզ վրայով տարածվեցին Եդեմի քառաճյուղ գետի ջրերը՝ չորս Ավետարաններով ոռոգելով ամբողջ աշխարհը։
Բարեբանվա՛ծ ես, փրկագործ ու աշխարհին կյանք պարգևած սո՛ւրբ ծառ, արտափայլած ճառագայթ, դու առավել ես, քան Նոյի արկղանման տապանը. քանզի այն միայն մի քանիսին փրկեց կուտակված ջրերից, իսկ դու ամբողջ աշխարհը փրկեցիր այս կյանքի մրրկածին ծփանքներից։ Եվ ոչ թե անբան աղավնին ձիթենու ճյուղով մատուցեցիր մեզ որպես փրկության առհավատչյա, այլ Սուրբ Հոգին աղավնակերպ իջմամբ մեզ դարձյալ ընծայեց որդեգրության կտակը՝ անվախճան, մշտնջենավոր կյանքի համար։
Բարեբանվա՛ծ ես, անմահացուցիչ սո՛ւրբ ծառ՝ առավել բարձրաբերձ, քան Մամբրեի կաղնին. քանզի այն միայն Աբրահամի վրանն էր իր հովանու ներքո առել, իսկ դու Աբրահամին երևցած, իբրև առհավատչյա՝ նրա զավակի ավետիսը տված և Սոդոմն ու Գոմորը կրակով այրած Աստծուն մարմնով քեզ վրա վերցրիր՝ հովանի դառնալով ամբողջ աշխարհին ու հեթանոսներին, մեզ համար դառնալով ապավեն,
[ page 142 ]
առհավատչյա ու առաջնորդ դեպի Վերին Երուսաղեմ և դժոխքն ավերեցիր, ինչպես Սոդոմն ու Գոմորը։ Բարեբանվա՛ծ ես, կենդանատու և ազատարար սո՛ւրբ ծառ՝ առավել գերարփի, քան Սաբեկի ծառը. քանզի նա միայն Իսահակին փրկեց մորթվելուց ու հրկիզվելուց, շնորհեց հորը, և խոյը նրա փոխարեն ընծայաբերվելով պատարագվեց, իսկ դու Աստծո անարատ Գառին կախեցիր երկու եղջյուրներից՝ Հին և Նոր կտակարաններից, և միավորված աստվածությամբ ու մարդկությամբ գամված է Խաչին։ Տնօրինաբար պատարագելով ընծայեցիր աշխարհին, մարդկանց ազատեցիր մահվանից ու հողեղեններիս ընծայեցիր Հոր փառքին։
Բարեբանվա՛ծ ես, ամենօրհնյալ փրկագործ, տենչալի սո՛ւրբ ծառ, քանզի քո նախօրինա՛կը տեսավ նահապետ Հակոբը սանդուղքի միջոցով, որի հիմքը երկրի վրա էր դրված, և գլուխը հասնում էր երկինք, Տերը նրա վրա էր հաստատված, և Աստծո հրեշտակները բարձրանում ու իջնում էին նրանով։ Եվ տեսիլքն այդպես մնաց մինչև արևածագ։ Հակոբն այդ վայրն անվանեց Բեթել, այսինքն՝ Աստծո տուն, և այդտեղ արձան կանգնեցրեց ու յուղով օծեց։ Իսկ դու կանգնեցվեցիր երկրի վրա՝ Գողգոթայում, կառափնատեղիում, որտեղ գտնվում է առաջին մարդու շիրիմը, գլուխդ մինչև երկինք բարձրացավ, և անժամանակ Աստվածը, պատվական Վեմը, Անկյունագլուխը, մարմնին միացած ու Սուրբ Հոգով օծված, գամերով հաստատվեց քեզ վրա, և սուրբ հրեշտակները քո միջոցով երկիր իջան, իսկ քեզ երկրպագող մարդիկ հրեշտակ դառնալով՝ բարձրանում են մինչև անմահների զորքերը։ Իսկ դու՝ որպես աշխարհի պահապան, կանգնած ես մնում մինչև Արդար Արեգակի՝ հայրական իշխանությամբ հայտնվելը, որի կարապետը դու ես։
Բարեբանվա՛ծ ես, տենչալի ու փափագելի ամենօրհնյա՛լ սուրբ ծառ, քանզի սուրբ նահապետ Հակոբը, ինչ որ ժամանակ հարստահարվելով Լաբանից, քո սուրբ զորությանն ապավինեց և իբրև քո նախօրինակ՝ խազավորված երեք ճյուղ դրեց ավազանների մեջ, և դրանց մոտ բոլոր անասունները խայտապիսակ էին ծնվում։ Իսկ քեզ ներկեց Աստծո անմահ Խոսքի արյունը՝ հոսելով Նրա կողի աղբյուրից, և քո պատկերը
[ page 143 ]
կնքելով Մկրտության սուրբ ավազանի մեջ՝ քո նշանով մկրտում են ամբողջ աշխարհը՝ ընդունարան դառնալու համար Սուրբ Երրորդությանը։ Այսպիսով հափշտակում ես անմարմին Լաբանից, կանչում դեպի կյանքը և ամենքի մեջ դրոշմում Երեքանձնյա Տերությունը։
Բարեբանվա՛ծ ես, բաղձալի ու ցանկալի, աշխարհակեցույց սո՛ւրբ ծառ, քանզի հրաշագործ գավազանի միջոցով արտահայտված քո սքանչելի զորությամբ Մովսեսը տասը հարվածներով կշտամբեց ու հանդիմանեց Եգիպտոսին, գառների արյամբ ներկեց Իսրայելի որդիների տների շեմը և փրկեց ժողովրդին առաջնածինների սատակումից։ Իսկ դու հարվածեցիր մահվան իշխանությանն ու դժոխքի պետությանը, և Խոսքն Իր անապական արյամբ, որ քեզ վրա հոսեց, մեր հոգու և մարմնի մեջ է դրոշմվում՝ փրկելու մեզ գալիք բարկությունից, որը պահվում է սատանայի ու նրա գործակիցների համար՝ ըստ Աստծո արդար դատաստանի։
Բարեբանվա՛ծ ես գերապանծ կերպով, արփիափա՛յլ քառաթև, աստվածընկալ սո՛ւրբ նշան, քանզի Մովսեսը քո նախօրինակը հանդիսացող մի գավազան պատրաստեց, նրանով հարվածելով բաժանեց Կարմիր ծովի անդնդային խորությունները և փողոցանման ճանապարհ հարդարեց եբրայեցի ժողովրդի համար, մինչդեռ խրոխտացած փարավոնն իր զորքով ու նրա կառքերով հանդերձ ընկղմվեց Կարմիր ծովը։ Իսկ դու մեզ համար որպես մկրտության ավազան բացեցիր Հորդանանի հոսանքները և հավատացյալներին առաջնորդելով՝ փոխադրում ես Վերին Երուսաղեմ։ Եվ համառ Վիշապի՝ անմարմին Փարավոնի գլուխը ջախջախելով փշրեցիր՝ իր լեգեոնով հանդերձ տարտարոսը գցելով նրան։
Բարեբանվա՛ծ ես, քառաթև, լուսածին, գերապա՛նծ նշան, քանզի Մովսեսը քո նախօրինակը հանդիսացող փայտը գցեց Մեռայի դառն ջրի մեջ՝ քաղցրացնելով ու համեղացնելով այն, և դրանով հագեցրեց եբրայեցի ժողովրդի սաստիկ ծարավը։ Իսկ քեզ վրա աղբյուրացած կենդանի ջուրը՝ հոսած Տիրոջ կողից, մաքրագործեց բոլոր ջրերի բնությունը և սուրբ ավազանի արգանդը բանալով՝ քաղցրացրեց անիծաբեր ծառի դառնությունը՝ կյանքի փոխարկելով։
[ page 144 ]
Բարեբանվա՛ծ ես, հրաշակերտ ու լուսազարդ աստվածընկալ սո՛ւրբ ծառ, քանզի օրինադիր Մովսեսը քո նախօրինակը հանդիսացող գավազանով հարվածեց ապառաժին՝ կարծր ու անտաշ վեմին, և ջրի անսպառ վտակներ բխեցին՝ հագեցնելով Իսրայելի զավակներին։ Իսկ քեզ վրա բխեց Տիրոջ կողից ելած աղբյուրը, և ամբողջ աշխարհը խմեց անապական բաժակից ու լցվեց հորդառատ վտակներով, ինչը ցույց է տալիս Պողոսը. «Նրանք խմեցին իրենց հետևից գնացող վեմից, իսկ վեմն Իսրայելի Աստվածն էր՝ Ինքը Քրիստոսը» (Հմմտ. Ա Կոր. 10: 4)։
Բարեբանվա՛ծ ես, սո՛ւրբ ծառ, քառասայր հրաշալի զե՛նք՝ Անստեղծի արյամբ չբթացող կերպով սրված, ապաստանի՛ քաղաք, քանզի մեծն Մովսեսը լեռան վրա իր բազուկները քո նմանությա՛մբ տարածեց ընդդեմ Ամաղեկի, դո՛ւ էիր իսրայելյան բանակի պահապանն ու ապավենը, որով այն կործանեց թշնամուն։ Իսկ անսկիզբ, ճշմարտապես մարդեղացած Խոսքն Աստված Գողգոթայի սուրբ լեռան վրա Իր անարատ ու աշխարհակեցույց բազուկները տարածեց և հաղթելով պատժեց անմարմին Ամաղեկին՝ աշխարհը վերակոչելով դեպի փրկություն։
Բարեբանվա՛ծ ես, ամենօրհնյալ ու զարդափա՛յլ սուրբ ծառ, քանզի մեծն Մովսեսը քո նախօրինակը հանդիսացող պղնձե օձը ձողին հագցնելով՝ վերացրեց եբրայեցի ժողովրդին հասած հարվածը՝ օձերի դառն թույնը, երբ ժողովուրդը նայում էր ձողին դրված օձին։ Իսկ ովքեր ճշմարիտ հավատով դեպի քեզ են նայում ու մտքի աչքով տեսնում Փրկչին քեզ վրա, ազատվում են Վիշապի դառնաշունչ թույներից, ով մեղքերով վիրավորում է մարդկանց հոգին. ինչպես գրեց երանելի Մովսեսը. «Ձեր Կյանքը ծառից կախված կտեսնեք» (հմմտ. Բ Օր. 28:66)։ Եվ Ահարոնի՝ քո նախօրինակը հանդիսացող գավազանը ծաղկեց և ընկույզ տվեց, ամենօրհնյա՛լ սուրբ ծառ, և ընկույզն ամբողջապես պարարտ յուղ է տալիս, որը բորբոքում է ճրագի լույսը։ Իսկ քեզ վրա ծաղկած գավազանը՝ ելած Հեսսեի արմատից, պարարտ յուղով լուսավորեց խավարում բնակվող հեթանոսներին։
Ո՛վ սուրբ քառաթև, դո՛ւ ես առաջնորդող գավազանը, արքայության գավազա՛նն ընդդեմ թշնամու։ Բարեբանվա՛ծ ես,
[ page 145 ]
աշխարհակեցո՛ւյց սուրբ ծառ, քանզի դո՛ւ ես Սիոնից ուղարկված և հակառակամարտ թշնամուն տիրած զորավոր գավազանը։ Նավեի Հեսուն իր գայիսոնը շարժելով կործանեց Գայի քաղաքը, իսկ անժամանակ Աստվածը, Իր ձայնը հնչեցնելով, քեզ վրա բարձրացավ, դժոխքի վրա հարձակվեց, ավերեց սատանայի ամբողջ մթերածը և գերվածներին հանեց բարձրացրեց դեպի հավիտենական կյանքի հույսը։
Բարեբանվա՛ծ ես, ամենօրհնյալ ու աշխարհակեցո՛ւյց սուրբ ծառ, Երուսաղեմում բարձրացած լե՛ռ, քանզի Դավիթը քո մասին ասաց. «Աստծո լեռը պարարտ լեռ է, հաստատուն ու պարարտ լեռ, որը հավանեց Աստված՝ բնակվելու նրա վրա, և կբնակվի այնտեղ մինչև վերջ» (հմմտ. Սղմ. 67:16-17)։ Քանզի Աստծո զորությունն անբաժանելի ու անքակտելի է կենդանարար սուրբ Խաչից, չի վերցվում ու չի անջատվում նրանից։
Բարեբանվա՛ծ ես, ամենօրհնյա՛լ սուրբ ծառ, քանզի սերովբեների թագավորն ու հոգեղեն պետությունների Իշխանը կամեցավ բնակվել քո քառաթև սեղանին՝ համաձայն Դավթի հետևյալ խոսքի. «Ելավ բարձունքներն ու գերիներ վերցրեց, ավար առավ ու պարգևներ բաշխեց մարդկանց որդիներին» (Սղմ. 67:19)։ Քանզի ամենքի Աստվածը բարձրացավ այս բարձր դիտանոցը՝ փայտե նյութական սուրբ Խաչի վրա, հարձակվեց դժոխքի վրա և գերեվարվածներին ազատություն պարգևեց։
Բարեբանվա՛ծ ես, ամենօրհնյա՛լ սուրբ Խաչ, քանզի քո մասի՛ն ասաց Սողոմոնը. «Կյանքի ծառ է նրանց համար, ովքեր իրենց հույսը նրա վրա են դնում և ապավինում նրան, ինչպես Տիրոջը» (Առակ. 3:18), այլև՝ «Օրհնված է այն ծառը, որով եղավ Աստծո փրկությունը» (հմմտ. Իմաստ. Սողոմոնի 14:7)։
Բարեբանվա՛ծ ես, ամենօրհնյա՛լ սուրբ ծառ, քանզի Եսային քո մասի՛ն կանխագուշակելով ասաց. «Իր դատաստանը կանի, և հեթանոսներն իրենց հույսը նրա վրա կդնեն» (Եսայի 42:4)։ Բարեբանվա՛ծ ես, ամենօրհնյա՛լ սուրբ ծառ, քանզի դու երկրի մեջտեղում տնկվեցիր՝ դատապարտելու հրեաներին, և քո թևերի հովանու ներքո հանգստացան բոլոր հեթանոսները։ Եսային դարձյալ քո մասին է ասում, ամենօրհնյա՛լ սուրբ ծառ. «Մանուկ ծնվեց մեզ համար՝ Աստված, հզոր Իշխան, գալիք աշխարհի Հայր, Ում իշխանությունն Իր ուսերին է» (Եսայի 9:6)։
[ page 146 ]
Քանզի կատաղած հրեաներն ամենքի Աստծուն տանում էին սուրբ Գողգոթա, և Նա Ինքն էր կրում Խաչափայտը՝ Իր ուսին, որի վրա առավ մոլորված ոչխարին՝ մարդկային մեր բնությունը։
Բարեբանվա՛ծ ես, ամենօրհնյա՛լ սուրբ ծառ, կա՛ռք Աստծո, ինչպես որ Ամբակումն է ասում. «Դու Քո կառքը բարձրացար, և Քո հեծյալ լինելն ազգերի փրկությունը դարձավ» (հմմտ. Ամբ. 3:8)։ Քանզի անմահների Արքան քեզ վրա բևեռվեց և պարտության մատնեց թշնամուն Իր աստվածահրաշ զորությամբ։
Բարեբանվա՛ծ ես, ամենօրհնյա՛լ սուրբ ծառ, քանզի Պողոսը քո հրաշափառ մեծ խորհրդի մասին գրում է. «Որովհետև Խաչի քարոզությունը կորուսյալների համար հիմարություն է, իսկ մեզ՝ փրկվածներիս համար՝ Աստծո զորություն» (Ա.Կոր.1:18)։ Աստվածային զորություններն անքակտելի ու անբաժան են քեզանից, և առաքյալը դարձյալ ասում է. «Բայց ինձ քավ լիցի պարծենալ մեկ այլ բանով, քան մեր Տեր Հիսուսի Խաչով» (Գաղ. 6:14)։ Քանզի դո՛ւ ես, քառաթե՛ւ. «Երկրի չորս ծագերում գտնվող ազգերի հովանին ու պահապանը ելնելիս ու մտնելիս, որ մեզ փրկում ես չար ոգիներից, մեզ համար ամուր պարիսպ ես, ապաստանի քաղաք և աստվածային դրոշմ՝ տպված ամենքի դեմքին» (շարական)։ Ամենքին պատրաստում ես լինելու աստվածային օթևան՝ մաքրափայլ խորհուրդով, և քեզանից արեգակնային ճառագայթներ են ելնում, ընդհանրական առաքելական Եկեղեցու փառքի պսա՛կ և Քրիստոսի դեմքի լո՛ւյս։ Քեզնով միշտ ուրախանում են վերին չորս պետությունները։ Քեզնով են կնքվելով մաքրվում մեր կերակուրն ու ըմպելիքը։ Դու ես մեր պահապանն օր ու գիշեր՝ կանգնելիս ու ընթանալիս, քնելիս ու արթնանալիս։ Դու ես ողջերի ու մեռյալների պահապանը։ Քո զորությանն ապավինելով և քեզ փափագելով՝ քո քառաթև ձևն ենք դրոշմում քարե, փայտե և այլ նյութերից պատրաստված առարկաների վրա և կանգնեցնում ու ընկնելով երկրպագում ենք աստվածազան սուրբ նշանիդ։ Դու ինչ-որ ժամանակ, երկնքից երևալով, զորացրիր սուրբ Կոստանդիանոսին։ Դու պատրաստվում ես գալ աշխարհի վախճանին արփիափայլ
[ page 147 ]
ճառագայթներով՝ ահ բերելով թշնամիների վրա և պարծանք՝ քեզ երկրպագող հավատացյալներին։ Բարեբանվա՛ծ ես, ո՛վ սուրբ ու անպարտելի նշան, քանզի քո հաջորդ գալստյանը պիտի հաղթես արեգակի ճառագայթներին։
Որպես անձնավոր մեկի հետ խոսեցի քեզ հետ, ընդունի՛ր մեր շուրթերի պտուղը և իմ ներբողած խոստովանությունը որպես ողջակեզի խունկ և ինչպես այրու երկու լուման, ջնջի՛ր իմ հանցանքների գիրը, պատռի՛ր մեր մեղքերի պարտամուրհակը, մեզ շրջապատելով զորացրո՛ւ օր ու գիշեր և պահպանի՛ր տեսանելի ու անտեսանելի թշնամիներից՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսով, Ում փա՜ռք հավիտյանս. ամեն:
ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹ ՓԻԼԻՍՈՓԱՅԻ ՆԵՐԲՈՂԸ`
ՆՎԻՐՎԱԾ ԱՍՏՎԱԾԸՆԿԱԼ ՍՈՒՐԲ ԽԱՉԻՆ
Մեծարե՛ք մեր Տեր Աստծուն, -ձայնում է մարգարեն։ -Երկրպագե՛ք Նրա ոտքերի սուրբ պատվանդանին» (Սղմ. 97:5)։ Ես էլ, Հոգու նախազդեցությամբ խոսքեր շարակցելով, նույնն եմ ձայնում։ Քանզի եթե ճշմարտության օրինակի, այսինքն՝ Սիոն լեռան, և ապագայում լինելիք այս շնորհների միջև առնչությունը նախապես տեսնելով և Աստծո ոտքերի պատվանդանին նմանեցնելով՝ այն սուրբն ու պատվական այրը Իսրայել կոչված ազգին երկրպագության էր հորդորում՝ նույնինքն Աստծուն մեծարելուն, ապա և ինձ՝ հույժ անարժանիս, մեծ դատապարտություն չի հասնի այժմ արտաբերվող խոսքերովս այս ճշմարտությանը հետամուտ լինելու համար։ Քանզի խոսքը, որ պատրաստվում ենք ասել, օրինակ չէ, այլ օրինակի ճշմարտությունը, և նմանողությամբ ոչ միայն պատվանդան է, այլև տաճար, սեղան, աթոռ։ Եվ Աստծո ոտքերի
[ page 148 ]
պատվանդանը ստուգապես այս սուրբն է, այլև իմանալի, դիտանոց հանդիսացող այս սուրբ լեռը, քանզի Սիոնն այսպես են թարգմանում, ինչն իսկապես ճշմարիտ է. սա նույնն է, թե՝ սուրբ, կատարյալ հավատքի բոլոր մարդկանց կանչելով հորդորում ենք երկրպագության։ Քանզի հենց սա է աստվածօրհնությամբ ճշմարիտ երկրպագությունը և հորդորումը դրան. եռափափագ և քրիստոսազարդ այս սուրբ Նշանին, եկե՛ք, աստվածասերներ, երկրպագե՛նք։
Քանզի սա մեզ համար միջոց է մահվանից դեպի կյանք դառնալու, ոչ թե անցավոր ու երկնային կյանքը, այլ անվախճան, անպատմելի, անմատույց, որը հրեշտակային երանական վիճակից էլ առավել գերազանց է, ինչպես ասում է Ավետարանը։ Քանզի Սրանով է, որ մարմնի այս աշխարհի մեր բոլոր կարիքները դյուրավ հոգացվում են առանց մեծ փափագի, և Սա՛ է, որ միջոցն է մեր հոգիներում ծվարած ախտերից փրկվելու։
Արդ, մեզ համար այսքան և այսպիսի բարիքների պատճառ հանդիսացողին ինչպիսի՞ գոհություն է վայել, որ մատուցենք։ Սակայն որքան որ կարողություն ունենք, գովաբանող երգով հանդերձ միշտ խոնարհվելով երկրպագե՛նք։ Եվ խոնարհվելիս էլ մեր բոլոր ծանր ու խավարեցնող խորհուրդներից ձերբազատվենք, թեթևացած հոգու հստակ նայվածքներով, սուրբ ու երկնային խորհրդին արժանանալով՝ դեպի ավելի վեր ելնենք։
Քանզի այն, ինչին մոտենում ենք, ոչ թե մի փոքր բան է, կամ առջևում տեսնվողը մեզ միայն զարմացնելու նպատակ ունի, այլ դրանով և դրա մեջ Մեծն ու Հրաշալին է ծածկված՝ զարմանահրաշ ահավոր մի Զորություն։ Քանզի իրականում երկու և ո՛չ թե մեկ զորություն ունի սա. որովհետեւ թեպետև հողից բուսած բույս, կամ ծառ է մեզ երևում, սակայն այն, ինչ դրանում է ծածկված՝ հոգևորն է, ամբողջ երկիրը, նաև ամբողջ երկինքն էլ դրա հետ պահող զորությունն է, որին մոտենալ կամեցողները մեծ սրբություն պետք է ունենան: Որովհետև եթե երկնքի բուն մաքուրներին ու հոգիներին հրամայվում է հեռու մնալ, ուր նաև սերովբեները երեսները ծածկած են մոտենում, ապա ի սկզբանէ անարգ հողանյութ մարդկանց ինչքա՜ն մաքրություն կպահանջվի:
[ page 149 ]
Ինձ համար, սակայն հիանալու փոքր բան չէ սրա անունների զանազանությունը, որ չորսի է բաժանվում՝ բնական, սեռական, ձևական, իմացական (իմաստով):
Բնականը այն է, որ սովորական փայտ է կոչվում. սեռականը՝ որ յուրահատուկ է, ինչպես Կիպարիսը. ձևականը՝ որ որ կոչվում է Խաչ, որը սպանության գործիք է, իսկ իմացականը՝ որ խոսքից վեր բան է. «ԱստվածաԽաչ», որը Կյանքի գործիք դարձավ: Ո՞վ չի քաջալերվի սրա մասին ասածներից (գործիք մահվան, և նույնը՝ գործիք Կյանքի): Սրա ձևը մահ է հիշեցնում, իսկ զորությունը՝ կյանք: Քանզի համաբնույթ է այն տնկիին, որով մահը եղավ, թեպետև ո՛չ ըստ սեռի, բայց զորությունն է կրում այն տնկիի, որով է Կյանքը, թեպետև ոչ ըստ բնության: Մանավանդ որ ճշմարիտ Կյանքը սրան մերձեցավ և վատը լավ զորության փոխեց, ինչպես օրինակ՝ մահը կյանքի, ինչպես որ օրենքն է իսկ կյանքի՝ ինչի որ մի անգամ մոտենում է՝ կենսունակ է դարձնում: Լույսի նման է Սա, որը ցրում է խավարը, որով ճշմարիտ է դառնում Աստծո Խաչը: Եվ «ԱստվածաԽաչ» ասել, ո՜վ աստվածասերներ, մի՛ ամաչեք, քանզի Սա մեզ համար, համաձայն Պողոս առաքյալի՝ պարծանքների պարծանքն է. «Ո՜վ Տիմոթեոս, ամոթ մի՛ համարիր վկայել մեր Տեր Հիսուսին, այլ մասնակից եղիր Ավետարանելու զորությունն Աստծո, որը մեզ փրկեց, որովհետև կորստյան մատնվածների համար Խաչի քարոզությունը հիմարություն է, իսկ մեզ՝ փրկվածներիս համար Աստծո զորությունը: Որովհետև ես էլ Աստծո Ավետարանը ամոթ չեմ համարում, որովհետև այն Աստծո զորությունն է բոլոր հավատացյալների փրկության համար» (Հմմտ. Բ. Տիմ. 1:8-10, Ա. Կորնթ. 1:18): Ուրեմն Սա մեզ համար ամոթ չէ, այլ պարծանքների պարծանքն է, քանի որ Աստծո զորությամբ է մեր փրկությունը: Որի համար էլ այն հրեշտակը, Տիրոջ Գերեզմանի մոտ մարդկորեն մտածող, տրտմած կանանց որպես սփոփանք, մեծապես պարծանքով իբրև Աստծուն, այսպիսի առասացությամբ է ձայնում իր Տիրոջ անունը. «Փրկչի՞ն եք փնտրում, Խաչյալի՞ն, ո՜վ կանայք. այն Հիսուսը հարություն առավ» (Հմմտ. Մաթ. 28:5, Մարկ. 16:6):
Որի միջից էլ գիտության և բարեպաշտության ողջ իմաստը,
[ page 150 ]
վեհերից և աստվածամերձերից մեզ է ուսուցանվել, որպես ուղեցույց նրանցից ստանալով: Իսկ մեկն առաքյալի նման կասի՝ ո՞ր զորությունն է աստվածային սուրբ զորությունից, քանի որ ոչ մի զորություն Աստծուց չէ, ինչպես որ հեթանոսներն են ասում, քանի որ ցրտահարումը ձյան պատճառով է, այրվելը՝ կրակի, և այլն: Դա այդպես է, բացի միակ Ճշմարտից, որի մեջ կա ամեն զորություն: Սա Աստծո սերն է առ մարդիկ, քանի որ այսպես է ազդարարում գիրը. «Աստված Իր սերը մեզ հայտնեց, այն ժամանակ, երբ մենք մեղավոր էինք, Քրիստոս մեզ համար մեռավ: Եվ Աստված այնքան սիրեց մարդկանց, որ մինչև իսկ Իր Միածին Որդուն տվեց» (Հովհ. 3:16): Եվ սրանում երևաց Նրա սերը մեր հանդեպ, որ Ինքը Իրեն մեզ համար դրեց: Եվ այսպիսի սեր ոչ ոք չունի, երբ ինքն իրեն է տալիս իր բարեկամի փոխարեն. սա Տիրոջից է վկայված:
Արդ Իր անձը դնողը չէ՞ որ Սրանով՝ (Խաչով) դրեց և Սրա վրա դրեց: Եվ այն, ինչ Սրան տվեց, նույնը տակավին Սրա վրա է, և չի հեռանա Սրանից: Նշանակում է իրոք որ Սա Աստծո զորությունն է, ինչպես և ասվեց. ու մնում է, որովհետև թեպետև վերցվեց Սրա վրայից մարմնով Խաչվածը, բայց Խաչյալի զորությունը այսօր էլ Սրա վրա է բնակություն հաստատել, Կամեցողը Սրանից չբաժանվեց, այլ Սրա վրա բնակվեց, բնակվում է և ընդմիշտ կբնակվի:
Այսուհետև ով որ համբույրով մերձենա Սրան, ոչ թե լոկ Խաչի, այլ ստուգապես նույն Ինքը՝ բևեռված Աստծո զորությանը կմերձենա, քանի որ Նա այդտեղ իսկ է, որովհետև այդտեղ է, և այդտեղ կլինի հավիտյան: Որովհետև եթե Հին ուխտում, որպես օրինակ այսպես է ասվում. «Այս է Իմ հանգստի վայրը հավիտյանս հավիտենից. այստեղ կբնակվեմ, քանզի հավանեցի սրան», որչա՜փ ևս առավել Նոր ուխտում այսպես կլինի: Քանի որ ասվում է. «Լեռը, որի վրա Տեր Աստված հաճեցավ բնակվել հավիտյանս»: Եվ սա իմ խոսքից օտար մի բան չէ: Հաջորդ խոսքի մեջ էլ է այս բանը հաստատվում. «Աստծո կառք» (հմմտ. Ամբ. 3:8) կոչելով այն, որով կառքի կարիք չունեցող Էությունը բարձրացնում է սրա վրա, որ ազատի գերյալներին: Այս խոսքիս իմաստը ձեզ հասկացնելու համար ես ոչ մի դժվարություն չունեմ, ընդ որում կառքը, որ
[ page 151 ]
տեսնվում է, բազմակն է՝ այսինքն շատ անիվներ ունի, որ բոլոր կողմերից նայելիս ուղիղ է երևում, քանզի քառակողմ է այս, ինչպես որ քառակողմ է այս կառքը՝ Խաչակառքը, որի մեջ նստած Էմմանուելը բարձրացավ, և ստուգապես կառքը վարելով գերյալներին ավարի նման հափշտակեց: Այս իմ ասածը կհասկանան նրանք, ովքեր իմ երգը մինչև վերջ լսեն:
Սակայն չէ՞ որ կառքը առանց Տիրոջ կառք չէ, այլ Տերն է նրա հետ, որ ցույց տրվի, որ Նրան կառքի վրայից վերցվելուց հետո կառքը դատարկվելով թափուր չի մնա, քանզի սրա վրայի հավիտենական՝ և ոչ թե ժամանակավոր Մորթվածին (Պատարագին) ենք հավատում մենք՝ եկեղեցին: Ուստի նույն Պատարագի խորհուրդը միշտ հիշելը Տիրոջից իսկ հրամայվեց, մինչև Իր երկրորդ գալուստը:
Ահավասիկ և մեխերի և տեգի (Գեղարդի) խոցման տեղերը դեռևս չեն փակվել, այլ սպիանալով մնում են մինչև հարության օրը: «Այդ վերքերը ի՞նչ են Քո ձեռքերին, -հարցնում է Նրան մարգարեն, -դրանք այն վերքերն են, որոնցով վիրավորվեցի Իմ սիրելիների տանը»: Նաև Նրա աշխարհ գալու մասին ասում է. «Նայեցին Նրան ում խոցեցին» (Զաք. 12.10): Եվ էլ ի՞նչ է սա, եթե ոչ այս սուրբ Զոհի մշտնջենավորությունն ու շարունակականությունը ապացուցող մի բան, որը հավաստիացնւմ է հավատացյալներին այդ մասին: Քանի որ ճշմարիտ Զոհը միշտ անմահ է ու կենդանի. ստուգապես մեռած, և Նույնը միշտ կենդանի: Քանզի Նա Աստված է՝ Հոր մոտ, և անկասկած նաև մարդ է երկրի վրա, նաև Նույն Աստվածն է Հոր հետ: Եվ ինչպես որ իրոք անպարագրելի և անբավ Աստված է, այնպես էլ Կույսը արգանդում կրեց մարմնով ու ծնվեց մարդու նման. որով և «Աստվածածին» է Նրա ծնողը, և նույն Ինքը՝ անպարագիր և անբավ Աստված: Այդպես էլ Սրան համբուրողները մարմնի փոխարեն մարմնի մահով մկրտվողներն են: Ըստ որում այս Խաչը՝ Աստծո Խաչ է՝ և նույն Ինքը Խաչյալը անմահ Աստված է՝ անպարագիր և անբավ. և սա կասկածի տակ չէ:
Քանզի եթե ժամանակավոր, և ոչ թե անմահ Պատարագ մորթվեց, ապա Նրա Խաչանալն էլ է ժամանակավոր, բայց քանի որ այս Զոհը ճշմարիտ Անմահն է, իսկ սա մորթվելու վայրն ու
[ page 152 ]
սեղանը. ըստ այդմ էլ հավիտենական է Խաչանալն ու սեղանանալը:
Այդպես չէ՞ արդյոք, Սրա մեջ է Նա, որից դողալով վախե նում, սարսափում են տարրերն ու անտարրերը (հոգեղենները), սոսկում էին դևերն ու խավարի իշխանները: Այս ամենը վստահելի են ու փորձի արդյունք, որի համար չեմ վախենում սրա մասին այսպես մտածել:
Հետայսու հոգու աչքերով, մարմնական աչքերի նման, հայտնապես համոզվում եմ, որ այժմ էլ Հոր Միածինը սրա վրա խաչված է՝ Իր բազուկները պարզած: Եվ դեռ Փրկչական արյան աղբյուրը ցողվում է տնօրինական կենարար կողից, մեր աչքերի առաջ հորդում, աներևույթ հրաշքով փրկագործում է՝ ոռոգելով բանական երկիրը:
Տեսնում ենք շատերին, որ Նրան չեն հնազանդվում, և Նա, որ հնազանդեցրեց, Իր իսկ ձեռքով դա արեց: Հնազանդեցրեց ասածը նշանակում է, որ բոլորին մինչ կատարածը այդպես կանի: Ինչպես Գաղատացիներին գրում է. «Ձեր աչքերի առաջ Քրիստոսը Խաչը ելավ»: Քանի որ որտեղ Խաչն է՝ այնտեղ էլ Խաչյալը, և ուր Խաչն ու Խաչյալը՝ այտեղ էլ խաչելությունը: Արդ եթե խոսքը լսողը խաչելությանը ականատես է կոչվում հավատքով, և ուր Խաչն ամբողջությամբ է երևում, ինչո՞ւ այնտեղի խաչելությանը չեք հավատում նույն հավատով: Արդ Խաչ ասելով հասկացվում է Գողգոթան. այստեղից է խաչելությունը, այստեղ է պատարագումը, սրանից է փրկագործումը: Համաձայն հրեաների Կառափնատեղում է առաջին մարդու շիրիմը, և ամեն բան այնտեղ է, քանզի Գագաթը խորհրդանշում է բարձրությունը: Ինչպես Ադամը փայտով վիրավորվեց, սրա վրա ելնելով երկնային Ադամը, նրա նման ճաշակելով մահը, անարգ փայտը դարձնում է փրկության պատճառ և Սրբության Սրբոց, կառափնատեղին Կյանքի գործատեղ, թաղումն էլ սքանչելի հարություն. Խաչը դարձնելով փառքի աթոռ՝ ու հավիտենապես այնտեղ բնակվում:
Օրհնյալ ես Աստվածազարդ Քրիստոսապսակ սուրբ Փայտ, ո՜վ դու միակը, որ անշունչների և շնչավորների մեջ, կենդանիների ու մեռածների մեջ անճառելի շնորհի հասնելով՝ փառավորվեցիր, որի համար էլ մտավոր և բանական արարած-
[ page 153 ]
ներից պահանջում ես երկրպագություն:
Օրհնյալ ես սուրբ Փայտ, հոգևոր վեմ և քառանկյուն տախտակ, որիդ մեջ է ճշմարիտ աստվածածանոթությունը, ոչ թե տասնաբանյայի նման ձեռքով դրոշմված, այլ անպարագիծ Աստծո խոսքով տեսք ստացած՝ Սինայի փոխարեն Սիոնից ամբողջ աշխարհին շնորհված:
Օրհնյալ ես սուրբ Փայտ, հոգևոր գավազան, որ չորացած լինելով նույնժամ իսկ ծաղկեցիր՝ բերելով ոչ թե արքայական կաղին, այլ բոլորի Թագավորին, այսինքն անթառամ և երկնային Ծաղկով ծաղկեցիր. և ոչ միայն այսքանը, այլև փրկական ջրի և արյան կենդանի աղբյուրը քեզանից բխեց, որով հագեցավ ողջ տիեզերքը:
(ՀԱՏՎԱԾԱԲԱՐ, ԱԶԱՏ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ)
ԻՍԱՀԱԿ ԱՍՈՐԻ
Խաչի խորհուրդի տեսությունը. ու թե ի՞նչ անտեսանելի զորություն է կրում այն իր տեսանելի ձևի մեջ, և Աստծո տնօրինականության այլ գաղտնիքների մասին, որոնք կատարվում էին հների միջև, ու դրա միասնականությունը մեր Տիրոջ՝ Քրիստոսի մեջ. և ինչպես է այդ ամբողջությունը իր մեջ կրում ամենազոր Խաչը:
Ինչ խորհուրդ և ո՞ւմ պատկերն է մեզ հայտնում Խաչի ձևը, որը մեր մեջ այդչափ հարգանքով է պահպանվում, և որին երկրպագում ենք ուրախությամբ, սիրով ու անհագ ցանկությամբ, որի պատմությունը կարծես բոլոր ստեղծվածներին է հայտնի ու կրկնվում է նրանով։
2. Բայց ինչպես աստվածային զորությունն է խորհրդաբար բնակվում նրա մեջ, ճիշտ այդպես էլ Աստված սովորություն ունի գործելու յուրաքանչյուր սերնդի մեջ, ցույց տալով Իր զորության հրաշքը նյութական առարկաների միջոցով, բոլոր ժամանակներում։ Նա ահավոր ձևով Իր սուրբ անունն է դրանցով հայտնում աշխարհին, հրաշքներ, մեծություն գործելով, և դրանց միջոցով մարդկությանը մեծ բարերարություն անում։ Այն փառավոր ու հավիտենական զորության մասին, որ միշտ Խաչի մեջ է, մենք կնկարագրենք որքան հնարավոր է պարզ խոսելով, այնպես որ հասկանալի դառնա, որ Նա Ինքը Աստվածն է, Որը կատարում և գործում է
[ page 154 ]
«ամենը ամենի մեջ», ինչպես հների մեջ, այդպես էլ վերջին ժամանակների մարդկանց մեջ, և դարեդար։
3. Մենք չենք խոսում Խաչի միջի զորության մասին, տարբերակելով այն Մեկից, Որի շնորհիվ մենք գոյության եկանք՝ անսկիզբ և հավիտենական զորությունից, որը առաջնորդում է արարվածներին բոլոր ժամանակներում և անդադար, աստվածորեն ու ամեն մտքից վեր, Իր Աստվածային կամքի համեմատ։
4. Եվ ի՞նչ. Աստծո անսահմանափակ զորությունը բնակվում է Խաչի մեջ, այնպես ինչպես մտքից վեր, անըմբռնելի ձևով, հին ուխտի այն Տապանակում, որին ժողովուրդը երկրպագում էր մեծ երկյուղով ու բարեպաշտությամբ, «ապրում» և կատարում էր նրա մեջ հրաշքներ ու ահավոր նշաններ նրանց միջև, որոնք չէին ամաչում նույնիսկ Տապանակին Աստված կոչել, այսինքն ով երկյուղով նայում էր նրա վրա, ինչպես որ անձամբ Աստծուն կնայեր, քանզի Աստծո անվան բավարար պատիվը նրա մեջ էր։ Եվ ոչ միայն (Իսրայելի) ժողովուրդն էր մեծարում այն Տիրոջ անվան տակ, այլև զանազան թշնամի ազգեր. «Վա՜յ մեզ, քանի որ Իսրայելի Աստվածը այսօր եկավ բանակի մեջ» (Ա. Թագ. 4. 7)։
Այն զորությունը որ Տապանակում էր, բնակվում է նաև, ինչպես որ մենք ենք հավատում, երկրպագելի Խաչի պատկերի մեջ, որը մեր կողմից մեծարվում է Աստծո ներկայության մեծ գիտակցությամբ։
5. Եվ ի՞նչ կար այդ Տապանակի մեջ բացի սափորով մանանայից, Ուխտի քարե տախտակներից և Ահարոնի ծաղկած գավազանից, որը այն դարձնում էր ահավոր, ու զորությամբ լեցուն։ Արդյո՞ք Մովսեսն ու իր ժողովուրդը Տապանակի առջև մեծ վախով ու դողով չընկան, Նավեի որդի Հեսուն երեսնիվայր դրա առջև չէ՞ր պառկել առավոտից մինչև երեկո: Մի՞թէ ահավոր հայտնություններ չեղան դրա միջոցով, որոնք մեծարման տարան նրան։ Քանի որ Աստծո Շեխինան* բնակվում էր դրա մեջ. «նույն ինքը», որ այժմ ապրում է Խաչի մեջ. այն հեռացավ այնտեղից ու գաղտնախորհուրդ ձևով ներաբնակվեց Խաչի մեջ։
6. Եվ ոչ պակաս աստիճանի Շեխինայի զորությունը ի հայտ
____________________
* Շեխինա եբրայերեն բառ է, որ նշանակում է Աստծո ներկայությունը կամ Աստծո
փառքը:
____________________
[ page 155 ]
եկավ հրաշքներով ու Խաչի զորությամբ, քան այն «առարկաների» միջոցով, նույնիսկ ավելին։ Արդյո՞ք Գործք Առաքելոցի մեջ նկարագրված հրաշքները, որոնք կատարվում էին առաքյալների ձեռքով, ավելի գերազանց չէին, քան նրանք որոնք կատարվում էին հնում։ Ով չի ընդունում վերջինները, նա չի հավատա նաև առաջիններին։
7. Քանզի շատերը Խաչի զորությամբ հնազանդեցրեցին վայրի գազաններին, հանդգնություն ցուցաբերեցին կրակի դեմ, քայլեցին ջրերի վրայով, հարություն տվեցին մեռելներին, համաճարակներ դադարեցրեցին, պարտադրեցին չոր ու վայրի անապատներում աղբյուրներ հոսել, ծովերին սահմաններ դրեցին, հրամայեցին հորդահոս գետերին հակառակ ընթացքով հոսել, ստիպելով դրանց նահանջել։
8. Եվ ի՞նչ խոսենք այդ մասին. նույնիսկ սատանան ինքը իր ողջ իշխանությամբ սարսափում է Խաչի նշանից, երբ այն մեր կողմից «գծագրվում» է նրա դեմ: Իսկ այն մասին, որ դրանցից առավել կարևոր են. լսի՛ր. իրերը որոնք օգտագործվել են հին Ուխտի ծառայության մեջ, իրենց միջոցով եղած հրաշքներով ու նշաններով չէին կարող արմատախիլ անել մեղքերից նույնիսկ ամենափոքր տեսակը, մինչդեռ Խաչի ծառայության մեջ մեղքը դարձավ սարդոստայնի նման, որից կարծես մի ծանր բան է կախված։
Եթե մահը, որ այդքան սարսափելի էր մարդկային բնության համար, հիմա նույնիսկ կանայք ու երեխաներն են ծիծաղում նրա վրա։ Մահը, որ թագավորում է բոլորի վրա, այժմ ոչ միայն թեթևացավ հավատքի որդիների համար, նույնիսկ հեթանոսների մեջ պակասեց դրա առջև սարսափը, առաջվա հետ համեմատած ։
9. Երկրպագելի է Նա, Որր փոխեց մեր վրա եղած Իր վճիռը հաշտության միջոցով, մեզ համար, Նրանով կատարված։ Օրհնյալ է Նա, որ կամեցավ մեր ժամանակներում բացեիբաց հայտնել Իր հավիտենական սերը, որ ունի Իր արարվածների հանդեպ։
10. Քանզի այն փայտաշեն կառուցվածքի առջև ինչի մասին ասացինք, որ նրա մեջ էր ապրում Աստծո Շեխինան, լեցուն վախով անդադար երկրպագվում էր Աստված Մովսեսի ու ժո-
[ page 156 ]
ղովուրդի կողմից։
11. Այդ ինչպե՞ս է որ Աստված Մովսեսին տված օրենքի մեջ ասաց. «Մի՛ երկրպագեք մարդու ձեռքի շինածներին, կամ պատկերներին ու որևէ բանի նմանություններին» (Ելից 20։4-5), մինչդեռ Տապանակը պատրաստված էր հյուսների կողմից, իսկ քարե տախտակները թրծվել էին Մովսեսի ձեռքերով։ Ու քանի որ մարդիկ օգտագործում էին այդ իրերի համար կուռքերի անուններ, պատիժներ ստացան, մինչդեռ այդ (Տապանակի և նրա միջի) իրերի համար ուրիշ էր, քանզի Աստծո երկրպագելի անունն էր դրված նրանց վրա, ու Աստծո զորությունը հայտնապես երևաց նրանցում։ Դրանց միջոցով մարդիկ օգնություն ու փրկություն էին ստանում, և մեծ ու գերբնական նշաններ էին կատարվում նրանցով։
12. Նույն հատկություններով է տոգորված նաև Խաչը, քանզի հենց այդ նշանը պատկերում ենք պատի, կամ տախտակի վրա, կամ պատրաստում է ոսկուց, արծաթից, փայտից, կամ այլ նյութերից, իսկույն այն պարուրվում է աստվածային զորությամբ, որը մի ժամանակ ապրել է այնտեղ, և լցվում է նրանով ու դառնում է աստվածային Շեխինայի վայր. նույնիսկ ավելին քան Տապանակը։ Ինչպես որ Նոր կտակի ծառայությունը Աստծո առջև առավել գերապատվելի է քան այն, որ Հին կտակում էր, և ինչպես որ Մովսեսի ու Քրիստոսի միջև կա տարբերություն, և ինչպես այն ծառայությունը, որ ստացավ Հիսուսը, ավելի լավ է, քան որ Մովսեսի միջոցով էր տրվել, և ինչպես մարդու փառքը առավել մեծ է ու առավել սքանչելի, քան անխոս առարկաներինը, այդպես էլ Խաչը որ հիմա կա, անհամեմատ գերապատվելի է այն մեկ Մարդու պատվին, Որին մեզանից Աստվածությունը Իր մոտ բնակության վերցրեց, բարեհաճության պատճառով, որը կա այդ Մարդու մեջ, Որը լիովին դարձավ Նրա տաճարը։ Բարեհաճություն, որ տարբեր է այն նախատիպային բարեհաճությունից, որ հնում կար այդ անշունչ առարկաներում, որպես թե Քրիստոսի մեջ գալիք շնորհների ստվեր:
13. Նմանապես, եթե Խաչի պատկերը շինելիս մենք օգտագործեինք ուրիշ մի անուն, ապա կպատժվեինք երբ դրան երկրպագեինք, ինչպես նրանք, որ Աստծո երկրպագությունը
[ page 157 ]
փոխեցին կռապաշտությամբ։ Իսկ այժմ, քանի որ այդ կատարվում է այն Մարդու անունով, Որի մեջ է բնակվում Աստվածությունը, որի մասին անդադար խոսվում է Հին Ուխտի մեջ. «Որին մեր տասներկու ցեղերը անդադար գիշեր ու ցերեկ պաշտելով փափագում են դրան հասնել» (Գործք. Առաք. 26:7), մենք այսպես ենք հասկանում այդ ամենը. երբ մենք աղոթքի ժամանակ նայում ենք Խաչին, կամ երկրպագում ենք նրա նկարին, որ այն Մարդու «պատկերն» է, որ խաչվեց նրա վրա, մենք աստվածային զորություն և օգնություն ենք ստանում դրա միջոցով, նաև փրկություն և անպատմելի օրհնություններ, թե՛ այս աշխարհում, թե՛ այն գալիք աշխարհում. և այդ բոլորը Խաչի միջոցով։
14. Տապանակի կափարիչի վրա, որը ոսկուց էր պատրաստված, Աստծո զորությունը հայտնապես էր երևում, քահանայապետը երբ այնտեղ էր մտնում, չէր համարձակվում աչքերը բարձրացնել ու զննել այն, որովհետև Աստծո ահավոր Շեխինան դրա վրա էր, որը պատվական տեսքով առավել ահավոր ու գերապատվելի էր քան մնացած առարկաները, որոնք մաս էին կազմում այդ ծառայությանը։
15. Քանի որ Ուղղափառ հայրերը ասում են, որ այդ կափարիչը մեր Տիրոջ մարդեղությունն էր պատկերում, ուրեմն եթե պատկերը այդքան ահավոր էր, ապա ինչքա՜ն առավել պետք է այդ պատկերների Նախատիպարը լիներ, Որին են պատկանում խորհուրդներն ու պատկերները։ Բայց այնտեղ կար խստություն և մեծ սարսափ, որոնք պահանջվում էր այն ծառայության մեջ, իսկ այստեղ՝ ողորմություն։ Քանի որ այնտեղ յուրաքանչյուր ոք, ով հանդգնություն էր ցուցաբերում, անփութորեն գործելով այն խորհուրդների պատկերների ու նշանների հանդեպ, անմիջապես պատիժ էր ստանում, ինչպես նրանց նման, որոնք այրվեցին իրենց բուրվառների կրակից։
16. Բայց քանի որ այստեղ շնորհը լցվեց առանց չափի, ապա խստությունը կլանվեց ողորմությունով, և ի հայտ եկավ հանդգնություն, ու ծնվեց կարծեցյալ անհոգություն, և իհարկե ո՛չ իրական, այլ հանդգնության առատություն։ Իսկ հանդգնությունը սովորաբար մի կողմ է քշում է վախը, Աստծո մեծ
[ page 158 ]
ողորմության շնորհիվ, որ ամեն ժամանակ թափվում է մեր վրա։
17. Ճշմարիտ հավատացյալների համար Խաչին նայելը փոքր բան չէ, քանի որ բոլոր խորհուրդները հասկացվում է դրա միջոցով։ Բայց ամեն ժամանակ, երբ նրանք բարձրացնում են իրենց աչքերը ու նայում դրան, նրանք կարծես թե դիտում են Քրիստոսի դեմքը, ու դրանով ցուցաբերում են իրենց հարգանքը դրա հանդեպ։ Խաչին նայելը նրանց համար թանկագին է ու ահավոր, բայց և միաժամանակ ցանկալի։ Ու քանի որ նրանք հանդիսանում են որպես որդիներ, ապա ավելի մեծ հանդգնություն են ցուցաբերում Նրա հանդեպ, ինչպես որ սովորաբար երեխաներն են ունենում իրենց ծնողների մոտ, նրանց նկատմամբ ունեցած վստահող սիրո պատճառով։
18. Եվ ամեն անգամ երբ մենք մոտենում ենք Խաչին, կարծես մոտենում ենք Հիսուսի մարմնին. այդպես է մեզ երևում Նրա հանդեպ ունեցած հավատից։
19. Եվ Նրան մոտենալով ու նայելով Նրան, անմիջապես գիտակցաբար մեր մտքով երկինք ենք մտնում: Կարծես անտեսանելի գերզգայական տեսիլքով, Աստծո կողմից մարդկանց հանդեպ ունեցած սիրո շնորհիվ։
20. Այդ պատճառով մենք չենք ամաչում Նրան (Քրիստոսին) Տեր ու Փրկիչ և Աստված կոչել, քանի որ մենք պետք է աղոթք մատուցենք Նրան որպես Արարչի։
21. Այս ամենը, ինչպես որ մենք հավատում ենք, վերաբերվում է այն Մարդուն, Որի Խաչը երկյուղածաբար երկրպագվում է Նրա անունով և Նրա պատճառով, ու ինչ որ վերաբերվում է Խաչին, ու խոսվում է Նրա մասին: Մենք նմանապես առանց վտանգի վկայում ենք Տիրոջ մարդեղությունը, որը իսկապես Մարդ է, Աստված է, Արարիչ է և Տեր է։ Ու այն խոսքերը որ ասվում է. «Աշխարհը Աստծո խոսքով հաստատվեց ու աներևույթ բաները տեսանելի եղան» (Եբր. 11:3), մենք Նրան ենք վերագրում։ Քանի որ Նա, Որին է պատկանում այս ամենը, հոժարաբար կամեցավ բնակվել Նրա մեջ և տվեց Իր Աստվածային պատիվն ու իշխանությունը ամենքի վրա, այն բարերարության պատճառով, որ արարվածները պետք է ստանային Նրա միջոցով, որի սկիզբը Խաչի վրա դրվեց։ Նույնպես էլ Իր հրեշտակներին հրամայեց ծառայել Նրան. ըստ
[ page 159 ]
երանելի Պողոսի խոսքերի. «Աստծո բոլոր հրեշտակները Նրան թող երկրպագություն անեն» (Եբր. 1:6)։ Քանի որ Հայրը շնորհեց Նրան երկրպագելի լինել Իր հետ մեկտեղ, առանց խտրության. մեկ երկրպագությամբ. Նրան՝ Մարդուն, որը Աստված դարձավ, Աստծուն հավասար պատկերով։ Չնայած բնությունները պահպանվում են իրենց հատկություններով, բայց փառքի մեջ ոչ մի տարբերություն չկա։
22. Քանի որ մենք հավատում ենք, որ այն ամենը ինչ վերաբերվում է Նրան, բարձրացված է մինչ Նա, Ով ընդունում է այն Իր վրա, կամենալով, որ Նա (Որդին) մասնակից լինի այդ փառքին: Ու դա հայտնի դարձավ Խաչի միջոցով, ու Արարչի մասին ստույգ գիտություն ունեցանք այդ առարկայի (Խաչի) միջոցով, որը անհավատները այդքան անարգ են համարում։
23. Քրիստոսի մեջ ճշմարտապես արժանացանք Արարչի սիրուն, և միմյանց հանդեպ, բոլոր բանական արարածները՝ հրեշտակներն ու մարդիկ հավասարապես, հանուն միակ հավատքի դավանության, միակ Աստծո ու ամենքի Տիրոջ հանդեպ։
24. Քանի որ Խաչը Քրիստոսի հանդերձն է, ճիշտ այնպես, ինչպես Քրիստոսի մարդեղությունը Նրա Աստվածության հանդերձն է։ Այդպես էլ Խաչը ծառայում է որպես տիպար, սպասելով իր ժամանակին, երբ ճշմարիտ Նախատիպարը կհայտնվի, այդ ժամանակ այն առարկաները այլևս պետք չեն լինի։ Քանի որ Աստվածությունը մարդեղության մեջ ապրում է անբաժանելիորեն, անվերջ ու հավիտենաբար, այսինքն անսահմանափակ։ Այդ պատճառով մենք նայում ենք Խաչին, որպես Ամենակալի Շեխինայի վայր, Տիրոջ սրբարան և Աստծո տնօրինականության խորհուրդների օվկիանոս։
25. Մեր հավատքի աչքերին առջև այդ Խաչի տիպարը ի հայտ է բերում երկու Կտակների խորհուրդը. ինչպես վերը՝ իր տեղում ապացուցեցինք, որովհետև այն նաև մեր Փրկչի տնօրինականության կնիքն է։
26. Երբ էլ հանդարտված մտքով նայելու լինենք Խաչին, դրանով մեր հոգու աչքերի առջև ի մի է բերվում մեր Աստծո տնօրինականության ողջ խորհուրդը։
27. Նա, Որի մեջ բնակվում է Աստվածության լիությունը
[ page 160 ]
մարմնապես (Կող. 2:9), ինչպես մարդ մեղավորների տներն էր մտնում, արհամարհված ու անարգված մարդկանց առջև, ըստ Եսայի մարգարեի խոսքերի, ո՛չ տեսք, ո՛չ վեհություն ունեցող։
28. Օ՜ հրաշք. Արարիչը մարդկային կերպարանքով մտնում էր մաքսավորների ու պոռնիկների տները, և երբ նրանք Նրա շնորհիվ դարձի էին գալիս, Նա իր ուսմունքներով հաշտության վստահություն էր տալիս, ճշմարտության խոսքերը կնքելով զորության վկայության նշաններով։ Եվ Նրա հոգու գեղեցկության ու սիրո շնորհիվ, համայն տիեզերքը բերեց միակ Աստծո և ամենքի Տիրոջ հավատքին, ու յուրաքանչյուր մարդու մեջ սերմանվեց միակ Արարչի մասին գիտությունը։
29. Եվ վերջապես, բոլոր նրանք, ովքեր ընդունեցին Նրա ուսմունքը, հաստատվեցին հույսի մեջ, որը Նա տվեց նրանց, շնորհիվ այն բանի, որ Իր սեփական արյունով կնքեց Իր ասած խոսքերը։ Իր մահվամբ ու Իր հարությամբ, Նա այդ ծառայության համար տասներկու այրերի հաստատեց Ադամի բոլոր սերունդներից, որոնք ընտրվեցին Տիրոջ նախախնամությամբ։ Եվ անպատմելի սքանչելիությամբ Հայրը Նրան բարձրացրեց Իր մոտ՝ երկինք, այնտեղ որտեղ արարվածներից և ոչ մեկը չէր մտել։ Բայց ուր Նա (Որդին) Իր գործողությամբ այնտեղ հրավիրեց բոլոր բանական արարածներին, հրեշտակներին և մարդկանց, այն երանելի Մուտքի մոտ, որպեսզի վայելեն Աստվածային լույսի մեջ, ինչը որ հագած է Մարդը, լեցուն սրբությամբ, պատվով և անպատմելի ճաճանչների մեջ, Որը հիմա Աստծո հետ է։
30. Այսպիսին են խորհուրդները, որ կրում է իր մեջ Խաչի սուրբ պատկերը, և դա այն զորությունների պատճառով, որ Արարիչը կատարում է դրա միջոցով, ամբողջ աշխարհի համար։ Այդպիսին է պատկերը, որին մենք երկրպագում ենք ուրախությամբ, որը նաև մեծարում ենք։ Այն դեռ հավիտենականությունից էր նախանշված Արարչի մտքում, որ այդ պատկերով յուրաքանչյուրին տա Իր փառքի գիտությունն ու ազատությունը, որը ցանկանում էր ձեռք բերել դրա միջոցով, ամբողջ մարդկության համար։
31. Օրհնյալ է Աստված, որ նյութական առարկաներով, ամեն ժամանակ խորհրդաբար մեզ բերում է Իր անտեսանելի
[ page 161 ]
գիտությանը։ Նա մեր մտքերի մեջ սերմանում և կնքում է Իր հոգատարության մասին հիշողությունը, մեզ համար, բոլոր սերունդների մեջ, տեսանելի ձևերի միջոցով մեր մտքերը կապելով Իր սիրո նվիրական գաղտնիքների հետ։
32. Եվ թող ուրախանան մեր սրտերը հավատքի խորհուրդներում, որոնց մենք տիրում ենք. ցնծանք մեր Աստծով, որ այդքան շատ է հոգում մեր մասին, մեր մտքի հայեցողությամբ մտնենք այդ հիասքանչ «իրականության» մեջ, որ Նա ձեռնարկեց հանուն մեզ։ Ցնծանք այն հույսով, որը մեզ՝ Քրիստոսի զավակներին, բացվեց Նոր կտակարանի խորհրդով, ինչը մենք ստացանք Նրա միջոցով։
33. Երիցս երկրպագելի է Աստված, Որը մեր փրկության համար անում է ամեն բան խաղաղությամբ, որ մեզ մոտեցնի Իրեն, մինչև որ կբացվի այն գալիք ժառանգությունը, որտեղ մենք կստանանք Աստծո որդիներին արժանի օրհնությունները։
34. Երիցս օրհնյալ է Խաչի զորության խորհուրդը, որով մեզ տրվեց այս ամենը։
Հրեշտակների գիտությանը մենք արժանացանք դրա (Խաչի) միջոցով, այն զորության շնորհիվ, ինչով արարվել են բոլոր ստեղծվածները, ինչպես տեսանելիները այդպես էլ անտեսանելիները։
35. Ամեն գովքի, փառաբանության և օրհնաբանության է արժանի աստվածային Բնությունը, Որը արարեց մեզ, տալով այս բոլորը և դեռ ուրիշները կտա. Նրան երկրպագություն, պատիվ և օրհնաբանություն հավիտյանս հավիտենից. ամեն։
Իսահակ Ասորի. «Աստվածային խորհուրդների և հոգևոր կյանքի մասին».
(Ազատ թարգմանություն)
[ page 162 ]
ԳՐԻԳՈՐ ՏԱԹԵՎԱՑԻ
ՔԱՐՈԶ ՍՈՒՐԲ ԽԱՉԻ ՄԱՍԻՆ
Մարգարեների մեծ նախնին՝ աշխարհի ստեղծման մասին պատմող աստվածային Մովսեսը, ասում է, որ սկզբում Աստված դրախտը տնկեց Եդեմում՝ արևելքում, և նրա մեջ Կենաց ծառը, որից Ադամը զրկվեց իր պատվիրանազանցությունից հետո, ըստ աստվածային հրամանի. «Գուցե ձեռքը մեկնի Կենաց ծառին, ճաշակի պտուղը և ապրի հավիտյան» (Ծննդ. 3։22)։
Իսկ վերջին ժամանակներում Տերը երկրում հաստատեց Կենաց ծառը՝ նրանից կախելով Կենաց Պտուղը, ինչի մասին դարձյալ վկայում է Մովսես մարգարեն. «Պիտի տեսնեք ձեր կյանքը՝ կախված փայտից» (Բ. Օրինաց 28։ 66)։ Այդ կյանքը մեր Տեր Հիսուս Քրիստոսն է՝ անմահության Պտուղը՝ կախված Խաչափայտից, որ Կենաց և անմահության ծառն է։ Որովհետև Կենաց պտուղն ունեցողն ինքն էլ Կենաց ծառ է, քանզի ամեն ծառ իր պտղից են ճանաչում։ Ով հավատի աչքերով տեսնում է այն և ճանաչում մեր Տիրոջը՝ որպես անմահության Պտուղ, իսկ Նրա Խաչը՝ որպես կենաց գործիք, նա հավատի շնորհիվ ճաշակում է Կենաց Պտուղը, անմահանում ու զորանում Նրա իմաստությամբ։ Իսկ ով անհավատությամբ չի տեսնում այն, մահանում է հոգով, հիմարանում մտքով և տկարանում, քանզի ինչպես ասում է առաքյալը. «Կորստյան մատնվածների համար Խաչի քարոզը հիմարություն է, իսկ մեզ՝ փրկվածներիս համար՝ Աստծո զորություն» (Ա. Կոր. 1։18)։ Եվ այս մասին է ասում իմաստուն առակողի խոսքը, թե՝ «Այն կենաց ծառ է ամենքի համար, ովքեր պատսպարվում են նրանով և հաստատությամբ հենվում նրա վրա՝ իբրև Տիրոջ» (Առակ. 3.18)։
Արդ, երբ պատսպարվում ենք Խաչով, այսինքն թիկունքով ամրապնդվում նրանով, ինչպես պարսպով, և հենվում՝ այսինքն հաս-
[ page 163 ]
տատվում սրտով նրա վրա, ինչպես գավազանի, երեք տեսակ բարիքներ ենք ստանում՝ իմաստություն, զորություն և անմահություն, ինչպես ասվում է «Երեքսրբյան» աղոթքում. «Սուրբ Աստված, սուրբ և հզոր, սուրբ և անմահ»։ Քանզի թեև Քրիստոս խաչվեց իբրև մարդ, սակայն Աստված է բնությամբ, թեև հրեաները խաչեցին իբրև մի տկար մարդու, սակայն Նա հզոր է զորությամբ ու թեև Նա մեզ համար մեռավ, սակայն անմահ է կենդանությամբ։ Ուստի երբ իմացությամբ և հավատով պատսպարվում ենք այս եռակի բարությամբ, իմաստանանում ենք ու հասկանում, որ նրա վրա Խաչվածը Աստված է և անմեղ, սակայն մեռնում է մեր փրկության համար, որպեսզի վճարի մեր պարտքերը և ազատի մահից։ Եվ հույսով ու սրտով հենվում ենք Խաչի վրա, որպեսզի այն, որ մեծ զորությամբ հաղթեց մեր թշնամուն, մեզ զորացնի՝ հաղթահարելու համար սատանայի զորությունը։ Այլև սիրով ու հավատով միանում ենք Քրիստոսին, որպեսզի Իր հավիտենական կյանքի անմահությանը տնկակից դարձնի մեզ։ Այսպես իմաստնանում ենք մտքով, զորանում՝ մարմնով և անմահանում՝ հոգով, քանզի պատսպարվում ենք Խաչով, այսինքն՝ հավատով, հույսով և սիրով։ Եվ որովհետև այս ամենը Տերը Խաչով հաստատեց մեր մեջ, ուստի նույն Խաչն էլ եղավ ու կոչվեց իմաստություն, արդարություն, փրկություն և սրբություն, համապատասխանաբար ունենալով զորություն, իր նյութը, ձևը և հանդիսանալով մահվան գործիք։ Խաչի զորությունը Քրիստոսն է, որ միացած և բևեռված է նրա վրա, նյութը փայտն է, ձևը քառակողմ, իսկ մահապատժի գործիք լինելը՝ մեզ համար կյանքի պատճառ եղավ։
(Ամառան հատոր. «Քարոզ վասն Խաչի»)
ԽԱՉԸ ՈՐՊԵՍ ԵՐԿՐՊԱԳՈՒԹՅԱՆ ՆՇԱՆ
Նրանք, որոնք անարգում են Խաչի նշանը և սուրբ պատկերները, մի այսպիսի հիմար կարծիքով բամբասում են մեզ, թե իբր ձեռքով պատրաստված բանի և կուռքերի ենք երկրպագում, և թե արեգակին դեպի արևելք։ Ասում ենք, եթե շարունակեն հիմարությամբ խոսել, նրանց սրտերը ունայնություն պիտի խորհեն։ Մենք չենք երկրպագում, ոչ
[ page 164 ]
արարածների և ոչ էլ կուռքերի, քանի որ կուռքերը հեթանոսների դևերն են, այլ Աստծուն ենք պաշտում ու քրիստոնյա ենք։ Արդ, դուք միայն Խաչի նյութն եք տեսնում, այսինքն նյութն եք կարևորում, իսկ նրանում եղող ծածուկ խորհուրդը չեք իմանում, ինչպես մի մարդ անտեղյակ է դպրությունից, միայն գրի ձևն է տեսնում իսկ նրանում եղող ծածուկ բանին անգիտակից է։ Խաչը նշա՛նն է Քրիստոսի և մեր փրկության զենքը ընդդեմ թշնամու, որ դուք չգիտեք՝ այսինքն այս ինչ որ ասվեց, անտեղյակ եք։ Այլ հայտնին կասեմ ձեզ. Խաչը ունի նյութ և ձև, ու Աստծո զորությունը միացված է դրան։ Նյութն է քար, փայտ կամ երկաթ, կամ մի որևէ այլ բան։ Իսկ ձևն է քառակողմ, խաչյալ Քրիստոսի նմանությամբ։ Եվ նրանում բևեռված Քրիստոսի զորությունը անբաժանելի և անքակտելի է խաչից. (Ի հօրէ անպակաս եւ անմեկնելի է զօրութիւն նորա)։
Որովհետև ուր Խաչն է այնտեղ է Խաչյալը և խաչելությունը։ Միայն նյութին չենք երկրպագում և ոչ էլ ձևը առանձին (վերցրած)։ Եվ հայտնի է, որ բազում են կենդանիների և անկենդանների մեջ նկար ու քառակերպ ձև, սակայն դրանք երկրպագելի չեն մեզ։ Այլ երկրպագում ենք Աստծո զորությանը, որն է Քրիստոս, ձևի միջնորդությամբ, նյութին բևեռված, որ կոչվում է Խաչ։ Այդ պատճառով Խաչվածին պաշտում և պատվում ենք Խաչի հետ մեկտեղ։ Եվ Խաչի նշանը նորամուտ ինչոր բան չէ այլ հին ժամանակվանից եկող հարց։ Եվ Մովսեսի ձեռքի գավազանը, որով նշաններ էր անում Խաչն էր խորհրդանշում, որով խաչաձև պատռելով ծովն ասաց. «Տե՛ր, եղի՛ր մեր առջևից, աջից և ձախից»։
ԽԱՉԸ ՈՐՊԵՍ ՀԱՂԹՈՒԹՅԱՆ ՆՇԱՆ
Ինչ վերաբերվում է Խաչի նշանին և պատկերին, ապա մենք այն պատվում ենք ի հիշատակ Աստծո մարմնացյալ Խոսքի (Բանն Աստծո) Խաչի վրա կրած չարչարանքների։ Այդ մենք իմանում ենք Աստծո ծառա Մովսեսին տված հրամանի և մարգարեների քարոզության միջոցով։ Աստված Մովսեսին հրամայեց առնել և դնել Խաչի կնիքը քահանայապետի ճակատին՝
[ page 165 ]
անվանելով այն սուրբ ու նվիրական թիթեղ։ Քանզի Խաչի նշանով կնքվում են քրիստոնյաների ճակատները, Աստծո Բանի մարմնով մեզ համար չարչարվելու պատճառով։ Իսկ Եսայի մարգարեն հայտնապես հիշել է փայտը, որից պատրաստել են Խաչը և որով պսակված՝ միշտ պարծենում է եկեղեցին։ «Մայրի ծառով, նոճիով և կիպարիսով եմ զարդարելու Իմ սրբավայրերը և Իմ ոտքերի տեղը պիտի փառավորեմ» (Եսայի 60:13)։ Իսկ Սողոմոն իմաստունն ասում է՝ «Օրհնյալ է այն փայտը, որով արդարություն է լինում» (Իմաստ. Սողոմոնի 14։7), և դարձյալ՝ «Այն կենաց ծառ է ամենքի համար, ովքեր պատսպարվում են նրանով և հաստատությամբ հենվում նրա վրա՝ իբրև Տիրոջ» (Առակ. 3.18)։
ԱՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԵԼՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԻ ՄԱՍԻՆ
Ըստ եկեղեցու ավանդության, Ադամը, երբ մեռավ, նրան թաղեցին այժմյան Քեբրոն քաղաքի վայրում (Իսրայել), իսկ երբ Նոյ նահապետը տապան մտավ, իր հետ վերցրեց Ադամի ոսկորները, և երբ ջրհեղեղից հետո սկսեցին տարածվել նրա որդիները, նա ոսկորների նշխարները բաժանեց որդիների միջև ու գլուխը բաժին հասավ նրա անդրանիկ որդուն՝ Սեմին, որը իր հետ այն բերեց և Գողգոթա բլուրում թաղեց, որ թարգմանվում է Գանգի տեղ։
[ page 166 ]
ՔՐԻՍՏՈՍԻ ԽԱՉԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ
Հարց. - Քրիստոսը ինչո՞ւ Խաչով մեռավ։
Պատասխան. առաջին. քանի որ Խաչը ավելի է համադրվում Ադամի մեղքին, ինչպես որ նա ոտքով գնաց, ձեռքը երկարեց և կերավ պտուղը ու եղծեց մարդկային ցեղը, այդպես էլ մեր Տերը ոտքով գնաց դեպի Խաչը, ձեռքը բևեռեց փայտի վրա և լեղի ճաշակեց ու այդպես փրկեց մարդկանց։
Երկրորդ. քանզի անարգ էր Խաչի մահը, ինչպես օրենքում է ասվում. «Անիծյալ է յուրաքանչյուր ոք, որ կախված է փայտից», այդ պատճառով մեր Տերը կախվեց փայտից, մեր մեղքերը վերցրեց ու օրհնեց մեզ։
Երրորդ. Իսահակի խոյը կախվեց Սաբեկի ծառից, որը երկճյուղ էր, ինչպես օրինակն էր Քրիստոսի ճշմարիտ Խաչի։
Չորրորդ. Ոսկեբերանն ասում է. «Քրիստոսն այն պատճառով Խաչ բարձրացավ, որպեսզի ցույց տա, թե Իր մահը ճանապարհ է դեպի երկնքի արքայությունը, ինչպես Հակոբը տեսավ սանդուխքը, որի գլուխը երկինք էր հասնում, և Տերը հաստատված էր նրա վրա»։
Հարց. Ի՞նչ է նշանակում Խաչի չորս թևերը.
Պատասխան. առաջին՝ չորս բարօրությունները, որ արեց Տերը մեզ։ Վերևի մասը ցույց է տալիս երկնքի արքայության բացվելը, ներքևինը՝ դժոխքի ավերումը, աջը՝ շնորհների բաշխումը, ձախը՝ մեղքերի թողությունը։
Երկրորդ. նշանակում է չորս առաքինություններ, որոնք հարկ է տարածել մեր ներքին մարդու մեջ։ Վերևի մասը՝ սերը, ներքևինը՝ խոնարհությունը, աջը՝ հնազանդությունը, ձախը՝ համբերությունը։
Երրորդ. նշանակում է դրախտից զրկվելը, քանզի աջ էինք, ձախ դարձանք։
Չորրորդ. նշանակում է մեր չորս խորհուրդները. վերևի մասը՝ միշտ վերինը խորհել, ուր Քրիստոսն է նստած (Կողոս. 3։2), ներքևինը՝ մեր կյանքի վախճանն է։ Աջը և ձախը դատաստանի ընտրությունն է. փառքը՝ աջակողմյաններին, պատիժը՝ ձախակողմյաններին։
Հինգերորդ. Եզեկիելի քառադեմ կառքը և Տերը նրա վրա
[ page 167 ]
բազմած։ Ամաղեկի դեմ Մովսեսի ձեռքերի տարածումը։ Աշխարհի չորս կողմերը։ Բոլոր մարմինների չորս տարրերը չորս սկզբունք ունեն՝ հուր, ջուր, հող, օդ։
ԻՆՉՈ՞Ւ ԵՆՔ ԽԱՉԱԿՆՔՎԵԼԻՍ ՆԱԵՎ ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ ԱՆՈՒՆԸ ՏԱԼԻՍ ԱՍԵԼՈՎ. ՀԱՆՈՒՆ ՀՈՐ ՈՐԴՈՒ ԵՎ ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ
Քրիստոսին խաչեցին երրորդ ժամին, ինչպես գրված է. «Երրորդ ժամին Նրան Խաչը հանեցին»։ Եվ քանի որ Սուրբ Հոգին Խաչի պարգևն է, ինչպես Հովհաննես ավետարանիչն է ասում՝ Խաչը իբրև Հիսուսի փառք համարելով. «Դեռևս չկար Հոգին, քանզի Հիսուսը չէր փառավորվել» (Հովհ. 7։39), ապա այն ժամին, երբ կանգնեցվեց Խաչը՝ Քրիստոս փառավորվեց, նույն ժամին էլ պիտի տրվեր Խաչի պարգևը՝ Սուրբ Հոգին։ Մենք այս խորհրդով ենք խաչակնքում մեր դեմքերը՝ հիշելով Սուրբ Հոգին, քանզի այն մեզ Խաչով պարգևվեց և այժմ էլ Խաչով է իջնում մեր վրա։
(Ձմեռան հատոր. «Քարոզ վասն գալստեան Սուրբ Հոգւոյն»)
[ page 168 ]
ԽԱՉԻ ՁԵՎԻ ՄԱՍԻՆ
Արդ Սուրբ Խաչի մասին տասը հարց է մնում.
Առաջին՝ եթե այդպես խորհրդավոր է Խաչի փայտը, ինչպես ցույց տվեց Մովսեսի գավազանը անապատում, այժմ ինչո՞ւ ենք փոխում և ուրիշ նյութից ենք սարքում։
Պատասխան. Քրիստոսի Խաչի փայտը մեզ տրվեց որպես կենաց փայտի փոխարեն, և սրա ձևը՝ նրա ձևի փոխարեն։ Եվ արդ, երբ Նա փոխեց նյութը՝ նյութով և ձևը՝ ձևով՝ պահելով տեսակը, մենք նույնպես կարող ենք փոխել նյութը՝ նյութով՝ պահելով Խաչի տեսակը։ Դարձյալ ասենք, Խաչի նյութը մի փայտից չէր, այլ խոտորնակը՝ նոճի, պատվանդանը՝ արմավենի, գլխի տախտակը՝ ձիթենի։ Եթե այնժամ զանազան նյութից էր Խաչը եղել, կարող է նաև այժմ զանազան նյութից պատրաստվել Խաչը։
Երկրորդ հարցում. թե ամեն օրինակներով պետք է ճշմարտության հետ համաձայնել։ Արդ, Խաչի օրինակները առաջնահերթ որպես փայտ տպավորվեց, ինչպես Սաբեկեյի ծառը՝ Հակոբի սանդուղքը, Մովսեսի գավազանը, Հեսուի նիզակը և այլն։ Ուրեմն պետք է միայն փայտի՞ց լինի։
Պատասխան. Ասենք, որ սրանք ամենքը Խաչի օրինակն են, ոչ թե ըստ նյութի, այլ ներգործական զորությամբ։ Քանի որ, ինչպես Սաբեկի ծառին կախվեց խոյը, և Իսահակը ազատվեց, այդպես էլ Խաչի ծառին կախվեց մեր Տերը, և ազատվեց մարդկային բնությունը։ Այդպես էլ Խաչի սանդուղքով մարդիկ երկինք ելան, և հրեշտակները երկիր իջան։ Եվ Խաչի գավազանով պատռեց աշխարհի մեղքերի ծովը։
Երրորդ հարցում. Խաչի նյո՞ւթն է պաշտելի, ձևը՞, թե՞ գործը։
Պատասխան. Ասենք, որոշակիորեն, սրանցից ոչ մեկը, որովհետև շատ են նկարներում և միայն Խաչի ձևը պաշտելի չէ, այլ միանշանակ պաշտելի է Խաչը, որովհետև զորությունը Քրիստոսինն է ու անբաժանելի։ Դրա համար նախ օրհնենք և օծենք Խաչը, և ապա երկրպագենք։ Ու ասենք, որ օրհնությունն ու օծումը անբաժանելի են։
Չորրորդ հարցում. ինչո՞ւ ենք օրհնում ու օծում Խաչը։
Պատասխան. Որովհետև օրհնությունն ու օծությունը Քրիստոսինն է, Նրան միացած, երբ Նրա անունով պատկերում են Խաչը։ Ասենք և Խաչը, պատկերներն ու եկեղեցին նրա հա-
[ page 169 ]
մար ենք օրհնում ու օծում սուրբ յուղով, որ տարբերվի նյութը այլ նյութերից և օրհնությամբ ու օծությամբ լինի բնակարան Քրիստոսի ու երկրպագելի մեզ։
Դարձյալ՝ մարդը պատկերն է Աստծո, բայց երբ օրհնում և օծում ենք՝ դառնում է քահանա, երեխային օրհնում ենք՝ դառնում է քրիստոնյա, հացն ու գինին օրհնում ենք՝ դառնում է մարմին և արյուն Քրիստոսի։ Նույնպես և Խաչը, պատկերները, եկեղեցին օրհնում ենք նույն ինքը Իր խոսքով, և դառնում է Խաչ Քրիստոսի, պատկեր կամ տուն Աստծո։
ԽԱՉԻ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Որն է Խաչի օրհնությունը, որ անընդհատ երեսներիս ենք դրոշմում, կերակուրի կամ այլ նյութերի վրա։ Ասենք, որ այս անմարմին նշանին, բավական է մտքի անմարմին դիտավորություն, որ դրոշմում ենք Քրիստոսի անունով։ Այս է նշանի դրոշմի օրհնությունը։ Դարձյալ ասենք, թե ամեն օրհնություն կատարվում է սուրբ օծությամբ, խոսքով, սուրբ կոչմամբ։ Նույնպես և այստեղ խոսքով կոչում ենք Սուրբ Երրորդության անունը և մատներով դրոշմում ենք սուրբ նշանը, որով սրբվում է ամեն նյութ, այսինքն՝ օրհնության խոսքով և սուրբ նշանով։
Ամենայն Խաչ օրհնությամբ և օծությամբ է սրբվում. որն է Քրիստոսի Խաչափայտի օրհնությունը և օծությունը։ Ասենք, որ այս է Խաչի օրհնությունը, որ Քրիստոսի խոսքով և սուրբ օծմամբ, միասնական է լինում Քրիստոսի Խաչը, իսկ այստեղ Բանն Աստված ամբողջովին Իր օծյալ մարմնով բևեռված և միացած էր Խաչափայտին, դրա համար էլ Քրիստոսի Խաչը մեզ համար երկրպագելի եղավ։Դարձյալ՝ Խաչի օրհնություններն են Հին և Նոր կտակարանների խոսքը, որ ընթերցում ենք Խաչի վրա, լվանում ջրով, գինով և ապա օծում։
(Գ. Տաթևացի. «Ձմեռան հատոր»)
ՏՈՆ ԽԱՉԻ, ՏՈՆ ԵԿԵՂԵՑՈՒ
Այս օրը բացի Խաչի տոնից տոն է նաև սուրբ Եկեղեցու, հետևալ պատճառներով։
[ page 170 ]
Հին ուխտում յոթերորդ ամսի տասներորդ օրը կոչվում էր «Օր քավության», և այդ օրը հրեաները ոչ մի գործ չէին անում, այլ նախորդ օրվա երեկոյից իրենց մարմինը պահում էին զրկանքների մեջ և Տիրոջը ողջակեզներ մատուցում, որպեսզի իրենց մեղքերը քավեն Աստծո առջև (Ղևտ. ԻԳ. 26-32)։
Իսկ յոթերորդ ամսի տասնհինգերորդ օրը, երբ հավաքում էին արտերի բերքը, ծառերից գեղեցիկ պտուղներ էին քաղում, ինչպես նաև արմավենու, ուռենու, բարդու և այլ տերևախիտ ծառերից ճյուղեր պոկում, որ Տիրոջ առջև ուրախանան և Տիրոջ պատվին յոթ օր շարունակ տոնեն Տաղավարահարաց տոնը։ Եվ այդ օրերին նրանք ապրում էին վրանների մեջ։
Հնում Քավության և Տաղավարահարաց տոները միասին էին տոնվում։ Մեր ժամանակներում Քավության տոնը համապատասխանում է Խաչի տոնին, իսկ Տաղավարահարացը՝ եկեղեցու։ Այս է պատճառը, որ այս տոները միասին ենք տոնում։
Դարձյալ՝ հրեաները այս տոնը տոնում էին այն ժամանակ, երբ դաշտերից հավաքում էին բերքը, իսկ մեր օրերում բերքը Խաչով հավաքվեց եկեղեցում, (այսինքն՝ Տերը բազում ազգեր հավաքեց եկեղեցում և Իր սեփական ժողովուրդը դարձրեց)։ Այս պատճառով էլ այս տոները միասին ենք տոնում։
Երրորդ՝ Իսրայելի տասներկու ցեղերը, անապատում իրենց քառասնամյա երթի ժամանակ, խաչաձև էին բանակ դնում, և նրանց կենտրոնում կանգնեցվում էր սուրբ խորանը։
Առաջինը արևելյան կողմում Հուդայի ցեղն էր բանակ հաստատում...:
Սա նշանակում է եկեղեցու խորանը Խաչի խորհրդով քարոզվում է աշխարհի չորս կողմերում։
Չորրորդ՝ Մովսեսի խորանը նույնպես խաչաձև էր կանգնեցվում, ինչպես այսօր մեր եկեղեցին։ Ղևտացիները իրենց բանակը հաստատում էին Վկայության խորանի շուրջբոլորը և պահպանում էին այն, և միայն իրենք իրավունք ունեին մոտենալու խորանին։ Ընդ որում Գերսոնի գունդը պահպանում էր խորանի արևմտյան կողմը, Կահաթի գունդը՝ հարավային, Մերարի գունդը՝ հյուսիսային, իսկ արևելյան կողմը պահպանում էին Մովսեսն ու Ահարոնը։
Այսքանը Հին ուխտից։
[ page 171 ]
Հինգերորդ՝ Սուրբ եկեղեցին Քրիստոսի Խաչով գնվեց և ազատվեց։
Վեցերորդ՝ Այն խորհրդով, որով Քրիստոս պատարագվեց Խաչի վրա, այժմ նույն խորհրդով պատարագվում է եկեղեցում՝ Խաչասեղանի վրա։
Յոթերրորդ՝ Եկեղեցու պսակը և փառքը Տիրոջ սուրբ Խաչն է, որը դրված է եկեղեցու գլխին։
Ութերորդ՝ Եկեղեցու բոլոր խորհուրդները Խաչով են կատարվում։
Իններորդ՝ Մարդու մարմի