ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian

Սարգիս Հարությունյան

ՀԱՅ ՀԻՆ ՎԻՊԱՇԽԱՐՀԸ

Նախորդ էջԲովանդակություն  | Հաջորդ էջ

[էջ 133]

ՇԱՊՈՒՀԸ ԽԱՅՏԱՌԱԿՈՒՄ Է ՀԱՅ ԱԶՆՎԱԿԱՆ ԿԱՆԱՆՑ*

Պարսից Շապուհ թագավորը հավաքում է իր իշխանության տակ եդած բոլոր զորքերը, հայոց դավաճան իշխաններ Վահան Մամիկոնյանի և Մեհրուժան Արծրունու առաջնորդությամբ գալիս է Հայոց աշխարհը, ասպատակում, բոլորին գերի վերցնում, բերում, հավաքում Բագրևանդ գավառի Զարեհավան քաղաքի ավերակներում։ Հայոց նախարարներից շատերը թողնում են իրենց ընտանիքները, կին, որդի, փախչում, ցրվում են այս ու այն կողմ։ Պարսից ասպատակիչները հավաքում են փախած հայ նախարարների կանանց, բերում Զարեհավան քաղաքի մերձակայքում բանակ դրած Շապուհի մոտ։

Պարսից Շապուհ թագավորը հրաման է տալիս գերված բոլոր չափահաս տդամարդկանց փղերի ոտների տակը գցել, տրորել, իսկ կանանց ու երեխաներին, բացառությամբ նախարարների կանանց, սայլերի ցցերի վրա հանել։ Այդ ձևով հազարավոր ու բյուրավոր մարդիկ են կոտորվում, թիվ ու հաշիվ չկար սպանվածներին։

Այնուհետև Շապուհ թագավորը հրամայում է փախած հայ նախարարների ու ազատների կանանց հավաքել, բերել Զարեհավան քաղաքի ձիարշավարանի հրապարակը, որի մոտակայքում խփած էր իր արքայական վրանը։ Նա մերկացնել է տալիս բոլոր ազնվական կանանց, նստեցնում հրապարակի երկու կողմերում, իսկ ինքը ձի հեծած՝ անցնում էր կանանց միջով, ով որ իր աչքին դուր էր գալիս, մեկ-մեկ տանում էր իր վրանը, անպատվում, բաց թողնում։ Այդպես օրեր շարունակ նա անպատվում է հայ նախարարների բոլոր աչքի ընկնող կանանց։ Ապա Շապուհը հրաման է տալիս Հայաստանի ամուր ու անառիկ տեղերում բերդեր կառուցել, ազնվական կանանց խումբ-խումբ տեղավորել այդ բերդերում։ Նա այդ բերդերի վրա բերդակալներ է նշանակում և հրամայում նրանց, որ եթե բերդերում պահված կանանց ամուսինները չհնազանդվեն իրեն, չվերադառնան ու իր իշխանության տակ չմտնեն, ապա նրանց բոլորի կանանց չարաչար մահով կսպանեն։

Շապուհը բերդակալների վրա իշխան է կարգում Զիկ և Կարեն զորավարներին, նրանց մոտ թողնում բազմաթիվ զորք, իսկ Հայոց աշխարհի մնացորդների վրա իշխելու իրավունքը հանձնում է Վահան Մամիկոնյանին և Մեհրուժանին, ինքը թողնում հեռանում է Ատրպատական։

Հավատափոխ եղած այս երկու դավաճան իշխանները՝ Վահան Մամիկոնյանն ու Մեհրուժան Արծրունին, որոնք ընդունել էին պարսից զրադաշտական կրոնը, սկսում են Հայոց աշխարհի բոլոր կոդմերում եկեղեցիներն ավերել, իրենց ձեռքն ընկած մարդկանց ստիպում հավատափոխ լինել և ընդունել մազդեզական կրոնը։

Նրանք հրամայում են կանանց պահպանող բերդակալներին, որ իրենց բերդերում պահվող նախարարների կանանց ստիպեն ընդունել պարսից կրոնը, իսկ հրաժարվոդներին չարաչար սպանել։

Բերդակալներն այդ հրամանը ստանալով, սկսում են իրենց բերդերում պահված կանանց ստիպել, նեղել, տանջել։ Բայց նրանցից ոչ մեկը հանձն չի առնում ուրանալ քրիստոնեությունը։ Այնժամ բոլոր բերդերում պահված բոլոր նախարարների կանանց չարաչար տանջանքներով սպանում են։

Վահան Մամիկոնյանը մի ազգակցուհի ուներ Մամիկոնյան տոհմից, անունը Համազասպուհի. նա կինն էր Ռշտունյաց գավառի Գարեգին իշխանի և Վարդանի քույրը։ Գարեգինն էլ մեկն էր այն նախարարներից, որոնք Շապուհի ներխուժումից խուսափելով, թողել իրենց կանանց, փախել էին։

Գարեգինի կին Համազասպուհին պահվում էր Վան քաղաքի միջնաբերդում՝ պարսիկ բերդակալի հսկողության տակ։

Վահանն ու Մեհրուժանը հրամայում են Վանի բերդակալին՝ ստիպել Համազասպուհի տիկնոջը ընդունել զրադաշտական կրոնը, հրաժարվելու դեպքում նրան ողջ-ողջ կախել բերդի աշտարակից։

Համազասպուհին հանձն չի առնում հավատափոխ լինել և ընդունել պարսից կրոնը։ Այն ժամանակ նրան հանում են բարձր աշտարակը, որ գտնվում էր ժայռի բարձր կատարին, հետևի կողմից դեպի ծովը նայող. Համազասպուհուն մերկացնում են, դարձնում մորից մերկ և ոտքերին կապ գցելով՝ գլխիվայր կախում բերդի աշտարակից։ Նրա մարմինը իր սպիտակափառ գեղեցկությամբ փայլում է արեգակի տակ, և շատ մարդիկ գալիս են նրան նայելու, իբրև մի սքանչելի տեսարանի, իբրև անմեղ զոհաբերության խորհրդանիշի։

-------------------------------

* Շարադրված է ըստ Փ. Բուզանդի «Հայոց պատմության»։

[էջ 134]

Վահանն ու Մեհրուժանը այնքան չար էին, որ իրենց մերձավորներին անգամ չէին խնայում, չարչարում էին նրանց, ստիպում հավատափոխ լինել, ատրուշաններ էին կառուցում շատ տեղերում, իրենց սեփական կալվածքներում։ Եվ բանն այնտեղ է հասնում, որ ատելությունից զայրացած Վահան Մամիկոնյանի որդին՝ Սամվելը, զարկում սպանում է հորը՝ Վահանին և պարսկուհի խորթ մորը, ինքը փախչում, ապաստանում է Խաղտյաց երկրում1։

ՄՈՒՇԵՂ ԵՎ ՊԱՊ*

Հայոց աշխարհի այդ ծանր օրերին Վասակ սպարապետի որդի Մուշեղ Մամիկոնյանը գտնվում էր Հունաց աշխարհում։ Նա հավաքել էր հայ ազատներից բաղկացած մի զորագունդ, գնացել էր հունաց թագավորի մոտ խնդրելու, որ նա իր մոտ պատանդ տարված Արշակ թագավորի որդուն՝ Պապ արքայազնին ազատ արձակի, թագավոր կարգի իր հոր փոխարեն Հայոց աշխարհի վրա։

Հունաց կայսրը բավարարում է Մուշեղի և հայ ազնվականների ցանկությունը։ Նա Հայաստանի վրա թագավոր է կարգում Պապ արքայազնին, միաժամանակ ռազմական մեծ օգնություն ցույց տալիս հայերին։ Նա Պապի և Մուշեղի հետ միասին Հայաստան է ուղարկում Տերենտ անունով ստրատելատին2 և Ադե անունով կոմսին՝ վեց հարյուր բյուր զորքով, որպեսզի նրանք Պապին հաստատեն Հայոց աշխարհի արքայական գահին, իսկ զորքը օգնի հայերին պարսիկներին երկրից դուրս քշելու համար։

Պապն ու Մուշեղը հունաց զորքի հետ գալիս են հասնում Հայոց աշխարհ, Մուշեղը իր հոր՝ Վասակի փոխարեն դառնում է Հայոց աշխարհի զորավար սպարապետ։

Հայոց աշխարհի բոլոր այն նշանավոր մարդիկ, որոնք չէին ենթարկվել պարսիկներին, փախել կամ թաքնվել էին, գալիս, հավաքվում են իրենց նոր թագավորի շուրջը։ Բոլորը երկրով մեկ սկսում են փնտրել Ներսես Մեծ հայրապետին, որի իմաստուն խորհուրդներին, օգտակար խրատներին, ջերմեռանդ աղոթքներին ու օրհնությանը կարոտ էին իրենք։

Ներսես կաթողիկոսին փնտրելու է դուրս գալիս անձամբ ինքը՝ Պապ թագավորը, հայոց ավագանու հետ։ Նրանք գտնում են Մեծ Ներսեսին, խնդրում, աղաչում, որ հայր լինի բոլոր հայերին, իր իմաստուն խորհուրդներով ու օգտակար խրատներով զորավիգ լինի իրենց, վերադառնա արքունի բանակը։

Մեծ թախանձանքների ու ջանքերի գնով նրանց հաջողվում է մի կերպ համոզել Ներսեսին վերադառնալ, որովհետև Գնելի սպանությունից ի վեր նա թողել հեռացել էր արքունի բանակից և երբեք չէր վերադարձել։

Պապը մեծ ուրախությամբ և ցնծությամբ հայոց ավագանու հետ Ներսես կաթողիկոսին բերում է արքունի բանակ։ Ներսեսը դառնում է հայոց թագավորի, ավագանու և առհասարակ ամբողջ ժողովրդի հոգևոր վերակացուն ու խրատատուն, կարգադրիչն ու իմաստուն առաջնորդը։

Մուշեղ սպարապետը հավաքում է հայոց ցրված զորքերը, կարգի է բերում զորագնդերը, բաժանում ըստ զորատեսակների, սպառազինում և կազմակերպում մեծ զորահանդես։ Հայոց զորքը, բաղկացած տասը հազար ընտիր ու լավ սպառազինված մարտիկներից, գունդ առ գունդ, ծածանվող դրոշակներով ու բացված զինանշաններով հանդիսավոր կերպով անցնում են Պապ թագավորի, Ներսես կաթողիկոսի, Տերենտ և Ադե հույն զորագլուխների առջևից, շարժելով նրանց ոգևորությունն ու հիացմունքը։

Հայոց Պապ թագավորը մեծ շնորհակալություն է հայտնում Մուշեղ զորավարին՝ լավ կազմակերպված, սպառազինված և մարտունակ զորքի համար, նրան արժանացնում մեծամեծ պարգևների։ Նրան շնորհակալություն են հայտնում նաև հունաց հրամանատարները, իսկ Ներսես Մեծ հայրապետը մեծ գորովանքով օրհնում է Մուշեղ սպարապետին, ասում.

-----------------------------

1 Խաղտյաց երկիր կամ Խաղտիք, հին փոքրասիական խալդայների երկիրը, որ տարածվում Էր Սե ծովի հարավ-արևելյան լեռնային ափերին և հյուսիս-արևմուտքից սահմանակից էր Տայքին։

* Այս ամբողջ գլուխը շարադրված է հիմնականում Փ. Բուզանդի, մասամբ և Մ. Խորենացու «Հայոց պատմություն» գրքերի հիման վրա։

2 Սպարապետ, զորավար, զորահրամանատար։

[էջ 135]

— Թող Քրիստոս տերը քեզ օրհնի, քեզ հաջողություն տա, քեզ հաղթության շնորհի քո ամբողջ կյանքում, քո ձեռքով, քո տոհմի ձեռքով թող նա փրկի Հայոց աշխարհը մինչև հավիտյան։

Մուշեղն այնուհետև հայոց զորքը կազմ ու պատրաստ հանում է զորարշավի, իբրև առաջապահ՝ Պապ թագավորից ու հունաց կայսերական զորքից առաջ է անցնում, շարժվում, գալիս հասնում է Հայաստանի միջնաշխարհը։ Այստեղ նա կռվի է բռնվում պարսից Զիկ և Կարեն զորավարների հետ, նրանց սպանում, իսկ ամբողջ պարսից զորքը սրի քաշում։ Ապա առաջ շարժվելով հասնում է մինչև Հայաստանի բուն սահմանը՝ Ատրպատականի Գանձակ քաղաքը, ամբողջ երկիրը թշնամուց հետ գրավում և իր ձեռքին պահում։

Իսկ Հայոց Պապ թագավորը հունաց զորքի հետ գալիս, պարսիկներից հետ է գրավում Հայաստանի բոլոր ամուր բերդերը, այդ թվում նաև Կոգի գավառում գտնվող Դարոյնք բերդը, որը, շնորհիվ հավատարիմ բերդապահների, անառիկ էր մնացել պարսից բազում հարձակումներից։ Այստեղ էին կենտրոնացված Արշակունի թագավորների գանձերի մեծ մասը, որը և ամբողջապես հանձնվում է Պապ թագավորին։ Հունաց կայսերական զորքի մի մասը տեղավորվում է Եռանդում և Բախիշում, իսկ մնացած մասը բաշխում են Հայոց աշխարհի մնացած բոլոր գավառների վրա։

Այս ընթացքում ուրացող Մեհրուժան Արծրունուն դարձյալ հաջողվում է մի ձիով փախչել և ապաստանել Պարսկաստանում։

Մուշեղ զորավարը սկսում է շրջել երկրով մեկ և չարաչար պատժել հավատուրացներին և հայրենիքի դավաճաններին։ Նա ամենից առաջ ավերում ու ոչնչացնում է այն մազդեզական ատրուշանները, որոնք կառուցել էին ուրացող Վահանն ու Մեհրուժանը. ապա բռնել է տալիս հավատափոխ եղած մազդեզականներին և հրամայում նրանց խորովել նույն մազդեզական ատրուշանների կրակների վրա։ Բռնում և չարաչար պատիժներով սպանում է բոլոր այն բերդակալներին, որոնց Շապուհը հանձնարարել էր պահել ու հսկել հայ նախարարների կանանց։ Բայց ամենից դաժան պատժի է ենթարկում այն նախարարներին և իշխաններին, որոնք անցել էին պարսիկների կողմը և պարսից թագավորի պատիվներին արժանացել։ Մուշեղը ձերբակալում է նրանց, մորթազերծ անել տալիս և նրանց տիկ հանած մորթիների մեջ խոտ է լցնել տալիս և կանգնեցնում պարիսպների վրա ի ցույց մարդկանց։ Նա դրանով լուծում էր նաև իր հոր՝ մորթազերծ արված Վասակի մահվան վրեժը։

Երկրում ամենուրեք վերակառուցում ու վերանորոգում են թշնամու ավերած բոլոր եկեղեցիները, բերդերը, կամուրջները, հայոց թագավորությունն աստիճանաբար նորոգվում է, ընկնում հունի մեջ։ Ներսես կաթողիկոսը կարգավորում է եկեղեցական ծիսակարգն ու պաշտամունքը, վերանորոգում աղքատանոցները, հիվանդանոցները, դպրոցները, իր իմաստուն խորհուրդներով նպաստում թագավորության ամրապնդմանը։

ՄՈՒՇԵՂ ԵՎ ՇԱՊՈՒՀ

Մեծ Հայքի սպարապետ Վասակի որդի Մուշեղը կազմում է քառասուն հազարանոց զորք՝ բաղկացած ընտիր և հավատարիմ ազնվականներից, նվիրված մարդկանցից, բոլորին ապահովում ձիերով, զենքով, պարենով և իր հետ վերցնելով գնում նստում է Ատրպատականի սահմանամերձ գոտում, թշնամու ներխուժումից պահպանելու Հայոց աշխարհը։

Նույն ժամանակ պարսից Շապուհ թագավորը իր զորքով և ամենայն պատրաստությամբ գալիս է Ատրպատական։ Մուշեղ սպարապետը իր քառասուն հազար զորքով մտնում է Ատրպատական, հարձակվում Շապուհի բանակի վրա, բոլորին կոտորում։ Շապուհ թագավորը մի ձիով հազիվ կարողանում է փախչել, ազատվել։

Մուշեղը գերի է վերցնում պարսից ավագներից շատերին, ինչպես նաև Շապուհի տիկնանց տիկնոջը՝ բոլոր մնացած կանանց հետ միասին, որոնք գտնվում էին մաշկավարզանում՝ արքայական կանանց վրանում։ Մուշեղը հրամայում է ձերբակալված պարսից ավագներից վեց հարյուր հոգու մորթազերծ անել, մորթիները տիկ հանել, մեջը խոտ լցնել և ուղարկել հայոց Պապ թագավորին։ Իսկ Շապուհի գերված կանանց Մուշեղը չի թույլ տալիս որևէ անարգանք հասցնել։ Ընդհակառակը, նա հրամայում է բոլոր կանանց համար առանձին ժանվար-պատգարակներ պատրաստել, նրանց հարգանքով ու պատ–

[էջ 136]

վով մեջը նստեցնել և ազատ արձակելով, ուղարկել Շապուհ թագավորին։ Եվ որպեսզի կանանց ոչ ոք չկարողանա անարգել, նա գերված պարսիկներից մարդիկ է առանձնացնում, կանանց հետ դնում իբրև ուղեկիցներ, որպեսզի բոլորը ողջ ու անարատ գնան հասնեն իրենց տիրոջը։

Երբ կանայք ողջ ու առողջ, անարատ վերադառնում են, Շապուհը մնում է ապշած ու զարմացած Մուշեղի քաջության, բարության, մեծահոգության ու ազնվության վրա։ Մուշեղն այդ ժամանակ մի սպիտակ նժույգ ուներ, որ իր գեղեցկությամբ շարժում էր անգամ պարսիկների հիացմունքը։ Շապուհ թագավորը իր կանանց նկատմամբ Մուշեղի մեծահոգի վարմունքից հիացած, Մուշեղի պատկերը՝ սպիտակ ձիու վրա նստած, քանդակում է իր գինու գավաթի վրա։ Ամեն անգամ խնջույքների ժամանակ այդ գավաթը լցնում էր գինով, դնում իր առաջ և իր զորքին կամ հյուրերին հյուրասիրելիս՝ բարձրացնում էր գավաթը և ամեն բարձրացնելիս ասում.

— Ճերմակաձին թող գինի խմի։

Իսկ Մուշեղը Շապուհի զորքը ջարդելուց հետո նրա բանակատեղից մեծ քանակությամբ գանձեր ու ունեցվածք է ավարի ենթարկում, բաժանում իր զորքին, լիացնում բոլորին, ապա այդ ավարից մեծ բաժին է հանում Պապ թագավորին, նրա մոտ մնացած զորքին, ինչպես նաև հունաց զորավարներին ու զորքերին։

Բայց երբ Մուշեղը իր զորքով վերադառնում է Հայոց աշխարհ, նրա զինվորներից ու զորապետներից ոմանք Պապ թագավորի առաջ ամբաստանում են Մուշեղ սպարապետին թշնամի Շապուհ թագավորի կանանց ազատ արձակելու համար։ Պապը փոքր-ինչ սառում է Մուշեղից, կասկածում նրա հավատարմության վրա։

ՀԱՅՐ ՄԱՐԴՊԵՏԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Պապ թագավորին պատմում են Հայր մարդպետի մասին, որը Արտագերսում Փառանձեմ տիկնոջ պաշարման մեջ եղած ժամանակ գաղտնի մուտքով մտել էր բերդ, անվայել խոսքերով վիրավորել տիկնոջը և Արշակունիների ամբողջ տոհմին։ Պապը ոխակալվում է Հայր մարդպետի դեմ և սպասում հարմար առիթի։

Եվ մի օր, երբ Հայր մարդպետը դուրս էր եկել շրջելու Տարոն գավառում գտնվող իր կալվածքները, Պապ թագավորը հրովարտակով դեսպան է ուղարկում Մուշեղ սպարապետի մոտ, որն այդ ժամանակ գտնվում էր Տարոնի իր Ողական ամրոցում։ Դեսպանը գալիս է և հրովարտակր հանձնում Մուշեղին։ Հրովարտակով թագավորը հրամայում է Մուշեղին՝ բռնել և չարաչար մահով սպանել Հայր մարդպետին։

Մուշեղը մարդ է ուղարկում Հայր մարդպետի մոտ և նրան մեծարանքի և հյուրասիրության պատրվակով հրավիրում իր մոտ՝ Ողական ամրոց։
Ձմեռվա ցուրտ օրեր էին, խիստ սառնամանիք էր, և Եփրատ գետը, որ հոսում էր Ողականի կողքով, ամբողջովին սառել էր։ Հայր մարդպետը մեծարանքի ակնկալիքով գալիս, մտնում է Ողա–

[էջ 137]

կան ամրոցը։ Մուշեղն իր զինվորներին անմիջապես հրամայում է բռնել Հայր մարդպետին, մորեմերկ անել, ձեռքերը ծնկներից ներքև կապել, իջեցնել գետը և դնել գետի սառույցի վրա։ Հայր մարդպետը ամբողջ գիշեր կապված մնում է սառույցի վրա նստած։ Հաջորդ օրը գնում են տեսնում, որ ցրտից նրա գլխի ուղեղը քթից դուրս էր եկել, թափվել և ինքը տեղնուտեղը սառել, մահացել։

Հայր մարդպետի փոխարեն Պապ թագավորը մարդպետության պաշտոնին է նշանակում Դղակին, որը Տիրանի և Արշակ թագավորի ժամանակ ևս մարդպետ էր եղել։

ՁԻՐԱՎԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ

Պարսից Շապուհ թագավորը նոր զորահավաք է կատարում, հավաքում իր ամբողջ զորքն ու զորությունը, շարժվում, գալիս հասնում է Ատրպատական աշխարհը։ Ինքը իր պալատական փոքրաթիվ զորքով մնում է այնտեղ, իսկ մնացած զորքի ամբողջ բազմությունն ուղարկում է Պապ թագավորի դեմ պատերազմի։ Պարսից զորքը մտնում է Հայաստան, ասպատակելով, գալիս հասնում միջնաշխարհ։ Հայոց Պապ թագավորն էլ իր հերթին է զորաժողով անում, հրամայում է հայոց և հունաց զորքերը հավաքել Բագրևանդում, Նպատ լեռան մոտ, Եփրատ գետից ոչ հեոու՝ Ձիրավ կոչված դաշտում։ Ադե կոմսը հունաց բոլոր զորքերը, որոնք գտնվում էին Եռանդում ու Բախիշում, հավաքում, բերում է այդտեղ։ Նա հավաքում է նաև հայոց տարբեր քաղաքներում նստած հույն հետեակ պահապաններին, բերում, միացնում իր զորքին։ Հայոց Մուշեղ սպարապետը հավաքում է հայոց ամբողջ զորքը, ավելի քան իննսուն հազար մարդ, կազմ ու պատրաստ բերում է Ձիրավի դաշտ, միացնում հունաց զորքին և այդտեղ զորքերը վերադասավորելով, պատրաստվում ճակատամարտի։

Դեռ Ատրպատականում, երբ Շապուհ թագավորը պարսից զորքերը վերադասավորում էր Հայոց աշխարհ պատերազմի ուղարկելու համար, նրա մոտ էր գտնվում աղվանների Ուռնայր թագավորը։ Ուռնայրը գալիս է Շապուհի առաջ և նրան դիմում հետևյալ խնդրով.

— Այրերի մեջ քաջ, եթե կամենում ես, ինձ իբրև պարգև հրաման տուր, որ Պապ թագավորի հայկական զորքի դեմ դուրս գամ իմ առաջապահ գնդով։ Իսկ հունաց զորքի դեմ պատշաճ է, որ արյաց գունդը դուրս գա։ Ոստի թույլ տուր, որ ես իմ գնդով հայոց իշխանների դեմ դուրս գամ և ես նրանց հաշիվը մաքրեմ։

Շապուհը հավանություն է տալիս Ուռնայրի ցանկությանը, շնորհակալություն է հայտնում և համապատասխան հրաման տալիս։ Մեհրուժան Արծրունին, որ ներկա էր այս խոսակցությանը, Ուռնայրին քաշում է մի կողմ և ասում.

— Դու փուշ գրկեցիր, շատ զարմանալի կլինի, եթե հավաքել կարողանաս։

Աղվանների թագավորի այս պարծենկոտությունը խոցում է անգամ դավաճան Մեհրուժան Արծրունու ազգային արժանապատվությունը և նա գաղտնի սուրհանդակ է ուղարկում Մուշեղ սպարապետի մոտ, հայտնում հետևյալը. «Իմացիր և պատրաստվիր, Մուշեղ, աղվանից Ուռնայր թագավորը մեծ պարծանքով քեզ Շապուհին պարգև է խոստացել։ Արդ, լսիր և անելիքդ իմացիր»։

Երբ պարսից զորքը շարժվելով գալիս է Հայոց աշխարհ, Ուռնայրը դիմելով այդ զորքի մեջ գտնվող իր գնդի զինվորներին, ասում է.

— Ձեզ այժմյանից հիշեցնում եմ, որ ձեր մտքերում լավ պահեք, հենց որ հունաց զորքերին կգերեք, զինվորներից շատերին կենդանի կթողնեք, որպեսզի նրանց կապենք, տանենք Աղվանք1 և մեր քաղաքների, ապարանքների շինարարության վրա նրանց բանեցնենք իբրև կավագործներ, որմնադիրներ, ծեփագործներ և առհասարակ օգտագործենք մեր բոլոր կարիքների համար։

Պարսից զորքը գալիս և հունաց զորքին մոտենալով, ճակատ է կազմում։ Հայոց քաջ նախարարների պատանիները Սմբատ Բագրատունու առաջնորդությամբ խիզախելով, գալիս մտնում են զույգ ճակատների միջև։ Պարսից զորքից էլ դուրս են գալիս նրանց հասակակիցները և շարվում, կանգնում իրենց ճակատի երկայնքով՝ հայ պատանիների դիմաց։

-------------------------------

1 Աղվանք աշխարհը տարածվում էր Քուռ գետից դեպի հյուսիս, մինչև Կովկասյան լեռներն ու Կասպից ծովը, բնակված աղվաններով, մասքութներով և այլևայլ ցեղերով։

[էջ 138]

Հունաց ոսկեկուռ ու արծաթակուռ զենք ու զրահով սպառազինված զորքերը, փայլուն և գույնզգույն զարդերով զարդարված ձիերը հեռվից պղնձակոփ պարիսպ էին հիշեցնում։ Զինվորների գլխին փողփողացող վիշապապատկեր դրոշակները, քամուց ուռչելով բացել էին երախները, գալարվում և ամբողջ զորքի հետ միախառնվելով՝ ադամանդակուռ լեռ էին հիշեցնում, որ իջնում էր պարսիկների բաց կապտավուն զրահներով զրահավորված հզոր գետի նմանվող զորքերի վրա։

Երբ զորքերը երկու կողմից պատրաստվում էին ճակատամարտի, Պապ թագավորը զինված ու զրահավորված, ուզում է մտնել կռվի մեջ։ Բայց հունաց Տերենտ զորավարը թույլ չի տալիս.

— Հունաց թագավորը, — ասում է նա, — մեզ ուղարկել է քեզ համար, որպեսզի քեզ պահպանենք։ Հիմա եթե քեզ մի բան պատահի, ապա մենք ի՞նչ երեսով պիտի նայենք մեր թագավորին կամ ի՞նչ պատասխան կարող ենք տալ։ Դու, արքա, արա, ինչ որ ասում ենք քեզ. առ Ներսես եպիսկոպոսին, գնա Նպատ լեռը, նստիր մի ամուր և անվտանգ տեղ, և թող սուրբ Ներսեսը աղոթք անի և աստծուց խնդրի, որ մեզ հաղթություն տա։ Լեռան բարձունքից կնայես ու կտեսնես մեր ճիգերն ու ջանքերը ճակատամարտի ընթացքում, յուրաքանչյուրի քաջությունն ու երկչոտությունը, որ քո աչքի առաջ կկատարվեն։

Պապ թագավորը համաձայնում է, Ներսես քահանայապետին վերցնում իր հետ և ելնում, նստում է Նպատ լեռան բարձունքներից մեկում։ Քիչ անց Ներսեսի մոտ է գալիս հայոց զորքերի զորավար սպարապետ Մուշեղ Մամիկոնյանը. նա Ներսեսի մոտ էր բերել իր դրոշակներն ու զենքը օրհնել տալու, որից հետո պետք է իջներ ռազմադաշտ։ Պապ թագավորը հիշելով Մուշեղի նկատմամբ եղած նախկին ամբաստանությունբ, դիմում է Ներսես կաթողիկոսին.

— Ես հիշեցի, որ Մուշեղը բարեկամ է պարսից Շապուհ թագավորին։ Դա այն Մուշեղը չէ՞, որ պարսից Շապուհ թագավորի կանանց ազատ արձակեց ժանվարներով ու պահապան վաշտով։ Լսել եմ նաև., որ նա գաղտնի բանակցությունների մեջ է մտել պարսիկների հետ, դրա համար էլ նա պատերազմին չպետք է մասնակցի։

Ներսես կաթողիկոսը զարմացած թագավորի այդ խոսքերից, սկսում է բարեխոսել Մուշեղին Պապի առաջ։

Պապ թագավորը մնում է անդրդվելի։

— Դու մի բարեխոսիր, — ասում է նա Ներսեսին, — եթե հիմա նա պատերազմի դաշտ իջնի, անմիջապես պարսից զորքերին կմիանա։

Բայց Ներսեսն ավելի եռանդով է սկսում բարեխոսել Մուշեղին, մինչև որ կոտրում է թագավորի համառությունը։

— Թող քո կամքը լինի, — ասում է նա Ներսեսին, — բայց նախ պահանջիր՝ երդվի քո աջի վրա, որ նա մեզ չի դավաճանի, ապա արձակիր, որ գնա պատերազմի։

Մուշեղին անմիջապես կանչում են թագավորի առաջ։ Մուշեղը գալիս է, նախ երկրպագում թագավորին, ապա Ներսես կաթողիկոսի աջը բռնելով՝ երդվում։ Հետո բռնում է Պապ թագավորի ձեռքը, երդվում և ասում.

— Ես կապրեմ ու կմեռնեմ քեզ համար, ինչպես իմ նախնիները ապրեցին, կռվեցին ու մեռան քո նախնիների համար։ Ճիշտ այնպես, ինչպես իմ հայրը քո հոր՝ Արշակի համար մեռավ, ես էլ կմեռնեմ քեզ համար, միայն թե դու, թագավոր, խնդրում եմ՝ չարախոս մարդկանց չլսես։

Այս երդումից հետո Ներսես քահանայապետը օրհնում է Մուշեղին մեծ օրհնությամբ, իսկ Պապ թագավորը հրամայում է իր ձին ու նիզակը մատուցել Մուշեղ քաջ զորավարին։ Մուշեղը կտրուկ հրաժարվում է այդ պարգևն ընդունել։

— Ես, արքա, — ասում է նա, — առայժմ իմ ունեցած ձիով ու զենքերով կգործեմ։ Իսկ հետո ինչ որ տալու լինես, ես միշտ խոնարհ ու հնազանդ պատրաստ եմ քո հրամանին ծառայելու։

Ապա Մուշեղը բերում է իր դրոշակն ու զենքը Ներսեսի մոտ, որ օրհնի։ Օրհնելուց հետո նա հեծնում է ձին, իջնում ոազմադաշտ և ճակատ կազմում հունաց զորքի աջ կողմում։ Իսկ Պապ թագավորն ու Ներսես կաթողիկոսը մնում են կանգնած Նպատ լեռան վրա։ Ներսեսը իր ձեռքերը բազկատարած երկինք բարձրացնելով, խնդրում էր աստծուց, որ խնայի իր հավատացյալներին ու եկեղեցուն, խնայի իր ժողովրդին և նրան չմատնի անօրեն հեթանոսների ձեռքը։

Մինչ Ներսեսը բազկատարած աղոթում էր Նպատ լեռան վրա, ներքևում՝ Ձիրավի դաշտում,

[էջ 139]

սկսվում է ճակատամարտը։ Նախ իրար դեմ են ելնում երկու ճակատների արանքում իրար դեմ կանգնած հայ և պարսիկ պատանի զինվորները։

Երբ պարսիկ պատանիները հետ էին դառնում, հայ պատանիներն անմիջապես հասնում էին նրանց հետևից, և ինչպես անտառը տերևաթափ անող փոթորիկ, նիզակների հարվածների տարափ էին տեղում նրանց վրա, ձիերից վայր գցում, դիակները թավալում գետին։ Պարսիկ պատանիները չէին կարողանում իրենց ճակատի մեջ մտնել ու պատսպարվել։ Իսկ երբ հայ պատանիներին պարսիկներն էին հետ դարձնում, մերոնք արագ մտնում էին հունաց՝ վահաններով պատսպարված ճակատը, ինչպես մի ամուր ու անառիկ բերդի մեջ, և բնավ չէին վնասվում։

Այնուհետև առաջ է շարժվում հունաց զորքերի աջ կողմում ճակատ բռնած հայոց զորքը, իսկ Մուշեղի գունդը բոլոր գնդերից առաջ է անցնում, արագ շարժվելով մխրճվում թշնամու զորքերի մեջ։ Մուշեղի գնդի դրոշները Նպատ լեռան բարձունքից ճակատամարտը դիտող Պապ թագավորի տեսադաշտից կորչում են, ձուլվում թշնամու ծով բանակի մեջ։ Պապը հուսահատ աղաղակով դառնում է դեպի աղոթող Ներսեսը.

— Դու իմ տունը քանդեցիր, ինձ արմատախիլ արեցիր, այրեցիր, ես քեզ ասում էի՝ այդ մարդուն պատերազմ մի ուղարկիր։ Ահա, նա գնաց, միացավ պարսից զորքի հետ և մեզ մեծ վնաս կհասցնի։

Ներսես կաթողիկոսը ընդհատելով աղոթքը, սաստիչ ձայնով պատասխանում է.

— Այդպիսի բան մի մտածիր, թագավոր, նա մեզ չի դավաճանի, դու ինքդ շուտով կտեսնես այն քաջությունդ, որ ծառադ կգործի քո առաջ։

Իսկ այդ պահին ներքևում՝ Ձիրավի դաշտում, հայոց զորքերի դիմացից բարձրացող արևը ընկնելով զինվորների պղնձակուռ վահաններին ու սաղավարտներին՝ բեկբեկուն շողերով փայլատակում էր շրջապատի լեռներ ի վրա, ինչպես ամպերի տակից շողացող փայլակ։

Հայոց ճակատից թշնամու վրա խոյացող լավ զրահավորված նախարարներն ու զինվորները փայլող ճառագայթների փնջերի նման մխրճվում էին թշնամու ճակատի մեջ, սարսում, տատանում էին հակառակորդի դիմադրությունը։ Երկու ճակատների թեժ ընդհարման ժամանակ Սպանդարատ Կամսարականի դեմ է դուրս գալիս հակառակորդի լավ սպառազինված մի մեծ խումբ, որի մեջ էր լեկերի (լեզգիների) քաջ թագավոր Շերգիրը։ Շերգիրն իր խմբով անսասան պատնեշի նման կանգնած էր ճակատի կենտրոնում, կասեցնելու հայ զինվորների հարձակումը։ Սպանդարատը կայծակի արագությամբ հարձակվելով՝ ճեղքում է խումբը, մխրճվում հակառակորդի զինվորների մեջ և Շերգիրին շանթահարվածի նման գետին տապալում։ Խումբը այդ անակնկալ հարձակումից երերում է, խուճապի մատնվում և շուռ գալով, դիմում փախուստի։

Իսկ քաջ սպարապետ Մուշեղը, որ իր գնդով աջ կողմից ճեդքել էր թշնամու ճակատն ու խորացել նրա թիկունքում, չարաչար կոտորում է պարսից զորքերին և աչքը պահած աղվանների Ուռնայր թագավորի վրա, կռվելով մոտենում է աղվանների գնդին։ Աղվանից գունդը երերում է Մուշեղի զորքի հարվածների տակ, մեծ կորուստներ տալով՝ սկսում նահանջել։ Ուռնայր թագավորը, տեսնելով իր զինվորների ահռելի կոտորածը, դիմում է փախուստի։ Մուշեղը հասնում է նրան և հետևից իր երկար նիզակի կոթով սկսում ծեծել Ուռնայրի գլուխը և ասում.

— Շնորհակալ եղիր, որ թագավոր մարդ ես, գլխիդ թագ ես կրում, թե չէ՝ քեզ շան նման կսատկացնեի։ Ես թագավոր մարդու չեմ սպանի, թեկուզ կյանքս էլ վտանգի տակ լինի։

Եվ Մուշեղը այլևս չի հետապնդում Ուռնայրին, թողնում է, որ նա իր ձիավորների հետ փախչի, գնա Աղվանից աշխարհը։

Ամբողջ ճակատով մեկ, հայոց և հունաց զորքերի ճնշման տակ, պարսից զորքերը պարտություն են կրում, մեծ կորուստներ տալով ցրվում, դիմում փախուստի, ապաստանելով լեռներում ու խոր ձորերում։ Հայ և հույն զինվորները հետապնդում են նրանց, շատերին կոտորում, քչերին է միայն հաջողվում իրենց արագավազ ձիերի շնորհիվ փախչել, ազատվել։

Հայոց և հունաց զորքերը վերադառնում են Պապ թագավորի մոտ մեծ հաղթանակով։ Թիվ ու հաշիվ չկար սպանված թշնամիների գլուխներին, որ քաջ Մուշեղ զորավարը կտրել, բերել էր Պապ թագավորին, ի նշան մեծ հաղթության։ Անհաշիվ էր նաև թշնամուց խլած ավարը՝ գանձեր, զենքեր, զարդեր, կարասի, ձիեր, ջորիներ, ուղտեր, որոնք լիուլի բաժանում են հաղթանակած հայ և հույն զինվորներին։

Սակայն Մուշեղին դարձյալ ամբաստանում են Պապ թագավորի առաջ, ասելով.

[էջ 140]

— Իմացիր, արքա, Մուշեղը քեզ հետ նենգորեն է վարվում, նա անհամբեր սպասում է քո մահվանը։ Այս էլ մի քանի անգամ քո թշնամիներին բռնում է, ապա ըստ իր սովորության՝ ազատ արձակում։ Նա բռնեց քո թշնամի աղվանից Ուռնայր թագավորին, որի կյանքը իր ձեռին էր, բայց դարձյալ կյանք բաշխեց քո հակառակորդին և ազատ արձակեց։

Պապը անմիջապես կանչում է Մուշեղին և իր կատարած արարքի համար բացատրություն պահանջում։

— Արքա, — ասում է Մուշեղը, — ես կոտորեցի բոլոր նրանց, ովքեր ինձ հավասար էին, զորավարներ կամ զինվորներ էին։ Իսկ նրանք, ովքեր թագ են կրում, ինձ հավասարակիցներ ու ընկերներ չէին, նրանք քո ընկերներն են, որովհետև թագավորներ են։ Գայիր, ինչպես որ ես ինձ հավասարակից մարդկանց սպանեցի, դու էլ քեզ հավասար թագավորներին սպանեիր։ Միևնույն է, ուր էլ լինեմ, թեկուզ ինչ էլ լինի, ես թագավոր մարդու վրա, որը իր գլխին թագ է կրում՝ ոչ ձեռք եմ մեկնել, ոչ մեկնում եմ, ոչ էլ կմեկնեմ։ Եթե կամենում ես ինձ սպանել՝ սպանիր, դա քո կամքն է, բայց ասում եմ և իմացիր, եթե առաջիկայում ևս ձեռքս թագավոր մարդ անցնի, ինչպես շատ անգամ է պատահել, ես, միևնույն է, թագավոր մարդու, որ գլխին թագ է կրում, չեմ սպանի, թեկուզ ինձ սպանելու լինեն։

Պապ թագավորը Մուշեղի այս անկեղծ խոսքերից խիստ զգացված, գահույքից վեր է կենում, գրկում Մուշեղին, գլուխը դնում նրա ուսին, լաց լինում, ասում.

— Մահապարտ են բոլոր նրանք, ովքեր հանդգնում են կամ այսուհետև կհանդգնեն չար բերան բանալ Մուշեղի՝ այս քաջ և պատվական մարդու հասցեին։ Նա մի մարդ է, որն իր ծագումով մեզ նման նույնքան պատվական է։ Նրա նախնիները մեր նախնիների նման ևս այլ աշխարհից են եկել։ Նրանք թողել են Ճենաց աշխարհի թագավորությունը, եկել մեզ մոտ և ապրել ու մեռել մեր նախնիների համար։ Սրա հայրը իմ հոր համար մեռավ, և սա հավատարմությամբ ծառայել է մեզ։ Շատ անգամ աստված, մեր հոր՝ սքանչելի Ներսեսի աղոթքներով ու պաղատանքներով Մուշեղի ձեռով մեզ հաղթություն է շնորհել։

Էլ ինչպես են կարողանում ինձ հավատացնել, թե Մուշեղն, իբր, իմ մահվանն է սպասում։ Մուշեղը արդարամիտ և հավատարիմ մարդ է. եթե նա իր ազնվականությամբ օտար թագավորներին խնայեց, էլ ինչպես նա կարող է ձեռք բարձրացնել իր բնիկ տերերի վրա։

Եվ Պապ թագավորը մեծ պատիվներ, շատ կալվածքներ ու գյուղեր է շնորհում Մուշեղ զորավարին իր քաջության, ազնվության և հավատարմության համար։

ԳԱՆՁԱԿԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ

Ձիրավի հաղթական ճակատամարտից փոքր-ինչ անց աղվանների Ուռնայր թագավորը գաղտնի սուրհանդակ է ուղարկում Մուշեղի մոտ և հայտնում հետևյալը.
«Նախ՝ շատ շնորհակալ եմ քեզանից, որ աստված ինձ քո ձեռը հանձնեց, բայց դու ինձ խնայեցիր, չսպանեցիր։ Քանի կենդանի եմ, այդ քո լավությունը երբեք չեմ մոռանա։ Բայց ես ուզում եմ քեզ հայտնել հետևյալը, պարսից Շապուհ թագավորը մեծ զորք է հավաքել և պատրաստվում է անսպասելի հարձակում գործել քեզ վրա։ Իմացիր այդ և քո բանը տես»։

Մուշեղն անմիջապես այս լուրը հայտնում է Պապ թագավորին։ Պապը շտապ կարգով պատրաստվում է պատերազմի։ Նախ՝ հունաց ստրատելատի միջոցով հունաց զորքերը, որոնք կենտրոնացված էին Ատրպատականի Գանձակ քաղաքի շրջակայքում, շարժում, բերում է դեպի Հայաստանի սահմանները։ Նույն տեղում է բերում կենտրոնացնում Մուշեղ զորավարը նաև հայոց բոլոր զորքերը, թվով իննսուն հազար մարդ, բոլորն էլ լավ զինված, ընտիր նիզակավորներ, չհաշված նրանց հետ եկող ասպարակիրներին։ Բոլոր զորքերն ու զորավարները կենտրոնանում են Պարսկաստանին սահմանակից Ատրպատականի մերձակայքում։ Երկրում մնում են միայն Պապ թագավորն ու Ներսես կաթողիկոսը, որը հրամայում է ժողովրդին՝ երկրով մեկ աղոթել պատերազմի ելած զորքերի համար, հանուն նրանց հաղթանակի։

Իսկ պարսից Շապուհ թագավորը, անտեղյակ այս ամենին, իր ամբողջ զորքով գալիս, հասնում է

[էջ 141]

պատերազմի վայրը և մնում զարմացած, հունաց և հայոց զորքերը կազմ ու պատրաստ կռվի են սպասում։ Երկու կողմերն էլ առանց հապաղելու ճակատ են կազմում և անմիջապես անցնում կռվի։

Հակառակորդ ճակատներն իրար են խառնվում։ Հայոց նիզակավորների գնդերը մոլեգնաբար հարձակվում են պարսիկների վրա և հենց Շապուհի դիմաց՝ ձիերի վրայից նիզակներով հարվածում են իրենց ախոյաններին, քաջաբար գետին տապալում։ Հենց որ պարսիկներից մեկը հայ զինվորների հարվածից գետին էր տապալվում, հայոց ամբողջ զորքը ոգևորված աղաղակում էր.

— Ա՛ռ, քաջ Արշակ։

Եվ ինչքան պարսիկներից մարդ էր գլխատվում, սպանվում, հայոց զորքը միահամուո ու միաբերան բացականչում էր.

— Մատաղ եղիր մեր Արշակ թագավորին։

Եվ այդպես շարունակ, ամբողջ ճակատամարտի ընթացքում, յուրաքանչյուր գետին տապալված կամ մորթված, գլխատված պարսից հակառակորդի հայ զինվորները նվիրում էին իրենց նախկին թագավոր Արշակին։

Իսկ հայոց հարձակվող նիզակակիր գնդերի թիկունքը պահում էին հունաց լեգեոնների1 բազմությունն ու հայ ասպարակիրները, որոնք վահաններով ամուր պատսպարված, կանգնած էին բերդի նման։ Հենց որ պարսից զինվորները փոքր-ինչ վանում էին հունաց կամ հայոց նիզակավորներին, սրանք արագ հետ էին նահանջում, իսկ թիկունքում կանգնած ասպարակիրներն ու վահանավորները բաց էին անում իրենց վահանները, նահանջողներին ներս ընդունում, փակում, պատսպարում։ Մի փոքր հանգստանալուց ու շունչ քաշելուց հետո նիզակավորները նորից դուրս էին գալիս, ինչպես ամուր բերդից, հարձակվում պարսիկների վրա, անթիվ ու անհաշիվ մարդիկ էին իրենց ոտների տակ գլորում, սպանում կամ գլխատում և կրկնում նույն քաջալերիչ խոսքերը իրենց Արշակ թագավորի հասցեին։

Այդ օրը հայոց գնդերն ու նրանց Մուշեղ զորավարը, հունաց զորքերն ու նրանց Տերենտ ստրատելատը փառավոր հաղթանակ են տանում։ Պարսից Շապուհ թագավորի բազմությունը գլխովին ջախջախվում է, իսկ Շապուհն ինքը սակավաթիվ մարդկանցով փախչում է պատերազմի դաշտից։

Մուշեղ սպարապետն ու Տերենտ ստրատելատը Դղակ մարդպետին երեսուն հազար զորքով սահմանապահ են թողնում Գանձակում, իսկ իրենք հաղթական մեծ շուքով ու ավարով վերադառնում են իրենց Պապ թագավորի մոտ։

Երբ Շապուհ թագավորը հասնում է իր երկիրը, յուրայիններին զարմանքով ու հիացմունքով պատմում է հայոց կռվող գնդերի քաջության մասին։

— Զարմացել եմ ես իմ տեսածի վրա, — ասում է նա, — շատ եմ զարմացել։ Մանկությունից ի վեր միշտ կռվի ու պատերազմի մեջ եմ եղել, շատ տարի է, որ թագավոր եմ դարձել և տարի չի եղել, որ առանց կռվի անցկացրած լինեմ, բայց այսպիսի թեժ ու եռանդուն, ջերմ ու նվիրված կռիվ ես առաջին անգամ տեսա։

Երբ հայոց նիզակավորները առաջ էին գալիս, այնպես էին հարձակվում, կարծես մի բարձր լեռ կամ հաստ ու հզոր, անսասան աշտարակ էր մեզ վրա գալիս։ Իսկ երբ մենք էինք նրանց փոքր-ինչ վանում, ապա նրանք արագ պատսպարվում էին հոռոմների2 լեգեոնների մեջ, որոնք իրենց կից առ կից վահանները բաց անելով, նրանց ներս էին առնում, ինչպես պարսպապատ ամրոցի մեջ։ Այնտեղ փոքր-ինչ շունչ առնելով, նրանք նորից դուրս էին գալիս ու կռվում այնպիսի կատաղությամբ, որ արյաց զորքերին գլխովին ոչնչացրին։

Մեկ ուրիշ բանի վրա էլ եմ մնացել զարմացած, դա հայոց զորքի միասիրտ համերաշխությունն է, հավատարմությունն ու տիրասիրությունը իր թագավորի նկատմամբ։

Արդեն քանի տարի է, ինչ նրանց տերը՝ Արշակ թագավորը, չկա, նրանց համար կորած է, բայց հայ զինվորները կռվելիս նրանով էին քաջալերվում։ Երբ նրանք իրենց ախոյաններին ձիերից ցած

-----------------------------------

1 Լեգեոնը հին հռոմեական զորքի միավոր էր, տարբեր ժամանակներում՝ բաղկացած 3600-ից մինչև 6000-ի հասնող կռվող զինվորներից։ Նրանց մեծ մասը լավ սպառազինված ծանրազեն մարտիկներ էին, փոքր մասն էր միայն թեթև զինված։

2 Հոռոմներ - բյուզանդացի հույներին տրվող ժողովրդական անվանումներից մեկը, որ ծագում է Հռոմ, հռոմեացի բառերից, իբրև հռոմեական կայսրության՝ Բյուզանդիայի հպատակներ կամ պարզապես բյուզանդացի հույներ։

[էջ 142]

էին գլորում, բոլորը միաբերան բացականչում էին՝ «Արշակ, առ», իսկ եթե սպանում էին՝ նրան էին նվիրում, կարծես թե թագավորն իրենց մեջ լիներ, իրենց գլխին կանգնած, իրենց մեջ կռվելիս։

Իսկ Մուշեղի մոլեգնած գնդից, «թվում էր, բոց ու կրակ է թափվում, դրոշակներն այնպես էին փողփողում արագ սուրացող գնդի գլխավերևում, կարծես հրդեհի բոց էր անցնում եղեգների միջով։

Շատ, շատ եմ զարմացել հայոց զորքի իրենց կորած թագավորի նկատմամբ ունեցած ջերմ ու նվիրական սիրուց, իրենց բնիկ տիրոջ հանդեպ ունեցած այղ չտեսնված տիրասիրությունից։

ԴՂԱԿ ՄԱՐԴՊԵՏԻ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Դղակ մարդպետը, որ երեսուն հազար ընտիր, լավ սպառազինված զորքով սահմանապահ էր մնացել Հայաստանի և Պարսկաստանի սահմանագլուխ Գանձակ քաղաքում, գաղտնի պատգամավոր է ուղարկում պարսից Շապուհ թագավորի մոտ, խոստանում նրա ձեռը հանձնել հայոց Պապ թագավորին, հունաց Տերենտ զորավարին և հայոց սպարապետ Մուշեղ Մամիկոնյանին։ Այդ դավադրությունն իրագործելու համար, նա Շապուհ թագավորից մեծ գանձ ու խոստումներ է ստանում։

Պատրաստվող դավադրության մասին իմանում են Դղակի զորքում եղած հայ նախարարները, որոնք և գաղտնի տեղյակ են պահում Պապ թագավորին։
Պապը դեսպաններ է ուղարկում Դղակի մոտ հետևյալ պատգամով. «Քո ձեռքի տակ եղած զորքերը հավաքիր և հանձնիր Անձևացի Գնել իշխանին, իսկ ինքդ շտապ եկ ինձ մոտ. մտադիր եմ բանակցություններ սկսել Շապուհ թագավորի հետ նրա հպատակության տակ անցնելու համար և քեզ կամենում եմ նրա մոտ դեսպան ուղարկել»։

Դղակ մարդպետը այս լուրը լսելով, շատ է ուրախանում, մտածելով, որ եկել է հարմար առիթը Շապուհ թագավորին տված իր գաղտնի խոստումն իրագործելու համար։ «Հիմա իմ գործը շատ հեշտացավ, — մտածում էր նա, — ճանապարհը գտել եմ արդեն. Պապ թագավորին պարապ խոսքերով կքնեցնեմ, որ անհոգ ու միամիտ մնա, և անսպասելի նրա գլխի վերևը կկանգնեցնեմ պարսից Շապուհ թագավորին»։

Ոգևորված այն մտքից, որ ինքը պատգամախոս է նշանակված երկու թագավորների միջև և կարող է իր դավադրությունն ազատ իրականացնել, Դղակը շտապ ձիավոր դեսպան է ուղարկում Պապի մոտ, հայտնում իր գալուստը։

Պապ թագավորն այդ ժամանակ գտնվում էր Այրարատյան գավառի Արդյանք կոչված մեծ գյուղի իր արքունական կալվածքում։ Դղակը գալիս, ներկայանում է թագավորին և մեծ պատվով ընդունվում։ Ընթրիքից առաջ Պապ թագավորը հրամայում է Դղակ մարդպետին հագցնել փառահեղ զգեստ։ Բերում են շատ շքեղ հանդերձներ, հագցնում, բայց զգեստներն այնքան մեծ էին, որ վերևից ծալ-ծալ իջնում էին ներքև, փաթաթվում ոտքերին։ Դղակը լայն ու երկար պատմուճան հագնելուց հետո մեջքին գոտի է կապում, գոտուց կախում թուրը, մյուս կողմից սուրը։ Սակայն պատմուճանն այնքան երկար էր, որ ոտքերին չփաթաթվելու համար գոտուց վերև ծալում է, և պատմուճանի ծալքը ներքև իջնելով, ծածկում է թուրն ու սուրը։ Երկար վարտիքը հագնելուց հետո կարճ դաշույնը կապում է ազդրի մոտ, բայց երկար վարտիքի ծալած դարսը դարձյալ գալիս, ծածկում է դաշույնը, հասնելով մինչև սրունքները։
Դղակը հիանալով արքայապարգև շքեղ զգեստներով, հագնում է դրանք, գլխի չընկնելով, թե ինչ փորձանք պիտի բերի իր գլխին զգեստների մեծությունը։

Երեկոյան ժամը իննին Դղակին կանչում են, ասում.

— Քեզ ներսում՝ արքայի մոտ ընթրիքի են հրավիրում։

Ուղեկցող արքունի սպասավորները Դղակին մտցնում են թագավորի տան երկար նրբանցքը, որի բոլոր երդիկները փակ էին, իսկ պատերի տակ կանգնած էին իրենց ասպարների տակ պատսպարված սակրավոր զինվորները։ Երբ Դղակն անցնում էր մութ ու երկար նրբանցքով, սակրավորները սկսում են քաշքշել նրան. Դղակը քանիցս ձեռը տանում է դեպի իր զենքերը, բայց ոչ մի զենք չի կարողանում հանել, որովհետև զենքերը խճճվել էին մեծ ու երկար զգեստների ծալքերի մեջ։

Դղակը խոշոր, թիկնեղ, հաղթանդամ մարդ էր, բայց անզեն չի կարողանում մաքառել սակրավոր

[էջ 143]

զինվորների բազմության հետ։ Սակրավորները շրջապատում են նրան, բռնում, վերև բարձրացնում և այդպես տանում, հասցնում թագավորի սեղանատան դուռը։ Թագավորը տեսնելով, որ Դղակին բերում են սեղանատուն, ասում է զինվորներին.

— Ոչ այստեղ, ոչ այստեղ, հանդերձատունը տարեք դրան։

Զինվորները Դղակի ձեռները հետևն են կապում, նրբանցքով տանում, հասցնում են արքունի հանդերձատունը, ուր սովորաբար թագավորն էր հանդերձավորվում և գլխին թագ դնում։

Դղակը դիմում է զինվորներին.

— Թագավորին ասացեք այսպես, ես արժանի էի այս մահվան, բայց քեզ վայել էր ինձ սպանել հրապարակով և ոչ թե թագադրության այս սենյակում, և քո թագը արյունով շաղախել։

Զինվորներն արագ բռնում են Դղակ մարդպետին, գլուխը կտրում, զարկում նիզակի ծայրին և կանգնեցնում արքունական հրապարակում։

ԱՐՇԱԿ ԵՎ ԴՐԱՍՏԱՄԱՏ*

Այդ ժամանակներում հայոց Արշակ թագավորը դեռևս կենդանի էր և բանտարկված Պարսկաստանի հեռավոր Անհուշ բերդում։

Պարսիկները դադարեցրել էին հայերի դեմ եղած երկարամյա կռիվները, որովհետև քուշանների Արշակունի թագավորը, որ նստում էր Բալխ1 քաղաքում, պատերազմ էր սկսել Արշակունիների թշնամի Սասանյան տոհմի ժառանգ պարսից Շապուհ թագավորի դեմ։

Շապուհ թագավորը հավաքում է իր բոլոր զորքերը, այդ թվում նաև Հայոց աշխարհից գերի տարված հեծելազորը և պատերազմի տանում քուշանների դեմ։ Շապուհի հետ քուշանների կռվին մասնակցում էր նաև Արշակ թագավորի հետ Պարսկաստան գերի տարված Արշակ թագավորի ներքինին՝ Անգեղտան իշխան Դրաստամատը։

Նա դեռևս Տիրան թագավորի ժամանակներից իշխում էր Անգեղտան վրա, նրան էր ենթակա նաև Ծոփքի Քնաբերդ կոչված բերդը, ուր պահվում էին արքունի գանձերի մի մասը։ Նա մեծ իշխանության տեր էր, սիրված Արշակ թագավորից ու պատիվների արժանացած, և նրա իշխանական դիրքը հայոց մյուս իշխաններից ամենաբարձրն էր։

Շապուհի զորքը քուշանների հետ վարած կռիվներում սաստիկ նեղվում է, մեծ ջարդ կրում, մի մասն էլ գերի է ընկնում կամ փախչում։ Այդ ճակատամարտին մասնակցում էր նաև Դրաստամատը։ Նա մեծ քաջագործություններ է կատարում այդ կռվում, քուշաններից շատերին կոտորում, գլուխները կտրում բերում Շապուհի առջև։ Եվ երբ Շապուհը պարտվելով շրջապատվում է քուշաններից, Դրաստամատը անասելի խիզախությամբ մարտնչում է շրջապատողների դեմ և իր մահը աչքն առած, շրջապատումից դուրս է հանում Շապուհին, փրկում նրա կյանքը։

Պարսկաստան վերադառնալիս Շապուհը մեծ շնորհակալություն է հայտնում Դրաստամատ ներքինուն նրա ծառայությունների համար, ապա ասում.

— Դրաստամատ, խնդրիր ինձանից ինչ որ կամենում ես, ես քեզ ոչինչ չեմ մերժի։

— Արքա, — ասում է Դրաստամատը, — ես քեզանից ոչինչ չեմ ուզում, միայն խնդրում եմ, որ հրաման տաս ինձ, գնամ տեսնեմ իմ իսկական տիրոջը՝ հայոց Արշակ թագավորին։ Ես քեզանից միայն մեկ օրվա տեսակցություն եմ խնդրում և իրավունք, որ թույլ տաս նրան կապանքներից արձակեմ, իմ ձեռով նրա գլուխը լվանամ, օծեմ, ազնիվ զգեստ հագցնեմ, նրա համար սեղան պատրաստեմ, նրա առաջ խորտիկներ դնեմ, գինի մատուցեմ և նվագով նրան ուրախացնեմ։

-----------------------------------

* Շարադրված է ըստ Փ. Բուզանդի «Հայոց պատմության»։

1 Բալխ կամ Բահլ, հնագույն քաղաք հին Բակտրիայում, այժմյան Միջին Ասիայոս Ամու-Դարիա գետի հովտում, հնում եղել է պարսից Կյուրոս թագավորի մայրաքաղաքը, հետագայում վաղ միջնադարում, քուշանների թագավորության մայրաքաղաքը։ Քուշանները իրանական ցեղեր էին, բնակվում էին Միջին Ասիայի հարավում, Հնդկաստանի և Աֆղանստանի հյուսիսում։

[էջ 144]

— Դժվար բան խնդրեցիր, — ասում է Շապուհ թագավորը, — որովհետև տարսից թագավորության գոյությունից ի վեր այդ բերդը կոչվել է Անհուշ1 նրա համար, որ ոչ ոք չի համարձակվել թագավորներին հիշեցնել, թե նրանք այնտեղ որևէ մեկին բանտարկել են, կամ էլ չի հիշատակվել որևէ մեկը այն մարդկանցից, որոնց այդ բերդում բանտարկել են. էլ ուր մնաց, որ հիշատակվի իմ հակառակորդը, ինձ հավասար թագավորը, որ իմ հրամանով կապված է այդ բերդում։ Մինչդեռ դու խախտեցիր այդ կարգը և մեզ անհանգստացրիր։

Դու, Դրաստամատ, մահդ աչքդ առար և հիշեցրիր Անհուշը՝ անհիշելին, մի բան, որ Արյաց թագավորության մեջ, իր գոյության սկզբից մինչև օրս բնավ չէր պատահել։ Բայց որովհետև մեծ են քո ծառայությունները իմ հանդեպ, թող կատարվի քո ցանկությունը, գնա, ինչ որ խնդրեցիր, տալիս եմ։ Միայն զարմանում եմ, որ դու քո օգուտի համար չես մտածում, փոխանակ ինձանից երկրներ, գավառներ, գանձեր խնդրեիր, քո թագավորին տեսնել ես խնդրում։ Թող դա բացառություն լինի Արյաց թագավորության օրենքի մեջ, գնա, քեզ տվեցի, ինչ որ խնդրեցիր քո ծառայության փոխարեն։

Շապուհը Դրաստամատին տալիս է մի հավատարիմ թիկնապահ, արքունական մատանիով կնքված հրովարտակ, որով թույլատրվում էր Դրաստամատին մտնել Անհուշ բերդը, տեսնել իր կապված թագավորին և անել այն, ինչ կամենում է։

Դրաստամատը արքունական հրովարտակով ու թիկնապահով գնում է Անհուշ բերդը, հանդիպում իր իսկական տիրոջը՝ Արշակին, արձակել է տալիս երկաթե կապանքները, հանում ոտնակապերն ու ձեռնակապերը, գլուխը լվանում, լողացնում, ապա Արշակին հագցնում է ազնիվ զգեստներ, սեղան սարքում, Արշակին բազմեցնում սեղանի գլխին, նրա առաջ դնում արքայավայել ընթրիք, ընտիր գինի և ինչպես թագավորների կարգն էր, նրան զվարճացնում է և ուրախացնում գուսանների երգ ու նվագով։

Ապա ընթրիքից հետո սեղանի վրա աղանդեր ու միրգ են դնում՝ խնձոր, վարունգ, ամիճ, Արշակի առջև դանակ են դնում, որպեսզի կտրի և ուտի, ինչպես կամենա։ Իսկ Դրաստամատը իր թագավորի առջև ոտքի կանգնած՝ շարունակ նրան էր ծառայում, ուտելիք, գինի ու միրգ մատուցում, ուրախացնում էր ու մխիթարում։

Երբ Արշակը ընթրիքից հագենում է, գինի է խմում, գինին գլուխն է ընկնում, հարբում, հպարտությամբ հիշում է իր նախկին արքայական վիճակը և աղաղակում.

— Վա՜յ ինձ, Արշակիս, որտեղից ուր ընկա և ինչ օրի հասա։ Դանակը, որ բռնել էր ձեռին և պիտի միրգ կտրեր, ուժգնությամբ խրում է իր սիրտը և տեղնուտեղը իր նստած տեղում մեռնում։

Դրաստամատը արագ վրա է ընկնում, դանակը քաշում, հանում թագավորի մարմնից և խրում իր կողը և ինքն էլ նույն ժամին մեռնում իր թագավորի հետ միասին։

------------------------------

1 Բերդի անունն այստեղ ենթարկված է ժողովրդական ստուգաբանության, իբր թե այդ անունը նշանակում է անհուշ, այսինքն՝ անհիշելի, անհիշատակելի, անհիշատակ, որ ենթակա չէ հիշվելու կամ հիշատակվելու։

[էջ 145]

ՄՈՒՇԵՂԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ Է ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ*

Պարսիկների հետ պատերազմը դադարելուց հետո հայոց մեծ զորավար Մուշեղը սկսում է պատժել բոլոր նրանց, ովքեր ապստամբել էին Արշակունյաց թագավորության դեմ, դավաճանել հայրենիքը, անցել պարսից Շապուհ թագավորի կողմը։

Մուշեղը նախ նվաճում է հայոց թագավորի կալվածքը, որ գտնվում էր Ատրպատականում, ապա այդտեղ գտնվող գավառները դարձնում Հայոց աշխարհին հարկատու, վերցնում շատ գերիներ ու պատանդներ իբրև ոազմատուգանք։

Մուշեղը նվաճում է Նոշիրական աշխարհը1, Կորդիք, Կորդուք և Տմորիք գավառները, Մարաց կողմերը, Արցախի երկիրը, ջարդում բոլոր նրանց, ովքեր ապստամբել էին հայոց թագավորի դեմ, այդ երկրներն ու գավառները հնազանդեցնում, դարձնում հարկատու։

Նա պատերազմում է Աղվանից երկրի դեմ, հաղթում, հետ խլում Ուտին, Շակաշենը, Գարդմանաձորը, Կողթը2 և սրանց շուրջը եղած սահմանակից շատ գավառներ, որոնք գրավել էին հայոց թագավորի դեմ ապստամբած աղվանները։ Կուր գետը սահման է դարձնում Հայոց աշխարհի և Աղվանքի միջև, ինչպես նախկինում էր եղել։

Ապա Մուշեղ սպարապետը խստորեն պատժում է Կասպից երկրի Փայտակարան3 քաղաքի տերերին, որոնք ըմբոստացել ու դավաճանել էին հայոց թագավորին։ Նա շատերին գլխատում է, շատերին գերի վերցնում, երկիրը հպատակեցնում և այնտեղ թողնում վերակացու պաշտոնյաներ։

Այնուհետև Մուշեղը զորքով մտնում է Վրաց աշխարհը, չարաչար պատժում հայոց թագավորին դավաճանած և նրա դեմ ապստամբած իշխաններին։ Իսկ Գուգարաց աշխարհի բդեշխին, որը ծառայում էր հայոց թագավորին, բայց հետո ապստամբել էր ու դավաճանել, բռնում, գլխատում է, կոտորում նրա տոհմի բոլոր տղամարդկանց, կանանց ու աղջիկներին էլ գերի վերցնում։ Նա նվաճում, հնազանդեցնում է Գուգարքը, ապա Հայաստանի և Վրաստանի միջև վերականգնում նախկին սահմանը, որ բաժանվում էր Կուր գետով։

Դրանից հետո Մուշեղ զորավարը իջնում է Հայոց աշխարհի հարավ–արևմտյան գավառները, մտնում Աղձնիք, մեծ կռվով հնազանդեցնում բոլորին, ձերբակալում և գլխատում Աղձնյաց բդեշխին, կանանց սպանում, իսկ որդիներին գերի վերցնում։ Մուշեղն այնտեղից արշավում է Մեծ Ծոփք, Անգեղտուն, Անձիտ գավառները, ապստամբներին պատժում, իսկ գավառները դարձնում հարկատու և հպատակ հայոց Պապ թագավորին։

Այսպես, հայոց քաջ զորավար Մուշեղ սպարապետը մեծ նախանձախնդրությամբ, ջանասիրությամբ ու հավատարմությամբ օր ու գիշեր աշխատում է Հայոց աշխարհի և նրա թագավորության վերականգնման համար։ Նա իր ամբողջ կյանքը դրել էր իր աշխարհի, իր ժողովրդի, իր բնիկ տերերի՝ Արշակունի թագավորների գոյության ու անվտանգության ապահովմանը։ Նա մեծ պատերազմներ էր մղում, ճիգ ու ջանք թափում, որ Հայոց աշխարհի սահմաններից մի կորեկի արտի չափ հող անգամ չխլվի և չբռնագրավվի։

--------------------------------

* Շարադրված է ըստ Փ. Բուզանդի «Հայոց պատմության»։

1 Տարածվում է Ուրմիա (Կապուտան) լճից հյուսիս-արևմուտք։

2 Բոլորն էլ գավառներ էին Հայաստանի Ուտիք նահանգում, որ ընկած էին հյուսիս-արևելյան Հայաստանում, Քուռ գետից դեպի
հարավ։

3 Փայտակարան քաղաքը գտնվում էր Արցախից դեպի արևելք, Արաքս գետից դեպի արևմուտք։

[էջ 146]

ՊԱՊ ԹԱԳԱՎՈՐԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ*

Պապ թագավորը, երկիրն ամրապնդելով, սկսում է անկախանալ, միտքը ծռում է հունաց թագավորից։ Իր թիկունքն ամրապնդելու նպատակով անգամ փորձում է սեր ու միաբանություն հաստատել պարսից թագավորի հետ։

Նա պատգամավորներ է ուղարկում հունաց թագավորի մոտ հետևյալ պահանջով. «Կեսարիան, նրա հետ նաև ուրիշ տասը քաղաքներ մերն են եղել, հետ վերաղարձրու։ Ուռհա քաղաքն էլ մեր նախնիներն են շինել, ուստի և մեզ է պատկանում։ Եթե չես ուզում, որ խռովություն ծագի, ապա այդ քաղաքները մեզ վերադարձրու, հակառակ դեպքում մեծ պատերազմով կկռվենք քո դեմ»։

Մուշեղ սպարապետը և հայոց մյուս իշխանները շատ են հորդորում իրենց թագավորին, որ հունաց թագավորության հետ իր ուխտը չխզի, բայց Պապը մնում է անհողդողդ։ Նա բացահայտ թշնամությամբ է սկսում վերաբերվել հույների և հունաց թագավորի հետ։

Բայց հունաց Տերենտ զորավարն ու Ադե կոմսը իրենց զորքով դեռևս գտնվում էին Հայոց աշխարհում։ Հունաց թագավորը գաղտնի դեսպան է ուղարկում Հայաստանում գտնվող իր զորավարների մոտ և հրամայում հայոց Պապ թագավորին սպանել։
Տերենտ ստրատելատն ու Ադե կոմսը, ստանալով իրենց թագավորի գաղտնի հրամանը, հարմար առիթ են որոնում այն իրագործել։

Մի անգամ, երբ հայոց իշխաններն ու զորավարներն իրենց թագավորի մոտ չէին, Տերենտն ու Ադեն որոշում են գործի անցնել։

Պապ թագավորի բանակն այդ ժամանակ գտնվում էր Բագրևանդ գավառի Խու կոչված ղաշտում, իսկ հունաց զորքերը բանակ էին դրել մոտակայքում։ Հույն զորավարներն իրենց բանակում փառավոր հացկերույթ են կազմակերպում և հայոց Պապ թագավորին հրավիրում ընթրիքի։ Նրանք մեծ պատվով ու արժանավորությամբ ընդունում են հայոց թագավորին, բերում, բազմեցնում կերուխումի սեղանի գլխին։ Երբ Պապ թագավորը մտնում է Տերենտ զորավարի սենյակը, տեսնում է, որ սենյակի չորս պատերի տակ կանգնած են լեգեոնի ասպարակիր զինվորները՝ ձեռներին՝ վահան, գոտիներում՝ սակր։ Իսկ սենյակից դուրս ղարձյալ կազմ ու պատրաստ կանգնած էին լավ սպառազինված զինվորներ՝ վրայից սովորական զգեստ հագած։ Պապին թվում է, թե այդ բոլոր զինվորները իր պատվի համար են պահակ կանգնած։ Մինչ Պապը սեղանի գլխին նստած ընթրիք էր վայելում, նրա թիկունքին կանգնած սակրավոր զինվորներն աստիճանաբար շատանում են և շրջապատում նրան։

Գինեխումի ժամանակ ուրախության առաջին բաժակը մատուցում են Պապ թագավորին, և նույն պահին հնչում է թմբուկների ու սրինգների, քնարների ու փողերի ներդաշնակ ձայնը։ Այդ վայրկյանին էլ վահանակիր զինվորներին ազդանշան է տրվում։ Եվ մինչ Պապը ուրախության գինու ոսկե թասը ձեռին բռնած՝ բերանին էր մոտեցնում և նայում գուսանների խմբին, իսկ աջ ձեռը դրել էր աջ ազղրին կապած ղաշույնի կոթին, թագավորի թիկունքին կանգնած երկու սակրավոր զինվորներ, սպասավորման ոսկեպորտ վահաններով պատսպարված, իրենց սակրերը միասին բարձրացնելով, զարկում են Պապ թագավորին, մեկի հարվածից թագավորի վիզն է կտրվում, մյուսից՝ աջ ձեռի թաթը, որ դրված էր դաշույնի կոթի վրա։ Պապ թագավորը բերանքսիվայր ընկնում է սեղանին, թասով գինին խառնվում է պարանոցից հոսող արյանը, և նա տեղնուտեղը մեռնում է։

Սեղանատանը աղմուկ ու շփոթություն է ընկնում, ընթրիքին ներկա Պապի ուղեկից իշխան Գնել Անձևացին իսկույն իր բազմած տեղից վեր է թռնում, քաշում սուրը և սպանում թագավորին սպանող զինվորներից մեկին։ Այդ պահին հունաց Տերենտ զորավարը քաշում է սուրը և հարվածում Գնելի գլխին։ Սուրը կտրում է Գնելի գլխի սկավառակը և շուռ տալիս աչքերի վրա։ Գնելը ընկնում է մեռնում, իսկ ներկաներից ոչ ոք այլևս չի հանդգնում հույն զինվորների դեմ ըմբոստանալ։

----------------------------

* Շարադրված է ըստ Փ. Բուզանդի «Հայոց պատմության»։

[էջ 147]

ՎԱՐԱԶԴԱՏ ԵՎ ՄՈՒՇԵՂ*

Պապի սպանությունից հետո հայ մեծամեծներն ու իշխանները հավաքվում են Մուշեղ սպարապետի մոտ խորհրդի։

— Ի՞նչ անենք, — ասում են նրանք, — լուծե՞նք մեր թագավորի վրեժը, թե՞ ոչ։ Երկար խորհրդակցելուց հետո գալիս են այն համոզման, թե՝

— Մենք չենք կարող հեթանոս պարսիկների հպատակության տակ մտնել, ոչ էլ հունաց թագավորին թշնամացնել մեր դեմ։ Իսկ երկուսի դեմ կռվել և երկուսին Էլ թշնամացնել՝ իմաստ չունի, որովհետև առանց մեկնումեկին մեր թիկունքում ունենալու, հնարավոր չէ ապրել։

Եվ որոշում են, առանց Պապի սպանության վրեժը լուծելու, հնազանդվել հունաց թագավորին։

Հունաց թագավորը Հայոց աշխարհի վրա թագավոր է նշանակում Վարազդատ անունով մեկին, որը դարձյալ Արշակունիների տոհմից էր։

Վարազդատը երիտասարդ էր, հադթահասակ ու անվեհեր և շատ հզոր նետաձիգ։ Պարսից Շապուհ թագավորից փախչելով, գնացել էր Հունաստան և իր քաջության շնորհիվ արժանացել հունաց թագավորի հովանավորությանը։ Իր քաջությամբ, մարմնական մեծ ուժով և ճարպկությամբ Վարազդատը Հունաստանում մասնակցում է ոլիմպիական խաղերին։ Պիսա քաղաքում նա հաղթում է բռնցքամարտիկներին, իսկ Արեգ քաղաքի կրկեսի ըմբշամարտում կես օրվա ընթացքում նա մի քանի առյուծ է սպանում և արժանանում ոլիմպիական ըմբշամարտում հաղթողի պատվավոր կոչման։

Վարազդատը նաև քաջ ու անվեհեր կռվող էր։ Նա հունաց զորքերի կազմում մասնակցում էր լանգոբարդների1 դեմ մղած կռիվներին։ Մի անգամ պաշարված բերդի համար մղվող ճակատամարտում Վարազդատի վրա են հարձակվում հինգ ախոյաններ։ Վարազդատը սուրը մերկացնելով, մեկ-մեկ բոլորին կոտորում է և դիմելով դեպի բերդը՝ դիպուկ ու ճարպիկ նետահարությամբ բերդի պարսպի վրայից թշնամու տասնյոթ զինվորի միանգամից ներքև է գլորում, ինչպես ուժեղ մրրիկից թափվող վաղահաս թզեր։ Նա իր հերոսական արարքներով առհասարակ հիշեցնում էր իր քաջ ու անվեհեր նախնուն՝ Տրդատ մեծ թագավորին։

Վարազդատը մեծ շուքով ու հանդիսավորությամբ գալիս է Հայաստան և թագավորում։ Հայոց բոլոր նախարարներն ու մեծամեծները հավաքվում են նրա շուրջը, ուրախանում իրենց նոր թագավորով։

Իր թագավորության առաջին տարում Վարազդատը երկրում շրջագայելիս, Դարանաղիի դժվար մատչելի տեղերից մեկում հանդիպում է մի խումբ ասորի ավազակների։ Վարազդատը հարձակվում է ավազակների վրա, փախուստի մատնում և հետևներից ընկած՝ հետապնդում։ Եփրատ գետի նեղ հոսանքներից մեկում ավազակները փայտե կամրջակով անցնում են մյուս ափը և իրենց հետևից կամրջակը վերցնում, գցում են գետը։ Վարազդատը վազքով հասնում է գետաբերանին, ցատկում է Եփրատի վրայով, թռչում, անցնում է մյուս ափը։ Ավազակները նրանից զարհուրած, զենքերը վայր են դնում և անձնատուր լինում։

Վարազդատը թեպետ շատ քաջ էր ու համարձակ, բայց բնավորությամբ մանկամիտ էր և երեխայի պես դյուրահավատ։

Մուշեղ սպարապետը բարի խորհուրդներով միշտ նրան խրատում էր, համոզում՝ շրջահայաց լինել, թագավորությունը ամուր պահել, իր թշնամիներին ու բարեկամներին ճանաչել։ Ինքը՝ Մուշեղը, առաջվանից ավելի խոհեմությամբ ու զգուշությամբ էր հոգ տանում Հայոց աշխարհի սահմանների ամրությունը, անվտանգությունը, շենությունն ու բարեկարգությունը հաստատ պահելու համար։ Նա Հայոց աշխարհի գրեթե բոլոր գավառներում ամուր բերդեր է շինել տալիս, շրջապատում մեկ կամ կրկնակի պարիսպներով, դարձնում զորանիստ տեղեր հայոց զորքերի համար, որպեսզի դրանք դառնան ռազմական կայուն ամրություններ դրսից ներխուժող թշնամիների դեմ։

--------------------------

* Շարադրված է ըստ Մ. Խորենացու և Փ. Բուզանդի «Հայոց պատմություն» գրքերի։

1 Լանգոբարդներ (բառացի՝ երկայնամորուսներ), հին հայերենում՝ ղանկվատներ, գերմանական ցեղեր, որոնք մեր թվականության առաջին դարում ապրում էին Էլբայի ձախ ափին, նրանք հետզհետե տարածվում են դեպի Դանուբ գետը, անցնում Ալպյան լեռները, նվաճում հյուսիսային և միջին Իտալիան, ապա մինչև 8-րդ դար հետզհետե ձուլվում տեղական ռոմանական ազգաբնակչության մեջ։ Նրանց անունով մինչև այժմ Լոմբարդիա է կոչվում Իտալիայի հյուսիսում գտնվող ընդարձակ նահանգը։

[էջ 148]

ՄՈՒՇԵՂԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ*

Հայոց նախարարները տեսնելով, որ Վարազդատ թագավորը դյուրահավատ մանուկ է, չարը բարուց զատել չգիտե, սկսում են այնուհետև թագավորին խաղացնել իրենց ուզածի պես, անել են տալիս այն, ինչ իրենք են կամենում։

Բատ Սահառունին, որ Վարազդատ թագավորի դայակն էր ու ուսուցիչը, մտադրվում է Մուշեղից հափշտակել սպարապետության պաշտոնը։ Նա թագավորի մոտ սկսում է բամբասել ու չարախոսել Մուշեղին և Մամիկոնյանների ամբողջ տոհմին։

— Հնուց ի վեր, — ասում է նա Վարազդատին, — Մամիկոնյաններն են կորստի մատնել Արշակունիներին. նրանք ի բնե ձեր հակառակորդներն են եղել, կերել են ամբողջ Հայոց աշխարհը և Արշակունի թագավորների կործանման պատճառը դարձել։ Նրանցից ամենաչարը ու նենգը Մուշեղն է, որը միշտ սիրել ու պատվել է ձեր թշնամիներին, իսկ մեզ ու ձեր սիրելիների հետ վարվել նենգորեն, երկդիմությամբ ու չարամտությամբ։ Դա այն Մուշեղը չէ՞, որ Պապի թագավորության ժամանակ պարսիկների դեմ պատերազմելիս մի քանի անգամ հնարավորություն ունեցավ Շապուհ թագավորին սպանել, բայց դիտավորյալ ազատ արձակեց։ Դա այն Մուշեղը չէ, որ Շապուհի կանանց ձեռք գցելուց հետո նրանց մեծ խնամքով ու հոգատարությամբ հետ վերադարձրեց։ Դա այն Մուշեղը չէ՞, որ աղվանից Ուռնայր թագավորին ձեռք գցեց, բայց սպանել չկամեցավ, այլ ազատ արձակեց։ Դա այն Մուշեղը չէ՞, որի հրամանով ու խորհրդով հունաց զորավարները սպանեցին Պապ թագավորին, հենց ինքը Մուշեղն էր, որ հունաց թագավորին գրգռեց ու թշնամացրեց Պապ թագավորի դեմ, մինչև, որ սպանել տվեց։ Հիմա էլ նույն այդ Մուշեղը Հայոց աշխարհը լցրել է բերդերով, մտադիր է դրանք դարձնել զորանիստներ, հունաց զորքին այնտեղ բնակեցնելու համար։ Եվ դրանից հետո կամ հունաց թագավորը քեզանից կխլի հայոց թագավորությունը, կամ հենց Մուշեղը քեզ կսպանի և ինքը կթագավորի։ Այնպես որ, արքա, մտածիր անելիքդ, քանի դեռ ուշ չէ, Մուշեղին մեջտեղից վերացրու։

Բատ Սահառունին և նրա համախոհները նման խոսքերով հաճախ էին Վարազդատ թագավորին գաղտնի գրգռում Մուշեղի դեմ, մինչև որ թագավորին համոզում են սպանել տալ հայոց մեծ զորավար սպարապետին։

Բայց Մուշեղին բռնելն ու սպանելը հեշտ գործ չէր. դրա համար էլ նրանք երկար խորհուրդ են անում, թե ինչ ձևով կարողանան իրագործել իրենց դավադրությունը։ Նրանք Մուշեղից շատ էին վախենում.

— Եթե գլխի ընկնի, — ասում էին, — մեծ պատերազմ կհարուցի, և ոչ ոք չի կարողանա նրա քաջությանը դեմ կանգնել, պետք է մի խորամանկ հնար մտածել։

Մի օր հայոց Վարազդատ թագավորը հրամայում է մեծ ու ճոխ ընթրիք սարքել և ընթրիքին հրավիրել բոլոր ավագ պատվավոր մարդկանց, մեծամեծներին և Մուշեղ սպարապետին։ Թագավորը նախապես շատ հզոր ու հաղթանդամ մարդիկ է հավաքում, հրահանգավորում, նախապատրաստում՝ Մուշեղի վրա հանկարծակի հարձակվելու և ձերբակալելու համար։

Հրավիրվածները գալիս, թագավորի սեղանատանը ընթրիքի են բազմում։ Վարազդատը հյուրերին շատ է ուրախացնում, մեծ քանակությամբ գինի է խմել տալիս և գուսանների երգ ու նվագով զվարճացնում։ Նա նախապես պայմանավորվել էր իր մարդկանց հետ, որ գինեխումի թունդ պահին, «երբ կտեսնեք, որ Մուշեղ սպարապետը լավ հարբել է և խելքը կորցրել, դուք այդ ժամանակ նրան կշրջապատեք»։

Ընթրիքի ժամանակ բոլոր հյուրերը լավ խմում են, գինովանում, իսկ Վարազդատը զգուշանում էր գինի խմելուց։ Երբ Վարազդատը նկատում է, որ բոլորն էլ արդեն լավ հարբել են, գլուխները կորցրել, տեղից վեր է կենում դուրս գալու համար։ Սեղան բազմած բոլոր ավագները ոտի են կանգնում՝ թագավորին պատիվ տալու նպատակով։ Եվ հանկարծ այդ պահին, տասներկու ուժեղ տղամարդ, ում որ թագավորը նախօրոք ցուցում էր տվել, հետևի կողմից բռնում են Մուշեղին, վեց մարդ մի ձեռից է բռնում, վեց մարդ՝ մյուս ձեռից։ Մուշեղը հարցական նայում է ոտի ելած թագավորին, թե այս ի՞նչ է նշանակում։ Թագավորը պատասխանում է.

-------------------------

* Շարադրված է ըստ Փ. Բուզանդի «Հայոց պատմության»։

[էջ 149]

— Գնա Պապ թագավորի մոտ, հարցրու և կիմանաս, թե ինչ պատճառով է։

Այս ասելով թագավորն ուղղվում է դեպի դուռը և դուրս գալիս։ Մուշեղը դառնությամբ թագավորի հետևից է նետում հետևյալ խոսքերը.

— Իմ այնքան ծառայությունների, այնքան արյուն ու քրտինք թափելու, քրտինքս նետի սլաքներով սրբելու վարձատրությունն այս էր։ Երանի թե այս մահը ինձ հասներ ձիու վրա, պատերազմի դաշտում կռվելիս...

Այսքանն է միայն Մուշեղը հասցնում ասել, որովհետև նույն պահին թագավորի դայակ Բատ Սահառունին հանում է կողքից կախած դաշույնը և խրում Մուշեղ զորավարի շնչափողը և անմիջապես գլուխը կտրում։

Մուշեղի մարմինը վերցնում, տանում են իր հայրենի տունը՝ Ողական ամրոցը։

Երբ Մուշեղ սպարապետի մարմինը բերում են իր տունը, տանեցիները չեն հավատում, թե նա մեռել է, թեպետ տեսնում էին գլուխը կտրված, մարմնից անջատված։

— Նա անթիվ անգամ կռիվների մեջ էր մտել, բայց ոչ մի վերք չէր ստացել, ոչ մի նետ նրան չէր դիպել, ուրիշ ոչ մի զենքով նա չէր խոցվել, հիմա ի՞նչ զենք կարող էր նրա վրա բանել և ինչ ձեռք կարող էր նրան սպանել։

Հարազատներից շատերը հավատացած էին, թե նա կկենդանանա։ Ուստի Մուշեղի գլուխը կարում են նրա մարմնին, մարմինը հանում, դնում են բերդի աշտարակի տանիքը, ասելով.

— Որովհետև Մուշեղը քաջ մարդ էր, առլեզները1 կիջնեն և նրան կկենդանացնեն։ Պահապան են դնում հսկելու և սպասում նրա հարությանը։ Սակայն մարմինը սկսում է քայքայվել,

նեխել։ Ստիպված Մուշեղի մարմինն իջեցնում են աշտարակից, լաց ու կոծ անում և թաղում ըստ իշխանական կարգի։

ՄԱՆՎԵԼ*

ՎԱՐԱԶԴԱՏ ԵՎ ՄԱՆՎԵԼ

Մուշեղի սպանությունից հետո Վարազդատը Հայոց աշխարհի սպարապետությունը հանձնում է իր դայակ Բատ Սահառունուն՝ Մուշեղի քսու բանսարկուին և սպանողին, իսկ Մամիկոնյան տոհմի տանուտեր ու նահապետ է նշանակում Վաչե Մամիկոնյանին։

Այդ ժամանակ Հայաստան են վերադառնում Պարսից աշխարհ գերի տարված Մամիկոնյան տոհմից երկու եդբայր, մեկի անունը՝ Մանվել, մյուսինը՝ Կոմս։ Նրանք Շապուհի կողմից Պարսկաստան գերի տարված այն զինվորների մեջ էին, որոնց Շապուհը տարել էր քուշանների դեմ մղվող պատերազմին մասնակցելու։

Երբ պարսից զորքերը քուշաններից չարաչար պարտվում են և գլխովին կոտորվում, Մանվել և Կոմս եդբայրները այդ կռվում մեծ քաջագործություններ կատարելով, իրենց կյանքը փրկում են, ազատվում։ Պարսից զորքերից միայն այս երկու եդբայրներն են կենդանի մնում և ողջ ու առողջ Քուշանաց աշխարհից հետիոտն գալիս հասնում են պարսից աշխարհ, ներկայանում Շապուհ թագավորին։ Բայց որովհետև պարսից թագավորը իր պարտության և զորքի գլխովին բնաջնջման պատճառով շատ տխուր էր և անտրամադիր, երբ տեսնում է, որ զորքերից միայն այս երկուսն են ողջ ու առողջ մնացել և վերադարձել, սաստիկ բարկանում է նրանց վրա, անարգում և իր երկրի սահմաններից դուրս քշում։

Մանվելն ու Կոմսը երեսները դարձնում են դեպի իրենց աշխարհը և ոտով ընկնում ճանապարհ։ Գալիս են, գալիս, շատ են գալիս, թե քիչ՝ Մանվելը հոգնում է, չի կարողանում քայլել ոտների ցավի պատճառով։

----------------------------------

1 Առլեզներ, արալեզներ կամ հարալեզներ, հայոց հին հավատալիքներով՝ կռվում ընկած հերոսներին վերակենդանացնող շնակերպ ոգիներ, որոնք երկնքից իջնում են գետին, լիզում զոհված հերոսների վերքերը և վերակենդանացնում։ Նույն հավատալիքը տես նաև «Արա Գեղեցիկ և Շամիրամ» առասպելում։

* «Մանվել» գլուխն ամբողջապես շարադրված է ըստ Փ. Բուզանդի «Հայոց պատմության»։

[էջ 150]

Երկու եղբայրն էլ շատ հաղթանդամ էին, իսկական հսկաներ։ Կոմսը, տեսնելով, որ Մանվելը չի կարողանում քայլել, շալակում է այղ վիթխարի մարդուն և օրական տասը փարսախ1 տարածություն կտրելով, բերում հասցնում է Հայոց աշխարհ։

Երբ Մանվելն ու Կոմսը գալիս հասնում են իրենց հայրենի Տարոն աշխարհը, Վաչե Մամիկոնյանը, որ Վարազդատի կողմից նշանակվել էր Մամիկոնյան տոհմ նահապետ, իրենց իշխանական տան նահապետության և տանուտիրության պատիվը հանձնում է Մանվելին, որովհետև նա էր իրենց տոհմի մեջ ավագագույնը։ Մանվելը դառնում է Մամիկոնյանների տոհմի նահապետ տանուտերը, իսկ Վաչեն՝ նրա երկրորդը։

Իր տոհմի առաջնության պատվին արժանանալուց հետո Մանվելը, առանց Վարազդատ թագավորի հրամանի, հետ է խլում հայոց սպարապետության իրավունքը, որ սկզբից ի վեր տրված էր Մամիկոնյան տոհմին, և Վարազդատ թագավորին ուղարկում հետևյալ պատգամը.

«Մենք ամբողջ տոհմով հին ժամանակներից ի վեր հավատարմությամբ ծառայել ենք ձեզ` Արշակունիներիդ, մեր կյանքը զոհել ենք ձեզ համար, ապրել ու մեռել ենք ձեզ համար. Մուշեղի հայր Վասակը կորավ Արշակ թագավորի համար, և մենք միշտ աշխատել, չարչարվել ենք ձեր ցեղի թագավորության համար։ Եվ դուք, փոխանակ մեր ծառայությունների համար մեզ վարձատրելու, դուք՝ Արշակունիներդ, կոտորեցիք մեզ, որոնք թշնամիներից չմեռան ու կենդանի մնացին։

Իմ քաջ եղբայր Մուշեղը, որ մանկությունից ի վեր կյանքը ձեզ համար մաշեց, ձեր թշնամիներին կոտորեց ու երկրից վռնդեց, որին թշնամիներն անգամ չկարողացան սպանել, դու նենգությամբ բռնեցիր և սեղանին ընթրիքի նստած տեղում՝ խեղդեցիր։
Բայց, ըստ երևույթին, դու Արշակունի էլ չես, այլ պոռնկորդի, որովհետև Արշակունիների իսկական վաստակավորներին չճանաչեցիր։

Իմացիր նաև, որ մենք ոչ թե ձեր ծառաներն ենք, այլ ընկերները, անգամ ձեզանից էլ բարձր ենք, որովհետև մեր նախնիները Ճենաց աշխարհի թագավորներ են եղել։ Առաջին Արշակունի թագավորները լավ գիտեին, թե ովքեր ենք մենք և որտեղացի, բայց որովհետև դու իսկական Արշակունի չես, ուստի այդ էլ չգիտես։ Թող ու հեռացիր այս աշխարհից, որպեսզի իմ ձեռքով չմեռնես»։

Վարազդատը ի պատասխան Մանվելի պատգամին, հայտնում է նրան հետևյալը.
«Ես իսկական Արշակունի եմ և իմ նախնի Արշակունիների թագն եմ դրել իմ գլխին և տիրել նրանց աշխարհին, ես իմ հորեղբոր՝ Պապի, վրեժը լուծեցի քո չարագործ եղբորից՝ Մուշեղից։ Իսկ դու այս աշխարհից չես, ինչպես ինքդ ես խոստովանում, և քո նախնիները Ճենաց աշխարհից մեզ մոտ են եկել իբրև պանդուխտներ։ Ուրեմն, մի մեռիր քո եղբոր նման, ես պատժելու փոխարեն քեզ ազատ եմ արձակում, ել և գնա քո Ճենաց աշխարհը, ապրիր քո երկրում և այնտեղ թագավորիր։ Եթե չկամենաս գնալ, ապա կմեռնես իմ ձեռքով այնպես, ինչպես Մուշեղը մեռավ»։

Մանվելն ու Վարազդատը մի քանի անգամ պատգամավորներ են ուղարկում միմյանց, ավելի խիստ ու վիրավորական խոսքեր են իրար հղում, ի վերջո իրար դեմ պատերազմելու տեղ ու ժամանակ են նշանակում։
Վարազդատ թագավորն ու Մանվել սպարապետը վերցնում են իրենց լավ սպաոազինված զորքերը, գալիս են Կարինի դաշտր, ուր և տեղի է ունենում ճակատամարտը։

Վարազդատն ու Մանվելը, նիզակները ձեռներին, ձիերի վրա նստած՝ դուրս են գալիս իրար դեմ մենամարտի։

Վարազդատը, երբ նայում է Մանվելի հսկա հասակին, պինդ ու շքեղ կազմվածքին, ոտից գլուխ անխոցելի զրահավորմանը, ուժեղ զրահապատված երիվարին, նրան թվում է, թե իր դիմաց մի բարձր ու անմատույց լեռ է կանգնած։ Հաղթահարելով իր այդ ամեհի տպավորությունը, մահը աչքն առած նա հարվածում է Մանվելին, որովհետև փրկության այլ ելք չկար։ Կարծելով, թե Մանվելն իր զրահի տակ անխոցելի է, Վարազդատն ամբողջ թափով նիզակը խփում է Մանվել զորավարի բերանին։ Մանվելը բռնում է Վարազդատի նիզակը, արագ իրեն քաշում, նիզակի տեգը անցնում է Մանվելի թշի միջով,

--------------------------

1 Փարսախը երկարության չափ է, մեկ փարսախը հավասար է 5250 մետրի։

[էջ 151]

ջարդում ատամներից մի քանիսը, բայց Մանվելին հաջողվում է նիզակը խլել թագավորի ձեռից։ Մարտի այս անսպասելի ելքից շփոթված, Վարազդատը շրջում է ձիու գլուխը, դիմում փախուստի։ Մանվելը ընկնում է Վարազդատի հետևից, հասնում, նիզակի տեգից բոնած, կոթով սկսում է ծեծել Վարազդատ թագավորի գլուխը և այդպես քշում, հալածում նրան մոտ չորս ասպարեզ1։ Այդ ժամանակ վրա են հասնում Մանվել զորավարի զավակներ Հմայակն ու Արտաշեսը և նիզակները ձեռներին պահած, ուզում են խփել, սպանել Վարազդատին։ Բայց Մանվելը որդիների հետևից աղաղակում ու կանչում է.

— Էհե՜յ, տիրասպան մի լինեք, չսպանեք ձեր թագավորին։

Զավակները լսում են իրենց հորը, իսկույն թողնում հեռանում են թագավորից։

Այդ օրը արքայական զորքը պարտվում է Մանվելի գնդից։ Ճակատամարտի դաշտում ընկնում են շատ զինվորներ ու նախարարներ, ընկած մնում են բազմաթիվ ծանր վիրավորներ, շատերն էլ հալածվելով դիմում են փախուստի։ Մանվելի գունդն ընկնում է փախչող արքայական զորքի մնացորդների հետևից։ Այդ ժամանակ դաշտում ընկած դիակների և ծանր խոցված վիրավորների միջով անցնում էր Մամիկոնյան տոհմից Համազասպյան անունով սեպուհը2, իր ասպարակիր զինվորների հետ։ Վիրավորների մեջ էր նաև արքայական զորքերում կռվող Ռշտունյաց գավառի տեր Գարեգինը՝ Համազասպյանի քրոջ ամուսինը, որի կնոջը՝ Համազասպուհուն, պարսիկները կենդանի կախել էին Վանի բերդի աշտարակից։ Գարեգինը ոչ խոցված էր, ոչ էլ վնասված, պարզապես ձիուց վայր էր ընկել և ոտքը ցավեցրել։ Նա տեսնելով իր կողքից անցնող աներորդուն, ձայն է տալիս.

— Տեր Համազասպյան, ինձ էլ օգնիր, հրաման տուր ձի բերել ինձ, որ հեծնեմ։

— Ո՞վ ես դու, — հարցնում է Համազասպյանը։

— Ես Գարեգին Ռշտունին եմ, ձեր փեսան։

Համազասպյանը հրամայում է իր հետ եկող վահանավորներին.

— Իջեք, վահաններդ վրան դրեք, պահպանեք, մինչև ձի ուղարկեմ։

Համազասպյանը գնում է, իսկ վահանավորները իջնում են ձիերից, վահանները դնում Գարեգինի վրա, պահապան կանգնում։ Այդ պահին նրանց է մոտենում Մանվելի զորքի ասպարակիրների հրամանատար Դանուն։ Տեսնելով պահակ կանգնած վահանավորներին, հարցնում է.

— Ո՞վ է դա, և ինչո՞ւ եք դուք իջել, կանգնել այստեղ։

— Սա Գարեգինն է՝ Ռշտունյաց տերը, — պատասխանում են զինվորները, — մեզ Համազասպյանը հրամայեց իջնել, պահպանել նրան։

Դանուն սաստիկ բարկանում է, զայրացած ասում.

— Համազասպյանը գուցե ուզում է դրան դարձյալ իր փեսան դարձնել և իր Համազասպուհի քրոջը դրան կնության տալ. դրա համար սրան խնայեց և հրամայեց պահպանել։

Դանուն իսկույն ձիուց վայր է ցատկում, քաշում թուրը, կատաղած հարձակվում Գարեգինի վրա, կտոր-կտոր անում, ցրում մի կողմ։

Մանվելի զորքն աստիճանաբար վերադառնում է հետապնդումից, իր հետ բերում ձերբակալված շատ նախարարների, նրանց թվում էին նաև Մուշեղին չարամտորեն սպանող Բատ Սահառունին՝ իր որդու հետ, և բոլոր նրանք, ովքեր նպաստել էին այդ սպանությանը։

Մանվել սպարապետը հրամայում է՝ նախ Բատ Սահառունու աչքի առաջ մորթել նրա որդուն, ապա գլխատել է տալիս Բատին և բոլոր նրանց, ովքեր մասնակցել էին Մուշեղի սպանությանը։ Իսկ Վարազդատ թագավորին հալածելով, քշում են Հայոց աշխարհի սահմաններից դուրս։ Նա գնում է Հունաց աշխարհ, ուր և մնում է ու մահանում։

Մանվել սպարապետը նվաճում է Հայոց աշխարհը, իր շուրջն է հավաքում երկրի բոլոր մեծամեծ–

-----------------------------

1 Ասպարեզը երկարության չափ էր Հին Հայաստանում։ Մեկ ասպարեզը սովորաբար հավասար էր 230,1 մետրի։ Կային նաև այլ չափի ասպարեզներ։ Բառը ծագում է պարսկերենից և նշանակում է ձիարշավ, ձիընթացարան, այսինքն՝այն հրապարակը, որտեղ ձի են քշում։ Հետագայում բառը օգտագործվել է նաև երկարության չափի իմաստով։

2 Նախարարական տոհմից սերված իշխան, ընդհանրապես ազնվական ծագում ունեցող անձ։

[էջ 152]

ներին ու նախարարներին, կանգնում նրանց գլուխը, դառնում առաջնորդ, թագավորի փոխարեն իր ձեռն է առնում Հայոց աշխարհի իշխանությունը և երկիրը պահում շեն ու լի։ Նա իր խնամքի տակ է վերցնում Պապ թագավորի կնոջը՝ Զարմանդուխտ տիկնոջն ու նրա զույգ մանկահասակ զավակներին՝ Արշակին ու Վաղարշակին։ Պատանի արքայազների դայակն ու սնուցողը ինքն է դառնում, իսկ Զարմանդուխտ տիկնոջը պահում է մեծ պատիվներով ու հոգատարությամբ իբրև թագուհու։

ՄԱՆՎԵԼ, ՄԵՀՐՈՒԺԱՆ ԵՎ ՍՈՒՐԵՆ ՄԱՐԶՊԱՆ

Մանվել սպարապետը տեսնում է, որ իր կողմից Հայոց աշխարհի ամրապնդումն ու անկախացումը դուր չի գալիս հունաց թագավորին, Զարմանդուխտ տիկնոջ հետ խորհուրդ է անում իրենց թիկունք ու հովանավոր դարձնել պարսից թագավորին։ Նրանք պարսից թագավորի մոտ Գարջույլ Մախղազի գլխավորությամբ ուղարկում են մի մեծ պատվիրակություն՝ բաղկացած հայ նշանավոր նախարարներից։ Գարջույլը մեծամեծ նվերներով, Զարմանդուխտ տիկնոջ և Մանվել սպարապետի հրովարտակներով գալիս է պարսից թագավորի մոտ, հանձնում հրովարտակները և հաղորդում պարսից տերությանը հնազանդվելու և հավատարմությամբ ծառայելու հայոց մեծամեծների պատգամը։ Պարսից թագավորը մեծ ուրախությամբ է ընդունում հայ պատվիրակներին, հարգում, պատվում և Գարջույլին մեծամեծ պարգևների արժանացնում։ Ապա պարսից թագավորը հայ պատվիրակության հետ Հայոց աշխարհ է ուղարկում իր նշանավոր նախարարներից մեկին՝ Սուրեն մարզպանին, տասը հազար լավ սպառազինված հեծելազորով, որը պետք է թիկունք ու նեցուկ ծառայեր Մանվել սպարապետին Հայոց աշխարհը թշնամիների ներխուժումից պաշտպանելու համար։ Նա միաժամանակ Սուրենի ձեռով Զարմանդուխտ տիկնոջ համար ուղարկում է թագ ու պատմուճան և արքայական դրոշակ, իսկ նրա երկու մանուկների՝ Արշակի և Վաղարշակի համար՝ արքայական թագեր։ Պարսից թագավորը մեծ պարգևներ է ուղարկում նաև հայոց Մանվել սպարապետին։ Նա Մանվելի համար ուղարկում է թագավորական պատմուճան, սամույր քուրք, ոսկուց և արծաթից շինված գլխանոց՝ գարգմանագ, գագաթին արծիվ, կրծքի պատվանշան, որ կրում էին թագավորները, շիկակարմիր վրան, վրանի վրա արծվի նշան, մեծամեծ սրահակներ և երկնագույն հովանոցներ, ինչպես նաև սեղանի ոսկեղեն սպասք։ Նա Մանվելին մեծ իրավունքներ և իշխանություն է շնորհում Հայոց աշխարհի վրա։

Պարսից թագավորը արժեքավոր նվերներ է ուղարկում նաև հայոց բոլոր ավագներին, տանուտերերին և մեծամեծներին։

Գարջույլ Խորխոռունին Սուրեն մարզպանի և պարսից զորքի հետ գալիս է Հայոց աշխարհ, Զարմանդուխտ տիկնոջը, Մանվել սպարապետին և մյուս բոլոր մեծամեծներին հանձնում պարսից թագավորի ուղարկած պարգևներն ու նվերները։ Երբ Զարմանդուխտ տիկինն ու Մանվել սպարապետը տեսնում են պարսից թագավորի ցուցաբերած այս սերն ու մեծարանքները, մեծ ուրախությամբ ու պատիվներով ընդունում են Սուրեն մարզպանին, Հայոց աշխարհը դնում նրա հովանավորության տակ, հնազանդվում և ենթարկվում պարսից թագավորի հրամաններին։ Հայոց ավագանին որոշում է հարկ տալ պարսից թագավորին, նրան պարգևներ ու ընծաներ ուղարկել, Սուրեն մարզպանին նշանակել ռոճիկ, հասույթներ, ապրուստի միջոցներ, ինչպես նաև հոգալ պարսից տասը հազարանոց հեծելազորին անհրաժեշտ պարենը։

Հայոց աշխարհի և Պարսկաստանի միջև սերտ, բարեկամական հարաբերություններ են հաստատվում, հաճախակի դեսպաններ են գնում գալիս, պարգևներ են տանում բերում, և Մանվելը դառնում է պարսից թագավորի շատ սիրելին ու մտերիմը։
Դավաճան Մեհրուժան Արծրունին, որ գտնվում էր պարսից թագավորի ծառայության մեջ, երբ տեսնում է այս մտերմությունը, պարսից թագավորի կողմից Մանվելին տված փառքն ու պատիվը, սաստիկ նախանձում է Մանվելին և հնար է որոնում նրան գցել պարսից թագավորի աչքից, որպեսզի ինքը դառնա նրա միակ սիրելին։ Բայց նա ոչ մի կերպ չի կարողանում պարսիկներին նենգորեն տրամադրել Մանվելի դեմ, ուստի հույսը դնում է Մանվելի միամտության վրա և վճռում կեղծավորությամբ Մանվելի վստահությունն ու հավատարմությունը շահել։

[էջ 153]

Նա բարեկամական կապեր է հաստատում Մանվելի հետ, շահում նրա համակրանքը, ապա իրեն ցավակից ու հավատարիմ ձևացնելով, գաղտնի գալիս է Մանվելի մոտ և նրան հաղորդում հետևյալը.

— Իմացած եղիր, ով Մանվել, պարսից թագավորը դեսպան է ուղարկել Սուրենի մոտ, հատուկ հրաման է բերել, որ քեզ բռնեն ու կապեն, կամ այստեղ սպանեն, կամ էլ ոտ ու ձեռդ կապած, վզիդ կապ դրած՝ մեծ զգուշությամբ տանեն պարսից թագավորի մոտ։ Հիմա դու գիտես, մտածիր, թե ինչ պիտի անես։

Այս անակնկալ լուրից Մանվելը շվարում է և զարմացած հարցնում.

— Ա՛խր ես պարսիկների դեմ ոչ մի հանցանք չեմ գործել, ուրեմն ինչո՞ւ պետք է պարսից թագավորը այդպիսի հրաման տար։

— Ես ստուգել և ճշգրտել եմ այդ լուրը, — ասում է Մեհրուժանը, — և հաստատ համոզվել, որ այն միանգամայն ստույգ է։ Քեզ շատ սիրելուց և ցավելուց է, որ այս լուրը քեզ գաղտնի հաղորդում եմ։ Այնպես որ անելիքդ իմացիր և գլխիդ ճարը տես։

Մեհրուժանն այնքան կեղծ լեզու է թափում, մինչև որ Մանվելը համոզվում ու հավատում է նրան։

Մանվել սպարապետը մեծ զորք է հավաքում, կուտակում իր մոտ, լավ սպառազինում, և մի օր, երբ Սուրեն մարզպանը խաղաղ ու միամիտ իր բանակում հանգստանում էր, անսպասելի հարձակվում է Սուրենի բանակի վրա, պարսից ամբողջ զորքը գլխովին բնաջնջում։

Նա միայն Սուրեն մարզպանին է կենդանի թողնում մի ձիով՝ որ գնա, ազատվի։ Սուրենը զարմացած հարցնում է, թե ինչո՞ւ, ախր, Մանվելն այդ բանն արեց։

Մանվելը պատասխանում է.

— Քեզ իբրև բարեկամի սիրելով՝ ազատ եմ արձակում, արևդ քեզ եմ բաշխում, ողջ առողջ գնա քո ճանապարհով, բայց ես այլևս պարսիկների թակարդը չեմ ընկնի։

Սուրենը այդպես էլ տարակուսած, չհասկանալով բանի էությունը, գնում է Պարսից աշխարհ, իսկ Մանվելը գիտակցելով, որ իր արարմունքը մեծ թշնամություն ու գրգռություն կառաջացնի Հայոց աշխարհի ու Պարսկաստանի միջև, հայոց զորքերը գնդերի է բաժանում, սպառազինում, պատրաստում պատերազմի։ Ապա իր հետ է վերցնում Պապ թագավորի Զարմանդուխտ տիկնոջը իբրև թագավորի, իր գնդերով նրան շրջեցնում Հայոց աշխարհի սահմանները, ամրացնում դրանք և սպասում անակնկալ հարձակումների:

ՀԱՅ–ՊԱՐՍԿԱԿԱՆ ԿՌԻՎՆԵՐԻ ՎԵՐՍԿՍՈՒՄԸ

Սպասումը երկար չի տևում։ Պարսից թագավորը իր զորավար Գումանդ Շապուհին քառասունութ հազար զորքով ուղարկում է Հայոց աշխարհ, որպեսզի գա, երկիրն ավերի և լուծի իր կոտորված հեծելազորի վրեժը։

Մանվելն այդ իմանալով, հավաքում է քսան հազարանոց զորք, ելնում Գումանդ Շապուհի դեմ։ Նա Ատրպատականի մոտ գլխովին ջարդում է պարսից զորքը, Գումանդ Շապուհին սպանում և մեծ հաղթանակով վերադառնում։

Պարսից թագավորն այս անգամ Հայոց աշխարհի վրա ուղարկում է տասնութ բյուր զինվորներից բաղկացած մի հսկա բանակ, իր զորավար Վարազի գլխավորությամբ։

Մանվել սպարապետը Վարազի զորքի դեմ է հանում տասը հազարանոց լավ սպառազինված հեծելազոր, քաջաբար կռվում, ջարդում, բնաջինջ է անում պարսից ահռելի բանակը, Վարազին սպանում, մեծ ռազմավարով և հաղթանակով վերադառնում։

Այնուհետև պարսից թագավորը Հայոց աշխարհի դեմ է հանում քառասուն բյուր զորք՝ Մռկան զորավարի հրամանատարությամբ։ Պարսից զորքը գալիս, գրավում է Հայոց աշխարհի մի մասը և Արտանդան դաշտում բանակ դնում։ Մանվելը գիշերով հարձակվում է պարսից բանակի վրա, թշնամու ամբողջ զորքը հենց բանակատեղում սրի քաշում, բոլորին կոտորում, սպանում նաև Մռկան զորավարին և ավարի ենթարկում պարսից զորքի ողջ ունեցվածքը։ Այդ հաղթանակից հետո պարսիկները յոթ տարի շարունակ այլևս չհանդգնեցին արշավել Հայոց աշխարհի վրա։ Երկիրը խաղաղվում է, պատերազմների

[էջ 154]

հետևանքով տարբեր տեղեր ցրված փախստականները վերադառնում են, համախմբվում Մանվել սպարապետի շուրջը, և յոթ տարի Հայոց աշխարհն ապրում է խաղաղ ու անհոգ կյանքով։

Այդ տարիներին Մանվել զորավարի մոտ են գալիս Սյունյաց նախարարական տոհմից պարսիկների կոտորածներից փախած և ազատված երեք պատանի՝ Բաբիկ, Սամ և Վաղինակ: Մանվել սպարապետը սիրով ընդունում է այդ պատանիներին, հովանավորում, նրանց ուղարկում իրենց երկիրը՝ Սյունիք. Բաբիկին Սյունյաց տեր ու նահապետ է նշանակում, իսկ Սամին ու Վաղինակին էլ կալվածքներ, գյուղեր ու ագարակներ շնորհում։ Բաբիկն այնուհետև դառնում է Մանվել զորավարի նիզակակիցն ու աջակիցը իր ամբողջ կյանքի ընթացքում։

Մանվել սպարապետը ուրիշ իշխանական տներում ու գավառներում էլ է նոր նահապետներ ու տանուտերեր նշանակում, խաղաղությամբ կառավարում բոլորին։

Ամբողջ Հայոց աշխարհը Մանվելի հովանու տակ ապրում է խաղաղությամբ, ուրախությամբ և լիառատ կյանքով։

ՄԱՆՎԵԼ ԵՎ ՄԵՀՐՈՒԺԱՆ ԱՐԾՐՈՒՆԻ

Յոթ տարի անց, հայրենիքն ուրացած Մեհրուժան Արծրունին, որ գտնվում էր պարսից թագավորի ծառայության տակ, դարձյալ պարսից թագավորին գրգռում է հայերի դեմ։ Նա գոռոզամտորեն պարծենում է պարսից թագավորի առաջ, որ եթե նա իրեն մեծ զորք տա, ապա ինքը կամ Մանվելին կգերի և շղթայակապ կբերի պարսից թագավորի մոտ, կամ էլ նրան կսպանի և գլուխը նվեր կբերի պարսից թագավորին։ Վերջինս համաձայնում է, մեծ զորք է տալիս Մեհրուժանին, որը պարսից զորքի բազմության գլուխն անցած, գալիս է Հայոց աշխարհի վրա։

Մեհրուժանը գալիս հասնում է Կորճայք1, պարսից զորքը թողնում է այդտեղ, իսկ ինքը իր սեփական գունդը անջատում է արյաց զորքից, նպատակ ունենալով, գաղտնի ու անսպասելի կերպով հարձակվել Մանվելի վրա, նրան ձերբակալել, անձամբ վճռել պատերազմի ելքը և պարսից թագավորի մոտ փառք ու անուն վաստակել։

Նա իր գնդի անջատումը պարսից զորավարներին խորամանկորեն պատճառաբանում է այսպես.

— Ես իմ գնդով նախ կգնամ, կլրտեսեմ Մանվելի բանակատեղին, տեղանքն ու զորքերի դասավորությունը, հետո կգամ, ձեզ կտանեմ նրանց վրա. դրանով շատ կհեշտանա հայոց զորքն ու զորավարին մեր բուռը գցելը։

Մեհրուժանը առնում է իր գունդը, գալիս հասնում է Կոգ գավառը, ինքը իր գնդի հետ այդտեղ կանգ առնում և լրտեսներ ուղարկում Մանվելի բանակը։

Մանվելի բանակը գտնվում էր Բագրևանդ գավառի Բագավան ավանում, Զարեհավան քաղաքի ավերակների մոտ։ Լրտեսները գալիս, զննում են Մանվելի բանակը, իմանում, թե որտեղ է գտնվում բանակի ձիերի երամակը և վերադառնամ, Մեհրուժանին հայտնում ձիերի տեղը։ Մեհրուժանը վճռում է իր ձեռը գցել ձիերի երամակը և հայոց զորքին զրկել արագ շարժվելու հնարավորությունից։ Իր այս ծրագրով ոգևորված, նա պարծենում է իր զորքի առաջ և ասում.

— Վաղը այս ժամին ես Մանվելին տապալած և ձերբակալած կլինեմ և նրա իսկ աչքի առաջ կխայտառակեմ իր կնոջը՝ Վարդանուշին։

Մեհրուժանն առնում է իր գունդը և շարժվում լրտեսների ցույց տված ճանապարհով։ Ճանապարհը անցնում էր լեռների վրայով, որոնց տեղացիները անվանում էին Եղջյուրներ։ Ճանապարհին Մեհրուժանը ուղևորների է հանդիպում և նրանց հարցնում.

— Որտեղով է ճանապարհը գնում Բագրևանդ։ Ուղևորները պատասխանում են.

— Եղջյուրներով։

Մեհրուժանը կարծելով, թե ուղևորներն իրեն ձեռ են առնում կամ խորհրդավոր ձևով ինչ-որ վտանգ

-----------------------------

1 Կոչվում է նաև Կորճեք կամ Կորդուք, ընկած է Վանա լճից հարավ, Միջագետքի հյուսիսում։

[էջ 155]

են ակնարկում, նախ այդ պատասխանից շփոթվում է ու տխրում, ապա խիստ զայրանալով, հրամայում է նրանց սաստիկ ծեծի ենթարկել։

Նա շարունակում է իր ճանապարհը, բայց ճանապարհին ընկնում է մտատանջության մեջ իր բռնած գործի առաջիկա հաջողության նկատմամբ և սկսում է հմայության զարեր գցել իր գործի ելքը գուշակելու համար։ Զարերը բարեգուշակ նշաններ չեն ցույց տալիս, որն ավելի է տրտմեցնում ու վշտացնում Մեհրուժանին։ Ուստի նա վհատված ու զայրացած, հետիոտներին առաջ գցած, արշավում է երամակների գտնված տեղը, որպեսզի կարողանա Մանվելի ձիերը բռնագրավել։ Բայց երբ տեղ են հասնում, տեսնում են այնտեղ ձի չկա։

Բախտը ժպտացել էր Մանվել սպարապետին։ Այդ օրը Մանվելը պատահաբար իր գնդի համար որսի օր էր նշանակել, և այդ պատճառով էլ ձիերի երամակները դաշտից բերել էին Բագավան։

Մանվելը այն է՝ պատրաստվում էր ձի հեծնել որսի դուրս գալու համար, երբ գուժկան է գալիս և հայտնում, թե.

— Սպարապետ, ճարդ տես, Մեհրուժան Արծրունին մեծ գնդով կռվի է գալիս քո վրա։

Մանվել սպարապետը դադարեցնում է որսի նախապատրաստությունը, իր զորքը արագ ոտքի հանում և ամբողջ գնդով ուխտի գնում Բագավանում գտնվող Հովհաննես Մկրտչի ոսկորներն ամփոփած գերեզմանին, իրենց հաղթանակի համար օգնություն և զորություն խնդրում։ Ուխտից հետո Մանվելը Պապ թագավորի տիկնոջն իր զույգ զավակների հետ, ինչպես նաև իր ու իր զինակիցների կանանց ուղարկում է Վարագա լեռը կռվից ապահով մնալու համար։

Մանվելը Վաչե Մամիկոնյանի որդի պատանի Արտավազդին ևս հրամայում է կանանց հետ գնալ Վարագա սար։ Արտավազդը, որ տակավին մանկահասակ տղա էր, և ինչպես բոլոր երեխաները՝ գլուխը սափրած էր և միայն խոպոպիք ու ծամ էր պահել, հակառակվում է հորեղբոր հրամանին, առարկելով պնդում, որ ինքը ևս պետք է պատերազմին մասնակցի։ Մանվելը զայրանում է, քաշում է մտրակը և սկսում հարվածել պատանի Արտավազդի մերկ գլխին, սաստելով ու հասկացնելով նրան, որ ինքը դեռ մանուկ է և իր ժամանակը չէ պատերազմի գնալ։

Արտավազդը, ստիպված, առերես համաձայնում է հորեղբոր հետ, գնում, բայց ճանապարհին թողնում է կանանց, գաղտնի վերադառնում, զինվում և ելնում է պատերազմի։

Մանվելը հայոց տիկնոջը, կանանց ու երեխաներին ամուր ու ապահով տեղ ուղարկելուց հետո զորքը սպառազինում է, կազմակերպում, բերում ի մի հավաքում և պատրաստվում պատերազմի։

Եվ երբ Մանվելի զորքը զինանշանները բացած, ծածանվող դրոշակներով դուրս է գալիս Բագավանից, նրա դեմ է ելնում Մեհրուժանի սպառազինված գունդը։

Խորամանկ Մեհրուժանը իր զենքից ու զարդից, սաղավարտի վրա եղած զինանշանից շատերին էր տվել, շատ զինվորների էր զինավառել իր զենքերով ու համազգեստով, իսկ ինքը հագել էր սովորական զինվորի համազգեստ և ոչ մի տարբերանշան չէր կրում։

Մանվելը հենց որ տեսնում է Մեհրուժանի գունդը, առյուծի ու վարազի կատաղությամբ վրա է հարձակվում, խառնվում նրա գնդին և ուշադիր հետևում նրանց, ովքեր Մեհրուժանի համազգեստն ու նշաններն էին կրում։ Դրանց շատերի գլուխները թռցնում է, կարծելով, թե Մեհրուժանն է, բայց ուշադիր զննելուց հետո տեսնում է, որ նա չէ։ Հուսախաբված Մանվելը դիմում է իր նիզակակից Բաբիկին։

— Տեսնո՞ւմ ես, ինչպես է մեզ խաբում այդ հավատուրաց կախարդը։ Բայց առաջներում, մեր հաշտ եղած ժամանակ, ես հաճախ եմ հանդիպել նրան և լավ գիտեմ նրա հատկանիշը. Մեհրուժանը երբ ձի է հեծնում, նրա ազդրերը պինդ չեն գրկում ձիու իրանը, այլ ձիու մարմնից փոքր-ինչ հեռու են մնում։ Արի երկուսով հետևենք այդ նշանին, գուցե կարողանանք ճանաչել այդ դարձվոր կախարդին։

Ապա երկուսով ուշադիր դիտելով՝ այդ նշանից ճանաչում են Մեհրուժանին։ Մանվելն իսկույն առաջ է անցնում, ձայն տալիս, կանչում Մեհրուժանին։

— Ա՛յ կախարդ, մինչև ե՞րբ պիտի մեզ խաբես և քո պատճառով ուրիշներին ջարդել տաս։ Մենք քեզ վերջապես ճանաչեցինք, այդ դու ես այդտեղ կանգնած, և մեր ձեռից քեզ այսօր փրկություն չկա։ Աստված այսօր քո կատարած չարիքները քո գլխին թափեց և քեզ մեր ձեռը հանձնեց։

Երբ Մեհրուժանն այս խոսքերը լսում է, նիզակը ձեռին անմիջապես առաջ է անցնում և խոյանում Մանվելի վրա։ Մանվելն էլ իր հերթին է Մեհրուժանի վրա հարձակվում։ Բայց որովհետև եր-

[էջ 156]

կուսն էլ ծանրամարմին ու հաղթանդամ էին, նիզակներով իրար հարվածելիս՝ երկուսն էլ ձիերից վայր են ընկնում։ Այդ պահին Մանվելի նիզակակից Բաբիկն իսկույն վրա է հասնում և նիզակը Մեհրուժանի կողից՝ վերից վար խրելով, նրան մեխում է գետնին։ Մեհրուժանն այլևս չի կարողանում ընկած տեղից վեր կենալ։ Իսկ Մանվելի ձիապան սպասավորները անմիջապես Մանվելին բարձրացնում, նստեցնում են ձիուն։ Մեհրուժանին երկար չեն թողնում գետնին մեխված, գլուխը կտրում են։ Երբ Մեհրուժանի զինվորները տեսնում են իրենց առաջնորդի սպանությունը, դիմում են փախուստի։ Մանվելի զորքը այս ամենը տեսնելով, ոգևորվում է, հարձակվում Մեհրուժանի գնդի վրա, բոլորին ջարդում, ոչ մի մարդ կենդանի չի թողնում։

Իսկ պատանի Արտավազդը, որ Մանվելից թաքուն գնացել էր պատերազմի, զորքից ծածուկ գնում է Եփրատ գետի ափը և այնտեղ Մեհրուժանի փախչող գնդից բազմաթիվ զինվորներ կոտորում։ Նրանցից մեկը, որ Մեհրուժանի համազգեստն ու նշաններ էր կրում, տեսնելով գեղեցիկ, կայտառ ու անմորուք պատանի Արտավազդին, տղայի տեղ է դնում և արհամարհանքով նշանը նիզակին է փաթաթում ու հարձակվում Արտավազդի վրա։ Արտավազդը իր ամբողջ ուժով լարում է աղեղը և նետը այնպիսի թափով ու դիպուկ է արձակում, որ այն հակառակորդի մարմինը ծակելով, անցնում է, ընկնում գետին, իսկ հակառակորդն էլ իր ձիուց վայր ընկնելով, անմիջապես մեռնում է։ Ապա Արտավազդը առնելով նիզակը, ընկնում է Մեհրուժանի փախչող զինվորների հետևից, անչափ ու անքանակ մարդ է կոտորում, խլում նրանց զենքերն ու ունեցվածքը և մեծ ավարով վերադառնում։ Այդ օրը ամենից շատ թշնամի է կոտորում մանուկ Արտավազդը, դառնում օրվա լավագույն հերոսը և մեծ անուն ու հռչակ վաստակում։

Մինչ պատանի Արտավազդը այդ կռվում անլուր սխրանքներ է գործում, նրա հայր Վաչե Մամիկոնյանը և Գարջույլ Մախղազը մեռնում են անհեթեթ մահով։ Երկուսն էլ կռվի ժամանակ կորցնելով իրենց երիվարները, հեծնում են անվարժ ձիեր, որոնցից մեկը գլխի վրա ընկնելով՝ Վաչեին տապալում է գետին և սպանում, իսկ մյուսը՝ Գարջույլ Մախղազին փախցնում է և քարեքար տալով, սպանում։

Կռվից հետո Մանվելը գնում է հասնում Վարագի լեռը, ուր ապաստան էր տվել հայոց տիկնոջն ու մնացած կանանց։ Նա իր հետ է տանում նաև Մեհրուժան Արծրունու գլուխը։ Երբ կանայք տեսնում են Մեհրուժանի գլուխը, մեծ ճիչ ու աղաղակ են բարձրացնում, կարծելով, թե դա Վահան Մամիկոնյանի որդի Սամվելի գլուխն է, այնքան որ Մեհրուժանն ու Սամվելը նման էին իրար։ Բայց երբ գլխի կախված ծամից իմանում են, որ դա Մեհրուժանի գլուխն է, դարձյալ ափսոսում են, ասելով.

— Այնուամենայնիվ, դա էլ մեր եղբայրն էր1։

Ապա բերում են Արտավազդի հոր՝ Վաչեի, և Գարջույլ Մախղազի մարմինները, որոնց վրա մեծ կոծ ու սուգ են անում։ Բերում են նաև Արտավազդի սպանած Մեհրուժանի նշանները կրող մարդու մարմինը։ Բոլորը նայում և զարմանում են, թե ինչպես է պատանի Արտավազդի նետը ամբողջ մարմնով մեկ թափանցել և անցել։ Այդ տեսնելով և Արտավազդի մնացած հերոսական արարքները լսելով, Մանվելը ներում է նրան և կյանքն իրեն բաշխում, որովհետև զինվորական օրենքով սպարապետի հրամանին չենթարկվողն ու այն արհամարհողը դատապարտվում էր մահվան։

Իսկ պարսից զորքերը, որոնք Մեհրուժանի հետ եկել և բանակել էին Կորճայքում, լսելով, որ Մեհրուժանը սպանվել է, և նրա գունդն էլ գլխովին ոչնչացել, թողնում փախչում են Պարսից աշխարհը։ Կյանքը Հայոց աշխարհում դարձյալ մտնում է իր խաղաղ հունի մեջ։

-----------------------------

1 Մեհրուժանը որդին էր Շավասպ Արծրունու, որը Մամիկոնյանների փեսան էր։ Հետևաբար, Մամիկոնյանները Մեհրուժանի քեռիներն էին, որի պատճառով էլ նրան Մամիկոնյան տան կանայք լայն առումով իրենց եղբայր են համարում։

[էջ 157]

ԱՐՇԱԿԻ ԹԱԳԱԴՐՈՒՄՆ ՈՒ ՄԱՆՎԵԼԻ ՄԱՀԸ

Հաղթանակից հետո Մանվել սպարապետը Արշակունի տիկնոջ և նրա զույգ զավակների հետ, հայոց արքունի ամբողջ բանակով, մեծամեծ ավագներով ու նախարարներով գնում է Կարին գավառը։ Այստեղ Մանվել Զորավարը իր Վարդանդուխտ դստերը ամուսնացնում է Պապ թագավորի պատանի որդու՝ Արշակի հետ։ Ապա նրա եղբորը՝ Վաղարշակին, ամուսնացնում է Բագրատունի թագադիր ասպետի դստեր հետ, երկուսի համար էլ մեծ հարսանիք կատարում, որը մեծ ցնծություն և ուրախություն է պատճառում համայն Հայոց աշխարհին։
Այնուհետև հավաքելով Հայոց աշխարհի բոլոր մեծամեծներին ու տանուտերերին, Մանվելը Արշակին թագավոր է կարգում Հայոց աշխարհի վրա, իսկ նրա եղբայր Վաղարշակին շնորհում թագավորի երկրորդության պատիվը։ Հայոց աշխարհը դարձյալ մեծ ցնծությամբ է ընդունում իր նոր թագավորի հաստատումը։

Այս ամենը կատարելուց հետո հայոց մեծ զորավար-սպարապետը հիվանդանում է ծանր ու մահաբեր հիվանդությամբ։ Մանվելը մահվան մահճում իր մոտ է կանչում իր Արտաշիր որդուն, նրան հանձնում Մամիկոնյան տոհմի տանուտիրական իշխանությունը և Հայոց աշխարհի սպարապետությունը։ Նա պատվիրում է որդուն՝ հնազանդ ու հպատակ լինել նորընծա Արշակ թագավորին, հավատարմությամբ ծառայել, կռվել ու մեռնել հարազատ Հայոց աշխարհի ու թագավորի համար։

— Ուրախությամբ հանձն առ քո մահը քո հարազատ երկրի համար, ինչպես քո քաջ նախնիները,— ասում է Մանվելը Արտաշիրին,— որովհետև, դա արդար գործ է և աստծո կողմից ընդունելի։ Երկրի վրա քաջության անուն թողեք և ձեր արդարությունը երկնքին նվիրեցեք։ Մահից ամենևին մի վախենաք, համարձակ մեռեք աստվածապաշտ երկրի համար, ձեր բնիկ տերերի՝ Արշակունիների համար։ Ձեզ հեռու պահեք նենգությունից, պղծությունից և չարությունից, ձեր ժողովրդին, թագավորին, աստծոն ծառայեցեք մաքուր սրտով և հավատարմությամբ։

Ապա Մանվելը հրովարտակ է գրում հունաց թագավորին և նրա հովանավորությանն է հանձնում Հայոց աշխարհն ու Արշակ թագավորին։

Երբ Մանվելի հիվանդությունը խորանում է և նրա առողջական վիճակը ծանրանում, նրա մահճի մոտ են հավաքվում Արշակ թագավորը, իր կին Վարդանդուխտը, հայոց բոլոր ավագները, մեծամեծները, նախարարները, բոլոր երևելի մարդիկ՝ տղամարդ թե կին։ Մանվելը ներկաներից առանց քաշվելու մերկանում է, բացում իր մարմնի բոլոր մասերը և ցույց տալիս պատերազմներում ստացած իր անհամար վերքերի սպիները։ Ներկաները բոլորը մնում են զարմացած, որովհետև նրա մարմնի որևէ անդամի վրա անգամ դրամի չափ մի տեղ չկար, որ պատված չլիներ սպիներով։ Մանվելն սկսում է լալ և հուզմունքով գանգատվել.

— Մանկությունից ի վեր ես պատերազմների մեջ եմ մեծացել, ամեն մի վերք տարել եմ քաջությամբ, բայց ինչո՞ւ ինձ բախտ չվիճակվեց պատերազմի մեջ մեռնելու, այլ մեռնել այսպես՝ անասունի պես. ինչո՞ւ ես բախտ չունեցա ընկնել կռիվներում մեր երկրի, մեր երկրի բնիկ Արշակունի տերերի, մեր կանանց ու զավակների, աստվածապաշտ մարդկանց, եղբայրների, ընկերների և մտերիմ բարեկամների համար։ Ես պատերազմներում ինձ շատ հանդուգն էի պահում, կարծում էի՝ կընկնեմ հերոսի մահով։ Բայց տեսա՞ք, թե ինչ պատահեց, ինձ վիճակվեց մեռնել վատագույն մահով՝ անկողնում պառկած։

Ապա Մանվելը դիմում է Արշակ թագավորին և ասում.

— Ես ապրել եմ աստծով իբրև ջերմեռանդ քրիստոնյա, ինձ վրա անհուսությամբ ու անկարգ լաց ու կոծ չսարքեք հեթանոսների նման։ Ինձ համար ոչ ոք թող կոծ չանի, մեղապարտ լինի՝ ով անի։ Բայց ես անկարող եմ իմ մահից հետո մեկին սաստել, որ չանի այն, ինչ ես չեմ կամենում։ Ուստի ով ինձ սիրում է, իմ հիշատակի համար թող իմ ուզածը անի։ Պատերազմի մեջ մահից մի վախեցեք, որի մեջ, ցավոք, ես չմեռա, դա էլ, երևի, աստծո կամքն էր։

Մահից առաջ Մանվելը կանչում է իր սպասավորներին, բերել է տալիս շատ գանձեր և իր ձեռով բաժանում աղքատներին ու կարոտյալներին։ Նա իր ունեցվածքից շատ կալվածքներ ու գանձեր է նվիրում եկեղեցիներին ու վկայարաններին, քահանայապետներին ու եկեղեցու պաշտոնյաներին։

[էջ 158]

Բայց երբ հայոց սպարապետը մեռնում է, ոչ ոք այլևս ուշադրություն չի դարձնում կոծ չանելու նրա խնդրանքին։ Հայոց աշխարհի բոլոր մարդիկ, ազնվական, թե շինական, քաղաքացի, թե գյուղացի՝ դառնապես ողբում, լալիս, կոծում են իրենց սիրելի զորավարի մահը։

Ամեն մարդ սգում է նրան, ինչպես սեփական հորը, ողբում էին նրան իր քաղցրության, մարդասիրության, հեզության, խնամատար բարերարության համար, կարոտագին մղկտում էին իրենց քաջ զորավարի, իրենց փրկչի, իրենց անհաղթ, անվախ ու բազմարդյուն սպարապետի համար։

 

Նախորդ էջԲովանդակություն  | Հաջորդ էջ
Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր՝ Երևան, «Արևիկ», 1987թ.:
Տրամադրեց՝ Միքայել Յալանուզյանը

Տես նաև

Սասունցի Դավիթ

Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice