ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian

Եղիշե Չարենց

ԵՐԿԵՐ


Նախորդ էջԲովանդակություն  | Հաջորդ էջ

1929–1934 «ԳԻՐՔ ՃԱՆԱՊԱՐՀԻ» ՊՈԵՄՆԵՐ

[ էջ 384 ]

Գիրքս նվիրում եմ իմ դուստր
ԱՐՓԵՆԻԿ ՉԱՐԵՆՑԻՆ

 

ՍԱՍՈԻՆՑԻ ԴԱՎԻԹԸ

Դառնանք — բարբառենք նզովք մենք նախ
Մսրամելիքին, թագավորի՛ն։
Դառնանք — բարբառենք նզովք ապա
Ձենով — Օհանին, իշխանին նե՛նգ։
Դառնանք — բարբառենք նզովք ապա
Ա՛յլ իշխաններին բոլոր այն մեր,
Որ բերին մեզ մահ, ու մուժ, ու նեռ։

Փա՜ռք փառաբանենք ապա մենք մեր
Առյուծ-Մհերին, դյուցազնին քա՛ջ,
Դավիթին՝ նրա որդուն դյուցազն,
Մհերին՝ նրա որդուն անմահ,—
Ողջ ժողովրդին ապա Սասմա
Որ լուրթ լեռներում մի օր բազմած
Հորինեց պայծառ զրույցը այս—
Եվ անցավ անհետ, դարձավ երազ։—

Սկսենք ապա հանգով ճարտար
Սասունցի Դավթի զրույցն արդար,
Որ մնալու է հավիտյան— հա´ր
Զրույց իմաստուն և ոսկեբառ։—

[ էջ 385 ]

Ա

Մհերը՝ զարմով արևազուն՝
Քառասուն տարի իշխեց Սասուն,
Իբրև արդ արդար և դյուցազուն։—
Նա պատերազմներ մղեց բազում
Թշնամիների հանդեպ հզոր,
Որ խուժում էին անբավ ուժով
Տիրելու բարձրիկ երկրին Սասուն,—
Բայց մարտերում այդ հզորազոր
Հաղթում է նա միշտ իր սրով սուր։—
Որպես այր ռամիկ ու դյուցազուն՝
Նա հուր ձի ուներ, կայծակե սուր,
Բայց ուժը նրա, որ չէր կասում,
Ժողովուրդն էր իր բազմաբազում։
Եվ անպարտ էր նա իր սրով սուր
Եվ ժողովրդով ռամիկ ու սուրբ։—

Բ

Մհերի օրով երկրում Սասուն
Ապրում էր ռամիկ մի ժողովուրդ,
Չուներ իշխաններ նա դեռ հմուտ,
Իշխաններ դժնի, ու չար, ու մութ,
Եվ ապրում էր իր լեռներում լուրթ
Վաստակով իր պարզ, քրտինքով սուրբ։
Առյուծ-Մհերին, դյուցազնին մեր
Նա ինքն էր իրեն իշխան կարգել—
Եվ ապրում էր իր լեռներում դեռ
Նա կյանքով ազատ ու անարգել։—

Գ

Օ՜, ռամիկ կյանքի անգո պատկեր,
Դարերում հեռու, ու հին, ու ծեր,
Երբ մարդկությունը ապրում էր դեռ
Վաստակով արդար, ու սուրբ, ու վեհ:

[ էջ 386 ]

Օ՜, վաղընջական արշալույսներ,
Մանուկ մարդկության օրեր լուսե,
Երբ լուրթ լեռներում դեռ չէր բուսել
Դժնի բռնության ընձյուղը սև,
Երբ իշխում էին աշխարհում դեռ
Ռամիկ ու արդար դյուցազուններ...

Դ

Իշխեց նա այսպես, դյուցազնը մեր
Քառասուն տարի։— Եվ ահա ծեր
Մազերին նրա, գլխին հուրհեր
Իջավ մառախուղ, ցրտին ձմեռ։—
Դարձավ նա զառամ ու ալեհեր,
Եվ կամաց-կամաց դյուցազնին ծեր
Սկսեց պատել, ինչպես գիշեր,
Վիշտ անբուժելի ու մահաբեր։—
Չուներ նա ժառանգ աշխարհում դեռ—
Եվ մտորում էր դյուցազնը ծեր։

Ե

Մտորում էր նա, դյուցազնը ծեր,
Որ մնալու է երկիրն անտեր,—
Բարձրաբերձ լեռներ, հարուստ հանդեր,
Եվ ոսոխի ու չարի հանդեպ
Ռամիկ ժողովուրդ՝ անկար, անգետ։—
Մտածում էր նա, դյուցազնը սուրբ,
Որ անցնելու է իր փառքը զուր,
Որ իր երկնահեց1 երկիրն հզոր
Դառնալու է վաղն հազար ու բյուր
Թշնամիների ավար ու կուր։—
Եվ այսպես՝ հասած ծերության դուռ՝
Մտորում էր նա սրտով տխուր,
Եվ իր հետ մեկտեղ, թախիծով հուր,
Ժողովուրդն էր ողջ մտորում լուռ։—

-------------------------------------------

1 երկնահեց բնստ. երկնքին հենված, երկնահաս, երկնահուպ:

[ էջ 387 ]

Զ

Կարո՞ղ է սակայն պատահել, որ՝
Որքան էլ լինի ապագան մութ՝
Մնա անժառանգ ու անսերունդ
Երկիր մի ամբողջ ու ժողովուրդ։—
Կարո՞ղ է լինել, որ երկրում լուրթ,
Որքան էլ խավարն իջնի տխուր,
Չբացվի հանկարծ հրաշքով հուր
Գալիքի համար փրկության դուռ։—
Եվ ահա— մի վառ ու պայծառ օր—
Հրաշքով անհաս ու զորավոր—
Առյուծ-Մհերին մեր ալևոր
Ծնվեց մի մանկիկ արևավոր։—

Է

Ծնվեց մի մանկիկ արևավոր
Առյուծ-Մհերին իբրև ժառանգ,
Դավիթ անվանեց ծերը նրան,
Փառք տվեց ապա բախտին իրա,
Որ հուշն իր էլ հա´ր երկրի վրա
Պիտի առկայծի ու հուրհուրա։—
Եվ նայելով իր մանուկ Դավթին՝
Նա պայծառացավ սրտով կրկին,
Նա ի՛նքն էր կարծես եկել երկիր
Հրաշքով մի սուրբ ու անհնար,—
Նա ի՛նքն էր կարծես եկել աշխարք
Ու հուր-հավիտյան պիտի մնար...

Ը

Գիտեր նա արդեն, դյուցազնը ծեր,
Որ դյուցազուն է Դավիթն հուրհեր,
Որ երկիրն իր լուրթ, ու բարձր, ու վեհ
Որքան էլ ահ գա, որքան ավեր—
Կելնե Սասունցի Դավիթը վեր,
Իբրև նո՛ր դյուցազն ու նոր Մհեր։
Գիտեր, որ արդեն երկրին Սասուն,

[ էջ 388 ]

Իր ժողովրդին ռամիկ ու սուրբ
Թեկուզ փորձանքներ իջնեն բազում,
Որքան էլ տևեն նոքա երկար—
Ահա Դավի՛թը իր դյուցազուն,
Իր ժողովրդի բազուկը սուրբ՝
Ե՛վ արդար, և՛ վեհ, և՛ աներկբա1...
Ցնծաց նա սրտով իր աներեր,
Այդ ինքն էր կարծես ծնվել երեկ,
Խոր խավարի մեջ տեսել ցերեկ.
Փարվեց կարոտով որդուն նորեկ—
Խանդով խնդագին գրկեց նրան,—
Փակեց նա ապա աչքերը սեգ—
Եվ ինքն էլ, կինն էլ ընկան— մեռան...

Թ

Երբ մեռավ այսպես Մհերը ծեր,
Թողնելով մանկանն իր նորածին—
Սասմա իշխաններն եկան-ասին,
Թե մերն է հիմա Մհերի ձին,
Եվ տեր կանգնեցին ու տիրեցին
Մհերի ամբողջ ունեցածին։—
Եկան իշխաններն ու խլեցին
Մհերի հողերն ու նրա ձին,
Մհերի զորքերը ցրեցին
Եվ կալվածները բաժանեցին։—
Եվ տիրանալով երկրին այսպես՝
Ձենով-ՕՀանին բերին հանդես,
Որ իբրև հմուտ ու հեռատես
Այր հավատարիմ, իշխան ու մեծ—
Կառավարե և իշխե իրենց։—

Ժ

Ձենով-ՕՀանը դարձավ իշխան...
Եվ ՕՀանը երբ իշխան դարձավ—

----------------------------------

1 աներկբա — անկասկածելի, չկասկածող, չերկբայող:

[ էջ 389 ]

Առյուծ-Մհերի զենքերն հրցայտ1,
Նժույգներն այն հուր, սուրը կայծակ—
Հավաքեց, լցրեց մի քարանձավ։
Մոռացած նրա փառքը պայծառ՝
Թաքցրեց նրա զենքերն հրցայտ,
Առյուծ-Մհերի սուրը կայծակ
Եվ զորությունը նրա անծայր։—
Հավաքեց ապա, տիրեց իսկույն,
Առյուծ-Մհերի ամբավ ոսկուն,
Սրտում ա՛հ հազար, հազար սոսկում՝
Աչքերը չռեց նրա ոսկուն։—
Մոռացած նրա համբավն հավետ՝
Նրա վաստակած ոսկուն ցավեց,
Իբրև ոսոխից աշխարհավեր
Միա՛կ փրկություն ու ապավեն։—
Իսկ դյուցազն Դավթին, մանկանն հուրհեր
Նա հովիվ կարգեց սարերում մեր,
Որ խաշն արածե ամառ-ձմեռ,
Իսկ գիշերները քնի մի ծեր,
Մի այրի կնոջ խուզում, որ էլ
Մոռանա հավետ, որ դյուցազուն
Իր հայրը ուներ կայծակե սուր,
Հուր նժույգ ուներ, զրահներ հուր,—
Զըրկելով նրան այսպես մի օր
Զենքերից իր քաջ, դյուցազուն հոր։—

ԺԱ

Օ՜, Առյուծ-Մհեր, ռամի՛կ արդար,
Փրկության պատնե՛շ չարից չարկամ,
Ձե՛ռք ժողովրդի, ո՛ւժ տիրակալ,
Անհատնելի ու անեզրական...
Մինչև բարձրանար վերջին անգամ
Դյուցազուն Դավիթն իր քնից վեր—

--------------------------------------------

1 հրցայտ — հրացայտ — հուր՝ կրակ ցայտող, փխբ. կրակի նման վառվռուն՝ բորբոքուն, փխբ. զայրագին, զայրույթից վառվող:

[ էջ 390 ]

Ձենով-Օհանը, իշխանն այն նեռ
Դեռ որքա՜ն պիտի քրտինք քամեր,
Եվ ինքնությունն ու հուր գանձը մեր
Տա՜ր զարկիչներին աշխարհավեր...

ԺԲ

Մսրամելիքը, արքան այն նեռ,
Երբ լսեց մի օր երկրում իր ջեռ1,
Որ չկա Սասնում Առյուծ-Մհեր,
Որ իշխաններն են արդեն տիրել
Լեռներին Սասմա ու դարձել տեր—
Եկավ, պաշարեց հովիտ ու լեռ,
Որպես չար խորշակ, կամ ժանտ ձմեռ։—
Օհանը մի օր բարձրացավ վեր—
Պաշարված տեսավ երկիրն հայոց,
Տեսավ զրաներ, ու սուր, ու բոց,
Սարսափեց, սարսեց էությամբ ողջ,
Եվ գնաց հայցի աղիողորմ
Փրկություն՝ չարից այն անողոք։–

ԺԳ

Գնաց մեր Օհանն, ահով-դողով
Արքայի առջև այն անողոք
Գլուխ խոնարհեց ազգով-ցեղով,
«Քոնն է»— աղերսեց— «Երկիր ու հող»—
Ընծայեց նրան ոսկի շողշող,
Գերության հանձնեց Սասունը ողջ։—
«Լավ»— համաձայնեց Մելիքն ահեղ,—
«Ձեր կյանքը»— ասաց— «Կխնայե՛մ,
Միայն թե թող գա քո երկնահեռ
Ժողովուրդն ամբողջ, մանուկ ու ծեր,
Եվ անցնի տակով իմ թրի կեռ,

--------------------------------------------

1 ջեռ — տաք, վառմ պայծառորեն վառվող՝ փայլող, վառ, պայծառ, թարմ, ջերմ, բուռն:

[ էջ 391 ]

Որ Սասմա երկրում ո՛չ մի մարդ էլ
Չշարժի իմ դեմ զրահ ու զենք»։

ԺԴ

Ձենով-Օհանը, իշխանն այն նենգ
Գլուխ խոնարհեց Մելիքին նեռ,
Արձակեց ապա հրաման գոռ,
Որ ժողովուրդը Սասմա ամբողջ
Գա, անցնի նրա փայլատակող
Արնահոտ, դաժան թրի տակով։—
Եվ ժողովուրդը Սասմա անկոր՝
Խեղճացած, խոնարհ ու գլխիկոր,
Անցավ Օհանի դժնի կամքով
Մսրամելիքի թրի տակով։—
Մելիքը, շողշող զրահ հագին,
Կանգնեց՝ ահռելի ու ահագին,
Եվ ժողովուրդը, մանուկ ու կին,
Անցավ պողպատե թրի տակից։
Բայց հերթը հասավ երբ Դավիթին՝
Չմոտեցա՛վ նա չարի թրին,
«Չե՛մ անցնի»— ասաց կամքով անկոր—
«Մսրամելիքի թրի տակով»։

ԺԵ

Ոլորեց աչքերը արնակոխ
Մսրամելիքը Դավթի վրա,
Մտրակեց ապա նժույգն իրա,
Մտրակեց, քշեց Դավթի վրա,
Որ սմբակներով հրահըրան
Ոտնակոխ անի, ճզմի նրան։—
Բայց մանուկ Դավիթն անփույթ, ուրախ,
Իբրև խաղ մանկան մի հրածին,
Բռնեց Մելիքի ձիու սանձից,
Ետ գնաց, ահռեց1 Մելիքի ձին,

--------------------------------------------

1 ահռել — սարսափել, երկյուղով համակվել, այլայլվել, ապշել (տպավորության սաստկությունից) :

[ էջ 392 ]

Եվ մնաց Մելիքն այն չարածին
Կախված ահաբեկ ձիու սանձից։
Մռընչաց Մելիքն ահով անծիր,
Իր կայծակնափայլ սուրը քաշեց,
Որ հարվածով մի, զարկով մի շեղ
Դյուցազուն Դավթին միջից կիսե։
Մոտ եկավ սակայն նրան մի ծեր,
Մի ռամիկ արդար, այր ալեհեր,
«Ներիր»— բարբառեց— «Մանուկ է դեռ.
Ողջ Սասունն է քեզ գլուխ թեքել,
Օ՜, Մսրամելիք, ինչո՞ւ ես էլ
Վախենում որբից մի կաթնակեր»։
Նայեց Մելիքը ռամիկ ծերին,
Իր սրին նայեց, իր զորքերին,
Նայեց սասունցի իշխաններին
Եվ ժողովրդին՝ դարձած գերի,—
Եվ եկավ, նայեց ապա Դավթին,—
«Ներում եմ»— ասաց ժողովրդին,—
«Բայց թե փորձանք գա մի օր գլխիս—
Սրանի՛ց կգա, այս ծուռ Դավթից»։
Ասաց, մտրակեց իր նժույգ ձին,
Հավաքեց, ապա զորքերն անծիր,
Հեռացավ, գնաց Սասմա երկրից,
Մարդիկ ուղարկեց ապա կրկին,
Որ Սասմա ամբողջ հարկը փրկիչ
Հավաքեն, տանեն Մսրա երկիր։—

ԺԶ

Եվ եկան Բադին ու Կոզբադին,
Ցնծագին հասան մի օր Սասուն,
Հետները բերին պարկեր բազում,
Որ Սասմա ամբողջ գանձերը ձույլ
Հավաքեն, տանեն։— Խանդով քսու
Ձենով-Օհանը, իշխանն այդ մեծ,
Հարկահաններին դիմավորեց։—
Գնաց նա ապա, անհուն հորից

[ էջ 393 ]

Հանեց Մհերի գանձը խորին,
Եվ զարմանալի՜ շռայլորեն
Սկսեց չափել, ինչպես ցորեն,
Առյուծ-Մհերի գանձը, որ էլ
Մսրամելիքի ձեռքը զորեղ
Հավիտյան իշխե, թագավորե։—
Չկար Մհերի զորքը հո էլ,
Որ ճղմեր նրանց ու տրորեր։—

ԺԷ

Այդ ժամին մանուկ Դավիթն հուրհեր
Այն պառավ կնոջ աղքատ արտում,
Թռչունների դեմ ելած մարտի,
Ձեռքին մի կանաչ, բարակ բարդի,
Խաղում էր զվարթ ու թռչկոտում։—
Պառավը կանչեց մանուկ Դավթին.
«Ո՛վ Դավիթ»— կանչեց— «Քաջի՛ որդի,
Դու ի՞նչ ես ուզում իմ խեղճ արտից.
Ինչքա՜ն տրորես ոսկեհատիկ
Հասկերը այրու կտավատի.
Չե՞ս տեսնում՝ Բադին ու Կոզբադին
Տանում են քո հոր արդար ոսկին.
Ուժ, զորություն է տված բազկիդ,
Գնա՛, ո՜վ Դավիթ, գնա՛ հսկի—
Չտանեն քո հոր արդար ոսկին»:
«Բայց ո՞վ է տալիս ոսկին իմ հոր
Բադուն, Կոզբադուն»— զարմանքով խոր
Հարցրեց Դավիթ-դյուցազնը նոր։—
«Ձենով-Օհանն է տալիս քո հոր
Գանձերը չարին՝ չարի սովոր»—
Բարբառեց պառավն հառաչքով խոր։
Եվ գնաց մանուկ Դավիթը, որ
Տերություն անի գանձերին հոր։—

ԺԸ

Գնաց նա, տեսավ՝ սենյակում հին
Կանգնել են Բադին ու Կողբադին,

[ էջ 394 ]

Իսկ Ձենով–Օհանը մահատիպ
Չափում է ոսկին ոսկեհատիկ,
Պարկերը հենած հողե պատին,
Ինչպես բեռ հնձած կտավատի։—
Դավիթը տեսավ, նայեց Բադուն,
Դարձավ, լուռ նայեց նա Կոզբադուն,
Մոտեցավ ապա նա Օհանին
Եվ չափը խլեց նա ցորյանի,
Ասաց.— «Թող որ ե՛ս չափեմ, Բադի՛,
Մհերի ոսկին ոսկեհատիկ»։
Ասաց, պարկերի ոսկին թափեց,
Դատարկ ամանով օդը չափեց,
Շրջեց այն ապա նա պարկի մեջ—
Եվ ծիծաղելով ասաց.— «Այս մե՛կ»։
Զայրացավ, դժնեց Կուլբադին նենգ,
«Դե՛ն տարեք»— կանչեց— «Դավիթին խե՛նթ,
Մսրամելիքի հարկը տվե՛ք,
Չեք ուզում եթե՝ գնանք ասենք—
Գա, հիմքից քանդե Սասունն անտեր,
Անապատ դառնան Սասմա հանդեր»:
Զայրացավ անչափ Դավիթն այստեղ,
Բարկությունն անհուն էլ չզսպեց,
Ետ դարձավ— ձեռքի պղինձը մեծ
Կոզբադու ճաղատ գլխին խփեց։—
Ձայն տվեց ապա նա Օհանին,
«Ո՛վ Ձենով»— կանչեց— «Գնա քնի՛,
Մսրամելիքը յոթգլխանի
Ինչ որ կարող է՝ թո՛ղ գա՝ անի՛»։

ԺԹ

Գնացին Բադին ու Կոզբադին,
Մսրամելիքին գանգատ արին,
Պախարակեցին Դավթին արի,
Գովեցին, իբրև Սասմա բարիք,
Ձենով-Օհանի վարքը բարի։—
Մսրամելիքը, արքան այն նեռ,

[ էջ 395 ]

Զայրացավ, ինչպես դաժան ձմեռ,
Արձակեց ապա հրաման գոռ,
Որ գա, հավաքվի անհաշիվ զորք.—
Հազար, հինգ հարյուր մանուկ նորել,
Հազար, հինգ հարյուր ռազմիկ զորեղ,
Հազար, հինգ հարյուր այր սևահեր,
Հազար, հինգ հարյուր այր ալեհեր,—
Որ գնա Սասմա երկրին տիրե,
Որ Սասմա քաղաքը ավիրե,
Որ ժողովրդին ամբողջ գերե,
Տեղահան անե, Մսըր բերե։—

Ի

Մսրամելիքի զորքերն եկան,
Բռնեցին Սասմա սարերը ողջ,
Լցրին շռնդյուն, ու թինդ, ու կոչ,
Ձիերի խրխինջ ու խրխնջոց,
Եվ Սասմա չքնաղ աշխարհն ամբողջ
Բռնեց աղաղակ, ու ծուխ, ու բոց։—
Ձենով-Օհանը, իշխանն հայոց
Բարձրացավ, տեսավ մի առավոտ
Մսրամելիքի զորքերն այն հոծ,
Տեսավ արշավանք մի մահահոտ
Եվ սիրտը նրա լցվեց ահով։—
Գնաց նա ապա Դավիթի մոտ
Ասաց.— «Ո՛վ Դավիթ, մանո՛ւկ դիվոտ1,
Բերել եմ ահա քեզ մահվան բոթ»։
«Ո՛վ Դավիթ»,— կանչեց— «Դավի՛թ»— ասաց—
«Սասմա ավերման ժամը հասավ.
Եկել է զորքով բազմահազար
Մսրամելիքը, արքան գազան.
Գնա՛նք, ո՛վ Դավիթ, գնա՛նք»— ասաց.
«Իրեն տանք հարկը իրա ուզած.

------------------------------------

1 դիվոտ — դիվահար, խենթ, խելագար:

[ էջ 396 ]

Գնանք, ո՛վ Դավիթ, ոսկի տանենք,
Փրկություն հայցենք արքայից նենգ,
Որ վրեժն իր չար նա չհանե,
Սասմա երկիրը չկործանե»։
Եվ ասաց Դավիթը Օհանին.
«Ո՛վ Ձենով»— ասաց— «Գնա քնի՛.
Առավոտ, առած աղեղ ու նետ,
Ի՛նքս կգնամ— կռիվ կանեմ»։

ԻԱ

Առավոտ ելավ Դավիթը վեր,
Վերցըրեց-առավ աղեղ ու նետ,
Որ գնա՝ Մսրա արքայի հետ
Մղի պատերազմ մի չարաղետ,—
Որ ուժը նրա հորդած, ինչ գետ,
Դարձընի, քշի մեր երկրից ետ։—
Բայց տեսավ նրան այրին այն խեղճ,
«Ո՛վ Դավիթ»—ձայնեց— «Այդ ո՞ւր»— կանչեց
Դավիթը ասաց.— «Գնում եմ ես
Մսրամելիքին կոչեմ հանդես,
Մեր երկրի համար կռիվ անեմ,
Մսրամելիքին Սասնից հանեմ»։
Պառավը ասաց.— «Դավի՛թ ռամիկ,
Ինչքա՜ն ես անմիտ ու միամիտ,
Փուչ գլխիդ ունես լեռան քամի.
Մարդ է՞լ կգնա դարանամիտ
Մսրամելիքի հետ հարամի1
Նետով-աղեղով կռի՞վ կանի»։
«Բա ի՞նչպես անեմ» — Դավիթն ասաց.
«Ո՛չ զրահ ունեմ, ո՛չ զենք հազար»։
«Բա ինչպես անե՜ս»— պառավն ասաց.—
«Բա չե՞ս իմանում, Դավի՛թ անճար.
Մհերը ուներ զենքեր անչափ,
Մհերը ուներ նժույգ պայծառ,
Մհերը ուներ և սուր-կայծակ»։

----------------------------------------

1 հարամի — ավազակ:

[ էջ 397 ]

Դավիթը կիտեց հոնքերն, ասաց.—
«Բա ո՞ւր են իմ հոր զենքերն»— ասաց.—
«Հ՜եյ, խևո՛ւկ Դավիթ»— պառավն ասաց.
«Ձենով Օհանի՛ն գնա ասա.
Ինչքա՛ն որ զենքեր քո հերն ուներ,
Ինչքան որ զրահ Մհերն ուներ—
Ձենով Օհանն է տարել-պահել,
Գնա՛, ե՛տ խլիր, Դավի՛թ հուրհեր»։
Ասաց, խրատեց պառավն արթուն
Դյուցազուն Դավթին, ինչպես որդուն.
«Հավատ չընծայես ուրիշ մարդու.
Թե սիրով չտա— ուժո՛վ առ դու»։

ԻԲ

Գնաց Դավիթը սրտով տրտում,
Գնաց այն Ձենով-Օհանի տուն,
Թակեց, թնդացրեց երդիկ ու դուռ,
«Ո՛վ Օհան»— կանչեց— «Ե՛կ— արի դո՛ւրս,
Առյուծ-Մհերի զենքերը տո՛ւր,
Որ կռիվ գնամ զենքերով հուր»։
Օհանը, սարսած, ելավ գավիթ.
«Ի՞նչ զենքեր»— ասաց— «Խևո՛ւկ Դավիթ,
Դու մանուկ էիր մի միամիտ,
Ո՞րտեղից փչեց գլխիդ քամին»։
Դավիթ ասաց.— «Ձենով-Օհան,
Մհերը ուներ ոսկե վահան,
Մհերը ուներ զենքեր հրցայտ,
Մհերը ուներ նժույգ պայծառ,
Մհերը ուներ և՛ սուր-կայծակ։
Բեր, հանձնի՛ր զենքեր ու զրահներ,
Եթե ոչ»— ասաց— «Ուժո՛վ կառնեմ»։
Օհան, ահով լցված հազար,
Հարցըրեց— «Դավի՛թ, քեզ ո՞վ ասաց»։
Դավիթը ասաց.— «Պառավն այն մեր.
Ե՛լ, Ձհնով-Օհան, զենքերը բե՛ր,

[ էջ 398 ]

Գնամ, մեն-մենակ կռիվ անեմ,
Մսրամելիքին Սասնից հանեմ»։

ԻԳ

Տեսավ՝ ճար չկա Օհանը նենգ,
Հավաքեց, բերեց զրահ ու զենք,
Բերեց Մհերի զենքերն հրցայտ,
Նժույգը բերեց նա պայծառ,
Եվ սուրը բերեց նրա կայծակ։—
Եվ Դավիթը երբ նժույգն հեծավ,
Երբ հագավ իր հոր զրահն արծաթ,
Երբ բռնեց ձեռքին սուրը կայծակ —
Դարձավ — Դավիթի հետքից ասավ.
«Ափսո՛ս, Մհերի հրեղեն ձի՛,
Զրահներ անգին, գանձե՜ր անծիր,
Ափսո՛ս Մհերի ձիու սանձին»...
Դավիթը լսեց և ետ դարձավ,
«Ո՜վ Ձենով-Օհան, Օհան»— ասավ,
«Պապանձվի՛»— ասավ— «քո չար լեզուն,
Բա մանուկ Դավթին չե՞ս ափսոսում»...
Օհանը ահից խոսքը փոխեց.
«Ափսո՛ս մեր մանուկ Դավիթ»— ասեց.
Աչքերից առատ արցունք հոսեց,
Իբրև թե խղճաց ու ափսոսեց։—
Դյուցազուն Դավիթն էլ չխոսեց,
Առյուծ-Մհերի անունն հիշեց,
Ե՛տ դարձավ ապա և ձին քշեց...

ԻԴ

Դյուցազուն Դավիթն հուր-ձին քշեց—
Մսրամելիքի բանակն հասավ.
Երբ բանակն հասավ, նայեց-տեսավ՝
Քնել է, բռնած հովհտ ու սար,
Մսրամելիքի զորքը հազար։—
Դյուցազուն Դավիթն երբ այս տեսավ՝

[ էջ 399 ]

Մտածեց, մանուկ մտքում ասավ.
«Թե հիմա այսպես քշեմ-գնամ,
Ցորյանի նման հնձեմ նրանց—
Պիտի մտածեն, թե մենք քնած,
Դավիթը գող-գող եկավ գնաց»։
Ձայն տվեց ուստի Դավիթը քաջ.
«Վե՛ր կացեք, ելե՛ք, զորքե՛ր քնած,
Որ չասեք հետո, թե մենք քնած՝
Դավիթը գող-գող եկավ գնաց»։
Արթնացավ իսկույն բանակն ամբողջ,
Թնդյուն, շառաչյուն, շռինդ ու կոչ,
Ձիերի խրխինջ ու խրխնջոց,
Զենքերի շաչյուն, ու հուր, ու բոց...
Հավաքեց Դավիթն իր ուժը ողջ,
Մրրիկի նման հուր-ձին թողեց,
Կայծակներ թռան քարից, հողից,
Արեգակն անգամ գույնը փոխեց,
Երբ սուրն արձակեց հրե շողեր։—
Շարժելով այսպես իր սուրն հրե,
Սկսեց հնձել, ինչպես ցորեն,
Մսրամելիքի զորքը զորեղ,
Որ Սասմա վրա քանի՛ օր էր
Եկել էր, նստել, ինչպես մորեխ։—
Ահեղ էր Դավիթն ու ահավոր,
Իբրև այր արդար, ռամիկ զինվոր,
Իբրև անսասան դյուցազուն, որ
Կռվում էր սրով իր անպարտ հոր։—
Երբ տեսավ նրա ցասումն այդ խոր
Մսրամելիքի զորքը բոլոր,
Դեմ ելավ նրան մի ալևոր
Մսրա աշխարհից եկած զինվոր:—
«Դավի՛թ»— բարբառեց զինվորը ծեր—
«Ինչո՞ւ ես մեր դեմ կռվի ելել,
Մսրամելիքն է, արքան այն նեռ,
Մեզ քշել, բռնի Սասուն բերել.
Ո՜վ Դավիթ»— կանչեց— «Ո՜վ միամիտ,
Դյուցազո՛ւն Դավիթ՝ մեզ պես ոամիկ,

[ էջ 384 ]

Մսրամելիքն է թո թշնամին,
Դյուցա՞զն ես՝ գնա դարանամիտ
Մսրամելիքից վրեժդ հանի»։
«Լա՛վ»— պատասխանեց Դավիթը մեր.
«Իսկ ո՞ւր է հիմա Մելիքը նեռ»։
«Այնտե՛ղ է»— ասաց զինվորը ծեր.
«Վրանում այն մեծ քնած է դեռ,
Ծուխ է բարձրանում այնտեղից վեր—
Այնտե՛ղ է հիմա Մելիքը նեռ»։

ԻԵ

Լսեց— արձակեց Դավիթն իր ձին,
Էլ չանսաց1 հուր ձին իրա սանձին,
Ինչպես գերանդին ցորյան հնձի՝
Մրրկվեց այդպես թափով անծիր,
Եվ գնաց, կանգնեց այն առանձին
Վրանի առջև, որի միջից,
Ինչպես հնոցից, թափով ամբողջ,
Ծո՛ւխ էր բարձրանում, ու հո՛ւր, ու բո՛ց։—
«Ո՛վ Մելիք»— կանչեց ձայնով անդող
Դյուցազուն Դավիթն անհուն խանդով.
«Ո՜վ Մելիք»— կանչեց— «Քնելըդ թո՛ղ,
Ե՛լ, կռիվ մղենք, զարկե՛նք հերթով,
Ինչքա՞ն ես տեսնենք արդյոք դու քաջ,
Որ ժողովրդիդ՝ ահից կորած՝
Քշել ես, բերել Սասմա վրա»։
Մելիքը լսեց ձայնը նրա,
Վեր կացավ, նստեց մի պահ մռայլ,
Նայեց նա հպարտ իրա զորքին,
Մոտ կանչեց ապա մանուկ Դավթին,
Հսկա բերանը ապա բացեց,
Դյուցազուն Դավթի վրա փչեց,
Որ նրան, ինչպես չնչին տաշեղ,
Թռցնե, Սասմա դաշտից քշե։—

----------------------------------

1 անսալ — լսել մեկի խոսքին, հպատակվել, հնազանդվել:

Բայց կանգնած մնաց Դավիթն հուրհեր
Իր տեղում անշարժ ու աներեր։—

ԻԶ

Վեր թռավ տեղից Մելիքն ահեղ
Սարսափից կորած ու խելահեղ,
Բայց զսպեց իրեն, շունչը պահեց,
Ժպտալով ապա Դավթին նայեց,
«Նե՛րս արի»— ասաց— «Դավիթ ջահել,
Նստենք միասին, մարդավայել
Խոսք-զրույց անենք, ապա կրկին
Ելնենք միասին, կարգով կարգին
Ձի-նժույգ նստած, զրահ առած՝
Մեր ուժը փորձենք զորքի առաջ»։
Օ՜, մանուկ Դավիթ դու միամիտ,
Առյուծ-Մհերի որդի՛ ռամիկ,
Քո գլխում ինչքա՛ն խաղա քամի,—
Ահեղ փորձության, մահու ժամին
Որքա՛ն հավատաս անգետ կամիվ1
Ամե՛ն մի ոսոխ ու թշնամի
Մսրամելիքի ու Օհանի...
Ահա Մելիքը, արքան այն նեռ,
Քեզ նենգ ժպիտով կանչում է ներս,
Որ դավով խարդախ ու արնանենգ,
Քեզանից, Դավի՛թ, իր ոխն հանե։—
Եվ ռամիկ Դավիթն, արդար ու մեղմ,
Հավատաց չարին ու մտավ ներս,
Եվ ընկավ, խաբված դավով այն նենգ,
Մելիքի փորած անդունդի մեջ...

ԻԷ

Ընկավ մեր Դավիթն անդունդի մեջ,
Շուրջը— մթություն, ու մուժ, ու մեգ,
Իսկ վերից Մելիքը արնանենգ,

----------------------------------------

1 կամիվ — կամքով:

[ էջ 402 ]

Սարսելով ահից իր խելագար,
Քաշեց մի հսկա, վիթխարի քար։—
Դավիթը մնաց փոսում խավար,
Անպաշտպան, մենակ, իսկ դուրսը չար
Մսրամելիքը, արքան դաժան,
Քրքջում էր ահեղ ու ժանտաժանտ։—
Եվ Սասմա վրա իջավ այնժամ
Խորշակ դառնաղետ, մահ տարաժամ։—
Եվ Դավիթն, ընկած խավարում քար,
Օգնության կանչեց երկար, երկար,
Եվ զուր է ասում զրույցը հար,
Թե պարուն այդ սև, այդ ժամին չար.
Օգնության եկավ խորհուրդով վառ
Ձենով-Օհանը, իշխանն այն մառ։—
Նա չեկավ, Ձենով իշխանն հայոց.
Սև սրտում՝ սարսափ ու ահ մահու՝
Նա Մելիքին էր նվաստ նայում
Եվ ժողովրդին հրամայում—
Հավաքեն, տանեն նրա համար
Քառասուն կաղ կին՝ կորեկ աղան,
Քառասուն այլ կին, որ ուղտ բառնան,
Քառասուն աղջիկ՝ նման գարնան՝
Գնան՝ Մելիքին վարձակ դառնան։—
Հավաքեց ապա ահով անսանձ
Օհանը ամբավ ոսկի ու գանձ,
Մսրամելիքի մոտը գնաց,
Թախանձեց, խնդրեց վիզը ծռած,
Որ գերի գրի հավիտյան-հար
Երկիրը Սասմա և դարեդար
Թե՛ իր և թե ո՛ղջ Մսրա համար
Գա, ոսկի տանի, անհատնում հարկ։—
Մելիքը լսեց, չարկամ խնդաց,
Մռընչաց— ձայնից հողը թնդաց,
Արձակեց ապա հրաման գոռ,
Որ ժողովուրդը Սասմա ամբողջ,
Հավաքի, բառնա հարկը փրկիչ
Եվ գերի գնա Մսրա երկիր։—

[ էջ 403 ]

Ձենով-Օհանը լսեց, գնաց
Եվ, ժողովրդին՝ ահից կորած՝
Հայտնեց Մելիքի հրամանն այս։—
Եվ սուգ բարձրացավ, տրտունջ ու լաց
Աշխարհում հայոց,— և որբացած
Սասմա աշխարհի ձայնը գնաց,
Հասավ ականջին Դավթի դյուցազն,
Որ խավար ու խուլ հորում կորած
Ժայթքում էր աչքից կրակ ու կայծ։—
Սթափվեց, հիշեց Դավիթն այնժամ
Առյուծ-Մհերի փառքը պայծառ,
Հիշեց կայծակե սուրը հրցայտ,
Հավաքեց ամբողջ իր ուժն անծայր,
Խփեց-շողշողաց սուրը կայծակ—
Եվ քարը կտրեց— միջով անցավ...

ԻԸ

Դուրս եկավ հորից Դավիթն այնժամ,
«Ո՛վ Մելիք»— կանչեց— «Արքա՛ դաժան,
Ելել եմ, բերել քեզ մահու ժա՛մ»։
Կանչեց նա ապա ձայնով ահեղ.
«Ե՛լ, հանդես արի՛, ո՛վ արքա նենգ,
Ձի՛ նստիր, կապի՛ր զրահ ու զենք,
Որ վերջին անգամ դեմ-հանդեպ մենք,
Ո՜վ Մելիք, մահու կռիվ անենք»։
Դեմ ելավ դաժան արքան նրան,
Ժպտաց շողոքորթ, նայեց վրան,
Զենքերին նայեց այն հուրհուրան,
Նժույգին նայեց նրա կրակ,
«Ե՛կ, նստի՛ր»— ասաց ժպիտով նենգ,
«Ե՛կ, նստի՛ր, սիրով զրույց անենք,
Թե կամիս հետո՝ առած թուր-տեգ,
Ո՜վ Դավիթ, մահու կռիվ անենք»։
«Ո՛չ»— պատասխանեց Դավիթը մեր.
«Սասունցի Դավթին չե՛ս խաբի էլ.
Ե՛լ, Մսրամելիք, զենքերդ բե՛ր,

[ էջ 404 ]

Կանգնի՛ր անխարդախ ու անվեհեր,—
Քեզ մահ եմ բերել, ո՜վ արքա նեռ:
Բարձրացավ Մելիքն իր տեղից վեր,
Զրահներ հագավ, առավ զենքեր,
Ձի-նժույգ նստեց և կանգնեց մեր
Դավիթի հանդեպ, ինչպես մի լեռ։—
«Դավի՛թ»— բարբառեց Մելիքը նեռ,—
«Ո՞ւմն է առաջին հարվածն արդյոք»:
«Քո՛նն է»— դյուցազուն Դավիթը մեր
Պատասխան տվեց այն նեռ-մարդուն։—

ԻԹ

Եվ կանգնեց Դավիթը նրա դեմ
Անսասան, անահ, դեմքով վսեմ,
Հայացքով պայծառ, ժպիտով սեգ,
Բոցավառ, ինչպես պայծառ արեգ։
Մսրամելիքը իր ձին քշեց,
Հեռացավ, եկավ, և ապա շեղ
Հարվածով դժնի, թափով ուժեղ
Հարվածեց Դավթին, որ նրա սեգ,
Բարձրաբերձ կուրծքը միջից կիսե։—
Երբ զարկեց Մելիքն հարվածն ուժեղ,
«Հո՛ղ դարձավ Դավիթ»— դարձավ ասեց.
«Այստե՛ղ եմ»— կանչեց Դավիթը սեգ,
Եվ ահով լցվեց Մելիքը սև։—
Նա երկրորդ անգամ իր ձին քշեց,
Եկավ, հարվածեց հարվածով շեղ.
«Հո՜ղ դարձավ Դավիթ»— էլի ասեց,—
«Այստե՜ղ եմ»— կանչեց Դավիթը սեգ։—
Եվ երրորդ անգամ իր ձին քշեց
Մսրամելիքը, արքան այն սև,
Եկավ, հարվածեց գուրզով ուժեղ.
«Այս անգամ մեռա՛վ Դավիթն»— ասեց.
«Այստե՛ղ եմ»— կանչեց Դավիթը սեգ.
«Կանգնիր, ո՛վ Մելիք, ո՛վ արքա սև,—
Ե՛ս պիտի հիմա իմ ձին քշեմ»։

[ էջ 405 ]

Երբ կանգնեց Մելիքը նրա դեմ,
«Դավի՛թ» — բարբառեց— «Ռամի՛կ զորեղ,
Թո՛ղ, մանուկ Դավիթ, խոր հոր փորեմ,
Մտնեմ նրա մեջ, գլխիս քաշեմ
Քառասուն կաշի, քառասուն քար—
Եվ ապա՛ արի, քո զարկը զարկ»։
«Լա՛վ»—ասաց Դավիթն արքային չար.
«Թող փորեն խոր հոր, քաշեն թող քար,—
Չի՛ փրկի, Մելի՛ք, քեզ ո՛չ մի ճար
Սասունցի Դավթի զարկից արդար»։

Լ

Բերին, փորեցին մի հոր խավար
Մսրամելիքի, նեռի համար.
Եվ մտավ Մելիքը դողահար
Իր համար փորած հորը խավար,
Եվ բերին ապա, քաշեցին մառ
Քառասուն կաշի, քառասուն քար։
Եվ քշեց Դավիթն ապա իր ձին,
Որ խփի հարվածն իր առաջին,
Մոտ վազեց սակայն մի պառավ կին,
Մսրամելիքի մայրն էր՝ հագին
Մսրա զգեստներ՝ մետաքս անգին.
Եկավ, փաթաթվեց Դավթի ոտքին.
«Ի՛նձ բաշխիր» — ասաց — «Զարկդ առաջին»։
«Լա՛վ» — ասաց Դավիթը պառավին.
«Ես քե՛զ եմ բաշխում զարկս առաջին»։
Եվ երկրորդ անգամ քշեց իր ձին
Դավիթն շտապով, սակայն կրկին
Եկավ, փաթաթվեց նրա ոտքին
Մի ուրիշ — տարեց, գեղեցիկ կին.
Մսրամելիքի քույրն էր՝ հագին
Զգեստներ չքնաղ ու թանկագին.
Եկավ փաթաթվեց Դավթի ոտքին.
«Դավի՛թ» — բարբառեց— «Դյուցա՛զն անգին,
Ի՛նձ բաշխիր երկրորդ զարկդ կրկին»։

[ էջ 406 ]

«Լա՛վ» — ասաց Դավիթն— «Ո՛վ չքնաղ կին,
Քե՛զ եմ շնորհում զարկս կրկին»։
Եվ երրորդ անգամ իր ձին քշեց,
Ոչ-ոքի խնդիրք էլ չլսեց,
Առյուծ-Մհերի անունն հիշեց,
Եկավ, կայծակե սուրը խփեց,
Զարկեց հարվածով, զարկով վսեմ—
Քառասուն կաշին միջից կիսեց։—
Կտրեց քառասուն կարծր կաշին,
Քարերը կտրեց ջրաղացի,
Ճայթեց խորությամբ մի անհաշիվ,—
Դեմքն արեգական բռնեց ւիոշին։
Երբ փոշին մի քիչ բարձրացավ վեր—
«Այստե՛ղ եմ»— կանչեց Մելիքը նեռ.
«Սասունցի՛ Դավիթ, չե՛մ մեռել դեռ»։
Զարմացավ Դավիթն, ապա ասեց.
«Ո՛վ Մսրամելիք, թա՛փ տուր դու քեզ»։
Մելիքը նրա ձայնը լսեց,
Թափ տվեց իրեն, արյունն հոսեց,
Մեջտեղից եղավ նա երկու կես,—
Անցավ, խորտակվեց Մելիքն այսպես...

ԼԱ

Այսպես է ասում զրույցը մեզ,
Սասունցի Դավթի զրույցն արդար,
Ասում է ապա զրույցն այդ վառ,
Որ մեռավ այսպես երբ նեռը չար—
Դավիթը նրա զորքին դիմեց.
«Գնացե՛ք» — ասաց— «Ձեր երկրռւմ կեզ
Ապրեցեք ազատ, ապրուստով վես,
Եվ հանգիստ թողեք մեր տունն ու մեզ»։
Ասում է ապա զրույցը մեզ,
Որ Դավիթն հետո դաշտից քշեց
Ձենով-Օհանին, իշխանին նենգ,
Հավաքեց ապա զրահ ու զենք,
Եվ դարձավ ռամիկ երկիրն ուժեղ,

[ էջ 407 ]

Եվ հնչեց կրկին ամենուրեք
Սասմա լեռներում ծիծաղ ու երգ...
Ասում է ապա զրույցը մեզ,
Որ Սասմա երկրում տիրեց այսպես
Կյանք զարմանալի, արդար ու վես,
Մինչև մահացավ Դավիթն հրկեզ
Եվ ժառանգ թողեց երկրի վրա
Մհերին՝ որդուն իր հուրհուրան,
Բայց դժնի ուժեր տարան նրան,
Փակեցին Սասմա անհուն լեռան
Քարայրում մթին, որ այնտեղ նա
Հավիտյան, ընդմիշտ գերված մնա...
— Օ՜, դյուցազն Մհեր, ռամիկ դու ա՛յր,
Առյուծ-Մհերի շավի՛ղ պայծառ,
Դյուցազո՛ւն վերջին, ռազմի՛կ արդար,
Ձե՛ռք ժողովրդի ստեղծարար,—
Ուժեր կործանիչ, և՛ մութ, և՛ չար
Քարայրում այն մութ, միգում խավար
Փակեցին ահով քո դեմքը վառ,
Եվ գալիք քենից սարսափահար՝
Հայտարարեցին քեզ նեռ ու չար,
Որ չելնես մի օր՝ նրանց համար
Չբերես անկում, ու մուժ, ու մահ...

ԼԲ

Հուշ դարձավ այսպես, կյանքից գնաց
Սասունցի Դավթի զարմը դյուցազն,
Եվ տիրեց անհուն աղետ ու լաց
Լեռներին Սասմա, աշխարհին բարձր,
Եվ ժողովրդին ռամիկ ու պարզ։—
Հուշ դարձավ այսպես, դարձավ երազ
Առյուծ-Մհերի զարմը զորեղ,
Եվ դարեր ապա ու տարիներ
Լեռներում Սասմա, աշխարհում մեր,
Որ ոչ մի դյուցազն էլ չսերեց—
Ձենով-Օհանի զարմը տիրեց...

[ էջ 408 ]

Տիրեց Օհանի սերունդը մառ
Բազում տարիներ,— ու դարեդար
Հայրենի երկրում ժլատ ու չար,
Անդուլ կեղեքող — ձեռքով շռայլ
Ցրե՜ց մեր երկրի գանձը անծայր
Եվ ինքնությունը մեր ոսկեսար։—
Եվ եկան ապա ու շարեշար
Տիրեցին երկրին իշխաններ չար,
Տերեր հայրենի ու զանազան,
Ազատանիներ1՝ վարքով գազան,
Եվ նեռ-արքաներ հազարհազար։
Եվ ժողովրդի գլխին ազատ,
Իբրև հովանի մի սրբազան,
Կախվեց տերերի ժանիքը ժանտ—
Ե՛վ խարույկ, և՛ խաչ, և՛ խարազան2...
Այսպես Օհանի սերունդը մառ
Տիրեց աշխարհում երկա՛ր, երկա՛ր,
Մինչև օրն եկավ — և դեմքով վառ
Ելավ քարայրից Մհերն արդար,
Եվ բերեց զարմին Օհանի չար
Անկում վերջնական և մահ անճառ։—
Օ՜, անմահ Մհեր, քանի՜ դու դար
Պիտի մնայիր այրում խավար,
Մինչև աշխարհում քո օրը գար
Եվ ելնեիր դու արևավառ —
Համա՛յն աշխարհի զարմերին չար
Բերելու անկում և մահ արդար: —

ԼԳ

Եվ մենք աշխարհում հավիտյան-հար,
Որքան վերհիշենք զրույցն այս վառ,

------------------------------------

1 ազատանի պատմ. ազատներ, ազնվականներ, ազատների դասակարգ, ազնվական:
2 խարազան — կաշեփոկերից կամ ձարից (ձիու բաշի ու պոչի մազ) հյուսած երկար ու հաստ մտրակ՝ խոշոր եղջերավոր անասուններին վարելու համար. փխբ. պատիժ, պատժիչ, պատիժը գործադրող, փխբ. ճնշում, կեղեքում, հալածանք:

[ էջ 409 ]

Սասունցի Դավթի զրույցն արդար,—
Սերունդե-սերունդ ու դարեդար—
Դառնանք — բարբառենք նզովք մենք նախ
Մսրամելիքին, թագավորի՛ն,—
Դառնանք — բարբառենք նզովք ապա
Ձենով-Օհանին, իշխանին նե՛նգ,
Դառնանք — բարբառենք նզովք ապա
Ա՛յլ իշխաններին բոլոր այն մեր,
Որ բերին մեզ մահ, ու մո՛ւժ, ու նե՛ռ։—

Փա՜ռք փառաբանենք ապա մենք մեր
Առյուծ-Մհերին, դյուցազնին քա՛ջ,
Դավիթին՝ նրա որդուն դյուցազն,
Մհերին՝ նրա որդուն անմահ,—
Ո՛ղջ ժողովրդին ապա Սասմա,
Որ լուրթ լեռներում մի օր բազմած
Հորինեց պայծառ զրույցը այս —
Եվ անցավ անհետ, դարձավ երազ...

 

ԴԵՊԻ ԼՅԱՌԸ ՄԱՍԻՍ


Ակսել Բակունցին, պայծառ բարեկամիս

 

Նա դուրս եկավ տնից առավոտվա ծեգին,
Իր ետևից կամաց դուռը փակեց,
Վերջին անգամ նայեց իր տնակին —
Եվ քայլերը ուղղեց դեպի բաղերը։ —
Ցուրտ էր։ — Արևը դեռ հորիզոնից
Նոր էր փռել աղջամուղջը վաղընջական,
Եվ վաղ առավոտի ծիրանեգույն ֆոնին
Հեռվում երևում Էր Մասիսը՝ կապույտ շղարշ հագած...
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

[ էջ 410 ]

Գիշերը չէր քնել։ — Քրքրել էր թղթերը,
Երկար թերթել թերթերը բազմաթիվ,—
Օրագրեր, գրքեր, ձեռագրեր,
Գրություններ՝ մնացած դեռ Դորպատից։
Կյանքի նման իր բարդ, խառնիխուռը, լիքը,
Իր խոհերի նման բազմապիսի,
Խոհեր՝ ուղղած դեպի սերունդները գալիք,
Ծրագիրներ՝ կիսատ, կամ սկսված հազիվ,—
Ո՞ւմ էր թողնում բոլորը, ո՞ր սիրեցյալ սանին,
Որպեսզի վաղը նա այդ թերթերից
Գուրգուրանքով հաներ իր խոսքը կենդանի
Եվ խնամքով հանձներ տպագրյալ գրին...
Եվ նամակնե՜ր ապա... Այդ թերթերը դեղին,
Ծածկած հաճախ գրով գոթական —
Այդ չէ՞ր միթե հախուռն իր օրերի ուղին,
Իր խոհերի, գործի ու տքնաջան
Մաքառումի՝ ընդդեմ իր գոյության չարքաշ...
Օ՜, անպտուղ վաստակ ու տքնություն երկար,
Գոսն օրերում — ոգու հոգնություն ե՛ղկ1,—
Անտեսանելի գալիք ու կապարե ներկա,
Անհորիզոն կյանքի կապարե ե՛րգ...
Գիշերը երկար նա նստած
Քրքրել էր իր հին նամակները բազում —
Մոռացության փոշին էր նրանց վրա նստած,
Եվ թվում էր՝ հեռու մի երազում
Նա տեսնում է կրկին իր օրերը,
Հորձանուտը նրանց անօրինակ —
Այդ դեղնավուն թերթերը, այդ զանազան գրերը՝
Ի՜նչ ըղձերով արդյոք հորինած...
Նամակների դեզում կային խստաբարո
Գրություններ՝ շեշտով խրատական,
Ինչ-որ ուրիշ կյանքի ընթացք բարբառող, —
Գրություններ կային, որոնք, սակայն,
Նշում էին նրան ուղի նվաստ,
Գծում դժնի ընթացք ասիացու,

-----------------------------------

1 եղկ — գաղջ, գոլ, եղկելի, բնստ. խղճուկ, թշվառ, ողորմելի:

[ էջ 411 ]

Եվ հորդորում էին քայլով զգաստ
Ընթանալ կամոքն աստուծո՝
Խոնարհության շավղով, առաքինությա՛ն,
Դարերով սրբագործյալ հեզության,
Որ ժողովուրդը լինի, ինչպես հնում —
Չարքաշ, աստվածավախ ու արդար։ —
Սակայն նամակների դեղին դեզերում,
Ծալքերում նրանց փոշաբույր
Հանկարծ աչքին ընկավ մի գրություն գերող՝
Մի փոքրիկ թերթ կապույտ —
Ինչպես ցողն է լինում ծաղիկների վրա՝
Թափանցիկ, վաղընջական ու գերող —
Այդ թերթիկը կապույտ ալեկոծեց նրան
Հուշերով՝ չճաշակած մի քաղցրություն բուրող...
Հիշեց։ — Ե՞րբ էր արդյոք։— Դեռ ինքը՝ երիտասարդ՝
Լցված երազներով ու հույզերով,
Երևանից մինչև այն եզերքը հասած՝
Բռընկվեց անկարելի մի սիրով...
Մռայլ հեռուներից եկած մի աբեղա,
Ընտելացած խոհեմ երազի ու կյանքի—
Զգեցած1 սուրբ վարքի խստաբարո ուրար2
Դեմ հանդիման եկավ այդ տենչանքին անգին...
Եվ հանկարծ — այնքա՛ն պայծառ,
Կարծես այսօր լիներ, հենց հիմա —
Պատկերացավ նրան այդ անցյալը
Մի տեսիլի նման։ —
Կանգնեց իր դեմ աղջիկը.— ոսկե գիսակներով,
Աչքերով, որպես երկնակամար,
Աստվածածնի նման պսակավոր,—
Ի՜նչ մեղսական ու հույլ տենչանքների համար
Բուսած, ինչպես ծաղիկ, անուշ ու անգրկելի...
Երիտասարդ էր. կուրծքը հեշտանքով լի,
Բարակ մատներն ինչպես սիրո տավիղ. —

----------------------------------------

1 զգենալ, զգենուլ հնց. բնստ. հագնել, հագնվել:
2 ուրար — եկեղեցում սպասավորելիս սարկավագի ձախ ուսին գցվող լայն ժապավենաձև կտորը, հնց. տղամարդկանց համար որպես գոտի կամ կանանց համար որպես գլխաշոր գործածվող կտոր:

[ էջ 412 ]

Մորմոքում էր իր սիրտը անհուն ցավից,
Երբ դիտում էր պատկերն այդ մեղսալի...
Այդ ե՞րբ էր. երե՞կ էր, թե տարինե՜ր,
Տասնամյակնե՛ր առաջ... Եվ ե՞րբ անցավ...
Ժամանակը հետո փոշոտ պատնեշ հինեց —
Եվ ինքը ամբո՛ղջը մոռացավ։ —
Եվ ի՞նչ մնաց։ — Այս թերթը ոսկերիզ,
Այս թերթիկը կապույտ, ինչպես անուրջը,
Ուր գրում է նա իր հրաժեշտի խոսքերը,
Այն ոսկեծամ աղջիկը — Շարլոտտա Շույլցը։—
Մի բաց կապույտ թերթիկ, վերևը զարդարած
Սուվենիրով խրթին ու մանրանկար,
Եվ գոթական սուրսայր նշաններով գրած
Ոտանավոր մի խեղճ ու անքանքար...
Ահավասի՛կ ամբողջը։ — Երկա՛ր, երկա՛ր նայեց
Սուվենիրին նա նուրբ ու գրերին,
Ուզեց ճմլել այդ թերթը, ինչ-որ մի տեղ պահել,
Կամ պատառոտել նվերը,—
Սակայն թողեց, թաղեց թերթերում ա՛յլ,
Կամքի վերջին ճիգով քերեց խոհերից,
Եվ սկսեց թերթել զգաստությամբ մռայլ
Մյուս թերթերը հին։—
Եվ հետո, արդեն լուսադեմին,
Երբ մոտենում էր տնից հեռանալու ժամը —
Նա գզրոցից հանեց տետրակ մի հին,
Որ նայի նրան մի անգա՛մ էլ։
Երկա՛ր, երկա՛ր նայեց նա տետրակին,
Հիշեց հանկարծ իր հորը, Երևանի բերդը,
Մորը հիշեց՝ պարթև ու արխալուղ1 հագին, —
Եվ սկսեց թերթել...
Նախ թերթում էր այնպես, աննպատակ,
Հետո աչքին ընկավ մի բայաթի2,

------------------------------------

1 արխալուղհնց. տղամարդկանց և կանանց՝ մինչև ծնկները հասնող հագուստ:
2 բայաթի — արևելյան երաժշտության տխուր եղանակ, այստեղ դրա տեքստը:

[ էջ 413 ]

Սկսեց կարդալ մի հատված,
Հետո խորասուզվեց — և մինչև առավոտի
Շողն առաջին ընկավ սենյակից ներս —
Նա կարդում էր, կարդում էր, մոռացած, որ պիտի
Շուտով թողնի ամբողջը և ելնի վեր...
Երկա՛ր, երկա՛ր կարդաց։— Մի երկու տեղ
Նկատեց փոքրիկ վրիպումներ
Եվ մատիտով ուղղեց։— Հետո թեթև
Այլ ուղղումներ արավ,— սակայն անվերջ
Գիտակցության տակից, իր էության
Մութ խորքերից, ուր միտքը վախենում էր թափանցել —
Տագնապալից աճում էր ահանման մի բան՝
Կասկածի պես անորոշ ու անձև...
Արդեն մոտենում էր առավոտը և նա պիտի գնար,
Սակայն կարդում էր դեռ,— և հանկարծ
Տագնապալից այն միտքը անհնար
Բարձրացավ, ցցվեց ուղեղում՝ զարմանալի ուռուցիկ ու պայծառ։—
Ի՞նչ է ասում այդ գիրքը և ի՞նչ է բարբառում.
Զուր չէ՞ արդյոք վատնել անհատնելի իր ձիրքը.
Եվ չի՞ արդյոք եղել իր ողջունած հեռուն
Մի թիարան1 վատթար,— և այդ գիրքը՝
Իր արյունով, սրտի յուրաքանչյուր նյարդով,
Իր վերջին ճիգով հորինած —
Չէ՞ արդյոք խեղճության ու սխալի արդյունք՝
Սերունդների երթին ի վնաս...
Վաղո՜ւց են չարաշուք այդ խոհերը խոցել
Անօգնական իր սիրտը,— սակայն ամեն անգամ
Հենց որ հանել է գիրքը և կարդացել —
Ինչ-որ անհուն մի բան,

----------------------------

1 թիարանպատմ. տաժանակիր աշխատանքի վայր, ուր ուղարկվում էին թիապարտները, փխբ. տեղ, վայր, որտեղ կյանքը շատ ծանր՝ անտանելի է. դժոխային վայր, դժոխք:

[ էջ 414 ]

Զարմանալի մի բան՝ կարոտի
Ու թովչության նման անհասկանալի—
Ողողել է իր սիրտը և կոկորդում
Իբրև արցունք՝ հորդել... Օ՜, անձկալի
Ժամեր միայնությա՛ն, ընդվզո՛ւմի, խոհի՛,
Ոգու ըմբոստության ու կորովի, —
Ստեղծագործ մտքի թռի՛չք ամեհի՝
Ճգնության պես անձուկ1 ու թովիչ...
Եվ հայրենի բարբառը՝ որոտաձայն, հախուռն,
Ոգու անեղծ հրով սրբագործած,—
Եվ խորախոց խոհերը տարիներում անդուռ —
Սիթե սո՞ւտ է բոլորը և փորձա՞նք...
Միթե մուխ է բոլորը, ոգու սայթաքո՞ւմ,—
Եվ ամենը, որ եղել է կյանքում
Իր երազանքը սուրբ, իր ըղձանքը թաքուն —
Անիմա՞ստ է եղել, ինչպես հորձանքով,
Գոսն օրերի դժնի հորձանուտով տարված
Թղթե չնչին նավակ կամ տաշեղ, —
Եվ իր կյանքը ամբողջ եղել է սին մի հարց՝
Աննպատակ ուղղած և ամպաշեն...
Բայց ո՛չ. ի՞նչ էլ լինի — այնուամենայնիվ
Հո չի՞ ստում կարկաչն այս բարբառի,
Այս երգեցիկ գրքի երգանման ձայնը,
Որ դիպչելով կյանքի հազարամյա քարին՝
Պիտի ճեղքե այդ քարը, այդ ժայռակուռ պարիսպը,
Պիտի բանա թեկուզ փոքրիկ կածան,
Որ դպրությունն անցնի ու հորդանա, ինչպես
Զինջ առուն է անցնում ջրանցքներով բացած։ —
Ո՛չ. չի՛ ստում բարբառը. — ահավասի՛կ գարնան
Հեղեղների նման որոտում է իր դեմ, —
Եվ նա կարդում է հափշտակված, կարդում է բարձրաձայն,
Իսկ դուրսը,— առավոտ է արդեն։—
Իսկ եթե չի՛ ստում այն կասկածը
Եվ ստում է այս գիրքը...— Նա

--------------------------------------------

1 անձուկ — սրտնեղություն, սուղ, սահմանափակ, անբավարար, նեղ, նեղվածք:

[ էջ 415 ]

Տագնապասիրտ՝ գրքի նախաբանը բացեց,
Մի-երկու տող կարդաց— և գազազած
Պատրաստվում էր արդեն շպրտել գիրքը դեն,—
Երբ աչքերի հանդեպ ահասաստ
Հառնեց, կանգնեց հանկարծ մի բարի դեմք...
Այդ նա՛ էր — ուսուցիչը։ — Դեմքով բարի,
Ե՛վ հարազատ, և՛ սառը, խստաբարո,
Բարեկամի նման մտերիմ,
Ե՛վ անհողդողդ, և՛ մեղմ, և՛ անսահման ներող —
Նայեց նրան մի պահ, աչքերը սևեռեց
Նրա հոգու խորքը — և մարմարի պես նուրբ
Ձեռքը եղբայրաբար գրքի վրա դրեց
Եվ մրմնջաց հանգիստ.— Թո՛ղ, Խաչատո՛ւր։—
Այնքան քնքո՛ւշ էր ձայնը — և, միևնույն պահին,
Ահասաստ էր, ինչպես մահվան պատգամ,—
Եվ նա հիշեց հանկարծ.— այն ցուրտ ճանապարհին
Դեպի լյառը Մասիս — մի անգամ
Այդ միևնո՛ւյն ձայնով նա՝ ուսուցիչը՝
Զսպեց իրեն, երբ ինքը մի գյուղացու
Ուզում էր սառցապատ ճանապարհից գցել,
Որովհետև այդ բութ գյուղացին
Համոզել էր, թե ինքը գիտե ճանապարհը,
Բայց հասցրել էր իրենց անդունդի, —
Եվ այժմ, նո՛ւյն ձայնով, նա հորդորում էր հար
Անդավաճան մնալ իր ուխտին։ —
Եվ նա մնաց։ — Հապճեպ մի շարժումով
Գիրքը ծալեց, դրեց արկղում ավանդական,
Հետո հավաքեց նամակները ու մի
Դառն հայացքով — երկա՛ր, վերջի՛ն անգամ
Դիտեց թղթերը, արկղը, պատերը սենյակի,
Արկղը փակեց, հագավ վերարկուն,
Գլխարկը դրեց կռնատակին —
Եվ ելավ դուրս։ —
Առավոտ էր արդեն։ — Այգիների վրա
Արդեն փռել էր իր լույսը ծիրանեգույն
Արարատյան արևը— և հուրհուրան
Առավոտվա միգում

[ էջ 416 ]

Հեռուն, հորիզոնի վաղընջական ծիրում
Արթնանում էր Մասիսը վեհափառ,
Որպես լուսե ցնորք, որպես հեռու
Բարեկամ անդավաճան, կամ եղբայր։
Գիշերը չէր քնել։— Հոգնած էր, վաստակած,
Խոհերը խառնիխուռը և վրդովյալ,—
Հոգնած էր ու տխուր,— երբ դուրս եկավ սակայն —
Առավոտվա վեհությամբ թովված՝
Զգաց հանկարծ իրեն այնքա՛ն թեթև,
Եվ այնքա՛ն, այնքա՛ն թարմացած,
Որ ամե՛նը, ամե՛նը, որ մնում էր ետևը,
Իբրև ցնորք անցած —
Թվաց անգին ու քաղցր, հեռու ու անիրական,
Սրբագործված, ինչպես ոսկեղեն հուշ—
Եվ նա քայլեց հաստատ, քայլով սովորական,
Ինչպես գնում են գործի, որ կարևոր է հույժ։
Դեմը — դաշտն էր անծայր, իսկ հեռվում Մասիսը,
Լյառն այն վսեմ, որի ճանապարհով մի օր
Բարձրացել էր ինքը և սառցանիստ
Գեղեցկությամբ գերվել։ — Եվ այժմ, մենավոր
Նա գնում էր կրկին դեպի հեռուն այն լուրթ,
Դեպի լյառը անհաս ու վեհանիստ,—
Դեպի գագաթը բարձր, որ իր ժողովուրդը
Համարել է հավետ իր գոյության խորհուրդը,—
Որ ճաշակե այնտեղ հավերժական հանգիստ...

 

ԳՈՎՔ ԽԱՂՈՂԻ, ԳԻՆՈՒ ԵՎ ԳԵՂԵՑԻԿ ԴՊՐՈՒԹՅԱՆ

 

Ա

Օրերում այս ջերմ ու հողմածեծ,
Երբ շառաչում են բանակներ մեծ,
Երբ Արարատից մինչ բարձրաբերձ
Հիմալայները այն երկնահեծ

[ էջ 417 ]

Ելած պայքարի՝ շաչում են, տե՛ս,
Դասակարգերի զորքերն հրկեզ,—
Ոգևորությամբ պայծառատես
Երգում եմ ահա այս գովքը ես։

Բ

Երգում եմ ահա այս գովքը ես
Մեր օրերում այս բազմաշառաչ,
Երբ բազմություններ հողմահալած
Մղում են պայքար մի լուսագես1.—
Մղում են այնտեղ մի պայքար մեծ
Ընդդեմ դասերի կործանարար,
Դասերի այն սև, որ երկրում մեր
Սրբեց մրրիկը այն փրկարար։—

Գ

Օ՜, Հոկտեմբե՛ր դու ազատարար,
Որ ջրերի պես ելած հորդուն՝
Կյանքի լորձունքը քշեցիր դուրս
Եվ բերիր մեզ կյանք մի անարատ,—
Եվ բերիր մեզ կյանք մի լուսառատ,
Որով հրկիզված՝ ահա անդուլ
Ե՛վ պայքարում ենք, և՛ հար կերտում
Օր բեղմնավորվող և օր խնդուն։

Դ

Դեռ պայքարներ կան մեր դեմ անդուլ,
Դեռ փոթորիկներ մեծադժվար,
Սակայն արևը այսօրվա վառ
Էլ չի հանդգնի բերելու վար
Երկնակամարից մեր խնդավառ

---------------------------

1 լուսագես — լուսավոր, փխբ. լուսեղեն՝ պանծալի ձգտումներ՝ նպատակներ ունեցող:

[ էջ 418 ]

Եվ ո՛չ մի ոսոխ ձեռքերով չար։—
Օ՜, ընդունակ ենք պահելու հար
Մենք մեր արևը արևափայլ։

Ե

Այն մենք վառել ենք մեր գլխին հար
Ձեռքերով մեր ձիգ ու ջլապինդ,
Պայքարներով ենք վառել դժվար
Եվ գրողներով մեծաշռինդ։
Այսօր վառում է նա արդեն խինդ
Եվ մեր աշխարհում անծայրածիր
Փռում է հունձքի գանձեր անծիր՝
Ե՛վ արվեստ, և՛ երգ, և՛ բերք, և՛ միրգ...

Զ

Ահա՛ թե ինչու,— թեկուզ այնտեղ,
Մեր անծայրածիր աշխարհից դուրս,
Դեռ չի երևում հորիզոն լուրթ,
Այլ ամպեր են բիրտ կուտակվում մութ,—
Ահա՛ թե ինչու, թեկուզ մենք մեծ
Պայքարներ ունենք դեռ հեռակա —
Հավատով անբիծ, անապական1
Ես կյանքի գովքն եմ երգում ահա։—

Է

Երգում եմ ահա այս գովքը ես
Խաղողի մեր բորբ ու լուսատեսք,
Մեր գինու՝ պայծառ ու հրակեզ,
Մեր արվեստների մեծահանդես։
Եվ դպրությո՛ւնն եմ մեր երգում ես,
Գեղեցկությունը դպրության վես,
Որ օրերում այս պարգևե մեզ
Հույզեր հրահուր և մրգեր կե՛զ։

-------------------------------------

1 անապական — չապականված, անաղարտ, անբիծ, ազնիվ:

[ էջ 419 ]

Ը

Անհուն հավատքով դիմում եմ քեզ,
Հանճար ճորտերի, արև՛ հրկեզ,
Որ շառաչելով մղում ես մեզ
Դեպի ապագա մի այգամեծ1։
Դիմում եմ, որ ինձ առաջնորդես
Խոհերում իմ այս այնպես, ինչպես
Մեր կյանքի բոլոր հերկերում մեզ
Առաջնորդում ես քո մտքով թեժ։

Թ

Չի՛ առաջնորդում այլևս մեզ՝
Երգասաններիս, այն լուսերես
Երգի դիցուհին, որ անմարմին
Իջնում էր առաջ, դարերում հին,
Ոգի էր տալիս այրերին հին,
Հանճար էր տալիս այրերին հին,
Ու մղում էր այդ այրերին հին
Դեպի կյանք վսեմ ու երկնային։

Ժ

Օ՜, հելլենական դարեր վսեմ,
Երբ մարդկությունն իր խանձարուրում
Դեռ երգերո՛վ էր դիտում, խորհում,
Եվ երգերո՛վ էր տնկում բույսեր,
Եվ երգերով էր հերկում լուսե
Իր արոտները, և իր նսեմ
Ուղեղով դեռ նո՜ր փորձում էր սև
Կյանքի ընթացքը նախատեսել։

ԺԱ

Սակայն քերթողն է դեռ այն ասել,
Այն ոլիմպացին վերջին, թե երբ

-------------------------------------

1 այգամեծ — մեծ այգ ունեցող, երջանկաբեր:

[ էջ 420 ]

Կյանքում աճում է ամենուրեք
Ոգի գործարար, իմաստ զորեղ,—
Այլևս դու չե՛ս առաջնորդում,
Դիցուհի՛ երգի, այլ ինքդ՝ դու
Առաջնորդվում ես, գնում արթուն
Հետքերով Մտքի առաջնորդող։—

ԺԲ

Օ՜, փա՛ռք ուրեմն Առաջնորդին,
Մեր Ղեկավարին հրաքանքար,
Նրա հանճարին արևափայլ
Եվ բանակներին երկաթաքայլ։—
Դիմում եմ ես քեզ, օ՜, Ղեկավա՛ր,
Ոգի՛ հանճարեղ, հանճար անճառ,
Որ վառեցիր այս արևն անմար
Երկնակամարում մեր հողմահար։—

ԺԳ

Դիմում եմ ես քեղ, օ՜, ննջած հար,
Բայց հար կենդանի հանճար անմար,
Որ մղելու ես մեզ անդադար
Դեպի բարձունքներ արեգնափայլ։
Օգնի՛ր ինձ, ո՛ւժ տուր, օ, Ղեկավա՛ր,
Հյուսելու գովքս արևավառ,
Որ լինի գովքս թե՛ խոր, թե՛ հար
Քո բազմաբեղուն ոգուն հարմար։—

ԺԴ

Որքան կանգուն է աշխարքը քար,
Որքան փայլում է արևը վառ —
Եղել է խաղող, ողկույզ պայծառ,
Եվ գինի՝ մաքուր ու կենարար։
Եվ երգ է եղել աշխարհում հար,
Եղել է արվեստ ստեղծարար,

[ էջ 421 ]

Եվ դպրություն է եղել դժվար,
Ոգու տքնություն հանճարափայլ։

ԺԵ

Բայց չեմ գովերգում երգով իմ այս
Ես հին դարերի խաղողն այն սև,
Եվ հին դարերի գինին այն զեխ1,
Եվ հին դպրության հո՛ւնն այն դժվար։
Օ՜, տքնությո՛ւն դու դարերի ծեր,
Որ արքաների՛ն միայն լուսել,
Որ ճորտությո՛ւն ես սերմանել սև
Եվ սին դպրությամբ ոսկեզօծել։

ԺԶ

Օ՜, միջնադարյան մթին խուցե՛ր
Եվ վարդապետնե՛ր դեմքով մթին,
Որ դպրությունն եք ստեղծել հին,
Սևակող գրքեր՝ մտքերով սին,
Դժնաձայն տաղեր, ժանգով խրթին,
Աղոթքներ՝ ձոնված անեղծ կույսին,
Որ գեղջուկ մարդու գեղջուկ մտքին
Քաշեք պատնեշներ խավարածին։

ԺԷ

Օ՜, վեղարավոր դպիրներ հին,
Որ ճաշակել եք ողկույզն անգին,
Ճորտերի տնկած ողկույզն անգին,
Ճորտերի քամած արդար գինին —
Եվ ձեր խուցերում՝ ժանգով խրթին՝
Անեծքներ հղել գինուն, որթին,
Եվ ռամիկ, արդար ժողովրդին
Ժուժկալ2 ճորտություն քարոզել սին։—

-------------------------------------

1 զեխ — շվայտ, ցոփ:
2 ժուժկալ — տոկուն, դիմացկուն, համբերատար, զուսպ, ինքն իրեն զսպող. փխբ. ոչ պերճ, համեստ, աղքատիկ:

[ էջ 422 ]

ԺԸ

Օ՜, մռայլախոս դպիրներ սև՛, —
Դո՛ւ, Շնորհալի՛, և դո՛ւ, Նարե՛կ,
Դո՛ւք — մագաղաթյա ու հանճարեղ,
Դո՛ւք — զարհուրելի, ինչպես Դարեհ,
Դո՛ւք — պատան մտքի, դո՛ւք — անարև,
Որ սրտի համար դարե՜ր, դարե՜ր
Կերտել եք դագաղ — պատյան քարե,
Եվ ոգու համար — դժնյա տառեր։—

ԺԹ

Օ՜, միջնադարյան մռայլ արև՝
Կախված կապարե երկնքից մութ,
Միջերկրականից մինչև Տղմուտ
Երկի՛ր քարաշատ, հերկեր ջերմոտ,—
Եվ հրով կիզված մի ժողովուրդ՝
Կուռ դղյակների թե՛ բիրտ, թե՛ բութ
Բռնության ներքո՝ կեղեքված սուտ
Քարոզչությամբ այդ բազմահմուտ...

Ի

Գոռ դղյակներում նստած հարուստ
Ազատանիներ շվայտ ու ցոփ,
Զրահներ զարհուր ու արնացոլք —
Եվ ստրուկների վերջին հացով
Բարձրացած վանքե՛ր քանդակազօծ...
Վանքեր երկնահեց ու խոյացող՝
Մռայլ դպրության հեղձուկ բոցով
Ճորտերի հոգին ընդմիշտ խոցող...

ԻԱ

Ես չե՛մ գովերգում հանճարը ձեր,
Օ՜, ժանտաբարո1 դպիրներ ծե՛ր,

-----------------------------------------

1 ժանտաբարո — ժանտ բնավորություն, ժանտ վարքուբարք ունեցող, ժանտ — դաժան, անողոք, գութ՝ խիղճ չունեցող:

[ էջ 423 ]

Որ մառ բարբառով դպրության մութ
Կոփել եք ստրուկ մի ժողովուրդ,
Կերտել եք ձեռքով բազմահմուտ
Ոգու շղթաներ թե՛ բարդ, թե՛ բութ —
Եվ ձեր դպրության գրքերը սուտ
Հռչակել թե՛ վեհ, թե՛ լույս, թե՛ սուրբ։—

ԻԲ

Ձեր տքնությունը եղել է զուր,
Որքան էլ հմուտ ու հանճարեղ —
Ձեզ չի հաջողվել սակայն մարել
Ճորտ ժողովրդի բարբառը սուրբ...
Օ՜, ռամիկ մարդու արդար լեզուն
Հունով հայրենի, չնայած ձեր
Դժնի դպրության — դարե՛ր, դարե՛ր
Իր մաքրամաքուր ջուրն է տարել...

ԻԳ

Դո՛ւք — պալատական, դո՛ւք — արդարև
Դժնի դպրության կոթողներ սին,
Թշնամի կյանքի՛ն, սրտի՛ն, լույսին,
Հանուն սրբության անեղծ կույսի՝
Քերթողնե՛ր կրքի ու տռփության1,
Դուք չե՛ք այսօրվա մեր դպրության
Դարերից հորդող գետն այն փարթամ,
Որ դեռ հավիտյա՛ն պիտի երթա...

ԻԴ

Օ՜, ո՛չ.— համընթաց ձեր դպրության,
Այդ հին դարերից, որպես Գողթան
Վտակներ վճիտ ու ոսկեձայն—

-----------------------------------------

1 տռփություն — սաստիկ սեր՝ փափագ մի բանի, տենչ, տենչանք, տռփալը, տռփանք, բուռն ցանկություն:

[ էջ 424 ]

Հասել են տաղեր մեզ տխրության...
Եվ գեղջկաբարբառ ուրախության...
Հասել են տաղեր գուսանական,
Հայրեններ1 ռամիկ ու ռազմական
Եվ անտունիներ2 թափառական...

ԻԵ

Ասում եմ ես գովք գուսանական
Քաղցրիկ երգերին մեր ոսկեձայն,
Որ երգիչները թափառական
Երգել են մթին դարերում այն։—
Մեր հին քերթությա՛նն այս աշխարհիկ,
Որ դայլայլներով բիրտ բարբառի,
Ընդդեմ վանքերի մռայլ քարին—
Երգել է սերը չնաշխարհիկ...

ԻԶ

Եվ ասում եմ գովք ես հիմա այն
Մեր հայրեններին գեղջկաբարբառ,
Որ գինու գովքն են երգում անչար,
Որթան ողկույզի հմայքն անճառ՝
Քրտնաթոր մարդու վաստակն արդար։
Օ՜, ռամիկ մարդու լեզո՛ւ ճարտար,
Ձայն աշխատանքի արևավառ,
Սիրո, խնդության գեղջուկ քնա՛ր...

Իէ

Օ՜, խնդությո՛ւն խեղճ՝ առանց առթի,
Օ՜, ուրախությո՛ւն ռամիկ մարդի,
Օ՜, խաղող՝ քաղած վերջի՛ն հերթին,
Օ՜, գինի՝ քամած վերջին որթից,

-------------------------------------

1 հայրեն — հայկական ժող. տաղաչափության մի տեսակը:
2 անտունի ժող. երգի մի տեսակ:

[ էջ 425 ]

Որ մութ վանքերի զանգից հեռու
Հոսել ես խարխուլ այն խուղերում,
Ճորտերի տրտում տնակներում,
Նրանց երգերում ու սրտերում...

ԻԸ

Օ՜, ճարտար ճորտե՛ր, ապրել եք դուք
Խարխուլ խուղերում անծածկ, անդուռ,
Կամ քաղաքների պարսպից դուրս
Խուլ քարայրներում այն ժայռակուռ,
Արդար վաստակով ձեր ծանր ու սուրբ,
Քրտինքով անգին, տքնությամբ լուռ,—
Եվ երգել եք ձեր երգերը հուր
Բարբառով վճիտ, հանգով մաքուր։—

ԻԹ

Ասում եմ ես գովք ապա արդար
Անտունիներին տխրաբարբառ,
Շրջիկ տաղերին, որ դարեդար
Երգել են հողե մեր գյուղերում,
Կամ քարաքանդակ քաղաքներում—
Այդ քաղաքների խուլ տներում,
Սիրելիների սիրուց եռուն՝
Իրենց հայրենի խուղից հեռու...

Լ

Օ՜, ճարտար ճորտե՛ր,— մեր քերթության
Աղբյուրնե՛ր մաքուր,— դո՛ւք, ոսկեձա՛յն,
Որ կարկաչելով հասած մինչ լայն
Մեր հորձանուտը տաղերգական,
Ձուլվելով երգին հովնաթանյան
Եվ սայաթնովյան խաղերին ա՛յն—
Եղել եք ակո՛ւնքը իսկական
Մեր նո՛ր արվեստի քերթողական...

[ էջ 426 ]

ԼԱ

Օ՜, ձեզանի՛ց են սկիզբ առել
Մեր ժողովրդի երգերն հրե,
Մեր աշուղների այն հանճարեղ
Երգերը ոսկուն, որպես արև,
Եվ ձեզանի՛ց է ապա սերել
Այն քերթությունը, որ դեռ երեկ
Լոռու տաղերգուն մեր արդարև
Դարձրեց պայծառ, ինչպես բյուրեղ։—

ԼԲ

Ապա տխրադեմ եկան հանդես
Երգիչներ տխուր ու մոխրագես,
Երգեցին տաղեր տխրահանդես,
Այնպե՜ս մեղմաձայն, տխո՜ւր այնպես,—
Մինչ հանդես եկա նվաստս — ե՛ս,
Եվ՝ վառված հրով աշխարհի կեզ՝
Երգեցի երգեր և՛ բորբ, և՛ թեժ,
Տաղեր հողմաձայն ու փրփրադեզ։

ԼԳ

Ինձանից հետո եկան հանդես
Երգիչներ երկրի՜, հողի՜, հանքի՜,
Երգիչներ՝ ելած նորոգ կյանքից.
Երգիչներ խնդո՜ւն աշխատանքի,—
Եկան խուղերի՛ց այն անարև,
Հանքերի՛ց եկան, եկան քարե
Այն զնդանների՛ց, ուր որ դարեր
Միայն ճորտությո՛ւնն էր բարբառել։

ԼԴ

Այրում էր մի սև, դժնի արև
Դարեր շարունակ, մինչև երեկ
Քարե երկիրը մեր անտերև,
Մեր խրճիթները հողմաերեր։—

[ էջ 427 ]

Մեր գլխին — բազում դաժան տերեր՝
Հայրենի, օտար և զանազան,—
Արքաներ, որպես վայրի գազան—
Ե՛վ խռովք, և՛ խաչ, և՛ խարազան...

ԼԵ

Շահատակողներ ժանտադաժան.—
Թեյմուրլենկ՝ չարաչք ու չարաժանտ,
Չինգիզխան՝ զորքով բազմահազար,
Աբբասներ՝ զարհուր ու զանազան,
Եվ ռուս արքաներ արնաբաժան...
Օ՜, ժանտ արքանե՛ր, ձեր սրբազան
Արշավանքներում որքա՜ն տեսանք
Փորձանքներ դժնի ու տարաժամ...

ԼԶ

Սակայն ձեզանից հար անբաժան,
Հովանու ներքո ձեր սրբազան—
Ահա՛ հայրենի տերեր դաժան՝
Ավելի՛ զարհուր ու ժանտաժանտ...
Օ՜, դղյակներում նստած՝ գազան
Ազատանինե՛ր ժանտաբարո,
Իշխաններ՝ շվայտ ու անկարող,
Եվ մութ մելիքներ արնակարոտ...

ԼԷ

Անլուր գերության ճանապարհով
Անցած դպրությո՛ւն գեզջկաբարբառ,
Որ հասած մինչև արևն այս վառ,
Այսօրվա մեր բորբ արևն անմար—
Հորդում ես ահա, որպես վարար
Գետ մաքրամաքուր ու կենարար,—
Ես քե՛զ եմ երգում ժանգով ճարտար
Ներբող նրբակերտ ու գովք արդար։

[ էջ 428 ]

ԼԸ

Փա՜ռք մաքառումին քո անդադար,
Քո ռամիկ հանգին, որ դարեդար,
Ճորտության միջից հունով դժվար,
Կտրելով մթին մի ճանապարհ —
Հասել է ահա մինչև մեր վառ
Այս արեգակը ստեղծարար,
Որ վառվել է հար, վառվել է հար,
Բոլո՜ր ճորտերի փառքի համար։—

ԼԹ

Փա՛ռք արևին մեր, որ հիմա վառ
Լուսավորում է հրով բերրի
Անցնող խավարը մեր խուղերի,
Խուլ նկուղները քաղաքների,
Եվ լեռնաշխարհում ահա մեր հին
Շաղում է շողեր անմարելի,
Որ ճորտության մեջ հեծող գերին
Դառնա իր բախտի տերը վերին։—

Խ

Օ՜, դո՛ւք հեռավոր եղբայրներ ի՛մ,
Քերթողնե՛ր գեղջուկ հայրենների,
Երգասան ճորտեր՝ մտքով գերի
Ձեր ժամանակվա օրենքների,—
Ահա՛ բարբառը ձեր երգերի,
Հասած մինչև ինձ՝ իմ ձեռքերից
Անցած նորանոր երգիչների—
Հորդո՛ւմ է արդեն իր ափերից...

ԽԱ

Օ՜, ճարտար ճորտե՛ր, եթե դարեր
Ճորտությունն անգամ այն անարև
Չխեղդեց բարբառն այս հանճարեղ,
Որ վտակներով բազմաբարև

[ էջ 429 ]

Հասավ մինչև մեր օրն այս հրե—
Ապա արևի ներքո այս մեր,
Ուր չկան տերեր, չկան ճորտեր —
Որքա՜ն հորդառատ պիտի հորդե...

ԽԲ

Ու պիտի գնա՜ հիմա այն դեռ
Մինչև օվկիա՜նը գալիք կյանքի,
Ուր մարդկությունը ողջ աշխարհքի,
Առանց դասի ու դասակարգի,
Լծված խնդագին աշխատանքի
Պիտի իր անհուն երկի՛րն հերկի,—
Երկիր արևի՜, գինո՜ւ, երգի՜ —
Եվ մտքի՜, ոգո՜ւ բեղուն բերքի...

 

ՆՈՐՔ

Ա

Բարձրաբերձ բլուրի վրա,
Ավանում այն հին, հայրենի,
Ամրացած հնավանդ իր բնին՝
Բարձրացել էր բարդին այն բուրյան,—
Բարձրացել էր բարդին նաիրյան
Եվ թե՛ լույս, թե՛ մութ օրերում
Իր իրանն էր մեղմ օրորում—
Եվ սիրում էինք մենք նրան։

Բ

Կար պոետ մի՝ անունը Տերյան,
Մի պոետ մեղմախոս ու խեղճ,—
Նա մի օր եկավ ու երգեց

[ էջ 430 ]

Այդ բարդու հմայքը բուրյան.—
Եվ սիրեց մեր ոգին նրան,
Պոետին այդ տխուր ու բարի,
Որ կառչած բարդու այդ ծառին՝
Մորմոքաց իր վիշտը նաիրյան։

Գ

Նաիրյան խեղճ ոգին էր այդ,
Որ հեռու-հեռու հյուսիսից,
Որպես նոր մի, նաիրյան Ուլիս
Դարձել էր իր տունն հնավանդ,—
Դարձել էր հոգնած ու տխուր,
Քաղաքներ տեսած ու ծովեր,
Դարձել էր տնակն իր ավեր,
Իր երկիրը դեռ թե՛ մութ, թե՛ խուլ:

Դ

Նա եկավ, երգեց ու գնաց
Դեպի հեռուներն աշխարհի,
Բայց երգը իր կառչած մնաց
Իր երկրի հնավանդ ծառին.
Սարյակի նման փետրաթափ,
Թաքնըված նրա սաղարթում՝
Նրա երգը խեղճ ու հիվանդ
Մորմոքում էր անօգ ու տրտում։

Ե

Օ՜, Նորքում բարձրացած բարդի՝
Տերյանի նման մորմոքող.
Մենք կառչել էինք մեր ոգով
Քո դեղին ու եղկ սաղարթին.
Դա մեր երգն էր վերջին, որ թառած
Մեր երկրի անպտուղ ծառին—
Ցնորում էր անմիտ մի երազ՝
Կտըրված անհուն աշխարհից...

[ էջ 431 ]

Զ

Կանգնած էր բարդին հնավանդ
Բլուրի վրա հայրենի
Եվ թվում էր հին մի ավանդ՝
Կտակած մեր մեռած ծայրերից.
Հողմերի դիմաց ահավոր
Նա պահել էր եղկ մի սաղարթ —
Եվ թվում էր սաղարթը մեզ այդ
Ապաստան հողմերից ահահոտ...

Է

Եվ ոգին, նաիրյան ոգին,
Տատրակի նման թևաթափ,
Ընտանի իր հին մորմոքին,
Հեծում էր իր վիշտը տևական,—
Հեծում էր Տերյանի ձայնով,
Նաիրյան այդ վերջին պոետի,
Թե չկա՜ փրկության օր
Աշխարհում մռայլ ու մթին։—

Ը

Թե խավարը պիտի խտանա
Եվ պիտի բարձրանա քամի,
Որ ահեղ մրրիկի նման
Մեզ պիտի ոտնատակ անի,
Պիտի պիրկ արմատից հանի
Այս բարդին, որի սաղարթում
Նաիրյան վերջին գուսանի
Ոգին էր ահից թպրտում...

Թ

Օ՜, որքա՜ն էր մեզ հարազատ,
Դարերով պարտված մեր ոգուն,
Որ տեսել էր հազար խարազան,
Բայց կրկին մնացել տոկուն,—

[ էջ 432 ]

Օ, որքա՜ն էր մեզ հարազատ
Այդ ահը, որ դարձած արդեն երգ,
Խարիսխի նման սրբազան
Մեզ պահում էր շղթայված իր հետ...

Ժ

Բայց ահա բարձրացավ մի օր
Այն հողմը — ուրագանն արյունոտ,
Սամումի նման ահավոր
Տարածվեց աշխարհի հունով,—
Ոտնատակ արավ աշխարհում
Բյուրավոր քաղաքներ ու շեներ,
Ավերեց երկիրը իր ողջ
Եվ անապատ շինեց...

ԺԱ

Մանգաղի նման մահաբեր
Նա հնձեց օրերում այն սև
Բարձրաբերձ այգեստանը մեր,
Մեր երգի պարտեզը լուսե.—
Շարժելով մահու գերանդին՝
Նա հնձեց բերքի նման սուրբ —
Նաիրյան գուսաններ անթիվ,
Եվ ամբո՛ղջ մի անմահ ժողովուրդ...

ԺԲ

Եվ արդեն մոտենում էր մանգաղը
Մեր երկրի սրբազան բարդուն,
Որ կանգուն էր դեռ ցուրտ ու պաղ
Արարատյան դաշտում,—
Երբ մրրիկ մի ուրիշ, փրկարար
Շառաչեց Հյուսիսից կենսաբեր —
Եվ գարնան գետի պես վարար
Ողողեց լեռնաշխարհը մեր։—

[ էջ 433 ]

ԺԳ

Հողմերի հանդեպ այն դաժան
Մերկացել էր արդեն այն բարդին
Եվ սաղարթը նրա սրբազան
Մահամերձ՝ տագնապում էր արդեն,—
Կացինի նման բարձրացած
Կախվել էր արդեն իր վրա
Հայրենի բռունցք մի դաժան,
Որ պիտի կործաներ նրան...

ԺԴ

Թռել էր արդեն իր միջից
Մեր երկրի բարձրաբերձ ոգին
Եվ պատրաստ էր արդեն իր վճիտ
Հեզությամբ ավանդել հոգին,—
Երբ մրրիկը նոր, կենսաբեր,
Ցնցելով մերկ իրանը նրա —
Ներշնչեց կորով մի վսեմ
Եվ կազդուրեց նրան։

ԺԵ

Առաջին անգամ այն օրից,
Երբ վերջին պոետը նաիրյան
Իր քնքուշ երգով օրորեց
Ու փայփայեց նրան,—
Առաջին անգամ այն օրից
Նա զգաց կենսատու մի շունչ,
Որ գալիս էր սրբելու նորից
Իր սաղարթը մահաբեր փոշուց։—

ԺԶ

Այն օրից, երբ երգով տխրաբառ
Այն պոետը անցավ առհավետ,—
Մեզ երգեց ուրի՜շ հրավեր
Աշխարհի հեռուն հրավառ.

[ էջ 434 ]

Անձրևեց մեր հոգում ամա
Խնդությո՛ւն մի անխորտակ ու վեհ —
Եվ ոգին մեր թևաբաց թևեց
Դեպի ա՛յլ ցնորք մի անմահ։

ԺԷ

Մեր ոգին, ոգին նաիրյան,
Որ գիտեր լոկ մորմոք ու լաց —
Առաջին անգամ թևաբաց
Սավառնեց աշխարհում համայն, —
Մոռացած իր մորմոքը ունայն,
Իր բույնը թողած այն խեղճ—
Սավառնեց ճիգով մի ահեղ
Դեպի աշխարհը լայն։—

ԺԸ

Առաջին անգամ նա թռավ
Դեպի հուր հեռուներ անծանոթ
Գտնելու հրե մի անոթ
Ըղձերի համար իր հրակ,—
Շառաչող հողմերին այն ուրախ
Նա իր բորբ տենչանքը տվեց —
Եվ լսեց երկիրը նրան,
Եվ հառնեց՝ ըմբոստ ու վեհ:

ԺԹ

Նո՜ր ջրեր էին վարարել
Մեր երկրի գետերում արդեն,
Եվ մի ա՛յլ արև էր վառել
Մեր երկրի հուրհուրան արտերը.
Եվ մահու կացնից ազատված
Մեր երկրի սրբազան բարդին
Հրահուր խնդությամբ լցված
Սպասում էր երգի ու վարդի։—

[ էջ 435 ]

Ի

Բայց ոգին նաիրյան երգի,
Հողմերի շնչով օրորուն,
Աշխարհի խնդությամբ հրկեզ՝
Սավառնում էր երկա՜ր դեռ հեռուն, —
Մենք երկա՜ր, երկա՜ր դեռ պիտի
Կիզվեինք հողմերում հանուր,
Որ մեր երգը դառնար երկաթե,
Եվ ոգին մեր՝ անկոր ու անհուն։—

ԻԱ

Ինչքան է՛լ կարոտով անձուկ
Սպասեր բարդին մեր երգին—
Մեզ մի ա՛յլ կարոտ էր խանձում,
Մի ուրիշ — անսահման երկիր.—
Եվ մինչև դառնայինք կրկին
Մենք երկիրը մեր՝ նո՛ր երգերով—
Դեռ որքա՜ն այն արևը փրկիչ
Մեգ պիտի կիզեր իր հրով։

ԻԲ

Եվ ճախրում էր նա, մեր ոգին,
Մեր երկրի դաշտերից հեռու,
Ունկնդիր աշխարհի մորմոքին,
Աշխարհի տագնապով եռուն,—
Ուռճանում էր նա անհագուրդ,
Հրկիզվում աշխարհի հրով,
Ամբարում էր իմաստ ու խորհուրդ,
Որ լցվի անհո՜ւն երգերով։—

ԻԳ

Եվ այսպես երկա՜ր սավառնեց
Մեր ոգին հեռու-հեռուները,
Իր ամբողջ վեհությամբ հառնեց
Մոռացած մեր երկրի առուները,—

[ էջ 436 ]

Առաջին անգամ նա տեսավ
Բորբ աշխարհը իր դեմ, ինչպես ի՛րը,—
Հյուսիսից ճառագած լույսով
Թոթափեց դեմքից հին մոխիրը։—

ԻԴ

Եվ այժմ ահա նա կրկին
Դառնում է դեպի հին իր տունը,
Որ հզոր շառաչով երգի
Աշխարհում՝ իր նո՛ր խնդությունը։—
Ո՛չ տխուր է նա հիմա, ո՛չ խեղճ,
Ո՛չ անհուն աշխարհում կորած,
Նա բերել է հուր մի անշեջ
Եվ անահ գոյության երազ։

ԻԵ

Նա երգում է այսօր հողմաձայն
Նվագներ մեր երկրի համար նոր,
Երգերում մեր շաչում է հրցայտ,
Շեփորում է պողպատե ձայնով,—
Աշունքվա երգով ոսկեբառ
Վերհիշում է մերթ իր մորմոքը,
Մեր գրած գրքերում արդար
Երազում անմահ իր ցնորքը...

ԻԶ

Օ՜, դու չե՛ս այսօր մեր ցնորքը,
Նո՛րք, անօ՜գ մահացող ավան.—
Ելնում է մի նո՜ր Երևան
Եվ նայում է մեր նո՜ր ոգու խորքը.
Օ, ուրի՛շ, դա ուրի՛շ մի Նորք է՝
Բարձրացած ճիգերով մեր այն —
Մեր ոգուց՝ թեկուզ նաիրյան,
Բայց ուրի՛շ խոհերով բորբոք։—

[ էջ 437 ]

ԻԷ

Մեզ համար անհուն ու բուրյան է
Օ՜, Նո՜րք, քո ցնորք-բարդին,—
Հարազատ է հնում մեզ Տերյանը,
Ինչպես բույրը քո հին սաղարթի.
Բայց սաղարթը այդ արդեն ծե՛ր է,
Արդեն հուշ է — մշուշ ոսկեման,—
Եվ ամենը, որ մի օր անցել է —
Մեզ համար լոկ ե՛րգ է հիմա...

ԻԸ

Մենք կոչված ենք այսօր, որ համայն
Աշխարհի սրտում ոսկեհուն
Անվհատ շեփորենք հիմա
Խնդությունը մեր — քո՛ խոսքերով—
Մենք կոչված ենք հիմա, որ քարիդ
Եվ ջրիդ ինքնությամբ լցված —
Ավետենք համա՛յն աշխարհն
Այս առավոտը բացված։—

ԻԹ

Եվ կառչի թող հիմա մեր երգը
Մեր բարդու բարձրաբերձ բնին,
Որ ելնող աշխարհի համերգում
Ինքնահուն նվագներ ծնի,—
Որ հավետ ապրի աշխարհում
Օ՜, Նո՛րք, քո ցնորքը բուրյան,—
Այս թռի՛չքը մեր լայնահուն
Եվ բարբա՛ռը այս նաիրյան...

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր՝ «Լույս» հրատարակչություն, Երևան 1985
Տրամադրել է՝ Միքայել Յալանուզյանը

Տես նաև
Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice