ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian

Հովհան Մամիկոնյան

ՏԱՐՈՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ


[էջ 3]

ՆԱԽԱԲԱՆ

Վաղ միջնադարից մեզ է հասել ուշագրավ մի «Պատմություն», դա Զենոբ Գլակ Ասորու և Հովհան Մամիկոնյանի անուններով հայտնի «Տարոնի պատմությունն» է։ Հենց թեկուզ այն հանգամանքը, որ այս աշխատությունը երկու տարբեր անձնավորաթյանների անուններով է կոչվել, բնականաբար իր վրա է բևեռել պատմագիտության և բանասիրության ուշադրությունը վաղուց ի վեր։ Այնուհանդերձ այն համարվել և ներկայումս էլ համարվում է 7—9-րդ դարերի սահմաններում գրված կամ հավաքված-խմբազրված մի ժողովածու։ Ուստի և այս կապակցությամբ ծագած վեճերն ու տարակարծությունները նույնպես տարաբնույթ են։ Վիճելի կետերը այստեղ վերաբերում են առաջին հերթին գրվածքի՝ իրականում քանի՞ մասերից բաղկացած լինելուն, և թե դրանցից որի հեղինակն ո՞վ է: Ապա՝ արդյոք ամբողջակա՞ն է այն, թե՞ ոչ։ Ո՞ր դարում է գրվել կամ հավաքվել-խմբագրվել, վերջապես պատմա-գաղափարական կամ գրական-գեղարվեստական ի՞նչ արժեք է ներկայացնում այն։ Սրանք հարցեր են, որոնց մասին չնայած շատ է գրվել ու խոսվել, սակայն այսօր էլ դեռևս մնում են վերջնական պարզաբանման կարոտ։ Այս համառոտ նախաբանում վերոհիշյալ բոլոր հարցերի քննությունը մեր խնդրից դուրս է. ավելորդ չենք համարում, սակայն մի երկու խոսքով հայտնել այստեղ նաև մեր կարծիքն այդ մասին։

Արդեն բազմիցս նկատվել է, թե այս արժեքավոր գործի առաջին մասի ստեղծման շարժառիթ են հանդիսացել Հայաստանում (հատկապես Տարոնում և նրա մերձակա գավառներում) նորածագ քրիստոնեական կրոնի տարածման, նրա հաստատման հանգամանքների հետ կապված պատմությունները, ինչպես նաև ցույց տալու համար նոր կրոնի տարածման և պրոպագանդման ճանապարհին հանդիպած խոչընդոտները, հեթանոսական կռապաշտության և նրան սպասարկող քրմերի դեմ մղված դաժան պատերազմը, քրիստոնյա առաջին նվիրակների կյանքն ու գործը, նրանց անձերի և աշխատության պանծացումը, սրբացումն ու հավերժացումը։ Սյուժետային-գաղափարական կառուցվածքի իմաստով «Տարոնի պատմությունը» կարծես, իրոք, երկու առանձին մասերից է կազմված։ Դրանցից մեկը, որ վերագրվել է ասորի Զենոբ Գլակին, պարունակում է Գրիգոր Լու–

[էջ 4]

սավորչի կողմից (կամ նրա թելադրանքով) հույն և ասորի քարոզիչներին ուղարկված կամ նրանցից ստացված պատասխան թղթերի (նամակների) պատճենները։ Այս հատվածի բովանդակությունը դուրս չի գալիս ինչպես Տարոնում Տրդատ Մեծի և Գրիգոր Լասավորչի գործունեության, քրիստոնեական կրոնի տարածման շրջանակներից, նույնպես և չորրորդ դարի սահմաններից։

Իսկ «Տարոնի պատմության» երկրորդ՝ Հովհան Մամիկոնյանին վերագրված մասի բովանդակությունը ներկայացնում է Հայաստանում քրիստոնեության հաստատումից շատ հետո՝ շուրջ չորս-հինգ հարյուր (գուցե և ավելի) տարիներ, գլխավորապես Տարոնում՝ Մամիկոնյանների իշխանությանը ենթակա և հարևան գավառներում, դարեր շարունակ տեղի ունեցած դեպքերի ու իրադարձությունների մասին գոյացած ավանդապատում գրույցների մի շարան։ Օտար բռնակալների դեմ Տարոնի ժողովրդի մղած դյուցազնական պայքարի էպիկական-գեղարվեստական պատկերումն է այդ։ Այս հանգամանքը, թերևս իրավացիորեն, ուսումնասիրողներից շատերին է մղել կասկածանք հայտնելու նրա հեղինակի հարազատության և «Պատմության» վերջում զետեղված «Հիշատակարանի» հավաստիության նկատմամբ։

Զենոբ Ասորու և Հովհան Մամիկոնյանի կյանքի ու գործի, նրանց և սույն «Պատմության» հետ առնչվող զանազան այլ հարցերի լուսաբանմամբ շատերն են զբաղվել։ Զենոբի՝ իբրև չորրորդ դարի կրոնավորի գոյության փաստը, թերևս հաստատվում է ոչ միայն «Պատմության» ընթացքում շարունակ հանդիպող հիշատակություններով, կամ այն հանգամանքով, որ ինքն իրեն ներկայացնում է ժամանակակից ու գործակից Գրիգոր Լուսավորչի և Տրդատ Մեծի, այլև այն, որ նրան իբրև այդպիսին ճանաչում են նաև մեր միջնադարի նշանավոր մատենագիրները, ինքը՝ Հովհան Մամիկոնյանը, Ուխտանեսը և Մխիթար Այրիվանեցին1: Նրանք այս հարցում միաբան են։

Նոր ժամանակներում Զենոբի և Հովհան Մամիկոնյանի անձնավորաթյունների հետ առնչվող հարցերին, ինչպես և նրանց անուններով հայտնի «Պատմության» այլևայլ հանգամանքներին անդրադարձել են պատմագիտության և բանասիրության այնպիսի նշանավոր դեմքեր, ինչպիսիք են Մ. Չամչյանը, Հ. Գաթըրճյանը, Ղ. Ալիշանը, Մ. Էմինը, Գ. Խալաթյանը, Գ. Զարբհանալյանը, Լեոն, Մ. Աբեղյանը և շատ ուրիշներ, օտարազգիներից՝ Հ. Գելցերը, Գուտշմիտը, Ա. Կարիերը. Ե. Պրուդհոմմը, Վ. Լանգլուան։ Մեր օրերում այդ հարցերի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել պատմաբան, պրոֆ. Ա. Աբրահամյանը, որը 1941 թվականին կազմել և հրատարակել է «Տարոնի պատմության» համեմատական բնազիրը2. ապա նաև ակադ. Լ. Խաչիկյանը, պրոֆ. Մ. Մկրյանը, Ղ. Այվազյանը, Բ. Ուլուբաբյանը, Լ. Տեր-Պետրոսյանը և էլի շատերը։

____________________

1 Ուխտանես եպիսկոպոս. «Պատմութիւն հայոց», Էջմիածին, 1871, էջ 70 և հետևյալն։ Մխիթար Այրիվանեցի «Պատմութիւն հայոց», Մոսկվա 1860, էջ 45։
2 Հովհ. Մամիկոնյան, «Պատմութիւն Տարօնոյ», Ե., 1941։ Այսուհետև համապատասխան բոլոր մեջբերումները կատարվում են ըստ սրա, նշվում է միայն էջը։

[էջ 5]

«Տարոնի պատմությունը» ունեցել է մի քանի հրատարակություններ՝ Պոլսում, Վենետիկում և այլուր: Հայաստանում եղած միակ հրատարակությունը վերը նշվածն է, այսինքն՝ 1941 թվականինը, որից էլ հենց կատարել ենք թարգմանությունը, իհարկե համեմատելով վենետիկյան երկու՝ 1832 և 1889 թվականների հրատարակությունների հետ։

«Տարոնի պատմության» աշխարհաբար թարգմանությունը երևանյան վերը նշված հրատարակությունից ենք կատարել հետևյալ նկատառումներով, նախ՝ որովհետև ժամանակագրական առումով այն ամենավերջինն է և նրանում հաշվի են առնված մինչ այդ գոյություն ունեցող բոլոր հրատարակություններն ու խմբագրությունները։ Հնարավորին չափով ուղղված կամ բացահայտված են դրանցում տեղ գտած թերություններն ու սխալանքները։ Երկրորդ՝ սա միակ խմբագրությունն է, որ կատարված է ՀՍՍՀ Մաշտոցի անվան Մատենադարանում «Տարոնի պատմության» եղած գրեթե բոլոր հիմնական ձեռագրերի մանրազնին քննության և համեմատությունների հիման վրա։ Հրատարակիչը, ըստ երևույթին, նպատակ է ունեցել ամեն կերպ խուսափել հնարավոր անճշտություններից, քանի որ սույն գործը ձեռագրերում չափազանց աղավաղված ձևով է հասել մեզ։ Չնայած, ինչպես արդեն նկատվել է պատմագիտության կողմից1, կազմող-խմբագրողը Մատենադարանում եղած բոլոր գրչագրերից հիմք չի ընտրել ամենակատարյալը (այսինքն 1886 թվահամարով գրչագիրը)։ Իսկապես, որևէ գործի բնագրի հաջողված լինելու պայմանը, ինչպես նկատում է ակադ. Լ. Խաչիկյանը, «... տարբեր գրչագրերի բաղդատման միջոցով ստացված լավագույն տարընթերցվածքների ճիշտ ընտրությունն է հրատարակչի կողմից և այն բնագրի մեջ մտցնելու կարողությունը»2։ Մենք կավելացնենք, որ բնագրի այդպիսի հրատարակումը մեծապես կդյուրացներ նաև թարգմանչի գործը և զերծ կպահեր հնարավոր վրիպումներից։ Պրոֆ. Ա. Աբրահամյանի համար համեմատական բնագիրը կազմելու հիմք է ծառայել Մատենադարանի N 1328 գրչագիրը, որը նրա գրքում պայմանականորեն նշված է 0 տառով, մյուս գրչագրերի համապատասխան բառերի կամ արտահայտությունների տարբերակները, որպես հավելված, զետեղված են նույն էջի տողատակի տարընթերցվածքներում, մի հանգամանք, որը որոշակիորեն հեշտացնում է թարգմանչի կամ ուսումնասիրողի գործը։ Ինքը՝ համեմատական բնագիրը կազմողը հայտնում է, որ եղած բոլոր խմբագրություններից հնագույնը հրատարակության հանձնվող ներկա տեքստն է» (էջ XII), ուստի և հիմք է ընդունել այն։ Այսպիսով, հիմնականում պետք է ընդունելի համարել ակադ. Լ. Խաչիկյանի դիտողությունները, հատկապես N 1886 գրչագրի նկատմամբ եղածները։ Եվ վերջապես, այս՝ 1941 թ. հրատարակությունը, մեր խորին համոզմամբ, եղած բոլոր խմբագրություններից ամենաամբողջականն է, ուստի և թարգմանության համար հիմք ենք ընդունել այն։

Մի հանգամանք ևս. սույն գործի մեջ շփոթություններն ու աղավաղումները վերաբերում են գլխավորապես գլխակարգությանը, այսինքն՝ «Պատ–

____________________

1 Տե՛ս Լ. Խաչիկյանի գրախոսությունը, Հայկ. ՍՍՌ, գիտ. ակ. Տեղեկագիր, 1944 թ., N 1—2։
2 Նույն տեղում, էջ 141։

[էջ 6]

մության» գլուխներին և դրանք կազմող ենթաբաժիններին՝ պատճեններին, ապա նաև՝ բազմաթիվ տեղանուններին, անձնանուններին կամ այդ կարգի այլևայլ արտահայտություններին, որոնք սակայն, ոչ թե կազմող-հրատարակչի մեղքով են, այլ դարձյալ գրչագրերի խիստ աղավաղված լինելու պատճառով։ Մանավանդ, որ այդ վերաբերում է ոչ միայն մեր ձեռքի տակ եղած օրինակին, այլև այն բոլոր խմբագրություններին, որոնք ծանոթ են մեզ։ Դեռևս ժամանակին Գար. Զարբհանալյանն է նկատել, որ «Պատմաթիւն Տարօնոյ» գրվածքի մի գլխավոր հատկանիշն էլ այն է, որ տարբեր գրչագրերում պահպանված նյութերը չափազանց շատ տարբերություններ ունեն միմյանցից։ Այդ էլ է դժվարացրել խմբագրողների գործը, ինչպես և սխալների տեղիք տվել։ Լ. Խաչիկյանը իր հոդվածում ակնարկ է արել նաև նախորդ հրատարակությունների համեմատական բնագրերում եղած աղավաղումների և թերությունների մասին1։ Նա ճշգրտված ձևով ներկայացրել է աղճատված կամ բովանդակությանը չհամապատասխանող արտահայտություններն ու դարձվածքները՝ մյուս գրչագրերի համապատասխան հատվածների համեմատության միջոցով։ Թարգմանությունը կատարելիս ի նկատի ենք ունեցել Խաչիկյանի կատարած բնագրական ճշգրտումները՝ գրեթե ամբողջությամբ, դրանց ավելացրած նաև մեր կողմից նկատված աղավաղումներն ու անճշտությունները։

* * *

«Տարոնի պատմությունը» արժանացել է ուսումնասիրողների ուշադրությանը առաջին հերթին հեղինակային պատկանելության առնչակցությամբ։ Իբրև այդպիսին հանդես են գալիս երկու անձնավորաթյուններ՝ Հովհան Մամիկոնյանը և նրա վկայակոչած Զենոբ Գլակը։ Սակայն լեզվաոճական մտածողության առանձնահատկություններին նայելով, ինչպես արդեն նկատվել է բանասիրության կողմից (Գաթրճյան, Խալաթյանց, Աբեղյան և ուրիշներ) սույն աշխատությունը կազմող հատվածները կամ պատճեններն ավելի շատ միևնույն գրչի տակից դուրս եկած կամ միևնույն անձնավորության կողմից հավաքված-խմբագրված են երևում։ Այստեղ խոսքը բոլորովին էլ չի վերաբերում Զենոբի անձին, նրա՝ չորրորդ դարում ապրած և Գրիգոր Լուսավորչի գործակից լինելուն, այլ վերաբերում է այն բանին, թե այդ Զենոբը որևէ բան գրե՞լ է, թե՝ ոչ, կամ ի՞նչ առնչություն ունի նա այս գրվածքի հետ։

Զենոբ Գլակի անձնավորության մասին մենք առաջինը տեղեկանում ենք հենց իրենից։ «Պատմության» մեջ բազմիցս խոսում է իր մասին առաջին դեմքով, հանդես է գալիս իբրև Գրիգոր Լուսավորչի գործակից, հիշում է շատ դեպքեր, իրադարձություններ որպես իր աչքի առջև կատարված իրողություններ։ Այսպես, օր. «Տեառն և սիրելի երջանիկ եպիսկոպոսացդ ի Զենոբայ անարժան ծառայես...» (64), կամ «Իմ աղաչեալ զսուրբն Գրիգոր գնալ և վանսն իմ», կամ «... մինչ մեք զպաշտօնն մատացանեաք», կամ «Արդ ես սկիզբն այսըմ պատմութեանս զձերդ եղից հարցումն» (66), կամ «Եւ մեք ելեալ անդէն ընդ Կարին և ընդ Հարք կամեցաք անցանել» (78—

____________________

1 Անդ, էջ 142։

[էջ 7]

–79), կամ «Իսկ մեք ելեալք յամրոցեն՝ եկաք ընդ նոյն ճանապարհ» (95) և այլն։ Այն հանգամանքը, թե ինքը Հայաստան (Տարոն) է եկել Գրիգոր Լոաավորչի խնդրանքով, նրա հետ մասնակցել Գիսանեի մեհյանը պաշտպանող հեթանոս քրմերի դեմ մղված պատերազմին և հետագայում այս նույն մեհյանի տեղում կառուցված սբ. Կարապետի վանքի վանահայր նշանակվել Գրիգոր Լուսավորչի կողմից, այս բոլորը դարձյալ իրենից ենք իմանում։ Նա վկայում է նաև, թե այդ և մյուս իրադարձությունների պատմություններն էլ է ինքը գրել՝ սբ. Գրիգորի պատվերով։ Սակայն այստեղ Զենոբը մի ակամա խոստովանություն է անում, որն, իրավամբ, կասկածի տեղիք է տալիս. «Եւ իբրև ընթերցաւ զթուղթն սուրբն Գրիգոր,— գրում է նա,— հրամայեաց Զենոբայ Ասորւոյ գրել զառաջին պատերազմն և զերկրորդն ստուգիւ...» (62), կամ «Իսկ Զենոը աղաչէ...» (63) և այլն, որ կարծես թե մի այլ անձնավորության մասին խոսելիս լինի և ոչ թե իր, հակառակ դեպքում կասեր, «ինձ հրամայեց», «ես աղաչեցի», ինչպես վարվում է շարադրանքի ընթացքում բազմաթիվ այլ դեպքերում։

Զենոբի մասին մյուս տեղեկություն տվողը, որ ժամանակով ամենամերձավորն է նրան, սույն «Պատմության» հեղինակ հանդես եկող Հովհան Մամիկոնյանն է։ Գրվածքի վերջում զետեղված իր հայտնի «Հիշատակարանում» նա ներկայացնում է իրեն որպես սբ. Կարապետի վանքի վանահայր-եպիսկոպոս և ավելացնում— «...երեսներորդ հինգերորդը ի Զենոբայ առաջին եպիսկոպոսէն Մամիկոնեից» (288): Իսկ Հովհանից հետո Զենոբի մասին տեղեկություն հայտնողները նրան ճանաչում են Հովհանի այս «Հիշատակարանից», որի հեղինակի հարազատության խնդիրը ևս դեռ, պարզված չէ։ Այս հանգամանքը տարակուսանքի առջև է կանգնեցրել պատմագիտությանն ու բանասիրությանը նաև հենց իր՝ Հովհանի անձնավորության և «Պատմության» հետ առնչվող շատ այլ հարցերի վերաբերմամբ։

Վաղուց արդեն նկատվել է, որ ինչպես պատմության ընթացքում, այնպես և «Հիշատակարանում» Հովհանը բազմաթիվ փաստական անճշտություններ է թույլ տալիս և անտեղյակություն ցուցաբերում «իրեն ժամանակակից» դեպքերի և անձանց նկատմամբ։ Հանգամանք, որը մղում է ուսումնասիրողին կամ ընթերցողին, իրավամբ, կասկածելու նրա ասածի ճշտությանը։ Այդ կապակցությամբ մեծանուն հայագետ Մ. Աբեղյանը գրում է, թե Զենոբի ու Հովհանի անձնավորությունների տակ թաքնված է միևնույն անձը, «ըստ երևույթին,— գրում է նա,— դրանց տակ ծածկված է միևնույն անձը, որ իր գրած «Պատմության» հին մասը վերագրել է Զենոբ Գլակ անունով մեկին, իսկ վերջին մասը՝ մի Հովհան Մամիկոնյանի (էջ 447), որ ապրել է 8-րդ դարից ոչ վաղ և վկայակոչել է Զենոբին, որպեսզի իր հաղորդածի նկատմամբ հավատ ներշնչի, և նշված «հիշատակարանն» էլ մի կեղծիք է։ Կեղծիք լինելը, գրում է նա, «երևում է գրքի «Հիշատակարանից», որի մեջ հեղինակն անում է կեղծած գրքերի համար մի սովորական գյուտի պատմություն։ Ապա նա ասում է, թե իր գիրքը գրել է «ի ժամանակս թագաւորաթեանն Հերակլեայ (610 — 641 թթ.) և ի մահուն Խոսրովու (590—628 թթ.), հրամանաւ Ներսիսի Հայոց կաթողիկոսի (կաթողիկոսացած ոչ վաղ քան 641 թ., վախճանված 662թ.) և յիշխանաթեան Մամիկոնեան Վահա–

[էջ 8]

նայ, զոր մայրենօք Կամսարական կոչեն» (էջ 448)1։ Քիչ հետո, սակայն, տեսնում ենք, որ այս Վահանն արդեն մեռած է և նրա որդի Տիրանն է իշխում, «յառաջ քան զգալն Հերակլի ի պարսիկ» և երբ «ելանէ Հերակլ և սպանանէ զԽոսրով» (590 — 628 թթ): Ութ տարի հետո, ուրեմն 636 թվին սպասվում է նույնիսկ Վահանի որդի Տիրանը... Մի ուրիշ տեղ, սակայն (էջ 56). «Ի թուականութեանն հայոց հարիւր երեսուն» (130 + 551 = 681 թվին) դեռ իշխում է նույն Վահան Կամսարականը՝ Ներսես կաթողիկոսի հետ, որն այդ ժամանակ մեռած էր» (էջ 448) և այլն։ Ինչպես պարզ երևում է, Հովհանը 7-րդ դարի դեպքերի մասին խիստ շփոթ ու հակասական իմացություն ունի։

Գրիգոր Խալաթյանը նույնպես կրկնելով Հովսեփ Գաթրճյանի խոսքը, «Հիշատակարանը» համարել է կեղծիք կամ հետագայում ուրիշների կողմից ավելացված, իսկ բուն պատմությունն էլ՝ «Է դարու մի կարկատանք», որ կատարված է Ագաթանգեղոսի, Խորենացու, Սեբեոսի և այլոց ստեղծագործություններից՝ քաղվածաբար: Իսկ այդ ուրիշին համարում է ութ կամ իններորդ դարում ապրած Հովհան Մամիկոնյանին։

Հարցի կապակցությամբ շատ հետաքրքրական և ուշագրավ նկատողություն է արել մեր օգտադործած բնագրի կազմող-հրատարակիչ, պատմաբան Ա. Աբրահամյանը։ Համեմատության մեջ դնելով Մատենադարանի մի շարք ձեռագրերն ու նախորդ խմբագրությունները՝ նա հանգում է հետևյալին, թե «Պատմության» բնագիրը երկու մասի բաժանելը և դրանցից յուրաքանչյուրը առանձին հեղինակների վերագրելը արհեստական է, վենետիկյան հրատարակիչների կողմից կատարված և չի հաստատվում Մատենադարանի ոչ մի ձեռագրով։ Դրանք գրչագրերում «ընդօրինակված են իբրև մի ամբողջություն» (Առաջաբան, էջ XXV):

Ապա, նա դրանք համարում է ոչ թե մեկ կամ երկու հեղինակների գործ, այլ «պատմական նյութերի ժողովածու, որ պարունակում է զանազան նամակներ, պատմություններ, ժամանակագրություններ, աղոթագրքերից հատվածներ և որ այդ նյութերի հավաքող խմրագրողն է Հովհան Մամիկոնյանը. «Հովհանը կեղծարար չէ,— ասում է նա,— ինչպես պնդել են որոշ բանասերներ: Նա իր հիշատակարանում ազնվաթյամբ հայտնում է... որ ինքը կագմել է ժողովածուն երկու արխիվից՝ 10 «պատճեն» վերցնելով վանքի արխիվից, իսկ 28 «պատճեն»՝ թարգմանելով Ուռհայի կրոնավոր Մարմարայի մոտ եղած նյութերից։ Իրեն «Հովհանինն է միայն մի «պատճեն»՝ «Յիշատակարանը», որի համար և խնդրում է հիշել իրեն (էջ XXV): «Հիշատակարանում» իսկապես որ կա վկայություն, թե սբ. Կարապետի վանքի վանականների համար սովորություն է եղել, որ ամեն մեկն իր ժամանակ տեղի ունեցած դեպքերը, հատկապես հերոսական գործերը, գրի առներ և «թողեալ գրով ի նոյն եկեղեցին» (էջ 287)։ Իսկ այն, որ Հովհանի «Հիշատակարանում» անճշտություններ են տեղ գտել, դրանք Աբրահամյանը ենթադրում է արտագրողների ձեռքով հետագայում կատարված ընդմիջարկություններ, այդ մասին այժմ դժվարանում ենք որոշակի բան ասել։ Հետագա ընդմիջարկություններ է համարում Ա. Աբրահամյանը նաև Խալաթյանցի նշած

____________________

1 Աբեղյան Մ, Երկեր, հ. Գ, Երևան, 1968, էջ 447 և հետևյալները։

[էջ 9]

այն հատվածները, (որոնք ենթադրվում են Ագաթանգեղոսից կամ Խորենացուց քաղված։

Փոքր ինչ ավելի հավանական պետք է համարել այն ենթադրությանը, ըստ որի Ջենոբի գրչին են պատկանում միայն «Պատասխան ի թղթոյն ասորւոց և պատմաթիւն վասն Իննակնեան տեղեկացն» և «Վասն պատերազմին որ յԱրձանն եղև» պատճենները։

Մեկ այլ հարց է նաև այն, որ Ագաթանգեղոսն ու Փավստոս Բուգանդը Տարռնի թեմի առաջին վանահայր են ճանաչում Աղբիանոսին և ոչ թե Զենոբին, ինչպես պնդում են Մ. Էմինը, Գր. Խալաթյանցր և ուրիշներ։ Ագաթանգեղոսը կուռքերի կործանումը դնում է Տարոնի Վահեվահյան մեհյանում, որը տարբեր է սբ. Կարապետից և բավականին էլ հեռու նրանից1։

«Որ յաստիճան եպիսկոպոսութեան լինէին արժանի կալոյ,— ասում է Ագաթանգեղոսը,— առեալ ձեռնադրութիւն ի նմանէ (այսինքն սբ. Գրիգորից), որոց առաջնոյն՝ Աղբիանոս անուն, «որ ապա կողմանցն Եփրատական գետոյն լիներ վերակացու...»։ Անմիջապես հետո էլ ավելացնում է. «Եւ զԱղբիանոս զայր ճշմարիտ և աստուածասեր՝ վերակացու թողոյր արքունական դրան բանակին»2։

«Եվ թագավորը (Խոսրով Կոդակը),— գրում է Փավստոսը,— Աղբիանոս եպիսկոպոսին տվեց հօգուտ եկեղեցու Մանավազյանննրի ավանն ու նրանց նահապետի բուն աթոռանիստ գյուղը... յուր բոլոր սահմաններով և նրա շուրջը եղած գավառակով՝ Եփրատ գետի կողմերում»3: Ինչպես տեսնում ենք «Իննակնյան տեղյաց» մասին երկուսն էլ ոչ մի ակնարկություն չեն անում։ Ըստ Աբրահամյանի՝ ժողովածուի պարունակած ամենահին նյութերը Գրիգոր Լասավորչի, Տրդատի, Կեսարիայի Ղևոնդիոս հայրապետի և ասորի, չորս եպիսկոպոսների (Բեկտորի, Անաստասի, Աքյուղասի և Մարկեղիոսի) ապոկրիֆ նամակներն են, ինչպես նաև Զենոբի՝ «Պատասխանի թղթոյն ասորւոց եւ պատմաթիւն վասն Իննակնեան տեղեացն...», և «Վասն պատերազմիս որ յԱրձանն եղև» գլուխները, որոնց պատմականությանն ու իսկատիպությանը նա երբեք չի կասկածում։ Դրանք Աբրահամյանի կարծիքով նախապես գրված են եղել ասորերեն, որից էլ հետագայում թարգմանվել են հայերեն։ Այստեղ անմիջապես նշենք, որ մեզ ավելի հավանական է թվում, թե այդ նամակները նախապես հունարեն են գրված եղել, քանի որ ուղարկվում էին Կապադովկիա (Կեսարիա) և ավելի արևմուտք, որտեղից հենց Հայաստան էր եկել Գրիգոր Լուսավորիչը։ Կարելի է ենթադրել նաև, թե Զենոբը ոչ մի պատճեն էլ գրած չլինի, այլ Գրիգոր Լուսավորչի հրամանով ասորերեն թարգմանած լինի վերը հիշատակված երկու պատճենները՝ ասորի քարոզիչներին ուղարկելու համար։ Գր. Լուսավորիչը ոչ ասորական կրթություն ուներ և ըստ ավանդությունների՝ ոչ էլ այդպիսի ծագում։ Նա կամ իրո՛ք պարթևներից էր, կամ բուզանդական կողմից (կապադովկացի) եկած հայ։ Եվ Գրիգորը, և Զենոբը այն օրերին, այսինքն 3-րդ դարի վեր–

____________________

1 Աբեղյան Մ., նշված աշխատությունը, հ. Ա, էջ 189 և հ. Գ, էջ 447:
2 Ագաթանգեղոս, Հայոց պատմություն, Երևան, 1983, էջ 470:
3 Փավստող Բուզանդ, Հայոց պատմություն, Երևան, 1968, էջ 70:

[էջ 10]

ջերին կամ 4-րդի սկզբներին, հայկական կրթություն ունենալ չէին էլ կարող։ Այլևս չենք խոսում այն բոլոր տեղանունների, անձնանունների և այլ կարգի անվանումների մասին, որոնք տեղ են գտել գրքի՝ Զենոբին վերագրված բաժնում և որոնց արմատը, հիմքը բուն հայկական է, ինչ որ վաղուց ի վեր արդեն ցույց է տրված բանասիրության կողմից1։ Այնուհետև Տարոնում քրիստոնեական հավատը հաստատելուց և այնտեղ Զենոբին եպիսկոպոս (վանահայր) կարգելուց հետո Գր. Լուսավորիչը ամենայն հավանականությամբ նրան պատվիրում է թարգմանել դրանք ասորերեն և ուղարկել ասորի քարոզիչներին, որպեսզի նրանք իրենց ձեռքի տակ որոշ «փաստական» նյութեր ունենային՝ իրենց քարոզչությունների ընթացքում։ Անհավանական չենք համարում նաև, ինչպես Ա. Աբրահամյանն է պնդում, որ այդ նյութերից (նամակներից) մի քանիսը, կամ վերևում հիշատակված երկուսը, իսկապես, ասորերեն էլ գրված լինեին հենց իր՝ Զենոբի կողմից և հետագայում Հովհանի կամ մեկ ուրիշի կողմից հայերեն թարգմանված՝ «ժամանակագրական որոշ կապակցություն ստեղծելու նպատակով»։

Ասենք վերջապես, որ Աբրահամյանն էլ, ի նկատի ունենալով «Հիշատակարանում» տեղ գտած ժամանակագրական որոշ անճշտություններն ու Հովհանի՝ Մամիկոնյան եպիսկոպոսների շարքում երեսունհինգերորդը հիշվելու փաստը, նրան համարում է ոչ թե յոթ կամ իններորդ դարերի հեղինակ, այլ ութերորդ դարի։

Իսկապես, «Հիշատակարանում» տեղ գտած մի քանի մութ և անորոշ վկայություններից, ինչպես նաև իր ժամանակ տեղի ունեցած դեպքերի ճանաչողության կամ իմացության հանգամանքից ելնելով պետք է հավանական համարել բանասիրության մեջ գրեթե ճշմարտության ուժ ստացած այն ենթադրությունը, թե այս գործի հեղինակը, կամ հավաքող-խմբագրողը ապրել է 8-րդ դարից ոչ վաղ (Մ. Աբեղյան, Մ. Մկրյան, Ա. Աբրահամյան և ուրիշներ): Հիրավի, հենց իր վկայակոչած ժամանակաշրջանին (7-րդ դարին) վերաբերող փաստական անճշտություններն ու անախրոնիզմները ավելի առատ են Հովհանի «Պատմության» մեջ, քան 8-րդ դարին վերաբերողները։

Բանասիրությանն ու պատմագիտությանը ոչ պակաս վեճերի և տարակարծությունների տեղիք է տվել նաև «Տարոնի պատմության» պատմագաղափարական բովանդակության, այսինքն նրա պատմականության, նրա պատմական և գրական արժեքի գնահատության խնդիրը։ Բանն այն է, որ մինչև այսօր էլ հրապարակ են հանվում ուսումնասիրություններ, գրվում են գրքեր կամ փոքրածավալ հոդվածներ, որոնք՝ հետևելով դարավոր ավանդույթին կամ բացարձակացնում, գերագնահատում են այս գործի պատմա–հասարակական նշանակությունն ու արժեքը մեր հին մշակույթի ճանաչողության համար, կամ հանիրավի, բոլորովին ժխտում, արհամարհում են

____________________

1 Տե՛ս այդ մասին՝ Հ. Գ. Մենեվիշյան, Մատենախոսական Միհրան Հովհաննիսյանի «Զենոբ Գլակ հանդեպ արդիական քննադատության», «Հանդես ամսօրեայ» 1912, էջ 485 և հետևյալները։ Տես նաև՝ Բ. Ուլուբաբյան, «Ոսկե շղթա», Երևան, 1979, էջ 46-47։

[էջ 11]

այն՝ իբրև պատմական արժեք ներկայացնող գործ և նշում են միայն նրա գրական-բանահյասական, վիպական արժեքը։

Հիմնվելով բուն «Պատմության» տված փաստերին՝ դժվար չէ նկատել, որ իրոք, նրա գաղափարական բովանդակությունը երկու առանձին մասերի բաժանելը և դրանցից յուրաքանչյուրը տարբեր հեղինակների վերագրելը կամայական է։ Մի իրողություն, որը դեռ մինչև օրս էլ պաշտպաններ ու հետևորդներ է գտնում1։ Պարզապես 8 — 9-րդ դարերի սահմաններում ապրած և սբ. Կարապետի վանքում գործող մեկը՝ Հովհան Մամիկոնյանը, որ հավաքել–խմբագրել ու կազմել է սույն «Պատմությունը», իր կատարածի նկատմամբ հավատ ներշնչելու, այն ամբողջական և կուռ դարձնելու, հաղորդած անցյալ ու ներկա անցքերի միջև կապակցություն ստեղծելու մտադրությամբ՝ իբրև ականատեսի գրավոր վկայություն է ներկայացրել Տարոնում քրիստոնեության մուտքի, տարածման ու հաստատման մասին եղած հիշատակությունները։ Որպես այդպիսին վկայակոչել է Զենոբ Ասորուն, որի գրած, թե թարգմանած, թե ուղղակի պահած-պահպանած զանազան թղթերն ու գրությունները միացրել, հարմարացրել, կցել է իր մոտ եղածին կամ ուրիշ տեղերից բերվածին և ներկայացրել իբրև մի օրինավոր ամբողջական գործ։ Այս բանը երևում է մասամբ նաև նրա թողած «Հիշատակարանից», որի հավաստիությունը, ինչպես վերը նշեցինք, նույնպես կասկածելի է։

Հենց վերոհիշյալ հանգամանքներն են պատճառ դարձել, որ կասկածի տակ առնվի այս հետաքրքրական աշխատության պատմական ճշմարտացիությանը։

Դեռ իր ժամանակին Գր. Խալաթյանը համեմատելով և ցույց տալով այն աղբյուրները, որոնցից իբր քաղվածաբար օգտվել է այս «Պատմության» հավաքող-խմբագրողը, գալիս է այն համոզման, թե. «... Զենոբի գրածը արդարեւ (Գաթըրճյանի խոսքն է) Է դարու մի հայի կարկատանք համարելու է»։ Եվ քանի որ այդպես է, ուստի այն պատմական արժեք կարող է ներկայացնել այնքանով, որքանով որ այլոց կողմից է գրվել։ Այդ հարցի պարզաբանմանը, սակայն, նա այնքան էլ կարևորության չի տալիս։

Հարցն ավելի հանգամանալից քննության է ենթարկել Մ. Աբեղյանը։ Գրքի առաջին մասի վերաբերյալ գիտնականը եզրակացնում է, թե «Զենոբ Գլակի այս գործն առանձին պատմական արժեք չունի, որովհետև՝ 8-րդ դարից ոչ վաղ զանազան աղբյուրներից քաղած-սարքած մի պատմության է։ Աղբյուրների մեջ ավելի տեղ պիտի տալ ազգային եկեղեցական հետին ավանդություններին (ընդգծումը մերն է,– Վ– Վ.) և, որ գլխավորն է՝ այդ աղբյուրների մեջ պիտի մտցնել նաև ժողովրդական ավանդությունները։ Այդպիսի ավանդություններից ենք համարում Գիսանե և Դեմետր աստվածների մասին պատմածները և Տրդատի կռիվը Տարոնում։ Կարծում ենք, ժողովրդական ծագում ունի և քրմերի պատերազմը, որ անում ես Գիսանեի

____________________

1 Տես` К. В. Айвазян, «История Тарона» и армянская литература IV—VII веков,, Ереван, 1976, стр. 3 и другие.

[էջ 12]

և Դեմետրի ծառայողները՝ մասնակցությամբ Աշտիշատի քրմերի»1: Աղբյուրների նկատմամբ արված դիտողությունը միանգամայն ճիշտ է և անտարակուսելի: Բայց ինչ վերաբերում է՝ թե սույն գործը «առանձին պատմական արժեք չունի», պետք է որոշ վերապահումներով ընդունել, մանավանդ, որ ինքը նույնպես վերապահումով է ասում «առանձին արժեք չունի». նշանակում է, այնուամենայնիվ, ընդունում է նրա որոշ արժեք ունենալը։ Ուրիշ տեղերում էլ Աբեղյանը շատ նրբամտորեն և խորությամբ նկատել և նշել է այդ գործի պատմական արժեքի այս կամ այն կողմը։

Այս կապակցությամբ ուշագրավ եզրակացության է հանգել պրոֆ. Մ. Մկրյանը2։ Ինչպես Հովհան Մամիկոնյանի, նույնպես և 7—9–րդ դարերի մյուս պատմագրական գործերի երևան գալը նա կապում է ժամանակի հայ հասարակական-քաղաքական և դրա հետ միասին՝ մշակույթի ծաղկման ու առաջադիմության համընդհանուր երևույթների հետ։ Եվ հենց այս առումով էլ ընդգծում է այդ գործի պատմական ու հասարակական արժեքը։ Արաբների տիրապետության հաստատման և մահմեդական լծի ծանրացման ժամանակաշրջանը համընկնում է 7–րդ դարի վերջերի և 8-րդի սկգբների հետ, այսինքն մոտավորապես այն ժամանակաշրջանին, երբ խմբագրվել-կազմվել է «Տարոնի պատմությունը»։ Ճնշումն ու հալածանքը կիրառվում էր առանձնապես քրիստոնեական գաղափարախոսության, կրոնի և նրա վարդապետության բոլոր հետևորդների նկատմամբ։ Անհրաժեշտ էր ամրապնդել, հաստատուն դարձնել, հավերժացնել այդ հավատի հիմքերը, նաև նրա օրինականությունն ու իրավունքները։ Թերևս ավելի շատ այս նկատառումով է, որ Հովհանը վկայակոչում է 4-րդ դարում՝ Գր. Լուսավորչի օրերում ապրած Զենոբ Գլակին, նույն դարաշրջանի ավանդությունները կամ այդ մասին վկայություն տվող հետագա շրջանի մեր մատենագիրներին՝ Ագաթանգեղոս, Մ. Խորենացի և ուրիշներ։

«Տարոնի պատմության» գրվելու շարժառիթների և նպատակների վերաբերմամբ պակաս ուշագրավ չեն նաև Գր. Խալաթյանի դիտողությունները։ Նա գտնում է, թե դրանով պատմիչը ձգտել է սրբագործել սբ. Կարապետի եկեղեցին ու վանքը՝ ոչ միայն իբրև առաջին սրբարան ներկայացնելով, այլև այդ վանքին «...տասներկու մեծամեծ դաստակերտ աւանագէղ ապահովել ջանալով» (ընդգծումը մերն է. - Վ. Վ.), (ընդամենը ավելի քան 25 հազար ծուխ կամ երդահամար), որպես թե հենց Տրդատ թագավորի և Գրիգոր Լուսավորչի կողմից հաստատված ու կնքված լինեին։ Այդպես հնում վարվում էին, ավելացնում է նա. «...վանքապատական կալուածները որևէ ձեռնձգությունից ապահովելու եւ կամ՝ ընդհակառակը, նոցա սահմանները ավելի ընդարձակելու դիտմամբ՝ հնագոյն նշանավոր անձնավորությունների — սուրբերի, թագավորների — հեղինակություններին դիմել և նոցա վերագրել վանքերի վավերաթղթերի հաստատումը»3։ Այդ մասին վկայությունները

____________________

1 Աբեղյան Մ., Երկեր, հ. Գ, էջ 447։
2 Մկրյան Մ., Հայ գրականության պատմություն, 1976 թ., Ե., 267— 281 և 317—326 էջերը։
3 Գր. Խալաթյան, Զենոբ Գլակ, Վիեննա, 1893, էջ 61։

[էջ 13]

բազմաթիվ են Հովհան Մամիկոնյանի «Պատմության» մեջ՝ հատկապես Զենոբին վերագրված մասում։

Ուշադրության արժանի հանգամանք է, օրինակ՝ երբ Գրիգորը ստիպում է բոլոր քրմերին ընդունել քրիստոնեությունը և նրանց էլ հենց նույն տեղում հիմնադրված վանքի պաշտոնյաներ է հաստատում, սրանք միաբերան Գրիգորից խնդրում և պահանջում են, որպեսզի նա իրենց համար բաժին հանի վանքի ունեցվածքից ) և զոհաբերություններից։ Սուրբ Սահակի Կանոնագրքում նույնպես նշված է հետևյալը. «Կուռքերի մոլոր ուսմունքից մեր ազգի դարձի ժամանակ, որ եղավ սբ. Գրիգորի ձեռքով», նրան մոտեցան քրմերը (արդեն քրիստոնյա) և իրենց բաժին էին ուզում զոհաբերումից, նույնպես և մնացած եկամուտներից։ Հատկանշական է, որ հենց ինքը՝ Գրիգորը, Տրդատի համաձայնությամբ, հատուկ կանոններ է սահմանում ժողովրդից տասանորդ հարկ վերցնել քահանաների համար, քահանաներից էլ՝ եպիսկոպոսների համար, նաև երկրի պտուղներից ու զոհաբերությունից բաժին՝ ինչպես եկեղեցու, նույնպես և նրա ամբողջ սպասավորության համար։ Կամ հետևյալ փաստը, իր առաջին իսկ գրության մեջ դիմելով Կեսարիայի Ղևոնդիոս հայրապետին, նա նշում, ցույց է տալիս և գովաբանում այն տեղանքը՝ բարեբուխ, առատաբեր և բնակության համար հարմար, որտեղ առաջինը կործանում է հեթանոս քրմերին (կռատները, մեհյանները) և հիմնում քրիստոնեական աղոթատեղին։ Դրանով ցանկանում է շահագրգռել, որպեսզի չմերժեն և գան։ «Եւ եթէ գայցեք,— ասում է,— զամենայն երկիրդ Եկեղեաց և Հարքայ ձեզ առաջի առնեմք... ձեր եղիցի և որք զկնի ձեր, որչափ կենդանի էք դուք և մեք»1:

Ինչ վերաբերում է Հովհանին պատկանող բաժնին, ապա այնտեղ նույնպես կան բազմաթիվ վկայություններ կալվածքների, դաստակերտների, նվիրատվությունների և այսպիսի այլևայլ հանգամանքների վերաբերյալ։ Դրանց բոլորի գլխավոր գաղափարն այն էր, որ հաստատվեին ու օրինականացվեին տոհմական, դասային ավատատիրության ունեցվածքային-սեփականատիրական իրավունքները։ Հովհանի մոտ առատ փաստեր կան մասնավորապես սբ. Կարապետին պատկանող կալվածքների, երդահամարների և Մամիկոնյան իշխանների կողմից՝ ամեն հաջողակ պատերազմից հետո վանքին ավարամասից բաժին և հարուստ նվերներ հատկացնելու վերաբերյալ, քանի որ իբրև թե միշտ սուրբ Կարապետի աներևույթ զորության, նրա երկնային օգնության շնորհիվ են իրենք հաղթում քանակով նույնիսկ տասնապատիկ ավելի թշնամիներին։ Հովհանը ձգտում է համոզել, թե այդ կարգը, սովորույթը վաղուց ի վեր գոյություն է ունեցել, այսինքն Տրդատ Մեծի և Գրիգոր Լուսավորչի ժամանակից։ «Երբ սուրբն Գրիգորը հիմնադրեց եկեղեցին (սբ. Կարապետը),— ասում է նա,— և նշխարները ամփոփեց այնտեղ, Գիսանե կուռքի գտնված տեղն էլ տերունական խաչի նշանը կանգնեցրեց... Եպիփանին էլ իր ձեռքով բոլոր վանքերի վանահայր կարգեց, թողեց այնտեղ նաև քառասուներեք կրոնավորների, տասներկու դաստակերտ տվեց նրանց, որպեսզի տեղի բնակչությանն սպասավորեն, դրանք են

____________________

1 «Պատմութիւն Տարօնոյ», 1941, Ե., էջ 49։

[էջ 14]

Կուառսը, Մեղտին, Բրեխը, Տումբը, Խորնին, Կեղքը, Բազան և այլն, որոնք մեծամեծ և բազմամարդ ավաններ էին, ինչպես որ կա գրով հիշատակված Մամիկոնյան իշխանների մատյանում»1։

Պրոֆ. Ա. Աբրահամյանն էլ իր հրատարակության առաջաբանում նշել է, որ «Մամիկոնյանի պատմության մեջ կան արժեքավոր տեղեկություններ Հայաստանի տնտեսական հարաբերությունների մասին, հատկապես Մշու սբ. Կարապետի ունեցած կալվածապատկան գյուղերի մասին»2։ Ապա բերում է այն փաստը, որ պատերազմում հաղթողները «Տվին երկու հարյուր ձի, հաղթության առաջին ավարամասը՝ եկեղեցուն»։ Չնայած Հովհանի մոտ երդահամարները, ավաններն ու դրանցում բնակվող ծխերի թվերը բավականին ուռճացված են, սակայն կարևորն այն է, որ դրանք պատմական իրողություններ են, որոնք իրենց հերթին նպաստում են ներկա գործի պատմական արժեքի բարձրացմանը։ «Տարոնի պատմությունը» պատմական անուրանալի արժեք է ներկայացնում նաև քրիստոնեության տարածման համար՝ նրանց և հեթանոսների միջև մղված երկարատև ու համառ պայքարի փաստագրության և բազմաթիվ այլ տեսակետներից։

Այսուամենայնիվ, ինչպես արդեն ցույց են տվել ուսումնասիրողներից շատերը, այս գործի կարևորությունն ու արժեքը մեզ համար ավելի մեծ է ընդհանրապես հայ մշակույթի, նրա զարզացման օրինաչափությունների, դարաշրջանային հատկանիշների քննության և արժեքավորման տեսակետից։ Այս իսկ առումով «Տարոնի պատմությունը» առաջին հերթին հանդիսանում է որպես մի անփոխարինելի աղբյուր ժողովրդական բանահյուսության՝ տարբեր ժամանակներում հյուսված ու պատմվող զանազան ավանդությունների, զրույցների, վիպական այլևայլ ստեղծազործությունների ուսումնասիրման և զնահատման համար։ Ճիշտ է նկատվել, թե այդ զրույցներն ու հերոսական պատմությունները ստեղծված-ճոխացած են հատկապես Մամիկոնյան տոհմի և սբ. Կարապետի փառքն ավելի բարձրացնելու, նրանց հայրենանվեր բազում գործերը գովերգելու և սերունդներին ավանդելու նպատակով, մանավանդ որ դրանք հավաքողն ու կազմողը նույնպես Մամիկոնյան մի անձնավորություն է։ Այդ զրույցներն ու ավանդությունները վաղուց ի վեր մեր ժողովրդի մեջ պատմվող, հավանաբար մի մասն էլ «պարսից պատերազմի վիպական ցիկլից» մնացած զրույցների պատառիկներն են, երբեմն ամբողջական, երբեմն էլ խեղաթյուրված, որ հասել են մինչև 8—9-րդ դարերը։

Մյուս կողմից դրանք պատմական իրողությունների՝ Տարոնի, նրա շրջակա գավառների, ընդհանրապես օտար զավթիչների բռնապետական լծի դեմ հայ ժողովրդի մղած հերոսական կռիվների և անօրինակ քաջագործությունների գեղարվեստական-վիպական արձագանքն են, ուստի և այս տեսակետից էլ մեծ արժեք ունեն և գեղագիտական անուրանալի հետաքրքրություն են ներկայացնում։ «Ի՞նչ է Հովհան Մամիկոնյանի «Տարոնի պատմությունը»,— գրում է այդ մասին Մ. Աբեղյանը։ — Շատ պարզ կեր–

____________________

1 Տես՝ թարգմանության մեջ, էջ 48։
2 Վերը նշված աշխատությունը, առաջաբան, էջ XI։

[էջ 15]

պով ժողովրդական զրույցների մի ժողովածու, որ իրական պատմության հետ գործ չունի, և ընդհակառակն՝ ունի ժողովրդական զրույցների ամեն հատկության։ Միամիտ ընթերցողն էլ դժվար թե հավատա այդ պատմվածքների եղելությանը, նույն ինքն հեղինակն այդ զգացել է, որ «Յիշատակարանի» մեջ գրում է. «Աղաչեմ զմանկանս եկեղեցւոյ Աստուածոյ, զի յորժամ զշարադրութիւնս զայս ընդօրինակէք, մի ինչ թուեացի ծաղր ումեք, այլև զիմ պատճեանն անպակաս և լի գրով դրոշմեսջիք զհետ գրելեացդ»1։

Պետք է նկատել նաև որ թե՛ Զենոբին և թե՛ Հովհան Մամիկոնյանին վերագրված բաժիններում պատմական դեպքերի ու երևույթների արձագանքները՝ լեգենդի վերածված, տեղ են գտել գրվածքի մեջ իբրև իրողություններ։

Այդ տեսակի ուշագրավ զրույցներ են՝ օրինակ Տրդատի և Գրիգոր Լուսավորչի առաջին անգամ Տարոն գալը, Տրդատի պատերազմը հյուսիսականների (հյուսիսցիներ) դեմ և հաղթությունը, որի տարբերակները գտնում ենք Փավստոս Բուզանդի (այստեղ կռիվը վարողը Փոքր Խոսրովն է) և Մովսես Խորենացու մոտ։ Ապա՝ ուշադրության արժանի և բանասիրության մեջ շատ տարակարծությունների առիթ հանդիսացած զրույցների շարքում պետք է հիշատակել Դեմետր և Գիսանե եղբայրների մասին եղածը, այստեղ նրանք ազգությամբ հնդիկներ են, ապստամբել են իրենց թագավորի դեմ և պարտվելով փախել Հայաստան (Տարոն), ուր լավ ընդունելության են արժանացել, փառք ու պատիվ վայելել, իսկ հետագայում իրենց ժառանգների կողմից աստվածների շարքում դասվել ու պաշտվել իբրև կուռքեր։ Այս զրույցի մեջ, սակայն, ինչպես նշել ենք նաև ծանոթագրությունների բաժնում, նրանց հայրը կամ Արձան քրմապետն է, կամ իրենք են հայր ու որդի։ Դարձյալ Աբեղյանն է նկատել, որ այս զրույցի հիմքում երևում է; Մամիկի և Կոնակի մասին եղած հայտնի ավանդության մի «մթնացած հիշողություն հետին դարերի»։ Մովսես Խորենացու, Փավստոս Բուզանդի և Սեբեոսի մոտ եղբայրները, որոնցից իբր սերվեց ու առաջ եկավ Մամիկոնյան տոհմը, ծագումով չինացիներ են և ոչ հնդիկներ։

Արդյոք համանման մի զրույցի կամ միևնույն ակունքից առաջ եկած մի պատումի հեռավոր արձագանքները չե՞ն աստվածաշնչյան Ադրամելեք և Սանասար եղբայրների, կամ թե մեր մեծ վեպի՝ «Սասնա ծռերի» նախնիներ Սանասարի ու Բաղդասարի՝ Բաղդադից փախստական գալու և Սասունում հիմնավորվելու մասին գոյություն ունեցող ավանդությունները։

Զենոբին վերագրված մասում տեղ է գտել մի չափազանց հետաքրքրական և անկախ պատմություն ևս՝ Արծրունյաց Վարդպատրիկ իշխանի Մարիամ տիկնոջ և սբ. Կարապետի միաբանների միջև տեղի ունեցած միջադեպի մասին։ Եվ վերջապես Տարոնում՝ հանուն քրիստոնեական ուսմունքի, և ընդդեմ հեթանոսության մղված պայքարի մասին, հրաշապատում դեպքերով լեցուն ավանդությունները, որ առատորեն սփռված են «Պատմության» մեջ։

Ինչ վերաբերում է Հովհանին վերագրված բաժնին, ապա պետք է ասել,

____________________

1 Աբեղյան Մ., նշվ. աշխատ., հ. Ա, էջ 188,

[էջ 16]

XIV ժողովրդական պարզ ու պատկերավոր զրույցների մի հոյակապ ժողովածու էլ այդ է, որ այդպիսին լինելով՝ պարունակում է, սակայն, շատ արժեքավոր նյութեր պատմական իրականության, ժամանակաշրջանի հասարակական հարաբերությունների, կյանքի, կենցաղի, հերոսական պատերազմների, օտար ժողովուրդների հետ ունեցած հարաբերությունների և համանման այլևայլ խնդիրների վերաբերյալ։

Հերոսները Մամիկոնյաններն են, որոնք սերնդից սերունդ, անձնուրաց կերպով պայքարում են Տարոնի և Հայաստանի թշնամիների դեմ։ Նրանց օգնում և օժանդակում են հայոց մյուս գավառների իշխաններն իրենց զորքերով և ոչ պակաս քաջությամբ ու համարձակությամբ, քան Մամիկոնյանները։ Դրանք նույնպես այն զրույցների կամ իրական պատմությունների ավելի ժողովրդականացած, վիպականացած տարբերակներն են, որոնք դրանից առաջ հանդիպում են Սեբեոսի «Պատմության» մեջ։ «Հովհան Մամիկոնյանի մասի մեջ,— գրում է Աբեղյանը,— հին վեպից մնում է Մուշեղի զրույցը, որ ընդարձակված է Գայլ Վահանի և հաջորդների զրույցներով իբրև «Պատերազմ Տարօնոյ»1: Իսկապես, անմիջապես նկատվում է, որ այս հերոսները, նրանց զործողոթւյունները, նրանց մտածելակերպը ավանդական վիպական է։ Մուշեղ Մամիկոնյանը Տարոնի և ամբողջ Սասունի իշխանն է, որին Հայաստանի մարզպան է կարգում պարսից Խոսրով արքան։ Նրան հաջորդում են Գայլ Վահանը, սրա որդի Սմբատը, սրա որդի Վահանը, որ «մայրենոք» Կամսարական է կոչվում։ Վերջում «Պատմության» մեջ տեղ են զտել նաև Ծիծառնի խաչի և Տիրանի մասին ժողովրդի մեջ պահպանված զրույցները, որոնք, սակայն, ուսումնասիրողներից ոմանց կարծիքով, հետագայում են ավելացված՝ ուրիշների կողմից։ Պատմվածքի վիպական բնավորությունը երևում է առաջին հերթին նրանից, որ Մամիկոնյան տան իշխանները, որոնք բոլորն էլ անմնացորդ նվիրյալ հայրենասերներ են և քաջ պատերազմող, գործողությունների սկզբում դեռևս գրեթե մանկահասակ պատանիներ են, բայց քիչ ժամանակ անց, արդեն հարյուրամյա և ավելի զառամյալ ծերունիներ։ Նրանք պատերազմում երբեք պարտություն չեն կրում, չնայած այն հանգամանքին, որ այդ բոլոր կռիվները մղվում են հայոց հողում, Տարոնի շրջակայքում, և թշնամական զորքերն էլ միշտ հայերից բազմապատիկ ավելի են։ Շատ հետաքրքրական է, որ նույն Մամիկոնյանները Փավստոս Բուզանդի մոտ էլ երբեք պարտության չեն կրում։ Այնտեղ Վասակ Մամիկոնյանը շարունակ կոտորում է պարսից ամբողջ բանակը, կամ Շապուհն է միաձի փախչում ազատվում, կամ մեկը գինվորներից՝ մազապուրծ գնում և հայտնում է եղելությունը։ Այստեղ էլ գրեթե նույնն է, բայց ավելի ևս չափազանցված ու վիպականացած։ Վահան Մամիկոնյանն այստեղ ինքն է միայն մի զինվորի «զրուցատար» ուղարկում, իբրև արհամարհանք թշնամու նկատմամբ, կամ թե ինքն անձամբ է գնում, երբեմն նույնիսկ միայնակ, խաբում, հիմարացնում է թշնամու և՛ զորքերին, և՛ զորավարներին։ Վերջում էլ կտրում է զորավարի գլուխը, վերցնում նրա զենքերը, ամբողջ ինչքն ու ունեցվածքը և ողջ առողջ վերադառնում։ Պար–

____________________

1 Աբեղյան, նշված աշխատությունը, էջ 452։

[էջ 17]

զապես էպոսին հատուկ վիպականացման է ենթարկել Հովնանն իր պատմելիքը։ Վահանի որդի Սմբատը, որը Սեբեոսի «Պատմության» մեջ ավելի է մոտենում իրական-պատմականին, նույն վիպական Սմբատ Բագրատունին է, որը այստեղ Մամիկոնյան է։ Սրա որդի Վահանը հավանաբար իր պապ Գայլ Վահանն է և այլն։ Այդպես են և մյուսները։

Մի անգամ պատերազմում Սմբատը այնքան մարդ է կոտորում թշնամիներից, որ սուրը բռնակից կոտրվում է նրա ձեռքում և դաստակն էլ մածուցվում-կպչում է բռան մեջ։ Որքան չարչարվում են դաստակը չի պոկվում բռան միջից։ Ստիպված հրամայում է բերել մի պարսկի, գլուխը կտրում են, տաք արյունը հոսում է Սմբատի ձեռքին, նոր միայն դաստակը թուլանում և պոկվում է բռան միջից։ Զավեշտը, ծաղրական ու երգիծական հատվածները առատորեն սփռված են Հովհանի մոտ։ Նման երգիծանքն իսկական ժողովրդական վիպական մտածողությանը հատուկ մի երևույթ է, որը սնվելով հինգերորդ դարի ավանդներից, անցել է 7— 8-րդ դարերին, գեղեցիկ դրսևորում է գտել մեր մեծ էպոսում՝ «Սասնա ծռերում», ապա՝ փոխանցվելով 10-րդ ու հետագա դարերի պատմագրությանը՝ այդպիսով հարատևել։ Հիշենք, թե երգիծական ինչպիսի սքանչելի հնարանքներով էր Սասունի ժողովուրդը ծաղրում Կոզբադինին և մյուս հարկահաններին։ Ահա մի երկու օրինակ Հովհանի «Պատմությունից»։ Մուշեղի զինվորները (Վահանի կարգադրությամբ) կտրում են պարսից զորավար Միհրանի գլուխը և ուղարկելով այն նրանց թագավորին, պատվիրում են հաղորդել հետևյալը. «Այս մարդը, երբ մարզպան եկավ մեր երկիրը, այնժամ զորքերը դեմ առ դեմ ախոյան կանգնելով՝ խաղագնդակ էին ուզում, բայց չկարողացանք գտնել։ Հույներից էլ չհամարձակվեցինք գնալ խնդրել, քանզի ձեր ոխերիմ թշնամիներն են։ Ձեր զորքի մոտ էլ նայեցինք, տեսանք նրանց մոտ էլ գնդակ չկար։ Ստիպված կտրեցինք այս գլուխն ու խաղացինք։ Արդ, իմացանք, որ Շահաստանից եկել եք Բաստր քաղաքը [որ մի] երկիր է տափարակ ու դաշտաձև։ Գիտենք, որ գնդակ պիտի խաղաք, ահավասիկ, վերցրեք ձեր քրոջ որդու գլուխը և թող ձեզ խաղագնդակ լինի սերնդից-սերունդ»1։ Մեկ այլ առիթով Սմբատը հետևյալ բովանդակությամբ նամակ է ուղարկում պարսից Խոսրով արքային. «Կամ հինգ տարվա հարկը կտաս ինձ, ասում է, քանի որ քո զորքդ ու նրանց անասունները իմ երկրի հացն ու խոտը կերան, և փայտի արժեքը, որ իբրե վառելիք օգտագործեցին, և ջրինը, որ խմեցին, և այն տաճարների գինը, որ իմ հայր Վահանը այրեց [այնտեղ պատսպարված] քո զինվորների պատճառով, և սապոնի գինը՝ հիսուն հազար դահեկան, որով քո զինվորների գարշահոտ ու արյունաթաթախ զգեստները լվանալ տվեցինք ու հագանք։ Ապա թե՝ ոչ, գամ [միայն] հարյուր մարդով քո վրա և ամբողջ Պարսկաստանը գերեվարեմ բերեմ Տարոնում լցնեմ և քո այդ կուռքերի տեղն էլ բերեմ շներին կապեմ, որ դրանց փոխարեն ձեզ համար հաչեն»2։

Ծաղրական երկխոսություններով և միմյանց նկատմամբ անվանար–

____________________

1 Տե՛ս թարգմանության մեջ, էջ 81։

2 Նույն տեղում, էջ 90։

[էջ 18]

կումներով լի է Հովհանի պատմվածքը։ Բանն այն է, ինչպես նկատել են ուսումնասիրողներից ոմանք, որ Հովհանի ստեղծած գեղարվեստական կերպարները այլևս ազատախոհ են, զերծ քրիստոնեական մորալի՝ չարին բարությամբ պատասխանելու գոգմատիկ քարոզի և մտածողության կաշկանդումներից։ Նրանք չափազանց համարձակ են, անխնա՝ երկրի ամեն մի թշնամու նկատմամբ, նույնիսկ չեն խուսափում թշնաման ճարպկությամբ, խորամանկությամբ, ամեն միջոցով հաղթելու հնարավորությունից։ Խորամանկությունն այստեղ արդեն դիտվում է իբրև խելացիություն, իմաստնություն, հնարամտություն։ Սմբատը անմարդկային դաժանությամբ է վերաբերվում գերի մնացած բոլոր թշնամիների նկատմամբ՝ անկախ տարիքից և սեռից։ Նա շատ հեռու է Փավստոսի ներկայացրած Մուշեղի ասպետական մեծահոգությունից ու խղճմտանքից։ Ժողովուրդը Հովհանի մոտ միշտ մասնակից, գործակից կամ ականատես է իր հերոսների գործողություններին, նա ակտիվ մասնակցություն ունի թե՛ իր աջակցությամբ, թե՛ ոգևորելով ու ոգեշնչելով, թե՛ իր առողջ, լավատեսական, պայծառ երգիծանքով, որոնք բոլորն էլ հատուկ են մեր հանճարեղ էպոսին։ Այդ է թերևս պատճառը, որ Հովհանի «Պատմությունը» լեզվի և ոճի առանձնահատկությունների տեսակետից էլ շատ է մոտենում ժողովրդական պատմելաձևին, նրա ոճին, կարծես թե նույնանում է նրա հետ։ Ինչ որ է, ընդունելով և գնահատելով հանդերձ այս գործի գրական–գեղարվեստական անուրանալի մեծ արժեքը, ժողովրդական բանահյուսության հետ ունեցած նրա անխզելի կապը, այնուամենայնիվ, այն մեզ համար մնում է իբրև պատմության սկզբնաղբյուրային նշանակություն ունեցող, պատմական ու հասարակական փաստերի առատությամբ աչքի ընկնող մի երկ։ Հենց այդ գիտակցությամբ էլ ձեռնարկել ենք սույն թարգմանությունը։


1. Տիտղոսաթերթ եւ այլն  |  2. Նախաբան
3. Տարոնի պատմությունը, որ թարգմանել է ասորիների Զենոբ եպիսկոպոսը
4. Պատճեններ I- IV... Ծիծառի Խաչի պատմությունը... Վահանի որդի Տիրանի մահվան եւ աղի ծովի ափին տեղի ունեցած պատերազմի մասին...
5. Ձեռագրերը և հրատարակությունները  |  6. Ծանոթագրություններ
7. Անձնանունների ցանկ  |  8. Տեղանունների ցանկ
9. Բովանդակություն (ըստ գրքի)

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր՝ ԵՐԵՎԱՆ «ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԳՐՈՂ» — 1989
Տրամադրեց՝ Միքայել Յալանուզյան
Սկան՝ Միքայել Յալանուզյան
OCR՝ Միքայել Յալանուզյան
Ուղղագրում՝ Միքայել Յալանուզյան

Տես նաև

Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice