ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian

ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԻԹ


[էջ III]

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՐՈՍԱԿԱՆ ԷՊՈՍԸ
ՆԱԽԱԲԱՆ

Հայ ժողովուրդը դարերի ընթացքում ստեղծել է բազմաթիվ դյուցազներգություններ, որոնց մեջ ամենաբնորոշը, առավել նշանակալիցը, ամենից ավելի արտահայտիչն ու հերոսականը, մեծն ու համայնապարփակը «Սասունցի Դավիթ» էպոսն է։

«Սասունցի Ղավիթ» էպոսը հայ ժողովրդական ավանդության մեջ, բանասացների բերանում կրում է մի քանի անուն, որոնք և ընդգծում են նրա միասնությունն ուամբողջականությունը։

Էպոսը կոչվում է «Սասնա ծռեր»։ «Ծուռ» բառը հայերենում ունի մի քանի նշանակություն՝ դիվահար, խենթավուն, խելահեղ քաջ, և իմաստային այս տարբերակներից յուրաքանչյուրը էպոսի հերոսների համար բնորոշ է նրանց կյանքի այս կամ այն պարագայում։

Էպոսն անվանում են նաև «Ջոջանց տուն», այսինքն՝ «Մեծերի տուն», «Ավագների տուն» (տարիքով և դիրքով ավագների), «Հսկաների տուն»:

Կա ևս մի անուն՝ «Քաջանց տուն», որ նշանակում է «քաջերի տուն», կամ դրսևորում է էպոսի առնչությունը քաջքերին, ոգիներին վերաբերող մի շարք ավանդությունների հետ։ Այդ քաջանց տոհմին պատկանող կանանցից է ծնվում հերոսների երեք կրտսեր սերունդ։

Ինչպես Մուրոմցի Իլյան ոչ թե Մուրոմի, այլ ամբողջ Ռուսաստանի հերոսն է, այնպես էլ Սասունցի Դավիթը ոչ միայն Սասնա, այլև, ամբողջ Հայաստանի հերոսն է:

[էջ IV]

Միշտ չէ, որ բանասացներն էպոսը լրիվ են հաղորդում, նրանք հաճախ պատմում են միայն մեկ կամ երկու հատված, էպոսի միասնությունն ընդգծելով այն ողորմիներով, որոնք փառաբանում են մնացած բոլոր հերոսներին։ Պատմվող հատվածը կոչվում է այն հերոսի անունով, որի մասին հյուսվածէ էպոսի տվյալ ճյուղը։

Էպոսի հիմնական մասը երրորդ ճյուղն է, որն անմիջականորեն կապված է ամբողջ դյուցազնաշրջանի չորս սերնդի հերոսներից գլխավորի, ըստ ավանդության երրորդ դյուցազնի՝ Դավթի հետ, որն առավել մոտ ու հարազատ է ժողովրդի սրտին, նրա հիշողության մեջ առավել փայփայված, առավել երկրային, ամենից ավելի ժողովրդական։

Էպոս ասացողները,տղամարդ թե կին, գերազանցապես եղել են ավագ սերնդի ներկայացուցիչներ, հաճախ՝ ալեզարդ ծերունիներ. էպոսը նրանք պատմել են հայկական տարբեր բարբառներով, մեծ մասամբ Մոկաց, Մշո, Սասնա, ինչպես և արարատյան բարբառներով։

«Սասունցի Դավիթը» պատմվում է երգաձայն, ռիթմիկ առոգանությամբ, իսկ նրա առանձին դրվագներ երգվում են և հանգավոր բանաստեղծության ձև ունեն։ Միմյանցից երբեմն շատ հեռու բարբառներից յուրաքանչյուրի բնորոշ առանձնահատկությունը ավելի ցայտուն է դրսևորվում էպոսի չերգվող մասերում, քանի որ մեզեդու, հանգի ու չափի հետ կապված երգի մեջ միշտ էլ ավելի լավ է պահպանվում հնագույն տեքստը։

Մոտ երեք քառորդ դար է հավաքվում և գրի են առնվում «Սասունցի Դավթի» տարբեր վարիանտները։ Այդ գործի առաջին նախաձեռնողը եղել է հայ ժողովրդի բանահյուսության հայտնի հետազոտող Գարեգին Սրվանձտյանը։ Այնուհետև նույն գործը շարունակել են մի շարք մարդիկ, և առաջին հերթին՝ հայ անվանի գիտնական, Հայկական ՍՍՌ Գիտությունների ակադեմիայի իսկական անդամ հանգուցյալ պրոֆ. Մանուկ Աբեղյանը, որն էպոսի վարիանտներից մեկը գրի է առել 1886 թվականին, Վաղարշապատում, և այնուհետև մի ամբողջ հիսնամյակի ընթացքում բազմիցս անդրադարձել է էպոսին, նրա մասին գրել երկու ծավալուն ուսումնասիրություն։

Բանահավաքներից ոմանք գրի են առել էպոսի բոլոր չորս ճյուղերը,
ոմանք էլ՝միայն նրա առանձին մասերը։

Ի մի հավաքված նյութերը կազմում են շուրջ երկու և կես հազար տպագիր էջ և ունեն ավելի քան հիսուն վարիանտ։

Տարբեր ժամանակ հրատարակված բազմաթիվ վարիանտներից բացի, «Սասունցի Դավիթ» էպոսն ունի երկու հիմնական հրատարակություն։ Դրանցից առաջինը, որ լույս է տեսել Մ. Աբեղյանի ընդհանուր խմբագրությամբ և Կ. Մելիք-Օհանջանյանի աշխատակցությամբ, բաղկացած է երկու ստվար հատորից, որտեղ զետեղված են էպոսի բոլոր տպագիր և անտիպ վարիանտները (1936, 1944 և 1951 թթ.)։ Երկրորդը՝ ՍՍՌՄ

[էջ V]

Գիտությունների ակադեմիայի Հայկական ֆիլիալի Գրականության և լեզվի ինստիտուտի կողմից պատրաստված և 1939 թվականին տպագրված «Սասունցի Դավթի» համահավաք տեքստն է, որ պարունակում է ավելի քան տասը հազար տող (կազմողներ՝ Մ. Խ. Աբեղյան, Գ. Ա. Աբով և Ա. Տ. Ղանալանյան, խմբագրություն և առաջաբան՝ ակադեմիկոս Հ. Ա. Օրբելու)։

«Սասունցի Դավիթ» էպոսում չորս սերնդի պատկանող հերոսները, միմյանց լրացնելով, ավելի ճիշտ՝ միասին մի ամբողջություն կազմելով, արտացոլել են իրենց կերպարներն ստեղծող ժողովրդի պատկերացումները,նրա լավագույն երազանքներն ու ակնկալությունները։

Այդ կերպարների մեջ ժողովուրդը մարմնավորել է նաև այն մարդկանց ընդհանուր հայացքները, ովքեր պատերազմ չեն հրահրում, բայց ստիպված են կռվել, ովքեր չեն ուզում հեղել ո՛չ իրենց, ո՛չ էլ այլոց արյունը ի հաճույս իշխելու տենդով բռնված զավթիչների։ Այդ հայացքները խարսխված են այն դարավոր փորձի վրա, որ ժոդովուրդը ձեռք է բերել կործանարար պատերազմների, ասպատակությունների, արյունահեղ կոտորածների, օտար նվաճողների և սեփական թագավորների լծի ներքո կրած տառապանքների բովում։

Մեզ առանձնապես մոտ և հասկանալի է ժողովրդի գիտակցության մեջ անհիշելի ժամանակներում ստեղծված Սասունցի Դավթի կերպարը, հերոս, որը ջերմ ու անաղարտ սիրտ ունի, արձագանքում է օգնության ամեն մի կանչի և սխրագործություններ է կատարում ի բարօրություն իր ժողովրդի, իր հայրենիքի։

ԷՊՈՍԻ ԲՈՎԱՆԴԱԿՈԻԹՅՈԻՆՆ ՈԻ ԿԵՐՊԱՐՆԵՐԸ

Էպոսի հիմնական սյուժեի զարգացումը բնության ուժերի՝ իսկական մարդու վերամարմնավորվելու ընթացքն է, որոնք մարդկային հասարակության պատմության արշալույսին սկսեցին ընդունել կենդանական կամ մարդկայնացված ձևեր։ Հերոսների յուրաքանչյուր հաջորդ սերանդը ավելի ու ավելի է մոտենում երկրին, ավելի ու ավելի է մոտենում երկրավոր մարդու կերպարանքին։

Էպոսի հերոսները, ինչքան էլ իրենց ծագմամբ, գերբնական հատկություններով ու արարքներով կապված լինեն բնության և նրա ուժերի հետ, այն ուժերի, որ հնագույն մարդն անհամեմատ ավելի սուր էր զգում, քան այն մարդը, որն արդեն վարժվել էր իրեն ենթարկել այդ ուժերի թեկուզ մի մասը — խորապես մարդկային են։ Սրանք կենդանի մարդիկ են օժտված արիությամբ ու բարձր հատկություններով, սակայն իրենց մեջ կրում են նաև մարդկային թուլություններ։ Նրանց երկրային կյանքը պատկերող զրույցներում վառ արտացոլում են գտել ոչ միայն նրանց սխրագոր–

[էջ VI]

ծությունները, այլև մարդկային զգացմունքները։ Էպոսի հերոսները սխրանքներ են կատարում, որովհետև այդպես է պահանջում՝ ժողովրդի բարօրությունը, և, որովհետև նրանք իրենց մեջ այդ կատարելու ուժ են զգում, այդ սխրանքները նրանց ոչ մի առավելություն չեն տալիս, հերոսները չեն խզում իրենց կապը ժողովրդի հետ։ Հասակ առնելուց հետո էլ նրանք չեն կորցնում իրենց հոգու մանկական անաղարտությունը, պարզասրտությունը, օգնության ամեն մի կանչի անհապաղ արձագանքելու հատկությունը։

Չնայած էպոսի լեզվի սեղմությանը, բառերի անսովոր ժլատությանը, ոճի մոնումենտալությանը, մանրամասնություններ նկարագրելուց խուսափելու ձգտումին, «Սասունցի Դավթի» էջերից իբրև կենդանի մարդիկ հառնում են հերոսների կերպարները՝ տղամարդ թե կին, որոնք այնքան տարբեր լինելով իրարից իրենց բնավորությամբ, միևնույն ժամանակ ունեն ինչ-որ ընդհանուր բան։

Էպոսն սկսվում է այն պատմությամբ, թե ինչպես Բաղդադի խալիֆի ուղարկած հարկահանները Հայաստան գալով՝ մի վառ լուսավորված աշտարակում հանկարծ տեսնում են հայոց Գագիկ թագավորի դստերը՝ Ծովինարին (ծովածին, ծովազն)։ Խելքահան լինելով նրա հիասքանչ ու հմայիչ կերպարանքից, նրանք թողնում են իրենց գործը, շտապում Բաղդաղ և խալիֆին հայտնում, որ անհրաժեշտ է, ինչ գնով էլ լինի, ձեռք բերել այդ գեղեցկուհուն։

Խալիֆը դեսպաններ է առաքում Հայաստան, որոնք նրա անունից պահանջում են գեղեցկուհի Ծովինարին և սպառնում են չտալու դեպքում պատերազմի դուրս գալ։

Հայաստանում տարբեր կարծիքներ են ծայր առնում։ Ոմանք պնդում են, թե պետք է տալ Ծովինարին, ոմանք էլ առաջարկում են պատերազմել և չտալ արքայադստերը, քանի որ խալիֆը կռապաշտ է, իսկ աղջիկը խաչապաշտ (այստեղ և էպոսի մնացած բոլոր մասերում մահմեդականները ներկայացված են իբրև կռապաշտներ)։ Սակայն Ծովինարն ինքը միանում է այն մարդկանց կարծիքին, ովքեր գտնում են, որ ավելի լավ է տալ աղջկանև խնայել հազարավոր մարդկանց կյանքը։

Ծովինար խանում ասաց.
— Որ ես էն կռապաշտ թագավոր չառնեմ,
Զամեն տի սպանի իմ պատճառով,
Աղեկն էն է, ես էրթամ,
Ուրիշ մարդու թող բան չըլնի։
Ե՛ս մենակ մեռնիմ իմ հոր թերեն.
Ես մեկ ջան եմ, էրթամ, կորսըվիմ,
Քանց մեր Հայաստան էրկիր ավերի,
Էն հազար-հազար հոգիք կորուսանին։
Դարձավ ասաց.— Հա՛յրիկ, ինձ տուր էնոր։

[էջ VII]

Ծովինարը պայման է դնում, որ խալիֆը մի ամբողջ տարի չմոտենա իրեն։ Խալիֆը համաձայնվում է և արքայադստեր համար հատուկ դղյակ է կառուցել տալիս։

Մի օր Ծովինարը դուրս է գալիս ծովափ զբոսանքի։ Համբարձման տոնն է լինում (հայ կանայք այդ օրը դուրս են գալիս դաշտ և բախտագուշակ կատակերգերով վիճակ հանում)։ Զբոսանքից հոգնելով, Ծովինարը առանձնանում է. հանկարծ նա ծարավ է զգում։ Երկնքին ուղղած նրա աղերսով ժայռի միջից վճիտ աղբյուր է բխում, և աղջիկն իր խմած ջրիք հղիանում է։

Այնուհետև Ծովինարին տանում են Բաղդադ։ Պարզվում է, որ նա երեխա է ունենալու։ Խալիֆը մահվան դատավճիռ է կայացնում։ Արքայադուստրը խնդրում է մահապատիժը հետաձգել մինչև ծննդաբերության օրը, քանի որ այլապես իր հետ կմեռնի մի անմեղ էակ։ Ժամանակ են տալիս։ Ծովինարը երկու տղա է ծնում, մեկի անունը՝ Սանասար, մյուսինը՝ Բաղդասար։ Կրկին հայտնվում են դահիճները։ Բայց Ծովինարը դարձյալ ժամանակ է խնդրում երեխաներին կերակրելու և մեծացնելու համար։ Պատիժը մի քանի անգամ հետաձգվում է։ Այդ ժամանակամիջոցում խալիֆը մտերմանում է Ծովինարի հետ, և արքայադուստրը բարեհաջող կերպով խուսափում է մահապատժից։ Տղաները ոչ թե օրով, այլ ժամով են մեծանում և տակավին հինգ տարեկան չդարձած՝ ահ ու սարսափի մեջ են գցում Բաղդադի ավագանու երեխաներին, որոնց հետ նրանք խաղում են։ Այս հողի վրա վիճաբանություն է տեղի ունենում վեզիրի և խալիֆի միջև։ Վճռում են արտակարգ ուժի տեր տղաներին հեռացնել տանից, քանի որ խաղի մեջ նրանց ամեն մի հարվածից՝ մեկի վիզն է ծռվում, մյուսի ոտքն է ջարդվում։ Եղբայրները ճանապարհ են ընկնում իրենց պապի մոտ։ Կարճ ժամանակամիջոցում պատանի դյուցազուններ դառնալով, Սանասարն ու Բաղդասարը գնում են նույն ծովի ափը, որտեղ ժայռից բխող աղբյոլրը նրանց կյանքի էր կոչել։ Ուզում են լողանալ։ Բաղդասարը սիրտ չի անում նետվել ծովի ալիքների մեջ, իսկ Սանասարը համարձակորեն ծով է մտնում, և այստեղ հրաշք է կատարվում։ Սանասարի առաջ ծովը հետ է քաշվում, տղան իջնում է նրա հատակը, ընկնում ստորերկրյա թագավորություն և այստեղ Մարութա Բարձրիկ Աստվածածինը նրան շնորհում է հռչակավոր Թուր-Կայծակին և Քուռկիկ Ջալալին։ Սա բացառիկ հատկություններ և արտակարգ ուժ ունի, օժտված է մարդկային լեզվով խոսելու ձիրքով, կարող է երկար ճանապարհ անցնել, թռչել մինչև արևը և իսկույն իջնել երկիր։ Քուռկիկ Ջալալին ամենից առաջ փորձում է Սանասարի ուժը, հսկային մինչև արևն է բարձրացնում, որ այրի, բայց Սանասարը իրեն գցում է ձիու փորատակը։ Քուռկիկ Ջալալին նետվում է ժայռերի վրա, որպեսզի ջախջախի Սանասարին, բայց դյուցազնը ճարպկորեն թռչում է ձիու մեջքին։ Ի վերջո նժույգը հնազանդվում է։

[էջ VIII]

Սանասարը ծովի հատակում ձեռք է բերում զենք ու զրահ։ Նրա բազկի վրա դրոշմվում է հրաշագործ մի խաչ։ Խմելով ծովի ջուրը, նա այնպիսի հսկա է դառնում, որ եղբայրը նրան չի ճանաչում և սարսափահար փախչում է։ Սանասարին դժվարությամբ է հաջողվում Բաղդասարին համոզել, որ ինքը իրոք նրա եղբայրն է։

Շարունակում են իրենց ճանապարհը։ Եղբայրներին զարմացնում է այն, որ կապույտ ջրի մի բարակ շերտ կտրում-անցնում է մի մեծ գետի ամբողջ հոսանքը։ Գայթակղված այդ փոքր ջրի մեծ ուժից, Սանասարն ու Բաղդասարը գտնում են կապույտ ջրի ակունքն ու այնտեղ վիթխարի ապառաժներից ամրոց կառուցում։

Ու գնացին, գտան զաղբուր։
Էդ աղբրի շուր լուլա մի ջուր է,
Կէրթա, կը կտրե զիր տակի մեծ գետ։
Տեսան, անուշ ջուր էր, ու տեղն էլ էր անուշ։
Սանասար ասաց. — Էստեղ խորոտ է.
Աղեկ է, որ մենք էստեղ մնանք.
Մեզ համար տուն մի ու քոշք շինենք։

Իրենց ամրոցի շուրջը բնակություն հաստատելու համար եղբայրները 40 ընտանիք են բերում, ամրոց շինելուց առաջ նրանց համար 40 տուն են պատրաստում։ Երբ նրանք ավարտում են ամրոցի կառուցումը, վճռում են նրան անուն տալ, քանի որ վերջինս թե՛ գեղեցիկ է, թե՛ մեծ, բայց անուն չունի։

Եվ ահա հանդես է գալիս մի կերպար, որ հանդիպում է նաև ռուսաց բիլինաներում ու իրանական էպոսում՝ ծերունի սերմնացանը։ Պատանի եղբայրները նրան բերում են իբրև պատվավոր հյուրի, Քուռկիկ Ջալալու մեջքին նստեցրած ման են ածում ամրոցի շուրջը, և ծերունին քարաժայռերի մեծությունից ապշած՝ կնքում է ամրոցի անունը, ավելի ճիշտ ասում է, որ անուն փնտրելու հարկ չկա, քանի որ ամրոցը տեղով-տեղ Սասուն է (ժողովրդական մեկնաբանությամբ՝ սարսափելի, ահռելի, ահարկու)։

Հալվոր նայեց դարգահի վերա,
Էդոր վերին հարկեր տեսավ,
Քարեր հանած էդա բարձր հարկեր,
Տեսավ քարափներ պատ շարած,
Զարմացած մնաց, հարցուց, ասաց.
— Էդո՞ր անուն դնեմ։
Աստված ձեր տուն շինի,
Ես ի՞նչ անուն դնեմ էս տան։
Աստված բարի տա ձեզ,
Դուք ինչքա՞ն ուժ ունիք,
Որ վեր հաներ եք էս մե՜ծ-մեծ քարեր։
Վա՜, էս ի՞նչ սասան քարեր են.

[էջ IX]

Դուք էն սասուն քարեր
Ի՞նչպես հաներ եք էն վերին տեղ,
Ու քարե սան սուն եք զարկե.
Էս տո՛ւն շեք շինե դուք.
Ապա սասուն մ’եք շինե։
Վա՜, քանի սասուն բերդ մի.
Էս տուն չէ, էս սասուն է։
Սանասար ասաց.— Բա՛վ է, պապիկ,
Էլ ձեն մի՛ հանի. էլ անուն մի՛ դնի.
Ա՛յ պապի, անուն դրվավ.
Անուն էղավ Սասուն։
Քանց էդա ավել ի՞նչ անուն։
Որ դու ասիր՝ սասուն քարեր,
Քարե սանսուն եք զարկե.
Մեր բերդի անուն էղավ Սասուն, Սասուն,
Մեր տան անուն՝ Սասնա տուն։

Այսպես է մեկնաբանվում ամրոցի անունը։ Այստեղից էլ հենց ծագում է ամբողջ մարզի անունը, որը և հասել է մինչև մեր օրերը1։

Ահա ալեզարդ այս ծերունին է այն իմաստունը, որ կնքել է Սասնա ամրոցի անունը։

Սանասարն ամուսնանում է Քաջանց արքայադստեր՝ Դեղձունի հետ։ Երեք որդի են ունենում, դրանք են Մհերը, Ձենով Հովանը և Վերգոն։

Սանասարը էպոսի առաջին ճյուղի գլխավոր հերոսն է։

Ոչ միայն իր հրեղեն ծագմամբ, այլև իր արարքներով նա բազմաթիվ թելերով դեռևս կապված է հնագույն առասպելների հետ, մարմնավորում է կոսմիկական էակի մի շարք գծեր, էակ, որ մարդկային արտաքին ունի, բայց իր մեջ բնության ուժեր է բովանդակում, կապված է բնության կենարար ու բարեբեր տարերքի՝ ջրի հետ։ Ջրից ծնված այս հսկան ջրից է ստանում իր անխոցելի զենք ու զրահը, ամենակործան սուրը, ջրից է ստանում իր հասակը, անսահման ուժն ու զորությունը։ Ջրից է ստանում իր հրաշալի Քուռկիկ Ջալալին, որն օժտված է մարգարեական ձիրքով, կարող է մարդու պես խոսել, սլանալ հողմից արագ, ծովի խորքերից սուրալ մինչև արևը։

Առաջին ճյուղի հիմնական կերպարներից է գեղեցկուհի Դեղձունը։ Նա իր մեջ խտացնում է մայրիշխանության ժամանակների տան տիրուհու (և ո՛չ թագուհու) մի շարք գծեր, որոնցով նա տարբերվում է իր շրջապատի կանանցից և շատ-շատերից բարձր է կանգնած։

Չափազանց մոնումենտալ է այն դրվագը, երբ Դեղձունը Սանասարի

-------------------

1 Այս պատմությունը հիշեցնում է այսպես կոչված «կիկլոպյան» շինությունները, որ մեզ են հասել Հայաստանի հնագույն բնակիչներից և տարածված են Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի տերիտորիայում։ Հավանաբար նման շինություններ եղել են նաև Սասունում։

[էջ X]

մահից հետո բազմամյա կամավոր ինքնաբանտարկումից հետո մոտենում է պատուհանին նայելու իր թոռանը, որը կարողանում է կրել իր հսկա հոր ասպազենը, բարձրացնել ծանր թուրը։ Դեղձանի խոսքերը ուղղված սքանչելի Քուռկիկ Ջալալուն հնչում են ազնիվ մետաղի պես.

Էլավ, իրան տեղեն կայնեց, ասաց.
— Իմ մուրազ կատարվեց, տ’էլնեմ դուրս.
Գնաց գլուխ փանջարեն վեր կախեց,
Աչքեց տեսավ՝ նորամանուկԴավիթ
Մհերի ձին հեծե, կայնե։ Կանչեց.
— Քոտկի՜կ Ջալալի, մեռնե՜մ քե, մուրազ։
Դավիթ շատ զարմացավ, կայնեց։
Դեղձուն շարունակեց.— Քուռկի՜կ Ջալալի,
Իմ Դավիթ հեւ չունի՝անես հերություն,
Իմ Դավիթ մեր չունի՝ անես մերություն,
Իմ Դավիթ դու տանես իր նորԿաթնով Աղբուր,
Դավիթ ձիուց իջնի, իջնի ջուր խմի,
Իմ Դավիթ դու տանես իր հոր փորձաքար,
Դավիթ իր թուր զարկի, զարկի սան, փորձի։
Քուռկի՜կ, քե ամանաթ իմ նորամանուկ Դավիթ։

Դժվար է հավատալ, թե դա հենց այն Դեղձունն է, որն իր նամակով մի օր կախարդեց երկվորյակ եղբայրներին և նրանց սրտում բորբոքեց նոր, նրանց տակավին անծանոթ մի կրակ, հմայեց այնպես, ինչպես չէր կարողանա հմայել ոչ մի կախարդուհի, եթե չունենար այն հրապույրը, որ հատուկ է Դեղձունին՝ և՛ Սպիտակ ամրոցի դեռափթիթ միանձնուհուն, և՛ Տան մորը՝ Սասնա տիրուհուն, և՛ կռվի գնացող թոռանը բարի ճանապարհ մաղթող զառամյալ տատիկին։

«Սասունցի Դավիթ» էպոսի երկրորդ ճյուղի հերոսը Սանասարից և Դեղձունից ծնված Մեծ Մհերն է, որը հայտնի է Առյուծաձև Մհեր (առյուծ պատառող) մականունով։ Նա հորից ժառանգում է ոչ միայն հրաշագործ ասպազենը և իմաստուն նժույգը, այլև անմահական Կաթնաղբյուրից գերբնական ուժ ստանալու հատկությունը։

Օժտված լինելով անպարտելի ուժով, նա մարդկային միջավայրում, երկրային կյանքի բովում ձեռք է բերում մարդկային թուլություններ։ Մեծ Մհերը տոգորված է այն կրակով, որի համար Պրոմեթեոսը մարդու հանդեպ տածած սիրուց զանց առավ աստվածների կամքը, կրակ, որը մեծ Հերակլեսին կիսաստծուց դարձրեց մարդկային ցեղի հավատարիմ ծառա, ոչ թե անձնական փառքի, այլ մարդկային բարօրության համար սխրագործություններ կատարող հերոս։

Ունենալով գերբնական ծագում, անարատ աղբյուրի թոռը՝ Մհերը իր կյանքի առաջին իսկ օրերից ոչ թե տարիներով է մեծանում, այլ ժամերով։

[էջ XI]

Երիտասարդ հսկան, որը կարող է արմատահան անել ծառերը և տանել դրանք թեթև մահակի պես ուսին դրած, մտքովն էլ չի անցկացնում ձի նստելու հնարավորությունը, իսկ երբ առիթ է լինում նժույգ ընտրելու, ապա նրա ձեռքի ծանրության տակ ճկվում են մարտական լավագույն ձիերը։

Մանկական հոգու տեր միամիտ հսկան պատրաստ է իր բոլոր ուժերը նվիրաբերելու հանուն մարդկային բարօրության։ Լսելով, որ երկիրը սովի է մատնված (հացի ճանապարհին մի հրեշավոր առյուծ է պառկած լինում), նա նետվում է թշնամու դեմ, մի կողմ է քաշում ամեհի գազանի հետ կռվելու եկած գորքը և մեն-մենակ, իր զորավոր ձեռքերով, երկու կտոր է անում առյուծին։

Կանչեց, մի ձեռ թալեց էդ առյածի վերի՛ ծնոտ,
Մյուս ձեռ թալեց ներքի՛ ծնոտ,
Ճղեց էդ առյուծ մեջտեղեն,
Արե՛ց էնոր երկու կտոր։
Մեկ դրեց ճամփու էս, դին, մեկէլ՝ էն դին։

Այնուհետև Մհերը կռվի է դուրս գալիս հարևան երկրի վրա իշխող ճերմակ Դևի դեմ, որը փակել է աղբյուրի ճանապարհը, սպանում է Դևին և ամուսնանում նրա ամրոցում գերության մեջ տառապող չնաշխարհիկ արքայադստեր՝ Արմաղանի հետ։

Մհերը կռվի է դուրս գալիս նաև Մըսրա Մելիքի՝ Մոսուլի թագավորության դեմ։

Ժամանակ անց, երբ մեռնում է Մըսրա Մելիքը, նրա կինը՝ Իսմիլ խանումը, Մհերին խնդրում է գալ և օգնել իրեն իբրև անօգնական մնացած այրու։

Մհերը չի լսում Արմաղանին և վստահ իր հավատարմության ուժին մեկնում է Մըսըր1։ Այստեղ նրան հարբեցնում են, տանում Իսմիլ խանումի պալատը, և նա հակառակ իր ցանկության դառնում է կրտսեր Մելիքի Հայրը։

Մըսրա Մելիքի երակներում եռում է հսկա հոր արյունը, նա ժառան–

---------------------------

1 Ժողովրդի հասկացողությամբ և ուսումնասիրողների կարծիքով այստեղ նկատի է առնված Եգիպտոսը, որն արաբները Մըսըր են անվանում։ Նման մնկնաբանությունը առիթ է տալիս մի շարք թյուրիմացությունների, ինչպես և անախրոնիզմների, քանի որ հայերի և Եգիպտոսի տիրակալների ընդհարումները վերաբերում են միայն Մամելուքների ժամանակաշրջանին։

Իրականում Մըսըր անվան տակ այստեղ պետք է հասկանալ Մոսուլը։ Եվ այն ժամանակ հասկանալի են դառնում էպոսի մի շարք մոմենտներ, մասնավորապես այն, որ երբ Դավիթը Սասնա մոտակայքում սպանում է բազմաթիվ ռազմիկների, գետը նետում վերջիններիս դիակները, Մըսըրում ապրող նրանց հարազատները տեսնում են ջրի հետ եկած մարմինները։ Հենց այդ գետը այն գետն է, որը Սասունը կապում է Մոսուլի հետ և պատկանում է Եփրատ գետի սիստեմին։

[էջ XII]

գել է նաև նրա ուժը, իսկ սրտում զգում է մարդկանց և բոլոր ժողովուրդների վրա իշխելու բուռն ծարավ, որը նրան ներշնչել է իր մայրը:

Լույս աշխարհ բերելով իր այդ որդուն՝ Մհերը դրանով իսկ Իսմիլ խանումի հոգում ծնում է այն հուլսը, թե «հիմա կշողշողա Մըսրա աստղը, իսկ Սասնա աստղը կխավարի»։ Իսմիլի կողմից Մելիքին տրվող այդ խրատները, իբրև հրաշագործ հակաթույն, սթափեցնում են Մհերին, և նա իր հոր հրեղեն ձիով Մըսըրից (Մոսոլլից) սլանում է հայրենի Սասուն։

Մհերը վերադառնում է իր սիրեցյալ կնոջ մոտ, որը երդվել է քառասուն տարի հրաժարվել ամուսնական կյանքից։ Բայց Մհերը խախտել է տալիս նրան այդ երդումը, ցանկանալով վառել Սասնա ճրագը, որպեսզի վերջինիս լույսից խավարի Մըսրա աստղը, և իր ուստրերն ու դուստրերը պաշտպան ունենան այն աղետների դեպքում, որ կարող է նրանց գլխին բերել Մըսրա Մելիքը։

Իրականանում է Մհերի ուԱրմաղանի երազանքը — ծնվում է Դավիթը, շիրիմ է իջնում Մհերը, շիրիմ է իջնում Արմաղանը։

Սկսվում է էպոսի երրորդ՝գլխավոր ճյուղը։

Մհերի և Արմաղանի մահից հետո հարց է ծագում, ինչպե՞ս կերակրել մանուկ Դավթին։ Սասունցի բոլոր ստնտուների կաթից երեխան հրաժարվում է։ Վճռում են նրան տանել Իսմիլ խանումի մոտ։ Գուցե Դավիթը չհրաժարվի այդ կնոջ կաթից, որը իր հոր հետ նույն մահիճն է կիսել։ Բայց ինչպե՞ս ուղարկել։ Ճանապարհը հեռու է և դժվար։ Տղային կապում են Քուռկիկ Ջալալու մեջքին, և սա մանկանը հասցնում է Իսմիլ խանումի մոտ։ Դավիթը սնվում է նրա կաթով, ինչպես և Սասունից բերած յուղով ու մեղրով, հասակ առնում իբրև մի դյուցազուն։

Նա ավելի արագ է աճում, քան Մըսրա Մելիքը, ոչ թե օրով, այլ ժամով, ոչ թե ժամով, այլ րոպեներով։ Երեք-չորս տարում այնպիսի փահլևան է դառնում, որ խաղի ժամանակ բռնում ու դեն է շպրտում Մըսրա մելիքի նետած մկունդը։ Դավիթը սարսափ է ազդում Մելիքին։

Մըսրա Մելիքը, տեսնելով փոքրիկ Դավթի ուժն ու դյուցազնությունը, նրան փակում է մթին զնդանում, ուր չի թափանցում արևի և ոչ մի շող։

Որպեսզի մանուկ հսկան զրկված լինի որևէ զենքից, նրա բաժին ճաշի միսն անգամ ոսկրահան են անում։ Հանում են նույնիսկ մրգերի միջի կորիզները։

Բայց այնպես է լինում, որ ճաշ բերողին վիրավորում են Մըսրա Մելիքի պալատականները, և սա բարկությունից Դավթին ոսկրոտ միս է տալիս։ Դավիթը ճաշն ուտում է և ոսկորը շպրտում պատի կողմն այնպիսի ուժով, որ զնդանի պատը քանդվում է, և ճեղքից ներս է ընկնում արևի շողը։ Դավիթը չգիտե, թե ի՞նչ բան է դա, կարծում է՝ կենդանի էակ է և կատաղի գոտեմարտի է բռնվում հետը։

[էջ XIII]

Դաստիարակից Դավիթը իմանում է, թե ինչ բան է արևը։ Երկար աղերսանքից հետո նրան դուրս են հանում զբոսանքի։

Դավթի ամեհի ուժը նորից տեսնելով, Մըսրա Մելիքը վճռում է ազատվել նրանից։ Երկու հոգու ուղեկցությամբ նրան ետ են ուղարկում Սասուն, պատվիրելով, որ ճանապարհին սպանեն տղային։ Ուղեկցողներից մեկը Դավթի հոր՝ Մհերի հավատարիմ ծառան է, մյուսը՝ ավագ Մըսրա Մելիքի մերձավորը։ Բաթմանա կամրջին հասնելով, սրանք ուզում են սպանել Դավթին, բայց շրջահայաց տղան գլխի է ընկնում, գուշակելով իր ուղեկիցների մտադրությունը, երկուսին էլ կամրջից վեր է բարձրացնում և պահում օդի մեջ՝ մեկին աջ ձեռքով, մյուսին՝ ձախ, մեկին՝ գետի հոսանքն ի վեր, մյուսին՝ հոսանքն ի վար և Ապառնում, որ կխեղդի շան լակոտների պես։

Բանը նրանով է վերջանում, որ Դավթի հոր հավատարիմ ծառան տղայի կողմն է անցնում, վճռում ծառայել նրան, իսկ մյուսը ետ է դառնում Մըսըր, որ Մելիքին պատմի, թե այնքան էլ հեշտ չէ Դավթի «գլուխն ուտելը»։

Դավիթը Չար Բահար Քամու հետ գալիս է Սասուն։ Սկսվում է Դավթի կյանքը Սասունում։ Երբ նա տղաների հետ կատակ է անում, ծռվում են սրանց վզերը, դուրս են ընկնում ձեռքերը։

Գլուխներն ազատելու համար Դավթին գառնարած են կարգում։ Պողպատե տրեխներ են հագցնում, պողպատե գավազան են ձեռքը տալիս։ Դավիթը, գառների և ուլերի հոտն առաջն արած՝ սարերն է բարձրանում։ Քնով է անցնում, գառներն ու ուլերը ցրվում են, իսկ երբ մանուկ հովիվը նրանց ուզում է հավաքել, չի ջոկում, թե ո՞րն է գառը, ո՞րն է ուլը, աղվեսն ու նապաստակը, բոլորին քշում-բերում է, լցնում քարանձավը։ Երբ հորեղբայրը հաց է բերում, տեսնում է, որ փարախը լեփ-լեցուն է գազաններով։

Դավիթը գազաններին քշում-բերում է քաղաք։ Սասունցիները մորթում են նապաստակները, միսն ուտում, մորթում են աղվեսները և ձմռան համար մուշտակներ կարում։

Հետագայում Դավթին նախրապան են կարգում։ Սա էլ քշում, քաղաք է բերում արջեր, գայլեր, առյուծներ, վագրեր, ոչ ոք սիրտ չի անում գլուխը տնից դուրս հանել։

Դավիթը նետ ու աղեղ է պատրաստում և հրապուրվում թռչունների որսով։ Մտքովն էլ չի անցնում, թե տրորում է այն պառավի արտը, որին մի ժամանակ (Դավիթն այդ չգիտեր) սիրել է Մհերը։ Տեսնելով, որ իր արտը ոտնատակ է լինում, պառավը պատմում է Մհերի որսասարի մասին։ Դավիթը գնում է այնտեղ և տեսնում այդ վիթխարի որսասար-գազանանոցի անվթար մնացած շրջապարիսպը։
Դավթին շրջապատոդ մարդիկ առաջարկում են նրան կրակել որսի

[էջ XIV]

վրա, բայց Դավիթը վճռականորեն առարկում է։ Նա ասում է, որ պարսպի մեջ փակված կենդանիներին սպանելն անթույլատրելի է և մեղք է։ Ձենով Հովան ասաց.

— Հրողբե՛ր մեռնի քեզ,Դավիթ,
Զա՛րկ, հա՛տ մի ըսպանի, բռնենք զենենք։
Դավիթ ասաց.— Հրողբեր, ջանըմ,
Կապուկ տեղ պա՛պս էլ կզարկի.
Տղամարդն է՛ն է՝, որ արձակի ու նո՛ր զարկի.
Չէ՜ որ էնոնք գերի են, հրողբեր,
Մարդ էլ գերին զարկի՞։

Նա ցանկանում է, որ ուժի և ճարպկության մրցումը տեղի ունենա հավասար պայմաններում։ Քանդում է պարիսպը, բաց է թողնում կենդանիներին, ապա ասում. «Որս անողը թող հիմա անի»,— և ինքն է սկսում որս անել։

Որսից հետո հոգնած Դավիթը քնում է ծառի տակ։ Երբ հանկարծ արթնանում է, լեռան բարձունքին մի զարմանալի լույս է տեսնում։ Գնում է դեպի լույսը, և նրա դեմ կանգնում է լուսաճաճանչ մի շինություն, որտեղից բոց է հառնում։ Դավիթն այստեղ մի հրաշալի ձայն է լսում։ Այդ ձայնն ասում է, որ երիտասարդ հսկան պետք է վերաշինի Մարութա վանքը։ Դավիթը Ձենով Հովանին հարցնում է Մհերի մասին, իմանում է, որ այստեղ է Մհերի դամբարանը, այստեղ է եղել նրա կառուցած և արաբների ձեռքով ավերված Մարութա վանքը։

Դավիթը շրջահայաց է. լույսը տեսնելուն պես գետնի վրա իսկույն գծում է շենքի հատակագիծը, վճռում է վերակառուցել վանքը։ Տեսիլը չքանում է, իսկ գծագիրը մնում է գետնին։ Դավիթը մեծ թվով վարպետներ է կանչում և մի գիշեր, մի ցերեկ չանցած՝ շինում է վանքը։ Բայց հենց որ լույսը բացվում է, վանքը քանդված են տեսնում, քարերը դես ու դեն են ընկած, կիրը մի տեղ է կիտված, ավազը՝ մի տեղ։ Վանքի հետքն, անգամ չի մնացել։ Նրան մի այլ տեսիլք է հայտնվում, և նա իմանում է, որ շենքի հիմքում պետք է դրված լինի իր թուրը։ Թուրը դնում է շենքի հիմքում, տաճարը կրկին կառուցվում է, և այնտեղ են տեղափոխվում վանականները։

Այդ օրվանից Դավիթը փոխվում, հասուն մարդ է դառնում, թեև նրա մեջ տակավին շատ է մանկական չարաճճիությունը։

Դավիթն իր հոր որսասարում շարունակ որս է անում։ Մի անգամ էլ, երբ նա այստեղ որս է անում, Մըսրա Մելիքի հարկահանները Սասուն են գալիս յոթ տարվա հարկը տանելու։ Տուն վերադարձած պատանին տեսնում է, որ հորեղբայրը, Սասունն ավերելու սպառնալիքից ահաբեկված, արաբների համար ոսկի է չափում։

Դավիթը միջամտում է։ Հարկահաններին ոչ մի ոսկի չի տալիս։ Ավե–

[էջ XV]

լին. ջարդում է գլխավոր հարկահանի՝ Կոզբադնի գլուխը։ Այս դրվագը միակն է ամբողջ էպոսում, որտեղ խախտված է գեղարվեստական չափը, քանի որ ահավոր կերպով, վառ ու կոպիտ ձևերով տրված է հարկահանին այլանդակելու տեսարանը, Դավիթը նրա ատամները հանում, ճակատին է շարում, կտրում շրթունքները...

Որոտաձայն մարտակոչով և սեփական արյունով գրած հրովարտակով Մըսրա Մելիքը իր հպատակ բոլոր երկրներից զորք է հավաքում և գնում Սասնա դեմ պատերազմելու։ Նրա հետ են Մըսրա զորքերը, յոթ հպատակ թագավորների զորքերը։ Բանակն այնքան մեծաթիվ է, որ զինվորները մի-մի կում ջուր խմելով՝ ցամաքեցնում են գետը։ Թշնամու դեմ ելնում է Դավիթը՝ Քեռի Թորոսի և նրա 39 որդիների հետ։

Արտատեր պառավի խորհրդով Դավիթը ձեռք է բերում հոր զենքն ու զրահը։ Դրանք Դավթի համար չափազանց մեծ են, Քուռկիկ Ջալալուն էլ դժվար է հնազանդեցնել, բայց հրաշագործ աղբյուրի ջուրը խմելով, նա հսկա է դառնում և հոր զենքն ու զրահը հագած՝ արշավում դեպի արաբական բանակը։ Հարձակվելուց առաջ նա երեք անգամ որոտաձայն գոչում է.

– Էհե՜յ,
Ով քնած է՝արթուն կացեք.
Ով արթուն է՝ ձիե՛ր թամբեք,
Ուվ թամբեր է՝զենքե՛ր կապեք,
Ով կապեր է՝ էլե՛ք, հեծե՛ք,
Չասեք Դավիթ գող-գող եկավ,
Գող-գող գնաց։

Եվ ահա սկսվում է զարհուրելի մի ջարդ։ Դավիթը աջ ու ձախ կոտորում է, մինչև որ նրան մի արաբ ծերունի է մոտենոմ և ասում հիանալի խոսքեր, այն մասին, որ պատերազմողները թագավորներն են, իսկ ժողովուրդները կռվելու, իրար կոտորելու ոչ մի ցանկություն չունեն, քանի որ միմյանցից որևէ բան չեն ուզում խլել։

Մըսրա Մելքի զորքի մեջեն մարդ մի էլավ,–
Մեկ ալևոր — յոթ տղու հեր։
Մելիք էնոր յոթ տղեկներ զոռովեն էր բերեր կռիվ։
Էդ ալևոր ասաց.— Հե՜յ – վախ, հե՛յ-վախ...
Դուրս էկավ էն՝առանց զենքի ու գլուխբաց՝
Զորքի մեջեն վազեց,
Ասաց.— ճամփա՜ տվեք, էրթամ Դավթի առաջ,
Մի խոսք ասեմ, էսա զորք ազատեմ կռվից։
Էկավ, կանզնեց Դավթի առաջ,
Ասաց.— Դավի՛թ, մեռնե՛մ քեզի,
Ակա՛նջ արա, ձիդ դադրեցրու,
Գամ՝ քեզի խո՛սք տ’ասեմ։
— Ի՞նչ տ’ասես ինձ, հալվո’ր,— հարցուց Դավիթ։

[էջ XVI]

— Դավի՛թ,— ասաց;,– մեռնե՜մ քո արևուն։
Չէ՞ որ էնոնք էլ մարդ են, իսան են,
Ինչի՞ կըկոտորես, ինչի՞ կը սպանես.
Չէ՞ էդոնք է՛լ էրեխանե՛ր ունեն,
Տո՛ւն ու կընիկ ունեն։
Էնոնց սպանես՝ ճժերու մեղք կ’ընկնի քո վիզ:
Աղքատ ու խեղճ մարդ են էդոնք.
Որը իր մոր մեկուճարն է,
Որը նոր պսակված տղա,
Որը իր օջախի սունն է,
Որբ հանգած մի տան ճրագ։
— Ապա ինչի՞ էկած են, հետ ինձ կը կռվեն։
Պատասխանեց— Մեզ ի՞նչմեղք կա.
Մըսրա Մելի՛քն է զոռովեն բռնե, բերե.
Մըսրա Մելի՛քն է քո դուշման,
Գընա իր հետ կռիվ արա։
— Ապա Մելիքն ո՞ւր է հիմա։
— Ա՜յ, էն կանաչ վրանի տակ քնա՛ծ է, տե՛ս,
Ոսկի խնձորն էնոր չադրի գլխին դրուկ.
Յոթն ազապ աղջիկ էնոր ճանճ կը քշեն,
Յոթն ազապ աղջիկ էնոր ոտ կը մաժեն։
Էն վրանից մուխ որ կ’ելնի՝
Էն մուխն էլ հո մուխ չի,
Էն շոգե՛քն է էնոր բերնի։
Դու որ էրթաս Մելիք սպանես՝
Էդ գորք քեզի աղոթք տ’անի,
Տի խնդա նա ու ամեն մեկն իր տուն տ’էրթա։
Էդտեդ Դավիթ խղճավորվավ,
Զորք ջարդել վերջացուց,
Դարձավ ասաց.— Հալվոր,
Աղե՛կ խոսք ասացիր,
Ես քո ասած տ’անեմ։

Դավիթը սլանում է Մըսրա Մելիքի վրանը: Հանդես բերելով մեծագույն ազնվություն, ուղղամտություն և մեծահոգություն, գոտեմարտում սպանում է Մըսրա Մելիքին, ոչնչացնում նրան, ում պատերազմ էր պետք, խաղաղությամբ ազատ է արձակում Մելիքի զորքը, նախազգուշացնելով, որ այլևս երբեք չհարձակվեն Սասնա վրա։

Դավիթ ձիու գլուխ շրջեց,
Էլավ, գնաց մեջ գորքերին,
Ինչ զորք, զորական մնացե՝
Կանչեց, հրամայեց, ասաց.
— Ամենիդ իրավունք կը տամ.
Ուրտեղեն էկեր եք` էլեք գնացեք` ձեր տեղ։
Էլեք, գնացեք ու ձեր տներ– նստեք,
Դուք ինձ համար աղո՛թք արեք.
Իմ հորն ու մորն էլ օղորմի՛ տվեք.

[էջ XVII]

Հանդա՛րտ կացեք,
Սեկ էլ չ’էլնեք ու գաք վեր Սասնա։
Մեկ էլ որ զենք առնեք մեր դեմ,
Թե որ դուք կռվի գաք վեր մեզ`
Քառսուն գազ խոր հորում ըլնեք,
Թե ջաղացի ջոջ քարի տակ,
Տ’էլնի Տեր դեմ Սասնա Դավիթ,
Տ’էլնի ձեր դեմ Թուր Կեծակին։

Հաղթական պատերազմից հետո վճռում են ամուսնացել Դավթին։ Պարզվում է, որ հարսնացու արդեն գտնվել է։ Դա գեղեցկուհի Խանդութ խաթունն է։ Նա Դավթի մոտ գուսաններ է ուղարկում, որոնք և դյուցազնի ներկայությամբ գովում են աղջկա գեղեցկությունը։

«Տ’ասեմ, տի գովեմ Խանդութ խանում Դավթին.
էնոր բոյ գյոլու եղեգ նման է։
Տ’ասեմ, տի գովեմ Խանդութ խանում Դավթին.
էնոր սրտիկ Քուռկիկ Ջալալու մեյդանն է։
Տ’ասեմ, տի գովեմ Խանդութ խանում Դավթին.
էնոր բերան մեղրով բացած է։
Տ’ասեմ, տի գովեմ Խանդութ խանում Դավթին.
էնոր ատամներ մարգըրիտ շարած է։
Տասեմ, տի գովեմ Խանդութ խանում Դավթին.
էնոր աչքեր գինու կթխա է։
Տ’ասեմ, տի գովեմ Խանդութ խանում Դավթին»։

Լսելով գուսանների գովքը, Դավիթը հիացած գնում է Խանդութի մոտ։

Խանդութի ամրոցում նա հանդիպում է 39 կտրիճների, որոնք տարբեր երկրներից եկել էին նրա ձեռքը խնդրելու, բայց նրանցից և ոչ մեկը չէր կարողացել նվաճել աղջկա սիրտը։ Դավիթն առաջին իսկ հայացքից տիրանում է Խանդութի սրտին և որպես ընծա ստանում է սիրո խնձորը։

Վերոհիշյալ կտրիճները որոշում են Դավթին մեջտեղից դուրս բերել։ Խնջույքի ժամանակ նրանք իրենց թրերը թաքցնում են սեղանի սփռոցի տակ, որպեսզի Դավթին հարբեցնելով սպանեն։ Տեսնելով այդ, Խանդութը պատվիրում է Դավթի առաջ արծաթյա մեծ սկուտեղ դնել, իսկ ինքը մի պարկ կաղին առած՝ բարձրանում է վերնասրահը։ Ամեն անգամ, երբ քունը Դավթին հաղթահարում է, Խանդութը վերևից կաղիններ է գցում սկուտեղի վրա և չի թողնում, որ նա քնի։ Երբ խնջույքը Դավթին ձանձրացնում է, նա պատվիրում է վերցնեք սփռոցը։ Տեսնելով թաքցրած թրերը, Դավիթը ձեռքով դրանք կտոր-կտոր է անում, տալիս ախոռապանին, որ Քուռկիկ Ջալալու պայտերի համար մեխեր պատրաստեն։

Դավիթը լավ է հիշում մերձավորների և հարազատների հանդեպ ունեցած իր պարտականությունը։ Երբ տակավին փոքրիկ տղա է լինում, նրան փորձում է գայթակղեցնել հորեղբոր՝ Ձենով Հովանի կինը։ Ֆեդ-

[էջ XVIII]

րայի և Իպպոլիտի այս պատմությունը էպոսում դրսևորված է արտակարգ ցայտունությամբ։ Դավիթը փակում է աչքերը, երբ հորեղբոր կինը լողանալիս նրան պատվիրում է ջուր լցնել իր գլխին, որպեսզի տղան տեսնի իր մերկ մարմինը։ Ամուսնուն զայրացած ասում է, թե Դավիթն իբր կամենում էր իրեն խայտառակել։ Հորեղբայրը հավատում է և Դավթին վտարում տնից։ Հորեղբոր կինը երկրորդ անգամ է տղային փորձում, բայց սա երկրորդ գայթակղությանն էլ տեղի չի տալիս։ Դիմանում է նաև երրորդ փորձությանը, մնում է մաքուր ու անարատ։

Մի հանգամանք Դավթի կյանքում ճակատագրական է լինում։ Նա անակնկալ սիրահարվում է Չմշկիկ-սուլթանին և խոստանում նրա մոտ վերադառնալ յոթ օր հետո, բայց այդ մասին հիշում է միայն յոթ տարի անց, երբ Չմշկիկից արդեն ծնված է լինում իր դուստրը։

Սասունի ճանապարհին հոր և որդու (որին Դավիթը դեռ չէր տեսել) միջև մենամարտ է սկսվում։ Երկուսի համար էլ այդ մենամարտը շատ ծանր է լինում, որովհետև երկուսն էլ զորավոր ուժի տեր են։ Թեև Մհերն ավելի ուժեղ է, բայց չի կարողանում հաղթել արդեն ուժասպառ եղած, բայց անխոցելի Դավթին: Կռվին վերջ է տրվում Դավթի կնոջ և Մհերի մոր՝ Խանդութ խանումի միջամտությամբ։ Դավիթն անիծում է որդուն՝ դատապարտելով նրան ամլության և անմահության։

Վերադառնալով Չմշկիկ-սուլթանի մոտ, Դավիթը սպանվում է իր հարազատ աղջկա արձակած նետից։

Էպոսի կենտրոնական հերոսի՝ Դավթի կերպարը տրված է առանձին լիակատարությամբ։

Մեծահոգություն — ահա այն գիծը, որ հատուկ է Դավթին։ Ի՞նչ փույթ, որ թշնամին, ոխերիմ թշնամին, արդեն երեք անգամ հարվածել է մկունդով։ Եթե նրան իր կաթով սնած կինը խնդրում է, ապա նա բաշխում է առաջին զարկը և իջեցնում վեր բարձրացրած սուրը։ Երկրորդ զարկն էլ է բաշխում, քանի որ այս անգամ էլ խնդրում է թշնամու քույրը, որը Դավթին մի ժամանակ խաղացրել է իր ծնկներին։ Նա իջեցնում է երրորդ կործանարար հարվածը, թեև գիտե, որ նենգավոր թշնամին մենամարտը համարձակորեն շարունակելու փոխարեն հորի խորքն է մտել, վրան քաշել քառասուն գոմշի կաշի և քառասուն ջրաղացաքար։

Դավթի մեծահոգությունը անխորտակելի ժայռի պես ամուր հիմք ունի՝ հաղթանակի հավատ, իսկ այդ հավատը բխում է հայրենիքն ու հարազատ ժողովրդին պաշտպանելու արդար գործի անսասան գիտակցությունից։

Դավթի համար բնորոշ է մի այլ գիծ ևս։ Նույնիսկ ոխերիմ թշնամու դեմ կռվելիս, երբ մտադիր է նրան անխնա ոչնչացնել, աշխատում է իր համար չստեղծել առավել շահավետ պայմաններ, հանկարծակի չի հարձակվում չնախապատրաստված հակառակորդի վրա։

[էջ XIX]

Դավիթը երկու անգամ է գրոհում թշնամու բանակի վրա։ Առաջին անգամ նա պետք է բախվի Մըսրա Մելիքի անթիվ, անհամար զորքի հետ, երկրորդ անգամ՝ Պապ-Ֆրենկի վիթխարի բանակի։ Երկու անգամն էլ, չնայած իր հուզմունքին, որն այնքան վառ են նկարագրում բանասացները, Դավիթը չի մոռանում կանգնեցնել, սանձահարել իր ձին և բանակի մի ծայրից մյուս ծայրը հնչող որոտանման ձայնով ազդարարել, որ թշնամին արթնանա, զենք վերցնի, ձի հեծնի, պատրաստվի կռվելու:

Սա նման չէ այն մարտակոչերին, որոնցով Իլիոնի պատերի տակ և բարձր պարիսպների վրա աշխատում են իրար բորբոքել հելլեններն ու տրոյացիները։ Սա նման չէ այն լեզվակռվին, որով մխիթարվում է Սանասարը կտրիճների հետ գոտեմարտելիս: Ոչ էլ թշնամուն գրգռող այն խոսքերին է նման, որոնք հաճախ գոտեմարտի նախաբանն էին համարվում, ինչպես դա հայտնի է տարբեր ժողովուրդների, այդ թվում նաև հայ ժողովրդին պատկանող չափածո և արձակ բազմաթիվ նկարագրություններից։ Դավթի մարտակոչը սեղմ, հատու և չգրգռոզ կոչ է։

Այդ կոչն արդյոք այն պատճառով չէ՞ այդքան սեղմ, հատու, հանդարտ և անմիջական, որ էպոսում նկարագրված է ոչ թե ասպետների համար սովորական դարձած տասնյակ ճակատամարտերից մեկը, այլ մարտական հանգամանքներին անսովոր մարդու՝ ոչ թե սուր, այլ հովվական մահակ ու գութանի մաճ բռնող ասպետի մուտքը ռազմաբեմ։ Դավիթը կարիք չի զգում թշնամուն ծաղրելու, քանի որ նրան ոչ թե կռվի պրոցեսն է հրապուրում, նա ոչ թե փառքի համար է ուզում հաղթել, այլ հայրենիքի բարօրության։ Հարկ չկա, որ նա բորբոքվի։ Զավթիչների նկատմամբ Դավիթը լցված է այրող ատելությամբ և ուզում է նրանց հաղթել, կոտորել, արտաքսել և ոչ թե փառաբանվել։

Դավիթը, ինչ գործ էլ անի, կրակոտ է, կռվի մեջ անզուսպ, ամբողջովին կիրք ու կորով, սակայն կատաղության ամենախելահեղ նոպայում էլ կարող է հանկարծ մեղմանալ, դառնալ հեզ ու հնազանդ, եթե մոլեգնությանը հակադրվում է քնքշանք, թեկուզ գորովալից մի խոսք։ Ինչպե՜ս է փոխվում Դավիթը, երբ հրաժեշտ է տալիս իր հորեղբորը՝ Ձենով Հովանին։

Դավիթը միշտ էլ աչքի է ընկնում ուղղամտությամբ, անկեղծությամբ և պարզությամբ: Սքանչելի է նրա հիացմունքի պոռթկումը, երբ զմայլվում է Խանդութի գեղեցկությամբ և ամբողջ կերպարով, սքանչելի են մանկական անաղարտ անմիջականությամբ համակված երեք համբույրը, որոնցով նա ողջունում է Խանդութին, և որոնցից մեկը՝ երրորդը, գեղեցկուհու զայրույթն է շարժում։ Դավիթը հեռանում է դառնորեն վիրավորված ոչ թե այն պատճառով, որ Խանդութը բռունցքով հարվածում է նրան և քիթն արյունլվա տնում, այլ այն պատճառով, որ իրեն չհասկացան։ Միայն սիրահարված զույգի հոգու մաքրությամբ կարելի է բացա

[էջ XX]

տրել այն անսովոր հմայքը, որով լի է երեք համբույրի, դրանց համար տրված պատժի և հպարտ Խանդութի ներումն հայցելու դրվագը։ Խանդութ խաթունը, իր կյանքում առաջին անգամ, բոբիկ ոտքերը քարերին տալով, արյունլվա անելով, վազում է վիրավորված, դյուրաբորբոք դյուցազնի հետևից։

Դավիթը, որ ընդունակ է կատաղելու, ձեռք բարձրացնելու զառամյալ հորեղբոր վրա, հանգիստ և առանց վրդովմունքի է ընդունում իր անձին սպառնացող դավաճանությունը։

Էպոսի երրորդ ճյուղի երկրորդ կարևոր անձը Խանդութ խաթունն է: Սա կամքի տեր կնոջ կերպար է, կին, որ իր մոտ է կանչում հիանալի ընտրյալին, իր ձեռքին է պահում ընտրություն կատարելու իրավունքը։ Ինչպես Դեղձունի պալատի պատերի տակ են տոչորվում նրանով կախարդված քառասուն կտրիճները, որոնց քմահաճ գեղեցկուհին զառամյալ ծերունիներ է դարձնում, այնպես էլ Խանդութի պալատի ներքնահարկի խնջույքասրահում յոթ տարի տառապում են քառասուն հիասքանչ կտրիճ։ Եթե Խանդութը ժողովրդի գիտակցության մեջ ապրեր այն ժամանակ, երբ ստեղծվել է Դեղձունի կերպարը, ապա նա էլ, չնաշխարհիկ կնոջ հմայքին առընթեր, օժտված կլիներ նաև կախարդուհու ձիրքով։

Դեղձունին Խանդութը հարազատ է դառնում նաև նրանով, որ նա որոշ առնչություն ունի գրբացության հետ։ Խանդութը «գրքերից» իմանում է, ռր կռվի դաշտում Դավթի դեմ մարտնչողը նրա ազգականն է՝ պարոն Աստղիկը։

Դավթի մոտ գուսաններ ուղարկելիս Խանդութի մտքով չի անցնում, թե առաջին իսկ հանդիպումը իրեն մեկընդմիշտ սիրո գերի կդարձնի, ո՛չ պակաս քան Դավթին։ Բայց նույնիսկ, այն սերը, որն աղջկան ստիպեց վազել նժույգով հեռու սլացող վիրավորված սքանչելի պատանու հետևից, աղերսել, որ նա ետ դառնա, այն սերը, որ սովորեցրեց կաղիններ նետել արծաթյա սկուտեղի մեջ իր սիրեցյալի քունը վտանգի պահին վանելու համար, ստիպեց գիշերային խավարում, ռազմադաշտում ընկած դիակների մեջ որոնել իր սիրեցյալի դին, այն սերը, որ նրա հոտոտելիքը սրել էր Դավթի թաշկինակը հոտառությամբ ճանաչելու աստիճան, նույնիսկ այդ մեծ սերը ի վիճակի չէ խախտելու այն երդումը, որ տվել էր Խանդութը՝ ամուսնանալ միայն այն տղամարդու հետ, ով կկարողանա իրեն գետնել։

Խանդութը թշնամու արյամբ ողողված դաշտում կռվի է բռնվում իր սիրեցյալի հետ։ Աղջիկը նրան չի ճանաչում, բայց Դավիթը գիտե, թե ով է իր դեմ մարտնչողը։ Խանդութի այս գոտեմարտը առավել ցայտուն է դրսևորում նրա դյուցազնական ներքնաշխարհը։

Որքան իր ուժի և հակասական ամբողջության մեջ գեղեցիկ է Խանդութը, նույնքան գեղեցիկ է և նրա մահը։ Իր մահվամբ Խանդութը կյանք

[էջ XXI]

է տալիս երկու աղբյուրի, որոնք բխում են այն ժայռից, որի վրա փշրվում է իր «աննման Դավթի» դին, տեսնելով աշտարակից իրեն ցած նետած հավատարիմ կնոջ կուրծքը։

Համա Խանդութ էլած տանիք,—
Բարձր էր իրենց տանիք,
Քարերու վրա էր շինած,—
Ամեն կողմ կ’իրիշկեր, տեսներ՝
Դավիթ ո՜ղջ կըգա, թե՝ մեռած։
Խանդութ իրիշկեց, տեսավ, որ
Ջրինդ խաղալով կը գան էդոնք,
Դավիթ հեծեր է մեկ ուրիշ ձի,
Իսկի չի խլվլա իր տեղեն։
Էն հասկացավ, որ Դավիթ մեռած է.
Ասաց.
«Որ աժեց, էկավ,
Որ չ’աժեց, էկավ,
Իմ կանաչ կտրիճ Դավիթ չէկավ»։

Էն քոփակ Ցռան Վերգոն
Էնտեղ տանքի վերան կայնած էր.
Առաջ էկավ՝ վերցուց, ասաց.
—Դավիթ մեռավ առանց կռիվ.
Էն մեռավ, ես քեզի անուշ.
Կը պակսի քե կտրիճ Դավիթ,
Չի պակսի պարոն էրիկ։
Խանդութ դարձավ ասաց.
— Ըստուց էտև արև-լուսին ինձի հարամ ըլնի,
Էտև Դավթին ես աշխարք չեմ մնա։

Էս անգամ Խանդութ էլավ բերդի գլուխ
Ու էնտեղեն իրեն թալեց.
Գլուխն առավ վեր քարին, քար ծակեց, էղավ փոս։
Էն փոսի մեջ՝Սասունա կես շնիկ կորեկ
Կը լցնեն ու կը ծեծեն սանդի տեղ։
Էնոր ծծերի տեղ հիմի էլ էրկու աղբուր կը թալի։
Յոթ ճուղ ծամի տեղ էլ հիմի կ’էրևա,
Քանց յոթ սան կբ սեվկըտի։
Ու հիմի էլ սանդ էնտեղ է, բերդի առաջ։

Դավիթն ու Խանդութը թե՛ կյանքում, թե՛ շիրիմում՝ օձերի ու կարիճների բների տակ, որտեղից վշտով ու իմաստությամբ լի պատասխան են տալիս իրենց շիրիմին խորհրդի համար այցի եկած Մհերին, մեծ վարպետի կերտած փոխադարձ վսեմ սիրո հուշարձան են։

Շատ չէ նման սիրահարների թիվը, որ պահպանել է մարդկային հիշողությունն իր ստեղծած զեղարվեստական կերպարների մեջ։ Արևմուտքում Տրիստանի և Իզոլդայի, Պառլոյի և Ֆրանչեսկայի, Իրանում՝ Վիսի

[էջ XXII]

և Ռամինի, քրդերի մոտ՝ Մամեի և Զինեի մեջ մարմնավորված փոխադարձ հարատև սիրո գաղափարը հայկական էպոսում իր դրսևորումն է գտել հանձինս Դավթի և Խանդութի։

Խանդութ խաթունի կատարյալ հակադրությունն է հանդիսանում Ձենով Հովանի կինը՝ Սարիեն։

Նա չի հրապուրում, այլ վանում է իր անսանձ անառակությամբ, կեղծավորությամբ և կամակորությամբ։ Սարիեն հանդես է գալիս հելլենական Ֆեդրայի դերում, այն տարբերությամբ, որ Դավթին զրպարտելուց և տնից վտարելուց հետո էլ նա չի հրաժարվում տղայի հանդեպ տածած կրքից։ Էպոսում սա միակ կինն է, որն իր մարմնական սերը խառնում է համեղ ուտելիքի և գինու հետ, միակ կինը, ընդունակ որոշելու, թե որքա՜ն է թունդ այն գինին, որ մատուցվելու է նրան դուր գալու դժբախտությունն ունեցող պատանուն, գինի, որից Դավիթը պետք է թմրի և ոչ թե քնի։

Իսմիլ խանումն էլ թմրեցնում, հարբեցնում է Մհերին և յոթ տարի նրան պահում գինովության մեջ, սակայն Իսմիլին ոչ թե կիրք հագեցնող սիրեկան է պետք, այլ արիասիրտ կտրիճ, որը կամա թե ակամա, զգաստ թե հարբած վիճակում, նրան որդի պարգևի։ Տակավին չծնված, թեկուզ գահն ամրապնդելու համար անհրաժեշտ, որդու հանդեպ ունեցած սերը արդարացնում է Իսմիլ խանումի գործադրած խորամանկությունը, երբ նա համոզվում է, որ ո՛չ իր գեղեցկությունը, ո՛չ էլ ընտրյալ կտրիճին ուղարկած գոտին — ոչինչ չի կարող Մհերին նետել իր գիրկը։

Նա էլ Դեղձունի, Խանդութի նման ի՛նքն է իր համար ընտրություն կատարում,թե ո՛ւմ հանձնվի, թե ո՛վ պետք է նրան որդի պարգևի։

Ո՞վ իմանա, գուցե սա մի հուշ է այն հեռավոր անցյալից, երբ մայր– կինը, իր տոհմի տնօրենը լինելով, ինքն էր վճռում, թե ո՛վ է արժանի իրեն պտղավորելու համար։ Մայրիշխանության կարգերը մոռացության տված ժողովրդական գիտակցությունը իշխող կնոջ, իր համար ամուսին ընտրող կնոջ մասին եղած պատկերացումը պետք է իմաստավորեր նրան թագուհի դարձնելով։ Գուցե սրա մեջ է թաքնված այն պատճառը, որ թե՛ Սանասարը, թե՛ Մհերը, թե՛ Դավիթը, թե՛ Փոքր Մհերը ամուսնանում են թագուհիների հետ, որոնց արքունական պալատը իսկույն անհետ չքանում է, հենց որ այդ թագուհիներն ամուսնանում են։

Սակայն իր մյուս բոլոր հատկանիշներով Իսմիլ խանումը մի կին է, որը զերծ չէ և կենդանի մարդու թուլություններից, և՛ թագուհու փառասիրությունից, և՛ իր որդու նկատմամբ ունեցած ջերմ սիրուց ու հոգատարությունից, ինչպես նաև այն էակի հանդեպ ունեցած սիրուց ու հոգատարությունից, որը նրա կաթով սնվելով, դառնում է նրա որդին։ Հոգեորդու հետ ունեցած կապն ապրում է Իսմիլ խանումի սրտում, և, նույնիսկ Դավթի համար ծուղակ պատրաստելու նենգության ֆոնի վրա տրագիզ–

[էջ XXIII]

մով է լի այն տեսարանը, երբ կուրծքը մերկացնելով նա Դավթին աղերսում է հանուն այդ կրծքից ծծած կաթի առաջին հարվածը բաշխել և Թուր-Կայծակով չսպանել Մըսրա Մելիքին։

Հեծավ Դավիթ Քուռկիկ Ջալալին,
Գնաց հասավ չար Ծովասար,
Քաշեց իր Թուր Կեծակին,
Քըշեց իր Քուռկիկ Ջալալին,
Էկավ, որ տի զարկեր՝
Իսմիլ խաթուն իրեն ծծեր հանեց,
Դավթի առաջ վազեց, ասաց.
— Դավիթ, քաղցր ծիծ եմ տվե քեզի,
Դու իմ կաթի խաթեր էդ զարկ ինձի բախշի։
Դավիթ ասաց— Մարե, ինչի՞ դուն չուր հիմիկ,
Մելիքի զարկ կրգար մեջ իմ գլխուն,
Մեկ մ’էլ չասիր՝ Մելի՛ք, զարկ մի ինձի բախշի։
Դավիթ իր թուր իջեցուց, տարավ բերեց,
Բարձրացուց էդ թուր, համբուրեց,
Դրեց ճակատին, ասաց.— Մարե՛,
Էս մեկ զարկ քո՛ խաթեր։

Այս դրվագը մի այլ միջադեպ է հիշեցնում, երբ Դավթի մանկության տարիներին նույն Իսմիլ խանումը կուրծքը մերկացնելով նույնպիսի աղերսով թույլ չի տալիս, որ Մըսրա Մելիքը խեղդամահ անի Դավթին։

Էպոսում Իսմիլ խանումի կերպարն այնպես է կերտված, որ չնայած նրա բոլոր խորամանկություններին ու փառասիրությանը, արդարացվում է այն կաթը, որով նա սնել է «աննման Դավթին»։

Միակ կինը, որ կարծես խորթ է թվում և էպոսում տրված է աղոտ նկարագրությամբ, կարծես այլատարր է, այլ արյուն է հոսում նրա երակներում, դա Չմշկիկ–սուլթանն է։ Նա հանդես է գալիս միայն իբրև էպոսում առկա կանացի հինգ հրապուրիչ կերպարների հակադրություն և միայն այն նպատակով, որ իր փոքրիկ դստերը հաղորդած նենգությամբ կտրի Դավթի կյանքի թելը։

Չմշկիկ-սուլթանի դյուցազնական խառնվածքը, Դավթի հետ մենամարտելու ցանկությունը վիպերգության մեջ կյանքի են կոչված ոչ թե սիրածին փորձելու նպատակով, ստուգելու, թե արդյո՞ք տղան արժանի է աղջկան տիրանալու, ինչպես այդ անում են Խանդութ խաթունը և Գոհար խաթունը, այլ հետևանք են վիրավորված հպարտության, անսահման խանդի, սիրած երիտասարդին վերադարձնելու կամ նրա կյանքը խլելով, նրան մրցակցուհուց խլելու անզուսպ ցանկության։

Սա միակ կինն է ամբողջ էպոսում (եթե չհաշվենք խլաթցի պառավ ջադուի միջանկյալ, իր տրագիզմով հանդերձ անեկդոտային կերպարը), որն իր կյանքն ավարտում է ոչ թե սիրո հանգամանքներում և հանուն

[էջ XXIV]

սիրո, այլ ատելության հանգամանքներում, հանուն վրեժի, ընկնում է Քուռկիկ Ջալալու սմբակների տակ և ջախջախվում։

Որպես էպոսի չորրորդ ճյուղի հերոս հանդես է գալիս Դավթի որդին Փոքր Մհերը,

Գերեզման է իջնում կապտաչյա աղջկա ձեռքով սպանված Դավիթը, նույն գերեզմանն է իջնում Դավթի մահվան վշտին չդիմացած Խանդութը, և մեն-մենակ է մնում Մհերը, որ երկրից երկիր է դեգերում, ջանալով վերականգնել արդարությունը, հաղթում է թշնամու զորքին, լեռներից վիթխարի ժայռեր գլորելով քաղաքին սպառնացող գետի մեջ, հեղեղից փրկում մի ամբողջ քաղաք։ Սակայն նա շուտով ուժասպառ է լինում, այլևս չի կարողանում պայքարել անարդարության դեմ։ Այցի է գնում հոր և մոր շիրմին։ Աղերսում է հորը ուղի ցույց տալ իրեն, քանի որ այլևս ի վիճակի չէ ապրելու, իսկ հողը չի տանում նրա ծանրությունը։ Դավիթը խորհուրդ է տալիս մտնել ժայռի մեջ և սպասել մինչև հին աշխարհը կործանվի, ստեղծվի նորը, երբ ցորենի հատիկը մասուրի չափ կլինի, իսկ գարին՝ ընկույզի չափ։ Դա կլինի Մհերի ազատության օրը, և նա դուրս կգա քարանձավից։ Մհերը ճանապարհ է ընկնում հիշյալ ժայռը գտնելու։ Նրա երկրային կյանքի վերջին քայլերը կապված են հետևյալ միջադեպի հետ։ Ոստանա Կապանի իշխանը, ճանապարհին ցանց նետելով Մհերի և նրա նժույգի վրա, աշխատում է նրանց գերի վերցնել։ Այդ ցանցի մեջ թփրտալով և ջանալով դուրս գալ որոգայթից, Մհերը տեսնում է, որ իր ոտքերն արդեն խրվում են ոչ թե ձյան, այլ հողի մեջ։ Գետինը չի տանում նրաև ձիու ծանրությունը։

Ձիու ոտ չէր դադրի վեր հողին,
Որ զոտքեր կըթալեր՝ կէրթար մեջ հողին.
Հող առջև թուլացեր էր,
Չէր դադրի առջև Մհերին։
Մհեր ասաց, «Հայ-հո՜յ, զո՛ւր է,
Գետինն էլ հալևորցեր է,
Իմ ձիու ոտաց տակը չի դիմանա»։
Օր կեսօր էր, քանի քշեց,
Ձին թաղվավ չուր իրիկուն։

Մհերը մարտահրավեր է նետում աստծուն, նա ուզում է վերջ տալ անարդարությանը։ Նրա դեմ հրեշտակների շքախմբով կռվի են ելնում երկրային ուժերը։ Մհերն սպառնում է, սակայն անկարող է խոցել։ Այդ ժամանակ, որպեսզի իմանա՝ ի՞նքն է իրավացի, թե՝ աստված, նա ինքն իր հետ պայման է կապում, եթե թրի հարվածին ժայռը չդիմանա, ուրեմն ինքն է իրավացի, իսկ եթե դիմանա, ուրեմն՝ իրավացի չէ։ Ժայռը չի դիմանում թրի հարվածին, ճեղքվում է, և ոտքից գլուխ զինված Մհերը ձիով ներս է մտնում:

[էջ XXV]

Ըստ ավանդության և էպոսի, ամեն տարի, Համբարձման և Վարդավառի գիշերը, Վանա միջնաբերդից ոչ հեռու գտնվող Ագռավու Քարը բացվում է, Մհերը դուրս է գալիս քարանձավից, փորձում է հողի ուժը և համոզվելով, որ հողը չի կարող դիմանալ իր ծանրությանը, վերադառնում է ետ։

Ժայռը հազվադեպ է բացվում։ Մի անգամ ինչ-որ հովիվ տեսնում է, որ ժայռը բացվել է, բայց Մհերը դուրս չի գալիս։ Հովիվը հարց է տալիս, թե ե՞րբ պետք է դուրս գա։ Մհերը պատասխանում է, որ դուրս կգա այն ժամանակ, երբ ցորենի հատիկն ավելի խոշոր կլինի, քան մասուրը, և երբ գարին ավելի խոշոր կլինի, քան ընկույզը1։

Փոքր Մհերը հոր մահվան դաժան վրիժառուն է, բնութագրված մի քանի գծերով։ Սակայն նրա մոտ ցայտուն են ընդգծված սասունցի բոլոր հերոսներին հատուկ կողմերը։ Սա էլ իր պապի՝ Մհերի նման գետնի համար չափից դուրս ծանր է։ Երբ քայլում է, ոտքերը խրվում են հողի մեջ: Մեծ Մհերը այս իմաստով նման է Սվյատոգորին։ Փոքր Մհերի ոտքերն էլ հողի մեջ են թաղվում, բայց ոչ թե այն պատճառով, որ շատ է վիթխարի, ոչ թե այն պատճառով, որ շատ է ծանր, այլ այն պատճառով, որ հողը չի կարող և չի ուզում տանել նրա ծանրությունը, աշխարհը հոգնեցրել է դյուցազնին իր անարդարությամբ։

Այս ճյուղի հերոսուհին Գոհար խաթունն է։
Ինչ-որ նմանություն կա Արմաղանի՝ Մեծ Մհերի կնոջ և Գոհար խաթունի՝ Փոքր Մհերի կնոջ միջև։ Դա ամուսնուն հնազանդվելն է, որի համար երկուսն էլ զոհվում են՝ Արմաղանը՝ հանուն լույս աշխարհ եկող մի նոր կյանքի, իսկ Գոհարը պարզապես այն բանի, որ հայրենի Սասունը պաշտպանելու համար Մհերը նրան բոլորովին միայնակ է թողնում և բռնում պանդխտության ճանապարհը։ Գոհար խաթունին մահից չի փրկում Մհերի թողած մկունդը։

Ինչ-որ անսովոր նազանքով է լի Գոհար խաթունի կերպարը և՛ այն օրերին, երբ նա մրցում է Մհերի հետ, և՛ այն ժամանակ, երբ սրտաշարժ հոգատարությամբ պահպանում է Մհերի անդորրն ու առողջությունը, որն այնքան էլ ապահով չէր դյուցազնի համար նեղ վրանի տակ, և այն պահերին, երբ ճակատագիրը նրա շուրթերով նախազգուշացնում է Մհերին., «Արևից վախեցիր, Մհե՛ր»։

------------------------

1. Հետաքրքրական է, որ Հայաստանի շատ վայրերում ցույց են տալիս Դավթի և Մհերի հետքերը: Մոկս գավառում ինձ ցույց են տվել Բաթմանա կամուրջը, ուր Դավիթն ընդհարվում է Մըսրա Մելիքի երկու փահլևանների հետ։ Իսկ Վան քաղաքի մոտ, միջնաբերդից չորս կիլոմետր հեռավորության վրա տեսել եմ Մհերի հռչակավոր դուռը։ Դա իրոք դուռ հիշեցնող մի քանդակ է վիթխարի ժայռի վրա՝ սեպատառ մակագրությամբ։ Քարանձավի մուտքի առաջ ժայռի մեջ մի փոքր փոս կա. դա այն տեղն է, ուր դուռը բացվելուց առաջ անհամբերությունից սմբակով խփել է Քուռկիկ Ջալալին։

[էջ XXVI]

ԷՊՈՍԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋՈԻԿՆ ՈԻ ՁԵՎԱՎՈՐՈԻՄԸ

Աներկբա է արաբական զորքի դեմ Դավթի մղած ճակատամարտի, օտարերկրյա հրոսակները հայրենի երկրից դուրս շպրտելու մասին ստեղծված զրույցի պատմական աստառը։ Այդ զրույցը Բադդատելի է դեպքի ժամանակակից Թովմա Արծրունու (10-րդ դար) այն վկայության հետ, թե ինչպես խութեցիները իրենց անառիկ լեռներից իջնելով, ջարդեցին արաբական զորախումբը և դուրս շպրտեցին արաբներին։

Պատմական Հայաստանի գործիչների անուններին համընկնող մի շարք անունների առկայությունը էպոսի տարբեր վարիանտներում հետազոտողներից ոմանց հանգեցրել է այն մտքին, թե հնարավոր է էպոսի բովանդակությունը և առանձին մանրամասնությունները մեկնաբանել իբրև Հայաստանի քաղաքական պատմության գեղարվեստական, փոքր-ինչ գունազարդված շարադրանք։

Պատմական հավաստի, այսինքն՝ Հայաստանի գրավոր պատմության մեջ հայտնի անուններից մեկը, որը համընկնում է էպոսում նկարագրված իրադարձություններին, արաբական գերիշխանության դեմ հայերի մղած եզրափակիչ պայքարին, դա Գագիկ Արծրունու անունն է: 10-րդ դարում նա Վանա լճի հարավային ափին կառուցել է Ոստան քաղաքր, վերաշինել Աղթամար կղզու բերդերն ու ամրությունները և այնտեղ կերտել հայ ճարտարապետության ամենասքանչելի հուշարձաններից մեկը՝ շքեղ բարձրաքանդակներով զարդարված Ս. Խաչ եկեղեցին, որի ավարտման հազարամյակը լրացավ մոտ քսան տարի առաջ։

Եռանդուն փորձեր են արվել էպոսի գործող անձանց փոխարեն տեղադրել հայոց այլ թագավորների և իշխանների անունները, որոնք առկա են վիպերգության մեջ կամ հիշեցնում են այս կամ այն հերոսի անունը։ Սակայն մոռացության է տրվել այն հանգամանքը, որ յուրաքանչյուր նման փորձ կապված է անխուսափելի անախրոնիզմների հետ, քանի որ Գագիկ թագավորն ապրել է 10-րդ դարում, քաջարի իշխան Թեոդորոս Ռշտունին` 7-րդ դարում, փառապանծ զորավար իշխան Մամիկոնյանը հայտնի է 5—7-րդ դարերում (արաբական արշավանքից առաջ), իսկ Սանասարը (իր սխրագործությունները 9 — 10-րդ դարերում կատարած դյուցազն Դավթի պապը) էպոսում հանդես է գալիս իբրև 10-րդ դարում ապրած Գագիկ թագավորի թոռը, որին, երբ համեմատում ենք Ասորեստանի Սենեքերիմ թագավորի Սանասար որդու հետ, պարզվում է, որ նա ապրել է իր պապից տասնութ դար առաջ։

«Պատմական» մեկնաբանության այս բոլոր փորձերը անտեսում էին էպոսի բուն պատմական արժեքը, այն չէին դիտում որպես կուլտուրայի պատմության (ոչ քաղաքացիական, ոչ քաղաքական պատմության) փաստաթուղթ, ուր արտացոլված է հայոց նախահայրերի աշխարհայացքի

[էջ XXVII]

մշակման պրոցեսը հեռավոր, անհիշելի դարերում, երբ մարդը իր գոյության համար պայքարելով, առաջին անգամ սկսեց փորձեր անել ըմբռնելու իրեն շրջապատող բնությունը, պարզունակ ձևով հաստատել բնական երևույթների փոխառնչությունը: Հաշվի չէին առնում այն, թե էպոսում որքան ցայտուն է դրսևորված Հայաստանի բնակչության բազմադարյան պայքարը (այդ հազարամյակների րնթացքում ինչ անուն էլ կրած լինեն հայերը և նրանց նախնիները), պայքար, որ մղվել է կյանքի, ապրուստի հնարավորություն ապահովելու, կենսական տարրական պայմաններ ստեղծելու համար՝ հողից բերք ստանալու, թե վայրի կենդանիներ ընտելացնելու ճանապարհով։

Մոռացության էին տրվում նաև էպոսի արժեքավոր տվյալները Հայաստանի լեռնային շրջաններում գոյություն ունեցող կենսաձևի վերաբերյալ, շրջաններ, որոնք էպոսի ստեղծման ու ձևավորման դարաշրջանում դեռևս չէին մտել ֆեոդալական կյանքի հունը և պահպանում էին տոհմական կարգերի(կլանի) տարրերը։

Մոռացության էր տրվում նաև ֆեոդալների և ֆեոդալական արտոնությունների դեմ ժողովրդի մղած պայքարը, որն իր արտահայտությունն է գտել էպոսում, հենց թեկուզ այն սքանչելի տեսարանում, երբ Դավիթր քանդում է գազանանոցի պատերը, դրանով իսկ (իբրև թե կենդանիների և որսորդական արվեստի նկատմամբ ունեցած հարգանքից) ժխտելով որսի տեր համարվելու ամեն մի իրավունք և նույնիսկ հաշվի չառնելով հարազատ հոր, իր համար սրբազան, հիշատակը։ Չէ՞ որ դա արգելանոցի ոչնչացում էր, որի համար պայքարում էին (ոչ միայն Հայաստանում) աշխատավորական խավերը, որոնք չունեին ոչ հող, ոչ ջուր. ոչ էլ որսի հնարավորություն։ Դավթի և Ռոբին Հուդի մտքերի զուգադիպությունը պակաս ուշագրավ չէ, քան արդարև քաջարի և հայոց պատմության մեջ փառաբանված իշխան Թեոդորոս Ռշտունու անվան հիշատակումը արդեն ոչ թե առասպելական, այլ ֆանտաստիկ մի զրույցում։

Մոռացության էր տրվում նաև հին Հայաստանի իրական կյանքի մի շարք կողմերի արտացոլումը, ինչպես, օրինակ, էպոսում չափազանց ընդգծված կրոնական հանդուրժողականությունը։ Թեև «խաչապաշտ» (այդպես են անվանվում սովորաբար հեքիաթներում քրիստոնյաները) գեղեցկուհի Ծովինարին «կռապաշտ» խալիֆին կնության տալու անհրաժեշտությունը վրդովմունք է առաջացնում, սակայն ոչ ոք չի տարակուսում, թե աղջիկը կարող է տուժել հավատի հարցում, կարծես նախապես վստահ են, որ խալիֆը «խաչապաշտ» կնոջ հետ կընդունի նաև հայ հոգևորականին։ Եվ հիրավի, խալիֆին բնավ չի զայրացնում այն, որ իր պալատներից մեկում ապրելու է քրիստոնյա քահանան։ Էպոսում հետագայում էլ քրիստոնեությունը չի հակադրվում որևէ այլ դավանանքի։ Պայքարը մղվում է բռնակալների, զավթիչների, Սասնա թշնամիների դեմ,

[էջ XXVIII]

անկախ նրանց դավանանքից, քրիստոնեական եկեղեցին ոտնձգությունից պաշտպանելու ձգտումից։

Չէ՞ որ Մարութա Բարձրիկ Ասպարածին վանքի կործանումը դիտվում է իբրև բռնության ակտ և ոչ թե սրբության դեմ կատարված ոտնձգություն, որն արտացոլեր բռնակալների և հարձակման ենթարկված սասունցիների դավանանքի տարբերությունը։ Եկեղեցում կատարված ջարդից փրկված հոգևորականին Ղավիթը վերաբերվում է հեգնանքով, իմանալով, որ եթե նա իր մոտ է եկել, ապա կամ աղն է պակաս, կամ մաղը, կամ մոմ է ուզելու, կամ խունկ։

Դավիթ կանչեց սարկավագին, ասաց.
— Տեսնե՛մ, արի էստեղ, ի՞նչ կ’ասես,
Էն ի՞նչ է պակաս իմ վանքին.
Խունկն է պակաս, ձե՞թն է պակաս, ինչի՞ էկար.
Շուտ ա՛ռ, գընա՛, քո ժամուն հասի՛ր։

Հոգևորականների հանդեպ ցուցաբերվող վերաբերմունքի տեսակետից բնորոշ է այն դրվագը, երբ Արմաղանր հրաժարվում է Մըսըրից Սասուն վերադարձած իր ամուսնուն ընդունել, չուզենալով խախտել Մհերից քառասուն տարի բաժան ապրելու մասին իր արած ուխտը, իբրև պատիժ ամուսնու կատարած դավաճանության։

Ահա թե ինչ են ասում այդ կապակցությամբ հայտնվող եպիսկոպոսներն ու վարդապետները.

Օրհնած, օրենքն ի ձեռ վարդապետաց.
Քառսուն տարին բերենք, անենք քառսուն ամիս,
Քառսուն ամիսն բերենք, անենք քառսուն շաբաթ,
Քառսուն շաբաթ բերենք, անենք քառսուն օր,
Քառսուն օր բերենք, անենք քառսուն սհաթ։
Ծուռ տերտեր մ’էլ կար՝ ասաց.
— Քառսուն սհաթ բերենք, անենք մըկա։
Վարդապետ մ’էլ պահպանիչ մի ասաց.
Ասաց.— Աստված ձեզ թողություն շնորհե,
Էլեք, գացեք, էղեք էրիկ-կընիկ։

Ծանր երդման այս սրամիտ լուծումը, հատկապես «ծուռ տերտերի» ավելացրած խոսքերը իրենց հումորական հագեցվածությամբ մի կողմից կարծես արձագանքում են 5-րդ դարի պատմիչ Փավստոս Բյուզանդի մեջբերած զրույցին՝ Հովհան եպիսկոպոսի մասին, որն օգտագործելով իր հոգևոր աստիճանը՝ ավազակից խլում է նրա ձին, մյուս կողմից, հիշեցնում են հումորով լի միջնադարյան հայ առակները, որտեղ վառ կերպով ներկայացված է հոգևորականության ուխտադրժությունը, կաշառակերությունն ու նենգությունը։

Արդյոք կարելի՞ է ասել, թե ո՞ր թվականին է լույս աշխարհ եկել ժողովրդական էպոսը՝ տասնյակ սերունդների կոլեկտիվ ստեղծագործու–

[էջ XXIX]

թյան պտուղը, եթե նրա հիմնական առանցքը պատմական որոշակի իրադարձություն չէ, որի ժամանակաշրջանն ու վայրը նշված լինեին տեսնելու, շոշափելու, կարդալու կամ վերծանելու ենթակա որևէ հուշարձանով։ Ժողովրդական դյուցազնավեպի ճշգրիտ թվականը որոշելու փորձն արդյոք նույնքան անիրագործելի չէ՞, որքան այն, որ գետի հոսանքը, ջրի համն ու գույնն ուսումնասիրելով փորձես որոշել, թե ե՞րբ է ծնվել այն առաջին առվակը, որը հզոր գետի վերածվելով՝ իր ալիքներն է տանում դեպի մեծ ծովի աղի ջրերը։

Բացի երկրաբանից, որը գիտե զանազանել շերտավորված նստվածքները, հաշվել հնէաբանական արժեքավոր մնացորդներ պարունակող հարյուրավոր ու հազարավոր նուրբ, խստորեն չափավորված պարբերական շերտեր, նրանից բացի ով կհանդգնի լուծել այս խնդիրը։

Սակայն ի՞նչը կարող է ավելի դյուրին լինել, քան որոշել՝ ե՞րբ է գետն իր հունը փոխել, եթե ջուրը քանդել տարել է իր նոր ճանապարհին ընկած, պատմական կյանքով ապրող մի քաղաք, որի ավերակները արևոտ օրերին պարզ երևում են վերևում ծփացող հստակ ջրի հատակին։ Այստեղ երկրաբանն իր տեղը զիջում է պատմաբանին։ Պատմական գիտությունը, որը տիրապետում է մարդկային ձեռքերի սխրագործությունները հետազոտելու բազմազան եղանակներին, կարող է մեծագույն ճշգրտությամբ որոշել, թե՛ այդ քաղաքի գոյության ժամանակը, թե՛ այն թվականը, որով նշված են նրա վերջին օրերը, վրա հասած աղետից առաջ։

Նույն դժվարություններն է հարուցում նաև ժողովրդական էպոսը, այն էլ մի այնպիսի էպոս, որն ընդգրկում է մի քանի սերնդի պատկանող հերոսների կյանքը, առասպելական գործերն ու սխրանքը։ Այդ հերոսներն իրենց վրա և իրենց մեջ կրում են հարյուրավոր շերտավորումներ, որոնք գոյացել են մարդկային հասարակության աճին ու զարգացմանը համընթաց, երբ մարդն սկսում էր պատկերացում կազմել բնության, նրա ուժերի և այդ բնության մեջ տեղի ունեցող պայքարի մասին։

Էպոսի առասպելական մասերի թերագնահատումը, գրեթե արհամարհական վերաբերմունքը «հեքիաթային» տարրերի նկատմամբ (դրանք իբր թե եղծում են հայ հերոսների փառահեղ սխրագործությունների պատմությունը) հետազոտողներից ոմանց բերին այն եզրակացության, թե մենք էպոսի ծագումը պետք է վերագրենք մեզանից մեկ հազարամյակ առաջ ընկած ժամանակաշրջանին։

Իրականում գործը բոլորովին այլ բնույթ ունի։ Հնարավորություն կա հաստատելու, որ էպոսում ընդգրկված հիմնական դրվագները իրենց ձևավորումն ստացել են մոտ մեկ հազարամյակ առաջ, առասպելական հերոսների սխրագործությունները հարմարեցվել են արաբ նվաճողների դեմ հայ ժողովրդի մղած համառ պայքարի իրադրությանը։

[էջ XXX]

«Սասունցի Դավթի» ձևավորման ժամանակաշրջանը բնորոշելու համար մեծ նշանակություն ունի այն հանգամանքը, որ էպոսի բաժիններից մեկում մենք գտնում ենք 7-րդ դարում Հայաստանի դեմ կատարված արաբական արշավանքի արտացոլումը, արաբ հարկահանների առկայությունը։

Էպոսի ստեղծումն ու ձևավորումը պետք է վերագրել այն ժամանակաշրջանին, երբ Հայաստանում հաստատվեց (ոչ անմիջապես) արաբական տիրապետությունը։

Այս կապակցությամբ չափազանց մեծ արժեք է ներկայացնում աննշան թվացող մի մանրամասնություն։ Այնտեղ, ուր խոսվում է խալիֆի մասին, նա շարունակ «կռապաշտ» է հորջորջվում։ Այդ հորջորջումը երկար ժամանակ պահպանվում էր Թուրքիայում ապրող հայերի շրջանում։ Սա անշուշտ ոչ թե մահմեդականների «միաստվածությունը» ժխտելու ցանկությունից էր բխում, այլ մահմեդականների շրջապատում տեղի ունեցող խոսք ու զրույցի մեջ «մուսուլման», «մահմեդական», «իսլամ» բառերից խուսափելու անհրաժեշտությունից։

Սակայն էպոսում տրվում է «կռապաշտ» բառի հետագա մեկնաբանությունը, երբ այն գործ է ածվում խալիֆի հասցեին, «կռապաշտ» բառից կարծես հառնում է մի ամբողջ միջադեպ, մի ամբողջ պատմություն այն մասին, թե ինչպես խալիֆն աղոթում է իր կուռքերին, թե ինչպես խալիֆի մեհյանում դրված կուռքերից «Կրտսեր կուռքը» խալիֆին չի օգնում, և օգնության է հասնում «Երեց կուռքը», թե ինչպես կուռքերը խալիֆից մարդկային զոհաբերություն են պահանջում, թե ինչպես կարող է պահպանվել կամ չպահպանվել մարդկային զոհաբերության ծեսը։ Մինչդեռ բոլոր բանասացները, առանց բացառության, տասնյակ տարիներ հարևանություն են արել մահմեդականների` թուրքերի կամ քրդերի հետ և հիանալի գիտեն, որ իսլամի մեջ ոչ մի կուռք էլ չկա։

Մովսես Խորենացու և Թովմա Արծրունու երկասիրություններում հիշատակված հայկական հինավուրց ավանդության համաձայն, Սանասարի (ո՛չ էպոսի հերոսի) հայրը ասորական Սենեքերիմ թագավորն է, որին, ըստ Աստվածաշնչի և ասորական աղբյուրների, սպանել է իր որդին։ Այսպիսով, սույն մանրամասնության մեջ (բնավ ո՛չ պատահական) պահպանվել է էպոսի զարգացման նախնական էտապի արձագանքը, մի էտապ, որը նախորդում է հայերի ծանոթացմանը իսլամին, նախորդում է արաբական նվաճմանը և կապ ունի առավել հին շրջանի պատմական փաստերի հետ։ Նշանակալից է այն, որ վարիանտներից մի քանիսում խալիֆի փոխարեն հանդես է գալիս Սենեքերիմ թագավորը։

Մյուս կողմից, երկրորդական թվացող մի մանրամասնություն ևս վկայում է, որ «Սասունցի Դավթի» մեջ արտացոլված են էպոսի ձևավորման ընդունված ժամանակաշրջանից ավելի ուշ կատարված պատմական

[էջ XXXI]

մոմենտներ։ Այն զորքերը, որոնց հետ Դավիթը կռվի է բռնվում Խանդութ խաթունի մոտ գնալիս, ուղարկված էին օտարազգի բռնակալ Պապ-Ֆրենկի կողմից, որի անվան մեջ դժվար չէ կռահել «ֆրանկների պապին» — Հռոմի պապին։ Հայերը ֆրանկների և պապի մասին գիտեն միայն խաչակրաց արշավանքների շրջանից։ Սակայն Հռոմի պապի «պատմությունը» և «ֆրանկությունը» էպոսում ոչ մի այլ կերպ չի արտացոլված, բացի նրա անվան հիշատակումից (հայերը ֆրանկ են անվանում առհասարակ բոլոր եվրոպացիներին, խաչակրաց արշավանքների մասնակիցներին, իսկ ժամանակակից խոսակցության մեջ՝ կաթոլիկներին, անկախ նրանց ազգությունից)։

Չափազանց հետաքրքրական է այն հանգամանքը, որ էպոսում հիշատակված պատմական գլխավոր անուններից ոչ մեկը չի վերաբերում 10-րդ դարի առաջին կեսից ուշ ընկած ժամանակաշրջանին։ Եթե շարունակեին էպոսի մեջ թափանցել հետագա շրջանի պատմական խոշոր անձանց հետ առնչվող փաստերը, ապա այդ անուններն իրենց արտացոլումը կգտնեին պոեմի այս կամ այն բաժնում։ Ժողովրդական էպոսի առանձնահատկությունը, եթե այն որևէ չափով շոշափում է պատմական իրադարձությունները, այն է, որ այնտեղ նույնիսկ երկրորդական գործող անձինք ունեն իրենց անունները, քանի որ վիպերգության մեջ ոչ մի հերոս առանց անվան չի կարող գործել։

Էպոսի ձևավորման ժամանակաշրջանը որոշելու փորձեր կատարելիս պետք է հաշվի առնել նաև էպոսի առանձին մասերը, հատկապես Դավթին վերաբերող մասերը՝ փոքրասիական հույների և արաբ նվաճողների պայքարն ու սահմանագծային ընդհարումներն արտացոլող բյուգանդական «Ասք Դիգենիս Ակրիտասի մասին» էպիկական պոեմի հետ զուգադրելու հնարավորությունը: Այդ պոեմի մի շարք մոմենտներ, որոնք ռուս գրականության մեջ մուտք են գործել ոչ ուշ քան 12-րդ դարը, «Սասունցի Դավթին» վերաբերող ասքի մերձավոր զուգահեռներ են։

Հետազոտոդները հայկական հին տարեգրություններում և հայ հին հեղինակների մոտ համառորեն տեղեկություններ էին որոնում հայկական մեծ էպոսի մասին, սակայն ապարդյուն։

Ինչպես Փոքր Մհերի համար տեղ չկար հին աշխարհում, այնպես էլ գրքերում տեղ չկար հայ ժողովրդի հույսերն ու ձգտումները հիշատակելու համար, ժողովուրդ, որ հող էր հերկում, իր անասուններն արածացնում, հանապազօրյա ծանր աշխատանքով վեր խոյացնում վիթխարի տաճարների և հզոր ամրոցների պատերը։

Չէ՞ որ այդ գրքերը տասնևհինգ դար շարունակ գրել են այն դասակարգի մարդիկ, որոնք օգտագործելով նյութական ու հոգևոր բարիքներ ստեղծողների աշխատանքը, փակվում էին ամրոցներում, ոչ այնքան հայրենիքի պաշտպանության, որքան այդ ամրոցները կերտողների վրա

[էջ XXXII]

իրենց իշխանությունն ամրապնդելու համար։ Ո՞ւմ հայտնի չէ, որ ամրոցներ էին կառուցվում ո՛չ միայն այնտեղ, ուր կարող էին ներխուժել օտարազգի զորքերը, այլև այնտեղ, ուր բխում էր Հայաստանի կենարար ուժը՝ ջուրը։ Ո՞ւմ հայտնի չէ, որ այդ ամրոցներում բազմում էին հող ու ջրի տերերը՝ ինչպես Սանասարի սպանած վիշապը կամ Մեծ Մհերի ձեռքով դիտապաստ ընկած դևը։ Բազմում էին հողի ու ջրի տերերը։

Հին պատմիչների մոտ հիշատակություն չկա էպոսի, հատկապես նրա առավել իրական, սակավ ֆանտաստիկ բնույթ կրող մասերի վերաբերյալ, որտեղ գլխավոր հերոսների դերում հանգես են գալիս ներքնախավի ընդերքից ելած մարդիկ, որոնք սովոր են հովվական մահակ կամ գութանի մաճ բռնելու, սակայն չեն զանազանում հին, ժանգոտած զենքը իսկական կռվի համար պիտանի զենքից, մարդիկ, որոնք պատրաստ են մարտի նետվելու զինված նույնիսկ խաչերկաթով։

Սակայն էպոսի այն մասերի վերաբերյալ, որոնք զուտ առասպելական բնույթ են կրում, հին հեղինակների մոտ կան որոշ ակնարկներ։ Դրանց թվում պետք է հիշատակել Մովսես Խորենացու անունը, որը խնամքով պահպանել է Հայաստանի հնագույն կոսմիկական էպոսի բազմաթիվ հատվածներ և սիրով հաղորդում է այն զրույցները, որոնք արտացոլում են հայոց թագավորների ու իշխանների փառահեղ գործերը, ասորական մեծ թագավորների հետ նրանց ունեցած ազգակցական կապերը, սակայն չի հիշատակում նրանց, ում այնքան սիրում և օգնում էր Դավիթը:
Հին հեղինակների ուշադրությունը չեն գրավել ո՛չ հովիվները, որոնց տոնական հյուրասիրության մասին հոգալով՝ Դավիթը հարուստներից ու քահանաներից խլում է նրանց համեղ ուտելիքը, ո՛չ էլ հողի մշակները, որոնց իր հզոր ձեռքերի և իր ամեհի նժույգի զորությամբ օգնության է հասնում Դավիթը` մի ժամում գլուխ բերելով նրանց կատարելիք բազմօրյա աշխատանքը։

Սանասարի մասին Մովսես Խորենացու և Թովմա Արծրունու ասած խոսքերը վերաբերում են ոչ թե էպոսի հերոսներին, այլ կիսառասպելական հին իշխաններին՝ Արարատյան դաշտ տեղափոխված ասորական արքունի տան շառավիղներին։ Նրանց մասին արված հիշատակությունները արտացոլումն են ասորական թագավորների այն բուն պատմական արշավանքների, որոնք ուղղված էին մի երկրի դեմ, որը երկու-երեք դար հետո կոչվեց Հայաստան, իսկ այդ արշավանքների ժամանակ կրում էր Ուրարտու անունը։

«Սասունցի Դավիթ» էպոսին ամենամակերեսային ձևով անգամ ծանոթանալիս պարզ է դառնում, որ կենտրոնական տեղը գրավում են ոչ թե սկզբում նկարագրված հնագույն հերոսները, ոչ թե այն հերոսը, որով վիպերգությունը եզրափակվում է,այլ ըստ ժամանակագրության

[էջ XXXIII]

միջանկյալ, երրորդ սերնդին պատկանող հերոսը։ «Սասունցի Դավթի» մեջ վիպերգված է ընդամենը չորս սերունդ։ Մինչդեռ էպոսի հիմնական դեմքը Դավիթն է, որի սխրագործություններն արտացոլող զրույցը տիրապետող է վեպի բոլոր վարիանտներում, և որն օժտված է թե՛ իր նախնիներին՝պապին ու հորը, թե իր որդուն հատուկ բնավորության գծերով։

Երբ խոսվում է ժողովրդական էպոսի մասին, բնականորեն պետք է որոնել այն միջուկը, որի շուրջը հյուսված է տվյալ էպոսը, և այն ձևն ու նշանակությունը, որ նա ստացել է իր զարգացման ընթացքում։

Բերենք մի օրինակ բոլորովին այլ միջավայրից։ Վերցնենք Տրիստանի և Իզոլդայի սիրավեպը։ Կարելի է վիճարկել (անձնապես ինձ համար դա արդեն միանգամայն պարզ հարց է), թե ի՞նչն է տվյալ վեպում ավելի էականը` առասպելական կո՞ղմը, վեպը որպես կելտերի կոսմիկական պատկերացումների, գաղղիական ասքերի, Բրիտանական կղզիներում, Ւռլանդիայում և անգլո–սաքսոնական ապագա երկրում տիրապետող ասքերի արտացոլումը դիտելու հնարավորությո՞ւնը, թե՞ այն, որով վեպը մեզ հասած իր ձևով բնորոշվում է որպես 12-րդ դարի ասպետական վեպ։ Աներկբա է, որ այդ վեպն ստեղծվել է այն ձևով, ինչպես մենք գիտենք, համենայն դեպս ո՛չ կոսմիկական կերպարների շուրջը, այլ սքանչելի ասպետի և հիասքանչ ասպետական կնոջ, տվյալ դարաշրջանի համար միանգամայն իրական կերպարների՝ Տրիստանի և Իզոլդայի շուրջը, որոնք և կրում են իրենց վրա վեպը հորինող բանասացներին ու բանաստեղծներին հնագույն դարերից հասած անթիվ, անհամար մտապատկերների շերտավորումները։

Նույնանման երևույթ է տեղի ունեցել նաև Սասունցի Դավթի հետ։ Կասկածից դուրս է, որ մեզ հասած էպոսի բաղադրիչ միջուկը Դավթի մասին հյուսված ասքն է։ Հիշեցեք, թե խեցու մեջ ինչպես է մարգարիտ գոյանում։ Քանի դեռ խեցու մեջ աննշան ավազահատիկի ձևով կողմնակի մարմին չի ներթափանցել, քանի դեռ այս առիթով կենդանին չի հիվանդացել, և նրա վրա չի գոյացել չնչին, աչքի համար անտեսանելի կրաշերտ, ոչ մի մարգարտի մասին խոսք լինել չի կարող։ Այնուհետև այդ ելուստի շուրջը շերտավորվում են աղերի ազդեցության տակ գոյացած նստվածքները, և ի վերջո ստացվում է սքանչելի մարգարիտ, որը հետագայում կարող ենք դիտել ու հիանալ։
Նույնն է տեղի ունենում ժողովրդական յուրաքանչյուր ավանդության հետ. նրա հիմքում թերևս աննշան մի կորիզ է ընկած, սակայն այդ կորիզն իր վրա նորանոր շերտեր է ընդունում և հաճախ վերածվում մարգարտի, որը տասնյակ և հարյուրավոր սերունդների ստեղծագործության արգասիքն է։ Այսպես է ստեղծվել նաև «Սասունցի Դավիթ» էպոսը։

Սասունցի Դավթի՝ հայ ժողովրդի սիրած հերոսի մասին հյուսված ասքի հիմքում թերևս ընկած է աննշան մի փաստ, որի շուրջը և գոյացել

[էջ XXXIV]

են հերոսի չտեսնված սխրագործությունները փառաբանող մի շարք զրույցներ։

Եթե էպոսը բաժանենք բաղադրիչ մասերի, ապա կտեսնենք, որ ամենապատմական մասը արաբներին Հայաստանից արտաքսելու դրվագն է։ Երկրային ամենաիրական գծերով բնորոշվում է հատկապես այս բաժինը, այստեղ էլ միաժամանակ կարելի է նկատել մի շարք հանգամանքներ, որոնք հնարավորություն են տալիս էպոսի հիմնական կորիզի ստեղծումը վերագրելու նկարագրվող իրադարձություններից ավելի ուշ շրջանի։ Իրադարձությունների ստեղծման միջև պետք է, որ ընկած լինի համեմատաբար ավելի քիչ ժամանակամիջոց։ Սրա օգտին է խոսում և այն շրջանի ճշգրիտ անվանումը, որտեղից զորքերն են եկել, և այն, որ հազարամյակի ընթացքում գոյացած անթիվ, անհամար անախրոնիզմների առկայությամբ, իսկ հիմնական կորիզում չկան իրականությանը բացահայտորեն հակասող անախրոնիզմներ։ Ամեն ինչ մեզ տանում է դեպի 10-րդ դարը և ո՛չ ավելի ուշ ընկած շրջան։

Էպոսի առանցքը, անկասկած, կազմել է սասունցիների արաբ նվաճողների դեմ դուրս գալու և նրանց ջախջախելու իրադարձությունը։ Այլ հարց է, որ Թովմա Արծրունու հիշատակած Սասնա ապստամբությունը փոքր տեղամաս է ընդգրկում, որ այդ ապստամբությանը միայն երկու հարյուր հոգի են մասնակցել, որ երկրից արտաքսվել է ոչ թե արաբական խալիֆը, այլ շարքային մի հարկահան։ Ժողովրդի հիշողության մեջ պատմական կոնկրետ փաստին ավելացել են զանազան հարակից զրույցներ, և դրանց մեջ գերմարդկային հատկություններ են վերագրվել շարքային, սովորական մի մարդու, որը սակայն հերոս է, իր կյանքն է նվիրաբերել հայրենիքին, համախմբել իրոք թույլ, իրոք անօգնական, վատ զինված լեռնցիների ուժերը, նրանց հանել այն ժամանակվա իմաստով հիանալի զինված արաբական զորախմբերի դեմ։ Նույն հերոսին են վերագրել այն բոլոր հատկանիշները, բնավորության այն բոլոր գծերը, որ այդ ժամանակ ունեցել է երգեր հյուսող, եղելություններ վիպող ամբողջ ժողովուրդը: Ժողովրդին հատուկ այս գծերի հանրագումարից էլ հենց ստեղծվում է հերոսի կերպարը, հերոս, որ գերազանցում է արդեն մարդկային չափանիշները, դառնում է հսկա, ընդունակ յուրացնելու մարդկային առօրյա կյանքի սահմաններից բացահայտորեն դուրս եկող հատկանիշներ։

Ճիշտ նույն եղանակով են գոյացել նաև այն զրույցները, որ մեզ են հասել Արևմտյան Եվրոպայի առանձին ժողովուրդների էպոսից և այլ կարգի ստեղծագործություններից։ Հիրավի, հավաստի փաստ չի կարող համարվել այն, որ մի ասպետ, ինչքան էլ նա խիզախ լինի, կամրջին կանգնած կարողանա դիմագրավել մի ամբողջ բանակի, և ինքը մնա անխոցելի։ Ոչ ոք չի տարակուսում, որ Ռոնսևալի դեմ փայլուն հաղթանակտարած Ռոլանդի պատմությունը արտացոլում է ոչ թե Ռոլանդի

[էջ XXXV]

անձնավորությունը, այլ այն ամբողջ դասակարգը, որի ներկայացուցիչն էր նա։

Իսպանացի հերոս Սիդի պատմությունն անշուշտ պարունակում է տասնյակ գծեր, որ ոչ մի կերպ չի կարելի վերագրել առանձին մարդու։ Նա այնպիսի ահավոր ուժով է օժտված, որը հատուկ չէ մի մարդու։

Նման պատմությունների գոյացման ընթացքը միանգամայն նույնն է և խոր անցյալում, և՛մերձավոր ժամանակներում։

Հյուսելով իր զրույցը Յուսուֆի զորաբանակը կոտորող խութեցի պատանու վերաբերյալ, հայ ժողովուրդը պետք է որ մտածեր իր այդ հերոսի համար արժանավոր հարազատներ գտնելու մասին, քանի որ ժողովրդի պատկերացմամբ անտոհմ մարդը չի կարող հերոս լինել, մինչդեռ հերոսը, այն էլ բազմաթիվ դարեր ապրած հերոսը, ժողովրդի պատկերացմամբ պետք է ունենա և՛ հայր, և՛ պապ, պետք է քաջ հայտնի լինի իր ծագմամբ։ Այստեղ կատարվում է նույն հետաքրքիր երևույթը, ինչ տեղի է ունենում մյուս ժողովուրդների տասնյակ հերոսների հետ։ Զուտ երկրային ծագում ունեցող, հոգեկան բարձր հատկանիշներով օժտված և սխրագործությունների ընդունակ մարդուն վերագրվում են դյուցազնական առասպելական կերպարներին հատուկ գծեր։ Ազգակցական կապ է հաստատվում տվյալ ժողովրդի մեջ ապրող առասպելական հնագույն կերպարների և այն հերոսի միջև, որը եղել է բանասացների պապերի ժամանակակիցը։

Դավիթը պետք է նախնիներ ունենար, և նրա համար ժողովուրդը հայր է ընտրում կիսաստված մի հսկայի։ Մհերը այնքանով է մարդկային, որ երկնքից երկիր է իջել։ Ավելին, պատմվում է նաև Մհերի հոր մասին, որր սաղմնավորվել է դեռևս այն ժամանակաշրջանում, երբ աղջիկը կարող էր հղիանալ ջրից։ Այսպիսով, Սանասարը ծնվում է այն կույս աղջկանից, որի անունը զրույցներից մի քանիսում ակնբախ կերպով առնչվում է Առաջավոր Ասիայի աստվածուհիների հետ և, մյուս կողմից, ժողովրդական զրույցներում տարածված ձևով նշանակում է «ծովածին»։ Ծովինարը Սանասարին ծնում է ժայռի միջից հանկարծ բխած աղբյուրի մի կում ջրից։ Սանասարի և Քաջանց թագավորի հիասքանչ աղջկա – կիսահողածին կախարդների արքայի դստեր ամուսնությունից ծնվում է Մհերը, և այսպիսով, հաստատվում է Դավթի վերընթաց ծննդաբանությունը։

Սակայն էպոսի կառուցվածքի պատճառով, այն պատճառով, որ Դավթի կերպարը մարմնավորում է հայ ժողովրդի բոլոր իդեալները, այս պատճառով, որ այդ հերոսը պետք է մնա, ապրի, քանզի այլապես նրա հետ կմեռնի ամբողջ ժողովուրդը, հարուցվում է Դավթի որդու հարցը։ Եվ ժողովուրդը նրան որդի է տալիս։ Բայց քանի որ էպոսի գոյացման ժամանակ երբեք չեն ստեղծվում առանձին նշանակալից մանրամասնու-

[էջ XXXVI]

թյուններ, իբրև որևէ բանասացի նորաստեղծություն, ուստի և, ըստ անհրաժեշտության, Դավթի որդու կերպարը միայն պապի բնավորության գծերի կրկնությունն է։

Կարող է հարց ծագել, ինչո՞ւ միանգամայն հողածին Դավթի որդին պետք է ծնվեր իբրև հսկա, որն ավելի է կապված բնության ուժերի, տիեզերական ուժերի հետ, քան Դավիթը։ Ուղղակի այն պատճառով, որ այդ որդուն վիճակված էր ինչ-որ միանգամայն հեքիաթային վախճանի հասցնել ժողովրդի իդեալները։ Եվ ահա այս պատճառով Մհերը պետք է մնար անմահ, կամ էլ էպոսը պետք է նրա համար ստեղծեր անհամար հետնորդներ, որոնք աստիճանաբար մանրանալով հասնեին այն օրերի մարդու կերպարին, երբ ստեղծվել են «Սասունցի Դավթի» վարիանտները։ Սակայն ոչ մի բանասաց խնդրին այդպիսի լուծում չի տվել։ Հերոսական էպոսը միշտ էլ խզվում է, եզրափակվում զորավոր կերպարով։ Դյուցազունները կամ առանց որևէ հետք թողնելու զոհվում են, կամ դառնում քար, պարփակվում այդ քարի խորքում, սակայն երբեք չեն թողնում բազմաթիվ և բազմադարյան կյանքի ընդունակ ժառանգներ։

«Սասունցի Դավիթ» էպոսում հին հայերի կոսմիկական հնագույն պատկերացումները, հնադարյան առասպելները, որոնք ստեղծվել են Հայաստանի նախապատմական կյանքի հազարամյակների ընթացքում, և ականատեսների ու նրանց հետնորդների հիշողության մեջ դրոշմված պատմական իրադարձությունները միաձուլվել, մի միասնական ամբողջություն են կազմել, երանգավորված պատմականության արտաքին երևույթով։

Այս իրադարձությունները իրենց լայնությամբ ու զորությամբ, ժողովրդի դրսևորած կոլեկտիվ հերոսության ուժով հարմար հիմք են ծառայել, որի վրա էլ հնագույն առասպելները կուտակվել են, ընդունել հստակ և կուռ ձևեր: Դրանք վեր են ածվել հերոսներին փառաբանող կապակցված պատմությունների, հերոսներ, որոնք այդ դյոլցազնաշրջանի չորս սերնդի գոյաշրջանում ընթացել են իրենց տիտանական ուժի կրճատման, իրենց գերմարդկային չափերի նվազման ուղիով, աշխարհի վերևում ծավալվող արեգնափայլ անսահմանությունից և գեղածիծաղ ծովի անչափելի խորությունից իրենց անմիջական կապը խզելու ճանապարհով։

Հերոսները կորցնում են իրենց երկնա-ծովային հրեղեն ձիով ծովի անդունդից դեպի կիզիչ արևի սկավառակը սլանալու ունակությունը, որպեսզի հիմնավոր բնակություն հաստատեն երկրի վրա, անգիտակցորեն կապ են պահպանում միայն մի տարերքի, հույժ կենարար տարերքի` ջրի հետ։

[էջ XXXVII]

էՊՈՍԻ ԺՈՂՈՎՐԴԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ

Հետազոտողներից ոմանք, նշմարելով էպոսի մեջ մտնող մի շարք զրույցների պատմական աստառը, ջանում էին այն բացահայտել, և այդ աշխատանքի ընթացքում ստեղծվեց էպոսի ծագման ֆեոդալական այն կոնցեպցիան, որն անհուսալիորեն փակուղու առաջ է կանգնում, հենց որ հաշվի է առնվում հերոսների աշխարհայացքը, նրանց խորշանքն ընչաքաղցության, իշխելու ծարավի նկատմամբ, բազմիցս դրսևորված անմիջական թշնամանքը թագավորների, կառավարողների, ազնվատոհմների հանդեպ։ Այս փակուղին ֆեոդալական կոնցեպցիայի համար դառնում է անելանելի, քանի որ ժողովրդի ընդերքից ելած հերոսը գահ չի բարձրանում, ոչ էլ իշխանական դղյակի տիրակալ է դառնում, քանի Դավիթը ձգտում է վանել ոչ միայն զավթիչներին՝ թագավորներին, այլև ազնվատոհմներին, որոնց փոխարեն նա նշանակում է «հասարակ մարդկանց», քանի որ Մհերը դուրս է գալիս ո՛չ թե օտարերկրացիների, այլ Հայաստանում իշխող արյունակից բռնակալների դեմ՝ այն հաստատ հավատով, որ եթե նույնիսկ ընկնեն սասունցիները, միևնույն է՝ «նրանց գերեզմաններին էլ չեն կարողանա մոտենալ թագավորները»։

Չնայած այս բոլոր և բազմաթիվ այլ հանգամանքների, որոնք կարծես անհնարին են դարձնում էպոսը ֆեոդալական Հայաստանում գերիշխող խավերի ստեղծագործություն համարելը, համենայն դեպս էպոսի ծագման ֆեոդալական կոնցեպցիան ստեղծվեց։ Դրա պատճառը հետևյալն է։ Հաշվի չառնվեց այն, որ էպոսում արտացոլված աշխարհայացքի, դեռևս ֆեոդալական հասարակության աստիճանին չհասած հասարակության աշխարհայացքի, զգալի մասը զարգացման նախորդ փուլերի մնացուկներն ու արձագանքներն են, լինեն դրանք կոսմիկական առասպելներ, մետեորային երկաթի օգտագործման ասք, մայրիշխանությունն արտացոլող հերոսուհիների կերպարներ (Դեղձուն, Խանդութ խաթուն, Գոհար խաթուն), Քեռի Թորոսի ու նրա որդիների՝ նահապետական կարգերն ու տոհմական ընտանիքն արտացոլող նկարագրություն կամ տոտեմների մնացուկները պահպանած տոհմային կենսաձևի գծեր, որոնք արտացոլված են Սասնա կյանքի ընդհանուր նկարագրության մեջ և որոնք իրենց զուգահեռն են գտնում Թովմա Արծրունու տված Սասնա և Խութի նկարագրության մեջ։

Ֆեոդալական կոնցեպցիայի հիմքում, անկասկած, ընկած է ոչ միայն էպոսում հանդիպող հատուկ անունները բաղդատելու և անվերծանելի անախրոնիզմներն ու անատոպիզմները հաղթահարելու ճանապարհով էպոսը Հայաստանի գրավոր պատմության շրջանակների մեջ խցկելու ցանկությունը, այլև արմատապես սնանկ, սակայն ֆեոդալական աշխարհայացքով սնուցված կանխավարկումը(պրեզումցիա), որով ֆեո–

[էջ XXXVIII]

դալական վերնախավի շրջանակներում խստորեն սահմանափակվում է արիության ու հերոսության, սխրագործություններ կատարելու հնարավորությունը։

Հիրավի, հին դպրոցն անցած մարդկանց մեծամասնության մեջ (ինչ իմաստով էլ վերցնենք «դպրոց» բաոը, լինի դա տարրական, միջնակարգ թե բարձրագույն) տասնյակ տարիներ շարունակ մի՞թե չի արմատավորվել այն գիտակցությունը, թե սխրագործություններ կատարողները եղել են ազնվական դասին պատկանող ասպետներ, որոնք կատարելապես տիրապետել են սուր և նիզակ գործածելու արվեստին և իրենց ձեռքերը երբեք չեն «պղծել» աշխատանքով, երբեք ձեռք չեն տվել աշխատանքի գործիքներին։ Մի՞թե տասնյակ և հարյուրավոր տարիների ընթացքում չի մշակվել այն պատկերացումը, թե հոգու վեհությունը, առատաձեռնությունը, արիությունը, տառապյալին օգնելու պատրաստակամությունը, ուրիշներին բաժին ընկած չարքաշությունն իր վրա վերցնելու, հայրենիքը սրով պաշտպանելու պատրաստակամությունը կոչվում է «ասպետություն» («ասպետ», «հեծյալ» բառից, սակայն այդ հեծյալը, ի տարբերություն մյուս մահկանացուների, պետք է իր ծագմամբ իրավունք ունենար ձի նստելու)։ Մի՞թե տասնյակ և հարյուրավոր տարիներ շարունակ չի մշակվել այն հասկացողությունը, թե հոգու բարձր հատկանիշները պետք է որոշվեն «ազնվություն» բառով, որը մատնացույց է անում, թե իբր այդ առաքինությունները հատուկ են «ազնիվ» տոհմից սերած մարդկանց, և թե այդ առաքինությունները բնածին են։

Արդյոք զարմանալի՞ է, որ Սասնա տան հերոսների մեջ այս բոլոր բարձր ու վսեմ առաքինությունները տեսնելով, դրանք իրավացիորեն բնորոշելով իբրև ազնվության ու ասպետության դրսևորում, ֆեոդալական կոնցեպցիայի ստեղծողներն սկսեցին Սասնա հերոսների նախատիպերը որոնել այն հայ իշխանների մեջ, որոնք ըստ ծագման պետք է օժտված լինեին ազնվատոհմ ասպետներին հատուկ բնավորության գծերով և առաքինություններով։

Սակայն մենք լավ գիտենք, որ այդ վսեմ առաքինությունները բնավ էլ ազնվատոհմերին տրված շնորհ չեն եղել, լավ գիտենք, որ պատմության մեջ բազմաթիվ սխրագործություններ կատարել են այնպիսի մարդիկ, որոնք չեն ծնվել պալատական հարկի տակ, իսկ այժմ էլ շատ լավ դիտենք, որ իսկական հերոսությունը հատուկ է նրանց, ում համար մատչելի է սրի, մուրճի ու մանգաղի սխրագործությունը, գիտենք, որ սուրն ավելի ամուր է բռնում այն ձեռքը, որ սովոր է բռնելու մուրճը և գութանի մաճը, գիտենք, որ թշնամու գլխին սուրն ավելի ուժգին է իջեցնում այն ձեռքը, որը սովոր է սալի վրա երկաթ կռելու։

Սասնա դյուցազունները մնալով իբրև արիության ու հերոսության

[էջ XXXIX]

օրինակներ, իրենց կապը չխզելով հովվի, հողագործի կամ որսորդի աշխատանքի հետ, եղել են «հասարակ ժողովրդի» զավակներ։ Դավթի մահից հազար տարի հետո չարժե նրա գլուխը իշխանական խույրով զարդարել. դա նրան այնպես սազական չէ, ինչպես վայել է նրան ամենակործան Թուր-Կայծակին։

Էպոսի ծագմանը վերաբերող ֆեոդալական կոնցեպցիայի գոյացման պատճառը կարելի է մեկնաբանել երկու բառով։ Հայ ժողովուրդը մեծարանքի ու հարգանքի հասկացությունը արտահայտելու համար ֆեոդալական դարաշրջանից ժառանգել է «պատիվ» բառը, որը տառացիորեն նշանակում է իշխանական խույր, ապարոշ։ Եկեք Դավթին մատուցենք իրեն և մյուս դյուցազուններին վայել հարգանք ու պատիվ, առանց նրա գլխին հագցնելու իշխանական խույրը, որից հերոսը խորշում էր իր կենդանության օրով։

Վերջապես, եթե արաբների տիրապետության դեմ ուղղված պայքարը, օտարերկրյա զավթիչների արտաքսումը պատկերող էպոսը չստեղծվեր ամրապնդված ֆեոդալիզմի դարաշրջանում, ֆեոդալական հասարակության ներքնախավերում, ֆեոդալական Հայաստանի ժողովրդական զանգվածներում, ապա հերոսական գործեր դրսևորող զրույցները այս կամ այն կերպ կարտացոլվեին հայ պատմիչների գործերում, որոնց թիվը փոքր չէր ո՛չ 10-րդ դարում, ո՛չ էլ հետագայում։ Սակայն ֆեոդալական ազնվականությունից սերած հայ պատմիչները անտեսել են էպոսն այնպես, ինչպես այն չէր ուզում ճանաչել նաև հայ բուրժուազիան, որը 19-րդ դարի վերջերին և 20-րդ դարի սկզբում, հետաքրքրություն ցուցաբերելով իր երկրի անցյալի նկատմամբ, տան պատերը զարդարում էր առասպելական հերոսների և հին Հայաստանի տիրակալների՝ Վաղարշակի, Արտավազդի և մյուսների նկարներով, մինչդեռ արհամարհանքով էր վերաբերվում այն առաջավոր անձանց աշխատանքին, ովքեր բանահյուսական նյութերի գրանցումով մոռացումից փրկեցին հայ ժողովրդի մեծ էպոսը։

Հայ բուրժուազիայի ծիծաղն էր շարժում այն իբր թե «պարծենկոտությունը», որ մի սասունցի կոտորում է թշնամու ամբողջ զորքը, թեև նույն բուրժուազիան հիանում էր ֆրանսիացի ասպետ Ռոլանդի և իսպանացի ասպետ Սիդի հերոսական արարքներով, առանց նկատելու, որ թե՛ Ռոլանդի, թե՛ Սիդի և թե՛ Բոյարդի սխրագործությունների նկարագրության մեջ նույնքան չափազանցված է մարդկային ուժը, որքան Փոքր Մհերի կամ Դավթի մասին հայ բանասացների պատմած զրույցներում։

«Սասունցի Դավիթ» էպոսը ժողովրդական է, ժողովրդական ո՛չ միայն այն պատճառով, որ ապրում է ժողովրդական զանգվածներում և պատմվում նրանց բերանով, ո՛չ միայն այն պատճառով, որ մինչև վերջին ժամանակներս, մինչև մեր օրերը ապրում է բանավոր պատմվելով,

[էջ XL]

ռ՛չ միայն այն պատճառով, որ բոլոր վարիանտներում լեզուն ժողովրդական է, իր կաոուցվածքով հեռու հին կամ նոր գրական հայերենից, այլև, ամենից առաջ, այն պատճառով, որ հերոսների ողջ աշխարհայացքը անխզելիորեն կապված է ժողովրդական ներքնախավերի հետ, այն պատճառով, որ բոլոր հերոսները անխզելիորեն կապված են ժողովրդի հետ։

Միայն ճնշումից և հարկահանությունից հոգնած մարդիկ կարող էին ստեղծել Սասուն քաղաքի հիմնադրման հիասքանչ զրույցը, քաղաք, որտեղ Սանասարն ու Բաղդասարը ժողովրդից հարկեր չեն առնում, մարդկանց չեն շահագործում։ Միայն իրենց՝ արյունակից հայ թագավորներից ու իշխաններից ձանձրացած մարդիկ կարող էին ստեղծել այն զրույցը, որտեղ Փոքր Մհերն ընդհարվում է ժողովրդին կողոպտող քյոխվայի հետ, որտեղ Ոստանա իշխանը որոգայթով փորձում է գերի վերցնել Մհերին և Քուռկիկ Ջալալուն, փորձ, որ չի հաջողվում հեծյալի ու ձիու դիմադրության շնորհիվ։

«Ազնվազարմների» ով և ինչ լինելը փորձելուց հետո միայն ժողովուրդը կարող էր գիտակցել «հասարակ» մարդկանցով նրանց փոխարինելու անհրաժեշտությունը։

Միայն հին աշխարհն անմիջապես կործանելու անհնարինությունից հուսաբեկված ժողովուրդը կարող էր Մհերին ուղարկել քարանձավ, որպեսզի նա այնտեղ սպասի իր օրվան, իսկ ինքը՝ ժողովուրդը մինչ այդ պետք է իրականացներ նախնական պայքարը, տեսներ և մազդեղական-բարսոմեական ժողովրդական շարժման, և՛ Սյունյաց ապստամբության, և «ազնվազարմներին» հաղթելու մյուս փորձերի ձախողումը։

Չնայած իր արիությանը, ժողովրդի բարօրության համար կատարած իր սխրագործություններին, ավելի ճիշտ՝ հենց այդ առաքինությունների պատճառով հերոսներից ոչ մեկը, նվազագույն չափով անգամ, չի օգտվում իր ունեցած հնարավորություններից, չի ձգտում հատուկ իրավունքներ ձեռք բերել իր շրջապատում, չի ցուցաբերում փառասիրության նշույլ անգամ, չի ձգտում իր կամքով տնօրինել այն հողը, որի համար նա պատրաստ է տալու իր արյունը, տնօրինել այն ջուրը, որը բոլոր դյուցազունների ուժի ակունքն է, ամբողջ ժողովրդի կյանքի հիմնական պայմանը, այն ջուրը, որ նրանք ազատում են դևերից՝ նրա կենարար շիթերը ժողովրդին տալու համար։

Սասնա հերոսներից յուրաքանչյուրի համար առիթ է ընձեռվում (այն էլ ոչ թե մի անգամ, այլ բազմիցս) հասնելու բարձրագույն իշխանության և բազմելու գահին։ Սակայն նրանք շարունակ հրաժարվում են այդ հնարավորությունից։ Խալիֆի դատաստանը տեսնելուց հետո, ողջ մնացած զորախմբերն ու մյուս հպատակներին իրենց թրի տակով անցկացնելուց հետո Սանասարն ու Բաղդասարը հաղթողների իրավունքի

[էջ XLI]

համաձայն փոխանակ գահ բարձրանալու, հեռանում են խալիֆի երկրից։ Նրանք մերժում են նաև իրենց պապի՝ Գագիկ թագավորի խնդրանքը, երբ սա առաջարկում է, ժառանգական իրավունքի համաձայն, բազմել իր գահին, և ճանապարհ են ընկնում դեպի իրենց կառուցած Սասունը։

Սանասարի որդի Մհերը մերժում է Իսմիլ խանումին, երբ սա առաջարկում է ստանձնել Մըսրա գահը, ինչպես Դավիթը Մըսրա Մելիքին հաղթելուց հետո չի ցանկանում բազմել Մըսրա Մելիքի գահին և այն հանձնում է Մելիքի մորը՝ Իսմիլ խանումին։ Փոքր Մհերը նույնպես մերժում է իր պաշտպանության տակ առած հալեպցի քառասուն թագաժառանգներին, որոնք նրա հետ եղբայրանալով՝ խնդրում են ստանձնել Հալեպի գահը։ Եվ գահից հրաժարվելու այս բոլոր դեպքերում էլ չորս դյուցազուններն իրենց հրաժարականը արտահայտում են պարզ ու անպաճույճ բառերով, մի տեսակ հուզիչ, սակայն անսասան հավատով լցված դեպի իրենց վարմունքի ճշմարտացիությունը։

Գահի հանդեպ Սասնա հերոսների ունեցած այդ վերաբերմունքին էպոսը չափազանց սուր ձևով հակադրում է իշխանների ու եպիսկոպոսների գահը ձեռք գցելու վարմունքը։ Նշանակալից է իշխանների և եպիսկոպոսների պատասխանը Մեծ Մհերի այն հարցին, թե ինչպե՞ս վերաբերվի ինքը Իսմիլ խանումի առաջարկին.

Ուրիշ թագավորաց տեղ էլ կուզենք հալա զավթես։
Իսմիլ խաթուն որ կը կանչե՝ ինչի՞ չ’էրթաս։
Էտա հազըր տեղ է՛շուտ գնա... Մըսըր տիրապետի։

Մհերը՝ ամբողջ Սասնա հույսն ու ապավենը, չի եղել ո՛չ թագավոր, ո՛չ իշխան, թեև (գուցե իր հոր՝ Սանասարի հետ ունեցած կապի հետևանքով) իրեն թույլ է տալիս կառուցելու պարսպապատ գազանանոց։ Սասունցի Դավիթը և այս բոլոր հերոսները աշխարհից հեռանում են իբրև ներքնախավին պատկանող այնպիսի մարդիկ, ինչպիսիք նրանց շրջապատում էին։ Այս չորս հերոսների անունները ժողովրդի հիշողության մեջ չեն աղարտվել ու խճողվել ոչ մի տիտղոսով կամ պատվավոր կոչումով։

«Սասունցի Դավթի» հերոսներն ամուսնանում են թագուհիների հետ։ Սակայն այդ թագուհիները, էպոսի հերոսների հետ կապելով իրենց ճակատագիրը, կորցնում են արքունիքի հետ ունեցած իրենց առնչության ամեն մի հետք, եթե նույնիսկ տառացիորեն հասկանանք էպոսում տրված նրանց տիտղոսները։

Նշանակալից է այն, որ Փոքր Մհերի՝ աշխարհի անարդարության և շահագործման դեմ պայքարելու գաղափարը մարմնավորողի բերանով է էպոսը հայտնում հետևյալ խոսքերը.

[էջ XLII]

Բա մենք Սասնա տնեն չե՞նք,
Չէ, մենք Սասնա տնեն ենք.
Մենք մեռնենք, մեր գերեզմանի վերա
Թագավորներ չեն կարնա գա.

Ջարդելով Պապ-Ֆրենկի զորքերը և, ըստ երևույթին, հաշվի առնելով նաև արաբ ծերունու այն իմաստուն խորհուրդը, թե պետք է կոտորել ոչ թե բռնությամբ Սասուն բերված զինվորներին, այլ Մըսրա Մելիքին, Դավիթը գնում է հենց իրեն՝ Պապ-Ֆրենկ կոչված թագավորի հետ անձամբ իր հաշիվը մաքրելու։

Դավիթ ընկավ Բապ-Ֆրենկի էտև,
Բռնեց, էնտեղ գլուխ կտրեց։
Քադքի մեջ ով մնացեր էր,
Էնոնց համար թագավոր դրեց.
Ջոջ մարդեր սպանեց,
Պստիկներ տեղ դրեց, ասաց.
— Քանի դուք ժիր եք, կռիվ միք էրթա։

Էպոսում հիշատակված թագավորներն ու իշխանները հանդես են գալիս որպես դժգույն ուրվականներ։ Միայն Սանասարի և Բաղդասարի մասին հյուսված ճյուղում ենք տեսնում կենդանի ու լիարյուն (սակայն հեքիաթային) խալիֆին, որին հակադրվում է իր կերպարով նույնպես հեքիաթային Գագիկ թագավորը։ Դա բնորոշ է մեր էպոսի համար, և մեր էպոսը խստորեն զանազանվում է ինչպես հայ, այնպես էլ Արևելքի մյուս ժողովուրդների մի շարք այլ էպիկական երկերից։ Այս հանգամանքը առավել ևս համոզում է, որ «Սասունցի Դավիթը» հիրավի ժողովրդական ներքնախավերի ընդերքում ծնված վիպերգություն է։

Զավթիչ խալիֆի, Մըսրա Մելիքի կամ նրա զորավարների հասկացողությամբ գոյություն ունեցող պատերազմին սուր կերպով հակադրվում է պատերազմի այն ըմբռնումը, որն առկա է Սասնա դյուցազունների մոտ։

Խալիֆին և նրա զորաբանակը կոտորելուց հետո Սանասարն ու Բաղդասարը ոչ մի ավար չեն առնում։ Գոհար խաթունի հորից կարևոր հարկ վերցնող թագավորին ջախջախելուց հետո Փոքր Մհերը գոհանում է նրանով, որ իր աներոջն ազատում է ահավոր լծից, ոչինչ չպահանջելով պարտված թշնամուց։

Առանձնապես ընգգծվում է Դավթի խորշանքը ռազմական ավարի նկատմամբ։ Մըսրա Մելիքի դեմ փայլուն հաղթանակ տանելուց հետո Դավիթը մեծահոգաբար ազատ է արձակում Սասնա դեմ ելած նրա զորքը, թույլ է տալիս, որ Իսմիլ խանումը գնա Մըսըր, իսկ ինքը Քեռի Թորոսի հետ վերադառնում էՍասուն ավարով, բայց ի՜նչ ավարով.

[էջ XLIII]

Ինչ կբերեն հետներ էն կռվից.
Իսկի բան չեն բերի։
Էնոնց բերած էղավ ջուխտ մի եզ,
Լծեցին սել. քցեցին հետևներ.
Մըսրա Մելիքի ականջ զարկեց Դավիթ նիզակի ծեր,
Դրավ վեր սելին, քաշեցին, բերին,
Քաշեցին, բերին՝ Սասնա քաղաք հասցնեն։

Դա ոչ թե «ավար» է, այլ Մըսրա Մելիքի կործանման ապացույցը, այդ «ավարն» առանձին սայլով Սասուն բերելը ավելի է ընդգծում այն, ինչ այդ անհավասար ճակատամարտում բոցավառում էր Դավթի, Քեռի Թորոսի և նրա երեսունինն ուստրերի սրտերը` հայրենիքի պաշտպանությունը, օտարերկրյա բռնակալների արտաքսումը, բայց ոչ երբեք զավթելու, ավար առնելու որևէ ցանկություն։

Եվ մի՞թե Դավիթը, արդարության ու մեծահոգության այդ մարմնացումը, կարող էր այլ կերպ վարվել։ Երկրից հարուստ կողոպուտով հեռացած Խոլբաշու և Կոզբադնի զորախմբի դեմ անհավասար ճակատամարտում հաղթանակ տանելուց հետո Դավիթը կանչում է սասունցիներին, հայտնում, թե ինչպես պետք է ավարը բաժանել, ամեն մարդ պետք է վերցնի միայն այն, ինչ նրանից խլել են, վերցնի միայն իր սեփականությունը.

Ժողովուրդ, կընիկ, աղջիկ,
Քաղքեն տարած ալան-թալան ետ դարձուց,
Բերեց, հասուց Սասնա քաղաք,
Կանչեց ժողովուրդ, ասաց.
— Ամեն մարդ գա, իրեն ապրանք ճանչնա, վերցու։
Ուվ որ ապրանք տվե,—
Թող գա ապրանք վերցու:
Ով որ ոսկի, փող տվե,
Թող գա իրեն ոսկին վերցու։
Ով որ մեկ կորեկ ավել վերցու,
Կը զարկեմ, գլուխ կը կտրեմ։
Ամեն իր տված թող վերցու։

Իսկ երբ Դավիթը բնաջնջում է տարիներ շարունակ Սասունը կողոպտող և իրենց քարանձավում ոսկե լեռներ կուտակող դևերին, ոսկին բաժանում է բոլորին։ Ով ինչքան կարողանում է, տանում է։ Դավիթը չի մոռանում նաև Քեռի Թորոսին ու նրա որդիներին, իսկ ինքը միայն մի ձի է վերցնում։

Սա նույնպես ավարառություն չէ, այլ սեփական բարիքի վերաբաժանում, բարիք, որ արդեն դադարել է առանձին մարդկանց սեփականությունը լինելուց։ Այն, որ էպոսի և էպոսն ստեղծող ժողովրդի գաղափարակիր Դավիթը հրաժարվում է ավարից, բխում է ուրիշի սեփականությունը զավթելու հանդեպ տածած խորշանքից, իր սեփականությունը

[էջ XLIV]

պաշտպանելու, սեփական բարիքները ամեն գնով վերադարձնելու պատրաստակամությունից։

Թերևս պատահականություն չէ հեքիաթներում ու զրույցներում հանդես եկող դևերի ու վիշապների բնակավայրի համընկնումը ոռոգման ակունքների մոտ ֆեոդալների կողմից ընտրված ամրոցատեղի հետ։ Դևերի քարանձավներն արդյոք ժողովրդի պատկերացումը չե՞ն ֆեոդալների գանձարանների, ոսկով լեփ-լեցուն նկուղների մասին, որտեղ շեղջ–շեղջ դիզված է ոսկին, որտեղ ընկած են այնպիսի անօգտագործելի իրեր, ինչպիսին է ոսկե երկանքը։

Զարմանում ես, թե որքա՜ն խորն է ժողովրդական իմաստությունը, ժողովրդի նրբազգացությունը, որով նա ստեղծել է կերպարների մի ամբողջ շարք։ Այդ կերպարները վկայում են, որ ժողովուրդը, թեկուզև աղոտ, պրիմիտիվ ձևով պատկերացնում էր իր գլխին այնքան հաճախակի եկած աղետների պատճառը։ Ի՞նչ փույթ, որ այդ բարդ հարցի ըմբռնումը տրված է պրիմիտիվ ձևով, ի՞նչ փույթ, որ արաբ ծերունու խոսքը վերաբերում է միայն թագավորին, միայն Մըսրա Մելիքին։ Մենք լավ գիտենք, որ պատերազմի պատճառը միայն թագավորը չէ, բայց արաբ ծերունու խրատից հետո Դավիթն ավելի շրջահայաց է դառնում, քան յոթ որդու հայր զառամյալ ծերունին։ Պապ-Ֆրենկին սպանելուց հետո նա չի մոռանում, որ երկրի երեսից պետք է ջնջել բոլոր չար մարդկանց։ Այստեղ ժողովուրդը արդեն բարձրանում է դեպի ազնվատոհմների մեղքով իր գլխին եկած դժբախտությունների պատճառը գիտակցելու հետևյալ էտապը, մյուս աստիճանը։ Սակայն էպոսի վեհությունը ժողովրդի թշվառության իսկական պատճառների մեջ ներթափանցելն է։ Ժողովուրդն իր հերոսներին ներշնչել է այն մեծ իմաստությունը, որ մարդը պետք է լինի ճշմարտացի և միշտ հավատարիմ մնա իր տված խոսքին։ Մհերը գիտեր, որ իրեն աղետ է սպառնում, սակայն գնաց, քանի որ հավատարիմ էր իր տված խոսքին։

Ճշմարտացիություն — ահա այն հիմնական գիծը, որով ժողովուրդն օժտում է իր հերոսներին։

Էպոսի հերոսներն օժտված են բոլոր մեծ մարդկանց, առավել ևս ժողովրդական զանգվածներին հատուկ արդարամտությամբ ու մեծահոգությամբ։ Հիշենք, թե ինչպես Մհերը չի ուզում զինված գոտեմարտել առյուծի հետ։ Նա դեն է նետում սուրը, և մարդ ու գազան հավասար գոտեմարտի են մտնում իրար հետ։ Հիշենք, թե ինչպես Դավիթը նախ քնից արթնացնում է հակառակորդի բանակը և ապա նետվում մարտի։ Դավիթը նույնքան արդարադատ է նաև գազանների նկատմամբ, գազաններին չի կարելի սպանել գազանանոցում, որովհետև նրանք գերիներ են, իսկ գերիներին չի կարելի կոտորել։ Էպոսի հերոսների մեջ խոսող այս մե–

[էջ XLV]

ծահոգությունն ու արդարամտությունը դրսևորված է նրանց մղած թեժ ճակատամարտերի պահերին անգամ։

Ժողովուրդն իր հերոսներին նկարագրելիս ճշմարտացիորեն երևան է հանում նաև նրանց թույլ կողմերը։ Մհերը լավ իմանալով, որ ինքը պարտավոր է տուն վերադառնալ անարատ վիճակում, այսուհանդերձ տեղի է տալիս նենգավոր Իսմիլ խանումի գայթակղությանը և խմում է գինին։

Էպոսի հերոսներն իրենց առաքինություններով առանձնապես թանկ են մեզ` սովետական մարդկանց համար։

Հիշենք, թե ինչպես Սանասարն ու Բաղղասարը իրենք են տքնում (այդ հատկությունն ավանդում են նաև իրենց թոռ Դավթին), հսկայական ապառաժներ են կրում-բերում, որպեսզի նախ չքավորների համար տներ կառուցեն, ապա իրենց համար ամրոց։

Եթե նրանք իրոք ֆեոդալներ լինեին, ապա հազիվ թե այդ ձևով վարվեին։ Նախ տներ չէին շինի չքավորների համար, որ նրանց չայրեր ամռան արևը, ապա՝ իրենց համար դղյակ։

Էպոսում հիանալի կերպով զուգակցված են աշխատանքից հառնող հերոսությունը ռազմի դաշտում ցուցաբերված հերոսության հետ, որը մեզ համար առանձնապես թանկ է, մենք գիտենք, որ միայն այս հերոսությամբ են զորավոր այն անունները, որ մենք հպարտությամբ ենք արտասանում, այն մարդկանց անունները, ովքեր այսօր մուրճ են բռնում, վաղը սրախողխող կանեն ոսոխին, այսօր դարբնի սալի հետ են կապված ոչ թե շղթայով, այլ աշխատանքի հանդեպ ունեցած սիրով, իսկ վաղը կսավառնեն եթերում, որպեսզի բնաջնջեն մայր երկրի սահմանները խախտողներին։

Սակայն մեզ համար Սասնա հերոսները թանկ են մի այլ պատճառով ևս։ Նրանք թանկ են ժողովրդի հետ ունեցած իրենց միասնության գիտակցությամբ, այն ժողովրդի, որի զավակներն են իրենք։

Մասսաների հետ ունեցած կապը դրսևորված է էպոսի ամենահիասքանչ տեսարանում, երբ Դավիթը, Մըսրա Մելիքի դեմ կռվի գնալուց առաջ, հրաժեշտ է տալիս համաքաղաքացիներին ու համագյուղացիներին, անսահման սիրո ու խանդաղատանքի խոսքեր ասելով նրանց.

Դավիթ էլավ, թռավ վեր իր ձիուն,
Աստծու անուն տվեց,
Դարձավ, առավ խաթրը քաղքըցոց,
Դարձավ, առավ խաթրը գեղացոց,
Առավ Դավիթ խաթրը մարդ ու կնկըտոց. ասաց.
— Աղբերնե՜ր, քուրե՜ր, դուք մի՛ վախենաք,
Աստծու կամքով կ’էրթամ ես կռիվ.
0՜, քուրեր, դուք կացեք բարով,
Դուք ինձի քուրությո՛ւն եք արե.

[էջ XLVI]

0՜, մերեր, դուք կացե՛ք բարով,
Դուք ինձի մերությո՛ւն եք արե։
Բարի՛ դրկիցներ, դուք կացե՛ք բարով,
Դուք կացե՛ք բարով մեծ ու պստիկով.
Իմ դուռ-դրկիցներ, ձեր էրես շա՛տ եմ թռեր,
Ինձ հալա՛լ արեք։
Բարի տանտիկիննե՜ր, ինչ հա՛ց կը թխեք,
Դավթի անուն հիշեցեք։
Ջահելնե՛ր, դուք է՛լ, ինչ որ քե՛ֆ կ’անեք,—
Դավթի անո՛ւն հիշեցեք։
Իմ քուրե՛ր, մերե՜ր, իմ լա՛վ դրկիցներ,
Մնացե՛ք բարով։

«ՍԱՍՈԻՆՑԻ ԴԱՎԻԹԸ» ԵՎ ՄՅՈԻՍ ԺՈՂՈՎՈԻՐԴՆԵՐԻ ԷՊԻԿԱԿԱՆ ԶՐՈՒՅՑՆԵՐԸ

Հայկական էպոսի տեղը հազարամյակների ընթացքում ստեղծված մյուս վիպերգությունների շարքում որոշելու համար ամենից առաջ անհրաժեշտ է քննության առնել այն նմանությունը, որ գոյություն ունի հին Հայաստանի կոսմիկական առասպելների և մյուս ժողովուրդների առասպելական հնագույն պատկերացումների միջև։

Ավելի ճիշտ կլինի, եթե այս հարցերի քննարկումն սկսենք «Սասունցի Դավթի» նախահիմքը կազմող տարրերից, որոնք ստեղծվել են էպոսի պատմական մասի գոյացման ժամանակից շատ հեռու ընկած շրջանում։ Այդ տարրերն ստեղծվել են այն դարաշրջանում, որը նախորդում է ոչ միայն հայ ժողովրդի գոյացմանը, այլև հետագայում հայ ժողովրդի կազմի մեջ մտնող տոհմերի ձևավորմանը։

Խոսքն առասպելական այն կերպարանքի մասին է, նրանց միջև բորբոքված այն պայքարի, որը ծագել է մարդկային հասարակության զարգացման ընթացքում, արտահայտել այդ հասարակության պատկերացումները շրջապատող բնության երևույթների մասին։ Անհրաժեշտ է պարզել, թե ինչպե՞ս են ծագել այդ կերպարները, ինչո՞վ բացատրել տարբեր ժողովուրդների ստեղծած առասպելների ու առասպելական պատկերացումների նմանությունը, ի՞նչ չափով կարելի է խոսել այդ զրույցների ու պատկերացումների փոխառյալ լինելու մասին, որքանո՞վ են անկախ հիշյալ պատկերացումներն այն ժողովուրդների, որոնք իրարից հեռու են աշխարհագրական կամ ժամանակային անորոշ տարածությամբ։

Հիշենք այն խոսքերը, որ Լենինն ասել է ռուսական բիլինաների տեքստը աչքի անցկացնելուց հետո։ Նա գտնում է, որ անհրաժեշտ է այղ բոլորն «ընդհանրացնել», «դիտել սոցիալ-քաղաքական տեսանկյունով»,

[էջ XLVII]

որ «այդ նյութի հիման վրա հրաշալի հետազոտություն կարելի է գրել ժողովրղական իղձերի և սպասելիքների մասին։ Այդ իսկական ժողովրդական ստեղծագործություն է, որ այնքան պետքական և կարևոր է մեր օրերում ժողովրդական հոգեբանության ուսումնասիրության համար»1։

Լենինի առաջադրած հարցերի կարևորությունը պարտավորեցնում է հատուկ խնամքով և զգուշությամբ, բայց և միևնույն ժամանակ հետևողականորեն մոտենալ դրանց լուծմանը։

Կար ժամանակ, երբ ամբողջ աշխարհում տիրապետող արևմտաեվրոպական բուրժուական գիտությունը և նրան հետևող կիսաֆեոդալական – կիսաբուրժուական ռուսական գիտությունը (որոշ բացառությամբ) այս հարցը լուծում էին չափազանց հասարակ ձևով, այնպես ինչպես լուծվում է տարբեր լեզուների իրար հետ ունեցած ազգակցության հարցը։ Ամեն ինչից բարձր դասելով հնդեվրոպական ժողովուրդների բնածին ընդունակությունները, օժտվածությունն ու կուլտուրան և կյանքի իրավունք տալով Հին Արևելքի այսպես կոչված սեմական ժողովուրդներին,— նրանք լույսի միակ աղբյուրը, վսեմ գաղափարների միակ ակունքը, կուլտուրայի միակ աղբյուրը համարում էին Միջերկրական ծովի ավազանը, ընդ որում մոռացության տալով, որ գետերը դեպի այդ ծովն են հոսում, ոչ թե սկիզբ առնում այնտեղից։ Եթե նյութական կուլտուրայի ասպարեզում որևէ նվաճում էին ձեռք բերում Միջերկրական ծովի ավազանում և էլի ինչ-որ տեղ բնակվող ժողովուրդները, ապա դրա սկզբնաղբյուրը, այդ «ինչ-որ տեղը» մշտապես համարվում էին Միջերկրական ծովի ժողովուրդներն ու կուլտուրան։

Մյուս ժողովուրդներին հնարավորություն էր տրվում սեփական պատմության հարցերը, սեփական կուլտուրայի հարցերը, սեփական կուլտուրայի դերը լրիվ կապիտուլացնելու գնով հաղորդություն առնել Միջերկրական կուլտուրայի աղայական սեղանից, իրենց պատմական արժեքը չափելով այդ կուլտուրայից ունեցած իրենց կախման չափով։

Միայն դեպի հին տրադիցիաներն ունեցած հակումը կարող է հանգեցնել յուրատեսակ ռևանշի պահանջներին, որոնց ականատեսներն ենք մենք դառնում երբեմն։ Ռևանշիստական պահանջի օրինակ կարող է ծառայել այն սնանկ փորձը, որով ջանում են հաստատել, թե հելլենական աշխարհայացքի հիմքում ընկած տիտանի՝ մարդկության բարօրության համար անձնվիրաբար պայքարող մարտիկի կերպարը փոխ է առնված Կովկասից դեպի Աև ծովի արևելյան ափը հելլենների կատարած ճանապարհորդության ժամանակ, հին Վրաստանում տարածված Ամիրանի առասպելներին ծանոթանալու ընթացքում։

-------------------

1. Վ. Բոնչ-Բրուևիչ, Լենինը պոեզիայի մասին (տե՛ս Н. П. Андреев, Русский фольклор, хрестоамия, 1938, էջ 29:

[էջ XLVIII]

Այս պնդումը վկայում է, որ տվյալ հարցում հին կուլտուրայի ջահակիր և մարդկային ամբողջ կուլտուրայի ակունքը համարվող ժողովուրդներից մեկի անունը ձգտում են նենգափոխել մի այլ ժողովրդի անունով, որը նույնպես բարձր կուլտուրայի ջահակիր ու ստեղծող է և, ինչպես հելլեն ժողովուրդը, ի դեմս իր ոչ նացիոնալիստական խավերի, չի ձգտել իրեն համարել համամարդկային կուլտուրայի միակ ակունքը։

Մարդկային բարօրությանը ծառայող, այդ նպատակի համար իր կյանքը նվիրաբերող հերոս հսկայի գաղափարը աշխարհի բոլոր ժողովուրդների մոտ էլ այս կամ այն ձևով ընդհանուր է, և սա մեզ իրավունք չի տալիս ամերիկյան հնդիկների հերոս Հայավաթի՝ մարդկության ծառայի մասին հյուսված ավանդապետի արմատները որոնելու Բալկանյան թերակղզում կամ Կովկասում, չնայած հելլենները երկրպագել են Պրոմեթեոսին, վրացիները՝ Ամիրանին, աբխազները՝ Աբրսկիլին, հայերը՝ Մհերին։ Նման հերոսի կերպարը, հերոս, որն իր մեջ հայելու կիզակետի նման կենտրոնացնում է բարօրության և մասամբ կրակի համար մարդկության մղած դարավոր պայքարը, անկախ կերպով ծնվել է տարբեր ժողովուրդների միջավայրում, սակայն ծնվելուց հետո հող է ստեղծել իր վրա տեղափոխելու այլ ժողովրդի միջավայրում հանդես եկած համապատասխան հերոսի բնավորության գծերը։ Եվ կասկած չկա, որ Պրոմեթեոսի առասպելի որոշ տարրեր, կարող էին ներմուծված և փոխառնված լինել, հարակցվել հիմնական գծերով արդեն ստեղծված կերպարներին։

Քարին, կրակին, մետաղին նման պայմաններում և տարբեր ժամանակներում տիրապետելը զարգացման նույն ուղին է անցել երկրագնդի զանազան մասերում։ Մարդու մտածողությունը, որը պայմանավորվում է նրա տնտեսական կյանքի զարգացմամբ և որն իր զարգացման ընթացքում նույն ուղիով է ընթանում, աշխարհի տարբեր ծայրերում դրսևորվել է համանման ձևերով, համանման կերպարներով, համանման առասպելներով, այդ կերպարների պայքարն արտացոլող ավանդավեպերով։ Եվ հազարավոր սերունդների կողմից բերնե-բերան պատմվելով, այդ առասպելները, ավանդությունները, բնության, գազանի և մարդու դեմ մարդու մղած պայքարի փորձի այս բոլոր կուտակումները հաճախ մեզ են հասնում զարմանալիորեն նման ձևերով։ Կոսմիկական հնագույն կերպարներում չկա ոչ միայն ժողովրդական, այլև ցեղային տնօրեն, քանի որ դրանք ծագել են այն ժամանակ, երբ տակավին չէին ձևավորվել ո՛չ ժողովուրդները և ո՛չ էլ ցեղերը։

Ինչպես առուն իր հունով հոսելիս իր մեջ է ընդունում այլ առվակներ, շրջանցում կամ իր հոսանքի տակ է առնում ճանապարհին հանդիպած խոչընդոտները, այդպես էլ կոսմիկական կերպարների մասին հյուսված զրույցներն ու առասպելները, հազարավոր մարդկանց, հարյուրավոր սերունդների կողմից պատմվելով, իրենց մեջ են ընդունում նո-

[էջ XLIX]

րանոր գծեր, նորանոր մանրամասնություններ, որոնք հաճախ գալիս են հեռվից, այլ հոսանքից։ Այս առասպելները հազարամյակներ ապրած իրենց ձևով պատմական կյանքի երևույթներն ու իրադարձությունները ծածկում են, միահյուսվում դրանց հետ, առասպելական բնույթ տալիս պատմական դեպքերին, և պատմական երանգավորում մտցնում իրենց, ըստ էության, առասպելական բովանդակության մեջ։

Ժողովրդի պատկերացմամբ, հերոսն իր ուժը ստանում է կենարար տարերքի հետ շփվելուց։ Չափազանց արժեքավոր է Անթեյի ու Սանասարի զուգադրումը։ Ջրով հարուստ, սակայն ցանքատարածություններով աղքատ Հելլադայում Անթեյն իր ուժն ստանում է հողից, իսկ Հայաստանի կյանքի պայմաններում, որտեղ ժողովրդի բարօրությունն ամբողջապես կախված է ոռոգումից, Սանասարի զորության աղբյուրը ջուրն է:

Հանձինս Սանասարի ու Բաղդասարի, տեսնում ենք այն երկվորյակ հերոսներին, որոնք մի շարք ժողովուրդների մոտ ծնվում են հրաշագործ Աղբյուրից։ Դրանք են հունական Դիոսկուրները, Կասդոր ու Պոլիդևկ փրկարար եղբայրները, որոնց օգնությանն են դիմում աղետյալները, և որոնք, ինչպես ենթադրվում է, հանդիսանում են լուսաստղի և իրիկնային աստղի մարմնավորումը։ Դրանց համապատասխանում են Հնդկաստանի Ավշինները և Իրանի Ասփինները։

Կենարար ջուրը կնոջ կերպարով, որը նույնպես կյանք է շնորհում, իր արտացոլումն է գտել գեղեցկուհի Արմաղանի կերպարում, որին վիշապից փրկում է Մհերը, դրանով իսկ փրկելով նաև աղբյուրի ակը։ Սա այն կերպարն է, որ Հունաստանում տեղ է գտել Արգուսի կողմից պահպանվող և Պերսեուսի կողմից փրկված Անդրոմեդի առասպելում։

Ինչպես մեզ հասած և ամենօրյա գործածության մեջ գտնվող այս կամ այն բառի մեջ հաճախ արտացոլվում են խոր հնությունից եկած երևույթներ, վաղուց վերափոխված հասկացողություններ, այնպես էլ ժողովրդական բանահյուսության պատառիկներում պահպանվում են մարդու այն աշխարհընկալման արտահայտությունները, որ հատուկ են եղել նրան զարգացման վաղ էտապներում։ Ի թիվս նման մնացուկների և ժողովրդի հիշողությամբ մեր օրերը հասած բեկորների, մենք հանդիպում ենք նաև առասպելական հնագույն ըմբռնումների, որոնք անչափելիորեն ավելի հին են, քան մեկ ու կես հազարամյակ գոյություն ունեցող հայ գրականության հնագույն հեղինակների հաղորդումները։

«Սասունցի Դավիթ» էպոսում, ինչպես ժողովրդական ներքնախավերից եկող հնադարյան յուրաքանչյուր այլ վիպերգության մեջ, արտացոլված են թե՛ դիցաբանության ու կոսմոգոնիայի առավել լիակատար, ծավալուն պատկերը, թե՛ առասպելաստեղծության զարգացման փուլերը, թե՛ կոսմոգոնիական մտապատկերների այն տարրերը, որոնք իրենց արտացոլումը չեն գտել հայ պատմիչների թանկարժեք աշխատություն-

[էջ L]

ների էջերում։ Այդ կերպարներն ու մտապատկերները առանձնապես գնահատելի են այն պատճառով, որ սկիզբ առնելով մարդկային զարգացման այն էտապներում, որոնք նախորդում են հետագայում հայ ժողովրդի կազմի մեջ մտած ժողովուրդների կազմավորման շրջանին, դրանք իրենց մեջ պարունակում են այլ ցեղերից, այլ ժողովուրդներից ավանդաբար մեզ հասած կերպարներին հարազատ գծեր:

Նման կերպարների ու պատկերացումների թիվը մեծ է և ոչ մի կերպ չի կարող սահմանափակվել մարդկանց բարօրության համար պայքարող հերոսին վերաբերող պատկերացումների վերոհիշյալ շրջանակով, քանի որ գերագույն ուժերի դեմ պայքարող մարտիկի այդ կերպարը կարող էր հանդես գալ միայն այն բանից հետո, երբ արդեն ստեղծվել են նույն այդ գերագույն ուժերի մասին եղած պատկերացումները։

Բնության հիմնական երևույթները և մարդու համար շոշափելի առավել գործուն ուժերը պետք է, որ ամենից առաջ մարմնավորվեին այս կամ այն մարդակերպ, իսկ ավելի վաղ կենդանակերպ ձևերի մեջ։ Եղել են միջանկյալ էտապներ, երբ կենդանակերպ էակները վերափոխվել են մարդակերպների, ասենք կիսամարղ-կիսակենդանի հիբրիդային էակների, ինչպես նաև այնպիսի էակների, որոնք թռչունի, շան, այծի կամ ձկան հատկանիշներ են պարունակում, նայած թե առասպելների զարգացման ո՛ր էտապին են վերաբերում։ Այդ էակներն են հիշեցնում օսեթական առասպելի Պասկոնձին, հայկական առասպելի Պասկուջը, սլավոնական առասպելի Պասկուդը, որի անունն է միայն հասել։ Պրիմիտիվ մարդու մտածողության սահմանափակությունը, որտեղ էլ ապրելիս լիներ այդ մարդը, և այն պատկերացումների սահմանափակությունը, որոնցից նա կարող էր օգտվել բնության ու նրա երևույթներն արտահայտելու համար, բնականաբար հանգեցրել են նրա գիտակցության համար անմատչելի, ահարկու բնության երևույթների նույնանման դրսևորմանը, նույնիսկ այն դեպքում, եթե այդ պատկերացումներն ստեղծվել են աշխարհագրականորեն անանցանելի տարածություններով, ժամանակի տեսակետից բազմաթիվ դարերով, երբեմն նույնիսկ հազարամյակներով իրարից հեռու մարդկանց մտածողության մեջ։

Դեպի այս խոր արմատներն են տանում տարբեր ժողովուրդների ստեղծած, մեծ մասամբ իրար այնքան նման առասպելներն ու վիպերգությունները կոսմիկական հերոսների մասին։ Սակայն այս առասպելների ու վիպերգությունների զարգացման և զանազան ցեղերի ու ժողովուրդների միջև սկսված հաղորդակցության ընթացքում այս կամ այն կողմին հատուկ կերպարներն ու մտապատկերները կարող էին փոխադարձաբար ազդել միմյանց վրա, միմյանց վրա շերտավորվելով բարդանալ:

Նման շերտավորման ու բարդացման օրինակ կարող է ծառայել և

[էջ LI]

այն պատժի տեսակը, որին դատապարտվում է Պրոմեթեոսը, պատիժ, որ աշխարհագրորեն կապված է Կովկասի հետ և կրում է վրացական Ամիրանի, օսեթական Ամրանի, աբխազական Աբրսկիլի և այլ տիտանների մասին հյուսված առասպելների հետքերը։ Սակայն այս շերտավորումներր ոչ մի հիմք չեն տալիս Պրոմեթեոսի կերպարը հիմնական գծերով կախման մեջ դնել կովկասյան վիպերգություններից։ Մահվան հանգամանքը կամ մահապատժի ձևը չի կարող հիմք համարվել այս կամ այն հերոսի կամ հսկայի կերպարի և տիպի համար, ճիշտ այնպես, ինչպես ասենք փառապանծ կազակ Երմակ Տիմոֆեչիչի՝ առասպելներով պարուրված այղ հերոսի հիմնական գիծը չի կարելի համարել նրա վախճանը Իրտիշի փրփրահույզ ալիքներում։

Փոփոխված և կարծես թե լիովին մարդկայնացված կոսմիկական հնագույն կերպարների կողքին հայկական ժողովրդական էպոսում հանդիպում ենք Մհերի, Ձենով Հովանի և Ցռան Վերգոյի եռյակին։ Մհերը, որը ինչպես տրված է էպոսում, բոլոր հերոսներից ամենակատարյալն է, իր իսկ անվան մեջ պարունակում է իր կոսմիկական էության բացահայտումը։ Մհերի՝ արևի աստծո անունը համանման ձևերով հանդիպում է բազմաթիվ ժողովուրդների մոտ, թե՛ հին Հնդկաստանում, թե՛ հին Իրանում, թե՛ հայերի մոտ՝ Mher, Mehr ձևով (որ պահպանվել է հայերեն mehra, mehyan բառի մեջ), Միհր ամսանվան մեջ Mehekan ձևով, որը համապատասխանում է իրանական mitrakan’y, mihrakan’y-ին և Mehr, Mehrik անվան ձևով։ Այն հանդիպում է նաև անտիկ աշխարհի ժողովուրդների մոտ, որոնք փոխ են առել հիշյալ անունը և վերջինիս հետ կապված առասպելական զրույցների մի մասը, զուգորդելով դրանք իրենց Helios-ի և sol invictus-ի (անպարտելի արևի) հետ։

Իզուր չէ, որ Միհրի` անխոնջ որսորդի, իր ճառագայթներով աշխարհը լուսավորողի և ջերմացնողի, տկարների ու ճնշվածների հովանավոր լուսաճաճանչ մարտիկի կերպարը դարձել է Հեռավոր Արևելք քշված հռոմեական լեգիոնների «ռազմիկների աստվածը»՝ ձուլվելով Helios, Sol invictus-ի կերպարին, ճիշտ այնպես, ինչպես նա հովանավոր ու ապավեն էր դարձել ազատության ծարավի և ապստամբության սուր բարձրացրածմարդկանց համար։

Հիասքանչ է ակադեմիկոս Մանանդյանի այն միտքը, թե տարբեր ժամանակներում, տարբեր ժողովուրդների մոտ ինչ հետևողականությամբ են ապստամբներն իրենց անվանել «արևի որդիներ» և «արևաշող քաղաքի որդիներ», Պերգամի heliopolit- ներից և Հայաստանի arevordi–ներից մինչև Վերածնության դարաշրջանի ուտոպիստ իտալացի Կամպանելլայի սոլյարիները։

«Սասունցի Դավիթ» էպոսում Մհերի կերպարը բաժանված է երկու մասի. առաջինը պապի կերպարն է, որն արտացոլում է ծագող արևի`

[էջ LII]

ճաճանչափայլ և կենսալից արևի հատկանիշները, իսկ երկրորդը թոռան կերպարն է, որն արտացոլում է հոգնած արևի, մայր մտնող արևի հատտկանիշները։ Այդ հանգչող արևը սահմանված օրը պետք է ճառագի նոր ուժով՝ ի բերկրություն այն arevordi-ների, որոնք նրա հետ են կապել իրենց բոլոր երազանքներն ու հույսերը, ինչպես Լենինն է նշել ռուսական բիլինաների մասին խոսելիս։

Էպոսի վարիանտներից մի քանիսում Մեծ Մհերին դժվար է զանազանել Փոքր Մհերից՝ պապին թոռից, քանի որ նրանք կարծես իրար մեջ են կիսել իրենց կոսմիկական հատկանիշները։ Պապը որսորդ է, սև ցուլ է սպանել` խավարի ու սանդարամետի սիմվոլը, Միհրի նման ոչ թե Ցլասպանի մականուն է ստացել, այլ՝ Առյուծաձև, քանի որ նրա կերպարի մեջ են ներհյուսվել Արևելքում Նեմեական առյուծին հաղթող Միթրայի, Հերակլի, թերևս նաև հին արևելյան Գիլգամեշի կերպարի, հատկանիշները։

Իսկ թոռը դեգերում է աշխարհով մեկ, հեռանում ժայռի խորքը։ Չէ՞ որ անձավում հնուց ի վեր կարող էին գտնվել միայն Միհրի սրբավայրերը. Միհրի, որն ամեն օր դեմքը թաքցնում է իր հողածին երկրպագուներից, նախապես օծվելով իր լուսաճաճանչ դեմքի մշտնջենական փայլը պահպանող, մաքրող ջրում։ Ծովի մեջ խորասուզվելը նույնքան է պայծառացնում Միհրի փայլը, որքան Մհերի ու նրա տոհմի ուժն է ամրապնդվում ջրի հետ շփվելիս։

Սակայն թե՛ մեկ և թե՛ մյուս, թե՛ պապի, թե՛ թոռան կերպարում Մհերի երկատված տիպարն օժտված է թույլերի պաշտպանի ու հովանավորի, ժողովրդի բարօրության համար պայքարող մարտիկի գծերով, մարտիկ, որը կռվում է քաղաքը ջրից զրկողների դեմ, քաղցած ժողովրդին հաց հասցնելուն խոչընդոտ ուժերի դեմ։ Մհերը հանդես է գալիս որպես գահին բազմած մարդակերներին պատժող, ժողովրդի բարեկեցությունը տարերային աղետներից պաշտպանող, անարդարության և միաժամանակ երկնքի դեմ մարտնչող հերոս, որր խոստանում է ժայռի խորքից դուրս գալ միայն այն բանից հետո, երբ հիմնակործան կլինի հին աշխարհը, կստեղծվի նորը։ Պապի որսորդության և թոռան քարանձավ մտնելու, երկու Մհերնևրի երկրային բոլոր սխրագործությունների միջից հառնում է Միհրի լուսաճաճանչ կերպարը, որի անունը պարսկերենում նշանակում է թե՛ արևի լույս, թե՛ սեր։

Մհերի եղբայրը՝ Ձենով Հովանը, որը լիովին մարդկայնացված է, պահպանում է սասանող ձայնով երկինքը դղրդացնող իր կոսմիկական կրկնորդի գծերը։

Սակայն Ձենով Հովանը երկնային այս շանթաձիգին հիշեցնում է ոչ միայն սարերից ու ձորերից դեն, յոթ քաղաքներում լսվող ահարկու իր ձայնով, միայն այն ձայնով ու թոքերով, որոնց ուժի դիմադրությունը

[էջ LIII]

հաղթահարելու համար նա իր մեջքին յոթ գոմեշի կաշի է փաթաթում, դրանց վրայից էլ՝ երկաթե շղթաներ։ Նա ոչ միայն բարձրագոչ է, այլև դարբին, որը մետեորային երկաթից սուր է կռում, ձիեր բուժելու արվեստին տիրապետելով՝ ապաքինում է Քուռիկ Ջալալու վիրավոր ոտքը։ Ինչքան էլ Ձենով Հովանի կերպարը մարդկայնացված լինի, միևնույն է, նա հիշեցնում է երկնաբնակ դարբնին, որը մուրճի հարվածներով խլացնում է երկնային որոտը, իսկ իր ձայնով՝ մարդկանց, ինչպես հին գերմանացիների Թորը կամ Դոնարը։

Հելլենների մոտ ամպրոպաբեր Զևսի կերպարը չէր տարբերվում շանթաձիգից, երկնային նետաձիգից, որը երկիր էր ուղղում իր խոցող նետերը։

Գերմանացիների մոտ նետաձիգ ռազմիկի և որոտաձայն դարբնի կերպարներն արմատավորվել են առանձին-առանձին. դրանցից մեկը Օդինն է, որը երբեք վայր չի դնում իր սուր նիզակը, իսկ մյուսը նրա եղբայրն է, մուրճով որոտ բարձրացնող Թորը։ Այդպես է նաև հայկական էպոսում, մեկը որսորդ, նետաձիգ և նիզակակիր Մեծ Մհերն է, իսկ մյուսը նրա եղբայրն է, խլացուցիչ ձայնով օժտված Ձենով Հովանը, կամ Քեռի Թորոսը։

Հելլենական Զևսի կերպարի մեջ միավորվել են երկնքի տիրակալը, ամպրոպաձիգը և անձրև շնորհողը, իսկ հայերի մոտ այս երեք կերպարը հանդես են գալիս դեռևս առանձին-առանձին. այս փաստը գալիս է ասելու, որ առասպելական ավանդությունները Հայաստանում ծագել են զարգացման ավելի վաղ շրջանում, քան դա եղել է Հունաստանում։

Այս պատկերացումների հետագա զարգացումը Հայաստանում ընթացել է այլ ուղիով և կասեցվել ժողովրդի աշխարհայացքի վրա հասարակական զարգացման պայմանների թողած ազդեցության հետևանքով, ընդ որում այդ պայմանները միանգամայն տարբերվում էին հին Հելլադայում գոյություն ունեցող պայմաններից։ Այստեղ կարող էր նշանակություն ունենալ նաև Իրանի ժողովրդա-զրադաշտական միջավայրի հետ սկսված հաղորդակցությունը և զրադաշտականությանը փոխարինած քրիստոնեության ազդեցությունը։

Սակայն կոսմիկական այս կերպարները, որոնցից յուրաքանչյուրը անձնավորում է բնության այս կամ այն երևույթը, հայկական միջավայրում ևս ընթացել են միաձույլ կերպարների մեջ միավորվելու ուղիով։ Կոսմոգոնիական իմաստով սրա արտահայտությունը կարող է հանդիսանալ երկնային նետաձիգ որսորդի և ամպրոպաձայն Ձենով Հովանի հատկանիշների միաձուլումը Դավթի կերպարի մեջ, որն իր ծնունդով դառնում է իր հոր մահվան պատճառը։

Հելլենական առասպելաբանության մեջ և հելլենական պանթեոնում դիֆերենցված երկնաբնակ Ապոլլոնի կերպարն ունի առանց շանթի հար–

[էջ LIV]

վածող իր կրկնորդը։ Դա նրանից անջատված Թեբ-Հելիոսն է, որի կառքը դղրդոցով է լցնում երկինքը։ Ռուս ժողովրդի պատկերացումների մեջ ուժի այդ աղբյուրը երկնքով սուրացող Եղիա մարգարեն է, որի անունը համահնչուն է Թեբ-Հելիոսի անվանը։

Շանթարձակ նետաձիգի, երկինքը մուրճի հարվածներով դղրդացնող դարբնի կերպարից անջատվում է երրորդ երևույթը՝ որոտին ու կայծակին հաջորդող անձրև շնորհողի կերպարը։ Արդյոք տեղին չէ՞ առաջ քաշել (առայժմ միայն առաջ քաշել) հետևյալ հարցը։ Հնարավոր չէ՞ ենթադրել, որ երկնային ջրերն առաքողի կերպարն արտացոլված է հայկական էպոսի երրորդ եղբոր՝ Ցռան Վերգոյի մականվան մեջ։ Չէ՞ որ «ցռան» չի նշանակում միայն «կեղտոտող»։ Նյութական կուլտուրայի մեջ դա ամենից առաջ նշանակում է ջրաղացի փողրակ և վերջինիս այն մասը, որը ջուր է մղում ջրաղացի անվացրանքի վրա։ «Ցռան» բառի երկրորդ, ոչ թե առաջին, նշանակությունը առնչվելով Սանասարի երրորդ որդուն վերաբերող պատկերացումներին, Ցռան Վերգոյի երկրային կերպարը նկարագրելիս թերևս կարող էր հիմք տալ նրան վերագրելու վախկոտին հատուկ այդ թերությունը ևս, որի անվան մեջ կարող էր թաքնված լինել նաև ջրի ժայթքման հասկացությունը (օրինակ, ջրվեժում)։

Երկնային երեք երևույթ արտացոլող եռյակին պետք է ուղեկցի երկրային հաստատությունը, որն այս կամ այն կերպ կապված է երկնային ուժերի հետ։ Հիշենք գերմանացիների Էրդային, որը վաղեմի կապով կապված է Օդինի հետ, հիշենք Դեմետրեին՝ մայր հողը, որը Զևսից ծնում է Պերսեֆոնին. հիշենք Մեծ Մհերի վաղեմի սիրուհուն՝ այն պառավին, որը միակն է ամբողջ էպոսում, միակը Սասնա բոլոր բնակիչներից, որին մտահոգում է վարուցանքը, ինչպես դա մտահոգում է բերք շնորհող Դեմետրեին։ Այդ պառավն իմաստուն է ինչպես Էրդան ու Դեմետրը, հոգատար մայր է հերոսի համար, ինչպես Էրդան, որը ողբում է իր դստեր կորուստը, ինչպես Դեմետրեն, որին հրճվանք է պատճառում դստեր վերադարձը, որը բերկրում է տեսնելով իրեն Պերսեֆոնեի հետ կապող հասկերի ծլարձակումը։ Իր զարգացման ավելի ուշ շրջանում ժողովրդի հիշողության մեջ արմատ բռնած և մարդկայնացված մայր-հողի կերպարը հայկական էպոսում տրված է իբրև մի աղքատ պառավ, որը հայտնի չէ, թե ումի՛ց է ծնել իր դստերը, որը սնվում է իր աննշան արտի կորեկով։ Եվ եթե կարելի է պատահականություն համարել այն, որ հերոսը նրան «նանե» է անվանում կամ գերմանական Էրդայի երկրորդ անունը հնչում է իբրև «Նոննա», կամ իրանական առասպելաբանության մեջ պտղաբերություն շնորհող Անահիտի անունը հնչում է իբրև «Նանայյա», ապա չի կարող պատահական լինել Դեմետրեի, Էրդայի և սասունցի պառավի գործողությունների ու ֆունկցիաների նմանությունը։ Իսկ Դեմետրեի, Էրդայի և սասունցի պառավի կերպարների նշա–

[էջ LV]

նակության տարբերությունը, հասկի ու սրա մեջ արտացոլված տարեկան շրջապտույտի նշանակության տարբերությունը, այդ նշանակության ընդգծվածության տարբերությունը առասպելաբանական երեք սիստեմում, չի կարող չբխել տնտեսական կառուցվածքի տարբեր էտապներից, որոնց վրա խարսխվել են մայր-հողի այս երեք կերպարները։

Երկրագործական Հունաստանը և անասնապահական Սասունը, որն աննշան չափով էր կերակրվում պրիմիտիվ հացաբույսով` կորեկով, պետք է, որ իրենց պանթեոններում էապես տարբեր տեղ տային բերքի հովանավոր աստվածուհուն։

Էպոսում հիանալի է կորեկի արտի տեր պառավի կերպարը։ Չնայած չքավոր այրու արտաքուստ միանգամայն երկրային տեսքին, պառավ, որի ամբողջ գոյությունը կախված է մի թիզ արտում ցանած կորեկի բերքից, և որի միակ մխիթարությունը էպոսում հանդես չեկած դուստրն է, նա այս արտաքինի տակ թաքցնում է բազմաթիվ ժողովուրդների կոսմիկական առասպելներին հատուկ կերպարներից մեկի գծերը։ Նրա կոսմիկական այս կապերը բնորոշվում են, իհարկե, ոչ միայն նրանով, որ նա մի ժամանակ Մեծ Մհերի սիրածն է եղել։ Այդ գծերն առավել ցայտուն են դրսևորվում հատկապես նրանով, որ այդ պառավը շարունակ խրատներ ու ցուցումներ է տալիս Դավթին, ինչպե՛ս պետք է գործել, կանխագուշակում է երիտասարդ հսկայի ապագան, թաքցրած գաղտնիքներ է բաց անում և հարևանցիորեն մայրական խրատներ տալիս, թե, օրինակ, ինչպես խուսափել հորեղբոր կնոջ՝ Սարիեի երկար ու համառ հետապնդումներից։

Սակայն, ինչպես նշվեց, այս պառավ կնոջ կերպարի հիմքում ընկած է ոչ թե պատկերացումը մայր-հողի մասին, այլ այն տարերքի պատկերացումը, որը բազմաթիվ ժողովուրդների մոտ ընդունել է մայր-կնոջ կերպարանքը, դարձել է իմաստուն խրատներ շնորհող և ծնել լիովին մարդկայնացված մարգարեուհիներ։ Հունական Դեմետրեի, այսինքն՝ մայր-հողի գծերը, հնադարյան գերմանացիների Էրդայի՝ Վոթանի սիրածի բնավորության գծերը նշմարվում են սասունցի պառավի մոտ, և գուցե պատահական չէ, որ հատկապես նրա մոտ է առանձնապես ընդգծված հոգատարությունը վարուցանքի նկատմամբ: Չէ՞ որ միայն նրա կապակցությամբ է ընդհանրապես հիշատակվում վարուցանքը։

Պառավ կնոջ հուսահատությունը, որի պատճառն իր աղջկա առևանգումն է, շատ է նման առևանգված Պերսեֆոնեի մոր՝ Դեմետրեի վշտին։

Հաց շնորհող մայր-հողի երկրպագությունը առնչվում է երկրագործի հերոսականացված անձնավորության պաշտամունքի հետ, որն առկա է թե՛ ռուսական բիլինաներում, թե՛ իրանական էպոսում։ Նման երկրագործ մի ծերունու Սանասարն ու Բաղդասարը հրավիրում են իբրև պատվավոր հյուրի, և, սա կնքում է նրանց կառուցած ամրոցի անունը, ավելի

[էջ LVI]

ճիշտ՝ ասում է, թե անուն կնքելու հարկ չկա, քանի որ ամրոցը տեղով-տեղ սարսափ է, սասանում («Սասուն» բառի ժողովրդական մեկնաբանությունը)։

Հին աշխարհի պայմաններում, երբ ժողովրդի հույսերի, ձգտումների ու երազների մեծ մասը իբրև կանոն չէր իրականանում, հերոսի հզորությունն ու անխորտակելի ուժը թուլանում էին որևէ ձևով, և նա զոհ էր գնում չարին։

Եթե ժողովրդի սիրով ստեղծված պայծառ հերոսները խոցելի տեղ չունենային, ապա նրանք իրենց երկրային կյանքում պետք է մնային անմահ, վայելեին հաղթողների լիակատար փառքը։ Սակայն ժոդովուրդը, ինչ անուն էլ նա կրեր, գիտակցում էր, որ լիակատար հաղթանակի օրը տակավին չի հասել, և մարտնչող հերոսները պետք է ընկնեն չար ուժերից, պետք է խոցելի տեղ ունենան, որտեղից և նրանց կհարվածի թշնամին։

Փառապանծ Աքիլլեսը, որն իր մոր՝ ծովի աստվածուհի Աֆրոդիտեի շնորհիվ զերծ էր մահկանացու հորից ժառանգած երկրային թուլություններից, ինչպես գիտենք, ուներ մի խոցելի տեղ. դա նրա գարշապարն էր, որից մայրը նրան բռնել էր կրակի վրա որդու հողեղեն էությունը հրկիզելիս (հիշենք, որ Սանասարին ու Բաղդասարին կնքել են թոնրի կրակի վրա)։

Հնադարյան գերմանացիների Զիգֆրիդը, որն օժտված էր մարմնի անխոցելիությամբ, համենայն դեպս ուսի վրա խոցելի տեղ ուներ, այնտեղ, ուր ծառից դավադրաբար ընկած տերևի պատճառով չէր դիպել վիշապի արյունը, որի մեջ լողացրել էին Զիգֆրիդին։ Զիգֆրիդը գիտեր այդ խոցելի տեղի մասին և գաղտնիքը հայտնեց մի կնոջ, որին վստահեց ու սիրեց, երբ մինչև մրուրը դատարկեց մոռացության գավաթը և դավաճանեց Բրունհիլդին։

Կաթնաղբյուրում լողանալով, Դավիթն իր ուժն ու անպարտելիությունը ստանում է ջրից, և ոչ մի ճակատամարտում թշնամական ոչ մի հարված, նույնիսկ Մըսրա Մելիքի իննսուն փթանոց մկունդը, ոչ մի ուժ ի վիճակի չէ նրան վնաս պատճառելու։ Սակայն կապուտաչյա մի աղջկա՝ իր իսկ դստեր թույլ ձեռքով Դավթի մեջքին արձակած նետը նրան մահ է պատճառում։ Դյուցազնի մեջքը հավանաբար ջրդեղված չէր կենարար հեղուկով և թիակների արանքը մնացել էր խոցելի։

Հնարավոր է, որ վարիանտների հետագա ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվի մի դրվագ այն մասին, թե ի՞նչն է խոչընդոտ եղել, որ կենարար հեղուկն ամրացնի և անխոցելի դարձնի հերոսի թիակների արանքը։

Հետաքրքրական է այն, որ հերոսին վիճակված է ընկնել իր իսկ ծնած փոքրիկ երեխայի ձեռքով։ Ժողովրդական առակներում այդպես է

[էջ LVII]

մեկնաբանվում արծվի կործանումը նրա փետուրից շինած նետից, հզոր կաղնու տապալումը կացնից, որի կոթը պատրաստված է նույն կաղնու ճյուղից։

Սա վերափոխված և մանրացված մոտիվն է բազմաթիվ ժողովուրդների այն պատկերացման, ըստ որի հին աստվածները կործանվում և փոխարինվում են նրանցից ծնված նոր աստվածներով։

Այդպիսին է Զևսի և Կրոնոսի, Ահուրամազդի և Զրվանի պայքարը, այդպիսին է Ռուստամի և Զոհրաբի կռիվը (այլ հետևանքով), այդպիսին է անակնկալ լուծում ստացած Դավթի և Մհերի պայքարը։

Սա հայրերի ու որդիների, որդիների ու հայրերի միջև գոյություն ունեցող հին պայքարն է, մի պայքար, որտեղ նախկին բարի աստվածները մշտապես վեր են ածվում չար աստվածների։ Սրա մեջ է հելլենական գիգանտոմանիայի իմաստը, սրա մեջ է Վիշապաքաղ Վահագնի սխրագործությունների ներքին իմաստը։

Որդու ձեռքով հոր կործանվելու մոտիվը, ինչպես տեսանք, առկա է նաև հայկական էպոսում. Դավիթը մեռնում է իր հարազատ աղջկա նետից։ Սակայն այդ պայքարն այստեղ ստացել է յուրատեսակ լուծում, բարդանալով նոր հերոսի հայտնությամբ, որն օժտված է անմահությամբ, և պետք է տարագրության մեջ սպասի սահմանված օրվան, լույս աշխարհ դուրս գա ժողովրդի հաղթանակի և իղձերի իրականացման օրը։

Մհերի այդ տարագրությունը անվիճելիորեն արձագանքում է միջնադարի եվրոպական ասքերին, որտեղ պատմվում է, թե ինչպես Ֆրիդրիխ Բարբարոսսան քարանձավում կամ ստորերկրյա դղյակում այնքան է բանտարկված մնում, այնքան է նստում ննջելով, որ նրա հրաշեկ մորուքն իր անվերջանալի մազերով միաձուլվում է ժայռին։

Այն, որ Մհերը փակված է ժայռի խորքում, անկասկած, կապ ունի ռուսական բիլինաների հետ, որտեղ պատմվում է, թե Ռուսաստանում ինչպես են հսկաներր քար դառնալով մեռել: Բայց արդյո՞ք լիովին է պարզված այդ հարցը, հսկաները մեռել են քար դառնալո՞վ, թե՞ հնարավորություն կա ռուսական հին ասքերը հասկանալու այնպես, որ դյուցազունները մեռել են երկրի երեսին և ինչ-որ ժամկետով իջել նրա ընդերքը։

Հետաքրքրական է հետևյալ հանգամանքը։ Ժողովուրդներից շատերի մոտ հերոսների ժայռում փակվելու մոտիվը, որը միշտ կապված է ժայռի խորքից դուրս գալու կամ ժայռից ամրացված շղթայից ազատվելու հետ, միշտ առնչություն ունի արևի կերպարն այս կամ այն կերպ արտացոլող հերոսների հետ։

Սակայն վերադառնալով տարագրված կամ շղթայված հայկական կերպարներին, արդյոք կարո՞ղ ենք, որպես նշանակալից փաստ, չնշել այն խոր տարբերությունը, որ գոյություն ունի Մհերի և Արտավազդի`

[էջ LVIII]

ալեզարդ Մասսի վիհերում, սանդարամետում շղթայված արքայորդու միջև։

Նույն ժողովուրդը, որը հուսավառ սպասում է Մհերի դուրս գալուն և որը նրան հնարավորություն է տվել տարագրավայրից ժամանակ առ ժամանակ դուրս գալու, Արտավազդ արքայորդու համար այլ ճակատագիր է սահմանել։ Նա ամեն ուրբաթ օր իր բոլոր դարբին որդիների ձեռքերով, երեք սրբազան հարվածով ամրացնում է այն ծանր շղթան, որով Արտավազդը գամվածէ ժայռին։

Մհերի, Բարբարոսսայի և ժողովրդին օգնելու, մարդկության բարօրության համար մարտնչած այլ հերոսների գալիք ազատագրումն ու այդ ազատագրման ակնկալությունը կարող է հիշեցնել Մեսիայի հայտնության հետ կապված հույսը, ինչպես էլ որ լինի Մեսիայի անունը՝ Մեսիա, Մշիխա, թե Քրիստոս։ Սակայն կա մի անդունդ, ավելի խոր, քան այն վիրապը, ուր իր նժույգի հետ ընկնում է արքայորդի Արտավազդը։ Այդ անդունդը Մեսիայից բաժանում է տարագրված և շղթայված արևային հերոսներին։ Մեսիան աստծո օծյալն է, որը պետք է հայտնվի աստծո անունով և գերագույն աստվածության ողորմածությամբ (ինչ անուն էլ որ ունենա այդ աստվածությունը)։ Նա ընդհանուր ոչինչ չունի այն հերոսների հետ, որոնք հանուն մարդկային բարօրության իրենց ձայնն են բարձրացրել ընդդեմ աստվածների և նրանց երկրային ներկայացուցիչների, հերոսների, որոնք աստվածային կամքին հակառակ կրակ են փախցնում ի սեր մարդկային բարօրության։ Մհերը աստծո օծյալ չէ, այլ աստծո դեմ ծառացող մարտիկ, այն աստծո, որը հանդուրժում է անարդարությունը, հանգիստ է նայում մարդկության տառապանքներին։

Ինչքան էլ չընդունենք, որ ժողովուրդների փոխադարձ «ազդեցություններ» կամ փոխառումներ են կոսմիկական առասպելների նմանությունն ու զուգադիպությունը, այն ամենը, ինչ վերաբերում է առասպելի զարգացմանը կամ էպիկական թեմային, համենայն դեպս, ժողովուրդների կուլտուրական հաղորդակցության առկայության պայմաններում, առասպելական ասքերը կամ պատմական փաստերի վրա խարսխված վիպերգությունները միմյանց հետ բաղդատելով, չի կարելի ժխտել այս կամ այն մանրամասնության ներմուծումը, որը և հարմարեցված է տվյալ ժողովրդի հերոսին։ Սակայն այս հարցը լուծելիս էլ պետք է համոզված լինել, թե փոխառում թվացող մանրամասնությունը արդյո՞ք չէր կարող անկախ և ինքնուրույն ձևով ստեղծվել, հատկապես այն դեպքում, երբ որևէ մեկուսացված փաստ ենք վերցնում։

Մոտիվի փոխառման ցայտուն օրինակ կարող է ծառայել եվրոպական միջնադարյան «Տրիստան և Իզոլդա» վեպի այն մասը, որտեղ հերոսը, ցանկանալով սիրած աղջկան տեղեկացնել իր գալստյան մասին,

[էջ LIX]

այգով անցնող առվի մեջ տաշեղներ է գցում։ Առուն հոսում է այն սրահի միջով, որտեղ աղջիկն է բնակվում, և այսպիսով, ջուրն աղջկան բերկրալի լուր է բերում, որ հերոսը մոտերքումն է։ Ջուրը բնակարան տանելու այսպիսի սիստեմը հայտնի չէ Արևմուտքին, մինչդեռ շատ է ընդունված Արևելքում՝ և՛ Իրանում, և՛ Կովկասում, և՛ լեռնային Քրդստանում։ Եվրոպական վեպի մեջ ներթափանցած այս մանրամասնի առկայությունը հիմք է տալիս մտածելու, որ պատահական չեն նաև այլ մանրամասների զուգադիպությունը «Տրիստան և Իզոլդա» վեպում, 11-րդ դարի պարսկական գրող՝ բանաստեղծ Ֆահրեդդին Գուրգանիի «Վիս և Ռամին» վեպում, քրդական «Մամե ու Զինե» վիպերգում և այլն։ Սակայն, երբ տարբեր ժողովուրդների մոտ հանդիպում ենք նույն պատմությանը, որտեղ միևնույն մահճում պառկած աղջիկն ու տղան իրար տրվելու հնարավորությունը բացառելու նպատակով մերկ սուր կամ դաշույն են դնում իրենց միջև, մենք պետք է հաշվի առնենք այդ դրվագի բնականությունը և այն ենթադրության անհեթեթությունը, թե որևէ ժողովրդի մեջ կարող է կամ կարող էր գերազանցորեն գոյություն ունենալ մահճի վրա պառկած սիրահարների միջև սուրը դնելու սովորույթը, և չպետք է իրարից կախման մեջ դնենք Զիգֆրիդի ու Բրունհիլդի, Մամեի ու Զինեի, Տրիստանի ու Իզոլդայի, Մհերի ու Գոհար խաթունի և ուրիշ մահճի վրա սրով բաժանված հերոսների ու հերոսուհիների պատմությունները։

Սակայն լինում են այնպիսի մանրամասներ, որոնք լուրջ երկմտանքի մեջ կարող են գցել ուսումնասիրողին և միայն առավել խոր հետազոտությունը կարող է ցրել այդ երկմտանքը։

Այդպիսին է մկունդի քաշին վերաբերող դրվագը «Սասունցի Դավիթ» էպոսում և Մուրոմցի Իլյայի շուրջը հյուսված բիլինաներում։ Թե՛ էպոսում և թե՛ բիլինաներում մկունդի քաշը կայուն չէ, կան տարբեր վարիանտներ, սակայն հայկական էպոսում ընդունված քաշը երեք հարյուր լիտրն է, իսկ լիտրը տասներկու ֆունտի է հավասար, հետևաբար, մկունդն էպոսում կշռում է 3600 ֆունտ կամ 90 փութ։ Մուրոմցի Իլյայի կաղնե մկունդը նույնպես 90 փութ է կշռում։ Եթե փորձենք այստեղ հայ և ռուս բանասացների միջև տեսնել ուղղակի փոխառում կամ ենթադրենք, որ երկու կողմն էլ օգտվել են մի երրորդ աղբյուրից, ապա հարկ կլիներ եզրակացնելու, որ հիշյալ քաշն ընդունված է տեղական չափերով։ Սա անհավատալի է։ Սակայն նույնքան հավանական է, որ երկու կողմն էւ մկունդի նորմալ, միջին քաշը սահմանել են հավասարաչափ, որոշակի, իբրև պայմանական թիվ ընդունված բազմապատկումով (այդ թվերից են, օրինակ, 7-ը, 12-ը, 40-ը և այլն)։ Իսկ մկունդի այս նորմալ, միջին քաշը, բնավ էլ չհանդիսանալով փոխառման առկայության ապացույց, կարող է լինել երկու ժողովուրդների փոխադարձ կամ երրորդ ժոդովրդի հետ ունեցած փոխառնչության արտացոլում, որը վերաբերում է

[էջ LX]

նյութական կուլտուրայի հաղորդակցության, այսինքն՝ նյութական կուլտուրային պատկանող առարկաների ներմուծման և արտահանման (տնտեսական իրեր, կահույք, առավել ևս զենք, որը միշտ էլ առանձնապես դյուրին է թափանցում նույնիսկ ամենահեռավոր միջավայրը)։

Երբ դնում ենք այն հարցը, որ անհրաժեշտ է լուսաբանել տասներորդ դարում ստեղծված հայկական էպոսի և նույն տասներորդ դարում Կիևի շրջակայքում արդեն ստեղծվող ռուսական բիլինաների միջև եղած առավել հետաքրքրական զուգադիպությունները, էպոսում և բիլինաներում հանդես եկող երկրագործի կերպարների նմանությունը, Սվյատոգորի և երկու Մհերների որոշ առանձնահատկությունները, այր դյուցազունների և կին դյուցազնուհիների մենամարտերը, արդեն տասնհինգ տարի հողի տակ թաղված դյուցազնական զենքի և տասնհինգ տարի գետնի տակ պահված նժույգի թեմաները, Մուրոմցի Իլյայի և Դավթի մենամարտը իրենց որդիների հետ և տասնյակ այլ անվիճելի զուգահեռներ, ապա մտածում ենք, որ առանձին ուշադրության են արժանի աննշան թվացող այնպիսի մանրամասնություններ, ինչպիսին դյուցազնական մկունդի քաշն է։

Հանրագումարի բերելով վերևում մեր ամբողջ ասածը, պետք է նշենք, որ աշխարհի ժողովուրդների հնագույն վիպերգությունների շարքում պատվավոր տեղերից մեկը անվիճելիորեն պատկանում է «Սասունցի Դավիթ» էպոսին, և դա որոշվում է թե՛ վերջինիս առասպելական կողմով, թե՛ էպոսի այն մասերով, որտեղ գովերգվում են նրա հերոսների երկրային սխրագործությունները։

Էպոսի առասպելական կողմը իր մի քանի առանձնահատկություններով հնարավորություն է ընձեռում առաջ քաշելու տարբեր ժողովուրդների հնագույն կուլտուրական կապերի հարցը և առաջին հերթին Սովետական Միության մեջ միավորված ժողովուրդների կուլտուրական կապերի հարցը։

Այս տեսակետից յուրահատուկ արժեք է ներկայացնում էպոսի պատմական մասը, որը հնարավորություն է տալիս նոր, ցայտուն օրինակներով բացահայտելու այն հետաքրքրական պրոցեսը, թե ժողովրդի հիշողության մեջ ինչպե՞ս է ստեղծվել հիմնականում երկրային, սակայն ժողովրդական բանահյուսության մեջ տիտանական հատկանիշներով օժտված հերոսի կերպարը։ Բազմաթիվ ժողովուրդների վիպերգություններում ընդհանուր է այն երևույթր, երբ ժողովրդի սիրած հերոսը վեր է ածվում տիտանի, սակայն այդ կերպարը (նայած թե ո՛ր դասակարգն է այն ստեղծում) իր մեջ կենտրոնացնում է դասակարգային իդեոլոգիայի այս կամ այն ընդհանրացնող գծերը։

Հայ ժողովրդի տարբեր խավերի իդեոլոգիայի զարգացման պատմության համար էպոսն առանձնապես բարձր արժեք է ներկայացնում,

[էջ LXI]

քանի որ այդ էպոսն ամբողջ ձայնով խոսում է այն խավերի ձգտումների և երազանքների մասին, որոնք հայրենիքի պաշտպանության ու աշխատավոր մարդկանց վիճակի բարելավման համար դարեր շարունակ սխրագործություններ էին կատարում` աշխատանքի ասպարեզում թե ռազմի դաշտում, առանց ազդարարելու այդ մասին արտաքին աշխարհին, և նրանց այդ լռությունը նույնքան խորն էր, որքան տիրապետող դասակարգի ներկայացուցիչների լռությունը ժողովրդական ներքնախավի կատարած արիության ու սխրագործությունների հանդեպ։

Մեզ՝ սովետական ընթերցողներիս համար «Սասունցի Դավիթը» առանձնապես թանկ է նրանով, որ այնտեղ, բացի էպոսի գեղարվեստական արժանիքներից, հայրենիքի և ժողովրդի համար մարտնչող հերոսների կերպարների մեջ արտակարգ ցայտունությամբ դրսևորված են այն գաղափարներն ու զգացմունքները, որ դարեր շարունակ փայփայել է մարդկությունը։ Այդ գաղափարներն ու զգացմունքներն առանձնապես վառ են դրսևորված Դավթի և նրա որդի Մհերի կերպարներում, որոնց հետ նրանց ստեղծող ժողովուրդը կապել է իր ամենանվիրական երազանքը՝ հին աշխարհը կործանելու և նոր աշխարհ ստեղծելու երազանքը։

Ակադեմիկոս ՀՈՎՍԵՓ ՕՐԲԵԼԻ

[էջ LXIII]

ԿԱԶՄՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ

Մեր աշխատանքը հանդիսանում է հայ ժողովրդի դարերի խորքից մեզ հասած բազմերանգ ու հարուստ ստեղծագործության -«Սասունցի Դավիթ» համահավաք հյուսված տեքստը կագմելու առաջին փորձը։

«Սասունցի Դավիթ» էպոսի համահավաք հյուսվածո տեքստը կազմելիս՝ ելակետ ենք ունեցել էպոսի 1000-ամյակի տոնակատարության Հոբելյանական Ռեսպուբլիկական Կոմիտեի հաստատած հետևյալ սկզբունքները.

1. Ի մի հավաքել և հաջորդականությամբ խմբագրել գրի առնված 50 տեքստերի մեջ եղած այն բոլոր էպիզոդները, որոնք օրգանապես կապված են էպոսի սյուժեի զարգացման հետ և չեն հակասում էպոսի ամբողջական կառուցվածքին և ոգուն։

2. Էպոսի ընդհանուր ռիթմը ի նկատի ունենալով՝ առանձին տողերը ենթարկել ռիթմական միօրինակության՝ դուրս չգալով էպոսի տողերի իմաստի ու շարահյուսության սահմաններից՝ երբեմն միայն առանձին բառեր պակասեցնելով կամ ավելցնելով ու վերադասավորելով բառերը։

3. Տարբեր պատումների բարբառային առանձնահատկություններն ի մի բերելու և անհասկանալիությունները վերացնելու համար՝ տարբեր բարբառների հնչյունները մոտեցնել արարատյան բարբառի հնչյուններին, պահպանելով արևմտյան բարբառների մի շարք քերականական ձևեր` ինչպես, օրինակ, «տ», «տի» ձևերը և «կը»–ի գործածումը ներկա ժամանակի համար, սակայն հիմնականում էպոսը պատմել անցյալ կատարյալ ժամանակով։

4. «Սանասար և Բաղդասար» ճյուղի առաջին և երկրորդ մասերը հյուսել է պրոֆեսոր-դոկտոր Մանուկ Խաչատուրի Աբեղյանը. «Առյուծաձև Մհեր» ճյուղը և «Սասունցի Դավիթ» ճյուղը՝ մինչև «Դավիթ և Խանդութ»

[էջ LXIV]

մասը, հյուսել է պրոֆեսոր Գևորգ Արշակի Աբովը, իսկ այդ ճյուղի II` «Դավիթ և Խանդութ» մասը և «Պստիկ Մհեր» ճյուղը՝ ավագ գիտական աշխատող Արամ Տիգրանի Ղանալանյանը։

Էպոսի ընդհանուր տեքստը ենթարկվել է վերոհիշյալ բրիգադայի քննությանը, կարդացվել ու քննության է ենթարկվել ՍՍՌՄ Գիտությունների ակադեմիայի Հայկական ֆիլիալի գիտական խորհրդի ու ՀՍՍՌ Գրողների Միության Վարչության ընդլայնած միացյալ նիստերում, կարդացվել է «Սասունցի Դավթի» Հոբելյանական Ռեսպուբլիկական Կոմիտեի նիստերում և հաստատվել Է նրա կողմից։

Պրոֆ.-դոկտ, Մ. Խ. ԱԲԵՂՅԱՆ
Պրոֆ. Գ. Ա. ԱԲՈՎ
Ավագ գիտ. աշխ. Ա. Տ. ՂԱՆԱԼԱՆՅԱՆ

 


Բովանդակություն  |  Կազմ, տիտղոսաթերթ, 1-2 էջեր  |  Նախաբան
Ճյուղ I. Ա / Բ  |  Ճյուղ II. Ա / Բ
Ճյուղ III. Ա-1 / Ա-2 / Ա-3 / Ա-4 / Ա-5 / Բ-1 / Բ-2
Ճյուղ IV. Ա / Բ
Վերջերգ  |  Բառարան  |  Վայրերի անուններ

 

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր՝ «Սասունցի Դավիթ», Երևան, Հայպետհրատ, 1961թ.:
Տրամադրեց՝ Միքայել Յալանուզյանը

Տես նաև

«Սասունցի Դավիթ» հերոսավեպի մասին
Հովհաննես Թումանյան. Սասունցի Դավիթ
Валерий Брюсов: Сасунци Давид

Հայ հին վիպաշխարհը

Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice