ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian

Եղիշե Չարենց

ԵՐԿԻՐ ՆԱԻՐԻ


Նախորդ էջԲովանդակություն  |

[ էջ 173 ]

ՎԵՐՋԱԲԱՆ

Ահա և ամբողջը, ընթերցող. ահա և մեր սույն պոեմանման վեպը, որը, վերջին հաշվով ոչ թե վեպ դուրս եկավ, այլ «այլակերպ» մի բան: — «Այլակերպ» բառն անում ենք չակերտների մեջ, որովհետև այդպես պիտի ասեր սույն այս վեպիս մասին մեզ բավականին ծանոթ Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆը, այդ հայտնի անգլիախոս նաիրցին, եթե նա կենդանի լիներ և սույն այս վեպը կարդար: Այո, այսպես պիտի ասեր Հաջին, և մենք միանգամայն համամիտ պիտի լինեինք նրան, որովհետև նա, իբր հմուտ անգլիախոս և պատկառելի նաիրցի, հարց պիտի դներ սույն այս վեպիս ձևի ոչ ամբողջական լինելու, նրանում վեպի էլեմենտար կանոնների բացակայության և հազար ու մի այլ թերությանց մասին, ու՝ մեր բազում քանքարավոր քննադատներին ի խրատ՝ պիտի հիմնավորեր իր կարծիքն իր հմուտ անգլիախոսությամբ և պատկառելի... նաիրասիրությամբ... Բայց ավա՜ղ, ավա՜ղ,— մեր ստացած ստույգ տեղեկությանց համաձայն՝ կենդանի չէ այլևս Հաջի Օնիկ էֆենդին, ուստի թողնենք ձևի խնդիրը և անցնենք բովանդակությանը, այսինքն մեր առաջադրած այն հիմնական հարցին, թե ո՞րն է, վերջապես, Նաիրին:—

Ընթերցող:

Վաղուց հետե մեր գրականության, մանավանդ բանստեղծության մեջ չկա մի բառ, որ ավելի հոլովվեր, քան «Նաիրի» գոյականը, բայց, չնայած դրան, մինչև իմ սույն այս պոեմանման վեպը, մեր լեզվագիտության ամուլ անդաստանում չէր ճարվում և ոչ մի Մանուկ Աբեղյան, որ զբաղվեր այդ չամչի պես գործածական դարձած բառի քերականական կազմությամբ,— և ես, նույն հարգելի Հաջու տերմինով ասած՝ «քամի կուլ տվող» նվաստս էի, որ առաջին անգամ զբաղվեցի այդ քերականական հարցով և գլխի ընկա, որ «Նաիրի»

[ էջ 174 ]

բառը ոչ թե գոյական է, այլ — եթե միայն կարելի է քերականության մեջ այսպես ասել — «մազութի համոյական»... Երևակայում եմ, թե ինչպե՜ս պիտի ծիծաղի Մանուկ Աբեղյանը, երբ իմ այս քերականական նոր տերմինըս կարդա. Ոչ, չպիտի ծիծաղի, բարկանա պիտի նա, եթե այս տերմինս կարդա, բայց մենք չենք բարկանա նրա վրա, որովհետև մեր գործը չէ քերականությունը, և իր, Մանուկ Աբեղյանի անփութության շնորհիվ է, որ ինձ պես համբակները զբաղվում են քերականությամբ: — Մյուս կողմից, կարծում ենք, որ մեզ վրա ևս բարկանալու այնքան էլ հիմք չպիտի ունենա նա, քանի որ մեր, համբակիս, կարծիքով՝ «Նաիրին», իբր քերականության ենթակա մի հանգամանք, այսինքն իբր բառ գոյություն ունենալուց առաջ՝ վաղուց արդեն գոյություն է ունեցել մի շարք ավելի քան պատկառելի մարդկանց մեջ (կարդա սույն վեպս), որպես ուղեղային մորմոք, սրտի հիվանդություն... Իսկ նման դեպքերում, ինչպես գիտեք, քիչ գործ ունի անելու լեզվագիտությունը. Այստեղ, կարծում ենք, արդեն բժիշկ է հարկավոր, անդամահատական աքցան կամ լանցետ և ոչ թե քերականություն... Թող ներեն ինձ բժիշկները, եթե գտնեն, որ չի կարելի ուղեղային մորմոքը ու սրտի հիվանդությունը հանել մարդկանց միջից աքցանների ու լանցետների օգնությամբ.— բժիշկ չենք մենք, ընթերցող, և ոչ էլ, դժբախտաբար, կենդանի է սույն վեպիս մեջ քանիցս հիշատակված դոխտուր Արշակը, որ նրանից կարծիք հարցնենք: Բայց ինչ էլ լիներ դոխտուր Արշակի կարծիքը՝ մի բան պարզ է մեզ համար, և այդ պարզ բանն այն է, որ վաղուց արդեն պատմությունը, այդ, կարծում ենք, ավելի հանճարեղ բժիշկը, քան դոխտուր Արշակը,— պրակտիկայում կիրառել է վերոհիշյալ միջոցը և չենք կարծում, որ պատմության այդ փորձերն ապարդյուն են անցել. Արյուն, ճիշտ է, շատ է հոսել, սակայն կենդանի մնացածներից շատերն արդեն ազատ են վերոհիշյալ ուղեղային մորմոքից ու սրտի հիվանդությունից և այսօր իրենց երկիրն են շինում — մի երկիր, սակայն, որի գոյական լինելը ճշտելու համար կարիք չկա դիմելու ոչ մի Մանուկ Աբեղյանի, որովհետև այդ պարզապես տեսնում են բոլոր նրանք, ովքեր գործ ունեն հողի ու աշխատանքի հետ և ոչ թե այն հռչակավոր, մենք կասեինք՝ «նաիրոմազութիհամոյական» գարու, որ, ըստ նաիրյան անեկդոտի՝ տեսել էր անգամ երկարականջ քեռին իր այն նշանավոր երազում...

Ահա և բոլորը:

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր. Եղիշե Չարենց, Երկիր Նաիրի։ «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1977
Տրամադրեց. Միքայել Յալանուզյան

Տես նաև
Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice