ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian
Հովհաննես Թումանյան

ԱՐՋԱՈՐՍ

Մի կերի տարի ես ու մեր Ավագը Մասրեքում խոզ էինք պահում: Հիմի մի աշունքվա գիշեր բերել ենք խոզը իր նիստը արել ու դափի դռանը մի կրակ վառել, որ բոցն աստծու ոտներն էրում է: Մի լուսնյակ գիշեր է: Ես պկու եմ ածում, էս Ավագն էլ մի բայաթի է վեր քաշել, որ սար ու ձոր գըվգըվում են:

Մին էլ Ավագը թե՝ «Ա՜յ տղա, էն ո՞վ է, հրե մի մարդ է գալի վերի կռնիցը»:

Մտիկ տամ տեսնեմ, դրուստ որ, մի մարդ է գալի վերևիցը: Ամա ես էլ լսել եմ, որ արջը գողության գալիս` խաբելու համար առաջի երկու ոտը դոշին է գնում, երկու ոտանի մարդի նման է գալի, ոնց որ մարդ ըլի: Ասի՝ Ավագ, էս օքմին չի, արջ է:

Թե` բո՛հ, չէ չէ պոզեր:

Ա՜յ տղա, ասի, արջ է:

Ես հա, սա` չէ. ես՝ հա, սա՝ չէ: Իսկ նա էլ կամաց-կամաց կողքըհան մոտենում է, ու ձեռներիս էլ հրացան չկա: Մին

էլ էն տեսանք առաջի երկու ոտը վեր դրավ, դառավ չորսոտնանի ու, ա՛ռ հա կտաս՝ խոզի կես տեղը: Խոզը ճղճղալով իրար խառնվեց, հավաքվեց արջի վրա:

— Ալաբա՛շ, բռնի հա՛ բռնի, հրես հա՛, հրես: Ամեն մինս մի ածխակոթ վեր կալանք, վազեցինք: Մի հաստլիկ մերուն ունեինք. ականջ դնենք, որ սրա ճղղոցը ներքի փոսերիցն է գալի: Վազ տվինք փոսերի վրա: Ածխակոթը քաշել ենք, հիմի էս անիրավին վեր ենք հատում, տալիս ենք, ինչ անում ենք, չենք անում, մերունը բաց չի թողնում. առաջներս խտըտած ձորն է ընկնում: Վերջը շատ տեղը նեղացրինք, չէ, թող արավ, փախավ:

Առավոտը ասի՝ Ավագ, դու խոզի կշտին կաց, ես գնամ տանիցը մի հրացան բերեմ:

Թե` դե՛, լավ:

Ավագը խոզի կշտին կացավ, ես գնացի. տանը մի հին հրացան ունեինք, վեր կալա եկա: Եկա, շիտակ գնացի ներքի մոշուտնին, որտեղ գիտեմ արջի տեղն է: Ման էկա. որ գտա ոչ, մի տեղ մի լավ մոշուտ պատահեց, կանգնեցի, ասի մի քիչ մոշ ուտեմ. Միամիտ մոշ ուտելիս հենց մոշենու տակիցը մինը ֆրթացրեց ու հրացանս բռնեց:

Դու մի ասիլ, գնացել եմ հենց անտեր արջի վրա եմ կանգնել:

Որ հրացանիս լուլիցը բռնեց, ես էլ կոթը պինդ բռնեցի: Հիմի նա օլորում է, ուզում է կոտրի, ես էլ օլորում եմ, որ հենց անեմ ծերը վրեն ընկնի, հուպ տամ, ծուխը փորն անեմ: Բայց անտերը գլխի է ընկել, թողնում չի:

Ես ձգեցի, նա ձգեց. տեսա, որ բան չի դառնում, ձեռս գցեցի, ասի հանկարծ խլեմ: Ձեռս գցեցի թե չէ, թանթլիկը բերավ ուսովս պատ տվավ: Որ թանթլիկն ուսովս պատ տվավ, հրացանը բաց թողեց: Էնքան արի՝ հրացանի ծերը փորին դեմ առավ, չախմախը ձեռս գցեցի, ասի՝ էս է, բանը պրծավ: Վերի ոտը քաշեցի՝ չրթկացրի, տրաքեց ոչ: Մտիկ տամ, տեսնեմ՝ քարը վեր է ընկել, կորել: Էնտեղ մեջքս կոտրեց: Հրացանը բաց թողի, ասի՝ խտըտիցն ազատվեմ. եղավ ոչ: Բռնեցինք իրար:

Դես քաշեցինք, դեն քաշեցինք: Տեսնեմ՝ անտերն էս է, ինձ ուտում է: Ձեն տվի` «Ալաբաշ հե՜յ..., Ա՛լա բաշ հե՜յ...»:

Մին էլ տեսա շունը կլանչելով գալիս է: Եկավ, հասավ: «Ա՜լաբաշ, օգնի, ասի, ինձ կերավ... »: Հա՛յ քեզ մատաղ, շո՜ւն. որ հասավ մեջքին տվավ էլի, ոնց որ մի գնդակ ըլի: Ամա ի՜նչ, էն շունը թե նրա մեջքին տված, թե էն լեռ քարափին:

Ոնց որ երկու փահլևան պինդ իրար բռնեն, բռնել ենք ու աչք աչքի ենք գցել: Մին էլ տեսա՝ կում արավ ու մարդի պես երեսիս մի մեծ թքեց — թո՜ւ: Որ թուքն աչքերս բռնեց, գլուխս դոշիս վրա կռացրի, ետնուց էլ թանթլիկով մի թունդ ապտակ հասցրեց, ու ինձ կորցրի:

Տեսա էլ ազատվելու դուռը չկա, ասի ես առաջուց երեսիս վրա վեր ընկնեմ, որ երեսս փչացնի ոչ: Բերանսիվեր տակին վեր ընկա: Որ տակին վեր ընկա, շունն ավելի կատաղեց: Արջն ընկել է ինձ վրա, շունը ետևից իրեն ուտում է, որտեղից բռնում է՝ օգուտ չի անում: Դու մի ասիլ վարպետ շուն է, գիտի արջը որտեղից կխեղճանա: Մեջքին վեր էլավ, ականջներիցը բռնեց: Որ ականջներիցը բռնեց, արջը ինձ թողեց: Անտերը գազազեց, շանը թափ տվեց մեջքից, վեր գցեց ու բռնեց, հուպ տվավ թե չանչեց, էլ գիտեմ ոչ` ինչ արավ, որ բաց թողեց, շունը կլանչելով ձորն ընկավ, փախավ, կորավ:

Շունն էլ գնաց. մնացինք ես ու ինքը: Հիմի տակին երեսս բռնած միտք եմ անում: Իմացել եմ, որ արջը ականջ է դնում, տեսնի շունչ կա, թե չէ: Թե իմանում է, որ շունչ է քաշում տակի օքմինը, ջարդում է, մինչև շունչը կտրի, թե հո չէ՝ քոթքաթաղ է անում, թողնում գնում, որ հոտի, հետո գա հանի ուտի: Էս միտք անելիս մին էլ էն տեսա՝ գլուխը բերավ գլխիս վրա դրավ, շունչը իրեն քաշեց. ականջ է դրել: Ես էլ շունչս փորս գցեցի, ոնց որ թե մեռած եմ: Գլուխը վեր քաշեց, մի քիչ կռացավ` մին էլ ականջ դրավ: Էլ ետ շունչս պահեցի: Սա որ տեսավ՝ ես էս է մեռած եմ, ինձ թող արավ մրթմրթալով գնաց: Աչքս ծերպ արի, ասի՝ մտիկ անեմ, տեսնեմ ուր է գնում: Ասում եմ՝ հենց լինի մի քիչ տեղ հեռանա, վեր կենամ փախչեմ:

Գնաց՝ մոտիկ ցախ ու մախ կար, փետ կար, հավաքեց բերավ վրես ածավ: Մեջքիս վրա դրավ, շլինքիս վրա դրավ, էլ ետ գնաց: Գնաց, մի թեթև ցըցչորի կար, էն էլ բերավ ոտներիս վրա դրավ, մին էլ ետ գնաց:

Տեսնեմ՝ մի ահագին քոթուկ կա, չարչարվում է պոկի, որ բերի էն էլ վրես գցի: Միտք արի որ` թե էս քոթուկը բերի վրես գցի, տակին շունչս կկտրի: Ասի, քանի ուշքը քոթուկումն է, վեր կենամ կորչեմ: Փորսող տալով փետերի տակիցը դուրս եկա, փախա մտա մոտիկ մամխուտը, տապ արի:

Հիմի տապ արած տեղիցս մտիկ եմ անում: Չարչարվեց, քոթուկը պոկեց ու, ոնց որ մարդը խտըտի, խտըտեց, բերավ թե վրես գցի: Եկավ տեսավ փետերի տակին մարդ չկա: Քոթուկր խտըտին զարմացած կանգնեց, փետերի տակին մտիկ արավ, չորս կուռը մտիկ արավ, հանկարծ քոթուկը վեր գցեց ու թո՛ւ հա թո՛ւ, թո՛ւ հա թո՛ւ, մարդի նման թքոտում է. ասի երևի ափսոսում է, էլի՛:

Թո՛ւ հա թո՛ւ անելով, ճռճռացնելով ընկավ ներքի ձորը: Ես էլ վեր կացա, դուրս պրծա դեպի Ավագը: Գալիս եմ, ոնց եմ գալիս, ոնց որ հետ ածած լինեմ: Ետ եմ մտիկ անում, ասում եմ տեսնեմ, հո արջը գալիս չի: Հասա մեր խոզի նիստը: էս Ավագը թե՝ ա՜յ տղա, էդ ի՞նչ խաբար է, էդ ի՞նչ ես եղել: Ասի՝ էլ խաբարը ո՞րն է, քո տունը քանդվի, էսենց բան եկավ գլուխս: Թե՝ բա հրացանըդ ո՞ւր է:

Նոր տեսնեմ, որ հրացանս մտիցս ընկել է. թողել եմ տեղը:

Եկանք մի քանի հոգի հավաքվեցինք, գնացինք հրացանս բերինք: Հրացանիս քարը շինեցի, պնդացրի, ասի՝ Ավա՛գ, էլի պետք է գնամ: Թե՝ ա՛յ տղա, ձեռը վեր կալ, կբռնի կգզի: Ասի՝ հիմի սովորեցի, էնպես չեմ անի, որ բռնի:

Թե՝ դու գիտես:

Հրացանս վեր կալա, քարը պնդացրի ու գնացի: Տանձի էլ կաթոցի ժամանակն է: Գնացի մինչև ճաշ ման եկա, ոտնահան եղա. գտա ոչ: Միտք արի` ախպեր, սա ուր կլինի քաշված, ախր սա պետք է որ էս խոզի կողմերից հեռանա ոչ: Վեր կացա, ասի ներքևեմ մոշուտների վրա:

Մի քիչ գնացի, մին էլ տեսնեմ, ըհը , արջի հետքը առաջիս: Հետքն ընկա գնացի. գնամ՝ տեսնեմ հրես մի բարդի կրծել է, կրծել ու թողել: Գլխի ընկա, որ սրանում մեղր կա: Վերև մտիկ տամ, ճանճը արկանոցից բանում է: Ասի հիմի թե իրեն գտնեմ էլ ոչ, էս հո որս է ու որս: Մի քիչ էլ գնացի, տեսնեմ առաջիս մի մորմոնջաբուն է քանդել, բայց հողը դեռ թաց է: Տեսա որ մոտեցել եմ: էստեղ մի անտեր ահ ընկավ սիրտս: Հրացանի քարին մտիկ տվի ու առաջ գնացի: Հենց ոտս փոխեցի, մի թրմփթրմփոց եկավ: Կանգնեցի... Բացատի գլխին մի լավ մեղրատանձի կա. տեսնեմ հրես տակին տանձ է ուտում: Էս կռանը մի տանձ է կաթում, դեսն է վազում, մրթմրթալով ծամում ու ականջ դնում, էն կռանը մի տանձ է կաթում, դենն է վազում: Մին էլ որ կանգնեց տանձի կաթոցին ականջ դնելու, ծառի տակը մտա, հրացանն երեսս կալա: Տեսնեմ հրացանի ծերը տըմբտըմբում է: Չէ՜, սիրտս պնդացրի, մին էլ նշան դրի, հուպ տվի... Հրացանը որ տրաքեց, սա մի գոռաց, պըտիտ եկավ, ու առ հա կտաս, ընկավ ներքի ձորը: Հրացանս մին էլ լցրի, մոտիկ թմբի գլուխը բարձրացա, տեսնեմ սա ջրին է վազում. ասի` բաս սրա բանը խարաբ է. վիրավորը որ ջրին գնաց, ջուր խմեց — պրծավ, էլ ապրիլ չի:

Մին ասի՝ ետևիցը գնամ, մին էլ ասի՝ անեծք չար սատանին. վիրավոր արջը գեշ է, կբռնի, կփչացնի: Էն է, ինչ նա դենը գնաց, ես էլ ետ եկա, էլ գիտեմ ոչ ինչ եղավ:

Միայն էն օրերում ձորի վրա շատ ուրուր պըտիտ եկավ...

1899


Աղքատի պատիվը | Լեռների հովիվը | Գիքորը | Արջաորս
Գաբո բիձու շերամապահությունը | Երկու հայր

 

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր՝ Հովհաննես Թումանյան - Ընտիր երկեր, 2 հատորով:
«Սովետական գրող», Երևան, 1985թ.

Տրամադրել է՝ Մ. Յալանուզյան

Տես նաև

Թումանյանի ստեղծագործությունները հայերեն և ռուսերեն։
English translations of Tumanyan's poetry by Alice Stone Blackwell.

Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice