ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian

ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԻԹ


[էջ 295]

ՃՅՈՒՂ ՉՈՐՐՈՐԴ
ՄՀԵՐ ՓՈՔՐ

[էջ 296]

1

Տի տամ օղորմին Պստիկ Մհերին,
Տի տամ օղորմին Գոհար խանումին,
Տի տամ օղորմին Ձենով Հովանին,
Տի տամ օղորմին Քեռի Թորոսին,
Տի տամ օղորմին յոթ ճուղ Դավթին,
Ճղեճուղ էկանք վեր Մհերի ճուղին։

[էջ 297]

ՄԱՍՆ Ա
ՄՀԵՐՆ ԱՌՆՈԻՄ է ԴԱՎԹԻ ԱՐՅԱՆ ՎՐԵԺԸ

2

Էն ժամանակ ինչ Դավիթ մեռավ,
Իր արև էտու ձեր որդոց,
էնոր տղան՝ Մհեր, Կապուտկող էր.
Մհեր չ’իմացավ՝ իր հեր մեռե։
Քառսուն ազապ լաճ առեր,
Քառսուն ազապ աղջիկ առեր,
Յոթ տարվան նռան գինին դրեր, քեֆ կ’աներ։

Մնացին մեկ ժամանակ՝
Քեռի Թորոս միտք արեց,
Ասաց.— Ձենով Հովան, էլի՛,
Չմշկիկ Սուլթան տի գա,
Սասնա հող-քար տ’ողողի, տանի։
Էլի էրթանք Դավթի տղա Մհեր առնենք, գանք,
Թե՛ իր հոր վրեժ առնի,
Թե՛ Սասուն չը մնա անտեր,
Տեր կենա Ջոջանց տան։

Էլավ, առավ Ձենով Հովան,
Յոթ հատ էլ գոմշի կաշի,
Գնացին, հասան Կապուտկող,
Ու տեղի նստողին ասին.
— Մեր աղբոր ու հարսին էդտեղ տղա մի կա, ո՞ւր է.

[էջ 298]

Էնոնք էլ ասին՝ մեռեր է։–
ԶՄհեր տարե յոթ դարգհով ներս,
Պահապան են դրե վերան,
Փող ու թմբուկ կը զարնեն՝
Որ էն չը լսեր էդոնց ձեն, դուրս չը գար։
Մհեր մեկ բերդի պես կայներ էր,
Չէր թողնի, որ դուշման թագավորներ
Ոտ դնեն Կապուտկողի հող։—
Քեռի Թորոս ասաց.
— Մեր մեռելներուն նշան կա.
Մեր տան մարդ որ մեկ տարեկան մեռնի,
Էնոր տապան տաս Հալապա գազ է.
Էրկու տարեկան մեռնի՝ քսան Հալապա գազ.
Քանի տարեկան որ մեռնի՝
Ամեն տարվան տաս-տաս գազ է էնոր գերեզման
Մենք մեր ցեղի գերեզման կը ճանչենանք։

Էլան, գնացին գերեզմաններ,
Տեսա՛ն, որ իրենց շենքով գերեզման չը կար։
Ձենով Հովան ասաց.
— Բերե՛ք, կաշիք փաթթեք, որ ես բոռամ։
Բերին յոթ գոմշի կաշի փաթթեցին։
Էլան, գնացին սարի գլուխ.
Ձենով Հովան կանչեց.

«Տա՜ Մհեր, դու խմի՜*,
Տա՛ Մհեր, դու խմի՛
Նռան գինին.
Քո հեր սպանած,
Էսօր յոթն ենք արե»։

Ձեն էկավ, Մհերի ականջ ընկավ։
Փող, թմբուկ ավելի զլվեցին։
Մհեր գուսաններուն ասաց.
— Էդոնց ձեն կտրեք, էդ իմ ցեղի ձենն էր էկավ։

«Ձենիկ մի կը գար, չեմ գիտի*
Արևելն էր, թե արևմուտն էր.
Չեմ գիտի հարավա էր, հյուսիսա էր»։

-------------------------

* Երգ է:

[էջ 299]

Հրողբեր դարձավ, ասաց.

«Մեջ հյուսիսա էր*,
Մեջ հարավա էր,
Մեջ արևմուտ էր,
Մեջ արևել էր
Քո հեր սպանած,
Էսօր յոթն ենք արե։

Քո հոր վրեժ մնացե գետին.
Հիմի դու չե՞ս գա էնոր վրեժ առնենք։
Ախըր, դու էլ Սասնա տան խոյերեն ես»։

Գուսաններ ավելի զլեցին իրենց փող ու թմբուկ։
Մհեր ասաց.— Ես տ’էրթամ,
Իմ հրողբոր ձեն կը գա։
Արեց, որ տ’էլներ, պահապան ասաց.
— Էդ ձեր ցեղի ձեն չէ՛.
Ճժերն են ու թմբուկներն են. էնո՛նց ձենն է։
Մհեր իրեք անգամ որ ձեն լսեց,
Աքացի մ’էզար դարգահին,
Առաջի դարգահ կոտրեց.
Էնի հասավ մեկէլին, մեկել մեկէլին,
Յոթն էլ ջարդեց, էլավ դուրս։

Որ հասավ Քեռի Թորոսի մոտ,
Քեռի Թորոս ասաց.
— Ձենով Հովան, կայնի փորձեմ,
Թե Դավթի տղան է, կը տանեմ,
Թե Դավթի տղան չէ, կը զարկեմ,
Թողնենք էրթանք Սասուն։
Որ հասավ Քեռի Թորոսի մոտ,
Քեռին ասաց.— Տղա՛, էդ ո՞ւր էդպես հպարտ, հպարտ։
Ասաց.— Ինձի էրկու մարդ կը կանչեն,
Էնոնք ո՞ր կողմ գնացին։
Ասաց.— Դու ի՞նչ մարդ ես, որ քեզի կանչեն.
Դու ճիժ մ’ ես, տղա ես։
Մհեր ասաց.— Ինչի դու մարդ ես, ես մարդ չե՞մ։

-------------------------

* Երգ է:

[էջ 300]

Քեռի Թորոս ասաց.
— Ա՛յ տղա, քեզի գուրզ մի կը թալեմ,
Համա դու ճիժ ես, առաջ դու քո գուրզ թալ,
Ետև ես կը թալեմ իմ գուրզ։
Տղան որ իր գուրզ բերեց,
Քեռի Թորոս քշեց Վեցոտնեն Լազգին,
Մհերի գուրզ էնոր ձիու տակով պարապ գնաց:
Քեռի Թորոս կայնավ, օլըրավ, ասաց.
— Ա՜յ տղա, քեզի պատրաստ պահի,
Որ իմ գուրզ զարկեմ։
Թորոս որ գուրզ զարկեց,
Մհերի ճուռ բևեռեց թամքին.
Որ քաշեց, Մհեր իսկի օ՜ֆ չարեց։
Քեռի Թորոս ասաց.
— Յա՛, տղա, քո հոր հերական ասա,
Քո մոր մերական ասա.
Յա, ես գիտեմ դու բիճ ես.
Ես իմ գուրզ կը զարկեմ,
Ապառաժ քարեր կը ձևի, կը թալի,
Դու իսկի օ՜ֆ չ’արիր...
Մհեր ասաց.— Բիճ դու ես,
Իմ հոր հերական Դավիթն է.
Իմ մոր մերական Խանդութն է։
Էդտեղ իրար ճանչեցան։
Մհեր որ տեսավ քեռին, հրողբեր էկեր են,
Հեր չկա, հարցուց էնոնց։
Ձենով Հովան ասաց.
— Քո հեր սպանած, քո մերն էլ մեռե.
Չմշկիկ Սուլթան գահ է գա,
Սասնա հող-քար ողողի, տանի։

Էլաց ու վեր քիթ ու բերնին ընկավ գետին:
Մհեր որ ընկավ գետին,
Քեռին ու հրողբեր թափան վերան՝
Ինչ արեցին, չը կարցան շիտկել։
Մհերի արտսունք գետին արեց խանդակ, գնաց։
Իրեք օր որ թամամավ, Մհեր նոր շիտկավ, ասաց.
«Աչքեր, դուք կուրանայիք, տղա-տղա չ’որբանայիք*,

-------------------------

* Երգ է:

[էջ 301]

Խնդայիք վեր ձեր հոր Գուտն ի գլխին,
Աչքեր, դուք կուրանայիք, տղա-տղա չ’որբանաւիք,
Խնդայիք վեր ձեր հոր Քամարն ի մեջքին,
Աչքեր, դուք կուրանայիք, տղա-տղա չ’որբանայիք,
Խնդայիք վեր ձեր հոր Թուրն Կեծակին,
Աչքեր, դուք կուրանայիք, տղա-տղա չ’որբանայիք,
Խնդայիք վեր ձեր հոր Շապիկն զրեհին.
Աչքեր, դուք կուրանայիք, տղա-տղա չ’որբանայիք,
Խնդայիք վեր ձեր հոր Կոշիկն ի ոտին.
Աչքեր, դուք կուրանայիք, տղա-տղա չ’որբանայիք.
Խնդայիք վեր ձեր հոր Քուռկիկ Ջալալին»։

Ասաց, հեծավ իր ձին՝
Ու հետ Քեռի Թորոս, հետ հրողբեր
Ճամփա ընկավ դեհ Սասուն։

3

Սասունա ճամփին մեկ վանք կար.
Էդ վանքի անունն էլ Մատղավանք էր։
Դավթի թշնամի թագավորներ
Իմացան, որ Մհեր պիտի գա,
Էդ ճամփով էրթա Սասուն,
Էլան, էկան վանահորն ասին.
— Ինչ ժամանակ Մհեր գա, անցնի էստեղեն,
Մարդ ղրկես, մեզի իմաց տա։—
Էնոնց միտք էն էր՝ ճամփան կտրեն,
Մհերին ըսպանեն։—
Որ էկան, մոտեցան վանքին՝ իրիկվա կողմն էր,
Մեկ էլ Քեռի Թորոս կայնավ,—
Էն առաջ կէրթար, Հովան ու Մհեր ետևեն,—
Մհեր որ տեսավ Քեռու կայնել, ասաց.
— Քեռի՛, ինչի՞ կայնար։
Ասաց.— Ջոջ գերաններ թալե, ճամփեն փակեր են,
Որ դուշման գա մեզի բռնի։—
Էդ թալաք վանահոր սարքածն էր։
Էրեր էր, որ Մհեր գերաններ թալելուց բեզրի,
Իջնի վանք հանգստանա,
Դուշմաններ գան, վրա տան։
Մհեր հարցուց. — Ի՞նչ հնարք կա՝ ճամփեն բանանք։

[էջ 302]

Ասաց.– Հնարքն էն է, որ Դավիթ էստեղ ըլներ
Ես իմ նիզակով կը վերուցի էդ գերաններ,
Էն էլ կ’առներ, կը թալեր դեն։
Մհեր ասաց.— Քեռի՛, դու վերու, ես թալեմ։
Թորոսն էլավ նիզակ էտու՝
Մեկ ջոջ գերան վերուց,
Էտու Մհերին, ասաց.
— Ա՛ռ, էսա էն կողմ թալ։
Մհերն էլ, փաթթվավ գերան,
Տարավ ձորի բերան
Ու ոտքով քշեց անդունդք։
Էդապես մեկ-մեկ գերաններ վերուցին,
Չուր իրիկուն ճամփեն բացին.
Գնացի՜ն առաջ, հասան վանք։
Վանահեր էնոնց մեկ ջոջ սենեկ էտու.
Հաց էդիր որ ուտեն,
Ինքն էլ գողտուկ էլավ,
Խաբար ղրկեց դուշմաններին։
Մհեր, Ձենով Հովան, Քեռի Թորոս
Իրիկնահաց որ կերան, քնան։
Քեռի Թորոս լուսուն շուտ մի զարթնավ,
Իրիշկեց, տեսավ՝ յոթ թագավորի զորք
Էկե, փաթթեր է վանքի բոլոր։
Թորոս որ էդ զորք տեսավ,
Ձեն էտու Մհերին, բոռաց.
— Մհե՛ր, վեր էլի, մեկ դուրս իրիշկի՝
Յոթ թագավորի զորք էկե,
Փաթթեր է վանքի բոլոր։
Մհեր զարթնավ, աչքեր տրորեց,
Ձենով Հովանն էլ էն կողմեն էլավ,
Էկան առջև պատուհան, իրիշկեցին.
Տեսան՝ անտառի ծառներին թիվ կա,
Էն յոթ թագավորի զորքին թիվ չկա։
Վանահերն էլ էնոնց մեջ։—
Մհեր ասաց.— Ես գնացի,
Դուք էլ իմ ետևեն էկեք։
Գնաց, հեծավ իր ձին, քշեց...
Քեռին ու հրողբերն էլ էլան՝
Իրենց ձիանք թամքեցին, քշեցին։
Մհերն ընկավ զորքի մեջ,

[էջ 303]

Աջո՛ւ էզար, ձախո՛ւ էզար,
Էնպես ջարդեց, քշեց,
Ինչպես քամին մժիկի էրամ։

Քեռին ու Հովան էդ որ տեսան՝
Իրենց եռանդն էլ էկավ.
Մեկ-մեկ բարդի քոքհան արին,
Առան իրենց ձեռ, ընկան մեջ զորքին։
Մհեր որ տեսավ, հարցուց.
— Էդ ի՞նչ կանեք, ծառո՞վ կը կռվիք։
Ասին.— Բան չենք անի, տղա՛,
Տեսանք, որ դու կալի մեջ հաշան կ’անես,
Օրանը ցրիվ կը տաս,
Մենք էլ ափները վրա կը բերենք։

Զորքի քոք որ առան, պրծան,
Վանահոր հետ էկան վանք։
Մհեր մեկ ձեռքով վերուց վանքի գերան,
Մեկէլով բռնեց վանահոր մազեր,
Գլուխ դրեց գերանի տակ,
Գերան թողեց վեր գլխուն, ասաց.
— Էս վանքի անուն ըստուց ետ՝
Մատղավանք չը պիտի ըլնի,
Մատնավանք պիտի ըլնի,
Քանի որ վանահեր մատնություն արեց։
Ու էլան իրեքով էկան դեհ Սասուն։

4

Որ էկան հասան Սասուն,
Ձենով Հովան Սասնա տան շորեր,
Զենքեր հանեց, Մհերին էտու։
Քուռկիկ Ջալալին բերեց,
Ասաց.— Ո՛րդի, ա՛ռ հագի, նստի,
Սասնա տան խոյերեն դու ես մնացե,
Էլ ես խնայեմ ո՞ւմ համար։

[էջ 304]

Մհերն էր, էլավ վեր,
Հագավ Դավթի Զրեհի Շապիկ,
Կապան Ղադիֆե, Կոշիկ Արզըրմին,
Կապեց վեր իրեն Թրիկ Կեծակին,
Առավ էն իր ձեռ Նիզակ կտրիճին,
Դրեց վեր թևին Դուրզիկ ջոջանին,
Սանձ պողպատին էղար Քուռկիկ Ջալալու բերան,
Թամք սադաֆին էդիր Քուռկիկ Ջալալու մեջքին,
Քաշեց դուրս որ հեծներ,
Քուռկիկ Ջալալին լեզու առավ, ասաց.
— Է՜յ, անիրավ, դու ո՜վ ես, որ ինձի հեծնես։
Քո բերա՞ն է, ինձի հեծնես դու։
Մհեր ասաց.— Քուռկիկ Ջալալի,
Անբախտություն մի՛ անի հետ ինձ,
Ես էլ Սասնա տան խոյերեն եմ։
Քուռկիկ Ջալալին ասաց.
— Դավթի խաթեր համար,
Էդ մեկ խոսք ասիր,
Քեզ ձեռ չեմ տա, էլի հեծի։
Մհեր էլավ, հեծավ,
Հրողբեր ու Քեռին էտու առջև,
Գնաց Չմշկիկ Սուլթանի կռվի մեջ։
Ձենով Հովան ասաց.— Ես ի՞նչպես անեմ,
Մհեր տղա է, բան չի հասկանա.
Ես էլ ծերացեր եմ, չեմ կարնա կռվի։
Մհեր ասաց.— Հրողբե՛ր,
Բա մենք Սասնա տնեն չե՞նք,
Չէ՛ մենք Սասնա տնեն ենք.
Մենք մեռնենք, մեր գերեզմանի վերա
Թագավորներ չեն կարնա գա։
Քշի՛, էրթանք, մեր կռիվն անենք։
Քուռկիկ Ջալալին ասաց.
— Է՛յ, անիրավ, ի՞նչ կը վախենաս,
Իրեք էդքան զորք ըլնի, կը կոտորեմ։
Էն ի՞նչ բան է, իմ պոչի առջև,
Իմ ոտներու, իմ շնչի առջև,
Էնոնք ամեն կը կոտորեմ։

Էլան գնացին, քաղաքին հասան։
Մհեր ասաց.

[ներդիր]

Էդա մեկ թուրն էլ ինձ բաշխի

Էդա մեկ թուրն էլ ինձ բաշխի

[էջ 305]

— Հրողբեր, դուք տ’էրթաք դեհ քաղաք, թե՞ դեհ զորք։
Էնոնք մտածեցին, ասին.
— Էրթանք դեհ քաղա՛ք՝ քաղաք ծանր է,
Չենք կարնա ավերի։
Մհեր վերուց ասաց.
— Ամեն մեկդ էրկու անգամ ինձի կը կշռեք,
Ես էրկուսիդ ղրկեմ մե կողմ,
Մենակ էրթամ մե կողմ, ձեր սրտով չի՞:
Ձենով Հովան, Քեռի Թորոս ասին.
— Մենք տ’էրթանք դեհ քաղաք։ Գնացին։
Մհեր էլավ, Թուր Կեծակին քաշեց,
Գնաց խառնվավ զորքին.
Աջու էզար, ձախու էզար,
Ո՛չ զորք թողեց, ո՛չ զորական,
Ինչ որ կար, բոլոր կոտորեց, ասաց.
— Էս իմ հոր փոխ։
Չմշկիկ Սուլթան բերեց,
Ծամեր կապեց Քուռկիկ Ջալալու պոչ.
Ձին էնոր ամեն պատառ մեկ էրկիր թալեց,
Ծամեր մնացին պոչ։
Մհեր ասաց. «Տ’էրթամ տեսնեմ՝
Իմ քեռին ու հրողբեր ի՞նչ են արե»։

Գնաց, տեսավ քաղաք ավերած,
Մնացե մեկ կատու, թռե մինարի ծեր,
Դադրած կիրիշկի։
Մհեր քաշեց չինարի մ’ ծառ,
Զարկեց, կատուն էբեր տակ։
Ու էլավ Նեմրութա սարի գլուխ։
Իրիշկեց որ ծուխ կ’էլնի.
Մեկ էլ դարձավ, գնաց,
Տեսավ՝ մեկ ջադու պառավ է մնացե,
Որ քաշված անկյուն մի ծուխ կ’անի։

Էլան իրեքով էկան էնոր քով,
Հարցուցին.— Ինչի՞ ծուխ կ’անես։
Պառավ ասաց.— Որ չ’ասեք թե՛
Էնպես ավերեցինք Խլաթ,
Որ հեչ մի տեղից ծուխ չ’էլնի։

[էջ 306]

Մհեր բռնեց էն ջադու պառավ,
Ամեն ոտ կապեց մեկ ծառ
Ու ծառեր թողեց։
Խլաթի ծուխ ու մուխ կտրեց,
Ասաց.— Օխա՜յ, իմ հոր վրեժ առա։
Էլան իրեքով էկան տուն։

 


Բովանդակություն  |  Կազմ, տիտղոսաթերթ, 1-2 էջեր  |  Նախաբան
Ճյուղ I. Ա / Բ  |  Ճյուղ II. Ա / Բ
Ճյուղ III. Ա-1 / Ա-2 / Ա-3 / Ա-4 / Ա-5 / Բ-1 / Բ-2
Ճյուղ IV. Ա / Բ
Վերջերգ  |  Բառարան  |  Վայրերի անուններ

 

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր՝ «Սասունցի Դավիթ», Երևան, Հայպետհրատ, 1961թ.:
Տրամադրեց՝ Միքայել Յալանուզյանը

Տես նաև

«Սասունցի Դավիթ» հերոսավեպի մասին
Հովհաննես Թումանյան. Սասունցի Դավիթ
Валерий Брюсов: Сасунци Давид

Հայ հին վիպաշխարհը

Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice