ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian

Ոսկեփորիկ. նմուշներ հին և միջնադարյան արձակից

ՈՍԿԵՓՈՐԻԿ

Նախորդ էջԲովանդակություն  | Հաջորդ էջ

[էջ 117]

ՎԱՐԴԱՆ ԱՅԳԵԿՑԻ (XII-XIII ԴԴ.)

ԳԱՐՈՒ ՀԱՇԻՎԸ

Մի մարդ կալից գրաստով գարի էր կրում տուն։ Եվ քուռակը մոր հետ գնում էր և ետ դառնում։ Իսկ տանը, ուր կրում էին գարին, մի խոզ կար, կապած, որին գիրացնում էին: Եվ գարին անպակաս էր նրանից, որպեսզի ուտի և գիրանա։

Եվ քուռակն ասաց մորը.

— Ւնչո՞ւ այն խոզն առանց աշխատանքի ուտում է գարին, որ մենք կրում ենք մեծ դժվարությամբ, և մեզ, որ չարչարվում ենք,՝ օրը մի անգամ են գարի տալիս։

Մայրն ասաց.

— Լսի՛ր, որդյակ, մի շաբաթ ևս համբերիր, և ապա ես քեզ պատասխան կտամ, և քո աչքով կտեսնես։

Եվ մի շաբաթ հետո էշը և քուռակը բեռով տուն էին գալիս, քուռակը մորից առաջ էր գնում և լսեց խռնչոցի ահագին ձայն, որովհետև խոզը մորթում էին։ Եվ խրտնեց քուռակը և ետ փախավ դեպի մայրը, և մայրն ասաց.

— Ի՞նչ եղավ քեզ, որդյա՛կ, որ սոսկում ես, մի վախենար խոզից, որովհետև նրանից գարու հաշիվն են պահանջում:

Եվ դարձյալ եկան կալը` գարի կրելու։ Եվ երբ բարձած վերադարձան տուն, քուռակը բարձրացնելով ոտքի սմբակը, մորն ասաց.

— Ո՜վ մայր, տես թե ոտքիս չի՞ փակչել գարու մի հատ, որ ինձնից էլ հաշիվ չուզեն, ինչպես խոզից։

[էջ 118]

ԱՅՐԻ ԿԻՆԸ ԵՎ ՈՐԴԻՆ

Մի այրի կին ուներ տասը այծ և մի որդի։ Եվ ամեն օր որդին այծերը տանում էր արոտ, և մայրն ամեն օր մի շերեփ ջուր էր լցնում կաթի մեջ և փոխ էր տալիս հարևաններին:

Եվ որդին մորն ասաց.

— Ինչո՞ւ ես այդպես ջուր լցնում կաթի մեջ և փոխ տալիս հարևաններին։

Մայրն ասաց.

—Որդի, մեր կաթը քիչ է, դրա համար եմ անում, որ մեր կաթը մի քիչ ավելի լինի, որ ձմեռը մեզ թացան լինի։

Իսկ մի օր, երբ որդին այծերին արոտ էր տարել, երկնքում ծնվեց մի փոքր ամպ, և անձրև եկավ, և հեղեղ եղավ և այծերը սրբեց լցրեց գետը։ Որդին տուն եկավ արևով և դատարկ և ձեռքին միայն փայտը։ Մայրն ասաց.

— Որդի, ո՞ւր են այծերը, և ինչո՞ւ դու այսօր արևով եկար։

Որդին ասաց.

— Մայրիկ, այն մի շերեփ ջուրը, որ խառնում էիր կաթին և փոխ տալիս հարևաններին, հավաքվեց և հեղեղ դարձավ և եկավ մեր այծերը տարավ լցրեց գետը։

ՄԻԱՅՆԱԿՅԱՑԸ ԵՎ ԳԱՄՓՌ ՇՈԻՆԸ

Մի միայնակյաց բնակվում էր մի գյուղի մոտ և գյուղում նա սիրեց մի աղջիկ և բազում ժամանակ նրա հետ շնանում Էր։ Եվ գյուղի տանուտերն ուներ մի գամփռ շուն, որ խիստ պահող շուն էր և ամբողջ գյուղը պահում էր:

Մի գիշեր միայնակյացը եկավ, որ շնանա այն կնոջ հետ, և գյուղի եզրին նրան հանդիպեց տանուտերի շունը և գամփռեց նրա վրա և նրան կծեց և արյունը ճապաղ արեց և շատ վերքեր արեց և նեղելով նրան քշեց։ Եվ միայնակյացը լալով ու արյունաթաթախ մտավ խուցը և դուռը փակեց, զղջաց և չոքեց աղոթքի, լաց եղավ և կուրծքը ծեծելով ասաց.

— Աստված, բազում ժամանակ է, որ շնացա և չվախեցա քո դատաստանից և ոչ դառն դժոխքից զարհուրեցի, բայց այս գիշեր զարհուրեցի մի գամփռ շնից և չկարողացա շնություն անել։

[էջ 119]

ԱՅԾԵՐԸ ԵՎ ԳԱՅԼԵՐԸ

Հավաքվեցին այծերը միասին և պատգամ ուղարկեցին գայլերի ազգին և ասացին, թե ինչո՞ւ մեր մեջ լինի անհաշտ խռովություն, այլ ոչ թե խաղաղություն:

Եվ հավաքվեցին գայլերը և ուրախացան մեծ ուրախությամբ և նամակով պատգամ ուղարկեցին այծերի ազգին, նաև անթիվ ընծաներ։ Եվ գրեցին այծերին. «Լսեցինք ձեր բարի խորհուրդը և գոհ ենք աստծուց, որովհետև մեզ համար մեծ խնդություն է և խաղաղություն, նաև իմացնում ենք ձերդ իմաստության, որ հովիվն ու շներն են պատճառ և սկիզբ մեր խռովության և կռվի, և եթե նրանց վերացնենք մեջտեղից, շուտով խաղաղություն կլինի»:

Եվ այս լսեցին այծերը, հաստատեցին և ասացին.

— Իրավացի են գայլերը, որ մեզ սպանում են, որովհետև շները և հովիվը նրանց հալածում են մեզնից:

Եվ այծերը վտարեցին շներին ու հովվին և երդվեցին, որ հարյուր տարի մնան անխախտելի սիրով։ Եվ այծերը ցրվեցին լեռները և դաշտերը և սկսեցին ուրախ լինել և ցնծալ և խաղալ, որովհետև արածում էին լավ արոտներում, ուտում էին համեղ խոտեր, խմում էին պաղ ջուր և ուրախանում էին և վազվզում էին, փառք տալով, որ հասան բարի ժամանակի։

Եվ գայլերը համբերեցին հարյուր օր, ապա հավաքվեցին դաս–դաս ընկան այծերի վրա և կերան։

ԵՐԿՈԻ ՆԿԱՐԻՉ

Մի թագավոր շինեց գեղեցիկ դարբաս և կամեցավ զարդարել այնպիսի նկարներով, որոնց նման ոչ մի տեղ չէր եղել: Եվ ընտրեց երկու նկարիչների և մեկին տվեց մի պատը, մյուսին՝ մյուս պատը և նրանց միջև վարագույր քաշեց։

Եվ երբ նկարիչներն ավարտեցին իրենց գործը, թագավորը եկավ, որ տեսնի նրանց գործը և տեսավ, որ մեկը նկարել էր գեղեցիկ պատկեր և շատ հավանեց։ Իսկ մյուսը բնավ ոչինչ չէր նկարել, նա պատը շատ գեղեցիկ սարքել էր և կոկել հայելուց ավելի լավ։

[էջ 120]

Երբ թագավորը տեսավ, որ չէր նկարել, այլ միայն կոկել էր, զարմացավ և ասավ.

— Դու ի՞նչ ես արել:

Նա ասաց.

— Ես ցույց կտամ իմ գործը։

Եվ ապա վեր քաշեց միջի վարագույրը և, երբ լույսը ծագեց, և լուսավորեց կոկած պատը, այն ժամանակ մթնեց նկարազարդ պատը, որովհետև հայելու մեջ երևում էին այն բոլոր պատկերները, որ նկարված էին մյուս պատի վրա։

Եվ թագավորն ասաց.

— Սա մյուսից գեղեցիկ է։

ԱՌՅՈԻԾԸ ԵՎ ԱՂՎԵՍԸ

Սի առյուծ կորյուն ծնեց, և հավաքվեցին կենդանիները կորյունին տեսնելու և ուրախանալու։

Աղվեսն եկավ և հանդեսի ժամանակ, բազմության մեջ առյուծին նախատեց բարձրաձայն և անարգեց, թե ա՞յդ է թո զորությունը, որ ծնում ես միայն մի կորյուն և ոչ բազմաթիվ։

Առյուծը հանդարտաբար պատասխանեց և ասաց.

— Այո, ես ծնում եմ մի կորյուն, բայց առյուծ եմ ծնում և ոչ քեզ նման աղվես։

ԻՄԱՍՏՈՒՆ ԴԱՏԱՎՈՐԸ

Մի մարդ ուներ չար կին, և կինը կռվեց նրա հետ և ասաց.

— Կարծում ես, թե քո երեք որդիները քեզնի՞ց են։ Մեկն է քեզնից, իսկ երկուսը՝ բիճ են։

Եվ նա հարցրեց, թե ո՞րն է իմը և կինը չասաց։ Եվ երբ հայրը մեռնում էր, ասաց.

— Իմ ամբողջ կայքը թող լինի իմ հարազատ որդուն։ Եվ եղբայրները կռվում էին իրար հետ, մեկն ասում էր, ես եմ հարազատ որդին և մյուսը՝ թե ես եմ։ Եվ գնացին մի իմաստուն դատավորի մոտ։ Եվ դատավորը հրամայեց նրանց հորը հանել գերեզմանից և նետ արձակել նրա վրա։ Ով

[էջ 121]

հորը խփեր նետով, և նետը հակեր հոր մարմինը, նա էր հարազատ որդին։

Եվ երկու որդիները խփեցին հորը, իսկ ճշմարիտ որդին դանակը քաշեց, որ սպանի եղբայրներին և լաց եղավ դառն արտասուքով և թաղեց հոր մարմինը:

Եվ իմացան, որ նա էր հարազատ որդին և նրան տվեցին հայրենի կայքը։

ԱՌՅՈԻԾԸ, ԳԱՅԼԸ ԵՎ ԱՂՎԵՍԸ

Առյուծը, գայլը և աղվեսն եղբայր եղան և որսի ելան և գտան մի խոյ, մի ոչխար, որ է մաքի, և մի գառ։ Ճաշի ժամին առյուծն ասաց գայլին՝ բաժանիր մեր մեջ այդ որսը։
Եվ գայլն ասաց,

— Ո՜վ թագավոր, աստված արդեն բաժանել է՝ խոյը քեզ, մաքին ինձ և գառն աղվեսին։

Եվ առյուծը բարկանալով, ապտակ զարկեց գայլի ծնոտին, և դուրս թռան գայլի աչքերը, և նա նստեց և դառն լաց եղավ։

Եվ դարձյալ ասաց առյուծն աղվեսին, բաժանիր ոչխարները մեր մեջ։

Եվ աղվեսն ասաց.

— Ո՜վ թագավոր, աստված արդեն բաժանել է՝ խոյը քեզ՝ ճաշին, մաքին քեզ հրամենքին և գառը քեզ՝ ընթրիքին։

Եվ առյուծն ասաց.

— Ո՜վ խորամանկ աղվես, քեզ ո՞վ սովորեցրեց այդպես ճիշտ բաժանել։

Եվ աղվեսն ասաց.

— Ինձ սովորեցրին գայլի աչքերը, որ դուրս թռան։

ՄԻԱՄԻՏ ԳՈՂԵՐԸ

Երկու գող բարձրացան մի մեծատան կտուրը և կամեցան երդով վայր իջնել և գողություն անել։ Եվ լուսնկա էր: Եվ մեծատուն մարդն իմացավ, որ գողերը երդիկի մոտ են: Եվ կինը մարդուն ասաց, թե.

[էջ 122]

— Այս ամեն գանձերը և ոսկին և կերպասը քեզ որտեղի՞ց են:

Եվ մեծատուն մարդն ասաց.

— Գնում էի գողության, մեծատուն մարդկանց երդիկով իջնում էի, և լուսնկա էր, ինչպես այժմ, և լուսնի շողերը երդիկից ներս էին ընկնում, ինչպես այժմ, և ես գրկում էի շողերի սյունը և վայր էի իջնում և այնպիսի մի բան էի ասում, որ ինչքան գեղեցիկ կերպաս կար այդ տանը, երևում էր ինձ և կապում էի լուսնի շողերին և վեր բարձրանում: Եվ այս ամենն այդպես եմ վաստակել։

Երբ գողերն այդ բանը լսեցին, խիստ ուրախացան և հավատակցին այդ ցնորամիտ խոսքին և, լուսնի շողերը գրկելով, երդիկից վայր ընկան և ջարդվեցին։

ԵՂԵԳՆԸ ԵՎ ԾԱՌԵՐԸ

Մի թագավոր զբոսանքի ելավ շրջելու լեռներում և հովիտներում: Եվ տեսավ, որ մեծամեծ ծառեր կային կոտրտված և փշրված, և միայն մի եղեգ կար՝ կանգուն, անարատ: Եվ թագավորն ասաց.

— Ո՜վ եղեգ, ասա ինձ, թե ինչպես հաստատուն ես մնացել, երբ մեծամեծ ծառերը փշրվել են։

Եվ եղեգն ասաց.

— Ո՞վ թագավոր, երբ սաստիկ հողմ բարձրացավ, ծառերը հպարտությամբ հակառակ կանգնեցին հողմի դեմ, և հողմը նրանց փշրեց, իսկ ես խոնարհվեցի հողմի կամքով և ահա կանգուն եմ։

ԻՇԽԱՆԸ ԵՎ ԱՅՐԻ ԿԻՆԸ

Մի իշխան կար խիստ չար և անիրավ։ Եվ նույն քաղաքում ապրում էր մի այրի կին. և իշխանը, հարկ պահանջելով, նեղում էր նրան, և այրի կինն աղոթում էր, որ իշխանն ունենա խաղաղ ու երկար կյանք։

Գնացին, ասացին իշխանին՝ քո չարության համար աղոթում է այրին։ Եվ իշխանը եկավ և ասաց.

— Ես քեզ բարիք չեմ արել, ո՜վ կին, դու ինձ համար ինչո՞ւ ես աղոթում:

[էջ 123]

Այրի կինն ասաց.

— Քո հայրը վատ մարդ էր, ես անիծեցի, և նա մեռավ։ Դու նստեցիր նրա տեղը՝ ավելի խիստ չար։ Եվ այժմ վախենում եմ, որ մեռնես, և քո որդին քեզնից ավելի չար լինի։

ԻՄԱՍՏՈԻՆ ԶԻՆՎՈՐԸ

Մի իմաստուն զինվոր պատերազմ էր գնում և նա երկու ոտքով կաղ էր։ Եվ զինվորներից մեկը նրան ասաց.

— Ով ողորմելի, ո՞ւր ես գնում։ Քեզ իսկույն կսպանեն, որովհետև փախչել չես կարող։

Եվ նա ասաց.

— Ո՜վ անմիտ, ես չեմ գնում պատերազմ՝ փախչելու, այլ կանգնելու, և կռվելու և հաղթելու։

ԹԱԳԱՎՈՐԸ ԵՎ ՕՁԸ

Կար մի թագավոր և ուներ նա մի սիրելի օձ, որ նրան ամեն օր բերում էր մի կարմիր դահեկան։ Եվ թագավորն ունեցավ մի մանուկ, որին սնուցում էր գահի վրա և օձը նետում էր մանկան պարանոցով, և այդպես խաղում էին օձն ու մանուկը։ Եվ երբ մանուկը մեծացավ, մի անգամ խաղի ժամանակ սուրը հանեց և կտրեց օձի պոչը և գետին գցեց: Եվ զայրացավ օձը, թույնով զարկեց մանուկին, և մանուկը իսկույն մեռավ, և օձը գնաց օտար երկիր։

Եվ երբ թագավորը եկավ և մանուկին օձի թույնից սևացած և մեռած տեսավ և օձի պոչը գետնին ընկած, իմացավ, որ յուր մանուկն է թրով կտրել օձի պոչը։ Եվ սգաց որդուն, տարավ թաղեց գերեզմանոցում։

Եվ անցավ մի ժամանակ, և թագավորը խնդրանքներ ուղարկեց այն օձի մոտ և ասաց.

— Գիտեմ, որ առաջ իմ որդին է ծռություն արել. նա կտրել է քո պոչը, ապա դու կծել ես նրան։ Ինչ որ եղավ՝ եղավ, և իզուր գնացիր։ Արի, և մենք կլինենք առաջվա նման իրար սիրելի և միասին կապրենք։

Իսկ օձը պատասխան տվեց և ասաց.

— Այդպես չէ. քանի որ ես պիտի նայեմ իմ պոչի վրա,

[էջ 124]

իսկ դու քո որդու գերեզմանին, ուրեմն մեր միջից թշնամությունը չի վերանա: Լավն այն է, որ դու և ես իրարից հեռանանք, որպեսզի ուրիշ մեծագույն չարիք չծնվի մեր մեջ։

ԷՇԻՆ ԹՈՌ ԾՆՎԵՑ

Էշին ավետիս տվին, թե.

— Ցնծա և ուրախ եղիր և մեծ ընծա պարգևիր, որովհետև քեզ թոռ ծնվեց։

Եվ էշն ասաց.

— Վա՜յ ինձ, բարեկամներ, եթե հարյուր թոռ էլ ծնվի, չեն թեթևացնի ծանրությունն իմ մեջքի բեռան։

ԱՌՅՈԻԾԸ, ԱՂՎԵՍԸ ԵՎ ԱՐՋԸ

Առյուծը հիվանդացավ և բոլոր կենդանիները եկան նրան տեսության, միայն աղվեսն ուշացավ։ Արջը չարախոսեց նրան, և աղվեսը դռնամտից լսեց և, ներս ընկնելով, թավալվեց առյուծի առաջ։

Առյուծն ասաց աղվեսին.

— Բարի ժամի չեկար, գարշելի, ասա ինձ, ինչո՞ւ ուշացար։

Աղվեսն ասաց.

— Մի՛ բարկանար, բարի թագավոր, երդվում եմ քո գլխով, որ քո առողջության համար այցելեցի շատ բժշկապետների և մեծ չարչարանք քաշեցի, բայց իմացա դեղը քո բժշկության։

Եվ առյուծն ասաց.

— Բարի եկար, իմաստուն կենդանի, ի՞նչն է այդ դեղը։

Աղվեսն ասաց.

— Խիստ պիտանի է և դյուրին. բժշկապետներն ասացին, թե կենդանի հանեք արջի մորթին և տաք-տաք գցեք առյուծի վրա, իսկույն մորթին ցավը կհանի հիվանդից։

Առյուծը հրամայեց, արջին բռնեցին և սկսեցին հանել մորթին։ Իսկ նա վայում էր և արձակում մեծամեծ ոռնոց։ Եվ աղվեսն ասաց.

[էջ 125]

— Այդ ամենը քեզ և նրան, ով արքունիք մտնելով, կչարախոսի մեկին։

ԿՏԱԿ ԳԱՆՁԻ ՄԱՍԻՆ

Մի իմաստուն և աղքատ մարդ ուներ ծույլ որդիներ։ Մահվան ժամին նա կանչեց որդիներին և ասաց.

— Ո՜վ զավակներ, իմ նախնիները շատ գանձ են թաղել մեր այգում, և ես ձեզ ցույց չեմ տա նրա տեղը։ Այդ գանձը կգտնի նա, ով շատ աշխատի և խոր փորի։

Եվ հոր մահից հետո որդիներն սկսեցին աշխատել մեծ եռանդով և խորագույն էին վարում, որովհետև յուրաքանչյուրն աշխատում էր, որ ինքը գտնի գանձը։

Եվ այգին սկսեց աճել և զորանալ և առատ բերք տվեց և նրանց հարստացրեց, գանձերով։

ՈՒՂՏԸ, ԳԱՅԼԸ ԵՎ ԱՂՎԵՍԸ

Ուղտը, գայլը և աղվեսը եղբայր եղան և ճանապարհ ընկան և ճանապարհին գտան մի բլիթ հաց և միմյանց ասացինք թե ով ավագ է, թող նա ուտի։ Եվ սկսեցին ասել իրենց տարիքը։ Աղվեսն ասաց.

— Ես այն աղվեսն եմ, որի անունը Ադամը դրեց։

Գայլն ասաց.

— Ես այն գայլն եմ, որին Նոյը տապանն առավ։

Եվ ուղտը, տեսնելով, որ նրանք իրենից ավագ դուրս եկան և հացը պիտի առնեն, հացը բերանն առավ բարձրացնելով ասաց.

— Մի՞թե ես երեկվա տղան եմ, որ այսչափ մեծացրել եմ իմ սրունքները։

Եվ սկսեց հացն ուտել։ Իսկ աղվեսը և գայլը, ցատկելով նրա շուրջը, ոչինչ չկարողացան անել և փախան։

ԵԶԸ ԵՎ ՁԻՆ

Եզը և ձին խոսեցին միմյանց հետ։ Եզն ասաց.

— Դու ո՞վ ես կամ ինչի՞ պետք ես։

Ձին ասաց.

[էջ 126]

— Ես ձի եմ, և ինձ թագավորները և իշխանները և պարոնները զարդարում են ոսկով և արծաթով և բազմում են ինձ վրա։

Եզն ասաց է.

— Ամբողջ աշխարհի բարեկեցությունն եմ ես, որովհետև ես եմ վաստակում և չարչարվում և հոգնում, և ապա դու և քո թագավորն ուտում եք։ Եվ բոլոր մարդիկ ուտում են իմ վաստակը, և եթե չվաստակեմ, դու և քո թագավորն իսկույն կմեռնեք։ Եվ դու երախտամոռ մի լինիր։

ՀԻՄԱՐԸ ԵՎ ՁՄԵՐՈԻԿԸ

Մի հիմար և միամիտ մարդ ուներ մի դահեկան և, առնելով դահեկանը, գնաց քաղաք մի էշ գնելու և շրջեց քաղաքում և շուկայում և չգտավ մի դահեկանի էշ, ապա կրկին եկավ շուկա և տեսավ մի մեծ ձմերուկ և հիացմամբ հարցրեց.

— Այս ի՞նչ է։

Եվ վաճառականներն իմացան, որ նա հիմար է և ասացին, թե հնդու էշի ձու է և կհանի հնդու մեծ էշ։ Եվ ուրախանալով մարդը, տվեց դահեկանը և առավ հնդու էշի ձուն: Եվ վաճառականները նրան պատվիրեցին, թե.

— Ձեռքիդ զգույշ տար, թե չէ կկոտրվի, և էշը միջից կփախչի։

Եվ ձմերուկը ձեռքին մարդն սկսեց գնալ զառիվայր ճանապարհով, և նրա ոտքը սայթաքեց, ձմերուկը ձեռքից դուրս պրծավ և գլորվեց խիտ անտառի մեջ, և անտառից մի նապաստակ վազեց և սկսեց փախչել, իսկ մարդը կարծեց, թե ձուն կոտրվել է, և ահա էշը ելել և փախչում է։ Եվ հետևից վազելով, կանչում էր նապաստակին և ձայն էր տալիս.

— Ա՜յ հնդու էշ... վա՜յ ինձ, մի փախչիր, քուռի՜, քուռի՜, խնայիր ինձ և վերադարձիր։

ԱՂՔԱՏԸ ԵՎ ԱՎԵՏԱՐԱՆԸ

Մի աղքատ մի գյուղ եկավ և մտավ գյուղի եկեղեցին, որ խարխուլ էր և անձրևակեղ։ Եվ այն աղքատը անձրևաթաց

[էջ 127]

էր և քաղցած և հագել էր պատառոտուն զգեստ և դողում էր և հոգնել էր ճանապարհից։

Եվ ներս մտավ քահանան, սկսեց ժամ ասել։ Առավ Ավետարանը և կարդաց այն էջը, ուր գրված էր. «Օտարական էի՝ ընդունեցիք ինձ, մերկ էի՝ հագցրիք ինձ, քաղցած էի՝ կերակրեցիք ինձ, ծարավ էի՝ հագեցրիք ինձ»։

Այն աղքատր լսեց և ուրախացավ.

— Այս ինձ համար է ասված, և ահա շուտով կկատարեն իմ կամքը։

Իսկ քահանան ժամն արձակեց և գնաց տուն և աղքատին թողեց եկեղեցու մեջ և հոգ չտարավ նրա մասին:

Եվ աղքատն ասաց.

— Այն գիրն, որ կարդաց, սուտ էր։

Եվ առավ Ավետարանը, վրան քար դրեց և սուզեց ջրի մեջ։ Եվ քահանան, եկեղեցի գալով, Ավետարանը չգտավ և աղքատին ասաց.

— Ո՞ւր է Ավետարանը:

Եվ աղքատն ասաց քահանային.

— Ի՞նչ ես անում սուտ Ավետարանը, և ես տարա ջուրը գցեցի:

Եվ քահանան բարկանալով սկսեց ծեծել աղքատին, և աղքատն ասաց.

— Ինչո՞ւ ես ծեծում ինձ, անիրավ, եթե հավատում ես, թե Ավետարանն աստծու ճշմարիտ խոսքն է, ապա ինչո՞ւ չես կատարում նրա կամքը։ Որովհետև ես օտարական եմ, և ինձ չեք ընդունում, մերկ եմ, և ինձ չեք հագցնում, քաղցած եմ, և չեք կերակրում ինձ, ծարավ եմ, ջուր չեք տալիս։ Մի՞թե աստված այդ բաների պակասությունն ուներ և այդ ամենն իր համար ասաց։

ՄԱՐԴԸ, ԸՆԿՈԻՅԶԸ ԵՎ ՁՄԵՐՈԻԿԸ

Մի մարդ ընկույզի ծառի տակ ձմերուկ էր ցանել։ Եվ պտուդի ժամանակ եկավ տեսավ մեծամեծ ձմերուկները և ծառին նայեց, տեսավ, որ ընկույզը մանր էր։ Մարդն ասաց.

— Տեր աստված, ինչ որ ստեղծել ես ամենը կարգին է և մի բանի նման։ Իսկ այս երկու պտուղը անկարգ են, բանի նման չեն։

[էջ 128]

Մարդն ասում էր, որ ընկույզի տեղ ձմերուկ պիտի լիներ ծառին և ընկույզը՝ ձմերուկի թփի վրա։

Եվ նա պառկեց ծառի տակ և նայեց ծառին, և հանկարծ մի ընկույզ պոկվեց ծառից և ուժգին դիպավ նրա ճակատին և ճակատը պատռեց, և արյունը եկավ։ Եվ մարդը վեր կացավ տեղից և աղաղակեց.

— Տեր աստված, ինչ որ ստեղծել ես, ամենը կարգին է և կատարյալ, և ով չհավանի քո ստեղծածը, նրա ճակատը իմից վատ լինի, որովհետև եթե ընկույզի տեղ ձմերուկ լիներ, ինձ պիտի սպաներ։

ԱՂՎԵՍԸ ԵՎ ԹՂԹԱՏԱՐ ԳԱՅԼԸ

Աղվեսը մի գրած թուղթ գտավ, տարավ գայլին և ասաց.

— Այսչափ ժամանակ աշխատեցի և բարեխոս մարդիկ մեջ գցեցի և իշխանից քեզ համար թուղթ հանեցի, որ ամեն գյուղ՝ ուր հանդիպես, քեզ պիտի տա մի ոչխար։

Եվ այդպես խաբեց գայլին, և միասին գնացին մի գյուղ, և աղվեսը նստեց բլուրի վրա և թուղթը տվեց գայլին։ Երբ գայլը գյուղի մեջ մտավ, վրա թափվեցին շները և մարդիկ, նրան գզեցին և գանահարեցին։ Եվ արյունաթաթավ գայլը հազիվ ազատվելով՝ հասավ աղվեսին։

Եվ աղվեսն ասաց։

— Ինչո՞ւ թուղթը ցույց չտվիր:

Եվ գայլն ասաց.

— Ցույց տվի, բայց գյուղում հազար շուն կար, որ գիր չգիտեր։

ԵԿԵՂԵՑԻՆ ԵՎ ՋՐԱՂԱՑԸ

Եկեղեցին պարծեցավ յուր սրբությամբ և ասաց.

— Ես եմ տաճար աստծու, և դեպի ինձ են գալիս քահանաները և ժողովուրդը աղոթք մատուցանելու աստծուն և պատարագ, և հաշտվում է աստված աշխարհի հետ և մեղքերին թողություն է լինում։

[էջ 129]

Այն ժամանակ ջրաղացն ասաց եկեղեցուն.

— Ինչ որ դու ասում ես, արդար է և ճշմարիտ, բայց դու իմ երախտիքը մի մոռանա, որ գիշեր–ցերեկ աշխատում եմ և դատում այն, ինչ որ ուտում են քահանաները և ժողովուրդը և ապա քեզ են գալիս աղոթելու և երկրպագելու աստծուն։

ԱՂՎԵՍԸ ԵՎ ՈՐՍՈՐԴԸ

Որսորդը շներով տանջում և նեղում էր աղվեսին։ Եվ աղվեսը դարձավ և ասաց.

— Աղաչում եմ քեզ, ասա թե ինչի՞ համար ես ինձ նեղում։

Եվ որսորդն ասաց.

— Որպեսզի հանեմ քո մորթին:

Աղվեսը կանգնեց և ասաց.

— Տե՛ր աստված, փառք թեզ, որ սրա ուզածն այս է: Իսկ ես կարծում Էի, թե ինձ ուզում են նշանակել մեր գավառի հավարած կամ թռչնոցի վանահայր:

ԱՅՐԻ ԿԻՆԸ ԵՎ ԽՈՐԹ ՈՐԴԻՆ

Մի այրի կին ուներ մի կով, և նրա խորթ որդին ուներ մի էշ։ Եվ խորթ որդին գողանում էր կովի կերը տալիս էշին: Եվ այրի կինն աստծուն աղաչեց, որ աստված էշին մեռցնի։ Բայց կովը մեռավ, և այրին լաց եղավ և ասաց.

— Ո՛վ աստված, մի՛թե չկարեցար էշը կովից տարբերել:

ԱՄԵՆԱՏԳԵՏ ՄԱՐԴԸ

Մի թագավոր կամեցավ աշտարակ շինել, և աշտարակը քանի ցերեկը շինում էին, գիշերը փուլ էր գալիս։ Եվ նա հավաքեց յուր գիտուններին և պատճառը հարցրեց։ Նրանք ասացին.

[էջ 130]

— Եթե կամենում ես, որ այլևս չփլչի, գա գտիր մի տգետ մարդ, որից ավելի տգետ մարդ չլինի և նրան կենդանի դիր պատի մեջ և պատը թող շարեն. և այլևս չի փլչի:

Եվ թագավորն ասաց.

— Այդ բանի ընտրությունը ևս դուք արեք և գտեք մի տգետ մարդ, որին կենդանի թաղեն պատի մեջ։

Եվ գիտունները նստեցին միասին որոշելու, թե ի՞նչ տեղ կարող են գտնել տգետ մարդ, և մեկն ասաց.

— Ձկնորսն է տգետ, քանի որ նրա առն ու տալը մարդու հետ չի, այլ ջրի և ձկների։

Իսկ ոմանք ասացին` իշապանը, որ իշու հետ է լինում և իր ողջ կյանքն անց է կացնում գրաստի հետ, շրջելով լեռ և անտառ: Ոմանք ծովարարին ասացին, իսկ ոմանք հովվին, որ ամառ–ձմեռ ոչխարների հետ շրջում է լեռներռւմ, չի մտնում գյուղ կամ քաղաք։ Եվ հավանություն արին և կամեցան հովվին բերել։

Այն ժամանակ գիտուններից մեկն ասաց.

— Մեր թագավորը մի հովիվ ունի, որ ծնվել է սարում ոչխարների մեջ և սնվել է այնտեղ և յուր կյանքում ոչ գյուղ է մտել, ոչ քաղաք։

Եվ ուղարկեցին տասը ձիավոր, որպեսզի մարդուն բերեն։ Եվ ձիավորները գնացին գտան հովվին, որ կթում էր ոչխարը և ողջունելով ասացին.

Թագավորը քեզ կանչում է։

Հովիվն ասաց.

— Ես իմ կյանքում ո՛չ քաղաք եմ գնացել, ո՛չ էլ գյուղ. ինձ ինչո՞ւ է կանչում։

Նրանք խորամանկությամբ ասացին.

— Չենք իմանում։

Իսկ հովիվը պատվեց նրանց, գառ մորթեց և պանիր բերեց և ուրախացրեց նրանց և երդմամբ հարցրեց կանչելու պատճառը։ Եվ նրանք ասացին, թե այս պատճառով է քեզ կանչում, որովհետև թագավորի գիտունները ասել են, օր մի տգետ մարդու պետք է դնել պատի մեջ, որպեսզի պատը շեն մնա:

Այն ժամանակ հովիվը ծիծաղեց և ասաց.

[էջ 131]

— Հիմարը և տգետն այն գիտուններն են, որ այդպիսի ընտրություն են արել։

Եվ մի ոչխար բերելով ասաց.

— Ես ձեզ ցույց կտամ իմ տգիտությանը։

Եվ ասաց.

— Այս ոչխարը երկու գառ ունի փորում, մեկը էգ է, և մյուսը՝ որձ, մեկի գլուխը սև է և մյուսինը՝ սպիտակ։

Եվ ոչխարը մորթեց և դառները փորից հանեց և այնպես էր, ինչպես ասաց։ Եվ մի այլ ոչխար բերելով ասաց.

— Այս ոչխարը մեկ գառ ունի փորում. մարմինը սև է, գլուխն՝ սպիտակ և ինքը՝ որձ։

Եվ մորթեցին տեսան այնպես։ Եվ հովիվն ասաց.

— Ոչխարի այս երկու հոտը, որ կա ձեր առաջ, ամենին գիտեմ, թե որն է ծնելու և որն է ստերջ և որն է որձ ծնելու և որը՝ էգ և որը՝ սև կամ սպիտակ և որը՝ սև ու սպիտակ պուտերով։ Ձեր գիտունները կարո՞ղ են այդ իմանալ։

Ձիավորներն ասացին.

— Ոչ ամենևին։

Հովիվն ասաց.

— Ուրեմն իմացեք, որ ես չեմ այն հիմարն ու տգետը, որին դուք փնտրում եք։ Իսկ եթե կամենաք, ես ցույց կտամ տգետ մարդուն։ Թագավորը թող յուր նայիպին բռնի թալանի և ինչ ունի ամենն առնի և քաղաքի հրապարակում նրան կախի և չարաչար տանջի, Որպեսզի բոլոր քաղաքացիները տեսնեն, ապա նայիպին թող տանեն թաքցնեն և ասեն, թե նրան սպանեցին։ Եվ երեք օր քաղաքում թող կանչեն, թե ինչ մարդ որ կգա և հանձն կառնի նայպի գործը, նրա ամեն ապրանքն այդ մարդուն կտանք և նրան կնշանակենք թագավորի նայիպ։ Այդ մարդը, որ կտեսնի այդ խաղքը և կլսի ինչ որ արին նայիպի գլխին և առաջանալով կասի, թե ես եմ ուզում լինել նայիպ, այն մարդն է հիմար և տգետ, նրան բռնեցեք և կենդանի դրեք պատի մեջ, որպեսզի այլևս չփլչի և շեն մնա։

Իսկ նրանք եկան և թագավորին պատմեցին, և թագավորն արեց այնպես, ինչպես հովիվն ասել էր և մինչդեռ քաղաքում կանչում էին, թե ով գա և հանձն առնի նայիպի գործը և իշխանությունը, նա կստանա նրա ապրանքը և հո–

[էջ 132]

ղը, այն ժամանակ մոտ վազեց մի ջրմի և թոնի մարդ և ասաց.

— Ես հանձն կառնեմ այդ գործը:

Եվ նրան հարցրին.

— Տեսա՞ր ինչ արին նայիպի գլխի:

Նա ասաց.

— Այո, տեսա։

Եվ իսկույն առան նրան և տարան, կենդանի դրին պատի մեջ, և պատը հաստատուն մնաց։

ԻՇԽԱՆԱՎՈՐԸ ԵՎ ԻՄԱՍՏՈՒՆԸ

Կար մի աշխարհակալ իշխանավոր և նա ուներ մի խիստ գեղեցիկ տղա։ Եվ իշխանավորն ասաց, թե գեղեցիկ աղջիկ կառնեմ, որ կին լինի իմ որդուն, և ունենամ գեղեցիկ թոռներ՝ ժառանգ իմ գահի։ Եվ գնաց բերեց մի գեղեցիկ հարս և դեռ թոռ չէր ունեցել, երբ որդին մեռավ, և հարսը մնաց։ Եվ ինքը կամեցավ հարսին առնել և հարցրեց իմաստուններին, թե.

— Կա՞ իրավունք։

Եվ նրանք ասացին.

— Չկա՛ իրավունք, որ հայրն առնի հարսին։

Եվ չկամեցավ լսել նրանց և գտավ մի այլ իմաստուն, որ նրա սիրելին էր, և այդ իմաստունն ասաց իշխանավորին.

— Աշխարհում յոթանասուներկու ազգ կա և նրանցից ոչ մեկին չի հասնում այդ, բայց քեզ կհասնի:

Եվ իշխանավորն ասաց.

— Ինչո՞ւ աշխարհի յոթանասուներկու ազգին չի հասնում այդ, իսկ ինձ կհասնի։

Եվ իմաստունն ասաց.

— Վախենում եմ պատճառն ասել, որովհետև կսպանես ինձ։

Եվ նա երդվեց չպատմել նրան, եթե պատճառն ասի։

Այն ժամանակ իմաստունն ասաց.

— Որովհետև դու ամեն ազգից դուրս ես, անօրեն, և քո վրա չկա իշխանություն և ինչ կամենաս կարող ես անել:

[էջ 133]

ԱՐԴԱՐ ՄԱՐԴԸ

Մի երիտասարդ ուխտել էր հարամ բան ամենևին չուտել և մի օր նա գնաց գետի եզրը և տեսավ, որ ջուրը մի խնձոր էր բերում։ Երիտասարդն առավ խնձորը կերավ անոթի, ապա միտն ընկավ իր ուխտը և խղճմտանքով գնաց գետն ի վեր, գտավ մի այգի և իմացավ, որ խնձորն այդ այգուց էր։ Երիտասարդն ասաց այգետիրոջը.

— Ողորմիր ինձ և առ խնձորի գինը կամ հալալ արա, որովհետև ես հարամ բան ամենևին չեմ կերել։

Եվ բուրաստանի տերն ասաց.

— Կեսը, որ իմն է հալալ քեզ և կեսը՝ իմ եղբորն է, նրան տեր չեմ։ Եվ իմ եղբայրը հեռու է, այստեղից վեց օրվա ճանապարհ։

Եվ երիտասարդը ճանապարհ ընկավ և գտավ այն մարդուն, ասաց.

— Կամ առ քո կես խնձորի գինը և կամ հալալ արա ինձ:

Եվ մարդն ասաց.

— Ո՛չ գինը կառնեմ և ո՛չ հալալ կանեմ։ Թե կուզես, որ հալալ անեմ, ես մի աղջիկ ունեմ, որ ո՛չ ականջ ունի և ո՛չ էլ լեզու, և ո՛չ ձեռք և ո՛չ ոտք, նրան կին առ, որ հալալ անեմ։

Երիտասարդն անճարացած առավ այդ աղջկան և երբ առագաստ մտան, տեսավ, որ աղջիկը ամենևին առողջ էր։ Եվ երիտասարդն աներոջն ասաց.

— Ինչո՞ւ էիր ծաղրում քո աղջկան։

Եվ նա ասաց.

— Ես ճշմարիտ էի, որովհետև ծնված օրից իմ աղջիկը արեգակի լույսը երդկից է տեսել և օտար մարդու ձայն չի լսել և օտարի հետ չի խոսել և ձեռքով մեղք չի շոշափել և ոտքը դռնից դուրս չի դրել։ Եվ ես քեզ նման հալալ մարդ էի ուզում և ահա դու եկար։

ԱՌՅՈԻԾԸ ԵՎ ՄԱՐԴԸ

Մի զորավոր առյուծ նստել էր ճանապարհին, և տեսակ– տեսակ գազաններ այդ ճանապարհով գալիս էին դողալով և անցնում: Առյուծը հարցրեց նրանց.

[էջ 134]

— Ինչո՞ւ եք փախչում և ո՞ւմ ահից եք զարհուրած փախչում:

Եվ նրանք ասացին.

— Փախի՛ր և դու, որովհետև ահա գալիս է մարդը:

Եվ առյուծն ասաց.

— Ո՞վ է մարդը և ի՞նչ է նա և ի՞նչ է նրա ուժը և նրա կերպարանքը, որ փախչում եք նրանից։

Եվ նրանք ասացին.

— Կգա, կտեսնի քեզ և քեզ վա՛յ կլինի:

Եվ ահա յուր հանդից եկավ մի հողագործ մարդ: Եվ առյուծն ասաց.

— Մի՞թե դու ես այն մարդը, որ փախցնում է գազաններին։

Եվ նա ասաց.

— Այո՛, ես եմ։

Առյուծն ասաց.

— Արի կռվենք:

Մարդն ասաց.

— Այո՛, բայց քո զենքերը քեզ հետ են, իսկ իմը՝ տանն են։ Եկ, նախ քեզ կապեմ, որպեսզի չփախչես, մինչև ետ գնամ առնեմ իմ զենքը և ապա կռվենք:

Առյուծն ասաց.

— Երդվի՛ր, որ կգաս, և ես կլսեմ քեզ:

Մարդն երդվեց, և առյուծն ասաց.

— Հիմա կապիր ինձ և գնա, շուտ դարձիր:

Մարդը հանեց պարանը և առյուծին պինդ կապով կապես կաղնու ծառին և ծառից կտրեց մի բիր և սկսեց զարկել առյուծին։

Եվ առյուծը գոչեց.

— Եթե դու մարդ ես, ավելի խիստ և անխնա զարկիր իմ կողերին, որովհետև այս խելքին այդպես է վայել:

ՄՈՒԿԸ ԵՎ ՈԻՂՏԸ

Մի մուկ հպարտացավ։ Կորավ նրա իմաստությունը, և նրա սիրտը լցվեց հպարտությամբ: Մուկը գնաց ուղտի մոտ և ասաց ուղտին.

[էջ 135]

— Ինձ հրաման տուր քո կճղակի մեջ բուն դնեմ և այնտեղ բնակվեմ։

Եվ ուղտն ասաց.

— Քեզ վնաս կլինի, որովհետև հանկարծ կոխ կտամ քեզ և կմեռնես։

Մուկն ասաց.

— Քո սմբակը կակուղ է և ինձ վնաս չի լինի։

Ուղտն ասաց.

— Քո արյունը քո գլուխը։

Եվ մուկն ուղտի կճղակի մեջ շինեց իր բունը։ Մի անգամ ուղտը ծանր բեռան տակ քայլեց և հանկարծակի կոխ տվեց մուկին։ Եվ մուկը ճչաց և նրա փորից դուրս եկավ ճրագուն, որովհետև մուկը գեր էր։

Այդ տեսնելով ուղտն ասաց.

— Ահա եղբա՛յր, հենց այդ էր նեղում քեզ, որ դուրս ելավ քո փորից։

ԳՈՂ ՔԱՀԱՆԱՆ ԵՎ ԱՅՐԻ ԿԻՆԸ

Մի քահանա գողացավ այրի կնոջ կովը և ախոռը կապեց։ Եվ կինն իմացավ և քահանային ասաց.

— Տեր հայր, հասավ իմ մահվան ժամը, գնանք ախոռ, որ խոստովանեմ մեղքերս։

Եվ այն ժամանակ քահանան կովը տարավ ներսի տուն, այնտեղից ժամատուն և այնտեղից եկեղեցի։ Եվ կինն ասաց.

— Տեր հայր, վերջին խոստովանությունը մահից առաջ պետք է անել եկեղեցում։

Եվ քահանան կովը բեմ բարձրացրեց և վարագույրը քաշեց նրա վրա։ Երբ նրանք եկեղեցի մտան և նստեցին, այն ժամանակ կինը բարձրացրեց վարագույրը և կովին ասաց.

— Ո՞վ գարշելի։ ես քեզ կով գիտեի, և այժմ քեզ ո՞վ արեց պատարագիչ, ասա՛ ինձ։

ԳԱՅԼԸ, ԱՂՎԵՍԸ ԵՎ ՋՈՐԻՆ

Գայլը, աղվեսը և ջորին եղբայր եղան և գնացին. երբ սովեցին, և որսի չհանդիպեցին, ասացին.

— Եկեք ուտենք նրան, ով տարիքով փոքր է:

[էջ 136]

Այսպես ասացին գայլը և աղվեսը, որովհետև կամենում էին ջորուն ուտել։ Եվ գայլին հարցրին, թե ո՞ր տարվա գայլն ես, և նա ասաց, թե.

— Ես այն գայլն եմ, որին Նոյը տապանն առավ։

Եվ աղվեսն առաջ եկավ և ասաց.

— 0՜, դու տասը ազգով ինձանից փոքր ես, և ես այն աղվեսն եմ, որին աստված ստեղծեց։

Եվ շորին եկավ և ասաց.

— Իմ ծննդյան թվականը գրված է սմբակիս վրա. եկեք, կարդացեք, տեսեք քանի տարեկան եմ։

Եվ ոտքը բարձրացրեց։

Աղվեսն ասաց գայլին.

— Գիտեմ, որ դու դպրոցում եղել ես, արի գիրը կարդա։ Եվ գայլը հավատաց և գնաց կարդալու։ Եվ ջորին ասաց.

— Առաջ արի՛, որովհետև գիրս մանր է։

Եվ նա առաջ գնաց, և ջորին սաստիկ ուժով զարկեց գայլի ճակատին և ջախջախեց, և գայլը գնաց կաղկանձելով։ Եվ աղվեսն ասաց գայլին.

— Արի մի տող էլ կա, այն էլ կարդա։

Գայլն ասաց.

— Ես ի՞նչ գիտեի գիրը. մենք ազգե ազգ մսագործ ենք և մսագործի որդի:

ԱՆԶԳԱՄ ԿԻՆԸ

Մի մարդ տրտում նստել էր քարի տակ և քնեց մի պահ և զարթնեց և չէր ուզում տուն գնալ։ Եվ հանկարծ եկան երկու ճնճղուկ նստեցին քարին և մարդուն հարցրին, թե ինչո՞ւ նա տրտում է։ Եվ մարդն ասաց, որ տրտում է, որովհետև աղքատ է։ Ճնճղուկներն ասացին.

— Կխոստանա՞ս երբեք չասել ոչ ոքի, եթե քեզ ոսկու տեղ ցույց տանք։

Եվ մարդը խոստացավ և երդվեց, և նրանք ասացին.

— Այդ քարի տակ յոթ կարաս ոսկի կա թաղած, հանիր և տուն տար և եթե ասես մեկին, թե որտեղից է ոսկին, իսկույն կմեռնես։

[էջ 137]

Եվ մարդն ուրախացավ, գնաց յուր տուն, բրիչն առավ և գիշերով եկավ գաղտնի հանեց ոսկին և տարավ տուն, սկսեց փարթամանալ և շքեղ տներ շինել, ունեցավ ձիեր և ջորիներ և եզներ և ոչխարի հոտեր և այլ ամենայն ինչ, որ վայել է աշխարհ սիրողին:

Եվ մի օր եզն ասաց մյուս եզան, թե.

— Ես ի՞նչ անեմ, ամեն օր անխնա լծում են ինձ։

Էշը, որ նրան մոտիկ էր, ասաց.

— Վաղը սուտ հիվանդ եղիր և հազա: Երբ այդ տեսնեն, կխղճան և այլևս քեզ չեն լծի։

Եվ այս լսելով, մարդը ծիծաղեց և մշակներին ասաց, թե այսօր չէ, վաղը, այսինչ նշան էշը հիվանդ եզան տեղ լծեք։ Մշակն առավոտյան էշը տարավ և լծեց մինչև իրիկուն և երբ տուն եկավ, էշն ասաց հիվանդ եզան.

— Ողորմելի եզնուկ, դու չգիտես, թե արտում ինչ էին ասում, ասում էին, թե այն հիվանդ եզը վաղը մորթենք, որ չսատկի: Լսիր ինձ և ոտքի կաց և առողջ եղիր, գնա լուծդ քաշիր, որ քեզ չմորթեն։ Քեզ համար ավելի լավ է բանել, քան կյանքից զրկվել։

Այսպես ասաց էշը, որպեսզի այլևս իրեն չտանեն լծելու, որովհետև այդ օրը շատ էր աշխատել։ Եվ այս լսելով մարդը նորից ծիծաղեց։

Այն ժամանակ նրա կինն ասաց.

— Ո՜վ մարդ, մենք աղքատ էինք և հանկարծ հարստացանք և այսչափ ապրանքի և բարիքի տեր եղանք և ժամ առ ժամ կենում և ինքդ քեզ ծիծաղում ես, ինձ ինչո՞ւ չես ասում, թե որտեղից է այս ամենը և դու ինչո՞ւ ես ծիծաղում։

Մարդն ասաց.

— Ո՜վ դու կին, եթե ասեմ, իսկույն կմեռնեմ, դրա համար չեմ ասում։

Իսկ կինը հանդգնեց և ասաց.

— Ճար չկա, պետք է ասես։

Իսկ նա չէր ուզում ասել, բայց կինը նրան խիստ նեղեց և ասաց.

— Պետք է ասես ինձ, եթե մեռնես էլ։ Եթե ոչ՝ ես ինձ կսպանեմ։

[էջ 138]

Եվ մարդն անճարացավ և ասաց.

— Ո՜վ կին, հավատա ինձ, որ առանց տարակուսանքի կմեռնեմ, թե որ ասեմ. երբ թույլ չես տալիս, երեք օր սպասիր, մատաղ անեմ, քահանաներին և աղքատներին կերակրեմ, ապա քեզ ասեմ և մեռնեմ։

Եվ չար կինը հազիվ հանձն առավ երեք օր սպասել: Եվ մարդը մորթեց շատ ոչխարներ և գառներ և կանչեց քահանաներին, կարգավորներին և աղքատներին, և նստեցին ճաշի և մինչդեռ ուտում էին և ըմպում, այն մարդն սպասում էր։

Եվ մարդն ուներ շան լակոտ, որ տան մեջ նստել էր լի տրտմությամբ սգով, նույնիսկ արտասուք էր թափվում նրա աչքերից։ Եվ հանկարծ եկավ աքլորը հպարտ և խրոխտալով և ներս մտավ, և նրա հետ կային քսաներեսուն հավ աջից և ձախից։ Շան լակոտն սկսեց աքլորին ասել.

— Ո՜վ լիրբ անաղուհաց, ի՞նչ ես խրոխտացել և տեսակ–տեսակ ձայն ես հանում. չգիտես, որ մեր տերը վաղը յուր գաղտնիքը պիտի կնոջն ասի և մեռնի։ Իսկ դու լալու փոխարեն, ուրախ ես։

Աքլորն ասաց.

— Ինձ ինչ, թե կմեռնի, ես, որ նրա ծառան եմ, քսան երեսուն կին ունեմ և նրանց զավթ եմ արել, իսկ նա չի կարող մեկին իր հրամանքով պահել։

Շան լակոտն ասաց.

— Ի՞նչ անի անզգամ կնոջը։

Աքլորն ասաց.

— Երբ ամենքը վեր կենան մատաղից, թող առնի երեք չորս փայտ, դուռը փակի և կնոջն ասի՝ արի քեզ ասեմ գաղտնիքը և նրան բռնի մերկացնի և կապի մի սյունից և այնքան ծեծի նրա կողերին և այլ տեղերին, որ ողջ տեղ չմնա, ամենը կապուտկի և ասի, թե չա՛ր կին, լավ է, որ դու մեռնես, քան թե ես և, դռնից հանելով, նրան դուրս վարի, ասելով` գնա կորիր, ես այլ կին կառնեմ և քեզ չեմ ուզում։

Եվ աքլորից լսելով այդ բարի խրատը, այն մարդը դարձյալ ծիծաղեց: Եվ անզգամ կինը տեսնելով այդ, ամբոխի

[էջ 139]

մեջ մոտեցավ նրան, չամաչելով ոչ մարդկանցից և ոչ քահանաներից և մարդուն ասաց.

— Այժմ ինչո՞ւ ծիծաղեցիր, ասա ինձ և պատմիր, թե ինչպես հարստացար։

Եվ մարդն աղաչեց.

— Մի քիչ համբերիր, թող հյուրերը գնան, և ես քեզ ասեմ, այժմ ամոթ է նրանց առաջ բան ասել։

Եվ երբ ամենքը գնացին, ընտանիքը դուրս հանեց և դուռն ամուր փակեց և ըստ աքլորի խրատի ձեռքն առավ կնոջը, ջարդեց ամեն ոսկորները և դուրս արեց։ Իսկ կինը զղջալով նրա ոտքն ընկավ և լալով աղաչում էր, ասելով.

— Աստծու սիրուն, ինձ բան մի ասա և ամեն օր այսպես ծեծիր, միայն ինձ դուրս մի անի և քեզնից մի հեռացրու, որպեսզի աշխարհում խաղք չլինեմ։

Եվ այսպես մահից ազատվեց մարդը աքլորի խրատով:

ԴՐԱԽՏԸ ԵՎ ԳԵՂՋՈՒԿ ՄԱՐԴԸ

Մի գեղջուկ մարդ աղը շալակին բարձրանում էր դժվար սարով, և տոթ ժամանակ էր: Եվ շատ հոգնեց մարդը և, բեռը վայր դնելով, սկսեց բամբասել Ադամին ու Եվային, թե ինչո՞ւ նրանք անհամբերությամբ դուրս եկան դրախտից։ Եվ իսկույն երևաց հրեշտակը և նրան ասաց.

— Եթե քեզ դրախտ տանեմ, դա կհամբերե՞ս։

Եվ գեղջուկն ասաց.

— Ե՞րբ կլինի այդ։

Եվ հանկարծ քուն իջավ նրա վրա և տեսավ, որ դրախտն է ընկել և շատ ուրախացավ։ Եվ ապա տեսավ, որ դրախտի մեջ մարդիկ կտրատում էին դեռաբույս ծառերը և չհամբերելով ասաց.

— Այդ ի՞նչ մարդիկ եք, որ չոր ծառերը թողած, կտրատում եք կանաչ ծառերը։

Եվ աչքերը բաց արեց, տեսավ, որ դարձյալ նստել է աղի բեռան մոտ և սկսեց դառն արտասվել։ Եվ գեղջուկ մարդը նորից տեսավ հրեշտակին և ասաց.

— Այլևս չե՛մ խոսի։

[էջ 140]

Եվ նա նորից դրախտ ընկավ և տեսավ, որ մարդիկ կտրած ճյուղերը և փայտը շալակ են կապել և չեն կարողանում շալակել, բայց դեռ դարսում են ճյուղ և փայտ։ Եվ չհամբերեց և ասաց.

— Ո՜վ անխելքներ, թեթևացրեք ձեր բեռը, որ կարողանաք շալակել:

Եվ գեղջուկ մարդը նորից զարթնեց դժվար սարի վրա և սկսեց արտասվել, և հրեշտակը երրորդ անգամ նրան դրախտ տարավ։ Եվ նա տեսավ մի մեծ քար, որից կապել էին տասներկու լուծ եզ, և ամեն մեկը յուր կողմն էր քաշում, և քարը չէր շարժվում։ Եվ մարդը դարձյալ չհամբերեց և կանչեց.

— Ո՜վ հիմարներ, մի կողմի վրա քաշեք և միասին քաշեք, որ քարը տեղից շարժեք...

Եվ գեղջուկ մարդն ասաց, «Լավ է, ես իմ աղը շալակեմ»։ Եվ բարձրացավ դժվար սարով։

ԱՌՅՈԻԾԸ, ԷՇԸ ԵՎ ԱՂՎԵՍԸ

Առյուծը հիվանդացավ և բժիշկները խորհուրդ տվեցին,

— Եթե ավանակի սիրտն ու ականջները եփեն, ջուրը տան առյուծին խմելու, կապաքինվի։

Կանչեցին աղվեսին ու ասացին.

— Հնար արա, մի էշ բեր:

— Այո՛,— պատասխանում է աղվեսը,— մի ծանոթ լավ էշ կա այսինչ հովտում, հիմա կբերեմ։

Գնաց աղվեսը, գտավ ավանակին և ասում է.

— Ո՜վ եղբայր, երանի քեզ, գտել եմ քո ավագ եղբորը, որն ուզում է քեզ տեսնել։ Նա գազանների թագավորն է, և դու նրա հետ պիտի թագավորես։

Հավատաց ավանակն ու գնաց առյուծի մոտ։ Առյուծը կամեցավ խեղդել նրան, բայց ավանակը փախավ։ Հասնելով նրա ետևից, աղվեսը հարցնում է.

— Ինչո՞ւ ես փախչում։

— Համբուրելիս ցավեցրեց կոկորդս,— պատասխանում է ավանակը։

[էջ 141]

— Սաստիկ սիրուց է այդ,— ասում է աղվեսը,— եթե դու էլ նրան համբուրես, շատ կուրախանաս։

Եվ ավանակը վերադարձավ համբուրելու առյուծին։ Սա բռնելով ավանակի կոկորդից, սպանեց նրան ու ինքը պառկեց հանգստանալու։ Աղվեսն անմիջապես հանեց ավանակի սիրտը, կտրեց ականջները և կերավ, ասելով, «Եթե սա դեղ է, ուրեմն ինձ ավելի է հարկավոր, քան առյուծին»։ Ապա մոտեցավ բժշկին և առյուծին, ասաց.

— Զարմանալի բան, էշը ոչ սիրտ ունի և ոչ ականջ։

Երբ եկան մոտ, տեսան, որ իսկապես չուներ, շատ զարմացան։

— Մի զարմացեք,— ասում է աղվեսը,— եթե նա սիրտ կամ ականջ ունենար, քո մռնչյունը լսելուց և քեզնից ազատվելուց հետո այլևս չէր վերադառնա ու չէր ընկնի քո ձեռքը՝ մեռնելու։

Եվ լսողները գտան, որ աղվեսը իրավացի է:

ԳԱՅԼԱԳՌԱՎՆ ՈԻ ԱՂՎԵՍԸ

Գայլագռավը մահու չափ սոված էր։ Նա գնաց գողացավ հողագործից մի կտոր պանիր և գալով նստեց մի բարձր պատի վրա, որ ուտի։ Պատի տակ կար մի աղվես, որը, տեսնելով ագռավին՝ պանիրը բերանը, սկսեց գովել նրան ու ասել.

— Փառք քեզ, աստված, որտեղի՞ց հայտնվեց այս պայծառ արեգակը, որ գեղեցիկ է և նման լուսնին, անձով սուրբ է։ Իսկ փետուրները փայլում են արևի նման։ Եթե ձայնն էլ հզոր լիներ, տիեզերքի վրա ես նրան թագավոր կկարգեի։

Ագռավի խելքը գնաց, հպարտացավ նա սուտ գովեստից, է մոռացավ պանիրը և ասաց մտքում. «Այսպես գեղեցիկ եմ ես, ու ձայնս էլ հզոր է»։ Եվ տարածելով իր թևերը, ագռավը բարձր ձայնեց։ Պանիրը պոկվեց նրա բերանից, ընկավ աղվեսի առջև։

— Այո՛, ձայնդ լավ է,— ասաց աղվեսն ագռավին,— բայց խելք բոլորովին չունես։ Դու մի շերտ պանիր չկարողացար պահել, ինչպես պիտի պահես թագավորություն:

[էջ 142]

ԱՂՎԵՍՆ ՈԻ ԽԵՑԳԵՏԻՆԸ

Աղվեսն ու խեցգետինը բարեկամացան, միասին ցանեցին և հնձեցին արտերը, կալսեցին ու շեղջեցին ցորենը։

— Ելնենք բլրի կատարը և վազելով գանք,— առաջարկեց աղվեսը,— ով շուտ հասնի՝ կալը, ցորենը նրան լինեն։

Երբ ելան բլուրը, խեցգետինն ասաց աղվեսին.

— Խնդրում եմ, երբ վազել ուզենաս, պոչովդ հարվածիր ինձ, որ իմանամ ու գամ քեզ հետ։

Եվ խեցգետինը բացեց իր մկրատը։ Աղվեսն իր պոչով խփեց ու վազեց, իսկ խեցգետինը, փակելով մկրատը, կպավ նրա պոչին։ Երբ աղվետսը հասավ ցորենի շեղջին, ետ շրջվեց տեսնելու, թե որտեղ է խեցգետինը: Իսկ խեցգետինը ընկնելով շեղջի վրա, ասաց.

— Հանուն աստծո, այս ամենը իմն է։

Աղվեսը զարմացավ.

— Ով դու չար, ե՞րբ հասար այստեղ:

ՎԱՐԱԶՆ ՈԻ ԱՂՎԵՍԸ

Վարազը մեծ ջանք ու եռանդով սրում էր իր ատամները։ Գալիս է աղվեսն ու հարցնում.

— Այդ ի՞նչ ես անում, չէ որ հիմա կռվի ու պատերազմի վտանգ չկա։

— Լռի՛ր, գարշելի աղվե՜ս,— պատասխանում է նրան վարազը,–– դու ի՞նչ ես հասկանում պատերազմից։ Այն ժամանակ ո՞վ կարող է զբաղվել զենք սրելով։ Զենքն այնժամ պետք է սրել, երբ պարապ ես։

ԱՔԱՂԱՂԸ, ԱՂՎԵՍՆ ՈԻ ՇՈԻՆԸ

Աքաղաղը թառել էր մի ծառի վրա քնելու։ Գիշերվա կեսին նա կանչում է բարձր ձայնով։ Աղվեսը լսում է նրա կանչը և, մոտ գալով, ասում.

— Տեր հայր, այսօր սուրբ Կարապետի տոնն է և քարո–

[էջ 143]

զիչ չունենք, որ կատարենք տոնը։ Ծառից իջիր, միասին տոնենք։

— Մի քիչ համբերիր,— ասում է աքաղաղը,— մինչև քեռիս գա, որ հանդիսավոր տոն անենք։

Լույսը բացվելուն պես, հանկարծակի գալիս է մի քերծե ու բռնում աղվեսի կոկորդից։ Աղվեսն սկսում է տհաճ ձայնով գռռալ։

— Վա՜յ ինձ,— ասում է աքաղաղը,– այդպիսի գարշելի ձայնո՞վ պիաի կատարեիր մեծ Կարապետի տոնը։

ԱՎԱՆԱԿԻ ՄԵԾԱՐՈՒՄԸ

Էշին պատվի արժանացրին և հրավիրեցին թագավորի որդու հարսանիքին։

— Վա՜յ ինձ,— ասում է էշը,— ես ոչ շեփորահար եմ և ոչ պարորդ, գիտեմ, որ հարսանիքին ինձ վիճակված է ծանր բեռ կա՛մ ջուր կրել։

ԱՌՅՈԻԾԻՆ ՆՄԱՆՎՈՂ ԱՂՎԵՍՆ ՈԻ ԳԱՅԼԸ

Առյուծը սպասավոր վերցրեց աղվեսին և պատվիրեց նրան.

— Երբ տեսնես, որ արյունը տվել է աչքս, ինձ իմաց արա, դա որսն սկսելու իմ նշանն է։

Աղվեսը պիտի նշանն ասեր։

Եվ առյուծը որս էր անում այդպես։ Ուրախանում էին նրանք ու երկուսով ուտում որսը։
Հպարտացավ աղվեսը, դուրս եկավ առյուծի ծառայաթյունից և, գայլին դարձնելով իր սպասավորը, ասում է նրան.

— Երբ հարցնեմ քեզ, թե աչքերիս մեջ արյուն կա՞, դու կասես՝ այո՛, աչքերիդ մեջ շատ արյուն կա։

Քիչ անց աղվեսը գայլին հարցնում է.

— Նայիր աչքերիս, արյուն կա մեջը։

— Այո՛,— պատասխանում է գայլը,— աչքերիդ մեջ շատ արյուն կա և թանձրագույն է։

[էջ 144]

Ուրախացավ աղվեսն ու գնաց նստեց եղնիկների ճանապարհին։ Երբ եղնիկներն եկան, աղվեսը վազեց նրանց ընդառաջ, ինչպես սովորել էր առյուծից։ Բայց եղնիկները հարվածեցին իրենց սմբակներով աղվեսի գլխին, նա ջախջախվելով՝ ընկավ ուշագնաց։

Մոտեցավ նրան գայլն ու ասաց.

— Վե՛ր կաց, այժմ ավելի թանձրացավ արյունը քո աչքերի մեջ։

ՈՐՍՈՐԴՆ ՈԻ ԿԱՔԱՎԸ

Որսորդը մի կաքավ բռնեց և կամեցավ մորթել նրան։

— Մի՛ մորթիր ինձ,— լացով աղաչեց կաքավը,— ես շատ կաքավներ՝ խելահան անելով, կբերեմ քեզ, որ բռնես:

— Այժմ կմեռնես իմ ձեռքով,— ասաց որսորդը,— որովհետև քո սիրելիներին ու ազգականներին մահվան ես մատնում։

ՆԱՊԱՍՏԱԿՆԵՐՆ ՈԻ ԳՈՐՏԵՐԸ

Հավաքվելով նապաստակներն իրար ասում են.

— Եկեք գնանք, ծովն ընկնենք, մեռնենք բոլորս, որովհետև թույլ ենք ու անզեն, և բոլոր կենդանիներն էլ հալածում են մեզ։

Ու գնացին։

Ճանապարհին հանդիպեցին գորտերի, որոնք, տեսնելով նրանց, ճիչ արձակեցին ու փախան, թաքնվեցին նրանցից։

Նապաստակները մխիթարվեցին, փառք տվեցին աստծուն, որ իրենցից տկարագույններն էլ կան, ու վերադարձան ետ։

ՄԱՐԴՆ ՈԻ ԳԱՅԼԸ

Մի մարդ բռնել էր գայլին, ոտքերը կապել, և, բարձելով էշին, տանում էր տուն։

Մարդիկ, տեսնելով նրան, հարցնում են.

[էջ 145]

— Այդ ի՞նչ է, որ բարձել ես էշիդ։

— Տանում եմ տուն,— ասում է մարդը,– որ կթեն, և երեխաներս մի քիչ կշտանան։

— Ո՜վ տխմար,— ասում են մարդիկ,— գա ամբողջ աշխարհի կթանն է կտրել, դու դրան կթա՞ն ես տանում։

ԿԱՇԱՌԱՌՈՒ ԴԱՏԱՎՈՐՆ ՈԻ ԲՂՈՒՂՈՎ ՅՈԻՂԸ

Մի մարդ գնաց քաղաքի դատավորի մոտ և խոստացավ.

— Քեզ մի բղուղ յուղ կտամ, եթե վաղը, երբ հակառակորդիս հետ գամ դատի, ինձ արդարացնես։

Եվ մյուս օրը, երբ եկան դատարան, դատավորն արդարացրեց յուղ խոստացողին և դատավճիռը գրելով, հանձնեց նրան։

Յուղ խոստացող մարդը բղուղի մեջ՝ մինչև բուկը, հարդ լցրեց, հարդի վրա դրեց երկու–երեք շերեփ յուղ, բղուղի բերանը սերեկեց ու տարավ հանձնեց դատավորին։

Մի քանի օր հետո դատավորն ասում է իր սպասավորին.

— Սիրտս յուղով բրինձ է ուզում, բեր այն մարդու բերած յուղը, և բրինձ եփիր։

Սպասավորը կրակ է վառում, թավան դնում վրան, բերում է բղուղն առաջ, բաց անում և հենց որ գդալը խփում է մեջը, հարդ է դուրս գալիս։ Դատավորը գլխի է ընկնում, որ մարդը իրեն խաբել է։ Ասում է.

— Ոչինչ, տեղը կհանեմ:

Մի օր այդ մարդը անցնում էր դատավորի դռան մոտով։ Տեսնելով նրան, դատավորը կանչում է, ասում.

— Ո՜վ մարդ, քո դատավճռի մեջ, որ այն օրը հանձնեցի քեզ, մի բան պակաս եմ գրել, խեղճ մարդ ես, բեր ներս, ավելացնեմ, որպեսզի հետո քո հակառակորդը այլևս քեզ դատարան քարշ չտա։

— Դատավո՛ր,— ասում է մարդը,— թե պակաս բան կա, բղուղի մեջ է պակաս, թե չէ իմ թղթում պակաս չկա:

[էջ 146]

ԱՍՈՐԻ ԵՐԵՑՆ ՈԻ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ

Մի ասորի երեց` բարի ու «իմաստուն», և մի հայ ինչ–որ բանի համար կռվեցին։ Երիտասարդ հայն ասաց քահանային.

— Քարով այնպես կխփեմ, որ երեսուներկու ատամներդ բերանդ կլցվեն։

Զարմացավ քահանան այդ խոսքի վրա և շտապ գնալով տուն, կնոջն ասաց.

— Երեցկին, աստված սիրես, մի մոմ վառիր և արի տես, թե քանի ատամ կա բերանս։

Երեցկինը լույս վառեց և, հաշվելով քահանայի ատամները, ասաց.

— Երեսուներկու, ո՛չ ավել, ո՛չ պակաս։

Քահանան շտապ վերադարձավ հայ երիտասարդի մոտ ու հարցրեց.

—- Որտեղի՞ց գիտվեիր իմ ատամների թիվը: Ո՞վ էր քեզ ասել։

— Գիտենալով իմը, քոնն էլ իմացա,— պատասխանեց նա։

ՀԱՐՈԻՍՏ ԽՆԱՄԱԽՈՍՆ ՈԻ ԿՈԻՅՍԸ

Մի հարուստ մարդ իր որդու համար մարդկանց սովորության համաձայն խնամախոսության գնաց։ Եվ կույսը, որին գնացել էին ուզելու, գալիս, նստում է նրա մոտ ու ասում.

— Ո՜վ Հայր, օրհնյալ է քո գալուստը։ Բարի վարված կլինես, եթե մյուս անգամ գաս, գնանք Հռոմ, այնտեղից թեքվենք Երուսաղեմ և ապա մեկնենք Խոր Վիրապ։

— Որդյա՛կ,— ասում է մարդը,— ես եկա, որ քեզ իմ տուն տանեմ, դու ուզում ես զրկե՞լ ինձ իմ տնից։

[էջ 147]

ՃԳՆԱՎՈՐՆ ՈՒ ԻՇԽԱՆԸ

Մի քաղցած ճգնավոր մտավ մի գյուղ և ուտելու համար հաց չճարեց։ Ելնելով գյուղից, նա գտավ տաճիկ իշխանի ձին, որ արածում էր գյուղի եզրին: Առավ ձին, տարավ մյուս գրւղը, վաճառեց մի հացով։ Հասավ իշխանը նրա ետևից ու հարցրեց.

— Ո՜վ ճգնավոր, իմ մեծագին ձին ինչպե՞ս հիմարաբար վաճառեցիր ընդամենը մեկ հացով։

— Բարի իշխա՛ն,—- պատասխանեց ճգնավորը,— շատ մի խոսիր։ Այդպես վարվեցիք որովհետև Քրիստոսն ասել է, թե ձրի առեք և ձրի տվեք։

ԵՐԿՈԻ ԸՆԿԵՐՆԵՐՆ ՈԻ ԿԱՐՊԵՏԸ

Երկու մարդ ճանապարհ էին գնում։ Նրանք երկու դահեկան արժողությամբ մի կարպետ գտան։ Մեկը աչքածակ էր, մտածեց, ի՞նչ անի, որ կարպետը ինքը վերցնի։ Ընկերոջն ասաց.

—- Համաձա՞յն ես կարպետը բաժանել երկուսիս։

— Այո , համաձայն եմ,— պատասխանեց ընկերը։

— Տո՛ւր ինձ երկու դահեկան և կարպետն առ, հաշիվը ճիշտ կլինի։

Եվ ընկերը նախ արդար համարեց վճիռը, ապա մտածեց, զգաստացավ ու ասաց.

— Ո՜վ եղբայր, քանի դեռ կարպետը չէինք գտել, ես քեզ ի՞նչ էի պարտք։

 

Նախորդ էջԲովանդակություն  | Հաջորդ էջ
Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր՝ Սովետական գրող հրատարակչություն, Երևան 1977
Տրամադրել է՝ Միքայել Յալանուզյանը

Տես նաև
Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice