ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian

Հովհան Մամիկոնյան

ՏԱՐՈՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ


[էջ 19]

ՏԱՐՈՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐ ԹԱՐԳՄԱՆԵԼ է ԱՍՈՐԻՆԵՐԻ ԶԵՆՈԲ ԵՊԻՍԿՈՊՈՍԸ1

ՍՈԻՐԲ ԳՐԻԳՈՐԻ ԱՌԱՋԻՆ ԹՈՒՂԹԸ,2 ՈՐ ԳՐԵՑ ԵՎ ՈՒՂԱՐԿԵՑ ԿԵՍԱՐԻԱ

— Աստվածային սիրով պատվված և բոլոր մարդկանցից փառաբանված, երիցս երանելի տեր Ղևոնդ հոգելից և սուրբ Հայրապետին, մեծ ու հոյակապ Կեսարիա3 քաղաքի քահանայապետին. Ձեր սուրբ ձեռնադրությունից ի վեր՝ մեր փանաքիմացության այս առաջին թուղթը, ահա, ողջույններով ու սրբությամբ թող հասնի ձերդ փառավորությանը և ապա տիեզերքին համայն։

Հույժ գոհ ենք աստծուց, որ իր հայրախնամ ողորմությամբ խղճաց մարդկային ցեղին իր միածին որդու աշխարհ գալով, որը առաքելական քարոզչությամբ աշխարհի բոլոր ազգերին երկնային քաղաք հրավիրեց, որով և այս աշխարհի մեծագույն մասը փառքի հասավ։ Քանզի այստեղ եկած [Քրիստոսի] երկու լծակիցները4 սուրբ հոգու շնորհիվ այդպիսի վիճակ ընդունեցին, որ թեև դրանով իսկ հեռացան ճշմարtությունից, սակայն աստծու ողորմած կամքը գթաց [մեզ] մեր նվաստության համար։ [Ըստ այդմ էլ] կամեցավ և սքանչելիքներ գործեց մեր ժամանակներում, որը դուք հենց մեզանից լսեցիք։ Մանավանդ ձեզանով կրկին գոհություն ենք մատուցում աստծուն, նույնպես և ձեզ օրհնություն, որովհետև հայոց աշխարհին շնորհեցիք կենաց գանձը՝ սուրբ

[էջ 20]

Հովհաննես Մկրտչին, [ընծայելով] իբրև միջնորդ աստծու և մարդկանց, նրա գալստյամբ չափազանց ուրախացավ մեր հայոց երկիրը, ինչպես այնտեղ Հորդանանը՝ Քրիստոսի գալստյամբ։

Եվ այս ամենը, ահա, ծանուցում ենք ձեզ, որպեսզի իմանաք, թե ինչպես [այնտեղ] Քրիստոսի ջուրն իջնելով մահը կործանվեց, նույնպես և այստեղ սրա գալստյամբ դժոխքի դռները խորտակվեցին։ Որովհետև հենց այստեղ է գտնվում Չորրորդ Հայք անվանված երկիրը,5 ուր և ավարտվում է Երկրորդ Հայքի սահմանը՝ Տավրոս կոչված լեռան [ստորոտում], որ կտրում անցնում է մինչև պահլավական Պարսկաստանի դռները։ [Հենց] սրա շուրջն է ընկած Մամիկոնյաններին պատկանող երկիրը, և հենց այստեղ էլ երկու տեղ մահն էր բույն դրել։ Դրանցից մեկում, հատկապես, այնքան էր որջացել, որ սուրբ հոգին հայտնի դարձրեց, թե հենց դա է դժոխքի դուռ կոչվածը, որին հնդիկներն ու պարսիկներր Իննակնյան են անվանում, և որի Գիսանե կուռքով ու նրա որդի Դեմետրով պարծենում են տեղի բնակիչները։

Ուստի ձեռնարկեցի շտապ կարգով կործանել սատանայի այդ պատկերները, և նույն այդ մատուռի տեղում հաստատեցի սբ. Կարապետի և Աթանագինես վկայի նշխարները։ Դրա հետևանքով էլ տապալվեց ու կործանվեց մահն իր զորությամբ, և այժմ նույն Իննակնյան վայրում Աստծուն են պատվում երկրպագելով։ Ապա նաև նույն տեղում թողեցի Քրիստոսի երկու կենդանի վկաներին՝ Անտոնին և Կրոնիդեսին, որոնց դու ինքդ՝ քո սիրո և բարեպաշտության շնորհիվ մեր հայոց աշխարհին ընծայեցիր։

Նրանց որպես կետ6, [սահման] հավիտենության նշանակեցինք ընդմիշտ Քրիստոսի հետ խաչվելու, սակայն կենդանի են մարմնով՝ հանուն ուրիշների (մարդկային ցեղի) բարերարության, որոնց և համարում եմ՝ ինձ շնորհված աննյութեղեն գանձ։ Այլև աղաչում եմ, որպեսզի մեր հանդեպ ունեցած քո սիրո և մտերմության համաձայն մյուս ընծաներն էլ շնորհ անես ինձ։ Քանզի «...Հունձք բազում հասեալ են ի Քրիստոս եւ սակաւք մշակք»*։ Ահա, աղաչում եմ

--------------

* (Քրիստոսի [սերմանած] առատ հունձքը հասել է, բայց մշակները սակավ են)։ Այստեղ գործածված է իբրև թևավոր խոսք։

[էջ 21]

քեզ, որպեսզի դուրս բերես մշակներիդ տիրոջ հունձն անելու։ Նրանցից մեկը, որ խնդրում ենք քեզանից, Եղիազարոսն է, իսկ մյուսը՝ հայոց եպիսկոպոս Սիուսը, Զենոբ Ասորու եղբայրը, նա, որին ինձ հետ առնելով բերեցի և ձեռնադրեցի Մամիկոնյան տան եպիսկոպոս։ Մանավանդ ադդենացիների Տիմոթեոս եպիսկոպոսին ենք խնդրում ուղարկես, որի մեծ հմտությունը դպրության ասպարեզում ինքդ էիր գովաբանում։ Այդպիսի մեկը շատ օգտակար է մեր երկրում և նրա օգնությունը ստացած կլինենք քո աղոթքներով։ Ուստի և հարատև ճգնությամբ շատերին օրինակ հանդիսանալով և տիրոջ տված շնորհներով ուսուցանելով` ողջ եղեք, տիրոջ անունով բազում մարդկանց օգնելու և մեզ համար էլ բաբեխոս լինելու, ամեն...

 

ՊԱՏՃԵՆ ԵՐԿՐՈՐԴ, ՍՈԻՐԲ ԳՐԻԳՈՐԻ ՈՒՂԱՐԿԱԾ ԹՂԹԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ, ՈՐ ԻՐ ՎԵՐՋԻՆ ԺԱՄԻՆ ԳՐԵՑ ԿԵՍԱՐԻԱՅԻ ԵՊԻՍԿՈՊՈՍԸ

Աստվածամերձ ու երջանիկ եղբայրդ Քրիստոսի, ուրախարար նամակդ հասավ մեզ և կատարյալ խնդությամբ լցրեց իմ բազմավիշտ անձը։ Ու թեպետ հարատև տրտմության պատճառով խորին անձկության մեջ էի, սակայն Ձեր երախտագիտական նամակը շարժեց մեր դանդաղկոտությունը։ Եվ կարդալով այն՝ գրածիդ համաձայն գոհություն մատուցեցինք մեր տիրոջը, որովհետև անտես չարիր նաև հյուսիսային ազգերին՝ ճշմարիտ հավատից երիցս զրկվածներին, որոնք մինչև օրս էլ դեռ իրենց մոլորեցնողներին աստված են համարում7։ Քանզի այդ բանը ճշմարտության հակառակորդը՝ սատանան ինքը սովորեցրեց նրանց, որպեսզի շարունակ խավարում խարխափելով, ընդմիշտ զրկված մնային աստվածաճանաչությունից։ Սակայն հանկարծահաս եղավ նրանց մարգարեի խոսքը, թե՝ ժողովուրդներ, որ խավարում եք բնակվում, ահա՜, տեսե՛ք աստվածիմացության մեծ լույսը։ Քանզի թեև արեգակն արդարության շատ վաղ ծագեց արարածների վրա, բայց քո ժողովուրդները օրը ցերեկով որմերի մեջ էին դեգե­րում, ինչպես խավարամած գիշերում։

[էջ 22]

Ուստի այս անգամ ևս աստված խղճաց նրանց և իջավ փրկելու անմարմին փարավոնի ձեռքից։ Որովհետև գերադաս համարեցիր տանջվել, որպես Մովսեսը, որ ազատելով նրանց դուրս բերեց Սինայի անապատը8, ուր գազանների ոտքն անգամ չէր դիպել, որտեղից էլ իսպառ հալածվեցին ցավն ու տանջանքը։ Ահա, քանի որ քո շնորհիվ դրանց համար ծագեց արեգակն արդարության՝ Քրիստոսը, և դու ընտրվեցիր սուրբ առաքյալներ Բարդուղիմեոսի ու Թադեոսի փոխարեն, ուստի և միտքդ բեր նրանց նահատակությունը և երբեք մի խոտորվիր նրանց բաց արած շավղից, մանավանդ որ դրա համար որևէ պատճառ էլ չկա. և հիշի՜ր, որ տերը նրանց շինելու համար կոչեց և ոչ թե քանդելու։ Եվ քանի որ Կարապետն էլ դեռ նոր է ոտք դրել ձեր հայոց աշխարհը, ուստի և իմ անունն էլ դրիր մատյանումդ, որով և օրհնության մասը ստացած կլինեմ քեզանից հետո եկողներից։

Այլև բարյաց խրատն եմ տալիս քեզ. այդ Իննակնյան տեղանքը, որի մասին շատերն են ասում, թե բարեբուխ է, հատկացրու այն որպես բնակության տեղ կրոնավորաց դասի համար։ Հաստատիր դրանք այն նույն կանոններով, որ տեսար այստեղ մեր կրոնավորների մոտ։ Իսկ ճգնակեցության կարգն էլ պետք է ուսանես սուրբ Անտոնից, որի մոտ ոչինչ պակաս չկա ավագ Անտոնից9:

Քեզ զորավիգ լինելու նպատակով սբ. Անտոնի աշակերտ Եպիփանին էլ համոզեցի գալ այդ Իննակնյան վայրերը, իր հետ բերելով քառասուն հոգի խարազանազգեստ և ճգնակյաց, աշխարհիկ կյանքից հրաժարված և պարկեշտ վարքով ապրողների։ Բայց Եպիփանին կկարգես դրանց ու մեր մյուս եղբայրների վերակացու10։ Եվ դրոշմիր հավիտենական հուշարձան, որպեսզի գյուղաքաղաքների կամ դաստակերտների բնակիչներից ոչ մեկը ալեքսանդրացիների օրինակով չգործի ամենուրեք տերունական տաճար կառուցելով, առանձին բնակվի։ Հավաքիր նույն տեղում մի հարյուրի չափ մարդ, հատկացրու նրանց համար մեծամեծ ու հարուստ գյուղեր և ավաններ, որպեսզի վանքերի կարիքները նրանք բավարարեն և իրենք էլ միայն ճգնությամբ ու աղոթքով պարապեն։ Խրատիր նաև այդտեղի իշխանավորներիդ, որպեսզի եկեղեցու զարդ լինեն՝ աղքատասեր, կրոնավորասեր ու երկյուղած։ Բայց մա-

[էջ 23]

տուռների շինությունները չդարձնես կրոնավորության համար բնակության վայր, այլ դրանց մեջ քահանաներ ու քորեպիս­կոպոսներ կկարգես, նրանց համար դաստակերտներ կհատկացնես և աղքատանոցներ շինել կտաս, որպեսզի այնտեղ բժշկվելու եկողները չտրտնջան, ինչպես որ նախկինում ուխտի եկածներին խորանի դռանն էին քնեցնում։

Այս ամենն, ահա, այդ ձևով անել տուր։ Իսկ ինչ վերաբերում է Տիմոթեոս և Եղիազարոս եպիսկոպոսներին, որ ինձանից թախանձանոք խնդրում ես, նրանք դեռ այն ժամանակ գնացին, երբ դուք բագիններն էիք կործանում. և մեզ էլ հարցման պատասխանն էիք ուղարկել։ Եղիազարն իր քաղաքից փախստական գնաց, որովհետև նրա վրա հարձակվեցին հերետիկոսները և հալածեցին դեպի Հռոմի կողմերը։ Իսկ Տիմոթեոսը, ինչպես լսեցի, գնաց Երուսաղեմի կողմերը, որպեսզի այնտեղ Ավետարանը հելլենական լեզվով թարգմանի։ Ես էլ իսկն մահվան ցավին եմ հասել, և չգիտեմ, թե ինչքան է մնում ինձ ապրելու, որի պատճառով էլ ծուլանում եմ նրանց նամակ գրել։ Ինքներդ գրեցեք և հայտնեք նրանց ձեր միտքը, [պատմեցեք] նաև այդ տեղերի գեղեցկության մասին։ Եվ առավել ճշգրտությամբ նկարագրեք նրանց, թե ի՞նչ ահարկու էր ձեր և քուրմերի միջև [տեղի ունեցած] պատերազմը, երբ մեր մոտից գնացիք։ Ապա գաղտնի նամակով ցույց տվեք նրանց նշխարների տեղը, որպեսզի լսողների մոտ ոչ մի կասկած չմնա, թե [դրանք] չեն բերվել։

Իսկ եթե մեր որպիսությունն ես կամենում իմանալ, ապա կասեմ, որ կյանքս ավարտված է արդեն և մահին եմ աչքս հառած։ Սակայն հրշի՜ր, որ թեև մեր մեջ արտաքին մարդը աղճատվում [ապականվում] է, բայց ներքին՝ [հոգևոր] կենաց նորոգումն է սկսվում։ Եվ մեր կյանքն էլ թող տեր Աստվածը ձեզ պարգևի, որ անձամբ առաջնորդելով հոտդ` կարողանաս բանավոր փարախը դեպի վերին Սիոնը փոխադրել. դրանով, նաև [սուրբ] աղոթքներովդ Քրիստոսը գուցե մեր հոտին էլ բարի աչքով նայի, քանզի հովվապետի երևալով մենք ևս մեր մշակների հանդեպ վարձատրված կլրնենք։ Ողջ եղեք ի տեր Հիսուս Քրիստոս։

[էջ 24]

* * *

Իսկ երբ որ պատմագավորները վերադարձան սբ. Գրիգորի մոտ, նրանց Տարոնում չգտան, ուստի անցան գնացին Հաշտենքի կողմերը՝ Արարատյան գավառի Վաղարշապատ քաղաքը։ Եվ հանելով նամակը բազմության առջև նրան հանձեցին. այն կարդալով՝ թագավորի հետ միասին, չափազանց տրտմեցին, առավելապես Եղիազարի հալածանքների և հայրենի երկրից [նրանց] հեռանալու պատճառով։ Ապա ինքը՝ թագավորը11, չորս գահերեց իշխանների հետ միասին, նյուստրացիների Եղիազար եպիսկոպոսին և ակդենացիների* Տիմոթեոս եպիսկոպոսին [խնդրանքի գիր] հղեցին և այս է պատճենը գրության**.

— Տիրոջը ցանկալի եղբայրներիդ և հալածական մշակներիդ, Տրդատ [մեծ] թագավորի և բոլոր իշխանների մասնակցությամբ՝ հանուն կենաց խոսքի, հղում ենք ողջո՜ւյն ի տեր...

Ամեն ոք, ով հանձն է առնում աստծո կամքին ծառայելը, պարտավոր է հալածական լինել, որովհետև նրա քարոզչությունը ոչ բոլորի համար է ընդունելի։ Ինչպես որ այժմ ձեր մասին իսկ լսեցինք, թե հալածական եք ձեր բնակության վայրերից, հանձն եք առել լինել օտարական հարազատ երկրի ու բարեկամների համար, առ ոչինչ համարելով պանդխտության վիճակը, այլև թափառական գնացիք և չգիտենք էլ, թե ո՞ւմ մոտ և [ո՞ւր] հանգրվանեցիք։ Ահա, երանի ենք տալիս ձեզ աստանդական կյանքի համար, բայց ձեր իմաստությանը ո՛չ։ Մանավանդ գիտեիք, որ թագավորն մեր լի է քրիստո­նեական հավատով և մեր աշխարհն էլ՝ աստվածապաշտությամբ, հապա էլ ինչո՞ւ եղաք փախստական դեպի այդ հեռավոր և օտար երկիրը։ Գիտեիք նաև, որ մեր բոլոր գավառներին եպիսկոպոս ու քահանաներ են հարկավոր, իսկ սրանք, որ զանազան կողմերից եկել–հավաքվել են, ի՞նչ են [սրանք] հայոց վեց հարյուր քսան գավառների համար, ամեն մի գա-

___________________

* Բուն տեքստում երբեմն գործածված է ակդենացի (փոխ, ադդենացի) ձևով:

** Գլխակարգության և պատճենների վերաբերյալ տե՛ս ներքևում՝ N 2 բացատրությունը։

[էջ 25]

վառի մեկ կամ ամենաշատը երկու քահանա հազիվ թե հասնի։ Որովհետև այստեղ մանուկները դեռ դպրանոցի են և ոչ մեկը նրանցից հասուն չէ քահանայության։ Մինչդեռ դուք [բազում] կրոնավորների առած դեպի օտար ու հեռավոր կողմերը գնացիք։

Ուստի, եթե չե՞ք ուզում այլևս ձեր երկիրը դառնալ, աղաչում ենք՝ մեզանից մի՛ հրաժարվեք, այլ ամենայն վստահությամբ, այն մարդկանց հետ, որոնց ձեզ մոտ ենք ուղարկում, փութացե՛ք գալ։ Եվ եթե գաք, Հարքի և Եկեղյաց գավառները բովանդակ ձեր առջև կդնենք. ուր կամենաք բնակվել, ձերը թող լինի ու ձեր հետնորդներին՝ որքան ժամանակ, որ կենդանի ենք մենք և դուք։ Իսկ Մամիկոնյան աշխարհը, թե հաճո է քեզ, ինչպես որ ինքդ էիր ասում, թե Իննակնյան կողմերն ինձ բաշխիր, այնտեղ հենց քո եղբորը ինքս ձեռնադրեցի եպիսկոպոս։ Եվ նրա չափազանց թախանձանքների համար այդտեղի անունն էլ փոխեցինք ու նրա [ավելի] անունը Գլակավանք դրինք12։ Այնքան ջերմեռանդ է սպասավորությունը սբ. Կարապետում, որ մինչև անգամ ամբողջ վանքը քար ու կրով կառուցեցինք։ Եվ ինձ թվում է, թե մինչև մահ ոչ մեկին չի կամենա տալ, իսկ մեզ էլ վայել չէ վերցնել իրենից, որովհետև առանց ուրիշների օգնության մեծ ջանք է թափում, եկեղեցին էլ արդեն ինքը կառուցեց, որի միմիայն հիմքը ես դրի։ Բայց եթե ինքը կամենա տալ, մենք ուրախ կլինենք և դեռ, ի հավելումն, դաստակերտն՝ էլ ես կտամ։ Իսկ թե այդ էլ չեղավ, ապա երկիրն ամբողջ ձեր առջևն է, որտեղ որ վայելուչ եք գտնում, թող ձերը լինի, որպեսզի ձեր ցանկացածներից ոչինչ թերի չգտնեք մեզանում։

Ողջ լինե՛ք ի տեր...

Ապա այն առաքյալները, որոնք Կեսարիա էին եկել, նամակը առան, տարան մինչև Ուռհա, այստեղից Կեսարիա վերադարձան, բայց այնտեղ էլ [նրանց] չգտան։ Այնտեղից ելնելով Երուսաղեմ գնացին, դարձյալ նրանց չհանդիպեցին, բայց այստեղ իմացան, որ երկուսն էլ Հռոմ են գնացել։ Եվ երբ Հռոմ գնացին, լսեցին, որ Եղիազարը տասներկու մարգարեներին թարգմանելու նպատակով ասորական Միջագետք էր գնացել։ Իսկ Եգիպտոսի եպիսկոպոսներ Բեկտորը, Անաստասն ու Գայոսը, երբ տեսան թուղթը, շատ ուրախացան ու

[էջ 26]

խնդացին, քանի որ իրենք էլ հալածական շրջում էին Եզիարարի ետևից։ Եվ շտապ կարգով նույն բաները մեկ այլ նամակում գրեցին և ուղարկեցին Կորնթոս՝ Տիմոթեոսին ու Անքիկոս սարկավագին, որը բազմաթիվ լեզուների քաջատեղյակ էր, կանչեցին նրա մոտ, իսկ իրենք վերադառնալով Միջագետք Եղիազարին այնտեղ չգտան, ուստի վերադարձան Երուսաղեմ։

Մյուս պատճառն էլ [նրանց գնալու] դրա համար էր13 մեկն էլ Մենանդրի աղանդի քննության պատճառն էր, որովհետև այն ժամանակ դեռ շատերն էին պահում այդ պղծությունը։

Երբ գնացին Երուսաղեմ և այնտեղ էլ Եղիազարին չգտան, հենց նույն օրը վախճանվեց Երուսաղեմի հայրապետը, որ կարծես [այդ բանը] հաճելի էր երուսաղեմցիներին14, քանզի Գայոսին բերեցին ձեռնադրեցին Երուսաղեմի հայրապետ։ Իսկ Բեկտորն ու Անաստասը վերադարձան Կեսարիա։

Եղիազարը գալիս ճանապարհին հանդիպեց Գրիգորին ու Տրդատին, չափազանց ուրախացավ և նրանց հետ գնաց հասավ Հռոմ քաղաքը։ Բազում օրեր այնտեղ մնաց, ապա խնդրեց որևէ մաս սուրբ առաքյալների նշխարներից՝ ձախ ձեռքը Անդրե առաքյալի և մի փոքր մասունք Ղուկաս ավետարանիչից, որոնք վերցնելով իրենց հետ, մեծավ խնդությամբ վերադարձան Հայոց աշխարհը։ Տրդատը անցավ գնաց իր երկիրը, [ոստանը]՝ Արարատյան գավառի Վաղարշապատ քաղաքը. իսկ Գրիգոր սուրբը որոշ ժամանակ մնաց Տարոնում՝ իր մոտ ունենալով սուրբ առաքյալների նշխարները։ Քսան­հինգ օր հանգիստ առավ Գիսանե կուռքերի տեղում գտնվող Ւննակնյան [Գլակա] վանքում, ուր հանգչում էին սուրբ Կարապետի նշխարները։

Եվ առաքեց Մամիկոնյան տան իշխաններին՝ գտնելու մի լեռնաբնակ ու վայելուչ տեղ. սրանք գնալով բազում օրեր հետազոտեցին, բայց ոչ մի գավառում հարմարավետ տեղ չգտնելով վերադարձան [ձեռնունայն]։15

Այնժամ սուրբ Գրիգորը եկեղեցու սպասավորներին կարգադրեց երեքօրյա աղոթք անել. իսկ ինքը եկեղեցի մտնելով տարածեց ձեռները սուրբ առաքյալների նշխարների և սուրբ Կարապետի տապանի առջև ու աղոթքի հետևյալ խոսքերով դիմեց դեպի երկինք.

[էջ 27]

— Տեր բազմագութ և ողորմած Աստված, որ քննիչ ես իրավանց և ողորմածություն պարգևող, դու որ ներողամտությամբ հիշեցիր քո բարեգթությունը մոռացած մարդկային ցեղը, բոլորովին չբարկացար և առհավետ չանտեսեցիր, այլ կարգեցիր մեզ վերակացու այս քահանայական դասին, տուր մեզ իրավունք և [ժամանակ] հատուցանելու մեր առաջին հայրերի պարտքը, որոնք սուրբ ավետարանի քարոզչությանը դիմադարձ հանդիսացան, որոնց մեղքերի պատճառով ամենուրեք մահը տիրեց և կորուստն ապականության, և մահվան կապանքը անեծքով շղթայեց բոլորին՝ արժանացնելով նրանց դժոխոց կայանին*, որոնց չարը համոզեց մնալու ունայնության [խավարում], որպես թե ճշմարտության [լույսի] մեջ մնալիս լինեին։ Բայց մեզ շնորհեցիր ճանաչել քո սուրբ անունը և ժառանգորդ լինել երկնային արքայությանդ՝ սուրբ առաքյալների հետ մեկտեղ [հավասարապես], ապա հեռավորների ու մերձավորների միջև խաղաղություն հաստատեցիր քո միածին որդու գալստյամբ և սուրբ առաքյալների քարոզչությամբ, որոնք ավետարանական շրջագայությամբ ամբողջ աշխարհը բժշկեցին16։

Առավելագույնս է և այն, ինչ որ քո բարձրակամ ողորմածությամբ [մեր] աշխարհում գործեցիր այս սուրբ Կարապետի ձեռքով, որն իր մարմնով բուժեց աշխարհն ամենայն։ Մանավանդ, որ բարեգթությանդ առավել հաճելի եղավ բնակվել այս տաճարում, որի հիմքը՝ քո իսկ ակնարկությամբ, ինձ շնորհվեց դնել հենց նույն տեղում, որում մեր հավատի հիմնը խարսխված պիտի մնա անդրդվելի՝ մինչև վերջին դատաստանի օրը, հորժամ գաս և կրկին նորոգես նրան անապական մաքրությամբ։ Նրան, որ խավարի ու ճշմարտության միջնորդ եղավ,17 և հետո էլ վերստին դառնալով բազմելու է միածնիդ աջ կողմը անասելի փառքով պսակված։

Դու, տեր զորությանց, մտիկ տուր քո երկնային անձեռակերտ բարձունքից և մատնացույց արա պատշաճ հանգստարան, որպես [վկայարան] քո սուրբ առաքյալների նշխարների համար այս երկրում, հանուն քո անվան մեծության և ի պա-

___________________

* Հավանաբար՝ Գեհենի մասին է խոսքը։

[էջ 28]

տիվ ամենասուրբ երրորդությանդ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։

Երբ ավարտեց աղոթքը, այնժամ հայտնվեց նրան տիրոջ հրեշտակն ու ասաց.— Վեր կաց, գնա դեպի Տավրոս լեռան ստորոտը և ես ցույց կտամ այն տեղը, որ տիրոջը հաճելի թվաց սրբերիդ բնակվելու։ Իսկ նա մեծավ խնդությամբ դուրս եկավ, առավ սբ. առաքյալների նշխարներն ու գնաց հենց նույն տեղը, որ ցույց տվեց նրան տիրոջ հրեշտակը։

Նախ օրհնեց տեղանքը, ապա պատվիրեց հայթայթել սուրբ վկայարանի կառուցման համար շինանյութ։ Դրեց այնտեղ սուրբ առաքյալների մասունքը և կարգեց եկեղեցու պաշտոնյաներ՝ տասներկու հոգի (բժ-ան) ու այն հանձնեց Եղիազարին. և վանքն էլ անվանեց Եղիազարի վանք։ Ապա մեծ տոն կատարեց այնտեղ սրբոց նշխարների բնակեցնելու օրը ժողովրդի բազմությամբ հանդերձ, ուր շատ-շատերը բժշկվեցին։18

Ապա այնտեղից ինքը՝ առնելով իր հետ Եղիազարին, տարավ նրան թագավորաբնակ Վաղարշապատ քաղաքր, որտեղ [նույնպես] ցնծության մեծ տոն կատարեցին։ Իսկ [Տրդատ] թագավորը հրամայեց այդ առթիվ հավերժացնել սուրբ առաքյալների հիշատակը զվարթ տոնախմբություններով և պատարագ մատուցելով։ Այդ նույն օրը եղավ նաև բոլոր պարտատերերի ու հանցապարտների ազատագրման օր. իսկ նրանց էլ, որ բանտերում էին և շղթայակապ, հրամայեց ազատել երկաթյա կապանքներից։

Այդ նույն ժամանակներում Բեկտորն ու Անաստասը Բյուզանդիայում հանդիպելով այն մարդկանց, որոնք Տարոնի Աշտիշատից էին գնացել, լսում են նրանցից առաջին պատերազմի մասին, թե ինչպես իրենց դեմ ելան Գիսանե կռատան քուրմերը, մինչև սուրբ Գրիգորի Տարոն գալը։ Լսում են նաև երկրորդ պատերազմի մասին, որը տեղի ունեցավ Տրդատի ու հյուսիսցիների իշխանի միջև, և թե հույները ինչպես զարմացած— [հիացած] էին, լսելով Տրդատի քաջագործությունների մասին։ Այս ամենը, երբ լսեցին Բեկտորը, Անաստասը, Թեովնասը, Աքյուղասն ու Մարկեղիոսը, զարմացան այնտեղ կատարվածի վրա և փութով հետևյալ նամակը գրեցին սուրբ Գրիգորին.

[էջ 29]

Աստվածային և փառավորյալ սրբազան մեծ Հայրապետիդ Հայոց՝

Ողջո՜ւյն ի Տեր19.

— Սուրբ հայրապետիդ աջով գրված, անաղարտ սիրով ու հոգեպարար մտերմությամբ լի պատվական՝ գիրն ընթերցեցինք Հռոմ քաղաքում և չափազանց խնդությամբ գոհություն հայտ­նեցինք Աստծուն։ Ցանկանում էինք գալ քո հրավերով, սա­կայն մեր չգալու պատճառը Եղիազարը եղավ, որը Միջագետքում էր դեգերում, և Հռոմից գալով՝ այնտեղ էլ չգտանք նրան։ Ուստի հարկ եղավ նրան գտնելու, նույնպես և սրբազան վայրերը տեսնելու համար Երուսաղեմ գնալ՝ սուրբ Սիմաքոսի մոտ, որի վախճանվելուց հետո նրա փոխարեն աստվածային նախատեսությամբ Գայոսին Երուսաղեմի հայրապետ ձեռնադրեցին։ Իսկ մենք, ահա, Բյուզանդիայում ենք, որով­հետև ակդենացիների եպիսկոպոսը Եգիպտոս էր գնացել և ջանում է նրանց հաշտության համոզել, որոնք մեզ հալածեցին։ Քանզի գրել էր մեզ, թե ակդենացիք քաղաքը ինձ են [հանձնում], բայց նյուստրացիք դեմ են. ուստի լավ է, որ դուք մնաք Բյուզանդիայում, մինչև ես մյուս քաղաքները գնամ։ Դրա համար էլ, ահա, մենք ուշանում ենք գալ, որովհետև ձեր երկիրը հեռու է, իսկ մենք անկարող՝ թափառական և սուղ կյանքի պատճառով. Բեկտորը տառապում է ջերմախտով, իսկ սուրբ Մարկեղիոսը՝ տեսողության պակասից։

Ուստի, աղաչում ենք քեզ, երջանիկ մշակդ Աստծո, որ հրամայես սպասավորներիցդ մեկնումեկին մեզ գրով տեղեկացնելու ձեր ճանապարհորդության պատմությունը, Հայոց աշխարհը գալն ու այնտեղի քրմերի դեմ մղած առաջին պա­տերազմը, ապա Հռոմից ձեր երկրորդ գալն ու հյուսիսցիների դեմ մղած պատերազմը։ Թող տեղեկացնի նաև նշխարների մասին, որոնք հետդ տարար՝ որտե՞ղ ես դրել կամ ո՞ւմ ես թողել դրանց սպասավորելու. անվանի՞ք են, ինչպես ոմանք են պնդում, թե՝ ոչ։ Կամ Կրոնիդեսին ու Անտոնին, որոնց սրբությամբ համայն եկեղեցիներն են պարծենում, որտե՞ղ թո­ղեցիր, հապա՝ թե ի՞նչ եղավ նրա աշակերտ Եպիփանը կամ ո՞ւր են Եղիազարն ու Զենոբը։ Այս ամենը ստուգապես գրիր մեզ, աղաչում ենք, որպեսզի Տիմոթեոս եպիսկոպոսի մոտ

[էջ 30]

գնալիս կարողանանք նամակով տեղեկություն տալ նրանց մասին։ Այս բոլորը մեզ կարի անհրաժեշտ է և դուք մի հապաղեք կատարել։ Եվ թող սուրբ հոգու շնորհները մնան՝ հավատացյալներիդ վրա։ Ողջ լինե՛ք ի Տեր։

Երբ ընթերցեցին նամակը, սուրբ Գրիգորը Զենոբ Ասորուն հրամայեց ճշտությամբ գրել թե՛ առաջին և թե՛ երկրորդ պատերազմի մասին, նաև նշխարների մասին, թե ուր տեղադրեց, և Անտոնի ու Կրոնիգեսի մասին, թե ինչպես են ապրում, [գործում] կամ ո՞ւր են։ Իսկ լեռների ու բլուրների նշանները, ասում է, հականե-անվանե գրիր, նաև այն մարդկանց մասին, ովքեր պատերազմն հրահրեցին և թույլ չէին տալիս կուռքերը կործանել։

Այս ամբողջ պատմությունը ճշտությամբ կգրես և կուղարկես, ասաց։ Սակայն Զենոբն աղաչեց սկզբում գրել նախ Խոսրովի մահվան պատմությունը, ապա շարադրել ամբողջ եղելությունը,20 բայց դրան սուրբն Գրիգորը հավանություն չտվեց և բավական համարեց վերոհիշյալը միայն գրել։ Քանզի օրինավոր չէ, ասում է, ասորիներին այդ ամբողջ պատմությունը նամակով շարադրել21, այլ միայն այն, ինչ իրենք խնդրեցին՝ կգրես և կուղարկես։ Սրան համաձայնվեց Զենոբը և վերցրեց ու ասորի եպիսկոպոսներին գրեց այն [բաների], մասին միայն, ինչ որ իրենց երկրի սահմաններում կատարվեց։ Եվ այս է պատճենը գրության.

Տիրոջը սիրելի և երջանիկ եպիսկոպոսներիդ, Զենոբ անարժան ծառայիցս և [բոլոր] հայաստանցիներից Ձերդ սրբությանը հույժ սիրով ողջո՜ւյն ի Տեր

— Երբ ձեր պատվական աջով գրված առաջին թուղթը հասավ մեր սուրբ Գրիգոր հայրապետին, անթերի ուրախությամբ գոհացանք հայր Աստծուց, քանզի հասկացանք, որ դադարեցին հալածանքներն այդ կողմերից։ Հրամայեց իսկույն և եթ ձեր նամակի պատասխանը գրելու [ն] ձեռնարկել, որչափով որ ձեր հարցասիրությունն էր գոհացում պահանջում. և չնայած ոմանք ցանկացան արգելել ձեզ ուղարկվելիք պատասխանը, սակայն նա այդպիսի բան մտքովն իսկ չանցկացրեց, այլ աննախանձ սրտով ձեր ուզածը գրով հիշատակել հրամայեց։

[էջ 31]

Դուք նույնպես ոչնչով մի աղավաղեք այս համառոտ պատմությունը՝ պատճառ բերելով, թե Ագաթանգեղոսն այդ բաները չի հիշատակում. քանզի ես նրանից ավելի առաջ գրեցի։22 Իսկ թագավորների ժամանակագրությունը չշարադրեցի, որովհետև սուրբն Գրիգորը հրամայեց ոչինչ ավելի գրել, քան ձեր ուզածն է. մանավանդ որ պատշաճ համարեց Արշակունի և մյուս քաջ ու [հզոր] թագավորների պատմությունը Հայոց երկրում թողնել, և ձեզ ձեր գրածի պատասխանն ուղարկել, որ հենց ինքը՝ սուրբ Գրիգորն այս գրվածքը համարեց ասորոց պատմությունը։ Ուստի և ես այս պատմության սկիզբը ձեր հարցումն եմ դնում։

 

ԶԵՆՈԲ ԱՍՈՐՈԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԱՍՈՐԻՆԵՐԻ ԹՂԹԻՆ, ՆԱԵՎ ԻՆՆԱԿՆՅԱՆ ՎԱՅՐԵՐԻ ԵՎ ԱՐՁԱՆՈԻՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ

Վաղարշի որդի Խոսրովը23 իր թագավորության օրերում ցանկանում էր լուծել իր եղբայր Արտևանի* մահվան վրեժը [պարսիկներից]. և [ահա] որոտաձայն միմյանց վրա են հարձակվում երկու թագավորներ՝ հայոց և պարսից։ Ապա հույժ սաստկացավ պատերազմը պարսիկների վրա, իսկ հայոց արքան հզորացավ ու սկսեց ավերել պարսից երկիրը տասը տարի շարունակ, և սպանելով ու գերեվարությամբ ջանում էր հիմնահատակ կործանել։ Նրանց միջև միջնորդ եղավ ճենաց թագավորը,24 բայց չկարողացավ հաշտեցնել նրանց սրտերը։ Սակայն նույն Արշակունյաց ազգից մի [մարդ], որի անունը Անակ էր, խորհրդակցեց պարսից արքայի հետ՝ գալ սպանել Խոսրովին և իբրև վարձ ստանալ Պարտավի Պահլավ [քաղաքը]։ Սրան սիրով համաձայնվում է պարսից արքան, որովհետև Պարթևը ոչինչ չէր խնայում Խոսրովի սպանության համար։ Այնժամ [Անակը] վեր է կենում, առնում իր եղբորը, կնոջն ու որդիներին և [իբրև թե սիրու պատճառով] փախստական գալիս է Խոսրովի մոտ։

Երկրորդ տարին լրանալուց հետո՝ գարնանը, մինչ Խոս-

___________________

* Արտևանայ — իմա՝ Արտավանի:

[էջ 32]

րովը նախապատրաստվում էր պարսից վրա հարձակվել, մի անգամ որսի ժամանակ Անակը բարեկամական զրույցի պատրվակով մեկուսացնում է Խոսրովին, հանկարծակի բերելով, իր եղբոր հետ միասին, սրերը բարձրացնելով հարձակվում են և թագավորի մարմինը գետին գլորում, իսկ իրենք բոլորը յուրայիններով ջրասույզ արվեցին ու կործանվեցին, չհասցրին ժամանել [Պարթևի մոտ]։ Պարսից արքան սակայն Խոսրովի մահվան օրը տոն կարգեց, իսկ Պարտավ քաղաքը Անակի սերնդից կենդանի մնացածներին նվիրեց։

Այն ժամանակ, երբ Անակը Պարսկաստանից դուրս գալով եկավ հասավ Արտազ գավառը՝ Թադեոս սբ. առաքյալի հանգստարանը, նույն ժամանակ են ասում և նույն վայրում է տեղի ունեցել սրբոյն Գրիգորին հղ[ի]անալը, նա, որ տիրոջը ծառայելու կարգը հաստատեց [մեզանում]։

Արդ, դեռևս Խոսրովի կենդանության օրերում Բուրտար անունով մի մարդ պարսկական մի անվանի և [նշանավոր] տոհմից, Անակի հետ գալով մինչև Արտազ գավառը՝ այնտեղից ելավ գնաց պանդխտելու Գամիրքի կողմերը։ Գալով Կեսարիա՝ նա իրեն կին է առնում մեծատուն և հավատացյալ մարդկանցից մեկի՝ Եվթաղեի քրոջը՝ Սոփիին և մեկ տարի ապրում են Կեսարիայում։

Ապա առավ իր կնոջը և նորից գնաց Պարսկաստան, նրանց ետևից Եվթաղեն հասնում է Արարատյան գավառ ու կանգ առնում Վաղարշապատ քաղաքում, որտեղ էլ Սոփին դառնում է ծծմայր, [կուրծք է տալիս] մանուկ Գրիգորին և ինչպես դայակ համարձակորեն սնուցանում էր մեր Լուսավորչին։

Ահա, երբ Անակը սպանեց Խոսրովին, որը մինչդեռ կենդանի էր, հրաման տվեց [թագավորը] Անակի ամբողջ ազգատոհմը սրի քաշել։ Հրաման արձակեց նաև [հենց] իրենց Արշակունի (իմա՝ պարթևական) ամբողջ ազգը ոչնչացնել, նաև Անակի կնոջն ու որդիներին։ Ուստի և ում գտնում էին Արշակունի տոհմից, բոլորին անխտիր սպանում էին։ Իսկ Բուրտարը, երբ թագավորից լսեց այս հրամանը, շտապեց մտնել Անակի կնոջ՝ Ուգուհիի* մոտ, վերցրեց նրա գրկից Գրիգոր մանկանը և տվեց իր կին Սոփիին։ Իսկ նրա մյուս եղբորը,

___________________

* Կոչվել է նաև Ոգուհի (Ծ. թ.)։

[էջ 33]

որի անունը Սուրեն էր, մանկաբարձները փախցրին պարսից դուռը, այնտեղ սնվեց, [պահվեց] իր հորաքրոջ մոտ, որը հեփթաղների Ջիվանշիր թագավորի կինն էր։ Սա երբ մեծացավ, Խոսրովուհու մահից հետո, գնաց [անցավ] ճենաց երկիրը, մնաց այնտեղ տասը տարի և ճենաց երկրի վրա թագավորեց տասնինը տարի25: Այդ մասին ոմանք պատմում են, թե Գրիգորի եղբորը Զգոն էին կոչում, որ է Հակոբ.26 սակայն ստույգ չգիտեն, որովհետև այդ Հակոբը սբ, Գրիգորի հորաքրոջ որդին էր և նրա մոր անունն էլ Խոսրովուհի էր։ Իսկ երբ նրա մայրը մահացավ, նրա հայր Տիրանից էլ թագավորությունը խլեցին ու [վերացրին], որովհետև լփնաց Ռեգես արքան սպանեց նրան պատերազմում։ Այնուհետև Հակոբը յուր քույր Սակդենեի հետ մնաց այնտեղ։ Մի առ ժամանակ հետո նրա քրոջ որդին անցավ գնաց գթաց (գոթերի) աշխարհը և թագավորեց այնտեղ.27 սրան հետագայում մեծն Տրդատը, երբ դեռ հունաց թագավորի մոտ էր գտնվում, բռնեց [ձերբակալեց]։ Քանզի հենց սա էր, որ պատերազմով եկավ հունաց Դիոկղետիանոս կայսեր դեմ պատերազմի, ինչպես որ այս բաները պատմում է Ագաթանգեղոսը։

— Ով երանելիդ Բեկտոր, [եթե ճշմարիտն ես ուզում իմանալ այդ բաները, ապա] հելլենական գրերով ընթերցիր հեփթաղինեկյան կամ ճենաց թագավորությունների մասին, որը կգտնես Բարդա անունով պատմագրի մոտ Ուռհա քաղաքում։28

Ապա Բուրդարը վերցնելով յուր կնոջն ու մանուկ Գրիգորին, իր աներորդի29 Եվթաղեի ետևից գնաց կապադովկացիների աշխարհը։ Այստեղ նրան (Գրիգորին) մկրտում է, տալիս ուսման, սովորեցնում է նրան ասորի և հելլեն դպրությունն ու լեզուները, վարժեցնում աստվածաբանության մեջ։ Երբ դարձավ տասներկու տարեկան, ապա Դավիթ անունով մի աստվածապաշտ մարդ ամուսնացնում է նրան իր Մարիամ անունով դստեր հետ։ Իսկ երբ ծնվեցին նրա երկու որդիները, որոնցից [անդրանիկի] անունը Վրթանես դրին և կրտսերին Ռստակես (Արիստակես), նրանց մայրը կուսանոց մտավ (կանանց վանքը)։ Կրտսեր որդին գնաց Նիկոմաքոս անունով մի ճգնավոր մարդու հետ, իսկ ավագը մնաց յուր դայակների մոտ և հետագայում ամուսնացավ։

[էջ 34]

Իսկ նրանց հայրը ելավ գնաց Տրդատի մոտ իր հոր [դավաճանության] պարտքը հատուցելու և մնաց նրա մոտ այնքան ժամանակ, մինչև որ [Տրդատը] իր հոր փոխարեն թագավոր դարձավ։ Տրդատը նրան շատ օրեր գանակոծեց և մեծամեծ տանջանքների ենթարկեց կուռքերին զոհ չմատուցելու համար։ Բայց երբ Գրիգորի աներաքրոջից իմացավ, թե սա իր հորը՝ Խոսրովին սպանող Անակի որդին է, նրան նետեց Խոր Վիրապը, ուր մնաց տասնհնիգ տարի30։ Դրանից հետո ամբողջ հայոց երկիրը դիվային հիվանդությամբ բռնվեց. նույնպես ինքը թագավորը, վարազների հետ [շամբուտների մեջ] էր բնակվում։

Մինչև նախարարները, հրամանովն Աստծո, եկան և հանեցին նրան (Գրիգորին) Վիրապից։ Դուրս գալով նա բոլո­րին հավաքեց իր մոտ, որոնք վեց օր շարունակ նրա առջև կեցած ոչինչ չուտելով և չըմպելով, լսում են նրա վարդապետության քարոզչությունը։ Սա եղավ առաջին ծոմապահությունը, սբ. Գրիգորի ժամանակ, որին Հռոմում Սեղբեստրոսը շատ հավանեց, ուստի ինքը, նաև Կոստանդիանոս թագավորը, նույնպես և եգիպտացիների ամբողջ քաղաքը պահք մտան, որոնց և առաջնեկ (նախակարապետ) ենք համարում։ Երբ լրացավ նրանց պահոց օրերը, թափվեց նրանց վրայից վայրենական մորթին և նրանց դիվաբնակ մարմինները բժշկություն ստացան։ Ապա ձեռնարկեց նրանց սովորեցնել տերունական տներ (եկեղեցիներ) կառուցելը և հրամայում է քահանաներ կարգել, որպեսզի հովվեն նրանց։ Եվ տիրոջ հրեշտակի խոսքով` [նրանք] ցանկանում են հենց իրեն կարգել հովիվ, որը և հանձն է առնում, ապա նրան է տալիս իշխաններից ոմանց՝ բաղում զորքով և առաքում է [նրան] կապադովկացիների երկիրը` Կեսարիա քաղաքը, Ղևոնդ մեծ հայրապետի կողմից ձեռնադրվելու։ Այդ ժամանակ [նրանք] դուրս գալով Վաղարշապատ քաղաքից գնում անցնում են Բասենի գավառը, գալիս հասնում են Եկեղյաց գավառի Երիզա ավանը` այնտեղ որ կուռքերի մեհյաններն էին, որոնց հենց ինքը կործանել տվեց, և այնտեղից էլ անցնում են Կեսարիա։ Այստեղ [Ղևոնդը], մեծաշուք պատիվների արժանացնելով, տալիս է նրան Հովհաննես Կարապետի և Աթա֊ նագինես վկայի սուրբ նշխարները։ Իսկ եթե ցանկանում եք

[էջ 35]

իմանալ, թե Կարապետ սուրբի նշխարները ո՞վ բերեց Կեսարիա, [կասեմ] Հովհաննես Ավետարանիչը։ Երբ նա դուրս եկավ Պատմոս կղզուց, եկավ Եփեսոս և այնտեղից էլ՝ Երուսաղեմ, աստվածային հրամանով երևացած տեսիլքի համաձայն, գտավ նրա գերեզմանը, նույն գիշերը վերցնելով Հովհաննես Կարապետի սուրբ մարմինը տվեց Պողիկարպոս եպիսկոպոսին, որ իր աշակերտն էր և հրամայեց տանել Եփեսոսի եկեղեցին, որ ինքը կառուցեց և անվանեց այն սուրբ Աստվածածին։

Ավետարանիչի այս աշխարհից փոխվելուց հետո, Կարապետի սուրբ նշխարքը մնաց Եփեսոս մինչև Դեկոս (Դիոկղետիանոս) թագավորի ժամանակները։

Սրա ժամանակ Եփեսոսում նստում էր Ակդենոսի աշակերտ Փարմեղոսը, որ հետո այնտեղից հալածվելով գալիս է Կեսարիա, յուր հետ ունենալով սուրբ Կարապետի բոլոր նշխարները` գլխից բացի։ Եվ դնելով դրանք սբ. Սերեդոնում` ոչ թե գաղտնի, այլ բացահայտ, մնաց այնտեղ մինչև Դիոկղետիանոսի թագավորելը։ Երբ. սբ. Գրիգորը ձեռնադրվելու համար Կեսարիայի Ղևոնդ հայրապետի մոտ էր եկել, թեսպետ բազում անգամ խնդրեց [Գրիգորը] սբ. Կարապետի նշխարները, սակայն նա չցանկացավ տալ, մինչև վերջին գիշերը հասավ տիրոջ հրամանը բաժանել և կեսը նրան տալ։ Իսկ վաղ առավոտյան շատ կռիվներ ծագեցին, մինչև նախարարները կշռեցին տասներկու հազար դահեկան քաղաքապետի համար, և այսպես բռնությամբ (ստիպողաբար) դուրս եկան քաղաքից: Սակայն Անկեղ (Անգեղ) տան իշխանը խորհուրդ [տվեց] գիշերով հարձակվել քաղաքի վրա. բայց այդ բանը իմանալով՝ հայրապետը համոզեց նրանց և խաղաղեցրեց։ Ապա երկու հազար դահեկանի փոխարեն նրանց հանձնեց Աթանագինես վկայի նշխարները և այդպիսով հազիվ կարողացավ սիրով ու հաշտությամբ նրանց ճանապարհ դնել։ Նա սբ. Գրիգորին տվեց նաև երկու լուսափայլ ակներ*, որոնք Հռոմի հայրապետն էր տվել իրեն։ Պատվիրակները Կեսարիայից մեկնում են Սեբաստիա և որոշ ժամանակ այնտեղ մնում։ Այստեղ [Գրիգորը] ժողովում է կրոնավորների դասը, մի

___________________

* Այդ մասին տե՛ս ծանոթագրություն N 38։

[էջ 36]

քանի վարդապետներ ու հրաշագործ պաշտոնյաներ է հրավիրում Ալեքսանդրիայից. սրանցից մեկը Դիմառիոսն էր, որին Դովնադաշտի* եպիսկոպոս կարգեց։ Եվ ասորիներից շատերին էլ բերեց։ Այնպես, որ ինձ նույնիսկ թույլ չտվեց Նյուստրիա վերադառնալ` [գոնե] իմ եղբայր Եղիազարին հրաժեշտ տալու31։

Ապա այստեղից դուրս գալով անցանք մինչև Թորդան, ուր սպասավոր կարգեցինք Սուրտինոս Եփեսացի վարդապետին՝ բոլոր գավառների համար։ Այնտեղից էլ դուրս եկանք և ուզում էինք անցնել Կարին ու Հարք գավառները։ Բայց իշխաններից ոմանք սուրբ Գրիգորին հասկացրին, թե Տարոնի գավառում դեռևս կանգուն են երկու բագիններ, որոնք դևերին են պաշտոն մատուցում։ Եվ նա էլ դիմեց եկավ, որպեսզի սրանք ևս կործանի։ Եկավ Պալունյաց երկրի Կուառս գյուղաքաղաքը՝ Գիսանե ավանը։ Բայց այնտեղ գտնվող քրմերից ոմանք անգետ մարդկանցից լսեցին, թե վաղն առավոտյան կործանելու է մեծն Աստված Գիսանեն ու Դեմետրը, ուստի գիշերով դուրս եկան կռատներից, բոլոր գանձերը լցրին գետնափոր տներում ու իրենք լուր ուղարկեցին Աշտիշատի քուրմերին, թե՝ շուտափույթ հավաքեցեք պատերազմելու ընդունակ բոլոր մարդկանց և շտապեցեք առավոտ վաղ հասնել մեզ մոտ, որովհետև մեծն Գիսանեն կռվի է դուրս գալիս ուրացող իշ­խանների դեմ։ Կուառսի զորքերը նույնպես դարանամուտ եղան այգիների ցանկապատերի մոտ, ոմանք էլ անտառնե­րում դարանեցին։ Իսկ նա, որ գլխավոր քուրմն էր՝ անունը Արձան և իր Դեմետր որդին՝ վերցնելով Կուառսի քրմական տանից չորս հարյուր հոգի, բարձրացան Կուառսի հանդիպակաց լեռան վրա ու այնտեղ սպասեցին, մինչև մյուս տեղերից օգնական զորքերի ժամանելը։ Իսկ հայոց զորքերը32 վաղ առավոտյան դուրս եկան և անցան լեռան ստորոտը, ինչպես որ սովոր էին միշտ ասպատակել**։

Իսկ սբ. Գրիգորը իր հետ առնելով Արծրունյաց, Անձևացյաց և Անգեղ տան իշխաններին, փոքրաթիվ զորքով, ընդա–

___________________

* Ամենայն հավանականությամբ՝ Դվնա (Դվինի) դաշտի, ինչպես ունեն ՍՎՊ օրինակները,

** Գործածված է շրջելու, ուսումնասիրելու իմաստով։

[էջ 37]

մենը երեք հարյուր մարդ, երկրորդ [երրորդ] ժամին բարձրացան նույն բլուրն ի վեր, որտեղ որ Արձանն էր թաքնված։ Գալիս էին անհոգ և ոչինչ կասկած չունեին։

Եվ երբ մոտ էին բարձունքի ելման տեղին, [հանկարծակի] առաջ անցան Արձանն ու Դեմետրը, հնչեցրին պատերազմի փողերը և խիզախորեն հարձակվեցին նրանց վրա։ Այս բանը տեսնելով իշխանները առաջ նետվեցին, երիվարները սկսեցին վրնջալ, և պատերազմը բորբոքվեց։ Այստեղ Անգեղ տան իշխանը ձայն տվեց,

— Առաջ անցիր, Այունյաց իշխան և տես, գուցե հյուսիսցիների իշխանի զորքերն են։ Իսկ նա առաջ գնաց, բայց չկարողացավ հասկանալ, թե ովքեր են։ Ետ դարձավ և ասաց.

— Գրիգորին իր ընկերների հետ փախցրու տար մի անվտանգ տեղ, չլինի թե [թշնամիները] բռնեն նրանց, և մենք թագավորի առջև ամոթահար մնանք։ Իսկ դու մեկնումեկին ուղարկիր մեր զորքին իմաց տալու, որ ետ դառնան, քանզի մեր դեմը մեծ բանակ է և շատ դրոշներ են փողփողում։ Անգեղ տան իշխանը սբ. Գրիգորին հանձնեց Մոկաց իշխանին ու ասաց, թե շտապ հասցրու Ողական անառիկ ամրոցը, մինչև տեսնենք, թե ի՞նչ կլինի։ Իսկ ինքը երեք մարդ ուղարկեց զորքին իմաց տալու։

Մոկաց իշխանը առնելով սբ. Գրիգորին՝ զառիվայր լեռներով ետ դարձավ և ցանկանում էր իջնել Կուառս։ Բայց տեղացիները ուզեցին նրա ճանապարհը փակել, այդ բանը տեսնելով սբ. Գրիգորը հասկացավ, որ իրենց լուրջ վտանգ է սպառնում։ Նշխարները վայր իջեցրեց գյուղի դիմացը մի աղբյուրի մոտ՝ ձորի այն կողմը, դրեց և հաստատեց [նշանագրեց] այնտեղ։ Եվ տերը թաքցրեց այդ տեղն, ու ոչ ոք չկարողացավ տեսնել, մինչև [հետագայում] սբ. Գրիգորը նորից վերադարձավ այնտեղ։

Ապա այդ գյուղի բնակիչները հետապնդեցին մեզ, իսկ մենք հեծնելով ձիերը բոլորս փախստական գնացինք մինչև ամուրն Ողական և նրանցից առաջ մտանք ամրոցը, որովհետև ամրոցաբնակները մեզ ընդառաջ ելան և ներս տարան։ Բայց գյուղի բնակիչները եկան անցան մյուս կողմն ու պաշարեցին ամրոցը։ Մենք ճարահատյալ գիշերը գաղտնի սուրհանդակ ուղարկեցինք Անգեղտան իշխանի մոտ և բացատ-

[էջ 38]

րեցինք մեր վիճակը և գրով տեղեկացրինք նրան իրերի դրությունը։ Նա ընտիր սուսերավորներից չորս հազար զինվոր ուղարկեց Ապահունիքի իշխանի գլխավորությամբ, որոնք շուտափույթ եկան, անցան գետի մյուս կողմը և երեք օրվա ընթացքում գրավեցին քաղաքներն ու շինությունները, ավերեցին, պարիսպները հիմնահատակ կործանեցին։ Եվ մարդկանց էլ* բերին այնտեղ անցկացրին [իրենց մոտ]։ Ապա իշխանները բարձրացան բլուրը և տեսան, որ Արձանը ընդամենը չորս հարյուր մարդ ուներ, [սակայն նրանք] հանկարծակի հարձակվեցին քաջարի իշխանների վրա ու նրանց զորքերին փախուստի մատնեցին։ Բայց հայոց մնացած զորքերը, երբ լսեցին կռվի բոթը, աճապարեցին բոլորը բլրի գագաթը հասնել։ Այնժամ Արձանն առաջ գալով սկսեց անարգել հայոց իշխաններին և ասաց.

— Առաջ եկե՛ք, ով դավանակործան մարդիկ, հայրենի աստվածներին ուրացողներ և թշնամիներ բարեփառ Գիսանեի։ Մի՞թե չգիտեք, որ այսօր ձեր դեմ մեծն Գիսանեն է կռվի ելել և մատնելու է ձեզ մեր ձեռքը, կուրությամբ ու մահվամբ է կործանելու ձեզ։ Բայց իշխանն Արծրունյաց առաջ գալով պատասխանեց.

— Դու, որ խրոխտանում ես մեր դեմ, եթե հանուն չաստվածների ես մարտնչում` սուտ ես, եթե հանուն հայոց երկրի` բնավ իսկ անմիտ եք, որովհետև սրանք են, ահա իշխանն Անգեղ տան, և իշխանը Սյունյաց տան և ուրիշները պատվական այրերից, որոնց ինքներդ էլ լավ եք ճանաչում33։ Իսկ Դեմետրը` որդին Արձանի, ասաց.

— Լսեցե՛ք մեզ, հայոց իշխաններ, այս քառասուն տարի է, ինչ ծառայում ենք մեր մեծ աստվածներին և քաջ գիտենք զորությունը նրանց։ Գիտենք, որ իրենց սպասավորների, [պաշտողների] թշնամիների դեմ իրենք են մարտնչում։ Այժմ մենք չենք կարող պատերազմով ձեզ ընդդիմանալ, որովհետև սա տունն է հայոց թագավորի, և դուք էլ արքայի իշխաններն եք։ Բայց ահա, այս թող հայտնի լինի, որ թեև ձեզ հաղթել չենք կարող, սակայն գերադասում ենք մեռնել մեծ աստվածների զոհարանի վրա, քան թե նրանց ձեր ձեռքով

___________________

* Հավանաբար գերեվարած մարդկանց (Ծ. Թ.)։

[էջ 39]

կործանված ու ապականված տեսնել։ Դրանով էլ իսկ կյանքը ատեցինք և մահը նախընտրեցինք։ Բայց դու, որ իշխանն ես Անկեղ տան, առաջ արի՛, մենամարտենք ես և դու։

Այնժամ մեջտեղ եկան Արձանն ու Անկեղ տան իշխանը և միմյանց վրա հարձակվեցին։ Արձանը հասցրեց տեգով հարվածել նրա ազդրին և քիչ էր մնում գետին գլորեր։ Բայց իշխանը նրա կողմը դառնալով գոչեց. «Իմացի՛ր, Արձան, որ այսօր դու պետք է հենց այստեղ արձանանաս»։ Ապա սուրը վեր բարձրացնելով թափով հարվածեց նրա աջ ուսին և գլուխը պարանոցից անջատեց։ Եվ [Արձանը] գլխատված գետին տապալվեց, ապա նրա վրա արձան կիտեցին. այժմ էլ նույն տեղում թաղված է, ուստի և լեռը մինչև օրս էլ Արձան են կոչում։ Եվ մինչ այս բոլորը տեղի ունեցան, Վիշապ քաղաքից փութանակի եկան հասան քուրմերի զորքերը, և շատ–շատերը Պարեխից ու Մեղտիից՝ բոլորն առհասարակ եկան հասան նրանց օգնության։ Ոմանք էլ Հաշտենքից գալով այնտեղ հասան. ընդամենը ինչպես հետո հենց իրենցից իմացանք, հինգ հազար չորս հարյուր հիսուն հոգի* ։ Իսկ երբ հասան լեռան կատարին, երկու զորքերի միախառնվելու բոթը մեզ հասավ, ապա քրմաց խմբերը իրար միանալով հարձակվեցին հայոց զորքի վրա, փախուստի մատնեցին նրանց և գյուղի դիմացի զառիվայրով [նրանց] ներքև վռնդեցին։ Իսկ գյուղացիք էլ մեր փախչող զորքի դիմաց դարանամուտ սպասում էին. և երկու կողմերից հայոց զորքին մեջտեղ առնելով սկսեցին կոտորել։ Սակայն Անգեղ տան իշխանը ճեղքելով քուրմերի պատնեշը, անցավ նրանց [թիկունքը], նա բլրի զառիվայր կողմում տեսավ հետիոտն մարդկանց, որոնք հսկա վեմերով երիվարներին շատ մեծ վնասներ էին հասցնում։ Իսկ Դեմետրը, երբ տեսավ, որ Անգեղ տան իշխանը դեպի բլուրն է բարձրանում, թողեց մնացած զորքին և նրա ետևից գնաց34, մյուս զորքից շատերը նույնպես քառատրոփ այնտեղ հասան։ Եվ երբ բարձրացան բլուրը, միմյանց դեմ դարձյալ ճակատ կազմեցին։ Բայց մեր իշխանները կանգնած սպասում էին իրենց զորքերին, որովհետև դեռևս ոչ բոլորն էին հավաքվել։
Չորս հազարը Մեղտիում դեռ գերիներին էին հսկում, երեք

___________________

* Բնագրում՝ հինգ հազար և չորս ճ և ծ այր (Ծ. Թ.)։

[էջ 40]

հազարը անցել էին Բասեն ու Հարք, իսկ մնացածներն էլ դաշտավայրում սփռված դեռևս ասպատակում էին35։

Եվ երբ միմյանց դեմ ճակատ կազմեցին և կամենում էին արդեն հարձակվել, երեկոն իջավ։ Ուստի հենց նույն տեղում էլ բանակ դրին և սպասեցին լույսը բացվելուն։ Երբ լուսա­ցավ, եկան հասան հայոց զորքերը, իսկ Տիրակատար քաղաքից էլ մի խումբ՝ յոթ հարյուր հոգի* , եկան քուրմերին օգնության։ Ահա, երբ եկան և երկու կողմն էլ գուպար կազ­մեցին, քրմական զորքը վեց հազար ինը հարյուր քառասունվեց հոգի եղավ, իսկ հայոց իշխաններինը յոթ հազար ութանասուն հոգի։ Այնժամ հնչեցին պատերազմի փողերը և բոլոր կողմերից միմյանց վրա հարձակվեցին։ Սկզբում հայոց զորքը հաղթում էր քրմերին։ Բայց Հաշտենքի իշխանը, որ հայոց իշխանների հետ էր, իր յոթ հարյուր զինվորներով անջատվեց ու անցավ քուրմերի կողմը և սկսեց կռվել հայ իշխանների դեմ։ Այդ բանը տեսնելով հայոց զորքերը հուսալքվեցին, որովհետև նա այնքան ուժեղ, կորովի և քաջ պատերազմող էր, որ բոլոր հայ իշխանները դողում էին նրանից։ Եվ անխնա սկսեց կոտորել ու արյուն հեղել, մինչև որ ամբողջ զորքը թախանձագին աղաղակներով Սյունյաց իշխանին դիմեց։ Իսկ սա (Սյունյաց իշխանը) ձայն տալով գոչեց.

— Այ գայլակորյուն, հորդ բարքե՞րը [դարձյալ] հիշեցիր և նույն շաղախակերությանը վերադարձար։ Իսկ նա պատասխանեց,

— Այ արծվաձագ, դու որ թևերիդ [զորությամբ] ես հպարտանում, երբ ակնատիս լարերի մեջ կընկնես, ես իմ զորությունը այն ժամանակ ցույց կտամ քեզ։ Բայց Սյունյաց իշխանը չերերաց թշնամու հանդեպ, այլ հարձակվելով նրա վրա մուրճով հարվածեց նրա սաղավարտին, ապա զորքից անջատելով փախցրեց նրան դեպի արևելյան կողմի լեռը, այստեղից էլ քշեց [նրան] դեպի Իննակնյան վայրը, հասնելով՝ ցած գլորեց երիվարից, իջավ կտրեց գլուխը և մարմինը գահավեժ անելով գոչեց.— Թող տեսնեն անգղները մարմինդ և իմանան, որ արծիվն է հոշոտել այդ նապաստակին, ու ինքը

___________________

* Բնագրի տողատակում նշված է. Լ. գրչագիր՝ «արք են եկին յաւգն քրմին Դեմետրեայ յորդւոյն Արձանայ» (էջ 89)։

[էջ 41]

ետ վերադարձավ։ Ուստի և այդ տեղն էլ մինչև այսօր Արծվիք է կոչվում։

Իսկ Արծրունյաց իշխանը կռվի նետվելով` անջատեց [յուրայիններից] Աշտիշատի Մեստակես անունով քրմապետին, հետապնդեց մինչև անտառի ծայրին գտնվող բացատը։ Երբ հասավ նրան, Մեստակեսը կարողացավ խոցել նրա ազդրը, ավելի բորբոքվեց իշխանը, եռաց նրա մեջ արյունը, վրա հասավ, կտրեց քրմապետի գլուխը և պարանոցի հետ միասին վայր նետեց, իսկ դիակը ձորից ցած գլորեց, որի համար էլ այդ տեղը Մեստակող են կոչում։ Իսկ Արջուց իշխանը փախչելով թաքնվեց նույն վայրում։ Արծրունյաց իշխանը տեսավ նրան, բայց չտեսնելու տվեց, ապա գնաց մոտեցավ ու հանկարծակի հարձակվեց նրա վրա։ Սա ուզեց փախչել դեպի անտառը, բայց վայր ընկավ և ջարդված մի փայտի կտոր մտավ սիրտն ու այնտեղ էլ մեռավ։ [Արծրունյաց] իշխանն էլ երկու նժույգները առնելով ետ դարձավ, այդ տեղն էլ Արջուց ձոր անվանվեց։ Եվ երբ ետ դարձավ կռվի վայրը, տեսավ, որ Անգեղ տան իշխանն ու Դեմետրը մենամարտում են միմյանց դեմ, [Դեմետրի] վրա հարձակվելով պատռեց նրա աջ ուսն ու նրան վայր գցեց, ապա կտրեց նրա գլուխն ու գցեց իր մաղախը։ Այնուհետև ընկան զորքի մեջ ու անխնա սկսեցին կոտորել՝ հազար երեսուն մարդ անշունչ փռեցին։ Բայց նույն կռվում Դեմետրը սպանել էր Մոկաց իշխանի որդուն, և այդ բանը մեծ վիշտ պատճառեց իշխաններին։

Արդ, երբ պատերազմում Դեմետրը ընկավ, Սյունյաց իշխանը հնչեցրեց խաղաղության փողը և երկու կողմերից դադարեցրին կոտորածը։ Այստեղի բնակիչները, երբ տեսան, որ սպանվածները քուրմերն էին, խնդրեցին իրենց իշխաններից դադարեցնել պատերազմը, որպեսզի թաղեն իրենց մեռելներին։ Եվ նրանք թույլ տվեցին։ Ապա երկու կողմերից սկսեցին հավաքել իրենց մահացածներին, դրանք այնքան շատ էին, որ գերեզմանի տեղ չմնաց, ուստի լցրին բոլորին մի փոսի մեջ, հուշարձան կանգնեցրին նրանց վրա ու գրեցին հետևյալը.

— Տեղի ունեցավ առաջին պատերազմը, այստեղ է հանգչում հույժ քաջամարտիկ Արձան քրմապետը, նրա հետ նաև

[էջ 42]

հազար երեսունութ հոգի, որոնք կռվեցին հանուն Գիսանե կուռքերի և հանուն Քրիստոսի* ։

Այս բոլորը, ահա, գրեցին ասորերեն և հելլենական գրերով, հունական և արաբական (իսմայելացի) նշաններով (իմա թվանշաններով)37:

Իսկ իրենք իջան գիշերելու Իննակնյան կոչված վայրում։ Եվ շուտափույթ սուրհանդակ ուղարկեցին սբ. Գրիգորին տեղեկացնելու [կատարվածը], իրենք էլ մնացին այնտեղ, ոմանք դիտանոցում, զորքի մյուս մասն էլ անտառի մոտ եղած աղբյուրի [դիմացի] մարգագետնում:

Իսկ մենք ամրոցից դուրս գալով վերադարձանք այն նույն ճանապարհով, որով փախել էինք։ Երբ հասանք գյուղի մոտերքը, մոլորվեցինք, որովհետև խիստ մութ գիշեր էր, սակայն այգեստանների կողքով դեռ խարխափում Էինք։ Հանկարծակի սբ. Գրիգորի պահած նշխարներից մեզ համար պայծառ լույս ծագեց՝ առավել քան արեգակի ճառագայթները։ Եվ այնքան ժամանակ մնաց, մինչև բոլոր բնակիչները՝ կին թե տղամարդ, մանուկ թե ծեր դուրս թափվեցին դիտելու տեսիլքը: Եվ սարսափահար սկսեցին ապաշխարել, և հենց նույն ժամանակ նշխարներն առած ման էին տալիս ամբողջ գյուղում ու ցնծության տոն էին կատարում մինչև առավոտ։

Ապա առավոտ վաղ բարձրացանք–ելանք Արձան լեռը և կարդացինք գրածը։ Երկար ժամանակ սբ. Գրիգորը սգում էր զուր տեղը նահատակվածների համար, այնուհետև վերցրեց սբ. Կարապետ Մկրտչի աջ[ը], կնքեց և մի այսպիսի շրջաբերական գրեց ամբողջ գավառին.— «Թող Տիրոջ աչքը այս երկրի վրա լինի և պաշտպանի թշնամիներից։ Եվ եթե [նրանք] տիրոջից խիստ տանջանքներ կրեն իրենց մեղքերի պատճառով, բայց իրենց թշնամիները ոչ թե զորանան–հարատևեն, այլ չարով կործանվեն։ Եվ հերձվածողները, [մոլորյալները] թող բնակություն չգտնեն այս հողի վրա։ Թող սուրբ Կարապետի աջը կնիք և պահապան լինի և տունն այս հավիտյանս կանգուն մնա՝ սերնդից–սերունդ»։ Մենք միաբերան

___________________

* Առաջին պատերազմն եղև, որ յոյժ պատերազմող Արձան քրմապետն, որ կայ այսր ի թաղման և ընդ նմա արս ՌԼԸ. և զայս պատերազմ արարաք վասն Գիսանէ կռոցն և վասն Քրիստոսի36։

[էջ 43]

«ամե՜ն» ձայնեցինք, և արձագանքը հասավ մեր ականջին։ Իսկ երբ իջանք եկանք Իննակնյան վայրը, հայոց իշխանները ընդառաջ եկան մեզ ավետելով Դեմետրի կործանվելը։ Երբ հասանք այնտեղ, տեսանք կռատունը քարուքանդ արված և տասնհինգ կանգուն բարձրություն ունեցող արձանը չորս մասի բաժանված։ Այնժամ [կռատան] պաշտոնյաները այնպիսի վայնասուն աղաղակ բարձրացրին, որ դևերն անգամ մարդ­կային ձայնով ողբում էին՝ ասելով.— «Վայ մեզ, քանզի մեռյալների ոսկորները հալածելու են մեզ երկրի երեսից». և այդ նույն պահին մարդկային դեմք ունեցող թևավորների կերպարանքով թռան գնացին Աշտիշատի կողմերը։ Բայց դևերից ոմանք, ինչպես մոծակների անհամար բազմությունը, կամ ինչպես թանձրամած տեղատարափ հարձակվեցին ամբոխի վրա, սակայն քուրմերին առհասարակ տանջելով–խոշտանգելով մահվան դուռր հասցրին[ք]։ Այստեղ սուրբ Գրիգորը մոտ գնալով բժշկեց նրանց, ապա հրամայեց կործանել Գիսանե կուռքին, որովհետև պղնձից էր և ուներ տասներկու կանգուն երկարություն և երկու կանգուն ու մեկ թիզ լայնություն։ Բայց երբ կործանումները ներս մտան, տեղի սպասավորները ողբաձայն աղաղակներով նրանց վրա հարձակվեցին` գոչերով.— Նախ մենք կմեռնենք, ապա նոր միայն մեր այս մեծ աստվածը։

Իսկ զորքերն իրենց մեջ առնելով սպանեցին նրանցից վեց մարդ, ապա նոր կարողացան խորտակել այդ կորստյան բույնը։ Բայց դևերը գոչում էին.— Թեպետ և դուք մեզ հալածում եք այստեղից, սակայն ով որ հանդգնի ապրել այստեղ, նա երբեք հանգիստ չի գտնի, որովհետև ինչպես որ քաղաքի դռներից մեծաքանակ զորք կարող է ներս մտնել, նույնպես և այստեղ դևերի մուտքն է։ Եվ մանավանդ անչափ շատ են Գիսանեի կռատան դևերը, որքան որ սանդարամետի անդնդոց։ Սակայն անհավատալի ու անմիտ է նրանց սպառնալիքը։

Երբ զորքերն ավարտեցին կուռքերի կործանումը, սբ. Գրիգորը ձեռնամուխ եղավ եկեղեցու հիմնադրմանը։ Բայց որովհետև պատրաստի շինանյութ չկար, վերցնում էին անտաշ ու տձև քարերը և կուռքերի բնակավայրում կիր գտնելով եկե–

___________________

* Իմա՝ բարձրություն (Ծ. Թ.)։

[էջ 44]

ղեցու հիմքը դրեցին հենց այնտեղ, որտեղ Դեմետրի կռատունն էր [հիմնված] եղել։

Տասներկու օր շարունակ այնտեղ ջանք թափեց, կառուցեց և ցանկանում էր սբ. Կարապետի բոլոր նշխարներր այնտեղ հաստատել, սակայն տերն ինքը այդ բանը [նրան] թույլ չտվեց, ուստի ավելի հասարակները վերցրեց և կավաշեն տապանը դրեց, քանզի հողեղեն էր և ո՛չ ոսկեղեն։ Դրա համար էլ սովորություն չէ մեռած մարդկանց ոսկորները ոսկով պատել։ Եվ այդ նույն տապանը տեղավորելով նույնատիպ մի պղնձյա տապանում՝ այնտեղ դրեց նաև մի թանկագին լուսափայլ ակ[ն], որը Կեսարիայից էր բերել... և անունը Ղիգոն էր38։ Իսկ այդ բոլորը նա կատարեց ոչ թե ուրիշների ներկայությամբ, այլ գաղտնաբար։ Ես և Աղբիանոս եպիսկոպոսը վերցրինք բրիչը, ծածուկ երկու մարդահասակ փոս փորեցինք, այնտեղ տեղավորեցինք սբ. Կարապետի նշխարները և փոսը խճաքարերով լցրինք։ Իսկ ինչ որ այնտեղ դրինք հետևյալն էր. ուսագլուխը մինչև արմունկը, ձախ թևը թիկունքի հետ միասին, աջակողմյան ազդրի ոսկորը և մարմնի այլ և այլ մասերի մանր ոսկորները։ Նաև Աթանագինեսինը՝ գլուխն ու աջ ձեռքը մինչև գոտին, կտրելով ամփոփեցինք այնտեղ, և կա նույնությամբ կավաշեն տապանում ամփոփված։ Այդ մասին, եթե ուզում եք ստույգն իմանալ, հարցրեք Իսիդոն* ասորի թարգմանչից, և նա ձեզ կասի։

Այն, որ Կարապետինն է՝ Արշակունիների39 դռան անկյունում է՝ նրանից մեկ թզաչափ հեռու, և գետնից էլ կես թիզ բարձրությամբ կտեսնեք նշանացույցը։ Նույնպես և դրեց սբ. Գրիգորը պղնձյա տախտակի վրա և դրեց այնտեղ բեմի վրա, թե որևէ կին արարած չպիտի համարձակվի այս եկեղեցու շեմից ներս մտնել** , որպեսզի չլինի թե տրորի պատվական նշխարները։ Տիրոջ անհաշտ թշնամությունը թող լինի նրանց հանդեպ, ովքեր այնտեղ մտնեն կամ նույնիսկ նրա վրա նայեն։ Տախտակի վրա այս գրածը Պիսիդոնն էլ նույնիսկ կարդացել է։ Իսկ Աթանագինե[ս]ինը սեմի հենց ձախակողմում

___________________

* Պետք է լինի Պիսիդոն, ինչպես ունեն վենետիկյան հրատարակությունները (Ծ. Թ.)։

** Այդ մասին տե՛ս N 53 բացատրությունը։

[էջ 45]

է և այդպես աներևույթ կան պահված։ Բայց եթե որևէ մեկը կամենա գտնել` չի կարող, թեկուզ քառասուն կանգուն էլ փորի, որովհետև այդպես եղավ իրերի պատճառը, [ինչպես որ ասացինք]։ Երբ նշխարներն իրենց տեղը հաստատեցինք ու ծածկեցինք, այդ ժամանակ սբ. Գրիգորը, մեզ հետ միասին, երեք անգամ ծունր դնելով, իր ձեռքերը դեպի արևելք տարածեց և այսպես խոսեց.

— Աստվա՜ծ աստվածոց և տեր տերա՜նց, որ կատարում ես քո անունով երկյուղածների կամքը և անտես չես առնում նրանց աղաչանքը, որոնք քեզ են դիմում։ Դու, տե՛ր, որ խնամքով պահեցիր այս և մինչև այստեղ բերիր ու հանգչել տվիր, հովանի արա աջդ այս տապանների վրա և սրանց ոսկորները կնքիր քո անխաթար զորությամբ, որպեսզի ոչ մեկը չհամարձակվի սրանք հանել այստեղից, մինչև հավուր դատաս­տանի և սրանց ու բոլոր սրբերի հարության օրը։ Իսկ եթե սուրբ այրերից որևէ մեկը կջանա աղոթքներով ու ջերմեռանդությամբ հանել դրանք, աղաչում եմ՝ մի՛ լսիր և հայտնի մի՛ անիր։ Այլև նրանք, որ հույսով ու հավատով կգան եկեղեցու դուռը բժշկվելու, սուրբ Կարապետի օգնությամբ բժշկիր նրանց։ Իսկ եթե կցանկանան ոմանք իրենց ցավն իրենք կրել, այդպիսիները տանջվելով մարմնով` հոգով կապրեն հանդերձյալների մեջ։ Ապա՝ սրան ծառայող սպասավորաց դասը պահպանի՛ր, որ զգուշավորությամբ ծառայեն քեզ, քանզի դու զորավոր ես ամենայնի և քեզ փառք հավիտյանս։

Այս ամենը երբ խոսում էր, այնժամ լսվեց ձայն երկնքից, որն ասում էր.

— Թող լինի այնպես, ինչպես դու ես ցանկանում, և ոչ ոք թող չիմանա դրանց դուրս բերելու գաղտնիքը. և ովքեր ծառայեն ինձ այս նույն տեղում սուրբ և առաքինի վարքով, թող այդպիսիները մասնակից լինեն այդ [ասածդ] բարիքներին։ Եվ գետինը շարժվելով տեղը լցվեց [ծածկվեց]։

Իսկ հաջորդ օրը՝ վաղ առավոտյան Սյունյաց իշխանի մոտ բերին քուրմերից մեկին և նրան աղաչում էին՝ ցույց տալ [թաքցրած] գանձերի տեղը, ինչպես նաև գետնափոր բնակարանի դռները։ Բայց չասաց և [գերադասեց] նույն կախաղանի վրա մեռնել։ Եվ ոչ մի կերպ հնար չեղավ գտնել [թաքցրածը]. թեպետ կարծում էին, թե եկեղեցու հիմքի տա–

[էջ 46]

կը լինի ուր Դեմետրի մեհյանն էր [եղել]։ Քանզի եկեղեցու հիմքը դրված է ճիշտ նույն տեղում, նույն չափով` լայնությամբ և երկարությամբ, միայն այն տարբերությամբ, որ նրանց աղոթարանը (երկրպագելու կողմը) դեպի արևմուտք էր։ Գիսանեի տաճարը, որ հորդաբուխ աղբյուրի արևելյան կողմում էր [գտնվում], երկու քայլաչափ հեռավորությամբ միայն, նույնպես քարուքանդ արին, ստուգեցին, բայց դարձյալ չգտան։

Արդ, երբ լրացավ նրանց՝ այստեղ գտնվելու իններորդ օրը, Սյունյաց իշխանը գնաց հասավ Կուառս ավանը և գյու­ղում եղած զորքին համոզեց գալ մկրտվելու, և նրանք էլ հանձն առան գալ նրա հետ։ Այդ ժամանակ սբ. Գրիգորը առնելով նրանց իջեցրեց Այծսանա ձորը և մկրտեց. այդ տեղը [գտնվում է] Կարճկոնքի դիմացը՝ Աստղունք բերդի արևելյան կողմում, որտեղ որ քրիստոսազարդ օծմամբ Գրիգորը մկրտեց նրանց և սուրբ Երրորդությանը հավատացողներ դարձրեց։ Այդ նույն ժամանակ տերը հրեղեն սյան տեսքով մեծ լույս իջեցրեց մկրտվածների վրա, որը ամբողջ երեք ժամ կանգնած մնաց այդ սխրալի քահանայագործության ընթացքում, ապա աներևույթ եղավ և ծածկվեց տեսողությունից։

Այնտեղ մկրտվածների թիվը շուրջ հինգ հազար էր։ Այնուհետև դուրս բերելով նրանց տեղավորեց տերունական տա­ճարի կալվածքում։ Եվ սբ. Կարապետի տոնը կարգադրեց կատարել միշտ Նավասարդ ամսի 1-ին։ Ապա տալով նրանց քահանաների ձեռքը՝ հրամայեց տանել գյուղը, իսկ նշխարների թաղված տեղում հրամայեց խաչ կանգնեցնել և կանանց այնտեղ մկրտել։ Երբ այս բոլորը ավարտեցին, սբ. Գրիգորը հավաքել տվեց քուրմերի և կռատան պաշտոնյաների բոլոր մանուկներին և աղաչում էր դառնալ դեպի աստվածային հավատքը։ Սակայն նրանք հանձն չառան կատարել, այլ դիմելով իշխաններին ասացին.

– Լավ իմացե՛ք և [լավ հիշեցե՛ք], որ եթե կենդանի մնանք՝ փոխարենը կհատուցենք ձեզ, իսկ եթե մեռնենք՝ ապա աստվածները մեր փոխարեն կհատուցեն։

Այս խոսքերը լսելով Անգեղ տան իշխանը հրամայեց խուզել նրանց մազերը և տանել Փայտակարան քաղաքի բանտատունը՝ չորս հարյուր երեսունութ մարդ։ Բայց ամենազար–

[էջ 47]

մանալին նրանց կերպարանքն էր, քանզի բոլորն էլ սևամորթ էին, գիսախռիվ և զազրատեսիլ, որովհետև ծագումով հնդիկներ էին40։ Դրա պատճառն այն էր, որ այստեղ գտնված կուռքերն էլ՝ Դեմետրը և Գիսանեն, հնդիկ իշխաններ էին, հարազատ եղբայրներ*։ Սրանք փախչելով հնդկաց թագավորից՝ հալածական եկան մեր աշխարհը։ Երբ եկան հայոց Վաղարշակ թագավորի մոտ, սա Տարոնի երկիրը հանձնեց նրանց տիրապետելու. քաղաքն էլ նրանք կառուցեցին և անունը դրին Վիշապ. հենց նրանք էլ գալով Աշտիշատ՝ հիմնադրեցին–կանգնեցրին այն նույն բագինները, որ Հնդկաստանում էին պաշտում։ Ապա՝ տասնհինգ տարի անց թագավորը սպանեց երկուսին էլ և երկիրը հանձնեց նրանց որդիների՝ Կուառի, Մեղտեսի և Հոռիի իշխանությանը։ Այնուհետև Կուառը կառուցեց իր ավանը և անվանեց այն Կուառս. Մեղտեսը այնտեղի դաշտավայրում կառուցեց մի ավան և կոչեց Մեղտի։ Իսկ կրտսերը անցավ գնաց Պալունյաց գավառը, սա էլ այնտեղ կառուցեց իր ավանը և կոչեց այն Հոռեանք։ Մի ժամանակ անց երեք եղբայրները խորհրդակցեցին և բարձրացան Քարքե լեռան վրա, տեսան որ ընդարձակածավալ որսատեղ էր, զովասուն, ուներ խոտի և փայտի առատ պաշարներ։ Այն դարձրին իրենց համար դաստակերտ և կանգնեցրին այնտեղ երկու կուռքերին, դրանցից մեկին անվանեցին Գիսանե, իսկ մյուսին՝ Դեմետր և նրանց համար սպասավորության դրին իրենց տոհմը՝ սերնդից–սերունդ։

Եվ քանզի Գիսանեն գիսավոր էր, ուստի նրա պաշտոնյաներն էլ գես ունեին [ծամ էին պահում], որը և [Գրիգորը] հրամայեց կտրել։ Եվ քանի որ նրանց սերունդն էլ, երբ քրիս­տոնյա դարձան, կատարյալ չէին իրենց հավատի մեջ, բայց չէին համարձակվում իրենց հայենի կրոնը բացահայտ պաշտել [և իրենց կռապաշտ լինելը ի հայտ բերել], ուստի խաբեությամբ այդ բանը հնարեցին՝ ծամ էին պահում մարդկանց գլխներին, որպեսզի այդ տեսնելով հիշեն իրենց նախկին պիղծ գործերը։ Դրա համար ես աղաչում եմ ձեզ զգույշ

___________________

* Այս մասին մանրամասները տե՛ս Մ. Աբեղյան, Երկեր, հ. Ա, Երևան, 1966, էջ 298 և հետևյալները։

[էջ 48]

կացե՛ք, չլինի թե նույն բաները ձեր երկրում էլ արմատ գցեն ու [բույն դնեն]։

Բայց մենք դառնանք նորից նախկին դեպքերին։

Երբ սուրբ Գրիգորը հիմնադրեց եկեղեցին և նշխարները ամփոփեց այնտեղ, Գիսանե կուռքի գտնված տեղն էլ Տերունական խաչի նշանը կանգնեցրեց, ապա Անտոնին և Կրոնիդեսին թողեց այնտեղ իբրև եկեղեցու սպասավորներ։ Իսկ Եպիփանին իր ձեռքով բոլոր վանքերի վանահայր կարգեց և թողեց այնտեղ քառասուներեք կրոնավորների, որպեսզի տեղի բնակչությանը սպասավորեն։ Տասներկու դաստակերտ էլ հատկացրեց նրանց. դրանք են Կուառսը, Մեղտին, Բրեխը, Տումբը, Խորնին, Կեղքը, Բազուն և այլն, որոնք մեծամեծ և բազմամարդ ավաններ էին, ինչպես որ կա գրով հիշատակված Մամիկոնյան իշխանների մատյանում։ Կուառսն ունի երեք հազար և տասներկու երդահամար*, հազար երեսուն հեծյալ և երկու հազար երկու հարյուր հետևակ։ Մեղտին ունի երկու հազար յոթ հարյուր ծուխ, ութ հարյուր հեծյալ և հազար երեսուն հետևակ։ Տումբը ինն հարյուր ծուխ և չորս հարյուր հեծյալ։ Խորնին ունի հազար ինը հարյուր վեց ծուխ, յոթ հարյուր հեծյալ և հազար յոթ հետևակ։ Իսկ Բրեխն ունի երեք հազար երկու հարյուր ծուխ, երկու հազար քառասուն հեծյալ, ութ հարյուր քառասուն աղեղնավոր հետևակ, հազար ութանասուն տեգավոր և երկու հարյուր ութանասուն պարսավոր։

Ահա այս ավանագյուղերն էին, որ ի սկզբանե կուռքերին ծառայելու համար էին տրված, և իշխանները դարձյալ հատկացրին եկեղեցու տնօրինությանը՝ երեսուն տարով։ Այս այսպես հաստատված է սբ. Գրիգորի կողմից։

Ապա, տասներկու օրից հետո գնացինք իջանք Մեղտի գյուղաքաղաքը և գիշերեցինք այնտեղ։ Հանկարծ կես գիշերին մի մարդ եկավ և պատմեց, թե հյուսիսային կողմից մարդիկ են գալիս մեզ վրա, իսկ մենք վեր կացանք և ցանկանում էինք անցնել գետի մյուս կողմում գտնվող Հովանս (Հովեանս) ամ–

___________________

* Երդահամար կամ ծուխ ասելով այստեղ պետք է հասկանալ ամենայն հավանականությամբ անձ, շունչ, որ նույնպես շատ մեծ չափազանցություն է, և որը սովորական մի բան է մեր այս հեղինակի համար (Ծ.Թ.):

[էջ 49]

րոցը։ Սակայն իշխանները գնացին մինչև քաղաքի դարպասը և տեղեկացան, որ ոչինչ էլ չկա։ Ապա ետ եկան մեզ ընդառաջ և Արածանի գետի ափից մեզ ետ դարձրին։ Նրանցից ոմանք առաջ գնալով մտան քաղաքը, իսկ ոմանք էլ մեզ հետ մնացին։ Երբ երկու–երեք ասպարեզ հեռացանք գետից ու մոտեցանք մի փոքրիկ ձորակի և ցանկանում էինք անցնել գնալ մեհյանի տեղը, որովհետև որոշված էր այնտեղ ամփոփել [հաստատել] նշխարները, կառքերին լծված ջորիները չկարողացան անցնել գետի այն կողմը։ Այդ տիրոջ հրեշտակը արգելեց սբ. Գրիգորին՝ ասելով,

— Տիրոջ համար հաճելի եղավ սուրբերիդ բնակությունն այստեղ հաստատել, որպեսզի այն հեռագույն տեղերին ապացուցեք աստվածային հրաշագործության զորությունը։ Ուստի հենց այստեղ էլ ձեռնարկեցինք եկեղեցու շինարարությանը։ Նույն ձևով էլ կարգավորեցինք նշխարների հանգստարանը, դրեցինք մի մարդահասակ քարե տապանում, իսկ երկու վկաներինը դրեցինք եկեղեցու աջակողմյան դռան մոտ։ Բայց մյուս լուսեղեն ակը [սբ. Գրիգորը] դրեց նույն տապանի վրա, որպեսզի միշտ լուսավորեր նրան իրենից ճառագող լույսով:

Ահա սրանք էր, որ ամփոփեցինք այնտեղ, Աթանագինեսինը ամբողջությամբ, Կարապետինը ձախակողմյան երկու ազդրերը, երկու սրունքներն ու ողնաշարի ոսկորների մի մասը։ Մնացած մասերը երկու ոտները, ահյակ բութը և աջ ձեռքը մինչև արմունկը Կեսարիայումն էին վերցրել որպես իրենց բաժինը։

Արդ, երբ նշխարները դրեցինք-ամփոփեցինք տապանի ներսում՝ նույնչափ խորությամբ, որքան Իննակնյանն էր, նույն ձևով մեզ հետ միասին ծունկի գալով սբ. Գրիգորը նույն աղոթքը ուղղեց առ աստված, թե ոչ մեկը չհանդգնի հանել դրանք։ Այստեղ էլ երկնքից նույն ձայնը լսվեց, որ ասում էր,— Ինչ որ խնդրում ես՝ կլինի, և ոչ ոք չի լինի, որ կարողանա հանել դրանք, եթե նույնիսկ գտնի էլ դրանց տեղը։— Այսպես խոսեց, և իսկույն [մի հանգստավետ] խաղաղություն պատեց մեզ բոլորիս, ինքն էլ աներևույթ եղավ բևեռների [գամերի] նշաններով հանդերձ և անտեսանելի՝ բոլոր տեսնել փափագողներին41: Այս է, ահա, Արձանում տեղի ունե–

[էջ 50]

ցած առաջին պատերազմի պատմությունը։ Իսկ դրանից հետո ինչ բաներ որ տեղի ունեցան, թողնում ենք ուրիշ պատմագիրներին, քանզի նրանք ժամանակագիրներ են թագավորաց42։ Մինչդեռ մեր պատմությունը դառնում է նորից դեպի Տարոնում [կատարվածները], որոնց մասին ոչ մի տեղ գրված չկա։

 

ԱՐՁԱՆՈԻՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԵՐԿՐՈՐԴ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ43

Հենց այդ ժամանակ էր44, որ Տրդատ թագավորին լուր հասավ, թե Կոստանդիանոս կայսրը քրիստոնյա մկրտվեց, դադարեցրեց հալածանքը եկեղեցիների նկատմամբ իմաստությամբ կառավարելով իր երկիրը։ Ուստի և իրար մեջ խորհուրդ արին [Տրդատն ու Գրիգորը]՝ խաղաղության ու բարեկամության դաշինք կնքելու նպատակով կայսեր դուռը գնալ։

Արդ, մինչ Տրդատն ու սբ. Գրիգորը պատրաստվում էին անցնել գնալ Կոստանդիանոս թագավորի մոտ, եկան հասան Ապահունյաց գավառի Մանձկերտ (Մանազկերտ) քաղաքագյուղը։ [Այդ ժամանակ] հյուսիսցիների արքան զորք հավաքեց, եկավ վրաց իշխանի վրա. նրան փախստական արեցին, բերին մինչև Կարին քաղաքը և ամբողջ երկիրը ավերելով քառասուն և ութ հազար հոգի գերի տարան։ Ուստի երբ վրաց իշխանի պատգամաբերը հասավ Տրդատ թագավորի մոտ և օգնական զորք խնդրեց, թագավորը երեսուն հազար զինվոր տվեց Ապահունյաց իշխանի ձեռքը և ուղարկեց վրաց իշխանին օգնելու։ Սրանք [մոտ] մեկ ամիս* գնացին, ապա նոր հասան, ուստի և գերյալներից միայն մի փոքր մասը կարողացան ետ դարձնել։ Երեք իշխանների ձերբակալեցին և այնտեղ սահմանապահներ (ուղեկալներ) թողնելով իրենք վերադարձան թագավորի մոտ։

Բայց ես աղաչեցի սբ. Գրիգորին՝ թույլատրել գնալու իմ վանքը, որ սբ. Կարապետի անվամբ հիմնադրվեց, որին թագավորն իսկ անձամբ ցանկացավ գնալ տեսության, թե ինչ–

___________________

* Բնագրում՝ «...Ամսաւրեայ ժամանակս յամեցին» (Ծ. Թ.):

[էջ 51]

պիսի տեղում է կառուցված։ Եվ դուրս գալով զոհատեղերից, ուղղվեց դեպի լեռնակողմն ու եկավ բանակ դրեց Արձանի գլուխը, քանզի ընդարձակածավալ վայր էր։ Իսկ երբ թագավորի հետ միասին եկանք Իննակնյան կողմերը, ցանկացանք տեսնել սուրբ Անտոնին և Կրոնիդեսին։ Բայց պաշտոնյաներն ասացին, թե արդեն մեկ տարի է, ինչ նրանց չենք տեսել։ Խիստ տրտմեց թագավորը, որովհետև վաղուց էր փափագում տեսնել նրանց։ Այնժամ սբ. Գրիգորը Աղբիանոս եպիսկոպոսին երկու սարկավագների հետ միասին խնդրակ (նվիրակ, հետախույզ) ուղարկեց նրանց փնտրելու։ Պատվեր տվեց նաև շատ զգույշ լինել, քանի որ վաղ առավոտյան նրանք (փախածները, թաքնվածները) դուրս են գալու անտառից՝ որևէ տեղ բլրի վրա։ Դուք այնտեղ շատ զգուշությամբ թաքնվեք, որպեսզի չլինի թե ձեզ տեսնելով փախչեն։ Սակայն չորս օր մնացին և չկարողացան գտնել, իսկ հինգերորդ օրվա լուսաբացին, ահա, լսեցին նրանց սաղմոսերգության ձայնը, որ գալիս էր անտառի արևմտյան կողմից՝ քաղցրահամ ու [բարեբուխ] աղբյուրներից։ Եկան բարձրացան անտառի կողմի [արևահայաց] բլուրը, որտեղ Դեմետրի զոհարանն էր (արարոցը), որին այժմ էլ Արևի բլուր են կոչում, որովհետև հենց այնտեղ էին նրանց դարանափոր խուցերը։ Բարձրանալով բլրի գագաթը սկսեցին սաղմոսերգել այսպես.

— Լսելի արա, Տե՛ր, առավոտից ողորմության ձայնը քո։ Իսկ Աղբիանոսը դիմեց նրան (Անտոնին) ու ասաց.

— Թող քո բարի հոգին առաջնորդ լինի ինձ դեպի արդարության երկիրը։ Այստեղ Անտոնը աղոթելով դարձավ Աղբիանոսին.

— Բարով եկար, ճանապարհորդ խաղաղության։ Եվ նա ասաց.— Բարությամբ գտա ձեզ, օթևաններ սուրբ հոգու և ճրագներ հուսո։ Այլև ավետիս տամ ձեզ, որ սբ. Գրիգորն ու Տրդատ թագավորը ձեր կացարանն են եկել և ձեզ տեսնել են փափագում։ Իսկ նրանք պատասխանեցին.

— Եվ ձեզ ավետի՛ս, չար [սատանան] կործանվեց և Աստված այսօր դարձյալ խնդությամբ լցրեց բոլոր արարածների սրտերը սուրբ հոգու գալստյամբ այստեղ։ Ոստի և այդ բլուրն էլ կոչվեց Ավետյաց բլուր։ Ապա Աղբիանոսը երկու սարկավագներին ավետաբեր ուղարկեց, և մենք ևս այդ լսելով

[էջ 52]

շատ ուրախացանք։ Դարձյալ նույն սարկավագներին իբրև ավետաբեր ուղարկեցինք Արձանի ստորոտը [Տրդատին և մյուսներին] ավետիս տալու, սրանք նույնպես՝ մեծամեծ իշխանների հետ միասին, անհուն խնդությամբ լցված, եկան հա­սան վանքը։ Իսկ այն տեղը, ուր ավետիսը տվեցին, հրամայեց վեմեր հավաքել [կուտակել], ուստի և կոչվում է Ավետյաց խաչ։ Դրանից հետո սբ. Գրիգորը առավ իր հետ սպասավորների դասը և Տերունական խաչի նշանը՝ քահանաներով ու անուշաբույր խնկարկությամբ և առաջ շարժվեց, պաշտոնյաների ուրախաձայն աղաղակներր անտառն էին թնդաց­նում։ Իսկ երբ մոտեցանք այդ բլրին, նրանք ընդառաջ ելան մեզ, միասին բարձրացանք բլրի գագաթն ու սկսեցինք աղոթել։ Ապա [նրանց] ողջունելուց հետո սբ. Գրիգորը այսպես ասաց,— Բարով գտանք ձեզ, թող խաղաղության այգաբաց լինի։ Իսկ նրանք պատասխանեցին — Բարով եկար, արուսյակդ (լուսո աստղ) արդարության, որ ամբողջ տիեզերքն ես լուսավորում, անապական մշակ [անզիղջ], երկնից բարձր աշտարակ։ Եվ նրանց հետ երկար ողջագուրվելուց հետո, բարձրացանք դեպի եկեղեցին, քանի որ բլուրն այդտեղից այնքան էլ հեռու չէր, այլ փոքր–ինչ դեպի հյուսիս ընկած բացատում էր, որը նայում է դեպի արևելք՝ մի զովասուն, բարձրադիր և գեղահայաց տեղ։ Իսկ երբ ներկայացրինք նրանց թագավորին, երկար ժամանակ արտասվում էր թագավորը և նրանցից ապաշխարություն հայցում (օրհնություն խնդրում)։ Եվ մոտենալով համբուրեց նրանց ու նստեց վկայարանի առջև, իսկ նրանք բազմալեզու վարդապետությամբ խոսում էին և ուսուցանում իրենց [պաշտած] կրոնի սրբությունները։ Թագավորը տասնևհինգ օր այնտեղ մնաց, այնուհետև այն նույն տեղում, ուր առաջ Գիսանեի տաճարն էր՝ բուժիչ ջուր [ունեցող] աղբյուրի առջև, կանգնեցրին Տերունական խաչի քարակոփ ու մեծադիր նշանը։ Եվ բազմամբոխ ժողովրդով ցնծության մեծ տոն կատարեցին, որոնք տարբեր կողմերից գալով–հավաքվելով՝ բոլորը հարյուր հազար չորս հարյուր հիսուն հոգի եղան, չհաշված թագավորի հետ եղած զորքն ու սբ. Գրիգորի ծառաներին, թագավորը հրամայեց համրել բոլորին և խաչի հենց տակը գրել ու թողնել հիշատակ անցնող և գալիք սերունդներին։

[էջ 53]

Իսկ երբ օրվա բոլոր արարողություններն ավարտվեցին, եկան թագավորին ներկայացան Վրաստանում եղած զորքերը։ Երեք իշխաններին և չորս հարյուր հոգի էլ [գերված] ընտիր մարդկանց բերին ներկայացրին թագավորին, որը տես­նելով՝ թագավորը չափազանց ուրախացավ և իր գոհությունը հայտնեց Աստծուն, որ թշնամիներին իր ձեռքը մատնեց, ապա առավ նրանց և ուղարկեց Ողական ամրոցը։ Իսկ իրենք առաջ շարժվելով` բազում օրեր գնացին, մինչև որ հասան Հռոմ քաղաքը և բավական երկար այնտեղ մնալուց հետո մեծաշուք պատվով ետ վերադարձան։ Ցնծագին ուրախությամբ եկան անցան Եկեղյաց գավառը, այստեղից էլ երեք օր հետո դուրս եկան և եկան հասան Պալունյաց աշխարհը։ Երբ հասան Կուառս գյուղը, որովհետև խիստ հոգնաբեկ էին, մեկ օր հանգիստ առան։

Արդ, երբ իշխանները Վրաստան գնացին և գերիներին ետ դարձրին, Աղձնիքի իշխանին, որին Դրով էին ասում45, այնտեղ սահմանապահ թողեցին։ Իսկ սա վաթսուն հազար դահեկան* կաշառք վերցնելով հյուսիսցիների իշխանից, սահմանը [անպաշտպան] թողեց և գնաց իր աշխարհը։ Եվ դավաճանական այս ամբողջ գործը թագավորին բռնելու [ձերբակալելու] համար էր անում, այն էլ այնպես հմտությամբ և զգուշավոր կերպով [եկավ հյուսիսցիների իշխանը], որ թագավորին նույնիսկ թակարդը գցեց։ Թագավորի ձեռքի տակ այդ ժամանակ ընդամենը երեսուն հազար (ԼՌ) զինվոր էր մնացել, մնացած բոլորը անցել գնացել էին Մուշ ավանը։ Եվ ահա, գիշերվա կեսին մենք [այն] սուրբ Խաչի առջև, որը սբ. Գրիգորի կարգադրությամբ Սյունյաց իշխանը կանգնեցրեց, սովորական ապաշխարությամբ [աղոթքով] էինք զբաղված։ Որովհետև երբ Տրդատը Իննակնյան խաչը կանգնեցրեց, իսկ Անգեղ տան իշխանը՝ Հոռենից խաչը, նույն ժամանակ Սյունյաց իշխանն էլ Կուառսինը կանգնեցրեց, և սբ. Գրիգորն էլ այնտեղ գալով խաչերը օրհնեց, ապա երկու եկեղեցիները հիմնադրել տվեց։ Ահա, հենց նույն ավուր գիշեր­վա պաշտամունքի ժամին, մինչև մենք Երեք մանկանց օրհ–

___________________

* Ամենայն հավանականությամբ պետք է հասկանալ 600 (ԿՃ — փոխանակ ԿՌ–ի) դահեկան, կամ մեր հեղինակին հատուկ չափազանցություններից է։

[էջ 54]

ներգությունն էինք անում և թագավորն էլ գալով մեզ մոտ իշխանների հետ միասին, նույն աղոթքն էին անում, և ոչնչից կասկած չունեինք, հակարծակի մեզ վրա եկան հասան, ինչպես ամպերի ահեղաձայն որոտը, որ [երկիրն է] դղրդացնում, քանզի գյուղի առաջակողմը հետիոտներն էին շրջափակել, հետնակողմն էլ հեծյալներն էին պաշարել: Ապա սկսեցին պատերազմական փողերը հնչեցնել. շուրջ բոլորը սաստիկ որոտում էր, և [ամեն կողմից] ձիերի վրնջյունն էր լսվում։

Այնժամ մեր իշխանները նույնպես պատրաստվեցին պատերազմի [դուրս գալ] նրանց դեմ, որովհետև լուսինը երկնակամարի մեջտեղում էր։ Թագավորը, սակայն, արգելեց պատերազմի դուրս գալ ասելով` հիմա գիշեր է, և մենք թշնամիների քանակը չգիտենք։ Ւսկ եթե իմաստությամբ եք ուզում գործել, ապա վեց հազար (ԶՌ) հոգի թող բարձրանան Արձանի գլուխն ու այգեստաններում թաքնվեն մինչև առավոտ, իսկ չորս հազար (ԴՌ) էլ թող Հաշտենից կողմը պահեն, չորս հազարն (ԴՌ) էլ նրանց մեջտեղը անցնելով, այգեստաններով թող գնան մինչև բարձրադիր տեղերը և ուշադրությունը մեր կողմը պահեն։ Բայց շատ զգույշ եղեք, որ չլինի թե ձեզ նկատեն և խորամանկությամբ փախչելով հանկարծակի ետ դառնան շրջապատվեք ու խիստ ծանր վտանգի մեջ ընկնեք։ Այդպես բաժանելով զորքերին ուղարկեց, ինչպես որ նախատեսել էր։ Իսկ ինքը՝ թագավորն ու Գրիգորը մեզ հետ միասին այնտեղի փոքրիկ ամրոցը մտնելով աղոթել սկսեցինք։

[Այդ ժամանակ] սյուների զինվորներից մեկը հյուսիսցիների զինվորներից մի պատանու ձերբակալելով բերեց թագավորի մոտ։ Եվ երբ տեղեկացավ [թագավորը], թե այդ բոլորը իր իշխանների կողմից է եղել, (այսինքն դավաճանությունը), և հյուսիսականների թագավորն էլ Գեդռեհոնն է ու հենց իրեն ձերբակալելու համար է եկել հիսունութ հազար (Ծ և ԸՌ) զորքով, հրաման տվեց իր զորքին կենաց ու մահվան պատերազմի նախապատրաստվել։

Իսկ երբ լույսը բացվեց, զորքերը թագավորի հրամանին կազմ ու պատրաստ կանգնեցին46, որպեսզի Արձան [լեռը] բարձրանան։ Բայց հյուսիսի թագավորը իր զորքին հրամա–

[էջ 55]

յեց նրանց առաջն առնել։ Վեց հազար (ԶՌ) սպառազեն մարդկանցով [նա] ցանկանում էր արգելք հանդիսանալ թագավորին, և նրանք չկարողացան առաջանալ մինչև Արձանի գլուխը ու շատ ժամեր այդպես կաշկանդված մնացին։

Այս բանը տեսնելով սուրբ Գրիգորը արտասուք հեղելով ասաց.— Հովհաննես Մկրտիչ Կարապետ Քրիստոսի, մի՞թե չես տեսնում դրանց արածը։ Օգնության հասի՛ր և նշանավոր արա այս օրը մեր ազգի համար։ Ապա վերցնելով սուրբ առաքյալների նշխարները կնքեց [դրանք] իր մատանիով։ Եվ մի փոքր անց [գերբնական] ուժ ստանալով` Տրդատը դյուցազնաբար ձայն տվեց և օգնության կանչելով սուրբ Կարապետին, ճեղքեց առաջապահ զորագունդը և անցավ բլրի գագաթը։ Իսկ նրանք, որ գիշերը թաքնվել էին, հարձակվեցին և նրանց զորքերին մեջտեղ առնելով կոտորեցին ու փախցնելով մինչև անտառի հարավային կողմը [հալածեցին]. ինչպես թակարդի մեջ բռնելով՝ անխնա կոտորեցին, ուստի այդ տեղն էլ անվանվեց Թակարթներ։

Իսկ հյուսիսցիների զորքերը հարմար միջոց գտնելով հար­ձակվեցին գյուղի վրա և մեզ ամրոցից էին ուզում վտարել: Այս բանր նկատելով այն չորս հազար (ԴՌ) հոգին, որ գյուղի վրա էին գնացել, հարվածեցին ու փախցրին նրանց զորքին դեպի գյուղամեջ, որտեղ նրանցից շատերի երիվարների գլուխները այգեգործները գլաջարդ (քարաջարդ) արին, հեծյալներից շատերն էլ վիմասպան եղան։ Ապա մեր զորքերը նրանց ցրեցին այգիների մեջ և սկսեցին կոտորել, քչերը միայն ազատվեցին։ Հազար և վեց (Ռ և Զ) մարդ այնտեղ սպանվեցին։ Իսկ Թակարթներում հազար յոթ հարյուր (ՌԷճ) մարդ ընկավ, որոնցից ութ հարյուր վեցը (ԸՃ և Զ) պարսավորները կոտորեցին, բոլորը միասին չորս հազար երկու հարյուր հիսուներկու (ԴՌ և Մ և ԾԲ) մարդ սպանվեցին։

Եվ ապա ետ դարձավ թագավորր այդ փոքրիկ կոտորածից, հնչեցրեց ազդարար փողերը և սպասեց մինչև զորքերը բոլոր հավաքվեցին մի տեղ։ Երբ եկան հասան նշանակ­ված վայրը, սուրբ Գրիգորին իջեցրին անտառում* , և երեք հազար մարդ շրջապատած՝ նրան էին պաշտպանում։ Իսկ

___________________

* Պետք է լինի անտառից, որտեղ պատսպարված էր նա (էջ 133...), ինչպես որ կա ձեռագրերի մեծ մասում (Վ. Վ.)։

[էջ 56]

հյուսիսցիների արքան առնելով իր զորքը գնաց Հաշտենքի տափարակ կողմերը։ Այնտեղից թուղթ ուղարկեց Տրդատին թե.— Եկ վաղը պատերազմենք (պետք է լինի՝ մենամարտենք) միմյանց դեմ. և դա թող լինի երկուսիս համար հավիտյանս անմոռաց օր (տեքստում՝ այսօր մեր մեջ թող լինի հավիտենական օր, էջ 133)։ Քանզի կամ ետ կտաս իմ բոլոր իշխաններին և նաև տասնհինգ տարվա հարկ կամ եթե ոչ, ապա քարուքանդ կանեմ երկիրդ ամբողջ սրով ու գերությամբ, որպեսզի ճանաչես, [հիշես] քո խոզային կերպարանքը, ինչպես որ եղար քո զորքերի առջև։ Ահա, կարդա և ըստ այդմ էլ պատասխան տուր։ [Տրդատը] կարդաց թուղթը, սակայն ոչինչ չպատասխանեց, այլ երեսուն հազար զորքով արշավեց գնաց նրա դեմ պատերազմի, գնաց բանակ դրեց նրանց դեմ հանդիման՝ Հաշտենքը Մուշեղամարգ [գյուղում]։ Իսկ վաղ առավոտյան սկսեցին ճակատ կազմել ու ռազմի փողերը հնչեցնել։ Պատերազմական երկու թևերի պահապան կարգեց Բագրատունյաց իշխանին։ Զորքերի աջ թևը հանձնեց Սյունյաց իշխանին, իսկ ահյակը՝ Անգեղտան իշխանին, գահերեց իշխանն էլ իրեն թիկնապահ նշանակեց։ Եվ այսպես երկուստեք ճակատ կազմեցին ու պատրաստվեցին մարտի։ Իսկ երբ զորքերը բոլոր դեմ-դիմաց անցան [կանգնեցին], հյուսիսի իշխանը հոխորտանքով խոսել սկսեց և ասաց.

— Արքադ Հայոց, դե առաջ ե՛կ... Եվ միմյանց հասնելով սկսեցին ինչպես մուրճավոր քարհատներ, կամ ինչպես դարբնոցի կռանահարներ [մեկմեկու հարվածել]. մեկը վեր էր բարձրացնում, մյուսը վար իջեցնում։ Որովհետև հյուսիսի արքան էլ զորավոր և ահարկու էր, ինչպես Տրդատը, ուստի երկար ժամանակ կոփեցին միմյանց և ոչինչ դուրս չեկավ։ Արքան հյուսիսի, սակայն, սկսեց թուլանալ և հասկացավ, որ խիստ վտանգ է սպառնում իրեն։ Եվ որովհետև ճոպանավոր էր, աճապարեց, նետեց պարանը և անցկացրեց Տրդատի պարանոցով ու աջակողմի թիկունքով, ապա արագորեն շուռ եկավ և ոլորեց պարանը, այնպես պիրկ ձգեց, որ Տրդատը չկարողացավ նույնիսկ իր ձեռքերը շարժել։ Բայց Տրդատը մտրակեց իր երիվարին և այնքան մոտիկից հետապնդեց Գեդռեհոնին, որ մինչև իսկ տասը քայլ իրենից առաջ չթողեց նրան։ Եվ երբ հասավ, ձայն տվեց նրան ու ասաց.

[էջ 57]

— Կատաղի շուն, խառանվեցի՛ր քո ջղերից։ Եվ այն կողմից աջ ձեռքը վեր բարձրացնելով՝ մեծ թափով սուրը իջեցրեց նրա ձախ ուսն ի վար, կտրեց անցավ մինչև գոտին, ու երիվարի ողնաշարն էլ՝ գլխի հետ միասին, երկու կես անելով երկիր տապալեց։ Եվ խիստ զարմանալին էլ այն էր, որ գլուխը [Գեդռեհոնի], աջ ձեռքն ու աջ ոտքը, նույնպես և ձիու ողնաշարը մեջտեղից կիսվելով միասին գետնին թավալվեցին։

Այս բանը տեսնելով Անգեղ տան իշխանը ձախ թևով շրջանցեց և վրա գալով ձայն տվեց.

— Իշխանդ Սյունյաց, այծամներիդ գունդը առաջ շարժիր, քանզի կործանվեցավ հոնը։ Իսկ նա մեջտեղից վրա գալով հարեց [կիսեց] նրանց երկու մասի և անցնելով հյուսիսականների աջ թևագլուխը կանչեց.— Աստեղահաչ, առաջ անցիր, մենամարտենք։ Բայց հյուսիսայինը հարձակվելով՝ կտրեց Սյունյաց իշխանի ձիու գլուխը: Սա վտանգն զգալով փութապես խփեց սրով և կտրեց հյուսիսցիների իշխանի երիվարի ոտքը։ Եվ երկուսն էլ գետին ընկնելով՝ բուռն թափով միմյանց վրա հարձակվեցին։

Այնժամ Սյունյաց իշխանի թիկնապահներից մեկը զինվորներից մեկին հրեց գցեց նժույգի վրայից և մատուցելով այն իր տիրոջը ասաց.– Հեծի՛ր, տեր։ Սա անմիջապես թռավ ձիու մեջքին և ետ դառնալով կտրեց [հյուսիսցիների իշխանի] գլուխն ու գցեց իր մաղախը։ Իսկ Անգեղ տան իշխանը, երբ տեսավ [ամբողջ] կատարվածը և [թշնամու] զորքերի փախուստը, շտապ ձեռնարկեց նրանց հետապնդելոլ, և ուժգին կերպով բախվեցին միմյանց։ Որոնց և թագավորը նույնպես հետամուտ լինելով, մինչև արևամուտ, ում որ դիմադարձ գտան, բոլորին անխնա կոտորեցին։ Ապա, որպես հանգստամետ վայր՝ օթևան գտան Հաշտենից գավառի միջով անցնող գետի ափին։ Եվ երկուստեք բանակ դրեցին նրանք այն կողմից, սրանք էլ այս կողմից։ Իսկ վաղ առավոտյան, երբ այգաբաց եղավ, հյուսիսցիները համախմբեցին իրենց մնացյալ զորքերին, հարձակվեցին հայոց զորքի վրա և սկսեցին կոտորել։ Նույնիսկ այնքան հանդգնեցին [խրոխտացան], որ մինչև անգամ Ծոփաց իշխանին իրենց մեջ առնելով՝ բազում մարդկանցով շրջապատեցին։ Եվ մինչդեռ խիստ նեղն ընկած աղաղակում էր. «Որտե՞ղ ես, իշխանդ Սյուն–

[էջ 58]

յաց, հասիր ինձ օգնության», նա ական թոթափել հասավ [այնտեղ] ու հալածեց նրան շրջապատած զորքերին։ Բայց տեսավ, որ չարաչար խոցոտել էին նրա մարմինը, վերցրին տարան իր բանակը, և այնտեղ էլ մեռավ։

Սակայն Գեդռեհոնի զորապետը դարձյալ Տրդատ թագավորի դեմ եկավ, և բազում մեքենայություններով ու խորամանկորեն գործելով կարողացավ [Տրդատի] զորքի աջ թևը խիստ վնասել։ Սա էլ զայրացած՝ ինչպես կատաղի և գազազած առյուծ, հարձակվեց նրա վրա և մեջտեղից երկու կես արեց։ Ապա առաջ անցնելով փախուստի մատնեց նրանց և հալածեց մինչև Հարքի կողմերը։ Նրանցից շատերին էլ հետապնդեցին մինչև Կարին քաղաքը։ Իսկ երբ թագավորն ու իշխանները ետ դարձան դեպի Արձանը և իջան սուրբ Գրիգորի մոտ՝ սբ. Կարապետի գտնված տեղը, մեծապես գոհություն էին հայտնում Աստծուն, պատարագ էին մատուցում, անհամար սպիտակ անասուններ, նոխազներ ու գառներ [ոզջակեզ] մատաղ էին անում և աղքատներին բազում ողորմոլթյուն էին տալիս։

Երբ զորքերը բոլոր եկան հավաքվեցին, համբարեց և տեսավ, որ մեզանից սպանվել է հազար ութսուն մարդ, իսկ թշնամիներից՝ տասնհինգ հազար ինը հարյուր քառասուներկու մարդ։

Բայց թշնամիներից նրանք, որ փախստական գնացին մինչև Հարք, Հարքի իշխանը վեց տեղից հարձակվելով կոտորեց նրանցից ութ հազար հիսունվեց մարդ։ Եվ Վրաստան էլ մտնելով` նրանք շատ տեղերում ջարդ կրեցին47, այնպես որ ովքեր իրենց գավառը (իմա` աշխարհը — Վ. Վ.) հասան* ընդամենը վեց հազար էին, մինչդեռ երբ Տարոն մտան՝ հի­սունութ հազար էին։ Այս բոլորը տեղի ունեցան [Տրդատի և մյուսների] Հռոմից գալուց հետո, բայց գործվեցին Աղձնյաց նենգավոր իշխանի ձեռքով։

Ապա Իննակնյան սուրբ վայրերում երեք օր մնալուց հետո ելան բոլորը միաբան շարժվեցին գնացին դեպի Ապահունյա ց գավառը, իրենց հետ տանելով նաև Ողական ամրո–

___________________

* Այսինքն՝ կենդանի մնացածները (Ծ. Թ.)։

[էջ 59]

ցում գտնվող [գերի] իշխաններին։ Եվ չորս հարյուր հոգին էլ արքունի դիվանում բանտարկել տվեց [Տրդատը]։

Երբ եկանք հասանք առաջապահ զորքերին, որոնց նախօրոք էր ուղարկել, հրամայեց նրանց՝ բռնել Աղձնյայ իշխանին, բերել և ծայրատել (անդամահատել), որը սակայն սուրբ Գրիգորը թույլ չտվեց՝ պատուհասների պատճառով, որպեսզի տարաժամ աղետներ տեղի չունենան։ Բայց կարգադրեց զրկել իշխանական պատվից և արտաքսել Հայոց երկրից։ Իսկ սրանց հաջորդող դեպքերի մասին, եթե որևէ մեկը իմանալ է ցանկանում, թող այլ պատգամագիրներին դիմի48։

Արդ, այս ամենը, [որ պատմեցինք] մեզանից որպես [ձեր հարցումին] պատասխան կբավարարի ձեզ, իսկ եթե դուք կամիք գալ այս երկրում բնակվելու, իմացե՛ք. երկիրն այս բարեբեր է, օդն անուշաբույր, ջրերը առատահոս, դաշտավայրը ընդարձակ և շուրջ բոլորը լեռներով պարսպված, ամրոցներ բազում, երկիր՝ հոտավետ և մայրաբուխ։ Ինչպես որ մանանան, որին մենք գազպա ենք կոչում, երկնքից էր [երկրի] վրա իջնում, այստեղ էլ անտառների վրա է իջնում։ Քանզի ձեր երկիրը խորշակահար է ու հացապակաս, իսկ սա ամենայն բարությամբ լցված, առողջարար, իշխանները կրոնասեր են և սուրբ՝ չարիքների հանդեպ, աղքատասեր են և որբերի խնամակալ։ Եվ աղոթքներով Ձեր թող տերը պահպանի մեր հավատը, և ձեզ մշտնջենավոր խաղաղություն՝ շնորհովն Հիսուս Քրիստոսի։ Ողջ կենաք ի տեր այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից, ամեն։

 

ԹԵ ՈՎՔԵՐ ԵՂԱՆ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐ ՍՈԻՐԲ ԿԱՐԱՊԵՏԻ, ՈՐԸ ՆԱԵՎ ԳԼԱԿԱ ՎԱՆՔ է ԿՈՉՎՈԻՄ49

Զենոբը Գլակա վանքի վանահայր մնաց քսան տարի։ Նրան հաջորդեց Եպիփանը` Անտոնի աշակերտը, երեսուն տարի։ Սրա ժամանակ էր, որ սուրբ Գրիգորը եկավ Գլակա վանքը, բարձրացավ [ելավ] Ավետյաց կոչված բլուրը՝ Անտոնի և Կրոնիդեսի մոտ և չորս ամիս մնաց այնտեղ։ Այնուհետև անցավ գնաց Մանյա կոչվող անապատը, որտեղ յոթ ամիս50 մնալուց հետո վախճանվեց ի կենաց՝ ի փառս Աստծո։

[էջ 60]

Ապա եկավ նրա աշակերտը՝ Ստեփաննոսը`տասնհինգ տարի։ Սրա չորրորդ տարում վախճանվեց սուրբ Անտոնը. իսկ ուղիղ երկու ամիս հետո՝ նաև սուրբ Կրոնիդեսը, Իննակնյան վայրում մնալով քառասուն տարի*։ Եվ թաղված է եկեղեցուց փոքր–ինչ հեռու, հարավային կողմում։ Սա կառուցել տվեց եկեղեցի այնտեղ, ուր սուրբ Գրիգորը ամփոփեց նշխարները` Կուառսից այն կողմ, հորդաբուխ աղբյուրի կողքին, հաստատեց այնտեղ նաև վաթսուն կրոնավորների։ Ապա գալիս են.

Եփրեմը՝ քսանութ տարի,
Հովհաննեսը՝ տասը տարի,
Մակարը՝ տասնութ տարի, որ սուրբ Սահակի ժամանակակիցն էր,
Կյուրեղը՝ քսաներկու տարի51,
Գրիգորը՝ վեց տարի,
Անդրեասը՝ տասնմեկ տարի,
Ներսեսը՝ յոթը տարի,
Հովհաննեսը՝ երկու տարի,
Բարդուղիմեոսը՝ երեք տարի։

Սահակը՝ յոթ տարի։ Սա ժամանակակիցն էր հայոց Մովսես կաթողիկոսի, որ թվականությունը կարգեց, որովհետև բոլոր ազգերի տոմարներին քաջատեղյակ էր։ Ապա Կոմիտասը՝ տասը տարի։ Մյուս Բարդուղիմեոսը՝ ութը տարի։ Սա մանուկ հասակից առաքինի վարք ունեցավ և սրբության պատճառով շատ սիրելի եղավ Մամիկոնյան Մուշեղ իշխանին։ Նա բազում կրոնավորներ կարգեց Գլակա վանքում. և իրենով [միասին] եղան երեք հարյուր իննսունութ մարդ52: Սրա ժամանակ հուսաց կողմից եկան չորս հոգի՝ սրբակրոն, ճգնակյաց և խոտաճարակ մարդիկ ու երկու տարի անապատում բնակվեցին։ Եկան ևս երկու սուրբ այրեր և բնակություն հաստատեցին այնտեղ՝ ոմանք Իննակնյան վանքում, ոմանք էլ քարայրում, որը Խաչի թաքցրած տեղի հարավ–արևելյան կողմում է։ Եվ այնտեղ մնացին երեսուն տարի։

Արդ, Մամիկոնյան տան իշխան Մուշեղի կենաց և Թոդիկի հայրապետության օրերին Գլակա վանքում, սուրբ Կարապետի դռանը մի հրաշագործություն տեղի ունեցավ։ Արծրունյաց

___________________

* Ավելի հավանական է կարծել «Խ» ամիս (Ծ. Թ.)։

[էջ 61]

Վարդպատրիկ անունով իշխանը, որը բազմաթիվ եկեղեցիներ ու վանքեր կառուցեց, ուներ Մարիամ անունով մի բարեպաշտ կին։ Եվ քանի որ ինքը Կեսարիա պիտի մեկներ, առավ կնոջը, տարավ իր հորենական տանը թողեց և ինքը գնաց։ Իսկ նրա կինը, քանզի խիստ փափագ ուներ այն սրբերին տեսնելու, որոնք սբ. Կարապետի վանքում էին, օրերից մի օր վերցրեց փոքրիկ, ծծկեր մանկանը, որ յուր առաջնեկն էր, մեծագույն սիրով ու ջերմեռանդությամբ եկավ սուրբ Կարապետի դուռը, բազում աղաչանքներով խնդրում էր սպասավորներին, որպեսզի թույլ տան մտնի եկեղեցին53։ Սպասավորները, սակայն, արգելում էին նրան իր այդ փափագը կատարելու։ Բայց վերցնում են մանկանը տիկնոջ գրկից և տանում են եկեղեցի, տիրոջ սուրբ սեղանի առջև երկրպագեցնում են նրան, ապա բերում տալիս են տիկնոջր։ Իսկ նա առնելով մանկանը՝ սկսեց արտասվել և իր գլուխը կոծելով ասել,— «Վա՜յ ինձ, մեղավորիս, որ զրկված եմ աստվածային բարուց։ Ողբացե՛ք ինձ, ամենայն կանայք, մասնակից եղե՛ք իմ արցունքներին ամենայն ձայնարկներ։ Թող լեռներն ինձ ծածկեն և թող բլուրներն ինձ վրա ողորմյա ասեն, գազանները թող ավաղեն ինձ և թռչունները թող վշտակցեն ու խղճան ինձ։ Թող հրեշտակները ապաշավեն իմ անձը և ինձ վրա թող դևերը հարձակվեն։ Ողորմացե՛ք ինձ, սպասավորներդ սուրբ Կարապետի և թույլ տվեք ինձ տաճարի ներսը տանել»։ Ապա դառնալով մանկանը ասում էր. «... Որդյակ, ինչո՞ւ բաժանվեցիր իմ գրկից, ինչպե՞ս չխղճացիր հարազատ մորդ։ Մի՞թե ես չծնեցի ու սնեցի քեզ, իսկ դու ինձ մենակ թողեցիր»։

Այս բոլորն ասելով` տիկինը բազմաթիվ անուշահոտ յուղեր էր հանում տալիս սպասավորներին և ասում,— «Վերցրեք սրանք և թույլ տվեք ինձ ներս մտնել»։

Պատգամ էր հղում նաև տեր Թոդիկին և խնդրում, որ վերցնի ուղարկած իրերն ու իրեն եկեղեցի ներս թողնի։ Բայց նա պատասխանում է.— «Այսպիսի կարգադրություն չենք ստացել առաջիններից (նախորդներից ) և ոչ էլ մենք կարող ենք այդ բանն անել։ Արդ, եթե հանուն հավատի ես անում [այդ բոլորը] ապա այդչափ ջանք թափելդ էլ ընդունելի է։ Ուստի

[էջ 62]

չափից ավելին պահանջելով մի ձանձրացրու մեզ և գնա խաղաղությամբ»։ Եվ նա ասում էր.

— Ո՛չ, այդպես չէ։ Եթե ձեր իշխանության համար եք ասում, ես ձեզանից չեմ վախենում, իսկ եթե Կարապետի՝ մեր հանդեպ ունեցած թշնամանքի համար է, մի՞թե ինքն էլ հենց կնոջից չծնվեց։ Մի՞թե տերն՝ ինքը կնոջից չծնվեց, և մարգարեներն ու առաքյալն նույնպես կնոջից չծնվեցին։ Ահա, ես մտնում եմ, ով տե՛ր, և իբրև բարեխոս ինձ հետ քո մայրդ ունեմ։ Մի՛ ուղղիր ինձ քո բարկության ցասումը և թող չլինեմ այս աշխարհից անարգվածների թվում։ Քանի որ ինքդ էլ կնոջ կաթով սնվեցիր, գոնե ինձ էլ տաճարդ մտնելու արժանի արա...

Եվ այս ասելով ներս մտավ տաճարի որմերը համբուրելով, ապա գնաց սուրբ սեղանի առջևը ծունր դրեց և ասաց.

— Նայի՛ր, տե՛ր, խորտակված սրտին իմ և ողորմությունդ արա ինձ բազում վիրավորյալիս, քանզի ողորմությամբ հիշաչար չես լինի։ Ուրեմն, թող հավիտյանս օրհնյալ լինի անունը քո...

Իսկ երբ դուրս եկավ եկեղեցուց, այնժամ զայրացան, բորբոքվեցին, տրտմեցին եկեղեցու սպասավորները կատարվածի համար, տիկնոջ համար կերակուր նույնիսկ չպատրաստեցին։ Ինքը, սակայն, իր սպասավորներին կարգադրեց կրոնավորների համար ճաշ պատրաստել։ Երեք հարյուր իննսուն և հինգ հոգի տիկնոջ պատրաստած սեղանին մասնակից եղան։ Երբ ճաշը վերջացրին, տիկինը դառնալով նրանց ասաց.

— Ո՛վ սրբասեր եղբայրներ ու աստվածային պատվիրանները գործադրողներ, այսօր ցնծացե՛ք ինձ հետ միասին, քանզի տերն մեր ներեց ինձ և իմ սրտի փափագը կատարեց։ Արդ, օրհնեցե՛ք ինձ և ճանապարհ դրեք խաղաղությամբ... Այնժամ եկեղեցապանն ու կրոնավորներից մին սեղանից վեր կացան, գնացին սուրբ Կարապետի դուռը և ծունր իջնելով ասացին.

— Ով տեր, դու կներե՞ս այն կնոջը, որ այդ բանն արեց, և բոլոր կանանցից միայն նա համարձակվեց քո տունը մուտք գործել։ Ահա, ցույց տուր զորությանդ նշանը նրան, որպես ապացույց բոլոր ազգերին և խրատ բազմաց ամենայն։

[էջ 63]

Իսկ երբ կնոջը ճանապարհ դրին և իրենք ետ դարձան, տիկինը մոտեցավ մի փոքրիկ զառիվայրի, որը Սադակի բարձունքին է, և ելավ բարձրացավ այնտեղ, նայեց դեպի փոքր ամրոցը և զարմանալի տեսիլք երևաց նրա աչքին, նետեց մանկանը դայակների մոտ ու գոչեց.

— Տեսնում եմ, ահա՛, այր մի գիսավոր եկեղեցուց դուրս եկավ և ամպերի մեջ որոտալով դեպի ինձ է գալիս։ Տեսնում եմ նրա մոտ զենք [սուրսայր], արյամբ ներկված ու խնամքով թաքցրած։ Բայց խոսքը դեռ բերանումն էր, հարվածեց [տեսիլքը] նրան և այնտեղ հոգին ավանդեց։ Այս բանը տեսնելով ծառաները փութացին հայտնել եկեղեցու սպասավորներին, իսկ վանահայրը, երբ եկավ տեսավ, սաստիկ զայրացավ եկեղեցականի վրա և շատ տրտմեց ու շատ ժամեր արտասվում էր։ Ապա սպասավորների հետ միասին վերցրին [տիկնոջ մարմինը], տարան՝ ուր իրենք էին, նրա համար գերեզման պատրաստեցին և դրին մեջը։ Այնուհետև քարե խաչ կանգնեցրին նրա վրա և գրեցին այսպես.

— Ով մարտնչել հանդգնի
Եկեղեցու դեմ Աստծո,
Սուրն այս խոցի թող նրան*...

Եվ այսպես դրված մինչև օրս էլ անջնջելի կա նույն տեղում։ Իսկ մանկանը [վանահայրը] վերցրեց հանձնեց դայակներին, որ պահեցին մինչև արբունքի հասավ։ Ապա վանքն առնելով ուսուցանեց և իր մահվանից առաջ նրան կարգեց նույն եկեղեցում վանահայր։

Բայց նրա հայրը՝ Արծրունյաց իշխանը, երբ Կեսարիայից եկավ և լսեց կնոջ մահը, շատ վշտացավ, սակայն [վանա]հայրը մխիթարեց նրան։ Մտածեց [իշխանը] մի եկեղեցի կառուցել ուստի գնաց մարտիրոսաց վկայարանը, վանքի մատակարարի մոտ շինանյութ ձեռք բերելու համար։ Եվ հենց այնտեղ էլ շինել տվեց մի հոյակապ ու վայելուչ եկեղեցի՝ իր կնոջ հիշատակի համար և անվանեց այն Աստվածածին։ Զարդարել տվեց այն հրաշալի ապարանքներով և սուրբ Կարապետի Գլակա վանքը նույնպես զարդարեց։ Սա նաև Կուառսն

___________________

* Որ ոք յանդգնեսցի մարտնչել
Ընդ եկեղեցի Աստուծոյ
Այս սուր եղիցի ընդ մնա...

[էջ 64]

ու Պարեխը ետ վերադարձրեց սուրբ Կարապետին, որովհետև անորեն իշխաններից մեկը վերցրել էր երկուսն էլ ու նվիրել մի գուսանի։ Կյուրեղ վանահայրը, սակայն, նզովեց նրան։ Եվ ահա, կարճ ժամանակ անց իշխանը որսի է դուրս գալիս և ձիուց ընկնելով հոգին ավանդում է։ Նրա որդին թեպետ ետ էր վերադարձրել ավանները, սակայն [նրանք] ետ չառանք մինչև որ ինքը՝ իշխանը տվեց։ Ահա այս իշխանն էր, որ կշռեց քսաներկու հազար դահեկան54, տարավ տվեց մյուս իշխանին, գնեց երկու ավաններն էլ և անխախտ վճռով նվիրեց սբ. Կարապետին։ Նա սուրբ Կարապետին նվիրեց նաև երկու ավաններ իր տիրապետությունից՝ Արտամետը և Գոմսը։

Այս նույն ժամանակներում սպանեցին պարսից Որմիզդ արքային, իսկ նրա որդի Ջամբ Խոսրովը փախստական գնաց Հոռոմների Մորիկ կայսեր մոտ։ Այնտեղ մկրտվելով քաղկեդոնական հավատով, մեծ զորքով վերադարձավ պարսից ապստամբների վրա և երկիրն էլ գրավեց։

Արդ, մինչև Հունաստանից Խոսրովը կգար, այս նույն իշխանը Տարոնի, Մշո, Խութա և Սասնո տեր Մուշեղին առավ տարավ Դվին և հաստատեց հայոց մարզպան։ Ապա տալով նրան հայոց զորքից երեսուն հազար հոգի, յոթանասուն հազար էլ ինքը առավ հունաց զորքից, գնացին դեպի Բալխաստան55, սակայն հպարտացան, գոռոզացան, չցանկացան հայոց զորքի հետ մեկտեղ բանակ դնել, այլ անցան գնացին մեկ օրվա ճանապարհ հեռու՝ դեպի դաստակերտը և այնտեղ իջևանեցին։

Իսկ Նիհորճեն՝ (Նիխորճեսւ) Որմիզդին սպանողը, գումարելով պարսկական ութսուն հազարանոց մի բանակ, եկավ Մուշեղի վրա։ Մուշեղը հայոց զորքերին քաջալերելով՝ հազիվ կարողացավ համոզել պատերազմի մեջ մտնելու։ Զորքին հորդորեց միաբերան սուրբ Կարապետին իրենց օգնության կանչել։ Եվ միահամուռ կերպով [այդպես կանչելով] հարձակվեցին պարսիկների վրա։ Տերը թշնամիներին նրանց ձեռքը մատնեց։ Երբ Մուշեղը տեսավ [Նիխորճեսին] ու հասկացավ, որ նա է թագավորը, դուրս եկավ նրա դեմ մենամարտելու. և սկսեցին միմյանց վրա հարձակվել, որից Մուշեղը շատ հոգնեց։ Ապա վեր բարձրացնելով մուրճը՝ ահեղ թափով իջեցրեց նրա գագաթին, և նրա ուղեղը ցրվելով քթա–

[էջ 65]

ծակերից դուրս թափվեց։ Նրա գլուխը կտրեց [Մուշեղր], դրեց իր մաղախի մեջ և դարձավ հորդորեց զինվորներին պատերազմելու։ Եվ հզորանալով՝ նրանց փախուստի մատնեցին, իսկ քառասուն և ութ իշխանների կենդանի-կենդանի գերի վերցրին։ Բայց սպանվածներին թիվ ու համրանք չկար, այնքան որ շատ էին։ Իշխանների հետ հազար մարդ էլ գերի բռնելով՝ մեծավ հաղթությամբ վերադարձան պատերազմից։

Պարսից Խոսրով արքան, երբ լսեց այս բանը, չափազանց ուրախացավ։ Իսկ հունաց զորքերը՝ ամոթհար մնալով, խիստ տրտմեցին։ Ուստի, երբ թագավորը կանչեց Մուշեղին և կարգադրեց ամբողջ զորքին պարգև տալ, հունաց Մորիկ արքան, որովհետև թագավորի փոխանորդ էին նրան կարգել, գաղտնի մարդ ուղարկեց Խոսրովի մոտ՝ թե դու գիտե՞ս, որ Մուշեղից քեզ կործանում է սպասվում56։ Եվ սա էլ մտածեց Մուշեղի նկատմամբ մահվան դարան պատրաստել։ Մարդ ուղարկեց և Մուշեղին իր մոտ կանչեց։ Սակայն Խոսրովի քույրը իմանալով, Մուշեղին տեղեկացրեց իր եղբոր նենգությունը։ Իսկ Մուշեղը առավ իր հետ քառասուն իշխանների միայն և էլ ուրիշ ոչ ոքի, պատերազմի մեկնելու կազմ ու պատրաստ ձևով, սրերը մեջքներին կապած, այդպես եկան ներկայացան թագավորին։ Ձիերի վրա նստած՝ [առանց երիվարներից իջնելու] եկան մինչև խորանի դուռը, ամենայն խստությամբ նրան պատասխան տվին, բացահայտ արեցին նրա գործած մահվան դարանը և թքակոծեցին, [անարգեցին] նրա անմտությունը։ Ապա մեծավ բարկությամբ ետ դարձան ու հեռացան թագավորի մոտից։ Իսկ թագավորը լսելով այդ [խոսքերը] շատ խիստ երկյուղեց նրանցից, որովհետև մանուկ էր։

Ապա Մուշեղ իշխանը [պատգամախոս] ուղարկեց հունաց զորապետի մոտ և ասաց,
— Դուք կամենում եք նենգությա՞մբ սպանել ինձ, արդ, մի զարթեցրեք առյուծին, որ քնած է և ոչ գայլին, որ մոռացել է իր բարքը։ Ապա թե ոչ՝ նա, որ ութանասուն հազարին հաղթեց, հեշտությամբ կարող է նաև յոթանասուն հազարին հաղթել...
Այնուհետև ինքը հրաժարվեց մարզպանությունից, ամ–

___________________

* Իմա՝ պարսից Խոսրով արքան։

[էջ 66]

բողջ զորքը թողեց Դվինում, առավ իր զինվորներին, որ զուտ Մամիկոնյան տանից էին և ելավ գնաց իր գավառը։ Կարճ ժամանակ անց սպանեց Փոկասը Մորիկին և ինքը նստեց նրա աթոռին։ Այս բանը լսելով Խոսրովը [զորքով] գնաց Մորիկի վրեժը լուծելու։ Կարին քաղաքով անցնելիս, մարդ ուղարկեց Տարոնի իշխան Մուշեղի մոտ հայտնելով, թե. — Եկ միասին գնանք հունաց թագավորի վրա. ապա թե ոչ, երբ ետ վերադառնամ, քո ամբողջ երկիրը քարուքանդ կանեմ, քեզ էլ ու քո ընտանիքն էլ շղթայակապ արքունի դուռը կգերեվարեմ։ Իսկ Մուշեղը առանց որևէ պատասխան տալու սկսեց իր երկիրն ամրացնել։ Երբ [Խոսրովը] գնաց և հունաց երկրեն ավար ու գերություն առնելով ետ եկավ, եկավ անցավ գնաց Բասենի կողմերը։ Բայց երբ եկավ հասավ Կարին քաղաքը, Միհրանին բազմաթիվ զորքերով ուղարկեց Տարոն, որպեսզի ձերբակալեն Մուշեղին և տանեն Բալխ*, իսկ այն [վայրերը], որ նրա պաշտամունքի տեղերն էին, հրամայեց հիմնահատակ կործանել և կրոնավորներին էլ սրի քաշել։ Նրանք եկան ու Խոսրովի ասածները նույնությամբ կատարեցին։

___________________

* Իմա՝ Բահլ. (Ծ. Թ.):

 


1. Տիտղոսաթերթ եւ այլն  |  2. Նախաբան
3. Տարոնի պատմությունը, որ թարգմանել է ասորիների Զենոբ եպիսկոպոսը
4. Պատճեններ I- IV... Ծիծառի Խաչի պատմությունը... Վահանի որդի Տիրանի մահվան եւ աղի ծովի ափին տեղի ունեցած պատերազմի մասին...
5. Ձեռագրերը և հրատարակությունները  |  6. Ծանոթագրություններ
7. Անձնանունների ցանկ  |  8. Տեղանունների ցանկ
9. Բովանդակություն (ըստ գրքի)

 

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր՝ ԵՐԵՎԱՆ «ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԳՐՈՂ» — 1989
Տրամադրեց՝ Միքայել Յալանուզյան
Սկան՝ Միքայել Յալանուզյան
OCR՝ Միքայել Յալանուզյան
Ուղղագրում՝ Միքայել Յալանուզյան

Տես նաև
Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice