ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian

Րաֆֆի

ԽԱՉԱԳՈՂԻ ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆԸ


Բովանդակություն   Ներածություն   Մաս I   Մաս II   Մաս III   Մաս IV


Վարդան Եվրիկյանը Րաֆֆու և իր «Խաչագողի հիշատակարանը» վեպի մասին

«ՏԱՂԱՆԴԻ ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ՈԻԺՈՎ»

Րաֆֆու գրական գործունեությունը համընկավ հայ ժողովրդի պատմության անչափ բախտորոշ մի շրջանի՝ անցյալ դարի 70-80-ական թվականների հետ, իր խոր կնիքր թողնելով նրա ողջ ստեղծագործության վրա։ Ինչպես Շիրվանզադեն է գրու՛մ. «Նա ժողովրդի բարոյական և մտավոր հետաքրրքրրության ջերմաչափն էր և պատասխանում էր այն հարցերին, որ ծագում էին և տարածվում նրա մեջ»։

Այդ հարցերի պատասխանն ենք գտնում նաև արտաքուստ արկածային թվացող «Խաչագողի հիշատակարանը» վեպում, որը կարդացվում է ոչ միայն չթուլացող հետաքրքրությամբ, այլև ընթերցողին խորհել է տալիս բարու, գեղեցիկի, հայրենիքի, հասարակության և. մնայուն ու անանց այլ արժեքների մասին։

Կյանքի վերջին տարիներին մի հետադարձ հայացք նետելով անցած գրական ուղուն և արժեքավորելով հայրենի գրականությանը մատուցած իր ծառայությունները, ի թիվս կատարած այլ գործերի, Րաֆֆին նաև նշում է. «Մեզանից առաջ դեռ ոչ մի վիպասան ուշադրություն չէր դարձրել հասարակական կազմության մի բոլորովին նեխած, ապականված մասնի վրա, որ գործում էր մթին խորշերում։ Մենք երևան հանեցինք այդ անծանոթ հասարակությունը, երբ գրեցինք «Խաչագողի հիշատակարանը»։

Րաֆֆու բարեկամներից ոմանք խորհուրդ չեն ավել տպագրելու այս գործը, սակայն մեծ վիպասանը սխալ է համարել նման մտայնությունը, գտնելով, որ կեղծ բարեպաշտությունը չի կարող դարմանել օրըստօրե վտանգավոր դարձող վերքերը։ Հարազատ ժողովրդի ճակատագրով այնքան մտահոգ գրողը խաչագողերին բնորոշելով իբրև «ավերված, փչացած, անբարոյականացած հասարակայնության հրեշավոր ծնունդ», այնուհետև ցույց է տալիս բուժման ուղիները։

«Խաչագողի հիշատակարանը» թեև տպագրվել է 1883 թվականին, սակայն ստեղծագործական երկար և բարդ պատմություն ունեցող այս վեպի գրությանը Րաֆֆին ձեռնամուխ է եղել անհամեմատ ավելի վաղ։ Րաֆֆու նամակագրությունից և նրա մտերիմների հուշերից երևում է, որ վեպը սկզբնապես իր մեջ ներառած լինելով նաև «Կայծերը», ժամանակի ընթացքում զգալի փոփոխություններ է կրել։ Թեև 1876 թվականին լրագրող, թարգմանիչ Փիլիպոս Վարդանյանին ուղղված նամակում Րաֆֆին ասում է, թե վեպի գործողությունների մի մասը տեղի է ունենում Հնդկաստանում, սակայն այն հիշվում է միայն մի քանի հատվածներում։ Դրանցից է օրինակ Մուրադի պատմությունը, թե ինչպես Քավոր Պետրոսը մի քանի տարի Հնդկաստանում խաբեությամբ կողոպտել է տեղի հավատացյալներին։ Համանման պատմություններ պատմում են և մյուս խաչագողերր, սակայն այնտեղ կատարվող գործողությունների փոխարեն մենք գտնում ենք միայն դրանց արձագանքները։

Փաստերի համադրումից նկատելի է, որ «Կայծերը» անջատելով «Խաչագողի հիշատակարանից», Րաֆֆին այս երկու ստեղծագործությունները ոչ միայն գեղարվեստական մշակման և կառուցվածքային փոփոխությունների է ենթարկել, այլև զգալապես կրճատել է Հնդկաստանին վերաբերող հատվածները, որովհետև գրողին սկսել են հուզել այլ հարցեր և գլխավորաբար արևմտահայության ազատագրության խնդիրը։ Նաև ժամանակի ընթացքում նա հրաժարվում է մեծ տեղ հատկացնել հրաշապատում և արկածալից դեպքերին, որոնցով այնքան հարուստ էր համարվում Հնդկաստանը։ Ինչպես Գրիգոր Արծրունին է Րաֆֆուն ասում. «Թողեցեք երևակայականը և հաղորդեցեք մեզ իրականը, այն, ինչ որ ինքներդ գիտեք, ինչ որ տեսել եք։ Նկարագրեցեք կյանքը Պարսկաստանում ինչպես նա կա...»։ Հետևելով «Մշակի» խմբագրի խորհրդին, «Խլվլիկից»՝ «Սալբիի» նախնական տարբերակից հիմնականում հանում է հրաշապատում-հեքիաթային մասը։ Այս վեպի «Խաչագողը» գլուխը մոտավոր պատկերացում է տալիս, թե ինչպիսին է եղել «Խաչագողի հիշատակարանի» նախնական տարբերակը և սյուժետային զարգացումը։ Այստեղ գտնում ենք և Քավոր Պետրոսի նախատիպին՝ Ռես Վասակյանին։ Նա ես բռնվում է թղթադրամներ կեղծելիս։ Դյուրահավատ հավատացյալներին ներկայանում է հույն աբեղայի տեսքով։ Իմանալով մի քանի լեզու՝ նա պաշտոն է ստանում «հնդկաց կռապաշտ թագավորի մոտ»։ Հիշենք, որ «Խաչագողի հիշատակարանի» աոաջաբանում Րաֆֆին գրում էր. «Եղել են խաչագողերից այնպիսիները, որոնք անգլիոցոց տիրապետությունից առաջ հնդկական թագավորների մոտ առաջին վեզիրի պաշտոն էին կատարում կամ ամբողջ նահանգների փոխարքաներն էին»։

Պատահական չէ և Վասակյան ազգանունը, որով ակնարկվում է մատնիչ և դավաճան լինելը, ինչպիսին է նա «Սալբիում», և Քավոր Պետրոսը՝ «Կայծերի» առաջին հատորում։

Խաչագողի կերպարի հետ իր որոշակի աղերսներն ունի նաև «Խենթը» վեպում Հնդկաստանից Հայաստան զենք փոխադրող Մելիք Մանսուրր։ Նա այնտեղ մի կռվի ժամանակ կորցրել էր իր մի ձեոքի երեք մատնեքը։ Տարբեր երկրներում շփվելով շատ մարդկանց հետ՝ «գիտեր նրանց բոլոր խորամանկությունները»։

Այսպիսով, խաչագողի կերպարը, որը «Սալբիում» օժտված էր միայն սև, բացասական գույներով, այնուհետև դրական երանգ և հոգեբանական բարդ նկարագիր է ձեռք բերում «Խաչագողի հիշատակարանում», իսկ «Կայծերում» սկսում է մասնակցել հայրենիքի փրկության գործին, որը բացատրվում է հետևյալ իրողությամբ. 19-րդ դարի հայկական ռոմանտիզմի ներկայացուցիչները հավատացած էին, որ օսմանյան բռնապետության ներքո գտնվող իրենց քույրերի և եղբայրների ազատության գործին նվիրվելը մեծագույն ապաշխարանքն է նախկինում գործված բոլոր մեղքերի համար։ Այսպես է վարվում և Ռափայել Պատկանյանի «Տիկին և նաժիշտ» վիպակի հերոսուհին՝ Սոֆիան։

«Կայծերում» հուզիչ է երկար տարիների բաժանումից հետո Քավոր Պետրոսի և իր հին աշակերտի հանդիպումը։ Այն տեղի է ունենում Րաֆֆու ստեղծագործություններին բնորոշ խորհրդավոր և անակնկալ պայմաններում։ Նախկինում գործած հանցանքների համար խղճի խայթից տանջվող ծերունուն մխիթարելով, որ այժմ իրենք ծառայում են մի մեծ և սուրբ գործի, Մուրադը ասում է. «Մեր բոլոր ընդունակությունները, որ զարգացած էին միայն չարիք գործելու համար, թող այսուհեաև գործի դրվին դեպի հասարակաց բարին...»։ Այսինքն՝ իրականանում են տարիներ առաջ խաչագողերի մասին Որսորդ Ավոյի ասած հետևյալ խոսքերը. «Նրանք ամենակարող մարդիկ են. նրանք հրաշքներ կգործեին» եթե ազնիվ լինեին...»։

«Խաչագողի հիշատակարանը», Րաֆֆու բնորոշմամբ, իր «մի ՛քանի ճանապարհորդությունների և երկար ժամանակյա մտածությանց արդյունքն է»։ Այս պատհարով էլ վեպում հանդիպող շատ մտքեր և ըմբռնումներ գտնում ենք գրողի մյուս ստեղծագործություններում ևս, որոնց համեմատական քննությունը փորձենք կատարել։

Մեր ժողովրդի պատմական անցյալը ներկայով և ապագայով կարևորող վիպասանը «Սամվելի» առաջաբանում գրում էր. «Ի՞նչ էր հայ կինը որպես ամուսին, ի՞նչ էր նա որպես մայր, ի՞նչ դեր էր խաղում որպես ընտանիքի և հասարակաթյան անդամ»։ Հարցեր, որոնց Րաֆֆին անդրադարձել է նաև այս վեպում, ընդգծելով, թե կանանց շնորհիվ են անխաթար մնում ընտանեկան բարքերն ու ավանդները։ Ամուսինների երկարատև բացակայության ժամանակ նրանց ուսերին էր ընկնում ընտանիքի ողջ հոգսը։ Խաչագողի կինը սոսկում էր, թե իր որդին էլ կարող է բռնել հոր ճանապարհը։ Անգիտությամբ գործած մեղքից հետո Մուրադը գնալով ավելի դաժան և անգութ դարձավ, երբ աստիճանաբար նրա մտապատկերում խամրեց Սառան։ Կորստյան ճանապարհից Մուրադին ետ է դարձնում իր «փրկության հրեշտակը»՝ Նենեն։ Ինքնակամ սիբիրյան աքսորի ճամփաները բռնած այս աղջկանով են մեծապես պայմանավորվում վեպի հետագա գործողությունները։ Իսկ հանքերի մաշիչ աշխատանքին հաջորդող գիշերները խորհրդավոր են դառնում Մելիքի աղջկա մասին Ավազակապետի պատմությամբ։

Ժամանակի հասարակական-մշակութային շատ գործիչների նման Րաֆֆին ևս ժողովրդի լուսավորության և առաջընթացի գործում մեծ դեր էր հատկացնում կնոջը։ Ինչպես «Խենթը» վեպում է գրում. «Ոչինչ վերանորոգություն մի ժողովրդի կյանքի մեջ չէ կարելի կատարել առանց կնոջ մասնակցության»։

Իր ստեղծագործություններում մեծ վիպասանը բազմիցս ապացուցել է, որ ինքը բնության նկարագրությունների անկրկնելի վարպետ է։ Դեռևս «Խլվլիկի» ձեռագրին ծանոթանալուց հետո Գրիգոր Արծրունին ասել է. «վեպի նկարագրական տեղերն աննման էին»։ Չլինելով ինքնանպատակ, Րաֆֆու ստեղծագործություններում այդ նկարագրությունները մասնակցում են գործողություններին, կանխորոշում դրանք և բացահայտում հերոսների հոգեվիճակը։ Մուրադին սպասվող ճակատագրի ակնարկը կա նրա վարպետի ձերբակալությանը հաջորդող հետևյալ տողերում. «Երեկո էր, արևը մայր էր մտել, գիշերային խավարը հետզհետե տարածվում էր երկրի վրա»։ Պատահական չէ, որ վեպի «Պանդխտություն» գլուխը սկսելով տերևաթափ այգիների և գունաթափ դաշտերի նկարագրությամբ, այնուհետև գրում է. «Միևնույն զգացմունքներով լի էր և իմ սիրտը»։

Նենեի փրկվելուց հետո թվում է, թե բնությունն էլ է մասնակից լինում Մուրադի վերածնությանը. «Արևը դեռ նոր էր արձակել իր առաջին ճառագայթները, թռչունները ուրախ-ուրախ ճկճկում էին. ամեն տեղ զարթնում էր կյանքը իր նոր, սքանչելի զվարճությամբ»։

Րաֆֆու կախարդական գրչի ներքո բնությունը կարող է պատմական շղարշով պատվել «Դավիթ Բեկում» և «Սամվելում», անցած ժամանակների հիշողությունն իրենում ամբարած ոսկեշող Տարոնի դաշտի վերածվել «Կայծերում», և արտահայտել անհայտության ճամփեքին տարուբեր լինող հերոսների հոգեվիճակներն ու ապրումները «Խաչագողի հիշատակարանում»։

Հիշատակարանի ձևով շարադրված այս վեպում վերստին ապշում ես Րաֆֆու՝ տարբեր ժողովուրդների մշակույթի և կենցաղի խոր իմացությամբ և դրանք այնքան գունեղորեն պատկերելու կարողությամբ։ Մեր աոջև նախ հառնում է Արևելքը իր անկրկնելիությամբ և հազարամյակների ակունքներ ունեցող մշակույթով ու հավատալիքներով։ Այնուհետև հույն աբեղայի տեսքով ներկայացող Քավոր Պետրոսն ընթերցողին փոխադրում է այն վայրերը, որոնք սրբագործվեցին քրիստոնեության արշալույսին։ Վեպի գործողությունների մի զգալի մասը տեղի է ունենում Ռուսաստանի գավառներում, որոնք դարձյալ նկարագրված են մեծ վարպետությամբ։ Առանձնապես ցնցող է սովի տեսարանը։ Նման սոսկալի դժբախտության մեջ անգամ չի մեռնում ռուս մարդու հավատը։ Դատարկված խրճիթներում չվաճառված միակ առարկան մնում է մանուկ Հիսուսը գրկում Աստվածամոր պատկերը։

Րաֆֆին նուրբ դիտարկումներով է քննում խաչագողերի կրոնական ըմբռնումները, նշելով նրանց ավելի ծիսապաշտ, քան հավատացյալ լինելը։ Արտաքուստ կարող է տարօրինակ թվալ Քավոր Պետրոսի պես մի եղեռնագործից լսել այսպիսի խոսքեր. «Ամեն ինչ այս աշխարհում անցողական է և ունայնություն, միայն եկեղեցին և. սուրբ հավատը կմնան հավիտյան»։ Սակայն վեպի հետագա շարադրանքում այդ բացատրվում է թե Ավազակապետի պատմությամբ և թե այն խոստովանությամբ, որ ինքը մարդկանց մեղքերի հրեշավոր ծնունդն է և. պետք է պատժի նրանց գործած անիրավությունները։ Սովորական չարագործի փոխարեն Րաֆֆին ստեղծել է հոգեբանական մի բարդ և. նուրբ կերպար, այն պատելով խորհրդավորության քողով։ Հիշենք նաև հետևյալ իրողությունը. Րաֆֆին քննադատելով ժամանակի հոգևորականներից շատերին, պայքարելով իրենց դարն ապրած և քարացած շատ օրենքների դեմ, հայ եկեղեցին համարում էր աշխարհասփյուռ հայությանը իրար կապող և հաղորդակցոդ օղակը։

Գործված հանցանքներին միշտ հաջորդում է հատուցման ժամը։ Այս պատհարով էլ չնայած Մուրադն արդեն զղջացել էր և սոսկումով էր հիշում անցյալը, սակայն մյուս խաչագողների հետ միասին բռնում է աքսորի ճանապարհը։ Հրաժարվելով փախուստից՝ նա ընտրում է մեղսաքավության և ապաշխարանքի ուղին։

Բանտը դառնում է այն հայելին, որտեղ արտացոլվում են մարդկային բեկված ճակատագրերը, ցույց տալով, որ հանցանքների արմատները անհրաժեշտ է որոնել հասարակության մեջ։ Այդ են հաստատում նաև վրացի երիտասարդ Վասոյի և Ավազակապետի պատմությունները։ Վերջինս Մելիքի աղջկա պատմությանը զուգահեռ ներկայացնում է նաև «մելիքների տան վաղեմի փառքի հիշատակը»։

Րաֆֆու կարծիքով մեր ժողովրդի դժբախտության հիմնական պատճառը եղել են անմիաբանությունը և դավաճանությունը։ Այստեղ ևս Ղարաբաղի մելիքությունների անկումը բացատրվում է ողջ գավառին տիրանալու ձգտմամբ միմյանց դեմ երկու մելիքների մղած պայքարով։ Ի դեպ, պատմական Փայտակարանի՝ Ղարադաղի մասին Րաֆֆին գրել է դեոևս 1875 թվականին «Հայոց ազգաբնակչությունը Պարսկաստանում» հոդվածում։ Րաֆֆին միշտ հպարտությամբ էր նշում, թե ինքը մելիքի որդի է և հոր հիշատակին նվիրեց «Նրա դասակիցների պատմությունը»՝ «Խամսայի մելիքությունները», այն համարելով իր բոլոր գործերի պսակը։

Եթե Նենեին հանդիպելով Մուրադը սկսում է գիտակցել իր գործած հանցանքները և ցանկանում է դրանք քավելով ներում ստանալ, ապա Համրի հետ ծանոթությունը օգնում է հասկանալու դրանց պատճառները և գտնել չարիքի աղբյուրը։ Րաֆֆու մյուս հերոսների նման Համրը ևս պատված է խորհրդավորության քողով։ Սակայն իր հոգեկան ապրումներով և վիճակի ողբերգությամբ մեծապես տարբերվում է նրանցից։

Հետազոտողները վաղուց են նշել, թե բավականին ընդհանրություններ կան Համրի և Միքայել Նալբանդյանի միջև։ Այդ ընդհանրությունները նկատելի են ոչ միայն արտաքին նմանությամբ և կենսագրական դրվագներով, այլև նրանց հայտնած մտքերում։ «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ» աշխատությունն են հիշեցնում հողի և մշակության պայմանների մասին նրա խոսքերը։ Որ ի դեմս Համրի Րաֆֆին Նալբանդյանին է նկատի ունեցել, առավել պարզությամբ երևում է «Կայծերի» երկրորդ հատորից։ Համրի մասին Ասլանը ասում է. «Դա առաջինն էր մեր մեջ, որ մի կողմ ձգեց վարձկան-բանաստեղծի շողոքորթող բուրվառը, որ դարերով խնկարկում էր մեծատունին և. հզորին, և սկսեց երգել շինականի աղքատ խրճիթի տառապանքները»։ Ակամայից հիշում ես Նալբանդյանի հետևյալ տողերը. «Մենք ազատակամ նվիրեցինք մեզ հասարակ ժողովրդի իրավունքը պաշտպանելու։ Մեր անձը և գրիչը չնվիրեցինք հարուստներին, նոքա յուրյանց արծաթե թումբերի տակ միշտ անխոցելի են նաև բռնակալների իշխանության մեջ»։ Ակնհայտորեն «Մանկության օրեր» բանաստեղծությունն է ակնարկում Րաֆֆին, Համրի մասին գրելով. «Նրա մուզան երբեք կյանքի քաղցրությունները չէ ճաշակել... Տխուր և դառն կերպով անցել են նրա օրերը...»։

Երեսունվեց տարեկանում Համրը արդեն ծանր հիվանդ էր, և «Կայծերում» ակնարկվում է նրա մոտալուտ մահը։ Հիշենք, որ Միքայել Նալբանդյանն իր մահկանացուն կնքեց երեսունյոթ տարեկանում։ Հատկանշական է նաև, որ նրա գերեզմանը գտնվում է Խորենացու և Փարպեցու մոռացված շիրիմների կողքին։ Ըստ մեզ հասած միջնադարյան վկայությունների՝ նրանք հալածվեցին ոչ միայն կենդանության օրոք, այլև հանգիստ չգտան անգամ մահից հետո։

Րաֆֆին իր ողջ կյանքում է այսպիսի ջերմ սեր և երկյուղածություն տածել Միքայել Նալբանդյանի հանդեպ։ Դեոևս 1861 թվականին «Հյուսիսափայլում հրատարակված «Աղթամարա վանքը» ակնարկը տոգորված էր Նազարյանցի և Նալբանդյանի գաղափարներով։ Դրանց արձագանքները գտնում ենք նաև «Սալբի» վեպում, որը հեղինակը նվիրում է Նալբանդյանի հիշատակին այն համոզմամբ, թե «քանի կա և կապրի հայոց լեզուն և գրականությունն, Մ. Նալբանդյանցի անմահ հիշատակը միշտ կունենա յուր զգալի համակրությունը ամեն մի հայի սրտում մինչև դարերի վերջը»։

Խորհրդանշական է, որ հենց Համրն է սկսում զբաղվել Մուրադի կրթությամբ։ Գտնելով, որ հանցագործությունները կարելի է նվազեցնել միայն երկրում կատարվելիք խորը բարեփոխությունների շնորհիվ, ասում է. «Որպես չէ կարելի մի վատ, անարգավանդ հողից առողջ և պտղաբեր բույսեր սպասել, այնպես էլ չէ կարելի մի անբարեկարգ երկրից սպասել լավ մարդիկ»։

Համրը Մուրադին տալիս է նաև ազգային կրթություն։ Ոչ միայն անհատի կյանքը, այլև ժողովրրդի վիճակը և նրան բաժին ընկած դժվարությունները ճիշտ հասկանալու համար դարձյալ անհրաժեշտ համարելով պատմական մոտեցումը, Մուրադի դաստիարակը ասում է. «Եվ այսպես մի ամբողջ ազգի անբախտության պատճառները հասկանալու համար պետք է նույնպես ծանոթանալ նրա պատմության հետ»։ ժամանակի ցավոտ շատ հարցերի պատասխանը անցյալում էր որոնում և Միքայել Նալբանդյանը՝ «Քրքրելով մեր անբախտացած ազգի թշվառությունների տարեգիրքը»։

Համրի ազդեցությամբ է Մուրադը սկսում խոսել մաքուր հայերենով։ Մայրենի լեզվի անաղարտությամբ և պահպանմամբ այնքան մտահոգ Րաֆֆին «Պարույր Հայկազն» պատմավեպում ժխտելով աշխարհաքաղաքացիության կեղծ գաղափարը՝ Մովսես Խորենացու միջոցով ասում էր. «Հայը, կորցնելով իր լեզուն, կլուծվեր, կանհետանար այն ազգերի մեջ, որոնց լեզվով խոսում էր»։

«Խաչագողի հիշատակարանը» Րաֆֆու բնորոշմամբ նվիրված է այն հայերին, որոնք «օտար երկրներում, պանդխտության մեջ մաշվում են, անհետանում են, առանց կրկին յուրյանց ընտանիքը վերադառնալու բախտն ունենալու»։ Ի պատասխան Ծերենցին հոդվածում էլ այն միտքն է հայտնում, թե գաղթականության մեջ պետք է որոնել «հայոց ներկա և անցյալ թշվառությունները»։ Անընդունելի է համարում Ծերենցի այն միտքը, թե սովի և սրի անտանելի բռնությունից խուսափելու համար հայերը թող գնան Հնդկաստան», «ուր իրենց ազգակիցը երբեմն դժնդակ վիճակե մը ազատելու համար դիմեր և երջանկություն գտեր են»։ Հարազատ ժողովրդի պատմությանը այնքան քաջածանոթ Րաֆֆին ուսուցանում էր, թե ապագա կարելի է ունենալ միայն հաստատուն հողի վրա «և այդ հողը թող լինի այն, որ սրբված և գնված է մեր նախահարց արյունով...»։

Վեպում այսպես են վարվում նաև Համրի գաղափարներով վերափոխված հերոսները, որոնց ճանապարհն օրհնելով, Քավոր Պետրոսն ասում է. «Քաղցր է աշխատանքը հայրենի հողի վրա»։ Հեղինակի խոստման համաձայն նրանց վերստին հանդիպում ենք «Կայծերում»։

Վիթխարի էր Րաֆֆու մատուցած ծառայությունը հայրենի ժողովրդին։ Ահա այդ ծառայությունը որքան լավ է բնորոշել մեծ Թումանյանը հանճարեղ վիպասանի մահվան քսանհինգամյակի օրը. «...քո տաղանդի կախարդական ուժով դուրս կանչեցիր անցյալի մութից ու ապագայի անհայտությունից հրապուրիչ պատկերներ ու հերոսական դեմքեր ու նրանցով վառեցիր, ոգևորեցիր վհատներին, որ տկարներիս համարձակություն ներշնչեցիր ու ղրկեցիր հզորների դեմ նահատակության արյունով լվալու և սրբելու ստրկության արտասուքը...»

ՎԱՐԴԱՆ ԵՎՐԻԿՅԱՆ

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր՝ Րաֆֆի — «Խաչագողի հիշատակարանը»
«ԱՐԵՎԻԿ», Երևան,1989թ.

Տրամադրել է՝ Վահան, Վարդան և Անատոլի Պապոյաններ
Scanned: Վահան և Վարդան Պապոյաններ
OCR: Վահան և Վարդան Պապոյաններ
Ուղղագրում՝ Անատոլի Պապոյան, Աննա Վրթանեսյան

Տես նաև

«Խամսայի մելիքություններ» ժամանակագրությունը (Ռուսերեն )

Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice