ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian

Եղիշե Չարենց

ԵՐԿԵՐ


Նախորդ էջԲովանդակություն  | Հաջորդ էջ

ԱՆՏԻՊ ԷՋԵՐ

[ էջ 451 ]

ՄԱՀՎԱՆ ՏԵՍԻԼ

ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ԹԱՄԱՆՅԱՆԻ ԱՆՄԱՀ. ՀԻՇԱՏԱԿԻՆ

Որքա՛ն նման է եղել պահն այդ՝ մարող կանթեղի
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
...Նրա կոպերը երեկ երբ քարացել են խաղաղ—
Կապույտ բոցով բռնկված վերջին ջերմում ուղեղի,
Նա տեսել է երևի արևային մի քաղաք...
Ինչպես մաքուր մարմարի կապույտ կողին նկարած
Արևային ժամացույց՝ քարտեզն ահա քաղաքի,—
Պողոտանե՛ր, փողոցներ՝ բոլորաձիգ երկարած,
Իսկ կենտրոնում երկնահաս, գրանիտյա մի բագին1։
Ակնթարթում մի վսեմ, որ երկարում է դարեր,
Փողփողում են ուղեղում — սիրտ պայթելու չափ պայծառ —
Սյունաշարքե՜ր, տերրասնե՜ր, աստիճաննե՜ր մարմարե,
Եվ պարտեզնե՜ր ոսկեզօծ, շատրվաննե՜ր երգաձայն...
Աշտարակնե՜ր երկնահաս և կամարնե՜ր կորանիստ,
Քանդակազօծ կարնիզներ, պատուհաններ նուրբ հատած.
Եվ մարմարիոն մարմնագույն, և գանգրահեր գրանիտ
Եվ վարդաբույր տուֆաքար, և բիլ բազալտ սրբատաշ...
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Պարզել է ձեռքը դողդոջ դեպի ցնորքն այդ կապույտ,
Այնքան մո՜տ է, այնքան մոտ — կըշոշափի նա հիմա —
Բայց ծանրացել է հանկարծ ձեռքն հանճարեղ ու հմուտ,
Ընկել է վար — չոր կրծքին... լռությո՛ւն։ Մահ։

1936. 20-21

----------------------------------------

1 բագին — զոհասեղան (հեթանոսական), զոհարան, եկեղեցու զոհասեղան, հեթանոսական մեհյան:

[ էջ 452 ]

ՀՈՒԶՈՒՄՆԵՐԻ ԼԵԶՈՒՆ

Հովն-հորովել է ասում,
Անձրևը ցուրտ բառեր,—
Հուզումնավո՛ր իմ լեզու,
Ինչո՞ւ ես լռել։

Ա՛յն, որ ասել ես ուզում՝
Տե՛ս, քեզանից զորեղ
Դրսում ծաղիկն է ասում
Եվ ջուրը բյուրեղ։

Եվ աղջկա աչքերից
Երբ մանիշակն է նայում —
Էլ Տերյանի երգերի
Ի՞նչն է հմայում...

Ջուրը հորդոր է հուզում,
Հուրը — մորմոք կարմիր,—
Հուզումնավոր այս լեզուն,
Պոե՛տ, քեզ չի՛ տրվի։

 

ԶԱՐՄԱՆԱԼԻ ԱՇՈՒՆ

Այս աշունը եկավ, բացվեց, ինչպես երբեք,—
Եկավ, ինչպես զինվոր ու ղեկավար.—
Այս աշունը բերեց իմաստության երգեր
Եվ պայքարի կանչեց — ապագայի համար։—

Եվ աշնան ցուրտ քամին ինձ մարտակոչ թվաց,
Թվաց կռվի կանչող հնչուն շեփոր,—
Եվ անձրևի շնչով երբ երեսիս հևաց —
Ինձ զգացի ես թարմ — և անչափ նո՛ր։ —

Եվ անձրևի թելերն ինձ թվացին թելեր՝
Աշխարհներին կապող և կյանքին խո՛ր,—

[ էջ 453 ]

Կարծես ծառե՛րն անգամ պայքարի են ելել,
Որ թոթափեն հույզերը — և դառնան նոր...

Շրշյուն աշունն այսօր ինձ՝ գործ ու կյանք վսեմ
Եվ ո՛չ թե մուժ ու մահ ու անկում է գուժում։—
Օ, հիրավի, երբե՛ք ես չեմ տեսել
Մի այսպիսի՜ աշուն...

* * *

Իմ օրերում ես ցանկացա լինել վսեմ և ինքնուրույն,
Իմ օրերում ես ցանկացա կյանքս զոհել դրա սիրուն։

Իմ օրերի երգը միայն նրանո՛վ էր մեծ ու անգին—
Որ բորբոքում, հուր էր տալիս դեռ չկոփված, չեկած կյանքին։

Բայց օրերում իմ հուրհուրան աշխա՛րհն էր նոր ծնվում հնից,—
Եվ մե՛ծ եմ ես, քանզի ինձ մեծ երթ էր նշված պատմությունից...

Իմ օրերի երգը եթե իմ տողերից հիմա լսես—
Ուրեմն ես մե՛ծ եմ ու խոր, երգի՛ց էլ իմ խոր ու վսեմ...

Ու եթե ես ունեմ մի բան, որով կարող եմ պարծենալ,
Իմ օրերի շաղա՛փն է այդ, իմ օրերի ձայնը անահ...

Ողջո՛ւյն, ուրեմըն, օրերիս, իմ օրերի անհո՜ւն շնչին,—
Եվ օրերիս հանդեպ այդ մեծ — թող երգըս ձեզ թվա չնչին...

Բայց եթե կա երգերում իմ գեթ շեշտ կամ բառ իմ օրերից —
Ես կըմնամ հար ու հավետ, ես կարթնանամ մահից նորից...

Մե՛ծ եմ ու վեհ իմ օրերով — ես այդ գիտեմ հուր-հավիտյան,—
Ողջո՜ւյն, իմ ե՛րգ, իմ խնդությո՛ւն, իմ օրերի անհո՛ւն մատյան...

[ էջ 454 ]

ՎԱԼԵՐԻ ԲՐՅՈՒՍՈՎԻՆ

Սառն ու հմուտ էիր, խոր ու գիտուն,
Պատմությունն էր անհուն քո Մուսագետը,—
Եվ դու եղար մեզ հետ, երբ ահավոր աղետը
Մոլեգնությամբ իր բիրտ մտավ մեր տուն։—

Այն օրերում մեր տունը չկար խնդում,
Կորնչում էր միգում մեր արահետը,—
Եվ մեր հանճարը հին, կոփված անդուլ
Սերունդների ջանքով — դեռ անծանոթ մի գետ էր։

Դու սուզվեցիր, վարպե՛տ, անեզրական այդ ծովը,
Եվ շլացած անծիր մեր գանձերի փայլից —
Ելար, ինչպես նավազ1, որ գյուտերից գինով է...

Եվ աշխարհի առջև, որ դեռ ահով էր լի,
Դու բացեցիր ոգու մեր գանձարանն անհուն—
Եվ մեզ համար դարձար — անմարելի անուն։

 

«ՄԱՆՈՆ ԼԵՍԿՈ»

Լ. Զ.-ին

Մանոն Լեսկոն, այդ կինն անմեղ,
Ո՛չ թե սիրով, այլ լոկ ոսկով,
Միայն մարմնով, միայն «այնպես»
Տրվեց մարդկանց այն պիղծ, այն կեղծ,
Երբ ասպետից իր բաժանվեց —
Մանոն Լեսկոն։—

Բայց միշտ գերի սիրույն այն վեհ՝
Սրտո՛վ մաքուր,— և ո՛չ ոսկով,—
Իր ասպետի՛ն սիրեց հավետ,—

-----------------------------------

1 նավազ —նավաստի, նավի ծառայող, ծովային:

[ էջ 455 ]

Եվ ուրիշի մահճում անգամ
Իր ասպետից չըբաժանվեց...

Եվ մնաց սուրբ, մնաց անեղծ
Մանոն Լեսկոն։

 

ԷՊԻՏԱՖԻԱ

Աստ՝ Կոմիտասն է հանգչում՝ իբրև հող և աճյուն առհավետ։
Սիրտ մոխրացած, դարձած հող՝ երբեմնի անոթ ձայնածին։
Ա՛յր մահացու՝ աշխարհում նա եղել է դպիր, վարդապետ:
Այր մշտատև՝ ձայնապետ — ձայների արքա— ձայնագիր։

* * *

Չնչին, ինչպես Արարատին նետած քար՝
Դավերը սև մարդուկների այդ անկար—
Օ, չըհասած քղանցքներին անգամ քո՝
Վայր են թափվում համայնացած քո կամքով —
Եվ առհավետ կորչում անզոր ու անկար,
Ինչպես անհաս Արարատին նետած քար...

 

«ԻՄ ԼՈՒՍԱՍՏՂԸ»

Սոնետ

Առավոտ կանուխ բարձրացի՛ր
Երբ դեռ նո՛ր մարմանդ լուսանում է։ —
Կտեսնե՛ս լուսա՛ստղը կապտածիր,
Որ պայծառ ցոլքով բարձրանում է։—

Ա՛խ, այդպե՛ս բարձրացավ մի օր
Աշխարհում, Չարենց, քո անունը...

[ էջ 456 ]

Բայց հետո — կլանեց անհունը
Քո լուսաստղը — ցոլուն, ոսկևոր...

Այդ ո՛չ թե Արևն էր՝ բարձրացավ—
Եվ սրբեց ոսկեզօծ քո ցոլքը
Իր շքեղ ցոլքերով պայծառ։—

Ո՛չ։— Չնչի՛ն ամպերի սև զորքը
Պաշարեց Արևի՛ց առաջ քեզ,—
Իսկ այնտեղ, ներքևում,— երգի սով էր,—

Բայց ցնծում էր պառնասն առանց քե՛զ...

1936. VII-VIII, Ծաղկաձոր–Երևան

 

Ա. Բ.-ԻՆ

...Ե՛վ բառերի համար քո մարմարյա,
Հնամենի, բուրյան, որպես մեր հին
Քարաքանդակ անդուռ մատուռների
Անջընջելի գրերն հնադարյան,—
Եվ մյուռոնի1 նման սրբազնագույն
Քո երկերի մաքուր սկիհներում2 պահված՝
Խորհուրդների համար մշտահըմա,
Որպես խորհուրդը մեր նաիրական ոգու,—
Քո «Միրհավի» համար— և լուսեղեն՝
Արփենիկի հուշով սրբագործված հավետ,
«Ալպիական ծաղկի» այն բուրավետ,
Որ բուրելու է հար աննյութեղեն,—
Եվ վերջապես քո վեհ, հերոսական
«Սերմնացանի» համար, որ ձեռքերով վսեմ

----------------------------------------

1 մյուռոն, մեռոն — անուշահոտ նյութերով տոգորած ձիթապտղի յուղ, որ գործածվում է եկեղեցում՝ մկրտությունների և օծումների ժամանակ, փխբ. շատ քաղցր, անուշ բան:
2 սկիհ — արծաթյա անոթ՝ թաս, որի մեջ լցնում են նվիրագործելու գինին:

[ էջ 457 ]

Սև ցելերի վրա մեր գոյության այս սև,
Շաղում է շողք ու սերմ անանձնական,—
Այս ամենի համար, — և «Ծիրանի»
Հազարամյա փողի՛ համար քո այն,
Որ դարերո՛վ տենչած խաղաղության
Երգն է հնչում, — և մեր ժողովուրդը քանի
Ունի գեթ ափ մի հող արեգակի ներքո՝
Հնչելու է երգեր եղբայրական,—
Այս ամենի համար, օ՜, խեղճ իմ բարեկամ
Ես քեզ օրհնում եմ արդ իմ անաղարտ երգով...
Այս ամենի համար, — և քո եղերական
Տառապանքի համար, որ արդ կրկին
Վեհություն է խառնում քո անաղարտ երգին—
Ես քեզ պարզում եմ ձեռք եղբայրական...
Եվ ներբողում եմ քեղ ահա կրկին անեղծ
Իմ շուրթերով, ինչպես օրեր առաջ, —
Երբ դեռ դու ա՛յր էիր մի անարատ,
Եվ ես ընկերն էի քո բանաստեղծ...

14. X. 1936. գիշեր, Երևան

 

ԻՄ ԱՌԱԶԻՆ ԴՅՈՒԹԱՆՔԸ

Թվում էր, թե հար կգնա այդպես
Կյանքդ մինչև մահ — երգով ու ժանգով—
Կարող էիր դու զգալ, որ այն քո
Օրերով, ինչպես կածանով անտես,—

Բարձրանում է մի գագաթ երկնահաս,
Որից անցյալիդ քայլն յուրաքանչյուր
Թվալու է քեզ անծանոթ հնչյուն,
Որը նոր պիտի դեռ դու հասկանաս։

1936

[ էջ 458 ]

ԱՆՎԵՐՆԱԳԻՐ

Կնոջս և բարեկամիս՝
Իզաբելլային

Իմ մահվան օրը կիջնի լռություն,
Ծանր կնստի քաղաքի վրա,
Ինչպես ամպ մթին կամ հին տրտմություն,
Կամ լուր աղետի՝ թերթերում գրած։
Ծանոթ կնոջ պես այրի կամ դժբախտ,
Բարեկամուհու նման տխրատեսք,
Լուրը կշրջի փողոցները նախ,
Ապա կմտնի դուռ-դարպասից ներս...
Իբրև ծերունի մի թերթավաճառ՝
Հուշիկ քայլերով և համարյա կույր,
Կշրջի բոլոր տներն անպատճառ
Ու կհայտնվի ամեն մի բակում։
Ստվերի նման, սահած տնից-տուն,
Կկանգնի անտես հյուրի պես մռայլ,
Կկանգնի, ինչպես դժնի լռություն՝
Տարածված ամբողջ քաղաքի վրա։
Եվ համր մի պահ՝ գիշերվա կեսին,
Բոլորի սրտում կկանգնի հանկարծ
Անհաղորդ, ինչպես հեռավոր լուսին,
Իմ դեմքը՝ արդեն հավիտյան հանգած։
Եվ մարդիկ՝ երեկ կյանքիս անծանոթ,
Եվ երբեք, երբեք դեմքս չտեսած,
Եվ մարդիկ՝ միայն երբեմն ինձնով
Իրենց ֆանտաստիկ առասպելն հյուսած,
Եվ մարդիկ՝ անգամ երգերիս անգետ,
Մարդիկ, որ թեև կյանքիս արձագանք՝
Մնացել են լոկ վկա անտարբեր
Եվ կարծել են, թե ես վաղո՜ւց չկամ,—
Այդ բոլոր մարդիկ իմ մահվան բոթից,
Որպես ընդհանուր աղետից սարսած՝
Զարմացած կզգան ինձ այնքա՜ն մոտիկ
Եվ հանկարծ այնքա՜ն թանկ ու հարազատ...
Եվ երկրում, ինչպես բարձրանա փոշի,

[ էջ 459 ]

Եվ հոգիներում, ինչպես հուշ հառնի,—
Ելնելով անցած օրերիս նաշից,
Իմ ուրվականը պիտի սավառնի։
Եվ քաղաքներում, և գյուղերում խուլ,
Անցորդներն՝ իրար անծանոթ անգամ,
Աչքերում իրար և հայացքներում
Պիտի միևնույն թախիծը կարդան...
Եվ դեմքով տխուր և լուռ աչքերով
Պիտի միևնույն սուգը հաղորդեն,
Երգերիս հանդեպ անսահմա՜ն ներող,
Մոռացած բոլոր հանցանքներս արդեն...
Կբանան ոմանք իմ գիրքը գուցե,
Կթերթեն դանդաղ, կկարդան տողեր,
Տարտամ շարժումով գիրքը կգոցեն,
Եվ թախիծը խոր հուշս կողողե։
Եվ գուցե միայն սենյակում մի խուլ,
Գլուխը թեքած պատկերիս վրա՝
Կնայի մի կին աչքերիս տխուր,
Եվ կարցունքոտվեն աչքերը նրա։ —
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Եվ ինչպես կյանքում՝ տարինե՜ր առաջ,
Հուշերում հանկարծ անցյալը բուրի,
Երազանքներում գուցե իմ անցած
Եվ արդ իմ հառնած գրքում հուշերի...
Այն, որ ե՛ս էի, որ ի՛մն էր առաջ,
Արդեն չի հառնի և ոչ մի գրքում
Եվ ո՛չ մի գրքում՝ աշխարհում գրած,
Եվ ո՛չ մի գրքում, և ո՛չ մի գրքում...

15. XII 1936

 

ARS POETICA
ՄՈՆՈՍՏԻՔՈՍՆԵՐ1

I Դու ծնվեցիր անվավեր՝ ինչպես թիվ զերոյով վրիպած

--------------------------------------

1 մոնոստիքոս — բանաստեղծություն մեկ մասից:

[ էջ 460 ]

II Դու Ղարսո՛ւմ թեկուզ ծնվեցիր — բայց աշխարհն էր քո հայրենիքը։

III Ղարս, և՛ Մակու, և՛ աշխարհ,— ո՞րն էր քո հողը, պոետ...

IV Ղարս, և՛ Մակու, և՛ աշխարհ, — ո՛ղջը քո հողն էր, պոետ...

1937

 

ՄՈՆՈՍՏԻՔՈՍՆԵՐ

(Բանաստեղծներ)

I Մեր ռապսոդներն էին հին նախ՝ նրանք, գողթան չքնաղ երգիչները...
II Ո՞ւմ անվանեմ ես ապա, — եթե ոչ — քեզ միակըդ, մեծըդ Նարեկ...
III Ո՛չ. մեծերից մեծագույնը,— օ, դու ինքդ ես, անմահ Շնորհալի...
IV Անձ ես դու մի առանձին,— ժողովո՞ւրդն ես համայն, միևնույնն է՝
V Սերն է երգում քո լեզվով — և լե՛զուն այդ— դելփյան ջինջ լեզուն է...

1937

 

* * *

Մի՛շտ, երբ կարդում եմ Տերյանը,— Ղարսն է հիշում իմ հոգին:
Իմ մանկությունն ու այգին հին, — իմ հայրենին ու նաիրյանը...

[ էջ 461 ]

Լաց է լինում մեղմ, հոգին իմ,— դարձն է տոնում մորմոքի,—
Ղարսն եմ հիշում հեռավոր,— միշտ, երբ կարդում եմ Տերյանը...
Մի՞թե կասեմ ես, որ հին է օրորանն այդ սուրբ ցնորքի...
Ի՞նչ եմ անում այսօրվա ձեր ցնծությունն ու բուրյանը.—
Ես երազում եմ լոկ ի՛մը,— այն, որ տվեց իմ արյանը
Բույր ու երանգ հնօրյա,— երգ ու ցնորք անմեկին...
Այլ երգ չունի էլ հոգին իմ,— լոկ, երբ կարդում եմ Տերյանը,—
Լոկ մանկականն ու նաիրյանը,— Ղարսն է հիշում իմ հոգին։

<1937>

* * *

Ա՜խ, կարծես նստած ես դռանը և ինձ հետ Տերյան ես կարդում...
Շարքն ես կարդում նաիրյան՝ նաիրյան խոսքերի գանձարանը...
Օ՜, սիրում էինք մենք նրան, ինչպես հույսն են սիրում ապարդյուն,—
Եվ... Տերյան էիր դու կարդում՝ միշտ հետըս նստած մեր դռանը...
Բայց ցնորք ես դո՛ւ էլ հուրհուրան — քո հուշն է միայն դեռ արթուն։
Օ՜, սրբազան իմ Վահան,— երբ փակվեց հոգուս դամբարանը՝
Խոհերի՝ անաղարտ դեռ պահած — պահապանն աննինջ եղար դու...
Հիշատակդ, որ վառ ու բուրյան է,— խփել է կապույտ իր վրանը,
Հնչում է ձայնդ ահա արևի նման զվարթուն...
Նո՛ւյն կարոտն ես դու նաիրյան, և նստած կրկին իմ դռանը՝
Հի՛ն տրտունջը քո մեջ դեռ պահած — ահա հետըս Տերյան ես կարդում։

1937

[ էջ 462 ]

ԻՄ ՄՈԻՍԱՅԻՆ

(Ռոնդո1)

Մաքուր իմ սեր, միա՛կ իմ զեն,
Միակ իմ հուր, իմ սուր, իմ զարդ,—
Հարս իմ լուսե, քույր իմ հպարտ,—
Իմ անաղարտ սիրո հույզեր,—
Լո՜ւյս իմ կյանքի, հույս իմ զվարթ...

Ամեն վայրկյան ու ակնթարթ
Դո՛ւ ես միայն ինձ հետ կիսել
Թե՛ վիշտ, թե՛ վերք, թե՛ երգ, թե՛ վարդ,—
Մաքուր իմ սեր։—

Ինչպես անգետ մանկան համար
Թռիչք ու վազք, ու կարուսել,—
Ինչպես երգչին՝ քնքուշ քնար,
Զորավարին՝ անկոր սուսեր,—
Ի՛մ զեն, ի՛մ սուր, ի՛մ հուր անսար,—
Անհուն իմ սեր...

7. III. 1937

 

ՆԱՎԶԻԿԵ

Արփփկին, Արփիկին,
Իզաբելլային
Իմ ամենաչքնաղ երկը
Ե. Չար. 1936. 21. IX

 

ՀԻՆ ՆԱՎԶԻԿԵ2

Նայադների՜ նման, նայադների՜ նման
Կարոտներիս ձայնով կանչում է ինձ,
Խոստանալով սիրո անհատնելի հմայք
Եվ թողնելով մորմոք ու կորուստի կսկիծ...

-----------------------------

1 ռոնդո — գրկն. բանաստեղծության կառուցման կայուն ձև. հենվում է որոշ տողերի կրկնության և ամբողջ բանաստեղծության մեջ միայն երկու հանգի օգտագործման վրա. սկիզբ է առել միջնադարյան ֆրանսիական պոեզիայում...
2 Նավզիկե — Հոմերոսի «Ոդիսականում» Նավզիկեն կամ Նավսի–

[ էջ 463 ]

Մանկությունից անդարձ՝ իմ օրերում անցած,
Տարիներիս կարմիր ավազի մեջ —
Ինձ թվացել է միշտ, որ կարոտիս կառչած՝
Ինձ սպասում է իմ Նավզիկեն...

Նախ՝ կարոտի նման դեռ անծանոթ կյանքի,
Բիլ ծովերում նավող նավակի մեջ՝
Իբրև ցնորք գայթող կամ երազանք անգին—
Հեռուներից կանչեց իմ Նավզիկեն։

Եվ օրերում ապա, տարիներում անդարձ,
Վայրկյաններիս կարմիր ավազի մե՛ջ—
Երազեցի ընդմիշտ, թե կարոտիս կառչած՝
Ինձ սպասում է իմ Նավզիկեն...

Մերթ աղջկա նման, մերթ մանկական տեսքով,
Մերթ որպես կին՝ տեսած երազի մեջ,—
Մերթ իբրև կույս անեղծ, մերթ մի Մանոն Լեսկո —
Պատկերացել է ինձ — իմ Նավզիկեն։

Մերթ սպիտակ, որպես մարմարոնյա արձան,
Մերթ միկենյան կավե մի վազի պես,—
Մերթ եբենյա1 մարմնով եգիպտուհի դարձած՝
Հմայել է հեռվից իմ Նավզիկեն։—

Մերթ կոնքերով ողորկ, որպես ձուլած արծաթ,
Մերթ որպես էգ մի օձ երազի քեզ՝
Մերթ՝ աչքերով կանաչ, մի կին դարձած —
Անեղծ մի կույս կարծած իմ Նավզիկեն։

----------------------------------------

կան ֆեակների արքա Ալկինոսի չքնաղագեղ դուստրն է, որը, հանդիպելով նավաբեկության հետևանբով կղզի նետված Ոդիսևսին կամ Ուլիսին զգեստներ տվեց նրան և առաջնորդեց հոր պալատը։ Ուլիսի անօրինակ արկածների պատմությունը լսելուց հետո ֆեակների թագավորը նրան նավ տվեց, որով և նա վերադարձավ հայրենիք։
(Ֆեակ հուն. «Ոդիսականում» դից. ժողովուրդ):
1 եբենյա, եբենոսյա — եբենոսից՝ եբենոսի փայտից (սևափայտից) պատրաստած:

[ էջ 464 ]

Մերթ շորերով շրշուն, մերթ ծածկոցով ծածան,
Մերթ՝ լուսնային շղարշ հագածի պե՛ս,—
Ամբողջովի՛ն մերթ գոց, մերթ մերկացած՝
Կնությունը բացած — իմ Նավզիկեն...

Նա մերթ կանչել է ինձ սրինգային ձայնով,
Մերթ՝ քնարի քնքուշ նվագի պես,—
Մերթ՝ դարերո՛վ ծանոթ, մերթ միայն նո՛ր
Ինձ հարազատ ձայնով — իմ Նավզիկեն։

Վերելքներում անծայր, հովիտներում այն ցած,
Կամ ծովափնյա ոսկե ավազի՛ մեջ,—
Մերթ շառաչում ծովի, մերթ լճերում անձայն,—
Ես լսել եմ քո քայլքը, իմ Նավզիկե՛։

Ես սպասել եմ քեզ յուրաքանչյուր վայրկյան,
Եվ երազել, որ երթըս երազվի քե՛զ,—
Յուրաքանչյուր վայրում, յուրաքանչյուր վայրկյան,
Կնոջական ցնորք իմ, իմ Նավզիկե...

Ե՛վ հանճարեղ երգում, և՛ հանճարեղ գրքում,
Ե՛վ հանճարեղ ամեն կտավի մեջ,—
Ե՛վ հյուսիսում, և հին Արևելքում,
Եվ հարավում դեղին, իմ Նավզիկե՛։

Շրջադարձում, երթում, քայլափոխում ամե՛ն,
Հսկող հսկա դեպքի, կամ դավի պես,—
Ես սպասել եմ, որ կամ դու, կամ ես
Կըճանաչենք իրար, իմ Նավզիկե՛։

Յուրաքանչյուր բացվող առավոտվա, կամ իմ
Յուրաքանչյուր տեսած երազի մեջ,—
Անգամ մի դուռ է երբ իմ դեմ բացում քամին —
Հանդիպումդ եմ հսկում, իմ Նավզիկե։

Մանկությունից իմ լուրթ — մինչև կեսօրն իմ թեք,
Իմ օրերում՝ անցած երազի պես,—

[ էջ 465 ]

Ես սպասել եմ, որ — ահա կելնես իմ դեմ,
Ամենօրյա ցնորք իմ, Նավզիկե՛։

Ե՛վ իմ գրքերն ամեն, և՛ իմ երգերն անմեռ,
Ե՛վ բորբք հուրն իմ այս ծարավի կեզ,—
Ի՛նչ որ արել եմ ես, ի՛նչ անելու եմ դեռ —
Քեզ գտնելու համար է, իմ Նավզիկե՛...

Եվ մինչև օրն այն սև, մինչև դառնա նսեմ,
Մինչև ավյունս ամբողջ նվազի — քեզ
Ես փնտրելու եմ իմ ուղիներում լուսե,
Անհասնելի — իմ սեր, իմ Նավզիկե՛...

Ե՛վ պոետի հռչակ, և՛ փառքի տենչ խորին,
Ե՛վ արնաքամ երգի, երազի սե՛ր, —
Ես տենչացել եմ՝ լոկ հավատալով, որ ինձ
Դեռ սպասում ես դու, իմ Նավզիկե՛...

Որ վարդերի՛ս անդարձ, տարիներիս հնձած,
Անդառնալի ցնդած երազի տեղ —
Իմ օրերի վերջում, իբրև անհուն ընծա —
Ինձ ժպտալու ես դու, իմ Նավզիկե...

Նայադների՜ նման, նայադների՜ նման,
Կարոտներիս ձայնով կանչել ես ինձ,—
Խոստանալով սիրո անհատնելի հմայք
Եվ թողնելով լոկ մահ ու կարոտի կսկիծ։

II

Կնոջս՝ Արփենիկ Չարենցի հիշատակին

 

Նայադների՜ նման, նայադների՜ նման,
Կարոտներիս ձայնով կանչեց նա ինձ,—
Նա խոստացավ սիրո անհատնելի հմայք
Եվ ինձ թողեց միայն մահո՛ւ կսկիծ...

[ էջ 466 ]

Նաժիշտներով իր յոթ շրջապատված՝
Նաժիշտներով սիրո և դավի կե՛զ,—
Իբրև հոժա՛ր կամքով մահապարտված՝
Ընդունեց սերն իմ սև — իմ Նավզիկեն...

Կարոտներիս ծովի կղզիներում անցած
Դու իմ կղզին եղար միակ ոսկե,—
Բայց սև աղետ դարձավ ու մահացու հանցանք
Քեզ համար սերն իմ սև, իմ Նավզիկե...

Եվ վարդագույն, ինչպես մի վարդագույն մարջան,
Կարոտներիս կարմիր ավազի մեջ—
Դու ժպտացի՛ր, անցար, աներևույթ դարձար,
Օ, մահացու իմ սեր, իմ Նավզիկե...

III

...Արդեն նայիվ դարձած նայադների նման,
Նայադների նման քնքուշ ձայնով՝
Խոստանալով գարո՛ւն ու գարնային հմայք՝
Այն ո՞վ է ինձ կանչում, այն ո՞վ...

Ինչպես Ուլիս՝ տրված կարոտներիս կայմին՝
Նայադների չքնաղ երգի՛ն գերի՝
Ամբողջովին տրված իմ հուշերի ձայնին,
Ես մոտեցա կրկի՛ն այն ափերին...

Մի՞թե կրկին, իբրև վերադարձող Ուլիս՝
Մի անհնար, չքնաղ երազի մե՛ջ —
Պիտի տեսնեմ կղզի՛ն այն, ուր սիրով լի՝
Ինձ հանդիպեց մի օր — իմ Նավզիկեն...

Նո՛ւյն նայադներն ահա — և կախարդիչ նույն երգը,—
Բայց ավելի՛ անհուն ու հմայիչ...
Եվ մոտենում է նո՛ւյն կախարդական եզերքը՝
Բայց... ինչո՞ւ է թվում նա ամայի...

[ էջ 467 ]

Նո՛ւյնն են ափերը լուրթ,— և պտույտի ելած
Նո՛ւյն աղջիկներն ահա,— և Նավզիկեն...
Բայց նա նայեց անթարթ և աչքերում ցոլաց
Անդառնալի անցածը — երազի պես...

Եվ սուզվելով, ինչպես մի վարդագույն մարջան,
Տարիների կարմիր ավազի մե՛ջ՝
Անվերադարձ անցավ և զառանցանք դարձավ —
Մանկությա՛ն պես անցած— իմ Նավզիկեն...

IV

Նայադների՜ նման, նայադների՜ նման,
Կարոտներիս ձայնով կանչեցին ինձ,
Խոստանալով սիրո անհատնելի հմայք,
Եվ թողնելով միայն — մահու կսկիծ։

Արկածներիս ծովի կղզիներում անցած,
Ինձ հանդիպեց քանի՜ Նավզիկե,
Որ հեռացավ, անցավ իր կարոտին կառչած՝
Իբրև ուրի՛շ Ուլիս, ուրիշ սե՛ր...

Հեքիաթային կապույտ իր եզերքին կառչած՝
Իբր ուրիշի՛ սիրո մի Նավզիկե —
Իր Ուլիսին հսկող արքայադուստր դարձավ՝
Կարոտներիս կարմիր երազի մեջ...

Եվ կարոտիս կառչած արքայադուստր կարծած
Քանի՜, քանի՜ չքնաղ Նավզիկե —
Ընկղմվեցին, կորան, որպես կարմիր մարջան՝
Կարոտներիս կարմիր ավազի մե՛ջ...

Արկածներիս կապույտ կղզիներին կառչած՝
Վայրկյաններիս կարմիր երազի մե՛ջ՝
Մի՛շտ ուրիշի սիրո արքայադուստր դարձավ
Ինձ հանդիպած ամե՛ն մի Նավզիկե...

[ էջ 468 ]

Բայց ուրիշի երկրում արքայադուստր դարձած
Իմ կորցրած ամե՛ն մի Նավզիկե՝
Ինձ հանդիպեց կրկին և սիրուհի դարձավ —
Իմ երգերի կարմիր ավազի՛ մեջ...

Երազներում անվերջ երազելով նրանց,
Իմ կրքերի կարմի՛ր ավազի մեջ —
Ինչ-որ մնում էր դուրս իմ երգերից գրած—
Իմ չսիրա՛ծ աղջիկ, տվեցի քե՛զ...

Տարիներում անցած իմ կարոտին կառչած՝
Իմ չերազած միա՛կ իմ Նավզիկե,
Ուր սպասում էի — կորցըրի նրանց՝
Երազներում սիրած, երազի՛ պես...

Արկածներիս կարմիր կարոտներում փնտրած՝
Ինձ չըժպտաց և ո՛չ մի Նավզիկե,—
Եվ ինչ տալու էի ես աշխարհում նրանց—
Իմ չսիրած աղջիկ, տվեցի քեզ...

Ինչ որ դեռ դուրս մնաց իմ երգերում գրած՝
Իմ կրքերի կարմիր ավազի մեջ,—
Ինչ որ տալու էի ես աշխարհում նրանց—
Կյանքում տվեցի քեզ, իմ Նավզիկե՛։

Ուղիներում կյանքի, բիրտ օրերում մեր այս,
Ինչ-որ կարոտ էր, հուր — ես տվի քեզ,
Որ չըմնա երա՛զ էլ, որ երազեմ նրանց,
Որ չկանչե էլ ո՛չ մի Նավզիկե։—

Սակայն կրկի՜ն, կրկի՜ն նայադների նման,
Կարոտների ձայնով կանչում են ինձ,
Խոստանալով սիրո անհատնելի հմայք,
Թե ինձ տալով միայն— մահու կսկիծ։—

Ո՛չ գգվանքներս՝ քեզ շռայլորեն ցրած՝
Գիշերներիս կարմիր երազի մեջ,—

[ էջ 469 ]

Ոչ կարոտներս անհուն՝ իմ երգերում գրած,—
Չսպառեցին կարոտն իմ, Նավզիկե՛։—

Նայադների՜ նման, նայադների՜ նման,—
Կարոտների կանչով կանչում ես ինձ,
Եվ կանչելու ես ինձ, քանի կյանքում դեռ կամ,
Խոստանալով ինձ սեր, տալով— կսկիծ...

Եվ կկանչեն նրանք մինչև անշնչացած՝
Վայրկյաններիս վերջին երազի մեջ՝
Ինձ համբուրե, իբրև իր Ուլիսին տենչած՝
Վերջին շնչիս կառչած իմ Նավզիկեն...

1936. 21. IX

 

ՊՈԵՄ ԱՆՎԵՐՆԱԳԻՐ

ԳԼՈՒԽ ԱՌԱՋԻՆ

Երազների մասին

1

Զարմանալի շփոթ ու անհեթեթ, ու մութ
Ես մի երազ տեսա այս երեկո հանկարծ։—
Ո՛չ թե երազ էր այդ, այլ էապես մի մութ
Զառանցական տեսիլ, կամ հոգևոր արկած,
Որ ապրեցի կարծես կախարդական քնում,
Աչքերըս բաց, անխոհ կիսարթըմնի պառկած
Իմ սենյակում, ինչպես սովորաբար, հանգիստ,—
Ընտելացած արդեն այս արթըմնի կյանքին։

2

Արդեն վաղուց է, որ ես մատնված եմ այս
Զառանցանքի նման անիրական կյանքին։—
Եվ, իոգի նման ծալապատիկ նստած՝
Վարժեցնում եմ ոգիս հայեցումի անկիրք...

[ էջ 470 ]

Պարզ՝ ստիպում եմ ինձ՝ կամքիս ուժին վստահ՝
Ճաշակելու համար անեզրական հանգիստ,—
Ինչպես որ այդ հնդիկ իոգին է վայել—
Իմ սեփական պորտին՝ լուռ՝ ժամերով նայել...

3

Եվ ի՞նչ։— Հասնո՞ւմ եմ ես երանության արդյոք,—
Թե՞— զզվելով պորտիս չքնաղագեղ տեսքից—
Նզովելով ոգու ստրկության արդյունք
Հանդիսացող ամեն վերացական հանգիստ,—
Հռնդալով, խնդուն նետելով դեն անթով
Երանությունն հոգու,— հղում եմ հիմն անգին
Բարիքներին կյանքի, որ մարմնական, շարժուն—
Վառվում, կիզվում են վառ ու վառվելով կորչում...

4

Ավա՛ղ — որքան էլ ինձ և՛ հարազատ, և՛ մոտ,
Եվ ըղձալի է լոկ այս բռնկումն անգին,
Որ ապրելու միակ ձևն ու իմաստն է հար,
Միակ ընթացքը թեժ դեռ կենդանի կյանքի,—
Բայց, մատնված բախտի քմհաճությամբ հիմար՝
Այս մենությանն անծայր, այս վիճակին անկիրք,—
Խողխողելով ոգուս հանդգնությունն հախուռն—
Ընտելացա ուրի՛շ մոլեգնության մի խուլ...

5

Օ, անհեթեթ իմ բախտ, Բեհզեբուղի1 նյութած—
Իմ հորոսկոպ2 մթին, իմ դիցուհի անքիթ...

--------------------------------------

1 Բեհզեբուղ — եբր. իշխան ճանճ, ճանճի իշխան, փյունիկցիների և ասորիների հին աստվածը, ճանճիկ, հրեաների մոտ՝ չար ոգի, դև. ավետարանում (Մատթ. ԺԲ 24) Բ-ն կոչվում է դևերի իշխան:
2 հորոսկոպ հուն. բառացի՝ ժամանակը դիտող, մարդու ծննդյան պահին լուսատու մարմինների դասավորության աղյուսակ, որ մարդու ճակատագիրը գուշակելու նպատակով կազմում էին միջնադարյան աստղագետները:

[ էջ 471 ]

Միաչքանի իմ կուռք՝ Կալկաթայում գտած,—
Իմ մահ, իմ մա՛ռ, իմ Մոյրա՛1— Մռա՛— ճակատագիր...
Ավա՛ղ, ապողոնյան ոչ թե վճիտ իմաստ,—
Տախտակներիդ վրա, այլև չնչին մի գիր
Հելլենական — չկար... Այլ նշաններ կոպիտ —
Ծուռն՝ հետքերի նման կույր դիցուհու բոպիկ...

6

Բայց ոչ... Ների՛ր ինձ, ո՛վ իմ անժաման ընկեր,
Իմ սիրուհի, իմ քույր, իմ երազանք անեղծ...
Ողջունեցիր դու ինձ, ինչպես լուսաստղը ջեռ,
Քույր Դիանի2 պայծառ արծաթազօծ աղեղ
Եվ ոսկե նետ ձեռիդ՝ որս չտեսած ու դեռ
Նոր դաշտավայր ելած, ձույլ կոնքերով ու նեղ,
Տղայական մարմնով մի մանկամարդ նրբին,
Լուսաթաթախ, ինչպես աստեղահև3 արփին...

7

Այո՛... Որքան էլ ես քեզ նզովեմ՝ հիմար
Կամ անճարակ մարդկանց հերյուրանքից զզված,—
Սակայն հո չե՞մ կարող ես մի եզի նման
Անգիտաբար լիզել իմ կողերին քսած
Ամեն կավիճ ու ցեխ,— կամ <1 անընթ. բառ> համար
Անմտորեն փնչալ, հին թելերից հյուսված
Երեսն ի վայր կախված չոր ծոպերի փնջին,
Որ պաշտպանում են դիմքն երամներից ճանճի...

8

Ո՛չ, անթատակ իմ բախտ,— դու գեղեցիկ էիր,
Դու բարձրացար, ինչպես արծաթացոլ, զուլալ,—

----------------------------------------

1 Մոյրա հուն. ճակատագիր. Մոյրաները երեք քույրեր էին. ըստ հուն. դից. ճակատագրի անողոք աստվածուհիներ (Զևսի և Ֆեմեդի դուստրերը, որոնք գիտեին ճակատագրի կամքը):
2 Դիանա — հին հռոմեական դից. մեջ որսորդության աստվածուհին, համապատասխանում է հայկական Արտեմիդին
3 աստեղահև — աստղերի ձևքն ունեցող, աստղերի պես մարմրող:

[ էջ 472 ]

Այգաբացի աստղիկ,— և ըղձանքներ բերիր,
Եվ կարոտի վարդեր, և ադամանդ ու լալ
Երջանկության, փառքի, երազանքի վերին,
Եվ սկզբում չկար անգամ չնչին քուլա
Հորիզոնում քո ջինջ, անեզրական, կապույտ,—
Երգըդ երբ նո՛ր էր դեռ փառքի կամար կապում...

9

Ի՞նչ անեիր սակայն, անօգնական իմ սեր,
Նաիրական իմ երգ, եղերական իմ բախտ,—
Որ նախատինք թվաց սյունհոդոսին1 այն սև,
Եվ սինկլիտին նսեմ — իմ ծառացումն այդ վաղ,—
Եվ աճեցիր որքան ու խոյացար դու վեր —
Այնքան դժնի դարձավ շնորհներից անկախ,
Ծագման տեղից բխող իրավունքով վերին
Քանքարազուրկ մարդկանց այդ եղկ ոհմակներին...

10

Բայց դու ինչքան անգետ, ու միամիտ, ու խեղճ,
Ու բանաստեղծ էիր, բա՛խտ, երկնայի՛ն իմ քույր...
Դու հավատում էիր երգիդ ուժին անեղծ,
Եվ երգելով միայն, հրապույրով մաքուր
Ընդդիմանում նոցա հերյուրանքին ու եղկ
Բամբասանքին,— անգամ, թե բացարձակ, թե խուլ
Խլուրդային, անկանգ արշավանքը նոցա
Համարում քար՝ դեպի արեգակը գցած...

< 1937, մարտ>

-----------------------------------------

1 սյունհոդոս — եկեղեցական ժողով, որ գումարվում էր կրոնական-եկեղեցական զանազան խնդիրներ վճռելու, վճիռը պարտադիր էր եկեդեցիների համար:

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր՝ «Լույս» հրատարակչություն, Երևան 1985
Տրամադրել է՝ Միքայել Յալանուզյանը

Տես նաև
Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice