ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian

Եղիշե Չարենց

ԵՐԿԵՐ


Նախորդ էջԲովանդակություն  | Հաջորդ էջ

1920 — «ԷՄԱԼԵ ՊՐՈՖԻԼԸ ՁԵՐ» ՇԱՐՔԻՑ
(Գալանտ երգեր)

[ էջ 43 ]

Արմենուհի Տիգրանյանին

ՍՈՆԵՏ1

Ես ինչպե՞ս Ձեզ չսիրեմ։ — Դուք արվեստ եք ու հոգի։
Օ, կարելի՞ է արդյոք պրոֆիլը Ձեր չսիրել։
Ով երգ ունի իր սրտում ու սովոր է գեղեցկի՝
Նա պարտավոր է Ձեզ բյուր, հազար սոնետ նվիրել։

Դուք այնպես մե՜ղմ եք խոսում։ Երբ Դուք կարդում եք, տիկի՜ն,
Ձեր շրթունքները գունատ նմանվում են հասմիկի։
Եվ Ձեր աչքերը, գիտե՞ք, առանց ներքին կրակի,
Լուսաշող են՝ Ձեր կրծքի քարերի պես թանկագին։

Իսկ երբ ականջ եմ դնում ես Ձեր թեթև քայլերին —
Թվում է ինձ, թե նոքա տրիոլետներ2 են երգում

Եվ այդ երգով հմայված՝ սիրտս տխրում է լռին։
Եվ Դուք գիտե՞ք, որ սիրուց հիվանդացած իմ հոգում
Ես միշտ լսում եմ թեթև, թավ թրթիռներ ջութակի —
Երբ համբուրում եմ ես Ձեր բարակ մատներն ապակի։

-------------------------------

1 սոնետ — տասնչորս տողանի բանաստեղծություն, որ բաղկացած է երկու քառատող և երկու եռատող տներից:
2 տրիոլետ — բանաստեղծության կառուցման կայուն ձև, որ բաղկացած ութ տողից. տ-ի առաջին տողը նույնությամբ կրկնվում է իբրև չորրորդ և յոթերորդ տող, իսկ երկրորդ տողը՝ իբրև ութերորդ տող:

[ էջ 44 ]

* * *

Էմալե պրոֆիլը Ձեր,
Ձեր հակինթ աչքերը բիլ
Ես այսօր կուզեմ երգել,
Որպես մի անհայտ դը Լիլ։
Արդյոք ո՞ր վարպետը մեծ
Հորինել է դեմքը Ձեր.
Արդյոք ո՞ր Ոգին տվեց
Ձեր դեմքին լուսե գծեր։
Կուզեի երգեր կապել
Եվ գովել երգով անծիր
Էմալե պրոֆիլը Ձեր,
Ձեր հակինթ1 աչքերը բիլ։

* * *

Երբ ես տեսնում եմ Ձեզ —
Անդարձ անցած մի սեր
Սկսում է իր հեզ
Հեքիաթները հյուսել։
Հիշում եմ ես հանկարծ
Կապույտ լապտեր գազի,
Որոնք վաղո՜ւց հանգած՝
Սպասում են լույսի։
Հիշում եմ ջինջ, մաքուր
Ապակիներ կորած,
Կապույտ ծովի փրփուր՝
Փխրուն գիպսից փորած։
Ինչ-որ մի տեղ գնած
Ֆոլիանտի2 թերթեր —
Ու թիթեղից շինած
Դիակառքի վարդեր։

-----------------------------

1 հակինթ — կապույտ կամ կանաչ գույնի թանկագին քար, շափյուղա. փխբ. հակինթի փայլը:
2 ֆոլիանտ — մեծ չափսի ստվարածավալ գիրք:

[ էջ 45 ]

* * *

Հստակ հոսում են իմ
Երգերը Ձեր մասին.
Տրվե՜լ եմ Ձեր բույրին,
Ձեր մեղմախոս լույսին։

Հստա՜կ, հստակ է այս
Տխրությունը իմ նոր,
Որպես մանկան երազ,
Որպես մանկան օրոր։

Սրտիս վրա մի հեզ
Քնքշություն է իջել —
Թեթև՜, թեթև՜, որպես
Կապույտ վուալը1 Ձեր։

* * *

Երբ ես տեսնում եմ դեմքը Ձեր
Եվ Ձեր մատները ապակի,
Եվ Ձեր դեմքին — լուսե գծեր
Ինչ-որ հեռու արեգակի —
Սիրտս զգում է ցավը նուրբ
Ձեր ուսերին նիրհող շալի,
Մետաքսի վիշտը անսփոփ,
Անբառ թախիծը ռոյալի,
Ու բաժակում նիրհող թեյի
Անմահ ձանձրույթը հորանջող—
Ու ջահազարդ սենյակների
Մարմանդ մորմոքը մեզ տանջող։

----------------------------

1 վուալ — քող, շղարշ (բարակ, թափանցիկ ու նուրբ գործվածք, որ կանայք գցում են երեսներին):

[ էջ 46 ]

* * *

Թղթից շինած ծաղիկների պես հիվանդոտ,
Թոքախտավոր ստեղների պես ռոյալի,
Փոշուց կերած նկարների նման անթով1,
Որպես մեռած գեղեցկուհու մի հայելի —
Հոգիս տխրել է անբարբառ ու չգիտե
Ինչո՞ւ է օրն իրիկնանում ու լուսանում—
Երբ ոչ մի լույս դրսից ընկած ճառագայթի
Չի՜ ամոքում նրա կարոտը անանուն։

------------------------------

1 անթով — բնստ. թովչանքից` հմայքից զուրկ. փխբ. մռայլ, անհրապույր:

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր՝ «Լույս» հրատարակչություն, Երևան 1985
Տրամադրել է՝ Միքայել Յալանուզյանը

Տես նաև
Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice