ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian
Թադևոս Հակոբյան

ԵՐԵՎԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ (1500–1800 ԹԹ.)

Previous | Բովանդակություն | Next

[էջ 326]

VII. ՔԱՂԱՔԻ ԿՈՄՈՒՆԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈԻ ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔԸ

Քաղաքի ավերումը պատերազմների և 1679 թվականի երկրաշարժի հետևանքով։ Քաղաքի արտաքին ընդհանուր տեսքը։ Թաղամասերն ու արվարձանները։ Ներքին կյանքը։ Շուկան և հրապարակները։ Բաղնիքները, քարավանատները, գերեզմանոցը։ Տների կառուցվածքն ու բակերը։ Խմելու ջուրը։ Եկեղեցիներ, մզկիթներ, կամուրջներ։ Բերդն ու խանի ապարանքը։ Ժ. Շարդենի նկարագրած հին աշտարակը:

Քաղաքական պատմությունը շարադրելիս մենք տեսանք, որ մեզ հետաքրքրող ժամանակներում Երևանին բախտ չէր վիճակված բնականոն ընթացքով զարգանալու։ Թուրք-պարսկական երկարատև պատերազմների ընթացքում այն բազմաթիվ անգամ ավերվել ու ձեռքից ձեռք էր անցել։ Յուրաքանչյուր այդպիսի ավերումից հետո հարկ է եղել ավերակների կույտերից քաղաքը նորից վերաշինել ու տեսքի բերել։ Ճիշտ է նկատում Երվանդ Շահազիզը, Երևանը ավերակների կույտի էր վերածվել հատկապես սուլթան Սելիմի (1514), սուլթան Սուլեյմանի (1534), սուլթան Մուրադ IV-ի (1635), սուլթան Ահմեդի (1724) դեպի Երևան կատարած արշավանքների ու նրա գրավման ժամանակ։ Քաղաքը նույն բախտին էր արժանանում նաև պարսիկների կողմից ետ գրավվելու պահերին1։ Խաղաղ տարիներին, անկախ դրանց տևողությունից, որոշ հոդ է տարվել քաղաքը վերականգնելու և պատերազմների հետևանքով ավերված բերդը, թաղերն ու տները վերանորոգելու համար։ Շինարարական աշխատանքներով աչքի են ընկել թուրքական փաշաներից Ֆահրադը, որի օրոք, XVI դ. 80-

__________

1 Երվանդ Շահազիզ, Հին Երևանը, էջ 86: Հմմտ. П. Т. Арутюнян, Освободительное движение армянского народа в первой четверти XVIII века, էջ 165—166:

[էջ 327]

ական թվականների սկզբներին կառուցվել է Երևանի՝ մինչև մեր դարի սկզբները հասած բերդը, իսկ պարսկական խաներից՝ Ամիրգունան, Զալխանը և Խոսրովը։ Ամիրգունան Երևանում խան էր կարգվել 1605 թվականին Շահ-Աբաս I-ի կողմից մեծ բռնագաղթը կատարելուց և Արարատյան աշխարհն ու նրա կենտրոն Երևանը հայաթափ անելուց հետո։ Ամիրգունան լավ էր հասկացել, որ թուրքական առաջխաղացումը խափանելու համար անհրաժեշտ է ոչ թե ավերել ու ամայացնել նրանց ճանապարհին ընկած Երևանի սահմանային խանությունը, այլ բնակեցնել ու շենացնել դրա ավերված բնակավայրերը, որոնց թվում նաև Երևանը։ Իզուր չէ, որ մեր ազգային հեղինակները գովեստով են խոսում Ամիրգունա խանի անձի և նրա գործունեության մասին։ Ահա թե նրան ինչպես է նկարագրում Զաքարիա Սարկավագը.

«Յորժամ էառ զԵրևան Շահ-Աբաս թագաւորն Պարսից, կարգեաց անդ իշխօղ զԱմիրգունայ խանն, այր քաջ՝ և սրտապինդ՝ և արի ի պատերազմունս, անահ և աներկիւղ, շէնարար և սիրող քրիստոնէից։ Սա ի տիրելն իւրում Երևանայ, իսկոյն ձեռն էարկ շինութեան և մարդաշատութեան։ Նախ սկսաւ շինել բերդն, և ապա ապարանս, և զայգիս, և զբոստանս, զպարտեզս, և զհանել զառուս, և առաւելուլ զջուրսն»2։

Պարզ է, որ նրա ձեռնարկած շինարարական աշխատանքների մեծագույն մասը կատարվել է Երևանում։ Նա վերաշինել է Երևանի ավերված բերդը, կարգի է բերել քաղաքի ոռոգման առուները, տնկել է տվել նոր այգիներ ու պարտեզներ։

Պատերազմներից բացի, Երևանը շատ էր տուժում նաև բնական աղետներից՝ երկրաշարժներից և Գետառի սելավներից։ Երևանի պատմության մեջ մեզ հայտնի ամենակործանիչ երկրաշարժը տեղի է ունեցել 1679 թվականի հունիսի 4-ին։ Այդ երկրաշարժը (որի մասին մանրամասն խոսվում է աշխատության առաջին գրքում, քաղաքի բնական պայմանները բնութագրելիս) նկարագրված է շատ հեղինակների՝ պատմագիրների, ժամանակագիրների և զանազան գրիչների կողմից։ Դրանց վկայությունները պատմագիտական առումով քննարկված են համապատասխան տեղերում և հարկ չենք համարում նորից անդրադառնալ։ Բայց Զալ-խանի ժամանակ կատարված շինարարական աշխատանքների մասին անհնար է խոսել առանց դրանցից որևէ մեկին

__________

2 Զաքարիա Սարկավագ, Պատմագրութիւն, հ. I, էջ 45 — 46։

[էջ 328]

վկայակոչելու։ Հարմար ենք համարում վկայակոչել Զաքարիա Ագուլեցուն, որի հիշատակությունը երկրաշարժի ընթացքի, հետևանքների և պատճառած վնասները վերացնելու վերաբերյալ համառոտ է, բայց որոշակի։ Նա գրում է. «1128 (1679 թ.) յունիսի Դ ումն Երևան օրն Դ շաբաթ, Ե սհաթումն յանկարծակի քամի վեր կացաւ, դղրթում, որոտումն, այնպէս շարժ եղև, որ ական թօթափելու ամէն փլաւ. որ Նորագավթայ մինչի Գօգչէն, Ղէնարէն մինչի Էջմիածին ամէն վեր եկաւ։ Երևանայ Բ եկեղեցին, Երևանայ անապատն, Ձորագեղու եկեղեցին, Քեղարթու վանքն, Ամենայփրկիչն ամէն վեր եկաւ։ Քեղարթու Ըստեփանոս վարդապետն Երևանայ անապատումն մնաց հողի տակ։ Երևանայ բերթն, խանի տներն, թէ համամ, թէ մաջիթ, թէ մինարէ, ամէն վեր եկաւ։ Մինչի Ը, Թ օրի հողի տակի մեռել ին հանում։ Տուն կեր մին ե, ը, թ ջան մեռաւ։ Այս երկրումս Էռզճ (7600) ջան մեռաւ»3։

Ինչպես տեսնում ենք, երկրաշարժը մեծ ավերածություններ էր առաջացրել մանավանդ Երևանում։ Փլվել էին եկեղեցիները, մզկիթները, բերդը, խանի ապարանքները, բաղնիքները։ Ավերակների կույտի էին վերածվել քաղաքի բնակելի թաղամասերը։ Մարդկային զոհերի թիվը հասնում էր 7600-ի։ Փաստորեն քաղաքի և նրա շրջակայքի տնտեսական կյանքը կանգ էր առել, հողի տակ մնացած դիակները հանելու և թաղելու համար օրեր շարունակ կատարում էին պեղումներ։ Երևանի այն ժամանակվա Զալ-խանը իր և պարսկական պետության ընդհանուր շահերից ելնելով պետք է շուտափույթ միջոցներ ձեռնարկեր երկրաշարժի հետևանքները վերացնելու և խանության տնտեսական բնական ընթացքը վերականգնելու։ Նույն պատմագրի ասելով. «Զալ-խան շահին արզ արեց. այսպէս երկիրս սիթամ ելաւ։ Խանն մարդ ղրկեց, Գանջու ըճ մարդ եկաւ, Նախջիվանայ Մահմադ-Ըռզայ խան եկաւ իր ասկարովն, ամէն սուլթաններն եկաւ, բերթի չորս կողմն ասկար նստաւ, թէ չուրի\\Շահ-Սլէման թագաւորէն մարդ գայ։ Դարցեալ, յուլիսի մէկումն չափար գայ Թարվեզ Ադրբեջանայ վէզիր Միրզայ Իբրահիմի վերայ, թէ՝ դու գնայ, Երևան նստէ, թագաւորական դրամով շինէ։ Ահայ յուլիսի ԺԲումն Միրզա Իբրահիմ մտաւ Երե-

__________

3 Զաքարիա Ագուլեցի. Օրագրություն, էջ 143։

[էջ 329]

ւան։ Յուլիսի ԻԳումն Երևանա յ չափար եկաւ շահի հօքմով, Աքուլաց ի Դաշտէն ՒԳ մարդ տարաւ Երևան, որ բերթի վերայ բան անէն։ Ոչ թէ միայն Աքուլաց, ամէն երկրի տարան։ Մինչև ԼԳ թուման Աքուլաց ու Դաշտէն խարջ գնաց։ Այսպէս այս խան ու բէկլար կացին, մինչի ձուն եկաւ։ Ապա շահէն դաստուր եկաւ, ամէն մարդ գնաց իւր տեգն։ Ապա շինութիւն կիսատ մնաց. փոքր-փոքր շինում են»4։

Ուրեմն այսպես, երկրաշարժի հետևանքով փաստորեն կործանված Երևանը վարաշինելոլ համար Զալ-խանը դիմում է շահին։ Խուճապը կանխելու և օգնության համար Երևան են գալիս Գանձակից (Գանջա) 800 մարդ, Նախիջևանից Մահմադ Ռզա խանն իր զինվորներով և ուրիշներ։ Շահի հրամանով հուլիսի 12-ին Երևան է գալիս Ատրպատականի կուսակալը՝ Միրզա Իբրահիմը, որին հանձնարարված էր պետական միջոցներով կարճ ժամանակամիջոցում վերականգնել խաների աթոռանիստը՝ Երևանի բերդը։ Հարկադիր աշխատանքի են քշվում տարբեր խանություններից բազմաթիվ մարդկանց, որոնց վարձն ամբողջությամբ կամ դրա մեծ մասը տրվում էր տվյալ համայնքի կողմից։ Միայն Ագուլիսից և Դաշտից Երևան հարկադիր աշխատանքի է ուղարկվում 23 մարդ։ Այդ արտակարգ հարկադիր աշխատանքները շարունակվում են մինչև ցրտերն ընկնելը, որից հետո շահի հրամանով յուրաքանչյուրը վերադառնամ է իր տեղը, բերդի շինությունը թողնելով կիսատ։ Երևանի բերդի վերաշինությունը շարունակվում է և ավարտվում հաջորդ տարիների ընթացքում։ Բերդից բացի, վերականգնվում են նաև եկեղեցիները, մզկիթները, կամուրջները, բնակելի աները։ Աղբյուրների վկայություններից երևում է, սակայն, որ երկրաշարժի հետևանքները երկար ժամանակ իրենց զգացնել էին տալիս, դրանք 90-ական թվականներին տակավին նկատելի էին։ Այնուամենայնիվ, այն ժամանակվա պայմաններում ավերված մի բավական խոշոր քաղաքի և բազմաթիվ գյուղերի վերականգնումը պահանջում էր հսկայական ծախսեր ու երկար ժամանակ։ Եվ միանգամայն բնական է, որ մեր հեղինակներն այդ ժամանակվա Զալ-խանին ներկայացնում են դրական գույներով, որպես ձեռներեց և շինարարության համար հոգացող իշխանավորի։

Երևանում շինարարական աշխատանքներ են կատարվել նաև Խոսրով-խանի և ուրիշ խաների օրոք։ Սակայն իրենց մաշստաբներով դրանցից և ոչ մեկը չի կարող համեմատվել Ամիրգունայի

__________

4 Զաքարիա Ագուլեցի, Օրագրություն, էջ 143—144։

[էջ 330]

և Զալ-խանի օրոք ծավալված շինարարական աշխատանքների հետ, իսկ դրանք հարուցվել էին ոչ թե քաղաքի բնականոն զարգացման (որը բացակայում էր մեր մայրաքաղաքի պատմության այդ դարաշրջանում) հետևանքով, այլ՝ ավերիչ պատերազմների և կործանիչ երկրաշարժի։ Ավերված Երևանը յուրաքանչյուր անգամ վերականգնելիս նախկինի համեմատությամբ կրում էր զգալի փոփոխություններ։ Այն իր նախկին տեսքով չի պահպանվել մինչև XIX դարի սկզբները։ Օրինակ՝ 1679 թվականի երկրաշարժից առաջ Երևանի բերդն ունեցել է այլ տեսք։ Ժ. Շարդենի կողմից 1673 թվականին նկարված այդ բերդը մինչև երկրաշարժն ունեցել է հոյակապ տեսք, նրա աշտարակներն ու բուրգերը, ատամնավոր պարիսպները սքանչելի տեսարան են ներկայացրել մանավանդ Հրազդանի ցածրադիր աջ ափից դիտելիս։ Մինչդեռ քաղաքի՝ հետագայում վերափոխված բերդն իր կառուցվածքներով այնքան մեծ տպավորություն չէր թողնում։

Թուրք պատմագիր Փեչևի-Իբրահիմը, խոսելով XVI դարի 80-ական թվականներին թուրքական զորքերի կողմից Երևանի ավերման մասին, գրում է. «Անադոլուի բեյլերբեյի Ջաֆեր փաշան ֆերմանով սերդար նշանակվեց և Երևանի կողմն ուղարկվեց, նրան ուղեկցեցին երեք բեյլերբեյեր իրենց զինվորներով։ Նրանք [ուղարկվածները] ասում էին. «Երևանի երկրում իշխող Թոքմաք խանը, որը կողոպտում է ձիարած տղաներին և բանակի բեռնատարներին, թող տեսնի, թե այդ բանը [կողոպուտը] լա՞վ է»։ Այսպես ասելով նրանք սկսեցին կողոպտել և թալանել Երևան քաղաքն ու երկիրը։ Այնտեղի [Երևանի] բոլոր ոսկեզօծ և գեղեցիկ կառուցված պալատներն ավերեցին և գետնին հավասարեցվեցին, գեղազարդ և ոսկեփայլ կամարներն ու ծածկերը [չարդախ] խորտակվեցին և 20 հազարից ավելի կանանց ու երեխաների գերի տարան»5։

Թուրք պատմագրի ասածները վերաբերում են ոչ թե քաղաքի ու նրա բերդի ամրությանը, որի դեպքում թուրքական բանակի «քաջագործություններն ու տարած հաղթանակները» մեծարելու համար կարող էր չափազանցնել, այլ ուղղակի քաղաքի շքեղությանը, նրա «ոսկեզօծ» ու «գեղեցիկ» պալատներին, «գեղազարդ և ոսկեփայլ կամարներին ու ծածկերին», որոնց գեղեցկությունն ու շքեղությունը չափազանցնելու համար նա չուներ որևէ առիթ։ Ուրիշ կերպ ասած, Փեչևի-Իբրահիմից մեջբերված վկայության

__________

5 Տե՛ս «Թուրքական աղբյուրները Հայաստանի, հայերի և Անդրկովկասի մյուս ժողովուրդների մասին», հ. Ա, էջ 46—47։

[էջ 331]

այն մասը, որը վերաբերում է XVI դարի վերջերի Երևանի շքեղ պալատներին ու այլ կառուցվածքներին, չի կարելի արժանահավատ չհամարել։ Հետևապես Երևանի բերդն ու քաղաքի կենտրոնական մասն ամենայն հավանականությամբ մինչև 1679 թվականի երկրաշարժը համեմատաբար ավելի շքեղ է եղել, քան հետագայում։

Ինչ էլ ուղում է լինի, Երևանը մեզ հետաքրքրող ժամանակներում եղել է ասիական տիպի քաղաք։ Նրա ամուր բերդն ու խանի ապարանքները ինչքան էլ շքեղ լինեին, այնուամենայնիվ, փոքրիկ բծեր էին հսկայական տարածության վրա փռված կավակերտ քաղաքում և որևէ չափով չէին փոխում վերջինիս ընդհանուր գորշ տեսքը։ Արևելյան մյուս քաղաքների նման Երևանը ևս չուներ որևէ հատակագծում։ Կառուցումները կատարում էին կամայական կերպով, ով որտեղ և ինչպես ցանկանում էր։ Կատարյալ քաոսի վերածվելուց քաղաքը փրկվում էր միայն նրանով, որ տներն իրենց կից ունեին պարտեզներ ու այգիներ և կառուցված էին իրարից որոշակի հեռավորության վրա։

Երևանի արտաքին տեսքի նկարագրությունները հիմնականում սկսվում են XVII դարի երկրորդ կեսից։ Նրա արտաքին ընդհանուր տեսքի համակողմանի առաջին նկարագրողը ֆրանսիացի ճանապարհորդ Շարդենն է, որը Երևանում եղել է մեծ երկրաշարժից առաջ, 1673 թվականին։

Ճշմարտության առաջ չմեղանչելու համար պետք է ասել, որ Երևանի բերդի ու առանձին թաղամասերի տեսքը մասնակիորեն նկարագրվել են նաև Շարդենից առաջ թուրքական պատմագիր Փեչևի-Իբրահիմի, եվրոպական ճանապարհորդ Տավերնիեի և այլոց կողմից։ Փեչևի-Իբրահիմի վկայությունը Երևանի պալատների ու մյուս հայտնի կառուցվածների մասին արդեն նշվեց վերևում։ Տավերնիեից առաջ, XVII դարի 30-ական թվականներին Հայաստանամ եղած եվրոպական մի ուրիշ ճանապարհորդ՝ Ադամ Օլեարին թվարկում է Արաքսի ու Կուրի միջև ընկած շրջաններն ու գրանցում եղած քաղաքները, բերդերը։ Նշված գետերի միջև ընկած փոքր երկրները թվարկելիս նա երրորդը նշում է Երևանը (Երևանի խանությունը). «Իրանը..., որը մեծամասամբ, հատկապես հասարակ մարդիկ, կոչում են Ղարաբաղ (Karabach), այն երկիրն է, որը ընկած է երկու ազնիվ գետերի՝ Արաքսի և Կուրի միջև... և որն իր մեջ ընդգրկում է Հայաստանի ու Վրաստանի մի մասը...։ Դա միանգամայն արգավանդ ու հարուստ երկիր է... և բաժանվում է մի քանի փոքր երկրամասերի, որոնցից կարևորագույններն

[էջ 332]

են՝ Կապանը..., Սիսիանը..., Երևանը...»6: Մինչդեռ դրանցում եղած քաղաքներն ու բերդերը թվարկելիս Երևանի անունը բաց է թողել աքն դեպքում, երբ նշանավոր քաղաքների հետ միասին նա հիշատակում է նաև երկրորդական-երրորդական շատ քաղաքներ, գյուղաքաղաքներ ու բերդեր7։ Այդ պարզապես վրիպում է, որովհետև Երևանն այն ժամանակվա Անդրկովկասի ամենահայտնի բերդն էր և խոշորագույն քաղաքներից մեկը։ Պետք է նկատի ունենալ, որ եվրոպացի ճանապարհորդը սոսկական թվարկումից բացի, ուրիշ կոնկրետ տեղեկություններ չի հաղորդում նաև մյուս քաղաքների ու բերդերի մասին։ Նրա ասելով ինքը պարսիկներից ձեռք էր բերել Ղարաբաղի (ըստ նրա Արաքս և Կուր գետերի միջև ընկած ամբողջ երկիրը) «պատկերը» (քարտեզը) և դրա բերդերի նկարագրությունները, բայց չի կարողացել դրանք բոլորը զետեղել իր ճանապարհորդական նոթերի մեջ։ Նա գրում է. «Ես այն պարսիկներից ձեռք եմ բերել... Ղարաբաղի երկրի պատկերը, այս կամ այն բերդում եղած ուշագրավ բաների նկարագրությամբ հանդերձ, քանի որ դրանք ընկած են թուրքական սահմանի վրա և հաճախ ենթարկվում են հարձակումների։ Բայց որպեսզի այդ բոլորը մեջ բերվի այստեղ, ես պետք է խճճվեմ բավական լայն նկարագրությունների մեջ։ Այդ պատճառով ես դրանք կզետեղեմ ավելի հարմար տեղ, ուրիշ մի քանի առարկաների նկարագրության կողքին, որոնք ես, հայտնի պատճառներով, չեմ կարող տեղադրել այս հրատարակության մեջ, բայց կաշխատեմ, աստծու ողորմածությամբ, շուտով հայտնի դարձնել բոլորին»8։

Կատարե՞լ է արդյոք նա իր խոստումը, մեզ համար մնում է անհայտ։ Սակայն մի բան հայտնի է, որ նրա չհրապարակված կամ հրապարակված, բայց մեզ համար անհայտ մնացած այդ նյութերի ու նկարագրությունների մի մասը վերաբերում է Երևանին և նրա հայտնի բերդին։ Առայժմ դժվար է կռահել դրանց բնույթն ու ծավալը, բայց աներկբայելի է, որ դրանք Տավերնիեի ու Շարդենի վկայությունների հետ միասին հիմք կարող են ծառայել այն ժամանակվա Երևանի ու նրա բերդի նկարագիրը վերականգնելու համար։

Շարդենից ընդամենը 18 տարի առաջ, 1655 թվականին Երե-

__________

6 Адам Олеарий, Путешествия Голштинского посольства в московию в Пенсию в 1633, 1636 и 1639 годах, Москва, 1870, էջ 699:
7 Նույն տեղում, էջ 699 — 700։
8 Նույն տեղում, էջ 700։

[էջ 333]

վանում եղել է դարձյալ ֆրանսիացի ճանապարհորդ Տավերնիեն։ Նա իր ճանապարհորդական նոթերում նկարագրել է նաև Երևան քաղաքն ու նրա բերդը, ինչպես և իր գրքում զետեղել է քաղաքի հատակագիծը։ Տավերնիեի ասելով Երևանի բերդը պատած է եղել պաշտպանական ամուր պարսպով, որի արևմտյան հատվածը ուղիղ գիծ է կազմել և ձգվել է Հրազդանի բարձրադիր ձախ ափով՝ սարդարի ապարանքների մոտից մինչև Գետառի ու Հրազդանի գետախառնուրդը, իսկ հյուսիսային, արևելյան ու հարավային հատվածները, որոնք անընդմեջ միացած են եղել իրար հետ և Հրազդանի ափին զուգահեռ ուղիղ գծով ձգվող հատվածի հետ միասին բոլոր կողմերից փակել են բերդը, ունեցել են անկանոն աղեղի ձև և ամրացված են եղել հինգ աշտարակներով։ Բերդն ունեցել է միայն մի դուռ, որը բացվում էր դեպի հյուսիս։ Բերդի մշտական բնակիչները բացառապես մահմեդականներ էին։ Բուն քաղաքը բերդից բաժանված է եղել մի ընդարձակ ու անմշակ տարածությամբ։ Տավերնիեի թողած հատակագծից երևում է, որ քաղաքն այն ժամանակ տարածվում էր Հրազդանի ձորում և նրա ձախակողմյան լեռնոտ ափերին գտնվող Ձորագյուղից հյուսիս ու մասամբ հյուսիս-արևելք, դեպի Կոնդ և Շահար9։

Իր նախորդների համեմատությամբ Երևան քաղաքի և նրա բերդի ընդհանուր տեսքն ամենից մանրամասն նկարագրել է Ժ. Շարդենը, նշելով նաև եկեղեցիները, մզկիթները, հրապարակները, բաղնիքները, քարավանատները։ Նա նույնիսկ հետաքրքրվել է Երևանի բնական պայմաններով, նրա անվան ծագման ու հնագույն շրջանի պատմության հարցերով, որոնք մեր կողմից ուշադրության են առնված սույն աշխատության առաջին գրքում։ Երևանի բնական պայմանների մասին նա գրում է. «Երևանը գտնվում է 40° 15՛ լայնության (հյուսիսային լայնության — Թ. Հ.—) և արևելյան երկայնության 78 20՛ տակ։ Օդը լավ է, բայց մի փոքր ծանր և խիստ է։ Ձմեռն այնտեղ երկար է տևում՝ երբեմն նույնիսկ ապրիլին ձյուն է տեղում։ Այդ պատճառով գյուղացիները ձմեռը վրա հասնելու ժամանակ խաղողի որթերը թաղում են և դրանք բաց են անում միայն գարնանը։ Երկիրը ընդհանրապես բավական լավ է և շատ արգավանդ։ Հողը տալիս է գերազանց բերք. այնտեղ առանձնապես կա շատ լավ ու էժան գինի»10։ Ինչպես տեսնում ենք, կարճ ժամանակով Երևան եկած ֆրանսիացի ճանապարհորդը բավական ճիշտ է նկարագրել նրա դիրքն ու բնական պայման-

__________

9 Տե՛ս Երվանդ Շահազիզ, Հին Երևանը, էջ 122 — 123
10 Путешествия Шардена по Закавказью в 1672—1673 гг., էջ 243:

[էջ 334]

ների մի քանի առանձնահատկությունները։ Սակայն տվյալ դեպքում մեզ առաջին հերթին հետաքրքրում է քաղաքի ու բերդի արտաքին տեսքի նրա նկարագրությունը, որը մեջ ենք բերում թարգմանաբար և համառոտագրելով.

«Անցնելով շատ գյուղեր ու ավաններ գիժերը վրա հասնելիս մենք հասանք երևան...։

Թիֆլիսից մինչև Երևան 48 մղոն է։

Երևանը մեծ, բայց ոչ գեղեցիկ ու կեղտոտ քաղաք է, նրա մեծ մասը գրավում են մրգատու և խաղողի այգիները, նրանում գեղեցիկ կառուցվածքներ չկան։ Նա տեղադրված է բոլոր կողմերից լեռներով պատած հովտում և ողողվում է երկու գետով՝ հյուսիս-արևմուտքից հոսում է Զանգու գետը, իսկ հարավ-արևմուտքից՝ Կըրխ-բուլաղը...։

Երևանում գտնվող բերդը կարող է համարվել մի ինքնուրույն փոքրիկ քաղաք, նա ձվաձև է, չորս հագար քայլ շրջագծով և իր մեջ ունի 800 տուն։ Այնտեղ ապրում են միայն բնածին պարսիկներ՚ը, հայերն այնտեղ ունեն միայն խանութներ, որտեղ նրանք ցերեկն աշխատում են ու առևտուր անում, իսկ երեկոյան կողպելով դրանք, գնում են իրենց տները։ Այդ բերդը շրջապատված է երեք շարք կազմող հում աղյուսից շարված ատամնավոր պարիսպներով..., պարիսպները ունեն աշտարակներ, հին արևելյան ամրությունների ձևով, բերդն ունի անկանոն ձև ունեցող պատնեշ (հողաթումբ)։ Ի միջի այլոց, մյուս պատնեշն ավելի կանոնավոր հնարավոր չի եղել պատրաստել, քանի որ բերդը դեպի հյուսիս– արևմուտք ձգվում է ավելի քան 300 սաժեն խորություն ունեցող այն անդունդի եզրով, որի հատակով հոսում է գետը։ Այդ մասը ինքնըստինքյան լինելով խիստ անմատույց՝ հողաթմբից բացի չունի ուրիշ ամրություններ...։ Բերդի կայազորը բաղկացած է 2000 մարդուց։ Յուրաքանչյուր պարիսպ ունի երկաթակուռ դարպաս... ունենալով իր հատուկ պահակախումբը։ Կուսակալի պալատը գըտնվում է բերդում, այն ահավոր վիհի եզրին, որի մասին ես հենց նոր ասացի։ Դա գեղեցիկ և մեծ շինություն է, որն ամռանը շատ լավ տպավորություն է թողնում։

Բերդը մոտ, ընդամենը հազար քայլ հեռավորությամբ գտնվում է նրա վրա իշխող բլուրը, որն ամրացված է կրկնակի պարիսպներով և ունի լավ հրետանի. այնտեղ կարող է տեղավորվել 200 մարդ։ Այդ փոքրիկ բերդը կոչվում է Գեչի-կալա։

Բուն Երևան քաղաքը բերդից գտնվում է հրանոթային կրակոցի հեռավորության վրա։ Նրա կենտրոնն զբաղեցնում են շուկա

[էջ 335]

ներն ու կառուցվածքները. վերջիններս այնքան վատ են, որ ամենևին զարմանալի չի լինի, եթե մի գեղեցիկ օր նրանք միանգամից ավերվեին։ Քաղաքում կան շատ եկեղեցիներ...։

Եպիսկոպոսի աթոռանիստի մոտ գտնվում է մի հին աշտարակ, որը կառուցված է սրբատաշ քարով...։

Եպիսկոպոսի նստավայրի դիմաց գտնվում է մեծ շուկան, որի կողքին գտնվում է աղյուսից կառուցված և ներկայումս կիսավեր վիճակում գտնվող մի մզկիթ...։ Նրանից 300 քայլ հեռավորության վրա գտնվում է մեծ Մեյդանը (հրապարակը)։ Ասիայում մեյդան են կոչվում բոլոր մեծ հրապարակները։ Երևանի հրապարակը, որը շրջապատված է ծառերով, իրենից ներկայացնում է մի քառակուսի, որի անկյունագիծը հավասար է 400 քայլի, այն ծառայում է զբոսնելու, կարուսելի, կոխի, ձիավարության և ընդհանրապես բոլոր վարժությունների համար, ինչպես հետիոտն, այնպես էլ ձիով։

Քաղաքում և բերդում կան շատ բաղնիքներ և քարավանատներ. դրանցից ամենագեղեցիկը գտնվում է պալատից 500 քայլի վրա, սրանից մի քանի տարի առաջ Հայաստանի կուսակալը հրամայել էր այն կառուցել։ Այդ քարավանատան գլխավոր մուտքն ունի 80 քայլ երկարություն, կազմելով գեղեցիկ սրահ իր խանութներով...։ Շենքը քառանկյունի է և բաղկացած է երեք մեծ ու 60 փոքր սենյակներից, իրենց ընդարձակ գոմերով և մեծ խանութներով։ Նրա դիմաց գտնվում է հրապարակը, շրջապատված ամեն տեսակի ուտելիքներ վաճառող խանութներով, իսկ կողքին գտնվում են մի գեղեցիկ մզկիթ և երկու սրճարան...»11։

Ահա այն բոլորը, որ ֆրանսիացի ճանապարհորդ Ժ. Շարդենը հաղորդում է XVII դարի 70-ական թվականների սկզբների Երևանի՝ նրա ընդհանուր արտաքին տեսքի, բերդի, հրապարակների, քարավանատների, եկեղեցիների ու մզկիթների, տների կառուցվածքի, գլխավոր շուկայի և այլնի մասին։ Նրա հաղորդած տեղեկություններն այնքան որոշակի ու համակողմանի են, որ դրանց հիման վրա կարելի է վերականգնել այն ժամանակվա Երևանի հատակագիծն իր ընդհանուր կողմերով, թեպետև դրա կարիքը չկա. ֆրանսիացի ճանապարհորդը տեքստային նկարագրություններից բացի, գրքում զետեղել է նաև իր ժամանակվա Երևանի հատակագիծը։ Հարկ է նշել, որ Շարդենն այդ տեղեկությունները հաղորդել է հիմնականում իր դիտողությունների հիման վրա։ Սակայն

__________

11 Путешествие Шардена по Закавказью в 1672—1673 гг., էջ 241—243:

[էջ 336]

Երևանի մասին զանազան տեղեկություններ է քաղել նաև տեղացիներից, ինչպես նաև նախորդ շրջանի ճանապարհորդ-հեղինակներից։ Մասնակի թերություններով հանդերձ Շարդենի վկայությունները մեր քաղաքի կառուցվածքի ու արտաքին տեսքի մասին իրենց ընդգրկումով, մանրամասնությամբ ու արժանահավատությամբ չունեն նախորդները ո՛չ մեր և ո՛չ էլ օտար գրականության մեջ։

Շարդենից հետո Երևանի արտաքին տեսքը, շենքերի կառուցվածքը, կոմունալ պայմանները, բերդը, եկեղեցիներն ու մզկիթները, շուկաները և ուրիշ օբյեկտներ նկարագրվել են շատ հեղինակների կողմից։ Ճիշտ է, վերջիններս հիմնականում XIX դարի հեղինակներ են և Երևանը նկարագրել են այդ դարի դրությամբ, բայց ինչպես հայտնի է, քաղաքի ընդհանուր տեսքը ընդհուպ մինչև այդ դարի 60-ական 90-ական թվականները ոչնչով չէր փոխվել և հար ու նման էր մեզ հետաքրքրող ժամանակների Երևանին։ Հետևապես XIX դարի հեղինակների վկայությունները նույնպես կարևոր են XVI—XVIII դարերի Երևանի մասին ճիշտ գաղափար կազմելու համար։ Այդ ժամանակվա օտար հեղինակներից Երևանը բավականին ճիշտ ու մանրամասն նկարագրել են հատկապես Հաքստհաուզենն ու Լինչը, որոնց վկայությունները հիմք են ծառայել սույն աշխատության առաջին ու երրորդ գրքերում քաղաքի բնական պայմաններին, արտաքին տեսքին ու ներքին կյանքին վերաբերող մի շարք հարցեր լուսաբանելու համար, և դրանց կրկնության կարիքը չի զգացվում։ Միայն պետք է ասել, որ թե՛ Հաքստհաուզենը և թե՛ Լինչը հին Երևանն իր կառուցվածքով իրավացիորեն համարում են տիպիկ ասիական քաղաք12։ Դրանցից, օրինակ, Հաքստհաուզենը XIX դարի առաջին կեսի Թիֆլիսի ու Երևանի մասին հետևյալն է գրում, «Թիֆլիսում մենք նկատեցինք Եվրոպայի ու Ասիայի բախումը, բայց Երևանը մաքուր ասիական քաղաք է»13։ Իսկ Լինչը գրում է, թե՝ «Արևելյան քաղաքները,— իսկ Երևանը ավելի լիակատար ասիական քաղաք է, — կարելի է ասել բոլորը կառուցվել են երկու հարթության վրա։ Մեկ հարթությունը կազմում են փողոցները, մյուսը՝ տափակ կտուրները, որոնք բոլորը գտնվում են գրեթե միևնույն մակարդակի վրա»14։

Օտարների համեմատությամբ Երևանն ավելի մանրամասն են նկարագրել ռուսական հեղինակները՝ Ի. Շոպենը, Ա. Գրիբոյեդո-

__________

12 Տե´ս А. Гакстгаузен, Закавказский край, ч. I, էջ 163, Линч, Армения, т. I, էջ 269:
13 А. Гакстгаузен, Закавк. край, ч. I, էջ 163:
14 Линч, Армения, т. I, էջ 269:

[էջ 337]

վը, Լաչինովը, կոմսուհի Ուվարովան և ուրիշներ։ Սանրամասն նկարագրություններ ունեն նաև մեր ազգային հեղինակները՝ Ղ. Ինճիճյանը, Ղ. Ալիշանը, աշուղ Ջիվանը15, Երվանդ Շահազիզը և շատ ուրիշներ։ Հին Երևանն ու նրա բերդը, թաղերը, Հրազդան գետը հայրենասիրական մեծ շնչով և գեղարվեստական բարձր վարպետությամբ է նկարագրել Խաչատուր Աբովյանը։ Նրա կատարած բազմաթիվ նկարագրություններից բերենք միայն մեկ հատված.

«Ինչպես մեկ կատաղած վիշապ՝ երկնքիցը թռած, գլխիվեր ճոլոլակ, մեկ տուտը Սևանի հանդարտ ծովումը, մեկ տուտը Արազի քրքրված զբաղումը... վրա պրծած որ չի՛ գալիս ամեհի Զանգին ու Ձորագեղ մտնում, որ Հայաստանի սուրբ գետինը ոտնատակ տվողին... քշի´, տանի...։

Գիշերվան մութը գետինն առած ժամանակին՝ որ մարդ իր շվաքիցն էլ սասանում, սարսափում ա, ու բազի դիվահալած, մահատագնապ անցավոր՝ երեսին խաչ հանելով, ...սրբոց, մարգարեից անունը տալով, որ Զանգվի կարմնջի վրովը անց չի կենում ու Կոնդի չոր գարգուսը չի ըլում, սարսափը ջանն առած, լեզուն բերանումը սառած, աջու կողմն Երևանու զարհուրելի բերդն ու Թուրքի գյուռխանեքը (գերեզմանատուն), ձախ կողմն՝ դնգերը, ջաղացները որ չեն ձորումը թխթխկացնում, չխչխկացնում ու փոքր ինչ հեռու՝ չանգը՝ կոխած, կամարակապ համամները ու տխուր Ձորագեղը՝ փոսումն ընկած, ձենըները փորըները քցած, առաջին Երևանու Շհարը՝ տրտում,... սքի քողն երեսին փռած՝ որ չեն երևում,— հենց իմանաս՝ բոլորն անդունդն ա գնում բաթմիշ ըլում...»16։

Ինչպես տեսնում ենք Խ. Աբովյանը այստեղ նկարագրում է հին Երևանից միայն մի հատված, բերդը, Հրազդանը և Ձորագյուղ թաղամասը շրջակայքի հետ միասին։ Հակիրճ է նրա կատարած նկարագրությունը, բայց պատկերավոր։ Ընթերցողի աչքի առջև իր հիմնական կողմերով պատկերանում է հին Երևանի այդ հատվածը՝ խոր կիրճով, գոռում-գոչումով վազող Հրազդանը, Ձորագյուղի իրար կպած հողե կտուրներով անշարժ խրճիթները, Հրազդանի ափին շարված բազմաթիվ ջրաղացներն ու դինգերը, պարսկական ծանր տիրապետության խորհրդանիշը՝ սարդարի աթոռանիստ բերդն իր պաշտպանական կառույցներով հանդերձ։

__________

15 Տե՛ս Աշուղ Ջիվանի, Երգեր, Ալեքսանդրապոլ, 1893, էջ 22—24։
16 Խ. Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու ութ հատորով, հատ. III, Երևվան, 1948, Վերք Հայաստանի, հավելված, Զանգի, էջ 190 — 191։

[էջ 338]

Մեզ հետաքրքրով ժամանակներից, հավանաբար XVII դարից բուն Երևանը առանց բերդի և շրջակայքի գյուղերի՝ Նորագյուղի, Ձորագյուղի ու Նորքի, բաժանվել է երեք մեծ թաղերի՝ Շահարի (Քաղաք կամ Հին Երևան), Թափաբաշի (Կոնդ) և Քարահանքի (կամ Դիմիր-բուլաղ = Երկաթաղբյուր)։ Շահարը քաղաքի ամենահին և ամենամեծ թաղամասն էր։ Այն գրավում էր քաղաքի հյուսիս-արևելյան մասը։ Քաղաքի այս թաղամասը հավանաբար բնակեցվել է ուրարտական ժամանակներում, Էրեբունին ավերվելուց և անշուքանալուց հետո։ Հետագա դարերի ընթացքում չնայած բազմաթիվ անգամ ավերվել ու ձեռքից-ձեռք է անցել, բայց քաղաքի հնագույն այդ թաղամասը միշտ մարդաբնակ է եղել։ Առաջին անգամ այդ «հին Երեւան», «հին քաղաքն Երեւան» անունով հիշատակում է Բջնիի Փիլիպոս եպիսկոպոսն իր 1631 թվականի մի հիշատակարանում, մի կորած աստվածաշունչ այստեղ գտնվելու առնչությամբ. «Բազում որոնմամբ խուզեալ գտաք,— գրում է նա,–զգանձս զայս անգին ի հին քաղաքն Երեւան՝ բազում ժամանակաւ գերի տարեալ ումեք իբրեւ եօթանասնօք»17։

Կոնդը տարածվում էր քաղաքի արևմտյան մասում։ Հին Երևվանն այնքան լավ իմացող Հովհաննես Շահխաթունյանցը հետևյալ կերպ է նկարագրում նրա տեղն ու դիրքը. «գ, Թաղ քաղաքիս, է Կոնդ անուանեալն՝ զոր այլազգիք կոչեն Թէփէպաշի, որ է մեծ քարուտ բլրակ լայնեալ ստորոտովք յարևելից և իր հարաւոյ. իսկ ի հիւսիսոյ՝ Կոզեռն կոչեցեալ բլրակ, և յարևմտից արդիւնաբեր խորձորն Հրազդան գետոյ. բնակիչք այսր թաղի նոյնպէս հայք և մահմէտականք»18։ Ինչպես տեսնում ենք, Կոնդը տարածվում էր համանուն քարքարոտ բլրի արևելյան և հարավային լանջերին ու ստորոտներին, նրա արևմտյան սահմանը կազմում էր Հրազդան գետը, իսկ հյուսիսայինը՝ Կոզեռն բլուրը համանուն գերեզմանոցով հանդերձ։ Շահարի նման, Կոնդն էլ հիմնականում բնակեցված է եղել հայերով, Կոնդի բնակչությունը բազմամարդ է դարձել հատկապես այն ժամանակներից, երբ այստեղ մշտական բնակություն հաստատեցին, արդեն հիշատակված, 100 տուն հայ բոշաները։ Այդ մասամբ երևում է նաև նրանից, որ այստեղ բնակվում էին նաև հայ մելիքական ընտանիքներ, որոնք ունեին հին ծագում։ Այստեղի Մելիք-Աղամալյան մելիքները պարսկական

__________

17 Տե՛ս Հ. Տաշյան, Ձեռագրաց ցուցակ, էջ 260։ Հմմտ. «Հանդէս ամսօրեայ», 1934, № 329 — 330։
18 Հովհ. Շահխաթունյանց, Ստորագրութիւն կաթուղիկէ Էջմիածնի և հինգ գաւառացն Արարատայ, հ. II, էջ 146։

[էջ 339]

տիրապետության շրջանում ձեռք էին բերել մեծ արտոնություններ՝ անցնելով ազնվականների շարքը։

Երրորդ մեծ թաղամասը Քարահանքն էր, որը գրավում էր քաղաքի հարավ-արևելյան մասը։ Այս թաղամասը հ ամեմատաբար ուշ է բնակեցվել։ Սկզբնական շրջանում այստեղ եղել է քաղաքի քարհանքը և բնակեցված չի եղել։ Հետագայում այն բնակեցվել է հիմնականում եկվոր թաթարների (ադրբեջանցիների) կողմից և միացել քաղաքին՝ կազմելով նրա թաղերից մեկը19։ Այս թաղը հավանաբար մարդաշատ է դարձել XVII դարի սկզբներից, երբ պարսկական արշավանքներից սարսափած՝ Նախիջևանի կողմերից բավական մեծ թվով թուրքեր գալիս ու բնակություն են հաստատում բերդից հարավ ընկած տարածություններում։ Թաղի բնակչության մեծ մասը կազմում էին մահմեդականները, հայերն այստեղ քիչ էին բնակվում։ Թաղում երկաթի բաղադրությամբ աղբյուր լինելու պատճառով այն կոչեցին Դամիր-բուլաղ՝ Երկաթ-աղբյուր։

Հետագայում քաղաքն ընդարձակվել է շրջակայքի գյուղերի հաշվին։ Դրանցից առաջինը քաղաքին միացել է Ձորագյուղը, որը գտնվում էր Հրազդանի ձորում, նրա ձախ զառիվեր ափին։ Զաքարիտ Սարկավագի և Սիմեոն Երևանցու վկայությամբ նախկինում այս գյուղը, որը մինչև քաղաքին միանալը փաստորեն նրա արվարձաններից մեկն էր, կոչվում էր Խնկելո ձոր. «Եւ ըստ հրամանի մեծ Կաթուղիկոսի ժողովեցան ի Խընկելոյ Ձոր գեղ, որ այժմ ասի Ձորագեղ»,— գրում է Զաքարիա Սարկավագը, մի այլ առիթով դարձյալ վկայելով. «Գնացի ես (մի ոմն անձնավորություն Սյունիքից — Թ. Հ.) ՛ի Խնկելոյ ձոր՝ որ այժմ ասի Ձորագեղ, ի տեսութիւն քեռն իմոյ»20։ Սիմեոն Երևանցին նույնպես վկայում է, որ այդ գյուղը կոչվել է երկու անունով՝ Ձորագյուղ և Խնկաձոր, «Ի գեօղս յայս Ձորագեղ, որ կոչի Խնկաձոր, ունի սուրբ Աթոռս զմեծ պարսպապատ տուն մի իւր սարօքն, յորում գոն երկու եկեղեցիք, և... օտայք, ձիատունք, աշխանայս, և այլովք պարագայիւք»21, օգտվելով կաթողիկոսական արխիվից և֊ պարսկական շահերի ու խաների հրովարտակներից, գրում է կաթողիկոս պատմագիրը։ Նրա այս վկայությունից և ուրիշ պատմագիրների այլ հիշատակություններից պարզվում է, որ Ձորագյուղի եկեղեցին

__________

19 Տե՛ս И. Шопен, Исторический памятник Арм. области, էջ 464, Երվանդ Շահազիզ, Հիս Երևանը, էջ 173—174։
20 Զաքարիա Սարկավագ, Պատմագրութիւն, հ. II, էջ 32 և 51։
21 Սիմեոն Երևանցի, Ջամբռ, էջ 204։

[էջ 340]

ուներ պարսպապատ մի մեծ տուն իր հարմարություններով՝ սենյակներով, գոմերով, ճաշատներով և այլն։ Պատմագրի հիշատակած պարսպապատ տարածությունը՝ Ձորագեղի անապատը բաժանված էր երկու մասի՝ հյուսիսայինի, որը ծառայում էր միաբանների և այլ տեղերից եկած օտարականների ու վաճառականների համար, և հարավայինի, որի միակ եկեղեցին ծառայում էր կաթողիկոսի համար իբրև ժամանակավոր աթոռանիստ, երբ նա գալիս էր Երևան. «Եւ նոյն մեծ պարիսպն երկուս բաժանեալ միջնահատ որմով, — գրում է Սիմեոն Երևանցին, — մին որ ի կողմն հիւսիսոյ՝ միով եկեղեցաւն և այլովք հարկաւոր տամբք՝ է հասարակ միաբանից տեղի՝ և անասնոց և այլոց այսպիսեաց, յորում եղեալ յեկեղեցին գան ժողովուրդք օտարականք և վաճառականք ի յաղօթել։ ...Եւ միւսն որ ի հարաւկողմն՝ միակ եկեղեցաւն՝ է յատուկ տեղի Հայրապետին, զի ի գնալն Կաթուղիկոսին ի յԵրեվան անդ ագանի իւրովք սպասավօրքն։ Որ և ունի զյատուկ պարիսպս յատուկ դրամբ, և արգելեալ ի հասարակութենէ։ Այս երկոքեանս ևս՝ որք գոն ի մէջ միոյ մեծի պարսպի, և են շէն և ընդ իշխանութեամբ սրբոյ Աթոռոյս, կոչին միով անուամբ Ձորագեղու-անապատ, որէ հանդէպ բերթին Երևանու ի հիւսիսակոյսն, ի բարձրահայեաց գագաթանն մեծախոր ձորոյն, ուր անցանի գետն Հրաստան»22։

Ըստ երևույթին գյուղն էլ Խնկաձոր կամ Խնկելո ձոր է կոչվել պարզապես այն պատճառով, որ այդտեղ էր գտնվում կաթողիկոսի ժամանակավոր աթոռանիստը, Երևանի եպիսկոպոսանիստը և հիմնականում այդտեղի եկեղեցիներում էր հավաքվում քաղաքի բնակչությունը կրոնական որոշ տոների՝ հատկապես ջրօրհնեքի ժամանակ։

Պարսկական տիրապետության շրջանում Ձորագյուղը պաշտոնապես թարգմանաբար կոչվել է Դարա-քենդ։ Նրա բնակչությունը բացառապես բաղկացած էր հայերից։ Ձորագյուղն իր հերթին ունեցել է ենթաթաղեր՝ Վերին կամ Քարափի թաղ, Ստորին կամ Ձորի թաղ և Կարբիի թաղ23։ Դրանցից առաջինը գտնվում էր Հրազդանի ձախ կողմի բարձրավանդակի վրա, բերդից հյուսիս-արևմուտք, ս. Սարգիս եկեղեցու մոտակայքում, երկրորդը՝ Ստորին կամ Ձորի թաղը ընկած էր դարձյալ Հրազդանի ձախ ափին, նրա զառիվեր ձորում, իսկ Կարբիի թաղը հավանաբար տարածվում էր Ստորին թաղի հարավային շարունակության վրա։ Կարբիի թաղամասում բնակություն էին հաստատել Արագածոտն գավառի

__________

22 Սիմեոն Երևանցի, Ջամբռ, էջ 204։
23 Տե՛ս Երվանդ Շահազիզ, Հին Երևանը, էջ 174։

[էջ 341]

Կարբի գյուղի (այժմյան Աշտարակի շրջանում) բնակիչներից, որոնք այստեղ էին եկել իրենց հայրենի գյուղն ավերվելու պատճառով24։

Քաղաքին սերտորեն հարող մյուս գյուղը Նորքն էր, որը դարձյալ փաստորեն նրա արվարձանն էր, բայց իրավական առումով քաղաքին միացվեց միայն XIX դարի 30-ական թվականներին։ Բրուտության տարածման շնորհիվ թուրքերն այս գյուղը կոչում էին Չոլմաքչի («բրուտ»)։ Նրա բնակիչները, որ բացառապես հայեր էին, զբաղվում էին այգեգործությամբ, բանջարաբուծությամբ, երկրագործությամբ և կավագործությամբ։ Նորքում ևս հիշատակվում են մի քանի ենթաթաղեր՝ մահլաներ։ Թեպետև Նորքը հնագույն բնակավայրերից մեկն է և նրա տերիտորիայում դիպվածով հայտնաբերված եկ մարդկային հին մշակույթի մնացորդներ, բայց մեր մատենագրության մեջ այն հիշատակվում է համեմատաբար շատ ուշ։ Մեզ հետաքրքրող ժամանակներում Նորքի մասին արդեն կան մի շարք արժեքավոր հիշատակությունների25, որոնց շնորհիվ հնարավոր է դառնում նրա այդ ժամանակաշրջանի պատմությունը լուսաբանել ընդհանուր գծերով։

Քաղաքի շրջակայքի մյուս գյուղերը՝ Նորագյուղը, որը պարսկական տիրապետության վերջին շրջանում չուներ մշտական բնակչություն և վեր էր ածվել Երևանի այգեվետ արվարձանի, Նորագավիթը, Չարբախը և մյուսները նույնպես տնտեսապես կապված էին քաղաքի հետ։

Նշվածներով, անշուշտ, չեն ավարտվում Երևանի մեծ ու փոքր թաղերն ու արվարձանները։ Համեմատաբար ավելի նոր ժամանակներում եկվոր բնակչության շնորհիվ առաջացել են նոր թաղեր՝ Սպահանցոց թաղը, որը գտնվում էր Գետառի ափերին և բնակեցված էր Սպահանից եկած այն հայերով, ովքեր Պարսկաստան էին քշվել Շահ-Աբաս I-ի օրոք, Շիլաչի թաղ, որտեղ բնակվում էին ներկարարները, Շեն-թաղ (այժմյան 26 կոմիսարների այգու մոտ), Ղարաբաղի թաղ26, Վերին թաղ27 և այլն։

Քաղաքի գլխավոր կառավարիչը, ինչպես տեսանք, քաղաքագլուխն էր՝ քալանթարը, որին ստորադրված էին քաղաքային մյուս բոլոր պաշտոնյաները՝ մելիքները, դարուղան (ոստիկանապետը) և մյուսները։ Իրականում քալանթարն ու մելիքները իրենց ձեռքում պահում էին դատավորի ու կառավարիչի իրավունքները,

__________

24 Նույն տեղում, էջ 174 — 175։
25 Տե՛ս Ղ. Ալիշան, Այրարատ, էջ 293։
26 Տե՛ս Երվանդ Շահազիզ, Հին Երևանը, էջ 175—176։
27 Տե՛ս Սիմեոն Երևանցի, Ջամբռ, էջ 274։

[էջ 342]

իսկ քաղաքի կառավարման մյուս կարևոր օղակները գտնվում էին ոստիկանապետի (դարուղա), շուկայապետի (բազարբաշի), կշռապետի (միզանդար) և ուրիշ ցածրադիր պաշտոնյաների ձեռքին28։ Դարուղան, որ համարվում էր համաքաղաքային ոստիկանապետը, իր իշխանությունն իրագործում էր հարյուրապետերի (յուղբաշիներ) և տասնապետերի (չաուշ) միջոցով։ Համաքաղաքայինից բացի, կար նաև գիշերային պահապանության ոստիկանություն, որի գլուխ կանգնած էր գիշերային ոստիկանության պետը՝ հասաս-բաշին։ Վերջինիս տրամադրության տակ գտնվում էին պահապանները՝ հասասները, որոնք գիշերները պարտավոր էին հսկել ու պահպանել կարգը քաղաքի թաղամասերում ու փողոցներում։ Շուկան ուներ իր առանձին մարմինները։ Այստեղ յուրաքանչյուր առևտրական ու արհեստավորական շարք ուներ իր հասասները՝ մեկ կամ երկու հոգուց բաղկացած։ Ամբողջ ոստիկանությունը (և՛ համաքաղաքայինը, և՛ շուկայինը ) պահվում էր քաղաքային բնակչության հաշվին29, նրանից այդ միջոցները կորզելով հատուկ հարկի ձևով։

Պարսկական քաղաքների ներքին անվտանգության կազմակերպման այս ձևը եվրոպական մի շարք ճանապարհորդների կողմից համարվել է օրինակելի։ Նրանք այդպիսի եզրակացության են հանգել պարզապես միայն այն բանի համար, որ պարսկական քաղաքներում, քաղաքային շրջագծի ներսում տեղի ունեցած անկարգությունների ու հանցագործությունների համար կառավարության առջև անձնական պատասխանատվություն էր կրում ինքը՝ քաղաքային բնակչությունը, ուստի վերջինս շահագրգռված էր ամեն կերպ վերացնելու իր խաղաղ կյանքին սպառնացող բոլոր վտանգները։ Այդ հիմքի վրա կարիք է առաջանում կազմակերպելու քաղաքային ոստիկանության, մանավանդ որ պետական վարչական օրգաններն իրենց բծախնդրությամբ, կաշառակերությամբ, անտեղի տանջանքներով, ոչ թե օրինականության պաշտպան, այլ կատարյալ պատուհաս էին քաղաքացիների համար30։

Սակայն քաղաքային ոստիկանությունն էլ չէր փոխում իրերի դրությունր, և միայն առաջին պահից է դրական տպավորություն

__________

28 Տե՛ս Թ. Խ. Հակոբյան, Երևանի պատմությունը (1801 — 1879 թթ.), էջ 262 — 263։
29 С. А. Егиазаров, Исследование по истории учрежд. в Закавказье, часть II, էջ 260—262:
30 Նույն տեղում։ Տե´ս նաև Թ. Խ. Հակոբյան, Երևանի պատմությունը (1801— 1879 թթ.), էջ 262—263։

[էջ 343]

թողնում պարսկական քաղաքների ներքին կարդ ու կանոնի կազմակերպումը։ Իրականում ժողովրդի հաշվին պահվող ոստիկանական աշխատողներից և պահապաններից յուրաքանչյուրը, սկսած դարուղայից և հասասբաշուց և վերջացրած չաուշներով ու հասասներով, կատարում էր ամեն տեսակի անօրինականություններ և չարաշահումներ։ Ոստիկանության պաշտոնի մենավարձու աստիճանավորը, իր այդ պաշտոնի համար սարդարին տալով որոշ գումար, աշխատել է վճարված գումարներից բացի բնակիչներից անօրինական եղանակներով իր համար դուրս կորզել այլ միջոցներ31։ Եթե այդ բոլորի փոխարեն քաղաքային ոստիկանությունը գտնվեր իր բարձրության վրա, թեկուզ նվազագույն չափով, ապահովեր քաղաքի և շուկայի խաղաղ առօրյան, բնակիչների կյանքն ու գույքը, դեռ ոչինչ, մի կերպ կարելի էր քաղաքի ներքին կյանքը համարել բնականոն և տանելի, իսկ նրա ոստիկանության գործունեությունը՝ բավարար։ Այնինչ պարսկական տիրապետության շրջանի Երևանի ներքին կյանքը միանգամայն անապահով էր, հասարակության ապադասակարգային տարրերը՝ այսպես կոչված լոթիները, խուլիգանական բանդաներ կազմած, գիշերվա պահին ցրվում էին քաղաքով մեկ և մինչև լույս ահ ու սարսափի մեք պահում քաղաքացիներին։ Ահա թե ինչ է գրում Ւ. Շոպենը հասարակության համար պատուհաս դարձած և հենց տիրող կարգերի արդյունքը հանդիսացող այդ գող-ավազակների մասին, «Նկարագրելով իրեն օգտակար որևէ զբաղմունքի նվիրած դասերին, պետք է հիշատակել նաև մարդկանց մի հատուկ դասակարգի մասին, որն իր համար արհեստ է ընտրել՝ ոչինչ չանելը։ Նրանք կոչվում են լոթի, բառացի՝ խեղկատակ։ Լոթիներն ամբողջ ցերեկը քնում են, արթնանում են երեկոյան, հավաքվում և զբաղվում հարբեցողությամբ ու զանազան անառակություններով։ Երբ լոթու մոտ փող չի լինում, նա վճռում է ամեն բան անել, սպանությունն ու թալանը նրա համար ոչինչ են։ Ամռանը Երևան լոթիներ են գալիս Խոյից ու Պարսկաստանի այլ քաղաքներից, և այդ ժամանակ նրանց էին վերագրում քաղաքում տեղի ունեցող բոլոր անկարգությունները։ Սրանք սովորաբար թաքնվում էին Կզըլ-կալա արվարձանի այգիներում, և երեկոյից իրար ազդանշաններ էին տալիս ականջ ծակող սուլոցով, որը գիշերային լռության մեջ հնչում էր ամբողջ քաղաքում և տհաճ տպավորություն թողնում խաղաղ բնակիչների վրա»32։

__________

31 Երվանդ Շահազիզ, Հին Երևանը, էջ 52 — 53։
32 И. Шопен, Исторический памятник Армянской области, էջ 855— 856:

[էջ 344]

Սակայն lոթիները չէին կարող այդ աստիճան խանգարել քաղաքի խաղաղ առօրյան, եթե չլինեին խաների, դարուղաների, հասասբաշիների և մյուս պաշտոնյաների թողտվությունն ու անօրինականությունները։ Ինչպես երևում է, այդ բոլորից ամենից շատ տուժում էին հայերը։ Մեծ վտանգի տակ էին նրանց ունեցվածքը, գեցեղիկ օրիորդները, տունն ու տեղը։ Այդ է եղել պատճառը, որ Երևանում տների շքամուտքերն ուղղված էին ոչ թե դեպի փողոց, այլ բակ, որպեսզի այն ինչքան հնարավոր է իր որպիսությունով գաղտնի մնա խանից ու խանական պաշտոնյաներից։ Նաղաշ Հովնաթանի արտահայտությամբ.

«Թուրքերը կու քաշեն բերան,
Մարդոյ գրլխի կոտրեն գերան»։

Եվ թուրքի ահից դռները միշտ փակ են պահել («Թուրքի յահե դըռներըն փակ», — գրում է նա)33։

Արևելյան շատ քաղաքների նման Երևանք ևս հատուկ զբոսայգիներ չի ունեցել։ Բնակիչները սովորաբար զբոսել են կամ իրենց հանգիստն անցկացրել եկեղեցիների ու մզկիթների ստվերախիտ բակերում34։

Քաղաքի կենտրոնական մասում էր գտնվում մեծ հրապարակը, որն այլազգիները սովորաբար կոչում էին Մեծ Մեյդան։ Ժ. Շարդենի հիշատակության համաձայն, Երևանի մեծ հրապարակը 400X400 քայլ մեծությամբ մի քառակուսի տարածություն էր՝ շրջապատված ծառերով։ Այն ծառայում էր իբրև զբոսատեղի։ Այնտեղ տեղի էին ունենում նաև հեծյալ ու հետիոտն մրցություններ, լարախաղացների հյուրախաղեր, մարմնամարզական ելույթներ և այլ խաղեր35։ Գլխավոր կամ մեծ հրապարակից բացի, հրապարակներ կային նաև եկեղեցիների ու մզկիթների բակերում, որոնք, ինչպես ասացինք, ծառայում էին իբրև զբոսանքի ու հանգստի վայրեր։

Մեծ հրապարակին կից գտնվում էր քաղաքի շուկան, որը

__________

33 Տե՛ս Արշակ Չոպանյան, Նաղաշ Յովնաթան աշուղը և Յովնաթան Յովնաթանեան նկարիչը, էջ 95։
34 Երվանդ Շահազիզ, Հին Երևանը, էջ 53։
35 Путешествие Шардена по Закавказью в 1672—1673 гг., էջ 243։ Հմմտ. Ակնարկներ հայ արվեստի պատմության, 2, Ակնարկ հայ ճարտարապետության պատմության, Երևան, 1964, էջ 239։

[էջ 345]

սոսկ առևտրի կենտրոն լինելուց բացի, բոլոր տեսակի տնտեսական գործարքների հիմնական վայրն էր։ Արևելյան մյուս քաղաքների նման Երևանի շուկան ևս, մանավանդ ամռանը, ուներ մեծ եռուզեռ։ Այստեղ վաճառվում և գնվում էին բազմատեսակ ապրանքներ, խանութները ցրված էին խառնիխուռն, շատերն առևտուրը կատարում էին ոտքի վրա, ամենուրեք աղմուկ աղաղակ էր, վաճառվող ապրանքներից շատերը փչացած էին կամ անորակ, վաճառողները գնորդներին խաբում էին և՛ կշռելիս, և՛ գնի մեջ, սանիտարական պայմանները վատթարագույն էին։ Երևանի շուկայի պատկերը, իհարկե, խտացված գույներով ներկայացրել է Նաղաշ Հովնաթանը իր «Գովասանութիւն Երեւանայ քաղաքին» սատիրական բանաստեղծության մեջ, որի տարբեր հատվածները մեր կողմից վկայակոչված են զանազան առիթներով։ Ծաղկաքաղ անենք այդ չափածո քերթվածից քաղաքի շուկային վերաբերող տողերն ու հատվածները.

«Առաւօտուց կ՚երթաս բազար,
Բօլ կա ծախեն բողկ ու գազար,
Թըթու մածուն չանախ հազար,
Խըմոր հացըն կուտայ Նազար։
Սափոր և կուժ ամենըն ծակ,
Քանի ջուր կ՛ածես թէ դատարկ...։

Զաբուն չուխէն պօրկչուց շալած,
Գըտակ կարեն ձըգեն թալակ,
Ծայրըն երկայն որպէս սալակ,
Մէջն պատի հաստ քօչալակ։
Թէ մէյտանըն անես օրօն,
Շատ կայ տըտիպ շըպլեղ տօրօն,
Շերեփ գըդալ խիստ խըտօրօն,
Ամէնն ածես մէկ վառ թօրօն։

Չունի մէկ գովելոյ պատճառ,
Բազաստանըն փնթի մուռտառ,
Կու ծախեն խիստ խաշար աստառ,
Թօրփա քէչա աթառ փաթառ»36։

__________

36 Տե՛ս Արշակ Չոպանյան, Նաղաշ Յովնաթան աշուղը և Յովնաթան Յովնաթանեան նկարիչը, էջ 95 — 96։ Հմմտ. Նաղաշ Հովնաթան, Բանաստեղծություններ, ժողովածու, կազմեցին Ասատուր Մնացականյան, Շուշանիկ Նազարյան, Երևան, 1951, էջ 99։

[էջ 346]

Մեզ հետաքրքրող ժամանակների Երևանը զուրկ էր տարրական կոմունալ պայմաններից։ Այստեղ գոյություն ունեցող մի ամբողջ շարք բաղնիքները37, բացառությամբ բերդի ներսի խանական բաղնիքի, գտնվում էին սանիտարական անմխիթար պայմաններում։ Պարսկական այդ համամները փաստորեն ոչ թե մաքրության կետեր էին, այլ՝ վարակի ու հիվանդությունների։ Դրանք պահպանվել էին մինչև XIX դարի վերջերը, իսկ առանձին բաղնիքների մնացորդներ՝ մինչև նույնիսկ XX դարի առաջին քառորդի վերջերը։

Քաղաքում կային նաև շատ քարավանատներ։ Դրանցից ամենագեղեցիկը, ըստ Շարդենի, գտնվում էր խանի պալատից 500 քայլ հեռավորության վրա։ Այդ քարավանատունը կառուցված էր Շարդենի Երևան այցելելուց մի քանի տարի առաջ՝ Երևանի խանի հրամանով38։ Քարավանատան ավագ մուտքն ուներ ութսուն քայլ երկարություն, տարբեր ապրանքներով առևտուր կատարող խանութներով կազմելով մի գեղեցիկ սրահ։ Նրա շենքը քառակուսի էր և բաղկացած էր երեք խոշոր ու վաթսուն մանր սենյակներից ընդարձակ գոմերով ու մեծ խանութներով հանդերձ։ Շենքի դիմաց գտնվում էր մի հրապարակ, որը շրջապատված էր մթերային խանութներով39։ Դրանք բոլորը 1679 թվականի երկրաշարժով փլվել ու ավերվել են։ Սակայն պատմագիրների հիշատակության համաձայն քաղաքի մյուս շինվածքների հետ միասին շուկայի շենքերը ևս վերաշինվեցին Զալ-խանի ժամանակներում՝ հավանաբար XVII դարի 80-ական թվականների սկզբներին։

Պատմա-հնագիտական տեսակետից հին Երևանի գերեզմանոցների մեջ առանձնապես ուշադրության արժանի էր Կոզեռն կոչված բլրի համանուն գերեզմանոցը, որը վերացվեց մեր դարի 30-ական թվականներին՝ քաղաքը հիմնական վերակառուցման ու վերափոխման հետևանքով։ Այս գերեզմանատանը թաղվել էին նաև մի շարք նշանավոր մարդիկ, որոնց թվում են XI դարի հայտնի հեղինակ Կոզեռն մականունով Հովհաննես վարդապետը40։ Նրա կողքին հետագայում թաղեցին Բաղեշի Ամրդոլու վանքի հայտնի դպրոցի արտաքին գիտությունների դասատու Մելքիսեթ Վժանեցի վարդապետին, իսկ դրանց միջև՝ Մովսես Գ Սյունեցի կաթողիկոսին։ Հովհաննես Կոզեռնի, Մելքիսեթ Վժանեցու և Մովսես Սյու-

__________

37 Տե՛ս Путешествие Шардена по Закавказью в 1672—1673 гг., էջ 243։
38 Նույն տեղում։
39 Նույն տեղում։
40 Հովհաննես Շահխաթունյանց, Ստորագրութիւն կաթոււղիկէ Էջմիածնի և հինգ գաւառացն Արարատայ, հ. II, էջ 155։

[էջ 347]

նեցի կաթողիկոսի թաղման և գերեզմանների մասին Առաքել Դավրիժեցին հետևյալն է վկայում. «Եւ պատահեցաւ լինիլ վախճանի սորա (Մովսես Սյունեցի կաթողիկոսի — Թ. Հ.) յԵրևան քաղաքի ի վանս դամբարանի սրբոյ Առաքելոյն Անանիայի, վասն որոյ և տարեալ ի հասարակաց գերեզմանատունն ի Կոզեռ կոչեցեալ բլուրն. զի վասն գերեզմանի Կոզեռն վարդապետին՝ որ անդ է, այնպէս կոչեն զբլուրն, և յարահուպ գերեզմանի Կոզեռն վարդապետին և Մելքիսեթ վարդապետին, ի մէջ երկուցս այսոցիկ պատրաստեցին զդիր հանգստեան սրբոյս այսորիկ, և անդէն ի մէջ երկուց կափուցեալ տապանաց եղին զսրբասնեալ նշխարքւ մարմնոյ նորա, մեծաւ պատուով և փառօք»41։

Հովհաննես վարդապետի մականվամբ Կոզեռն կոչված բլուրն ու գերեզմանոցը հիշատակվել են շատ հեղինակների կողմից։ Այստեղ, բացի տապանագրերից, որ պատմագրական տեսակետից ունեն որոշակի նշանակություն, կային մի քանի մատուռներ։ Իր հնությամբ ու կառուցվածքով հայտնի էր Հովհաննես Կոզեռնի գերեզմանի վրա կառուցված մատուռը, որը կիսախարխուլ վիճակում պահպանվել էր մինչև XX դարի սկզբները։ Բայց Կոզեռնում գտնվող գերեզմանների մեջ իր տապանագրով առաջին հերթին ուշադրություն էր գրավում Մովսես Գ. Սյունեցու գերեզմանը հետևյալ տապանագրով հանդերձ.

«Այս է տապան դամբարանի,
Եղեալ շիրմի ճանապարհի.
Տեառն Մովսէսի վարդապետի,
Ընտրեալ Սուրբ Հայրապետի.
Որ է տեղաւ Տաթևացի,
Նորոգող Ս. էջմիածնի
Բացող և շինող գմբեթի
Թվին ՌՁԲ (1633)»42:

Հետագայում ևս, ընդհուպ մինչև XX դարի 30-ական թվականների կեսերը Կոզեռն գերեզմանոցում շարունակում են թաղումներ կատարել։ Հովհաննես Շահխաթունյանցի վկայության համաձայն, Մովսես կաթողիկոսի գերեզմանի վրա կառուցված մատուռը հետագայում ավերվել ու անխնամ էր մնացել։ Սակայն Սահակ Մելիք-Աղամալյանը 1829 թվականին քարով ու կրով այն վերա-

__________

41 Առաքել Դավրիժեցի, Պատմութիւն, էջ 312 — 313։
42 Տե՛ս Հովհ. Շահխաթունյանց, Ստորագրութիւն կաթուղիկէ Էջմիածնի և հինգ գաւառացն Արարատայ, հ. II, էջ 155։ Մեսրովբ Սմբատյանց, Տեղագիր, Գեղարքունի ծովազարդ գաւառի..., էջ 15։

[էջ 348]

կանգնում է։ Շուտով (1834 թվականին) մահանում է և ինքը՝ Սահակը, որին նույնպես թաղում են Մովսես Սյունեցու մատուռում43։

Մյուս շատ թե քիչ հնություն ունեցողը «Հին ղարիբանոց» կոչված գերեզմանոցն էր, որտեղ նշանավոր մարդկանց չեն թաղել։ Թաղումներ են կատարել նաև եկեղեցիների բակերում, որտեղ շատ գերեզմաններ պահպանվել են մինչև մեր օրերը44։

Հնագույն ժամանակներից ի վեր Երևանի բնակիչները միշտ անհանգստացել են խմելու լավորակ ջուր ունենալու հարցով։ Ճիշտ է նկատում Երվանդ Շահազիզը՝ Երևանում եղած բնական ջրերը՝ Հրազդանի, Գետառի, Սյոգուտլուղ կոչված աղբյուրների, ինչպես նաև ջրհորների ջրերը, որ նրանք գործ են ածել խմելու համար, իրենց մեջ պարունակում էին առողջության համար վնասակար օրգանական նյութեր և խմելու համար փաստորեն պիտանի չէին։ Իզուր չէ, որ ուրարտական թագավորները հնագույն Երևանի՝ Էրեբունիի համար ջրմուղ են անցկացրել ոչ թե Գետառի ստորին հոսանքից, որը շատ մոտիկ էր և տեղանքի տեսակետից դյուրամատչելի, այլ՝ Գեղամա լեռների հարավային վերջավորությունների լանջերից, որտեղից բերված ջուրը խմելու համար առաջնակարգ էր։ Հետագայում, երբ թշնամական հարձակումների պատճառով Էրեբունին անշուքանում է, խափանվում է նաև նրա ջրմուղը։ Ներկայիս Երևանի կենտրոնական մասում հաստատված նրա բնակիչները ժամանակի ընթացքում հոգ են տանում խմելու լավորակ ջուր ունենալու համար։ Այդ են վկայում քաղաքի տարբեր մասերում հայտնաբերված տարբեր ժամանակներին վերաբերող ջրմուղների մնացորդները45։

Քաղաքի բնակչությանը խմելու ջրով ապահովելու համար առանձին անհատներ գործնական քայլեր են կատարել նաև մեզ հետաքրքրող ժամանակներում։ Առաջին փորձն այդ ուղղությամբ կատարել է այլ առիթներով հիշատակված խոջա Գրիգորը, որը կրել է Մոծակ մականունը։ Հայսմավուրքի հիշատակարաններից մեկում, որտեղ թվարկված են նրա բարեգործությունները, նշվում է, որ նա մեկ քահրեզով ջուր է բերել Գետառից (Կըրխ-բուլաղից) մինչև Կաթողիկե եկեղեցի և քաղաք. «մէկ քահրէզով աղբիւր եբեր ՛ի Ղրխբուլաղի ջրէն՝ Կաթուղիկէի շրջապատի միջովն, հասոյց ´ի մեջ քաղաքին կամարակապ կերպիւ, որ և Աստուած

__________

43 Հսվհ. Շահխաթանյանց, Ստորագրութիւն..., հ. II, էջ 155—156։
44 Տե՛ս Երվանդ Շահազիզ, Հին Երևանը, էջ 37։
45 Տե՛ս Թ. Խ. Հակոբյան, Երևանի պատմությունը (հնագույն ժամանակներից մինչև 1500 թվականը), էջ 125—126 և 310։

[էջ 349]

վարձահատոյց լիցի», — ասված է այդ ընդարձակ հիշատակարանի վերջում46։

Հիշատակարանն առաջին անգամ տպագրվել է 1909 թվականին, ս. Սարգիս եկեղեցու ավագ քահանա Տեր-Գրիգոր Սուքիասյանցի կողմից «Эриванские объявления» թերթիկի այդ տարվա 16 և 17-րդ համարներում։ Գրիգոր Մոծակն իր այդ յուրակերպ մասնակի ջրմուղը կառուցել է 1652 —1653 թվականներին։ Այն ինչպես ասված է հիշատակարանում, սկիզբ էր առնում Գետառից, անցնում էր Կաթողիկե եկեղեցու բակով և հասնում մինչև քաղաք։ Թե հատկապես գետի ո՞ր մասից էր սկսվում ջրմուղը, մինչև ո՞ւր էր հասնում, կամ ինչքա՞ն ջուր էր տալիս, մեզ համար մնում է անհայտ։ Մեզ հավանական է թվում որոշ մասնագետների այն կարծիքը, թե վերջերս Երևանի տարբեր մասերում հայտնաբերված հին ջրատար խողովակների մի մասը կարող է լինել նշված ջրմուղի մնացորդները։ Ընդհակառակն, անընդունելի է Երևան քաղաքի պատմության թանգարանի գիտաշխատող Ա. Բաբայանի այն պնդումը, թե հայտնաբերված այդ խողովակները իբր ոչ մի առնչություն չունեն նշված ջրմուղի հետ և իբր Գրիգոր Մոծակը 1652 թվականին ջուրը բերել է միայն Կաթողիկե եկեղեցի և ոչ քաղաքի47, մինչդեռ հիշատակարանում պարզ ասված է. «Աղբիւր եբեր ՛ի Ղրխբուլաղի ջրէն՝ Կաթուղիկէի շրջապատի միջովն, հասոյց ՛ի մեջ քաղաքին կամարակապ կերպիւ»։

Սակայն անուղղակի տվյալները ցույց են տալիս, որ խոջա Գրիգորի անցկացրած ջրմուղը քաղաքի միայն մի փոքր մասին կարող էր բավարարել։ Քաղաքի մեծագույն մասը, մանավանդ Կոնդ թաղամասն իր շրջակայքով հեռու էր գտնվում Կաթողիկե եկեղեցու բակից ու Շահար բերված այդ ջրից։ 1793 թվականին նույն Գետառից ագուգաներով ջուր է բերվում Կոնդի ս. Հովհաննես եկեղեցու բակը և այդտեղից բաշխվում քաղաքի այդ մասի տարբեր տեղեր։ Բավական միջոցներ և ժամանակ պահանջող այս ձեռնարկությունը կատարել են Երևանի այժմյան հիմնական ջրմուղի կառուցման գործին այնքան ակտիվ մասնակցած՝ Էմին Տեր-Գրիգորյանի պապերը՝ Տեր-Գրիգորյան եղբայրները։ Դրա կառուցման մանրամասնությունները նկարագրված են եղել մի փասթաթղթում, որը կոչվում էր «Արձանագիր» և ամբողջությամբ

__________

46 Տե՛ս Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ֆ. Մեսրոպ Մագիստրոսի արխիվ, գործ № 221, էջ 104։
47 Տե՛ս «Երեկոյան Երևան» (լրագիր), 1964, № 109, 9 մայիսի։

[էջ 350]

տեղ է գտել Երվանդ Շահազիզի «Հին Երևանը» աշխատության մեջ։ Բազմավաստակ հայագետը վկայում է, որ այդ «Արձանագիրը» գրվել է հայոց ՌՄԾԸ (1809) թվականին, բայց առանց ցույց տալու դրա տեղը։ Այնպես որ մենք հարկադրված ենք այն մեջբերել նրա աշխատությունից։ Ահա դրա տեքստը.

«Հզօրին Այ. ողորմութեամբ ես տեր Գրիգոր քահանայ Տր. Սահակեան՝ հանդերձ եղբարբք իմովք Գաբրիէլիւ և Տր. Միքաէլիւ և հօրեղբարքս Ղուկասու և Յարութիւնին Տէր Գրիգորեան մհտսի Տր. Յարութիւնեանց ՛ի շառաւիղէ մհտսի Էմինեանց գոլով ժառանգ Սալչիբէկեանց Մկրտումայ. յորժամ կամ եղև քեանդ խուդայից տեղւոյս վաճառել անգիտութեամբ զտունն մնացեալ՝ ´ի Մկրտումայ նախնոյն մերմէ՝ անժառանգ կամ անտէր զայն կարծելով, յուրն կացեալ իրաւամբք դատաստանի ըստ վճռոյ ախունդացն Երևանայ՝ հաստատեալ զմեր ժառանգ լինելն՝ տիրացաք տունն այնորիկ, զոր և վաճառեալ ապա խորհրդակցութեամբ և համաձայնութեամբ եղբարցն իմոց Գաբրիէլի ու Տեր Միքաէլի, և հաճեցուցեալ զկամս հօրեղբարցս Ղուկասու և Յարութիւնի ´ի բովանդակ յարդեանց այնր տան համավաստակ աշխատութեամբ ´ի ՌՄԽԲ (1793) թուին և յուլիսի ´ի Գ-ին բերել տուաք ագուգայիւնք որ է քնկով ´ի Ղրխբուլաղու զջուր ՛ի գաւիթ Սբ. Յովհաննէս եկեղեցոյս առ ´ի հիշատակ մեզ ու նախնեաց մերոց։ Եւ առ այս Մելիք Աբրահամն հանդերձ այլովք քեանղխուդայիւք գիր հաստատութեան գրեալ կնքով ու ստորագրութեամբ կողմանց ետ ինձ Տր. Գրիգոր քահանայիս առ ՛ի վկայութիւն իրացս։ Եւ ետ ոչ բազմաց իբրու ընկալաւ զվախճան իւր յիշեալ եղբայրն իմ Գաբրիէլն, ոչ ժամանեալ իմ վս. միայնակութեանս հետևել յօր ըստ օրէ շինութեան հաստատութեան հարկ եղև բարենախանձ սիրով կրկին նորոգել զայն Բարսեղ աղայի եղբօր Դաւիթ Կաթողիկոսի. եւ ես արժանի եղեալ գնալ համբուրել զտէրունական տեղիսի Ք-ի որ Երուսաղեմ ´ի ՌՄԾԸ (1809) թուին՝ դարձայ անդրրէն ՛ի հայրենիս իմ Հզորին Աստծո ողորմութեամբ»48։

Ինչպես տեսնուոմ ենք, Տեր-Գրիգորյան եղբայրները՝ Գրիգոր քահանան, Գաբրիելը և Միքայելը հորեղբայրներ Ղուկասի ու Հարությանի համաձայնությամբ վաճառելով իրենց ժառանգություն մնացած տունը՝ այդ միջոցներով և իրենց անմիջական հսկողությամբ 1793 թվականին Գետառից ագուգաներով ջուր են բերել տալիս Կոնդի սբ. Հովհաննես եկեղեցու գավիթը, որտեղից օգտվել

__________

48 Տե՛ս Երվանդ Շահազիզ, Հին Երևանը, էջ 24—25։

[էջ 351]

է հավանաբար կոնդեցիների մեծ մասը։ Երվանդ Շահազիզը վկայում է, որ այդ ջրմուղի հետքերը նշմարվում էին եկեղեցու բակում՝ արևելյան պատի մոտ49։ Նա միանգամայն իրավացի է։ Տեր-Գրիգորյան եղբայրները այդ ջուրը բերել էին ոչ թե անմիջապես Գետառի ակունքից՝ Քառասուն աղբյուրներից, որ այն ժամանակվա պայմաններում գրեթե անհնար էր, այլ գետի՝ քաղաքին մոտ, բայց մաքուր ջուր ունեցող հատվածից50։ Ինչ էլ ուզում է լինի, «Արձանագրի» տեքստից պարզ երևում է, որ Տեր-Գրիգորյան եղբայրները իրենց այդ ձեռնարկությամբ մեծ բարեգործություն էին արել կոնդեցիների համար՝ նրանց ապահովելով նախկինի համեմատությամբ մաքուր, լավորակ ու առողջարար ջրով։

Սակայն դրանցով, այնուամենայնիվ, արմատապես չէր լուծվում Երևանի խմելու ջրի հարցը։ Մեծ միջոցներ ու հսկայական աշխատանք պահանջող կենսական այդ հարցը լուծվել է սբ. Հովհաննեսի ջրմուղից միայն մոտավորապես 120 տարի անց՝ XX դարի երկրորդ տասնամյակի սկզբներին։

Մեզ հետաքրքրող ժամանակաշրջանի Երևանի ճարտարապետական կոթողները սահմանափակվում էին եկեղեցիներով, մզկիթներով, Հրազդանի ու Գետառի կամուրջներով, խանի բերդով ու պալատով և իր գոյությունը մինչև 1679 թվականի երկրաշարժը պահպանած մի աշտարակով։

Երևանի եկեղեցիներից երկուսը՝ Պողոս-Պետրոսը և Կաթողիկեն գոյություն ունեին նախորդ ժամանակներից և XVI—XVIII դարերում մի քանի անգամ ենթարկվել են վերանորոգման։ Անգլիացի վաճառական-ճանապարհորդ Ջոն Նյուրերի վկայությամբ իր այցելած ժամանակ (1581 թ.) Երևանում կանգուն է եղել միայն մի եկեղեցի51։ Սակայն հետագայում նորից վերականգնվում են ավերված եկեղեցիները և կառուցվում են նորերը։ Քաղաքի մյուս շինվածքների հետ միասին 1679 թվականի երկրաշարժից փլվել կամ խարխլվել էին նաև բոլոր եկեղեցիները, որոնք նորից վերականգնվեցին նույն դարի վերջերին։ Զաքարիա Սարկավագը գրում է. «Յառաջին ամի սորա (Զալ-խանի — Թ. Հ.) եղև ահագին շարժն Արարատեան երկիրն. զոր յառաջիկայս պատմելոց եմ։ Սա հրամայեաց շինել զամենայն աւերեալ եկեղեցիսն. զոր և շինեցին բազում եկեղեցի՝ ի բազում տեղիս»52։

__________

49 Տե՛ս Երվանդ Շահազիզ, Հին Երևանը, էջ 25։
50 Տե՛ս նույն տեղում, էջ 26։
51 Տե՛ս Հովհ. Հակոբյան, Ուղեգրություններ, հ. Ա, էջ 455։
52 Զաքարիա Սարկավագ, Պատմագրութիւն, հ. II, էջ 103։

[էջ 352]

Ըստ որոշ վկայությունների, Երևանի եկեղեցիներից մեկը (որը աղբյուրների բացակայության պատճառով մեզ համար մնում է անհայտ) գտնվում էր բերդի տեղում և XVI դարի 80-ական թվականներին՝ ուրիշը կառուցելու ժամանակ այն քանդել են53։

Անծանոթ են նաև երևանցի Մարգար դպիրի հիշատակարանում (որը վերաբերում է 1537 թվականին) հիշատակված չորս եկեղեցիներից երկուսը՝ սբ. Հարությունը և սբ. Նշանը. «ի յերկրիս Արարադեան, ի քաղաքս Երեւան, ընդ հովանեաւ Սուրբ Աստուածածնի, Սուրբ Հարութեան, Սուրբ Երկու Երեսնի, Ս. Նշանի յառաջնորդութեան տէր Զաքարիայի եւ տէր Համազասպայ, ի ղասութեան Թավրէժ թաղթին Թահմաղ փատշահին»54,— ասված է այդ հիշատակարանում։ Ն. Ակինյանը հնարավոր է համարում, որ Ս. Նշանը կարող է լինել «Երեւան անապատին» եկեղեցին55, որը չի նշված մեջբերված հիշատակարանում։ Սակայն անկախ դրանցից, իրոք, Երևանում կային մի շարք եկեղեցիներ։ Ժ. Շարդենը գրում է, որ՝ «Քաղաքում կան շատ եկեղեցիներ, որոնցից ամենագլխավորներն են՝ Իրկուիերիցե (Երկու երեսնի)... կոչված առաջնորդարանը և Կաթովիկը (Կաթողիկեն)։ Այս երկու եկեղեցիները գոյություն ունեն Հայաստանի թագավորների ժամանակներից։ Մյուսները կառուցվել են ավելի ուշ։ Դրանք փոքր են, խրված հողի մեջ և նման են կատակոմբաների (ստորեկրյա շիրիմների — Թ. Հ.)»56։

Ֆրանսիացի ճանապարհորդը միագամայն իրավացի է, այդ ժամանակվա Երևանում կային մի շարք եկեղեցիներ, որոնցից Երկու երեսնին ու Կաթողիկեն գոյություն ունեին նախորդ ժամանակներից։ Սակայն նա որևէ տեղեկություն չի հայտնում Երևանի հնագույն և շատ հայտնի մյուս եկեղեցու՝ Պողոս-Պետրոսի վերաբերյալ, ինչպես նաև շատ կողմնակալ է նրա հաղորդումը համեմատաբար ուշ շրջանում կառուցված՝ քաղաքի փոքր եկեղեցիների մասին, որոնց նա նմանեցնում է վաղ քրիստոնեական շրջանի ստորեկրյա շիրիմների՝ կատակոմբաների։ Ոմանց այն կարծիքը, թե Շարդենի հիշատակած Երկուերեսնին նույն Պողոս-Պետրոս ե-

__________

53 Տե՛ս «Հանդէս ամսօրեայ», 1934, № 5 — 7, էջ 334։
54 Նույն տեղում։
55 Նույն տեղում։
56 Путешествия Шардена по Закавказью в 1672—1673 гг., էջ 242:

Երևանի հատակագիծը գծված ֆրանսիացի ճանապարհորդ Ժ. Շարդենի ձեռքով 1673 թվականին։

Երևանի հատակագիծը գծված ֆրանսիացի ճանապարհորդ Ժ. Տավերնեի ձեռքով 1655 թվականին։

[էջ 353]

կեղեցին է, անընդունելի է և չի հիմնավորված պատմական որևէ հիշատակությամբ կամ անուղղակի փաստերով57։

Այժմ մի քանի խոսք Երևանի ալն եկեղեցիների մասին, որոնք մեզ հետաքրքրող ժամանակներում գոյություն ունեին և ճարտարապետական տեսակետից որոշակի արժեք ունեն։ Անդ որում դրանք հիմնականում բնութագրվելու են ոչ թե ընդհանրապես, այլ՝ XVI—XVIII դարերի դրությամբ՝ խիստ անհրաժեշտության դեպքում միայն համառոտ էքսկուրս կատարելով դեպի նախորդ ու հաջորդ ժամանակաշրջանները։

Սկսենք քաղաքի ամենահին և ամենամեծ եկեղեցուց՝ Պողոս-Պետրոսից։ Ինչպես ասվեց, Պողոս-Պետրոս եկեղեցին գոյություն ուներ նախորդ ժամանակներից, բայց երկար ժամանակ չի հիշատակվել։ Իր նախնական վիճակով բազիլիկա ներկայացնող այս եկեղեցին բազմաթիվ անգամ ենթարկվել է վերանորոգումների։ 1679 թվականի երկրաշարժից այն փլվել է և վերականգնվել է նույն դարի 90-ական թվականներին։ Նախորդ ժամանակների ուսումնասիրողներն այդ պատճառով սովորաբար գտնում էին, որ Պողոս-Պետրոս եկեղեցին կառուցվել է XVII դարի վերջերին։ Սակայն մեր դարի 30-ական թվականների սկզբներին, երբ Երևան քաղաքի վերակառուցման պատճառով քանդվեց եկեղեցին, հնությունների պահպանության կոմիտեի նախաձեռնությամբ այնտեղ կատարվեցին պեղումներ, որոնց շնորհիվ պարզվեց նաև, որ Պողոս-Պետրոսը գոյություն ուներ V—VI դարերից58։ Մեզ հետաքրքրող ժամանակներում, բացի XVII դարի 90-ական թվականների վերականգնումից, Պողոս-Պետրոսը մի քանի անգամ ենթարկվել է նոր վերանորոգումների։ Այդ վերանորոգումներից մեկի մասին, որը կատարվել է 1778 թվականին, եկեղեցու հարավային պատի վրա թողել են հետևյալ արձանագրությունը.

«Ի Թվ. ՌՄԻԷ ողորմութեամբն Աստուածային նորոգեցալ բոլոր տանիք Սուրբ եկեղեցւոյս հանդերձ այլ ևս խախուտ տեղեօք, որք ի յորմունսն և ի սիւնսն էին արդեամբք և հոգացողութեամբ Տեառն Սիմէօն գերընտիր կաթուղիկոսին ամենայն Հայոց և Սրբոյ Էջմիածնի, որ ի սոյնոյ քաղաքէս էր»59։

__________

57 Տե՛ս Թ. Խ. Հակոբյան, Երևանի պատմությունը (հնագույն ժամանակներից մինչև 1500 թվականը), էջ 270 — 272։
58 Տե՛ս Հայաստանի հնություների պահպանության կոմիտե, Աշխարհ֊բեգ Քալանթար, Երևան, 1931, էջ 11։
59 Տե´ս Մեսրովբ Սմբատյանց, Տեղագիր Գեղարքունի ծովազարդ գաւառի..., էջ 8—9։

[էջ 354]

Ինչպես տեսնում ենք, վերանորոգումը կատարվել է կաթողիկոսական միջոցներով, Սիմեոն Երևանցու անմիջական նախաձեռնությամբ ու հսկողությամբ։ Վերանորոգել են տանիքը և սյուների ու պատերի խարխլված մասերը։

Այդ նույն վերանորոգման մասին Մ. Մաշտոցը անվան Երևանի Մատենադարանի կաթողիկոսական դիվանի ֆոնդում պահպանվել է մի վավերագիր, որն անհրաժեշտ ենք համարում մեջբերել որոշ համառոտագրությամբ.

«...Տէր Սիմէօն սրբազնագոյն կաթողիկոս ամենայն Հայոց Պատճառ գրոցս ա´յս է, որ ես սրբոյ Էջմիածնի միաբան Եղվարդեցի Գիիգոր վարդապետս, և ես Երևանցի դերձակ Պօղոսի որդի դերձակ Աղաբաբս Հրամանաւ և կարգադրութեամբ գերերջանիկ Տիրոջն մերոց (Սիմեոն Երևանցի կաթողիկոսի– Թ. Հ.)..., վէքիլ և վերակացու եղաք զի նորոգել տացուք զտանիսն և զսիւնսն Երևանու քաղաքի ներքին մեծ եկեղեցւոյն. որ յանուն սրբոց Առաքելոցն Պետրոսի և Պօղոսի կառուցեալ կայ։ ...և նորոգել ետուք զբոլոր տանիսն և զբոլոր սիւնսն սրբոյ եկեղեցւոյն այնմիկ. և յետ աւարտելոյն զբոլոր շինելիսն, եկաք առ վերոյյիշեալ գերափառ Տերն մեր... ըն. և հրամանաւնր առաք ի նորին հազար սպասալոր Մկրտիչ վարդապետէն զբոլոր ծախսն վերանորոգութիւնէ նոյն սուրբ եկեղեցւոյն, որ էր բոլորապս ընդդամէնն իննսուն և հինգ թուման և Բ շահի նախտ գրամ։ ... եղն այս ի ՌՄԻԷ թուոջ մերում, և ի Հոկտեմբերի Լ։ որ տեսողաց հաճոյ լիցի»60։

Այսպիսով պարզվում է, որ Պողոս-Պետորոսի 1778 թվականի վերանորոգման աշխատանքների վերակացուները Սիմեոն Երևանցի կաթողիկոսի կարգադրությամբ եղել են Էջմիածնի միաբան Եղվարդեցի Գրիգոր վարդապետը և երևանցի դերձակ Պողոսի որդի դերձակ Աղաբաբը։ Վերանորոգման են ենթարկվել եկեղեցու ամբողջ տանիքը և սյուները։ Վերանորոգումն ավարտվել է 1778 թվականի աշնանը և ամբողջ ծախսը կազմել է 95 թուման ու երկու շահի.

Հաջորդ վերանորոգումը կատարվել է դրանից 42 տարի անց՝ 1820 թվականին։ Այս վերջին վերանորոգումից հետո եղած դրությամբ Պողոս-Պետրոսը բավական մանրամասնությամբ նկարագրել է Հովհաննես Շահխաթունյանցը61։ «Իսկ այժմ լաւապէս նո-

__________

60 Տե՛ս Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ֆ. կաթ. դիվան, թղթ. 5, վավ. 13։
61 Տե՛ս Հովհ. Շահխաթունյանց, Ստորագրութիւն կաթուղիկէ Էջմիածնի և հինգ գաւառացն Արարատայ, հ. II, էջ 142։

[էջ 355]

րոգեալ պատեն ահա´ զտանիքն տախտակօք ժեստից», — գրում է նա62։

Պողոս-Պետրոսի գլխավոր մուտքը գտնվում էր հյուսիսային կողմում։ Այդ մուտքի վրա դրված էր երկաթապատ երկփեղկ մի դուռ, որը Հին Բայազետի հայտնի բերդի դուռն էր և բերված էր այնտեղից։ Նրա դուռն այժմ գտնվում է Երևանի պատմության թանգարանում63։

Երևանի երկրորդ հին եկեղեցին Կաթողիկեն էր, որը նույնը պես գոյություն ուներ նախորդ ժամանակներից։ Մեր դարի 30– ական թվականների հնագիտական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Կաթողիկեն իր նախնական վիճակով գոյություն ունի XIII դարից և հետագայում մի շարք անգամ ենթարկվել է վերանորոգման ու մասնակի վերափոխումների։ Մեծ երկրաշարժից առաջ այն կանգուն էբ և Շարդենի մոտ հիշատակված է «Կաթովիկ» ձևով։ Պատմագիրների վկայություններից ակնհայտ է դառնում, որ Կաթողիկեն նույնպես 1679 թվականի երկրաշարժից փլվել է կամ խարխլվել և նորից վերականգնվել է միայն 1693 թվականին64։ Այդ մասին մի համառոտ տեղեկություն է հաղորդված նաև հայսմավուրքի հիշատակարաններից մեկում, որը վերաբերում է 1695 թվականին։ Այդտեղ գրիչը, խոսելով երկրաշարժի հետևանքով Երևանի կործանված եկեղեցիները Եղիազար կաթողիկոսի նախաձեռնությամբ վերականգնելու մասին, գրում է. «Նաեւ զերկու եկեղեցիսն քաղաքին Երեւանայ, այսինքն զերկու երեսին կոչեցեալ եւ զկաթողիկէ անուանեալ, որք ի շարժմանէն ի հիմանէն ի սպառ բլեալք էին, վերստին ի հիմանէ կառոյց գեղեցիկ շինուածօք»65։ Ինչպես տեսնում ենք, երկրաշարժից եկեղեցին փլվել է և փաստորեն այն նորից են կառուցել։ Սակայն դրանից բացի, Կաթողիկեն մի շարք անգամ վերանորոգվել է և´ մինչև 1679 թվականի երկրաշարժը, և՛ 1693 թվականի հիմնական վերաշինությունից հետո։ Դրանցից ուշադրության արժանի է հատկապես նրա ժամատան կառուցումը, որը կատարել է խոջա Գրիգորը՝ եկեղեցուն նվիրելով նաև մի քանի ձեռագրեր ու զանազան սպասք։ Նորքում գրված «Յասմաւուրք»-ի 1652 թվականին վերաբերող հի-

__________

62 Նույն տեղում։
63 Տե՛ս Թորոս Թորամանյան, Նյութեր հայկական ճարտարապետության պատմության, Աշխատությունների ժողովածու, Երևան, 1942, էջ 146։
64 Տե՛ս Մեսրովբ Սմբատյանց, Տեղագիր Գեղարքունի ծովազարդ գաւառի..., էջ 9։
65 Տե՛ս «Հանդէս ամսօրեայ», 1934, № 5 — 7, էջ 335։

[էջ 356]

շատակարանում այդ մասին ասված է. «Եւ շինեաց (խոջա Գրիգորը— Թ. Հ.) զԿաթուղիկէ եկեղեցւոյ ժամատունն ի հիմանց բազում ծախիւք, և ետ ընծայս եկեղեցւոյ մեկ յասմաւուր, մեկ ճաշոց, մեկ ոսկետուփ մագաղաթ աւետարան, մեկ ատենի սաղմոս, մեկ զառաբար շուրջառ իւր զգեստովն, մեկ արծաթէ բուրվառ... (և այլն)»66։

Կաթողիկե եկեղեցում մեզ հետաքրքրող ժամանակներում ընդօրինակվել են և կային մի շարք ձեռագրեր, որոնց մասին կխոսվի քաղաքի մշակույթի բաժնում։ Ինչպես երևում է, մի ժամանակ Կաթողիկե եկեղեցին հոգևորականների համար ունեցել է հատուկ օթևան։ Այդտեղ երբեմն Երևան եկած ժամանակ ապրել են նաև Մովսես Սյունեցի և Մելքիսեթ կաթողիկոսները67։ Նույն այդ օթևանում է Ավետիք երեցն ընդօրինակել Առաքել Դավրիժեցու պատմության ձեռագրերից մեկը68։ Կաթողիկեն XVIII դարի վերջերի և XIX դարի սկզբների վիճակով բավական մանրամասնությամբ նկարագրել են Հովհ. Շահխաթունյանցը, Մեսրոպ Սմբատյանցը, Ի. Շոպենը և այլ հեղինակներ, որոնց վկայությունները ուշադրության ենք առել աշխատության երրորդ գրքում։

Մեր դարի 30-ական թվականներին կատարած ուսումնասիրությունների ընթացքում Կ. Ղաֆադարյանը, ուսումնասիրելով Կաթողիկեին կից եղած նորահայտ հուշարձանը, եկել է այն եզրակացության, որ հին արձանագրություններում այդ եկեղեցին դեռևս Կաթողիկե չէր կոչվում։ Այդ արձանագրություններում նա սովորաբար կոչվել «ժամատեղի», որը հատուկ անուն չէ և ունի սրբավայր իմաստը։ Այն Կաթողիկե է կոչվել հետագայում՝ XVI դարի վերջում69։ Նույն հուշարձանի արձանագրությունների հաղորդած տեղեկությունների հիման վրա նա գտնում է, որ Կաթողիկեի ժողովրդարանը կառուցվել է 1694 թվականին, նախկին ժամատան տեղում, իսկ XVIII դարում ավելացվել է այդ ժամանակվա ճարտարապետությանը միանգամայն հարազատ՝ զանգակատունը70։

Մենք տեսանք, որ Կաթողիկեի ժամատունը ըստ 1652 թվա-

__________

66 Տե՛ս Երվանդ Շահազիզ, Հին Երևանը, էջ 220։
67 Նույն տեղում, էջ 208։
68 Տե՛ս Առաքել Դավրիժեցի, Պատմութիւն, Վաղարշապատ, 1884, էջ 520։
69 Կ. Ղաֆադարյան, Երևանի Կաթողիկեի և նորահայտ հուշարձանի արձանագրությունները, ՀԽՄՀ պատմության և գրականության ինստիտուտի «Տեղեկագիր», գիրք I, Երևան, 1938, էջ 175։
70 Նույն տեղում, էջ 175 —176։

[էջ 357]

կանի Նորք գյուղում գրված ձեռագիր «Յասմաւուրք»-ի հիշատակարանի կառուցել էր խոջա Գրիգորը՝ եկեղեցուն նվիրելով նաև ձեռագրեր ու զանազան սպասք։ Հիշատակարանում ժամատան կառուցման թվականը չի ասված։ Բայց այդ մեզ հայտնի է դառնում Կաթողիկեի մի այլ արձանագրությունից, որ Կ. Ղաֆադարյանը վերծանել է հետևյալ կերպ.

Ի թ(այգ) աւո(րութի) լ (նն Շահապազին ի իշխանո(ւ) թի (ւն) Ամիրգունախանին, ի հայր (ա)պ (ե (տո) ւ (թե) ան տ(եառ)ն Մ(ե)լ (քի)ս (ե)թ կ(ա)թ (ու)ղ (ի)կ (ո)սին եպ(ի)սկ(ոպո) սու(թի)ւ(նն) տ(է)ր համ(ազ)(ա)սպա։ Շնորհիւն ա(ստուծո)յ ես Գրիգորս որդի Թէզագուլենց Մարգարին և ամուսին իմ պ(ա)րոն Խաթուն միաբանեցաք և շինեցաք ժամատունս ի հիմանց և այլ բազում արդիւնս արարք ի դրան ս(ուր)բ տաճարիս և սպասաւորքս խոստա(ցա)ն ի տարին ։բ։ պատարագ ։ա։ ելն ի վիրապին ։ա։ մուտն ի վիրապին։ Կատարիչ(ք) գրոյս ա(ւր)? հ(ն)ին ա(ստուծո)յ ամէն։ Ի թվ(ին) ՌԾԸ ( = 1058 = 1609) Յա(կ)ոբ գ(րի)չս յ(իշեցէք)»71:

Այսպիսով Կաթողիկեի ժամատունը կառուցվել է XVII դարի սկզբներին՝ 1609 թվականին Մելքիսեթ կաթողիկոսի և Երևանի եպիսկոպոս Համազասպի օրոք։ Ժամատան կառուցման համար սահմանվում է տարեկան երկու պատարագ։

Սակայն նկատի ունենալով Կաթողիկեի ժողովրդարանի պատերի մեջից հայտնաբերված «Խաչս յիշատակ է Ջուղաեցի Սրապիոնի որդի ուստա Գրիգորին, թվին ՌՂԱ ( = 1642) շինողի եկեղեցոյս» արձանագրությունը և այդ նույն թվականին վերաբերող հուշարձանի վրա մեծ թվով արձանագրությունների առկայությունը, Կ. Ղաֆադարյանը գտնում է, որ 1642 թվականին կառուցվել է մի այլ ժամատուն։

XVIII դարում Կաթողիկեի համալիրում էական վերանորոգումներ ու վերաշինություններ չեն կատարվել։ XVII դարի վերջերից նրա ներսի պատերը սկսել են գաճով ծեփել։ XIX դարի երկրորդ տասնամյակի վերջերից սկսած նրա պատերի ծեփերի վրա կատարել են որմնանկարներ, որոնք շատ կոպիտ են և արվեստի առումով՝ անարժեք72։

Մեզ հետաքրքրող ժամանակի Երևանի հայտնի եկեղեցիներից մեկն էլ սբ. Զորավորն է։ Լինչը նկարագրելով իր ապրած ժա-

__________

71 Նույն տեղում, էջ 180։
72 Տե՛ս ՀԽՍՀ պատմության և գրականության ինստիտուտի «Տեղեկագիր», գիրք I, էջ 184 — 192։

[էջ 358]

մանակվա դրությամբ այդ եկեղեցին, նշում է, որ ըստ երևույթին նրա տեղում եղել է ավելի հին շինվածք, որը հետագայում տեղիք է տվել Մովսես կաթողիկոսի (1629 —1633) կառուցած նոր եկեղեցուն, բայց առանց պնդելու իր այդ ենթադրության վրա73, թեպետև ինչպես կտեսնենք քիչ հետո, շատ հավանական է։

Սկզբնական շրջանում այս եկեղեցու տեղում գտնվում էր սբ. Անանիա անապատ կոչված փոքրիկ եկեղեցին՝ մատուռ։ Թուրք-պարսկական պատերազմների հետևանքով շատ եկեղեցիների հետ միասին ավերվում է նաև սբ. Անանիայի մատուռը, որը գտնվում էր Խանբաղ կոչված տեղում։ Առաքել Դավրիժեցու վկայությամբ այդ խարխլված և մասամբ փլված մատուռի տեղում Ամիրգունա խանի օրոք, XVII դարի սկզբներին Մովսես Սյունեցի վարդապետը (հետագայում կաթողիկոս) կառուցել է մեզ հայտնի Անանիա անապատ եկեղեցին, որը ժողովուրդը նրանում գտնվող մի հրաշագործ համարված ավետարանի պատճառով կոչել է Զորավոր եկեղեցի։ Ահա թե ինչ է պատմում դրա կառուցման հանգամանքների մասին Առաքել Դավրիժեցին.

«Կայր ի վաղեմի ժամանակաց վայելուչ մատուռ մի շինեալ ի վերայ դամբարանի սրբոյ առաքելոյն Անանիայի, որ էր ի հիւսիսային կողմանէ քաղաքին Երևանայ ի մեջ այգեստանեայցն, և էր աւերակ և անմարդաբնակ, որոյ վասն ասաց խանն (Ամիրգունան — Թ. Հ.) առ վարդապետն. տեսանես զայս եկեղեցիս, որ ամայի կայ. արդ՝ լուր ինձ, և մի գնար յայլ աշխարհ, այլ արա զսա քեզ բնակութիւն՝ և դադարեա աստէն, զի իրերաց մերձակայութեմաբ և տեսութեամբ մխիթարեսցուք, այլ և ամենայն ժողովուրդք քաղաքականք և վաճառականք աղաչելով զնոյն խնղրէին ի վարդապետն։ Յորոց բանս հաճեալ սրբոյ վարդապետին՝ ձեռն ի գործ էարկ շինել զտեղին, արդեամբք ե ձեռնատութեամբ քրիստոնէից տեղականաց և վաճառականաց, որք յօժարութեամբ տային տուրս ողորմութեան ի շինումն տեղւոյն, վասն սիրոյ վարդապետին, զի բնակեսցէ ի մէջ իւրեանց. վասն որոյ փութանակի շինեցին, շուրջանակի պարիսպ և խցեր և զժամատուն, և սարաւութ, և զայլ տունս յոլովս. և կատարեալ զամենայն շինուածսն, բնակեցաւ անդէն վարդապետն իւրովք միաբանօքն, կարգաւն և սահմանաւն այն, զոր կարգեցին ի մեծ անապատն»74։

Արդ՝ ի՞նչ կարելի է եզրակացնել հին ավերակ ու անմարդաբնակ մատուռի մասին Առաքել Դավրիժեցու կատարած հիշատա-

__________

73 Линч, Армения, т. I, էջ 277։
74 Առաքել Դավրիժեցի, Պատմութիւն, էջ 294—295։

[էջ 359]

կությունից։ Պատմիչի այն հաղորդումը, թե այդ մատուռը վայելուչ տեսք ուներ վաղեմի ժամանակներից, ցույց է տալիս, որ ս. Անանիայի մատուռը պետք է կառուցված լիներ ոչ ուշ, քան IX—XIII դարերում, հայկական եկեղեցական բարձրարվեստ ճարտարապետության այդ նշանավոր ժամանակաշրջանում։ Մատուռի տեղում Մովսես Սյունեցի վարդապետի նախաձեռնությամբ, բայց ժողովրդի միջոցներով, կառուցված ս. Անանիա անապատ եկեղեցուց բացի, եղել են նաև օժանդակ կառուցվածքներ՝ խցեր, ժամատուն, զանազան սենյակներ։ Այն շրջապատված է եղել պարսպով, ունեցել է ընդարձակ բակ։ Այս եկեղեցում է վարդապետ եղած տարիներին ապրել ու գործել Մովսես Սյունեցին, որը հայոց կաթողիկոս ընտրվելուց հետո Երևան եկած ժամանակ դարձյալ հանգրվանում էր այնտեղ։

Սակայն ս. Անանիա եկեղեցին ևս XVII դարի 30-ական թվականների թուրք-պարսկական պատերազմների հետևանքով ավերվում է։ Մատուռից բացի, նրա բոլոր կառուցվածքները փայտակերտ էին և քանդվել, ավերվել էին սուլթան Մուրադի 1635 ու պարսից Շահ-Սեֆիի 1636 թվականների արշավանքների հետևանքով։ Էջմիածնի փայտակերտ շինվածքների հետ միասին Փիլիպպոս կաթողիկոսը 1636 թվականին վերականգնում է նաև ս. Անանիա անապատի ժամատունը, սեղանատունը, խցերը և փայտաշեն ավերված մյուս կառուցվածքները։ Առաքել Դավրիժեցին Փիլիպպոս կաթողիկոսի կատարած այդ վերաշինության մասին հետևյալն է գրում.

«Իսկ Երևանայ անապատն՝ զորմէ ասացաք դամբարան գոլ Անանիայի առաքելոյ, որ ինչ և շինուածք գոյր անդ բովանդակն փայտակերտ էր, զատ ի մատուռէն. և սոքա ամենեքեան քանդեալ աւերեցան ի գալ վերոյասացեալ երկուց թագաւորացն (սուլթան Մուրադի և Շահ-Սեֆիի — Թ. Հ.), որ և զայնս ևս զբովանդակն ամենայն վերստին շինեաց (Փիլիպպոս կաթողիկոսը — Թ. Հ.), ոչ թե փայտիւ՝ այլ քարիւ և բռով գմբէթեայ՝ զժամատունն, զսեղանատունն, զխցերն, և զայլ ևս շինուածսն ամենայն»75։

1679 թվականի երկրաշարժից փլվում են նաև ս. Անանիա անապատի կառուցվածքները։ Հարկ է լինում արմատապես դրանք վերաշինել։ Ըստ հիշատակությունների, երկրաշարժից հետո, 1691 թվականին խոջա Փանոս անունով մեկն այդ անապատն ընդար-

__________

75 Առաքել Դավրիժեցի, Պատմութիւն, էջ 318։ Հմմտ. Ղ. Ալիշան, Այրարատ, էջ 311—313, Մաղաքիա Օրմանյան, Ազգապատում, մասն Բ, Կոստանդնուպոլիս, 1914, էջ 2433 — 2434, Երվանդ Շահազիզ, Հին Երևանը, էջ 189 — 190։

[էջ 360]

ձակում է՝ կառուցելով չորս սյուների վրա հանգող սրբատաշ քարով շինված մի բավական մեծ շինություն, որն ուներ սյունազարդ ժամատուն, երկու ավանդատներ, գեղեցիկ զանգակատուն՝ կառուցված միջին դռան վրա։ Այդ վերաշինության մասին եկեղեցու արևմտյան պատի վրա թողել են հետևյալ չափածո արձանագրությունը.

«Ի թուականիս Հայկազունի
Հազար հարիւր շարագրի
Ի քառեակ Ժ. երրորդի. (ՌՃԽ = 1691)
Ի Հայրապետութեան Սրբազանի
Տեսան Նահապետ Կաթողիկոսի
Արի և քաշ հովուապետի
Լուսաւորիչ Հայոց ազգի։
Մեծ և ագնիւ երկիւղածի
Խօջայ Փանոս վերաձայնի
Սուրբ Աստուածածինս շինողի
Յիշատակ իւրն և նախնի
Ծնողաց իւրոց հարցն աոաջի
Որդւոց իւրոց Էլիազի
Եւ Մովսիսի քաղցր ողկուգի
Թոռան իւրոյ Ահարոնի.
Զանգատնօք սա զարդարի
Սուրբ անապատս Անանիայի
Մեսրովբ այր սուրբ հեզահոգի
Որև յաջորդէ սուրբ տեղիս,
Վերակացու համագործի
Դաւիթ անուամբ վերաձայնի»76։

Ս. Անանիա անապատի եկեղեցու մյուս մեծ վերանորոգումը կատարվել է դրանից ավելի քան 100 տարի անց՝ 1793 թվականին, հարյուրապետ Գաբրիել Գեղամյանցի միջոցներով ու նախաձեռնությամբ։ Սակայն այս անգամ վերանորոգվում է եկեղեցու միայն տանիքը։ Վերանորոգման մասին դարձյալ եկեղեցու արևմտյան պատի վրա փորագրել է հետևյալ չափածո արձանագրությունը.

«Թիւ մեր է հազար երկերիւր հասեալ
Խբ. ընդ նոյն համաթուեալ
Սուրբ Էջմիածնի մինչ էր գահակալ (ՌՄԽԲ 1793)
Ղուկաս սրբազան Հայրապետ ընտրեալ

__________

76 Տե՛ս Հովհ. Շահխաթունյանց, Ստորագրութիւն Կաթուղիկէ Էջմիածնի և հինգ գաւառացն Արարատայ, հ. II, էջ 144, Մեսրովբ Սմբատյանց, Տեղագիր Գեղարքունի ծովազարդ գաւառի, էջ 10։

[էջ 361]

Յաջողմունք շնորհաց Տեառն ժամանեալ
Տանիք Տաճարիս եղև նորոգեալ.
Ծախիւք բարեպաշտ անձին գովելի
Պարոն Գափրիէլ Հարիւրապետի
Ի պատճառս անկեղծ յիշեցման բարի
Իւրն և իւրայնոցն առհասարակի
Հօրն Ալլահվերտի իւզբաշւոյ մեծի
Եւ Մօրն երկիւղած Եփրոսինէի.
Եւ եղբարցն իւրոց Պարոն Ստեփանի
Եւ Հովհաննիսի քաշ զինւորի,
Իսկ և կրտսերի պարոն Գրիգորի
Սոյն գործառութեան ժիր վերակացուի.
Նաև որդեկացն Ազնուականի
Պարոն Բարսեղի և Աստուածատրի
Որոց յիշատակն օրհնութեամբ լիցի
Այժմ և ի գալուստ Տեառն կրկնակի»77։

Ինչպես տեսնում ենք, վերանորոգման աշխատանքների վրա հսկել է բարերարի կրտսեր եղբայրը՝ Գրիգորը։
Հետագայում նույնպես այս եկեղեցին ենթարկվել է մասնակի վերանորոգման։ Պողոս-Պետրոսի և Կաթողիկեի նման՝ ս. Անանիա անապատը ևս կառուցված էր սրբատաշ կարմրավուն տուֆից78։ Սակայն Երվանդ Շահազիզի ասելով այն «մի պարզ երկարավուն քառակուսի շինություն» էր «և մի առանձին հաճելի տպավորություն» չի գործել «սովորական դիտողի վրա, բացի արևելյան պատից, որ արտաքուստ զարդարված» էր «մի քանի շատ նուրբ քանդակված խաչքարերով, որոնք հիշատակ» էին «այս կամ այն անձի, և համաձայն իրենց վրա փորագրված հայկական թվականի (ՌՃԽԲ), 1693 թվի գործ են, հավանորեն շինված և հագցրված պատի մեջ մեծ երկրաշարժից հետո եկեղեցու վերաշինության ժամանակ»79։ Այնուհետև նա նշում է, որ ս. Անանիայի անապատի համալիրից արվեստի տեսակետից ուշադրության արժանի են նաև եկեղեցու գավիթը, զանգակատունը, որը հանգչում էր քանդակազարդ չորս հաստահեղույս սյուների վրա80։ Մեր դարի 20-ական թվականների վերջերին 1835 թվականից սովորական ծխական

__________

77 Հովհ. Շահխաթունյանց, Ստորագրութիւն Կաթուղիկէ Էջմիածնի և հինգ գաւառանց Արարատաի հ. II, էջ 145, Մեսրովբ Սմբատյանց, Տեղագիր Գեղարքունի ծովազարդ գաւառի, էջ 10 —11։
78 Гр. Уварова, Кавказ..., էջ 195։
79 Երվանդ Շահազիզ, Հին Երևանը, էջ 195։
80 Նույն տեղում, էջ 195 — 196։

[էջ 362]

եկեղեցու վերածված ս. Անանիա անապատի հին շինություններից պահպանվել էին միայն հողածածկ մի քանի խցեր81։

Ձորագյուղի անապատը չնայած համեմատաբար նոր է եղել, բայց Երևանի հոգևոր կյանքում խաղացել է կարևոր դեր։ Այն գտնվում էր Հրազդանի ձախ ափին, ս. Սարգիս եկեղեցու մոտակայքում։ XX դարի սկզբներին Ձորագյուղի անապատից գրեթե ոչինչ չէր պահպանվել82։

Հովհ. Շահխաթունյանցի վկայության համաձայն, Ձորագյուղի անապատի տեղը կաթողիկոսական աթոռին պատկանող մի ընդարձակ տարածություն էր, որը բաժանված էր չորս մասի. առաջին՝ կաթողիկոսների պարսպապատ իջևանը, որտեղ գտնվում էր հին ժամանակներից գոյություն ունեցող ս. Գևորգ եկեղեցին։ Այս եկեղեցին 1837 թվականին դարձել են Երևանի հոգևոր թեմի դիվանատունը, իսկ կաթողիկոսական իջևանը, Սիմեոն Երևանցու հիշատակության համաձայն, կառուցել է Նահապետ կաթողիկոսը, որը, նրա ասելով, շինել է նաև ուրիշ շատ եկեղեցիներ. «Շինեաց (Նահապետ կաթողիկոսը — Թ. Հ.) զՁորագեղջ անապատն, զեկեղեցին և զխուցսն. գնեաց ի զրջակայ տունսն, և զներքոյ ձորոյն անապատի վայրսն ամենայն, որք արդէն են սրբոյ աթոռոյս։ Շինեաց զԵրևանու երկու եկեղեցիսն, Քանաքեռու, զԿոնդին, և զայլոց բազմաց գեղօրեից եկեղեցիս խարտեալ քարիւ ի հիմանէ»83։

Հետագայում հարկ է լինում այն հիմնովին վերանորոգել։ Այդ վերանորոգությունը կատարել է Հակոբ Շամախեցի կաթողիկոսը (1759 —1763). «Շինեաց և ի յԵրևան ի Ձորագեղջ անապատոջն զտունս Հայրապետանիստս, — գրում է Սիմեոն Երևանցին,— և պատեաց բարձրաբերձ պարսպօք և բրգօք՝ որպէս այժմ նստին հայրապետք ի գնալն իւրեանց յԵրևան»84։

Երկրորդ մասը գտնվում էր առաջինից հյուսիս։ Այստեղ գտնվում էին ս. Հակոբ կոչված եկեղեցին և երթևեկ վաճառականների համար բազմաթիվ սենյակներ։ Երրորդ մասը, որ գտնվում էր երկրորդից արևելք, բանջարանոց էր, իսկ կաթողիկոսական իջևանից հարավ գտնվող չորրորդ մասը դարձյալ բավական ընդարձակ տարածություն էր։ Այստեղ էր գտնվում նահապետ կաթողիկոսի օրոք կառուցված ս. Սարդիս եկեղեցին, որի վերանորո-

__________

81 Նույն տեղում, էջ 192 և 196։
82 Նույն տեղում, էջ 200։
83 Սիմեոն Երևանցի, Ջամբռ, էջ 26։
84 Նույն տեղում, էջ 33։

[էջ 363]

գումներից մեկը կատարել է ինքը՝ Հովհաննես Շահխաթունյանցը 1835 թվականին85։

Այդ ընդարձակ տարածությունը, որ հայտնի էր Ձորագյուղի անապատ ընդհանուր անունով, պարսպապատ էր։ Կաթողիկոսական իջևանը մյուս մասերից բաժանված էր առանձին պարսպով։ Մայր աթոռի սեփականությունը կազմող այդ տարածությունը գնել էր Եղիազար կաթողիկոսը։ Էջմիածնից հատուկ վերակացու-վարդապետ էր նշանակվում Ձորագյուղի անապատում։ Նա պարտավոր էր կարգին վիճակում պահպանել կաթողիկոսարանը և հսկել Երևանում ունեցած աթոռի կալվածքների՝ այգիների ու ջրաղացների վրա86։ Երևանը պարսկական լծից ազատագրվելուց հետո փոխվեց և այդ կարգը87։

Սակայն Շարդենը որպես եպիսկոպոսական եկեղեցի հիշատակում է ոչ թե վերը նշված ս. Գևորգը, այլ «Երկուերեսնի» կոչված ս. Նշանը88, որը Երևանի հին եկեղեցիներից մեկն էր և բավական հաճախ է հիշատակվում մեր ձեռագրերի հիշատակարաններում։

Հայ ճարտարապետության խոշորագույն պատմաբան Թորոս Թորամանյանի կարծիքով Երկուերեսնին Երևանի ամենանշանավոր եկեղեցին էր և գտնվում էր նոր ժամանակներում կառուցված (1869 —1900 թթ.) ս. Լուսավորիչի տեղում89։ Այդ առումով էլ հավանական կարելի է համարել Երվանդ Շահազիզի այն դիտողությունը, թե «Գրիգոր Դարանաղցու ժամանակագրությունից» էլ երևում է, որ «Երկու յերեսեն» եկեղեցին գտնվել է ոչ թե Ձորագեղի անապատում, այլ մի ուրիշ տեղ, որովհետև նա, Գրիգոր Դարանաղցին, երբ եկել է Երևան, նախ իջևանել է Ձորագեղի անապատում և հետո արդեն գնացել է «Յերկու յերեսեն», որի մոտ, ինչպես երևում է, նույնպես իջևանելու կամ բնակվելու տեղ է եղել երթևեկ հոգևորականների համար»90։

Մեր կարծիքով Երկուերեսնիի հնության և ճարտարապետական կառուցվածքի տեսակետից ավելի հետաքրքիր է նույն ժամանակագրի մի այլ վկայությունը, որը նախորդ ուսումնասիրողների

__________

85 Տե՛ս Հովհաննես Շահխաթունյանց, Ստորագրութիւն Կաթուղիկէ Էջմիածնի և հինգ գաւառացն Արարատայ, հ. II, էջ 146 —148։
86 Սիմեոն Երևանցի, Ջամբռ, էջ 204—207։
87 Հովհ. Շահխաթունյանց, Ստորագրութիւն Կաթուղիկէ Էջմիածնի և հինգ գաւառացն Արարատայ, հ. II, էջ 148։
88 Путешествие Шардена по Закавказю..., էջ 242։
89 Տե՛ս Երվանդ Շահազիզ, Հին Երևանը, էջ 201։
90 Տե՛ս Գրիգոր Կամախեցի կամ Դարանաղցի, ժամանակագրութիւն, Երու-

[էջ 364]

կողմից նկատի չի առնված։ Ահա այդ հիշատակությունը. «Եւ ապա յԵղիվարդոյ գեղջէն լուեալ գնացին (թուրքերը—Թ. Հ.), բայց զԵղիվարդի վանքն այրեցին, որ զարմանալի շէնք ունէր, որ Երևանու Երկերեսին կու նմանէր»91։

Ինչպես տեսնում ենք, Եղվարդի՝ ճարտարապետական առումով հայտնի եկեղեցու «զարմանալի շէնք»-ի գեղեցկությունն ընդգծելու համար ժամանակագիրն այն համեմատում է Երևանի Երկուերեսնի եկեղեցու հետ և դրանք համարում իրար նման։

Մեր կողմից ուրիշ առիթներով մեջբերված մի այլ հիշատակարանից երևում է, որ Երկուերեսնին որոշ հարկ է տվել քաղաքի եպիսկոպոսական մայր եկեղեցուն92։ Երկուերեսնին հիշատակվում է նաև XVI—XVII դարերի մի շարք հիշատակարաններում93։ Մեզ համար դեռևս անհայտ է մնում, թե երբ է բոլորովին ավերվել ու վերացել հին Երևանի հայտնի այդ եկեղեցին։ Հիշատակություններից պարզվում է, որ 1679 թվականի երկրաշարժից ավերվել է նաև Երկուերեսնին, բայց շուտով այն վերականգնվել է94 և բավական երկար ժամանակ գործել։ Համենայն դեպս XVIII դարի երկրորդ կեսից Երկուերեսնին այլևս չի հիշատակվում որպես կանգուն ու գործող եկեղեցի։ Հավանաբար այն իսպառ ավերվել ու ամայացել էր նույն դարի առաջին կեսում պատերազմների հետևանքով։ Միայն պետք է նշել, որ ինչպես կտեսնենք. Երկուերեսնին պատկանում է հին Երևանի այն եկեղեցիների թվին, որտեղ կային և որտեղ ընդօրինակվել էին զանազան ձեռագրեր։ Երկուերեսնիի ձեռագրերի մեջ հատկապես հայտնի էր «Վիշակենց» կամ «Վիշապենց» կոչված բժշկական ավետարանը, որի վերանորոգման, գնման ու «զորությունների» մասին մեզ հասած հիշատակարանները վկայակոչված են մեր սույն աշխատության առաջին գրքում՝ մշակույթի մասին խոսելիս։

Երևանի վերջին եկեղեցին, որի մասին անհրաժեշտ ենք համարում երկու խոսք ասել՝ այդ կոնդի ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին է։ Այս եկեղեցին նույնպես գոյություն է ունեցել 1679 թվականի երկրաշարժից առաջ։ Երկրաշարժի հետևանքով այն

__________

սաղեմ, 1915, էջ 53 — 54, Երվանդ Շահազիզ, Հին Երևանը, էջ 201—202։
91 Տե՛ս Գրիգոր Կամախեցի կամ Դարանաղցի, ժամանակագրութիւն, Երուսաղեմ, 1915, էջ 579։
92 Տե´ս Երվանդ Շահազիզ, Հին Երևանը, էջ 202։
93 Տե՛ս Ղ. Ալիշան, Այրարատ, էջ 313, Երվանդ Շահազիղ, Հին Երևանը, էջ 202 — 203։
94 Տե՛ս Երվանդ Շահազիզ, Հին Երևանը, էջ 202։

[էջ 365]

փլվել է և վերականգնվել XVIII դարի սկզբներին։ Ընդ որում ըստ Հովհ. Շահխաթունյանցի եկեղեցու այդ վերաշինումը տեղի է ունեցել հայոց ՌՃԾԷ(1708) թվականին, մինչդեռ եկեղեցու պատի վրա եղած արձանագրության համաձայն այն կատարվել է 1710 թվականին։

«Թվ. ՌՃԾԹ (1710)։
Նշան յաղթող Տէրունական
Ի փրկութիւն որդւոյ մարդկան»95, — փորագրված է նրա խաչքարերից մեկի վրա։ Դրանից վերև կառուցման մասին բուն արձանագրությունն է հետևյալ բնագրով. «Կամաւն Աստուծոյ եկեղեցիս Մելիք Ազամալն շինեաց յիշատակ իւր և ծնողացն Մելիք Ծատուրին, Խանբէկին, և որդւոյն Նազարին, Ծատուրին և հանգուցեալ Աղամալին»96։

Դրանից բացի, եկեղեցու հյուսիսային պատի արտաքին և ներքին կողմերում նույնպես կան մանր-մունր վերանորոգումների մասին մի քանի արձանագրություններ97։

Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, որ գոյություն ունի մինչև այժմ, կառուցված է հիմնականում սրբատաշ քարերով, ներսից բավական գեղեցիկ է, պատերին հագցված են գեղեցիկ քանդակներ ունեցող մի քանի խաչքարեր և ունի տարբեր բովանդակության բազմաթիվ արձանագրություններ։ Եկեղեցին հանգում է չորս բավական մեծ սյուների վրա, ունի երեք սեղան, երկու ավանդատուն, երկու դուռ՝ արևմուտքից և հարավից, քահանաների համար սենյակներ։ Այդ բոլորը կազմում են մի համալիր, որը պատած է պարսպով98։

Քաղաքի երկու այլ եկեղեցիները՝ ս. Սարգիսը և ս. Լուսավորիչը ուշ ժամանակաշրջանի կառույցներ են։ Առաջինը կառուցվել է 1835 թվականին, Հովհաննես Կարբեցի կաթողիկոսի կարգադրությամբ և եղել է Երևանի առաջնորդական եկեղեցին99, այժմ էլ կանգուն է, իսկ երկրորդի շինարարությունը տևել է բավական

__________

95 Տե՛ս Մեսրովբ Սմբատյանց, Տեղեկագիր Գեղարքունի ծովազարդ գաւառի, էջ 12։
96 Նույն տեղում։
97 Նույն տեղում։
98 Տե՛ս Հովհ. Շահխաթունյանց, Ստորագրութիւն Կաթուղիկէ Էջմիածնի և հինգ գաւառացն Արարատայ, հ. II, էջ 146, Մեսրովբ Սմբատյանց, Տեղագիր Գեղարքունի ծովազարդ գաւառի, էջ 12։ Ղ. Ալիշան, Այրարատ, էջ 315, Линч, Армения, т. I, էջ 276—277, Ե. Շահազիզ, Հին Երևանը, էջ 205—207։
99 Մեսրովբ Սմբատյանց, Տեղագիր Գեղարքունի ծովազարդ գաւառի, էջ 7։

[էջ 366]

երկար՝ դրա հիմքը գցել են 1869 թվականին, բայց շինարարությունն ավարտվել է միայն 1900 թվականին100։

Ճարտարապետական առումով, ըստ երևույթին, որոշակի հետաքրքրություն է ներկայացրել նախորդ ժամանակներից գոյություն ունեցող ս. Գևորգ եկեղեցին, որը, սակայն, 1679 թվականի երկրաշարժով իսպառ ավերվել է և այլևս չի վերականգնվել101։

Դրանք են մեզ հետաքրքրող ժամանակաշրջանի Երևանի եկեղեցիները, որոնցից ոմանք կառուցվել էին նախորդ ժամանակներում և մի քանի անգամ վերանորոգման ենթարկվել XVI—XVIII դարերում, իսկ մյուսներն ուղղակի այդ դարերի կառույցներ էին և իրենց ճարտարապետությամբ մեծապես զիջում էին առաջիններին։

Պաշտամունքային կառուցվածքների մյուս խումբը բաղկացած էր պարսկա-արաբա-ադրբեջանական ճարտարապետական կոթողներից՝ մզկիթներից (ջամի)։ XIX դարի սկզբներին Երևանում կար 8 մզկիթ։ Դրանցից երկուսը գտնվում էին բերդում, իսկ մյուս 6-ը՝ բուն քաղաքում։ Պետք է ասել, որ արևմտա-եվրոպական քրիստոնյա ճանապարհորդները, բացառյալ Հաքստհաուզենի ու Լինչի, մզկիթների մասին ընդհանրապես քիչ տեղեկություններ են հաղորդել։ Դրանցից օրինակ՝ Ժ. Շարդենը քաղաքը նկարագրելիս հիշատակում է միայն մի կիսաքանդ մզկիթի մասին, որը նա կոչում է Դեֆ-Սուլթան։ Ահա նրա այդ հիշատակությունը. «Եպիսկոպոսի աթոռանիստի առաջ գըտնվում է մեծ շուկա, իսկ կողքին մի մզկիթ, որը կառուցված է աղյուսով և ներկայումս կիսաքանդված է։ Այդ մզկիթը հիմնադրողի անունով կոչում են Դեֆ-Սուլթան»102։ Հետագա ժամանակներում այդ անունով մզկիթ Երևանում չի հիշատակվում։ Հավանաբար այն գտնվում էր հետագայում կառուցված Գյոյ-ջամիի տեղում և 1679 թվականի երկրաշարժով հիմնահատակ կործանվել էր։ Սակայն մի բան որոշակի է։ Շարդենի այդ հիշատակությունից պարզ երևում է, որ նրա Դեֆ-Սուլթան կոչած մզկիթը գտնվում էր քաղաքի Ձորագյուղ թաղամասում, եպիսկոպոսարանից ոչ հեռու։

Երևանի մզկիթներից ամենահայտնին Գյոյ-ջամին է («կապույտ» կամ «երկնագույն» մզկիթը), որն իր օժանդակ շենքերով հանդերձ այժմ էլ կանգուն է. այստեղ տեղադրված են քաղաքի

__________

100 Երվանդ Շահազիզ, Հին Երևանը, էջ 222։
101 Путешествие Шардена по Закавказью..., էջ 243։
102 Նույն տեղում։

[էջ 367]

պատմության և հանրապետության բնագիտական թանգարաննեըը՝ պլանետարիայի հետ միասին։

Գյոյ-ջամին կառուցել է Երևանի կիսանկախ սարդար ՀուսեյնԱլի խանը հիջրեթի 1179 թվականին (1766 թ.)։ Մզկիթի հարավային դարպասի ճակատին դրա կառուցողը թողել է մի արձանագրություն, որի վերջում հիշատակվում են նրա անունն ու մզկիթի կառուցման թվականը103։ Արձանագրության մեջ հիշատակված մզկիթի կառուցման թվականը Հովհ. Շահխաթունյանցը կարդացել է ոչ թե 1179, ինչպես այն կա, այլ՝ 1186104, իսկ Լինչը նշում է, որ մահմեդական հոգևորականները մզկիթի կառուցումը վերագրում են Նադիր-Շահի ժամանակներին (1736 — 1747 թթ.)105։

Գյոյ-ջամիի կառուցողը՝ Հուսեյն-Ալին Երևանի ժառանգական կիսանկախ չորս խաներից երկրորդն էր, որը, Երվանդ Շահազիզի ասելով «կառուցելով այդ մեծ ու շքեղ մզկիթը, ինչպես երևում է, կամեցել է դրանով յուր անկախ իշխանության վայել մի հուշարձան թողնել. դրա համար նա չի խնայել ոչ ծախք և ոչ ժամանակի ոգուն համապատասխան ճարտարապետական հասկացողություն ու խնամք՝ ընդօրինակելով պարսկական լավագույն մզկիթներին հատուկ ձևն ու ոճը...։ Ամեն բանում երևում է կառուցող ճարտարապետի սիրող ձեռքը, նրա պարսկական արվեստի հմտությունը և արևելյան վառ ճաշակը»106։ Ընդհանուր առմամբ, համաձայնելով Երվանդ Շահազիզի այդ կարծիքի հետ, միաժամանակ պետք է նշել, որ Երևանի Գյոյ-ջամին, չնայած իր գեղեցկությանն ու խնամքով կառուցված լինելուն, այնուամենայնիվ ճարտարապետական առումով նորություն չէր, այլ կրկնություն էր պարսկական-արաբական նույնատիպ մզկիթների, որոնք դրանից շատ առաջ կառուցված էին Պարսկաստանի մի շարք քաղաքներում։

Այնուամենայնիվ, և՛ հայ, և՛ օտար հեղինակներն ու ճանապարհորդները Երևանի մզկիթների մեջ առանձնահատուկ ուշադրություն են դարձրել դրանց պսակը կազմող Հուսեյն-Ալի խանի կառուցած Գյոյ-ջամիի վրա։

Գյոյ-ջամին պատկանում է շիա դավանության մզկիթների շարքին։ Այն Երևանի մզկիթների մեջ ոչ միայն ամենագեղեցիկն

__________

103 Տե՛ս Երվանդ Շահազիզ, Հին Երևանը, էջ 200։
104 Հովհ. Շահխաթունյանց, Ստորագրութիւն Կաթուղիկէ Էջմիածնի և հինգ գավառացն Արարատայ, հ. II, էջ 150 —151։
105 Линч, Армения, т. I, էջ 275 և 280։
106 Երվանդ Շահազիզ, Հին Երևանը, էջ 200։

[էջ 368]

ու շքեղն էր, այլև ամենամեծն էր։ Նա մի քառանկյունի ընդարձակ շինություն է՝ բարձր մինարեով. և լայնանիստ գմբեթով։ Աղյուսակերտ է և մինարեն։ Գմբեթն ու պատերի մի մասը պատած են երկնագույն հախճապակով։ Բուն մզկիթի շինվածքները գտնվում են հարավային և հյուսիսային կողմերում, իսկ թևերում և դիմացը կառուցված են օժանդակ մի շարք մանր շենքեր ու խցիկներ, որոնք բուն մզկիթի հետ միասին շրջապատում են մի քառակուսի գեղեցիկ ու ընդարձակ բակ։ Վերջինիս կենտրոնում կառուցված է մի փոքրիկ ջրավազան, որի շուրջն ընկած է ստվերախիտ ծառերով ծածկված լայն ու խնամքով սալահատակված հրապարակը։ Մզկիթն ունի երեք մուտք, երկու փոքրերը՝ արևելյան ու արևմտյան կողմերում, իսկ մեծը՝ հարավային։ Բուն մզկիթը գտնվում է հարավային կողմում։ Այն բաղկացած է երեք կամարակապ դահլիճներից, որոնք կապված են իրար հետ։ Միջին մասում գտնվող ամենաբարձր դահլիճի վրա բարձրանում է նրա գմբեթը։ Դրան կից եղած մյուս երկու դահլիճները փոքր են և համեմատաբար ցածր առաստաղ ունեն։ Դահլիճներն ընդհանրապես անզարդ են, կառուցվածքով պարզ և ունեցել են հասարակ կահավորում։ Զարդարված են միայն դահլիճների՝ դեպի բակը բացվող լուսամուտները։ Իսկ դրանց զարդն էլ կազմում են գույնզգույն ապակիներով շրջանակների մոտ զետեղված արևելյան նախշերը։

Բակի հյուսիսային կողմում գտնվում է փոքր աղոթարանը, որն իր մեծությամբ ու շքեղությամբ հարավային կողմում եղած հիմնական մզկիթի հետ չէր կարող նույնիսկ համեմատվել։ Շատ գեղեցիկ է մինարեն, որը հին Երևանի կառուցվածքների բարձրագույն կետն էր և ուշադրություն էր գրավում շատ հեռվից։ Նրա գագաթից մահմեդական հասարակությանը ամեն օր աղոթքի է կանչել ազանչին։

Գյոյ-ջամին նկարագրել են շատ-շատերը՝ Հաքստհաուզենը, Ե. Լաչինովը, Հովհ. Շահխաթունյանցը, Լինչը, Ուվարովան և ուրիշներ, որոնք նշել են նաև դրան կից գործող հոգևոր տարրական դպրոցի մասին107։

__________

107 Տե՛ս «Հակստհաուզենայ ճանապարհորդութիւն յայսկոյ Կովկասու, այն է ի Հայս և ի Վիրս», Վաղարշապատ, 1872, էջ 244 — 245, Հովհ. Շահխաթունյանց, Ստորագութիւն Կաթուղիկէ Էջմիածնի և հինգ գաւառացն Արարատայ, հ. II, էջ 150 — 151, Записки декабриста Е. Лачинова об Армении (М. Нерсисян, Из истории русско-армянских отношений, кн. I, документы, էջ 312) և այլն։

[էջ 369]

Դրանք բոլորը գովեստով են խոսում Գյոյ-ջամիի մեծության, գեղեցկության և ունեցած հարմարությունների մասին։ Առանձնապես այն բարձր է գնահատված Հաքստհաուզենի մոտ։ Գերմանացի ճանապարհորդը, որը Խաչատուր Աբովյանի ուղեկցությամբ ծանոթացել է Երևանի այս կամ այն չափով նշանավոր գրեթե բոլոր շինություններին, Գյոյ-ջամիի մասին գրում է, որ իր գեղեցկությամբ ու հարմարություններով «առաջին շինութիւնն է Երևանայ»108։

Գյոյ-ջամին գտնվում էր շուկայի մոտ, նրա հարավային կողմի պարիսպն անմիջապես ձգվում էր շուկայի հրապարակի հյուսիսային մասում։ Այն իր օժանդակ շենքերով և բակով այժմ էլ գոյություն ունի և, ինչպես ասվեց, վեր է ածվել թանգարանների։ Գյոյ-ջամին գտնվում էր Ձորագյուղի թաղամասում։

Քաղաքի մյուս մզկիթներից շատ թե քիչ նշանավոր էին Շահար թաղամասում գտնվող Հաջի-Նովրուզ-Ալի-բեկի և Զալ-խանի մզկիթները, իսկ Դամիր-բուլաղի մզկիթներն ավելի փոքր և անշուք էին։ Հաջի-Նովրուզ-Ալի-բեկի և Զալ-խանի մզկիթներն իրենց հատակագծերով իրար նման են։ Դրանցից երկրորդի դռների վրա կար արձանագրություն կառուցման վերաբերյալ։ Լինչի ընթերցմամբ այն կառուցվել է հիջրի 1098 (1687) թվականին։ Նա նաև նշում է, որ չնայած Զալ-խանի մզկիթը Գյոյ-ջամիից փոքր էր, բայց նրան որոշ չափով նման էր և ուներ հանգստի համար հարմար պարսպապատ, շատրվաններ ունեցող ծաղկազարդ ու հովասուն բակ109։

Ինչպես ասվեց, երկու մզկիթ գտնվում էին բերդի ներսում. դրանցից մեկը կառուցվել էր թուրքերի կողմից, Ռաջաբ-փաշայի օրոք, 1725 թվականին։ Թուրքական այդ մզկիթը չորս սյուների վրա հենված կամարակապ մի մեծ շինություն է եղել, բավական շքեղ արտաքին տեսքով։ Իբրև սունի դավանության մզկիթ, պարսիկները թուրքերից քաղաքը հետագայում վերագրավելուց հետո այդ մզկիթը վերածել էին զինանոցի, իսկ 1827 թվականին՝ Երևանը պարսկական լծից ազատագրվելուց հետո այն դարձրել էին ռուսական եկեղեցի՝ կոչելով Տիրամոր անունով։ Մյուս մզկիթը պարսկական էր և կառուցվել էր դրանից 80 — 90 տարի անց, XIX դարի սկզբներին, Երևանի վերջին սարդար Հուսեին-խանի և պարսիդ Ֆաթ-Ալի շահի օրոք։ Շիա դավանության այս մզկիթը թագաժառանգի անունով կոչվում էր Աբաս-Միրզա-ջամի։ Այս մզկիթի

__________

108 «Հակստհաուզենայ ճանապարհորդութիւն յայսկոյս Կովկասու», էջ 244։
109 Линч, Армения, т. I, էջ 280:

[էջ 370]

ճակատի ու գմբեթի արտաքին կողմն ամբողջապես պատած է եղել կանաչ ու կապույտ փոքրիկ քառակուսի հախճապակիներով, որոնց գործածությունն այնքան հատուկ էր արաբական ու պարսկական ճարտարապետության համար։ Երևանի գրավումից հետո, երբ բերդում զետեղվում էր ռուսական բազմամարդ կայազոր, Աբաս-Միրզա-ջամին վերածել էին զինանոցի110։ Թե՛ թուրքական մզկիթի և թե՛ Աբաս-Միրզա-ջամիի ավերակները պահպանվել էին մինչև մեր դարի 30-ական թվականները, մինչև Երևանի հիմնական վերակառուցման ու վերահատակագծման աշխատանքներն սկսվելը։

Պատմական առումով որոշ հետաքրքրություն են ներկայացնում տարբեր ժամանակներում Հրազդանի վրա եղած կամուրջները։ Մեզ հասած աղբյուրները և Հրազդանի ափերին պահպանված հնությունները թույլ են տվել ենթադրելու, որ Երևանի շրջակայքում հայտնի կամուրջներ եղել են տակավին ուրարտական ժամանակներից։ Հրազդան ի հոսանքի քաղաքամերձ հատվածում ուշ միջնադարում առնվազն երեք կամուրջ է եղել։ Դրանցից մեկը գտնվում էր բերդի հյուսիս-արևմտյան անկյունում, անմիջապես խանի ապարանքների տակ, երկրորդը՝ Ձորագյուղ թաղամասի շրջանում, իսկ երրորդը գտնվում էր ավելի վերև՝ Քանաքեռ գյուղի տակ։ Վերջինիս հետքերը մինչև օրս նշմարվում են։ Ձորագեղի թաղում եղած երբեմնի կամրջի հետքերը XIX դարի առաջին կեսին հազիվ էին նշմարվում, իսկ այժմ դրանք իսպառ վերացել են։

Համապատասխան աղբյուրների բացակայության պատճառով դժվար է ասել, թե դրանք երբ են կառուցվել և նախնական ինչպիսի ձև ու մեծություն են ունեցել։ Միայն հաստատ կարելի է պնդել, որ գետի՝ Երևանին շփվող հատվածում կամուրջներ միշտ պետք է եղած լինեին։ Երևանում Հրազդանի մի քարակերտ կամրջի մասին հակիրճ հիշատակություն ունի անգլիացի վաճառական-ճանապարհորդ Ջոն Նյուրերին։ Նա գրում է. «Այս քաղաքի (Երևանի — Թ. Հ.) հյուսիսակողմը, մոտ մի մղոն հեռու մի քարե կամուրջ կա, որի տակից անցնում է Զանգու (Sanguina) կոչված գետը»111։ Անգլիացի հեղինակի այս հիշատակությունը, որ մինչև օրս չի ար-

__________

110 Տե՛ս И. Шопен, Исторический памятник Армянской области, էջ 866, Ղ. Սլիշան, Այրարատ, էջ 311, Линч, Армения, т. I, էջ 283, Երվանդ Շահազիզ, Հին Երևանը, էջ 34—35, 182, Ադամ Ադամյանց, Տեղագրութիւն Երեւանի, Երևան, 1889, էջ 38—39 և այլուր։
111 Հովհ. Հակոբյան, Ուղեգրություններ, հ. Ա, էջ 455։

[էջ 371]

ժանացել մասնագետների ուշադրությանը, բավական անորոշ է։ Դրանով հնարավոր չէ կռահել, թե նրա ակնարկած Հրազդանի (Զանգուի) այդ կամուրջը գետի հատկապես ո՞ր մասում էր գտնվում և վերը նշված կամուրջներից որի՞ն էր համապատասխանում։ Սակայն հարցի մեջ որոշ պարզություն է մտնում, երբ դիմում ենք նույն հեղինակի վկայության հետևյալ հատվածին. «Տասներկուերորդ օրը մեկնեցինք Երևանից, և օթևանեցինք քրիստոնյաների մի ամրոց, կոչված Էջմիածին (Echimassen) և այստեղ հինգ հին եկեղեցիներ կան...»112:

Այստեղից ակնհայտ է դառնում, որ Ջոն Նյուբերիի հիշատակած կամուրջը համապատասխանում էր հետագայում հայտնի կամ բերդի անկյունի կամրջին կամ Ձորագյուղի։ Քանաքեռի տակին երբեմն եղած կամուրջը բավական հեռու էր այն ժամանակվա Երևանից և հազիվ թե հիշատակվեր վերջինիս մասին խոսելիս կամ համարվեր նրա կամուրջներից մեկը։

Մեզ հետաքրքրող ժամանակներում Երևանում Հրազդանի վրայի ամենակարևոր կամուրջը, որի վրայով անցնում էր տարանցիկ ճանապարհ և որով Երևանը կապվում էր համանուն խանության մահալների հետ, բերդի հյուսիս-արևմտյան անկյունում գտնվող կամուրջն էր113։ Նախորդ ժամանակներից գոյություն ունեցող այդ կամուրջը 1679 թվականի երկրաշարժի հետևանքով բերդի և քաղաքի կառուցվածքների կործանման հետ միասին փլվում էր, որը, սակայն, Զալ-խանի օրոք վերականգնվում և շարք է մտնում114։ Հետագայում նա մի քանի անգամ ենթարկվել է մասնակի վերանորոգումների։ Երևանը պարսկական լծից ազատագրվելուց հետո այն առաջին անգամ հիմնական վերանորոգման է ենթարկվել 1851 թվականին, որից հետո մինչև Հայաստանում սովետական կարգերի հաստատումը կատարվել են մասնակի մի քանի վերանորոգումներ ևս։ Այդ կամուրջը, որ մինչև «Հաղթանակ» կամրջի կառուցումը մնում էր իբրև քաղաքը Հրազդանի աջ ափի հետ կապող հիմնական ուղին, այժմ էլ գոյություն ունի և սովե-

__________

112 Նույն տեղում։
113 Այդ կամրջի մասին տե՛ս Հովհ. Շահխաթունյանց, Ստորագրութիւն Կաթուղիկէ Էջմիածնի և հինգ գաւառացն Արարատայ, հ. II, էջ 153, И. Шопен, Исторический памятник Армянской области, էջ 723, К. Орловский, Эривань ("Кавказс. календ." на 1852 г., отд. III, էջ 444), Երվանդ Շահազիզ, Հին Երեանը, էջ 184—187 և այլ տեղերում։
114 «Հայրէնասէր» (շաբաթաթերթ), 1843, օգոստոս, № 14, С. Зелинский, Эривань ("Сборник мат. для опис. местн. и племен Кавказа", вып. I, էջ 8)։

[էջ 372]

տական շրջանում ենթարկվել է նորոգումների, իր հիմնական կմախքով մնալով նախկին ձևի մեջ։

Հրազդանի այդ կամուրջը հին երևանցիները սովորաբար կոչել են «Կարմիր կամուրջ» կամ «Խոջա-փլավի կամուրջ»։ Կարմիր է կոչվել պարզապես այն պատճառով, որ կառուցված է կարմիր տուֆից։ Իսկ մյուս՝ «Խոջա-փլավ» անունը կապում են դրա վերանորոգողներից մեկի՝ քանաքեռցի անվանի հարուստ Խոջա-փլավի անվան հետ, մի անձնավորություն, որի հետ կապել են նաև Աշտարակի XVIII դարի կամրջի շինությունը115։ Ճարտարապետ Վ. Հարությունյանը Հրազդանի «Կարմիր կամուրջը» համարում է «Հայաստանի (պետք է լինի Սովետական Հայաստանի Թ. Հ.) ամենամեծ» կամուրջներից116։ Նրա ընդհանուր երկարությունը կազմում է ավելի քան 80 մ, իսկ բարձրությունը՝ 11 մ, ունի չորս կամարներ, որոնցից երկուսը գտնվում են կամրջի միջին մասում և ալիքաձև են։ Այս կամարների տակով է հոսում Հրազդանը։ Մյուս երկու ոչ մեծ կիսաշրջանաձև կամարները գտնվում են գետի երկու ափերին։ Դրանց տակով հոսում են ջրանցքների ջրերը117։

Գետառի վրա նույնպես տարբեր ժամանակներում կառուցել են մի քանի կամուրջներ։ Չնայած սակավաջրությանը, Գետառի կամուրջները երկար կանգուն չեն մնացել։ Հաճախակի տեղի ունեցող սելավների պատճառով կատաղած Գետառը քշել-տարել է կամուրջները։ Այնուամենայնիվ, նրա վրա կառուցված կամուրջներից մեկը, որը Երևանը կապել է Ավան գյուղի և Նորքի հյուսիս-արևմտյան մասի հետ, մինչև օրս էլ գոյություն ունի և գործում է, չնայած նրա մոտ մեր օրերում կառուցել են ևս երկու կամուրջ, որոնց վրայով հիմնականում կատարվում է ավտոմոբիլային երթևեկությունը։ Այդ կամուրջը կառուցված է կարմրագույն սրբատաշ տուֆից՝ կրաշաղախով։ Կամուրջի վրայի եղած արձանագրության համաձայն այն կառուցվել է հայոց ՌՃԺԳ (1664) թվականին։ Նորքի այդ կամուրջը շատ ամուր կառուցվածք է, նա, ի տարբերություն հին Երևանի բոլոր կառուցվածքների, դիմացել է 1679 թվականի երկրաշարժին, ինչպես և Գետառի կատաղի սելավներին։ Դեպքեր են պատահել, երբ հորդացած ու պղտոր Գետառը հսկայական ծառեր ու քարեր բերելով փակել է կամրջի աչ-

__________

115 Տե՛ս Երվանդ Շահազիզ, Հին Երևանը, էջ 186 — 187։
116 Վ. Մ. Հարությունյան, Միջնադարյան Հայաստանի քարավանատներն ու կամուրջները, էջ 123։
117 Նույն տեղում։

[էջ 373]

քը և թափվել նրա վրայից, բայց կամուրջը դիմացել է լեռնային գետակի տարերքին118։ Նրա ընդհանուր լայնությունն ավելի քան 3,5 մետր է, և երկու կողմերում ափից ափ ձգվում են եզրապատեր119։

Թուրք-պարսկական տիրապետության մռայլ ժամանակաշրջանում, երբ Արարատյան աշխարհի վաղեմի հռչակավոր քաղաքները՝ Դվինը, Վաղարշապատը, Անին և մյուսները վաղուց դադարել էին գոյություն ունենալուց, Երևանն Արևելյան Հայաստանում աստիճանաբար դառնում է ամենանշանավոր կենտրոնը և, այդ իսկ պատճառով, թուրք-պարսկական երկարաձիգ պատերազմների կռվածաղիկը։ Այդպիսի դիրք ու նշանակություն ձեռք բերած Երևանն արդեն ավելի մանրամասնությամբ է նկարագրվում պատմագիրների, ճանապարհորդների և այլ կարգի հեղինակների աշխատություններում։ Արևելյան Հայաստանի (և ընդհանրապես պատմական Հայաստանի) տերիտորիայում տեղի ունեցող քաղաքական անցքերը մեծապես առնչվում էին այդ քաղաքի հետ։

XVI—XIX դարերի Երևանի, հատկապես նրա բերդի մասին ուղղակի և անուղղակի շատ հիշատակություններ ու նկարագրություններ ունեն ճանապարհորդներն ու ուսումնասիրողները։ Երևանի բերդի վերաբերյալ ստույգ, ընդարձակ և մանրամասն տեղեկություններ, քաղաքի ու բերդի հատակագծեր կան նաև արխիվային ֆոնդերում120։ Դրանք բոլորն ի մի բերելով մեր սույն աշխատության երրորդ գլխում, նրա բերդն ու խանի ապարանքը բնութագրել ենք ամենայն մանրամասնությամբ, մեր բոլոր ասածները հիմնավորելով պատմագրական համապատասխան նյութերով ու փաստերով121։ Արդ՝ ի՞նչ էին իրենցից ներկայացնում Երևանի XVI — XVIII դարերի բերդը և սարդարների պալատը։

Երևանի թուրքական բերդը, որ գտնվում էր Հրազդանի ձախ ափին և քաղաքից բաժանված էր մի մեծ հրապարակով, հիմնականում կառուցվել էր 1582 կամ 1583 թվականին, թուրքական Ֆահրադ-փաշայի կողմից։ Հետագայում այն մի քանի անգամ ավերվել է և նորից է վերակառուցվել։ 1679 թվականի երկրաշարժից հիմնահատակ կործանվել են նաև բերդը, սարդարի ապարանք-

__________

118 Երվանդ Շահազիզ, Հին Երևանը, էջ 215 — 216։
119 Վ. Մ. Հարությունյան, Միջնադարյան Հայաստանի քարավանատներն ու կամուրջները, էջ 121։
120 Տե՛ս Թ. Խ. Հակոբյան, Երևանի պատմությունը (1801 — 1879 թթ.), էջ 233 — 235։
121 Նույն տեղում, էջ 233 — 244։

[էջ 374]

ները, բերդի պարիսպներն ու բուրգերը, պաշտպանական և օժանդակ կառուցվածքներ122։ Այդ ժամանակվա Զալ-խանը պարսկական արքունիքից համապատասխան օգնություն ստանալով, Երևվանի ու շրջակա խանություններից հարկադիր աշխատանքի քշված գյուղացիների միջոցով վերակառուցում է բերդը՝ ավելի ուժեղացնելով նրա պաշտպանությունը։ Պարսկական տիրապետության շրջանում Երևանի բերդի վերջին վերանորոգողն ու նոր կառույցներով հարստացնողը վերջիս սարդարն է՝ Հուսեի-Ղուլի խանը123։

Բերդի եզրագիծն ըստ հիշատակությունների հասել է 800 — 1000 սաժենի։ Բերդի գրաված տարածությունը, մանր ոլորանները չհաշված, քառանկյունաձև է եղել։ Նա հյուսիսից, արևելքից և հարավից պատած է եղել կրկնակի պարսիպներով՝ մեկը մյուսից գտնվելով 15— 20 սաժեն հեռավորության վրա։ Դրանք երկուսը միասին ունեցել են 50 — 60 աշտարակներ ու բուրգեր։ Արևմտյան կողմից բերդը պաշտպանվում էր Հրազդանի խոր ու զառիվեր ձորով, այս մասում պաշտպանական պարսպի կարիք չի զգացվել։ Բերդն ունեցել է երկու դարպաս, որոնցից մեկը գտնվում էր հյուսիսային մասում և կոչվում էր Բաբի-շիրվան, իսկ մյուսը՝ հարավային կողմում էր և հայտնի էր Թավրիզ-գափուսի անունով։ Դրանցից բացի, ստորերկրյա անցք կար դեպի Հրազդան գետը, պաշարման ժամանակ այնտեղից ջուր վերցնելու համար։ Հիշատակություն կա այն մասին, որ ստորերկրյա անցքերով և՛ Հրազդանից, և´ Գետառից ջուր է բերված եղել բերդ՝ երկար ժամանակ պաշարմանը դիմանալու նպատակով124։

Պարիսպների ուղղությամբ, դրանց շուրջը կառուցված էր բավական լայն ու խոր փոս, որի որոշ հատվածները վտանգի ու հարձակումների ենթակա պահերին լցրել են ջրով։ Բերդի պաշտպանությունն ապահովված էր մարդաշատ կայազորի ներկայությամբ, որի մեծությունը կախված է եղել քաղաքական հանգամանքներից։

XVII—XVIII դարերում Երևանի բերդն Արևելքում անառիկ հռչակված բերդերից մեկն էր։ Իրոք որ իրար հետ երկարաձիգ պատերազմների մեջ գտնվող թուրքական ու պարսկական բանակների համար Երևանի բերդը դժվարամատույց էր։ Պարզունակ

__________

122 Տե՛ս Թ. Խ. Հակոբյան, Երևանի պատմությունը (1801 — 1879 թթ.), էջ 235։
123 Նույն տեղում։
124 «Обозрение российских владений за Кавказом», ч. IV, էջ 290:

[էջ 375]

զենքերը, տրանսպորտային ողորմելի միջոցները, համապատասխան սակրավոր զորամասեր չունենալը պայմանավորում էին նրանց պարտությունները Երևանի բերդի պարիսպների տակ։ Ընդ որում բերդն ավելի անառիկ էր արևմտյան կողմից, որտեղ նա պաշտպանված էր Հրազդանի խոր ու զառիվեր կիրճով։ Երևանի բերդը այլաբանորեն, բայց ամենից ճիշտ և գեղարվեստական կենդանի լեզվով նկարագրել է Խաչատուր Աբովյանը։ Նա այդ բերդն արդարացիորեն դիտում է որպես օտարի լծի խորհրդանիշ125։

Երևանի բերդը Երևանի խանի (սարդարի) նստավայրն էր, նրա պալատի, հարեմի ու կայազորի տեղադրավայրը։ Այն լիովին հարմարեցված էր և համապատասխանում էր խանական աթոռանիստ լինելու բոլոր պահանջներին։ Այստեղ կառուցված էին խանի պալատը, հարեմը, զորանոցներ, բաղնիքներ, մզկիթներ, պահեստներ, զինանոցներ, կրպակներ ու խանութներ, բնակելի տներ և այլ շինություններ։ Այդ բոլորը, սակայն, բերդում զետեղված էին ոչ թե որոշակի հատակագծով, այլ խառնիխուռն, և բերդի նեղլիկ, ծուռումուռ փողոցները փաստորեն ոչ թե փողոցներ էին, այլ նեղ անցքեր, որոնք անկանոն դասավորված շենքերի քաոսում կազմում էին մի բարդ լաբիրինթոս126։

Խանի ապարանքը գտնվում էր բերդի հյուսիս-արևմտյան կողմում, Հրազդանի կիրճի վրա կախված։ Այն քառանկյունի մի ընդարձակ և զանազան բաժինների մասնատված շինություն էր։ Այստեղ մեծ տեղ էր գրավում հատկապես հարեմի շենքը, որի երկարությունը հասնում էր 200 ոտնաչափի, իսկ լայնությունը 125 և բաժանված էր բազմաթիվ սենյակների ու միջանցքների։

Խանի՝ մեր նկարագրած պալատը կառուցվել էր Հուսեին-Ալի խանի որդի Մահմուդ խանի օրոք՝ 1798 թվականին127։ Դրանից առաջ եղած խանական պալատներն ավերվել են և մշտապես հարկադրված են եղել դրանք վերանորոգել կամ դրանց տեղում կառուցել նորը։ Վերջին պալատը 1798 թվականին կառուցվածն էր։ Այն կառուցված էր պարսկական ճարտարապետական ոճով և իր տեսակի մեջ մեծ հետաքրքրություն է ներկայացրել։ Հայտնի է մանավանդ նրա հայելապատ հանդիսասրահը՝ Շուշաբանդ-այվան, խաների սիրած հովանոցը։ Նրա քիվերը պատած էին գույն-

__________

125 Խ. Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու ութ հատորով, հ. III, Երևան, 1948, էջ 53։
126 Տե'ս Полное собрание сочинений А. С. Грибоедова, т. I, էջ 42:
127 Հովհ. Շահխաթունյանց, Ստորագրութիւն Կաթուղիկէ Էջմիածնի և հինգ գաւառացն Արարատայ, հ. II, էջ 52։

[էջ 376]

զգույն հայելիներով, որոնք տարբեր հարթությունների վրա անդրադարձնելով լույսը՝ առաջացրել են գույների հրաշալի խաղ։ Առաստաղը զարդարված էր վառվռուն ծաղիկների նկարներով, իսկ դահլիճի պատերին փակցված էին կտավի վրա նկարված ութ պատկերներ՝ Ֆաթ-Ալի շահի, վերքին սարդար Հուսեին-Ղուլի խանի և այլոց նկարները128։

Բերդից ու խանի ապարանքից հետո իրենց ճարտարապետությամբ աչքի էին ընկնում երկու մզկիթները, որոնց մասին ասվեց քաղաքի մզկիթները բնութագրելիս։

Հոյակապ էր սարդարի հարեմին պատկանող բաղնիքր։ Նրա ներսն ամբողջապես մարմարապատ էր, գույնզգույն նախշերով զարդարված։ Բուն բաղնիքին կից կառուցված էր 15 սաժեն երկարություն, 4 սաժեն լայնություն և 3 արշին խորություն ունեցող մի ջրավազան՝ ամառվա շոգերին լողանալու համար129։

Մենք տեսանք, որ XVII դարի երկրորդ կեսին, Երևանի երկրաշարժի (1679 թ.) նախօրեին, ըստ Շարդենի վկայության, բերդում կար մինչև 800 բնակելի տուն։ Սակայն, սարդարները հետագայում՝ ըստ երևույթին խռովություններից խուսափելու նպատակով, բերդն ամբողջությամբ վերցնում են իրենց ձեռքը՝ այնտեղից դուրս քշելով բնակիչներին130։ Այնպես որ, չհաշված պաշարումների ժամանակ հարկադրանքով կամ այլ եղանակներով ժամանակավորապես բերդի պարիսպների ներսը քշված բնակիչներին, XVIII դարի վերջում և XIX դարի սկզբներին բերդում մշտաբնակ քաղաքացիներ չկային, այն գտնվում էր հարեմի ու կայազորի տրամադրության տակ։

Իրենց հնությամբ և ճարտարապետական կառուցվածքով որոշակի հետաքրքրություն են ներկայացրել Հրազդանի ափին բարձրացող աշտարակը և նրա շուրջը փռված այն կառույցի ավերակները, որոնք նկարագրել է Ժ. Շարդենը և որոնք, իբրև անցյալ ժամանակների կոթողներ, մեր կողմից քննարկման են ենթարկվել սույն աշխատության առաջին գրքում131։

__________

128 Տե՛ս Թ. Խ. Հակոբյան, Երևանի պատմությունը (1801 — 1879 թթ.), էջ 240 — 242։
129 И. Шопен, Исторический памятник Арм. области, էջ 867։
130 Մորից Ֆոն Կոցեբու (Հովհ. Հակոբյան, Ուղեգրություններ, հ. Զ, էջ 535), "Обозрение российских владений за Кавказом", ч. IV, էջ 290։
131 Տե՛ս Թ. Խ. Հակոբյան, Երևանի պատմությունը (հնագույն ժամանակներից մինչև 1500 թ.), էջ 273 — 274։

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր՝ Հակոբյան Թ., Երևանի պատմությունը (1500—1800 թթ.). – Եր., Երևանի համալսարանի հրատարակչություն, 1971։
Scanned: Վահագն Մխոյան
OCR: Դիանա Ազատյան
Ուղղագրում՝ Լինա Քամալյան

Տես նաև
Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice