ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian
Ջիվանի

ՋԻՎԱՆՈՒ ՔՆԱՐԸ

Նախորդ էջԲովանդակություն  | Հաջորդ էջ

[ էջ 661 ]

[ էջ 662 ]

[ էջ 663 ]

ԱՇՈՒՂԸ

Անթև թռչնակ է աշուղը —
Այսօր այստեղ, վաղը այլ տեղ.
Դարձող ճախրիկ է աշուղը,
Այսօր այստեղ, վաղը այլ տեղ։

Մերթ անսվաղ, ծարավ, պապակ.
Մերթ անհաջող, մերթ հաջողակ,
Թափառում է նա շարունակ,
Այսօր այստեղ, վաղը այլ տեղ։

Մի տեսակ լուսատըտիկ է,
Լուր տարածող մունետիկ է.
Հողմից հալածված ամպիկ է,
Այսօր այստեղ, վաղը այլ տեղ:

Զուր հույսերով խարխափում է,
Գեղեր, քաղաքներ չափում է.
Կայծակի նման խփում է,
Այսօր այստեղ, վաղը այլ տեղ։

Ջիվան, մի տեղ դադար չունի,
Մեղվի պես միշտ կըթռչկոտի.
Այս ընթացքով պիտի մեռնի,
Գուցե այստեղ, գուցե այլ տեղ։

1902

[ էջ 664 ]

ՆՈՐ ՏԱՐԻ

Դու մեր ժողովրդին նոր օր, նոր կյանք բեր,
Եվ գործերին կենդանություն, նո՛ր տարի,
Վանե դաժան թանկությունը տնավեր,
Տուր արմատյաց էժանություն, նոր տարի։

Աշխատիր, որ խաղաղ պահպանես աշխարհ,
Բոլոր ճնշվածներուն միահավասար.
Փառք ու պատվով քեզ կըձգենք ճանապարհ,
Եթե տվինք հավանություն, նոր տարի։

Լավ եղար, իսկապես կպատվենք, այո,
Պարգևներ կստանաս միշտ նոր ի նորո,
Այնքան բարի եղիր անցամնեդ հետո,
Որ քեզի տանք երանություն, նոր տարի։

Հազար ութն հարյուր ինըսունը լրիվ
Հին տարին լրացավ էլ չունի հաշիվ.
Այս հունվարի մեկից քեզ պետք է պատիվ,
Քանզի քո՛ է իշխանություն, նոր տարի։

1891

[ էջ 665 ]

ԳԱՐՈՒՆ

Գարուն, դու գարուն, սիրուն եղանակ,
Շտապիր արի, քո հոտիդ մատաղ,
Թող այգում բացվին վարդ ու մանիշակ,
Սոխակը երգե գարնանային տաղ։

Արի, ո՛վ գարուն, թմրած բնության
Զարթեցուր քնից, նորից տուր հոգի,
Ամեն դաշտ ու ձոր, սար, բլուր ցնծան,
Թող մեր աշխարհը վերստին ծաղկի։

Պառավ ձմեռը մեզ ձանձրացրուց,
Երկար մնալով մեր երկրում հյուր,
Փչելով ցուրտը նա սառեցրուց
Ծով, լճեր, գետեր, առվակ ու աղբյուր։

Սպիտակ, սառն վերմակի տակից,
Գլուխդ ցույց տուր, սիրուն ձնծաղիկ,
Քաղցր զեփյուռը թող քո քամակից,
Մեզ բերե նոր լուր, գարնան ավետիք։

Դու արքայության տիպար ես, գարուն,
Ձմեռն դժոխք է կենաց տանջանք,
Ուրեմն բացվիր ուրախ, զվարթուն,
Տուր հողին, ջրին նոր հոգի, նոր կյանք։

[ էջ 666 ]

ՍԱՐԵՐ

Ձմեռ, գարուն միշտ շարունակ,
Մրրկոտ ձյունապատ սարեր,
Մերթ արտավիժում եք կրակ,
Վեզուվին համեմատ, սարեր։

Երբ բացվում է դուռը գարնան,
Ձեզնից գետեր կգոյանան,
Ավազներ եք բյուրակնյան,
Անսպառ, ջրառատ սարեր։

Գորշ մառախուղի սիրահար,
Վսեմաշուք, բարձրակատար,
Կանաչագույն, մշտադալար,
Սիզավետ, ծաղկաշատ, սարեր։

Ջիվանը ձեզ լինի մատաղ,
Չորս եք մեկդ մեկից չքնաղ,
Մասիս, Կազբեկ, Ապուլ, Գեոկտաղ,
Կովկասի բազմաշխատ սարեր։

1903

[ էջ 667 ]

ՔՍԱՆԵՐՈՐԴ ԴԱՐԵՄՈՒՏԻՆ

Բոլոր ծաղկոցները բացվին, գեղեցիկ վարդարան դառնան.
Ազատ երգեն սոխակները, ծառերը երգարան դառնան.
Խոպան այգիները ծաղկեն, նորոգված տեսարան դառնան.
Ցամաքած ձորերը կրկին ջրերու ավազան դառնան.
Հարազատ տերերը իրենց հողերուն պահապան դառնան,
Սարերն ու դաշտերը մեկ-մեկ հացի շտեմարան դառնան։

Մի զորեղ գերբնական ձեռքով նորոգվի հին տունը շատ շուտ.
Փառավորի, բազմի այնտեղ թագուհի սիրունը շատ շուտ.
Տարածվի աշխարհե աշխարհ հատընտիր անունը շատ շուտ.
Ձմեռը վերջանա, կորչի, ժամանե գարունը շատ շուտ.
Շուտով ծիծեռնակը հասնի նորոգե յուր բույնը շատ շուտ,
Կանաչ-կարմիր ու սպիտակ սարերը ողջ վրան դառնան։

Դու փայլուն քսաներորդ դար, արի գարնան ավետիք տուր,
Նորածին փարելի մանուկ, գեղեցկադեմ, քաջագանգուր,
Մորըդ պես մի լինիր անգութ, տկարին անօգուտ, իզուր,
Չորացած, ծարավի ծաղկանց խղճա, շուտով սրսկե ջուր,
Տարածե ամենայն երկիր բարի համբավ, ավետյաց լուր,
Մարդասեր գործերդ շատ տեղ քեզանից թող նշան դառնան։

Արի, խաղաղության հոգի, կռիվները վերանան թող,
Իրանց գործած սխալները մարդիկ զարթնին, իմանան թող,
Տկարները մեծ ուժ կազմեն, իրարու հետ միանան թող,

[ էջ 668 ]

Ուղիղ ճամփով դեպի առաջ շարունակեն ու գնան թող,
Լուսամիտ մարդասեր մարդիկ օրըստօրե զորանան թող,
Նոցա խոսք ու քարոզները տարածվեն, պատվիրան դառնան։

Ամեն մի տառապյալ մարդ թող հանգիստ օթևան գտնի։
Հողաշատ աշխարհի մեջը իրան պատսպարան գտնի,
Առանց գործ մեռած է մարդը, լավ է հանգստարան գտնի,
Ապրել ուզող, ցանկացողը մտածե գործ ու բան գտնի,
Ջիվանի, մեր հին բուրաստանը մի հմուտ բուսաբան գտնի,
Հրաշքով փշերը փոխվեն, նորոգ վարդ ու շուշան դառնան։

1901

[ էջ 669 ]

ՍԱԳԵՐ

Երկնքի երեսից խումբ-խումբ սագերը
Զորքի նման կարգով շարված գնում են.
Մեծացրած բուիկները, ձագերը
Ուրախ, զվարթ մխիթարված գնում են։

Մարդուց երջանիկ են, ազատ, ինքնավար,
Օդաչու համայնք են, անմեղ ու արդար.
Առանց անցագրի լափում են աշխարհ,
Բնությունից ղեկավարված գնում են։

Ջիվան, ուժեղ թռչուններուն՝ անկասկած՝
Նախանձելի կյանք է պարգևել աստված,
Սիրո զույգերու պես թև-թևի տված,
Մեկմեկու հետ սիրահարված գնում են։

1900

[ էջ 670 ]

ՀԱԶԱՐԻՑ ՄԵԿ

Շատ հովվապետներ կունենանք,
Բայց Խրիմյան՝ հազարից մեկ,
Ազգին Վարդաններ էլ կուտանք,
Մամիկոնյան՝ հազարից մեկ։

Զուր կսպասե Հրեաստան,
Եկավ, էլ չի գալու Մեսսիան,
Սողոմոններ հիմա էլ կան,
Որդի Դավթյան՝ հազարից մեկ։

Ամեն մարդ չի լինի բարձր,
Խելոք, ուժեղ, համով քաղցր,
Շատ է ծնվում Ալեքսանդր,
Մակեդոնյան՝ հազարից մեկ։

Կան միլիոնավոր Ջիվաններ,
Երգող ու կանչող գուսաններ.
Կճարվին լավ դերասաններ,
Իսկ Ադամյան՝ հազարից մեկ։

1907

[ էջ 671 ]

ՆՎԵՐ

Մեծապատիվ Ղազարոս Աղայանցին հոբելյանի տոնակատարությանը

Մեծ բանաստեղծ, մեծ աշուղ, ժողովրդի սիրելին,
Հայոց ազգի Բերանժե, փայլուն շողակ թանկագին.
Երախտավոր ուսուցիչ, շատերուն հայր պատվական,
Արգասավոր գրչի տեր, ուղղախոս, լուսաբերան,
Բարձրահասակ, հաղթանդամ, կտրիճ սերունդ Սիսական։
Քաջ Ղազարոս Աղայանց, հոյակապ մարդ ազգային։

Ապրիր, ո՛վ պիտանի մարդ, ապրիր, պտղատու ծառ ես,
Անուշահամ պտղովդ մարդու կյանք կըպատճառես.
Քու աշխույժդ չէ մարել, դեռ հնոցի պես վառ ես,
Երիտասարդի նման ուժդ տեղն է, կայտառ ես,
Փայլուն մետաղից զուրկ ես, սրտով հարուստ պայծառ ես,
«Հայ գրողը երկնքում կստանա առատ բաժին»։

Շատ տաք ու պաղ քամիներ անցել են քո գլխովդ,
Միշտ խաղաղ է մնացել, չէ ալեկոծվել ծովդ,
Ինչ որ կուզես, կըցանկանաս, տա աստված քու սրտովդ,
Ժիր երիտասարդ մնաս խելքովդ ու մտքովդ,
Շատին օրինակ լինես ազնիվ, բարի հոգովդ,
Գործից թուլածներուն կյանք պարգևես վերստին։

Դու մտավոր քաջ զինվոր, անվեհեր առաջախաղ,
Լուսո մասին լուր տվող, ավետաբեր աքաղաղ,

[ էջ 672 ]

Կերպարանքդ գրավիչ, պատկերդ գեղածիծաղ,
Հոգեկան հորիզոնդ անթուխպ, առանց շամանդաղ.
Կլիմադ բարեխառն, ոչ տաք է և ոչ էլ պաղ,
Գաղափարով, կարծիքով, ոչ շատ նոր ես, ոչ շատ հին:

[ էջ 673 ]

ՊԵՐՃ ՊՌՈՇՅԱՆԻ ՄԱՀՎԱՆ ԱՌԹԻՎ

Հայ գրականության շինության պատից,
Մոտ օրերս էլի մի քար վայր ընկավ.
Արծվի ամպը դեռ չըիջած ճակատից,
Հայոց մուսան կրկին սգո մեջ մտավ։

Չնաշխարհիկ հայտնի մեր վիպասանը,
Սոս և Վարդիթերի ծնող գուսանը,
Որբ թողեց հայերուս Պերճ Պռոշյանը,
Գնաց Աբովյանին, Րաֆֆուն գտավ։

Բնությունով խաղաղ, առողջ մտքի տեր,
Ոչ թեթև ցուցամոլ,— լուրջ հայրենասեր,
Ազգի ցավով տանջվող ճշմարիտ հայ էր,
Կյանք տվող խոսնակը մեր ձեռքից թռավ։

Ջիվանի, պատմական հին Աշտարակը,
Կորցրեց հազվագյուտ, անգին զավակը.
Կնքեց մահկանացուն, քաջ հեղինակը,
Հայոց ժողովրդին պատճառեց մեծ ցավ։

1907

[ էջ 674 ]

ԳԱՄԱՌ-ՔԱԹԻՊԱՅԻ ՄԱՀՎԱՆ ԱՌԻԹՈՎ

Ողբացեք, ով Արամյանք, ձեր բարձր մուսան չկա.
Հայերուս մեծ բանաստեղծ Գամառ-Քաթիպան չըկա.
Մեր ազգի Հոմերոսը, աննման հսկան չկա.
Ուրախության լուր տվող, ցնծության վկան չկա.
Հայոց գրականության անգին շափյուղան չկա.
Աշխարհական վարդապետ ընտիր աբեղան չկա։

Հարազատ հայի զավակ Ռափայել Պատկանյան,
Յուր քնարի ձայնովը բազում մարդիկ կյանք առան.
Չնաշխարհիկ բանաստեղծ, հոգի կրթող վիպասան,
Արգասավոր գրիչը եռանդ տվող կայծահան.
Կռվելով խավարի դեմ, մեռավ հերոսի նման,
Աղիողորմ լալիս է Նվարդը՝ Արան չկա։

«Մայր Արաքս» երգի գրող հեղինակին ողբացեք,
Քաղցրահնչյուն, քաղցրախոս հայ սոխակին ողբացեք,
Մեր մտավոր աշխարհի արեգակին ողբացեք.
Արփիափայլ, լուսատու աշտանակին ողբացեք.
Չունեցող համանման անգին ակին ողբացեք,
Տարավ ծեր Կռոնոսը՝ ազնիվ անթիքան չկա:

Թե մտքով, թե մարմնով հատուկ ծնող թանկագին,
Ինն երեխայի հայր, նահապետ բոլորովին.
Լրիվ քառասուն տարի ծառայել է յուր ազգին.

[ էջ 675 ]

Մի տեսակ ուղղությունով, չէ փոխել գույնը, հոգին.
Յուր բանաստեղծ պապերը, հայրը երկինք կանչեցին,
Հայ քերթողաց կաճառի հայրը և աբբան չկա։

Ջիվան, ուր է երգիչը, բարությունը հռչակող.
Ճշմարտության ջատագով, ստությունը մտրակող,
Յուր գրչի սուր շանթերով մոլիներին ապտակող,
Առանց վախի մարդկության ցեցերին խայտառակող,
Ժողովրդին հույս տվող և ապագան գուշակող.
Հայերու մեծ մարգարեն, հայոց Եղիան չըկա։

1892

[ էջ 676 ]

ԵՐԿՈԻ ԲԱՆԱՍՏԵՂԾ

Ծեր Կռոնոսը սրեց գերանդին.
Եկավ կանգնեցավ մեր արտի գլխին,
Նա քաղեց երկու ծաղիկ թանկագին,
Մեկը Ծերենցն էր և մյուս՝ Րաֆֆին,
Քանի մտիկ տանք նրանց երկերին,
Միշտ պիտի հիշենք մենք այդ երկուսին։

Ովքեր են դրանք, հարուստ թե իշխան,
Որ ժողովուրդը ցավում է այդքան,
Բայց ոչ հարուստ են, ոչ ազնվական,
Գրչով աշխատող մեկ-մեկ վիպասան,
Հարազատ մշակ, աշխույժ պատմաբան,
Հոգով ծառայող խղճուկ հայ ազգին։

Հայոց երկնքից պակասեց երկու
Փայլուն ու պայծառ աստղեր լուսատու.
Երկուսն էլ գրչով, խոսքերով ազդու,
Ծաղիկ հավաքող ժրաջան մեղու,
Կրթիչ մարմնու և կրթիչ հոգու,
Մարդկանց նորոգող, կյանք տվող կրկին։

Ծերենցը պայծառ որպես Արուսյակ,
Եղավ շատերին բարի օրինակ,
Թողեց հայ ազգին նա մեծ հիշատակ,

[ էջ 677 ]

Չունեցավ Րաֆֆու նման շատ հռչակ,
Րաֆֆու գրչից դուրս գալով կրակ,
Աշխույժի բերեց շատ սառը մարմին։

Ծերենցն ինքնուրույն գրող էր հաստատ,
Սեթևեթներից հեռու և ազատ,
Անմահ Րաֆֆին գովված բազմաշխատ,
Համարյա չկա նրան համեմատ,
Մեռնելով ծնավ Րաֆֆիներ շատ,
Իջնի մեզ վերա կենդանի հոգին։

Ծերենցն համեստ էր, մաքուր, խուփբերան,
Համեստ կերպով էլ թաղեցին նրան,
Բայց Րաֆֆիին խումբը գիտնական,
Շատ փառք ու պատվով տարին գերեզման,
Մինչ ութսուն պսակ մարդիկ զանազան,
Բերին շարեցին դագաղի չորս դին։

Ջիվան, ազգային հին առած է սա,
«Խաչին յուր տերը զորություն կուտա»,
Մարդը մարդով է, ուր կուզե գնա,
Միայնակ մարդը շատ դեր չի խաղա,
Մեծ Րաֆֆին այնքան փայլուն չէր դառնա,
Թե նորան չօգներ Գրիգոր Արծրունին։

1892

[ էջ 678 ]

1892 ԹԻՎ

Ա՜խ, իննսուներկու թիվ, գնաս ու էլ ետ չգաս.
Դու մարդկային ազգության տվիր չափազանց վնաս,
Վեց ավուր ծնունդ էիր, քու շնորհքդ ցույց տվիր,
Հրաշալի սուրբ տոնը քեզանով դարձավ զազիր.
Քառասուն մարդ Թիֆլիսում Կուր գետի մեջ խեղդեցիր,
Դրիր սև հողի տակը առանց հաղորդ և անմաս։

Քանի մեծցար օրավուր բնությունդ վատացավ,
Բարությունդ նվազեց, չարությունդ շատացավ,
Ձախորդության վատ սերը բույս տվեց, արմատացավ,
Ով քո հույսով գործ բռնեց վնասվեց, աղքատացավ,
Հիվանդություն և մահը բազմացավ, առատացավ,
Դարձար, ով նահանջ տարի, թունավոր նեխված կարաս։

Հրեշի ձև ստացար, երբ եղար վեց ամսական,
Հնդախտ ծնավ քեզանից մտավ Մեշետ, Խորասան,
Սկսեց կոտորել խեղճ մարդկանց ճանճի նման,
Այնտեղից էլ տարածվեց հասավ մինչ Ռուսաստան,
Անխնա հարվածեցիր դու մարդկային ազգության,
Գուցե երկինքն ուղարկեց քեզ մեզ համար պատուհաս։

Այնուհետև սկսար հպել հայ ազգությանը,
Գերանդիդ նոր սրելով մտար մեր բուրաստանը,
Նախ խլեցիր բանաստեղծ պաշտելի Պատկանյանը,

[ էջ 679 ]

Հետո Նար-Բեյ բախտազուրկ, ողբացյալ գիտնականը,
Ապա Արծվիկ-Գարեգին մեղրաշուրթ Սրվանձտյանը,
Կտրեց կենաց թելերը անգութ մահը վաղահաս։

Մենք կարծեցինք այսուհետ հարվածիդ կուտաս դադար,
Ում մտքից էր անցկենում, որ նոր ցավ կա մեզ համար,
Ցավ ու շատ անտանելի որ չի լինիլ դեղ ու ճար,
Հազար կա, որ մեկ չարժե, մեկ կա, որ արժե հազար,
Այդ տոկուն Արծրունին էր, «Մշակ» թերթի ղեկավար,
Նորան էլ մահացրիր, էլ չթողիր բան պակաս։

Ջիվանս քեզ կաղաչեմ լավությոմե արա արի,
Քու արած վատությանց վրա զղջա, դադարի,
Չարությանդ փոխարեն աշխատիր գործես բարի,
Վեց օր ունիս կմեռնիս, վարվե, քիչ մարդավարի,
Պատմության մեջ անունդ մենք կդնենք պիղծ տարի,
Եթե այդ քու զենքերդ գալող նոր տարան կուտաս։

1892

[ էջ 680 ]

ՍՄԲԱՏ ՇԱՀԱԶԻԶԻ ՄԱՍԻՆ

Մոտ օրերս էլի կորցրեց մի ծառ
Հայ գրականության տարաբախտ այգին,
Սմբատ Շահազիզն էր, պատվով ու պայծառ
Օրհասական քամին տապալեց գետին։

Տաղանդավոր բանաստեղծը հայության,
Հանգավ հանկարծակի ճրագի նման,
Անագորույն մահը չալալկեց նրան,
Խլեց տարավ փայլուն ակը թանկագին։

Տաղանդավոր հայ պոետը բանիմաց,
Թողեց ասպարեզը, թողեց տեղը բաց,
Վեհափառ հայրիկի ետևից գնաց,
Երկինք թռավ պլպուլիկը ազգային։

Ջիվան, լրիվ նա կատարեց յուր դերը,
Անմոռաց կմնան ընտիր երկերը,
Շատ եմ ասել նրա «Ազնիվ ընկերը»,
Հարգող, սիրողներուց մեկն եմ սրտագին։

1907

[ էջ 681 ]

ՀԱՅՐ ԱԼԻՇԱՆԻ ՄԱՍԻՆ

Հիսուն տարի ծառայել է հայ ազգին
Անհաղթ քաջի նման հայր Ալիշանը,
Նվիրել է հայոց պտուղը գրչին,
Բանաստեղծ, պատմաբան, հայր Ալիշանը։

Արժե, որ նա ունի այդքան մեծ համբավ,
Հայոց լեզվին հագցրել է նոր հալավ,
Դարուս քերթողահայր Մովսեսն է իրավ
Հարգելի գիտնական հայր Ալիշանը։

Գրականության մեջ մի մեծ հսկա է,
Ողջ ազգից հարգված մեկ աբեղա է,
Ծիսով կաթոլիկ է, բայց հագով հայ է,
Սիրում է Հայաստան հայր Ալիշանը։

Եվրոպայի մեջը մեծ պարծանքն է մեր,
Թողել է հայ ազգին զանազան երկեր,
Գրել է «Այրարատ», «Շիրակ» այլ գրքեր
Եվ գրել է «Սիսուան» հայր Ալիշանը։

Անկեղծ, հայրենասեր, ժրաջան, արի,
Լավ ծնողաց զավակ, ծնունդը բարի,
Մաղթենք ևս ապրի, շատ ու շատ տարի,
Թողնի մի այլ նշան հայր Ալիշանը։

[ էջ 682 ]

Նորա մեծ խելքից օգտվիր, Ջիվանի,
Կենսատու գրքերից բազմակողմանի,
Սյունյաց պատմությունն էլ գրեր երանի,
Չմտած գերեզման հայր Ալիշանը։

1889

[ էջ 683 ]

ԼԵՈՅԻՆ

Հայ տոհմի մեծ մարդկանց պատմություն գրող
Մեծ մատենագիր է, ճարտար է Լեոն,
Ամեն մի տեղ ունի նա շատ համակրող
Որովհետև արժե, հարմար է Լեոն։

Քաջերի շառավիղ, առյուծի կորյուն,
Իր մեջը կրում է զուտ հայի արյուն,
Հայ գրականության մեջ հոյակապ մեծ սյուն
Հայտնի երևացող մեկ սար է Լեոն։

Ասում են չի տեսել նա համալսարան,
Մտել է միջնակարգ մեկ ուսումնարան,
Ջանասիրությամբ եղել է պատմաբան,
Լի, առատ պաշարով ամբար է Լեոն։

Կյանք տվեք բանավոր ծառին պտղաբեր,
Որ նորից զարդարվի, ծաղկի այգին մեր,
Հարգո հեղինակին օգնեցեք հայեր՝
Թող մի քիչ էլ հանգիստ կյանք վարի Լեոն։

Ջիվանիս խոսած չեմ հետը իմ օրում,
Շնորհքը տեսել եմ հայոց թերթերում,
Գուցե ես նրա մոտ չունեմ համարում,
Բայց նա ինձ մոտ անգին գոհար է Լեոն։

(«Ռազմիկ», ազգային գրական-քաղաքական լրագիր, Ֆիլիպե, 1908 ., 31 (5—1 էջ), հուշարար)՞

[ էջ 684 ]

ՑԱՎԱԼԻ ՄԱՀ

Վենետիկի Սուրբ Ղազարու կղզիեն
Հեռագիրը մի լուր բերեց տխրագին.
Հայոց ազգի համակրած այգիեն,
Մի կաղնի ծառ մահը տապալեց գետին։

Ծերունազարդ, փառավորված, փառահեղ,
Ճաճանչափայլ մի մեծ աստղ էր շատ գունեղ,
Բազմավաստակ, բազմապտուղ, հանճարեղ,
Մեռավ հայոց նահապետը թանկագին։

Հայոց սարեր, դաշտեր, ձորեր, ողբացեք,
Ձեր սոխակը մահացել է, սգացեք,
Հին-հին վանքեր, ավերակներ դուք լացեք,
Չըկա Ղևոնդ Ալիշանը մաքրածին։

Երկրորդ Մովսես Խորենացին գիտնական,
Երկինք գնաց քաջ Եղիշեն պատմաբան.
Հիմքը խախտեց հայոց գրականության,
Ամուր կերտված պատը փլավ ազգային։

Համոզմունքով թեև պապին համակամ,
Ազգությունից չէր սառնացել ոչ մի ժամ.
Հոգեղենը նրան մնաց անթառամ,
Թառամեցավ նյութեղենը երկրային։

[ էջ 685 ]

Ջիվան, ուր է մեծ բանաստեղծ երգակը,
Խլեց մեզնից անգութ մահի գնդակը.
Թռավ հավետ Ավարայրի խոսնակը,
Քեզ ով պիտի խոսեցնե, ով լուսին։

1901

[ էջ 686 ]

ԲԱՆԱՍՏԵՂԾ

Բանաստեղծի բնական ձիրքը միշտ վառ կլինի,
Խելքը ամփոփ, բոլորված, միտքը պայծառ կլինի,
Թե հարվածե, թե գովե՝ նա անաչառ կլինի,
Բանաստեղծին չհարգող մարդը թշվառ կլինի։

Բանաստեղծին ճշմարիտ մարդկանց կարգն են դասում,
Հոգվո, սրտի սփոփանք նորանից են սպասում,
Ւնձ նման չոր ու ցամաք գրողներուն չեմ ասում,
Դրախտ նկարագրեմ չորցած անտառ կլինի:

Բանաստեղծի աչքերը փորձաքար են հաստատուն,
Չեն դադարի քննելուց լավ ու վատը օրն ի բուն,
Ծածկված գաղտնիքները շուտ իմացող, զգայուն,
Գրելու մեջ սոխակից քաղցրաբարբառ կլինի։

Բանաստեղծի տաղանդի հետ թե եղավ ուսումը,
Գրածներում կփայլի կինամոնը, քրքումը,
Ո՞րտեղ գտնեմ Րաֆֆիի մտքերի ընդլայնումը,
Որ մի չոր փայտ էլ գովե պտղատու ծառ կլինի։

Ջիվա՛ն, բանաստեղծներուն մեծ հոգի հսկա գիտեմ,
Նորանց ամեն խոսքերը անգին շափյուղա գիտեմ,
Բանաստեղծի գրիչը երկնային ընծա գիտեմ,
Ժողովրդի կրթելով բարյաց պատճառ կլինի։

[ էջ 687 ]

ԱՌ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՎԱՐԺԱՊԵՏ

Պատվելի ուսուցիչ, ձայնագրագետ,
Խնդրում եմ աշխատես սրտով մեզ վրա,
Թե կուզես անունդ մնա քո հավետ,
Ցույց տու քու պտուղդ մեզի անխնա։

Գեղեցիկ ձայնավոր, հարգելի դպիր,
Ընդունե այս երգը իբր մեծ խնդիր.
Անունդ կխոսեմ ամենայն երկիր,
Որտեղ որ գտնվիմ հատուկ, ես ներկա։

Աշխատության ձեռքն է ամեն բան տկար,
Երկու կողմից պետք է աշխատել հարմար,
Ջիվանս խնդրում եմ, պատվելի ճարտար,
Անհապաղ աշխատիր, վիճակիս գթա։

1876

[ էջ 688 ]

ՆՎԵՐ

Բժշկապետ պ. Բագրատ Նավասարդյանցին

Բերանս համ դրեց, հոգվույս մեջը ուժ
Քո տված դարմանդ, հարգելի բժիշկ,
Խոսքերդ կյանք տվին, պատկերդ աշխույժ,
Երբ մոտեցա տանդ, հարգելի բժիշկ:

Հարգեցիր, պատվեցիր խիստ մտերմաբար,
Կյանքիս փրկչի նման օգնության հասար,
Բռնեցիր երակս, զննեցիր երկար,
Կյանք էր պատասխանդ, հարգելի բժիշկ։

Գարնան հոտ է փչում քո օթևանից,
Սառն մահը միշտ փախչում է քեզանից,
Շնորհքդ առել ես դու աստվածանից,
Նա է քու պաշտպանդ, հարգելի բժիշկ։

Րաբբունու նման քարոզ կկարդաս,
Ազդու խոսքերով հիվանդին կյանք կտաս,
Տեր աստված չկամի կյանքիդ պատուհաս։
Եվ ոչ բիծ անվանդ հարգելի բժիշկ։

Աշխարհիս մեջ որտեղ բժիշկներ չկան,
Նա է անտեր այգի առանց այգեպան,

[ էջ 689 ]

Կռվիր աղետի դեմ, օգնիր մարդկության,
Տերն է օգնականդ, հարգելի բժիշկ:

Տնանկներուն չես խնայում բարիքդ,
Սուրբ է նորանց մասին հայտնած կարծիքդ.
Արած լավությունդ, քո երախտիքդ
Չի մոռանա Ջիվանդ, հարգելի բժիշկ։

[ էջ 690 ]

ԻՄ ԸՆԿԵՐ ՋԱՄԱԼՈՒՆ

Եկ, սիրելի ընկերս, զվարճության ներկա լինինք.
Բավական է տխրության մեծավորին ծառա լինինք.
Բագոսի աղջիկները տես, մեկը դու առ, մեկը ես,
Աշխարհի ուրախության հեղինակին փեսա լինինք։

Մատրվակը թող բերե քաղցր գինուց մեկ-երկու թաս,
Հերիք է որքան տխրեցինք, որքան մնացինք ծում ու պաս,
Անցավոր զվարճությունը մեր մեծերուն ի՞նչ վնաս,
Թող մեկ օր էլ մեր սեղանին երկուսս արքա լինինք։

Իրարու հարմար կուգան կարմիր գինին, կարմիր գավը.
Մանավանդ մեզ մոտ լինի չքնաղներու լավից լավը.
Դադարենք խոր մտածելուց, մոռանանք հոգս ու ցավը,
Միամիտ նստինք միասին, գործին աներկբա լինինք։

[ էջ 691 ]

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ

Մեր նահանգի թագուհին ես, պարծանքն ես,
Բարիքներով լեցուն, Երևան քաղաք.
Համարյա Կովկասի հոգին ես, կյանքն ես,
Ունիս բարձր անուն, Երևան քաղաք։

Արարատյան աշխարհի մեջ մեկ հատ ես,
Բազմատեսակ պտուղներով առատ ես.
Շատ դարերից վեր շեն ու ապատ ես,
Մնացել ես կանգուն, Երևան քաղաք։

Գավառիդ մեջ հազար տեսակ բարիք կա,
Մինչև անգամ քեզ կարոտ է Եվրոպա.
Ոսկին ու արծաթը ինքն իրան կուգա,
Առուտուրդ զեղուն, Երևան քաղաք։

Մեջիդ ժողովուրդը թե հայ, թե պարսիկ,
Ապահովված կյանք կվարեն երջանիկ,
Երկու սեռն էլ աշխույժ՝ տղա ու աղջիկ,
Հագած, կապած, սիրուն Երևան քաղաք։

Ձմեռը օրերդ ուրախ է անցնում,
Որդիքդ Բագոսին շատ են ուխտ գնում.
Հարսանիք ու հանդես, խնջույք կեր ու խում
Լինում է ամեն տուն, Երևան քաղաք։

[ էջ 692 ]

Մարտի տասին ստանում ես նոր հոգի,
Կվերջանա ցուրտ ձմեռը սոսկալի.
Սկսում են ծաղկել պարտեզ ու այգի,
Երբ բացվում է գարուն, Երևան քաղաք։

Հունիսի քսանից համդ կըփախնի,
Շոգերը կսկսեն, օդդ կըփոխվի.
Տենդի մայր վարունգը, սեխը կհասնի,
Կդառնաս դողի բուն, Երևան քաղաք։

Ցերեկը մոծակն է տիրում քեզ վերա,
Ժողովրդիդ վիրավորում անխնա,
Գիշերն էլ մլակը խփելով ծնծղա,
Քեզ թողնում է անքուն, Երևան քաղաք։

Հարուստներդ երջանիկ են ամեն ժամ,
Գնում են Ծաղկաձոր ամառն ամեն ամ.
Վայելում են գինիդ ընտիր, քաղցրահամ,
Քո օղիդ փրփրուն, Երևան քաղաք։

Ջիվանը խնդրում է, որ խաղաղ մնան
Մարդիկ քրիստոնյա, թե մահմեդական,
Իրարու հետ սիրով վարվին մշտական,
Լինին խելքով հասուն, Երևան քաղաք։

[ էջ 693 ]

ԲԱՔՈՒ

Հարուստ, երջանիկ Բաքու, հանկարծ ցավագար եղար,
Անհոգ, ուրախ ապրողդ ցավի, սգո մեջ մտար,
Ա՜խ, քո բախտի թշնամին սատանի շորեր հագավ,
Իրար կոտորել տվեց, ժողովուրդներիդ մեջ մտավ
Թուրք խուժանը ո՞րտեղից զենք ու փամփուշտ ունեցավ,
Հարձակվեց հայոց վրա, որպես անմիտ խելագար։

Աջ ու ահյակ չնայեց, կոտորեց հանդիպողին,
Մայրը մանուկը մոռացավ, մանուկը իր ծնողին,
Աստված տունը ավերե, քանդի պատճառ լինողին,
Այրեցին, հրդեհեցին, էլ հայի տուն չթողին,
Գործերը հաջող գնաց գրպանահատին, գողին,
Անմեղ հայի քրտինքով վաստակը գնաց ավար։

Սպանդանոց էր դառել Բաքվի հրապարակը,
Իրար մոտ ընկած էին հայի, թուրքի դիակը,
Ով որ կարող էր մարել չէր մարում այս կրակը,
Հեռուն կանգնած դիտում էր, չշարժելով մահակը,
Տներու մեջը փակված դառն էր հայոց վիճակը,
Դրսում հրացանները գոռում էին անդադար։

Միամիտ ու անպատրաստ հայը չուներ ոչ մի բան
Բայց թուրքերը ունեին ատրճանակ, հրացան,
Հայի մտքից չէր անցնում բնավ երբեք հավիտյան

[ էջ 694 ]

Թե թուրքին մի վնաս տա, կամ վիրավորի նրան,
Թուրքն էլ հայի հետ սիրով հաշտ էր ապրում մշտակա
Ո՞վ ցանեց սրանց մեջ ատելության սերմը չար։

Թե մեռած, թե վիրավոր երկուսից էլ ահագին
Սրտերը կոտրված է թե թուրքինը, թե հային,
Որը եղբայրը կուլա, որը որդին թանկագին,
Կինը մարդն է որոնում, տեսնելու չէ վերստին,
Տա աստված այս դեպքերը այլևս չկրկնվին,
Թուրքն ու հայը միասին հաշտ ապըրին եղբայրաբար։

Օգնության կարոտ եղար, առատ, ողորմած Բաքու,
Բարեգործության համար միշտ կանգնած բարձր Բաքու,
Ոսկի շողակի նման, աշխարհից սիրված Բաքու,
Այժմ տխուր ու տրտում, հոգսի մեջ ընկած Բաքու,
Չարդ ու բարիդ չիմացող, միամիտ քնած Բաքու,
Աշխարհին լույս ես տալիս, դու քեզ պահում ես խավար:

Հազար ինը հարյուր հինգ թիվն անցնի վերջանա,
Օրը պակաս փետրվարի գեշ երեսը սևանա,
Դժնդակ կարմիր ամիս ձեռքերը արյունլվա,
Այսպես օր, այսպես տարի թող չտեսնենք, էլ չգա,
Ջիվան, խնդրե աստծուց, հաշտության նոր հոգի տա,
Մի նոր փրկիչ ուղարկի անբախտ Կովկասի համար։

1905

[ էջ 695 ]

ՆՎԵՐ ՇՈԻՇԻ ՔԱՂԱՔԻՆ

Բարև քեզ, Շուշի քաղաք, եկել եմ քեզ տեսության,
Հին քաջերի հայրենիք, մելիքների օրորան.
Դու Սյունյաց մայրաքաղաք, ձեռակերտ Շահնազարյան,
Լուսավորված, նորոգված, հին հիշատակ հայության։
Դիրքդ բարձր, հովասուն, կլիմադ մեղմ, դուրեկան,
Երկինքդ պարզ ու մաքուր, վճիտ հայելու նման։

Տերությանը քաջասիրտ զորապետներ ես տվել,
Նշանավոր և հայտնի, խելոք մարդիկ ես ծնել.
Համեստ, գեղեցիկ սեռ փաղաքուշ, ակնավայել,
Պարկեշտության տիպար են, ցոփության մեջ չեն ընկել,
Կղզիացած քաղաք ես, քաշվել, անկյունն ես մտել,
Օտար տեղից քո մեջ շատ չի գալ վաճառական։

Տղամարդիկդ կտրիճ, հայտնի են ողջ Կովկասում,
Հայն ու թուրքը միասին խաղաղ, սիրով են ապրում։
Կարգին դպրոցներ ունիս, որդիքդ կառնեն ուսում,
Հզոր արծվի շքի տակ երջանիկ կյանք վայելում.
Արհեստավորներիդ մեջ տաղանդներ են գտնվում,
Ղազանչեցվոց կառուցած եկեղեցին մեծ նշան։

Ժողովուրդդ ամեն տեղ, ամեն երկիր տարածված,
Ման է գալիս, չափչփում աշխարհը լայնատարած,
Դու անվանի քաղաք ես, հայտնի ես, ոչ ետ ընկած,

[ էջ 696 ]

Սիրուն ամառանոց ես, կյանքի համար ստեղծված.
Բարի իշխաններ ունիս, առատասիրտ, ողորմած,
Առաքելյան, Ժամհարյան, Թադևոսյան, Թամիրյան։

Թառ ու քյամանչա ածող վարպետներով լի ես լի,
Պարսկական եղանակներ ածում են հիանալի.
Ժողովրդական երգիչ չես ծնել, մայր ցանկալի,
Հարգ չունի հայ աշուղը՝ մոտդ, է շատ ցավալի։
Ընդունիր այս նվերս, անհոտ, անհամ, անալի,
Ներող եղիր Ջիվանուս, ազնիվ քաղաք պատմական։

1902

[ էջ 697 ]

ԴԱՐՁԻՐ, ՈՎ ԱԽՈԻՐՅԱՆ

Զուր վազում ես աննպատակ,
Դարձիր, ով Ախուրյան, դարձիր.
Ծարավի՛ է ամբողջ Շիրակ,
Դարձիր, ով Ախուրյան, դարձիր։

Հզոր ուժըդ կորչում է սին,
Օգուտ չի տալիս ոչ ոքին,
Ոռոգե մեր արտ ու այգին,
Դարձիր, ով Ախուրյան, դարձիր։

Արի քո ընթացքը փոխիր,
Մեր քաղաքի միջո՛վ անցիր,
Քե՛զ կըդիմե աշխարհ, երկիր,
Դարձիր, ով Ախուրյան, դարձիր։

Կարողությունդ քո հսկա,
Զուր շռայլում ես անխնա.
Գործ դիր մեր երկըրի վրա,
Դարձիր, ով Ախուրյան, դարձիր։

Հարյուրավոր տնանկ գյուղեր
Ջրի կսպասեն անհամբեր,
Չորացել են արտերը մեր,
Դարձիր, ով Ախուրյան, դարձիր:

[ էջ 698 ]

Ժողովուրդը տրտում, տխուր,
Աղքատանում է օր ավուր.
Մեռած կյանքին նոր հոգի՛ տուր,
Դարձիր, ով Ախուրյան, դարձիր։

Մինչև հիմա բութ ենք եղել,
Քեզ ճանապարհ չենք ցույց տվել,
Մեծ ուժիցդ չենք օգտվել,
Դարձիր, ով Ախուրյան, դարձիր։

Այսուհետև կըմիանանք,
Մեծ ուժով գործի ձեռք կուտանք,
Նոր-նոր առուներ կըբանանք,
Դարձիր, ով Ախուրյան, դարձիր։

Դու եկ, քեզ հետ լավ կյանք վարենք,
Չորս բոլորդ ծառեր շարենք,
Ափերդ ծաղկով զարդարենք,
Դարձիր, ով Ախուրյան, դարձիր։

[ էջ 699 ]

ԹԻՖԼԻՍԸ

Իմ կարողության չափ որքան որ գիտեմ,
Պիտի գովեմ ես աննման Թիֆլիսը,
Կյանքիս մեջը ես վատություն տեսած չեմ,
Ինձ հարգել է միշտ պատվական Թիֆլիսը։

Աստված օրհնե սորա հողն ու ջուրը,
Բազմացնե գործը և առևտուրը,
Հետը ոսկի բերե պատմական Կուրը,
Փարթամանա ազնվական Թիֆլիսը։

Բազմալեզու, բազմակրոն, բազմամարդ,
Ժողովուրդը անհոգ, ուրախ և զվարթ.
Կարմրաթուշ թե ծեր, թե երիտասարդ,
Սիրուններու բնակարան Թիֆլիսը։

Մայիս ամսում կարծես դրախտ կդառնա,
Ամեն մարդ ժպտալով տանից դուրս կուգա,
Գնում են Մուշտայիդ և Օրթաճալա,
Կյանք կստանա հին բուրաստան Թիֆլիսը։

Ողջ Կովկասի քաղաքներում թագուհին,
Ինչպես աստղերու մեջ փայլող մի լուսին,
Յոթը միլիոն ժողովրդի մայր տիկին,
Տարածում է վեհ հրաման Թիֆլիսը։

[ էջ 700 ]

Այստեղի մարդկանց մեջ չկա իմ ու քու,
Իրար հարգոդ, հնազանդ, հլու,
Ամեն շաբաթ տոն է մեկ եկեղեցու,
Ունի բազում զբոսարան Թիֆլիսը։

Տվել է տերության մեծամեծ մարդիկ,
Քաջ֊քաջ գեներալներ, գիտնական անձինք,
Հայրենիքի համար գործել են բարիք,
Լսել, հրճվել է պատվարժան Թեֆլիսը։

Ունի երկու մեծ բանտ, ունի ամրոցներ,
Մեծ, հոյակապ տներ, լայն-նեղ փողոցներ,
Ունի արհեստանոց, կերպ-կերպ դպրոցներ,
Ափսոս չունի համալսարան Թիֆլիսը։

Հարուստը շատ հարուստ կապրի ապահով,
Աղքատը ծայրահեղ աղքատ, տունը՝ սով,
Հանքային ջրերով, բաղանիքներով
Համարվում է բժշկարան Թիֆլիսը։

Թիֆլիսը Կովկասի համար ճրագ է,
Զարգացած մարդկանցով պսակ ու թագ է,
Կարելի է ասել հավաքաքաղ է,
Պահում է շատ հայադավան Թիֆլիսը։

Բարեմաղթենք լինի Լոնդոնի նման,
Զարգանա արհեստով, ծաղկի ամեն բան.
Ամեն մեկում հարյուրավոր բանվոր կան,
Պատրաստել է վեց գործարան Թիֆլիսը։

Մեծ մարդկանց մարմիններ իբրև գանձ անգին,
Պահում է շիրիմներ շինած ամենին,
Մեկը Վարանցովին, մյուսը Պուշկինին,
Կանգնեցրել է ջուխտ արձան Թիֆլիսը։

[ էջ 701 ]

Կա տասը լրագիր լեզվով չորս տեսակ,
Բոլորն էլ մարդկության օգուտ, ընդունակ,
Ամենն էլ բանում են, գործերն աջողակ,
Ունի վեց, յոթը տպարան Թիֆլիսը։

Կան ընկերություններ բարձրից հաստատված,
Օրենքով ճանաչված և գնահատված,
Կարծես հանգամանքից հատուկ խրատված,
Դառնալու է բարոյական Թիֆլիսը։

Ազատվելով բարբարոսաց ձեռքիցը,
Հին ցավերը նա հանել է մտքիցը.
Չար ու բարի շատ են անցել գլխիցը.
Կլինի հազար տարեկան Թիֆլիսը։

Թե գնալու լինինք հարյուր տարի ետ.
Քաղաքումս եղել է առանձին ջոկ պետ,
Այժմ միացած է Ռուսիայի հետ,
Հնումն է եղել Վրաստան Թիֆլիսը։

Քաշող զորություն կա սրանում հատուկ,
Գալիս են օտարներ հայտնի, թե ծածուկ,
Որքան պանդուխտներու ջրումն ինչպես ձուկ
Որսացել է որպես ուռկան Թիֆլիսը։

Փողի կողմից հարուստ հայերն են այստեղ,
Վրացիք էլ ունեն կալվածքներ շքեղ,
Հին ցեղի իշխաններ փարթամ, փառահեղ
Ծոցումն ունի մայր սիրական Թիֆլիսը։

Երկաթուղիները գոռում են, գոչում,
Ամեն օր մարդ, ապրանք այստեղ են լցնում,
Բաքվի ու Բաթումի մեջ տեղն է ընկնում
Առուտուրի մեծ կայարան Թիֆլիսը։

[ էջ 702 ]

Էլ որքան թաթ, մուրթադ, որ կա Իրանում,
Միշտ լցվում են Կովկաս և փող են տանում.
Ինչքան հիվանդ, կույր, կաղ, խեղ է պահպանում
Անկյուներու պատսպարան Թիֆլիսը։

Ջիվան, աստված երկար օրեր կամենա,
Տոկուն լինի հոսանքներուն դիմանա,
Շեն ու հաստատ լինի, ծաղկի, զարգանա,
Չընկճվի մինչ հավիտյան Թիֆլիսը։

[ էջ 703 ]

ԿԱՎԿԱԶ

Ձնոտ սարեր, ելման գետեր,
Ծաղկոտ դաշտեր ունիս, Կավկազ,
Սառն ջրեր, ձկնոտ լճեր,
Բազում հանքեր ունիս, Կավկազ։

Չկա քու նմանդ երկիր,
Խայտաճամուկ, կանաչ, կարմիր,
Պտուղդ, բերքերդ ընտիր.
Քաղցր մրգեր ունիս, Կավկազ։

Արիական քու ցեղդ քաջ,
Կյանք է տվել քեզ բարգավաճ.
Օր ավուր գնում ես առաջ,
Բարի մտքեր ունիս, Կավկազ։

Զանազան ազգերու ծովակ,
Հորիզոնդ պարզ կապուտակ,
Լեզուները բազմատեսակ,
Ջոկ-ջոկ ցեղեր ունիս, Կավկազ։

Քաջ են չեչենները, լեզգիք
Օս ու չերքեզ, հրեան ճարպիկ,
Վրացի, թուրք, ռուս, պարսիկ,
Խելոք հայեր ունիս, Կավկազ։

[ էջ 704 ]

Շատ բան կամեցել է աստված,
Քեզ, ով երկիր լայնատարած,
Հայից, վրացուց մնացած
Շատ հին վանքեր ունիս Կավկազ։

Լավ-լավ քաղաքներ, փողոցներ,
Անտառ, այգի ու ծաղկոցներ,
Աշտարակներ ու ամրոցներ,
Ամուր բերդեր ունիս, Կավկազ։

Բարեխառն է քո կլիման,
Օդդ մաքուր և պատվական.
Մեջդ բազում կենդանիք կան,
Սիրուն հավքեր ունիս, Կավկազ։

Ջիվանուն հայտնի ես անահ.
Առատ երկիր դու բազմաշահ
Ռազմագետ, վարժ, կարգապահ,
Կտրիճ զորքեր ունիս, Կավկազ։

1899

[ էջ 705 ]

ԿԱՍՊԻՑ ԾՈՎ

Իմ սիրտս ցավ ունի, յուր ցավն է կոծում,
Դո՞ւ ինչու ես ալեկոծվում, Կասպից ծով,
Չըգիտեմ ինչ ունիս, դու էլ ես հեծում,
Լայնածավալ, համատարած, Կասպից ծով։

Եկել ու անցել են դարեր շատ հազար,
Մինչ հիմա ապրել ես, դեռ կապրես երկար,
Հառաչում ես մենակ լինելուդ համար,
Մեծ ծովերուց հեռու ընկած, Կասպից ծով։

Ալիքներդ ուժգին, գոչյունդ հզոր,
Հետ ու առաջ խաղում, անում ես թափոր
Մտքիս ծովն էլ քեզ պես խաղաղ չէ այսօր,
Խռոված է և սրտմտած, Կասպից ծով։

Ունենալով պինդ շոգեշարժ մեքենա,
Նավերը ման կուգան քո կրծքիդ վերա,
Գիտության ձեռքի տակ դարձել ես ծառա,
Խեղճացել ես, մարդահալած, Կասպից ծով:

Ջիվանու ազգին էլ ծանոթ ես, հեգ ծեր,
Ափերդ շրջել են աղվաններ, հայեր.
Ճանապարհ ես դրել զանազան ազգեր.
Շատ չար ու բարիներ տեսած, Կասպից ծով:

1902

[ էջ 706 ]

ՆՎԵՐ ԿԱՐՆՈ ՀԱՅԵՐԻՆ

Մինչև կյանքիս վերջը քեզ պիտի սիրեմ,
Ով իմ ծննդավայր, սրբազան երկիր.
Ես մի չոր կյանք ունիմ թող քեզ նվիրեմ,
Ինձ կյանք շնորհող մայր, աննման երկիր։

Շատ ունիս անձնազոհ, եռանդոտ մշակ,
Քեզ սիրում են որպես հարազատ զավակ.
Ազատ շունչ կքաշես կգա ժամանակ,
Սպասե և հուսա, պատվական երկիր:

Դու ես ազգությանը հրահանգ տվող,
Սրտի մխիթարանք, սփոփանք տվող,
Նախնիքներուս սնունդ տվող, կյանք տվող,
Իմ բնիկ հայրենիք, բնական երկիր։

Ջիվանին երբ պիտի տոնե զատիկդ
Ապրիլ ամսում արև դարձած մահիկդ.
Փոխված տեսնեի կրակե շապիկդ
Հագնեիր նոր տեսակ պատմուճան, երկիր։

[ էջ 707 ]

ՄԱՃԿԱԼԻ ԵՐԳԸ

Իմ գութանիս խոփը դեմ առավ քարին.
Թուրը կոտրավ, արտս մնաց առանց վար.
Համարյա ձախ անցավ այս հաջող տարին,
Հավատարիմ մոտ կամ չեղավ ինձ համար։

Վախկոտ հոտաղներս փախան գնացին,
Առույգ լծկաններս պարապ մնացին,
Դրացիներս ինձ վրա խնդացին,
Համարեցին իբր խենթ ու խելագար։

Դիպվածը սկսեց ինձ ոտնահարել,
Ապառաժ քարերով գործս խանգարել,
Նոր էի գործ դրել, մի ակոս վարել,
Գլուխը չհասած մնաց անկատար։

Շտապեցան բանվորներս վաղվախկոտ,
Ակամա այդ տեղում ինքս դրի ոտ,
Չէի կարծում հողը այդքան քարքարոտ,
Հիմարացա, սխալվեցա չարաչար։

Քաջ մշակիս մեկը քարից վայր ընկավ,
Դեռ մի արտ չվարած զուր տեղը մեռավ,
Որտեղին ձեռք դրի՝ քարոտ դուրս եկավ,
Հերկ անելն այս անգամ եղավ անհնար։

[ էջ 708 ]

Ամառը չհաջողվեց, գործս ձախ գնաց,
Եզ ու գոմեշներս պարապ թողի բաց,
Հոտաղ մշակներուս վաղ արի իմաց,
Աշնան սկզբներուն ձեզ կանեմ խաբար։

Ես էլ սկսեցի ման գալ աստ և անդ,
Բժշկել եզներս թուլացած հիվանդ,
Ժիր ու ճարպիկ նախրապանս մանավանդ
Գործի հաջողվելու մասին կյանք կուտար:

Աշունք մտանք՝ արդեն սարքի էր բանս,
Շարժման մեջ էր բոլոր իմ գերդաստանս,
Նորոգեցի, սայլին դրի գութանս,
Եզ ու գոմեշ լծած ընկա ճանապարհ։

Տեսա դաշտում լինելու չէ իմ վարը,
Քանի որ համ չի տալ ապառաժ քարը,
Վերջապես գութանս հանեցի սարը,
Մի արտի տեղ գտա կակուղ, առանց քար։

Գործը դրինք, սկսեցին գնալ գալ,
Հետնից էլ աշխուժով հոռովել կարդալ,
Մեկ էլ հանկարծ մի մարդ ասավ, չեմ թող տալ,
Այս ում հողն է, որ կվարես անարդար։

Քեզ ով է իրավունք տվել, անզգամ,
Գութան լծած արտ կվարես ինքնակամ,
Քեզ այլ տեղ կտեսնես չի քաշիլ չորս ժամ,
Կխրատվիս, այնտեղ կենալով երկար։

Այս արտը տեր ունի, քեզի ով կուտա,
Վերջդ չես մտածում որպես երեխա,
Չգիտես, որ քու մեծդ կնեղանա,
Դու քու գլխիդ գործ կըբռնես անհարմար։

[ էջ 709 ]

Այդ մարդը մեծ մարդ էր, չէր հասարակ անձ,
Կարգապահ, յուր գործին հմուտ չափազանց,
Հրամայեց մեզ պաշարել յուր մարդկանց,
Նա ուներ ծառաներ մի քանի հազար։

Ես նորան ասացի. խնդրեմ ինձ թույլ տաս,
Որ մի արտը հերկեմ, ավարտեմ մաս-մաս,
Այս գործը մազի չափ քեզի չէ վնաս,
Իզուր տեղը դու եղել ես անդադար։

Արտը իմ պապինս է, ոչ մի մարդի չէ.
Միայն ես չեմ ասում, ողջ աշխարհ գիտե.
Ինչ արած, որ հիմա ուրիշի ձեռք է,
Բռնի խլել են մեզանից կոպտաբար։

Վեց եղբայր ենք, միթե մեզի չէ արժան
Առանձին մեզ համար լծենք մի գութան,
Մանավանդ այս հողը մեզի է պատկան,
Սրանից մենք պիտի հայթաթենք պաշար։

Ձեր շնորհիվ մենք մեծացանք — մարդ եղանք
Ձեզ պետք գալու չենք խնայել ոչ մի ջանք,
Թողեք մենք էլ անենք մի քիչ վար ու ցանք,
Որ եղել եք խեղճերուն միշտ բարերար։

Այնուհետև էլ չգիտեմ ինչ անցավ,
Զգացի, որ ինձ պատահեց հոգս ու ցավ,
Եղավ տեղս խոնավ մի նեղ քարանձավ
Առանց արև, շուրջս անլույս, մութ, խավար։

Զրկվեցա իմ հաջողակ գութանից,
Աշխատասեր, առույգ ու թարմ լծկանից,
Մշակներս չհեռացան ինձանից,
Աշխատեցան հոգով ինձ հետ հավասար։

[ էջ 710 ]

Աչքս բացի ինձ ծուղակի մեջ տեսա,
Ինչ կմտածեի, այժմ ուր ընկա,
Աստծուն է հայտնի, վերջս ուր կերթա,
Ես իմ մասին լուր չեմ լսում օգտակար։

Ջիվանս տեսնելով այս անցքը թշվառ,
Սրտիս մեջ մարեցան իմ հույսերս վառ,
Հողագործությունից հեռացա իսպառ.
Գութանի մաճի տեղ ձեռք առա քնար:

[ էջ 711 ]

ՀՈՂԱԳՈՐԾ

Գարունն անցավ, եկավ ամառ,
Դեռ կննջես դուն, հողագործ.
Էիր մեկ ժամանակ կայտառ,
Է՞ր քնիս արթուն հողագործ։

Անձիդ մեկ լավ հագուստ չունիս,
Կարծում ես, թե կորուստ չունիս,
Օրերդ անցան, ապրուստ չունիս,
Մերձեցավ աշուն, հողագործ:

Արիությունդ վանեցիր,
Քեզ պարապ ձմեռ հանեցիր,
Ոչ շինեցիր, ոչ ցանեցիր,
Անցան ու անտուն, հողագործ։

Թշնամիք լույսդ մարեցին,
Քեզ միամիտ համարեցին.
Դաշտերդ օտարք վարեցին,
Քեզ թողին նկուն, հողագործ։

Աղքատության հոժարացար,
Օրըստօրե տկարացար,
Ինչու այդպես հիմարացար,
Ախ իմ բանիբուն, հողագործ։

[ էջ 712 ]

Ներկայս այսպես դու խղճուկ կաս,
Նորից կամին տալ պատուհաս.
Թշնամիք կուզեն՝ չունենաս,
Աշխարհը անուն, հողագործ:

Ահա քեզ վկա Արարատ՝
Որ եղել ես դուն պայազատ,
Ուր են որդիքդ բազմաշխատ,
Անուշիկ, սիրուն, հողագործ։

Ճանաչեցիր չարն ու բարին,
Իմացար գործը աշխարհին,
Մինչև գա նորոգյալ տարին,
Սպասե գարուն, հողագործ։

Զուր մի վաճառել լավ օրդ,
Զորացուր հսկա հզորդ,
Պատրաստե գութան, արորդ,
Սերմ ճարե աճուն, հողագործ։

Երկյուղ մի կրել դու իսպառ,
Աշխարհումս կա շատ պատճառ,
Չափով տված հողդ ետ առ,
Ունելով կանգուն, հողագործ։

Խելքով Եվրոպին հարմարե,
Դուն քեզ ու քեզ կառավարե.
Ամեն գործդ լավ կատարե,
Ինչպես իմաստուն, հողագործ։

Նստած որդիքներդ վազիվ
Քեզնից պահանջում են հաշիվ.
Ուր են քո դաշտերդ անթիվ,
Լեռներդ անհուն, հողագործ։

[ էջ 713 ]

Քեզ կծաղրե բոլոր աշխարհ՝
Եթե մնաս դու միշտ տկար,
Մինչ երբ շրջիս մոլոր, շվար,
Ես դու զգայուն, հողագործ։

Սայլդ լծե, գնա՛, հանդես,
Ծուլությունը չէ բարի ծես,
Աղքատ, թշվառ մնաս այդպես,
Մինչ ե՞րբ, երերուն հողագործ։

Քեզ նման մարդ էլ չէ՞ր ծնած,
Միայն քո բախտդ կույր մնաց,
Այս օրըս էլ անցավ գնաց,
Եղեև իրիկուն, հողագործ։

Շարժի՛ր քո երկայնաբազուկ,
Բավ է մնաս այլոց ստրուկ,
Դեռ կքնիս իբրև մանուկ,
Չառա՞ր քո արբուն, հողագործ:

Ջիվանը քո բարեկամն է,
Ըստ որում՝ գործույդ անդամն է,
Արագ թռիր, քանի ժամն է,
Եղիր մեկ թռչուն, հողագործ:

1872

[ էջ 714 ]

ՖԵՍԸ

Էլ չեմ սիրում, ատեցի կարմիր գույնի ալ ֆեսը,
Ահագին աղմուկ հանեց, արավ ղալմաղալ ֆեսը,
Իմ եղբարցս արյունով ներկված ծալ-ծալ ֆեսը,
Չեմ կարող գլխիս գնել մեղքերու ջըվալ ֆեսը,
Թեթև բրդից հորինված հինգ-տասը մսխալ ֆեսը,
Դարձավ ծանր, ահագին երկաթե կոպալ, ֆեսը։

Գիտեմ, շուտով կփայլե քառաթև արեգակը,
Աստղերու հետ կկորչի մեծամիտ լուսնյակը,
Էլ ոչ որից չի սիրվի արյունաներկ գդակը,
Շուտով կսնանկանա հնարող հեղինակը,
Կտոր բրդուճ կդառնա, ոչխարաց ոտքի տակը,
Արյունարբու թունավոր օձ ու ոխակալ ֆեսը։

Զուր տեղը գույն են ղրկում, ներկելու Եվրոպայից,
Նա ամեն օր ներկվում է արյունով Ասիայից,
Մեկ ժամանակ կարմիր փայլ կառներ Բուլղարիայից,
Այժմ թողեց այն տեղը, սկսեց առնել Հայից,
Հարյուր տարի չի քաշիլ դուրս կնետվի մոդայից.
Դարձել է բյուր ծականի ցնցոտի հին շալ, ֆեսը։

Մեծամտավ, լայնացավ, հպարտություն սովորեց,
Անմեղ արյան գույներով սիրուն գույնը պղտորեց.
Ձև ու կաղապար տվող վարպետներուն աքսորեց

[ էջ 715 ]

Որոնց էլ բանտերու մեջ ճիճվի նման տրորեց,
Իրեն հարգող և սիրող ժողովրդին կոտորեց.
Մնաց անմարդ, անծածկող, գործեց մեծ սխալ, ֆեսը։

Իմ թանկագին գլխարկիս կմնամ հավատարիմ.
Ամենևին չփոխել, հավատս, ուխտս է իմ,
Իմ տիրոջս գդակը սերտ բարեկամ, մտերիմ,
Նրան չհավանողը թշնամիս է ոխերիմ,
Ողջ աշխարհից հարգված գլխիս շլյապա ունիմ,
Ինչ եմ անում հնացած, անկար, անշուլալ, ֆեսը։

1897

[ էջ 716 ]

ԿՌՈՒՆԿՆԵՐ

Մի զույգ կռունկ տեսա ճամփումը հոգնած,
Գոռ արծըվից մեկի թևը կոտըրված,
Դուք էլ ինձի նման խմբից ետ ընկած։
Կռունկներ, կռունկներ, մեղրապռունկներ,
Սիրականիս բարև տարեք, կռունկներ։

Մի զույգ կռունկ տեսա տխուր, սգավոր,
Մեկ ընկերի թևը վնասվել է նոր,
Դուք էլ ինձ նման ցավոտ, վիրավոր,
Կռունկներ, կռունկներ, մեղրապռունկներ,
Սիրականիս բարև տարվեք, կռունկներ։

Մի զույգ կռունկ տեսա այսօր առավոտ,
Տեսա վիրավոր են, երբ գնացի մոտ.
Դուք էլ ինձ նման ընտանյաց կարոտ,
Կռունկներ, կռունկներ, մեղրապռունկներ,
Հորս ու մորս բարև տարեք, կռունկներ։

Մի զույգ կռունկ տեսա կանաչ կատարով,
Խաղաղ գնում էին կարճ ժամանակով,
Բազեն նրանց չըհանդիպեր ոչ բարով,
Կռունկներ, կռունկներ, մեղրապռունկներ,
Զավակներիս բարև տարեք, կռունկներ։

1901

[ էջ 717 ]

ՎԱՐԴԸ

«Բյուլբյուլ քո նման քեզ վերա փափագ չունի վարդդ»

Շիրին

Ով պարտիզատեր, ինչո՞ւ գոհունակ չունի վարդդ,
Շատ կարելի է բախտը հաջողակ չունի վարդդ.
Անվանը համեմատ գեղեցիկ չէ երևում ճիշտ,
Նման շուշանին փայլ ու սպիտակ չունի վարդդ։

Ոստերը չորացել են, օրը միշտ ծարավ է անցնում,
Անձրևի կաթիլ երկնից օժանդակ չունի վարդդ,
Նարդոս, շուշանը ու շահպրակը տես մեկ,
Ափսոս, նրանց նման բարի վաստակ չունի վարդդ։

Նա վառվում է, հառաչում է, դա նստած է հանգիստ,
Երբեք սոխակին սեր ու նամակ չունի վարդդ,
Ցերեկը արև չէ տեսնում ամպերի տակն է,
Իսկ գիշերը խավար, լուս ու լուսնակ չունի վարդդ։

Բայց դու գովում ես, թե բոլոր ծաղկանց թագուհին է,
Ո՞ւր է, չէ դրած գլուխը պսակ՝ չունի վարդդ,
Լուր իմ Ջիվանուս խոսքերը, ով պարտիզատեր դու,
Հասկացիր նոր օդ ծծելու ճաշակ չունի վարդդ:

1876

[ էջ 718 ]

«ԸՆԿԵՐԻՍ»

Երեք արմատացած ցավ ունիս, ընկեր,
Համ աղքատ ես, համ հպարտ ես, համ հիմար.
Դարձրել են քեզ վավաշոտ, անհամբեր,
Ման ես գալիս որպես անմիտ խելագար։

Գիտեմ, քո կարծիքով ես հիմա վատ եմ,
Որ միշտ ամեն անգամ քեզ կնախատեմ,
Քիչ սպասե, որ փաստերով հաստատեմ,
Թողած մյուս արարքներդ քո վատթար։

Աղքատ ես, որ գիշեր ցերեկ չունիս քուն,
Եվ հպարտ ես, որ չես նստել էժան տուն,
Հիմար ես, որ քեզ կարծում ես դու գիտուն,
Ահա իմ փաստերը ամենաճարտար։

Ստախոսությունդ որպես մի նիզակ,
Աշխարհ իմացել է չի մտնի տոպրակ,
Արբեցող, թղթամոլ կյանքդ անառակ,
Աֆրոդիտյան ախտով վարակված տկար։

Յուղը շան տկի մեջ ինչ համ որ կուտա,
Քո շնորհքդ այնքան բանի պետք կուգա,
Խարդախ, շողոքորթող, քծնող խաբեբա,
Սուտ, անիրավ, կեղծ համբավի սիրահար։

[ էջ 719 ]

ՂԱՐՍԵՑՎՈ ԳԱՆԳԱՏԸ

Քեֆ ու սաֆա կենին ֆալան ֆիլանը,
Ընձի համար բանմ չեղավ, ի՞նչ էնիմ,
Թող գան ընձի տանին սարի գիլանը,
Ւղբալս ամպի, տակ ընկավ, ի՞նչ էնիմ։

Դունյի մեջը մե արպապըմ չըգտա,
Հալավս հին, միջքիս կապըմ չըգտա,
Հըճըպ ընչե՞ն է, սըհապըմ չըգտա,
Որ ծառը բռնեցի՝ պրծավ, ի՞նչ էնիմ։

Դյուշմնիս երեսը կարմիր, ալ մնաց,
Իմ երեսս յարա եղավ, խալ մնաց,
Մաթահնիրս բոխչիս մեջը ծավ մնաց,
Առնողմ չըգտա, փթավ, ի՞նչ էնիմ։

Ես սեֆիլ Սրափն իմ, սրտով էխտիար,
Էս իմ արարմունքես մարդ չունի խաբար,
Լեզվով խոսածներս ձեռիցս չի գար,
Աստված սրտիս գեորա չէրավ, ի՞նչ էնիմ։

[ էջ 720 ]

ՆՎԵՐ ԻՄ ՄԻ ԾԱՆՈԹԻՆ

Քանքարավոր ընկեր, ինձ մի նախանձիլ,
Գոյությունս գաղափարիդ վնտաս չէ.
Դու քաղաքացի ես, ես գյուղական ծիլ,
Իմ բանջարս քու հանճարիդ վնաս չէ։

Ես խըսիր եմ գործում, դու ընտիր գորգեր,
Իզուր ես նեղանում ինձնից, մարդ ընկեր.
Ես եզներ եմ լծել, դու նժույգ ձիեր,
Սայլապանս կառավարիդ վնաս չէ։

Սրտով քեզ հարգում է, պատվում Ջիվանին.
Դու միամիտ եղիր, գնա քու բանին.
Նա չի կարող հասնել այն աստիճանին,
Խեղճ բլուրս բարձր սարիդ վնաս չէ։

1902

[ էջ 721 ]

ԵՐԳՆ ՈՒ ԵՂԱՆԱԿԸ

Երգն ու եղանակը թռչուն են ջուխտակ,
Երկուսը երկու թև ունին կթռչեն.
Մեկի թևն է կոճակ, մյուսինն օղակ.
Անշուշտ հարկավոր են միշտ մեկը մեկին։

Երգը առանց եղանակի ունայն է,
Եղանակը առանց երգի լոկ ձայն է,
Երգը եղանակով գործը կլայնե,
Եղանակն էլ պարտական է լավ երգին:

Երգը առանց եղանակի, բարեկամ,
Չի արժել իսկապես մեկ կոտրած դրամ,
Եղանակն էլ առանց երգի չունի համ,
Դատարկ ձայն է, կամ թե անհոգի մարմին։

Ջիվան, թե լսում ես մի քիչ գովասանք,
Եղանակն է տալիս քու երգերուդ կյանք,
Մեկմեկու հետ այնպես կապված են նրանք,
Ինչպես որ պսակված սիրով մարդ ու կին։

1899

[ էջ 722 ]

ՍԱԴՐԱՆՋ

Գիտությունը մշտապես, ով մարդ, առանձին թև կուտա,
Մշտապես, ով մարդ, առանձին թև կուտա, պարգև կուտա,
Ով մարդ, առանձին թև կուտա, պարգև կուտա, լավ ձև կուտա,
Թև կուտա, պարգև կուտա, լավ ձև կուտա, իսկ և կուտա:

Ուսում առնող լավ տղան կդառնա անուշ գառի պես,
Լավ տղան կդառնա անուշ գառի պես,կայտառի պես,
Դառնալ անուշ գառի պես, կայտառի պես, թարմ ծառի պես,
Գառի պես, կայտառի պես, թարմ ծառի պես տերև, կուտա։

Կրթությունը գին չունի, ինչ տաս կորած չէ, բարերար,
Գին չունի, ինչ տաս կորած չէ, բարերար, որդուդ համար,
Ինչ տաս կորած չէ, բարերար, որդուդ համար, միշտ օգտակար,
Բարերար, որդուդ համար, միշտ օգտակար արև կուտա։

Զարգացումը մեծ բան է, միշտ կուտա մարդուն բարություն,
Մեծ բան է, միշտ կուտա մարդուն բարություն, խոնարհություն,
Կուտա մարդուն բարություն, խոնարհություն, արդարություն,
Բարություն, խոնարհություն, արդարություն մինչև կուտա։

Ով Ջիվանի, տերն է աստված ամենամեծ հանճարի,
Տերն է աստված ամենամեծ հանճարի, ամեն տարի,
Ամենամեծ հանճարի ամեն տարի, առատ բարի,
Հանճարի, ամեն տարի, առատ բարի, անձրև կուտա։

1893

[ էջ 723 ]

ԱՐՀԵՍՏԱՎՈՐԸ

Տանից դուրս է գալիս ղենջակը կապած,
Ուրախ, պարզ ճակատով արհեստավորը.
Գնում է իր գործին կանչելով աստված,
Վառ հույս ու հավատով, արհեստավորը:

Իր գործի արդյունքով մխիթարվում է,
Երբ տեսնում է իղձը, որ կատարվում է.
Իբր հաստատ օրենք, ղեկավարվում է
Վարպետի խրատով, արհեստավորը։

Ջիվանի, թե ծույլ չէ շատ առաջ կերթա,
Ոչ մի արհեստավոր քաղցած չի մնա.
Տունը կըկառավարե, ցավեր կըհոգա,
Ասեղով, մկրատով, արհեստավորը:

[ էջ 724 ]

ՄՇԱԿ

Բեռ կրելով մեջքդ ծռվեց, խեղճ մշակ,
Քեզ դառը տանջանքից ազատում չեղավ,
Մարդկության մեջ, ով կենդանի նահատակ,
Վերքիդ բուժիչ, ցավիդ փարատում չեղավ։

Թողիր տունդ, տեղդ, դուռդ փակեցիր,
Օտարության ցավով քեզ վարակեցիր,
Հազիվ ցամաք հացի փող վաստակեցիր,
Լիակատար, առատ մեկ դատում չեղավ։

Քեզ նման տարագիր Ջիվանո՞ւն տեսար,
Որ դու օտար երկրում մնացիր երկար,
Պանդխտության հետ շատ պինդ կապվեցար,
Ձեր երկուսի մեջը անջատում չեղավ։

[ էջ 725 ]

ԳՅՈԻՂԱՑՈԻ ԿՅԱՆՔԻՑ

Տեսնենք մեր ցավն ո՛վ կըհոգա,
Պառկի՛ր, կարմիր եզս, պառկի՛ր,
Էգուց պարտատերը կուգա,
Պառկի՛ր, կարմիր եզս, պառկի՛ր։

Ընկերդ վաշխառուն տարավ,
Անգթաբար մորթեց կերավ,
Լծիդ ծայրը գետին ընկավ,
Պառկի՛ր, կարմիր եզս, պառկի՛ր։

Չունիմ մի մարդ հավատարիմ,
Օգնե, վերքս փարատե իմ,
Ո՞րտեղից քեզ ընկեր գտնիմ,
Պառկի՛ր, կարմիր եզս, պառկի՛ր։.

Գերդաստանս քաղցած, տկլոր,
Լաց է լինում զերթ սգավոր,
Մնացել եմ մտամոլոր,
Պառկի՛ր, կարմիր եզս, պառկի՛ր:

Ուր է որ չէ՛ կուգա հիմա,
Անգութ վաշխառուն անզգա.
Քեզ էլ ձեռքես կառնե, կերթա,
Պառկի՛ր, կարմիր եզս, պառկի՛ր։

[ էջ 725 ]

Մնաս բարով, քաջ հոգատար,
Թանկագին ընկերս արդար,
Գուցե էլ չտեսնենք իրար,
Պառկի՛ր, կարմիր եզս, պառկի՛ր։

1902

[ էջ 727 ]

ԵՐԵՔ ԸՆԿԵՐ

Բագոսը, Աստղիկը և Ապոլոնը
Ուր որ եղան այնտեղ կըեռա կյանքը։
Մունջը կըբարձրանա վեր ամբիոնը,
Կդառնա զգայուն անզգա կյանքը։

Թե Բագոսը մի տեղ ճարեց, ներս մտավ,
Տեսար՝ Ապոլոնը հետևից հասավ,
Երբ որ խնդմնդալով Աստղիկն էլ եկավ,
Տաքացած ջրի պես եփ կուգա կյանքը։

Ե՞րբ ես տեսել առանց Բագոս կեր ու խում,
Կամ առանց Ապոլոն խաղ ու պար, խնդում,
Թե Աստղիկը չկա, այնտեղ չի երգում,
Մութ ու խավար կանցնի, լույս չի տա կյանքը։

Ջիվան, երեք ընկերներ են միասին,
Զվարճություն պարգևող են ամենին,
Սրանք այսօր ներկայիս հետ գործ ունին։
Թողնում են ապառնի ապագա կյանքը։

1901

[ էջ 728 ]

ԱԶԱՊՆ ՈԻ ԿԱՐԳԱԾԸ
(Ամուրին ու ամուսնացածը)

Ազապն ու կարգածը նստած մի անգամ,
Խուտհմ էին իրարու հետ այս տեսակ.
Կարգածն ազապին ասավ, բարեկամ,
Հերիք մնաս խեղճ ու մոլոր միայնակ։

Ազապն ասավ — ինձ մի կարծիր խեղճ, մոլոր,
Ազատ, անհոգ ես եմ հատուկ բախտավոր,
Խմբով սիրունները իմս են բոլոր,
Կընայեմ ամենին ազատ, համարձակ։

Կարգածն ասավ — քեզի կուտամ մի պատվեր,
Դու սուրբ ամուսնության եկ, ոնեցիր սեր.
Սիրուններու ամեն մեկն էլ ունեն տեր,
Կըմորթեն թշվառիդ անսուր, անդանակ:

Ազապն ասավ — ես եմ առույգ գեղեցիկ,
Ուրախ, անհոգ, բախտով աջող, երջանիկ,
Որտեղ, որ տեսնում եմ մեկ սիրուն աղջիկ,
Ինձ կըկարծեմ նրան հարմար ընդունակ։

Կարգածն ասավ — երջանիկ չես, թշվառ ես
Մարդկության անօգուտ անպտուղ ծառ ես.
Դու կաշխատես, այլոց թոնիր կըվառես,
Թողնում ես քո տունդ անծուխ, անկրակ։

[ էջ 729 ]

Ազապն ասավ — մարդ չի խոսիր ինձ վրա,
Ես եմ անկախ, ինքնագլուխ մեկ տղա.
Ւնձանից ոչ հալավ, ոչ հաց ուզող կա,
Կուտեմ, խմեմ, ուրախ կապրեմ շարունակ։

Կարգածն ասավ — ունեմ համեստ ամուսին,
Տիրոջ փառքը վայելում ենք միասին.
Աստված պարգևել է ինձի թանկագին,
Ունեմ երկու, երեք պաշտելի զավակ։

Ազապն ասավ — լավ է այսպես մնալը
Քան թե ամուսնանալ, վերջը զղջալը.
Շատ դժվար է զավակներու հոգալը,
Իմ ի՞նչ պետքն է ընկնել մեծ ցավերու տակ։

Կարգածն ասավ — դա՞ է քո պատասխանը,
Չի զղջա ով գիտե յուր արած բանը.
Հեշտ կըկառավարե նա գերդաստանը,
Ինչ մարդ գիտե ապրուստի լավ եղանակ։

Ազապն ասավ — կուզեմ միշտ ազատ ման գալ,
Տնական հոգսերով չեմ ուզեր տնքալ.
Շատերը կըցանկան աղջիկն ինձի տալ.
Օրը հազար տեղից գալիս են խնդրակ։

Կարգածն ասավ — պարապ մարդը ջանք չունի,
Օրերը զուր կանցնեն, աշխատանք չունի,
Չը գիտե՞ս կին չունեցող կյանք չունի,
Աբեղա էլ լինի է ցավոց ճարակ։

Ազապն ասավ — չեմ համոզվիր հավիտյան
Կամ թե ոտս կապել խեղճ հավի նման,
Ման կուգայ ամեն տեղ որպես ինքնիշխան,
Բեռի տակ մտնելու չունեմ նպատակ։

[ էջ 730 ]

Կարգածն ասավ — երբ որ կերթամ դեպի տուն՝
Կըբացվի իմ սիրտս ինչպես նոր գարուն.
Կինս, զավակներս ուրախ, զվարթուն,
Դեմ կըվազեն իրար տալով աղաղակ։

Ազապն ասավ — ունեմ ես շատ օթևան,
Ամեն օր կունենամ նոր-նոր սիրական.
Իմ գիշերվա ընկերնե՛րս ողջ մնան,
Ինձ համար կյանք կուտան ամեն ժամանակ։

Կարգածն ասավ — ես եմ միշտ բարեհամբավ,
Տանս կյանքը խաղաղ, կեցությունս լավ,
Կըմոռանամ բոլորովին հոգս ու ցավ,
Երբ երգում են զավակներս ներդաշնակ։

Ազապն ասավ — չկա ինձ պես ինքնակամ
Կարգածներու մեջը գիտցիր, բարեկամ,
Թևս բռնող չկա, ուր ուզեմ կերթամ,
Քեզ նման ի՛մ վիզս չեմ ձգեր օղակ։

Կարգածն ասավ — քանի փոքր է հասակդ,
Պարծանքով կըփայլի քո դրոշակդ,
Երբ մեծանաս կըմարի այդ կրակդ,
Կըմեռնիս անսերունդ, անհիշատակ։

Ազապն ասավ — այդ խոսքիդ դեմ չունիմ փաստ
Իրավ, որ ազապը խեղճ է ու նվաստ.
Ասա, հրամանիդ կանգնած եմ պատրաստ,
Եղիր տառապելույս բարի օրինակ։

Կարգածն ազապի գործերը սարքեց,
Եղավ խաչքավոր, պսակեց, կարգեց,
Ազապն էլ կարգածի խորհուրդը հարգեց,
Աշխարհի օրենքին դարձավ հպատակ։

Ջիվան, բավ է մեկին առողջ կին մեկ հատ,
Անօրեն է, ով որ կին կըպահե շատ,
Պիտի վարվի յուր ծագումին համեմատ,
Մարդ ոչ անասուն է և ոչ հրեշտակ:

1883

[ էջ 732 ]

ՀԻՆ ԱՌԱԿ

Ժամանակով արևելքում կար մի խելոք գիտնական,
Աստղագետ էր, համ երկրագետ, հասկանում էր ամեն բան,
Հասակն առել ու փորձվել, զտված ոսկի էր դառել,
Չար ու բարի օրեր տեսել, շատ տարի էր սպասել։

Ժողովուրդը նրան հոր պես փայփայում էր ու սիրում,
Յուր ունեցած բարիքներից նրան մի բան նվիրում.
Նա էլ իբրև գթառատ հայր ժողովրդին շարունակ
Դաս էր տալիս ու խրատում նրան ամեն ժամանակ։

Փիլիսոփա և իմաստուն հռչակված էր այն դարում,
Հասկացել էր թե ո՛ր օրը ի՞նչ կլինի աշխարհում,
Նա գուշակեց որ մի շաբաթ առատ անձրև պիտի գա,
Փոփոխե ջրերու համը, ով որ խմե, հարբենա։

Փորձի համար ջուր վերցրուց իրան համար խմելու,
Դուրս չգնաց մի քանի օր քաղաքի մեջ ման գալու.
Եկավ շաբաթը լրացավ, անձրև եկավ հորդ, առատ,
Գժվածի պես գետերից, ձուկ դուրս եկավ շատ ու շատ։

Մարդկանց մեջ էլ փոփոխություն առաջ բերեց անձրևը,
Սկսեցին մեկմեկու հետ կռվել ինչպես որ խևը.
Փիլիսոփան լուսամուտից նայեց տեսավ ի՞նչ տեսնի.
Ժողովուրդը խառնվել է ու դարձել ծով ամեհի։

[ էջ 733 ]

Ամեն մի կողմ տուր ու դմբոց, իջավ աղմուկ կոծ ալ լաց,
Համեստ կանայք միմոսի պես դարձել են լիրբ երգասաց,
Էլ չտարավ համբերանքը, նա իր տնից դուրս եկավ,
Աճապարեց, գնաց հասավ, ժողովուրդի մեջ մտավ։

Ուզեցավ որ ժողովրդին զսպե մեր փիլիսոփան,
Գժվել է մեր գիտնականը,— բղավեցին մեկ բերան,
Մեկը մեկի ետևիցը արագ-արագ վազեցին,
Հավաքվեցան նրա գլխին, ու կապոտել ուզեցին։

Ժողավուրդը մեկ խելքի էր, փիլիսոփան ջոկ խելքի,
Հազարավոր գժերի մեջ խելոքը գիժ կթվի.
Տեսավ չի լինի փիլիսոփան՝ նոր ջրից ինքն էլ խմեց,
Երկուսը մեկ խելքի եկան, ժողովուրդը դադարեց։

Անցավ մի օր, օրը պարզեց, ջրերը մաքրվեցան,
Փիլիսոփան թե ամբոխը բոլորը խելքի եկան։

[ էջ 734 ]

ԲԱԳՈՍ

Սուրբ Բագոսի ինձի տված օգուտը
Կուզեմ քեզի հայտնել, ով իմ ազգական.
Սատանայի ցեղ է, ով խոսի սուտը,
Չեմ ուզիլ կեղծորեն դնել բնաբան։

Ինչպես ճշմարիտն է, քեզ պատմեմ այնպես,
Խմիչքը մեր կյանքը միշտ անում է կես,
Ոչ Հոմերոս գիտե, ոչ Մեծն Ներսես,
Ամենին հավասար կանե դատաստան:

Ջոկ խորհրդով օձից խաբվեց Ադամը,
Այնպես ինձի դառավ իմ բարեկամը,
Ախալքալա՛կ տեսա խմիչքի համը,
Երբ ես էի տասնևութ տարեկան։

Սա իմ բարեկամն էր, երգիչ հին վարպետ, —
Այս կաթիլը գործ էր ածում արահետ,
Երբ ինձ ստիպում էր կարծում էի նետ,
Գիտեի խմիչքը — պատճառը մահվան։

Սիրելիս լինելով կախա՛րդ, ձեռնածու,
Անմեղ բնությանս շուտ եղավ հասու,
Ասավ, եթե խմիչք չգործածես դու,
Չես ընդունվի ամենայն մի խրախճան:

[ էջ 735 ]

Այդ իմ հին ընկերիս ևս հավատալով,
Մտանք մի նեղ փողոց, մի քիչ ման գալով,
Բարեկամիս հետը ձեռք-ձեռքի տալով,
Եկանք միասին մեկ հատ միկիտան։

Երբ մտանք այդ շենքը, կանգնած էր մի մարդ,
Երեսը շատ ծաղր, այտերն իբրև վարդ,
Նա մեզի բարևեց ուրախ ու զվարթ,
Ու ցույց տվեց մեզի մի ջոկ օթևան։

Նստանք այնտեղ, առաջ եկավ արաղը,
Գինին, խորովածը, ծի՛ծակը, աղը,
Տեսա՝ այդտեղ պիտի կախվեր մեր մաղը,
Օգուտն ի՞նչ, լռելով նստեցի սեղան։

Գիտցա՝ ինձ արժան չէր այդ խաղցած դերս,
Ձեռք պարզեցի պատկառելով պատկերս,
Գինեվաճառի հետ ես ու ընկերս
Գցեցինք ամենս մի-մի ստաքան:

Խմիչքը երբ մտավ սրտիս սենյակը,
Մտքիս անկյուններում վառեց կրակը.
Կրկին ձեռս տվավ գինու բաժակը,
Խմել՝ ընկերներիս անելով նշան։

Երկուսն երեք եղավ, տաքցավ գագաթս,
Քսակիցս չէր հեռանում իմ թաթս,
Հանեցի գրպանես բոլոր արծաթս,
Կուզեի ծախս անել ի մեջ մի վայրկյան։

Ընկերս բազմել էր աթոռի վերա,
Ձեռքին ուներ բռնած գինով լի կթխա.
Կանչեց մոտը յոթը, ութը խաբեբա,
Իրան խորհրդից մարդիկ ժրաջան։

[ էջ 736 ]

Դրանք նստան սեղանի չորս բոլորը,
Հին գինին պարպել էր, բերինք մենք նորը,
Բաժակներու մեջ լցրին խնձորը,
Իմ կենացս համար բաց արին բերան։

Իմ կենացս խմում էին նոր ի նոր,
Ես ինձ կկարծեի հատուկ բախտավոր,
Այն վայրկյանին դարձել էի թագավոր,
Աչքիս մեկ կերևար, ծառա թե իշխան։

Վերջապես, այդ օրը մինչև իրիկուն,
Ինձանից կըխմեր հիմար թե գիտուն.
Մութն էր, ամեն մի մարդ գնաց դեպի տուն
Միայնակ մնացի ես անօգնական։

Շուտով փախած էր իմ ծանոթ ընկերը,
Որ ինձ խոստացել էր, թե գնանք մերը,
Գինետանը կեցա ես այդ գիշերը,
Ըստ որում չունեի ես ջոկ կեցարան։

Գետնի վրա ընկած, սենյակս սառն,
Բարձ արի այդ գիշեր գինու տակառն,
Դուռը վերաս կողպեց գինեվաճառն,
Վանդակն էի ընկած թռչունի նման:

Կեսգիշեր էր, քնից արթնացա տխուր,
Ցրտի պաղությունից եղա կցկտուր,
Եթե մի մարդ ինձ տար մի բաժակ պաղ ջուր
Մոտս արժեք ուներ հազար դահեկան։

Ամբողջ երակներս ելած էին դող,
Չոր քարերից չէր մնացել կուշտ ու կող.
Ձեռքս ծոցս տարա, չգտա մեկ փող,
Սկսեցի անել լաց ու կոծ, կական։

[ էջ 737 ]

Դուռը բացվեց, երբ լուսացավ առավոտ,
Այն գինեվաճառը եկավ ինձի մոտ.
Վերջապես խնդրում եմ չլինի կարոտ,
Իմ քաշած օրերին ոչ մի բանական։

Առանց փող չտվեց ինձի մի արաղ
Այն գինեվաճառը, ավաղ, շատ ավաղ,
Քանիմ մանեթ փողս մտուցի դագաղ,
Ընկերիս ձեռովը տարա գերեզման։

Հոգիս գրավելով այդ անպիտանը,
Ընտիր աշխատանքս լցրուց գրպանը.
Այնքան փողս կերավ այն միկիտանը,
Կրկին նա ինձանից չեղավ բավական։

Այդ տեղից դուրս եկա դատարկ ջեպ ու ծոց,
Սրտումս բացվել էր հազար մի կերպ խոց,
Ողղվա այնուհետ դեպի սրճանոց,
Թե տեսնիմ իմ ընկերներեն այնտեղ կա՞ն։

Տեսա, որ այնտեղ են, ծագեց արևս,
Շարժեց երակներս, փոխվեցավ ձևս,
Բարև տվի, երբ որ չառան բարևս,
Մնացի զարմացած ես անպատասխան։

Անխիղճ ընկերներս պատվույս փոխանակ,
Վարվեցան ինձի հետ կռվով, հակառակ.
Նստա այնտեղ բավականին ժամանակ,
Երբեք մինը մի սուրճ չտեսավ արժան։

Այդպես ընկերներից հեռացիր, այ մարդ.
Որ են սիրտ ավերող, խաբեբա, կախարդ,
Ծայրահեղությունն է մարդուն միշտ թակարդ,
Չափազանցությունից դուրս չի գալ լավ բան։

[ էջ 738 ]

Զգուշացիր, հոգիս, խմե չափավոր,
Որ վերջը խմիչքը քեզ չլինի բոր,
Եթե միշտ հետևար կմնաս մոլոր,
Անպատիվ, շվարյալ, մարդ աստանդական։

Սիրելի ազգական, լեր, ուշիմ, արի,
Մի լինիր որկրամոլ, քչին հոժարի,
Ջիվանին եմ, կամեցող միշտ քեզ բարի,
Կըմնամ քեզի հետ հոգով անբաժան։

1875

[ էջ 739 ]

ԱՅԾՅԱՄ

Անհոգ ես, չես գիտեր ինչ կա քո մասին
Պտտվում են քո խեղճ անձիդ վնասին,
Գամփռներով, բարակներով միասին.
Փախիր, այծյամ, փախիր, որսկանն է գալիս,
Ձագուկներդ տխուր, լալիս են, լալիս։

Որսկանը ճրագով քեզի ման կուգա,
Կուզե ձեռքերը քո արյունով լվա,
Խղճալի, քո տեղյակ սար ու ձոր կուլա.
Փախիր, այծյամ, փախիր, որսկանն է գալիս,
Ձագուկներդ տխուր, լալիս են, լալիս։

Որսկանը գութ չունի, կանե կրակը,
Կամ քեզի կսպանե կամ քո զավակը,
Զուր չի անցնի հրացանի գնդակը.
Փախիր, այծյամ, փախիր, որսկանն է գալիս,
Ձագուկներդ տխուր, լալիս են, լալիս։

Դաշտումը չես ման գար, թե մտածես լավ,
Քեզ կըվիրավորեն, կստանաս մեծ ցավ,
Դուրս մի ելներ խիտ անտառից դու բնավ.
Փախիր, այծյամ, փախիր, որսկանն է գալիս,
Ձագուկներդ տխուր, լալիս են, լալիս։

[ էջ 740 ]

Ձորերը մի մտնիր, վտանգավոր է,
Որսկանը ման կուգա, այնտեղ սովոր է։
Քարայրից խփելով քեզ կըգլորե,
Փախիր, այծյամ, փախիր, որսկանն է գալիս,
Ձագուկներդ տխուր լալիս են, լալիս։

1883

[ էջ 741 ]

ՔԱՂԱՔԱՑԻՆ ՈԻ ԳՅՈԻՂԱՑԻն

Քաղաքացին ու գյուղացին իրար հետ
Վիճում էին, պատահելով, ես տեսա.
Մեկը մյուսից սրախոս, վարպետ,
Անում էին մի այսպիսի առարկա։

Գյուղացին ասում էր, ո՛վ քաղաքացի,
Առանց մեզի կարոտ կըմնաք հացի,
Ձեզ վերա վարձ ունի ամեն գյուղացի,
Ձեր ամեն նեղ օրվան կըլինենք ներկա։

Քաղաքացին ասավ — ձեզ պետք չէ հարգել,
Որովհետև չունիք կարգով մուտ ու ել,
Առանց փողի չեք տար մեկ չնչին ավել,
Ինչո՞վ կըպարծենաս, սըտլիկ խաբեբա։

Գյուղացին ասում էր, ձեզ մոտ ջրված է,
Գիրքն այնպես չեք կարդում, ինչպես գրված է,
Խաբեբայությունը ձեզի տրված է,
Հազար անգամ կասեք զուր «աստված վկա»։

Քաղաքացին ասավ — չունի չափ, քանակ,
Եթե անել ուզեմ ձեզ այպ ու ծանակ,
Կարգ, կանոն, մարդկություն մեզնից կստանաք,
Միշտ մեր երախտիքը շատ է ձեզ վերա։

[ էջ 742 ]

Գյուղացին ասում էր,– այո՛, քանի բան
Սովորել ենք ձեզնից, ունինք մենք նշան,
Հարբեցության, հայհոյության, գողության,
Քաղաքից գյուղերն էլ եղան ենթակա։

Քաղաքացին ասավ — քաղաքն է արժան,
Թագուհի կոչվելու ամեն մի վայրկյան,
Դուք չը գիտեք ուսում և ուսումնարան,
Մենք կըպատրաստենք ձեզի ապագա։

Գյուղացին ասում էր — լեզուդ լինիր գոց
Սուտ խոսելու համար չգայիր փողոց,
Այնպես գյուղ կա, ոչ թե ուսուցիչ, դպրոց,
Անգամ չունի մի գրավարժ քահանա։

Քաղաքացին ասավ — խավար եք, խավար,
Ձեր սկսած բոլոր գործն է անկատար.
Ամբողջ տարին աշխատում եք անդադար,
Հանգստություն ի՞նչ է, երբեք չեք զգա։

Գյուղացին ասում էր — ունինք մենք ավանդ,
Չըաշխատող մարդը կլինի հիվանդ,
Աշխատելով մարդս կստանա եռանդ,
Դանդաղության մեջը մեռելություն կա։

Քաղաքացին ասավ — ես չեմ վարվում խիստ,
Պատվավոր մարդոց հետ ունիմ կաց ու նիստ,
Ոտ ու ձեռս մաքուր, ապրուստս հանգիստ,
Նստած կրպակումս, բաժինս կուգա։

Գյուղացին ասում էր — մեծ է անունս,
Շատ հողեր է չափել ինձ իմ կանգունս,
Քառասուն մարդուց կըբաղկանա տունս,
Համաձայն կընդունին ինձ իբրև արքա:

[ էջ 743 ]

Քաղաքացին ասավ — ով հիմար դդում,
Ոչ խաղաղ կյանք ունիք, ոչ մի կեր ու խում,
Տեր արդյանց ընտիրը մենք ենք վայելում,
Ստեղծված եք մեզի համար դուք ծառա։

Գյուղացին ասում էր — պարոն բանիմաց,
Մեր ձեռքերն են տալիս ձեզի մի ճոթ հաց,
Եթե մենք չըլինենք, կմնաք քաղցած,
ի՞նչ ես մեծ-մեծ խոսում, եզվիտ սատանա։

Քաղաքացին ասավ — թրջած ձեռ ու ոտ,
Ամսով շապիկներդ կմնա աղտոտ,
Տարին մի անգամ չեք առներ մսի հոտ,
Լոկ հացն ու ապուրը ի՞նչ օգուտ կուտա։

Գյուղացին ասում էր — մեզի լավ ծանիր,
Գյուղացու կյանքն է ցանկանում երկիր.
Ուտում ենք սեր, մածուն, եղ, անքաշ պանիր,
Միսը մարդուն շատ վնաս է, մեր տղա։

Քաղաքացին ասավ — մեղքերդ է անթիվ,
Թե թվելու լինիմ, չի լինի հաշիվ.
Կոպիտ եք, չեք գիտեր մարդկություն, պատիվ,
Վատ գործերդ մի հիշել տար ակամա։

Գյուղացին ասում էր — դո՞ւք եք անմեղը,
Հալել ու մաշել եք մեր սրտի եղը,
Եթե քաղաքացին գալիս է գեղը,
Նրան ընդունում ենք, տալով օվսաննա։

Քաղաքացին ասավ — արդար և իրավ,
Հյուրասիրության մեջ գյուղն ունի համբավ,
Իմ ասած խոսքերս դու մի աներ ցավ,
Մենք եղբայր ենք, ներե, ես քեզի մեղա...

[ էջ 744 ]

Ջիվանի, վիճեցին առաջի նվագ,
Ի վերջո հայտնեցին հաշտության փափագ,
Քաղաքն առանց գյուղ, գյուղն առանց քաղաք,
Չի կարելի ապրիլ, լսեցինք հիմա:

1875

[ էջ 745 ]

ԱՇՈՒՂՆ ՈԻ ԲԸԼԲՈԻԼԸ

Աշուղը – Դու ինչո՞ւ համար ես լռել,
Խնդրեմ ասա, բըլբուլ ախպեր.
Քեզնից հրաման չեն ուզել,
Արգելք չըկա, բըլբուլ ախպեր։

Բլբուլը — Ցավս քու ցավիցդ շատ է,
Իզուր մի լա, աշուղ ախպեր.
Չի ասվիլ, ինձ համար վատ է,
Թող տուր մնա, աշուղ ախպեր:

Աշուղ — Ինձ պես մերկ չես, հալավ ունիս,
Հմուտ երգչի համբավ ունիս,
Ինչու ես լուռ, ի՞նչ ցավ ունիս,
Որ չես կարդա, բլբուլ ախպեր:

Բլբուլ — Վարդիս քնքուշ տերևիկը,
Կողոպտել է թիթեռնիկը.
Մի բանար ցավիս կծիկը,
Գործիդ գնա, աշուղ ախպեր:

Աշուղը — Դրախտ այգիներում կապրիս,
Թև ունիս, ազատ կթռչիս.
Ցավը իմս է, դու ցավ չունիս,
Մի տրտնջար, բլբուլ ախպեր:

[ էջ 746 ]

Բլբուլը – Դրախտն ունի մի այգեպան,
Երգ չսիրող չար ու դաժան.
Այգու մեջ մեծ-մեծ օձեր կան,
Թույն կտեղա, աշուղ ախպեր։

Աշուղը – Թե չուզես այգու մեջ մնալ,
Կարող ես թողնել հեռանալ,
Ազատ օդի մեջ սլանալ
Ձեռքեդ կուգա, բլբուլ ախպեր։

Բլբուլը — Հայր ու մայրս այստեղ եկել,
Չարչարվել են, բույն են շինել.
Չեմ կարող այս բույնը թողնել,
Այստեղ ծնա, աշուղ ախպեր։

Աշուղը — Թռիր, գնա, երկիրներ տես,
Ուրախ, զվարթ, ծիծաղերես.
Դուն էլ խոմ՝ օրենքի տակ չես,
Երգե, խաղա, բլբուլ ախպեր։

Բլբուլը— Խելահաս մեծի խրատը,
Կսրբե մարդուս արատը.
Օրենքով կտրվա ծ մատը
Կսկիծ չի տա, աշուղ ախպեր։

Աշուղը — Ծաղկանց թագուհի Վարդենին,
Քեզ է տալիս կյանքն ու հոգին.
Երջանիկ ես թռչնոց միջին,
Ցնծա, խնդա, բլբուլ ախպեր։

Բլբուլը — Լալիս եմ աչքերս լցված,
Հագիս խռով, սիրտս խոցված,
Վարդը իմ ծոցիս մեջ բացված
Ես չտեսա, աշուղ ախպեր։

Աշուղը — Լավ է էլ չխոսենք, լռենք,
Մեր ցավը մեր մեջը պահենք,
Ես էլ, դու էլ երջանիկ չենք,
Լավ հասկացա, բլբուլ ախպեր:

Բլբուլը — Քանի որ կա վարդը կարմիր,
Պիտի երգեմ ես քաջ ու ժիր,
Քու գալովդ ինձ կյանք տվիր,
Հոգի առա, աշուղ ախպեր,

Աշուղը — Մնաս բարով բարի թռչուն,
Աշխույժ երգիչ և զգայուն,
Շուտով կբացվի նոր գարուն,
Ցուրտ է հիմա, բլբուլ ախպեր:

Բլբուլը — Գնաս բարով քու տնակդ,
Աստված կատարե փափագդ,
Վար մի դնիր քու ջութակդ,
Մի ծուլանա, աշուղ ախպեր:

1900

[ էջ 748 ]

ՄԻ ՀԱՆՁՆԻՐ

Խնդրում եմ, տեր աստված, իմ դատաստանս
Անամոթ, անպիտան մարդուն մի հանձնիր.
Դու քանդե իմ տունս, իմ կեցարանս
Մարդատյաց, դավաճան մարդուն մի հանձնիր:

Հոգիս առ, թող լինեմ հողին հավասար,
Խաղալիք մի անիլ մարդոցը հիմար.
Արատավոր, անխիղճ, աներկյուղ, խավար,
Անլույս կիսակենդան մարդուն մի հանձնիր։

Ով արքայից արքա, տեր-կառավարիչ,
Անմխիթար սրտիս լեր մխիթարիչ.
Պահե անմեղ գառդ անմահ արարիչ,
Անհոգի, չար գազան մարդուն մի հանձնիր։

Նախանձում են խեղճ Ջիվանուս համբավին,
Տեր, տուր կարողություն դիմանամ ցավին.
Ծովումն ալեկոծյալ դժբախտ իմ նավին
Ղեկը ամբարտավան մարդուն մի հանձնիր։

1883

[ էջ 749 ]

ԱՂՈԹՔ

Կեսանկյալ աղաչում եմ, տեր աստված,
Նախանձոտ, վատ հարևանից փրկե ինձ.
Անկիրթ, անբարտավան, լիրբ, աներկյուղած,
Անունով մարդ, գործով շանից փրկե ինձ։

Ոհ, չեմ ցանկալ լիրբ բերանից նախատվիլ,
Նրա տված վերքը շուտ չի փարատվիլ,
Արջից, գայլից կարելի է ազատվիլ,
Անզուսպ, հարբած մարդ-գազանից փրկե ինձ։

Ջիվանի, չարերը, նեռ օրինազանց,
Մարդ բռնելու համար պատրաստում են ցանց.
Քսու, մատնիչ, Հուդայի պես վատ մարդկանց
Աներևույթ մութ դարանից փրկե ինձ։

1900

[ էջ 750 ]

ԿԱՐՆԵՑՈՒ ԵՐԳԸ

Հինգ տարի է, օր չեմ տեսել երեսդ,
Իմ եղել է հալս յաման, Արզյուրյում,
Մե աշխարքմ կարժե մե անգամ տեսդ,
Հողիդ, ջրիդ ըլլիմ ղուրբան Արզյուրյում։

Հըճըպ վառ կտեսնեմ ես քու ճրագըդ,
Ես քու լավդ կուզեմ — ըլլելով ձագըդ,
Ասդին անդին չէին քոչեր տղաքըդ,
Թե չլլեիր դու Տաճկաստան, Արզյուրյում:

Տոխղուզ-Թյաման ես Կովկասը ժուռ եկա,
Օվայիդ պես դյուզմ անտեղ չգտա,
Հացիդ համը հեշ մե տեղմ չը առա,
Տեսա Գյանջա, Շաքի, Շիրվան, Արզյուրյում։

Կարոտցել եմ ջրին գոչգոչան սարի,
Քեզնեն հեռանալս եղավ հինգ տարի,
Միջիդ մարդը տնկոզ, քաղաքավարի,
Հագնին, կապեն, կելլեն սեյրան, Արզյուրյում։

Նե Լոնդոն կհասնի, նե Փարիզ քեզի,
Նե Բաղդադ կհասնի, նե Բիթլիզ քեզի,
Նե Ստամբոլ կուգա, նե Թիֆլիզ քեզի,
Քաղքըներուն մեջը սուլթան, Արզյուրյում։

[ էջ 751 ]

Ամեն գեղըդ մեկ մեկ ցորենի ամբար,
Անատոլու մեջը ունիս էհտիպար.
Իլիճե, Սոխ-ջերմուկ, իլլե Լալուզար
Ջրեր ունիս դու պատվական, Արզյուրյում։

Խաչափայտ ու էփրիանոս շատ ու քիչ.
Ըմմը քու Տաճարդ Հյուընդի փրկիչ,
Խալկա-վանք, Կարմիր-վանք, Սուրբ-Լուսավորիչ,
Սրբեր ունիս դու պահապան, Արզյուրյում։

Աստված թուրքին խելք տա չքանդե տունը,
Չքամե հայերու մաքուր արյունը,
Մշու սարը նստած Սուրբ Օխտն-Անունը,
Խնդրենք ըլլի քեզ օգնական, Արզյուրյում։

Հին քաղաք ես, բնականեն անահ ես,
Միջիդ մասխուլովը էլին կշահես,
Հորս, պապիս ոսկորները կպահես.
Ինձ ալ էղիր դու գերեզման, Արզյուրյում։

[ էջ 752 ]

ԱՇԱԿԵՐՏԸ ԽՐԱՏՈԻՄ Է ԻՐ ԹՈԻՂԹ ԽԱՂԱՑՈՂ ՎԱՐՊԵՏԻՆ

Սերըդ, սավտեդ անճախ տվեր ես թղթին,
Տունդ, տեղդ, օղլուշաղդ մոռցիր ես.
Առաջվա պես ուրախ տուն չես գա վախտին,
Դարդոտեր ես, ձենով խաղդ մոռցիր ես։

Էդ խումարեն վո՞վ է խերվեր, մեմ ըսա,
Քեզնեն առաջ խաղցողներեն առ հիսա.
Ջեբը դարտակ առանց փարա ու քիսա,
Սիբիրական հին օրթաղդ մոռցի՞ր ես:

Սրափն եմ, կաղաչեմ, վազ արի թեզըմ,
Մանտր-խոշոր ունիս տունդ մե ազըմ.
Քու հին ղայդեդ չալե, ձեռքդ առ սազըմ,
Կերևնա, թե հին օրթաղդ մոռցիր ես։

[ էջ 753 ]

ՀԱՑԱԳՈՐԾՆԵՐ

Ախպար, արի ասօր երթանք մեր պախչան,
Քիչըմ նըստինք զրցինք, քիչմ վարդ քաղենք.
Բանանք գաթով-հալվով լիքը մեր պողչան,
Խմենք, ճերմակ ջուրը, քանի որ սաղ ենք։

Դուն ա խաղըմ ըսե իմ թասիս վրա,
Բելքի սա թերմաշը անուշ կուլ երթա,
Աս աշխարհը հեչ մե մարդուն չի մնա,
Աս որ հոս ենք, էգվան կերթանք,— ղոնախ ենք։

Ֆռին երդեստանը մեզի կըմաշենք,
Մեր չոլուղ, չոջուղին դերտը կքաշենք,
Աս որ քեֆի օր է, քեֆերուս աշենք,
Էգվան էլի երթանք ալուրը մաղենք։

Գասպարն եմ, աստըծմե չեմ կտրիր հույսս,
Երկուսիս սաղ պահե իմ տեր Հիսուսս,
Սաղ էսնըֆին մեջը մենակ երկուսս,
Քուլլի կսեն, թե շատ սիրով օրթաղ ենք:

1883

[ էջ 754 ]

ՍԵՊԵՊ

Սեպեպ, բան չիմ ուզե, իմ օրիս ընկնիս,
Իմ ցավերս քաշես, տեսնիս ղոլա՞յ է.
Ինձի պես էլօզլու ձեռքի տակ մանիս,
Ջահել օմբրդ մաշես, տեսնիս ղոլա՞յ է:

Կնիկդ, աղճիկդ զոռով տրորթեն
Խոսելու չթողնեն, բերանդ ճոռթեն,
Զավակներիդ աչքիդ հառաջը մորթեն
Կայնես մոտիկ աշես, տեսնիս ղոլա՞յ է:

Հորդ ոտքեն բռնեն թապլեն խանտիկը,
Գան աչքերդ հանեն ղազն ու օրտիկը,
Ղայնար ջրի մեջը մորդ ջանտիկը,
Քու ձեռքովդ խաչես, տեսնիս ղօլա՞յ է:

Սրափը աստըծմեն խնդրե կը էսքան
Դյուշմըներըդ գոռըդ քեզի փորել տան,
Քու ճախպդ քո ձեռքով՝ շինես իսկական
Քու ուրքովդ տաշես, տեսնիս ղօլա՞յ է։

1901

[ էջ 755 ]

ՄՇԵՑՈԻ ԵՐԳԸ

Թորկեր եմ խեղճ, տկլոր զիմ ճժեր, զիմ տուն,
Կոլորտիմ մեկ փշուր չոր խացի խամար,
Ըսկի չունիմ դադար, ըսկի չունիմ քուն,
Յոթ տարի է հինե չունին մեկ խապար:

Չըմ գինա, թե՝ մկա ինչ ձուն տամ խալիս,
Կուրցեր են զիմ աչեր, մացեր եմ լալիս,
Դուռըմ լե չի բացվի իմ սև իղբալիս,
Զեմլե էն Կիկոն եմ անոթի, անճար։

Խայու խավատ, խայու աստված, փրկե զիս,
Դիպա Մշու դաշտը զիմ տուն խրկե զիս,
Յա չէ առ իմ խոգին, ումբրես զրկե զիս,
Ճամբախըս չիրիշկե զիմ սեֆիլ նուպար։

[ էջ 756 ]

ԲԱՍԵՆՑՈՒ ԵՐԳ

Սևկյուլի ախպերս, ջանս, ջիգյարս,
Մեջը դարիբութան որման է հըճպ.
Հըմըքի կտրել է սապրըս, ղարարըս,
Կաշեմ չի գալ վաթան, ո՞րման է հճըպ։

Էս բանը իմ սրտիս շատ դիժար կուգա,
Հեռեվանց խերի տեղ մեննակ դարտ կուգա,
Փայլվանս տըզման ո՞ր մանե հճըպ։

Սրափն եմ բարկցել, դարձել բարակ թել,
Ւմ դարտիս աշխարհը դարդ չկա հավել,
Ախպեր ջան կանչելով կես մարդ եմ եղել,
Անտեր, անտիրական, ո՞ր ման է հճըպ։

1889

[ էջ 757 ]

ՀԱՅՈՑ ՀԱՅՐԻԿԻ ՄԱՀՎԱՆ ԱՌԻԹՈՎ

Հայ ազգի պաշտած, սիրած, կաթողիկոս մեծ հայրիկ,
Կյանքիդ մեջը ոչ մի օր դու չըտեսար երջանիկ,
Տառապյալ, խղճուկ ազգիդ ցավերովը տապակված,
Կարելի է քեզ ասել իսկապես նահատակված.
Հոգսերը, թախիծները, քեզ հետ էին պսակված,
Վերջապես անգութ մահը առավ բերդդ անառնիկ:

Մաքրակենցաղ, սրբակյաց, ծերունազարդ հայրապետ,
Զուտ ժողովրդի զավակ, քաջ, հատընտիր ազգի դետ,
Շնորհալի բանաստեղծ, զերթ սրընթաց վազող գետ,
Հայրենասիրությունը ծծած մորդ կաթի հետ,
Վասպուրական աշխարհի, Վան քաղաքի հայի ճետ.
Պատկերդ գրավիչ էր, աչքերդ վառ, գեղեցիկ։

Դու տարագիր ման եկար շատ տեղ, շրջագայեցիր,
Ազատ, անվախ խոսեցար, բնավ չըխնայեցիր,
Վաթսուն տարի շարունակ հայության ծառայեցիր,
Ուր որ եղար, կյանք տվիր, նոր հոգի ընծայվեցիր,
Վարդը բացված չտեսար, սպասեցիր, նայեցիր,
Վշտավոր հայի սոխակ, ով դու անբախտ երգեցիկ։

Երախտագետ հայ ազգը քեզ վանդակից ազատեց,
Լուսավորչի որբացած գահի վրա հաստատեց,
Արգասավոր անցյալդ, գործերդ գնահատեց,

[ էջ 758 ]

Մասամբ վերքդ ամոքեց, քու ցավերդ փարատեց,
Արժանավոր համարեց, ուշի-ուշով նկատեց,
Բարձրացրեց դեպի քեզ, հուժկու ձայնը ազդեցիկ,

Ականակիտ աղբյուրի նման պարզ վճիտ էիր,
Սիրտդ, լեզվիդ համեմատ անկեղծ ճշմարիտ էիր,
Արթուն արծիվ սրատես և դու նրբամիտ էիր,
Իբրև մարդ շատ հազվագյուտ, փայլուն մարգարիտ էիր,
Ունեիր մեկ թուլություն՝ մարդ պատժել չգիտեիր,
Դա էր քու թերությունդ, որ է չնչին, սակավիկ:

Պատկառելի ծերունի, դու Ջիվանու պաշտելին,
Ապավինելու համար, մեկ սար էիր ահագին,
Սգացեք, ով տաճարներ, կողկողա Էջմիածին,
Դարձյալ անգլուխ մնաց նահատակ եկեղեցին:
Ես էլ ձայնս կցելով ձայնին հայոց լալագին,
Տխուր մահվանդ համար ողբում եմ ահավասիկ:

1907

[ էջ 759 ]

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱԲԵԼՅԱՆԻՆ

Շամախի քաղաքում մի հայ մարդ ծնավ,
Գիսավոր աստղի պես փայլեց ամեն տեղ,
Դա Հովհաննես Աբելյանն էր, քաջարշավ
Առաջ դիմեց, գտավ պատիվ փառահեղ։

Հայոց անշուք բեմին եղավ դերասան,
Հոգի ու կյանք տվեց, զարդարեց նորան,
Արտասանությունդ մաքուր, պատվական,
Կերպը խիստ դուրեկան, և ձայնը զորեղ։

Քսաներեք տարի առաջ ես տեսա,
Բաքվի մեջ, կլիներ տասնևութ ամյա
Աշխույժ ու կրակոտ մի կայտառ տղա,
Դեռ նոր էր սկսել իր գործը շքեղ։

Այն օրվանից հետզհետե զարգացավ,
Կովկասում անվանի մի արտիստ դարձավ,
Որպես քաջ ըմբիշ ասպարեզ մտավ,
Չունեցավ մրցակից իրանից ուժեղ։

Ապրի երկար, հայոց բեմը զարդարե,
Իր ստանձնած գործը լրիվ կատարե,
Հանգիստ ու ապահով ուրախ կյանք վարե,
Կյանքի մեջ չտեսնի յուր վիճակը նեղ։

[ էջ 760 ]

Ջիվանուս վաղուցվա ծանոթ մտերիմ,
Մի երկու տեղ գործիս նպաստել է իմ,
Բարեկամիս տալու ջոկ նվեր չունիմ —
Փող ընդունե այս իմ չոր երգը անմեղ։

1907

[ էջ 761 ]

ՈՍՏԻԿԱՆ

Գրողի պես կուգաս բկիս կչոքիս,
Ուրտեղ ձայնս հանեմ, բարի ոստիկան.
Այդ վարմունքով հաստատ կհանես հոգիս,
Կուզես ապրուստ չանեմ, բարի ոստիկան։

Դուն նոր երգս արգելում ես, իշխանս,
Չէ՞ որ հացը կտրվում է իմ տանս,
Առանց նվագելու խեղճ գերդաստանս
Ես ինչպես պահպանեմ, բարի ոստիկան։

Պարտքով տպել տվի երգարաններս,
Բնավ տեղ չհասան իմ նշաններս,
Գեղ գնամ հող չեն տալ հարևաններս,
Հաց չունեմ, որ ցանեմ, բարի ոստիկան։

Քառասուն տարի է ես այս արվեստով
Ապրում եմ լավ, թե վատ, լռիկ, անխռով,
Երգելուցս վնաս չէ տեսել ոչ ով,
Համեստ երգաբան եմ, բարի ոստիկան։

Թույլ տուր սրճարանում նվագեմ ազատ,
Անգործ պարապ մնացել եմ հուսահատ,
Հասակս առել եմ, զավակներս շատ,
վաթսուն տարեկան եմ, բարի ոստիկան։

[ էջ 762 ]

Հալածվել եմ որպես Ջիվանի երգիչ
Վատ օրերս շատ են, լավ օրերս քիչ,
Ալեքսանդրապոլ քաղաքի բնակիչ,
Մեծ Ռուսիայի սան եմ, բարի ոստիկան:

1901

[ էջ 763 ]

ԱՂԲՅՈՒՐ

Իզուր ես ջուրըդ սպառում
Խաղաղվիր, աղբյուր, խաղաղվիր,
Դու քեզ վնաս ես պատճառում,
Խաղաղվիր, աղբյուր, խաղաղվիր։

Երբ պիտի կշտանաս, հագիս,
Որ գժության չփափագիս,
Զգույշ եղիր, կցամաքիս,
Խաղաղվիր, աղբյուր, խաղաղվիր։

Կյանքդ նիհար, բարակ մազ է,
Կչորանաս, հանդարդ վազե,
Ի բնե ջուրըդ նվազ է,
Խաղաղվիր, աղբյուր, խաղաղվիր։

Չափազանց պարզ ու վճիտ ես,
Խորագետ չես, միամիտ ես,
Չարդ ու բարիդ դեռ չգիտես,
Խաղաղվիր, աղբյուր, խաղաղվիր:

Շուրջդ կերպ-կերպ աղբյուրներ կան,
Աղի, լեղի, անդուրեկան,
Մի մոտենա, վնաս կուտան,
Խաղաղվիր, աղբյուր, խաղաղվիր։

[ էջ 764 ]

Օգտավետ ջուր ես, իստակ ես,
Սեղմված ես, ճնշման տակ ես,
Անկարեկից փոքրիկ ակ ես,
Խաղաղվիր, աղբյուր, խաղաղվիր։

1905

[ էջ 765 ]

ԴԻԻԲԵԻԴ

Օրըստօրե զբաղմունքս
Շատանում է, իմ սիրական.
Տրտմելով՝ երիկամունքս
Վատանում է, իմ սիրական։

Այս աշխարհը չկա մեկ բան,
Որ չլինի կենաց տանջան,
Կյանքս խախուտ ծառի նման
Տատանում է, իմ սիրական։

Ջիվանն եմ, աշակերտ ջանքիս,
Չափը չկա տառապանքիս,
Կամաց-կամաց ուժը կյանքիս
Հատանում է, իմ սիրական։

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր. Ջիվանու քնարը: [Ստեղծագործությունների ընտրանի] / Կազմ., առաջաբ., տեքստ. համեմատ., ծանոթագր. ՝ Ա. Սահակյան; Խմբ.՝ Միք. Հարությույան; Նկ.՝ Ան. Գասպարյան։ «Հայպետհրատ»։ Երևան 1959
Տրամադրեց. Միքայել Յալանուզյան

Տես նաև
Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice