ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian
Հովհաննես Թումանյան

ԼԵԶՈՒՆ ԿՏՐԱԾ ԾԻՏԻԿԸ

(ՃԱՊՈՆԱԿԱՆ)

Վաղուց պատահած բան է... Ասում են՝ մի չար պառավ ուզում է ճերմակեղենը օսլայի, մի քիչ օսլա է դնում ամանի մեջ։

Հարևանի ձեռնասովոր ծիտը գնում է օսլան կտցահարում։ Պառավը վրա է հասնում։

— Ա՜յ դու անպիտան արարած...— բարկանում է վրեն ու բռնում է լեզուն կտրում։

Ծիտիկը թռչում է գնում։ Հարևանուհին լսում է, որ իր սիրելի ծիտիկի լեզուն կտրել են։ Սաստիկ վշտանում է. վեր է կենում իր մարդու հետ ճամփա է բռնում, սար ու ձոր ընկնում, որ իմանա, թե ո՛ր կողմը թռավ իր ծիտիկը։

Մարդ ու կնիկ գնում են ու ձեն տալի.

— Ո՞րտեղ է լեզուն կտրած ծիտիկը։ Լեզուն կտրած ծիտիկը ո՞րտեղ է կենում։

Վերջապես գտնում են ծիտիկի տունը։

Ծիտիկը որ տեսնում է իր հին տերն ու տիրուհին իրեն տես են եկել, ուրախանում, աշխարհքով մին է լինում։ Ներս է հրավիրում, շնորհակալություն է անում առաջվա տեսած լավությունների համար ու պատիվ է տալի։ Սեղան է բաց անում, էնքան ձուկն ու գինի է լցնում, որ էլ դատարկ տեղ չի մնում։ Կինը, որդիքն ու թոռներն էլ ոտի վրա ծառայում են։

Վերջը ինքն էլ բաժակը մի կողմն է շպրտում ու վեր կենում ծտավարի պար գալի։ Ու էդպես ուրախ անց են կացնում ամբողջ օրը։ Իրիկունը որ ընկնում է, պառավները խոսք են բաց անում, թե իրենց տուն գնալու ժամանակն է։ Էստեղ ծիտիկը գնում է երկու ուռի զամբյուղ է բերում, ասում է.

— Ա՛յ, էս երկու զամբյուղը, մինը թեթև, մյուսը ծանր, որը կուզեք՝ ընտրեցեք ձեզ համար։

Հյուրերը, թե`

— Մենք պառավ մարդիկ ենք. բեր մեզ թեթևը տուր, ավելի լավ է, հեշտ կտանենք, ծանրն ի՞նչ ենք անում։

Առնում են թեթև զամբյուղն ու վերադառնում տուն։ Տանը ասում են.

— Բեր մի բաց անենք, տեսնենք ի՞նչ կա մեջը։

Բաց են անում ի՞նչ են տեսնում՝ էլ ոսկի, էլ արծաթ, էլ անգին քար, էլ թոփերով մետաքսեղեն... էն տեսակ մի բան, որ իրենց օրում իսկի մտքներովն էլ չեն անցկացրել։ Քանի հանում են, էնքան ավելի շատ է մնում մեջը։

Անվե՜րջ-անհատնում։

Ու միանգամից հարստանում են։

Էս բանը լսում է ծիտիկի լեզուն կտրող չար պառավը։ Նախանձում է հարևանների բախտին։ Հարց ու փորձ է անում, թե որտեղ է կենում լեզուն կտրած ծիտիկը, տեղն ու ճամփեն սովորում է։

— Ես էլ կերթամ ծիտիկի մոտ,— ասում է ու ճամփա ընկնում։

Գնում է գտնում։ Դարձյալ ծիտիկը երկու զամբյուղ է բերում ու ասում.

— Ահա երկու զամբյուղ, մինը ծանր, մյուսը թեթև, որն ուզում ես, ջոկի քեզ համար։

Պառավը միտք է անում՝ որ միջի գանձն ինչքան շատ լինի, զամբյուղն էլ էնքան ծանր կլինի, ասում է՝ բեր ծանր զամբյուղը տուր ինձ։

Շալակում է ծանր զամբյուղն ու ճամփա ընկնում ղեպի տուն։

Զամբյուղը քարի պես ծանր է լինում, տանելը դժվար։ Տնքալով տանում է։

Ծիտիկները ետևից մտիկ են անում ու ծիծաղում։

Տանում է տուն։ Տանում է, ագահ-ագահ բաց է անում։

Բաց է անում թե չէ՝ աղմուկով դուրս են թափում այլանդակ–անճոռնի չար ոգիները, տեղն ու տեղը խեղդում չար պառավին։


Անտառի տնակը | Երեք արջի հեքիաթը | Փոքրիկ ձկնորսը | Ոսկի քաղաքը
Որոտ թագավորը | Լեզուն կտրած ծիտիկը | Աստղերից իջած կինը
Մարդակերի աղջիկն ու խորհրդավոր վարպետը | Կախարդի տնակը
Գեղեցկուհի Վասիլիսան | Անգին քարը | Լուսերեսն ու Վարդերեսը
Սագարած աղջիկը | Զարմանալի աշուղը | Գորտը | Հենզելն ու Գրետելը | Կարմրիկը
Մոխրոտը | Ճերմակ օձը | Կարմիր Ծաղիկը | Աներևույթ թագավորությունը

Թումանյանի հեքիաթները

 

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր՝ Հովհաննես Թումանյան - Հեքիաթներ:
«Սովետական գրող», Երևան, 1978թ.

Տրամադրել է՝ Մ. Յալանուզյան

Տես նաև

Թումանյանի ստեղծագործությունները հայերեն և ռուսերեն։
English translations of Tumanyan's poetry by Alice Stone Blackwell.

Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice