ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian

Եղիշե Չարենց

ԵՐԿԻՐ ՆԱԻՐԻ


Նախորդ էջԲովանդակություն  | Հաջորդ էջ

[ էջ 113 ]

ՄԱՍՆ ԵՐՐՈՐԴ ԵՎ ՎԵՐՋԻՆ ԵՐԿԻՐԸ ՆԱԻՐԻ

Միթե սա՞ է երկիրը Նաիրի...
Ե. Չ. «Շոգեգալուստ»

Մենք արդեն անցնում ենք մեր սույն այս վեպի կարևորագույն մասին— և այստեղ է ահա, սիրելի ընթերցո՛ղ, որ, ինչպես ասում են՝ իր ամբողջ հասակով կանգնում էր մեր առաջ մեր առաջադրած հիմնական խնդիրը, թե ո՞րն է, վերջապես, երկիրը Նաիրի։ Սույն այս վեպիս առաջաբանում, հիշո՞ւմ ես, ես հարցրել էի սրտմտությամբ, կասկածով հարցրել էր սիրտս, թե, գուցե, մշուշ է նա, Նաիրին, ուղեղային մորմոք, սրտի հիվանդություն... Եվ ճիշտ որ,— ո՞րն է այդ Նաիրին։ Ինչու համար եմ սույն այս վեպիս ամեն մի էջում մի նկարագրած քաղաքը անվանում «նաիրյան» քաղաք, և մարդկանց որ ապրում են այդ քաղաքում — «նաիրցիներ»։ Մի՞թե կարող էր «ուղեղային մորմոքը» կերպավորվել և իրականություն դառնալ, մի՞թե կարող էր, սիրելի ընթերցո՛ղ, միս և մարմին ստանալ «սրտի հիվանդությունը» — և քայլել քաղաքում, հասկանո՞ւմ ես, ո՛չ թե ուղեղում կամ սրտում, այլ իրական քաղաքում, որպես մի թեկուզ հենց, ասենք, Գեներալ Ալոշ, կամ Մեռելի Ենոք, կամ, լավագույն դեպքում — որպես մի Համո Համբարձումովիչ — Մազութի Համո... Իհարկե ոչ, կասե ամեն մի խելքը գլխին անձնավորություն — չէ՛ր կարող։ Զառանցանք չէ՛ր այդ քաղաքը, և ոչ էլ նրանում ապրողներն էին զառանցանք, և, այո՛, ես ամենայն վճռականությամբ կարող եմ ասել, որ ոչ ոք էլ դրանցից իրեն չէր համարում «նաիրցի», և ոչ էլ այդ քաղաքը, ուր ապրում էր ինքը — «նաիրյան» մի քաղաք։ Ուրեմն ե՞ս եմ հնարել այդ լեգենդը, սիրելի ընթերցո՛ղ, որ մոլորեցնեմ մարդկանց դատարկ զրույցներով, գուցե ե՞ս եմ հնարել, որպես թուղթ մրոտող, անբան մի բանաստեղծ, որին ևս «քամի թռցնող» պիտի անվաներ վարսավիր Վասիլը, եթե այս գրությունս կարդար։ Այո՛։

[ էջ 114 ]

Ի՞նչ «Նաիրի»։ Եվ ամենից առաջ, որտեղի՞ց մեյդան ընկավ այդ անունը, ի՞նչ է նա նշանակում։

Սիրելի ընթերցո՛ղ։ Ես չեմ հնարել այդ անունը և պարզապես չգիտեմ, թե ի՞նչ է նա նշանակում։ Գուցե «Նաիրի» նշանակում է ցնորք, ո՞վ իմանա։ Գուցե և նշանակում է՝ «անքաշ պանիր» — աստված ինքը գիտե։ Կամ, գուցե, «Նաիրի» այն գարին է նշանակում, որ տեսել է երկարականջ քեռին իր այն նշանավոր երազում։ Չգիտեմ։ Եվ ի՞նչ նշանակություն ունի վերջապես, թե ի՞նչ է նշանակում «Նաիրի»։ «Նաիրին» Նաիրի է — պրծավ գնաց։ Պայմանավորվենք միայն, որ դա, մի շարք այլ բաներ նշանակելուց բացի, մի երկրի անուն է, ինչպես Սողոմոնը — մարդու և... Եվ նորից — խոչընդոտ, սիրելի ընթերցող։ — Որտե՞ղ է, ո՞րն է այդ երկիրը— կարող ես հարցնել դու հիմա,— և ես նորից կարող եմ մնալ քիթս կախ, այսինքն՝ շվարած։ Շվարած ո՛չ թե այն պատճառով, որ չգիտեմ այդ երկրի տեղը, այլ այն հասարակ պատճառով, որ իմ հավաքած պատմական և աշխարհագրական ստույգ տեղեկությանց նայելով— այդ երկիրը շատ քիչ է նման գոյություն ունեցող այլ երկիրներին, ասենք — Արգենտինային, Չիլիին, Տաճկաստանին, Ռուսաստանին, կամ թեկուզ Հաբեշստանին կամ Ալբանիային... Քիչ է նման ո՛չ թե իր աշխարհագրական դիրքով, բնակիչների կազմով, պետական սիստեմով և այլն, այլ... Հենց այս «այլումն» է բանը, սիրելի ընթերցող։ Այս «այլն» է ահա, որ ձեռնթափ է անում ինձ, քարից քար խփում, խայտառակում։ Բանն այն է, որ այդ «երկիրը», այդ չարաբաստիկ «Նաիրին», ինչպես բանաստեղծներն են հաճախ ասում իրենց գերերկրային սիրուհիների մասին — «և կա, և չկա»։ Կա, իհարկե, կա, եթե ոչ ինչպե՞ս պիտի ապրեին «չեղյալ» այդ երկրում մի շարք այնպիսի պատկառելի մարդիկ, ինչպիսիք են նույն Գեներալ Ալոշը, Օսեփ Նարիմանովը, Քոռ Արութը, պ. Մարուքեն, — ո՞րը թվեմ։ Մարդիկ, որոնց երկրային գոյությունը, ինչպես տեսնում եք, ոչ մի դեպքում չի կարելի, իհարկե, կասկածի ենթարկել։ Եվ, միևնույն ժամանակ, չկա, որովհետև... եթե նա լիներ,— ապա ուրեմն ինչո՞ւ նա պիտի անվանվեր «Նաիրի» — այսինքն կրեր մի անուն, որ դուք չեք գտնի այսօր և ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա։ Փորձեցե՛ք մի նամակ գրել և հասցեագրել այսպես՝

«Երկիր Նաիրի— Գեներալ Ալոշին»—

տեսեք ո՞ւր կհասնի։ — Կարծո՞ւմ եք մեր նկարագրած քաղա՞քը։ Սխալվո՛ւմ եք։ Ուրեմն ճանապարհի՞ն կմնա ։— Երևակայեցեք, որ

[ էջ 115 ]

ո՛չ։ Եվ այստեղ է ահա հարցի ամբողջ գաղտնիքը, սիրելի ընթերցող։ Ձեր այդպես հասցեագրած նամակը կգա և կընկնի ուղիղ— ի՞նչ եք կարծում՝ Կա՞րս, Երևա՞ն, Դիարբեքի՞ր, Շապին-Գարահիսա՞ր...— Իհարկե ոչ։

Այդ նամակը կգա ու կընկնի ուղիղ մեր ամենածանոթ Համո Համբարձումովիչ Ասատուրովի— Մազութի Համոյի... ուղեղը... Ահա՛ և ամբողջը։ Եվ ահա՛ թե ինչու, վեպի շարունակությանն անցնելով, մենք պետք է դիմենք հնում մանավանդ շատ ընդունված գրական մի պրիոմի, որից այնքան խուսափում են արդի հեղինակները։ Ռենտգենյան ճառագայթի նման մենք պիտի ձգտենք թափանցել սույն այս վեպի կենտրոնական անձնավորությանց ուղեղները,— առաջին հերթին, իհարկե, Համո Համբարձումովիչ Ասատուրովի — Մազութի Համոյի ուղեղը։ Այո՛։— Ամենից առաջ Մազութի Համոյի, որովհետև նա էր (ուղեղը և ոչ թե Մազութի Համոն), որ, տարիներ շարունակ բոլոր համանման ուղեղների կատարյալ կատարելատիպը լինելով՝ որպես առասպելական այն ցուլը, կրում էր իր ուղեղե եղջյուրների վրա... երկիրը Նաիրի։ Նրան, այո՛— Համո Համբարձումովիչ Ասատուրովի— Մազութի Համոյի ուղեղին մենք պիտի դիմենք, եթե ուզում ենք իսկական աղբյուրից հանել մեր այնքան ցանկացյալ ջուրը,— եթե ուզում ենք իսկական ակունքից խմել կենարար հեղուկը մեր հավաքական, կամ իրա՝ Մազութի Համոյի տերմինոլոգիայով ասած՝ «ազգային» գոյության։

Այդ հանճարեղագույն ուղեղն ուներ հանճարեղագույն հատկություններ։— Ամենից առաջ՝ մի՞թե հանճարեղագույն հատկություն չպիտի համարել այն զարմանալի հանգամանքը, որ նա, այդ ուղեղը, Մազութի Համոյի այդ տարօրինակ ուղեղը տարիներ, դարեր շարունակ, հնամենի հնուց, կրում էր իր վերոհիշյալ եղջյուրների վրա մի ամբողջ երկիր, և այն էլ այնպիսի մի տիեզերական երկիր, ինչպիսին էր երկիրը Նաիրի։ Հասկանո՞ւմ եք՝ նրա, այդ «Լույսի» կառավարիչ Համո Համբարձումովիչի այդ գերերկրային ուղեղում, ինչպես մեր եղկ երկրագնդի որևէ հատվածի վրա, տեղավորված կային— գյուղեր ու քաղաքներ, ապրում էին մարդիկ այդ գյուղերում ու քաղաքներում, ապրում էին — ամենից առաջ հենց ինքը. Մազութի Համոն, ապա Գեներալ Ալոշը, բժիշկը, Օսեփ Նարիմանովը, Անգինա Բարսեղովնան և հազար-հազարավոր ուրիշ-ուրիշները. ազատ, քայլում էին ուղեղային քաղաքներում, գնում էին գործի և

[ էջ 116 ]

վերադառնում էին գործից, ուտում էին և արտաքնոց էին գնում.— մի խոսքով՝ անում էին այն ամենը, ինչ որ կապված է մարդկային կյանքին, ինչով որ կենդանի է այդ կյանքը։ Այդ նրանց թվում էր միայն, որ իրենք, ասենք, քայլում են Լորիս-Մելիքյանով. էապես նրանք ոչ այլ ինչ էին անում, քան եթերային տատանումներ առաջ բերելը Մազութի Համոյի տիեզերապարփակ ուղեղում, կամ Մազութի Համոյի ուղեղից սահած դեպի Լորիս-Մելիքյանը՝ մրսում էին այնտեղ դարերի խայտառակությանը գամած, ստվերային մի կյանք։ Եվ ո՛չ միայն նրանք, այլև հազար-հազարավոր ուրիշ-ուրիշները. պ. Աբոմարշը, մանրավաճառ Կոլոպոտյանը, Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆը, Կլուբի մեյմունը, Քոռ Արութը, բոլորը, բոլորը,— և ամենից առաջ մեր սույն այս վեպում այնքան մանրամասն նկարագրած բոլոր քաղաքացիք, նրանց կենցաղը, գործնական եռուզեռը, առտնին առօրյան, մի խոսքով ասած՝ ամենքը և ամեն ինչ նաիրյան այդ քաղաքում ոչ այլ ինչ էր գուցե, եթե ոչ Մազութի Համոյի տիեզերապարփակ ուղեղի եղկ արտացոլումը, ուղեղային մորմոքը միայն — ուղեղային խաղը։ Եվ մի՞թե նրա, Մազութի Համոյի հանճարեղագույն ուղեղը չէ՞ր ծնել այդ քաղաքն իր բոլոր հրաշքներով և հրաշալիքներով, ինչպես ելել էր հնում հունական Զևսի աստվածային գլխից իմաստության ու գեղեցկության գերագույն դիցուհին՝ Աթենսա-Պալասը։ Այո՛։ Այլապես ո՞նց, որտեղի՞ց պիտի ելնեին և քարակերտ վեհությամբ ապրեին դարեր— թեկուզ հենց Վարդանի կամուրջը, Բերդը, Առաքելոց եկեղեցին... Այդպես էլ ես ու դո՛ւ, ընթերցող, մեզ համար քայլել ենք տարիներ շարունակ փողոցից փողոց, մտել ենք վարսավիր Վասիլի վարսավիրանոցը և Տելեֆոն Սեթոյի սրճարան– ճաշարանը, որի ցուցանակի վրա գրված է՝ «Չայ—Ղահվե—Ճաշարան, Սեթրակ Ֆալիան» — ապրել ենք, մի խոսքով, իբր թե երկրային աշխարհաբնակ կյանքով, և չենք էլ իմացել, որ իլյուզիա է այդ բոլորը, ուղեղային մորմոք,— որ այդ ամենը ոչ թե առասպելական մի ինչ-որ խղճուկ Մայայի շղարշն է մեր աչքերի վրա, այլ այդ ամենասովորական «Լույսի» կառավարիչ Մազութի Համոյի, այդ Համո Համբարձումովիչ Ասատուրովի ուղեղային մշուշը — որ մեր ամբողջ կյանքն իր «տակով-վրայով» ոչ այլ ինչ է եղել, եթե ոչ ճիշտ որ— «ուղեղային մորմոք»— սրտի հիվանդություն... Այո՛։ Մազութի Համոյի հանճարեղագույն ուղեղի զառանցանքն էր այդ քաղաքն իր «տակով-վրայով»— և մենք, սիրելի ընթերցող, տարիներ շարունակ

[ էջ 117 ]

ապրել ենք Մազութի Համոյի ուղեղից սահած այդ զառանցանք-քաղաքում, ապրել ենք զառանցանքում, որպես «մեր տանը» — և մենք այդ չենք իմացել, գլխի չենք ընկել, չենք գիտակցել։ Եվ դո՛ւ, ընթերցո՛ղ, ավելի քան սխալված կլինես, եթե կարծես, որ սույն իմ այս պոեմանման վեպում ես ցանկություն եմ ունեցել նկարագրել իրապես գոյություն ունեցող մի քաղաք, պատկերել այդ քաղաքի երկրային բնակիչներին, վեր հանել ինչ-որ չտեսնված «տիպեր»։— Այդպիսի բաներ ես երբեք էլ չեմ մտածել, ընթերցո՛ղ, և չէի էլ կարող մտածել։ Իսկ ինչ վերաբերում է այն, առաջին հայացքից կարծես թե ինձ մատնող, հանգամանքին, որ ես քանիցս, սկզբից ևեթ, խոսել եմ այդ քաղաքի և նրա բնակիչների մասին, որպես շատ սովորական, միանգամայն հաստատ գոյությանց մասին,— ինչ վերաբերում է դրան, սիրելի ընթերցո՛ղ, ես այստեղ հարկադրված եմ ասել, բացեիբաց խոստովանել, որ ես խաբել եմ քեզ, յուղել եմ գլուխդ, ինչպես խաբել է ինձ տարիներ շարունակ Մազութի Համոն, ինչպես խաբել է և քեզ, միևնույն է՝ ապրել ես դու, թե ոչ մեր նկարագրած քաղաքում, խաբել է, մշուշ է փռել աչքերիդ— չես իմացել։ Այո՛, ընթերցո՛ղ, զառանցանք էր այդ քաղաքը, ուղեղային մորմոք— և կար, գոյություն ուներ, թվում էր, թե ապրում է երկրային— քանի կար, կենդանի էր դեռ Մազութի Համոն, քանի փռում էր դեռ օրերի և տարիների վրա իր ուղեղային շղարշը Համո Համբարձումովիչ Ասատուրովը — Մազութի Համոն։ Էլ ի՞նչ «տիպեր» կամ «հերոսներ»— և ես էլ չգիտեմ, թե էլ ի՞նչ զահրումար... Նրան, միայն նրա՛ն, այսինքն ո՛չ թե Մազութի Համոյին, այլ նրա հանճարեղագույն ուղեղին էր, այո՛, պարտական նաիրյան այդ քաղաքն իր երկրային գոյությամբ— և առանց նրա, այսինքն ոչ թե Մազութի Համոյի, այլ նրա ուղեղի, չէր կարող գոյություն ունենալ, անգամ մի երկվայրկյան ապրել ոչ միայն նաիրյան այդ քաղաքը, այլև ամբողջապես հենց ինքը — երկիրը Նաիրի։ Չե՞ս հավատում։ Նայի՛ր շուրջդ ապա. ո՞ւր է մեր նկարագրած քաղաքը, ո՞ւր են նրա բնակիչները։ Ո՞ւր են Մեռելի Ենոքը և Տելեֆոն Սեթոն... Ո՞ւր են, ո՞ւր են, վերջապես, Վարդանի կամուրջը և Առաքելոց եկեղեցին... Չկան, ծուխ են դարձել, ցնդել են մշուշում, դարձել են մուժ ու հիշատակ։ Ինչո՞ւ։— Որովհետև չկա, այլևս ցնդել է մշուշում Մազութի Համոյի ուղեղը.— չկա. մո՜ւժ է դարձել, դարձել է մշուշ ու հիշատակ։

[ էջ 118 ]

Իսկապես որ հանճարեղ կարողություններ ուներ այդ ուղեղը, զորավոր կարողություններ։ Բավական են, կարծեմ, վերևում ասածներս միայն, որպեսզի հասկացողություն կազմվի այդ հանճարեղագույն ուղեղի կարողության մասին, բայց արեք տեսեք, որ ես ամենակարևորը և ամենազարմանալին դեռ չեմ հիշատակել, ամենաաներևակայելին։ Մենք ասացինք, որ այդ զարմանալի ուղեղի վրա էր կանգնած երկիրը Նաիրի, որպես հնում աշխարհն՝ առասպելական այն ցուլի եղջյուրների վրա. բայց ինչի՞ վրա էր կանգնած ինքը, այդ ուղեղը — ահա՛ ամենաէականը։ Ինչո՞վ էր սնվում հենց ինքը, ինչո՞վ էր կենդանի այդ ուղեղն ինքը— ահա՛ հարցը։ Եվ այս հարցին է ահա, որ մենք հարկադրված ենք տալ մի ամենաանսպասելի պատասխան, ամենաաներևակայելի։—

Նա, Համո Համբարձումովիչի այդ զարմանալի ուղեղը կանգնած էր — երևակայո՞ւմ եք — հենց ինքն իր վրա... Ուրիշ ոչինչ։ Չե՞ս հավատում.— իրենի՛ց հարցրու, այսպես էր հավատացնում ինձ ինքը, այսպես էր համոզված Վառոդյանը,— ավելին՝ այսպես էր համոզված և ամբողջ «Ընկերությունը».— օ, սա ամբողջ մի փիլիսոփայություն էր, սիրելի ընթերցող,— ամբո՛ղջ մի, եթե կարելի է այսպես ասել՝ տիեզերական ուղեղասիստեմ... Կանգնած էր, ու բաստա, պրծավ գնաց, ուզում ես՝ զարմացիր, ուզում ես՝ հիացիր։ Կար, գոյություն ուներ և սնվում էր— հենց ինքն իրենով — ահա՛ թե ինչ։ Կար, գոյություն ուներ և աշխատում էր, անխոնջ ու մշտնջենական, ինչպես ինքը բնությունը, կամ, ավելի լավ է ասել՝ որպես մի իսկական «պերպետուում-մոբիլե». գերմանական հայտնի գիտնական Հելմհոլցի նշանավոր թեորիան միանգամայն ժխտելով՝ ապացուցում էր իր կենդանի օրինակով, որ նման մի ինքնաշարժ մեքենա ո՛չ միայն հնարավոր է սկզբունքորեն, այլև կա, գոյություն ունի և կարող է աշխատել՝ ինքն իրեն սնելով դարեր ու դարեր, մահանալ ու կյանք առնել նորից իր սեփական աճյունից, որպես եգիպտական մի ֆենիքս-թռչուն։ Այսպիսի՛ ահա ինքնասնույց մի թռչուն, բայց, ավելի լավ է ասել՝ «պերպետուում-մոբիլե» էր Համո Համբարձումովիչի ուղեղը, ինքնաշարժ մեքենա, որ, ինչպես ասացինք, ինքն իրեն սնելով՝ դուրս էր թողնում, հանում էր շրջանառության անսպառ քանակությամբ— ո՛նց ասենք... նու, ազգային եռանդ (էներգիա), որով, և միմիայն որով, կանգուն էր դեռ, չէր հավասարվել հողին, Ասորիքի կամ Բաբելոնի նման, երկիրը հնամյա—հազարամյա Նաիրին։ Կարծում ենք, որ հենց նրա, Համո Համբարձումովիչի պերպե–

[ էջ 119 ]

տուում մոբիլանման այդ ուղեղն էր ահա աչքի առաջ ունեցել մեր սիրելի, այնքան վաղաժամ մահացած պոետը՝ սույն տողերը գրելիս.—

«Եգիպտական բուրգերը փոշի կըդառնան՝
Արևի պես, երկի՜ր իմ, կվառվես վառման...»։

Այսպես ենք կարծում, ընթերցո՛ղ, և մենք հիմք ունենք այսպես կարծելու, որովհետև նույնը, ճիշտ նույնը, բառացի նո՛ւյնն էր մտածում և ինքը, նույն ինքը Մազութի Համոն, որին մենք վեպիս երկրորդ մասի վերջում կայարանում կանգնած թողինք՝ հայացքը նաիրյան հեռուն, ուր հեռացավ գնացքը՝ «նաիրյան ուժերով» բեռնավոր։ Հենց նույն այդ դառն ու ազնվական, տխուր ու ժպտաթախիծ զգացմունքն էր տիրում Համո Համբարձումովիչի սրտում, երբ նա, վայրկյանի լրջությունից ազդված, կայարանից քաղաք էր վերադառնում՝ ոչ թե, ինչպես կարելի է կարծել, ընկ. Վառոդյանի ուղեկցությամբ, այլ մենակ, մեն-մենակ տխուր ու մտախոհ՝ սեփական, այսինքն «Լույսի» տեղական գրասենյակին պատկանող կառքում ընկողմանած։

Մենակ, մտախոհ, տխուր ու ժպտաթախիծ զգացմունքներով լեցուն՝ Մազութի Համոն կայարանից վերադառնում էր քաղաք։ Եվ կայարանից մինչև բնակարանը նրա. Մազութի Համոյի աչքերը, նույն այն ժպտաթախիծ արտահայտությունն ունեին, ինչպիսին, ինչպես հիշում է ընթերցողը վեպիս երկրորդ մասի վերջից՝ ունեին նրանք (Համո Համբարձումովիչի աչքերը) կայարանում։ Այդ աչքերի ներսում դեռ գնացքն էր, այդ աչքերի ներսում դեռ հեռուն էր գնացքի՝ սահմանի այն կողմը.— Համո Համբարձումովիչի աչքերը չէին տեսնում Լորիս-Մելիքյանի, այդ չարչիական փողոցի ցածլիկ խանութները։ Համո Համբարձումովիչի աչքերում, աչքերի ներսում, նա՛ էր, ըղձալին ու երազյալը,— երկիրը Նաիրի։ Գնում էր. փողոցի փոսերից, քարերից ելևէջելով, գնում էր կառքը «Լույսի» գրասենյակի։ Համո Համբարձումովիչն ընկողմանել էր՝ կիսահուշ։ Օրորվում էր, Համո Համբարձումովիչի նստուկի նման, կառքի ցնցումներից վեր ու վար ելևէջելով, օրորվում էր Համո Համբարձումովիչի ուղեղում— երկիրը Նաիրի։ Շինվում էր. Համո Համբարձումովիչի նստուկի նման նստման կետ էր փնտրում, տանելի գոյավիճակ — Համո Համբարձումովիչի ուղեղում երկիրը Նաիրի։ Փնտրում էր, բայց չէր

[ էջ 120 ]

գտնում, օրորվում էր, ինչպես աշխարհը երբեմն առասպելական այն ցուլի եղջյուրների վրա, օրորվում էր, ելևէջում էր անհանգիստ, ելք էր փնտրում.— Համո Համբարձումովիչի ուղեղից սահելով՝ դեպի երկրայինը, դեպի գոյացման հեռուներն էր ձգտում, դեպի սահմանի այն կողմը — երկիրը Նաիրի։ Մտածում էր՝ «Ո՞րն է Նաիրին»— ու շինվում էր ուղեղում, ելնում էր դարերի մշուշից, հառնում էր Համո Համբարձումովիչի ուղեղից, որ նորից իրականանա — ո՞ւր, որտե՞ղ սակայն — ո՞ր ափերում... Կանգնում էին. դարերի մշուշից, զառանցանքից ելած, շինվում էին Մազութի Համոյի ուղեղում— քաղաքներ ու ոստաններ, ելնում էին՝ Վանը, Բիթլիսը, Մաշը, Էրզրումը, Սվազը, Դիարբեքիրը — վեց վիլայեթ։ Նաիրին էր. հին ու հազարամյա, հառնում էր, կյանք էր առնում, շինվում էր Համո Համբարձումովիչի ուղեղում՝ դեպի գալիքի զառանցանքն էր ձգվում։ Մի հանգամանք սակայն ստեղծագործական այդ նվիրական ժամին մնում էր անորոշ, մնում էր, ավելի լավ է ասել, անուշադիր.— Համո Համբարձումովիչի ուղեղի տեսողության դաշտից կարծես դուրս էր մնում, կարծես թյուրիմացաբար հաշվի չէր առնվում— մի խոշորագույն հանգամանք— եթե միայն «հանգամանք» կարելի լինի համարել մեր նկարագրած քաղաքը, որում ապրում էր հենց ինքը, Մազութի Համոն։ Նման էր, եթե անպատվաբեր չէ այսպիսի համեմատությունը,— Նասր-Էդդին հոճայի հայտնի առակին. Մոլլա-Նասր-Էդդինի նման՝ Համո Համբարձումովիչը մոռացել էր, կամ մոռանում էր հաշվել... իրեն, կամ— իր նստած երկարականջ քեռուն, այսինքն— նաիրյան այդ քաղաքը... Հասկանո՞ւմ եք՝ կյանքի ու մահու այդ ճակատագրական ժամին Համո Համբարձումովիչի տիեզերապարփակ ուղեղը կարծես մոռացել էր ամենաէականը— մոռացել էր այն, ինչ, ինչպես ասում են՝ իր, Համո Համբարձումովիչի, քթի տակ էր գտնվում։ Գուցե և չէր մոռացել, բայց... Բայց փաստը մնում էր փաստ. և այդ փաստն այն էր, որ՝ Համո Համբարձումովիչի ուղեղում, ուր շինվում էր, ելնում էր տարիների փոշուց ու ձգվում էր դեպի երկրայինը, դեպի աշխարհի երկրային հեռուն, երկիրը Նաիրի,— այդ ճակատագրական ժամին բացակայում էր ո՛չ միայն այդ քաղաքը, ուր առաջին հերթին ապրում էր հենց ինքը, Մազութի Համոն— այլն ամբողջ սահմանի այս կողմը, պատկերացնո՞ւմ եք՝ ամբողջ սահմանի այս կողմը, կարծես, ջնջել էր չարաբաստիկ մի ձեռք Համո Համբարձումովիչի տիեզերաշեն ուղեղից։ Եվ Համո Համբարձումովիչը— ո՛չինչ, չէր անհանգստանում։ Չնայած, հասկանո՞ւմ եք, Բերդին,

[ էջ 121 ]

չնայած Վարդանի կամուրջին և Առաքելոց եկեղեցուն, չնայած հին ու հնամենի բոլոր այդ նաիրյան հրաշալիքներին— Համո Համբարձումովիչի տիեզերաշեն ուղեղը մի տարօրինակ համառությամբ անտես էր առնում, ասես համարում էր չեղյալ սահմանի այս կողմը.— օ, գիտեր, հասկանում էր Մազութի Համոն, որ այստեղ չէ, որ իր հանճարեղագույն ուղեղից սահելով պիտի միս ու մարմին առներ, կերպավորվեր հաստատ, գոյանար երկրային — երկիրը Նաիրի . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

Թող չկարծվի սակայն, որ Համո Համբարձումովիչը միամտաբար էր այդպես մտածում։ Ո՛չ.— այդպես մտածելու համար Համո Համբարձումովիչի ուղեղը, ի՛նչ խոսք, որ ուներ հարգելի պատճառներ, նման պատճառները փոլիտիկոսների բարբառում կոչվում են՝ քաղաքական պատճառներ...

Բայց և այնպես, ընթերցո՛ղ,— ո՞վ իմանա։

Մի՞թե հասկանում է արևը, որ ինքը կենտրոն է մի ամբողջ համաստեղության, կարծում եմ, որ սխալված չպիտի լինեմ, եթե ասեմ, որ ոչ։

Այսպես էլ Համո Համբարձումովիչի ուղեղը և հենց ինքը, Մազութի Համոն — ի՞նչ իմանար։ Եվ այն էլ — ճակատագրական այդ օրը։ Ասում ենք ճակատագրական, որովհետև այդ օրը, ի բացառյալ բոլոր վերոհիշյալ դեպքերը— Համո Համբարձումովիչի կյանքում, ավելի լավ է ասել՝ Մազութի Համոյի ուղեղում կատարվեց և մի այլ, ավելի քան նշանակալից, գերճակատագրական— դե՞պք ասեմ, չգիտեմ, թե՞— անսպասելի մի տիեզերացնցում, որի հետևանքով տարօրինակ մի տեղափոխություն կատարեց Համո Համբարձումովիչի ուղեղում... երկիրը Նաիրի։ Բայց այս մասին արդեն հարկավոր է մանրամասն խոսել։

Համո Համբարձումովիչը, ինչպես ասացինք, կայարանից վերադառնում էր տուն։ Ուղեղում — դե ե՞րբ էր Համո Համբարձումովիչի ուղեղն իրը եղել, ուղեղում, կրկնում ենք վերջին անգամ,— նաիրյանն էր, հավիտենականը, ուղեղի մշտնջենական եղջյուրների վրա օրորվում էր, ծանր,— երկիրը Նաիրի։ Այդպես էլ հասավ իր բնակարանը և անցավ իր առանձնասենյակը, առանձնասենյակում նստած էր իր անզուգական դուստրը— Սևաչյա Պրիմադոննան։ Սևաչյա Պրիմադոննան արտասվում էր՝ գլուխը ձեռքերի մեջ առած՝

[ էջ 122 ]

արմունկները գրասեղանին։ Մոտեցավ, գրկեց դստեր գլուխը Մազութի Համոն. ուղեղում նաիրյանն էր դեռ և ոչ անձնականը, ուղեղի եղջյուրների վրա դեռ նստած էր, ծանր, երկիրը Նաիրի։ Մոտեցավ, ձեռքը, բնազդաբար, իջավ ցնցվող ուսին Սևաչյա Պրիմադոննայի. Սևաչյա Պրիմադոննան խոսելու փոխարեն արցունքոտ ցուցամատով ցույց տվեց մոր ննջարանը Մազութի Համոյին։— «Գնա՛ այնտեղ» — ասաց արցունքոտ ցուցամատը Մազութի Համոյին։ Համո Համբարձումովիչը կարծես զգաց, հասկացավ կարծես Մազութի Համոն քստմնելի մի բան. ուղեղում, ուղեղի եղջյուրների վրա, երերաց, անհանգիստ, երկիրը Նաիրի։ Համո Համբարձումովիչը զգույշ, ինչպես գողը, մոտեցավ Անգինա Բարսեղովնայի ննջարանին։ Կռացավ, բանալիի ծակից ներս նայեց, Անգինա Բարսեղովնայի ննջարանը, Մազութի Համոն. օրորվեց, ուղեղի եղջյուրների վրա թպրտաց անհանգիստ երկիրը Նաիրի... Օրորվեց, թպրտաց անհանգիստ.— Նաիրի երկիրը, ցատկելով ուղեղի եղջյուրների վրայից, ցատկելով ուղեղից— նստեց Համո Համբարձումովիչի ականջներից բուսած... պոզերի վրա։ Եվ այդ տարօրինակ-երկար, հոր ականջներից ընտանեբար բուսած պոզերի արանքից, Մազութի Համոյին գաղտագողի մոտեցած, նրա ետևը շնչասպառ կռացած, Սևաչյա Պրիմադոննան տեսավ... մազերը, կռնակը և սպիտակ նստուկը քաղաքի պարետի (բարձրահասակ սպայի), որին, նկարչական մի շքեղ կոնտրաստ կազմելով, քնքուշ փաթաթվել էին պղնձագույն սրունքներն Անգինա Բարսեղովնայի՝ իր, Սևաչյա Պրիմադոննայի, մոր — Համո Համբարձումովիչի անզուգական կողակցի . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

Այո՛։ Ո՞րն էր — «Նաիրին»...

Նա այնտեղ էր — Համո Համբարձումովիչի ուղեղա-ընտանեկան եղջյուրներին... ներողություն՝ պոզերին նստած, սնում էր, սնում էր նրան Համո Համբարձումովիչի ուղեղը, որպես մի իրականացած «պերպետուում-մոբիլե». գերմանական հայտնի գիտնական Հելմհոլցի նշանավոր թեորիան հերքելով՝ անհատնում եռանդ, իրա տերմինոլոգիայով ասած՝ ազգային էներգիա էր մատակարարում իրեն ու ամենքին։ Բայց այստեղ հարկավոր է արդեն, ինչպես ասում են՝ «փակագծերը բանալ»։ Հարկավոր է ասել, որ «Համո Համբարձումովիչի ուղեղ» ասելով պետք է մոտավորապես այն հասկանալ (մենք մոտավորապես այն ենք հասկանում), ինչ որ հասկանում են իդեալիստ փիլիսոփաներից ոմանք «ես» ասելով.— «տիեզերական ոգի»

[ էջ 123 ]

տվյալ դեպքում, իհարկե, նաիրյան մասշտաբով։ Իհարկե, Մազութի Համոյի ուղեղն էապես մի մասնիկն էր միայն Կենտրոնաուղեղասարդի, նաիրյան այդ «տիեզերական ոգու», որ շուտով, շուտով, իր դիալեկտիկական զարգացման սինթեզին հասնելով՝ պիտի իրականանար օրերում ու տարիներում, որպես հազարամյա նաիրա-արքայություն։ Նրա, այդ «տիեզերական ոգու» (նաիրյան մասշտաբով) գերագույն սուբստանցիան էր— «Ընկերությունը», այսինքն Կենտրոնաուղեղասարդը, և այդ «տիեզերական ոգու» (նաիրյան մասշտաբով) մի մասնիկն էր ահա Համո Համբարձումովիչի ուղեղը՝ տեղական սուբստանցիան;— Եվ այդտե՛ղ էր ահա Նաիրին, Համո Համբարձումովիչի այդ հանճարեղագույն ուղեղում։ Այդտեղ էր. շինվում էր այդտեղ։— Լրացել էին օրերն ու ժամանակները, ուղեղայինն արդեն երկրայինի պիտի փոխվեր, ուղեղայինը պիտի իրականանար։

Եվ այդ իրականացումը, ինչպես տեսանք, սկսվեց բավականին տարօրինակ, սկսվեց... արմատից։ Առաջին հերթին, ինչպես տեսանք, արմատը, այսինքն Համո Համբարձումովիչի ուղեղային եղջյուրները, այնքան անսպասելի կերպով, փոխվեցին— ընտանեկան ամենասովորական... պոզերի։ Բայց — «Ո՞վ չունի» — մտածեց Համո Համբարձումովիչը, մտաբերելով Արամ Անտոնիչին, գավառապետին իրան,— հազար-հազարին։ Մի ժամ չանցած՝ մոռացավ, չեղյալ համարեց այդ ամենը Համո Համբարձումովիչը. տեղ չկար ուղեղում անձնականի համար, ուղեղում տիեզերականն էր, նաիրյանը։ Քնեց, կամքի երկաթե ձեռքով սրբեց ուղեղից անհաճո միջադեպը, երազում — գնացքն էր՝ նաիրյան ուժերով բեռնավոր— երազում թռչում էր գնացքը... անկարելի հեռուն։ Բայց հաջորդ առավոտ, երբ դուրս եկավ տնից Համո Համբարձումովիչը և, կառք նստելով, ուզում էր «Լույսի» գրասենյակ գնալ — անսպասելի կերպով կառքը չշարժվեց, ձիերը, քարացած նիոբեների նման, տեղերում մնացին։ «Ի՞նչ կա» — հարցրեց Համո Համբարձումովիչն անհանգստացած, և դեռ չէր լսել կառապանի փնթփնթոցը, երբ նրա, Համո Համբարձումովիչի ուղեղից սահելով խուժեցին փողոցը, կանգնեցին իրականացած... Համո Համբարձումովիչի ուղեղա-ընտանեկան եղջերա-պոզերը, փողոցի մայթերից ձգվեցին դեպի ինքը — կենդանի եղջյուրներ, բազմագլուխ պոզեր։ Եվ ահա՝ հազիվ էր գլուխը դուրս երկարել կառքից — շրջապատեցին, լեզու առան հանկարծ այդ մարմնավորված եղջյուրնե–

[ էջ 124 ]

րը, — ներողություն՝ պոզերը։ «— Աղաա՛, մզի տե՜-ե՜-ե՜ղ, մզի խա՜-ա՜-ա՜ց, մզի խա՜-ա՜-ա՜ց, մը-զի՜— խա՜-ա՜-ա՜-ա՜-ա՜ց...» — խոսեցին, բազմաձայն ու բազմագլուխ, կենդանի եղջյուրները, այսինքն՝ պոզերը։ — «Որտեղի՞ց եք» — մեքենայաբար հարցրեց Համո Համբարձումովիչը, բնազդորեն, երևի, գլխի ընկնելով, որ ինչ-որ առնչություն պետք է լինի դրանց և իրա, այսինքն Համո Համբարձումովիչի, ուղեղա-ընտանեկան եղջերա-պոզերի մեջ։ «— Որտեղի՞ց եք» — հարցրեց Մազութի Համոն։

«— Բա՜-սե՜-նա՜, Բա՜–սե՜–նա՜,— սե՜-նա՛»— խոսեցին, հազարբերան ասին, խուժեցին ուղեղը։— «Գաղթական են, սահմանեն են փախե) — պարզաբանեց կառապանը Մազութի Համոյի. խռնվեց, խառնվեցին իրար, ուղեղից սահելով՝ ետ նորից Համո Համբարձումովիչի ուղեղը խուժեցին եղջյուրներն ու պոզերը, ուղեղում հաստատ ու մարմնավոր, Նաիրին էր արդեն — երկրայինը.— կառք, կառապան, բարձրահասակ սպա, Անգինա Բարսեղովնայի պղնձագույն սրունքները — գաղթականներ... Բասեն։

Ձեռքը քաշում էր կառապանի թևից։ Կառքի մեջ — հասակովը մեկ կանգնած— արդեն «Լույսի» գրասենյակն էր գնում Համո Համբարձումովիչը.— ուղեղից ելնելով, արդեն դիմավորում էր նրան գրասենյակի դռներում ընկ. Վառոդյանը՝ փափախավոր . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

Երկուշաբթի էր. հազար ինը հարյուր տասնչորս թվականի դեկտեմբերը։

Եվ այստեղից է ահա, որ, կարծես Մազութի Համոյի ուղեղից սահելով, կերպավորվելով աշխարհում, որպես Մազութի Համոյի ուղեղից ելած առտնին զառանցանք՝ գլորվեցին օրերը, տխուր ու աղետաբեր, գլորվեցին և իրականացան 1914, 15, 16 թվականները — ելան, տեսիլանման, հանճարեղագույն այդ ուղեղից և իրականացան այնտեղ, սահմանի այն կողմը, այնտեղ, ուր պիտի հառներ տարիների մուժից երկիրը Նաիրի, այնտեղ, ուր հեռացավ գնացքը՝ «նաիրյան ուժերով» բեռնավոր։— Իրականացան այդ տարիները, դաժան ու անկարելի, այնտեղ — Վանում, Բիթլիսում, Մուշում, Դիարբեքիրում,— այնտեղ — Էրզրումում, Սվազում, Երզնկայում,— այնտեղ— Գարահիսարում... Անապատում ելած միրաժի նման՝ ելավ— գետնահարվեց, վերջին պատրանքով շնչավորված հնամյա երազը, գետնահարվեց — արդյո՞ք ընդմիշտ... Ու մնացին — դիեր, դիեր, դի–

[ էջ 125 ]

եր,— առտնին զառանցանք։ Ու մնացին — ավերակներ։ Ու մնաց... Մազութի Համոն՝ նաիրյան այդ քաղաքում կանգնած կենդանի Նաիրի. որպես հավիտենական պերպետուում-մոբիլե, որ, ինքն իրեն սնելով, անսպառ քանակությամբ «ազգային եռանդ» է հղանում, շնչավորելով հավիտենացածը՝ մի՞թե անկարելին... Եվ բազում դեպքեր ու պատմություններ եղան մեր նկարագրած քաղաքում, բայց այդ բոլորը մենք թողնում ենք մի կողմ, թողնում ենք... դարերին։ Գլորվեցին, ինչպես ասացինք, 1914, 15, 16 թվականները, դատարկվեց ու ամայացավ այդ մռայլ տարիներում երկիրը Նաիրի,— բայց, ինչպես հայտնի է քեզ, ընթերցող, պատահեց այնպես, որ «ռուսը», ինչպես մեր նկարագրած քաղաքի բնակիչներն էին ասում՝ գրավեց երազյալ վայրերը, հասավ, իհարկե հասավ Էրզրում, բայց ոչ թե «յոթ» օրում, ինչպես Մազութի Համոն էր գուշակում, այլ անհամեմատ ավելի երկար ժամանակամիջոցում։ Բայց միթե ա՞յս է հարցը, ընթերցո՛ղ։— Օ, ոչ. իհարկե ոչ։ Գրոշի արժեք չուներ այդ հարցը, մի ինչ-որ քաղաք գրավելու ժամանակամիջոցը սխալ գուշակելու խնդիրը, Մազութի Համոյի համար.— զինվորական չէր Մազութի Համոն և ոչ էլ ստրատեգ, այնպես որ նրա հաշիվներում պատահած այդ փոքրիկ սխալը, այդ ինքնին չնչին հանգամանքը, ապացուցում էր ամենից առաջ իրեն, Մազութի Համոյին, և ապա «Ընկերության» բոլոր մնացած անդամներին, որ «աղետների» հարցում միանգամայն անմեղ է ինքը, Մազութի Համոն, ինչպես և «Ընկերությունը»։ Եվ ճի՛շտ որ. ինչո՞ւ հնարավոր չէր Էրզրումի գրավումը «յոթ» օրից, ո՞վ էր խանգարողը։ Ո՞վ կար դեմը կեցած, ի՞նչ զորավոր ուժ. ռազմի ի՞նչ կարողություն... Ծիծաղելի էր, դառը ծիծաղ էր հարուցանում ինչպես Մազութի Համոյի իրա, այնպես էլ «Ընկերության» մյուս ազդեցիկ անդամների սրտում այդ անհասկանալի անհեթեթությունը... Ո՞վ, ո՞վ վերցրեց Վանը, եթե ոչ՝ Նաիրյան բանակը, ո՞վ վերցրեց նույն Էրզրումը... « — Սրիկանե՛ր, լրբեր, դավաճաննե՛ր» — փրփուրը շրթունքներին որոտում էր հաճախ, ձեռքը սեղանին խփելով։ Տեղական Կոմիտեի նիստերին, Մազութի Համոն.— «Ո՛չ. էլ ես... չեմ, էլ չե՛մ կարող հանդուրժել դրանց այդ լկտի վերաբերմունքը» — գոռում էր, փրփուրը բերանին, Մազութի Համոն,— և ապա գնում էր գավառապետի բնակարանը, ուր հանգստանում էր մի քիչ, հանգստացնում էր ջղերը Ագրիպպինա Վյադիսլավովնայի, իր անգին կողակից Անգինա Բարսեղովնայի, քաղաքի պա–

[ էջ 126 ]

րետի (բարձրահասակ սպայի) և իր անզուգական դստեր՝ Սևաչյա Պրիմադոննայի հետ՝ «դուռաչկի» խաղալով։

Չէր վհատում.— Կենտրոնաուղեղասարդի ուղեղատատանումներին ենթակա ու հլու՝ օրերի լրացմանն ու արյան հատուցմանն էր սպասում Համո Համբարձումովիչի ուղեղը, սպասում էր, որ համաշխարհային պատերազմը վերջանա և հաշտության սեղանին նստեն ազգերն ու ժողովուրդները, գիտեր, համոզված էր նա, որ այն ժամանակ արդեն կիրականանա երազյալը, կկատարվի անխուսափելին. կթռչի, անգոյության գիրկը կգլորվի Հավիտենական Հիվանդը, և նրա դիակի վրա, նրա նեխած մարմնի քայքայումից ելնելով՝ կկանգնի, պայծառ ու երկրային— երկիրը Նաիրի։ Այսպես էր մտածում, այսպես էր հավատացած Համո Համբարձումովիչը, բայց անցավ 1916-ը, եկավ 1917-ը և, երևակայո՞ւմ եք, պատահեց անսպասելին, կատարվեց— անսպասելի, կատարվեց— հանկարծ...

Այդ անսպասելին, Համո Համբարձումովիչի — Մազութի Համոյի համար այդ հանկարծակի պատահածը, որ շարժեց տեղից, շփոթ ու իրարանցում մտցրեց ոչ միայն Համո Համբարձումովիչի, այլև ամբողջ «Ընկերության» կենտրոնաուղեղում— Ռուսական Հեղափոխությունն էր, հազար ինը հարյուր տասնյոթ թվականի փետրվարը...

Այստեղից է ահա, որ մենք պիտի անցնենք մեր նկարագրած քաղաքի վերջին դեպքերի պատմությանը։

Սկսվեց նրանից, որ մի օր, միանգամայն անսպասելի կերպով, քաղաքի փողոցներում երևաց, զինվորականի շորերով և չսափրած, բորբսնած դեմքով, վեպիս երկրորդ մասից մեզ արդեն բավականին ծանոթ Կարո Դարայանը. ճիշտ այնպես, ինչպես առաջին անգամ իր հայրենի քաղաքը գալիս, եկավ ու իջավ— ուղիղ պ. Մարուքեի բնակարանը։ Եվ ահա, նրա գալուց ընդամենը մի օր հետո, ցերեկվա ժամը մոտավորապես 11-ին, հանկարծ փակեց «Լույսի» գրասենյակը Համո Համբարձումովիչը. հապշտապ, և այն էլ ոչ թե կառքով, այլ — չտեսնված երևույթ— ոտքով տուն եկավ Մազութի Համոն ու փակվեց իր առանձնասենյակում, հրամայելով ծառային, որ բոլոր իրեն հարցնողներին, բացի ընկ. Վառոդյանից և բժշկից, հայտնի, որ ինքը տանը չէ։ Մինչև երեկո այդ օրն իր առանձնասենյակում մնաց Մազութի Համոն։ Վարագույրները քաշել էր ու նստել կիսախավարում, լուռ էր. գլուխը ցավում էր մի քիչ. ուղեղում... պարա–

[ էջ 127 ]

պություն էր այդ օրը՝ անգո մի մշուշ, բաց տարածություն։ Կտրվել էին կարծես օրերն ու տարիները, հատվել էր ինչ-որ բան Համո Համբարձումովիչի ուղեղում, այդ օրը ուղեղում, ինչպես ասացինք, մշուշ էր թափանցիկ — բաց տարածություն։ Բայց այդ բաց տարածությունը երբեմն-երբեմն սկսվում էր լցվել, կարծես քնած էր արթմնի ու, արթմնի երազում, տեսնում էր տեսիլներ, տեսնում էր.—

— Թեքվել էր Ագրիպպինա Վլադիսլավովնան իր վրա ու քնքո՜ւշ-քնքո՜ւշ կկոցում էր, ինչպես մի անմեղ աղավնի... Նայում էր աչքերին. Ագրիպպինա Վլադիսլավովնայի աչքերում ևս մշուշ էր թափանցիկ, բաց տարածություն... Ագրիպպինա Վլադիսլավովնան թվում էր փոքրի՜կ-փոքրի՜կ. մանկական կարմիր շրթունքներով համբուրում էր Համո Համբարձումովիչի սառը շրթունքներն Ագրիպպինա Վլադիսլավովնան։ Նայում էր, անթարթ նայում էր Ագրիպպինա Վլադիսլավովնայի աչքերին Համո Համբարձումովիչն ու նկատեց. Ագրիպպինա Վլադիսլավովնայի աչքերի բաց տարածությունն սկսեց լցվել, լցվել, իմաստավորվել, իմաստ ստանալ։— «Չե՞ս ճանաչում» — հարցնում էր բաց տարածությունն Ագրիպպինա Վլադիսլավովնայի աչքերից Համո Համբարձումովիչին. Համո Համբարձումովիչը նայեց– նայեց— ու վեր թռավ տեղից, երազից արթնացողի նման ձեռքով շփեց ճակատը Համո Համբարձումովիչը. նայեց՝ թեքվել էր վրան— իր անզուգական դուստրը՝ Սևաչյա Պրիմադոննան, նայում էր աչքերին։ Աչքերում— մշուշ էր անգո՝ բաց տարածություն։ — «Ի՞նչ կա»— հարցրեց Համո Համբարձումովիչն անհանգստացած. Սևաչյա Պրիմադոննան հառեց աչքերը գետնին. հետո արագ-արագ, կարծես դաս ասելիս լիներ, խոսեց. Համո Համբարձումովիչն իր դստեր կարկտի պես թափվող խոսքերից միայն այն հասկացավ, որ ինքն իսկույն պետք է գնա գավառապետի բնակարանը։ Վեր կացավ Համո Համբարձումովիչը, հագավ վերարկուն, վերցրեց ձեռնափայտը, գնաց։ Արդեն մութն էր, երեկոյան ժամն արդեն 10-ը կլիներ, երբ Համո Համբարձումովիչը մտավ գավառապետի բնակարանը։ Մարտի 2-ն էր. 1917 թվի մարտի 2-ը։

Թե ինչ էր խոսվել այդ երեկո գավառապետի բնակարանում— աստված ինքը գիտե, բայց մի քանի օր անց պ. Մարուքեն ասում էր, որ այդ երեկո գավառապետի մոտ են եղել բացի Համո Համբարձումովիչից, նաև բժիշկը, Օսեփ Նարիմանովը, Գեներալ Ալոշը և դպրոցի տեսուչը— Արամ Անտոնիչը։ Բայց մենք այդ առթիվ ստույգ

[ էջ 128 ]

տեղեկություններ չունենալով՝ հարցը թողնում ենք բաց. հարցի տեղ թողնում ենք— բաց տարածություն, թող լցնի, ում երևակայությունն ինչով որ կամենա, այդ բաց տարածությունը։ Մենք ենթադրություններ չենք ուզում անել։ Եվ, վերջ ի վերջո, ի՞նչ նշանակություն ունի, թե ո՞վ է ներկա եղել այդ երեկո գավառապետի և Համո Համբարձումովիչի զրույցին.— էականն այդ չէ, ընթերցո՛ղ, այլ այն, թե ո՞ւր են գնացել այդ երեկո, գավառապետի բնակարանից ելնելով, Համո Համբարձումովհչը և բժիշկը.— ահա՛ հարցը։ — Եվ այս հարցի շուրջն էր ահա, որ մի քանի օր անց քաղաքում պտտվել սկսեցին զանազան հետաքրքիր զրույցներ, հետաքրքիր թեկուզ այն պատճառով, որ այդ զրույցները կապված էին — երևակայո՞ւմ եք— «մութ տեղի» հետ, այսինքն Հինգհարկանի Շենքի ներքևի հարկի ամենածայրը, անկյունում գտնվող այն փոքրիկ սենյակի, որ ընկ. Վառոդյանի կռնակի վրա— ինչպես հիշում է ընթերցողը վեպիս առաջին մասից— թողել էր... հետաքրքիր հետքեր։ Խոսում էին, որ այս զրույցները տարածում է պ. Մարուքեն. նույնիսկ ասում էին, որ այս զրույցները տարածելու մեջ նույնպես մատ ունի — երևակայո՞ւմ եք— ինքն ընկ. Վառոդյանը. բայց այս երկրորդ հանգամանքը հետագայում միանգամայն հերքվեց և զրպարտության ամբողջ մեղադրանքը մնաց Կարո Դարայանի խղճին, Կարո Դարայանի, որ արդեն դիակ էր, կորցված մութ մի գիշեր, ընկած— ո՞վ գիտե, թե ո՞ւր... Մութ, խորհրդավոր պատմություն էր այդ, ընթերցող, որ այնպես էլ մութ մնաց ու մնաց խորհրդավոր.— բայց այդ մասին հետո։

Հաջորդ օրը, մարտի 3-ին, առավոտյան ժամը 8-ը դեռ հազիվ կլիներ, երբ Բերդից հանկարծ, քաղաքացիների համար միանգամայն անսպասելի կերպով, դեպի քաղաք շարժվել սկսեցին — զորքեր, զորքեր, զորքեր, շարժվեցին թնդանոթներով ու գնդացիրներով. լցրին փողոցները։ Սարսափած՝ խանութներն իրար ետևից փակել սկսեցին Լորիս-Մելիքյանի խանութպանները, բանն այն է, որ նրանք ոչ մի տեղեկություն չունենալուց բացի՝ այդ անսպասելի շարժման, այդ իրարանցումի մեջ չէին տեսնում նման դեպքերում քաղաքի էշը ցեխից հանող Մազութի Համոյին, ոչ էլ մյուս պատկառելի նաիրցիներից որևէ մեկին, գիտեին, լսել էին, որ ինչ-որ բան պատահել է ներսերում, բայց այդ մասին վախենում էին խոսել.— իրենց գործը չէր։ Երեք օր էր արդեն, որ պտտվում էին շշուկները բայց, քաղաքացիք, մանավանդ Լորիս-Մելիքյանի խանութպանները, թերահա–

[ ներդիր ]

[ ներդիր ]

[ էջ 129 ]

վատ էին դեպի նման շշուկները, թերահավատ ու կասկածոտ։ Թերթեր երրորդ օրն էլ չէր ստացվում։ Չէին ստացվում անգամ նաիրատառ «Մշակն» ու «Հորիզոնը», ասում էին, որ գավառապետը մարդ է կանգնեցրել կայարանում և ձերբակալում է բոլոր ստացված թերթերը, ասում էր — պ. Մարուքեն։ Այնպես որ կատարյալ անգիտության մեջ էր քաղաքը դեռ, երբ այդ առավոտ, բերդից շարժվել սկսեցին — զորքեր, զորքեր, զորքեր, գնդացիր ու թնդանոթ։ Ինչպես ասացինք՝ փակվեցին խանութները, որ նոր էին բացվել, խանութպաններից որը տուն գնաց, որը հենց էնպես կանգնեց իր փակ խանութի փակ դռան առջևը, որն էլ Տելեֆոն Սեթոյի սրճարանը գնաց՝ լուրեր ստանալու։ Տելեֆոն Սեթոյի սրճարանը գնացողների մեջ էր և Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆը, անգլիախոս գորգավաճառը։ — «Հը՜, բան մը կհասկընա՞ք սա ղալաբալըղեն» — հեգնախառն հարցրեց Հաջի Օնիկ էֆենդին սրճարան մտնելով.— «Ընչի՞ չենք հասկնա օր»— կտրուկ պատասխանեց Տելեֆոն Սեթոն.— «զորքին պրիկազ է էկե օր ռևալյուց էնեն» — վերջացրեց Սեթոն ու տիրեց լռություն, հեռվից, գավառապետի բնակարանի կողմից, լսվեց մի հազարբերան «ուռռա», գրոհի գնացող զինվորների ցնծալից ու ահավոր աղաղակ էր դա, որ ներկաների վրա անում էր միստիկ տպավորություն։ Լուռ էր. լուռ լսում էին բոլորը, դեմքերի արտահայտությունն այն էր, որ, կարծես, նրանք սպասում էին թնդանոթի պայթյունի, հառել են լսողություններն ու սպասում են անհամբեր՝ հիմա կպայթի։ — «Կըսեն Բերդեն թոփի են կապե նաչալնիկի տունը»— արտահայտեց ընդհանուրի միտքը պ. Աբոմարշը, որ նույնպես գտնվում էր սրճարանում, բայց հավանություն չգտավ։— «Զեզեկ–զեզեկ չխոսես նե, հայվա՛ն, քու ի՞նչ խառնվելու գործդ է»— բարկացավ Հաջի Օնիկ էֆենդին ու ավելացրեց, մի փոքր լռելուց հետո, չոր ու խրատական։ «— Ատ սինլըքորներու զուռնան ետքը կիմանանք, յավրուս» — ու դուրս գնաց ձեռնափայտը գետին խփելով— չոր ու խրատական։ Ուղում էր տուն գնալ Հաջի Մանուկոֆ էֆենդին, բայց Հաջու տան ճանապարհն ընկնում Էր Հինգհարկանի Շենքի մոտով, դեռ նոր էր թեքվել դեպի այդ շենքը Հաջին, երբ ետ-ետ գնաց, զարհուրած կրթնեց պատին։—Դեմը, Հինգհարկանի Շենքի առաջ, Օնիկ էֆենդին տեսավ— զորքեր, զորքեր, զորքեր. անհաշիվ բազմություն։ Դեմը — վեր ցցված սվիններ, ու վեր ցցված սվինների միջից Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆը տեսավ— Հինգհարկանի Շենքի պատշգամբը, պատշգամբում տեսավ— մի քանի զինվորներ, նրանց

[ էջ 130 ]

մեջ իրան — պ. Մարուքեին, իր հորջորջած՝ «քամի կուլ տվող» Կարո Դարայանին և սրանց մեջտեղը— օ, զարհուրանք,— իրան՝ ոստիկանապետին... Գլուխը բաց էր ոստիկանապետի. Հաջի Մանուկոֆ էֆենդու նայած վայրկյանին՝ մի ինչ-որ սալդաթ պոկում էր նրա, ինչպես տեղացիք էին ասում ուսդիրներին՝ «չիները», «քամի կուլ տվողը» բռնել էր օձիքից ոստիկանապետի ու ցույց տալով ոստիկանապետի վախից ցամաքած դեմքը ներքևում կանգնած զինվորներին՝ «քամի կուլ տվողն» ասում էր անկարելի խոսքեր։ Շուռ եկավ Հաջի Օնիկ էֆենդին ճեպով— վազեց հակառակ ուղղությամբ։ Դեմից, նույնքան սարսափած ու շփոթված, դեպի ինքն էր գալիս — ընկ. Վառոդյանը. ընկ. Վառոդյանի փափախը թեքվել էր մի կողմ, զենքը չկար։ «— Ո՞ւր, Հաջի՛»— հարցրեց ընկ. Վառոդյանը՝ դեմքը, աղաչական, Հաջուն մոտեցնելով. «—Գնա՛, գնա՛, յավրուս. ինծի հետ գործ չունիս»— հրեց նրան մի կողմ Հաջի Օնիկ էֆենդին ու շարունակեց վազել իր վազած ուղղությամբ։ Ու դեռ չէր շուռ եկել դեպի կողքի փողոցը, երբ նորից ստիպված եղավ պատին կպչել Հաջին, կողքի փողոցից շուռ եկան դեպի ինքը ու լցրին փողոցը— զորքեր, զորքեր, զորքեր— անթիվ բազմություն.— դեպի Հինգհարկանի Շենքն էին գնում նրանք։ Խառնված նրանց, այդ սալդաթներին, գնում էին նաև մրոտ մարդիկ, «բաշիբուզուկներ»— ինչպես մտածեց Հաջին.— երկաթուղագծի ծառայողներն ու բանվորներն էին դրանք, որ խառնվել էին զորքին— սալդաթներին։ Սարսեց, քար կտրեց տեղն ու տեղը Հաջին։ Հաջին տեսավ, բաշիբուզուկները, մեջ առած, տանում էին... բարձրաստիճան Սոխին, զինվորներով ու բաշիբուզուկներով շրջապատված, գլխաբաց, առանց ուսդիրների, կալանավորի նման գետին նայելով, քայլում էր... բարձրաստիճան Սոխը,— այսինքն գավառապետը... Բնազդաբար ձեռքը գլխարկին տարավ Հաջի Օնիկ էֆենդին, երբ անցնում էր մոտից գավառապետը. բարեբախտաբար, չնայեց նրա կողմը, և Հաջի Օնիկ էֆենդին մի գոլ ուրախություն զգաց իր ներսում, որ չնայեց իր կողմը գավառապետը։ Բայց Հաջու այդ վայրկենական ուրախությունը հաջորդ վայրկյանին տեղի տվեց մի անզուսպ բարկության, անգամ կատաղության.— գավառապետին շրջապատող զինվորների ու բաշիբուզուկների ետևից, երգելով ու աղմկելով, գնում էին քաղաքի տկլոր երեխաները, նրանցից ոմանք գտել էին թիթեղե թեյամաններ ու զինվորական կատելոկներ, որոնց տակերին խփելով նրանք անասելի աղմուկ էին բարձրացնում — վայրի երաժշտություն։ Զայրույթից

[ էջ 131 ]

ու կատաղությունից Հաջի Մանուկոֆ էֆենդու ծնկներն սկսեցին դողալ. կընկներ, եթե շարժվող զինվորների պատանման հոսանքը չպահեր։ Հոսանքն անցավ, շրջվեց դեպի Հինգհարկանի Շենքը, փողոցը դատարկվեց։ Հանգիստ շունչ քաշեց Մանուկոֆ էֆենդին, հետո նստեց պատահաբար անցնող «Լույսի» գրասենյակի կառքը, քիչ անց, քրտնաթոր, ինչպես բաղանիքից ելած, իր տան առջևը իջնում էր կառքից Մանուկոֆ էֆենդին։ «— Ո՞ւր է աղադ»— հարցրեց Հաջին կառապանից՝ նրան դրամ տալով.— «Էսօր կանտոր չէ էկե, չեմ տեսե»— պատասխանեց կառապանը, շուռ տվեց կառքը, գնաց։

Խորհրդավոր ժպիտը դեմքին, ժպիտ, որի մեջ խառը կային թե՛ զարմանք, թե՛ անսպասելի ուրախություն և թե խորին ակնածանք,— հանդիպնց Հաջի Օնիկ էֆենդուն Հաջու ազիզ կողակիցը— Նունուֆար հանըմը. շնչասպառ, նրան հանձնեց իր ձեռնափայտը Հաջին և ուզում էր արդեն ընդունարանը մտնել, երբ Նունուֆար հանըմը կտրեց նրա ճանապարհը. Նունուֆար հանըմը մատները դրեց Հաջի Օնիկի շրթունքներին.— «ը՛ս՛ս՛ս՛» — մատները Հաջու շրթունքներին դնելով՝ խորհրդավոր ժպտաց Նունուֆար հանըմը. «յա՛վաշ, հերիֆ, նեսը մարթ կա...»։ «Վո՜վ կա»— չոր, ցցվեց էֆենդին՝ դեմքին վախ ու սարսափ, ու չհամբերեց,—արագ դեպի իրեն քաշեց դուռը... ու մնաց քարացած։ Հյուրասենյակում նստած էին — երևակայո՞ւմ եք— Համո Համբարձումովիչը, բժիշկը և,— Հաջու համար ամենազարմանալին ու ամենաանսպասելին,— քաղաքի պարետը (բարձրահասակ սպան)... «Է՛, շա՞տ պիտի երկարի սա սարսաղությունը»— ներս մտնելով հարց տվեց Հաջին՝ հերթով նայելով Համո Համբարձումովիչի, բժշկի և բարձրահասակ սպայի (քաղաքի պարետի) դեմքերին, բայց Համո Համբարձումովիչի, բժշկի և քաղաքի պարետի (բարձրահասակ սպայի) դեմքերն անպատասխան թողին Հաջի Մանուկոֆ էֆենդու հարցմունքը։— «Է՛, էրթա՛նք, էրթա՛նք մեյմեկ թաս օղի առնենք»— ավելացրեց Հաջին՝ ընդհանուր շփոթմունքը ցրելու ցանկությամբ։ Ու մտան ճաշասենյակ։

Ճաշասեղանի ամենավերի գլուխը, Հաջի Օնիկ էֆենդու կողքին նստած, լուռ ճաշում էր Մազութի Համոն։ Մազութի Համոն ուտում էր պաղ, ջրանման, կանաչավուն «չորբա»։ Ուտելով՝ Համո Համբարձումովիչը նայում էր պնակին, բայց Համո Համբարձումովիչի

[ էջ 132 ]

աչքերը կարծես չէին տեսնում կանաչավուն չորբան, պնակում, չորբայի փոխարեն,— մշուշ— էր. անգո մի մշուշ — բաց տարածություն։ Հասկանում էր Համո Համբարձումովիչը, զգում էր.— այն, որ կատարվում էր դուրսը— կատարվում էր իրենից դուրս, կատարվում էր— իրենից անկախ։ Սպասում էր՝ ի՞նչ կլինի։ Մտածում էր՝ ինչո՞վ կվերջանա։ Ու պատասխան չէր գտնում իր այդ հարցմունքին Մազութի Համոն. ուղեղում — մշուշ էր. անգո մի մշուշ — բաց տարածություն...

Արդեն վերջացրել էին ճաշը, երբ եկավ ընկ. Վառոդյանը։ Ընվ. Վառոդյանը ներս ընկավ շնչասպառ։ Եվ ահա Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆի համար, իր իսկ բնակարանում, պատահեց չտեսնված մի բան. Համո Համբարձումովիչը, բժիշկը և ընկ. Վառոդյանը խնդրեցին Հաջուն, որ նա թույլ տա իրենց առանձնանալ հարևան սենյակը։ Հաջին, իհարկե, թույլ տվեց, թեկուզև ո՛չ առանց զարմանքի, որ իր իսկ բնակարանում հյուրերն ուզում են ազատվել իրենից։ Բայց և այնպես՝— «ընելիքդ ի՞նչ, Հաջի՛, ընկեր ես— պիտի քաշես»— մտածեց Հաջին ու առաջնորդեց հյուրերին հարևան սենյակը։ Մտան հարևան սենյակը Համո Համբարձումովիչը, բժիշկը և ընկ. Վառոդյանը. Համո Համբարձումովիչը, բժիշկը և ընկեր Վառոդյանը փակվեցին հարևան սենյակում։ Իսկ Հաջին մնաց քաղաքի պարետի (բարձրահասակ սպայի) հետ ճաշասենյակում, նաիրախառն ռուսերենով սկսեց զրուցել քաղաքի պարետի (բարձրահասակ սպայի) հետ օրվա անց ու դարձի մասին։ Խոսում էր Հաջին քաղաքի պարետի (բարձրահասակ սպայի) հետ, բայց միտքն այնտեղ էր— հարևան սենյակում։ Հասկանում էր Հաջին, գիտեր, այդ վայրկյանին հարևան սենյակում նիստ էր Տեղական Կոմիտեի։ Գիտեր, բայց չէր հասկանում Հաջին, որ այդ վայրկյանից պատմական վայր էր արդեն իր, Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆի բնակարանը. որ այդ վայրկյանին իր, Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆի բնակարանում, հարևան սենյակում, կատարվում էին, ինչպես իր, այնպես էլ ամբողջ նաիրյան ցեղի համար— ճակատագրական անցքեր։— Այդ վայրկյանին Համո Համբարձումովիչը, բժիշկը և ընկ. Վառոդյանը, այսինքն Կենտրոնաուղեղասարդի Տեղական Կոմիտեն, այսինքն նաիրյան տիեզերական ոգու Տեղական Սուբստանցիան իր դիրքն էր որոշում դեպի կատարվող դեպքերը, և այս տիեզերական հանգամանքը չէր ըմբռնում Հաջին. Հաջին չէր հասկանում այս տիեզերական դեպքի ամբողջ նշանակությունը։ Թե ի՞նչ որոշում հանեցին կա–

[ էջ 133 ]

տարվող դեպքերի մասին Համո Համբարձումովիչը, բժիշկը և ընկ. Վառոդյանը հարևան սենյակում— Հաջի Մանուկոֆ էֆենդին, իհարկե, չիմացավ և չէր էլ կարող իմանալ, բայց շուտով նա պիտի իմանար և պիտի իմանար նաև այն, թե ի՜նչ բարի պատեհություն էր իր համար այդ թանկագին հյուրերի այդ օրն իր մոտ գալը։ Եվ այս ամենը Հաջին պիտի իմանար ընդամենը մի շաբաթ անց, երբ բժիշկ Սերգե Կասպարիչը շրջանային կոմիսար էր արդեն, իսկ Համո Համբարձումովիչը — Քաղաքային Խորհրդի նախագահ...

Տարօրինակ, մութ, չհասկացված դեպքեր պատահեցին նաիրյան այդ քաղաքում այդ մի շաբթվա ընթացքում։ Դեպքեր, որոնք ծածկված են գաղտնիքի և խորհրդավորության անթափանցելի քողով— և դժվար թե որևէ մեկին երբևիցե հաջողվի վեր հանել այդ քողը և նայել կատարված դեպքերի իսկական աստառին։ Այնպես որ այստեղ մենք պիտի խուսափենք զանազան ենթադրություններ անելուց ու եզրակացություններ հանելուց, պիտի պատմենք լոկ այն, ինչ որ մեզ հաջողվել է տեսնել սեփական աչքերով կամ լսել մարդկանցից, որոնք մեր աչքին ունեն ճշմարտախոսի անկաշառ կերպարանք։— Անցնենք այդ դեպքերին։

Ամենից առաջ հարկավոր է ասել, որ այդ նույն ժամանակ, երբ Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆի բնակարանում հավաքված՝ կատարվող դեպքերի հանդեպ իր բռնելիք դիրքն էր որոշում Տեղական Կոմիտեն— այդ նույն վայրկյանին քաղաքում արդեն կային մարդիկ, որ ո՛չ միայն արդեն որոշել էին իրենց դիրքը, այլև փակցրել էին քաղաքի պատերին իրենց այդ դիրքի մասին ռուսատառ և նաիրատառ հայտարարություններ։ Եվ, կարևորն այն է, որ այդ հայտարարությունների տակ, ի թիվս այլ, մեծ մասամբ քաղաքին անծանոթ ստորագրությանց, կային և երկու ստորագրություն, որ բավականին մտահոգություն էին պատճառում ոչ միայն քաղաքի նիսիա բնակիչներին, այլև շատ ավելի պատկառելի մարդկանց.— Կարո Դարայանի և պ. Մարուքեի (ստույգ Մարուքե Դրաստամատյան) ստորագրություններն էին դրանք, որ մեխի գլուխների նման ցցվելով այդ հայտարարությունների տակից՝ մի շարք պատկառելի նաիրցիների մեջ սկզբից ևեթ այն միտքն էին առաջ բերում, որ այդ մեխի գլուխներին հարկավոր է խփել։ Այդ հայտարարություններից բխող այս, որոշ չափով իմպրեսիոնիստական ցանկությունն ավելի ևս խորացավ

[ էջ 134 ]

մի շարք նաիրցիների մեջ մի օր անց, երբ քաղաքում տարածվել սկսեցին «Մութ Տեղ»–ի հետ կապված վերոհիշյալ լուրերը, ասում էին, որ այդ լուրերը տարածում է պ. Մարուքեն. ինչպես ասել ենք արդեն՝ նույնիսկ կարծողներ կային, որ այդ լուրերը տարածելում մատ ունի նաև ընկ. Վառոդյանը, երևակայո՞ւմ եք՝ այն ընկեր Վառոդյանը, որ, ինչպես գիտենք՝ Տեղական Կոմիտեի անդամ էր վաղուց հետե և Համո Համբարձումովիչի անձնական բարեկամը։ Չգիտենք մատ ունե՞ր թե չէ այդ լուրերը տարածելում ընկ. Վառոդյանը, բայց փաստը մնում էր փաստ, և այդ փաստն այն էր, որ ինքն ընկ. Վառոդյանը գտնվել էր մի ինչ-որ հայտնի ցուցակում, այսինքն ոչ թե հայտնի, այլ գաղտնի, որ հայտնի էր դարձել Կարո Դարայանի, այդ «քամի կուլ տվող» նաիրցու շնորհիվ։ Դե արեք ու բան հասկացեք սրանից և այն էլ սա դեռ ամբողջը չէ։ Բանն այն է, որ այդ ցուցակը, ինչպես ասում էին՝ լրիվ չէր. չորս թերթ պոկված էր այդ ցուցակից, և այդ չորս թերթի շուրջն էր ահա, որ Կարո Դարայանն ամեն մի ժողովում բարձրացնում էր անասելի աղմուկ, անտանելի հարայհրոց։ Եվ վերջապես ինչքան աղմուկ ուզում էր՝ կարող էր բարձրացնել Կարո Դարայանը, բայց ինչո՞ւ էր կապում նա իր այդ աղմուկը Համո Համբարձումովիչի — Մազութի Համոյի հետ։ Պ. Մարուքեին նայած՝ այնպես էր դուրս գալիս, իբր Համո Համբարձումովիչի և բժիշկ Սերգե Կասպարիչի ձեռքերի գործն էր այդ հայտնի, այսինքն գաղտնի ցուցակի առաջին չորս թերթերի անհայտ անհետանալը. բայց ո՞վ կհավատա պ. Մարուքեին։ Օ, ոչ, մենք չէինք հավատա նման զրպարտությանց և չէինք էլ հավատում, չնայած որ— այդ ես հաստատ գիտեմ— անգամ ընկ. Վառոդյանն այդ առթիվ որոշ շրջաններում արել էր բավականին երկմիտ հայտարարություններ։ Բայց ենթադրենք անգամ, որ որոշ հիմք ունեին պ. Մարուքեի հայտարարությունները, հարց՝ ինչո՞ւ էին Մազութի Համոն և Սերգե Կասպարիչը, բժիշկը (եթե միայն նրանց ձեռքերի գործն էր չորս թերթերի անհայտ անհետանալը)— ինչո՞ւ էին նրանք ցուցակում թողել հինգերորդ թերթը, որի մեջ գտնվեց իրենց անձնական բարեկամի, իրենց Տեղական Կոմիտեի անդամի — ընկ. Վառոդյանի անունը։ Չենք հասկանում, մնում ենք շվարած, մնում ենք— ձեռնաթափ։ Եվ ապա՝ ինչո՞վ պիտի շահագրգռված լիներ ընկ. Վառոդյանը վերոհիշյալ հայտարարություններն անելով, մի՞թե ցանկալի էր նրան իր անձնական բարեկամների, իր հետ միասին Տեղական Կոմիտեում նստող այդ պատկառելի ընկերների վարկաբեկումը.— իհարկե ոչ, կասե

[ էջ 135 ]

ամեն մի խելքը գլխին անձնավորություն.— չէ՛ր կարող ցանկալի լինել, ինչքան էլ վիրավորված լիներ ընկ. Վառոդյանը հայտնի ցուցակի երևան գալով։ Համոզված պնդում ենք մենք այս, մանավանդ որ մի շաբաթ անց մի կտրուկ հայտարարությունով Տեղական Կոմիտեն թյուրիմացության հետևանք հայտարարեց ընկ. Վառոդյանի հայտնի, այսինքն գաղտնի ցուցակում գտնվելու պատմությունը, այո՛, մի շաբաթ անց Տեղական Կոմիտեն իր պատկառելի ստորագրությամբ հայտարարեց ու հաստատեց ի լուր հանրության, որ ցուցակում գտնվել է ոչ թե Վառոդյան ազգանունը, այլ— Բարության և որ այդ Բարությանը ոչ մի կապ չունի ամենքին ավելի քան հայտնի ընկ. Վառոդյանի հետ։ Եվ այդ հայտարարությունը լույս տեսնելու երկրորդ օրը,— մի ավելորդ ապացույց ևս, որ իզուր էին պ. Մարուքեի չարամիտ զրպարտություններն ընկ. Վառոդյանի հասցեին,— ընկ. Վառոդյանը նշանակվեց քաղաքի ու շրջանի միլիցիապետ ու առաջին գործը, որով միլիցիայում զբաղվեց ընկ. Վառոդյանը, երևակայո՞ւմ եք Կարո Դարայանի կորած դիակի որոնումն էր. ասում ենք դիակի, որովհետև ընկ. Վառոդյանի այդ նոր պաշտոնին անցնելուց ընդամենը երկու օր առաջ հանկարծ լուր տարածվեց քաղաքում, որ Կարո Դարայանը (որ մինչ այդ ընտրված էր շրջանի զորքերի կոմիսար) — անհայտ չարագործների ձեռով սպանված է գիշերվա ժամը 4-ին, իսկ թե ինչո՞ւ անպայման «4-ին»— անհայտ էր, ոչ ոք չգիտեր, բայց համառ կերպով ասվում էր, որ դեպքը պատահել է գիշերը՝ ճի՛շտ այդ ժամին։— Գետափին, սառույցի վրա (գետն այդպես ուշ էր հալչում նաիրյան այդ քաղաքում) միլիցիան գտել էր արյան կարմիր-կարմիր, քստմնելի հետքեր... Բայց մենք առաջ անցանք ու չասացինք այն հայտնի, այսինքն գաղտնի ցուցակների մասին այն ամենը, ինչ որ հայտնի է մեզ։ Մութ, մութ, խորհրդավոր պատմություն էր այդ պատմությունը, ընթերցո՛ղ,— և մենք չենք կարող չհիշատակել այստեղ այդ պատմության առթիվ այն ամենը, ինչ որ լսել ենք ու գիտենք, ինչ որ հայտնի է մեզ։

Ինչպես ասել ենք վերևում՝ այդ պատմությունը, այսինքն հայտնի (գաղտնի) ցուցակից չորս թերթ կորչելու պատմությունը, մեզ համար միանգամայն անհասկանալի պատճառով մարդիկ կապում էին այն հարցի հետ, թե գավառապետի տնից ելնելով՝ ո՞ւր էին գնացել Համո Համբարձումովիչը և բժիշկը մարտի 2-ի գիշերը, ահա հարց, որ մի շաբաթ ամբողջ զանազան փսփսուկների նյութ էր տա–

[ էջ 136 ]

լիս քաղաքի նիսիա (ինչպես Հաջի Օնիկ էֆենդին էր ասում) բնակիչներին և, առաջին հերթին,— պ. Մարուքեին։ Բայց մենք խղճի ամենայն հանգստությամբ պիտի ասենք, որ մինչև վերջ էլ չէինք հավատում պ. Մարուքեի չարամիտ փսփսուկներին և չէինք էլ հավատա, և այժմ այս տողերը դու չէիր կարդա, ընթերցող, եթե մեր աչքին բավականին ծանրակշիռ մի հանգամանք շուտով չգար խախտելու մեր այդ անհողդողդ հավատքը, բանն այն է, որ Կարո Դարայանը ևս, իր եղերական վախճանից մի քանի օր առաջ, իմ, հեղինակիս, ներկայությամբ մի անգամ հայտարարեց մի բավականին բազմամարդ ժողովում, որ տեսել էր այն երեկո, ավելի ճիշտ կլինի ասել՝ մարտի 2-ի գիշերը, ժամը մոտավորապես 2-ին, Համո Համբարձումովիչին և բժշկին՝ «Մութ Տեղի» պաշտոնյայի հետ Հինգհարկանի Շենքից ելնելիս։ Հարց՝ ի՞նչ գործ ունեին գիշերվա այդ ուշ ժամին այդ ակնածելի վայրում Համո Համբարձումովիչը և Սերգե Կասպարիչը, բժիշկը... Հիշում եմ, երբ տվեց այս հարցը Կարո Դարայանը Համո Համբարձումովիչին— դահլիճում, ուր տեղի էր ունենում ժողովը, տիրեց ահասարսուռ լռություն, զարհուրելի զարզանդ... բոլորը, քար կտրած, սպասում էին Համո Համբարձումովիչի պատասխանին։ Թվում էր, թե եբրայական Եհովայի նման, կամ ինչպես Զևսը—կփրփրի ահա Համո Համբարձումովիչը,—այդ, մենք կասեինք՝ նաիրյան Արամազդը.— եբրայական Եհովայի, կամ հունական Զևսի նման ցասման կայծակ ու շանթ կթափե այդ եղկ մահկանացուի գլխին, այդ ողորմելի մահկանացուի, որ համարձակվում է կասկածի տակ առնել նրա, Համո Համբարձումովիչ Ասատուրովի, Տեղական Կոմիտեի նախագահի հեղափոխական կուսությունը։— Բայց— երևակայո՞ւմ եք— կայծակը չճայթեց, շանթը չշողաց, ոչ էլ ամպրոպը որոտաց, այլ, պատկերավոր ասած՝ խաղաղարար անձրև, երկնային զովություն հորդեց նաիրյան Արամազդի աչքերից, հորդեց դառնաթախիծ արցունք... Ալեհեր գլուխը պրեզիդիումի սեղանին դրած (Համո Համբարձումովիչը պրեզիդիումի անդամ էր այդ ժողովում) — դառնաթախիծ թախծեց, դառնացած լաց եղավ Մազութի Համոն— և ամբողջ դահլիճը, ուր ներկա էին բավականին թվով զինվորներ ու մի քանի վակզալի բաշիբուզուկներ, ուր ներկա էր նաև,— օ, խայտառակություն,— պ. Մարուքեն,— այո՛, ամբողջ դահլիճը քար կտրած, ահասարսուռ, նայում էր Մազութի Համոյի հեկեկանքից ցնցվող, ալեհեր գլխին... «— Փա՛ստ, փա՛ստ»— վեր ցատկելով տեղից՝ դառնաձայն բացականչեց հեկեկանքի միջից Մազութի Հա–

[ էջ 137 ]

մոն։ Բայց փաստ չկար, կար—մթին կասկածանք, միակ փաստանման բանը— Կարո Դարայանի ձեռքին գտնվող հայտնի, այսինքն գաղտնի ցուցակն էր, որի չորս թերթերը, ինչպես արդեն գիտենք,— պոկված էին ինչ-որ անհայտ ձեռքով։—Իսկ կարելի՞ է արդյոք այդ չեղյալ թերթերի վրա հիմնվելով՝ խայտառակության սյանը գամել, կասկածի տակ առնել մի պատկառելի նաիրցու, մի ալեհեր հեղափոխականի հեղափոխական կուսությունը։— «Փա՛ստ»— դառնաթախիծ բացականչում էր արցունքից խեղդվող ձայնով Համո Համբարձումովիչը, ու պատերի լռությունն էր միայն և դեմքերի զարմանքն ու ակնածանքը դառնորեն արձագանքում Համո Համբարձումովիչի արդարություն հայցող աղեկտուր ձայնին... Ահա իրողությունն, ընթերցո՛ղ, փաստ չկար, կար— մթին կասկածանք։ Գրում եմ այնպես, ինչպես տեսել ու լսել եմ ես, առանց եզրակացություն հանելու, հանի՛ր, ինչ եզրակացություն որ կուզես, ընթերցող— Պիղատոսի նման մենք լվանում ենք մեր ձեռքերն այս մութը, անհասկանալի, անիմանալի գործից։ Ասենք միայն այն, որ փաստ չլինելու պատճառով Համո Համբարձումովիչն արդարացավ, անգամ ասում էր հետագայում, որ, եթե կենդանի մնար Դարայանը— նրան դատի պիտի կանչեր, հեղափոխական դատարանի առաջ պատիվ պիտի պահանջեր նրանից ինքը, բայց, դժբախտաբար, Կարո Դարայանն այնպես անսպասելի կերպով զոհ գնաց անհայտ չարագործների ձեռքից, և Համո Համբարձումովիչը մնաց չբավարարված։

Այո՛, մութը, կասկածելի, խորհրդավոր դեպքեր էին, որ տեղի ունեցան այդ շաբաթվա ընթացքում նաիրյան այդ քաղաքում, և այդ դեպքերից ամենամութն ու ամենակասկածելին Կարո Դարայանի մահն էր, նրա անսպասելի սպանությունն անհայտ չարագործների ձեռքով։ Եվ իզուր էր, իր՝ միլիցիապետի բոլոր կարողությունները գործի դնելով, քրտնաթոր որոնում նրա դիակը և նրան սպանողներին ընկ. Վառոդյանը.— նրանք չգտնվեցին։ Ոչ միայն չգտնվեցին նրանք (այսինքն Կարո Դարայանի դիակը և Դարայանին սպանողները), այլև շատ շուտով կորցվեց, հայտնի չէ, թե նաիրյան այդ քաղաքից ո՞ւր հեռացավ... պ. Մարուքեն։ Ընկ. Վառոդյանը կասկած էր հայտնում, որ, ամենայն հավանականությամբ, Կարո Դարայանի սպանության հետ որոշ առնչություն պիտի որ ունենար պ. Մարուքեի անհետանալը, բայց այդ կասկածը կաս–

[ էջ 138 ]

կած էլ մնում էր և չէր կարող փարատվել, քանի դեռ չէր գտնված պ. Մարուքեն։ Իսկ թե ո՞ւր էր գտնվում պ. Մարուքեն— միայն իրեն էր հայտնի և մեկ էլ ծխականի վարժուհի, մեզ վեպիս առաջին մասից արդեն բավականին ծանոթ, օր. Սաթոյին, որ արդեն մի շաբաթից ավելի էր, ինչ երեկոյան դասընթացներ էր կազմակերպել կայարանի մոտ գտնվող ինչ-որ կասկածելի մի տեղում, ուր նա ինչ-որ բաներ էր պարապում վակզալի բաշիբուզուկների, այսինքն կայարանի բանվորների հետ՝ օրական մի ժամ պարբերաբար, տոն օրերին— երկու, անգամ երեք ժամ։ Բայց այդ մասին, իհարկե, ոչ ոք չգիտեր, չգիտեր անգամ ինքը՝ ընկ. Վառոդյանը։ Եվ այժմ էլ քաղաքում այդ օր. Սաթոն էր ահա, որ բռնել էր պ. Մարուքեի տեղը՝ զանազան լուրեր, զրպարտություններ և մութ կասկածանքներ տարածելու գործում։ Բայց օր. Սաթոյի և պ. Մարուքեի մեջ կար մի խոշոր տարբերություն, նախ՝ օր. Սաթոն կին էր, իսկ պ. Մարուքեն — տղամարդ (ամենաէական տարբերությունը) — և ապա — որ ավելի կարևոր է գուցե, քան առաջին հանգամանքը,— այս հարցում մեր կարծիքը տարբերվում է Հաջի Օնիկ էֆենդու կարծիքից,— օր. Սաթոն ավելի էր զգույշ ու խորամանկ, քան պ. Մարուքեն։ Փա՞ստ, թեկուզ հենց այն, որ, չնայած օր. Սաթոյի տարածած մի շարք բավականին մութ ու պատասխանատու լուրերին— ոչ ոք չէր իմանում այդ լուրերի իսկական աղբյուրը, օր. Սաթոն այնպես էր տարածում այդ լուրերը, որ լուրերի սկզբնական աղբյուրը, այսինքն օր. Սաթոն, մնում էր, ինչպես ասում են, ստվերում, մնում էր — անհայտ։ Ահա այս էր պատճառը, որ, չնայած ընկ. Վառոդյանի թափած գերմարդկային ջանքերին— նրան, ընկ. Վառոդյանին, այնպես էլ չէր հաջողվում այդ լուրերի առաջն առնել, իսկ այդ բանում ո՞վ կարող էր ավելի շահագրգռված լինել, քան ինքը միլիցիապետը, այսինքն նույն ընկ. Վառոդյանը։ Եվ իր այս շահագրգռման համար, ասում են, ընկ. Վառոդյանն ուներ ավելի քան ծանրակշիռ պատճառներ։ Օրինակ՝ թեկուզ հենց այն, որ այդ լուրերի տարածող աղբյուրը քաղաքում բաց էր թողել այնպիսի մի լուր, որից նույնիսկ ընկ. Վառոդյանի մազերը, ինչպես ասում են, բիզ-բիզ էին կանգնում— էլ ո՞ւր մնաց ուրիշներինը։ Այդ լուրեր տարածող աղբյուրը Կարո Դարայանի սպանության առթիվ քաղաքում տարածել էր, որ զուր տեղն է պ. միլիցիապետն այնքան եռանդուն կերպով որոնում Դարայանի սպանողներին։ Այդ աղբյուրին նայելով՝ միլիցիապետը Դարայանին սպանողներին կարող էր գտնել... իրենից չափազանց

[ էջ 139 ]

մոտիկ, եթե ոչ — հենց իր մեջ... Այսպիսի ահա անպատկառ լուրեր էր տարածում ստախոսության այդ անպատկառ աղբյուրը, և նրան շատ թանկ կնստեր նման հանցագործությունը, եթե նա ընկներ հեղափոխական իշխանության, այսինքն՝ ընկ. Վառոդյանի ձեռքը։ Բացի այս՝ ստերի այդ աղբյուրը տարածում էր լուրեր, որ իբր թե քաղաքում նոր հաստատված հեղափոխական իշխանությունը, այսինքն Տեղական Կոմիտեն հանձինս Համո Համբարձումովիչի, բժշկի, ընկ. Վառոդյանի և այլոց, ազատ է արձակել, երևակայո՞ւմ եք — գավառապետին, ոստիկանապետին և «Մութ Տեղի» գլխավոր վարիչին — ահա՛ թե ինչ։ Եվ մի՞թե այդ միևնույն աղբյուրը չէ՞ր, որ շրջանառության էր հանել մի այլ, ոչ պակաս անպատկառ, զրպարտություն ևս այն մասին, թե քաղաքի պարետը (բարձրահասակ սպան) գաղտնի պահվում է — հենց իրա՝ Համո Համբարձումովիչի բնակարանում։— Այսպիսի լուրեր էր տարածում ահա Կարո Դարայանի սպանությունից և պ. Մարուքեի անհետանալուց հետո ստոր պրովոկացիաների (ինչպես ասում էր ընկ. Վառոդյանը) այդ աղբյուրը, այսինքն՝ օր. Սաթոն, և այս լուրերն այնքան էին ջղայնացնում ու անհանգստացնում քաղաքի հեղափոխական իշխանությանը (Տեղական Կոմիտեին), որ նա, այսինքն քաղաքի իշխանությունը (Տեղական Կոմիտեն) հարկադրված եղավ ի վերջո մի ընդարձակ հայտարարությունով պաշտոնապես հերքել քաղաքում տարածված այդ պրովոկացիաները, որոնք, ինչպես ասված էր հայտարարության մեջ, նպատակ ունեն փորել ժողովրդական իշխանության դեռ նոր հաստատված հիմերը և վերականգնել ցարական լպիրշ ռեժիմը։— Այսպես էր ասված այդ հայտարարության մեջ. ավելին՝ ժողովրդի թշնամի և ցարական ստոր վարձկան էր հայտարարվում այդ հայտարարության մեջ նման պրովոկացիաներ տարածողը, իսկ հայտարարության ամենավերջում ասված էր, որ, ճիշտ է, հեղափոխության թշնամի մի շարք ցարական վարձկանների ջանքերով բանտից փախած են եղել գավառաաետը, ոստիկանապետը, «Մութ Տեղի» գլխավոր վարիչը և քաղաքի պարետը, բայց հեղափոխական իշխանության (կարդա՝ Տեղական Կոմիտեի) ջանքերով, նրա ձեռք առած կտրուկ միջոցներով ժողովրդի թշնամիները գտնված են և վերստին փակված բանտում։ Եվ ճիշտ որ, վերոհիշյալ անձնավորությունները վերստին ձերբակալված և փակված էին, բայց — «Ո՞ր բանտում»— հարցնում էր օր. Սաթոն խորամանկ։ Ու ինքն էլ պատասխանում էր հարցին՝ «Զինվորական բանտում»։— Լավ, լինի զի՛նվորական, ի՞նչ տարբե–

[ էջ 140 ]

րություն,— կարող էր ասել միամիտ խոսակիցը, և եթե այդպես ասեր միամիտ խոսակիցը— օր. Սաթոն բաց կաներ նորից իր ստերի տոպրակը և արագ-արագ, զանազան «լսել եմ»–ներով ու «ո՞վ գիտե»–ներով քողարկված, մանվածապատ նախադասություններ կթափեր խոսակցի գլխին— կարծիքներ ու կասկածներ։ Չտեսնված լեզու ուներ այդ ծամը կտրած օրիորդը, որի «օրիորդությունը» վաղուց արդեն կասկածի էր ենթարկել ընկ. Վառոդյանը։ Գիտեր՝ ո՞ւմ հետ պետք է խոսել և ո՞ւմ հետ ի՛նչ լեզվով պետք է խոսել։ Ինչպես ասում էին քաղաքում՝ «դարմանի տակի ջուր» էր իսկ որ օր. Սաթոն. տեսքից՝ անմեղ, ներսից՝ սատանա։ Երևակայո՞ւմ եք՝ անգամ վերոհիշյալ «վերստին ձերբակալությանց» մասին օր. Սաթոն տարածել էր քաղաքում անհավատալի ստեր, տարածել էր, որ իբր վերոհիշյալ անձնավորություններին «վերստին ձերբակալել» է ոչ թե քաղաքի իշխանությունը (այսինքն՝ Տեղական Կոմիտեն), այլ զինվորական.— եկեք ու հավատացեք... Սի խոսքով՝ ստերի կատարյալ տոպրակ էր դարձել Կարո Դարայանի սպանությունից և պ. Մարուքեի անհետանալուց հետո այդ օր. Սաթոն, և մենք ցավում ենք, որ նա ժամանակին չընկավ հեղափոխական իշխանության, այսինքն ընկ. Վառոդյանի ձեռքը։

Բայց սուտը սուտ, իսկ ռուսական առածն ասում է— «Չիք ծուխ առանց կրակի»։ Իհարկե, ռուսական այդ առածը ևս կարելի է այնպես շուռ տալ, որ դուրս գա,— սատանան գիտե, թե ինչ. որ դուրս գա այն, ինչ ով ուզում է՝ նայած քեֆին ու ճաշակին։ Օրինակ՝ այդ առածից ելնելով կարելի է ասել, որ ներկա դեպքում «ծուխը» օր. Սաթոյի տարածած ստերն էին, իսկ «կրակը» — հենց ինքը՝ օր. Սաթոն... Եվ սա այսպես էլ էր, որովհետև վերստին ձերբակալությանց օրից մի երկու օր անց այնպիսի մի ծուխ տարածեց այդ կրակը, այսինքն օր. Սաթոն, որ բոլոր քաղաքացիք, մանավանդ Համո Համբարձումովիչը, բժիշկը և ընկ. Վառոդյանը ստիպված էին քթները պահել, որպեսզի չխեղդվեն այդ ծխից, ավելի լավ է ասել՝ այդ ծխանման գարշահոտությունից, որ տարածում էր այդ «կրակը»։ Իսկ այդ ծուխը կայանում էր նրանում, որ օր. Սաթոն, ո՞վ գիտե ի՞նչ անիմանալի միջոցներով ու ճանապարհներով, ձեռք էր բերել ինչ-որ մի միֆական նամակի պատճեն և կարդում էր սրան-նրան, այսինքն նրանց, ում վրա ինքը վստահություն ուներ, և դրանք էլ իրենց հերթին տարածում էին, ում վրա որ վստահություն ունեին, վերջ ի

[ էջ 141 ]

վերջո այնպես էր դուրս գալիս, որ ոչ ոք չգիտեր, թե ո՞վ է այդ լուրերի իսկական ակը. մեկը լսում էր մյուսից և պատմում էր մյուսին—ահա և ամբողջը։— Ինձ էլ է կարդացել այդ միֆական նամակի պատճենն օր. Սաթոն, բայց ես, դժբախտաբար, մոտավորապես միայն հիշում եմ հիմա այդ միֆական նամակի բովանդակությունը։ Հետաքրքիր նամակ էր այդ նամակը, ընթերցո՛ղ, բայց ավելի հետաքրքիր էին օր. Սաթոյի կոմենտարիաներն այդ նամակին։ Եվ ավելի քան հետաքրքիր էր այն (և այս հանգամանքը մինչև վերջ էլ ինձ համար չլուծված առեղծված մնաց), թե ինչպե՞ս էր այդ նամակը, հասցեագրված լինելով իրեն— Սազութի Համոյին,— ընկել օր. Սաթոյի ձեռքը, նու, եթե ոչ իսկական նամակը, գոնե պատճենը։ Գուցե՞ օր. Սաթոն հենց ի՛նքն էր հնարել այդ միֆական նամակը և իր հնարածից պատճեն հանել, որպեսզի յուղ լցնի իր առանց այդ էլ բավականին լավ աշխատող անիվին, այսինքն— լեզվին... Ո՞վ իմանա։ Սենք պատմում ենք այն, ինչ որ լսել ենք իրենից— օր. Սաթոյից, և թողնում ենք, որ ընթերցողն ինքը հավատա կամ չհավատա օր. Սաթոյին։

Այդ միֆական նամակը գրված էր զինվորական բանտից և հասցեագրված Համո Համբարձումովիչ Ասատուրովին։ Նամակի հեղինակն էր— (եթե, իհարկե, ընդունենք, որ նամակն իսկապես գրված էր մեկի կողմից և ոչ թե հնարված օր. Սաթոյի ուղեղում)— վերստին ձերբակալված գավառապետը։ Այստեղ կարելի է ավելացնել օր. Սաթոյի հետաքրքիր կոմենտարիան։ Օր. Սաթոյի ասելով՝ նամակը գրելուն գավառապետին առիթ է տվել վերստին ձերբակալությունը, որի մեջ, գավառապետի կարծիքով՝ անշուշտ մատ ունեցել է Մազութի Համոն։ Օր. Սաթոն ևս այս հարցում համամիտ էր գավառապետին, իսկ թե ինչո՞ւ է Մազութի Համոն մատ խառնել գավառապետի վերստին ձերբակալությանը — դա պարզ է ինքնըստինքյան, ասում էր օր. Սաթոն. թեկուզ մեզ համար դա այնքան էլ «պարզ չէ ինքնըստինքյան», ինչպես ասում էր օր. Սաթոն։ Բայց անցնենք նամակին։ Հիշում եմ՝ նամակն սկսվում էր «— Հարգելի պ. Ամո Ամբարձումովիչ» խոսքերով, և ես այդ խոսքերը կարդալիս, չգիտեմ ինչու, իսկույն պատկերացրի գավառապետի՝ չոր, դեղնած, իսկապես որ սոխի գլուխը, զայրացկոտ զինվորականի նույնպես չոր, պաշտոնական հայացքը և ցանցառ մորուքը։ Զայրույթի ու ցասման ահասարսուռ բոթ փչեց դեմքիս գավառապետի այդ հասարակ, քա–

[ էջ 142 ]

ղաքավարի խոսքերից և, թերևս մասամբ էլ իմ այս հոգեկան շփոթմունքն էր պատճառը, որ ես հիմա այնքան էլ լավ չեմ հիշում նամակի առաջին նախադասությունները։ Հիշում եմ միայն այն, որ նամակն սկսվում էր հարձակողական նախադասություններով։ Նամակի առաջին իսկ խոսքերից երևում էր, որ հաստատ կերպով վճռել է կյանքի ու մահվան գրոհի դիմել այդ կալանված առյուծը, այդ հուժկու զինվորականը, որի պատահական անկումից օգտվելով՝ ինչպես ասված էր նամակում, քացի էին տալիս նրա ազնվական կողերին անգամ երկարականջ քեռիները։— Այսպիսի մի այլաբանական նախադասությունով էլ, կարծեմ, հենց սկսվում էր գավառապետի նամակը, նախադասությունը չեմ հիշում, բայց հիշում եմ օր. Սաթոյի կոմենտարիան «երկարականջ քեռիների» մասին, նրա կարծիքով այդ այլաբանական խոսքի տակ պետք է նապաստակներ հասկանալ, այնինչ իմ կարծիքը բավականի՛ն տարբերվում էր օր. Սաթոյի կարծիքից։ Այո՛, ինչո՞ւ նապաստակներ, և ոչ ուրիշ մի բան... Բայց անցնենք նամակին։ Կրկնում ենք՝ մենք բառացի չենք հիշում այդ միֆական նամակի բովանդակությունը, բայց բավականին լրիվ հիշում ենք նամակի ընդհանուր իմաստը, որ դժբախտաբար պիտի պատմենք մեր տկար լեզվով, տեղ-տեղ միայն բառացի մեջ բերելով նամակի այն ցայտուն տողերը, որ այն ժամանակ մեխվեցին մեր ուղեղում և մնացին այնտեղ— և, կարծում ենք, որ այդպես էլ մեխված կմնան այնտեղ— ընդմիշտ ու հավիտյան։

Նամակն, ինչպես ասացինք, սկսվում էր դառնագին հոխորտանքով, բայց գնալով փոխվում էր դառնաթախիծ տրտունջի և նորից ծայր էր առնում հոխորտանքն ու մեղադրանքը և, նորից տրտունջի ու դառնության փոխվելով՝ վերջանում էր հույսով, որ «ամենակարող տերը» կվերականգնի արդարությունն Ահեղ Դատաստանի օրը, որին նա հավատում էր այնպես, ինչպես հավատում էր Նորին Կայսերական Մեծության մոտալուտ հաղթանակին։ Բայց այս չէ էականը և ամենահետաքրքիրն այդ նամակում, այլ այն, թե ի՞նչ լեզվով էր այդ նամակում խոսվում Համո Համբարձումովիչի և մանավանդ բժշկի— Սերգե Կասպարիչի մասին, այստե՛ղ է ահա նամակի ամենայուղալին ու ամենահյութալին, և նամակի այդ տողերն էին ահա, որ հատուկ բավականություն էին պատճառում օր. Սաթոյին, վառում նրա հայացքը ու թքակալում նրա, ինչպես ասում էին քաղաքում— շնական շրթունքները։«Մի՞թե դուք չէիք, հարգելի Ամո Ամբար-

[ էջ 143 ]

ձումովիչ»— ասվում էր այդ միֆական նամակում— «որ լիզում էիք իմ պնակները և բռնում իմ շուբան ամեն անգամ, երբ իմ բնակարանն էիք գալիս— և մի՞թե ձեր անզուգական դուստր Սևաչյա Պրիմադոննան չէ՞ր, որ հանգստացնում էր իմ, ծանր պաշտոնից քայքայված, ծերությունից հյուծված, վաստակած ջղերը... Իսկ ո՞վ էր, ո՞վ էր, արդյոք»,— ասվում էր ապա այդ միֆական նամակում,— «որ նաիրյան գեղեցկուհիներ էր մատակարարում գաղտնի բաժանմունքի վարիչ Անգելեևին, եթե ոչ այսօր «Շրջանային Կոմիսար» Սերգե Կասպարիչը, երեկվա քաղաքային բժիշկը... Իսկ ո՞վ էր,— ասվում էր նամակում,— որ Տեղական Կոմիտեի կնիքով և «Տեղական Կոմիտեի» ստորագրությամբ ահաբեկող նամակ ուղարկեց երկու տարի առաջ մեր քաղաքում հսկայական պրակտիկա ձեռք բերած բժիշկ Կարչևսկուն, որպեսզի վերջինս իսկույն ևեթ թողնի մեր քաղաքը և հեռանա սատանաների գիրկը— ո՞վ էր այդ անողը, եթե ոչ նույն ինքը, ձեր (այսինքն Մազութի Համոյի, Ե. Չ.) անզուգական բարեկամ, ներկայումս «Շրջանային Կոմիսար», Սերգե Կասպարիչը, նախկին քաղաքային բժիշկը... Եվ ո՞վ էր, որ — ասվում էր ապա այդ զարմանալի նամակում, — իր տան արտաքնոցի տախտակները թակարդի նման հարմարեցնելով՝ օրը ցերեկով իր տան արտաքնոցում խեղդեց իր հարազատ, խելագարված կնոջը, որպեսզի ազատվի նրանից, իբր մի ավելորդ բալաստից.— ո՞վ էր, ո՞վ էր այդ ամենի դիվային հեղինակը, եթե ոչ— էլի ինքը, նույն ինքը, բժիշկ Սերգե Կասպարիչը, Ձեր Տեղական Կոմիտեի անդամը, ներկայումս «շրջանի կոմիսար» բժիշկ Սերգե Կասպարիչը... Իսկ դո՞ւք,— դիմելով իրան՝ Համո Համբարձումովիչին՝ ասում էր ապա գավառապետը, այսինքն՝ միֆական այդ նամակը,— դուք չէի՞ք միթե, հարգելի Ամո Ամբարձումովիչ, որ իմ ստորադաս պաշտոնյա, շրջանի նաչալնիկ Շմերլինգի միջոցով ձեր «Լույսի» պահեստներից աբոզներով նավթ էիք ուղարկում մեր և մանավանդ ձեր դարավոր ոսոխին, անօրեններին, և ոսկիներ դիզում մեր ու ձեր եղբայրների թափած ծով արյան գնով... Դո՛ւք էիք, հարգելի Ամո Ամբարձումովիչ, դո՛ւք,— և իզուր եք դուք այսօր բանտ քշում ինձ, ծերուկիս, մոռանալով այն աղուհացը, որ տարիներ շարունակ վայելել եք իմ լիառատ սեղանից...»։ Այսպիսի ահա չլսված ամբաստանություններ կային իրա— Համո Համբարձումովիչի և բժիշկ Սերգե Կասպարիչի հասցեին այդ միֆական նամակում, և մենք չենք կասկածում, որ այդ միֆական նամակը հետևանք չէր օր. Սաթոյի փչացած ուղեղի։ Այո՛, ես չեմ էլ կասկածում,

[ էջ 144 ]

որ այդ միֆական նամակը կարող էր այլ աղբյուր ունենալ, քան օր. Սաթոյի փչացած ուղեղը, որ ի բնե փչացած լինելուց բացի՝ տարիներ շարունակ կրել էր իր վրա մի ավելի ես փչացած, ավելի քան շնական ուղեղի— պ. Մարուքեի ուղեղի— ազդեցությունը։

Ինչևէ, ընթերցո՛ղ... Մութ ու խորհրդավոր պատմություններ էին դրանք, որ մինչև վերջ էլ ինձ, հեղինակիս համար այնպես էլ մութ մնացին ու մնացին խորհրդավոր։ Հիմա էլ, երբ այստեղ նկարագրած դեպքերից անցել են արդեն բավականին տարիներ, երբ բավականին ջուր է հոսել, ինչպես ասում են, պատմության ջրաղացի անիվին և մեր նկարագրած դեպքերից ու անձնավորություններից շատ շատերն արդեն պատմության, այսինքն անգոյության գիրկն են անցել— հիմա անգամ, ընթերցո՛ղ, երբ ես մտքով շուռ եմ գալիս, դառնում եմ ետ և աշխատում եմ վերհիշել ու հասկանալ այն ժամանակ կատարված դեպքերն ու պատմությունները— այդ դեպքերն ու պատմություններն ինձ պատկերանում են, ինչպես պղտոր մի հոսանք, մութը մի գետ, որ անցնում է հորդած և խեղդում իր դեմն առնել ցանկացող ամեն մի խթան ու արգելք։ Հիշում եմ՝ մի անգամ, երբ ես դեռ երեխա էի, հորդել էր մեր այդ նկարագրած քաղաքի գետը, գիշեր էր, երբ ես ու եղբայրս, տնից փախչելով, գնացինք հորդած գետին նայելու։ Մութն էր. կարծես մազութ էին քսել երկնքին, ու հոսել էր մազութը երկնքից և ծածկել քաղաքը, փողոցները, շենքերն ու մարդկանց։ Մենք ապրում էինք Վարդանի կամուրջի մոտերքը, Բերդի տակ, և տնից իջնելիս մենք կարծում էինք, որ կհասնենք գետափնյա փողոցը և այնտեղից կնայենք հորդած ջրին։ Բայց մենք չարաչար սխալվեցինք։ Մեր տնից դեպի հիշյալ փողոցն էր իջնում ծուռումուռ մի արահետ, դեռ նոր էինք շուռ եկել այդ քարքարոտ արահետի վերջին ոլորտը, որից հետո արահետն ուղիղ դեպի գետափնյա փողոցն էր իջնում, երբ մեր աչքերի առաջ փռված խավարի մազութը բաժանվեց երկու մասի, վերը մուգ, իսկ ներքևը բաց գույնի մազութ էր, որ հազիվ էր տարբերվում վերի մազութից։ Վարի համեմատաբար բաց գույնի մազութը — հորդած գետն էր, ջուրը, որ լցրել էր գետափնյա փողոցն ու ծանր շնթռկել՝ լայն ու ահավոր, ինչպես մի առասպելական վիշապ։ Մի ծանր, ճնշող, դեպի իր գիրկը քաշող խոնավություն էր շնչում հորդած գետը, որ ես կպչում էի եղբորս, որ ինձ իր գիրկը չքաշի, չխեղդի, կուլ չտա առասպելական այդ վիշապը։ Դեմը, բաց գույնի մազութի խոնավ գրկից

[ ներդիր ]

[ ներդիր ]

[ էջ 145 ]

ելնելով՝ իր համեմատական մուգությամբ հետզհետե լուծվելով վերի մութ մազութին՝ տեսիլանման երերում էր ահռելի մի սևություն, հսկա մի քարակույտ, Վարդանի կամուրջն էր այդ, որ սևին էր տալիս մազութանման մշուշում։ Մեր մոտ կանգնած մարդիկ վիճում էին, թե կդիմանա՞ արդյոք Վարդանի կամուրջը հեղեղած ջրի ահռելի հոսանքին, թե ոչ. կային, որ կարծում էին կդիմանա, ու կային, որ կարծում էին, թե ոչ։ Այդ միջոցին էր ահա, որ գետի վերի կողմից, ծանր ողողած հեղեղատի միջից, լսվեց զարհուրելի, սիրտ կեղեքող, անպատմելի մի ճիչ, ու ճիշտ նույն վայրկյանին սրընթաց հեղեղատի վրա երևաց փոքրի՜կ-փոքրի՜կ, վախկոտի պուշ աչքի նման ահաբեկված թարթող, սրընթաց մի կրակ։ Ես ավելի պինդ սեղմվեցի եղբորս, գրկեցի նրա ոտքը, շուրջս հավաքված մարդիկ բարձրացրին մի ահախառն աղմուկ, շարժվեցին տեղերում ու, չգիտեմ ինչու, հայհոյեցին իրար, այդ ժամանակ մի վերջին անգամ ևս խոնավ հեղեղատի ծանրանիստ մազութի միջից լսվեց զարհուրելի սրտակեղեք ճիչը, վախկոտի աչքի պես ահաբեկված թարթող պուշ կրակը սրընթաց սուրաց դեպի Վարդանի կամուրջի սևասև ուրվականը— և ամեն ինչ կորավ, լռեց, սուզվեց մազութանման հեղեղատում։ Պարզվեց, որ քաղաքի գետափնյա փողոցներից պոկված մի նավակ էր դա, որ հոսանքի մեջ ընկնելով՝ քշվել էր դեպի Վարդանի կամուրջը։ Եղբորս կողքին կպած՝ դողալով տուն եկա ես, պառկեցի մորս կողքին— և ամբողջ գիշերը մինչև լույս իմ մանկական ուղեղի միջից ծանրանիստ ընթանում էր հորդած գետը, ուղեղիս ահաբեկված մազութում կախված՝ օրորվում էր Վարդանի կամուրջի սևասև ուրվականը, որ այդ սևասև ուրվականին դիպչելով՝ սրտակեղեք մի ճիչ էր արձակում վախկոտի աչքի պես ահաբեկված թարթող, պուշ կրակը։ Առավոտյան արթնանալիս իմ առաջին գործն այն եղավ, որ ես շնչակտուր վազեցի դեպի գետը և— օ, զարմանք և ուրախություն, տեսա, որ գետափնյա փողոցից արդեն քաշվել էր առասպելական վիշապը, գետն իր ափերն էր մտել և հոսում էր հանդարտ, իսկ Վարդանի կամուրջը գետի մեջտեղն արքայաբար նստած չորացնում էր իր թրջած կողերը ելնող արևի պայծառ ճառագայթների ներքո... Մանկական միամտությամբ նայեցի Վարդանի կամուրջի կողերին դիպչող մթափրփուր ջրին, կարծելով, որ այնտեղ կգտնեմ որևէ հետք գիշերվա սրընթաց սահող նավակից և անգամ,— օ, մանկական անմեղություն,— վախկոտի պուշ աչքի նման ահաբեկված թարթող այն կրակից... Բայց ո՛չ մի հետք, իհարկե, չկար, և չէր էլ կարող

[ էջ 146 ]

լինել այդ բոլորից։ Վարդանի կամուրջն էր միայն, որ արքայաբար կուրծքը դեմ էր տվել մթափրփուր ջրերին... Մանկությանս օրերին կատարված այս ինքնին աննշան դեպքից անցել են համարյա քսանից ավելի երկար ու ձիգ տարիներ, բայց ես հիշեցի հանկարծ ինքնին աննշան այդ դեպքը՝ նաիրյան մեր նկարագրած քաղաքի վերոհիշյալ դեպքերն ու պատմությունները մտաբերելիս։ Իսկ պատահական բա՞ն է արդյոք, երբ մարդ այս կամ այն դեպքի կամ պատմության առիթով հիշում է մի ուրիշ, այլ դեպք կամ պատմություն։— Իհարկե, պատահական բան չէ, ընթերցող— և խորը, խորը, խորագույն իմաստ կա նման, գիտական տերմինով ասած՝ գաղափարների ասոցիացիայում, և ներկա դեպքում այդ խորագուն իմաստն ինձ համար պարզ է ավելի, քան արևի լույսը։ Եվ իրոք, իր ափերից ելած, հորդած գետը չէ՞ր միթե այն օրերում նաիրյան այդ քաղաքի կյանքը, մի կյանք, որի վրա, ինչպես հայտնի է քեզ, ընթերցո՛ղ, վաղուց հետե կախված էր մազութանման մշուշը, որը վաղուց հետե ծածկել էր, ինչպես հայտնի է քեզ, նաիրյան այդ քաղաքն ու բնակիչներին, շենքերն ու մարդկանց։ Հեղեղել էր կյանքը, ելել էր այդ օրերին իր սովորական ափերից և, թերևս, իզուր էր Կարո Դարայանը փորձել լույսի նշույլ մտցնել, վերոհիշյալ դժբախտ նավաստիի նման թարթել իր տարտամ կրակը, մազութանման մուժում։— Օ, պիտի իմանար, պիտի հասկանար այդ Կարո Դարայանը, որ զարնվելու է իր նավակը «Վարդանի կամուրջի» արքայանիստ քարակույտին, որ վաղուց սովոր էր արդեն իր քարակերտ կուրծքը դեմ անել ամեն հոսանքի ու հեղեղատի։ Եվ ճիշտ որ. վերը նկարագրած դեպքից հետո ես հեռացա նաիրյան այդ քաղաքից և վերադարձա մի տարի անց, ու ի՞նչ, նույնն էր տպավորությունս, ճիշտ նույն տպավորությունը, որ ես ստացել էի մանկությանս օրերին՝ հորդած գետը տեսնելու գնալուս հաջորդ առավոտը, ճիշտ այն ժամանակվա նման ես տեսա, որ համարյա թե իր սովորական ափերն է մտել նաիրյան այդ քաղաքի առօրյա կյանքի այն ժամանակ այնպես մթափրփուր հորդած, հեղեղած գետը— և նույն ակնածանքով ու ահավոր հիացմունքով ես տեսա մեր ամենահարգելի Մազութի Համոյին, որ, ինչպես գետի հորդելուց հետո՝ Վարդանի կամուրջը, արքայակերպ կեցել էր կյանքի արդեն բավականին հանդարտած, համարյա իր ափերը մտած հոսանքի մեջտեղը և այլևս իզուր էին նրա, այսինքն՝ Մազութի Համոյի, հասարակական դիրքի քարակերտ պատերին դիպչել փորձում արդեն իջած գետի մի քանի մանրիկ, մթափրփուր ալիքները... Բարեբախ–

[ էջ 147 ]

տաբար այլևս երեխա չէի ես այդ ժամանակ, որպեսզի այդ լղրճուկ (ընկ. Վառոդյանի խոսքով ասած) ալիքների փրփուրում փնտրեի ինչ-որ նավաբեկման հետքեր։ Օր. Սաթոն էր միայն, որ դեռ շարունակում էր տարածել քաղաքում իր անսպառ ստերն ու պրովոկացիաները,— բայց էլ ո՞վ էր օր. Սաթոյին, այդ «ծամը կտրած լրբին», կարևորություն տվողը։ Մազութի Համոն կար ու կանգնած էր էլի, ինչպես Վարդանի կամուրջը, անսաստ ու քարակերտ։ Կանգնած էր նաիրյան այդ քաղաքի ու իսկական, այո՛, համարյա թե մարմնացած Նաիրիի, այսպես կոչված, «գրավված» վայրերի» կենտրոնում, որպես «Ընկերության» լիազոր ներկայացուցիչ, Տեղական Կոմիտեի և Քաղաքային Խորհրդի նախագահ, Զինվորական Գերագույն Ատյանի անդամ— և այլն, և այլն, և այլն,— և նրա, Մազութի Համոյի ուղեղում էլի նաիրյանն էր ու հավիտենականը՝ արդեն մարմնավորվել սկսող երկիր Նաիրին...

Շատ ջրեր էին հոսել նաիրյան այդ քաղաքի և ընդհանրապես Նաիրիի ու աշխարհի վրայով այդ մի տարվա ընթացքում, երբ ես բացակայում էի քաղաքից ու Նաիրիից, և ամենանշանավորն ու կարևորն այն էր, որ այդ ջրերի հետ մեկտեղ հոսել էին նաև բանակները Նաիրիից ու այդ քաղաքից, և Նաիրին ու քաղաքը մնացել էին Մազութի Համոյին ու նաիրցիներին, երազյալը, կարծես, երկրային էր դարձել. Մազութի Համոյի ուղեղից սահելով՝ մարմնավորվել էր կարծես երկիրը Նաիրի։ Հավաքել էր «Ընկերությունը» և գրավված վայրերն էր ուղարկել բազում ու անհամար նաիրյան ռազմիկներ. դարերի մուժից, մշուշից ելնելով՝ հառնել էր, վերջապես, նաիրյան կարծր ոգին, գրավել էր շեներ ու քաղաքներ, բռնել էր Բերդը։ Անթիվ տարիներից, դարերից հետո վերստին նաիրյան դարձած Առաքելոց եկեղեցում նաիրյան հնամյա բարբառով աստվածահաճո պատարագ էր անում արդեն տեր Հուսիկ քահանան — Խաչագողը, ու բերդի ամենաբարձր աշտարակի վրա եռագույն դրոշ պարզած՝ Բերդի հրամանատարն էր արդեն ընկ. Վառոդյանը։ Քաղաքի ու շրջանի, արդեն ամբողջովին նաիրյան դարձած, դպրոցների վարիչ էր Արամ Անտոնիչը, դպրոցի (այսինքն ռեալականի) տեսուչը, իսկ Գեներալ Ալոշը, Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆը, կոշկակար Սիմոնը — Կլուբի մեյմունը, մանրավաճառ Կոլոպոտյանը և շատ ու շատ ուրիշ պատկառելի նաիրցիներ դարձել էին Քաղաքային Խորհրդի անդամներ։ Մենակ Մեռելի Ենոքն էր իր տեղը մնացել. Քոռ Արութի հետ մեկտեղ նա էլի չայ ու կալբաս էր ծախում վակզայի մեյդա–

[ էջ 148 ]

նում,— և ոչինչ՝ գոհ էր իր վիճակից։ Մոռացանք Օսեփ Նարիմանովին. հաշտարար դատավոր Օսեփ Նարիմանովը միանգամայն լքել էր իր հաշտարար գործունեությունը և բժիշկ Սերգե Կասպարիչի հետ միասին դարձել էր Զինվորական Գերագույն Ատյանի անդամ, այսինքն մենակ ինքը, Օսեփ Նարիմանովն էր՝ անդամ, իսկ բժիշկ Սերգե Կասպարիչը— այդ Գերագույն Ատյանի նախագահն էր, քաղաքի ու շրջանի ամենաազդեցիկ մարդը, այո՝ նույնիսկ ասողներ կային, որ ավելի ազդեցիկ, քան ինքը՝ Մազութի Համոն։— Բայց մենք, իհարկե, չենք հավատում նման երեխայամիտ կարծիքներին։ Այսպիսով, ինչպես տեսնում եք, ամեն ինչ փոխվել էր և ընդունել միանգամայն նաիրյան կերպարանք։ Նաիրի՛ն էր, հին, երազյալ, հավիտենական Նաիրին, որ տարիների մուժից, մշուշից ելած՝ առել էր իրական կերպարանք։ Եվ ամեն ինչ լավ էր գնում, նույնիսկ կարելի է ասել, որ կատարյալ հանգիստ ու խաղաղություն կտիրեր նաիրյան այդ քաղաքում և շրջանում, եթե չլինեին մի շարք ստոր, անպատկառ, նաիրադավաճան մարդիկ, որոնք խանգարում էին նորաստեղծ նաիրապետության հանգիստը։ Եվ ո՞վ գիտե՝ կկատարվեի՞ն արդյոք հետագա դժբախտ ու ահավոր դեպքերը, եթե չլինեին այդ ստոր, անպատկառ, նաիրադավաճան մարդիկ։ Երևակայո՞ւմ եք՝ դրանք, այդ ստոր, դավաճան, անպատկառ մարդիկ, դեմ էին «գրավված վայրերի» պաշտպանության, ինչ-որ խաղաղություն էին պահանջում այդ ստոր, դավաճան, ազգուրաց մարդիկ, երբ դեռ չէր գետնահարված ոսոխը, ավելին՝ երբ իր վերջին հորդաները հավաքած՝ թափթփուկ բանակներով պատրաստվում էր «գրավված վայրերը» խուժել, վերստին հրի ու սրի մատնել այնքան դժվարություններով վերջապես ազատագրված երկիրը Նաիրի... Հասկանո՞ւմ եք՝ ղուշը, ինչպես ասում էր Հաջի Օնիկ էֆենդին, երկնային թռչունը եկել, իր ոտքով մեր ձեռն էր ընկել, իսկ այդ ստոր պարոնները պահանջում էին, որ մենք մեր ձեռքով վերցնենք ու բաց թողնենք այդ ղուշը՝— հանուն ինչի՞, կամ, ինչպես նույն Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆն էր ասում— անունն ի՞նչ դնենք... Օ, ոչ մի անուն չէր կարելի դնել այդ նաիրուրաց տխմարությանը, քան այն անունը, որ դրել էր Տեղական Կոմիտեն, ո՛չ «Ընկերությունն» ինքը, և այդ անունն էր, ինչպես քանիցս կրկնել ենք արդեն ի միջի այլոց — «Ազգային դավաճանությունը»։ Եվ ովքե՞ր էին դրանք, և ո՞վ էր դրանց ղեկավարը.— մի քանի լղրճուկ սինլըքորներ, ինչպես ասում էր Համո Համբարձումովիչը. կամ Հայվարա սանքյուլոտներ, ինչպես կարծում էր անգլիախոս

[ էջ 149 ]

Հաջի Օնիկ էֆենդին և չհասկացողին թարգմանում ու հասկացնում, որ սանքյուլոտներ նշանակում է — անվարտիք շներ, կարծես թե վարտիքավոր շներ էլ են լինում... Եվ ո՞վ էր, ո՞վ էր, ինչպես ասացինք, դրանց ղեկավարը, կամ, ինչպես էլի նույն Հաջին էր ասում — «վերի գլուխը».— արյունարբու մի սկյութ, ռսացած մի մոնղոլ, մի գերմանական լրտես, որ պլոմբած վագոնով հայրենիք վերադարձած՝ չին զորքերու և անվարտիք ավարաներու օգնությամբ ներսերում խլել էր արդեն իշխանությունն ու հանձնել այն գերմանացիներին՝ այդպիսով գլուխ բերելով իր այն խոստումը, որ տվել էր արյունարբու Վիլհելմ կայսեր... Ահա՛ թե ովքե՞ր էին դրանք և ահա թե ո՛վ էր դրանց «ամենավերին գլուխը», այսինքն՝ ամենամեծ ղեկավարը։ Եվ, երևակայո՞ւմ եք, ընթերցող— այդ ժամանակ արդեն պարզվել էր (գոնե այդպես էր ինձ հավատացնում պ. Աբոմարշը), որ նաիրյան այդ քաղաքում այդ սանքյուլոտների, այսինքն անվարտիք շների ղեկավարն է եղել, — հասկանո՞ւմ եք՝ սույն Հաջու խոսքերով ասած՝ այն «շանսատակ եղած» Կարո Դարայանը, որի սպանողներին զուր տեղն էր իր թանկագին ժամանակն ու անսպառ եռանդն անձնվիրաբար մսխելով՝ այնքան տենդագին որոնում ընկ. Վառոդյանը։ «— Շունը շան մահով կսատկի»— ասում էր այդ առթիվ Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆը, և նա, թերևս, իրավունք ուներ, որովհետև, պե՞տք է վերջապես մի կերպ արտահայտություն գտներ այդ պատկառելի նաիրցու անձնուրաց նաիրասիրությունը։ Ահա թե ո՛վ է եղել Կարո Դարայանը, ընթերցո՛ղ, իսկ մենք դեռ ցավում էինք նրա եղերական մահվան համար և անվերապահ հավատ էինք ընծայում նրա ամեն մի խոսքին։ Իսկ նրա ընկերնե՞րը, ովքե՞ր էին նրանք նաիրյան այդ քաղաքում.— առաջինը՝ Կարո Դարայանի խորհրդավոր սպանությունից հետո քաղաքից անհայտ անհետացած պ. Մարուքեն էր, ընկ. Վառոդյանի հորջորջած այդ պ. Գրաստամատյանը, և ապա— մեզ քաջ ծանոթ «ծամը կտրած» չակերտավոր «օրիորդ» օր. Սաթոն և էլի մի քանի նման արարածներ, մի երկու հոգի, որ վակզալի մոտերքը հավաքված՝ գլխահան էին անում վակզալի բաշիբուզուկներին, այսինքն երկաթուղային բանվորներին ու ծառայողներին և ֆրոնտից փախած դեզերտիրներին։—Ահա՛, ահա՛, ընթերցո՛ղ, թե ո՛վքեր էին նաիրյան այդ քաղաքի և նորաբողբոջ նաիրապետության հանգիստը խանգարողները, դրանք էին, այդ ստոր, նաիրուրաց, նաիրադավաճան մարդիկ, որ մրոտ, կամ, տեր Հուսիկ քահանա — Խաչագողի խոսքով ասած «խլնքոտ» քթներն ամեն

[ էջ 150 ]

տեղ խոթելով ջուր էին պղտորում, որ ձուկ որսան։ Եվ դա, հասկանո՞ւմ եք (կրկնում ենք, ընթերցող, որ լավ գլխի ընկնես և հարկ եղածի չափ լավ պատկերացնես դրության ամբողջ խայտառակությունը) — և այդ ամենն այն ժամանակ, երբ գրավված վայրերը, այսինքն արդեն իրողություն դարձած նաիրյան երկիրն անցնելով՝ արդեն անկախ Նաիրի էր հայտարարել նաիրյան հայտնի հերոս, այժմ հայտնի զորավարը,— այն ժամանակ, երբ, ինչպես ասում են՝ քափ ու քրտինք կտրած՝ նաիրյան ռազմիկներ էր ուղարկում գրավված վայրերը, այսինքն երկիր Նաիրին պաշտպանելու համար, Տեղական Կոմիտեն, ոչ՝ տեղական, այսինքն նաիրյան իշխանությունը,— երբ, մյուս կողմից, արդեն ստույգ լուրեր ուներ ստացած նաիրյան իշխանությունը, որ, վերջին հորդաները հավաքած, թափթփուկ բանակներով մտադրություն ունի գրավված վայրերը խուժելու Հավիտենական Հիվանդը,— ա՛յդ ժամանակ ահա այդ ստոր, դավաճան, նաիրուրաց մարդիկ դեզերտիրություն էին քարոզում նաիրյան բանակում և խոսում էին հաշտության մասին, ո՞ւմ հետ.— հավիտենական ոսոխի ու Հավիտենական Հիվանդի, որին նաիրցի մի ռազմիկի քացին անգամ բավական էր,— ինչպես ասում էր Մազութի Համոն,— որպեսզի նա հավիտենապես փչեր իր շունչը, և նա, իհարկե, կփչեր իր շունչը, եթե չլինեին այդ նաիրուրաց, ստոր, նաիրադավաճան մարդիկ...— Ո՛ւշ, շատ ուշ գլխի ընկան (և դեռ հարց է՝ գլխի կընկնեի՞ն արդյոք մյուսները, եթե չլիներ էլի նույն Մազութի Համոն) և ուշ, շա՜տ ուշ հարկ եղած խստագույն միջոցներին դիմեցին հիշյալ լրբերի վերաբերմամբ նաիրյան իշխանավորները,— բայց թե ի՞նչ կարող էին անել այլևս նրանք, երբ արդեն մեր նկարագրած քաղաքի համարյա պարիսպների տակ էր ոսոխը, երբ, երկու օր անց, ինչպես հետագայում մանրամասն կիմանանք, դեպքերի թավալգլոր արագությամբ ընկավ նաիրյան այդ քաղաքը, և Հավիտենական ոսոխը ոտք դրեց վառվող քաղաքի մոխիրների վրա...

Մենք արդեն անցնում ենք նաիրյան այդ քաղաքի և սույն այդ պոեմանման վեպի վերջին դեպքերի նկարագրությանը,— և մի սուր, անողոք, դառնաթախիծ կսկիծ սկսում է ուտել մեր սիրտը, ձեռքս կրկին սկսում է դողալ, և գրությանս տառերը գրվում են ծուռ ու դողդոջ, կարծես օրորում է տողերս աներևույթ մի հողմ... Սև, մրուրոտ, արյունալի են այդ դեպքերը, որոնց նկարագրությանն անցնելու ենք հիմա, ընթերցո՛ղ, և չգիտենք՝ կարողանալո՞ւ է արդյոք մեր

[ էջ 151 ]

տկար գրիչը պատկերել այդ դեպքերն այնքան սրտակեղեք ու ահավոր, որքան սրտակեղեք ու ահավոր էին նրանք իրականում։ Մենք ավելի քան կասկածում ենք դրան, ընթերցո՛ղ, որովհետև դժվար թե մեր հնամյա արևի ներքո գտնվի մի գրիչ, որ պատկերել կարողանա այդ վերջին դեպքերը, պատկերել այնպես, որ բիզ-բիզ կանգնեն ընթերցողի մազերը, կսկծից ու ցավից խորովվի ընթերցողի սիրտը, և այրող, այրող, այրող արցունքները թափվեն ընթերցողի աչքերից։ Մենք չենք հավատում, որ դա կհաջողվի մեզ, ընթերցո՛ղ, և բարկությունից ու ցավից ուզում ենք դեն նետել մեր գրիչը, չգրել, չվերջացնել պոեմանման այս վեպը, որ առանց այդ էլ բավականին երկարեց,— բայց ահա իմ, հեղինակիս, ուղեղի խորհրդավոր գաղտնարանից ելնելով՝ խուժում են հոգևոր հայացքիս առջև սև, մրուրե, արյունալի դեպքեր ու դեմքեր,— և ես կրկին վերցնում եմ գրիչս՝ ընդհատված պատմությունս շարունակելու։

Այս անգամ ևս պատմությունն սկսվեց նրանից— այսինքն էլի իրանից՝ Համո Համբարձումովիչից — Մազութի Համոյից... Եվ ինչպե՞ս կարող էր իրանից, այսինքն՝ Համո Համբարձումովիչից— Մազութի Համոյից չսկսվել, երբ, ինչպես հայտնի է արդեն, ոչ միայն նաիրյան այդ քաղաքը, այլև ամբողջ Նաիրին նրա շուրջն էր դառնում, և ոչ միայն շուրջը դառնում, այլև, ինչպես գիտենք, հառել էր նրա ուղեղից՝ նրա, Մազութի Համոյի ուղեղից սահելով՝ ուղեղայինը դարձել էր, կամ համարյա թե դարձել էր երկրային, դարձել էր — համարյա փաստ... Այո՛, այս անգամ ևս սկսվեց նրանից, որ քաղաքում հանկարծ լուրեր տարածվեցին, թե Համո Համբարձումովիչ Ասատուրովը — Մազութի Համոն գրավված վայրերն է մեկնում, իբր արտակարգ լիազոր՝ տեղում դիմադրություն կազմակերպելու համար։ Դրա հետ զուգընթացաբար քաղաքում պտտվել սկսեցին լուրեր, թե շարժվել է արդեն ոսոխը և գալիս է նաիրյան այդ քաղաքի վրա. գալիս է սելավանման, քար ու քանդ անելով այն ամենը, ինչ որ գտնում է իր ճանապարհին։ Այսպիսի՛ ահա լուրեր պտտվել սկսեցին այդ առավոտ քաղաքում, և այս լուրերի հետ մեկտեղ, սրանց զուգընթաց՝ պտտվել սկսեցին քաղաքում— ոչ թե ուրիշ լուրեր, այլ կենդանի մարդիկ, քաղաքում պտտվող այդ ոչ թե լուրերը, այլ կենդանի մարդիկ մտնում էին տները և տներից դուրս էին բերում— ոչ թե իրեր, այլ զենքի ընդունակներին ու քշում կայարան, քշում ֆրոնտ։ Եվ այս ամենը կատարվում էր ոչ թե այնպես, քամու

[ էջ 152 ]

բերածով, այլ այն պատերին փակցրած սպիտակ, բայց այս անգամ նաիրատառ, և ոչ թե հայտարարությունների, այլ հրամանների հիման վրա, հրամաններ, որոնց ներքևը— օ, զարմանալի զարմանք,— դրված էր ոչ թե ընկ. Վառոդյանի, կամ Տեղական Կոմիտեի, կամ զինվորական իշխանության, և կամ, վերջապես, իրա՝ Համո Համբարձումովիչի անունը, այլ— այդ նաիրատառ հրամանների ներքևը դրված էր — երևակայո՞ւմ եք— ոչ թե անուն, ազգանուն, կամ հիմնարկության անուն ասենք, այլ — երեք տառ միայն, երկու Հ. և մի Դ. (Հ. Հ. Դ.)...— Եվ այդ երեք տառերի ազդեցությունն ավելի էր ուժեղ ու զարհուրելի, քան հազար-հազար թեկուզև Մազութի Համոների, կամ զանազան իշխանությանց անուններ... Մահվան սարսուռ էր փչում այդ երեք տառից — ահա՛ թե ինչ։ Երեք այդ զարհուրելի տառերով ստորագրված հայտարարությունը, ներողություն — հրամանը— սկսվում էր «Նաիրցինե՛ր» դիմումով, կարճ ու ազդու։ Այո՛, կարճ ու ազդու էր այդ դիմումը, ինչպես կարճ ու ազդու էր այդ դիմումի, այսինքն՝ հրամանի, ներքևի ստորագրությունը,— բայց հասկացողի համար մի ամբողջ, այո՛, մի ամբողջ տիեզերք կար այդ մի հատիկ բառում, և այս բանը հասկանում էին ոչ թե ընտրյալները միայն, ոչ թե բացառությունները, այլև ամենքը, բառացի ամենքը,— առանց բացառության։ Ավելին՝ ոչ միայն հասկանում էին, այլև մտնում էին մեջը, այդ մի հատիկ բառի մեջ— ամենքը, սա՛ էր ահա զարմանալին։ Այո, այդ մի հատիկ բառի մեջ էին մտնում թե Համո Համբարձումովիչը— Մազութի Համոն ինքը, թե ընկ. Վառոդյանը, թե Սերգե Կասպարիչը— բժիշկը, թե Օսեփ Նարիմանովը, թե Հաջի Մանուկոֆ էֆենդին, թե մանրավաճառ Կոլոպոտյանը, թե Մեռելի Ենոքը ու Քոռ Արութը և անգամ վակզալի բաշիբոզուկներն ու դեզերտիրները.— այսպիսի ահա տիեզերական տարողություն ուներ այդ դիմումը, այդ մի հատիկ բառը, որով սկսվում էր հրամանը։ — «Նաիրցինե՛ր» — ասված էր այդ հրամանում, «Hannipal ad portas!»։— Հենց այսպես էլ տպված էր՝ ինգլիզի լեզվով, ինչպես կարծում էին սարսափած քաղաքացիները, և թերևս սա էր պատճառներից մեկը, բացի վերոհիշյալ դիմում — մի հատիկ բառից, որ այդ հրամանը բոլոր նաիրցիների վրա թողեց մի զարհուրելի, համարյա միստիկական տպավորություն. «— Թշնամին մոտենում է մեր դարբասներին» — ասվում էր ապա այդ հրամանում,— «և ամեն մի նաիրցի պետք է պարզ հաշիվ տա իրեն, թե ի՞նչ է նշանակում այդ...»։«Նաիրցինե՛ր» — կրկնված էր ապա տիեզերա–

[ էջ 153 ]

պարփակ դիմումն այդ հրամանում. «— Մեր չքնաղ երկիրը, դարեր շարունակ երազված և այժմ մեր զավակների հավելյալ արյունով վերջապես ձեռք բերված մեր հայրենիքը, մեր դրախտավայր Նաիրին, կանգնած է անասելի վտանգի առաջ, մոտեցել է ոսոխը և կրկին, կրկին սրի ու հրի կոխան է կամենում դարձնել մեր երկիր Նաիրին»... «— Նաիրցինե՛ր»— երրորդ անգամ դիմում էր հրամանը տիեզերքին ու ամենքին.— «—Մի բան է մնում անել այսօր ամեն մի իսկական նաիրցու՝ վերցնել զենք և ճակատ գնալ իր սեփական արյունով պաշտպանելու մեր աննման երկիրը,— ծծկեր երեխայից մինչև իննսուն տարեկան ծերունին պետք է այսօր ռազմաճակատ գնա և իր կուրծքը դեմ անի ոսոխի սվիններին և իր սրբազան արյունով փրկի անկումից ու ավերումից Նվիրական հայրենիքը— մեր դրախտանման Նաիրին»։— Եվ — «Նաիրցինե՛ր» — չորրորդ ու վերջին անգամ դիմում էր հրամանը տիեզերքին ու ամենքին — «Հասել է վճռական րոպեն և Հ. Հ. Դ. մի կոչ ունի միայն անելու իր սիրեցյալ նաիրյան ժողովրդին.— Դեպի կռի՛վ... Ի զեն, վերջի՛ն անգամ ի զեն, տառապյալ նաիրյան ժողովուրդ. Նաիրին վերջին անգամ կանչում է քեզ։ Եվ թող հեռանան մեր ճանապարհի վրայից վախկոտներն ու թուլամորթները, թող վտարվեն, անարգանքի սյանը գամվեն բոլոր նրանք, ովքեր այս ճակատագրական վայրկյանին իրենց անձնական կաշին ավելի բարձր կդասեն, քան նաիրասիրական վեհ գաղափարը։ Հ. Հ. Դ. հայտնում է սրանով, որ տեղնուտեղը հրացանազարկ են արվելու բոլոր նրանք, ովքեր փորձ կանեն իրենց ողորմելի կաշին փրկելու համար ռազմաճակատ չգնալ, կամ փախչել ռազմաճակատից։ Այդ է պահանջում մեզնից այսօր հայրենիքը, այդ է պահանջում այսօր մեր նվիրական Նաիրին։ Օն, ուրեմն՝ ի զե՛ն, նաիրցինե՛ր— դեպի ռազմաճակատ...»։ Այսպես էր վերջանում հրամանը, և ապա գալիս էին վերոհիշյալ երեք տառերը— Հ. Հ. Դ.։— Էլ կարո՞ղ է արդյոք զարմանալի թվալ, որ այդ հայտարարությունը, ներողություն, հրամանը բոլոր քաղաքացիների վրա թողեց մի անասելի, շշմեցնող, զարհուրելի տպավորություն։ Այնպիսի մի անասելի իրարանցում ընկավ քաղաքում, որ, ինչպես կասեր Մեռելի Ենոքը՝ «մերը մանուկը մոռցավ». ժաժք եղավ կարծես, կարծես եկավ ահեղ դատաստանի օրը։ Եվ, եթե ճիշտը կուզեք, հենց այդ օրվանից էլ պետք է հաշվել Երկիր Նաիրի և այդ քաղաքի վախճանի սկիզբը, և դա ոչ թե վերոհիշյալ հրամանի պատճառով, այլ այն, մեզ համար միանգամայն հասկանալի, իսկ այլ քաղաքների համար այն–

[ էջ 154 ]

պես էլ անհասկանալի մնացած պատճառով, որ Մազութի Համոն, թեկուզ և ժամանակավորապես, թողեց իր հայրենի քաղաքը, իսկ ի՞նչ կարող էր անել այդ քաղաքն առանց Մազութի Համոյի, այսինքն՝ առանց այն առանցքի, որի շուրջը դառնում էր քաղաքը։ Պարզաբանենք մեր միտքն օրինակով։ Օրինակ՝ «— Ո՞րն է ֆայտոնի նպատակը» — հարցնում է մի անգամ Քոռ Արութին Մեռելի Ենոքը. բայց Քոռ Արութը չի իմանում, և քանի որ Քոռ Արութը չի իմանում, իր տված հարցին պատասխանում է ինքը, Մեռելի Ենոքը. «— Ֆայտոնի նպատակը օսն է»։— Այսպես է պատասխանում իր դրած հարցին Մեռելի Ենոքը և պարզաբանում հետո.— «Էնիկ որ չեղնի— ֆայտոնը չի էրթա»։— Եվ մենք միանգամայն համամիտ ենք Մեռելի Ենոքին։— Այդպես էլ տվյալ դեպքում։ Երևակայեցեք, ընթերցո՛ղ, որ, ինչպես նաիրյան այդ քաղաքը, այնպես էլ ամբողջ Նաիրին, Մեռելի Ենոքի տերմինով ասած մի հսկա «ֆայտոն» է, իսկ Համո Համբարձումովիչը— Մազութի Համոն՝ նրա «օսը». է, ի՞նչ կարող է անել «ֆայտոնը», այսինքն նաիրյան այդ քաղաքը, կամ ամբողջ Նաիրին, առանց «օսի» — այսինքն Համո Համբարձումովիչի— Մազութի Համոյի։ Հարցնում ենք՝ ի՞նչ կարող է անել։ Պատասխանը մեկն է.— ոչինչ ու ոչինչ։— Կքանդվի, տեղում կմնա՝ կփտի ու կթափվեն մասերը, ինչպես քայքայվող դիակի մասեր։ Եվ այս հանգամանքն ավելի պարզ ու հասկանալի կլինի, եթե հիշենք, որ Մազութի Համոն ոչ միայն «օսն» էր նաիրյան այդ քաղաքի, այլև հոգին։ Դե երևակայեցեք հիմա մարմնի դրությունը՝ առանց հոգու, ի՞նչ կլինի մարմինը, եթե հեռանա հոգին։—Սրա էլ պատասխանը մեկն է.— կքայքայվի, կտարալուծվի, մարմին կազմող քիմիական տարրերն ամենքը մի կողմ կփախչեն ու կմնա ի՞նչ, ոչինչ, կմնա— մահ, մոռացության մշուշ — բաց տարածություն։ Եվ նույնը, ճիշտ նույնը կատարվեց նաիրյան այդ քաղաքի, ապա և ամբողջ Նաիրիի հետ, հենց որ Մազութի Համոն թողեց այդ քաղաքը և գրավված վայրերը գնաց՝ տեղում դիմադրություն կազմակերպելու...

Մե՛ծ, մե՛ծ, անասելի սխալ էր Մազութի Համոյի բացակայելը քաղաքից, հետո, երբ նա վերադարձավ գրավված վայրերից — արդեն ուշ էր, քայքայվել էր արդեն քաղաքի մարմինը և ոչ մի հոգի չէր կարող այլևս կենարար շունչ փչել ու վերստին գոյություն պարգևել այդ քայքայված մարմնին։ Ավելին՝ հետո, երբ Մազութի Համոն վերադարձավ արդեն գրավված վայրերից ոչ միայն ի վիճակի չեղավ

[ էջ 155 ]

կենարար շունչ փչել քայքայվող քաղաքի սառած երակները, այլև շուտով ստիպված եղավ փչել իր սեփական շունչը, փչել— հավիտյան ու անդարձ, փչել — ընդմիշտ... Եվ նրա հետ միասին իրա շունչը փչեց երազյալն ու հավիտենականը՝ երազյալ ու հավիտենական, իրա, Մազութի Համոյի հանճարեղագույն ուղեղից դեպի երկրայինն ու գոյացյալը ձգտող, համարյա գոյացած Նաիրին... Համոզված, այո՝ խորին համոզմունքով մենք կարող ենք ասել, որ գուցե իսկի էլ տեղի չունենային թավալգլոր արագությամբ Մազութի Համոյի գնալուց հետո նաիրյան այդ քաղաքում կատարված դեպքերն ու իրողությունները, եթե Մազութի Համոն չհեռանար քաղաքից.— երկրորդ, բայց առաջինից ավելի կարևորագույն սխալն էր այս, որ Մազութի Համոն ինքը, մասամբ և ամբողջ «Ընկերությունը» կատարեցին այդ ժամանակ.— առաջին սխալը, ինչպես մասամբ արդեն գիտենք, այն ստոր, նաիրուրաց, նաիրադավաճան մարդկանց հանդեպ խստագույն միջոցների չդիմելն էր ժամանակին, իսկ երկրորդ, և, ինչպես ասեցինք, ամենակարևորագույն սխալը— Մազութի Համոյի քաղաքից հեռանալը։ Այո՛, Մազութի Համոն չպետք է հեռանար քաղաքից, բայց նա, ինչպես տեսնում եք, հեռացավ, և անսպասելի, եղերական, ահասարսուռ դեպքերն ու իրողությունները, նաիրյան այդ քաղաքի վերջին դեպքերն ու իրողությունները, իրար հաջորդեցին, ինչպես ասացինք՝ թավալգլոր արագությամբ...

Մազութի Համոյի քաղաքից հեռանալու օրը, ինչպես արդեն գիտենք, քաղաքում լույս տեսավ վերոհիշյալ զարհուրելի, համարյա միստիկական տպավորություն թողնող, հայտարարությունը, այսինքն հրամանը։ Եվ դրա հետ մեկտեղ, ինչպես գիտենք, քաղաքում պտտվել սկսեցին — ոչ թե լուրեր, այլ կենդանի մարդիկ, որոնք մտնում էին տները և հանում տներից — ո՛չ թե իրեր, այլ զենքի ընդունակներին։ Բացի այս՝ ընկեր Վառոդյանը կայարանում կանգնեցրել էր մարդիկ, արտակարգ փափախավորներ, որոնք խստիվ արգելում էին հեռանալ քաղաքից։ Սխալվեցինք, սկզբներում դեռևս թույլատրվում էր քաղաքից հեռանալ,— բայց — միմիայն կանանց ու երեխաներին, և ահա սկսվեց նրանից, որ քաղաքից հեռանալ սկսեցին կանայք ու երեխաները։ Եվ զարմանալին այն է, որ մի շարք այլափոխություններ տեղի ունեցան նաիրյան այդ քաղաքում այդ օրերին, քաղաքում խոսում էին, որ, վերին հրաշքով, կնոջ կերպարանք են ստացել մի շարք պատկառելի նաիրցիներ, ինչպես, օրինակ՝

[ էջ 156 ]

պ. Աբոմարշը, կոշկակար Սիմոնը— Կլուբի մեյմունը, մանրավաճառ Կոլոպոտյանի երիտասարդ տղան և ուրիշ շատ շատերը.— բայց հավատացնում եմ, ընթերցող, որ այստեղ ոչ մի հրաշք չկար, պարզապես բռնել էին դրանց կայարանում կանգնած արտակարգ փափախավորները — կանացի շորերով, ահա՛ և ամբողջը։ Ի՞նչ հրաշքով, չգիտենք, բայց այդ պատկառելի նաիրցիներն ազատվեցին գնդակահարությունից, ավելին՝ շուտով իմացվեց, որ նրանք բոլորն էլ անհոգ թռչունների նման թափառում են, թեպետև Նաիրիից դուրս գտնվող, բայց համարյա նաիրյան, չքնաղագույն մի քաղաքի լազուր երկնքի ներքո և նույնիսկ զարմանում են, որ մնացած նաիրցիները չեն հետևում իրենց գեղեցիկ օրինակին... «Չե՜ն հետևում...»։— Բայց ո՞նց հետևեին, երբ քաղաքի պատերից, օր օրի ետևից, շշմած քաղաքացիների գլխներին էին թափվում մեկը մեկից զարհուրելի, մեկը մեկից անողոք ու սարսափ տարածող հրամաններ, այնպես որ ի վերջո քաղաքի խեղճ բնակիչները զարհուրում էին քթները բարձրացնել և չէին էլ բարձրացնում, որպեսզի իրենց այդ պատկառելի, նաիրյան քթներով չդիպչեն որևէ զարհուրելագույն հրամանի։ Ինչպե՞ս, ինչպե՞ս կարող էին հետևել պ. Աբոմարշի և ընկերների օրինակին սարսափած նաիրցիները, երբ շուտով, ընկ. Վառոդյանի մի նոր խստագույն հրամանով, արգելվեց քաղաքից հեռանալ անգամ կանանց ու երեխաներին, որպեսզի, ինչպես ասված էր ընկ. Վառոդյանի հրամանում,— «խուճապ չառաջանա»։ «Թշնամին պարտված է»— ասվում էր ապա այդ հրամանում,— «և բոլորը կարող են հանգիստ տեղները նստեն»։— Դե եկեք ու ընկ. Վառոդյանի այսպիսի հրամաններից հետո հետևեք պ. Աբոմարշի և ընկերների գեղեցիկ օրինակին... Բայց բանն այն է, որ չնայած ընկ. Վառոդյանի ու մյուսների խստագույն հրամաններին, չնայած կայարանում կանգնած արտակարգ փափախավորներին, որոնց ձեռքին էր իրապես գտնվում այդ ճակատագրական օրերին քաղաքի բանալին,— չնայած այդ ամենին՝ քաղաքի բնակչությունն օր օրի ետևից նոսրանում էր ու նոսրանում, և նոսրանում էին ամենից առաջ քաղաքի վարի, այսինքն կենտրոնական թաղերը։ Ո՞նց, ինչպե՞ս, ի՞նչ հրաշքով, չգիտենք, բայց վաղուց արդեն առանց Նունուֆար հանըմի ու իր, արդեն 18-ը տարեկան դարձած, «պզտիկի» էր իր ամենօրյա չորբան խմում Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆը, և վաղուց արդեն նույն այդ դառը մենակությանն էր ենթարկված Արամ Անտոնիչը, դպրոցի տեսուչը (այժմ քաղաքի և շրջանի բոլոր նաիրյան դպրոցների վարիչը): Եվ

[ էջ 157 ]

նույն այդ դառնադառը մենակության վիճակին էին վաղուց արդեն ենթակա թե՛ Օսեփ Նարիմանովը, թե՛ Գեներալ Ալոշը, թե՛ տեր Հուսիկ քահանա—Խաչագողը,— բոլո՛րը, բոլո՛րը, բոլոր պատկառելի նաիրցիները՝ Ալեքսանդրյանի ու Լորիս-Մելիքյանի բնակիչները։ Ասենք բացառություններ էլ, իհարկե, կային, ու այդ տխուր բացառությունների մեջ էին Տելեֆոն Սեթոն, Մեռելի Ենոքը, Քոռ Արութը, հայտնի ճաշարանատեր Բոչկա Նիկոլայը և շատ ու շատ նման, թեկուզև Ալեքսանդրյանի ու Լորիս-Մելիքյանի վրա խանութ ունեցողները, բայց էապես հասարակ, մանր-մունր մարդիկ։ Սրանք բոլորն էլ իրենց ընտանեկան հարկի ներքո դեռևս վայելում էին ընտանեկան կյանքի բոլոր քաղցրությունները։ Իսկ ինչ վերաբերում է վերի թաղերի, այսինքն Բերդի և Առաքելոց եկեղեցու թաղերի բնակիչներին՝ դրանք բոլորն էլ տեղները նստած էին մնացել, և ընկ. Վառոդյանի հրամաններին հետևելով՝ նստած էլ մնում էին, որպեսզի խուճապ չառաջացնեն։ Բայց շա՞տ բան էր կախված այդ վերի թաղերի բնակիչներից, այդ «բռի անասուններից», ինչպես անվանում էր նրանց վարսավիր Վասիլը, որը, ի դեպս, վաղուց արդեն փակել էր իր հռչակավոր վարսավիրանոցը և ռազմաճակատ էր գնացել, ուր, ընկ. Վառոդյանի կողմից նշանակված լինելով՝ մթերքներ էր հայթայթում նաիրյան բանակին։ Թե ինչո՞վ բացատրել վարսավիր Վասիլի այս տարօրինակ քայլը— չգիտենք, սակայն այդ բանն ավելի քան լավ գիտեր Հաջի Մանուկոֆ էֆենդին, որ նույնպես «հայթայթող» էր, բայց ոչ թե «փինթի», ինչպես վարսավիր Վասիլը, այլ — խոշոր, անգամ ամենախոշոր, խոշորագույն «հայթայթող»։ Այո՛, նոսրացել էր քաղաքի բնակչությունը, սակայն այս նոսրացումն հարկավոր է հասկանալ ոչ թե քանակի, այլ որակի իմաստով, քաղաքից հեռացել էին արդեն ամենապատկառելի քաղաքացիների ընտանիքները, բայց դրանց տեղը շրջանի գյուղերից քաղաք էին թափվել հազարավոր նոր ընտանիքներ, որոնք լցրել էին փողոցները սայլերով, եզներով, կովերով, երեխաներով և տնային այլ անասուններով, բացի տղամարդկանցից, որոնց վաղուց արդեն ռազմաճակատ էին ուղարկել ընկ. Վառոդյանի արտակարգ փափախավորները։ Քաղաքի որակն էր փոխվել ամբողջովին — ահա՛ թե ինչ. ու փոխվել էր քաղաքի տեսքը։ Եվ այս հանգամանքը մեծ մտահոգություն էր պատճառում ընկ. Վառոդյանին. բայց, չնայած նրա մի շարք ավելի քան խստագույն հրամաններին — այնպես էլ չհաջողվեց շրջանից փախած այդ «վախկոտ ոչխարներին» իրենց տեղերն ուղարկել, նրանք չգնացին, չնա–

[ էջ 158 ]

յած անգամ նրան, որ ընկ. Վառոդյանի արտակարգ փափախավորները քանիցս փորձեցին մտրակային լեզվի փոխել ընկ. Վառոդյանի հրամանների նաիրյան քաղցր լեզուն։ Չօգնեց, ոչինչ չօգնեց, դրանք մնացին քաղաքում, անբան անասունների նման թափված մնացին նաիրյան չքնաղ այդ քաղաքի ոչ այնքան էլ չքնաղ փողոցներում ու լցրին այդ ոչ այնքան էլ չքնաղ փողոցներն իրենց ահռելի գարշահոտությամբ։— Երևակայո՞ւմ եք՝ հենց այդտեղ, նաիրյան չքնաղ այդ քաղաքի ոչ այնքան էլ չքնաղ փողոցներում էլ նրանք ուտում էին ու քնում և կատարում իրենց բոլոր բնական առաքումները։ Բայց ընկ. Վառոդյանին ջղայնացնողը գերազանցապես այն էր, որ դեզերտիրների կատարյալ բույներ էին դարձել փողոցներում, բակերում ու այգիներում թափված մարդկային այդ գարշահոտ կույտերը, ռազմաճակատից փախչում էին ռազմիկները և պահվում դրանց մեջ, դրանց սայլերի արանքում, վերմակների տակերը և նույնիսկ իրենց կանանց ու մայրերի փեշերում։ Եվ ընկ. Վառոդյանի արտակարգ փափախավորները, իրենց ամոթխածությունը մի կերպ զսպելով՝ շատ անգամ ստիպված էին լինում դեզերտիրներ որոնել... շրջանից փախած այդ կանանց փեշերում։ Բայց այս բոլորը դեռ էլի ոչինչ, մի կերպ կարող էր հարթվել, սակայն քաղաքի մեծագույն դժբախտությունն այն եղավ, որ մի գեղեցիկ օր էլ ընկ. Վառոդյանը և Սերգե Կասպարիչը նկատեցին, որ քաղաքում փակվել են համարյա բոլոր խանութները։ Ընկ. Վառոդյանը և Սերգե Կասպարիչը, որ Մազութի Համոյի գնալուց հետո նրա տեղակալն էր Տեղական Կոմիտեում և Քաղաքային Խորհրդում, շուտափույթ կերպով մի հրաման արձակեցին, որ խանութները բացվեն, բայց, ավաղ, խանութները չբացվեցին, իսկ ժողովուրդը մթերք էր ուզում — չայ, սապոն, նավթ, լուցկի և էլի հազար ու մի նման զահրումար։ Տեսնելով, որ անելանելի է դրությունը, Քաղաքային Խորհրդում մի ինչ-որ վերի թաղեցի հարց բարձրացրեց, որպեսզի խանութներից մի քանիսը ջարդեն, և Քաղաքային Խորհուրդը ինքը վաճառել սկսի այդ խանութների ապրանքները։ Ինչպես և կարելի էր սպասել, առաջարկն ընդունվեց միաձայն։ Բայց ցավալին այն է, որ երբ ջարդեցին խանութները — դուրս եկավ, այսինքն ոչինչ էլ դուրս չեկավ խանութներից— խանութները դատարկ էին, ինչպես Քոռ Արութի ձախ աչքը... Հարց՝ ո՞ւր էին այդ խանութների ապրանքները։ Պատասխան՝ չկային — և ուրիշ ոչինչ։ Եվ այն էլ ոչ միայն ապրանքները չկային, այլև իրենք — ապրանքների տերերը. զարմանալի հրաշքով վերացել էին նրանք նաիրյան

[ էջ 159 ]

այդ քաղաքից, չնայած կայարանում կանգնած արտակարգ փափախավորներին։ Գուցե ռազմաճակա՞տ էին գնացել նրանք, կարող է հարցնել ընթերցողը, բայց մենք ստույգ տեղեկություններ ունենք, որ նրանք այնտեղ չէին։ Եվ սա էլ, այս ամենն էլ դեռ հեչ, եթե չլիներ քաղաքը և ռազմաճակատը քայքայող ամենամեծ չարիքը, որի մասին քանիցս թեթևակի հիշատակեցինք,— դեզերտիրությունը։ Ամեն առավոտ տներից ու փողոցներում թափված մարդակույտերից, սայլերի արանքից և նույնիսկ կանանց փեշերի տակից հազարներով հանում էին ու ռազմաճակատ ուղարկում դեզերտիրների հարյուրավոր խմբեր,— բայց գիշերը, մութն ընկնելուն պես, նրանք կրկին փախչում ու քաղաք էին վերադառնում բազմաթիվ խմբերով, և հաջորդ առավոտ ընկ. Վառոդյանի արտակարգ փափախավորների կողմից էլի ճակատ քշվում, որ մութն ընկնելուն պես նորից վերադառնան քաղաք։ Չարիք էր, անասելի չարիք, նաիրյան խայտառակություն։ Ի՜նչ միջոցներ ասես, որ ձեռք չէին առնում անասելի այդ չարիքի առաջն առնելու համար Զինվորական Գերագույն Ատյանի նախագահ բժիշկ Սերգե Կասպարիչը և Բերդի հրամանատար ընկ. Վառոդյանը. սրանց հրամանով՝ ծեծի, հրապարակային ամբաստանության, թքի ու մրի էին ենթարկվում այդ նաիրադավաճան լրբերը, բայց չէր օգնում ոչինչ, դրությունը նույնն էր մնում, նորից փախչում էին ռազմաճակատից, ինչպես սարսափած ոչխարներ, և ընկ. Վառոդյանի արտակարգ փափախավորների կողմից նորից ճակատ էին քշվում թքելով ու մրելով։ Պարզ է, որ այսպես չէր կարող շարունակվել, հարկավոր էր գերագույն միջոցի դիմել, բայց այդ գերագույն միջոցին դիմելուց առաջ հարկավոր էր գտնել չարիքի արմատը։ Եվ չարիքի արմատը գտնվեց, և այդ չարիքի արմատը գտնողը, այսինքն ոչ թե գտնողը, այլ այդ արմատի վրա առաջին անգամ մատ դնողը էլի՛ ինքն էր, նույն ինքը՝ հանճարեղագույն Մազութի Համոն, որ համապատասխան բովանդակությամբ գրություն էր ուղարկել ռազմաճակատից։ Այո, նա՛ էր էլի, էլի նույն հանճարեղագույն Մազութի Համոն, որ իր վճռական մատը վերջապես կարողացավ դնել չարիքի իսկական արմատի վրա. ասում ենք կարողացավ «մատը դնել», որովհետև այնքան էլ, վերջ ի վերջո, դժվար բան չէր այդ արմատի գտնելը, որովհետև նա, այդ արմատը, ոչ թե թաղված էր գետնում, ինչպես ամեն մի արմատ, այլ ցցված էր դուրս, ինչպես նաիրյան մի քիթ, և վաղուց արդեն բոլորն էլ տեսնում էին այդ չարաբաստիկ քիթը, այսինքն արմատը։ Բայց — մի բան տեսնելը, տարբեր բան՝ տեսածի վրա վճռա–

[ էջ 160 ]

կան կերպով մատ դնելը։ Տեսնում էին, այդ չարաբաստիկ արմատը բոլորն էին տեսնում, բայց, կրկնում ենք, Մազութի Համոն էր միայն, որ ժամանակին մատնանիշ արավ այդ արմատը և առաջարկեց այն հիմքից պոկել և դեն շպրտել, ինչպես վարակող մի սպի։ «— Դեզերտիրության արմատը հարկավոր է տեսնել այն նաիրադավաճան սրիկաների մեջ, որոնց առաջնորդն էր մեր քաղաքում անհայտ չարագործների (հարկավոր է ասել բարեգործների, փակագծում ավելացրել էր Մազութի Համոն) ձեռով շանսատակ եղած Կարո Դարայանը» — այսպես էր գրել ռազմաճակատից ուղարկած իր նամակ-հրահանգում Մազութի Համոն.— «— Դրանք լցվել են հիմա ռազմաճակատը և դեզերտիրություն են քարոզում մեր արի զինվորներին, դրանք խոստանում են զինվորներին հող, խաղաղություն ու հանգստություն և նման լկտի միջոցներով քայքայում են մեր բանակը»— գրել էր Մազութի Համոն իր այդ հրահանգ-նամակում։— «Դրանց վերաբերմամբ հարկավոր է ամենախիստ միջոցների դիմել, չքաշվել անգամ գնդակահարությունից» — հրահանգել էր վերջում Մազութի Համոն և հրահանգի վերջին տողերը երեք անգամ ընդգծել. Մազութի Համոյի այդ ընդգծումներն են ահա, որ մենք անվանում ենք «մատ դնել»։— Եվ իրոք որ. Մազութի Համոյի այդ հրահանգ-նամակն ստացվելուց հետո բոլորը բաց արին աչքերը ու մնացին, ինչպես վարսավիր Վասիլը կասեր— «էշ կտրած».— այդ ո՞նց էր, որ իրենք չէին հասկանում այդպիսի հասարակ մի բան, հասարակ, նու, ինչպես օրվա լույսը։ Այսպես թե այնպես՝ չարիքի արմատը գտնված էր արդեն և ահա ընկ. Վառոդյանի արտակարգ փափախավորներն սկսեցին այդ արմատը պոկելու համար արտակարգ պատրաստություններ տեսնել։ Հիշում եմ՝ քաղաքի մեյդանում ընկ. վառոդյանի արտակարգ փափախավորները գեղեցիկ մի օր իրարից մի հեռագրասյան հեռավորությամբ կանգնեցրին երկու հեռագրասյուն և դրանց վրա խփեցին երրորդը։ «Էդ ի՞նչ կշինեք, եղբա՛յր»— հարցրեց փափախավորներից մեկին այդտեղ կանգնած երեխաներից մեկը, որ խորին հետաքրքրությամբ ու ակնածանքով հետևում էր երրորդ հեռագրասյան վրա նստած արտակարգ փափախավորի արտակարգ շարժումներին։ — «Քյանդրբազի չվան կշինենք, որ դեզերտիրները վրեն քյանդրբազ խաղան»,— պատասխանեց փափախավորը, և երեխաներն ուրախ հռհռացին, պատկերացնելով երևի, որ բավականին զվարճալի մի բան պետք է լինի այդ զվարճալի դեզերտիրների քյանդրբազությունը։ «Քյանդրբազի չվա–

[ էջ 161 ]

նը», ճիշտ է, շինեցին, բայց, ցավոք սրտի, հարկավոր է ասել, որ ոչ արտակարգ փափախավորները և ոչ էլ հիշյալ երեխաներն առիթ ունեցան այդ զվարճալի դեզերտիրների «քյանդրբազությունը» տեսնելու, հեռագրասյուները կանգնեցնելուց երկու օր հետո, դեպքերի թավալգլոր արագությամբ, նաիրյան այդ քաղաքն ընկավ, և արտակարգ փափախավորների շինած այդ «քյանդրբազի չվանի» վրա— օ, ճակատագրի եղերական հեգնանք,— հարկադրված եղան քյանդրբազություն անել — երևակայո՞ւմ եք — ինքն ընկ. Վառոդյանը, Սերգե Կասպարիչը — բժիշկը, և Համո Համբարձումովիչ Ասատուրովը— Մազութի Համոն... Ճակատագրի տարօրինակ մի խաղ, բախտի եղերական մի հեգնանք էր դա, ընթերցո՛ղ, որ դեպքերի այնքան ողբերգական ու սխրալի բերումով եզրափակելու եկավ նաիրյան այդ քաղաքի աղետալի պատմությունը...

«Հեռագրասյուները» կանգնեցնելու օրն էր հենց, որ Մազութի Համոն անսպասելի կերպով վերադարձավ քաղաք։ Բանն այն է, որ արդեն գրավված էին գրավված վայրերը, ավելին՝ ոսոխը, Հավիտենական Հիվանդը, անսպասելի մի հրաշքով արդեն անցել էր սահմանի այս կողմը և եկել, իր թափթփուկ բանակներն էր դրել քաղաքից 30 վերստ հեռավորության վրա։ Սարսափ առած նախիրների նման՝ նաիրցի ռազմիկները, փախել էին ոսոխից ու լցրել քաղաքը, էլ ոչ «դեզերտիր» էր մնացել, որ քյանդրբազ խաղացնեին, ոչ բան. հո չէ՞ր կարելի մի ամբողջ բանակ երեք հեռագրասյան վրա քյանդրբազ խաղացնել։ Թե ի՛նչ էր ներկայացնում քաղաքն արդեն — դժվար է նկարագրել։ Երևակայեցեք, ընթերցո՛ղ, որ մի առավոտ վեր եք կենում ձեր տեղից և ուզում եք շորերդ հագնել, բայց տեսնում եք, որ անհասկանալի մի հրաշքով քանդվել են ձեր շորերի բոլոր կարերը, վերցնում եք ձեր շապիկը— թափվում են շապկի մասերն առանձին-առանձին՝ թևը մի կողմ է գնում, օձիքը մի կողմ, մնացածը— ուրիշ մի կողմ, վերցնում եք ձեր վարտիքը— նույնը, դե հիմա սրան ավելացրեք և այն, որ հանկարծ հրդեհ է ընկնում ձեր բնակարանը.— ի՞նչ պիտի անեք, դո՞ւրս վազեք, բայց դուրսը կանգնած են կանայք և երեխաներ, տկլոր հո չե՞ք երևա կանանց և երեխաների աչքին.— նե՞րսը մնաք.— բայց ներսում էլ ձեզ խեղդում է ծուխը, և մի վայրկյան չանցած՝ հրդեհի ալ-կարմիր բոցերն արդեն լիզել կսկսեն ձեր մարմինը... Այսպիսի՛ ահա անելանելի մի դրության մեջ ընկավ Մազութի Համոն գրավված վայրերից վերա-

[ էջ 162 ]

դառնալիս, քաղաքի, պատկերավոր ասած՝ բոլոր կարերն արդեն քանդվել էին, մասերից ամեն մեկը մի կողմ էր փախել, իսկ քաղաքի շուրջը— հրդեհ էր. ծուխը լցվել էր արդեն քաղաքը և մոտենում էին արդեն քաղաքի ծխախեղդ մարմնին ահավոր հրդեհի ալ-կարմիր բոցերը։ Ի՞նչ էր մնում անելու Մազութի Համոյին, փախչե՞լ, մնա՞լ.— բայց ինչպե՞ս կարող էր, ասացեք խնդրեմ, փախչել Մազութի Համոն. կարո՞ղ էր արդյոք փախչել մարդու հոգին և իր սեփական, հարազատ մարմինը թողնել հրի բերան... Եվ Մազութի Համոն մնաց. ոչ միայն մնաց, այլն իր վրա վերցրեց բովանդակ իշխանությունը, մի վերջին ճիգ ևս, գերմարդկային մի ճիգ գործադրել կամեցավ Մազութի Համոն, որ փրկի դրությունը, բայց դրությունը չփրկվեց.— ուշ էր, բավականին ուշ էր արդեն, և դրությունը չէր կարող փրկել այլևս ոչ մի, թեկուզև գերմարդկային, ճիգ...

Ո՞նց, ո՞նց փրկեր դրությունը Մազութի Համոն, երբ, ինչպես ասացինք, քանդվել էին արդեն քաղաքի բոլոր կարերը և ոչ մի, թեկուզև հանճարեղագույն, դերձակ չէր կարող այլևս իրար միացնել այդ ոչ միայն իրարից բաժանված, այլև զարմանայի թափով իրարից խույս տալ սկսող, մասերը. Համո Համբարձումովիչի բացակայության ընթացքում այնպիսի մի չտեսնված զարգացման էին հասել քաղաքի, ինչպես ասում են՝ կենտրոնախույս ուժերը, որ այլևս անհնարին էր դրանք ոչ միայն ոչնչացնել, այլև չեզոքացնել։ Երևակայեցեք՝ ընդամենը մի ամիս բացակայությունից հետո քաղաք վերադարձավ Մազութի Համոն,— և ի՞նչ, առաջին հերթին դեպի Բերդը վազեց Մազութի Համոն և նրա աչքերի առաջ պատկերացավ... Օ, այն, ինչ որ պատկերացավ Մազութի Համոյի աչքին Բերդում — թող ոչ մի գերագույն հրամանատարի չպատկերանա... Բերդը, նաիրյան արքաների շինած և դարեր շարունակ հազար չարի ու ոսոխի իր քարակերտ կուրծքը դեմ դրած այդ Բերդը, Մազութի Համոն գտավ ողբալի վիճակում...— Զարթնեցին՝ տարիների մուժից, մշուշից ելնելով՝ թունդ առան Մազութի Համոյի սրտում... երազները, ելան, Մազութի Համոյի դառնաթախիծ սրտից ելնելով՝ Մազութի Համոյի վշտից ու դառնությունից բորբոքված հանճարեղագույն ուղեղը խուժեցին... դարավոր սպասումները... Մի՞թե այսպես էր երազել Մազութի Համոն այս օրը. մի՞թե այսպես էր նկարվել Մազութի Համոյի հանճարեղագույն ուղեղում— Բերդը, նաիրյան այս Բերդը՝ հույսով ու սպասումով հարուստ այն հեռու օրերին, երբ «Լույսի» գրասենյակում նստած այս օրերն էր երազում ինքը, այն ժամանակ դեռ միմիայն

[ էջ 163 ]

«Լույսի» կառավարիչ Մազութի Համոն... Այստեղից, այո՛, բերդի այս ժայռակերտ պատնեշների վրայից պիտի ռումբեր տեղային մի օր, եթե այդ օրը գար... Այստեղից, այո՛, բերդի այս ժայռակերտ պարիսպների վրայից իջներ պիտի մի օր — պիրկ, անպարտ կորովը նաիրյան ցեղի... Որպես երկաթե մի բռունցք՝ իջներ պիտի մի օր թշնամու գլխին։— Այստեղից, բերդի այս անառիկ բարձրություններից հառնելով՝ պիտի ելներ ահասաստ, պիտի հառներ հաստատ նաիրյան ոգին, կորովը, ուժը հազարամյա — նաիրյան աշխարհի... Ու պիտի վառվեր նորից, պիտի ժպտար խնդագին երկիրը հազարամյա — հնամյա Նաիրին... Ահա՛ թե ի՛նչ էր երազել Մազութի Համոն «Լույսի» գրասենյակում անցկացրած իր անքուն գիշերներին՝ այս օրվան սպասելիս... Օրը եկավ։ Դեպքերի անսպասելի, հեքիաթային բերումով՝ քաշվեցին, բանակները նաիրյան աշխարհից, դեպքերի անսպասելի, հեքիաթային բերումով՝ հանկարծ մարմնավորվեց, իրողություն դարձավ երկիրը Նաիրի... Եվ ի՞նչ։ Հավիտենական Հիվանդի հորդաներից սարսած, Մահամերձի թափթփուկ բանակներից սարսափահար՝ նախիրների նման պուկ տվին նաիրյան բանակները, մնացել է Բերդը միայն, նաիրյան այս բերդը, որ վաղը ոտնակոխ պիտի արվի Հավիտենական Հիվանդի հորդաների կողմից, պիտի լիզե նորից Հավիտենական Հիվանդի հորդաների ոտները, Հավիտենական հիվանդի թափթփուկ բանակների չաքմաների փոշին... Ո՞ւր է, ո՞ւր է ուժը, ո՞ւր է կորովն հնամյա նաիրյան ցեղի, ո՞ւր է երկաթե բռունցքը... Ո՞ւր է, — հարցնում էր դառնացած Եհովայի նման մազերը պոկելով, Մազութի Համոն.— «Ո՞ւր է»։ Դառնացած Եհովայի նման պոկոտում էր մազերը ու նաիրյան արքաների կորովն էր ոգեկոչում բերդի ամենաբարձր աշտարակի վրա կանգնած, նաիրյան եռագույնի դողդոջ փայտին կռթնած, Մազութի Համոն.— «Ո՞ւր է» — հարցնում էր Մազութի Համոն, բայց պատասխան չկար, բերդի հազարամյա, մռայլ պարիսպներն էին միայն լուռ նայում Մազութի Հաւտյին, վերջին այդ արքայակերպ նաիրցուն, որ պոկոտում էր մազերը և նաիրյան կորովը ոգեկոչում։ Ու չկար կորովը, ու լուռ էր բերդը։ Ու Բերդի ամենաբարձր աշտարակի վրա կանգնած, նաիրյան եռագույնի դողդոջ փայտին կռթնած՝ դառնաթախիծ թախծեց, լաց եղավ, ինչպես այն ժողովում, Մազութի Համոն, և Մազութի Համոյի, վերջին այդ արքայակերպ նաիրցու բոցե արցունքներն այրեցին նաիրյան հնամյա այդ բերդի հազարամյա պատերը... «Ո՛չ»— ձեռքը նաիրյան եռագույնի դողդոջ փայտին խփելով, դառնաթախիծ լացի,

[ էջ 164 ]

հրե արցունքների միջից բացականչեց հանկարծ Մազութի Համոն. «Չի՛ լինի»։— Ցնցվեց, վայրկենական քնից, կամ կաթվածից արթնացածի նման՝ ցնցեց իր գլուխը Մազութի Համոն. հանեց թաշկինակը և սրբեց աչքերը։ Եվ նոր կարծես տեսավ, որ կանգնած են շուրջն ընկ. Վառոդյանը, բժիշկը, մի երկու նաիրյան գեներալ և մի քանի նաիրցի սպաներ, անհուն պատկառանքով նայում էին նրանք Մազութի Համոյին ու լուռ, լուռ, լուռ ու տխուր էին, ինչպես բերդի պատերը։ «Ո՞ւր են»— ցասման շանթեր տեղալով աչքերից՝ հարցրեց որոտաձայն Մազութի Համոն.— «Ո՞ւր են մյուսները»։ Բայց «մյուսները», որոնց մասին հարցնում էր Մազութի Համոն, իր քիչ առաջ ոգեկոչած նաիրյան կորովի և ուժի նման, չկային, պարզվեց, որ Բերդի սպայության բավականին նկատելի մասը գիշերը հեռացել է բերդից և չի վերադարձել։— «Իսկ ո՞ւր է Բերդի գարնիզոնը» — ավելի մեղմ, կարծես կոտրած ձայնով, շարունակեց իր ռևիզյան Մազութի Համոն։ Ընկ. Վառոդյանը ցույց տվեց մատով. Մազութի Համոն նայեց ընկ. Վառոդյանի մատի ուղղությամբ. և Մազութի Համոն տեսավ։—- Այնտեղ, բերդի երկրորդ աշտարակի վրա Մազութի Համոն տեսավ ի մի խռնված նաիրյան տրեխավոր ռազմիկների բավականին բազմամարդ մի խումբ, որ զբաղված էր իրեն, Մազութի Համոյին նայելով։ «— Ներողություն...» — ասաց Մազութի Համոն — «դրանք... թոփ գցել... գիտե՞ն...».«Այո՛ ճիշտ այդպես է»— զինվորական պատիվ բռնելով՝ պատասխանեց գեներալներից մեկը, և Մազութի Համոյի արքայակերպ դեմքը մեղմիվ լուսավորվեց մի մանկական, համարյա իդիոտային, ժպիտով։ Հասկացավ Մազութի Համոն՝ վերջացած է. ուղեղում, հատնող մոմի վերջին բոցերի նման, հիսախառն երերաց, կողքե-կողք ընկավ... երկիրը Նաիրի։ Բայց — «Ո՛չ» — բացականչեց մտքում, վերջին ուժերը հավաքելով, Մազութի Համոն.— «Չի՛ լինի»։ Ու հրամայեց նոր ռազմիկներ բերել բերդ, թնդանոթներ դնել, անգամ ցույց տվեց, թե ի՞նչ ուղղությամբ է հարկավոր դնել այդ թնդանոթները, հետո կառք նստեց և վերադարձավ քաղաք։

Քաղաքում սպասում էր նրան անսպասելի մի ուրախություն, ռազմաճակատից հաղորդագրություն կար ստացված, որ հերոսական մի գրոհով նաիրյան ռազմիկները տասը վերստ ետ են քշել թշնամուն և գրավել միանգամայն կայուն դիրքեր։ Ավելին՝ տեղեկության մեջ ասված էր, որ շուտով հավանական է առաջխաղացում սկսեն և քշեն թշնամուն — մինչև Հայտնի Քաղաքը։ Կարդաց Մազութի Հա-

[ էջ 165 ]

մոն այդ հաղորդագրությունը, և նրա սրտից կապարե մի ծանրություն ընկավ գետին, կասկածն ու քիչ առաջ նրան պատող հուսահատությունը նրա սրտից, ինչպես ասում են, կարծես սրբեցին ջնջոցով. շտկեց իր, քիչ առաջ բերդում կորված, մեջքը Մազութի Համոն. աչքերը լցվեցին աշխուժությամբ ու կայտառությամբ։ Մինչ այդ քաղաքում սկսվել էր անօրինակ մի խուճապ, շրջանից փախածներն ու վերի թաղեցիք ամեն ինչ հավաքել՝ պատրաստվում էին գաղթի. հազարավոր խմբերով դրանք բռնել էին փողոցներն ու դեպի կայարան տանող խճուղին, քաղաքի քիչ թե շատ պատկառելի բնակիչներն արդեն գտնվում էին կայարանում, և մի երկու գնացք արդեն հեռացել էր՝ քաղաքի պատկառելի բնակիչներով բեռնված։ Թե ի՞նչ էր կատարվում այդ ժամանակ կայարանում— անհնարին է նկարագրել։ Խուճապի ենթարկված բազմահազար ամբոխը լցրել էր պլատֆորմը, տեղի էր ունենում այնպիսի մի իրարանցում, որի հանդեպ մանկական մի խաղ էր Բաբելոնի աշտարակաշինությունը, եթե միայն դա իրոք տեղի է ունեցել։ Մարդիկ կոխոտում էին իրար ու իրարու վրայով սողալով՝ առաջ անցնում, որպեսզի մոտ լինեն եկող գնացքին, մայրերն ամբոխի գլուխների վրայով առաջ էին նետում իրենց երեխաներին, որպեսզի իրենք ևս առաջ սողան, բայց երեխաները խեղդվում էին ընդհանուր հրհրոցում, իսկ մայրերը, առանց երեխաներին հասնելու, փչում էին իրենց շունչը՝ չորս կողմից սեղմված։ Տղոցկան կանայք ծնում էին կանգնած տեղերում, և նրանց ճիչը լսելի էր լինում անգամ այն ահռելի աղմուկում, որ բարձրացնում էր բազմահազար, սարսափից խելագարված, ամբոխը։ Տղամարդիկ ծեծում էին իրար, կանայք ճանգռտում էին տղամարդկանց դեմքերը, և այս ամենի վրա շաչում էր արտակարգ փափախավորների մտրակը։ Մտրակով ճանապարհ էին բաց անում նրանք և առաջ անցնում, հետներն առաջ տանելով զանազան պատկառելի նաիրցիների ընտանիքներին, որոնք ընկեր Վառոդյանից կամ Մազութի Համոյից ունեին պատկառելի թղթեր։ Բայց, չնայած արտակարգ փափախավորներին, չնայած անգամ «պատկառելի թղթերին», հաճախ չէր հաջողվում նրանց իրենց նպատակին հասնել, ամբոխը, կատաղած թշնամու նման, գրոհի էր դիմում ու ընդհանուր հորձանքում խեղդում թե՛ արտակարգ փափախավորներին և թե՛ նրանց հովանավորած պատկառելիներին։ Անասելի, այո՛, աներևակայելի բաներ էին կատարվում այդ ժամանակ կայարանում, բայց ավելի անասելին ու աներևակայելին այն էր, ինչ որ տեղի էր ունենում

[ էջ 166 ]

քաղաքում։ Քաղաքում ծայր էին առել հրդեհները։ Քաղաքից հեռացող նաիրցիները, նաիրասիրական անասելի, չտեսնված մի եռանդով, այրում էին իրենց տներն ու խանութները, որ ոսոխին չմնան։ Տեղական իշխանությունը գուցե և դեմ լիներ նաիրասիրության նման թեժ արտահայտություններին, եթե միայն, ինչպե՛ս ասում են՝ խելքը գլխին լիներ։ Բայց նրա խելքը գլխին չէր, և ժողովուրդն անում էր այն ամենը, ինչ որ թելադրում էր նրան նաիրասիրական բարձր զգացմունքը։ Բայց այդ չէ զարմանալին, տներն ու խանութներն այրում էին, ասենք, դրանց տերերը, այրում էր ժողովուրդը, բայց ո՞վ էր այրում հիմնարկությունները։ Քաղաքում ասողներ կային, որ հրդեհներն սկսվել են հիմնարկություններից. ամենից առաջ այրվել էր «Լույսի» գրասենյակը, երևակայո՞ւմ եք՝ իրա, Մազութի Համոյի գրասենյակը, որ ժամանակավորապես փակված էր՝ պահեստներում նավթ և Համո Համբարձումովիչի տրամադրության ներքո ազատ ժամանակ չլինելու պատճառով։ «Լույսի» գրասենյակն այրվել էր Մազութի Համոյի քաղաք վերադառնալուց մի օր առաջ, գիշերը (առավոտյան արդեն նա քաղաքում էր գտնվում) — և Մազութի Համոն, արտակարգ մի պատվասիրությամբ՝ քաղաք վերադառնալուն և հրդեհի լուրն ստանալուն պես՝ հրամայել էր, ինչ գնով էլ լինի հրդեհի լափող ճիրաններից, որ արդեն մոխրացող մոխիրների էին փոխվել, ազատել «Լույսի» մատյաններն ու հաշիվները, բայց այդ կարելի՞ էր արդյոք, ընթերցո՛ղ, հնարավո՞ր էր արդյոք... Ապա այրվել էր «Մանր Վարկի Ընկերությունը», այսինքն «ընկերության» շենքը, հետո — միլիցիատունը։ Եվ, ասում են, դրանցից հետո էր ահա, որ քաղաքից հեռացող նաիրցիները ցուցադրել սկսեցին իրենց թեժ նաիրասիրությունը, որ ահռելի արագությամբ ծավալվում էր քաղաքում և լցնում քաղաքի փողոցները նաիրասիրական յուրօրինակ մի արտահայտությամբ, այսինքն հրով ու ծխով։ Այսպիսի ահա դրության մեջ էր քաղաքը, երբ Մազութի Համոն ստացավ ռազմաճակատից վերոհիշյալ ուրախալի հաղորդագրությունը։ Ռազմական արտակարգ նիստ գումարեց իսկույն Մազութի Համոն, որը որոշում կայացրեց՝ 1) Գերագույն միջոցներ ձեռք առնել խուճապը կանգնեցնելու համար, 2) վերջ տալ հրդեհներին, 3) հրամայել ժողովրդին հանգիստ իր տեղը մնալ, որի համար արտակարգ միջոցներով արգելել քաղաքից հեռանալը, 4) արգելել գնացքների երթևեկությունը։ Որոշումը հանելով՝ Մազութի Համոն անձամբ հրամայեց կայարանին գնացքներ բաց չթողնել և ընկ. Վառոդյանի միջոցով արտակարգ

[ էջ 167 ]

փափախավորներ ուղարկեց՝ խճուղիով փախչող ժողովրդին վերադարձնելու, կամ, ծայրահեղ դեպքում, մնացածների առաջն առնելու։ Այդ կարգադրություններին զուգընթաց՝ Քաղաքային Խորհուրդը վազեց Մազութի Համոն, որ նրա միջոցով ևս ազդի ժողովրդի տրամադրության վրա. արտակարգ նիստ նշանակեց, բայց, ցավոք սրտի, դուրս եկավ, որ քաղաքից բացակայում էին Քաղաքային Խորհրդի համարյա բոլոր անդամները, ոչ Գեներալ Ալոշը կար, ոչ մանրավաճառ Կոլոպոտյանը, ոչ Հաջի Օնիկ էֆենդին և ոչ էլ մյուսները, վերի թաղեցի անդամն էր միայն, որը մի անգամ արդեն ցույց էր տվել իր ամբողջ քաղաքական հմտությունը՝ փակ խանութները ջարդելու իր այն հիշատակելի առաջարկը մտցնելով, մի առաջարկ, որից, հիշում եք, թե ի՞նչ դուրս եկավ,— այսինքն ոչինչ էլ դուրս չեկավ։ Ի՞նչ պիտի աներ Քաղաքային Խորհրդի այդ մի հատիկ անդամի հետ Մազութի Համոն։— Այո՛, ի՞նչ պիտի աներ։— Ոչինչ էլ չէր կարող անել Քաղաքային Խորհրդի այդ մի հատիկ անդամի հետ Մազութի Համոն. Մազութի Համոյին մնում էր միայն թափահարել իր ձեռքը և գնալ տուն՝ հանգստանալու. և Մազութի Համոն թափահարեց իր ձեռքը և որոշեց տուն գնալ՝ հանգստանալու։ Արդեն երեկո էր. հոգնել էր ինքը, ուղեղը նվում էր հոգնությունից. և, հոգնությունից, ուղեղում նվում էր... Նաիրին։ Հարկավոր էր քնել, հանգստանալ,— և արդեն, կառք նստելով, ուզում էր կառապանին «քշի տուն» ասել Մազութի Համոն, երբ հանկարծ հիշեց, որ վաղուց արդեն քաղաքում չէ «տունը», գրավված վայրերը մեկնելուց առաջ քաղաքից ուղարկել էր Անգինա Բարսեղովնային և Սևաչյա Պրիմադոննային Մազութի Համոն, որպեսզի միանգամայն ազատի իր, նաիրյան հոգսերով ծանրաբեռնված ուսերը՝ ընտանեկան ավելորդ բեռից։—Հիշեց ու դառնորեն ժպտաց մտքում իր ազիզ կողակից Անգինա Բարսեղովնային Մազութի Համոն. ու, նրան ժպտալով, հիշեց Ագրիպպինա Վլադիսլավովնային Համո Համբարձումովիչը... «Քշի՛ր Բերդը» — հրամայեց կառապանին Մազութի Համոն ու ընկողմանեց կառքում, գլուխը ձեռքերի մեջ առավ քնեց...

Հաջորդ առավոտ... Բայց լավ է չլուսանար այդ առավոտը, որովհետև այդ չարաբաստիկ առավոտը դեռ նոր էր լուսանում, երբ քաղաքում մնացած ժողովուրդը, որ վերոհիշյալ արտակարգ նիստի հրամանից և ռազմաճակատից ստացված ուրախալի հաղորդագրությունից հետո բավականին հանգստացել էր կարծես ու սրտապնդ–

[ էջ 168 ]

վել,— լսեց հրացանների տրաքտրաքոց և թնդանոթների դեռ բավականին հեռու, բայց հետզհետե մոտեցող որոտ։ Ոչ մի ուժ այլևս, անգամ ոչ մի երկնային վերին զորություն, ի վիճակի չէր «տեղը նստած» պահել քաղաքում մնացած ժողովրդին։ Հսկա, տասնյակ և հարյուր հազարավոր գլուխներով հաշվվող մի նախիրի նման, սարսափահար տեղահան եղավ քաղաքում մնացած ժողովուրդը, մի մասը բռնեց կայարանի ճամփան, մյուսը՝ խճուղու։ Քաղաքի տները մեկը մյուսի ետևից սկսեցին վառվել, և այդ վառվող տներում, հրի ու ծխի միջից, ինչ-որ բան էին փախցնում ռազմաճակատից նահանջած նաիրցի ռազմիկները։ Հաստատ կարելի է ասել, որ այդ վայրկյանից քաղաքը կարելի էր արդեն ընկած համարել, բայց նա այդպիսին դեռ չէր համարվում, որովհետև ոսոխը դեռ չէր կտրել փախուստի ճանապարհը և դեռ հնարավոր էր փախչել։ Այդ վայրկյանից սկսած քաղաքում չկար այլևս ոչ մի իշխանություն։ Գերագույն Իշխանությունը բերդում էր հավաքվել, որպեսզի այնտեղից անմիջապես ղեկավարի ռազմական գործողությունները։ Քաղաքի վարի թաղեցիք (այսինքն կենտրոնական փողոցների բնակիչները) բոլորն էլ համարյա հեռացել էին քաղաքից, արդեն հեռանալ էին սկսել վերի թաղեցիք ևս, այնպես որ քաղաքի բուն բնակչության չնչին մասն էր միայն դեռ քաղաքում գտնվում։ Բայց, չնայած դրան, քաղաքը լեփ-լեցուն էր դեռ մարդկային բազմահազար, խռիվ, խայտաբղետ խմբերով, գերազանցապես շրջանից փախած «բռիներով...», ծայր, վախճան չկար սրանց խայտաբղետ շարքերին։— Տելեֆոն Սեթոն ևս, որ մինչ այդ մի զարմանալի անփութությամբ քաղաքում էր մնացել, իր եղբոր՝ Քոռ Արութի և նրա հավիտենական ընկեր Մեռելի Ենոքի օգնությամբ այրեց իր հռչակավոր սրճարան-ճաշարանը և իր «չոլուխ-չոճուղը» հավաքած՝ բռնեց կայարանի ճամփան։ Հարկավոր է ասել, որ մինչև սրճարանն այրելը, մինչև վերի թաղը վազելը և «չոլուխ-չոճուղն» հավաքելը բավականին ժամանակ անցել էր արդեն, թաղեցիք համարյա բոլորն էլ արդեն հեռացել էին, այնպես որ, եթե չհաշվենք ուրիշ մի քանիսին, որ այնպես էլ վերի թաղում մնացին, Տելեֆոն Սեթոյի թափորը վերջինն էր, որ հեռանում էր այդ թաղից։ Վերի թաղեցիք փախել էին քաղաքից խճուղու ճանապարհով, այնինչ Տելեֆոն Սեթոն որոշեց կայարանով գնալ, հույս ունենալով, որ «վերինի օգնությամբ» իրենց կհաջողվի գնացք նստել։ Եվ նրան, Տելեֆոն Սեթոյին, ինչպես և «չոլուխ-չոճուդին», Քոռ Արութին ու Մեռելի Ենոքին, հաջողվեց գնացք նստել, և այդ աներևա-

[ էջ 169 ]

կայելի հանգամանքը տեղի ունեցավ ոչ թե վերինի օգնությամբ, այլ իրա, Տելեֆոն Սեթոյի, ռազմագիտական քանքարի շնորհիվ։ Բանն այն է, որ Տելեֆոն Սեթոն որոշեց կայարան գնալ ոչ թե քաղաքի միջով, որ միանգամայն անհնարին էր, այլ սարի վրայով, թեպետ սարի վրայով տանող ճանապարհն իջնում էր դեպի երկաթուղին կայարանից բավականին հեռու՝ կայարանին հակառակ ուղղությամբ։ Եվ հենց այս էր պատճառը, որ նրանց հաջողվեց գնացք նստել։ Արդեն կեսօր էր, հրացանների տրաքտրաքոցը և թնդանոթների թնդյունն արդեն լսելի էր բերդից համարյա թե մի երկու վերստ հեռավորության վրա, երբ Տելեֆոն Սեթոյի թափորն իջնում էր դեպի երկաթուղագիծը, թափորի առաջից, իր փոքրիկ երեխային գրկած, գնում էր ինքը՝ Տելեֆոն Սեթոն, կողքից, մի մեծ բոխչա գրկած, վազում էր նրա «օղլուշաղը», ետևից վազում էր Քոռ Արութը՝ մի բավականին ծանր խուրջին շալակած, Քոռ Արութի ետևից — Մեռելի Ենոքը։ Մեռելի Ենոքը, այլ հարստություն չունենալով, տանում էր շալակին իր «վակզլի թյուքանը», այսինքն մի, իր իսկ ձեռքով հին ափսեներից շինած, կշեռք, մի-երկու գրվանքաքարեր, մեկ էլ իր ունեցած չայն ու կալբասը։ Այսպես էլ հասան նրանք երկաթուղագծին և ճիշտ իրենց առաջ կանգնած տեսան—գնացքը, գնացքը, փախչող նաիրցիներով ծայրեիծայր լեցուն, հեռացել էր կայարանից և ինչ-որ անհայտ պատճառով կանգ առել այդտեղ։ Ետի կողմից մոտեցավ գնացքին Տելեֆոն Սեթոյի թափորը և, ինչպես համոզված էր Տելեֆոն Սեթոն՝ վերինի հրաշքով դեմ ելավ հենց այն բաց վագոնին, որի վրա, ճիշտ է, լցված էին «հազարից ավելի», ինչպես պատմում էր հետագայում Տելեֆոն Սեթոն, բայց հենց վագոնի եզերքին տեղ էին բռնել— Հաջի Մանուկոֆ էֆենդին և վարսավիր Վասիլը. դրանք, ինչպես երևում էր, վերջացած համարելով իրենց հայթայթողական ֆունկցիաները («— Է՜, ո՞ւմ պիտի հայթայթեին, երբ բանակ չկար») — որոշել էին իրենք ևս միանալ ընդհանուրին։ «—Տուր տեսնիմ պզտիկդ»— ասաց Հաջին Սեթոյին, և Տելեֆոն Սեթոն տվեց Հաջուն իր երեխան, հետո վարսավիր Վասիլի օգնությամբ բարձրացրին և Սեթոյի օղլուշաղին։ Մնացին իրենք։ «Դուք ալ գացեք զնճիլներու վրա կայնեցեք»— խորհուրդ տվեց Հաջին, որովհետև իրենց մոտ ոչ միայն դրանց, այլև ասեղի տեղ չկար։ Գնացին, երկար հայհոյելուց, խնդրելուց ու աղաչելուց հետո, վերջապես հաջողվեց բարձրանալ զնճիլներու, այսինքն բուֆերների վրա. կանգնեցին կողք-կողքի՝ մի-մի ձեռով իրար բռնած, մյուս ձեռներով՝ իրենց ապ–

[ էջ 170 ]

րանքը։ Հենց այդ ժամանակ գնացքը շարժվեց։ Վերջին գնացքն էր դա, որ դուրս եկավ նաիրյան այդ քաղաքից, երբ շարժվեց գնացքը— տրաքտրաքոցներն արդեն լսվում էին բերդի տակից։ Թշնամին, ինչպես երևում էր, արդեն մոտեցել էր բերդին։ Զնճիլներու վրա կանգնած Տելեֆոն Սեթոն, Քոռ Արութը և Մեռելի Ենոքը, ինչպես և այդ վերջին գնացքում գտնվող բոլոր նաիրցիները, սարսափահար հայացքները հառած՝ նայում էին բերդին։ Եվ այն միտքը, որ արտահայտեց, բերդին նայելով, Քոռ Արութը՝ գնացքում գտնվող բոլոր նաիրցիների միտքն էր. «Յա՛, մերո՞նք ընչի չեն կրակե...»— ասաց Քոռ Արութը, զայրացած ու զարմացած։— Բայց նրան, ավա՛ղ, չվիճակվեց լսել իր այդ օրինավոր հարցի պատասխանը, չվիճակվեց ոչ թե այն պատճառով, որ այդ հարցի պատասխանը չկար, այլ այն հասարակ պատճառով, որ, երկու վայրկյան չանցած, ինքը, Քոռ Արութը չկար։ Եվ ոչ միայն ինքը, այլև իր հավիտենական ընկեր Մեռելի Ենոքը։ Եվ ահա թե ինչու։— Դեռ հազիվ էր ասել իր վերոհիշյալ, հետագայում պատմական դարձած, նախադասությունը Քոռ Արութը, երբ գնացքն ուժգին առաջ ցնցվեց, գնացքի ուժգին ցնցումից վայր ձգվեց Քոռ Արութի խուրջինը, այդ վայրկյանին երկրորդ անգամ ետ ցնցվեց գնացքը, խուրջինը պոկվեց Քոռ Արութի ձեռից. ընկնող խուրջինի ետևից բնազդաբար կռացավ, որ բռնի խուրջինը, չբռնեց, կորցրեց հավասարակշռությունը... ընկավ։— «Յա՜, Հարո՜ւթ...»— վախեցած ու լացակումած կանչեց նրա ետևից Մեռելի Ենոքը.— ինքն էլ բնազդաբար կռացավ, ձեռքը մեկնեց, որ բռնի ընկերոջը, չբռնեց, կորցրեց հավասարակշռությունը... ընկավ։— Ու հաջորդ վայրկյանին Քոռ Արութի և Մեռելի Ենոքի, այդ հավիտենական ընկերների մխրճված դիերի վրայով անցնելով, սարսափահար փախչում էր վերջին գնացքը նաիրյան այդ քաղաքից, ուր արդեն ոտք էր դրել ոսոխը, ուր մահ էր արդեն, ավերմունք, անասելի կոտորած, անպատմելի սարսափ...

Եվ այսպես՝ Քոռ Արութի ու Մեռելի Ենոքի սխրալի դիերի վրայով անցնելով՝ հեռացավ վերջին գնացքը նաիրյան այդ քաղաքից, և թշնամին, ոսոխը, մտավ քաղաք։ Մենք չենք պատմի, ընթերցո՛ղ, թե ինչ պատահեց այդ վայրկյանից հետո նաիրյան այդ քաղաքում, որովհետև դա վեր է մեր կարողությունից, կասենք միայն, որ քաղաքում մնաց բազում ժողովուրդ, որ և սրի քաշվեց ոսոխի հորդաների կողմից։ Բայց այս չէ էականը, ընթերցո՛ղ, էականն այն է, որ,

[ էջ 171 ]

բացի ուրեմն, այդ բազում ժողովրդից, քաղաքում մնացին,— և սա էր ամենաէականն ու սարսափելին,— ընկեր Վառոդյանը, Սերգե Կասպարիչը— բժիշկը, և Մազութի Համոն... Մինչև վերջին վայրկյանը նրանք քաջաբար մնացել էին իրենց դիրքերի վրա, մնացել էին բերդում և հենց Բերդում էլ գերի էին ընկել ոսոխին,— ընկել էին թշնամու արյունարբու ձեռքը։ Այդ ժամանակ գերի ընկածներից ոմանք, որ հրաշքով ազատվել էին հետո, փախել կոտորումից,— այդ հրաշքով ազատվածներից ոմանք հետագայում պատմում էին, որ քաղաք մտնելու երրորդ օրը ոսոխը, մի դաժան նենգամտությամբ, հանձնել էր նրանց հորդաների ձեռքը,— որոնք և— երևակայո՞ւմ եք— կախել էին ընկ. Վառոդյանին, Սերգե Կասպարիչին— բժիշկին ու իրան՝ Մազութի Համոյին ճիշտ այն երեք հեռագրասյուներից, որ— օ, ճակատագրի անօրինակ հեգնանք,— իրա, ընկ. Վառոդյանի հրամանով երկու օր առաջ կանգնեցրել էին ընկ. Վառոդյանի արտակարգ փափախավորները՝ դեզերտիրներին կախելու համար... Ոսոխից փախածները բավականին մանրակրկիտ կերպով նկարագրում էին այդ սխրալի դեպքը՝ իր բոլոր սրտաճմլիկ մանրամասնություններով, այնպես որ մենք ևս, նրանց պատմածների հիման վրա, կարող ենք արձանագրել այստեղ այդ սխրալի դեպքի սրտաճմլիկ մանրամասնությունները։ Դեպքը պատահել է մոտավորապես այսպես։ Բերդը մտնելով, ոսոխի սպաները գտել են ընկ. Վառոդյանին, բժշկին ու Մազութի Համոյին՝ բերդի ամենաբարձր աշտարակի վրա, նաիրյան եռագույնի դողդոջ փայտի մոտերքը, իրենց մազերը պոկոտելիս։ Տեսնելով նաիրյան հրամանատարների այս անասելի վիշտը՝ խորին ակնածանքով մոտեցել են նրանց ոսոխի նենգ սպաները, մեծ պատիվ են տվել և մեծագույն շուքով տարել քաղաք։ Պատմում են, որ ճանապարհին հանդիպած բոլոր ոսոխ-սպաները պատիվ են բռնել նրանց, և նույնիսկ ինքը, ոսոխի ամենամեծ փաշան սեղմել է նրանց ձեռքը և ցավակցություն հայտնել նրանց վշտի համար։ Այսպիսի՛ ահա մի չտեսնված վերաբերմունք են գտնում ընկ. Վառոդյանը, բժիշկը և Մազութի Համոն ոսոխի հրամանատարության կողմից, բայց, երկու օր անց, մի դաժան նենգությամբ հանձնվում են նրանք ոսոխի թափթփուկ հորդաների ձեռքը, որոնք և կախում են նրանց ու ենթարկում զարհուրելի գանահարությանց։ Նրանք, ոսոխի այդ թափթփուկ հորդաները աջից կախ են անում ընկ. Վառոդյանին, ձախից բժշկին, իսկ մեջտեղից— իրան, Մազութի Համոյին,— և սա չէ դեռևս ամենազարհուրելին ու ամենաքստմնելին։— Ամենա–

[ էջ 172 ]

զարհուրելին ու ամենաքստմնելին այն է, որ նրանք, ոսոխի այդ թափթփուկ հորդաները, ասում են, մի տախտակ են փակցնում երրորդ հեռագրասյան մեջտեղը, Մազութի Համոյի գլխավերևը,— ու գրում վրան, երևակայո՞ւմ եք— նաիրյան տառերով.

Մ. Հ. Ա. Ն.

որ նշանակում է՝

«Մազութի Համո՝ Արքա Նաիրի»։

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր. Եղիշե Չարենց, Երկիր Նաիրի։ «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1977
Տրամադրեց. Միքայել Յալանուզյան

Տես նաև
Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice