ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian
Թադևոս Հակոբյան

ԵՐԵՎԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ (1500–1800 ԹԹ.)

Previous | Բովանդակություն | Next

[էջ 7]

I. 1501 — 1746 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ԵՐԵՎԱՆԸ

Ժամանակաշրջանի ընդհանուր բնութագիրը։ Երևանի գրավումը Շահ-Իսմայիլի կողմից (1502 թ.)։ Քաղաքի գրավումը մերթ թուրքերի, մերթ էլ պարսիկների կողմից 1514—1550 թթ.։ Երևանը 1551—1555 թթ. թուրք-պարսկական պատերազմների ժամանակ։ Մուստաֆա Լալա փաշայի 1579 թ. արշավանքը և Երևանի գրավումր։ Ֆահրադ փաշայի 1583 թ. արշավանքը դեպի Երևան և վերջինիս բերդի վերակառուցումը։ Ֆահրադ փաշայի նշանակած նոր բեյլերբեյը և Երևանի ու շրջակա բերդերի կայազորները։ 1590 թվականի հաշտությունը։ Շահ-Աբասի 1603—1604 թթ. արշավանքը և Երևանի գրավումը. Թավրիգի ու Նախիջևանի գրավումը, Երևանի բերդի ընդարձակումն ու ամրացումը, Երևանի բերդի պաշարումը և գրավումը։ Մեր հիշատակարանները Երևանի բերդի պաշարման ու գրավման մասին։ Ջղալօղլի Սինան փաշայի արշավանքը։ Բազմահազար հայերի (այդ թվում և երևանցիների) բռնագաղթը դեպի Պարսկաստանի խորքերը։ Ջալալիների ասպատակությունները։ 1606—1609 թթ. սովը։ Կարճատև հաշտություն։ Օքուզ Ահմադի և Խալիլ փաշայի 1616—1617 թթ. արշավանքները և Երևանի պաշարումը։ Սուլթան Մուրադ IV–ի 1635 թ. արշավանքը և Երևանի գրավումը։ Շահ-Սեֆիի 1636 թվականի արշավանքը և Երևանի վերագրավումը։ Արարատյան աշխարհի ավերումը և բնակչության ծանր վիճակը Մուրադ IV–ի ու Շահ-Սեֆիի արշավանքների հետևանքով։ 1639 թվականի հաշտության պայմանագիրը և Երևանը։ Օսմանական և պարսկական բանակների ազգային խայտաբղետ կազմն ու սպառազինությունը։ Թահմազ-Ղուլի խանի նվաճումներն Անդրկովկասում։ Եղվարդի 1735 թվականի ճակատամարտը։ Կարսի բերդի պաշարումը։ Երևանի գրավումը 1735 թ. սեպտեմբերի 22-ին և թուրք-պարսկական հաշտությունը

XV դարի վերջերին և XVI դարի սկզբներին Մերձավոր Արևելքի

[էջ 8]

քաղաքական ասպարեզում սկսում են կարևոր դեր խաղալ նոր կազմավորված սեֆևյան Պարսկաստանն ու սուլթանական Թուրքիան։ Սեֆևյան պետության հիմնադիր Շահ-Իսմայիլ I-ը (1502— 1524) ակ-կոյունլու թուրքմենական ցեղերի դեմ հաղթանակ տանելով՝ XVI դարի սկզբներին տեր է դառնում մի հսկայական երկրի։ Նրա հիմնած աշխարհակալ պետության մեջ մտան Պարսկաստանը, Միջագետքը, Ատրպատականը և Վրաստանն ու Հայաստանը1. Այդ նույն ժամանակներում հզորանում էր նաև սուլթանական Թուրքիան, որը XV դարի վերջերին իր սահմանն արևելքում հասցրեց Եփրատ գետը՝ Հայաստանի արևմտյան սահմանագիծը։ Սկսած այդ ժամանակներից Հայաստանը մոտ 225 տարի դառնում է թուրք-պարսկական պատերազմների ոլորտ, պատերազմներ, որոնք մղվում էին Հայաստանը և նրա հարևան շրջանները գրավելու համար։ Փոփոխակի հաջողություններով և երկար կամ կարճ ընդհատումներով մղված այդ պատերազմների կարևորագույն կիզակետերից մեկը Երևանն էր՝ Արևելյան Հայաստանի ամենանշանավոր կենտրոնն ու բերդաքաղաքը։

Թուրք-պարսկական այդ երկարաձիգ պատերազմների ընթացքում Երևանը բազմաթիվ անգամ ենթարկվել է պաշարման, ավերվել ու անցել ձեռքից-ձեռք։ Միանգամայն ճիշտ է նկատում հայագիտության մեծ երախտավոր Երվանդ Շահազիզը, որ Երևանի համար առանձնապես «կատարյալ արհավիրք են եղեր» «Սուլթան Սելիմի (1514 թ.), սուլթան Սուլեյմանի (1534 թ.), սուլթան Մուրադ Գ-ի (1579—1583 թթ.), սուլթան Մուրադ Դ-ի (1635 թ.) և սուլթան Ահմեդի (1724 թ.) արշավանքները Երևանի վրա, բերդի առումը և պարսից շահերի՝ քաղաքը դրանց ձեռքից կրկին ու կրկին ետ առնելը»2։ Այդ արշավանքների ընթացքում մի շարք անգամ Երևանը վերածվել է ավերակների կույտի, նրա բնակչության հսկայական զանգվածները ոչնչացել կամ հարկադրված են եղել թողնել իրենց հայրենի քաղաքը և դիմել փախուստի՝ թշնամուց համեմատաբար զերծ մնացած վայրերում ապաստան գտնելու համար։

Սկսած XVI դարի սկզբներից ընդհուպ մինչև Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին Երևանի քաղաքական պատմությունը (որը լայն առումով գրեթե լիովին համընկնում է ամբողջ Արևելյան Հայաստանի քաղաքական պատմության հետ) ավերում,

__________

1 Տե՛ս Լեո, Հայոց պատմություն, երրորդ հ., Երևան, 1946, էջ 171—174, Ս. Պ. Պողոսյան, Հայ ժողովրդի պատմություն, հ. II, Երևան, 1965, էջ 207—208։
2 Երվանդ Շահազիզ, Հին Երևանը, Երևան, 1931, էջ 86։

[էջ 9]

սով, կոտորած բերող թուրք-պարսկական պատերազմների մի մռայլ ժամանակագրություն է։ Այդ ամբողջ ժամանակաշրջանում «սուլթաններն ու նրանց արևելյան հզոր ախոյանները պարսկական շահերը մշտապես» պայքարում էին Երևանը գրավելու համար3։ Այդ պայքարի ընթացքում թուրքերն ու պարսիկները բազմիցս պաշարել ու իրար ձեռքից խլել են Երևանը4։ Թվարկել դրանք բոլորը և մեկ առ մեկ դարձնել քննարկման նյութ հազիվ թե հարկ լինի։ Ուստի նպատակահարմար է քննության ենթարկել միայն քաղաքական այն խոշոր դեպքերը, որոնք ճակատագրական նշանակություն են ունեցել մեր մայրաքաղաքի նշված ժամանակաշրջանի պատմության համար։

Երևանը Հայաստանի արևելյան երկրամասերի հետ միասին XVI դարի սկզբին գրավվեց սեֆևյանների հարստության հիմնադիր Շահ-Իսմայիլի կողմից՝ ակ-կոյունլու էմիր էլվենդիին 1502 թվականին Շարուրի դաշտում տեղի ունեցած ճակատամարտում չարաչար պարտության մատնելուց հետո5։ Պատմական աղբյուրների հաղորդած տեղեկությունների համաձայն, Շահ-֊Ւսմայիլը իր գրաված Երևան քաղաքում և համանուն խանությունում խան է նշանակում մտերիմներից մեկին, որը, ինչպես ենթադրում են ուսումնասիրողներից շատերը, Ռեվան-խան (Րեվան-խան) է կոչվել Երևանի անունով6։ Շահ-Իսմայիլի և Ռեվան-խանի օրոք Երևանը, որպես սահմանային մեծ խանության Երևանի խանության կենտրոն, ռազմական առումով ձեռք է բերում խոշոր նշանակություն։ Հայագետներից ոմանք, հիմք ընդունելով պարսկական ծագումի մի վկայություն, որը ընդօրինակված է նաև եվրոպական մի շարք ճանապարհորդների կողմից, ենթադրել են, որ Երևանի բերդը կառուցել է հենց այս Ռեվան-խանը7։ Սակայն մեզ հասած պատմագրական տեղեկությունները և անուղղակի փաստերը ցույց են տալիս, որ Երևանում բերդ գոյություն ուներ հնագույն ժամանակներից։ Արաբներն այդ բերդը գրավելու համար VII դարում հարկադրված են եղել երկու արյունահեղ մարտեր մղել, որոնցից առա-

__________

3 Линч, Армения, т. I֊, 1910, էջ 274:
4 Տե՛ս Հ. Դ. Փափազյան, Օտար տիրապետությունր Արարատյան երկրում, «Տեղեկագիր», ՀՍՍՀ ԳԱ (հասարակական գիտութ.), Երևան, 1960, №7—8, էջ 22։
5 Տե՛ս Լեո, Հայոց պատմություն, հ. III, էջ 173։
6 Տե՛ս Ղ. Ալիշան, Այրարատ, Վենետիկ, 1890, էջ 300։
7 Տե՛ս նույն տեղում։

[էջ 10]

ջինը վերջացել էր նրանց պարտությամբ8։ Երևանի բերդի կառուցման մասին դեռ խոսք կլինի հետագայում։ Միայն առիթից օգտվելով պետք է նշել, որ Երևանը ռազմական-քաղաքական առումով կարևոր դեր էր խաղում նաև նախորդ շրջանում՝ կարա-կոյունլու և ակ-կոյունլու թուրքմենական ցեղերի տիրապետության ժամանակներում, երբ նա մի ընդարձակ կուսակալության կենտրոն էր և անշուշտ ուներ իր բերդը՝ կուսակալ-էմիրի աթոռանիստը։

Շահ-Իսմայիլի կողմից Երևանը գրավվելուց հետո շուտով բռնկվում են թուրք-պարսկական պատերազմները և Երևանը պարսից տիրապետությունից անցնում է Թուրքիայի տիրապետության տակ։ Թուրք-պարսկական այդ պատերազմը սկսվել էր 1512 թվականին սուլթան Սելիմ I-ի և Շահ-Ւսմայիլի միջև ահաբեկիչ նամակներ փոխանակելուց հետո։ Վճռական ճակատամարտում, որը տեղի է ունեցել Չալդրանի դաշտում, 1514 թ. օգոստոսին, Շահ-Իսմայիլր խայտառակ պարտություն է կրում և իր զորքի մնացորդների հետ փախչում դեպի երկրի խորքերը՝ ամբողջ Ատրպատականն ու նրա զարդը կազմող Թավրիզ քաղաքը թողնելով թշնամուն9։ Նույն թվականին, մինչև Չալդրանի ճակատամարտը, սուլթան Սելիմն արդեն գրավել էր Արևելյան Հայաստանի մեծագույն մասը և նրա նշանավոր կենտրոն Երևան քաղաքը10։

Ավելի քան յոթ տարի (1514—1521 թթ.) Երևանը մնում է թուրքական տիրապետության տակ։ 1521 թվականին11, սուլթան Սելիմի մահից հետո (1520 թ.), Շահ-Իսմայիլը վերագրավում է 1514 թ. թուրքերի կողմից գրավված Ատրպատականը, Թավրիզը և Արևելյան Հայաստանի մեծ մասը՝ Երևան քաղաքի հետ միասին։ Սակայն դրությունը չէր կայունանում, թուրք-պարսկական պատերազմները շարունակվում էին և Երևանն անցնում էր ձեռքից-ձեռք։ Այն պարսիկների ձեռքից նորից է անցնում Թուրքիային Սելիմի որդի սուլթան Սուլեյմանի օրոք՝ 1534 թվականին12։ Հետագա տարիներին, սակայն, Երևանր նորից էր անցել Պարսկաստանի տիրապետության տակ և կռվածաղիկ դարձել նույն դարի

__________

8 Տե՛ս Թ. Խ. Հակոբյան, Երևանի Պատմությունը (հնագույն ժամանակներից մինչև 1500 թվականը), Երևան, 1969, էջ 191—199։
9 Տե՛ս Լեո, Հայոց պատմություն, հ. III, էջ 174—176։
10 Տե՛ս Ղ. Ալիշան, Այրարատ, էջ 300։
11 Տե՛ս նույն տեղում։
12 «Քարթլիի պատմության» մեջ սուլթան Սուլեյման I-ի (1520—1566 թթ.) կողմից Երևանի այդ գրավումը դրված է ոչ թե 1534 թ. տակ, այլ 1529 թ., որը ճիշտ չէ (տե՛ս պրոֆ. Լ. Մելիքսեթ–Բեկ, Վրաց աղբյուրները Հայաստանի և Հայերի մասին, հ. Գ, Երևան, 1955, էջ 61)։

[էջ 11]

(XVI դ.) 50-ական թվականների առաջին կեսին բորբոքված թուրք-պարսկական պատերազմների ժամանակ՝ շահ Թահմազի օրոք։ XVIII դ. հեղինակ Մարտիրոս դի Առաքելի ժամանակագրության մեջ այդ մասին հետևյալն է ասված. «Շահ Թահմազ, որդի շահ Իսմայիլին նստաւ թախտ թվին ՋՀԵ (1526)։ Եվ թվին ՋՂ (1541) գնաց էառ Երևան, Գանջայ, Շամախի, գնաց և ի Վրաց տուն և բազում աւերութիւն արար»13։

XVI դ. 50-ական թվականների առաջին կեսին տեղի ունեցած թուրք-պարսկական պատերազմներում նախահարձակը եղել են պարսիկները։ Դրանք փաստորեն սկսվում են շահ Թահմազի՝ 1551 թվականին դեպի թուրքական տիրապետությունները կատարած արշավանքով14, որի ընթացքում ավերվել են նաև Հայաստանի բազմաթիվ շրջանները։ Դեպի արևելք Թուրքիայի առաջխաղացումը խափանելու միջոցներից մեկը Թահմազը համարում էր բուն Պարսկաստանի և թուրքական տիրապետությունների միջև եղած տերիտորիաների՝ Հայաստանի ու նրա հարևան շրջանների ավերումն ու ամայացումը, մի քաղաքականություն, որին հաճախ էին դիմում թուրք-պարսկական բռնակալներն իրենց երկրամյա պատերազմների ընթացքում։ Պարսկական ավերիչ արշավանքներին օսմանցիները պատասխանում էին նույնպիսի կործանիչ արշավանքներով։

Երևանի և Նախիջևանի համար աղետաբեր հետևանքներ ունեցավ հատկապես սուլթան Սուլեյմանի 1554 թվականի արշավանքը։ Նա մի հսկայական բանակի գլուխ անցած հարձակվում է Պարսկաստանի վրա՝ նպատակ ունենալով ավերել ու ամայացնել վերջինիս սահմանային երկրամասերը։ Սուլեյմանի այդ արշավանքն իրականում շահ Թահմազի 1551 թվականի արշավանքի պատասխանն էր և եթե վերջինիս արշավանքի ժամանակ հիմնականում ամայացել ու ավերակների կույտի էր վերածվել Արևմտյան Հայաստանը, ապա Սուլեյմանի հարձակման հիմնական նպատակն էլ Արևելյան Հայաստանի ամայացումն էր։

Սուլթան Սուլեյմանն իր բանակով 1554 թվականին15 Կարսի

__________

13 Վ. Ա, Հակոբյան, Մանր ժամանակագրություններ, հ. II, Երևան, 1956, էջ 427։
14 Տե՛ս Մ. Չամչյան, Պատմութիւն Հայոց, հ. Գ, Վենետիկ, 1786, էջ 514– 515։
15 Թուրքական աղբյուրները Սուլեյմանի այս արշավանքը նկարագրում են ոչ թե 1554, այլ 1553 թ. տակ։ Հմմտ. Մ. Գ. Ներսիսյան, Հայ ժողովրդի ազատագրական պայքարը թուրքական բռնապետության դեմ 1850—1870 թթ., Երևան, 1955, էջ 8։

[էջ 12]

վրայով անցնելով Ախուրյան գետը, մտնում է Արարատյան երկիրը և շարժվում դեպի Երևան՝ ճանապարհին ավերելով ու հողին հավասարեցնելով բոլոր գյուղերն ու շինությունները։ Թուրքական պատմագիր Փելևի-Իբրահիմր վկայում է, որ թուրքական զորքերը «վերջապես հասան Շորագյալ կոչված մենզիլը, և այնտեղ իջևանեցին։ Այս երկիրը շատ բարեշեն է եղել, ունեցել է մշակված հողերով հարուստ բազմաթիվ գյուղեր։ Երկիրը լեռնային է։ Հաղթական բանակը քանդեց ու ավերեց այդ քարաշեն գյուղերը, շինությունները ոչնչացրեց և հողին հավասարեցրեց»16։ Թուրք պատմագիրը «ցինիկ գոհունակությամբ» է նկարագրում նաև Երևանի ու Նախիջևանի շրջանի ամայացումը։ Նա, շարունակելով այդ արշավանքի նկարագրությունր, գրում է, որ թուրքական «բանակը շարժվեց (Շորագյալից—Թ. Հ. ) դեպի Շարաբխանե կոչված վայրը, ՆիլՖրակ կոչված մենզիլը և ապա՝ Երևան քաղաքը, որն Աջեմների (պարսիկների—Թ. Հ. ) հուզին է։ ...Շահի, նրա որդու և մի շարք անվանի խաների և սուլթանների հոյակապ և գեղեցկազարդ պալատները, պարտեզներն ու այգիները, մասնավորապես «Սուլթանական բաղ» անունով հայտնի դրախտանման այգին, բոլորը կրակի տվին, այրեցին և հողին հավասարեցրեցին, 23-րդ օրն անցան հայտնի Արփաչայ (Արևելյան Արփաչայ, այժմ Արփա—Թ. Հ.) գետը, այդ շրջանում էլ ամեն ինչ կողոպտեցին ու ավերեցին»17։

Մեկնությունները հազիվ թե որևէ չափով լրացնեին կամ պարզաբանեին Փեչևի-Իբրահիմի այդքան որոշակի ու պարզ վկայությունը, որը գրեթե նույնությամբ կրկնել է նաև XVII դ. թուրքական մի այլ պատմագիր՝ Սոլաք Զադեն18։ Երևանի ու Նախիջևանի ավերման ու բնակչության գերեվարման մասին մի փոքրիկ հաղորդում ունի XVI դ. հայ հեղինակ Անդրեաս Սարկավագ Եվդոկացին. «Ի թվին ՌԳ (1554) սուլտան Սուլեյմանն սաֆար արավ ի վերայ Կարմիր գլխին. և զՅերևան և զՆախչուան զամենայն գերի բերին»19,— գրում է նա։

Օսմանյան բանակը, սակայն, չի բավարարվում նշված շրջանների ու քաղաքների ամայացմամբ և ավերակների կույտի վերածելով։ Պատմագրական հիշատակություններից երևում է, որ ավելի դառը և դժբախտ է եղել Սյունիքի ճակատագիրը։ Այն ամբող–

__________

16 Տե՛ս «Թուրքական աղբյուրները Հայաստանի, հայերի և Անդրկովկասի մյուս ժողովուրդների մասին», հ. Ա, Երևան, 1961, էջ 33։
17 Նույն տեղում։
18 Տե՛ս նույն տեղում, հ. Բ, Երևան, 1964, էջ 146։
19 Վ. Հակոբյան, Մանր ժամանակագրություններ, հ. I, Երևան, 1951, էջ 157։

[էջ 13]

ջովին ավերվել ու ամայացել է սուլթան Սուլեյմանի ավարառու բանակների կողմից20։

1554—1555 թթ. տեղի ունեցած երկարատև բանակցություններից և զինադադարից հետո՝ 1555 թվականին Թուրքիայի և Պարսկաստանի միջև կնքվում է առաջին հաշտության պայմանագիրը, որով Հայաստանը բաժանվեց այդ երկու պետությունների միջև։ Երկու պետությունների սահմանն ըստ այդ՝ պայմանագրի անցնում էր Հայկական Պար լեռնաշղթայով։ Դրանով Երևանի խանությունր և նշված լեռնաշղթայից հյուսիս գտնվող մյուս բոլոր շրջաններն ամբողջապես մնում էին Պարսկաստանի տիրապետության տակ։

1555 թ. կնքված հաշտությունը երկար չի տևում։ 70-ական թվականների վերջերին նորից են բռնկվում թուրք-պարսկական պատերազմները։ Դրանք գրեթե առանց ընդհատման տևում են ավելի քան 11 տարի՝ 1578-ից մինչև 1590 թվականը։ Հայ պատմագիրների ու հիշատակագիրների, վրացական ու թուրքական հեղինակների երկերում տրված են այդ պատերազմների ընթացքում հայերի ու հարևան ժողովուրդների կրած տառապանքները՝ կոտորածներն ու գերեվարությունր, սովն ու ահը և մահասփյուռ հիվանդությունները22։

Թուրք-պարսկական 1578—1590 թվականների պատերազմր սկսվեց թուրքերի կողմից Վրաստանի վրա հարձակմամբ։ Թուրքական զորքերի գլխավոր հրամանատար Մուստաֆա Լալա փաշան (թուրքական աղբյուրներում Ջաֆեր փաշա) երեսուն հազար հեծյալներից բաղկացած մի մեծ բանակի գլուխ անցած հարձակվում է պարսից տիրապետության տակ գտնվող Երևանի խանության վրա։ Առանց լուրջ դիմադրության հանդիպելու՝ նրա բանակը 1579 թվականին, աշնանը (ըստ թուրքական աղբյուրների հոկտեմբերի սկզբներին)23 գրավում է Երևանը։ Մուստաֆա Լալա փաշային չեն դիմադրել նաև Երևանում։ Ժամանակի Երևանի Թոխմախ մականունով Մահմուդ խանը, լսելով թուրքական բանակի մոտեցման լուրը՝ «կողոպտում ու թալանում է քաղաքն ու նրա շրջակայքը և փախուստի

__________

20 Տե՛ս Հ. Գ. վ. Այվազովսկի, Պատմութիւն Օսմանեան պետութեան, հ. Ա, Վիեննա, 1841, էջ 376։
21 Տե՛ս Թ. Խ. Հակոբյան, Հայաստանի պատմական աշխարհագրություն, Երևան, 1968, էջ 377—378։
22 Տե՛ս Ղ. Ալիշան, Հայապատում, Վենետիկ, 1901, էջ 598։
23 «Թուրքական աղբյուրները Հայաստանի, հայերի և Անդրկովկասի մյուս ժողովուրդների մասին», հ. Բ, էջ 271։

[էջ 14]

դհմում»24, իր հետ տանելով նաև 20 հազար գերիներ։ Քաղաքի կողոպուտից, թալանից և հրկիզումից մեծապես տուժել են հատկապես հայերը, ինչպես վկայում է Դանիշմենդը25։

Զաքարիա Սարկավագի հիշատակության համաձայն, Մուստաֆա Լալա փաշան Երևանից (և շրջակայքից) գերեվարեց 60.000 հայ և այլազգի. «Ի սորա (Խուդաբանդա շահի—Թ. Հ.) Բ ամին (1579 թ.—Թ. Հ.)՝ եկն Լալայ փաշայն, և աւերեաց զԵրևան, և գերեաց ԿՌ անձիս Քրիստոնէից և Տաճկաց»26,—գրում է նա։ Ըստ Դավիթ Բաղիշեցու վկայության, գերեվարվածների թիվր ոչ թե 60.000 էր, այլ՝ 30.00027։ Այդ արշավանքի մասին ասված է հայկական շատ հիշատակարաններում ու ժամանակագրություններում, բայց դրանք կցկտուր են և տեղեկություններ չեն տալիս արշավանքի ընթացքի, քաղաքի ավերման, գերեվարության մասին։ Որոշ բացառություն են կազմում ժամանակագիր Յոհանիսիկ վարդապետը և էրզրումի Սալաձոր գյուղացի հիշատակագիր Առաքել Սարկավագը։ Լալա փա֊ շայի արշավանքի վերաբերյալ նրանց ասածները բավականին որոշակի են և համապատասխանում են Զաքարիա Սարկավագից վերը բերված վկայությանը։ «Եւ եկեալ ոմն զօրագլուխ, — գրում է Յոհանիսիկ վարդապետը, — Լալայ կոչեցեալ, բազում զօրօք եկն և եհաս յերկիրն Արարատեան, և գերեաց ընդ Հայ և ընդ Տաճիկ թուով ԿՌ, և տարեալ խաղացոյց յերկիրն Հոռոմոց»28։ Նույնպիսի բովանդակություն ունի նաև սարկավագ Առաքել սալաձորցու հիշատակարանը29։

Մուստաֆա Լալա փաշայի կողմից Երևանի գրավման, ավերման, բնակչության գերեվարման, թալանի, գործադրած բռնությունների սրտաճմլիկ նկարագրությունը տվել է այդ դեպքերի ժամանակակից և ականատես Հովհաննես տաղասացը՝ ողբի ձևով, որն առա-

__________

24 Նույն տեղում, էջ 154 — 155։
25 Տե՛ս նույն տեղում, էջ 271։
26 Զաքարիա Սարկավագ, Պատմագրութիւն, հատոր առաջին, Վաղարշապատ, 1870, էջ 13։
27 Տե՛ս Վ. Հակոբյան, Մանր ժամանակագրություններ, հ. II, էջ 355։
28 Յոհանիսիկ վարդապետի համառոտ֊ պատմութիւն անցից անցելոյ ի վերին կողմանս Հայաստանի րստ կարգի ժամանակագրութեան (Սամուէլի քահանայի Անեցւոյ, Հաւաքումք ի գրոց պատմագրաց..., Վաղարշապատ, 1893, էջ 187)։ Նրա այդ ժամանակագրությունը զետեղված է նաև Վ. Հակոբյանի կազմած «Մանր ժամանակագրություններ» ժողովածուի II հատորում՝ «Հովհաննիսիկ Ծարեցու ժամանակագրությունր» վերնագրի տակ։ Այսուհետև Հովհաննիսիկին վկայակոչելիս, նշէլու ենք այդ ժողովածուն։
29 Տե՛ս Լեո, Հայոց պատմություն, հ. III, էջ 198 — 193։

[էջ 15]

ջին անգամ հրապարկել է Ղ. Ալիշանն իր «Այրարատ» աշխատության մեջ։ Քերթվածքը չափածո է և տաղաչափական ու հանգավորման համար հեղինակը հավանաբար կատարել է դեպքերի որոշ խտացումներ ու գունազարդումներ, բայց ոդբի բովանդակությունն ամբողջությամբ վերցրած համապատասխանում է հիշատակարաններում, ժամանակագրություններում և պատմագրական երկերում եղած վկայություններին։ Հովհաննեսի ողբում պատմական առումով հիմնականում ճիշտ են նկարագրված Մուստաֆա Լալա փաշայի՝ դեպի Արարատյան երկիր ու Երևան կատարած 1579 թվականի արշավանքն ու նրա դաժան հետևանքները։ Ուստի անհրաժեշտ ենք համարում մեջ բերել այդ ողբը՝ մի փոքր համառոտագրելով այն։

«Թիւն հազար քսան եւ ութին
Հաւուր աշնան մուտ ձըմեոին,
Հրոտից ամսուն տասնու երկուսին
Սեւ լուսացաւ երկուշաբթին։

Յանկարծ տեսին յԵաղին? հասեալ
Շուրք ու բոլոր զքաղաք պատեալ
Մեծ ու պզտիկ զամէն կալեալ
Լալոտ աչօք գերի տարան։

Ոմանք կալեալ թէ սպանէին,
Մալ եւ ըռզակ հարցանէին.
Շատ ոք իփզանց. նըշան տային,
Լալով ողբով գերի տարին։

Վա՜յ տանք երկրին Արարատեան,
Մայրաքաղաքն ՛ի Երեւան,
Եւ գեղանուն ամենեքեան,
Ձեռն այլազգեաց գերի անկան։...

Նախ եւ առաջ յորժամ եկին՝
Ի ՆՈՐԱԳԵՂ փաշայքն իջին.
Լաշկարն՝ անկարծ բոլորեցին,
Շատ ոք անմեղ ըսպանեցին։

Երէվանայ քաղաքէն տարար
Շատ սարկաւագ սաղմոսաձայն.
Ոմանք պաշտէն ըզշարական,
Եւ քահանայք գաւետարան.

Սաղմոսաց ձայնըն վերացաւ,
Եկեղեցեաց լոյսըն հանգեաւ.
ժամ և պաշտոն խափանեցաւ,
Գիւղս եւ քաղաք աւեր դարձաւ։

[էջ 16]

Ախ ու վայ մեզ հազար բերան.
ԵՎ կուրացեալ աչք մեր տեսան.
Ծերք եւ տըղայք, անմեղ խիզան՝
Ձեռն այլազգեաց գերի ընկան»30։

Ողբի պատմագրական արժեքը մեր կարծիքով բավական մեծ է։ Դրանում նկարագրված են մի քանի այնպիսի մանրամասնություններ, որոնք իսպառ բացակայում են մյուս կարգի բոլոր աղբյուրներում։ Այսպես, միայն ողբում է նկարագրված քաղաքի բնակիչներին գերեվարելու մանրամասնությունները, նախքան քաղաք մտնելը թուրքական զորքի Նորագեղում բանակ դնելը, քաղաքի գրավման ամիսն ու օրը, կոտորածները և այլն։ Ղ. Ալիշանը ենթադրում է, որ Հովհաննեսի այդ ողբն ավելի ընդարձակ է եղել, նրա վերջին մասը չի պահպանվել։ Սակայն ըստ երևույթին մեզ չհասած հատվածը պատմական առումով ավելի քիչ հետաքրքրություն է ներկայացրել, որովհետև այն, ինչպես նկատել է Ղ. Ալիշանը, ակրոստիկոս է եղել, որի գլխատառերը կազմել են տաղասաց Յով֊հաննեսի անունը31։

Երևանը գրավելուց հետո շուտով երկու պետությունների միջև կնքվում է հաշտության պայմանագիր, ըստ որի Երևանը նորից անցնում է Պարսկաստանին։ Սակայն խաղաղությունը երկար չի տևում։ Մուստաֆա Լալա փաշայի արշավանքից մի քանի տարի անց նորից է բորբոքվում թուրք֊պարսկական պատերազմր և նորից են նախահարձակ լինում թուրքերը։ 1583 թվականին թուրքական մի ստվար բանակ Մուստաֆա Լալա փաշային փոխարինած Ֆահրադ փաշայի հրամանատարությամբ արշավում է դեպի Երևան, որը լիովին չէր վերացրել առաջինի՝ 1579 թ. արշավանքների հետևանքները և զգալի չափով մնում էր ավերված վիճակում, չնայած թուրք պատմագիր Փեչևի-Իբրահիմը գունազարդելով Արարատյան երկրի բնակչության դրությունը, գրում է, թե Ֆահրադի արշավանքի ժամանակ լիովին վերացվել էին Մուստաֆա Լալա փաշայի զորքերի կատարած ավերումների հետքերը՝ վերականգնված էին բոլոր գյուղերը, վերակառուցված էին ամայացված բոլոր բնակավայրերը32։

Ֆահրադ փաշայի առաջին արշավանքի վերաբերյալ սկզբնաղբյուրների հաղորդած տեղեկություններն րնդհանուր առմամբ իրար չեն հակասում։ Ըստ այդ տեղեկությունների, Ֆահրադ փաշայի ա-

__________

30 Ղ. Ալիշան, Այրարատ, էջ 300 — 301։
31 Տե՛ս Ղ. Ալիշան, Այրարատ, էջ 300։
32 «Թուրքական աղբյուրները Հայաստանի, հայերի և Անդրկովկասի մյուս ժոդովուրդների մասին», հ. Ա, էջ 51։

[էջ 17]

ռաջին արշավանքը տեղի է ունեցել 1583 թվականին։ Այդ թվականի տակ են նկարագրում Ֆահրադ փաշայի արշավանքները և´ մեր հեղինակների մեծագույն մասը, և՛ թուրքական բոլոր աղբյուրները33։ Երևանի պատմության համար այդ կարևոր նշանակություն ունի, որովհետև հենց նույն թվականին է կառուցվել մի շարք անգամ վերակառուցումներից հետո մինչև XIX ղարի վերջերը հասած թուրքական բերդը։ Դրանով իսկ պարզվում է նաև, որ Ֆահրադ փաշայի արշավանքը կատարվել է Մուստաֆա Լալա փաշայի 1579 թվականի արշավանքից ոչ թե երկու տարի հետո ինչպես ասված է մի քանի հիշատակություններում և ուսումնասիրողների կողմից, այլ՝ 3 — 4 տարի անց։ Վարդապետ Բարսեղ Վարագեցու մի հիշատակարանում Ֆահրադ փաշայի արշավանքի տարին համարվում է 1584 թվականը34, իսկ XVIII դարի մի անանուն ժամանակագիր այդ արշավանքը դրել է 1580 թվականի տակ35։

Դրանք երկուսն Էլ ուշ ժամանակների հեղինակներ են, և նրանց վկայությունները արժանահավատ չեն։ Ժամանակակից և ականատես գրեթե բոլոր հեղինակները Ֆահրադ վւաշայի արշավանքն ու Երևանի բերդի կառուցումը նկարագրում են 1583 թվականի տակ։ XVI դարի հեղինակներից որքանով մեզ հայտնի է, միայն երկուսը՝ գրիչ Դավիթը և մի այլ հեղինակ իրենց հիշատակարաններում Ֆահրադի արշավանքի և Երևանի բերդի կառուցման տարին համարում են հայոց ՌԼԳ (1584) թվականը36, որ նույնպես արժանահավատ չէ։ Սակայն նույն Դավիթ գրիչի հիշատակարանն արժեքավոր է նրանով, որ այն միակ աղբյուրն է, ուր նշվում է Ֆահրադ փաշայի հրամանատարությամբ դեպի Երևան արշավող զորքի քանակը։ 1854 թ. ընդօրինակած մի ավետարանի հիշատակարանում նա հաղորդում է. «Գնաց Ֆահրատ փաշայն ԳՃՌ (300000) հեծելազաւրաւք ի վերայ

__________

33 Տե՛ս Մ. Մաշտոցի անվան Մատենադարան, Մեսրոպ Մագիստրոս, Կանոնգիր (ձեռագիր № 2776), էջ 16, Վ. Հակոբյան, Մանր ժամանակագրություններ (Հովհանիսիկ Ծարեցոլ ժամանակագրությունը, XVI դ.), հ. II, էջ 244, Պատմութիւն Առաքել վարդապետի Դաւրիժեցւոյ, Վաղարշապատ, 1896, էջ 611, «Թուրքական աղբյուրները Հայաստանի, հայերի և Անդրկովկասի մյուս ժողովուրդների մասին», հ. Ա. կջ 51, հ. Բ, էջ 13 և այլուր։
34 Տե՛ս «Դիւան Հայոց պատմութեան», գիրք Ժ, մանր մատենագիրք, ԺԵ — ԺԹ դար, կենսագրական տեղեկություններով և ծանոթագրություններով հրատարակեց Գյուտ-Աղանեանց, Թիֆլիս, 1912, էջ 36—37։
35 Տե՛ս Վ. Հակոբյան, Մանր ժամանակագրություններ, հ. I, էջ 324։
36 Տե՛ս «Էջմիածին» ամսագիր, Էջմիածին, 1950, XI–XII, էջ 77—78, Վ. Հակոբյան, Մանր ժամանակագրություններ, հ. II, էջ 253։

[էջ 18]

Երևան քաղաքին...»37։ Եթե ընդունելու լինենք, որ թուրքական զորքը բաղկացած էր միայն հեծյալներից, իսկ այդ քիչ հավանական է, որովհետև այն առանց զորքի այլ տեսակների չէր կարող գրավել բերղաքաղաքաներ, ապա դարձյալ նա հսկայական բանակ էր։ Այդպիսի մեծ բանակի դեմ դուրս բերելու համար Մուստաֆա Լալա փաշայի 1579 թ. արշավանքից և ժամանակավոր հաշտությունից հետո։ Երևան վերադարձած Մահմադ Թոխմախ խանը չուներ համապատասխան մեծաթիվ ջոկատներ, իսկ բերդի ամրության վրա ըստ երևույթին մեծ հույսեր չէր կարող կապել, որովհետև այն շատ փոքր էր և համեմատաբար վատ ամրացված. Մուստաֆա Լալա փաշայի արշավանքից հետո նույնիսկ ժամանակ չի եղել բերդը վերականգնել իր նախկին վիճակով։ Թուրքական զորավար Ֆահրադ փաշան շատ լավ էր հասկանում Երևանի բերդն ամրացնելու անհրաժեշտությունը և պատահական չէ, որ քաղաքը գրավելուց հետո նա անմիջապես ձեռնարկեց բերդի ընդարձակման, վերակառուցման ու ամրացման գործին։ Սակայն մինչ այդ տեսնենք ինչպիսի ընթացք ու հետևանքներ է ունեցել թուրքական փաշայի 1583 թվականի արշավանքը դեպի Երևան։

Պետք է նկատել, որ այդ արշավանքի մասին մեզ հասած հայկական ու թուրքական աղբյուրների մեջ հաղորդվում են բովանդակությամբ իրար հար ու նման տեղեկություններ։ Այդ պատճառով էլ հարկ ենք համարում վկայակոչել XVI դարում գրված միայն չորս հիշատակություններ՝ երեքը հայկական աղբյուրներից, որոնք լրացնում են իրար, իսկ մեկը՝ թուրքական։

Հայկական աղբյուրներից Ֆահրադ փաշայի արշավանքի ժամանակակից ու ականատես է մեր կողմից արդեն վկայակոչված Յովհանիսիկ Ծարեցին, որի հիշատակարանը զետեղված է Սամվել Անեցու «Հաւաքմունք ի գրոց պատմագրաց...» աշխատության շարունակության, Առաքել Դավրիժեցու Պատմության, Մեսրոպ Մագիստրոսի կազմած ձեռագրաց ցուցակի (Մ. Մաշտոցի անվան Մատենադարան, ֆոնդ Մ. Մագիստրոսի արխիվ) և Վ. Հակոբյանի կազմած «Մանր ժամանակագրություններ»-ի երկրորդ հատորի մեջ։ Ահա թե ինչ է հաղորդում Հովհանիսիկ Ծարեցին Ֆահրադ փաշայի 1583 թ. արշավանքի մասին.

«Իսկ ՌԼԲ (1583) թվականին դարձեալ հրաման եղև ի Մուրատ խոնդկեարէն (սուլթան Մուրադ III—Թ. Հ.) զօրապետաց և զօրաց իւրոց՝ ելանել ի վերայ Յէրեվանայ և առնուլ զնա։ Եւ եկին իսկ և

__________

37 «Էջմիածին», 1950, XI-XII, էշ 87։

[էջ 19]

աւերեցին, և բազում եկեղեցիք քակեալ, զքարինս ի շինումն բերդին տանէին, որ և կամեցան զմեծ եկեղեցին, որ Յերկու երեսի ասի, ևս քակել։ Իսկ յոմն վարդապետ Յառաքեալ անուն, որ և յետոյ կաթողիկոս եղև (ըստ Մ. Օրմանյանի այդպիսի կաթողիկոս չի եղել — Թ. Հ.), յիշատակ նորայ աւրհնութեամբ եղիցի, եմուտ առաջի Ֆարհատի զօրապետի զօրուն և ոչ ետ թոյլ քակելոյ զեկեղեցին. բայց վա՜յ լսելեացս և պատմութեանս, զի աւուրս Լ(30) ջորիք և երիվարք և բազում Տաճիկք ինքեանց յանծանօթք բնակեցան եկեղեցին»38։

Նույն դարի մի այլ գրիչ՝ Առաքելր 1585 թ. Էրզրումի Դընիկ գյուղում ընդօրինական ձեռագրի հիշատակարանում հաղորդում է, որ «...քանզի յայսմ ամի եղև տարտարոս սաստիկ, վասն ծովացեալ մեղաց մերոց, որ եկեալ Վազիր փաշայն (Ֆահրադ փաշային է վերաբերում—Թ. Հ.) յարևմտից բազում զաւրաւք և անթիւ հեծելաւք գնաց արևելս ի Շահաստան, վասն շինութեան Երևանայ բեր֊ դին...»39 և այլն։

Առաքելի հիշատակարանի համեմատությամբ ավելի կոնկրետ է մի այլ գրիչի՝ Դավիթի թողած վկայությունը 1584 թ. Բասեն գավառի Ծառ գյուղում ընդօրինակած մի ավետարանի հիշատակարանում։ Բերենք այդ հիշատակարանը համառոտագրելով.

«...Գրեցալ երկիրս Բասենու, ի գիւղն, [որ] կոչի Ծառս, ընդ հովանեաւ սբ. Խաչի վանեացս...ի թուականիս Հայոց ՌԼԳ (1584), որ յայսմ տարոյս գնաց Ֆարհատ փաշայն ԳՃՌ (300000) հեծելաղաւրալք ի վերայ Երևան քաղաքին, փախոյց զտէրն, որ նստեալ էր անդ, Մահմետ խանն, և շինեաց անդ նորայիմն բերդ մեծ և զարմանալի, որ բազում եկեղեցիք խաչ և տապանք քակեցին, և քարն ի բերդն տարան, քրիստոնէից ազգս ամէն թալանուեցաւ, որ առաջ քան հասանել փաշային ի քաղաքն Երևան. Թաջալ ազգն արձակեց ի վերայ քրիստոնէից ազգիս, որպէս գայլք ի վերայ ոչխարաց՝ քշեցին տարան մինչև Գանճայ...»40։

Հայկական մյուս հիշատակարաններում և պատմագրական երկերում 1583 թվականի արշավանքի մասին էական նորություններ չեն հաղորդված, եթե բացառելու լինենք հայոց ՌԼԳ թվականին (1584 թ.) գրված մի հիշատակարան, որտեղ հիշատակվում են գերվածների թվերը (72 հազար և 60 հազար), սակայն դրա հետ միա-

__________

38 Վ. Հակոբյան, Մանր ժամանակագրություններ, հ. II, էջ 244, Հմմտ. «Պատմութիւն Առաքել վարդապետի Դաւրիժեցվոյ», Վաղարշապատ, 1896, էջ 611։
39 Մ. Մաշտոցի անվան Մատենադարան, ձեռագիր № 8625, էջ 367ա։ Հմմտ. Վ. Հակոբյան, Մանր ժամանակագրություններ, հ. II, էջ 252։
40 «Էջմիածին» ամսագիր, 1950, XI–XII, էջ 87։

[էջ 20]

սին Մուստաֆա Լալա փաշայի 1579 թ, և Ֆահրադ փաշայի 1583 թ. արշավանքները շփոթված են իրար հետ41, և Բարսեղ Վարագեցու ընդարձակ հիշատակարանը, որտեղ նա հիմնականում նկարագրում է ոչ թե Երևանի գրավումն ու նրա բերդի կառուցումը, այլ Թավրիզում տեղի ունեցած դաժան կռիվները։ Բայց Բարսեղ Վարագեցու հիշատակարանը հետաքրքիր է պարսկա-թուրքական կռիվների հետևանքով երկրի ու նրա բնակչության անմխիթար վիճակի մասին գաղափար կազմելու համար։ Վարագեցին կսկիծով գրում է, «...Եւ դարձեալ զօրք կազմեցին յայսմ ամի(ՌԼԳ = 1584) անթիւ և չուեալ գնացին յօգնականութիւն նեղելոցն՝ որ ի Թաւրէզ. և էր գլուխ զօրացն, ոմն անուն Ֆահրատ փաշայ. և էր անդ կռիվ սաստիկ, և մենք ոչ գիտեմք պատմել զաղետ և զկսկիծ, զողբումն և զկոծումն և զարածութիւն, զսով և զգերութիւն, զսասանութիւն և զայլ ազգի ազգի պատուհաս, որ եկն ի վերայ մեր վասն ծովացեալ մեղաց մերոց։ Երևանայ աշխարհն, քաղաքն և երկիրն, և ամենայն շուրջակայ գաւառոքն ի (անօրէն ազգացն Պարսից և Իսմայելացւոց սըրաջինջ եղև ամենայն աշխարհս քրիստոնէից»42։

Թուրքական աղբյուրներում Ֆահրադ փաշայի 1583 թ. արշավանքի ընթացքի, զորքի քանակի, գերեվարության և այլնի վերաբերյալ եղած տվյալները համեմատաբար կցկտուր են և միակողմանի։ Նրանցից միայն իմանում ենք, որ Ֆահրադ փաշան Երևանի վրա է հարձակվել 1583 թվականին և առանց դիմադրության հանդիպելու մի քանի օրում հասել է քաղաք, մի «պտույտով» գրավել այն և անմիջապես սկսել նրա բերդի կառուցումը43, որի մասին կասվի քիչ հետո։

Ւ մի բերելով վկայակոչված աղբյուրների վկայությունները, կարելի է հանգել հետևյալին։ Ֆահրադ փաշան Երևանի վրա հարձակվել է 1583 թվականին, ոչ պակաս, քան 300000 հեծյալներից բաղկացած մի մեծ բանակով։ Երևանի Թոխմախ կոչված Մահմուդ խանը, լսելով թուրքական բանակի առաջխաղացման մասին, նահանջում է դեպի արևելք, քաղաքը թողնելով անպաշտպան։ Թուրքերը Երևանի խանությունն ու Երևան քաղաքը գրավում են կարճ ժամանակամիջոցում։ Ինչպես միշտ, այնպես էլ այս անգամ թուրքական ավարառու բանակը ավերում, թալանում է բնակչությանը, գերեվարում տասնյակ հազարավոր մարդկանց։ Բարսեղ Վարագե-

__________

41 Տե՛ս Վ. Հակոբյան, Մանր ժամանակագրություններ, հ. II, էջ 253։
42 Գ. Աղանեանց, Դիւան Հայոց պատմութեան, գիրք Ժ, էջ 36—37։
43 Տե՛ս «Թուրքական աղբյուրները Հայաստանի, հայերի և Անդրկովկասի մյուս ժողովուրդների մասին», հ. Բ, էջ 271։

[էջ 21]

ցու վկայության համաձայն, Ֆահրադ փաշայի արշավանքին զուգորդեցին ու հաջորդեցին ողբը, կսկիծն ու աղետը, սովը, կործանումը, գերությունը, խոտաճարակությունը և զանազան այլ պատուհասներ։

Երևանը գրավելուց հետո թուրքական զորավարը անմիջապես ձեռնարկում է նրա ամրացման գործին՝ բերդի վերակառուցմանը։ Պատմական գրականության մեջ գրեթե առանց բացառության Ֆահրադ փաշային են վերագրում Երևանի բերդի կառուցումը։ Սակայն այդ հարցում պետք է մտցնել որոշ ճշտում։ Երևանի պատմության ողջ ընթացքից երևում է, որ այնտեղ քաղաքի հիմնադրման օրից մինչև XIX դարի 80-ական թվականները (երբ Երևանը դադարեց ոուս-թուրքական սահմանային բերդաքաղաք լինելուց, իր այդ տեղը զիջելով Կարսին ու Ալեքսանդրապոլին) միշտ բերդ կամ ամրոց է եղել։ ՈՒրարտական շրջանում նրա բերդերը գտնվում էին Արին-Բերդ֊ բլրի և Կարմիր-բլրի վրա, հետագայում՝ Ծիծեռնակաբերդում և այլուր։ Վկայակոչված հիշատակություններից պարզ երևում է, որ Երևանը բերդ ուներ նաև պարսկական տիրապետության շրջանում։ Սակայն հենց նույն աղբյուրները հաղորդում են, որ նախկինից գոյություն ունեցող Թոխմախ խանի ապարանքր փոքր էր, պաշտպանական տեսակետից ոչ հուսալի։ Հետևապես Ֆահրադ փաշան ոչ թե բերդը նոր է կառուցել, այլ մեծացրել, վերակառուցել և ավելի է ամրացրել նախկին բերդը՝ Թոխմախ խանի աթոռանիստը։ Այդ երևում է նաև նրանից, որ բերդի «կառուցման» բոլոր աշխատանքները տևել են ընդամենը 45 օր44։ Այդքան կարճ ժամանակամիջոցում միանգամայն անհնար էր իր ամրությամբ Արևելքում այնքան անուն հանած Երևանի բերդի կառուցումը, չնայած նրա կառուցման համար պատրաստի քարերը վերցնում էին հայկական գերեզմանոցներից և եկեղեցիները քանդելով։ Եվ վերջապես, ինչպես կտեսնենք, թուրքական աղբյուրները պարզապես հիշատակում են բերդի պարսպի և աշտարակների կառուցման մասին։ Մինչդեռ բերդ ասելով միայն պարիսպներ ու բուրգեր չեն հասկացվում, այլ նաև զինանոցներ, զորանոցներ, ախոռներ, պահեստներ, ապրանքներ և այլն, և այլն։ Այսպիսով, Ֆահրադ փաշան ոչ թե կառուցել, այլ հիմնովին վերակառուցել է նախկինից գոյություն ունեցող Երևանի բերդը։

Հայկական աղբյուրներից վերը մեջբերված բոլոր վկայություններում հաղորդվում է այն մասին, որ Ֆահրադ փաշան Երևանը

__________

44 Տե´ս «Թուրքական աղբյուրները Հայաստանի, հայերի և Անդրկովկասի մյուս ժողովուրդների մասին», հ. Ա, էջ 51։

[էջ 22]

գրավելուց հետո անմիջապես ձեռնարկեց բերդի «կառուցմանը»: Այնուհետև դրանք վկայում են, որ բերդի կառուցման համար թուրqական փաշայի հրամանով օգտագործում են հայկական գերեզմանաքարերն ու եկեղեցիների քարերը։ Հսկայական պարսպի համար անհրաժեշտ է լինում մեծ քանակությամբ քար։ Մի քանի եկեղեցի֊ ներ քանդելուց և դրանց քարերը օգտագործելուց հետո հերթը հասնում է քաղաքի ամենամեծ եկեղեցուն՝ «Երկու երեսի» (երկու բեմանոց) եկեղեցուն։ Սակայն Առաքել անունով մի վարդապետ կարողանում է թուրքական փաշայից կարգադրություն ստանալ այդ եկեղեցին կանգուն թողնելու մասին։ Այնուհետև մեր հիշատակագիրները հաղորդում են, որ կանգուն մնացած եկեղեցիները թուրքական զինվորները բավական ժամանակ վերածեցին ախոռների։

Երևանի բերդի կառուցման մասին կողմնակալ, բայց համեմատաբար ավելի մանրամասն են պատմում թուրքական աղբյուրները։ XVI դարի վերջի և XVII դարի առաջին կեսի պատմագիր Փեչևի-Իբրահիմը այդ մասին հետևյալն է գրում.

«Երբ նա (Երևանի խանը — Թ, Հ.) տեղեկացավ, որ իսլամական բանակը մոտենում է, շփոթվեց և իրեն կորցրեց։ Երբ արդարադատ Սերդարը (Ֆահրադ փաշան — Թ. Հ.) մտավ վերոհիշյալ քաղաքը (Երևանը), նա անմիջապես ձեռնարկեց բերդի կառուցման աշխատանքներին։ Թոքմաք խանի պալատը մեջտեղ առնելով, նրա շրջակայքում կառուցեց մի լայն, և ամրակուռ պարիսպ։ Այդ աշխատանքներն ավարտվեցին 45 օրում»45։

Գրեթե նույնպիսի, բայց ավելի որոշակի հիշատակություն ունի Երևանի բերդի կառուցման մասին թուրքական մի այլ պատմագիր՝ Գելիբոլուլու Ալին։ Նա պատմում է, որ «հիշյալ Թոքմաք խանի պալատի շուրջը պարիսպներ շինեցին և այդ պալատի բարեշեն մասերը բեյլերբեյինների պալատի վերածեցին։ Ներքին բերդում կառուցեցին 8 աշտարակ, մի ջամի և պարսպի 725 պատնեշ։ Արտաքին բերդը լրացրին 43 աշտարակներով և պարսպի 1726 պատնեշներով։ Բերդում «շահանի» թնդանոթ դրեցին։ Վերոհիշյալ աշխատանքներն ավարտվեցին 45 օրում»46։

Երևանի բերդի կառուցման մասին թուրքական մի քանի այլ պատմագիրներ ևս ունեն վկայություններ, բայց դրանք համեմատաբար ուշ շրջանի են և էապես ոչնչով չեն լրացնում Փեչևի-Իբրահիմին և Գելիբոլուլու Ալիին։ Իսկ վերջիններիս վկայություններից

__________

45 «Թուրքական աղբյուրները Հայաստանի, հայերի և Անդրկովկասի մյուս ժողովուրդների մասին», հ. Ա, էջ 51։
46 Նույն տեղում, հ. Բ, էջ 271—272։

[էջ 23]

պարզ երևում է, որ Ֆահրադ փաշան կառուցել է ոչ թե միանգամայն մի նոր բերդ, այլ հիմնովին վերակառուցել, մեծացրել և նոր պարիսպներով, աշտարակներով ու կրակակետերով ամրացրել է նախորդ ժամանակներից գոյություն ունեցող բերդը։ Այդ են վկայում Փեչևիի՝ «Թոքմաք խանի պալատը մեջտեղ առնելով, նրա շրջակայքում կառուցեց մի լայն և ամրակուռ պարիսպ», Ալիի՛ «Ներքին բերդում կառուցեցին 8 աշտարակ...», «Արտաքին բերդը լրացրին 43 աշտարակներով» և այլ արտահայտությունները։

Բերդը հիմնովին վերակառուցելուց հետո Երևանում բեյլերբեյ է նշանակում Վանի նախկին բեյլերբեյ Ջըղալե Զադե Յուսուֆ Սինան փաշան47։ Նույն Ֆահրադ փաշայի հրամանով Երևանի բերդում նշանակվում է 5600 զինվորներից բաղկացած կայազոր։ Երևանից բացի, կայազորներ են կարգվում նաև «Շորագյալի, Թալինի, Ակչակալայի, Սուրմալուի, Իգդիր-Կարակալայի և Բեջենի (Բջնիի—Թ, Հ.) բերդերում»48։

Թուրք-պարսկական պատերազմները շարունակվում են մինչև 1590 թվականր։ Դրանց րնթացքում թուրքերը գրավում են ամբողջ Անդրկովկասը, Ատրպատականը և սպառնում բուն Պարսկաստանին։ Օսմանյան Յուզդեմիր փաշայի 1585 և Ֆահրադ փաշայի 1588 թվականների արշավանքների ընթացքում ավերումն ու ամայացումը հասնում են ահավոր չափերի49։ Թուրքական բանակներն ավերակների կույտի են վերածում Ղարաբաղը, Մուղանը, Ատրպատականը, Արարատյան երկրի մեծ մասը, Գանձակի շրջանը և այլն։

1587 թվականին իր հոր՝ Խուդաբանդայի փոխարեն շահ կարգված Աբասը հարկադրված էր 1590 թ. մարտին ծանր պայմաններով հաշտություն կնքել թուրքերի հետ, վերջիններիս թողնելով ամբողջ Անդրկովկասն ու Ատրպատականը։ Երիտասարդ Շահ-Աբասին ժամանակ էր պետք ներքին երկպառակությունները և արևելքից եկող վտանգը վերացնելու համար։ 90-ական թվականների վերջերին նա արդեն բավական կայունացրել էր պարսկական պետությունը, պարտության մատնել ուզբեկներին (1597 թ.) և պատրաստվում էր նոր պատերազմով ետ գրավել կորցրած տերիտորիաները՝ Անդրկովկասն ու Ատրպատականը։ Շահ-Աբաս I-ի հարձակման համար բավական նպաստավոր պայմաններ էին ստեղծվել. Թուրքիայում

__________

47 Տե՛ս «Թուրքական աղբյուրները Հայաստանի, հայերի և Անդրկովկասի մյուս ժողովուրդների մասին», հ. Ա, էջ 51, հ. Բ, էջ 272։
48 Նույն տեղում, հ. Բ, էջ 272։
49 Տե՛ս Գ. Աղանեանց, Դիւան Հայոց պատմութեան, գիրք Ժ, էջ 37—39, Վ. Հակոբյան, Մանր ժամանակագրություններ, հ. II, էջ 246, Լեո, Հայոց պատմություն, հ. III, էջ 203 — 206 և այլուր։

[էջ 24]

բռնկվել էր ջալալիների շարժումը, Անդրկովկասի ժողովուրդներն ավելի հակված էին Պարսկաստանի կողմը և նույնիսկ հատուկ ներկայացուցիչներ ուղարկեցին Շահ-Աբասի մոտ՝ խնդրելով նրան Անդրկովկասն ու Ատրպատականը ազատագրել թուրքական լծից50։ Զաքարիա Սարկավագն ուղղակի գրում է. «Քանզի որպէս պատմէ Առաքեալ պատմագիր, թէ՝ ելուզակք՝ որ է Ջալալիք, որոց անուանքն գրեալ է, զի բազմացան նոքա ՛ի Կոստանդնուպօլսէ մինչ ՛ի Երևան. վասն որոյ զօրացաւ նա (Շահ-Աբասը— Թ. Հ.). և ժողովեալ ղօրս իւր, և գնացեալ էառ զամենայն երկիրն, զոր առեալ էին օսմանցիքն ՛ի Պարսից»51։

Նույն կերպ է նկարագրում Գրիգոր Կամախեցին օսմանյան Թուրքիայում տիրող խառը դրությունը և Շահ-Աբասի արշավանքի համար այնտեղ ստեղծված նպաստավոր պայմանները։ Նա գրում է, որ ջալալիների ապստամբության պատճառով ավերվել էր ամբողջ Անատոլիան, էրզրումը, Կարսը, Երևանը և ամբողջ երկրում տիրում էր սովը, մահը, «գազանակերութիւնը»52։ Այդպիսի պայմաններում Շահ-Աբասն սկսեց իր արշավանքը և «բազում աշխարհի բերդունայք եւ քաղաքունայք եւ բազում գաւառք մի մեկ տարոյն միջումն զամէնքն էառ՝ վասն անտերունչ լինելով աշխարհացն»53, — վկայում է Գ. Կամախեցին։

Միանգամայն հասկանալի է, որ այդպիսի պայմաններում Շահ-Աբասը, որին մեր պատմագիրները որակում են «բազմահնար», «հանճարեղ», «քաջ» և այլ ածականներով, առանց մեծ դժվարության պետք է ետ գրավեր օսմանյան Թուրքիայի կողմից 1578—1590 թթ. պատերազմների հետևանքով նվաճված Անդրկովկասն ու Ատրպատականը։ Շահ-Աբասն իր արշավանքն սկսում է 1603 թվականին։ Անդրկովկասում պատերազմական դաշտի էին վերածվել Նախիջևանի գավառի արևելյան սահմաններից մինչև Շիրակ ներառյալ։ Այլ կերպ ասած՝ ամբողջ Երևանի և Նախիջևանի խանությունները վերածվել էին պատերազմական թատերաբեմի։ Կրոնավոր-ճանապարհորդ Ֆ. Անտուան Գուեայի վկայությամբ պատերազմական գործողությունների ոլորտի մեջ ընդգրկված այդ շրջանները խիտ բնակեցված էին, այնտեղ կային բազմաթիվ քա-

__________

50 Տե՛ս Ս. Պ. Պողոսյան, Հայ ժողովրդի պատմություն, հ. II, էջ 213—214։
51 Զաքարիա Սարկավագ, Պատմագրութիւն, հ. I, Վաղարշապատ 1870, էջ 18 — 19։
52 Տե՛ս Գրիգոր Կամախեցի կամ Դարանաղցի, ժամանակագրութիւն, Երուսաղեմ, 1915, էջ 14։
53 Նույն տեղում։

[էջ 25]

ղաքներ և գյուղեր։ Այնուհետև նա նշում է, որ օսմանյան զորքերը սակավաթիվ էին և հարկադրված էին փակվել բերդերում։ Պարսիկներն այդ բերդերը պետք է գրավեին պաշարումով54։

Շահ-Աբասը մեծ բանակի գլուխ անցած 1603 թվականին գրավում է Թավրիզը։ Այստեղի օսմանական զորքի մի մասը դիմում է փախուստի և գալիս ժողովվում Նախիջևան քաղաքում55։

Առանց հապաղելու դեպի Նախիջևան է արշավում նաև Շահ-Աբասն իր բանակով56։ Առաքել Դավրիժեցու հիշատակության համաձայն, Նախիջևանի թուրք բնակիչներն ու կայազորը, լսելով պարսիկների կողմից Թավրիզի գրավման և դեպի Նախիջևան շարժվելու մասին, մեծ տագնապ են ապրում57։ Իսկ օսմանյան այն զորքը, որը Թավրիզի գրավման ժամանակ ճողոպրել էր այնտեղից և եկել Նախիջևան, Շահ-Աբասի գալստյան լուրն առնելով հապճեպորեն թողնում է Նախիջևանը և գալիս Երևան. «Իսկ այն զօրքն օսմանցւոց, — գրում է Առաքել Դավրիժեցին, — փախեան ի Թարվիզու և եկին ի Նախչուան, ոչ կարացին մնալ անդէն՝ և կալ ընդդէմ, այլ երկիւղիւ մեծաւ ըմբռնեալ ի սիրտ և յոգի, հապճեպ տագնապաւ ելին ի Նախչուանայ՝ և ժամանեալ անկանէին ի քաղաքն Երևան»58։

Սկզբնաղբյուրների հաղորդած տեղեկություններից պարզ երևում է, որ օսմանցիները Նախիջևանում Շահ-Աբասին լուրջ դիմադրություն չեն ցույց տվել։ Համոզված լինելով, որ Նախիջևանը հեշտությամբ կգրավվի, որոշում են այնտեղից փախած զորքերի հետ միասին ընդարձակել ու ամրացնել Երևանի բերդը և միասնական ուժերով այս ամրակուռ բերդում դիմադրել հարձակվող թշնամուն։ Առաքել Դավրիժեցին վկայում է, որ Նախիջևանից փախած զինվորները «հարաւային կողմն բերդին Երևանայ կից ընդ նմա պատեցին պարիսպ և շինեցին միւս ևս բերդ, և մտին ինքեանք ի ներս պատերազմական զինուք»59։ Նույնպիսի, բայց ավելի մանրամասն հիշատակություն ունի Երևանի բերդի մեծացման ու ամրացման մասին թուրք պատմագիր Նայիման։ Նա հաղորդում է, որ երբ լսեցին

__________

54 Տե´ս Г. Эзов, Сношения Петра Великого с армянским народом, СПб 1898, էջ 468։ Հմմտ. Լեո, Հայոց պատմություն, հ. III, էջ 243։
55 Տե՛ս Առաքել Դավրիժեցի, Պատմութիւն, էջ 20 — 21։
56 Адам Олеарий, Путешествия Голштинского посольства в Московию и Персию в 1633, 1636 и 1639 годах, Москва 1870, էջ 851:
57 Առաքել Դավրիժեցի, Պատմութիւն, էջ 21:
58 Նույն տեղում։ Տե՛ս նաև Адам Олеарий, Путешествия Голштинского посольства .., էջ 851:
59 Առաքել Դավրիժեցի, Պատմութիւն, էջ 22։

[էջ 26]

Շահ-Աբասի՝ Նախիջևանի ու Երևանի վրա հարձակվելու լուրը, Երևանի ավագանին ու բնակիչները որոշեցին բերդը մեծացնել, որովհետև Նախիջևանի կայազորն այստեղ գալու դեպքում բերդը նախկին վիճակում չափից ավելի նեղվածք կլիներ։ Որոշվում է բերդի հարավային պարսպին կից կառուցել նոր, բարձր պարիսպ՝ նրա մեջ առնելով այդ մասում եղած թուրքական տներն առանց դրանք քանդելու։ Նոր պարսպի երկարությունր 500 արշին էր, որը կառուցվել է մոտ մեկ ամսվա րնթացքում՝ զինվորների միջոցով։ Նայիման գրում է, որ «Աստուծո օգնությամբ, դեռ Շահը չեկած, կարողացան ավարտել [Երևանի] բերդի վերակառուցման աշխատանքները»60։

Այսպիսով, օսմանյան թուրքերը վճռել էին Շահ-Աբասին համառ դիմադրություն ցույց տալ Երևանում և նրա բերդը պաշտպանել մինչև վերջ։

1603 թվականի վերջերին Շահ-Աբասն իր զորքերով արդեն գտնվում էր Երևանի բերդի պարիսպների տակ։ Մյուս քաղաքների նման, սակայն, Շահ-Աբասը Երևանը գրավել է ոչ թե անմիջապես գրոհով, այլ երկարատև պաշարմամբ, մի հանգամանք, որ շատ ծանր է նստել բնակչության վրա61։ Հիշատակությունների համաձայն, տեղական բնակչոլթյունը թուրքական ծանր լծի համեմատությամբ գերադասել է Երևանն ու համանուն խանությունը պարսից ձեռքն անցնելը. «Եւ յորժամ եկն շահն յԵրևան՝ ամենայն բնակիչք երկրին եկին յերկրապագութիւն և յողջոյն թագաւորին, և ընծայաբերք լինէին ըստ կարի իւրեանց», — գրում է Առաքել Դավրիժեցին62։ Վրաց թագավորները նույնիսկ իրենց զորքերով գալիս և Շահ-Աբասի զորքերի հետ միասին մասնակցում են Երևանի պաշարմանն ու գրավմանը63։

Սակայն անժամանակ էր հայերի և տեղական մյուս ժողովուրդների ուրախությունը։ Շահ-Աբասի արշավանքը մահացու հարված հասցրեց նրանց՝ հատկապես հայերին։ Ավելի քան ութ ամիս տեված64 Երևանի բերդի պաշարման ժամանակ Շահ-Աբասը մերթ րնդ

__________

60 Տե՛ս «Թուրքական աղբյուրները Հայաստանի, հայերի և Անդրկովկասի մյուս ժողովուրդների մասին», հ. Ա, էջ 71։
61 Տե՛ս Г. Эзов, Сношения Петра Великого с армянским народом, էջ 243։
62 Առաքել Դավրիժեցի, Պատմութիւն, էջ 27։
63 Տե՛ս պրոֆ. Լ. Մելիքսեթ-Բեկ, Վրաց աղբյուրները Հայաստանի ու հայերի մասին, հ. Գ, էջ 19 և 63, «Թուրքական աղբյուրները Հայաստանի, հայերի և Անդրկովկասի մյուս ժողովուրդների մասին», հ. Ա, էջ 73—74, հ. Բ, էջ 91։
64 Աղբյուրներում և պատմական գրականության մեջ նշվում է, որ Շահ-Աբասը Երևանը գրավել է ութ կամ ինը ամիս պաշարելուց հետո (Առաքել Դավրիժեցի, Պատմութիւն, էջ 33, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ձեռագիր № 46:

[էջ 27]

մերթ կազմակերպում էր գրոհներ, պարսից զորքի առջևից դեպի բերդի պարիսպների տակ մղելով հայերին։ Միայն Երևանի բերդի պաշարման ժամանակ փոսեր փորելու համար հարկ է եղել 12000 մարդ65, որը գրեթե բացառապես համալրվել է հայերից։ Ե´վ փոս փորողները, և՛ պարսկական զորքի առջևից հարկադրաբար դեպի բերդի պարիսպները գրոհող հայերն իրենց վրա էին վերցնում բերդապաշտպան կայազորի կրակն ու առաջին հարվածները տալով մեծ թվով զոհեր։ Դրանցից ոչնչով չէր տարբերվում ասպատակային արշավանքներով Շիրակից, Էրզրումից, Բասենից և Արևմտյան Հայաստանի այլ գավառներից Արարատյան երկիր բերված 23 հաղար66 հայերի վիճակը։ Բայց այդ Թուրքիայի սահմանամերձ շրջաններն իսպառ ամայացնելոլ առաջին քայլերն էին։ Արարատյան երկիրն ու շրջակա գավառները, ինչպես կտեսնենք, մարդաթափ եզան, ավերակների կույտի վերածվեցին տեղական բնակչության բռնագաղթից հետո։

Շահ-Աբասը չէր շտապում գրավել Երևանի բերդը։ Պաշարելով այն և գրավելով Երևանի խանությունն ամբողջությամբ ու շրջակա մի շարք գավառներ, պարսից բռնակալն ամեն կերպ ձգտում էր խնայել իր ուժերը և երկարատև պաշարմամբ հարկադրել թուրքական կայազորին՝ հանձնել բերդը։ Օսմանական բերդապաշտպան զորքը Սայիղ փաշայի և Սուլեյման փաշայի հրամանատարությամբ քաջաբար կռվում են պարսկական մեծաթիվ բանակի դեմ67, մի շարք անգամ ետ մղելով վերջինիս ձեռնարկած մասնակի գրոհները։ Սակայն դրսից օգնության ոչ մի հույս չունենալով՝ թուրքական կայազորը 8 — 9 ամիս բերդը պաշտպանելուց հետո հարկադրված է լինում անձնատուր լինել և բերդը պարսիկներին հանձնել. «Բայց զօրքն Օսմանցւոց որք էին ի մէջ բերդին Երևանու, — գրում է Առաքել Դավրիժեցին, — որոց գլուխ էր Սայիտ փաշայն, և Սուլեյման փաշայն որդի Խտըր փաշային, քաջութեամբ զդէմ կալեալ արքային, և զօրացն Պարսից պատերազմէին. և դիմակաց եղեն յամիսս Ը. և յիններորդումն ամսեանն՝ անճար մնացեալ ետուն զբերդն. քանզի մտախոհ եղեալ Օսմանցւոցն տեսանէին զի ոչ քաղաքացն, որք շուրջ զիւրեամբք են՝ և ոչ ի Դրանէ թագաւորին իւրեանց, քազի Դուռն թագաւորին խառնակ էր։ Զի սուլթան Մահմատ խոնդքարն մեռաւ ի

__________

էջ 249ա, Ղ. Ալիշան, Այրարատ, էջ 302, «Թուրքական աղբյուրները Հայաստանի, հայերի և Անդրկովկասի մյուս ժողովուրդների մասին», հ. Ա, էջ 54 և այլն)։
65 Տե՛ս Г. Эзов, Сношения Петра Великого с армянским народом, էջ 245։
66 Նույն տեղը, էջ 244։ Տե՛ս նաև Աոաքել Դավրիժեցի, Պատմութիւն, էջ 29 — 30։
67 Տե՛ս Առաքել Դավրիժեցի, Պատմութիւն, էջ 33 — 34։

[էջ 28]

նոյն ամի. և սորին որդին Սուլթան Ահմատ՝ զոր թագաւոր կարգեցին՝ էր տղայ հասակաւ երկոտասան ամաց, թագաւորն էր նոր, և այն հասակաւ տղայ։ Այլև իշխանքն ո՛չ ունէին րնդ միմեանս սէր և միարանութիւն, և ընդ տան թագաւորին մտերմութիւն։ Այլև ապստամբ Ջալալիք բազումք և յոլովք էին յարուցեալ ի մէջ աշխարհին՝ որք ավերէին զքաղաքս և զերկիրս թագաւորին...։ Եւ հանդերձ վերոյասացելովք պատճառովքդ և այլ ևս յոլովից նեղութեանց վասն, զոր կրեցին զօրքն Օսմանցւոց՝ որք պաշարեալք կային ի մէջ բերդին Երեւանու, նեղեալ և անյոյս լեալք յօդնողաց ի փրկողաց՝ վասն որոյ ետուն զբերդն զօրացն Պարսից»68։

Հազիվ թե որևէ բան կարելի է ավելացնել ժամանակակից պատմիչի վկայության վրա։ Ինչպես տեսնում ենք, Առաքել Դավրիժեցին Երևանի բերդի անկման պատճառը համարում է օսմանյան պետության ներքին խառնակ դրությունն ու երկրի ամայացումը ջալալիների կողմից, որոնց հետևանքով բերդապաշտպան զորքը զրկված էր դրսի օգնությունից։

Երևանի բերդի պաշարման և գրավման մասին ավելի մանրամասն են խոսում թուրքական աղբյուրները։ Դրանք շատ հարցերում կողմնակալ են։ Այսպես, օրինակ՝ Շահ-Աբասին ներկայացնում են որպես ձևամոլ ու փքված բռնակալ, պարսկական զորքը՝ իր հիմնական մասով ավազակաբարո և խառնիճաղանճ ամբոխ։ Ըստ այդ նույն աղբյուրների, դուրս է գալիս, որ Երևանի բերդապաշտպան օսմանական զորքի թիվը 4000—6000-ից չէր անցնում և իբր թուրքերն այդքան փոքրաթիվ զորքերով 8 — 9 ամիս պաշտպանել են բերդը պարսկական մեծաթիվ բանակից69։ Սակայն, այդ բոլորով հանդերձ, թուրքական աղբյուրները՝ Փեչևի-Ւբրահիմը, Նայիման և Քյաթիբ Չելեբին արժեքավոր տեղեկություններ են հաղորդում Երևանի բերդի պաշարման, պաշարողների և պաշարվածների միջև տեղի ունեցած ընդհարումների, զորքերի քանակի, Շահ-Աբասի կողմից բերդապաշտպաններին ուղղված կոչերի ու նամակների, գործածված զենքերի՝ հատկապես թնդանոթների տեսակների, պաշարման ընթացքում պարսկական զորքերի կողմից Անդրկովկասի գավառներում կատարած ասպատակությունների և բերդի հանձնման հանգամանքների մասին70։ Իսկ դրանք զգալի չափով լրացնում

__________

68 Առաքել Դավրիժեցի, Պատմութիւն, էջ 33 — 34։
69 Տե՛ս «Թուրքական աղբյուրները Հայաստանի, հայերի և Անդրկովկասի մյուս ժողովուրդների մասին», հ. Ա, էջ 54 — 55 և 71 — 74, հ. Բ, էջ 86 — 94։
70 Տե՛ս նույն տեղում, էջ 86—92։

[էջ 29]

և հարստացնում են մեր գիտելիքները Շահ-Աբասի նշված արշավանքների ու Երևանի գրավման վերաբերյալ։

Շահ-Աբասի արշավանքի և Երևանի գրավման մասին բավական առատ նյութեր կան նաև մեր հիշատակարաններում։ Ոմն Հովհաննես գրիչ (Խարբերդի Գահլու գյուղից) լատիներենից թարգմանված «Առաքինությանց» գրքի վերջում 1606 թ. գրած հիշատակարանում հետևյալն է վկայում. «Ելաւ Պարսից արքայն ի Յասպահանայ բազում և անթիւ զաւրաւք, որում անուն էր Շահապազ, եկն առաջ ի շահաստան, որ կոչի Թարուէզ, մարտընչաւ հետ Օսմանցուն և էառ զԹարուէզ. և ապայ եկեալ ի Յերևան. և զաւրաւքն Նախճըւանայ փախըստական եղեալ յամրացան ի բերդն Երևանայ. և շահ է. ամիս և է... և յորժամ էառ զբերդն, զոմանսն կոտորեաց և զոմանս ազատ արաւ»71։ Ինչպես տեսնում ենք, հիշատակարանի բովանդակությունը լիովին համապատասխանում է Առաքել Դավրիժեցու հաղորդած տեղեկություններին և դրանում համառոտ նկարագրված է Շահ-Աբասի արշավանքի ընթացքն ու հետևանքները, այդ թվում նաև Երևանի գրավումը։ Հայկական ձեռագրերի ուրիշ հիշատակարաններում Շահ-Աբասի արշավանքի մասին եղած վկայություններն ավելի համառոտ ու անորոշ են։ Այսպես, օրինակ՝ գրիչ Հովհաննես Վարագեցին մի ճառընտիրի 1604 թվականին վերաբերող հիշատակարանում Երևանի գրավման մասին բավարարվել է միայն հետևյալ համառոտ վկայությամբ. «Եւ զի յայսմ ամի (1604 թ. — Թ. Հ.) եկն կարմիր գլուխն Շահաբազն ի վերայ Երեւանայ բերդին, եւ էառ զնա բազում ջանիւ»72։ Նույնպիսի բնույթ ունեն նաև մյուս հիշատակարանները։

Շահ-Աբասի արշավանքի, Երևանի գրավման և բազմահազար հայերի դեպի Պարսկաստանի խորքերը քշելու մասին ընդարձակ և պատմագրական տեսակետից խիստ արժեք ներկայացնող ծավալուն ողբ է գրել Հովհաննես Մակվեցի տաղասացը։ Համառոտագրելով մեջ բերենք նրա ողբի այն մասը, որը վերաբերում է Երևանի պաշարմանն ու գրավմանը։

«Եկայք Ադամայ որդիք
ժողովեալ ՛ի մի տեղ նստիք.
Ես ձեզ պատմեմ լալագին՝
Զողբն և զկոծ Հայոց ազգին։
Ի Հայոց հագար թըւին
Յիսուն երեք աւելին,
Ելք Աւելեաց պատկերին,
Մուտ ամսեանն նավասարդին,

__________

71 Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ձեռագիր № 46, էջ 248 բ — 249ա։
72 Տե՛ս Հակովբոս Տաշեան, Ցուցակ հայերեն ձեռագրաց մատենադարանին Մխիթարեանց ի Վիեննա, Վիեննա, 1895, էջ 253։

[էջ 30]

Խաւար սփրեաց մեր ազգին.
Բարկացաւ մեզ տէր երկնային
Որպէս կարկուտ գայ գետին՝
Նոյնպէս զօրքն Պարսից եկին.
Իսկ նոքա բերդէն ՛ի վայր
Զքրիստոնեայք հարկան էին,
Որպէս զանմեղուկ գառինս
Զբազումսն կոտորեցին...
   
Գլուխ զօրաց էր նոցին
Շահ Ապազ Խուտաբանդ որդին,
Հազարապետք ընդ նմայ
Յերեւան քաղաք եկին։
Եօթն ամիս հասարակաւ
Եւ եօթն վերայ աւելի,
Թօփով զպարիսպըն քակեաց
Վարաւ զինքն աւաղելի։
   
Չորս կողմն վրան դրին,
Զբերդավանքն պաշարեցին.
Երկիր եւ աշխարհ եւ փռան?
Քրիստոնեայքն ժողովեցին։
Ի չարխըն ժըռաւ նոցին,
Այն ազգին Օմարին,
Հազար թէ պատերազմաւ,
Բայց իւրեանց կամօք տըվին։
   
Զբոլորն առին նախ,
Ու վերէն սիպայ կանգնեցին,
Որպէս մեծամեծ բլուրք
Նայ անդէն հողն կտրեցին.
Յորժամ որ ըզբերդն առին՝
ԸզԽտրի տղայն ՛ի բաց թողին.
Հինգ հազար զօրօք գընաց
Իւրեանց խոնդքարն որ կ´ասին»73։

Ինչպես տեսնում ենք, ողբում եղած նկարագրությունը լիովին համապատասխանում է պատմագրական երկերի վկայություններին։ Այնտեղ ասված է, որ պարսից զորքր Խուդաբանդի որդի Շահ-Աբասի հրամանատարությամբ 1604 թվականի օգոստոսին պաշարել և յոթ ամիս ու յոթ օր հրանոթներով բերդի պարիսպները քանդելուց հետո գրավել է այն։ Բերդը գրավելուց հետո 5000 հոգուց բաղկացած բերդապաշտպան զորքը Սուլեյման փաշայի հետ միասին ազատ է արձակվել։ Այնուհետև հեղինակը սրտի կսկիծով պատմում է մեր ժողովրդի գլխին եկած դժբախտություններն ու արհավիրքները։ Ողբի շարունակության մեջ Հովհաննես Մակվեցին նկարագրում է Շահ-Աբասի կարգադրությամբ կազմակերպված բնակչության բռնագաղթը74, որի մասին խոսք կլինի քիչ հետո։

Երևանի բերդն ու քաղաքը գրավելուց հետո Շահ-Աբասը թուրքական կայազորի զգալի մասր իրոք որ ազատ է արձակում։ Առաքել Դավրիժեցին այդ մասին հաղորդում է. «Եւ յորժամ էառ շահն զբերդն, հրաման ետ մունետկաց քարոզել և հրատարակել ի մէջ բանակին Պարսից և Օսմանցւոց։ Հրաման է ի մեծ արքայէն Շահաբասայ, որ ոք սիրէ զայս աշխարհս՝ և զշահն, և կամեցի կալ ի հայրենիս իւր՝ սիրով կացցէ, և ի շահէն պատիւս և ընդունելութիւն գտ-

__________

73 Ղ. Ալիշան, Այրարատ, էջ 301 — 302։
74 Տե՛ս նույն տեղում։

[էջ 31]

ցէ ըստ արժանւոյն. և որ ոք գնալ կամիցի յազգ և ի ժողովուրդ իւր, խաղաղութեամբ երթիցէ իւրովք ընչիւք և ստացուածովք»75։

Շահ-Աբասի այդ կարգադրությունր վերաբերում էր և՛ զորքին, և քաղաքացիական բնակչությանը։ Վերը մեջ բերված ողբում մենք տեսանք, որ Շահ-Աբասի թույլտվությամբ ազատ արձակված օսմանյան զինվորների թիվը հասնում էր 5000-ի։

Թուրք պատմագիրներ Նայիմայի և Քյաթիբ Չելեբիի մոտ միանգամայն այլ ձևով և այլ թվեր են հաղորդվում։ Ըստ դրանց Երևանի բերդի պաշարման սկզբում օսմանյան զորքն իր կազմում ուներ ընդամենը 5000 — 6000 զինվոր, յոթ ամսվա ընթացքում դրանցից մարտում զոհվել է 1.500 զինվոր, մահացել՝ 500 զինվոր, ամբողջ զինվորների «կեսը հակառակվելով» թողել հեռացել է և բերդի գրավման ժամանակ իբր մնացել էին միայն 500 զինվոր, որոնք և հանձնվել են պարսիկներին76։ Շահ-Աբասի կողմից օսմանյան բանակի մնացորդներին ազատ արձակելու հրամանի մասին Նայիման և Քյաթիբ Չելեբին որոշակի ոչինչ չեն ասում։ Դրանցից առաջինը գրում է, որ «Երբ Շահի զինվորները պաշարվածներին օգնություն խնդրելու և անձնատուր լինելու կոչ արին, պաշարվածներն ստիպված շնորհ խնդրելով դիմեցին վեզիրին։ Որոշ նկատառումներով այդ խնդրանքն ընդունվեց»77։ Գրեթե նույնն է հիշատակում նաև Քյաթիբ Չելեբին. «Բերդում մնացածները ստիպված են լինում անձնատվություն խնդրել։ Նրանց խնդրանքը շահի կողմից ընդունվում է»78, գրում է նա։ Մինչդեռ դեպքերին ժամանակակից Փեչևի-Իբրահիմը ուղղակի նշում է, որ Շահ-Աբասը օսմանյան զորքերի տեղում մնալու ու չմնալու իրավունքր տվեց իրենց՝ զինվորներին, իսկ Խդըր փաշայի որդուն՝ Սուլեյման փաշային բազմաթիվ ընտանիքներով ապահով կերպով ուղարկեց Կարս։ Ահա նրա խոսքերը. «(Շահը) մնացած զինվորներին ասաց. «Ով ուզում է, թող ինձ կուլ լինի, ով ուզում է, թող գնա օսմանցու մոտ»։ Մինչև անգամ Խդըր փաշայի որդուն՝ Մուհամմեդ փաշային 300 — 400 տուն, ընտանիքով և երեխաներով Շահի մարդկանց ուղեկցությամբ ապահով կերպով Կարս ուղարկեց։ Իսկ Երևանի բերդը ավերեց, այրեց և հողին հավասարեցրեց»79։

__________

75 Առաքել Դավրիժեցի, Պատմութիւն, էջ 34։
76 Տե՛ս «Թուրքական աղբյուրները Հայաստանի, Հայերի և Անդրկովկասի մյուս ժողովուրդների մասին», հ. Ա, էջ 55 և 73։
77 Նույն տեղում, էջ 73։
78 Նույն տեղում, հ. Բ, էջ 92։
79 Նույն տեղում, հ. Ա, էջ 55։

[էջ 32]

Սկզբնաղբյուրների հաղորդած տեղեկությունների մանրամասն ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ պարսկական զորքը Երևանը պաշարել է1603 թվականի նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբներին և գրավել է հաջորդ տարվա օգոստոսին։ Երևանն ու համանուն խանությունը գրավելուց հետո Շահ-Աբասն այնտեղ սարդար (զորագլուխ) և բեյլերբեյ է նշանակում իր հավատարիմ ու քաջ զորավարներից մեկին՝ Ամիրգունա խանին, որի մասին խոսք կլինի հետագայում։

Սակայն օսմանյան Թուրքիան ամենևին չէր հաշտվում Երևանի ու Նախիջևանի խանությունները և հարակից երկրները ընդմիշտ Պարսկաստանին թողնելու մտքի հետ։ Որոշ չափով հաղթահարելով ներքին հակասությունները և երկրում շատ թե քիչ կայուն վիճակ ստեղծելով՝ օսմանյան Թուրքիան Երևանի բերդը Շահ-Աբասի կողմից գրավելուց երկու-երկուս ու կես ամիս անց, 1604 թվականի աշնանն արդեն անցնում է հարձակման։ Դեպի Երևան ու Նախիջևան արշավող թուրքական մեծաթիվ բանակի հրամանատար էր նշանակված Ջղալօղլի մականունով Սինան փաշան։ Թուրքական հարձակումն սկսվել էր Երևանի բերդը պարսիկների կողմից պաշարվելուց մեկ տարի անց։

«Յորժամ տարին բոլորաւ,
Բօատուն երեկ կանցնեցաւ,
Թէ Ջղալ օղլին կ՛ասեն՝
Վերցաւ, կոխւ շարժեցաւ»

—գրում է Հովհաննես Մակվեցի տաղասացը80։

Առաքել Դավրիժեցին Ջղաքօղլի Սինան փաշայի արշավանքի կազմակերպման պայմանները նկարագրում է բավական որոշակի ու համակողմանի։ Նա գրում է. «Արդ այս ամենայն որ գործեցաւ ի թագաւորէն Պարսից. և լուեալ ազգին Օսմանցւոց և թագաւորի նոցա, որ ի Կոստանդնուպօլիս. միաբանեցան և նոքա՝ և շարժեցան ի գործ արութեան ելանել և զթշնամեաց ի դիմի հարկանել։ Որև կարգեցին զոմն գլուխ և սարդար, որում անուն էր Սինան փաշայ՝ զոր մակ անուամբ Ջղալօղլի կոչէին որ գումարեաց զօրս բազումս որովք ելեալ ի Կոստանդնուպօլսէ դիմեալ գայր յաշխարս արևելեան»81։

Ջղալօղլի Սինան փաշայի արշավանքը սկսվել էր այն ժամանակ, երբ Շահ-Աբասը Երևանը գրավելուց հետո շարունակում էր

__________

80 Տե՛ս Ղ. Ալիշան, Այրարատ, էջ 302։
81 Առաքել Դավրիժեցի, Պատմութիւն, էջ 35։

[էջ 33]

իր հարձակումը դեպի արևմուտք։ Վերջինս թուրքական հարձակման մասին լսում է Շիրակում՝ Կարսը գրավելուց հետո. «Եւ ետ կատարելոյ այս ամենայն գործոց և իրականութեանց՝ զորս արար շահըն, — պատմում է Առաքել Դավրիժեցին, — չուեալ այնուհետև յԵրևանայ ամենայն բանակաւն իւրով յառաջ խաղաց գնալ ի վերայ քաղաքին Կարսայ առնում և զայն ևս։ Եւ իբրև եհաս ի գաւառն Շիրակվանաց, և րնդ բազում համբաւոյ գալոյ Ջղալօղլւոյն, զոր հանապազ բերէին գնացեալ լրտեսքն, անդէն եկին այլ ևս լրտեսք՝ և բերին ստոյգ համբաւ թէ, ահաւասիկ եկեալ Ջղալօղլին եմուտ ի գաւառն Կարնոյ, որ է Արզրում»82։ Այդ պահից սկսած Շահ-Աբասը ոչ միայն դադարեցնում է իր հարձակումը, այլև նահանջում է դեպի Արաքս ու Ախուրյան գետերի խառնարանը, դեպի պատմական Երվանդակերտի ավերակների շրջանը. «Իբրև լուաւ շահն զայս համբաւ, դարձոյց զերեսս իւր՝ և եկն յԵրուանդակերտն հին, որ այժմ ասի Աղջաղալայ»83, — գրում է Առաքել Դավրիժեցին։

Սակայն այդ Շահ-Աբասի նահանջի միայն սկիզբն էր։ Պարսից բռնակալը, տեսնելով, որ չի կարող բաց ճակատամարտով դիմադրել ու կանգնեցնել Սինան փաշայի հարձակումը, որոշում է ամայացնել ու մարդաթափ անել թուրքական բանակի առաջխաղացման ճանապարհին ընկած բոլոր շրջանները, քաղաքները և գյուղերը։ Դրանով Շահ-Աբասը ձգտում էր երկու նպատակի, առաջին՝ ամայացնելով սահմանամերձ երկրամասերը թուրքական բանակին զրկել պարենավորումից ու մատակարարումից, արգելակել նրա առաջխաղացումը դեպի արևելք և երկրորդ ամայացրած շրջանների բնակիչներին՝ արհեստավորներին, առևտրականներին ու գյուղացիներին քշելով Պարսկաստանի խորքերը, նպաստել իր պետության կենտրոնական երկրամասերի տնտեսության բարգավաճմանը։ Պատմիչը նշում է, որ վաղուց էին մտադրվել հայոց աշխարհի հայ, հրեա, մահմեդական բնակիչներին բռնի կերպով ընդմիշտ գաղթեցնել Պարսկաստան և երկիրը հիմնահատակ ավերել։ Առաքել Դավրիժեցու խոսքերով ասած. «Եւ զոր ի վաղ ժամանակաց ունէր ի մտի զքշելն ազգին քրիստոնէից՝ և զաւերելն աշխարհին Հայոց՝ անդ յայտնեաց խորհրդակցաց իւրոց։ Քանզի գիտէր ի միտս իւր՝ թէ ո՛չ կարէ պատերազմաւ զդէմ ունիլ Սինան փաշային՝ այսինքն Ջղալօղլի Սարդարին. վասն որոյ հրամայեաց զամենայն բնակիչս աշխարհին Հայոց, եթէ քրիստոնեայ, եթե հրէայ, եթե մահմետական, քշել յաշխարհն Պարսից։ Զի եկեալ Օսմանցւոցն անբնակ գտանիցեն

__________

82 Նույն տեղում, էջ 37։
83 Նույն տեղում, էջ 37 — 38։

[էջ 34]

զերկիրն ի մարդկանէ։ Եւ ո՛չ գտցի կերակուր և ռոճիկ և այլ ինչ պիտոյք նոցա՝ և անասնոց նոցա, և առ ի չգոյէ հարկաւորաց վտանգեսցին զօրքն Օսմանցւոց։ Նաև տարեալ ժողովուրդքն լինցին նմա անզերծանելի հարկատուք՝ ծառայք. և հողագործք մինչև ցյաւիտեան»84։

Եվ այսպես, Շահ-Աբասը հրամայում է բոլորին գաղթեցնել՝ ավերելով բոլոր բնակավայրերը և ոչնչացնելով այն մթերքները, որ անհնար էր տանել Պարսկաստան։ Այդ 1604 թվականի աշնանն էր։ Բնակիչները խնդրում են հրամանի կատարումը հետաձգել գեթ մինչև հաջորդ տարվա գարուն, բայց շահը կտրուկ մերժում է նրանց խնդրանքը85։ Թուրքական բանակը հարձակվում էր, իսկ նա շտապում էր օր առաջ ամայացնել Հայաստանի արևելյան շրջանները և նրա բնակիչներին ու ունեցվածքի մի մասը տանել Պարսկաստան։ Շահի հրամանով պարսկական զորավարներից ու իշխաններից ըստ գավառների նշանակվում են վերակացուներ, որոնք տեղական իշխանավորների հետ միասին սկսեցին տեղահան անել և խումբխումբ դեպի Պարսկաստան քշել ողջ բնակչությանը՝ կին թե տղամարդ, պատանի թե աղջիկ, երեխա թե ծերունի, բոլորին անխտիր86։ Շահը Երևան քաղաքի, Արարատյան երկրի և շրջակայքի բնակիչների տեղահանման և բռնագաղթեցման գլխավոր վերակացու է նշանակում Ամիրգունա խանին. «Եւ զԱմիրգունայ խանն՝ յատուկ քաղաքին Երևանայ և երկրին Արարատու, և նորին մերձակայ մասնաւոր գաւառացն», — գրում է Առաքել Դավրիժեցին87։ Վերակացուներին հրամայված էր ոչ մի կենդանի շունչ չթողնել երկրռւմ, բոլորը քշել դեպի Պարսկաստան։ Այնուհետև պատմիչր սրտի կսկիծով, ամենայն մանրամասնությամբ նկարագրում է տեղահան արված բնակչության տառապանքները, պարսկական զորքի կողմից հասցըված նեղություններն ու բռնությունները, ճանապարհի դաժան պայմաններին զոհ գնացածներին ու Արաքսում խեղդվածներին88։ Երևան քաղաքի, Արարատյան աշխարհի և դրա շրջակայքի (Սևանա լճի շրջակայք, Նախիջևանի շրջաններ, Եղեգնաձոր, Լոռի, Ապարան, Շիրակ, Ծաղկաձոր, Գառնիի ձոր, ՈՒրծաձոր և այլն) բնակիչներից89 բացի, նրանցից առաջ բռնագաղթեցրին նաև Գանջայից

__________

84 Առաքել Դավրիժեցի, Պատմութիւն, էջ 38։
85 Տե՛ս նույն տեղում, էջ 38—39։
86 Տե՛ս նույն տեղում, էջ 39 — 40։
87 Տե՛ս նույն տեղում, էջ 40։
88 Տե՛ս նույն տեղում, էջ 40—52։
89 Տե՛ս նույն տեղում, էջ 53։

[էջ 35]

(Գանձակ), Արծկեից (Վանա լճի հյուսիսում), Արճեշից (Վանա լճի հյուսիսում), Բերկրիից (Վանա լճի հյուսիս-արևելքում), Վանից, Մանազկերտից, Ալաշկերտից, Մակուից, Կարսից, Կաղզվանից, Բասենից, էրզրումից, Խնուսից և այլ տեղերից բերվածները, որոնց նախ հավաքեցին Երևան, ապա քշեցին դեպի Պարսկաստան. «զսոսա ամենեսեան հրամայեաց զի խոյզ արարեալ գտցեն յերկրին Երեվանու. զամենեսեան վարեսցեն յաշխարհն Պարսից։ Որ և փութով կատարեցալ հրամանս այս. զի որքան կային այնպիսի ժողովուրդք, զամենեսեան վարեալք քշեցին յաշխարհն Պարսից»90։

Իր չափերով ու դաժանությամբ հազվագյուտ այդ բռնագաղթը ահ ու սարսուռ ազդող ողբով է նկարագրել Յովհաննես Մակվեցի տաղասացը։ Բերենք նրա խոսքերը համառոտագրումով.

«Յորժամ որ լըսեց արքայն
Թէ այսպէս ասած պիղծ մօլայն,
Ձայնեց մի զօրագլխացն՝
Որ ասի Ամիրգունա խան.
Շատ նազելի ճոխ պատկերք
Սեւադէմ Պարսից ձեռն անկան.
Շատ զօրայեղգուն կտրիչ
Ի նոցա ազգէն ըսպանան։
   
Ասաց, ժողովեա ըզօրքն,
Կատարեա զինչ տամ հրաման.
Ի յ Անու քաղաքէն ՛ի վայր՝
Դու այրեա մինչ Նախչւան։
Շատ գեղեցկագուն մանկունք
Ոտնայատակ թաւալմամբ մեռան.
Շատոնք ՛ի յԵրասխն անկան,
Ջրախեղդ առ Աստուած փոխան։
   
Յորժամ առին հրաման՝
Ան մօլայ ազգն Մահմետան,
Որպէս ըզգայլ ՛ի գառինս
Ի յերկիրն յարձակեցան։
Ո՜վ կարէ պատմել գըրավ
Զույց կսկիծս որ մեզ հանդիպան
Որ մենք ՛ի մեր սուրբ տեղացն
Զրկեցաք, եղաք անպիտան....
   
Սարերն ամեն սուգ մըտան։
Ծուվք և գետք ՛ի լաց շարժեցան.
Շաբաթ էր լուս կիրակի՝
Որ կրակ տուին յԵրեւան։
ԵՍ ՅՈՎՀԱՆՆԷՍ ՄԱԿՈԻԵՑԻ...
Լալագին տեղիս երգողի,
Ես էի ՛ի մէջ նոցա,
Եւ աչօք իմովք զայս տեսի։
   
Շատ հարք յորդւոց բաժանեցան,
Ի Պարսից ագգէն գերեցան.
Շատ հարսն եւ աղջկունք տարան
Ի Սպահան եւ ի Խորասան։
Ընդ նըմին ես ձայնակցեալ
Սուտանուն Դաւիթս որ կոչիմ,
Զձեզ աղաչեմ, ո՜վ երգողք,
Թողութիւն խնդրէք մեղացիմ»...91

Կարծում ենք ականատես հեղինակի ողբի այսքան պարզ ու որոշակի հաղորդումների մասին լրացուցիչ բացատրությունների անհրաժեշտություն չկա։ Յուրաքանչյուր ընթերցող դյուրին կերպով

__________

90 Նույն տեղում, էջ 35 — 36։
91 Տե՛ս Ղ. Ալիշան, Այրարատ, էջ 302 — 303։

[էջ 36]

դրանում կարող է տեսնել բռնագաղթի ահավորությունն ու ողբայիհեևանքները։

Գուվեայի հիշատակության համաձայն, բռնագաղթի էր ենթարկված ավելի քանի 60000 ընտանիք92։ Եթե յուրաքանչյուր ընտանիք համարենք 5—6 շնչից բաղկացած, ապա դուրս կգա, որ Պարսկաստան քշված բնակիչների թիվը ամենահամեստ հաշիվներով հասնում էր 300000-ից մինչև 360000 մարդու։ Թե քանի հոգի էին տարվել Երևան քաղաքից և հետագայում ինչպիսի ճակատագիր են ունեցել նրանք, մենք կտեսնենք մի այլ առիթով՝ քաղաքի բնակչության մասին խոսելիս։ Միայն հարկ է նկատել, որ այդ մեծ աղետի մասին նշվածներից բացի, վկայություններ, չափածո ողբեր և հիշատակություններ ունեն նաև ուրիշ շատ հեղինակներ՝ պատմագիրներ, տաղասացներ, գրիչներ, ճանապարհորդներ93, որոնց հաղորդած տեղեկությունները հանգամանորեն կարող են քննարկման առարկա դառնալ հայ ժողովրդի րնդհանուր պատմության այդ ժամանակաշրջանի հարցերն ուսումնասիրելիս։ Երևանի քաղաքական պատմության համար դրանցից հատկապես ուշադրության արժանի է Դավիթ Գեղամեցի եպիսկոպոսի «Ողբք ի Ջուղա» վերնագրով չափածո հիշատակարան-ողբը, որը գրված է 1610 թվականին և զետեղված հայսմավուրքի վերջում։ Այդ րնդարձակ ողբից բերում ենք մեզ հետաքրքրող հատվածը.

«Ողբամք երկիրս Արարատեան
Գեօղք և գաւառք աւեր դարձան,
Եկեղեցիք խաւարեցան,
ժամատեղաց ձայնքըն հատան։
Ջուղա քաղաքն ազնիւ շինած,
Քոշք և սարայքն բարձրացած
Եւ գոյնըզգոյն ծաղկեցուցած,
Նա հիացնում էր տեսողաց.
Եօթն ժամտեղ էր հաստատած,
Եկեղեցիքըն զարդարած,
Բուրվառանքն ոսկեջըրած,
Ծածկոցներըն ոսկեթեղած։
Ավետարանքն և Սուրբ Խաչեր
Անգին ակամք էր զարդարած,
Սեղանըներն և սրբութիւն
ՈՒրախութիւն էր նայողաց։
ժամատեղին խափանեցաւ,
Պաշտօնէից ձայնըն հատաւ,
Լոյսն և կանթեղքն խաւարեցաւ,
Պայծառութիւնն աւեր դարձաւ։
Ջուղա քաղաքն և ԵՐԵՒԱՆ
Շուշ քաղաքին բընակեցան
Իյայն տեղին հաստատեցան.
Յետ դառնալոյ չըկայր հրաման։

__________

92 Տե՛ս Г. Эзов, Сношения Петра Великого с армянским народом, էջ 470։ Հմմտ. Լեո, Հայոց պատմություն, հ. III, էջ 247։
93 Տե՛ս Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, Մեսրոպ Մագիստրոսի արխիվ, Ավետարանք, էջ 21, 294, 347, գործ № 221, 3ասմաւուրք, էջ 79, Մատենադարան, ձեռագիր № 46, 248 բ–249ա, Ղ. Ալիշան, Հայապատում, Վենետիկ, 1901, էջ 614 — 615, Հակովբոս Տաշեան, Ցուցակ հայերէն ձեռագրաց մատենադարանին Մխիթարեանց ի Վիեննա, Վիեննա, 1895, էջ 181 և 410, Վ. Հակոբյան, Մանր ժամանակագրություններ, հ. II, էջ 356, Խաչատուր Աբեղայի Ջաղայեցւոյ Պատմութիւն Պարսից, Վաղարշապատ, 1905, էջ 102 և այլուր։

[էջ 37]

Բոլոր երկիրըս ամենայն
Մինչ ԿԱՂԶԸՎԱՆ և Շիրակվան
Ձորն ԵՂԵԳԵԱՑ և Նախչեվան
Զամենեսեան սուրկուն տարան»94։

Ինչպես տեսնում ենք, Դավիթ Գեղամեցու ողբը լիովին համապատասխանում է մյուս սկզբնաղբյուրների հաղորդած տեղեկություններին և որոշ առումով լրացնում է վերջիններիս հիշատակությունները։ Նա գրում է, որ Արարատյան աշխարհի գյուղերի ու գավառների և Ջուղա ծաղկած քաղաքի հետ միասին ամայացել է նաև Երևան քաղաքը, որի բնակիչները Ջուղայի բնակիչների հետ միասին աքսորվել են («սուրգուն» տարան) Շոշ (Նպահան ) և հրաման չեն տվել նրանց վերադառնալու մասին։

1604 թվականի աշնանը պարսկական բանակն Արարատյան դաշտով և Արաքսի հովտով արագորեն նահանջում էր, իր հետ տանելով տեղահան արված բազմահազար բնակիչներին։ Ջղալօղլի Սինան փաշան կրնկակոխ հետևում էր պարսկական նահանջող զորքերին։ Բայց մինչև թուրքական բանակի հասնելը Շահ-Աբասին հաջողվում է անցնել Արաքս գետը և շարժվել դեպի Թավրիզ։ Ուշ աշուն էր և ցրտերն արդեն վրա էին հասնում։ ՈՒստի Սինան փաշան հրաժարվում է պարսիկներին հետապնդելու և իր զորքերով Աստապատ գյուղի մոտով անցնում է Արաքսը ու գնում է Վան՝ այնտեղ ձմեռելու համար։

Հաջորդ տարվա գարնանը պատերազմական գործողությունները վերսկսվում են։ Թուրքական ու պարսկական զորքերի միջև մի շարք բախումներ լինելուց հետո 1605 թ. հոկտեմբերի վերջերին տեղի է ունենում վճռական ճակատամարտը, որն ավարտվում է թուրքերի պարտությամբ։ Երկու պետությունների միջև կնքվում է ժամանակավոր հաշտություն, որով վերականգնվում են 1555 թվականի սահմանները95։ Ըստ դրա Արևելյան Հայաստանի մյուս նահանգների հետ միասին Արարատյան աշխարհն ու նրա կենտրոն Երևան քաղաքը նորից անցան Պարսկաստանին։

Սակայն բովանդակ Արևելյան Հայաստանի հետ միասին Երևանին նույնպես չէր վիճակված վայելել այդ խաղաղությունը։ Դեռևս Շահ-Աբասի 1604 թվականի արշավանքից առաջ ջալալիները ասպատակություններ էին կատարում Արևելյան Անատոլիայում և Հայաստանում96։ Իսկ շահի և թուրքական Սինան փաշայի արշավանքներից հետո, երբ երկիրը մեծապես ավերվել էր ու մարդաթափ

__________

94 Տե՛ս Ղ. Ալիշան, Հայապատում, էջ 614։
95 Տե՛ս Ս. Պ. Պողոսյան, Հայ ժողովրդի պատմություն, հ. II, էջ 215։
96 Ջալալիների մասին մանրամասը տե՛ս Մ. Կ. Զուլալյան, Ջալալիների շարժումը և հայ ժողովրդի վիճակը Օսմանյան կայսրության մեջ (XVI—XVII դդ), Երևան, 1966։

[էջ 38]

եղել, ջալալիները հարմար պահ համարեցին «անտեր» ու ամայի երկիրն ասպատակելու։ Ահա թե ինչ է գրում Առաքել Դավրիժեցին. «Եւ ի մէջ երկուց տիեզերակալացս այսոցիկ, այսինքն շահին և Ջղալօղլուն, ամայի մնաց երկիրն Արարատու իւրովք մասնաւոր գաւառօքն. քանզի շահն գնաց ի Թարվէզ՝ և ո՛չ է ձեռնահաս, և Սարդարն Օսմանցւոց մեռաւ, և ինքեանք ի մէջ իւրեանց ի խռովութեան կան, զի ոչ են միաբանք։ Վասն որոյ պարոնայք ոմանք՝ որք խրախուսեալ յուսային ի զորութիւնս անձանց իւրեանց, գային և տիրէին երկրին Արարատու՝ այսինքն Երևանայ։ Որպէս պարոնն՝ զոր Քանաքրլու Մահմուտ ասէին, եկեալ տիրացաւ աշխարհին։

Եւ զկնի սորա այլ ոմն Ջալալի փաշայ՝ զոր թօփալ Օսման փաշայ ասէին..., սա եկեալ մարտեաւ ընդ Քանաքրլու Մահմուտին և գաւառին Կոտէից, որ այժմ Ղրխբուլաղ՝ մերձ ի գիւղն Առինճ. և փախոյց զՔանաքրլու Մահմուտն։ Եւ ինքն Օսման փաշայն հաւաքեալ առ ինքն բազում արս սրիկայս՝ արար իւր զօրս իբրև հազարաց և կալեալ իւր կայան զգիւղն Կարփի՝ և անդ նստեր»97։

Այնուհետև պատմիչը վկայում է, որ շալալիներն ամայացրին Կոստանդնուպոլսից մինչև Երևան և Բաղդադից Դերբենդ ընկած երկըրները98։ Առաքել Դավրիժեցու հիշատակություններից բացի, ջալալիների ասպատակությունների մասին կարևոր վկայություններ ունի նաև Գրիգոր Կամախեցին։ «Աշխարհ ամէնն խուռն աւերակ էր եղեր ի ջալալացն, ի Հարզուլումէն ի վեր ի Կարս եւ յԵրեւան փախեան եւ ի Թէոդուպօլսոյ ի վայր ի Կահան անցան, ի յԱնատօլ ցրուեցան, յԸստամբօլ եւ ի Թիրայ, որ Ռումէլ ասի...»99, — գրում է նա։

Շահ– Աբասի արշավանքի և ջալալիների ասպատակությունների հետևանքով ամայացավ երկիրը, բնակիչները զանգվածներով ցրվեցին, կյանքի պայմանները դարձան անտանելի, բռնկվեց մարդակերության հասնող մեծ սով, որը տևեց ավելի քան երեք տարի (1606 — 1609 թթ.), և որը խլեց հսկայական թվով մարդկային զոհեր։ Իրոք որ, XVII դ. սկիզբը մեր երկրի ու ժողովրդի պատմության մռայլագույն պահերից է։

Այդ խառը տարիներին Երևանի Ամիրգունա խանը մի քանի արշավանքներ է կատարում դեպի Արևմտյան Հայաստանի զանազան շրջաններ (Կարին, Կարս, Մուշ, Վան և այլն)100 և բազմաթիվ

__________

97 Առաքել Դավրիժեցի, Պատմութիւն, էջ 79 — 80։
98 Տե´ս նույն տեղում, էջ 81 և 85—86։
99 Գրիգոր Կամախեցի կամ Դարանաղցի, ժամանակագրութիւն, Երուսաղեմ, 1915, էջ 322։
100 Տե՛ս Ղ. Ալիշան, Այրարատ, էջ 303։

[էջ 39]

հայերի գերելով բերում բնակեցնում է Երևանի շրջակայքում ու Արարատյան դաշտի մյուս մասերում։ Ամիրգունա խանը ձգտում էր շենացնել, բազմամարդ դարձնել իր խանությունը։ Մեր պատմիչներն այդ պատճառով նրան ներկայացնում են որպես քաջ ու երկիրը շենացնող խան։ Սակայն Ամիրգունայի ձեռնարկումները չէին կարող զգալի փոփոխություններ մտցնել երկրի կյանքում կամ զգալի չափով թեթևացնել ծայրագույն աղքատության ու սովի դուռը հասած բնակչության վիճակը։ Թուրք-պարսկական ընդհարումները շարունակվում էին։ Այդ ընդհարումների կիզակետը դարձյալ Երևանն էր։

Երկու պետությունների միջև պատերազմական գործողությունները նոր ուժով են ծավալվում 1616 թվականից։ 1617 թ. թուրքական բանակը Ղարա Մուհամմեդ (ըստ մեր աղբյուրների Օքուզ Ահմադ) փաշայի հրամանատարությամբ արշավում է Երևանի վրա և պաշարում բերդը։ Պարսիկները հերոսական դիմադրություն են ցույց տալիս։ Ըստ Առաքել Դավրիժեցու, պաշարումը տևում է երկուս ու կես ամիս և բերդապաշտպան կայազորին օգնության հասած Շահ-Աբասն իր զորքով հարկադրում է թուրքական բանակին՝ հրաժարվել Երևանը գրավելու մտադրությունից և նահանջել դեպի Կարին101։ Օքուզ Ահմադի դեպի Երևան կատարած այդ արշավանքի մասին Առաքել Դավրիժեցուց բացի, վկայություններ և հիշատակություններ ունեն նաև մեր մյուս աղբյուրները, որոնց հաղորդած տեղեկությունները102 հիմնականում համապատասխանում են նրա հաղորդածին։ Նրա արշավանքի մասին մի փոքր այլ ձևով է վկայում թուրք պատմագիր Քյաթիբ Չելեբին։ Ըստ նրա Մուհամմեդ (Օքուզ Ահմադ) փաշան Երևանը պաշարել է ոչ թե երկուս ու կես ամիս, ինչպես Առաքել Դավրիժեցին է հաղորդում, այլ՝ 44 օր, որի ընթացքում, ըստ նրա, տեղի են ունեցել կատաղի մարտեր, և իբր թուրքերն այդ մարտերում կռվել են խիզախորեն103։ Այնուամենայնիվ, նա ստիպված է խոստովանել, որ թուրքական զորքերն այդ մարտերում կրել են պարտություն և ընգունել պարսիկների առաջարկած զինադադարի պայմանները, Մուհամմեդ վյաշան հեռացվել է իր պաշտոնից և ձեռնարկվել է նոր արշավանք՝ Խալիլ փաշայի հրամանատարությամբ։

__________

101 Տե´ս Առաքել Դավրիժեցի, Պատմութիւն, էջ 355—356։ Հմմտ. Յ. Մանանդեան և Հ. Անառեան, Հայոց նոր վկաները, Վաղարշապատ, 1903, էջ 424։
102 Տե´ս Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, Մեսրոպ Մագիստրոսի արխիվ, թղթապանակ № 33, Տօնացոյց, էջ 256, Վ. Հակոբյան, Մանր ժամանակագրություններ, հ. I, էջ 146, հ. II, էջ 519 և այլուր:
103 «Թուրքական աղբյուրները Հայաստանի, հայերի և Անդրկովկասի մյուս ժողովուրդների մասին», հ. I, էջ 98—100։

[էջ 40]

Պատերազմական գործողություններն թեև այս անգամ հիմնականում տեղի են ունենում Գանձակի և Նախիջևանի կողմերում104, բայց Երևանի գրավումր դարձյալ մնում է թուրքական բանակի ուշադրության կենտրոնում։ Այդ մասին Գրիգոր Կամախեցի պատմագիրը հաղորդում է. «... գնաց (Մուրադ IV-ը — Թ. Հ.) ամենայն զօրոքն ի վեր եւ զԵրեւանայ բերդն առաւ, որ երեսուն եւ երկու ամ էր, զոր նոքա առեալ էին ի թուրքացն, եւ շատ վազիրնիք գնացին բազում զօրոք բազում անգամ ի վերայ Երւանու և ոչ կարացին առնուլ զնա վասն ամրութեանն, մինչ Խալիլ փաշան գնաց եւ չկարաց առնուլ զամրոցն, այլ էանց աւերելով եւ գնաց մինչ ի յԱրտաւիլ»105։

Ինչպես երևում է Կամախեցու վկայությունից, Խալիլ փաշան ևս վարձել է Երևանը գրավել, բայց նրան չի հաջողվել և հանդիպելով ուժեղ դիմադրության, հարկադրված շրջանցել է այն և ասպատակել Ատրպատականի շրջանները։ Ըստ եղած աղբյուրների Շահ-Աբասի արշավանքից հետո չնայած թուրքերը մի շարք արշավանքներ էին կատարել Երևանը գրավելու համար, բայց 32 տարի՝ մինչև Մուրադ IV–ի, արշավանքը, Երևանը մնում էր պարսիկների ձեռքին։

Շուտով թուրքական բանակը վերադառնում է Կոստանդնուպոլիս և մի քանի տարի խաղաղություն է հաստատվում, որի ընթացքում Ամիրգունա խանը շարունակում է արշավել Արևմտյան Հայաստանի տարբեր շրջաններ և դրանց բնակիչների մի մասը բերել ու բնակեցնել Արարատյան դաշտում։ Սակայն շուտով վերսկսվում են փոքր ընդհարումները, իսկ դրանից հետո հաջորդում է սուլթան Մուրադ IV-ի արշավանքը, որի հիմնական նպատակներից էր Երևանի գրավումը։

Մուրադ IV-ի արշավանքն սկսվել է 1635 թվականի մարտին։ Զաքարիա Սարկավագի հիշատակության համաձայն դեռ մինչև նրա արշավանքն սկսվելը, 1634 թվականին, Երևանում արդեն լուր էր ստացվել Թուրքիայում կատարվող մեծ զորահավաքի մասին։ Սակայն լուր բերող վաճառականները ստույգ չգիտեին, թե սուլթանը որ ուղղությամբ պետք է տանի իր զորքերը։ Թուրքական մայրաքաղաքում այդ մասին պտտվում էին տարբեր լուրեր, ոմանք ասում էին, որ Մուրադ IV–ը արշավանքի է ելնելու հույների դեմ, ոմանք ենթադրում էին, որ գնալու է դեպի Բաղդադ, ոմանք էլ ասում էին, թե նրա արշավանքն ուղղված է լինելու Երևանի դեմ106։ Երևանի այն

__________

104 Տե՛ս Մ. Չամչյան, Պատմութիւն Հայոց, հ. Գ, էջ 588։
105 Գրիգոր Կամախեցի կամ Դարանաղեցի, Ժամանակագրութիւն, Երուսաղեմ, 1915, էջ 518։
106 Տե՛ս Զաքարիա Սարկավագ, Պատմագրութիւն, հ. II, էջ, 4 — 5

[էջ 41]

ժամանակվա Թահմազ ղուլի խանը (Ամիրգունա խանի որդին) նույնիսկ հատուկ մարդ է ուղարկում (ոմն Ամիրջանի) Կոստանդնուպոլիս՝ թուրքական սուլթանի մտադրությունն իմանալու համար107։

Ըստ աղբյուրների հաղորդած տեղեկությունների, 1635 թ. մարտի 12-ին Մուրադ IV-ը 700 հազար զորքի գլուխ անցած (նրա զորքի թիվը ոմանք հասցնում են նույնիսկ 800 հազարի) արշավում է դեպի արևելք։ Թուրքական այդ ահռելի բանակի առաջին հարվածն ուղղված էր Արարատյան աշխարհի և նրա կենտրոն Երևան քաղաքի դեմ։ Նույն թվականի հուլիսի վերջին թուրքական բանակն էրզրումի և Կարսի վրայով գալիս պաշարում է Երևանի բերդը։ Ընդամենն 9 օր տևած պաշարումից հետո Մուրադ IV-ը այն գրավում է առանց մեծ կորուստներ պատճառող մարտերի, թեպետ թուրքական աղբյուրները միաբերան հաղորդում են, թե արյունահեղ կռիվներ են տեղի ունեցել Երևանի գրավման համար և երկար ու բարակ նկարագրում են սուլթան Մուրադ IV-ի քաջալերող ճառերը, ահաբեկիչ կոչերը, թուրքական փաշաների ու զինվորների «քաջագործությունները», թուրքական զենքի «գերազանցությունը» պարսկականի նկատմամբ և այլն, և այլն։

1635 թվականի օգոստոսի 8-ին Մուրադ IV - ը գրավում է Երևանը։ Երևանի կայազորը, որը բաղկացած էր 12 հազար զինվորներից, ազատ արձակվեց, իսկ Թահմազ ղուլի խանը (որին այնուհետև կոչեցին Յուսուֆ փաշա) ու նրա հավատարիմ մեծամեծները գերվելով ուղարկվեցին Կ. Պոլիս։ Երևանի գրավումն այդքան կարճ ժամանակում բացատրվում է պարսկական կայազորի նկատմամբ թուրքական բանակի ահռելի գերազանցությամբ և ավելի քան 600 հրանոթների առկայությամբ, որոնցով միաժամանակյա կրակ էին բացել պաշարված բերդի վրա։ Հրետանային ռմբակոծության ժամանակ մեծ վնասվածքներ էին ստացել բերդի պարիսպները, աշտարակներն ու պաշտպանական մյուս կառույցները, իսկ Թահմազղուլիի պալատը, որն, րստ թուրքական աղբյուրների վկայության, նման էր սուլթանի Կ. Պոլսի պալատներից մեկին և հայտնի էր իր շքեղությամբ ու մեծությամբ, իսպառ ավերվում է։

Բերդը գրավելուց 6 օր անց, թուրքական բանակի հաղթանակը նշելու համար, 1635 թվականի օգոստոսի 14-ին կատարվում է հանդիսավոր արարողություն, որին, զորքից բացի, հարկադրված էին մասնակցել ու զոհաբերություններ անել նաև մեծ թվով քաղաքացիներ։

__________

107 Տե՛ս նույն տեղում, էջ 5։

[էջ 42]

Սակայն Երևանը թուրքական բանակի վերջնակետը չէր։ Մուրադ IV-ը 700 հազար բանակով Պարսկաստանի դեմ արշավանքի էր դուրս եկել ոչ միայն Արարատյան աշխարհն ու Երևանը, այլև ամբողջ Անդրկովկասն ու Ատրպատականը գրավելու համար։ Ուստի նա Երևանը գրավելուց հետո այնտեղ Մուրթուզա փաշայի գլխավորությամբ թողնում է 15 հազար զինվորներից բաղկացած բերդապաշտպան կայազոր, իսկ ինքը բանակով շարժվում դեպի Թավրիզ։ Կարճ ժամանակամիջոցում թուրքական բանակը գրավում է նաև Թավրիզը (1635 թ, սեպտեմբերի 12-ին)։ Բայց շուտով վրա են հասնում ցրտերը և Մուրադ IV–ը հարկադրված է լինում Վանի, Բիթլիսի և Ամիդի վրայով վերադառնալ։ Նույն թվականի դեկտեմբերի վերջերին (ըստ Գրիգոր Կամախեցու դեկտեմբերի 18-ին) նա արդեն իր մայրաքաղաքում էր108:

Մուրադ IV-ը, սակայն, չբավականացավ Երևանում Մուրթուզա փաշայի գլխավորությամբ 15 հազար հեծյալներ թողնելով։ Նախորդ տարիներին և իր զորքի կողմից պաշարման ու գրավման ընթացքում Երևանի բերդը մեծ վնասվածքներ էր ստացել։ Պարսիկների դեմ հուսալի պատվար դարձնելու համար անհրաժեշտ էր այն վերանորոգել և ավելի ամրացնել։ Թուրքական սուլթանն այդ լավ գիտեր և բերդը գրավելուց հետո անմիջապես կարգադրեց շուտափույթ նորոգել նրա քանդված տեղերը ու կարգի բերել խրամատները։ Արագ ավարտելու նպատակով նա այդ աշխատանքը բաժանեց զորամասերի միջև և կարգադրեց ավարտել կարճ ժամանակամիջո-

__________

108 Մուրադ IV-ի, 1635 թ. արշավանքի մասին տե՛ս Առաքել Դավրիժեցի, Պատմութիւն, էջ 316—317, 574 — 575, 642, Զաք արիա Սարկավագ, Պատմագրութիւն, հ. II, էջ 4 — 8, Գրիգոր Կամախեցի կամ Դարանաղցի, ժամանակագրութիւն, էջ 518 — 520, Խաչատուր Աբեղա Ջուղայեցւոյ, Պատմութիւն Պարսից, Վաղարշապատ, 1905, էջ 139 —140, «Թուրքական աղբյուրները Հայաստանի, հայերի և Անդրկովկասի մյուս ժողովուրդներէ մասին», հ. I, էջ 101 — 108, հ. II, էջ 108 — 111, Լ. Մելիքսեթ–Բեկ, Վրաց աղբյուրները Հայաստանի և հայերի մասին, հ. Գ, էջ 64, 76, 113—114 (վրացական աղբյուրները Մուրադ IV-ի կողմից Երևանի գրավումը դնում են ոչ թե 1635 թ., այլ՝ 1636 կամ 1637 թվականին, որը սխալ է և հակասում է մյուս ավելի ստույգ, աղբյուրների վկայություններին), Վ. Հակոբյան, Մանր ժամանակագրություններ, հ. I, էշ 145, 146, 194, 196, 250 — 251 (XVII դ. հեղինակ Հակոբ Կարնեցին իր ժամանակագրության մեջ Մուրադ IV-ի զորքի քանակը 400 հազար է տալիս), հ. II, էջ 358, 395, 523, Միքայել Չամչյան, Պատմութիւն Հայոց, հ. Գ, էջ 617, Ղ. Ալիշան, Այրարատ, էջ 303, Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյան, ազգապատում, մասն Բ, Կոստանդնուպոլիս., 1914, էջ 2433, Լեո, Հայոց պատմութիւն, հ. III, էջ 299—301, «Հանդես ամսօրեայ», 1934, № 5—7, էջ 331, 332 — 333, էրվանդ Շահազիզ, Հին Երևանը, էջ 78 և այլուր։

[էջ 43]

ցում109։ Թուրք պատմագիր Նայիմայի հիշատակության համաձայն, բերդի նորոգման գործը «եռանդով առաջ» գնաց և շուտով ավարտվեց110։

Սակայն թուրքական, բանակի կատարած ավերման հետքերը դեռ միանգամայն թարմ էին, երբ սկսվեց պարսկական արշավանքը։ Պարսից Շահ-Սեֆին՝ Մուրադ IV-ը Թավրիզից հեռանալուց մի քանի ամիս հետո, վերջինիս նվաճած շրջաններն ու քաղաքները ետ գրավելու համար գումարում է 100 հազար հեծյալներից բաղկացած մի բանակ և արշավում Հայաստան111։ Շահի արշավանքի հիմնական նպատակը Երևանի գրավումն էր և Արարատյան աշխարհը նորից Պարսկաստանի տիրապետությանը ենթարկելը։ Շահ-Սեֆիի այդ արշավանքի մասին րնդարձակ հիշատակություններ ունեն Առաքել Դավրիժեցին, Զաքարիա Սարկավագր, Գրիգոր Կամախեցին, Խաչատուր Ջուղայեցին, օտարերկրյա ճանապարհորդներից՝ Ադամ Օլեարին, թուրք պատմագիրներ Նայիման, Քյաթիբ Չելեբին և հայ ժամանակագիրները։ Առաքել Դավրիժեցու ասելով. «Թուին ՌՁԵ (1636). յամսեանն Դեկտեմբերի, ի ժամանակս այս սուլթան Մուրատիս (Մուրադ IV), թագաւորն Պարսից ՇահսԷֆի եկեալ պատեաց զբերդն Երևանայ, և ունէր ընդ իւր զօրս պատերազմողս հարիւր հազար, թող զբեռնակիրս և զայլս»112։ Մի այլ տեղում նույն պատմիչը հաղորդում է, որ Շահ-Սեֆիի 100 հազարանոց բանակը բացառապես կազմված էր հեծյալներից «Իբրև էանց այն ամառն, և ի գալ ձմրանն՝ յուրոււմ էր թուականն մեր ՌՁԵ (1636), ելեալ թագաւորն Պարսից Շահսէֆի հարիւր հազար հեծելօք եկեալ եմուտ յաշխարհս

__________

109 Տե՛ս «Թուրքական աղբյուրները Հայաստանի, հայերի և Անդրկովկասի մյուս ժողովուրդների մասին», հ. Ա, էջ 108։ Ըստ Նայիմայի Երևանում թողած կայազորը բաղկացած էր ոչ թե 15000 զինվորից, այլ՝ 12000։
110 Տե՛ս նույն տեղում։
111 Շահ-Սեֆիի 1636 թ. արշավանքի մասին տե՛ս Առաքել Դավրիժեցի, Պատմութիւն, էջ 317, 57 5, 642, Զաքարիա Սարկավագ, Պատմագրութիւն, հ. II, էջ 11– 12, 14, Գրիգոր Կամախեցի, ժամանակագրութիւն, էջ 520, Խաչատուր Ջուղայեցի, Պատմութիւն Պարսից, էջ 139—140, Վ. Հակոբյան, Մանր ժամանակագրություններ, հ. I, էջ 251, հ. II, էջ 520, Адам Олеарий, Путешествия Голштинского посольства в Московию и Персию..., 879 — 880, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, Մեսրոպ Մագիստրոսի արխիվ, Տաղարան-Տօնացոյց, թղթապանակ № 33, էջ 171, «Արարատ» ամսագիր, 1914, դեկտեմբեր, էջ 1113 —1114, «Թուրքական աղբյուրները Հայաստանի, հայերի և Անդրկովկասի մյուս ժողովուրդների մասին», հ. I, էջ 108—109, հ. II, էջ 112 — 113, Միքայել Չամչյան, Պատմութիւն Հայոց, հ. Գ, էջ 617, Մաղաքիա Օրմանեան, Ազգապատում, էջ 2433 — 2434, Ղ. Ալիշան, Այրարատ, էջ 303, Լեո, Հայոց պատմություն, հ. III, էջ 300—301 և այլ տեղերում։
112 Առաքել Դավրիժեցի, Պատմութիւն, էջ 575։

[էջ 44]

Արարատու»113։ Շահ-Սեֆիի զորքի քանակի մասին նույնն են ասում և մյուս աղբյուրները։ Նրանց հիշատակություններն իրար լիովին համապատասխանում են նաև Երևանի բերդի պաշարման տևողության ու պաշարման հանգամանքները նկարագրելիս։ Նրանք բոլորը միաբերան վկայում են, որ Երևանի բերդի պաշարումը տևել է երեք ամիս և բերդապաշտպան թուրքական կայազորի ու պարսից մեծաթիվ բանակի միջև տեղի են ունեցել արյունահեղ մարտեր։ Առաքել Դավրիժեցին գրում է, որ Շահ-Սեֆին «երեք ամիս նստաւ ի վերայ բերդին, և բազում ջանիւ ի զօրաց Օսմանցւոց կարի բազում կոտորեաց, և յինքն կալաւ զաշխարհն ամենայն. Օսմանցւոցն երեք փաշայ և այլ նշանաւոր իշխանս ընդ իւր տարաւ յԱսպահան, որք և անդէն մեռան»114։ Մի այլ տեղում կրկնելով իր այդ վկայությունը, նա նշում է, որ Շահ-Սեֆին, գրավելով Երևանի բերդը՝ սպանում է բազմաթիվ զինվորների և բերդի իշխան Մուրթուզա փաշային (այլ աղբյուրների համաձայն վերջինս անձնասպան է եղել՝ ինքն իրեն թունավորելով), իսկ Շխիջան, Իբրահիմ և Մայմուն փաշաներին կալանավորելով ուղարկում է Պարսկաստան115, որտեղ նրանք մահացան Անհուշ բերդում116։

Եթե նկատի ունենանք, որ Մուրադ IV-ի արշավանքից հետո Երևանի բերդի ամրություններն այնուամենայնիվ հուսալի վիճակում չէին գտնվում, բերղապաշտպան զորքը կազմված էր ընդամենը 15 հազար մարդուց և դրսից օգնության հույս չկար, ապա ակամայից հարց է առաջանում, թե ինչո՞ւ պարսկական 100 հազարանոց բանակը բերդը կարողացավ գրավել միայն երեքամսյա պաշարումից հետո, այն դեպքում, երբ թուրքական բանակը դրանից մեկ տարի առաջ նույն բերդը գրավել էր ընդամենն 9 օրվա պաշարմամբ։ Երևանի վրա արշաված թուրքական ու պարսկական զորքերի թվի տարբերությունը չէր կարող վճռական դեր խաղալ։ Շահ-Սեֆիի 100 հազարանոց բանակը Երևանի բերդի գրավման համար փոքր ուժ չէր։ Հետևապես այդ առաջին հերթին բացատրվում է նրանով, որ պարսից զորքը գրեթե բացառապես բաղկացած էր հեծյալներից, որոնք պաշարմամբ բերդ գրավելու համար քիչ պիտանի էին և իր կազմում հրետանի գրեթե չուներ։ Թուրքական կայազորը, ինչպես վկայում են աղբյուրները, ցույց է տվել կատաղի դիմադրություն։ Այդ բոլորի վրա գումարվում էր նաև այն, որ պարսկա-

__________

113 Նույն տեղում, էջ 317։
114 Նույն տեղում, էջ 575։
115 Տե՛ս Առաքել Դավրիժեցի, Պատմութիւն, էջ 642։
116 Տե՛ս Զաքարիա Սարկավագ, Պատմագրութիւն, հ. II, էջ 12։

[էջ 45]

կան զորքն ապահովված լինելով պարենով ու անասնակերով և թուրքական մայրաքաղաքից բերղապաշտպան զորքին օգնության վտանգ չտեսնելով առանձնապես չէր շտապում գրոհով գրավել բերդը. «Եւ յորժամ եղև թուականն մեր ՌՁԵ (1636), զօրաժողով արար թագաւորն Պարսից Շահ-Սաֆի իբրև ՃՌ աց. այլև արուեստաւորս և զվաճառականս աւելի քան զպատերազմող զօրսն. և ելեալ նօքոք և եկն ի վերայ Երևանայ. և յաւուր չորեքշաբթի պահոցն սուրբ Յակոբայ՝ պատեցին զբերդն. և նստան ի վերայ նորա երեք ամիս. և ողորմութեամբ Աստուծոյ ոչ եկն ձիւն և ոչ կաթ մի. և յամենայն կողմանէ գոյր (գոյին ) դարմանք և պիտոյք զօրացն. վասնորոյ անհոգ էին յամենայն կողմանէ, և խաղաղութեամբ նստեին», — գրում է Զաքարիա Սարկավագը117։

Սակայն տեսնելով, որ Երևանի բերդի գրավումր ձգձգվում է, թուրքական կայազորը թշնամու դեմ մղում է կատաղի մարտեր։ Մուրադ IV-ը որոշում է Մուրթուզա փաշային ուղարկել օգնական զորքեր։ Սուլթանի հրամանով Էրզրումում գումարվում է մի բանակ, որը Քոռ-Խազնադար կոչված փաշայի գլխավորությամբ պետք է աճապարեր Երևան՝ տեղի կայազորի հետ միասին բերդը պաշտպանելու համար։ Սակայն տեղում է առատ ձյուն և փակում թուրքական օգնական զորքերի ճանապարհը։ Հարկադիր աշխատանքի կարգով հարյուրավոր գյուղացիներ դուրս են բերում ճանապարհը մաքրելու։ Բայց բոլորն ապարդյուն են անցնում։ Ճանապարհի մաքրված հատվածները նորից են ծածկվում տեղացող ձյան տակ և սկսվում են սաստիկ սառնամանիքներ118։ Կռվելով մինչև վերջին հնարավորությունները և դրսից որևէ օգնության հույս չունենալով՝ թուրքական կայազորը վերջիվերջո հարկադրված է լինում հանձնվել։ Ադամ 0լեարու հիշատակության համաձայն, Երևանի բերդի գրավման ժամանակ Շահ-Սեֆին իր ծառաներից մեկի հագուստով ծպտյալ վիճակում անձամբ մասնակցել է արյունահեղ մարտերին։ Նրա ասելով պարսից շահն իր պատվի համար մեծ վիրավորանք էր համարում այդքան երկար ժամանակ Երևանի բերդի պարիսպների տակ անգործ մնալը119։ Սակայն իրողությունն այն էր, որ Շահ-Սեֆին բերդը գրավելու համար գրոհ է տվել միայն այն ժամանակ, երբ

__________

117 Նույն տեղում, էջ 11։
118 Տե՛ս Զաքարիա Սարկավագ, Պատմագրութիւն, հ. II, էջ 11։ Տե՛ս նաև «Թուրքական աղբյուրները Հայաստանի, հայերի և Անդրկովկասի մյուս ժողովուրդների մասին», հ. I, էջ 108, հ. II, էջ 112—113։
119 Տե՛ս Адам Олеарий, Путешествия Голштинского посольства в Московию и Персию..., էջ 879—880:

[էջ 46]

լսել է թուրքական զորահավաքի և Մուրթուզային օգնական զորք ուղարկելու նախապատրաստական աշխատնքների մասին։ Արյունահեղ են եղել բերդի գրավման համար տեղի ունեցած կռիվները, մեծ է եղել զոհերի թիվը։ Նույն Ադամ Օլեարին հաղորդում է, որ պարսից բանակի զոհերի թիվը իբր հասել է 50000 մարդու120։ Այդ անշուշտ անհավանական է, բայց բոլոր աղբյուրները միաբերան վկայում են, որ Շահ-Սեֆին Երևանի բերդը գրավել է մեծ դժվարությամբ, արյունահեղ կռիվներով և բազմաթիվ զոհերի գնով։

Առաքել Դավրիժեցու, Զաքարիա Սարկավագի և մյուս պատմիչների ու ժամանակագիրների վկայություններից պարզ երևում է, որ Շահ-Սեֆին Երևանը գրավել է մարտին՝ հավանաբար ամսվա վերջերին։ Այդ են հուշում Առաքել Դավրիժեցու և Զաքարիա Սարկավագի վերը բերված անուղղակի վկայությունները և թուրքական աղբյուրների նկարագրությունները։ Սակայն Երևանի բերդի գրավման ստույգ ամիսն ու օրը հաղորդել է XVII դարի ժամանակագիր, ոմն կաթոլիկ Հակոբը։ Նա ասում է. «Դարձեալ այս ամի (1636 թ.— Թ. Հ.) շահ Սաֆին121 էրեկ գնաց բերդին (Երևանի — Թ. Հ.) վ՟ր, գ, ամիս նստաւ, մարտի Ժ՟ե օրն երիշ ելաւ բերդին վ ր, սիր հաճին առին, ի բ, բերդն առին, մութուզա փաշէն մեռաւ, շխիջան փաշէն, իբրահիմ փաշէն, մէիմուն փաշէն և այլ բազում փաշունէք, և զէիմնի բռնէց, ողարկէց ղահ ղահ ղալէն (Անհուշ բերդը — Թ. Հ.)»122։

Հակոբի այդ հիշատակությունից հայտնի է դառնում, որ Շահ-Սեֆիի բանակի գրոհը Երևանի բերդի վրա սկսվել է 1636 թ. մարտի 15-ին և 12 օր տևած կատաղի կռիվներից հետո՝ մարտի 27-ին վերջապես հաջողվում է գրավել բերդը։ Հայագիտության մեջ, սակայն, արտահայտվել է և այնպիսի կարծիք, ըստ որի Երևանն իբր գրավվել է ոչ թե մարտ ամսին, այլ սեպտեմբերին։ Այդ մասին չէր նշվի, եթե դրա հեղինակը չլիներ Մաղաքիա Օրմանյանի պես հայտնի հայագետը123։

Երկարատև պաշարման և գրոհով գրավելու հետևանքով Երևանի բերդը զգալի չափով ավերվել էր՝ շատ հատվածներում փլվել էին նրա պարիսպները, խարխլվել էին աշտարակները և պաշտպանական մյուս կառուցվածքները։ Եթե պարսիկներն ուզում էին Արարատյան աշխարհն իրենց ձեռքում պահել և հաջողությամբ ետ մղել թուրքական հարձակումները, ապա պետք է վերականգնեին, վերա-

__________

120 Տե՛ս նույն տեղում, էջ 880։
121 Պահպանված է բնագրի ուղղագրությունը։
122 Տե՛ս «Արարատ» ամսագիր, 1914, դեկտեմբեր, էջ 1113։
123 Տե՛ս Մաղաքիա Օրմանյան, Ազգապատում, էջ 2434։

[էջ 47]

նորոգեին ու ամրացնեին Երևանի բերդը։ Թուրք պատմագիր Նայիմայի հիշատակության համաձայն, բերդը գրավելուց հետո Շահ-Սեֆին ձեռնամուխ է լինում նրա վերակառուցման ու ամրացման գործին։ Պարսից շահը Երևանի բերդի ամրացման համար բաց է թողնում բավական մեծ գումար։ Բերդի վերակառուցման աշխատանքներին օգնելու համար Գյանջայի Մուհամմեդ և Շիրվանի Յուսուֆ խաներն ուղարկում են 3000 զինվոր։ Բերդը շուտափույթ նորոգվում է, ամրացվում և շուրջը փորված պաշտպանական փոսը լցվում ջրով124։

Երևանը համանուն խանության հետ միասին գրավելուց հետո Շահ-Սեֆին Երևանի խան է կարգում Քյալբ-Ալի խանին։

Մուրադ IV-ի և Շահ-Սեֆիի արշավանքների ընթացքում Արարատյան աշխարհը մեծապես ավերվել էր, գյուղական բնակչության զգալի մասը ցրվել էր զանագան կողմեր, երկրում տիրում էր թանկություն. «Եւ ի շարժմանէ այս երկուց ինքնակալ թագաւորաց (Մուրադ IV-ի և Շահ-Սեֆիի — Թ. Հ.), ավերեալ ապականեցան աշխարհք՝ արևելք և արևմուտք և մանաւանդ աշխարհն Արարատու իւր շրջակայ գաւառօքն. վասն զի երկոքին թագաւորքն իւրեանց հեծելօք և հետևելովք անդր գումարեալ կատարեցին զգործս իւրեանց, և դարձան», — վկայում է Առաքել Դավրիժեցին125։ Եվ իրոք, ընդամենը երկու տարվա ընթացքում 1635 —1636 թվականներին Արարատյան աշխարհը տեսել էր մոտավորապես մեկ միլիոնի հասնող զավթիչներ և ոտնատակ եղել նրանց մարտական գործողությունների ու գործադրած բռնությունների հետևանքով։ Իսկ թուրք պատմագիր Նայիման վկայում է, որ 1636 թվականին հացահատիկների ու հացի գները սոսկալի բարձր էին, և երկիրը կանգնած էր ուժեղ սովի առաջ126, թեև անհաջող փորձ է կատարում սովը բացատրել սաստիկ սառնամանիքների հետևանքով ճանապարհների խափանմամբ127։

Արևելյան այդ բռնակալների արշավանքների ժամանակ Արարատյան աշխարհի բնակիչներից շատերը թողնում էին իրենց տունն ու տեղը և իրենց կյանքը մի կերպ փրկում ավելի անմատչելի վայրեր փախչելով։ Զաքարիա Սարկավագը վկայում է, որ Մուրադ IV–ի բանակի մոտենալու լուրն առնելով՝ Երևանի Թահմազ-ղուլի խանը

__________

124 Տե՛ս «Թուրքական աղբյուրները Հայաստանի, հայերի և Անդրկովկասի մյուս ժողովուրդների մասին», հ. Ա, էջ 109։
125 Առաքել Դավրիժեցի, Պատմութիւն, էջ 317։
126 Տե՛ս «Թուրքական աղբյուրները Հայաստանի, հայերի և Անդրկովկասի մյուս ժողովուրդների մասին», հ. Ա, էջ 108։
127 Տե՛ս նույն տեղում։

[էջ 48]

Արարատյան երկրի բնակիչներին հրամայում է ցրվել հեռավոր վայրեր, և ով ինչպես կարող է ազատել իր գլուխը, որպեսզի թշնամին երկիրն ավերված տեսնի։ Երկրի բնակիչները զանգվածներով փախչում են Վրաստան, Ձեգամ, Գյանջա, Խաչեն, Քաշաթաղ և այլ տեղեր128։ Նրանց մի մասը հետագայում ընդմիշտ մնաց իր նոր բնակավայրերում։

1636 թվականի Շահ-Սեֆիի արշավանքով չավարտվեցին թուրք-պարսկական կռիվները։ Սուլթան Մուրադ IV-ը ոչ մի կերպ չէր հաշտվում ստեղծված դրության հետ։ 1638 թվականին երկու պետությունների միջև նորից է բորբոքվում պատերազմը։ Մուրադ IV-ը մի մեծ բանակի գլուխ անցած արշավում է Բաղդադի վրա և արյունահեղ մարտերից հետո գրավում այն՝ գրեթե իսպառ ոչնչացնելով քաղաքը պաշտպանող պարսկական կայազորը։ Իսկ Երևանի ուղղությամբ պարսիկներին զբաղեցնելու և թալանչիական արշավանք կատարելու համար ուղարկեց 400 հազարից ավելի մի հավաքական բանակ, որի կազմի մեջ մտնում էին Էրզրումի, Ախալցխայի, Շապին-Գարահիսարի ու այլ փաշաների զորքերը և դաշնակից Ղրիմի խանի ուղարկած 500 թաթարներից բաղկացած հրոսակային ջոկատը129։

Թուրքական հյուսիսային այդ բանակը գումարվում է Էրզրումում 1638 թվականին և Քանան փաշայի ընդհանուր հրամանատարությամբ արշավում է Արարատյան աշխարհի վրա։ Գրեթե առանց դիմադրության, թուրքական զորքն ասպատակ է սփռում երկրում և գալիս, հասնում Երևանի մատույցները՝ Կոտայք գավառը։ Երևանի խանն իր փոքրաթիվ զորքով դուրս է գալիս թշնամու դեմ ճակատամարտ տալու համար։ Ընդհարումը տեղի է ունենում Պտղնի գյուղի մոտ (այն ժամանակ Պտղնին ամայի էր)։ Պարսկական զորքը կրում է խայտառակ պարտություն, խանը հազիվ փրկում է իր կյանքը և ջարդված զորքի մնացորդների հետ միասին ճողոպրում իր նստավայր Երևանի բերդը130։ Խանական զորքի պարտությունից հետո օսմանցիներն ավելի են լկտիանում։ Նրանք ջոկատների բաժանվելով ավերում, թալանում ու ամայացնում են Երևանի շրջակայքը՝ Եղվարդը131, Քանաքեռ գյուղը, Գառնին, Նորքը և նույնիսկ մտնում Երե-

__________

128 Տե՛ս Զաքարիա Սարկավագ, Պատմադրութիւն, հ. II, էջ 8 — 9։
129 Տե՛ս Զաքարիա Սարկավագ, Պատմադրութիւն, հ. II, էջ 16—17, ԳրիգորԿամախեցի կամ Դարանաղցի, ժամանակագրութիւն, էջ 578, Լեո, Հայոց պատմություն, հ. III, էջ 302։
130 Տե՛ս Զաքարիա Սարկավագ, Պատմագրութիւն, հ. II, էջ 16 — 17։
131 Գրիգոր Կամախեցի կամ Դարանաղցի, ժամանակագրութիւն, էջ 579։

[էջ 49]

վան՝ քաղաքի Քարհանք (Դաշքյասան) թաղամասը132։ Ըստ Զաքարիա Սարկավագի վկայության, դրությունը փրկում է Մասում աղան, որը մի ժամանակ Երևանում քալանթար էր և 1635 թվականին Երևանի բերդը գրավելուց հետո Թահմազ-ղուլի խանի հետ միասին գերվելով ուղարկվել էր Ստամբուլ։ Իբրև երկրին լավատեղյակ անձնավորություն, Մասում աղային մասնակից են դարձնում Քանան փաշայի այդ ավերիչ արշավանքին։ Պատմիչի ասելով Մասում աղան տեսնելով իր երկրի սոսկալի ավերումը՝ դիմում է խորամանկության։ Կոտայքեցի մի հայի միջոցով Քանան փաշային հայտնում է, որ իբր Ռոստամ խանը 12 հազար հեծյալներով արդեն եկել է Երևան և շուտով հարձակվելու է թուրքական բանակի վրա։ Քանան փաշան տագնապահար է լինում և առանց ստուգելու գործի իսկությունը՝ հրամայում է զինվորներին փրկել իրենց գլուխը ով ինչպես կարող է։ Պատմիչը գրում է. «Եւ ապա հրամայեաց զօրացն փաշայն, թէ՝ ամենեքեան գլուխ ձեր զերծուցե՝ք. և որք լուանն՝ թողին զառ և զաւար՝ և փախեան յիւրաքանչիւր դէմս իւր՝ ուր և կարացին»133։ Թուրքական բանակի փախուստի մասին Մասում աղան հատուկ գրությամբ տեղեկացնում է Երևանի խանին, հայտնելով, որ Ղրիմից եկած թաթարական ջոկատը, որ բաղկացած է 500 հոգուց, փախուստի մասին ոչինչ չգիտի և ըստ պայմանի գիշերով հավաքվելու է քաղաքի Քարհանք թաղամասում՝ թուրքական մյուս ջոկատներին միանալու և ասպատակությունները շարունակելու համար։ Երևանի Քյալբ-Ալի խանը իր հեծյալ ջոկատով հանկարծակի հարձակվում է թաթարական ջոկատի վրա և գլխովին ջախջախում այն։ Զաքարիա Սարկավագի ասելով 500 թաթարներից հազիվ ազատվել են 100-ը134։ Պարսկական խորամանկությունն այս անգամ Երևանն ազատում է թուրք-պարսկական ավերումից։

Սակայն Հայաստանի մեծագույն մասը պարբերաբար կրկնվող թուրք-պարսկական երկարատև պատերազմների մշտական թատերաբեմն էր և բազմաթիվ անգամ ամայացել ու մարդաթափ է եղել։ Ժամանակագիր Հակոբ Կարնեցին, բարձր գնահատելով 1639 թվականի հաշտության դաշնագիրը (որի մասին խոսք կլինի քիչ հետո), գրում է, որ մինչ ա;դ բազմաթիվ անգամ, գրեթե ամեն տարի թուրքերն ու բարբարոսությամբ նրանց չզիջող պարսիկները ասպատակում էին մեր երկիրը, մանուկներին գերում, ծերերին սրո, իսկ բնակավայրերը՝ հրո ճարակ դարձնում, քանդում ու ավերում էին ամեն

__________

132 Տե՛ս Զաքարիա Սարկավագ, Պատմագրութիւն, հ. II, էջ 18։
133 Նույն տեղում, էջ 19։
134 Տե՛ս Զաքարիա Սարկավագ, Պատմագրութիւն, հ. II, էջ 20։

[էջ 50]

ինչ և անապատի վերածում մեր երկիրը, միայն բերդերն էին, որ պարբերաբար վերանորոգելու պատճառով կանգուն էին մնացել։ Ահա նրա խոսքերը. «Զի այսմ կողմին բերթորէից պահպա(ն)քն քաչ (քաջ — Թ. Հ.) և արինք ընդ իւրոց յաջող ժամուն, ամենայն աւուր և ամենայն տարի, բազում զօրոք ասպատակէին ևս գնացեալ երկիրն Երէւանայ, Լօռու, Չօրսայ և Բամպակայձորու առհասարակ ասպատակէին, մանկունսն գերի վարէին և զծերսն սրոյ ճարակէին և զտեղիսն հրով կիզուին, նոյնպէս և Պարսիկքն քան զսոսայն անողորմքն չար և բարբարոսք են, ատելիք Աստուծոյ և մարդկան, ամենայն կողմանց ելանէին գաղտագողի ասպատակեալ քանդէին և ավէրէին առհասարակ... զի այնպէս անապատ արարին այս սահրաթ երկիրս, որ Արզրումայ հետ մինչև Էրէվան միայն բերթորեայքն ի շեն մնացին»135։

Եվ պատահական չէ, որ մեր պատմագիրներն ու մյուս հեղինակները մեծ նշանակություն են տվել 1639 թվականին կնքված հաշտությանը, յուրաքանչյուրն իր ձևով բարձր գնահատելով դրա շնորհիվ հաստատված խաղաղությունը և երկրի տնտեսական ու մշակութային կյանքի նորմալացումը։

1639 թվականի հաշտության պայմանագիրը կնքվել է մայիսի 17-ին, Պարսկաստանի և Ւրաքի սահմանի մոտ գտնվող Զեհաբ կամ Զոհաբ գյուղում և ստորադրվել է օսմանյան կողմից մեծ վեզիր Քեմենքեշ Կարա փաշայի (ըստ Հակոբ Կարնեցու՝ Մուստաֆա), իսկ Պարսկաստանի կողմից՝ արտակարգ դեսպան Սարուխանի (ըստ Զաքարիա Սարկավագի՝ Քոթուկ-Մահմադ խան) կողմից136։ Պայմանագիրը կնքվել է 30 տարով և երկու պետությունների միջև հաստատվել էր շատ թե քիչ կայուն մի սահման, որը Հայաստանում անցնում էր հետևյալ բնագծերով՝ հյուսիսում՝ Ախուրյան գետով՝ մինչև նրա ստորին հոսանքի շրջանում գտնվող Բախչալար (այժմ Երվանդաշատ) գյուղը, որտեղից թեքվում էր դեպի արևմուտք և, չանցած 17 —18 կմ կտրում էր Արաքսը և հասնում Հայկական Պար լեռնաշղթային՝ Կողքից հարավ-արևմուտք։ Այնուհետև սահմանն անցնում էր Հայկական Պար լեռնաշղթայի ջրբաժան գծով դեպի արևելք՝ մինչև Մեծ ու Փոքր Մասիսների միջև ընկած թամքոցը, իսկ այստեղից էլ թեքվում էր դեպի հարավ-արևելք՝ անցնե-

__________

135 Հակոբ Կարնեցի, Տեղադիր Վերին Հայոց, Վ. Հակոբյան, Մանր ժամանակագրություններ, հ. II, Հավելված, էջ 565— 566։
136 Տե՛ս «Թուրքական աղբյուրները Հայաստանի, հայերի և Անդրկովկասի մյուս ժողովուրդների մասին», հ. II, էջ 114, Զաքարիա Սարկավագ, Պատմագրութիւն, հ. II, էջ 25։

[էջ 51]

լով այն բլրաշարքերով, որոնք Մասիսը կապում են Կոտուր լեռնաշղթայի հյուսիսային վերջավորության հետ, ապա՝ շեշտակի ուղղվում է դեպի հարավ և անցնում Կոտուր ու Զագրոշ (իրար շարունակություն կազմող այդ երկու լեռնաշղթաները միասին այժմ կոչվում էՎասպուրականի լեռնաշղթա) լեռնաշղթայի ջրբաժան բարձրություններով137։ Նույն պայմանագրով երկու հատվածի էր բաժանված նաև Վրաստանը։ Նրա արևելյան հատվածը (Քարթլին և Կախեթը) անցավ Պարսկաստանին, իսկ արևմտյան (Ւմերեթը և Սաաթաբագոն)՝ Թուրքիային138։

Թեպետ հաշտության պայմանագիրը կնքված էր 30 տարի ժամանակով, բայց երկու պետությունների միջև ընդհանուր առմամբ ավելի քան 80 տարի խաղաղություն էր տիրում։ Ըստ այդ պայմանագրի, Երևան քաղաքն ու Երևանի խանությունը ամբողջությամբ մտնում էին Պարսից բաժնի մեջ, իսկ Բաղդադն ու նրա շրջակայքը՝ Թուրքիայի, «...Եղև բարիշութիւն ի մէջ երկուց ազգացն, — հաղորդում է Առաքել Դավրիժեցին, — և թագաւորացն Օսմանցւոց և Պարսից, զի թագաւո րն Պարսից Շահսէֆի զԵրևան էառ, և թագաւորն Օսմանցւոց սուլթան Մուրատն զԲաղդատ էառ, յետ առնելոյ զքաղաքս զայսոսիկ միաբանեցան երկոքին թագաւորքն և արարին բարիշութիւն, պայման եդեալ մինչև ցերեսուն տարի պահել զբարիշութիւն»139։

Պայմանագրի նշանակությունն առանձնապես բարձր է գնահատում Հակոբ Կարնեցին։ Նշելով, որ ըստ պայմանի 3 կամ 4 տարին մեկ անգամ շահը սուլթանի համար պետք է Կ. Պոլիս ուղարկեր զանազան նվերներ՝ աբրաշումե հագուստներ, փղեր, մեկ եղջերու և թագավորավայել այլ իրեր, հայրենասեր ժամանակագիրը հաշտության դաշինքը համարում է աստվածային նախախնամություն հատկապես հայերի համար, որոնք ռազմական արշավանքի ենթակա երկրամասերում՝ թե´ Թուրքիայի կողմում և թե´ Պարսկաստանի, կազմում էին ճնշող մեծամասնություն։ Ահա նրա խոսքերը. «Եւ արար խաղաղութիւնն սուլթան Մո [ւ] րատն ընդ Ղըզլպաշին ուխտ և դաշին եդին, որ էրէվան Ղըզլպաշին լինի և Պաղտատ Օսմանցուն, այլ միմիանց թուր չքաշեն, վաճառականք և շինականք աներկուղ գայցեն և գնայցեն. հոտք սոցա և նոցայ այժմ խառնին ընդ միմիանս. զի Գ(3) և Դ(4) տարին անգամ մի առաքեսցէ շահն ընծայս

__________

137 Տե՛ս Թ. Խ. Հակոբյան, Հայաստանի պատմական աշխարհագրություն, երկ. հրատ., Երևան, 1968, էջ 378։
138 Տե՛ս Լ. Մելիքսեթ-Բեկ, Վրաց աղբյուրները Հայաստանի և հայերի մասին, հ. Գ, էջ 64։
139 Առաքել Դավրիժեցի, Պատմութիւն, էջ 575։

[էջ 52]

ի Պօլիս ապրշմեղէնս, փիղս և մի եղջերին և այլ պիտոյս արժան և պատշաճ թագաւորին։ Զի խաղաղութիւնն Աստուծոյ նախախնամութեամբն եղե, և այնպէս, որ ազատեցաւ ազգս Հայոց ի երկուց կողմանց, զի այն կողմի բնակիչք երկրին ամենայնք Հայք էին և են և յայս կողմս ամենայն Հայոց ազգէն էին, Յոյնք և Տաճիկ բազում»140։

1639 թվականի հաշտության պայմանագիրը կնքելուց հետո, նույն թվականին Շահ-Սեֆին մահացած Քալբ-Ալի խանի փոխարեն Երևանում խան է կարգում Ջաղաթա-Քոթուկ-Մահմաղ խանին141։

1639 թվականի հաշտության պայմանագրով վերջանում են թուրք-պարսկական երկարատև պատերազմները, որոնք նորից բռնկվեցին հաջորդ դարի առաջին քառորդի վերջերից։ Սակայն մինչ այդ մի քանի խոսք պատմագիտական տեսակետից հետաքրքրություն ներկայացնող երկու հարցի՝ թուրք-պարսկական զորքերի ազգային կազմի և գործածած զենք ու հանդերձանքի մասին։

Պատմագրական աղբյուրների վկայություններից պարզ երևում է, որ օսմանական և պարսկական բանակները ազգային տեսակետից երբեք միատարր չեն եղել։ Թուրք պատմագիր Փեչևի-Իբրահիմը, խոսելով Շահ-Աբասի 1603 —1604 թթ, արշավանքի մասին, հաղորդում է, որ դրան մասնակցում էին նաև «Վրաստանի իշխաններից Աղեքսանդրե խանի որդին՝ Լեվենդ խանը և Սիմոնի որդին Լևասար իշխանը իրենց զինվորներով»142։ Ըստ Քյաթիբ Չելեբիի վկայության, Շահ-Աբասի բանակը ազգային տեսակետից էլ ավելի խայտաբղետ կազմ ուներ։ Նա գրում է, որ Շահ-Աբասի բանակում «բուն աջեմները (պարսիկները—Թ. Հ.) հազիվ չորս-հինգ հազար մարդ էին, որի մոտ երեք հազարը «Թուլունգի» և «Գյոք-դուլաք» անունով հայտնի ավազակներն էին, մի մասն էլ վատաբարո քրդերի խմբերը՝ Քուրդ Ղազրի և նրա եղբայրներ Կռջի բեյի և Սեյֆեդդինի գլխավորությամբ։ Մյուս մասը, նախապես էմարեթ ստացած Միրփաշա օղլի Շեյխ Նեյդար անունով քուրդն էր, չորրորդ մասն էլ նախապես Նախիջևանի երկրի գրավման գործում փադիշահի նայիբին ճանապարհ ցույց տալու համար բարձր աստիճանի արժանա-

__________

140 Հակոբ Կարնեցի, Տեղագիր Վերին Հայոց (Վ. Հակոբյան, Մանր ժամանակագրություններ, հ. II, Հավելված, էջ 565)։
141 Տե՛ս Զաքարիա Սարկավագ, Պատմագրութիւն, հ. II, էջ 29։ Հմմտ. Յ. Մանադեան և Հ. Աճառեան, Հայոց նոր վկաները (1155—1843), Վաղարշապատ, 1903, էջ 445։
142 «Թուրքական աղբյուրները Հայաստանի, հայերի և Անդրկովկասի մյուս ժողովուրղների մասին», հ. Ա, էջ 54։

[էջ 53]

ցած, Ալաեդդին բեյի մարդիկ, Սակուի տիրակալ Մուստաֆա բեյի վաշտը, ապա՝ ստոր և խայտառակ քուրդ Զեյնալ բեյի վաշտը, Ալաշկերտի Կըլըջ րեյի վաշտը, Բերգուշատ սանջակի բեյ Ֆերեհ Զորի վաշտը»143։

Ե՛վ Շահ–Աբասը, և´ մյուս շահերը այս կամ այն բերդն ու քաղաքը պաշարելու և գրավելու ժամանակ լայնորեն օգտագործել են տեղական բնակիչների ուժերը՝ խրամատներ փորելու, բերդերի պարիսպները քանդելու համար։ Նրանք հաճախ գրոհող զորքի առջևից դեպի նվաճվելիք քաղաք կամ բերդ էին քշում տեղական բնակիչների հոծ զանգվածներ, որպեսզի նրանք իրենց վրա վերցնեին պաշարվածների առաջին հարվածները, փոքրացնեին պարսկական բանակի կորուստները և իրենց զոհերի գնով ապահովեն վերջինիս Հաղթանակը։ Ռազմական արատավոր մի տակտիկա, որը պարսից պատմության մեջ հայտնի է հին ժամանակներից։

Էլ ավելի խայտաբղետ էր թուրքական բանակը։ Հայտնի է, որ օսմանական բանակի մարտական գործողություններին մասնակցել են նաև եգիպտական, թաթարական, քրդական և այլ զորամասեր։ Թուրքական բանակի ընտիր զորամասերի մեծ մասը համալրված էր թուրքացրած քրիստոնեաներից (գլխավորապես հայերից, հույներից) ասորիներից), որոնց մանուկ հասակում բռնությամբ պարբերաբար հավաքում էին, թուրքացնում և դաստիարակում ռազմաշունչ ոգով։ Միով բանիվ, բազմացեղ Թուրքիան և Պարսկաստանը ազգային տեսակետից ունեին տարակազմ բանակներ։

Ճիշտ է նկատում Երվանդ Շահազիզր, ազատագրական պատերազմները չհաշված, Երևանի հայ բնակիչները (հայերն րնդհանրապես) միշտ աշխատել են չեզոք մնալ, չմասնակցել թուրք-պարսկական պատերազմներին։ «Եվ այդ հասկանալի է, — գրում է Երվանդ Շահազիզր, — հայերն իրենց օսմանցոց կամ պարսից կողմն անցնելը և դրանով մեկի կամ մյուսի հաղթության նպաստելն իրենց համար օգտավետ չեն համարել, բարիք չակնկալելով իրենց համար ոչ մեկի, ոչ մյուսի տիրապետությունից, մանավանդ որ հաջողության դեպքում կարող էին հաղթողի վրեժխնդրության էլ ենթարկվել, ինչպես բազմիցս դրա փորձն առած են եղել»144։ Բայց և այնպես հայերը չէին կարող բոլոր դեպքերում չեզոք մնալ և որևէ չափով չմասնակցել թշնամական պետությունների ու երկրի ներսում տարբեր տիրապետողների՝ խաների և փաշաների միջև մղված պատերազմներին։

__________

143 Նույն տեղում։
144 Երվանդ Շահազիզ, Հին Երևանը, էջ 105։

[էջ 54]

Հովհանավանցի ոմն Ղարիբից վերցրած Զաքարիա Սարկավագի մի ընդարձակ վկայությունից երևում է145, որ Երևանի խաների զորքերի հետ կարող էին լինել նաև հայեր։ Պատմելով Շիրակում օսմանցիների հետ Ամիրգունա խանի մի ընդհարման մասին, նա վկայում է, որ խանի հրամանով Երևան քաղաքից և Եղվարդ, Քանաքեռ, Նորագավիթ, էջմիածին, Օշական, Կարբի ու Հովհանավան գյուղերից խանական զորքի մեջ էին մտցվել ավելի քան 60 կորովի հայ հրացանավորներ. «Եւ ապա հրամայեաց զորականս առնել ի Հայոց, այսինքն՝ թուանքչի. և ժողովեցան աւելի քան զԿ, յԵղևարդայ և ի Քանաքեռոյ, յԵրևանայ, ի Նորագաւթայ, յէջմիածնայ, յՕշականոյ, յԱշտարակայ, ի Կարբոյ և ի Յովհաննուվանից, արք ընտիրք և կորովիք ի գործս թուանքչի. զնոսա և զօրս իւր առեալ՝ և եկեալ գնացեալ ի հիւսիսոյ կողմն Արադածոյ...»146։ Հայերը, ինչպես տեսնում ենք, Ամիրգունայի մշտական զորքի մեջ չէին մտնում։ Բայց նրանք վարժ հրացանաձիգներ էին և խանի հրամանով բոլոր դեպքերում այդպիսիներին կարող էին մասնակից դարձնել խանական զորքի մարտական գործողություններին։ Այդ և անուղղակի ուրիշ փաստերից երևում է, որ հայերը հմուտ էին հրազենի (թնդանոթ, հրացան, վառոդ) և՛ պատրաստման, և՛ գործածության մեջ։ Այլապես հանելուկային կլիներ այն իրողությունը, որ նրանք 1724 թվականին, առանց խանական զորքի, Երևանում երկար ժամանակ դիմադրել և հսկայական կորուստներ են պատճառել օսմանյան այն հսկա բանակին, որին առաջադրանք էր տրված գրավել ամբողջ Անդկովկասն ու Ատրպատականը։

Օսմանական և պարսկական բանակները զինված էին տարբեր տեսակի զենքերով։ Նրանց հիմնական զենքը հրազենն էր՝ իր տարբեր տեսակներով։ Թուրքական բանակում բավական մեծ տեղ էր գրավում հրետանին։ Մենք տեսանք, որ, օրինակ՝ Երևանի վրա հարձակվելու պահին Մուրադ IV-ի բանակի կազմում կար 600-ից ավելի հրանոթ։ Բավական մեծ թվով թնդանոթներ են հիշատակվում նաև դրանից առաջ՝ 1616 — 1617 թվականների պատերազմական գործողությունները նկարագրելիս147։ Օսմանյան բանակը մեծ թվով հրանոթներով էր զինված նաև XVIII դարի առաջին քառորդի պատերազմների ժամանակ։ Մասամբ դրանով կարելի է բացատրել

__________

145 Զաքարիա Սարկավագ, Պատմագրութիւն, հ. I, էջ 87։
146 Նույն տեղում, էջ 86։
147 Տե՛ս «Թուրքական աղբյուրները Հայաստանի, հայերի և Անդրկովկասի մյուս ժողովուրդների մասին», հ. II, էջ 98—99 և այլուր։

[էջ 55]

օսմանյան բանակի կողմից տարբեր ժամնակներում Երևանի բերդի համեմատաբար հեշտ գրավումը, իսկ երբ նույն բանակը 1617 թվականին 44 օր շարունակ մարտեր մղելուց հետո անհաջողության է մատնվում և ստիպված է լինում ուշ աշնանը նահանջել Կարս, փադիշահը (սուլթանը) խիստ զայրանում է զորավար Մուհամմեդ փաշայի վրա՝ «այդքան զինվորներով և գանձերով Երևանի նման հողաշեն բերդը չգրավելու» համար և հեռացնելով նրան, հրամայում է նոր արշավանք կազմակերպել Խալիլ փաշայի հրամանտարությամբ148։

Ավանդույթի ուժով և երկրի բնակլիմայական պայմաններից ելնելով, պարսկական բանակի մեծագույն մասը կազմում էր հեծելազորը։ Նրա կազմում թնդանոթներ քիչ են հիշատակվում։ Այսպես, օրինակ՝ 1604 թ. Երևանի վրա արշավող Շահ-Աբասի հսկա բանակն ըստ հիշատակության իր կազմում ուներ ընդամենը մի քանի թնդանոթ։ Եվ պատահական չէ, որ նա Երևանի բերդը գրավեց միայն 8 ամիս պաշարելուց հետո։ Այնպես որ եթե նա ուժեղ էր բաց դաշտում, ապա համեմատաբար թույլ էր ամրացված կետեր ու բերդաքաղաքներ գրավելիս։

Նեղ երևանադիտաթյան համար, սակայն, մեծ հետաքրքրություն է ներկայացնում Զաքարիա Սարկավագի մի ընդարձակ հիշատակությունը խանական զորքի և իր՝ խանի սպառազինության մասին։ Պարզվում է, որ Երևանի խանի զորքը, սովորական սպառազինությունից բացի, զինված էր նաև հրացաններով։ Հրացանակիրներ կոչվում էին «թվանքչի»-ներ և դրանք կարող էին լինել հայեր, որոնք ժամանակավոր էին և խանի հրամանով ծառայության էին կանչվում միայն այս կամ այն գործողություններին մասնակցելու համար149։ Պատմիչը մանրամասն նկարագրում և թվարկում է Ամիրդունա խանի սպառազինությունը, իսկ այն բաղկացած էր զրահից, սաղավարտից, կռնապանակից, նետերով լի կապարճներից, զիլֆԻղար կոչված թրից, լախտից, նիզակից, վահանից։ Անխոցելի էր ոչ միայն խանը, այլև նրա ձին ևս, որին նույնպես հագցնում էին պաշտպանական հագուստներ. «Եւ զգցեալ էր զզրեհն երկաթայ,— գրում է Զաքարիան,— որ է գեյիմ, և զսաղավարտն եդեալ ի գլուխն, և զկռնապանակն ի թևն. և այնպէս ամրացուցեալ զինքն ամենայն պատրաստութեամբ. նոյնպես և ունէր զգործի պատերազմին՝ զկապարճս լի նետիւք, և զթուրն՝ որ ասէին զիլֆիղար, և լախտն, և զնի-

__________

148 Տե՛ս «Թուրքական աղբյուրները Հայաստանի, հայերի և Անդրկովկասի մյուս ժողովուրդների մասին», հ. II, էջ 99 — 100։
149 Տե՛ս Զաքարիա Սարկավադ, Պատմադրութիւն, հ. I, էջ 85—86։

[էջ 56]

զակն, և արծաթեայ վահանն զթիկամբք, այսպէս և ագուցեալ էր զերիվարն... զկշտապանակն, զսրտապանակն, և ոչ գոյր տեղի՝ որ ոչ էր ծածկեալ. և այսպէս զինեալ և մղեաց ընդ դէմ թշնամեացն»150:

Ինչպես տեսնում ենք, խանի զենքն ու զրահը թանկարժեք էին, խանական։ Նրա շարքային զինվորները զինված էին շատ էժանագին ու հասարակ։

XVIII դ. առաջին քառորդի վերջերին սկսվում է օսմանապարսկական պատերազմների մի նոր շրջան։ Պատերազմն սկսվում է 1722 թվականին, Թուրքիայի կողմից։ Այս պատերազմում օսմանական Թուրքիայի նվաճողական բանակների դեմ կռվում էին հիմնականում Անդրկովկասի հայ, վրացի և ադրբեջանական ազատագրական ուժերը, որոնք զինված պայքարի էին ելել թուրք-պարսկական լուծը թոթափելու համար։ Այդ ընդհանուր պայքարին ակտիվ մասնակցություն է ունեցել նաև Երևանի ու նրա շրջակայքի գյուղերի բնակչությունը։ Ուստի թուրք-պարսկական այդ նոր պատերազմի մասին կխոսվի Երևանի 1724 թվականի հերոսական պաշտպանության հետ առնչված և դրան կանդրադառնանք ազատագրական ու սոցիալական շարժումներին նվիրված գլխում։

Երևանի, Սյունիքի ու Ղարաբաղի ազատագրական շարժումները ճնշելուց և պարսիկներին պարտության մատնելուց հետո, XVIII դ. 20-ական թվականների վերջերին թուրքերը գրավել էին ամբողջ Անդրկովկասը և պարսիկներին հարկադրել հաշտություն կնքել՝ երկու պետությունների միջև սահման համարելով Արաքս գետը։ Ճիշտ է, Պարսկաստանը աֆղաններից ազատագրելուց հետո Թահմազ-Ղուլի խանը (հետագայում՝ Նադիր-շահ) իր մի քանի փայլուն հաղթանակներով թուրքերին նեղն էր գցել և ժամանակավոր հաշտություն կնքել պարսիկների համար բավական ձեռնտու սլայմաններով, բայց պայմանագրի ժամկետր լրանալուց հետո նա գտնվում էր երկրի արևելյան մասում և մարտեր էր վարում ուզբեկների դեմ, իսկ Թահմազ II շահի՝ Երևանը ետ գրավելու համար թուրքերի դեմ ձեռնարկած մարտական գործողությունները ավարտվեցին նրա խայտառակ պարտությամբ151։ Թահմազ II-ը հարկադրված էր դիմել իր տաղանդավոր զորավարի ու մրցակցի՝ Թահմազ-Ղուլի խանի օգնությանը, թուրքերի դեմ հետագա գործողությունները ղեկավարելու համար վերջինիս Խորասանից իր մոտ

__________

150 Տե՛ս Զաքարիա Սարկավագ, Պատմագրութիւն, հ. I, էջ 86։
151 Տե՛ս Լեո, Հայոց պատմություն, հ. III, էջ 708։

[էջ 57]

կանչելով։ Սակայն մեծ զորքով Սպահան մտած Թահմազ-Ղուլի խանը Թահմազ II-ին գահընկեց է անում և շահ հռչակում նրա վեց ամսական Աբաս որդուն (1732 թ.)։ Այդ ժամանակվանից արդեն փաստորեն Պարսկաստանի տեր դարձած Թահմազ-Ղուլի խանը նորից է պատերազմ հայտարարում Թուրքիային։ Գործողությունները տեղի են ունենում Միջագետքի կողմերում և վերջ ի վերջո պսակվում են Թահմազ-Ղուլիի փայլուն հաղթանակով152։

Դրանից հետո ճնշում է երկրում ծագած ապստամբությունը և թուրքերի դեմ կռիվները վերսկսում այս անգամ արդեն Անդրկովկասի ուղղությամբ։ Այստեղ նրան ամենուրեք ուղեկցում էին հաղթանակները։ Թահմազ-Ղուլի խանին հաջողվում է կարճ ժամանակամիջոցում գրավել Թիֆլիսր, Գանձակը, Շիրվանը։ Նա ջարդում է Դաղստանից Անդրկովկաս ներխուժած Դավուդ-բեկի հրոսակներին և ետ շպրտում Կովկասյան լեռնաշղթայից այն կողմ։ Նրան հաջողվում է դիվանագիտական ճանապարհով ետ ստանալ ռուսների կողմից գրավված Դերբենդն ու Բաքուն՝ թուրքերի դեմ դաշնակցած կռվելու պայմանով153։

Անդրկովկասում Թահմազ-Ղուլի խանի (Նադիր-շահ) այս հաղթանակների պատճառներից գլխավորը մեր կարծիքով այն է, որ նա կարողացավ օգտվել թուրքական լծի դեմ անդրկովկասյան ժողովուրդների մղած պայքարից՝ զանագն խոստումներ և վարչա-քաղաքական կյանքում որոշ արտոնություններ տալով տեղի հասարակայնության վերնախավի ներկայացուցիչներին։ Եթե չլինեին, Ղափանի, Ղարաբաղի ապստամբական հուժկու շարժումները, Երևանի հերոսական պաշտպանությունը, մյուս վայրերում բնակչության կողմից թուրքական բանակներին ցույց տրված դիմադրությունը, որոնց հետևանքով թուրքական զորքերը կրում էին հսկայական կորուստներ, ապա դրանց հաջորդած 30-ական թվականների առաջին կեսին նոր ուժով բռնկված պատերազմում Թահմազ-Ղուլի խանը հազիվ թե այդքան մեծ հաղթանակների հասներ։ Թեպետ անժխտելի է նաև այն, որ Թահմազ-Ղուլի խանը տաղանդավոր զորավար էր և թշնամու նկատմամբ առավելության էր հասնում միշտ Հավատարիմ մնալով արագ գործելու և թշնամուն հանկարծակիի բերելու՝ ռազմագիտության մեջ արդարացված տակտիկային։

Թահմազ-Ղուլի խանի վերջնական հաղթանակը թուրքերի դեմ կապված է Երևանի գրավման հետ։ Թուրքերը հաշտ աչքով չէին կարող նայել Անդրկովկասում նրա ձեռք բերած հաջողություններին և

__________

152 Տե՛ս նույն տեղում, էջ 708—709։
153 Տե՛ս նույն տեղում, էջ 709։

[էջ 58]

ռուս–պարսկական լավ սկսված դիվանագիտական հարաբերությունների վրա։ Նրանք ձգտում են ամեն կերպ կանգնեցնել Թահմազ-Ղուլիի հաղթարշավը և ռուս-պարսկական ենթադրվող դաշնակցությունը։ Դրան հասնելու միակ ելքը թուրքերը համարում են ռազմականը։ Նրանք Անդրկովկասում, Քյոփրուլու-Աբդուլլա փաշայի հրամանատարությամբ, Թահմազ-Ղուլի խանի դեմ դուրս են բերում 100 հազարանոց մի մեծ բանակ և հույս ունեին, որ այդ բանակին անուղղակիորեն մեծ օգնություն ցույց կտա նաև Երևանի թուրքական կայազորը, որովհետև Երևանը դեռևս գտնվում էր թուրքերի ձեռքին։ Բայց այդ էլ չի փրկում թուրքերին։ Ականատես պատմագիր Աբրահամ Կրետացու վկայությամբ, Թահմազ-Ղուլի խանը իր զորքով գալիս է Ապարանի կողմից և անցնելով Շիրաղալայով ու Էջմիածնով բանակ է դնում Փարաքար գյուղի մոտ՝ այստեղից Երևանի վրա արշավելու համար։ Երևանի բերդապահ թուրքական զորքը Հաջի-Հուսեին փաշայի հրամանատարությամբ դուրս է գալիս բերդից ու ճակատամարտ տալիս պարսկական բանակի դեմ, բայց պարտվելով՝ վերստին փակվում է բերդում։ Այդ միջադեպից հետո Թահմազ-Ղուլի խանը թուրքական կայազորին չի հետապնդում, այլ բանակ է դնում Եղվարդի սարահարթում՝ սպասելով արևմուտքից թուրքական զորքի գալուն։ Շուտով խանին հայտնի է դառնում, որ թուրքական զորքը Քյոփրուլու-Աբդուլլա փաշայի հրամանատարությամբ անցել է Ախուրյանը (Արևմտյան Արփաչայ) և շարժվում է դեպի Երևան։ Թահմազ-Ղուլի խպնն ամրացնել է տալիս իր բանակատեղին՝ Աղթափասի բլուրը, և իրենց մոտ եղած ոչխարներն ու այծերը տիկ հանելով՝ դրանցով զորքի համար Հրազգան գետից խմելու ջուր բերել տալիս ջրազուրկ բանակատեղին։ Շուտով վրա են հասնում թուրքական զորքերը և 1735 թ. հուլիսի 8-ին երկու բանակների միջև տեղի է ունենում արյունահեղ ճակատամարտ։ Թուրքերը կրում են խայտառակ պարտություն և դիմում ուղղակի փախուստի։ Աբրահամ Կրետացու հիշատակության համաձայն թուրքերն այդ ճակատամարտում տվել են մոտավորապես քառասուն հազար սպանված, իսկ պարսիկներից իբր սպանվել են ընդամենը 17 — 20 հոգի154։ Դրանից հետո Թահմազ-Ղուլի խանը դարձյալ չի հարձակվում Երևանի վրա։ Նա Երևանի կայազորին զբաղեցնելու և իր թիկունքն ապահովելու համար Երևանի մոտ թողնում է մի քանի հազար մարդուց բաղկացած ուժեղ ջոկատ, իսկ ինքը հիմնական ուժերով առայժմ բարձրանում լեռնային շրջանները՝ ամառվա շո-

__________

154 Տե՛ս Աբրահամ կաթողիկոս Կրետացի, Պատմութիւն անցիցն իւրոց և Նատր-Շահին պարսից, Վաղարշապատ, 1870, էջ 18—19։

[էջ 59]

գից ազատվելու համար՝ ի նշանավորումն տարած հաղթանակի Աղթափասի բլուրը կոչելով «Մուբարեկ թափասի» (օրհնյալ բլուր, որի վրա կաթողիկոսի միջամտությամբ կառուցվել է խանի վրանի նմանությամբ մի հուշարձան )155։

Օսմանյան զորքի և պարսկական բանակի միջև տեղի ունեցած սւյդ ճակատամարտի մասին Աբրահամ Կրետացուց բացի, վկայություններ ունեն նաև Խաչատուր Ջուղայեցին, Աբրահամ Երևանցին, ֆրանսիացի ճանապարհորդ Շարդենը (ըստ որի ճակատամարտը տեղի է ունեցել ոչ թե Եղվարդի դաշտում, այլ վաղեմի Արտաշա– տի կողմերում), Հակոբ Շամախեցի գրիչը և ուրիշներ որոնք այս կամ այն չափով միայն լրացնում են առաջինի հաղորդած տեղեկությունները։ Դրանցից առանձնապես ուշագրավ է Հակոբ Շամախեցու ընդարձակ հիշատակարանը՝ գրված 1743 թվականին։ Նա չնազած մի փոքր խախտել է դեպքերի հաջորղականությունը, բայց միանգամայն արժանահավատ տեղեկություններ է հաղորդում Եղվարդի դաշտում տեղի ունեցած ճակատամարտի և հետագա անցքերի վերաբերյալ։ Նա գրում է, որ Եղվարդի դաշտում բանակ դրած Թահմազ-Ղուլի խանի զորքը հեռվից փոքրաթիվ էր երևում, ընդամենը մոտ 10000 մարդ և օսմանցիներն այդ պատճառով համարձակություն ձեռք բերելով նույնպես եկան իջան այստեղ, որպեսզի այստեղից էլ գնան Երևանի բերդը, որ գտնվում էր իրենց ձեռքում156։ Այնուհետև նա գրում է. «Զայն ժամ ուրախացեալ խանին (Թահմազ-Ղուլի խանը — Թ. Հ.)` վաղվաղակի իջանէ ՛ի բլորց անտի հանդերձ զօրօք՝ և հասանէ ի վերայ նոցա։ Խմբի պատերազմն, յաղթահարեն սաստկապէս՝ և ի փախուստ դառնան օսմանցիք։ Եթէ որպէս, աստ ո´չ գրեմ մանրամասնաբար, քանզի յայլ պատումիս գրել եմ զայնս։ Բայց աստ զայս միայն գիտասջիկ, զի ետ պատերազմին՝ ´ի թուելն զդիսկունս անկելոց գտանին ի օսմանցւոց. ԽՌ (40000) անձիք, և ի պարսից՝ Ժէ(17), և կամ քսանք...» ապա շաբունակում է. «Եւ ապա զզօրս կացոյց ի վերայ ամուր դզեկին Երեվանայ, առ ի պահել զայն զգուշութեամբք զի միելեք փախիցեն օսմանցիք։ Իսկ ինքն առեալ զզօրսն իւր ել ի լեառն Աղմաղան, ի հովանոց, վասնզի աւուրք ամարայինք էին»157։

Սակայն Թահմազ-Ղուլի խանը երկար չի մնում Աղմաղանի (Գեղամա) լեռների հովասուն լանջերին։ Երևանի բերդի վրա հսկող

__________

155 Տե՛ս նույն տեղում, էջ 19։
156 Տե՛ս Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ձեռ. № 8444, էջ 509ա— 509 բ։
157 Նույն տեղում, էջ 509 ա — 510ա։

[էջ 60]

ջոկատը թողնելով, որ շարունակի զբաղեցնել թուրքական կայազորին, ինքը հիմնական ուժերով դիմում է դեպի արևմուտք՝ դեպի Կարս։ Շուտով նա իր զորքով բոլոր կողմերից պաշարում է Կարսի բերդը158։ Կարս գնալու ժամանակ և նրա բերդը պաշարելուց հետո Թահմազ-Ղուլի խանը ասպատակային խմբեր է ուղարկում Թուրքիայի տիրապետության տակ գտնվող Բայազետի, Կաղզվանի, Չլդրի, Արդահանի, Օլթիի, Էրզրումի և այլ շրջաններ։ Սրանք ավերում են տասնյակ բնակավայրեր և բնակիչներին իրենց ունեցվածքով քշում, բերում պարսկական բանակատեղին159, իսկ այստեղից էլ՝ հարյուրավոր ընտանիքներ գաղթեցնում դեպի Պարսկաստանի խորքերը։ Այդ ժամանակաընթացքում Թահմազ-Ղուլի խանը Կարսի բերդի պաշարման օղակն ավելի ու ավելի է նեղացնում, բերդապաշտպան թուրքական զորքը ընկնում է անելանելի դրության մեջ և լսելով նշված շրջանների ամայացման ու դրանց բնակիչներին գերեվարելու մասին, այն ուղղակի հուսալքվում է։ Այնուհետև հիշատակագիրը պատմում է, որ Կարսի բերդից պատվիրակներ ուղարկվեցին Էրզրում, որպեսզի հաշտություն կնքվի Թահմազ-Ղուլիի հետ՝ Երևանը նրան հանձնելու պայմանով։ Նեղն ընկած թուրքերը Էրզրումից հատուկ պատվիրակություն են ուղարկում Կարս, որը կարճատև բանակցություններից հետո համաձայնության է գալիս խանի հետ՝ Երևանը նրան հանձնելու, Կարսի պաշարումը վերացնելու և պարսկական զորքի հետագա հարձակումը դադարեցնելու համար։ Հակոբ Շամախեցին հետևյալ կերպ է պատմում այդ դեպքերի մասին, «Յորժամ զայս տեսին և լուան Ղարսեցիք՝ խոստացան զբերդն Երևանայ դատարկել և տալ նմա։ Վասն որոյ յղեցին զոմանս ´ի մեծաւորաց իւրեանց ´ի յԷրզրում, սակս այսր խորհրդոյ, որք և միաբանեալք ´ի յԷրզրումայ անտի՝ զարս երևելիս որպէս դեսպանս յղեցին առ յաջողաբաղդ խանն Թահմազղուլի, վասն դատաբկեցւոցնելոյ զԵրևանայ զբերդն։ Զայս իբրև լուաւ խանն՝ուրախացաւ՝ և խլայեաց (պարգև տվեց — Թ. Հ.) զդեսպանս...»160։ Այնուհետև նա հաղորդում է, որ Թահմազ-Ղուլին իր խաներից մեկին ուղարկում է Երևանի բերդն ընդունելու համար՝ թուրքական կայազորին և Թուրքիա գնալ ցանկացող օսմանցիներին ազատ արձակելու պայմանով։ Սեպտեմբերի 22-ին Երևանի բերդը հանձնվում է պարսիկներին, իսկ Թահմազ-Ղուլի խանը առանց այստեղ գալու Կարսից ուղղակի գնում

__________

158 Տե՛ս նույն տեղում, էջ 510ա։
159 Տե՛ս Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ձեռ. № 8444, էջ 510ա— 510բ։
160 Նույն տեղում, էջ 510բ։

[էջ 61]

է Թիֆլիս. «...Եւ խանն ոմն կարգեաց (Թահմազ-Ղուլին — Թ. Հ.) գալ յԵրևան, — գրում է Հակոբ Շամախեցին, — և զբերդն դատարկել։ Որք եկեալ աստ դատարկեցին զբերդն և ի միջի եղեալ Օսմանցիքն եղեալք անվնաս գնացին յաշխարհն իւրեանց հանդերձ ստացուածովք իւրեանց... որ էր օր իբրև սեպտեմբերի ամսոյ։ Ուստի խանն մեծ յարուցեալ ՛ի Ղարսայ անդի գնաց ի Թիֆլիզ...»161։

Սակայն 1735 թվականի սեպտեմբերի 22-ին պարսիկների կողմից Երևանի գրավումր և դրա հետ կապված անցքերը ավելի մանրամասն ու որոշակի տվյալներով հագեցված նկարագրում է ականատես Աբրահամ Կրետացի պատմագիրը։ Ահա թե ինչ է հաղորդում նա. «Եւ ապա զիջան և Հագարացիքն ´ի բարձրավզութենէ և ՛ի գոռոզութենէ իւրեանց. և ելեալ յԱրզրումայ արք ոմանք երևելիք և եկին իբրև դեսպանս առ Խանն, որ դեռևս նստեալ կայր ´ի վերայ Ղարսայ. և միաբանեալ ընդ Ղարսեցւոց մեծամեծացն գնացին առ Խանն յաղերս և յաղաչանս, զի մի՛ աւերեսցէ զերկիրն իսպառ. և խոստացան տալ զԵրևան։ Յորմէ բերկրեցաւ Խանն. և պատուեաց զնոսա խիլայիւ. և եղեալ ընդ նոսա Խան մի... սակաւ. ձիաւորօք, և յղեաց. Երևան, որ և եկեալ՝ նախ՝ յանդիման եղեն Պապա խանին, որ նստեալ ի Քալարէն՝ ունելով ընդ իւր զԵրևանայ Խանն և զՍարտար խանն, և առեալ ´ի նմանէ ևս մարդ և հրաման, և ապա մտան ´ի Երևան՝ համոզել զնոսա ´ի խաղաղութիւն և տալ զբերդն Խանին։ Եւ յետ Գ. Դ. աւոր, ել համբաւ թէ՝ ահա տալու եղան զԲերդն՝ այնու պայմանաւ, որ զպատերազմական պատրաստութիւնս՝ որ է հրահանելիքն, և ճապխանայն [վառոդատուն— Թ. Հ.] կիսեսցին, զկէսն տարցեն ընդ ինքեանս, զկէսն թողիցեն ՛ի բերդին։ Եւ այնպէս ուխտք և դաշինք հաստատեցին, և խնդրեցին սայլ՝ զի բարձցեն զինչս իւրեանց. որ և ետուն զճ. սայլ երկրայ, որում բարձեալ զկահն և զկարասիս իւրեանց, ելին ´ի բերդէն ´ի սեպտեմբերի ԻԲ. օրն՝ Բ շաբթի Վարագայ սուրբ Խաչի պահոցն, և տարեալ հասուցին մինչև ցեզրն Ախուրյան գետոյն... գնալ անտի ´ի Ղարս. և սայլավորքն հանդերձ սայլիւք դարձան յիւրաքանչիւր տեղիս իւրեանց։ Իսկ Խանն դարձ արարեալ ´ի Ղարսայ, գնաց ի Թիֆլիզ»162։

Այսպես, ուրեմն, Թահմազ-Ղուլի խանի կողմից Կարսի բերդի պաշարումը և շրջակայքի գավառների ամայացումը ծնկի է բերում գոռոզ օսմանցիներին, որոնք հատուկ պատվիրակության միջոցով խնդրում են խանին խաղաղության դաշն կնքել Երևանի բերդը (և

__________

161 Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ձեռ. 8444, էջ 510 բ։
162 Աբրանամ կաթողիկոս Կրետացի, Պատմութիւն անցիցն իւրոց և Նատր Շահին Պարսից, էջ 23։

[էջ 62]

Երևանի խանությունը) կամովին նրան հանձնելու պայմանով։ Թահմազ-Ղուլի խանն ընդունում է օսմանցիների առաջարկը և իր խաներից մեկին մի փոքրիկ հեծյալ ջոկատով ուղարկում է բերդն ընդունելու համար։ Ճանապարհին այդ ջոկատին հանդիպում է Քալարա գյուղում գտնվող Բաբա խանը, որը նույնպես որոշ թվով զինվորներ է տալիս Երևան գնացող խանին, բավական մեծացնելով նրա ջոկատը։ Երևանում բանակցությունները երկար չեն տևում և դրանք բացառապես վերաբերում էին բերդը հանձնելու կարգին ու պայմաններին։ Երեք-չորս օրվա ընթացքում կողմերը համաձայնության են գալիս։ Թուրքական կողմը բերդը հանձնում է այնտեղ եղած զենքերն ու վառոդի պաշարը կիսելու պայմանով։ Այնուհետև, պատմիչի ասելով պարսիկները ըստ պայմանի 100 սայլ տվեցին օսմանցիներին՝ նրանց ունեցվածքը մինչև Ախուրյան գետը տանելու համար։ Օսմանյան կայազորը Երևանի բերդը հանձնել և այնտեղից դուրս է եկել 1735 թվականի սեպտեմբերի 22-ին, երկուշաբթի։

Դրանից հետո Երևանն ընդհուպ մինչև Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացնելը մնաց պարսիկների տիրապետության տակ։ Սակայն այն համանուն խանության հետ միասին եթե Նադիր-շահի օրոք (1736 — 1747 թթ. Թահմազ-Ղուլի խանը 1736 թվականի ձմռանը Մուղանում հռչակվել էր Պարսից շահ՝ Նադիր-շահ անունով) անմիջապես ենթակա էր Պարսկաստանին, ապա նրա մահից մինչև Աղա-Մամեդ խանի արշավնքն ուներ կիսանկախ վիճակ կամ երբեմն հարկատու էր Վրաստանի թագավորներին, որոնք իրենց հերթին նույնպես որոշ չափով ենթակա էին պարսից շահերին։

Նադիր-շահի թագավորության տարիներին Երևանի քաղաքական կյանքում էական փոփոխություններ ու դեպքեր տեղի չեն ունեցել, եթե չհաշվենք վարչական վերափոխությունները, որոնց մասին կխոսվի համապատասխան տեղում։ Միայն պետք է նշել, որ Երև֊ անը գրավելուց հետո խան է նշանակվում Մամեդ-Ղուլի խանը, որը սերած էր դեռևս Շահ-Աբաս I-ի օրոք մահմեդականություն ընդունած Գողթն գավառի Մուսաբեկյան բնիկ տոհմից։

1735 թվականի դեպքերով ընդհանրապես ավարտվում են նաև թուրք-պարսկական պատերազմները, որոնք ընդհատումներով տևել են 222 տարի՝ 1513 — 1735 թթ.։

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր՝ Հակոբյան Թ., Երևանի պատմությունը (1500—1800 թթ.). – Եր., Երևանի համալսարանի հրատարակչություն, 1971։
Scanned: Վահագն Մխոյան
OCR: Դիանա Ազատյան
Ուղղագրում՝ Լինա Քամալյան

Տես նաև
Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice