ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian

Մանվել Զուլալյան

ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ XIII-XVIII ԴԱՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԸ ԸՍՏ ԵՎՐՈՊԱՑԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ

Previous | Բովանդակություն | Next

[էջ 180]

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԸ XVIII ԴԱՐՈՒՄ

XVIII դ. սկզբին, եթե հայության արևելյան հատվածը իրանական պետության անկման պայմաններում գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում ու քաղաքական նոր փոթորիկների շեմին, ապա արևմտահայ հասարակական խավերն ալեկոծվում էին ներհամայնքային պայքարից։ Հայ կաթոլիկների ու լուսավորչականների միջև սուր տարաձայնությունները քաղաքական որոշ հոսանքների խմորումների արգասիք էին։ Եթե հայ կաթոլիկները իրենց գործունեությամբ հաճախ անգիտակցաբար ընդառաջում էին Եվրոպայի կաթոլիկ աշխարհի՝ Արևելքում հետամտած գաղութային նպատակներին, ապա հայադավան եկեղեցին, իր հակակաթոլիկական դիրքորոշումով, ոչ միայն արևմտահայ լայն զանգվածներին հեռու էր պահում կաթոլիկ Եվրոպայի՝ Արևելքում վարած քաղաքականության վնասակար ազդեցությունից, այլև դրանով իսկ փորձում էր չսրել հայ համայնքի և օսմանյան պետության փոխհարաբերությունները։

Արևմտահայ համայնքի շրջաններում առանձնապես քայքայիչ գործունեություն էին ծավալել Լյուդովիկոս 14-րդի գործակալ միսիոներները։ «Կես դարուց ի վեր,— գրում է ֆրանսիացի հայտնի պատմաբան Ա. Վանդալը,— մեր միսիոներները ողողել էին Արևելքը։ Կապուչինները ու ճիզվիտները այլևայլ զարտուղի ճանապարհներով թափանցել էին արևելյան համայնքի ներսը։ Նրանք քրիստոնյա ժողովուրդների մոտ թմբկահարում էին թագավորի (Լյուդովիկոս 14-րդի) անպարտելիությունը»1: Միսիոներների հիմնական նպատակը ոչ թե հայերին իրական օգնություն ցույց տալն էր, այլ Արևելքում Ֆրանսիայի նվաճողական քաղաքականությանը ծառայելը»։ «Եթե Կոլբերը կազմակերպում էր Օսմանյան կայսրության տնտեսական նվաճումը,— գրում էր եվրոպացի մի հեղինակ, — ապա Լյուդովիկոս 14-րդը երազում էր գաղափարապես,

_____________________________

1 Les voyages de marquis de Nointel, էջ 8։

[էջ 181]

բարոյապես նվաճել այն»2, այսինքն՝ Արևելքում ստեղծել կաթոլիկական հենարան։

Արևելքում Ֆրանսիայի վարած քաղաքականությունը քրիստոնյա համայնքների շրջանում առաջացնում էր ազգային երկպառակություն, որը հղի էր լուրջ քաղաքական հետևանքներով։ Ֆրանսիայի այդ քաղաքականությունը դատապարտվում է նույնիսկ ֆրանսիական բուրժուական պատմագիտության ներկայացուցիչների կողմից։ Այսպես, Ա. Վանդալի մոտ կարդում ենք, «Լյուդովիկոս 14-րդի իշխանության վերջին տարիներին այն հետաքրքրությունը, որ Ֆրանսիան ցուցաբերում էր դեպի (Արևելքի) կաթոլիկները, ընդունեց նեղմիտ ու անտանելի բնույթ... Միսիոներների բոցավառ եռանդը շուտով անցավ ամեն մի չափ ու սահման և նրանց դեմ հանեց հերձվածող հոգևորականությանը (իմա՝ հայերին ու հույներին)։ Սրանց (միսիոներների) ազդեցության ներքո, մեր քաղաքականությունը հարձակումներ թույլ տվեց այլախոհերի նկատմամբ, դիմեց բռնությունների ու զզվելի արարքների, որոնք պատճառ հանդիսացան կաթոլիկների նկատմամբ սկսված դաժան հալածանքների, Լյուդովիկոս 14-րդը շոյվում էր Արևելքի բոլոր եկեղեցիները հռոմեական եկեղեցուն միացնելու գաղափարով, նա դրանց թողեց սոսկալի խռովության ու երկպառակության վիճակում» (ընդգծումը մերն է —Մ. Զ.)»3։

1703 թ. Ավետիք պատրիարքը հալածանք ձեռնարկեց հայ կաթոլիկների դեմ և նրանցից շատերին բանտարկել տվեց։ Եվ քանի որ հայ կաթոլիկները մինչ այդ պատրիարքից բողոքել էին կառավարությանը, ինչպես այդ մասին գրում է Մ. Չամչյանը, պատրիարքն ստիպված է լինում մեկնել Ադրիանապոլիս՝ մեծ վեզիրին բացատրություններ տալու նպատակով։ Երբ Ավետիք պատրիարքը ներկայացավ մեծ վեզիրին վերջինս, թուրքական աղբյուրների վկայությամբ, կատաղած նրան դիմեց հետևյալ խոսքերով, «Շուն, չգիտե՞ս որ միայն սուլթանն իրավունք ունի իր հպատակներին բանտ նետել»։ Եվ հրամայեց պատրիարքին բանտ նետել, սակայն Մուֆթի Ֆեյզուլշահի միջնորդությամբ ստիպված եղավ շուտով նրան ազատել և նրա փոխարեն չորս մեծահարուստ հայ կաթոլիկների դատապարտեց թիավարության։ Ավելին, պատրիարքին հաջողվեց մեծ վեզիրից հրովարտակ կորզել ու բացահայտ հալածել հայ կաթոլիկներին, «Յետ այսօրիկ առեալ Աւետիք վարդապետ ձեռամբ դենպետէ հրովարտակ ի դրանէ՝ առաքեաց զարքունի սպա-

_____________________________

2 G. Pélissié de Rausas. Le régime des capitulations dans l'empire ottoman", Paris, 1910, էջ 47—48։
3 A. Vandal, էջ 14։

[էջ 182]

սաւորս յամենայն քաղաքս Անատոլիոյ և Յունաստանի՝ չարչարելոց զազգն, և առնուլ յիւրաքանչիւրոց բազում ինչ, պատճառելով թէ նոքի ֆրանկացեալ իցեն, զորս և կոչէր կաթոլիկս։ Եւ յայս տուգանս էարկ ոչ միայն զհայս, այլև ի բազումս՝ ի յունաց եղելոց ի հեռաւոր քաղաքս, և անկաւ շփոթ և շշուկ մեծ ի մէջ ազգին, և ընծայեցաւ այլոց ազգաց ամենայն նիւթ ծանակելոյ զազգ մեր»4։

Կոստանդնուպոլսի ֆրանսիական դեսպան Ֆերիոլն թուրքական կառավարության միջոցով 1706 թ. Ավետիք պատրիարքին աքսորել տվեց և ապա՝ բանտարկեց սկզբում Մարսելի մի վանքում (1707 —1709 թվականներին), իսկ այնուհետև Բաստիլի բերդում, ուր նրան բռնի կաթոլիկ դարձրին։ Պոլսահայ լուսավորչական համայնքը ցասումով դիմավորեց կաթոլիկ աշխարհի ներկայացուցչի նման արարքը։

1705 թ., գրում է Յոզեֆ Համմերը, կառավարության կողմից կաթոլիկների նկատմամբ սանձազերծված հալածանքները սաստկացան։ Կաթոլիկադավան հայերը Կոստանդնուպոլսում հիմնել էին մի տպարան, ուր «...ֆրանսիական դեսպանի անմիջական հովանավորության ներքո թռուցիկներ էին տպում պատրիարքի և ոչ կաթոլիկ հայերի դեմ։ Մեծ վեզիրը խիստ հսկել տվեց ճիզիվիտների տունը և հրամայեց ձերբակալել այն բոլոր հայերին, որոնք հաճախում էին այնտեղ»։ Այնուհետև, «...սուլթանական մի Խաթթ-ի շերեֆ (հրովարտակ) արգելում էր նրանց (ճիզվիտներին) ամեն մի պրոպագանդա ու հրամայում ձերբակալել բոլոր կաթոլիկադավան հայերին։

Այս վերջինների պատրիարքը և վեց այլք, որոնք տքնում էին բանտերում, մահվան դատապարտվեցին մեծ վեզիրի (Չորլուլու Ալի փաշայի) կողմից։ Ձերբակալվածներից վեցը գլուխը փրկեցին ուրանալով իրենց կրոնն ու ընդունելով իսլամը։ Միայն մեկը՝ Կոմիտաս վարդապետը5, քաջություն ունեցավ մնալու որպես կաթոլիկ և պատրաստակամություն հայտնեց ընդունել մարտիրոսի դափնեպսակը»6։

Կաթոլիկադավան հայերի դեմ կառավարության սանձազերծած հալածանքները գործադրվում էին ոչ միայն մայրաքաղաքում, այլ արևմտահայ բոլոր գավառներում։ Մայրաքաղաքում և արևմտահայ գավառներում կաթոլիկ միսիոներների առաջ բերած հուզումները, երկպառակություններն ու թշնամությունները Ալեքսանդր Ջուղայեցի կաթողիկոսին ստիպեցին դիմել Կլիմենտ պապին՝ 1709 թ. փետրվարի 25

_____________________________

4 Մ. Չամչյան, Գ, էջ 743։
5 Հիշատակված Կոմիտաս վարդապետը՝ Երեմիա Չելեբի Քյոմյուրճյանի եղբայրն էր (տե՛ս Մ. Օրմանյան, Ազգապատում, էջ 2756)։
6 J. Hammer, XIII, էջ 185։

[էջ 183]

թվակիր նամակով, ուր մասնավորապես նշում էր, որ պապի քարոզիչները «...ոչ պարտին աշխատ լինել առ մեզ, այլ առաւել առ այնոսիկ՝ որք ոչ կարդան զանուն տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի», մինչդեռ կաթոլիկ քարոզիչները ատելությամբ են լցված հայ քրիստոնյաների հանդեպ։ Նրանք «...զմեծք շրջապատեալ պաշարեն, արկանելով ի մէջ քրիստոնէիցս աղմուկ խռովութեան և փոխանակ շինութեան և հաստատութեան արկանեն յոլով գայթակղութիւնս»։ Հիշեցնելով, որ պետությունը «...այլազգի է և ոչ պաշտոնեայ քրիստոնեութեան, գթով գթայ և նախախնամեալ պահպանէ զմեզ թարց զզուանաց, իսկ առ մեզ եկեալ պատրիքն ոչ այսպէս, այլ ներհակաւն վարին ընդ մեզ», հայոց կաթողիկոսն առաջարկում է, որ կաթոլիկ քարոզիչներին «թուղթ առաքես ի ձեռս մեր, և մեք ցուցցուք պատրոցն, թերևս կասեցին յատելութենէ քրիստոնէից»7։ Սակայն կաթողիկոսի այս նամակը մնում է առանց արդյունքի։

1720 թ. թուրքական կառավարությունը հայոց պատրիարքին տալիս է նոր հրովարտակ՝ նրան թույլատրելով կայսրության բոլոր շրջաններում ամենախիստ պատժի ենթարկել հայ կաթոլիկներին։ Պատրիարքը, գրում է Մ. Չամչյանը «...էառ ի նմանէ (սուլթանէ) հրովարտակ՝ ըմբռնել և մատնել ի գանս կամ ի ծառայութիւն թիոյ զայնոսիկ՝ որք ոչ գնան յեկեղեցիս հայոց։ Եւ իբրև տարածեցաւ հրաման այսր հրովարտակի յամենայն գաւառս թագաւորութեան, բազում տառապանք հասանէին ի վերայ բազմաց, ի Կոստանդինուպօլիս կարգեցան սպասաւորք յիշխանէն Ղալաթիոյ, որք սպասեալ յանցս ճանապարհաց մոտ ի դրունս եկեղեցեացն լատինացւոց՝ ըմբռնէին զորս միանգամ տեսանէին՝ ի հայոց գնալ անդր։ Եվ ապա առեալ գրամս ի նոցանէ ըստ իւրաքանչիւր կարի՝ յոմանց յիսուն դահեկան, յոմանց հարիւր և աւելի ևս էր զի ի բաց թողուին, և էր զի ի բանտ և ի կոճեղս մատնէին և զոր միանգամ գտանէին ուրէք կաթոլիկ անուամբ ոչ թողուին առանց վնասու և տուգանաց։ Սոյնպես էր ե. առաւել ևս նաև. յայլ քաղաքս ի Բերիա, ի Կարին, յԵւդոկիա, Անկիւրիու, ի յԱմիդ և այլն (ընդգծումը մերն է — Մ. Զ.)»8։

1721 թ. Էզրումի կառավարիչն իր նահանգում համատարած հալածանք է սկսում հայ կաթոլիկների դեմ։ Հայերի միջհամայնքային պայքարից օգուտ էին քաղում փաշաներն ու կուսակալները, Մ. Չամչյանը նշում է, որ յուրաքանչյուր պատժի ենթակա հայից փաշաները գանձել են 35000 դահեկան9։

_____________________________

7 Մ. Օրմանյան, Ազգապատում, էջ 2752—2753։
8 Մ. Չամչյան, Գ, էջ 777։
9 Նույն տեղում։

[էջ 184]

Հալածվում էին, անշուշտ, ոչ միայն հայ կաթոլիկները։ Մարքիզ դե Վինյովին նվիրված աշխատության մեջ Ս. Վանդալն այդ մասին գրում է «Կես հարյուրամյակից ի վեր, քաղաքացիական պատերազմը տիրում էր հայ ազգի մեջ։ Հայադավաններն ու կաթոլիկները հաջորդաբար գնում էին աշխարհիկ բռունցքը, այսինքն՝ թուրքական իշխանության հովանավորությունը, փոխադարձաբար իրար հալածելու նպատակով։ Բռնությունը (թուրքական պետության հովանավորության ձեռքբերումը— Մ. Զ.) որոշ իմաստով դրված էր աճուրդի»10։

Կոստանդնուպոլսի ֆրանսիական դեսպանները, քաղաքական նկատառումներով ու օգտվելով թուրքական կառավարության վրա ունեցած իրենց ազդեցությունից, անվերջ միջամտել են արևմտահայերի ներհամայնքային պայքարին, սակայն նրանց այնպես էլ չի հաջողվել հայ զանգվածների մոտ առաջացնել ֆրանսիական կողմնորոշում, ինչպես դա ուզում են իրենց ընթերցողներին հրամցնել ֆրանսիացի բուրժուական պատմաբանները։

***

XVIII դարի 20-ական թվականներին Սեֆյան Իրանն անկում էր ապրում։ Այդ պրոցեսը վառ գույներով նկարագրված են Յուդե Կրուշինսկու և եվրոպացի այլ հեղինակների աշխատություններում։ Շահ Աբասի օրոք ստեղծված ավատատիրական կարգուկանոնից ոչինչ չէր մնացել։ Պետական պաշտոնները բացահայտորեն դարձել էին առուծախի առարկա։ Տեղական իշխանության մարմինների ներկայացուցիչների կատարած կամայականություններին և պարզապես ոճրագործություններին չափ ու սահման չկար։ Շահական պալատում իշխանությունն ամբողջությամբ անցել էր այսպես կոչված սև ու սպիտակ ներքինիների ձեռքը։ «Թագավորը (շահ Հուսեյնը — Մ. Զ.),— գրում է Յուդե Կրուշինսկին,— ամբողջովին կլանված էր հարեմական հաճույքներով, և բոլորովին չէր մտահոգվում պետական գործերով ... Պաշտոնները բաժանելիս հաշվի չէր առնվում ոչ տվյալ անձնավորության արժանիքը և ոչ էլ նախկինում տվյալ անձնավորության մատուցած ծառայությունները։ Իշխանությունը ձեռքբերելու միակ ճանապարհը մնում էր թագավորի վստահությանն արժանացած մարդկանց սիրաշահելը։ Այս մարդիկ ... ոսկու կշռով հրապարակորեն վաճառում էին պետական պաշտոնները, որոնք տրվում էին ոչ թե ամենաարժանավորին, այլ ամենից շատ վճարողին»11։ Անցնելով իրենց պաշտոնին, իշխանավորներն

_____________________________

10 A. Vandal, էջ 426։
11 Y. Krusinski, էջ 44 — 45։

[էջ 185]

աշխատավոր զանգվածների նկատմամբ «կատարում էին ամեն տեսակի բռնագանձումներ»12։ «Ամեն ինչ կատարվում էր խեղճ ժողովրդի հաշվին»13, այնուհետև գրում է Յուդե Կրուշինսկին։ Իրենց իշխանությունը դիտելով որպես ժամանակավոր երևույթ, այնուհետև շարունակում է լեհ հեղինակը, նրանք «մտածում էին ավելի շատ կողոպտել իրենց իրավասության ենթարկված քաղաքներն ու գյուղերը՝ առանց որևէ մի անհանգստության նշանի, քանզի գիտեին, որ մնալու են անպատիժ»14։

Անվերջ կողոպուտների ու ավազակությունների պատճառով խափանվել էր երկրի ներքին ու արտաքին առևտուրը։ Կարավանային առևտրով զբաղվող վաճառականները, կարդում ենք Յուդե Կրուշինսկու մոտ, «չկարողանալով ոչ ազատվել գողերի մեքենայություններից և ոչ էլ արդարություն տեսնել իշխանավորների մոտ, ստիպված դիմում էին մի տեսակ գործարքի գողերի հետ, նախապես նրանց տալով որոշակի մի գումար և իրենց զերծ պահում կողոպտվելուց»15։

Շահ Հուսեյնի իշխանության տարիներին ազգային փոքրամասնությունների և, մասնավորապես, հայ քրիստոնյաների նկատմամբ հալածանքը դարձավ սովորական երևույթ։ Սեֆյան Իրանի անկման պայմաններում իշխանությունների կողմից թույլ էր տրվում սպանել հայ քրիստոնյային և սպանվածների հարազատներին վճարել ընդամենը մի էշաբեռ ալյուր։ «Բոլոր նահանգներում,— կարդում ենք Յուդե Կրուշինսկու մոտ,— այս նոր արդարադատությունը զոհերի պատճառ է դառնում, քանզի երբ մի մուսուլման սպանի մի հայի, ապա կարող է դատապարտվել միայն հանգուցյալի ընտանիքին կերակրելու համար մի ավանակի բեռ ալյուրով»16։

Հայերի նկատմամբ իրանական իշխանությունների գործադրած հալածանքներին անդրադառնում են նաև եվրոպացի այլ հեղինակներ։ «Անհավատները,— գրում է ճիզվիտ մի միսիոներ,— հայերի նկատմամբ գործադրում են դաժան իշխանություն։ Նրանց ծանրաբեռնում են զանազան տուրքերով ու հարկերով և դրանք հավաքում բռնությամբ»17։ Մի ուրիշ միսիոներ՝ Լա Մացը, անդրադառնալով Թավրիզի հայության իրավական վիճակին, նշում է, որ «...հայ քրիստոնյաները խիստ ճնշումների են ենթարկվում, հայերին մյուսներից լավ տարբերելու հա-

_____________________________

12 Նույն տեղում, էջ 46։
13 Նույն տեղում, էջ 50։
14 Նույն տեղում, էջ 79—80։
15 Նույն տեղում, էջ 103։
16 Նույն տեղում, հ. Բ, էջ 88։
17 „Lettres édifiantes", էջ 104։

[էջ 186]

մար հրամայված է, որ իրենց մահուդե գլխարկներին մանիշակագույն կտոր կարեն, և նրանց արգելում են տներից դուրս գալ անձրևի ժամանակ կամ երբ ցեխ է լինում։ Ե՛վ Սպահանում, և՛ Իրանի մյուս կողմերում ըստ ամենայնի ջանք են թափում, որպեսզի մարդիկ հրաժարվեն քրիստոնեական կրոնից ... Անգամ Շամախում հայերին կործանելու զարմանալի միջոցների են դիմում։ Անհիմն տուգանքներ են բարդում նրանց վրա, իսկ գյուղացիներն այն աստիճան են ճնշված, որ գրեթե բոլորն էլ մտածում են իրենց երկրից հեռանալու մասին և եթե ունենային ապահով ապաստան՝ այստեղ չէր մնա ոչ ոք»18։

Հայկական աղբյուրների վկայությունները համահնչուն են օտար հեղինակների հաղորդումներին։ Խոսելով «պարսից երկդիմի գազանաց մասին», 1726 թ. գրած իր հիշատակարանում Ղազար Ջահկեցի գրիչը հաղորդում է հետևյալը. «Չարաչար և զանազան տառապանօք ջանին, կեղեքմամբ և զանազան տառապանօք ամբարշտացան ընդ ազգս հայոց, թարց ամբաստանութեան և վկայի քմբռնէր զանմեղս և կապէր զարդարս պրկեցուցանելով ի վերայ յերկրի, ակցի և բռընցի։ Խոշոր և ստուար փայտոց կբռնէին ն հարկանէին, զոմանս զընկունս ոտիցն հանէին և զռմանս մատունս և զթաթս ի գարշապարաց թափէին, զոմանց զսրունքն և զբարձս խորտակէին և զայնպիսի անողորմ և դառն ջանին տանջանօք կիսամահ արարեալ եդեալ ի բանդի, առնէին զինչս և վաճառէին զտունս և զամենայն կարասիս տանն ի վաճառանացս, յղեցուցանէին։ Ի խանութա և ի կիսագին ծախմամբ զգինս վաճառելոցն առնէին և ապա արձակէին զբանտարկեալսն։ Քանզի զարդարն ընդ ամբարիշտքն կորուսանէին և զանմեղսն ընդ մեղանչականքն պատժէին։ Զի ոչ գոյ քննութիւն ի մեջ նոցին։ Եւ զայսպիսի գործս անօրենութեան որով գործեցին ի յորբս և յայրիս, ի Վանս և ի յանապատս, ի կարգաւորս և ի ճգնակիր կրօնաւորսն Աստուծոյ և ո* կարողասցի բաւել զանչափութիւն չարեաց շանց կատաղելոց»19։

Ինչպես մի ժամանակ՝ V դարում ևս դաժան հալածանքի էին ենթարկվում հասարակության բոլոր խավերը, ներառյալ նաև հայ հոգեվորականության ներկայացուցիչները, որոնց մասին ակնարկում է Ժամանակի պատմիչ, Աղվանից հայոց կաթողիկոս Եսայի Հասան Զալալյանը։ «Ընդ սմին, — գրում է նա, — կաշառս յոլովս, և տասանորդս և զկարգեալ վարձս զինուսրացն առաւել քան զչափն առնուին և ապա զգրեալն կրկնէին, ապա յետ այսորիկ՝ գրեցին (նկատի ունի 1699 —

_____________________________

18 „Письма и донесения изуитов о России", СПб, 1904. էջ 106 և 107, հմմտ. Աշ. Հովհաննիսյան, Դրվագներ..., հ. Բ, էջ 542 — 543։
19 Մատ., ձեռ. № 2121, էջ 267ա։

[էջ 187]

1702 թվականների մարդահամարը — Մ. Զ.) և զվանորայս, զանապատս և զգիւղօրէից եկեղեցիսն, ընդ նմին և զեպիսկոպոսունս և զաբեղայս և զերիցունս առհասարկ ի թիւ արկին և աւարտելով զնոսա սկսան գրել և զվաճառականսն և ճանապարհորդսն և զորս սուղ ինչ առևտրոյ տեարքն էին, զամենեսեան ի համարաթիւն գրելով, գլխոցն երեքպատիկ յաւելմամբ ի վերայ առաջնոյ սահմանին»20։

Եվ այս պայմաններում է, ահա, որ իր քաղաքական գործունեությունը ծավալեց Իսրայել Օրին՝ հանուն հայ ժողովրդի ազատագրման։ Նա, որպես Պետրոս 1-ինի և Հռոմի պապի դիվանագիտական ներկայացուցիչ, մեծ շքախմբով մեկնեց Իրան, որի մասին ուշագրավ տեղեկություններ է հաղորդում նույն ինքը՝ Յուդե Կրուշինսկին։ Միսիոներ այս հեղինակը ոչ միայն Իսրայել Օրիի ժամանակակիցն էր, այլև անձնապես ծանոթ էր հայ քաղաքական գործչին ու նույնիսկ ուղեկցել էր նրան, երբ վերջինս Ռուսաստան էր վերադառնում Իրանից։

Յուդե Կրուշինսկու հուշապատումները սկզբնաղբյուր էին դարձել եվրոպացի բոլոր այն հեղինակների21 համար, որոնք նկարագրում էին XVIII դարի առաջին քառորդի Իրանի քաղաքական դեպքերը։ Հետևաբար բոլոր նրանք Իսրայել Օրուն ներկայացնում են բնավորության բացասական գծերով օժտված քաղաքական մի արկածախնդրի դերով, այնպես, ինչպես վարվել է Յուդե Կրուշինսկին։ Իսրայել Օրու կյանքի ու քաղաքական գործունեության մեծագույն հետազոտող Աշ. Հովհաննիսյանը նշում է, որ եվրոպական պատմագիտության ներկայացուցիչները հաշվի չեն առել «...արժեքավոր այն ուղղումներն ու լրացումները, որ արել է հեղինակը մեմուարների 1740 թվականի հրատարակության մեջ»22։ «Գրքի վերջին հրատարակության մեջ,— այնուհետև կարդում ենք Աշ. Հովհաննիսյանի մոտ,— նա (Յուդե Կրուշինսկին — Մ. Զ.) ոչ միայն պաշտպանեց գիրքն ուրիշների անտեղի հարձակումներից,

_____________________________

20 Եսայի կաթողիկոս, Պատմութիւն կամ յիշատակ ինչ ինչ անզից դիպելոց յաշխարհին Աղուանից, Շուշի, 1839, էջ 17—18։
21 3ուդե Կրուշինսկու մեմուարները առաջին անգամ լույս են տեսնում Հռոմում լատիներեն հետևյալ վերնագրով՝ „Relatio de mutationibus memorabilis Regni Persarum". Հաջորդ՝ 1728 թվականին Փարիզում և Լոնդոնում ֆրանսերեն և անգլերեն լեզուներով, տե´ս Du Cerceau. Histoire de la derniére révolution de Perse „The History of the Revolution of Persia, taken from the memoires of Father Krusinski"։ Գրքի առաջին խմբագրության մեջ Իսրայել Օրուն վերաբերող մասը օգտագործվել են անգլիացի Ջոն Հանվեյի, An historical account of the British Trade of the Caspian Sea with the Revolutions of Persia", London. 1753 թ, և 1757 թ. Հռոմում իտալերեն լեզվով լույս տեսած „Viaggio in Palestina Persia et Mesopotama" վերնագրված աշխատության մեջ։
22 Աշ. Հովհաննիսյան, Դրվագներ..., հ. Բ, էջ 564։

[էջ 188]

այլև հրաժարվեց իր իսկ անիրավ մի շարք մեղադրանքներից»23: Իր մի շարք թերություններով հանդերձ Յուդե Կրուշինսկու հուշապատումները «...Օրիի գործունեությանն անդրադարձող նրան ժամանակակից գրեթե միակ պատմողական աղբյուրն է»24։ Իսրայել Օրու մասին տեղեկությունները Յուդե Կրուշինսկին քաղել է մասամբ հայ քաղաքական գործչի «բերնի խոստովանություններից», մասամբ ուրիշների արած դիտողություններից։

Յուդե Կրուշինսկու Իսրայել Օրու մասին հաղորդած տեղեկությունները հիմնականում հանգում են հետևյալին։ 1708 թ. Շամախիի կառավարիչը հայտնում է (շահական) պալատին, որ «...պապի և հռոմեական կայսեր հանձնարարական նամակներով հանդերձ սահման է ժամանել Ռուսաստանի ցարի դեսպանը, որին ուղեկցում է մեծ թվով արտասավոր մի բազմություն։ Միաժամանակ լուր ստացվեց, որ Հայաստանի Ղափան քաղաքում ծնված այս դեսպանն իրեն հայտարարում էր այս երկրի հին թագավորություններից սերած և հասկացնել էր տալիս, որ ինքը չի հրաժարվում իր տոհմական իրավունքներից։ Այսքան անիմաստ այս աղմուկները ահազանգեցին շահ Հուսեյնին և իր վեզիրներին ... Հայաստանի թագավորների այս հավակնոտ ժառանգը մի արկածախնդիր էր, որը նախ՝ եղել էր Լեոպոլդ կայսեր բանակին սուրճ մատակարարող զինվոր և ցածրաստիճան սպա։ Ծանոթ լինելով արեվելյան լեզուներին, նա ուղարկվել էր Կոստանդնուպոլիս՝ հետագայում Կարլովիցում հաշտության պայմանների նկատմամբ թուրքերի բռնելիք դիրքը շոշափելու համար։ Վերադառնալով Կ. Պոլսից, նա անցել էր ցարի ծառայությանը և իր այս նույն ընդունակությունների համար ցարից ստացել էր գնդապետի աստիճան և դարձյալ ուղարկվել (Կ. Պոլիս) ու բանակցությունների միջոցով համաձայնություն ձեռք բերել Ռուսաստանի և Բ. Դռան միջև և չեզոքացնել վերջինին այն ժամանակ, երբ Ռուսաստանը պատերազմ էր հայտարարելու շվեդական թագավորին։

Կատարելով ցարի կարևոր այս հանձնարարականը և շահելով նրա բարեհաճ վերաբերմունքը, Իսրայել Օրին իր մատուցած ծառայությունների փոխարեն պահանջել էր Սպահանի դեսպանությունը։ Նա ոչ անհիմն այդ դեսպանությանը նայում էր որպես հարստանալու միջոցի, քանզի դեսպանները Պարսկաստանում օգտվում են մաքսահարկեր վճարելու իրավունքներից։ Իր դեսպանությանն ավելի մեծ փայլ տալու նպատակով նա ուղևորվեց Վիեննա ու Հռոմ և իրեն պապին ներ-

_____________________________

23 Նույն տեղում, էջ 584։
24 Նույն տեղում, էջ 567։

[էջ 189]

կայացնելով որպես մի մարդու, որն ազդեցություն ունի հայ հերձվածողների նկատմամբ, ստացավ Կզեմես 11-րդ պապի հանձնարարականները՝ ուղղված Շահ-Հուսեյնին»25։

Եվ ահա ունենալով բոլոր այս վավերագրերը, Իսրայել Օրին իր մեծ շքախմբով ժամանում է Շամախի ու արժանանում տեղի խանի պատվավոր ընդունելությանը։ Երբ Շամախիում էր գտնվում Իսրայել Օրին, այդ նույն ժամանակ Սպահանի պալատում էր գտնվում Իրանի դեմ ապստամբած աֆղանների առաջնորդ Միր-Վեիզը։ Սկսած 1690 թվականից աֆղաններն անվերջ ապստամբական դրության մեջ էին Իրանի նկատմամբ։ Միայն XVIII դարի սկզբներին Կանդահարի կառավարիչ, վտարանդիության մեջ գտնվող վրաց Արչիլ թագավորի եղբայր Գուրգին խանին հաջողվել էր ճնշել նրանց դիմադրական ուժը, ձերբակալել Միր-Վեիզին և ուղարկել Սպահան։ Վերջինս իր շողոքորթությամբ կարողացել էր նվաճել շահական պալատի ներկայացուցիչների և շահի վստահությունը ու նրանց լարել Գուրգին խանի և Իսրայել Օրու դեմ։ Յուդե Կրուշինսկու վկայությամբ, Իսրայել Օրու դեսպանության և Գուրգին խանի Կանդահարում ծավալած հակաաֆղանական գործունեության միջև կա որոշակի կապ, որը կազմակերպվում էր ցարի կողմից և որի նպատակն էր Իրանի անկախության վերացումը։ Միր-Վեիզը, գրում է Յուդե Կրուշինսկին, շահական պալատին «Գուրգին խանին ներկայացնում էր որպես Պարսկաստանի ամենավտանգավոր մարդու, որին չի կարելի վստահել մանավանդ ներկա իրադրությունների պայմաններում»26։ Նա Իրանի ղեկավար շրջաններին «ահաբեկում էր մոսկովցիների հզորությամբ, որոնք շվեդական թագավորի պարտությունից հետո ի զորու էին իրենց կամքը թելադրել իրենց բոլոր հարևաններին։ Ի՞նչ կլինի, շարունակում էր նա, եթե բնականորեն մշտապես անհանգիստ ու հուզաթաթախ վրացիները, որոնք միևնույն հավատալիքների ու դավանանքի համար հակում ունեն դեպի մոսկովցիները օգտվեին ներկայիս (բարենպաստ) պայմաններից և զենքի միջոցով հասնեին ազատագրման27։ Ռուսների հետ Իրանի դեմ համատեղ ռազմական գործողությունների կոչ են անում, ասել է Միր-Վեիզն Իրանի պալատականներին, Գուրգին խանի Պետերբուրգում հաստատված մերձավորագույն ազգականները։ «Անհրաժեշտ է ուշադրությունը սևեռել,— այնուհետև խորհուրդ է տրվել աֆղանների առաջնորդը,— Պարսկաստանում մեծ թիվ կազմող հայերի վրա։ Առևտրի միջոցով

_____________________________

25 „Histoire de Perse", I, էջ 46—49։
26 Y. Krusinski, էջ 221։
27 Նույն տեղում։

[էջ 190]

ձեռք բերած հսկայական հարստությունները, ինչպես և իրենց կյանքը հայերը պատրաստ են պատեհ առիթի դեպքում օգտագործել իրենց համար անտանելի լուծը թոթափելու և իրենց թագավորությունների ժամանակ վայելած ազատությունը վերականգնելու համար։ Եվ վերջապես,—ավելացնում էր նա, — երբ մի կողմից մոսկովցիները մտնեին իրենց գրկաբաց դիմավորող Վրաստան, մյուս կողմից հայերն ապստամբություն բարձրացնեին թագավորության մեջ, և իր հերթին՝ Գուրգին խանը աֆղաններին ապստամբեցնելով Կանդահարը հանձներ մոնղոլ տիրակալին և նրա ուժերի հետ դաշնակցած արդեն հարձակվեր մոսկովցիներին և հայերին դիմակայող Պարսկաստանի վրա։ Ինչ կլիներ այն ժամանակ բոլոր կողմերից հարձակման ենթարկված թագավորության վիճակը»։

Հավանաբար, ռուսների օգնությամբ հայկական թագավորություն ստեղծելու հեռանկարներն այս ժամանակ այնքան շոշափեելի էին դարձել, որ Միր-Վերզին առիթ էին տվել անելու նման եզրահանգումներ։ Նամանավանդ, որ Ի. Օրին Անդրկովկասում, մասնավորապես հայերի մոտ, ծավալել էր ազատագրական տրամադրություններ։ Նման պայմաններում շահ Հուսեյնը նպատակահարմար գտավ արագացնել Ի. Օրու ընդունելությունը, չնայած ֆրանսիական դեսպան Միշելի մեքենայություններին, որը փորձում էր Իսրայել Օրուն ներկայացնել որպես կեղծ դեսպանի, միաժամանակ ավելացնելով, որ «եթե պապը, կայսրը և ցարը, որոնց ներկայացուցիչը լինելու հավակնությունն ունի, կարևոր գործեր ունենային Պարսկաստանի արքունիքի հետ, դրանք չպիտի հանձնեին թագավորին ստրուկ մի հայի, իմ նամակի հետևանքով էր, որ արգելեցին նրա մուտքը Սպահան մինչև որ ստուգվեր նրա դեսպանության օրինականությունը»28։

Շահ Հուսեյնը, ինչպես այդ մասին վկայում է նաև Յուդե Կրուշինսկին, ռուսական դեսպաններին ընդունեց մեծամեծ պատիվներով։ Իսրայել Օրին շահին է ներկայացնում Պետրոս 1-ի նամակը, ուր մասնավորապես ասված էր, թե շահի դեմ ըմբոստացած քրիստոնյա հպատակների նկատմամբ իրանական տիրակալը կցուցաբերի գթասրտություն և ներման կարժանացնի նրանց29։

_____________________________

28 „...Le pape, l'emperier et le czar dont se disait ministre avait eu des affaires de conséquences á traiter á la cour de Perse, ils ne les auraient pas confiées a un Arméniena esclave du Roi, et c'est sur ma lettre qu'on lui défendit d'entrer dans Hispahan, jusque á ce qu'on est bien vérifié le vérité de sa légation" (Mémoires du sieur Michel sur son voyage en Perse, — Bibltothéque Nationale, Fonds francais, № 7200, 220—221):
29 Աշ. Հովհաննիսյան, Դրվագներ..., հ. Բ, էջ 600։

[էջ 191]

Իսրայել Օրու քաղաքական առաքելության մանրամասնությունների և շահի հետ նրա վարած բանավարությունների մասին հայ և օտար աղբյուրներում, ինչպես նշում է Աշ. Հովհաննիսյանը, վկայություններ չեն պահպանված։ «Օրին,— այնուհետև գրում է նա,— խոստանում էր Իրանում ունեցած իր գործունեության մասին անձամբ զեկուցել Մոսկվա հասնելուց հետո»30։

Դեպի Իրան ուղևորվելիս և վերադարձին, Իսրայել Օրին երկու անգամ տեսակցվել էր Էջմիածնի կաթողիկոս Ալեքսանդր Ջուղայեցու հետ։ Կաթողիկոսի հետ բանավարությունների ժամանակ Իսրայել Օրին հանդես է եկել որպես ռուսական պետության քաղաքական շահերի և հայերի ռուսական կողմնորոշման արտահայտիչ։ Ոգևորված այս բանակցություններից, կաթողիկոսը հատուկ նամակ է հղում Պետրոսի 1-ինին։ «Բայց մեր սիրելի որդի և եղբայր Իսրայելիս գնալն և գալն ի Պարսկաստան,— գրում էր կաթողիկոսը ցարին,—յոյժ զարմացոյց ամենեքեան»։ «Քան զչափն աւէլի սէր և ընդունելութիւն արաք և քո հրամանայդ որպիսութիւնն և կատարեալ սէրն, որ ունիս առ յազգս մեր, ամէնն մի ըստ միոջէ պատմեաց մեզ՝ և մեք ուրախացեալ ընծացաք31։

Իսրայել Օրին և' Հայաստանում, և' Անդրկովկասի այլ հայաշատ վայրերում հանդիպումներ էր ունեցել նաև հայ հասարակության տարբեր ներկայացուցիչների հետ, որոնք օգնության ակնկալություններ ունեին Ռուսաստանից։ 1710 թ. կանցլեր Գոլովինին գրած նամակում Իսրայել Օրին գրում էր, թե «մեր երկրի մեծն ու փոքրը ողջույն են ուղարկում մեծ թագավորին»։ Իսրայել Օրու դիվանագիտական այս առաքելությունը մեծ ոգևորություն է առաջացնում հատկապես Ղարաբաղի հայության մոտ։ Իր հուշապատումների թուրքերեն հրատարակության մեջ, կարդում ենք Աշ. Հովհաննիսյանի մոտ, Յուդե Կրուշինսկին այդ մասին հաղորդում է ուշագրավ տեղեկություններ։ Նա գրում է հետևյալը. «Պատահեց այդ ժամանակ տարօրինակ այն բանը, որ ղարաբաղցի հայ իշխանավորները ժողովրդի հետ միասին հայտարարեցին, թե, ինչպես ասված է իրենց գրքերում, հայազգի այն թագավորը (խոսքը լեգենդի խոստացած ազատարար թագավորի մասին է) գալու է Իրան, որպեսզի գրավելով Ղարաբաղի երկիրը և իշխանություն հաստատելով այնտեղ, վերականգնի Հայաստանի նախկին վիճակը, այս բանը հայտնի է լինելու նաև իրեն, այդ թագավորին, երբ որ հանդիսավոր կերպով Շամախի մտավ դեսպանը (քանի որ 300 հայ ուղեկից ուներ և

_____________________________

30 Նույն տեղում, էջ 604։
31 նույն տեղում։

[էջ 192]

100 մարդ էլ նոր միացավ դրանց), հայտարարելով, թե ինքր ծագում է հայ թագավորների սերնդից, հռչակվեց, թե հենց նա է իրենց գրքերի նախագուշակման թագավորը, ուստի, ասացին, սա է մեր թագավորը, եկել է իր երկիրը և պիտի պաշտպանություն գտնի մեր կողմից»32։

Ենթադրվում է, որ հենց այս ժամանակ էլ Ղարաբաղում և Անդրկովկասի այլ շրջաններում կազմակերպվում են հայկական զինվորական միավորումները՝ սղնախները, որոնք ռազմական օգնության ակնկալիքներ ունեին Ռուսաստանից։ 1716 թ. Պետրոս 1-ինին գրած նամակում Գանձասարի հայոց կաթողիկոս Եսայի Հասան Ջալալյանն ամբողջությամբ ապավինում էր Ռուսաստանին և պատրաստակամություն էր հայտնում համատեղ հանդես գալ թշնամու դեմ։ «Եւ յօժար սրտիւ կամիմք ընդ հովանեաւթևոց քոց լինել,— գրում է կաթողիկոսը,— «մեք պատրաստ եմք ընդ առաջ քո ըստ իմում կարողութեանս, և մեր նաահնգիս մելիքովք մեծամեծովք և փոքումբք և յորժամ կամեսցի հզօր և մեծ թագաւորութիւնդ յաջապարել այսր կամօքն աստուծոյ, յայնժամ զնշան գործոյն խնդրեմք ցուցանել մեզ, զի առաւել հաստատ լիցուք ի վերայ խորհրդեանս, և ապա զամենայն հանգամանք երկրիս, ծանուսցուք առաջի քոյ...»33։

Սեֆյան Իրանի թուլացումից փորձեցին օգտվել ոչ միայն աֆղանները, ինչպես տեսանք, այլև հպատակ շատ ժողովուրդներ, նախ և առաջ, քրդերը, արաբները, ինչպես և ուրիշները։ Այդ մասին մեզ մանրամասն տեղեկացնում են եվրոպացի հեղինակները։ Նույն Յուդե Կրուշինսկու վկայությամբ, 1719 թ. քրդերն ապստամբելով, ռազմական գործողությունները տեղափոխեցին Համադանի մատույցները և «նույնիսկ երևացին Սպահանի մոտ»34։ Ուզբեկներն ասպատակում էին Խորասանի ընդարձակ նահանգը35, Կովկասում ապստամբել էին լեզգիները36։ Վերջապես ապստամբության դրոշը երկրի հարավում՝ Խուգիստանում, բարձրացրին արաբները։

Լուրջ իրադարձություններ ծավալվեցին նաև Վրաստանում ու նրան հարավից կից շրջաններում։ Վրաց Վախթանգ թագավորը, որն ուրանալով քրիստոնեական հավատքը, նշանակվել էր Վրաստանի վալի, 1719 թ. Իրանից վերադառնալով հայրենիք՝ Քարթլի, «հուզված այն ավերածություններից, որ կատարել էին լեզգիներն իր տիրույթ-

_____________________________

32 Նույն տեղում, էջ 607։
33 Նույն տեղում, էջ 611։
34 „Histoire de Perse", II, էջ 121։
35 Նույն տեղում, էջ 121 — 122։
36 Նույն տեղում, էջ 122 — 123։

[էջ 193]

ներում, որոշեց վրեժ լուծել նրանցից և ապահովել իր թիկունքը այդքան վտանգավոր հարևանությունից»37։ Սակայն հետագա իրադարձությունները գործը հասցնում են նրան, որ շահական պալատը ստիպված 1720 թ. հաշտվում է Քարթլիում Վախթանգ թագավորի քաղաքական դիրքերի ամրապնդման գաղափարի հետ։

Վախթանգ 6-րդն այն հեռատես քաղաքական գործիչն էր, որ առաջ քաշեց վրաց-հայկական համատեղ ապստամբության գաղափարը, և նկատի ունենալով Ռուսաստանի, Վրաստանի ու Հայաստանի շահերի համընկնումը, նույն այդ 1720 թվականին Պետրոս 1-ինի հետ համաձայնագիր կնքեց Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություններ ծավալելու մասին։

1721 թ. օգոստոսի 7-ին լեզգիները հարձակվեցին Շամախիի վրա և սպանեցին այնտեղ գտնվող ռուս վաճառականներին, որը Ռուսաստանն առիթ դարձրեց իր զորքերը մտցնելու Անդրկովկաս և Հյուսիսային Իրան։ Օսմանյան պետության գործակալներ հանդիսացող լեզգի ֆեոդալները, տեր դառնալով Շամախիին, ապստամբեցրին Շիրվանը, անցան Կուր գետը և Դաուդ խանի գլխավորությամբ պարտության մատնեցին Երևանի խանի զորքերին, հրի ու սրի մատնեցին երկիրը և պաշարեցին Գանձակը38։ 1723 թ. հունվարի 31 թվակիր Սպահանի ֆրանսիական դեսպանորդ դե Լա Գարդանի գրած զեկուցագրից իմանում ենք, որ լեզգիները Շամախիում մեծ ավերածություններ ու կոտորածներ սարքելուց հետո «ասպատակել էին երկրի մյուս մասերը, ստրկության մատնել մեծ քանակությամբ տղամարդկանց ու կանանց և սարսափելի ավերածության ու կողոպուտի էին ենթարկել ողջ շրջակայքը»39։ Ահա Անդրկովկասի ժողովուրդների համար այսպիսի ծանր օրերին էր, որ Ռուսաստանն օգնության ձեռք մեկնեց նրանց։

1722 թվականին Սեֆյան Իրանը հոգեվարքի մեջ էր։ Կանդահարի կառավարիչ Միր-Վեիզին հաջորդած Մահմուդն իր ապստամբ զորքերի հետ ներխուժեց Իրան և եկավ ու պաշարեց Սպահանը։ Ծանր օրհասական ժամանակ ապրեցին, ինչպես դարձյալ վկայում է Յուդե Կրուշինսկին, ջուղահայերը։ Ինքը՝ կաթոլիկ այս հեղինակը, այդ օրերին, ինչպես արդեն նշվեց, գտնվելիս է եղել Նոր Ջուղայում՝ հայերի մեջ։ Սա խոսում է Նոր Ջուղայի երբեմնի բարգավաճ վիճակի, ջուղահայերի XVII դարի ընթացքում ձեռք բերած այլևայլ արտոնությունների

_____________________________

37 Նույն տեղում, էջ 176։
38 Նույն տեղում, էջ 208 — 209։
39 И. И. Табагуа, Материалы для истории Грузии первой четверти XVII века. Тбилиси, 1962, հավելված № 1, էջ 267։

[էջ 194]

մասին, սակայն նկատում, որ «Հուսեյնը գահ բարձրանալով վերջ տվեց այն բոլոր արտոնություններին, որոնք տարբեր հանգամանքներում շնորհվել էին իր նախորդների կողմից»40: Համաձայն Յուդե Կրուշինսկու, շահ Հուսեյնը օգտվելով Մահմուդի արշավանքից, ձգտեք է վերջնականապես հարվածել ջուղահայերին։ Նա պահանջել է նրանցից զինված ներկայանալ պալատ և ռազմաճակատ մեկնած բանակի փոխարեն ապահովել իր անձի պաշտպանությունը։ Հայերը նման վստահությունից մեծապես շոյված ներկայանում են արքունիք և անմիջապես զինաթափվում։ «Այդպիսին էր գործերի վիճակը, երբ աֆղանները հայտնվեցին Ջուղայի առաջ և անմիջապես սկսեցին հարձակումը, այն սկսեց գիշերը և տևեց մի ամբողջ երկու ժամ։ Պաշարվածները, որպեսզի այն տպավորությունը թողնեն, թե իրենց թիկունքում կանգնած է կանոնավոր բանակը, մեկը մյուսին պարսկական անուններով էին կոչում։ Եվ համարյա առանց զենքի նրանք այնպիսի համառությամբ պաշտպանվեցին, որ թշնամին կարողացավ միայն ամրապնդել շտապ կարգով ձեռք բերած փոքրիկ դիրքը։

Ոգևորված այս հաջողություններից, հայերը սպասում էին Արաբիայի Վալիի գալստին, որպեսզի, իրենց հերթին անցնեն հարձակման, սակայն այս զորապետն արդեն հասկացնել էր տվել, որ ինքը քիչ է հակված ընդհանուր շահագրգռություն ներկայացնող հարցերի լուծմանը։ Այս տարօրինակ մոտեցումը, հայերին զինաթափելու նախաձեռնությունը, և նրանց օգնական կայազոր ուղարկելու կոչն անուշադրության մատնելը մարդկանց հանգեցրին այն մտքին, որ թագավորի մտադրությունն է Ջուլֆան և նրա բնակիչներին զոհաբերել հանուն մայրաքաղաքի փրկության։ Ենթադրվում էր, որ աֆղանները կողոպտելով արվարձանի մեծ հարստությունները, բավարարված կլինեն և կմտածեն վերադառնալ Կանդահար»41։

Ջուղահայերը ստիպված Մահմուդ շահի հետ մտնում են բանակցությունների մեջ։ Աֆղանական տիրակալը համաձայնվում է հայերի առաջարկի հետ, այն է՝ աֆղանները կոտորածի ու կողոպուտի չպիտի դիմեն, իսկ դրա փոխարեն հայերը պարտավորվում են վճարել 70 հազար թուման ռազմատուգանք42։ «Ինչքան էլ ծանր լիներ այս պայմանը,— այնուհետև հաղորդում է Յուդե Կրուշինսկին,— Մահմուդը դրան ավելացրեց ավելի ծանրը։ Դեռ նոր էր տեր դարձել Ջուղային, երբ հայերից պահանջեց տոհմիկ ընտանիքներից իր հայեցողությամբ

_____________________________

40 „Histoire de Perse", I, էջ 271:
41 Նույն տեղում, էջ 274։
42 Նույն տեղում, էջ 276։

[էջ 195]

ընտրված որոշակի քանակությամբ երիտասարդ աղջիկներ»43։ Սպահանի ֆրանսիական դեսպանորդ դե Լա Գարդանը իր հերթին հայտնում է միևնույնը։Ըստ նրա հայերը պարտավորվել են Միր Մահմուդին վճարել 1.400 հազար էքյու։

Աֆղանցի բռնակալը դրանով էլ չի բավարարվում։ Շուտով չեղյալ համարելով ջուղահայերի հետ կնքված համաձայնագիրը, նա իր բանակին հրամայում է մտնել հայերի ւոները և կողոպտել ամեն ինչ։ «Ոսկի, արծաթ, թանկագին քարեր, կահույք, թանկարժեք կերպասեղեն ամեն ինչ կողոպտվեց և բնակիչները հոգեվարքին հասած իրենց վրա կրեցին հարձակումով զավթված մի քաղաքին սպառնացող ամեն տեսակ բռնությունները»44։

Այսքան հարստությունները չկարողացան բավարարել հաղթողի ընչաքաղցությունը և դրանք բազմապատկելու համար նրանք դիմեցին տանջանքների։ Չէին դադարում փայտով հարկանել ջուղայեցի երևելիներին, մինչև այն աստիճան, որ նրանք խոստովանում էին, թե իրենք և իրենց բարեկամները որտեղ են թաքցրել իրենց հարստությունները45։

Նոր Ջուղայի անկմանը հաջորդեց մայրաքաղաքի զավթումը աֆղանցիների կողմից։

Թուրքիան ուշի-ուշով հետևում էր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններին։ Իրանի անցուդարձերի մասին մայրաքաղաք անընդհատ զեկուցագրեր էր ուղարկում Էրզրումի վալի Սիլահդար Իբրահիմ փաշան, որը միաժամանակ իր կառավարությանը խորհուրդ էր տալիս անհապաղ գործի անցնել։ Առաջարկում էր նախ դաշինք կնքել Դաղստանի խաներ Հաջի Դավուդի և Սուրխայի հետ և ապա հարձակվել Իրանի վրա։

Պետրոս 1-ինի կասպիական արշավանքն ամենևին ձեռնտու չէր Թուրքիային։ Դիմելով կասպիական արշավանքին, Ռուսաստանը ոչ միայն օգնության էր հասնում Անդրկովկասի ժողովուրդներին, այլև ապահովում էր իր թիկունքը Կովկասում, մի հանգամանք, որ ծայրահեղորեն սրում էր ռուս-թուրքական քաղաքական հարաբերությունները։

Օսմանյան կայսրությունը կարողացավ օգտագործել Իրանի թուլացումը և շուտով զավթողական պատերազմներ սկսել Արևելքում։ Այս հանզամանքը չեն կարողանում հերքել ժամանակակից թուրք պատմագիտության ներկայացուցիչները։ «Այս անգամ արդեն պատերազմը ոչ թե իրանական ժողովուրդը աֆղաններից պաշտպանելու համար հայ-

_____________________________

43 Նույն տեղում, էջ 271—272։
44 Նույն տեղում, էջ 279։
45 Նույն տեղում։

[էջ 196]

տարարվեց, այլ որոշվեց իրանական հողերը զավթել ու միացնել օսմանյան երկրին»46— գրում է ժամանակակից Թուրքիայի խոշորագույն պատմաբաններից մեկը՝ Ի. Հ. Ուզունչարշըլըն։

Թուրքիայի կողմից Իրանին պատերազմ հայտարարելը Անդրկովկասում ստեղծեց բոլորովին նոր քաղաքական իրադրություն։ Հյուսիսային երկարատև պատերազմից նոր դուրս եկած Ռուսաստանը դժվարանում էր ընդհարվել Թուրքիայի հետ, մանավանդ, որ վերջինիս թիկունքում կանգնած էին Անգլիան և Ֆրանսիան։ Բացի այդ, ռուսները Մերձկասպյան շրշաններում հանդիպել էին զորքերի փոխադրման, պարենավորման և այլ կարգի մեծ դժվարությունների։ Ուստի Պետրոս 1-ինը ստիպված էր ընդհատել իր հետագա արշավանքը և 1724 թ. հոկտեմբերի 5-ին վերադառնալ Աստրախան։

Ռուսական զորքերի Անդրկովկասում երևալու առթիվ մեծ վեզիր Դամադ Իբրահիմ փաշան, որը, ի դեպ, ծագումով հայ էր, Նիշլի Մեհմեդ աղայի գլխավորությամբ Պետերբուրգ ուղարկեց դիվանագիտական մի միսիա, որի նպատակն էր բացատրություններ ստանալ ռուսական զորքերի կասպիական արշավանքի մասին և շոշափել ռուսների հետագա մտադրությունները։ Նիշլի Մեհմեդը ցարին էր ներկայացնում նաև սուլթան Ահմեդ 3-րդի նամակը, որտեղ սուլթանը հայտնում էր ցարին, թե նա թույլ չի տա ռուսական գերիշխանության հաստատումը սուննի դավանանքին պատկանող լեզգիների նկատմամբ և պահանջում, որ Պետրոս 1-ինը ոչնչացնի Հյուսիսային Կովկասում կառուցած մի շարք ռազմական ամրություններ47։ Մյուս կողմից, իր առանձին հայտարարության մեջ սուլթանական կառավարությունը բացահայտ հովանավորության տակ վերցնելով Դաղստանի ֆեոդալ Դաուդ խանին, սպառնում էր Վրաստանին, որ հանդգնել էր թույլ տալ ռուսական զորքերին՝ անցնելու վրացական տարածքով48։

Կանցլեր Գոլովկինը և Կ. Պոլսի ռուսական դեսպան Ի. Նեպլյուևը եռանդուն դիվանագիտական գործունեություն ծավալեցին Թուրքիայի հետ ռազմական ընդհարումից խուսափելու համար։ Ֆրանսիան առաջարկեց իր միջնորդությունը և 1723 թ. հուլիսին, երբ արդեն թուրքերի կողմից Անդրկովկասում ծավալվել էին լայն ռազմական գործողություններ, ռուս-թուրքական քաղաքական հարաբերությունների շուրջ Կ. Պոլսում հրավիրվեց միջազգային կոնֆերանս։ Բաց անելով կոնֆերանսը, Ռուսաստանի ներկայացուցիչն Օսմանյան կայսրության

_____________________________

46 J. H. Uzunçarşili. Osmanli tarihi, IV, մաս 1, էջ 175։
47 „Histoire de Perse", II, էջ 107։
48 Նույն տեղում, էջ 169, „...et vangeroit des géorgiens qui avoient favorisé leur entrée dans son (Daoud Khan) pays".

[էջ 197]

նկատմամբ ցարի խաղաղ նպատակների մասին հաղորդելուց հետո հայտարարեց, թե ցարը «...դիմել էր այդ քայլին, որպես հավաստիացում Բարձրագույն դռան նկատմամբ ունեցած բարի մտադրությունների մասին և Ֆրանսիային հարգանք մատուցելու նրա բարեկամության ու խորհուրդների համար»49։ Այդուհանդերձ, բանակցությունների ընթացքում սուր հակասություններ դրսևորվեցին երկու կողմերի միջև։ Ի պատասխան ռուսական կողմի պահանջի՝ դադարեցնել պատերազմական հետագա գործողություններն Իրանի դեմ, թուրքական կողմը հայտնում էր, թե այն պահին, երբ Իրանը կատարյալ անկում է ապրում, նա չէր կարող կորցնել այդքան գեղեցիկ մի առիթ իր հին ժառանգական տիրույթները հանդիսացող Վրաստանը, Հայաստանը, Ադրբեջանն ու Դաղստանը նվաճելու համար50։ Ռուսական կողմն իր հերթին, բանակցությունների հետագա ընթացքի ժամանակ թուրքական կողմին հիշեցնում էր այն պայմանագրի գոյության մասին, որ ստորագրվել էր ցարի ներկայացուցիչների և շահ Հուսեյնի գահազրկումից հետո Իրանի շահ հռչակված Թահմասպի միջև51։

Ի վերջո՝ 1724 թ. հուլիսի 8-ին, Կ. Պոլսում Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվում է 6 կետից բաղկացած մի պայմանագիր, որի բովանդակությունը հետևյալն է՝ Անդրկովկասը բաժանվում էր ազդեցության ոլորտների։ Հատուկ հանձնաժողովը պատրաստելու էր դեմարկացիոն գիծը։ Շամախին հայտարարվում էր չեզոք գոտի։ Որոշվում էր Իրանի և Թուրքիայի միջև սահմանագիծը և ընդգծվում, որ եթե շահ Թահմասպը չենթարկվի պայմանագրի սույն հոդվածին, ապա պայմանավորվող կողմերը կարող են ծավալել համատեղ ռազմական գործողություններ։ Մյուս հոդվածներում նշվում է, որ եթե շահ Թահմասպը ցանկանա, ապա պայմանավորվող կողմերը իրանական տիրակալին ռազմական օգնություն ցույց կտան երկիրը խաղաղեցնելու համար52։

_____________________________

49 Mémoire historique sur l'ambassade de France á Constantinople, էջ 202—203։
50 J. Hammer, XV, էջ 91։
51 Այդ պայմանագրի կետերը համաձայն Մամիյ-դե Կլերակի բերած փաստաթղթի հետևյալն են. 1. ցարը հանձն է առնում մինչև վերջ Իրանը մաքրել խռովարարներից. 2. շահ Թահմասպը Ռուսաստանին ընդմիշտ զիջում է Մերձկասպյան առափնյա շրջանները, ներառյալ նաև Հյուսիսային Իրանի նահանգներ հանդիսացող Գիլանը, Մազանդարանը և Աստրաբադը. 3. իրանական կողմը պարենամթերքով կապահովի ռուսական բանակը. 4. ապագայում Իրանը կստեղծի բոլոր բարենպաստ պայմանները, Իրանում ռուսական առևտրի ծավալման համար և 5. յուրաքանչյուր պայմանավորվող կողմի բարեկամը դառնալու է բարեկամ մյուս կողմի համար, իսկ թշնամին՝ թշնամի։ „Histoire de Perse", II, էջ 129)։
52 Նույն տեղում, էջ 195—199։

[էջ 198]

Այսպիսով, կնքված պայմանագրի համաձայն, Շիրվանը, Արևելյան Հայաստանը, Հարավային Ադրբեջանը և Պարսկական Իրաքն անցնելու էր թուրքական տիրապետության ներքո։

Այն ժամանակ, երբ Կ. Պոլսում բանակցությունները շարունակվում էին, թուրքերը, ինչպես ասվեց, ծավալել էին լայն ռազմական գործողություններ։ Նրանք երեք ճակատով հարձակվել էին Անդրկովկասի ու Իրանի վրա։ Էրզրումի կառավարիչ Սիլահդար Իբրահիմ փաշան ներխուժել էր Վրաստան, Վանի վալիի՝ Քյոփրյուլու զադե Աբդուլլահ փաշայի զորքերն ասպատակում էին Արևելյան Հայաստանն ու Ադրբեջանը։ Մեծ Մյուֆթին սրբագործել էր պատերազմը ու գրել, որ քրիստոնյա հպատակների գերեվարումը միանգամայն օրինական է։ «Ինչպիսի վերաբերմունք պետք է որդեգրել , Իրանի հերձվածողների և այս երկրի բնիկ անհավատների, օրինակ, Վրաստանի բնակիչների ու այլոց նկատմամբ,—հարցնում է Մուֆթի Աբդուլլահ էժենդիի ֆեթվան։—Պատասխան, ինչ վերաբերում է հերձվածողներին, պետք է սրի անցկացնել տղամարդկանց, ստրկության մատնել կանանց ու երեխաներին և տիրանալ նրանց ինչքերին։ Պետք է ստիպել կանանց ու երեխաներին ընդունելու իսլամը, սակայն ոչ թե թրի, այլ ուրիշ միջոցներով։ Չի թույլատրվում ամուսնանալ նրանց կանանց հետ, մինչև որ վերջինները ուղղափառ (սուննի— Մ. Զ.) չդառնան։ Ինչ վերաբերում է տեղաբնիկ անհավատներին, պետք է նրանց կանանց ու երեխաներին ստրկության մատնել ու տիրանալ նրանց ունեցվածքին։ Առանց ուժ գործադրելու կարելի է ստիպել այս ստրուկներին գրկելու իսլամը, այսուհանդերձ թույլատրվում է ամուսնանալ դեռ իսլամը չընդունած կանանց հետ»53։

Թուրքական բանակի արշավանքը, ըստ երևույթին, Վախթանգ 6-րդրն ստիպում է առժամանակ հրաժարվել ռուսների հետ համատեղ ռազմական գործողություններ ծավալելու ծրագրից54։ Դրանից հետո «Էրզրումի կառավարիչ Իբրահիմ փաշան Դիարբեքիրի, Տրապիզոնի, Սվազի, Ախալցխայի, Կարսի, Կարահիսարի և այլ ուժերի հետ, ընդամենը քառասուն հազարանոց բանակով, հարձակվեց Վրաստանի վալի Մեհմեդ Կուլիխանի55 դեմ նրան օսմանյան տիրապետությանը ենթարկելու և Թիֆլիսի ամրոցը նվաճելու համար։

_____________________________

53 Mohammed Ali Hekmet. Essai sur l'histoire des relations politiques irano-ottomanes de 1722 á 1747, Paris, 1937, էջ 119։
54 J. Hammer, XV, էջ 92—93։
55 Շահ Թահմասպը Վրաստանի վալի էր նշանակել Հերակլ թագավորի որդի Կոստանդին 3-րդին, որը մուսուլմանություն ընդունելով հայտնի էր դարձել Մոհամմեդ Կու-

[էջ 199]

Այս վալին, որին չէր պակասում ոչ համառությունը և ոչ էլ կենսափորձը, չուներ սակայն պատրաստի զորքեր և բնակչության այն ատելությունը, որ նա վաստակել էր նրանց հարկատվության ենթարկելու պատճառով, նրան զրկում էր նրանց օգնությունն ապավինելու հույսից։ Այս պայմաններում նա զիջեց ամեն ինչ (թուրքերին) պայմանով, որ սերասքյարը ճանաչի իր իշխանությունը։ Թուրքական պատվիրակը երդվելով, խոստացավ նրան այդ անել և նույն գիշերը վերադարձավ զորահրամանատարին հաշվետվություն ներկայացնելու բանակցությունների ընթացքի մասին։

Այս համաձայնագրի հիման վրա օսմանյան բանակը հունիսի 12-ին երևաց Թիֆլիսի մոտակայքում։ Մեհմեդ Կուլիխանը մի մեծ շքախմբով ընդառաջ դուրս եկավ և Իբրահիմ (փաշային ) հանձնեց քաղաքի և ամրոցի բանալին։ Այս զորահրամանատարը նրան ընդունեց մեծ բարեկամական դրսևորումներով և նրան մեծարեց խալաթով, սակայն հենց որ տեր դարձավ ամրոցին, նրան ձերբակալել տվեց։

Գահընկեց արված խանը (Մոհամմեդ Կուլիխանը — Մ. Զ.) մի քանի օր հետո հնարանքով կարողացավ փախչել բանտից և նահանջել Կախեթ։ Այս ժամանակ Բ. Դուռը Վախթանգի ավագ որդի Բակուրին նշանակել էր նրա փոխարեն։ Այս իշխանը չտանելով նոր լուծը, որսորդության պատրվակի տակ լքեց քաղաքը և հրաժարվեց տիրակալի ձևական տիտղոսից։

Սերասքյարը Թիֆլիսի գրավումով ոգևորված մտածում էր նոր հարձակումներ ձեռնարկել։ Ի վերջո, նա իր հայացքը սևեռեց Ղարաբաղի մայրաքաղաք Գանձակի վրա և հաջորդ աշնանը պաշարեց այն։ Սկզբում այս արշավանքը իր համար բարեհաջող ելք ունեցավ: Նա նախ առանց դիմադրության հանդիպելու գրավեց հայերի արվարձանը, սակայն քաղաքի բնակիչները գոտեպնդվելով եկան հարձակվեցին մինչև իսկ իր ճամբարը։ Այս հանդուգն գործողությունը իր անսպասելի արդյունքն ունեցավ։ Բոլոր կողմերից պաշարված թուրքերը թողեցին հրետանին ու իրենց բեռները և բացահայտորեն բռնեցին փախուստի ճանապարհը։ Այս ճակատամարտի ժամանակ թուրքերը կորցրին երեք հազար մարդ և խուճապի մատնված նրանց զորահրամանատարն իր բանակի մնացորդների հետ ստիպված նահանջեց Էրզրում՝ իր կառավարչության վայրը»56։

_____________________________

լիխան անունով։ Սա լեզգիների օգնությամբ կարողացել էր պարտության մատնել Վախթանգ 5-րդին և տիրանալ Թիֆլիսին։
56 „Histoire de Perse", II էջ 121—122։

[էջ 200]

Թուրքերին այսպիսի խայտառակ պարտության մատնողները, ինչ պես հայտնի է, Ղարաբաղի սղնախներն էին։ Իբրահիմ փաշայի պար ւոությունը զայրույթով ընդունվեց թուրքական մայրաքաղաքում։ Նա պաշտոնազրկվեց և թուրքական զորքերի նոր սերասքյար նշանակվեց Աարիֆ կամ Արիֆի Ահմեդ փաշան57։

Հայերը ոչ միայն հերոսական դիմադրություն էին ցույց տալիս թուրքերին, այլև իրենց երկրի անկախությունը ձեռք բերելու նպատակով ապստամբեցին Սեֆյան Իրանի դեմ։ «Ղափանի և Սիսիանի հա յերը, որոնց հետ թշնամաբար էին վերաբերվում, բացահայտորեն դիմեցին զենքի և 40 հազարանոց զորք հավաքելով շարժվեցին դեպի լեռները », — ասված է Յուդե Կրուշինսկու հուշերում։ «Թահմասպը որո շեց ճնշել (ապստամբությունը) և դիմել բռնության այն ժամանակ, երբ անհրաժեշտ էր խոհեմություն ցուցաբերել, — այնուհետև կարդում ենք նույն հեղինակի մոտ,— սակայն յուրաքանչյուր անգամ նա հանդի պեց համառ դիմադրության ու կրեց պարտություններ և ստիպված եղավ, ի վերջո՝ բանակցությունների մեջ մտնել նրանց հետ։ Այս իշ խանին հաջողվեց անուշ վերաբերմունքով ձեռք բերել այն, ինչի չէր հասել զենքի ուժով։

...Ո´չ այս ապստամբները, ոչ էլ թագավորության մյուս վայրերի խռովարարները չէին հանդիսանում Թահմասպի ամենավտանգավոր թշ նամիները։ Օսմանյան կայսրությունը նախանձելով այն առավելություն ներին, որ տալիս էր ցարին Պետերբուրգի համաձայնագիրը, ոչինչ չէր խնայում իր (Անդրկովկասում) նվաճումներով հավասարակշռություն ստեղծել։ Այս նպատակով Վրաստանում նոր ամրոց կառուցելուց հետո, թիկունքն ապահովելով մեծ բանակ էր կենտրոնացրել սահմանում։ Օս մանյան զորահրամանատարներից մեկը՝ Վանի կառավարիչ (Քյոփրյու լու) Աբդուլլահ փաշան, այս տարվա (1724 թ.) սկզբներին մուտք էր գործել այս երկիրը (Վրաստան—Մ. Զ.), ուր Թիֆլիսը (թուրքերին) հանձնած Մեհմեդ Կուլիխանը դեռևս երևում էր որոշ զորագնդերի գլուխ կանգնած։ Փաշան տեղական կայազորներն ուժեղացնելով 35 հազար մարդով հարձակվեց նրա վրա և լեռնեում նրա հետ մարտի բռնվելով փախուստի մատնեց նրան։ Այնուհետև այս զորապետը փետրվարի վերջին նահանջեց Ադրբեջան, պաշարեց Խոյի ամրոցը և պաշարվածների երկու ամիս ցուցաբերած դիմադրությունից հետո գրավեց այն»58։

Եվրոպացի հեղինակի այս վկայությունները հաստատվում են արեվելյան և հայկական աղբյուրների տվյալներով։ Սեֆյան Իրանի դեմ

_____________________________

57 J. Hammer XV, էջ 97։
58 ,,Histoire de Perse", II էջ 150—151։

[էջ 201]

Ղարաբաղի հայերի բարձրացրած ապստամբության մասին է խոսում նաև Նադիր շահի պալատական պատմիչ Մուհամմեդ Կազիմը։ Նա գրում է, որ շահ Թահմասպի՝ Իրանի նոր տիրակալ հռչակվելուց հետո նրա մոտ են եկել Գանձակի Ղարաբաղի կողմերից եկած պատգամավորներ, որոնք ահաբեկված շահին պատմել են հայերի ապստամբության մասին, ավելացնելով միաժամանակ, որ ապստամբությունը սպառնագին բնույթ ընդունել, և. եթե շտապ միջոցներ ձեռք չառնվեն, շուտով Գանձակի և Երևանի բերդերը ևս նրանց ձեռքը կանցնեն59։

1136 թ. զիլհիջե ամսի (1724 թ. օգ. 21) թվակիր Շահ Թահմասպ 2-րդի Բարգուշատի Ֆաթհ-Ալի սուլթանին ուղղված մի հրովարտակից, որը վերջերս հայերեն թարգմանությամբ հրատարակեց արևելագետ Հ. Փափազյանը, իմանում ենք, որ շահը վերոհիշյալ ֆեոդալին լայն արտոնություններ է շնորհել հայերի ապստամբությունը ճնշելու գործում և սեֆյան մյուս իշխանավորներին կոչ է արել համատեղ հանդես գալ հայերի դեմ։ «Անհրաժեշտ է նաև,— ասված է հրովարտակում,— որ նա (Ֆաթհ-Ալի սուլթանը — Մ. Զ.) հավաքի, սիրաշահի և հուսադրի Ջիվանշիր և Քաբիրլու ցեղերին և սրտապնդելով, անհրաժեշտ հոգատարություն դրսևորի նրանց նկատմամբ, և թող իրեն այս պարտականություններից ազատ չհամարի։ Քանզի մեր արքայական մեծությունը հայերի և մյուս հակառակորդների սաստումը նրանից է պահանջվում, և թող իմանա, որ հայերին սաստելու գործում նրան ազատություն է տրված իրերի լավ կամ վատ ընթացքի համար մենք նրան ենք պատասխանատու ճանաչում։ Անհրաժեշտ է, որպեսզի բոլորը միատեղ, նվիրյալ ծառայություն մատուցեն և այս գործում չթերանան»60։

Եթե 1724 թ. շահը, ինչպես երևում է այս հրովարտակից, իր ենթականներին կոչ էր անում ճնշել հայերի ապստամբությունը, ապա մի երկու տարի անց՝ 1726 թ. այդ նույն շահն իրեն հավատարիմ մնացած խաներին հրամայում էր օգնել Դավիթ Բեկի գլխավորած հայերի ռազմաջոկատներին՝ ընդդեմ օսմանցիների ու նրանց կողմն անցած առանձին ադրբեջանական ֆեոդալների։

Այս բոլոր պատմական տվյալները համահնչյուն են նաև սեբաստացի Ղուկաս Ստեփանոսյանի գրի առած պատմությանը, որը վերջերս Վենետիկում վերահրատարակվեց ու ընթերցողներին ներկայացվեց

_____________________________

59 Հ. Դ. Փափազյան, Դավիթ բեկի պայքարը օսմանյան ներխուժման դեմ և հարաբերությունները իրանական հակաօսմանյան դիմադրության ուժերի հետ, ՊԲՀ, 1987, № 1, էջ 92։
60 Նույն տեղում, էջ 93։

[էջ 202]

ճշգրտված համապատում բնագրերով՝ «Պատմութիւն Ղափանցւոց» վերնագրով61։

1724 թ. ամռանը սերասքեր Արիֆի Ահմեդ փաշայի զորքերր շարժվում էին դեպի Երևան։ Եղվարդի մոտ տեղի ունեցած ճակատամարտում թուրքերը հաղթանակ տարան և նրանց թվում էր, թե հեշտությամբ կգրավեն Երևանը։ Սակայն Կարբի գյուղի մոտ նրանք հանդիպեցին տեղի հայերի լուրջ դիմադրությանը, որը զարմացրել էր թուրքական փաշային։ Գյուղն գրավելուց հետո նա հարցրել էր բնակիչներին «Զի՞ կայ ձեր զինուսրիլ վասն երկրիս, որոնց տէրութիւնն ոչ է ձեր»62։

Թուրքերի երևանյան արշավանքի մասին եվրոպացի հեղինակների մոտ պահպանվել են ընդարձակ տեղեկություններ։ Ավելորդ չենք համարում դրանք այստեղ աննշան կրճատումներով ներկայացնել ընթերցողներին։ «Դիարբեքիրի կառավարիչ Արիֆի Ահմեդ փաշան, որին օսմանյան արքունիքը նշանակել էր սերասքյար, շուտով ձեռնարկեց ավելի նշանակալի ռազմական գործողություններ։ Այս զորապետն Հիջրեյի Շեվվալ ամսի 5-ին, որն այս տարի համընկնում էր հունիսի 26-ին, անցնելով Արաքսը, 35 հազարանոց բանակով մտավ Երևանի նահանգ։ Դժվար է բառերով արտահայտել այս ներխուժման հետեվանքով (թուրքերի կողմից) կատարված գազանությունների և այլ ոճրագործությունների մասին։ Ճանապարհին գտնվող բոլոր գյուղերն ու ավաններն ավերվեցին ու կողոպուտի ենթարկվեցին, ինչպես մեկ, այնպես էլ մյուս սեռից վերցված գերիների թիվն այնքան մեծ էր, որ էջմիածնի կաթողիկոսների՝ Պարսկաստանի հայերին ուղղված նամակներում հայերից գերեվարյալների թիվը հասցվում է մինչև երեսուն հազարի։

Այս բարբարոս թշնամական արարքներից հետո, որի նպատակը, հավանաբար, թշնամուն ահաբեկելն էր, այդ նույն ամսվա վերջին նա հասավ նահանգի մայրաքաղաք Երևան ու պաշարեց քաղաքը։

Այս քաղաքը, որը Պարսկաստանի ամենակարևորագույն հենակետն է Հայաստանում, գտնվում է Արարատ լեռից ընդամենը հինգ-վեց վերստ հեռավորության վրա։

Ինչպես տեսանք հունիս ամսվա 30-ին էր, որ օսմանյան բանակը երևաց այս քաղաքի պատերի տակ։ Հարյուր թնդանոթներից բաղկացած (թուրքական) հրետանին գործի դրվեց, շուտով թուրքերին հաջողվեց ճեղք առաջացնել խոցելի ամրությունների մի մասում և սե-

_____________________________

61 Դավիթ Բեկ, կամ «Պատմութիւն Ղափանցւոց», աշխ. Հ. Սամվել, վրդ. Արամյանի, Վենետիկ, 1978։
62 Ա. Երևանցի, Պատմութիւն պատերազմացն, Երևան, 1938, էջ 11։

[էջ 203]

րասքյարին թվաց, թե ինքն ի վիճակի է կայազորին պարտության մատնել, սակայն նա այնտեղ հանդիպեց չնախատեսված դժվարությունների։ Չնայած նրա զորքերը կռվում էին քաջաբար, սակայն հանդիպեցին այնպիսի համառ դիմադրության, որ նրան շփոթեցրեց։ (՛Թուրքերը) նույնպիսի դիմադրության հանդիպեցին այլ մասերում։ Երեք անգամ ամբողջ բանակը դիմեց գրոհի և սպանվածների թիվն այս– գրոհների ընթացքում այնքան մեծ էր, որ օդը գարշահոտությունից ապականվեց։ Զորապետը (սերասքյարը— Մ. Զ.) ստիպված եղավ երեք օրվա զինադադար խնդրել նրանց թաղելու համար։

Կուտայի բանակի գալուստն ու բանակին միանալը սերասքյարին հնարավորություն տվեց ևս մեկ անգամ փորձելու բախտը։ Սեպտեմբերի 10-ին նա չորրորդ ընդհանուր հարձակման հրաման տվեց, սակայն թուրքերը սասանվեցին, որովհետև անտեղի ավելի շատ կորուստներ ունեցան, քան նախորդ բոլոր հարձակումների ժամանակ։ Այս պաշարումը յուրայիններից ավելի քան քսան հազար մարդ խլեց, որոնք մահացան ռազմի դաշտում կամ օդի ապականումից։ Սրանք (թուրքերը) անվերջ համալրումներ էին ստանում և ութ հազար ռումբեր մոխրի էին վերածել քաղաքի մի մասը, սակայն կայազորը, ինչպես միշտ, համառորեն դիմադրում էր, ոչ մի առաջխաղացում չէր նկատվում։ Երբ երկարատև այս անհաջողությունն ի վերջո զինվորններին ստիպեց բացահայտորեն հրաժարվել հետագա մարտերից և բարձրաձայն հայտնել իրենց մտադրությունը (ղեկավարությանը), եգիպտական օգնական զորքերի ժամանումը փոխեց գործերի ընթացքը։ Այս (եգիպտական) զորախմբերը իրենց օրինակով և խոսքով կարողացան հետ պահել երերող բանակը և Էրզրումի կառավարիչ Սարը Մուստաֆա փաշայի սեպտեմբերի վերջին զգալի օգնական ուժ բերելուց հետո վերջ տրվեց զինվորների շրջանում տիրող ահին ու տրտունջին և խնդիր դրվեց հարձակումը հաջողությամբ ավարտին հասցնել։

Այդքան մեծ ու այդքան հաճախ օգնական ուժերի երևալն ի վերջո վախեցրեց տեղում հրամայող խանին։ Պակասում էր սննդամթերքը, մեծ թվով զինվորներ ու բնակիչներ մահացել էին թշվառությունից, հիվանդությունից կամ զենքից։ Այլևս շահ Թահմասպի մասին խոսք չէր լինում և նրանից ոչինչ չէին սպասում ...Այս հանգամանքները ... խանին ստիպեցին անձնատուր լինել։ Հոկտեմբերի 1-ին նա իր ներկայացուցչին ուղարկեց բանակցությունների և որոշ դժվարություն-

ներ հաղթահարելուց հետո համաձայնություն կայացավ այն մասին, որ կայազորն ու նրա հրամանատարական կազմը միանգամայն ապահով կարող են գնալ մինչև Կարադաղի սահմանը, որ ամրոցի բնակիչները և նրանք, ովքեր ապաստան էին գտել պաշարման ժամանակ և ոչ մի

[էջ 204]

մասնակցություն չէին ունեցել քաղաքի .պաշտպանությանը, կարող էին դուրս գալ ամրոցից և բնակվել Երևանում իրենց նախկին բնակավայրում, նրանցից և ոչ մեկը կարող էր չանհանգստանալ ոչ իր անձի և ոչ էլ ունեցվածքի համար»63։

Ականատեսի վկայությունների հիման վրա գրված Մամիյ դե Կլեյրակի բերած այս նյութերը Երևանի հերոսամարտի մասին ամբող ջական պատկերացում տալ չեն կարող։ Թուրքերի դեմ կռվողները, ականատես Աբրահամ Երևանցու վկայությամբ, հիմնականում հայերն էին և ոչ թե խանի կայազորը, ինչպես դա երևում է վերոհիշյալ շարադրանքից։ Թուրքերը ոչ թե խնայեցին Երևանի բնակիչներին, այլ կատաղի ատելությամբ հաշվեհարդար տեսան նրանց հետ։ Հայ մարտիկները կամ սրի քաշվեցին և կամ գետահեղձ եղան, կանայք և երեխաները գերեվարվեցին. «Կոտորեցան զօրքն հայոց ի սուր, սուսերի և գետահեղձ եղեն բազումք ի նոցանէ։ Ի գերութիւն վարեցին օսմանցիքն զկանայս նոցա և զմանկունս և տարեալ լցին զնոսա ի բանակ իւրեանց, և չար գործովք ապականեցին զնոսա»64,— կարդում ենք Ա. Երևանցու մոտ։ Անանուն վանեցու տարեգրության մեջ թուրքերի կատարած վայրագությունների և հայ բնակչության գերեվարման մասին ասված է. «Բայց թէ ո՞րչափ անողորմ արիւնս հեղին և գերի բերին, որ ի թիւ և ի գիր ոչ մտանէ, զի ոչ մնաց աշխարհ, որ ԴՃ, ԵՃ (400— 500) գերի ոչ տարան, մինչ զի, յՍտամբոլ Անկիւրեցի նորընծայ կաթողիկոս ԸՃ (800) գերի գնեալ ազատեաց, թող զայն որ ուրացուցին»65։

Ոչ միայն Երևանում, այլև փաստորեն ամենուր, ուր երևում էին թուրքերը, հայերը նրանց ցույց էին տալիս համառ դիմադրություն։ Իրենց հայրենիքը ստրկացնելու, բնակչությանը գերեվարելու նպատակով արշավանքի դուրս ելած օսմանյան զորքերի դեմ պայքարող հավերը, մասնավորապես Ղափանում, Սյունիքում ու Ղարաբաղում ակամա դառնում էին Իրանի զինակիցները, սակայն նրանք պայքարում էին ոչ հանուն Իրանի, այլ հանուն սեփական հայրենիքի։ «Պատմութիւն ղափանցւոց» հուշապատումից ակնհայտ է դառնում, որ բացի Խոտանանի կռվից և Բարգուշատում Մելիք Ֆրանգյուլի դավաճանության հետևանքով հայերի կրած պարտությունից մնացած բոլոր մարտերում վերջնական հաղթանակը միշտ էլ եղել է հայերի կողմը։

Եվրոպական աղբյուրների վկայությամբ, Թավրիզի մատույցներում և հենց Թավրիզում թուրքերի դեմ համառ դիմադրություն կազմակեր-

_____________________________

63,,Histoire de Perse" II էջ 153-159։
64 Ա. Երևանցի, էջ 22։
65 «Մանր ժամանակագրություններ», հ. II, էջ 370—371։

[էջ 205]

պողները հայերն էին։ «Ղափանի հայերը,— կարդում ենք եվրոպացի հեղինակի զեկուցագրում,— միացան Թահմասպի բանակին և այս տիրակալին հնարավորություն տվեցին շարժվելու դեպի Թավրիզ, հարձակվելու թուրքերի վրա ու նրանց պարտության մատնելու»66։ Այս առումով հետաքրքիր է իտալացի դե Սագրեդոյի վկայությունը, «Թուրքական բանակի մյուս թևը,— գրում է նա,— որ մուտք գործեց Պարսկաստան Երևանի կողմից, գրավեց գրոհով այս վայրը առաջին իսկ հարձակումից կոտորվեցին երեսուն հազար հայեր։ Պաշարված բերդը դիմ ադրեց երկու ամիս, իսկ մերձակա շրջանների բնակիչներն ավելի քիչ դիմադրություն ցույց տվեցին։ Թուրքերի դեմ Ղափանի լեռների հայերը քաջությամբ կռվեցին ... հենց այս հայերն էին, որ անցյալ տարի միանալով շահ Թահմասպին, իրենց մեծ լուման էին ներդրել Թավրիզի պատերի տակ թուրքական բանակի կրած պարտության գործում։ Թուրքերը հանդգնեցին երկրորդ անգամ պաշարել Թավրիզը միայն այն ժամանակ, երբ իմացան, որ նրանք (իմա՝ հայերը) չեն մասնակցում (պաշտպանությանը)»67։ Եվրոպացի մի այլ հեղինակի՝ Մ. Օտտերի մոտ կարդում ենք հետևյալը. «Նրանք (իմա՝ հայերը) բավականին մեծ թվով միացան շահ Թահմասպին և կազմեցին մի բանակ, որի օգնությամբ նա (շահ Թահմասպը) հարձակվեց թուրքերի վրա ու ստիպեց նրանց թողնել Թավրիզի պաշարումը»68։

Թավրիզը երկարատև դիմադրությունից հետո, ի վերջո 1725 թ. օգոստոսի 1-ին անձնատուր եղավ, որը և Կ. Պոլսում տեղիք տվեց մեծ խրախճանքների։ Թուրքերը գրավեցին նաև Համադանը և հյուսիս-արևմտյան Իրանի զգալի մասը։ «Բարձրագույն դուռը,— կարդում ենք եվրոպացի հեղինակի մոտ,— անդամահատել էր Վրաստանը, համարյա ամբողջ Հայաստանը և Համադանի շրջակայքը։ Ցարը բացառությամբ լեզգիների կողմից գրավված Շամախիի (տիրացել էր) Կասպից ծովի արևմտյան առափնյա շրջաններին։ Խորասանը, Կերմիանը, Կանդահարը, Սպահանի ու Շիրազի իշխանությունները գտնվում էին աֆղան և այլ խռովարարների գերիշխանության ներքո։ Թահմասպի իրավասությունը տարածվում էր միայն Մազանդարանի, Ադրբեջանի և Պարսկական Իրաքի մի մասի վրա։ Այն նահանգները, որոնց բնակչությունը բացահայտ ապստամբության չէր դիմել, արհամարհում էին այս իշխանի հրամանները, կազմում էին առանձին անկախ փոքրիկ զորաջո-

_____________________________

66,,Histoire de Perse", II, էջ 134-137։
67 D. Sagredo. Histoire de l'empire ottoman, VII, Paris. էջ 345–346։
68 M Otter, II . էջ 232։

[էջ 206]

կատներ և առանց խտրության հարձակվում էին ռուսների, թուրքերի և խռովարարների վրա»69։

Այդ նույն ժամանակ (1725 թ.) «... Երևանի (թուրքական) կայազորի ենիչերիները, դժգոհելով Արիֆի Ահմեդից, ապստամբություն բարձրացրին նրա դեմ։ Նրանք կողոպտեցին նրա պալատն ու արքունական գանձարանը և խռովության ժամանակ վիրավորված այս զորապետը ստիպված եղավ շտապ կարգով ւիախչել ու ազատվել ապստամբների զայրույթից»70։

Ապստամբ հայերը շարունակում էին թուրքական հորդաների դեմ իրենց հերոսամարտերը։ Միայն առանձին տեղերում, ինչպես դա արտացոլվել է եվրոպացի հեղինակների մոտ, ելնելով իրենց նեղ դասակարգային ձգտումներից և դիմելով բացահայտ դավաճանության, որոշ իշխաններ համագործակցել են օսմանցիների հետ։ Այդպիսիք են եղել, օրինակ, Ագուլիսի մեծահարուստ առևտրական խավի ներկայացուցիչները, որոնք նախապես «ծածկապես դաշնագիր էին ընդ օսմանցոց», իսկ հետագայում, ինչպես գրված է «Պատմութիւն ղափանցւոց»-ի մեջ «յետ այսորիկ իբրև երկու աւուրք ի վերայ անցին, արքն Ագուլէսի և Մելիք Մուսին զդաւաճանութիւնս իւրեանց յայտ արարեալ, գրոհ տուին ի մէջ քաղաքին և արձակել սակայն ի վերայ զօրացն Դաւթի թօփ։ Իսկ նոցա խնայել ի նոսա (վասն զի ամենայն քաղաքացիքն էին հայ, և ոչ ոք այլազգի գոյր անդ)»71։

Այս դեպքերի արտացոլումը չէ՞ արդյոք այն խուլ արձագանքը, որ մենք կարդում ենք եվրոպացի հեղինակի զեկուցագրում։ Թուրքական բանակի զորահրամանատարը,— ասված է այնտեղ «...ընդունեց Նախիջևանի հայերի մի պատգամավորություն, որը ժամանել էր կամ վրեժ լուծելու համար շահ Թահմասպից, որն այրել էր տվել իրենց ազգակիցների մի շարք բնակավայրերը և կամ այն երկյուղից, թե մոտակայքում գտնվող օսմանյան բանակներն ավերածություններ կգործեն։ Այս պատգամավորության նպատակն էր փաշային համոզել նվաճելու իրենց երկիրը։ Շոյված նման առաջարկից, այս զորահրամանատարը քուրդ բեգերին հրամայեց 12 հազարանոց զորքով, որին միացրեց Իբրահիմ աղայի գլխավորությամբ հազար հոգուց բաղկացած ջոկատը, հարձակվել։ Այս զորաջոկատները հենց նոր էին երևացել երկրամասում, ինչ հայերը ապստամբեցին, կարճ ժամանակամիջոցում պարսիկները վտարվեցին որպես մետաքսի և կերպասեղենի առևտրի

_____________________________

69 ,,Histoire de Perse" II, , էջ 165—166։
70 Նույն տեղում, էջ 167։
71 «Պատմութիւն Ղափանցւոց», էջ 141։

[էջ 207]

կենտրոն հռչակված Նախիջևանից և Օրդուբադից։ Այս քաղաքները .կողոպտվեցին։ Նրանց բնակիչների մի մասը և շրջակայքի գյուղացիները մատնվեցին ստրկության»72։

Եթե. այս դեպքերը որոշ տարակուսանքի տեղի են տալիս, նամանավանդ որ թվագրվում են 1724-ով։ Սակայն կասկածից վեր է այս նույն հեղինակի մի այլ վկայությունը լեռներում թուրքական զորքերի դեմ Ղափանի հայերի տարած փայլուն հաղթանակի մասին։ Որոշակիորեն այնտեղ խոսքը Հալիձորում Դավիթ բեկի մղած մարտերի մասին Է։ «Եվ ապա լուրեր տարածվեցին այն մասին,— կարդում ենք այնտեղ,— որ վեց հազար հոգուց բաղկացած և հիմնական բանակից առանձնացված (թուրքական ) զորքերը, որոնք ուղարկվել էին Շամախիի մերձակայքում գտնվող ապստամբ հայերին հնազանդեցնելու համար, կատարյալ պարտություն էին կրել նրանցից և այդ հանգամանքը խնամքով թաքցնում էին Կ. Պոլսի բնակիչներից, որպեսզի նրանք շարունակեն տոնել հաղթանակը73։

«Պաամութիւն ղափանցւոց» աշխատությունից հայտնի է, որ 1727 թ. գարնանը Հալիձորի մոտ տեղի ունեցած վճռական ճակատամարտում իր հավատարիմ զինակիցների փոքրաթիվ ուժերով Դավիթ բեկը կարողացավ ոչ միայն դիմակայել բազմահազարանոց թուրքական բանակին, ու նրան դաշնակցած տեղացի որոշ խաների զորաջոկատներին, այլև ջախջախիչ պարտության մատնել նրանց։ Սարսափահար թշնամին մարտի դաշտում թողնելով բազմաթիվ սպանվածներ, խուճապահար փախուստի դիմեց և Դավիթ բեկին հաջողվեց ամբողջ Ղափանը մաքրել թշնամուց։

Գահակալական պայքարը և ներքին խռովություններն Իրանին հնարավորություն չէին տալիս հակահարված տալու թուրքերին։ 1725 թ. աֆղանական տարբեր խմբավորումների միջև ծավալված պայքարի հետևանքով Մահմուդ շահը սպանվեց և իշխանությունն անցավ նրա հորեղբորորդի Աշրաֆին։ Իշխանությունն իր ձեռքը վերցնելուց հետո, աֆղանական նոր տիրակալը թուրքերի հետ վարած դիվանագիտական բանակցություններում վերջիններիս հասկացնել էր տալիս, որ աֆղանները լինելով թուրքերի նման սուննիներ՝ նրանց միջև պատերազմը անարդար է և որ երկու կողմերի միջև հակասություններն անհրաժեշտ է լուծել Իրանի հաշվին։

1727 թ. հոկտեմբերի 3-ին աֆղանական տիրակալ Աշրաֆի և թուրքերի միջև Համադանում Իրանի համար խիստ ստորացուցիչ պայմանագիր է կնքվում, համաձայն որի 1) շահը ընդունում էր Թուրքիայի

_____________________________

72 ,,Histoire de Perse", II, էջ 160 — 161։
73 Նույն տեղում, էջ 323։

[էջ 208]

սուլթան Ահմեդ 3-րդին (1703—1730)՝ որպես բոլոր մուսուլման-սուննիների հոգևոր պետ՝ Խալիֆ, 2) շահը ճանաչում էր սուլթանից իր վասալությունը և 3) բացի 1724 թ. հունիսի 24-ին Կ. Պոլսում կնքված ռուս-թուրքական պայմանագրով նախատեսված տարածքից, Աշրաֆը Թուրքիային էր զիջում նաև Իրանի 2/5-րդ մասը74։ Օսմանյան կայսրությունը, անշուշտ, բոլոր հիմքերն ուներ գոհ լինելու այս պայմանագրից։«Աշրաֆի հետ կնքված պայմանագիրը,— գրում է Մ. Մինյոն,— ամենափառահեղներից էր, որ երբևիցե կնքել էին օսմանցիները Պարսկաստանի հետ, քանի որ այդ պայմանագիրը Բարձրագույն դռանն էր հանձնում այս ընդարձակ թագավորության (Իրանի — Մ. Զ.) զգալի մասը»75։

Շուտով Աշրաֆը 1729 թ. փետրվարի 13-ին Ռեշտում Ռուսաստանի հետ ևս կնքեց պայմանագիր, համաձայն որի Իրանը ճանաչում էր մերձկասպյան տարածքի միացումը Ռուսաստանին, բացառությամբ Մազանդարանի ու Աստրաբադի, այն պայմանով; որ Աշրաֆն այդ նահանգները չէր հանձնելու որևէ մի այլ երրորդ պետությանը76։

Թվում էր, թե կնքելով 1727 թ. Համադանի պայմանագիրը, Թուրքիայի գործերը միանգամայն բարեհաջող էին ընթանում։ Իրականում, սակայն, և պատերազմական տարիներին, և Աշրաֆի հետ հաշտություն կնքելուց հետո երկրի ներքին վիճակը ծայրահեղորեն վատացել էր։ Փոքր Ասիայում գլուխ էին բարձրացրել ավազակաբարո լեվենդներն77 ու սեկպանները78, որոնք կատարյալ աղետ ու պատուհաս էին դարձել գյուղացիության գլխին։ Կայսրության դեմ ապստամբել էր անկախության ձգտող Եգիպտոսի ժողովուրդը, խռովություններ էին ծագել Ղրիմում79։

Համադանի հաշտության կնքումը ցասում ու վրդովմունք էր առաջացրել Իրանի ժողովրդի մոտ։ Շուտով Իրանի Հյուսիսում, Հյուսիս-

_____________________________

74 1727 թ. Համադանի հաշտության պայմանագրի մասին, ավելի ընդարձակ, տե´ս
„Hisoire de Perse" ,II, էջ 354-356.
75 M. Mignot. Histoire de l'empire ottoman c'epuis son origine jusqu'a la paix de Belgrade eu. 1740, Paris, 1742, էջ 306—307:
76 Mohammet Ali Hekmet, էջ 184։
77 Ենթադրվում է, որ լեվենդ բառը ծագել է իտալերեն levantius բառից, այսինքն «արևելցի» և կամ ֆրանսերեն ,,levée" «զինվորագրում» բառից (տե՛ս Islâm ansiklopedisi", c, VII, էջ 46—48։ XVII դարում թուրքական բանակի առանձին մասը կազմող լեվենդները իսլամացած նախկին տեղաբնիկներն ու գերազանցապես հույներ էին։
78 Սեկպանները կազմում էին ենիչերական զորքի մի մասը, որի պարտականությունն էր հսկել արքունի որսորդական շներին։
79 J. Hammer, XIV, էջ 175,

[էջ 209]

արևմուտքում թուրքերի ու նրանց հետ համագործակցող աֆղանական զավթիչների դեմ իրանական ժողովուրդը ապստամբություն բարձրացրեց։ Ապստամբ զորքերի գլուխ կանգնեց եռանդուն և ընդունակ ռազմական առաջնորդ Նադիրկուլին։ 1726 թ. նա Մազանդարանում իր ջոկատով ծառայության մեջ մտավ շահ Թահմասպի մոտ և երեք տարում աֆղան զավթիչների զորքերը ջարդելով Փաստորեն տիրացավ Իրանին։ 1729 —1730 թթ. ընթացքում նա գլխովին ջախջախեց Աշրաֆին։

Նադիրի հաջողությունները պայմանավորված էին ժողովրդական զանգվածների աջակցությամբ։ Թուրքերի նկատմամբ ատելությունն այնքան մեծ էր, որ նրանք այնտեղ երկար մնալ չէին կարող։ Այս առումով ուշագրավ են այդ տարիներին Կ. Պոլսում գտնվող եվրոպացի մի դիվանագետի Դե Սոմերիի, դատողությունները. «Մուտք գործելով (Իրանի) խորքերը,— գրում է նա,— թուրքերը երբեք էլ չէին մտածում, որ Պարսկաստանը նրանց համար դառնալու է անհաղթահարելի մի պատնեշ ու գերեզմանոց։ Հիրավի, ոչ մի բան այնքան դժվար չէր օսմանցիների համար, որքան այս ընդարձակ թագավորության նվաճումը։ Նախ և առաջ շատ դժվար է խոշոր բանակներ ուղարկել Պարսկաստան, քանզի անհրաժեշտ է անցնել անապատներով, ուր ոչ ջուր կա, ոչ էլ ուտելիք բանակի կենսական պահանջների համար. ընդհանուր մուսուլմանական կրոնին պատկանելով հանդերձ, պարսիկները հերձվածողներ են համարվում և որը հանդիսանում է անհաղթահարելի մի խոչընդոտ, մեկը մյուսի նկատմամբ տածում են տևական ատելություն այնպես, որ մի պարսիկ կնախընտրեր հազար անգամ մահանալ, քան ընդունել մահմեդական կրոնը (իմա՝ սուննիզմը — Մ. Զ.) և մի իսկական թուրքը միևնույն զզվանքի զգացումն է տածում պարսիկի նկատմամբ։ Եթե թուրքերը գրավեն Պարսկաստանը, որը մարդկային բանականությամբ անհնար է, թուրքերի համար նույնպես անհնար կլիներ, քանզի նկատի ունենալով կրոնի միջև գոյություն ունեցող պառակտումը, անհրաժեշտություն կզգացվեր հանգստության համար ոչնչացնել ամբողջ պարսկական ազգը»80։

1730 թ. Իրանը հատուկ դիվանագիտական մի պատվիրակություն ուղարկելով Կ Պոլիս, թուրքերից պահանջում էր անհապաղ «Պարսկաստանին հանձնել աֆղանական տիրապետության ժամանակ Պարսկաստանից նվաճված բոլոր երկրները։ Սակայն միաժամանակ շահը, որը հույսեր չէր տածում բանակցությունների հաջող ելքի վերաբերյալ, իր բանակին հրամայեց հարձակման անցնել։ Վաթսուն հազարա-

_____________________________

80 Mémoires et aventures secrétes et curieuses d'un voyage du Levant, par M. de Saumery, t. III, Liége, 1732, էջ 204—205։

[էջ 210]

նոց բանակի գլուխն անցած Պարսկաստանի ամենամեծ ու ամենահավատարիմ իշխաններից մեկի՝ զորահրամանատար Սեֆի Կուլի խանի օգնությամբ եկավ և պաշարեց Թավրիզը...

Բարձրագույն դուռը մերժեց պարսիկների պահանջը և, տեղեկանալով, որ նրանց բանակը ներխուժել է Հայաստան, հրամայեց ձերբակալել պարսիկ դեսպաններին... Թուրքական դիվանը որոշեց Պարսկաստան ուղարկել երկու հարյուր հազարանոց մի բանակ, որին ղեկավարելու էր սուլթանի ավագ որդին։ Մինչ բանակը կհավաքվեր, պարսկական զորքերի հրամանատար Քյոփրյուլյու փաշային կարգադրվեց իր տրամադրության տակ գտնվող բոլոր թուրքական զորամասերի հետ շարժվել դեպի Թավրիզ»81։ Քյոփրյուլյու փաշայի 40 հազարանոց բանակը «պարտություն կրեց և ստիպված եղավ հետ նահանջել դեպի Երևան»82։

Եվրոպացի հեղինակների վկայությամբ, Թավրիզի մոտ թուրքերի կրած պարտությունը առիթ է տվել 1730 թ. սեպտեմբերին Կ. Պոլսում բռնկված քաղաքային արհեստավորության- մեծ ապստամբությանը, որի հետևանքով երկար տարիներ իշխանության ղեկն իր ձեռքում պահած մեծ վեզիր Նեվշեհիրլի Դամադ Իբրահիմ փաշան սպանվեց, իսկ սուլթան Ահմեդ 3-րդը ստիպված եղավ գահից հրաժարվել հօգուտ իր եղբորորդի Մահմուդի։ Այդ ապստամբության ծագման հիմքում եվրոպացի բոլոր հեղինակները տեսնում էին կառավարության կողմից բնակչության նկատմամբ կիրառվող բազմապիսի ու բազմաբնույթ բռնությունն երբ, ռազմական ծախսերն ապահովելու համար բնակչությունից գանձվող հարկերի ու տուրքերի չափի կտրուկ աճը, առևտրի խափանումը, կենսականորեն անհրաժեշտ ամեն տեսակի ապրանքների գների բարձրացումը և այլն83։

Պատրոնա Խալիլի գլխավորությամբ բարձրացված այս հակակառավարական ապստամբության ուսումնասիրությունը մեր նպատակից դուրս է։ Նշենք միայն, որ եվրոպական աղբյուրների վկայությամբ, ապստամբության ժամանակ պոլսահայ համայնքը ծանր, մղձավանջային օրեր է ապրել։ Ընկնելով ծանր կացության մեջ, սուլթան Ահմեդ 3-րդը վարձել է Կ. Պոլսի քրիստոնյաներին, ի թիվս որոնց հայերին, օգ-

_____________________________

81 „Histoire de Thamas Kouli Khan, roi de Perse", էջ 96։
82 Այդ մասին մանրամասն տե´ս „Histoire de la derniére révolution arrivée dans 1'empire ottoman le 28 septembre de l'année, 1730, էջ 2։ Relation des deux rebellions arrivées a Constantinople, էջ 6—8 և այլն։
83 Այդ մասին մանրամասն տե՛ս „Histoire de la derniére revolution arrivée, 1730, էջ 4, ,,Relation des deux rebellions arriivées á Constantinople", էջ 6—8 և այլն։

[էջ 211]

տագործել ապստամբների դեմ, մյուս կողմից, ապստամբներն իրենց հերթին, փորձել են քրիստոնյաներին մասնակից դարձնել կատարվող կողոպուտներին։ «Պատրոնա Խալիլի խռովարարները,— գրում է Մ. Մինյոն,— կողոպտեցին նաև Գալատայի և Պերայի կառավարչի տունը, երկու թաղամասեր, որոնք համարյա ամբողջությամբ բնակեցված են քրիստոնյաներով և հրեաներով։ Քրիստոնյաները մշտապես վախենում էին խռովությանը որևէ կերպ մասնակցություն ունենալուց։ Կառավարչի տունը խուզարկող ու կողոպտող ենիչերիները նրանց համարյա հարկադրում էին պատուհանների տակից հավաքել այն ոսկյա ու արծաթյա իրերը, որոնք առանց որևէ խտրության նետվում էին փողոց»։ Իր հերթին, նույն հեղինակի վկայությամբ, Պատրոնա Խալիլը «հրամայեց, որ քրիստոնյաները ոչ մի տեղ չհավաքվեն, և ոչ մի գնով մասնակցություն չունենան ընթացիկ իրադարձություններին։ Միայն այդ դեպքում նրանց նկատմամբ բռնություն չի կատարվի։ Պատրոնան այս նախազգուշական քայլին դիմեց, որովհետև արդեն հայտարարված էր, թե կայսրը (սուլթանը) մտածում էր դիմելու քրիստոնյաների օգնությանը»84։

Պատրոնա Խալիլի ապստամբության հետևանքով գահ բարձրացած Մահմուդ 1-ինը հաշտություն կնքելու նպատակով դիվանագիտական բանակցություններ սկսեց Իրանի հետ. «Նոր սուլթանի մեծ վեզիր դարձած Թոփալ Օսմանը համոզում էր Մեծ տիրակալին, որ պատերազմն Իրանի հետ կործանարար է կայսրության համար, և Ասիայի այս մասերը համարյա միշտ էլ ճակատագրական հանդիսացող աղետներ են պատճառել թուրքերին»85։ Շահ Թահմասպը թուրքական պատվիրակության ղեկավարին առաջարկեց, որ «թուրքերն իրեն հանձնեն Պարսկաստանից նվաճած ամբողջ տարածքը և իրեն վճարեն երեք հարյուր հազար թուման, այսինքն՝ քսան երեք միլիոն (լիվր) հատուցում այն վնասների համար, որ նվաճված նահանգները կրել էին ռազմակալման տարիներին։ Եվ առանց պատասխանի սպասելու, թագավորն իր բանակը շարժեց դեպի Երևան։ Դա 1731 թ. հունվարին էր։ Ցրտաշունչ եղանակը նրա առաջխաղացումը դարձրեց շատ ավելի երկար, քան նա ենթադրում էր։ Նա մեծ դժվարություններ կրեց Հայաստանի ձյունածածկ բարձր լեռներն անցնելիս։ Արաքս գետը, որ պետք է անցներ, սառած էր, սակայն սառույցի շերտը բարակ էր և դժվարանցելի, այնպես որ, ստիպված եղան կամուրջներ գցել։ Բանակը տասնհինգ օր մնաց գետաբերանում և անցավ գետը Հին Ջուղայի մոտ ... Պարսկական բանակը Երևանի մոտակայքը հասավ միայն փետրվարի վերջին։

_____________________________

84 M. Mignot, III, էջ 335, Մ. Մինյոյի այս վկայությունները վերցված են դե Գրուզենակից և այլ եվրոպացի հեղինակների վկայություններից։
85 „Histoire de Thamas Kouli Khan", էջ 101:

[էջ 212]

Ալի փաշան Երևանի երկրամասի սերասքյարն էր։ Նրան անվանում էին Հեքիմ-օղլի, այսինքն՝ բժշկի որդի։ Նրա հայրը վենետիկցի էր և կոչվում էր Կորներո, որը գերի էր ընկիլ Կանդիայում, ուր նա զբաղվում էր բժշկությամբ ...

Երևանի փաշան քաջ իմանալով, որ Թավրիզի գրավումից հետո պարսիկները հարձակվելու են իր վրա, ոչ միայն նախապատրաստվեց պաշտպանվելու, այլև բարենպաստ հանգամանքների դեպքում հարձակվելու պարսիկների վրա։ Եվրոպայից և Սև ծովի շրջակայքից օգնական ուժ ստանալուց և Քյոփրյուլյուի ու Թավրիզի կայազորի մնացորդներից հիսուն հազարանոց բանակ կազմելուց հետո, նա դիրք գրավեց Երևանի մոտակայքում։ Շահ Թահմասպը մոտենալով քաղաքին, արեց ամեն ինչ, որպեսզի թուրքական բանակի սերասքյարին ստիպի մարտի բռնվելու։ Շատ օրեր անցան փոխադարձ հրաձգություններով, որտեղ ոչ մի կողմն առավելություն չուներ. թուրքական զորահրամանատարը չէր դիմում ընդհանուր ճակատամարտ տալու հանդգնությանը, քանի դեռ չէր ստացել օգնական ուժ, որին սպասում էր»86։ Ի վերջո ընդհարումը տեղի է ունենում, որի ընթացքում «պարսիկները շատ քաջագործություններ ցուցաբերեցին, սակայն ընկնելով երկու կրակների արանքում երկար դիմադրել չկարողացան և կորուստներով հետ նահանջեցին դեպի իրենց ճամբարր»87։ Շահ Թահմասպին անձի ապահովության նպատակով տեղափոխում են Էջմիածին88։ Երեվանի կառավարիչ Հեքիմբաշի Ալի փաշան «մի քանի օր հետո ստանալով Կ. Պոլսից սպասված օգնական ուժը հարձակվեց պարսիկների վրա, պարտության մատնեց նրանց և ստիպեց նահանջել դեպի Արաքսի վտակներից մեկը հանդիսացող Զանգուն։ Շատերր խեղդամահ եղան, սակայն մեծ մասը փրկվեց ու եկավ Էջմիածնում միացավ թագավորին։ Պարսիկների համար այս ընդհարումը աղետաբեր եղավ, նրանք տվին ութ հազար սպանված և բազմաթիվ գերիներ, որոնց թվում էր զորքերի հրամանատար Սեֆի Կուլի խանը»89։

Շահ Թահմասպը Էջմիածնում փորձում է վերադասավորել իր ուժերն ու անցել հակահարձակման, սակայն «վախկոտություն ցուցաբերելով նահանջում է դեպի Թավրիզ»90։ Այստեղ իրանական տիրակալը փորձում է ևս մի անգամ համալրել բանակը և թուրքերի դեմ անցնել

_____________________________

86 Նույն տեղում, էջ 104։
87 Նույն տեղում, էջ 106։
88 Նույն տեղում, էջ 107։
89 Նույն տեղում, էջ 108։
90 Նույն տեղում, էջ 110։

[էջ 213]

հակահարձակման, սակայն, երբ տեղեկանում է, որ Բաբելոնի (Բաղդադի) փաշան մի մեծ բանակով եկել ու պաշարել է Համադանը, վախենում է ու նրան մի պահ թվում է, թե թշնամին արդեն Իսպահանի դռների մոտ է, որոշում է թողնել Թավրիզը և շտապել օգնելու մի քաղաքի, որը մայրաքաղաքը պաշտպանող միակ պատնեշն էր»91։ Համադանի մոտ տեղի ունեցած ճակատամարտում շահ Թահմասպը ծանր պարտություն է կրում92։ Իր հերթին, Երևանի կառավարիչ Հեքիմբաշի Ալի փաշան Երևանից շարժվում է դեպի Ադրբեջան, որը վերանվաճեց այնպիսի դյուրությամբ, ինչպես այն նվաճել էր նախորդ տարին։ Այսպիսով, շահ Թահմասպը կարճ ժամանակամիջոցում կորցրեց իր առաջին հաջողությունների պտուղները։

Պարտություն կրած շահը թուրքերին է դիմում հաշտության բանակցությունների առաջարկով։ 1732 թ. հունվարի 10-ի կնքված պայմանագրով իրանական կողմը թուրքերին է հանձնում Երևանը, Գանձակը, Նախիջևանը, Թիֆլիսը, Շիրվանը, Շամախին, Դաղստանը, Քարթլին։ Ամբողջ Հյուսիս արևմտյան Իրանը, ներառյալ Թավրիզը, թուրքերը զիջում էին շահ Թահմասպին։

Գտնվելով Խորասանում ու իմանալով կնքված ստորացուցիչ պայմանագրի հետևանքով Իրանում ծայր առած դժգոհության մասին, Նադիրկուլին գալով Իսպահան գահընկեց արեց շահ Թահմասպին և իր խնամակալության ներքո Իրանի շահ հռչակեց նրա նորածին որդուն Աբաս 2-րդին։ Փաստորեն Նադիրկուլին դարձավ Իրանի ինքնիշխան տիրակալը։ Այնուհետև նա թուրքական կողմին հաղորդեց, որ չեղյալ է համարում թուրքերի հետ կնքված պայմանագիրը և շարունակելու է պատերազմը։

Իրանում կատարված այս քաղաքական նոր փոփոխությունները որոշ շտկումներ մտցրեցին նաև ռուսական արևելյան քաղաքականության մեջ։ Ռուսական արտաքին քաղաքականությունը ձգտում էր իր կողմը գրավել Նադիրին, որպեսզի կանխեր թուրքերի հետ դաշինք կնքելու որևէ մի հնարավորություն։ Եվ Աննա Իվանովնայի կառավա֊րությունը 1732 թ. հունվարի 21-ին Ռեշտում Իրանի հետ կնքեց պայմանագիր, համաձայն որի Գիլանը, Մազանդարանը և Աստրաբադը հանձնվում էին Իրանին։

Անցնելով հարձակման, Նադիրկուլին պատերազմական գործողություններ սկսեց 1733 թ. ամռանը՝ Բաղդադի շուրջը։ Սկզբում հաջողությունն ուղեկցեց թուրքերին և թուրքական զորքերի գերագույն հրա-

_____________________________

91 Նույն տեղում, էջ 111։
92 Նույն տեղում, էջ 112—113։

[էջ 214]

մանատար Թոփալ Օսմանը 1733 թ. հուլիսին Բաղդադի մոտ պարտության մատնեց Նադիրի զորքերին։ Այդ մասին են հաղորդում եվրոպացի շատ հեղինակներ, որոնց թվում և Կ. Պոլսում Ֆրանսիայի դեսպան Մարկիզ դե Վիլնյովը93։ Սակայն նույն տարվա նոյեմբերին Քերքուկի մոտ տեղի ունեցած վճռական ճակատամարտում թուրքերը ծանր պարտություն կրեցին։ Ճակատամարտում իր մահը գտավ նաև սերասքյար Թոփալ Օսմանը։

Թոփալ Օսմանի պարտությունը Թուրքիայի ղեկավար շրջաններին ստիպում է Իրանից հաշտություն խնդրել՝ «ինչ գնով էլ դա լինի»94։ Սակայն մեծապետական տրամադրությամբ համակված որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ, նախ և առաջ մեծ վեզիրը, շուտով նորից հակվում են Իրանի դեմ նոր պատերազմի գաղափարին։ Թոփալ Օսմանի փոխարեն սերասքյար է նշանակվում Աբդուլլահ Քյոփրյուլյուն95։ Սուլթանական կառավարության պահանջով Ղրիմի թաթարների 30 հազարանոց մի բանակ Դաղստանի վրայով ներխուժում է Վրաստան ու Ադրբեջան։ Թաթարների արշավանքների «ճանապարհն ընթացավ Վրաստանով, Թիֆլիսի մոտակայքով, Կուրի վրայով դեպի Շամախիի շրջակայքը, որտեղ նրանց սպասում էին լեզգիների զինված ջոկատները։

Այս լուրերը ստանալով, Կուլի խանը վճռեց պատերազմական գործողությունների թատերաբեմը տեղափոխել Հայաստան և Վրաստան։ Սահմանի վրա դեռ նախորդ տարին արդեն կար 30 հազարանոց կանոնավոր բանակ Թավրիստանի, այսինքն՝ Արաքսի երկայնքով տարածքը պաշտպանելու համար։ Խնամակալը (Նադիրը —Մ. Զ.) Խորասանից ու Կանդահարից իր ավագ որդու կողմից բերված բանակին հրամայեց շարժվել առաջ։ Այս երիտասարդ իշխանազունը ամբողջ արշավանքի ընթացքում որպես զորահրամանատար մեծ ծառայություններ մատուցեց հորը»96։ Իրանական բանակի երևալը թաթարներին և լեզգիներին ստիպում է դիմելու փախուստի97։

«Հաղթական բանակի կեսը թողնելով Խորասանում՝ Թուրքեստանի սահմանագծում, խնամակալը ժամանեց Թավրիզ և այնտեղից իր որդուն հրամայեց անցնել Արաքսը, շարժվել դեպի Երևան և պաշարել այն։ Բանակի մյուս մասը, որը կանգնած էր Ջուղայի դեմ-դիմաց, շարժվեց Նախիջևանի վրա և գրավեց այն, այդտեղից էլ բանակը գնաց

_____________________________

93 Այդ զեկուցագիրն ամբողջությամբ բերված է Յոզ. Համմերի մոտ, տե՛ս J. Hammer, XIV, էջ 514—528։
94 „Histoire de Thamas Kouli-Khan", էջ 125։
95 Նույն տեղում, էջ 230։
96 Նույն տեղում, էջ 236։
97 Նույն տեղում, էջ 238։

[էջ 215]

պաշարելու Գյանջան։ Կուլի խանը իր առաջ խնդիր դրեց պատժել լեզգիներին և իր բանակը Մուղանի վրայով ուղիղ շարժեց դեպի Շամախի, նպատակադրվելով ավերել այն։ Շամախիի մոտ Նադիր Կուլիի բանակի երևալը ստիպում է «...քաղաքի բնակչության կեսը կազմող թաթարներին, որոնք վախենում էին իրենց ըմբոստության պատճառով պատժվել, իրենց ինչքերով փախչել լեզգիների բնակեցած լեռները։ Հայերը և եվրոպացիները, որոնց ձեռքում էր այս քաղաքի ողջ առևտուրը, մնացին տեղում և պատրաստ էին ենթարկվել թշնամուն, հենց որ նա ներկայանար։ Գյանջայի փաշան Շամախիին օգնության ուղարկեց Ղրիմի թաթարների մի մասը և Էրզրումում գտնվող օսմանյան զորքերի գերագույն հրամանատարին տեղեկացրեց այն վտանգի մասին, որ սպառնում էր Շամախիին և նույնիսկ Գյանջային, որը շուտով պաշարվելու էր (իրանական) մեծ բանակներով։

Այսուհանդերձ Կուլի խանը եկավ Շամախի, որի դռներն անմիջապես բացվեցին նրա առաջ։ Նա ձերբակալել և կոտորել տվեց քաղաքում գտնվող փոքրաքանակ թուրքերին և այնուհետև քաղաքի բնակիչներին հայտնեց, որ իր ծրագիրն է ավերել քաղաքն ու նրա միջնաբերդը... Ինչպիսի պաղատանք էլ որ չարեցին բնակիչները՝ փոխելու նրա որոշումը, ոչինչ չստացան բացի հետաձգումից, որի ընթացքում նրանք ժամանակ պետք է ունենային իրենց ընտանիքներով և ինչքերով ըստ հայեցողության տեղափոխվել Վրաստան կամ Հայաստան՝ խոստանալով նրանց բնակարաններ տալ թուրքերին վտարելուց հետո։ Նա միջնաբերդը պաշարեց. շուրջ երկու ամիս և, ի վերջո, սրի անցկացրեց ամբողջ կայազորը, գլխատել տվեց փաշային ու համաձայն իր հրամանի այնպես ավերեցին քաղաքը, որ շուտով նրանից հետք անգամ չմնաց։ Նա ուզում էր լեզգիներին հետապնդել մինչև իրենց վերջին հանգրվանը, սակայն լեռնանցքներով ու ոլորապտույտ ճանապարհներով լի լեռնաշղթայում նրանց հետապնդելն անհնարին էր, ճանապարհները հայտնի էին միայն տեղի բնակիչներին։ Նա իր վրեժը բավարարեց մի շարք գյուղեր այրելով, դաշտավայրի բնակավայրերն ասպատակելով և որոշ քանակի անասուններ հափշտակելով։

Այս արշավանքից հետո նա իր բանակով շարժվեց դեպի Գյանջա, որը երկու ամիս և առանց որևէ մի արդյունքի պաշարված էր ...» Երբ Կուլի խանը պատրաստվում էր տալ ընդհանուր գրոհի հրաման, Երեվանի ճամբարից մի սուրհանդակ ընդունեց, որի բերանով իր որդին տեղեկացնում էր, թե Աբդուլլահ Քյոփրյուլյուն մի մեծ բանակով եկել է Երևանի կայազորին օգնության և. որի պատճառով պաշարողները ստիպված են եղել նահանջել։ Խնամակալն անհապաղ որոշեց թողնել Գյանջայի պաշարումն ու բոլոր ուժերով շտապել միանալու իր որդուն

[էջ 216]

և ճակատամարտ տալ թուրքերին՝ համոզված լինելով, որ հաղթանակի դեպքում նա այնուհետև առանց դժվարության կգրավի Երևանը, Գյանջան, Թիֆլիսը և Վրաստանի մյուս քաղաքները։ Նրա միացյալ բանակը հասնում էր 90 հազար մարդու, թուրքերինը ավելի ուժեղ էր»98։

1734 թ. հունիսի 2-ին Երևանի մոտակայքում թշնամի կողմերը տալիս են ահեղ ճակատամարտ, որր վերջանում է թուրքերի ծանր պարտությամբ։ Համաձայն եվրոպական մի զեկուցագրի «թուրքերի կորուստը հաշվվում է 50 հազար սպանված ու վիրավոր, առանց նկատի ունենալու գերեվարյալներին։ Պարսիկները կորցրին մոտավորապես ութ հազար մարդ։ Ճակատամարտը, ավելի շուտ սպանդը, տևեց ինը ժամ։ Քյոփրյուլյու զորահրամանատարը հինգ այլ փաշաների հետ հայտնվում է սպանվածների թվում, ևս հինգ փաշաներ գերի են ընկնում։ Ամբողջ թուրքական հրետանին, ամեն տեսակի իրեղեն ապրանքները, զինվորական գանձարանը դարձան հաղթողի ավարը...

Այս հաղթանակը տվեց Կուլի խանի հպարտությունը շարժող մեծ առավելություններ։ Երևանը Հայաստանի քաղաքն է, որ ընկավ հաղթողի լծի տակ կամ ճանաչեց նրա գերիշխանությունը։ (Երևանի) կայազորն այլևս օգնության որևէ մի հույս չունենալով և վախենալով, որ իրեն չեն խնայի, եթե որևէ դիմադրություն կազմակերպի, խնդրեց թույլ տալ նահանջել դեպի Կարս, որը և թույլատրվեց ...Հետագա ռազմական գործողությունների ընթացքում վերանվաճվեցին Վրաստանն ու Հայաստանը»99։

Եվրոպացի հեղինակներից բերված այս վկայությունների մեջ կան որոշ անճշտություններ։ Երևանի մոտ տեղի ունեցած ճակատամարտ ասելով նկատի է առնված Եղվարդի նշանավոր ճակատամարտը, իսկ Նադիրի և Աբդուլլահ Քյոփրյուլյուի միջև ռազմական ընդհարումները տեղի են ունեցել ոչ թե 1734 թ., ինչպես ներկայացված է եվրոպացի հեղինակի զեկուցագրքում, այլ 1735 թվականին։ Այս իրադարձություններն ավելի ճշգրիտ նկարագրված են Աբրահամ Կրետացի կաթողիկոսի մոտ։ Ըստ հայ հեղինակի հաղորդած վկայության, Նադիրի և Աբդուլլահ փաշայի միջև առաջին ընդհարումը տեղի է ունենում 1735 թ. ապրիլին, իսկ համաձայն թուրքական աղբյուրների՝ մայիսի 25-ին Կարսի մոտ, որը կողմերից որևէ մեկին առավելություն չի տալիս։ Պատերազմող երկու կողմերի միջև վճռական ճակատամարտը, ինչպես ասվեց, տեղի է ունենում 1735 թ. հունիսի 8-ին, Եղվարդի մոտ։ Ճակատամարտի գունեղ ու մանրամասն նկարագրությունը տալիս է Աբրահամ

_____________________________

98 Նույն տեղում, էջ 245։
99 Նույն տեղում, էջ 249 — 250։

[էջ 217]

Կրետացին։ Չնայած թուրքերի թվական բացարձակ գերակշռությանը Նադիրը գլխովին ջախջախեց նրանց։ Ջ. Մալկհոլմը, հենվելով Նադիրի կենսագիր Մուհամմեդ-Կյաղիմի վրա, գրում է. «Աբդուլլահ (փաշան) վստահ իր զորքերի գերազանցության վրա, պարսիկների վրա հարձակվեց Երևանի մոտ գտնվող Բեհավենդի (պետք է լինի Եղվարդի— Մ. Զ.՝) հովտում։ Պարսիկ հրամանատարը (Նադիրը), տեսնելով նրա առաջխաղացումը, մեծ ոգեշնչությամբ դիմեց իր զորքերին։ «Թշնամիները,— ասաց նա,— մեկի դեմ ութն են, սա առավել ևս պատճառ պետք է հանդիսանա, որ տանենք փառահեղ ճակատամարտ»100։

Ինչպես ասվեց, այս հաղթանակի անմիջական հետևանքը պարսիկների կողմից համարյա ամբողջ Անդրկովկասի զավթումն էր։ Նադիրը ոչ միայն զավթում է Անդրկովկասը, այլև, Ա. Կրետացու վկայությամբ, ասպատակիչ արշավանք է ձեռնարկում դեպի Արևմտյան Հայաստանի նահանգները՝ ավերելով երկրամասը ու գերեվարելով բնակչության մի մասին։ Նա գրում է, «խանն անց գնաց ի վերա Ղարսայ և պաշարեաց զնա ամսօրեայ ժամանակ։ Արգելեաց զգետն որ որոգանէր և արբուցանէր զքաղաքն, կտրեաց զջուրն, որ ի վերուստ գայր խողովակով ի բերդն: Եւ յամենայն կողմանց նեղ էարկ զքաղաքն։ Եւ պատեալ պաշարեցան յամենայն դիմաց։

Այլև ասպատակա արձակեաց երկուց կողմանց, մինչ գնայր ի Հարս՝ յաջ և յահեակ, զմի կողմն ի վերա Պայազիտու կրկին և զմիւս կողմն ի վերա Կաղզուանայ և ինքն ի միջի։ Յորում գնացեալ քանդեցին զերկիրն, այրեցին զշինուածսն, գերեցին զմարդիկք և զանասունս և բազում աւարաւ դարձան ի բուն բանակն՝ ի Ղարս։ Եւ անտի կրկին արձակեաց ասպատակս, որ գնացեալ հասին մերձ Թէոգուպօլսոյ։ Եւ գերեցին զՆարիմանու նահանգն զՋավախեթու, զՉլտրու և զՂայի Ղուլու, որք էին բովանդակ ի մեր ազգէ։ Եւ քշեցին զայր և զկին, զծէր և զտղայ և տարան ի Խորասան թուով ԶՌ (6000), որպես և լսեմք»101։

Թուրքերը շուտով Իրանից հաշտություն են խնդրում ։ «Երկու պետությունների լիազորները հավաքվեցին Էրզրումում և ամբողջ 1735 թ. վարեցին ապարդյուն բանակցություններ։ Թուրքական պատվիրակներն անվերջ վիճում էին հողային տիրապետությունների շուրջ, երբ ի վերջո տեղեկանալով պարսկական բանակի Հայաստանում և Վրաստանում ունեցած հաջողությունների մասին, վերջնականապես որոշեցին

_____________________________

100 John Molcolm էջ 86։
101 Ա. Կրետացի, Պատմութիւն անցիցն իւրաց և Նադր-շահին պարսից, քննական բնագիր, ռուսերեն թարգմանություն, առաջաբան և ծանոթագրություններ Ն. Կ. Ղորզանյանի, Երևան, 1973, էջ 67։

[էջ 218]

այս երկու երկրները զիջել (պարսիկներին)։ Սակայն դա Պարսկաստանի պահանջի մի մասն էր միայն։

Կուլի խանը ռազմական ծախսերի համար հսկայական գումարից բացի, պահանջում էր, որ իրեն զիջեն Դիարբեքիրը, Բաբելոնը (Բաղդադը) և ողջ այսրեփրատյան տարածքը՝ Եփրատի ակունքից մինչև նրա գետաբերանը, հավակնելով, որ դրանք հին պարսկական գահի տիրապետության տակ են եղել և որ գետը պետք է երկու երկրների սահմանագիծը հանդիսանա»102։

Հետագայում, սակայն, Նադիր շահը չափավորում է իր պահանջները և 1736 թ. Էրզրումում երկու պետությունների միջև կնքվում է հաշտության պայմանագիր, համաձայն որի Թուրքիան Իրանին էր զիջում ողջ Անդրկովկասը։ 1736 թ. Էրզրումի պայմանագիրը որոշ առումով ուղղված էր Ռուսաստանի դեմ։ Թուրքիան հակվեց Իրանի հետ հաշտություն կնքել այն պատճառով, որ նա, ըստ էության, ուղղված էր Ռուսաստանի դեմ։ Հիրավի, հաշտության պայմանագրի կնքման նախորդող տարիներին Ռուսաստանը ուշի-ուշով հետևելով Թուրքիայի դիվանագիտական քայլերին, որոնք հաճախ թելադրված էին Ֆրանսիայի ու Անգլիայի կողմից, բանակցությունների մեջ մտավ Նադիրի հետ, հասկացնելով նրան, որ ռուսական զորքերը մուտք են գործել Մերձկասպյան շրջանները «միայն պարսկական պետության շահի ու գոյության պահպանման համար», և որ Ռուսաստանը պատրաստ է իր գրաված տարածքը հանձնելու Իրանին103։ Երկար բանակցություններից հետո 1735 թ. մարտի 10-ին Գանձակում ստորագրվեց նոր իրանա-ռուսական պայմանագիր, համաձայն որի Ռուսաստանն Իրանին վերադարձրեց Մերձկասպյան երկրամասը։ Իրանը պարտավորվեց այդ երկրամասը երբեք չհանձնել մի երրորդ պետության, համաձայնվեց Ռուսաստանի հետ «հավերժ բարեկամության» դաշինքին ու պարտա¬վորվեց անջատ պայմանագիր չկնքել Թուրքիայի հետ104։ Նենգորեն դրժելով իր պայմանագրով հանձն առած պարտավորությունը, Նադիր շահը, ինչպես տեսանք, թուրքերի հետ պայմանագիր կնքեց այն ժամանակ, երբ արդեն Ռուսաստանը Թուրքիայի հետ գտնվում էր նոր պատերազմի մեջ։ Դեպքերին ժամանակակից եվրոպացի հեղինակներից Մ. Օտտերը նշում է, որ թուրքերի հետ հաշտության կնքումը «հակա-

_____________________________

102 „Histoire de Thamas Kouli-Khan", էջ 273-274։
103 Այդ մասին ավելի մանրամասն տե՛ս Г. Г. Пайчадзе, Русско-грузинские отношения B 1725—1735 гг., Тбилиси, 1965 էջ 150—151։
104 Նույն տեղում, էջ 161։

[էջ 219]

սում էր այն պարտավորություններին, որ նա (իմա՝ Նադիր շահը — Մ. Զ.) հանձն էր առել մոսկովցիների նկատմամբ»105։

1735 թ. բռնկվեց հերթական ռուս -թուրքական պատերազմը։ Եթե հավատալու լինենք Մ. Օտտերի վկայություններին, որն այդ օրերին գտնվում էր Կ Պոլսի ֆրանսիական դեսպան Մարկիզ դե Վիլնյովի մոտ, եվրոպական երկրները, իբր, արել են առավելագույնը՝ կարգավորելու Ռուսաստանի և Թուրքիայի միջև ծագած կոնֆլիկտը106։ Իրականում, սակայն, հենց նույն եվրոպական պետություններն էին և, մասնավորապես, Ֆրանսիան ու Անգլիան, որոնք կանգնել էին Թուրքիայի թիկունքում և աշխատում էին նրա միջոցով հարվածել իրենց գլխավոր ախոյան Ռուսաստանին։ Այս պատերազմը ևս մեծ հույսեր ներշնչեց Թուրքիայի կողմից ստրկացված քրիստոնյա ժողովուրդներին, որոնք Ռուսաստանին դիտում էին իբրև իրենց փրկարարի։ Այդ է վկայում Կ. Պոլսում ռուսական դեսպան Վիշնյակովը՝ կայսրուհի Աննա Իվանովնային ուղղած նամակում, «նահանգների հույները և նամանա¬վանդ բուլղարները, վալախները, մոլդավացիները և այլք, — գրում է նա,— մեծ եռանդով ձգտում են ազատագրվել բռնատիրությունից և այն աստիճան են նվիրված Ռուսաստանին, որ երբեք չեն տատանվի զոհաբերել իրենց կյանքը Ձերդ Մեծության համար, սպասում են Ձեզ որպես ազատագրողի»107։

Ռուսական դեսպանը կայսրուհուն հորդորում էր պատերազմը սկ¬սել Թուրքիայի դեմ՝ այդ երկիրը ներկայացնելով որպես խիստ թուլացած ու անկման եզրին գտնվող։ «Ելնելով իրականությունից,— գրում էր նա,— այնուհետև անվարան հավաստիացնում եմ Ձեզ, որ Թուրքիայում այսօր չկա աչքի ընկնող ոչ մի քաղաքական գործիչ, ռազմական առաջնորդ կամ ֆինանսական վերակացու։ Ամեն ինչ սարսափելի քաոսի մեջ է գտնվում։ Փոքրիկ մի հարվածը բավական է, որպեսզի երկիրը գլորվի անդունդը։ Այն վախը, որ դեռևս ներշնչում են թուրքերը, պայմանավորված է անցյալով և հիմնված է ավանդույթի վրա։ Նրանք այսօր բոլորովին այլ են, քան էին մի ժամանակ։ Ինչքան մի ժամանակ գազաններ էին ու փառքի սիրուն ծարավ, նույնքան նրանք այսօր փոքրոգի են վախկոտ»108։ Թուրքիայի վիճակը մոտավորապես նույն ոգով էր ներկայացնում մի ժամանակ Կ. Պոլսում Ֆրանսիայի

_____________________________

105 M. Otter, I, էջ 31:
106 Նույն տեղում, էջ 33։
107 A Vandal, էջ 248։
108 Նույն տեղում։

[էջ 220]

դեսպան պարոն Լե Շատոնեֆը իր կառավարությանը. «կարելի է ընդհանրապես նշել, որ այս կայսրությունը գտնվում է այնպիսի թուլացած վիճակում, որը չէր կարելի նախատեսել»109։ Ֆրանսիան հանդես էր գալիս, ահա, այդ թուլացած պետության պաշտպանի դերում։ Ինչպես գրում է Ա. Վանդալը, ֆրանսիական կառավարությունը Մարկիզ դե Վիլնյովից պահանջում էր դիմել «ամեն մի հնարավոր միջոցի, որպեսզի թույլ չտրվի մոսկովցիներին Սև ծովում ազատ նավարկության ազատություն, որը կարող էր շուտով տարածվել մինչև Միջերկրական ծովը»110։

1735—1739 թթ, ռուս-թուրքական պատերազմի վերջին տարում, չնայած Ռուսաստանի դաշնակից ավստրիացիների որոշ անհաջողություններին, ֆելդմարշալ Մյունիխը վստահ էր, որ ռուսական զենքը և Օսմանյան կայսրության հպատակ քրիստոնյաների զինված ապստամբությունն ի վերջո խորտակելու են Թուրքիային։ «Պետք է հենվել, — գրում էր նա կայսրուհուն,— ապստամբ քրիստոնյա հպատակների ոգևորության վրա և քայլել ուղիղ դեպի Կոստանդնուպոլիս»111։ Սակայն ռուսական արքունիքի ներկայացուցչի իղձերը չիրականացան։

1739 թ. սեպտեմբերի 18-ին Մարքիզ դե Վիլնյովի միջնորդությամբ Բելգրադի մոտ հաշտության պայմանագիր կնքվեց Ռուսաստանի և Թուրքիայի միջև, որով, փաստորեն, անհետևանք մնաց Ղրիմում և Բալկաններում ռուսական զենքի տարած փայլուն հաղթանակը թուրքերի նկատմամբ։ Չնայած Ազովը անցնում էր Ռուսաստանին, սակայն վերջինս այդ պայմանագրով Սև ծով ազատ ելք ունենալու իրավունք ձեռք չէր բերում։ Մինչ այդ, 1739 թ, սեպտեմբերի 1-ին կնքվել էր թուրք-ավստրիական հաշտության պայմանագիրը, որը Ավստրիայի համար, Յոզեֆ Համմերի բառերով ասած, «...ունեցավ այն նույն նշանակությունը, ինչպիսին ունեցավ 1711 թ. Պրուտյան հաշտությունը Ռուսաստանի համար»։

Բելգրադյան հաշտության պայմանագրի կնքումը մեծապես ուժեղացրեց Ֆրանսիայի ազդեցությունը Թուրքիայի վրա։ «Ֆրանսիայի ազդեցությունը Օսմանյան կայսրության վրա ոչ առաջներում և ոչ էլ հետագայում այնքան վճռորոշ չէր եղել, ինչպես այժմ։ Մարքիզ դե Վիլնյովի դիվանագիտական առաքելությունը, անկասկած, ամենահիշարժանն է Ֆրանսիայի և Թուրքիայի դիվանագիտական պատմության մեջ»112, կարդում ենք դարձյալ Յոզեֆ Համմերի մոտ։

_____________________________

109 M. de Bonnac. էջ 90-91։
110 A. Vandal, էջ 276։
111 J. Hammer, XIV, էջ 470։
112 Նույն տեղում, XV, էջ 2։

[էջ 221]

Եվրոպական պետություններն իրենց հակառուսական քաղաքականությամբ առժամանակ հետաձգում էին ներքնապես խիստ թուլացած Օսմանյան կայսրության անխուսափելի կործանումը։

XVIII դարի 40-ական թվականներին Նադիր շահը, խախտելով 1736 թ. Էրզրումի հաշտության պայմանագիրը, հարձակման անցավ թուրքերի դեմ։ Այդ պատերազմների ընթացքում Հայաստանի երկու մասերի բնակչությունը չարաչար տուժեց։ Հնդկաստան կատարած արշավանքից հետո Նադիր շահը՝ հղփացած իր հաջողություններով, 1743 թ. սեպտեմբերին պաշարեց Մոսուլը։ Նա Բաղդադի Վալի Ահմեդ փաշայից պահանջեց հանձնել քաղաքը113։ Նադիրը միաժամանակ հիսուն հազարանոց բանակ ուղարկեց Էրզրում՝ ասպատակելու Բարձր Հայքի գավառները114։

Թուրքերն իրենց հերթին ներխուժեցին Վրաստանի սահմանները, սակայն պարտություն կրեցին Կախեթի իշխան Թեյմուրազից։ Վերջինս պարգևատրվեց Նադիր շահի կողմից, իսկ նրա որդին Հերակլը, նշանակվեց թագաժառանգ։ Ինքը՝ Նադիր շահը, շարժվեց դեպի Կարս։ 1744 թ. մայիսի 31-ին և օգոստոսի 24-ին թշնամիները երկու անգամ ճակատամարտում են, սակայն կողմերից և ոչ մեկը չի կարողանում ապահովել հաղթանակը115։ Կարսի շրջակայքում Նադիր շահի բանակը մնում է մինչև հոկտեմբերի 9-ը, որից հետո նահանջում է։

Օգտվելով քրդական որոշ ցեղերի աջակցությունից, Աբդուլլահ փաշայի զորքերը մուտք էին գործել Մոկսի շրջանակը և սկզբնական շրջանում ձեռք բերել որոշ հաջողություններ։ Մայրաքաղաքում այդ առթիվ տեղի ունեցան հանդիսություններ, որոնք շուտով վերածվեցին համընդհանուր սուգի։ Թուրքական զորքերի սերասքյար Եգեն Մեհմեդ փաշան հարյուրհազարանոց բանակով Կարսի վրայով ներխուժել էր Արևելյան Հայաստան և Եղվարդի մոտ ճամբարելով կարծում էր, թե թուրքական ասքյարների փոշիներով անգամ կարող է հաղթել թշնամուն։ 1745 թ. օգոստոսին տեղի ունեցավ Եղվարդի չորս օր ու գիշեր տևած արյունալի ճակատամարտը, որը վերջացավ թուրքերի լիակատար պարտությամբ։ Ճակատամարտում իր մահը գտավ նաև սերասքյար Եգեն Մեհմեդ փաշան։ Նրան փոխարինեց Էլհաջ Ահ-

_____________________________

113 Նույն տեղում, էջ 71—72։
114 Նույն տեղում, էջ 82—83։
115 Նույն տեղում, էջ 86։

[էջ 222]

մեդ փաշան116։ Թուրքերի պարտությունը թուրք պետական պաշտոնական պատմագիրները բացատրում են լեվենդական զորքերի հրամանատարների դասալքությամբ ու դավաճանությամբ։ Փախուստի դիմած լեվենդական զորամասերը, սփռելով Արևմտյան Հայաստանի տարբեր մասերում, պատուհաս դարձան արևմտահայ բնակչության համար։ «Ասիայի բոլոր կառավարիչները հրաման ստացան ամենուր փնտրել փախստական լեվենդներին, որոնց ամոթաբեր դավաճանությունը պատճառ էր հանդիսացել Երևանի ճակատամարտի կորստին ... և նրանց գլուխներն ուղարկել Բարձրագույն դուռ», գրում է Յոզ. Համմերը։

Եղվարդի ճակատամարտից հետո Նադիր շահը նոր սերասքյար Էլհաջ Ահմեդ փաշային առաջարկում է հաշտություն՝ պահանջելով Իրանին հանձնել Վանը, Քրդստանը, Բաղդադը, Բասրան ու շիաների սրբավայրեր հանդիսացող Նեջեֆն ու Կերբելեն։ Սակայն բանակցությունների ընթացքում Նադիր շահն ստիպված է լինում չափավորել իր պահանջները և 1746 թ. սեպտեմբերի 4-ին կնքվում է նոր հաշտություն, որի հիմքում ընկած էին 1639 թ. Կասրե Շիրինի պայմանագրի հիմնական կետերը, այսինքն՝ Արևմտյան Հայաստանն ու Արևմտյան Վրաստանը մնում էին Թուրքիայի, իսկ Արևելյան Վրաստանը, Արևելյան Հայաստանը և Ադրբեջանը՝ Իրանի տիրապետության ներքո։

***

Թուրք-իրանական ընդհարումների ժամանակ արևմտահայ զանգվածները տուժում էին ոչ միայն ծավալված ռազմական գործողություններից, այլև, աղբյուրների տվյալներով, թե´ պատերազմի ընթացքում և թե՛ հատկապես պատերազմից հետո լեվենդների, քրդերի, ենիչերիների («ղուլերի») ապստամբական ելույթներից։ Ամբողջ Փոքր Ասիայում համարյա չկար մի շրջան, որ ենթարկված չլիներ ապստամբ ելուզակների կամայականություններին։ Սեբաստիայի շրջակայքում լեվենդների կատարած խժդժությունների մասին մանրամասն գրում է Հովհ. Սեբաստացին։ Թե ինչ չարիքներ են գործել Եղվարդի ճակատամարտում փախուստի դիմած լեվենդներն Արևմտյան Հայաստանում, երևում է հայ հեղինակի հետևյալ վկայությունից, «...Եւ զորքն (Եգեն Բդեշխոյ) փախստական եղեալ և անգլուխ սփռեալ յամենայն տեղիս, բազում վնասս հասուցին ազգիս մերոյ, զի ի Սեբաստիոյ մինչև ի Մարզուան անապատ արարին, ընդ որս և զվանս Մարզուանի, ինքեանք այրեսցին անջինջ հրով գեհենին։

_____________________________

116 Նույն տեղում, էջ 100—101:

[էջ 223]

Յաջորդ ամին (ՌՃՁԵ — 1746) մայիսի 18 Եղիական կիրակէին եկն ի քաղաքս Հեքիմ օղլի Ալի Բդէշխն՝ անուամբ սպարապետութեան, և ժողովեաց առ ինքն զբազում զօրս իբրև ԲՃՌ (200.000) զի 38 երկդուզեան նախարարք եկին, թող զայլսն։ Եկին և Ղափուսուզ կոչեցեալ պիղծ լեվենտին իբրև ԺՌ (10.000)՝ հանդերձ զօրագլխովք իւրեանց, որք էին Կէնճալի Կենճ Օսման Կէմալմազ, Աւշարօղլին և այլն։ Եւ բանակեցան մօտ իրերաց՝ յեզր քաղաքիս և ամենից սոցա զպիտոյսն սպարապետն հոգայր, բայց ոչ շատացեալ պիղծ լեվենտքն՝ անկան էին ի գիւղօրայս և բազում վնաս գործէին, որ և ի գիշերի միում գնացեալ ի գիւղն բոգնիկ բազում ոճրագործութիւնս արարին, զկանայս յղացուցին, աղջկունս ապականեցին, ինքեանք եկեալ պատմէին ի քաղաքին։ Եւ գիւղօրայքն ամենայն փոխուցեալ եկն ի քաղաքն, բայց սուրբ վանս, շնորհիւ տեառն և զօրութեամբ սրբոյ նշանին անխախտ անվնաս մնաց ի տեղւոջ իւրում, դրունքն բաց և եկեալքն կերակրեալք գնային։ Եւ յետ քանի մի ամսոյ՝ կոտորեցին աստ ի Սեբաստիա զամենայն լեվենտսն և գնացին իւրաքանչիւր ոք ի տեղի իւր»117։

Եվրոպացի հեղինակներից Մ. Օտտերը որպես ականատես հետևյալ ձևով է նկարագրում լեվենդների խժդժությունն երբ Փոքր Հայքում. «Նրանք (լեվենդները) հայհոյանքների ու հարվածների տարափ էին հասցնում նրանց (իմա՝ հայերին — Մ. Զ.), փետում էին նրանց մորուսներն ու ստիպում տալ այն ամենը, ինչ պահանջում էին։ Նրանք սկսում էին նրանց բնակարաններում տեղավորվելով, այնուհետև երկու և երեք անգամ սեղաններին դնել էին տալիս այս երկրի ամենալավագույն ուտելիքները, պահանջում էին, որ իրենց համար մորթեն ոչխարներ ու գառներ, որը նրանք ղուրբան էին անվանում, այսինքն զոհաբերություն։ Մինչ կանայք զբաղված էին լինում նրանց ընտիր ճաշեր պատրաստելով, մարդիկ վազում էին չորս կողմը՝ նրանց ձիերի համար թարմ խոտ ու գարի հայթհայթելու»118:

1746 թ. հաջորդած տարիներին տարբեր ելուզակախմբերի հակակառավարական ելույթները ոչ միայն չեն դադարում, այլև գնալով ավելի ու ավելի են բորբոքվում։ 1758 թ. դարձյալ Հովհ. Սեբաստացու վկայությունից տեղեկանում ենք, որ «...յայտնեցան բազում անդուռն լեվենտք, աւելի քան զերկու հազարս ի կողմանս վիճակիս Սեբաստիոյ, որք սփռեալք ի գիւղօրայս խոշտանգանօք կեղեքէին զխճալիսն և անողորմաբար տանջելով՝ պահանջէին ի նոցանէ զինչս ևռ ի չկա-

_____________________________

117 Հովհաննես Սեբաստացի, Պատմութիւն Սեբաստիոյ, աշխատասիրությամբ Բ. Լ, Չուգասզյանի, Երևան, 1974, էջ 88։
118 M. Otter, I, էջ 316։

[էջ 224]

րելն զդէմ ունիլ բազմավիշտ տառապանացն, փախստական եղեն աստ և անդ, ի քաղաքն և ի մեծամեծ գիւղօրես՝ առ ի ապրեցուցանել գոնէ զանձինս իւրեանց ի բռնութենէ նոցա, վասն որոյ ուր ուրէք գտանիւր շինութիւն և այն քաղցեալ և ի յետին դառն աղքատութեան ժամանեալ։

... Եկն ի սոյն աւուրս (ՈՄԷ —1758) հրաման յարքայէն տաճկաց առ Ֆեզուլլահ երկդուղեան նախարար Սեբաստիոյ՝ կոտորել զլեւէնտսն։ Եւ նա՝ թէպետ գոլով մանուկ հասակաւ և անընտել պատերազմի, բայց իբրև 500 զօրոք ել և անակնկալ պահու հասեալ ի վերայ նոցա՝ կոտորեաց զամէնեսին զնոսա՝ մինչև սակաւ ոմանք ի նոցանէ մազապուրծ փախստական եղեն, և զգլուխս սպանելոցն առաքեաց առ թագաւորըն»119։ Թուրքական աղբյուրների վկայությամբ, Սախելի զադե Ֆեյզուլլահ փաշան կոտորում Է ոչ միայն Սեբաստիայի, այլև «...մի քանի հազար լեվենդների, որոնք ասպատակում էին Էրզրումի և Չորումի շրջակայքըն120։ Նույն այդ՝ 1758 թ. Էրզրումի շրջակայքում լեվենդների կատարած խժդժությունների, բռնությունների ու կամայականությունների մասին սրտաճմլիկ հիշատակարան է թողել Բաղդասար քահանա գրիչը121։

Սակայն հակակառավարական ամենամեծ ապստամբությունը, որն ալեկոծեց արևմտահայ բնակչության և, մասնավորապես, Մուշի ու Բիթլիսի հայերի խաղաղ կյանքը, դարձյալ Էրզրումի շրջակայքի դեպքերն էին։ 1754 թ. բռնկված այդ ապստամբությունը ղեկավարում էր Բաղեշի խան Ալաեդդինը, որն ըստ երևույթին օգտվելով օսմանյան պետության թուլացումից, ձգտել է Բաղեշի ու Մուշի շրջակայքում իրեն լրիվ անկախ հռչակել122։

1765 թ. լեվենդների կատարած չարագործությունների մասին ընդարձակ տեղեկություններ է հաղորդում Հակոբ Դիվրիկեցին, նշելով, որ լեվենդներն ավերեցին «...բազում տեղիս, որ զինչ գիւղս ի բոլոր քաղաքին յահէ նոցա փախան թէ այլազգ և թէ քրիստոնեայ»։

1769 թ. Էջմիածնից գրիչ Գրիգոր վարդապետ եղվարդցին պատմում է Կարսի և Երևանի շրջակայքում ոմն քուրդ Ալիբեկ անունով ավազակապետի չարագործությունների մասին, երբ Կարսի փաշան ստիպված է լինում օգնություն խնդրելու վրաց Հերակլ 2-րդ թագավորից «...Ի յայսմ ժամանակի (1769 թ.),— գրում է նա,— ի մեջ Կարսայ և յԵրևանու, քուրդ մի զօռբայ եղև որ անուն նորա կոչիւր Ալիբեկ, սա զբազում վնասս գործէր աստի և անտի, և ոչ թողուր հանդարտիլ և

_____________________________

119 Հովհ. Սեբաստացի, էջ 91։
120 J. Hammer, XVI, էջ 96։
121 Տե՛ս Մ. Կ. Զուլալյան, Արևմտյան Հայաստանը XVI—XVIII դդ., էջ 116—117։
122 Մանրամասն տե՛ս նույն տեղում, էջ 112 — 114։

[էջ 225]

խաղաղ մնալ զճանապարհ եւ զկարաւան։ Վասն որոյ Կարսայ փաշայն իւր մեծամեծօքն եւ քիւրդ Սուլեյմանին, եւ Եաղուպ աղայն և այլք գրեցին առ արքայն վրաց Հերակլե զի գայցէ և բառնայցէ զայն ի միոջ։ Վասն որոյ և յանկարծակի եկն Հերակլեսն բազոմք զօրօք յերկիրն Կարսայ, և իմացեալ քրդին փախեաւ յետ և մնացեալ ինչք առին, եւ ոչ նոքոք լիացան աչք զօրացն, այլ պատճառաւ քրդին գերեցին զբազում գիւզորայս խղճալի ազգին հայոց և կոտորեցին ...Արքայն Հերակլ այնքան զօրսն ընդ ձեռամբ իւր առնելով հնազանդութեամբ, զամենայն գերիսն դարձոյց, եւ յաւարն ոչ, եւ յինքն դարձաւ դէպ յերկիրս մեր Երևան»123։

***

Նադիր շահի մահից հետո Իրանում սկսվեցին ներքին երկպառակություններ, գահակալական կռիվներ, որոնք ծանր անդրադարձ ունեցան երկրի բնակչության համար։ Արևելյան Հայաստանում ստեղծված տագնապալի վիճակի մասին նյութեր է հաղորդում դեռևս Մ. Չամչյանը124։ Այս ժամանակաշրջանի Հայաստանի քաղաքական պատմության շատ հարցեր իրենց մանրամասն արտացոլումն են գտել նաև Մ. դե Պեյսոնելի գրած հատուկ պատմագիտական աշխատության մեջ125։

Դեռևս իր իշխանության ժամանակ Նադիր շահը իրանական գահին մատուցած ծառայության համար Թեյմուրազին «...նշանակեց Թավրիզի, Երևանի, Գյանջեի և ամբողջ Մեդիայի (իմա՝ Ադրբեջանի— Մ. Զ.) փոխարքա»126։ Ճիշտ է, հետագայում Իրանի բռնակալը մի երկու անգամ ձգտել է հռչակավոր Հերակլ 2-րդի հորը զրկել այդ իշխանությունից, սակայն հանգամանքների թելադրանքով նրան թողել էր իր պաշտոնում127։

Նադիր շահի մահից Իրանում ստեղծված քաղաքական վիճակն այսպես է ներկայացնում դե Պեյսոնելը. «Նադիր շահի մահից հետո անցնող յուրաքանչյուր տարի, — գրել է նա, — որևէ կարևոր իրադարձությամբ էր նշված։ 1750 թ. իրադարձությունները պակաս ուշադրության արժանի չեն, քան նախորդները։

_____________________________

123 Մատ., թղթպ. № 133, էջ 1769։
124 Մ. Չամչյան, հ. Գ, էջ 842—855։
125 M. Peysonnel. Essai sur les troubles actuels de Perse et de Géorgie p. 79.
126 Նույն տեղում, էջ 80—81։
127 Նույն տեղում։

[էջ 226]

Պարսկաստանը փոխեց իր դիմագիծը և սկսեց անդամահատվել։ Թագավորության ներսում խաները հռչակեցին իրենց նահանգների անկախությունը, Վրաստանի իշխաններ Թեյմուրազն ու Հերակլը զավթեցին Երևանի ու Նախիջևանի նահանգները և շարժվեցին մինչև Թավրիզ ու իրենց կողմը գրավեցին աֆղաններին ... սրանք, որոնց մասին ես խոսելու եմ, Նադիր շահի թիկնապահ զորքերի մնացորդներից են, որոնք այս իշխանի մահից հետո չհանդգնելով այլևս վերադառնալ իրենց հայրենիքը, անցնելով այն երկրամասերը, որտեղ իրենց վատ կարող էին ընդունել, ստիպված եղան Երևանի ու Նախիջևանի նահանգներում ապրելու՝ ավազակաբարո փնտրելով հաստատվել որևէ տեղ»128։

Շուտով Իրանում գլուխ են բարձրացնում բախտիարները։ «Այս խռովարարները իրենց առաջնորդ նշանակեցին ութսունամյա Ալի Մերդան խան կոչված մի ծերունի զորավարի, որը հանդես եկավ իբր սեֆյան ծագում ունեցող և գահի վրա ամենաօրինական իրավունք ունեցող ոմն Իսմայիլ իշխանի օգտին»129։ Այս հանգամանքն ավելի է բորբոքում ներքին գահակալական կռիվներն Իրանում։

Բուն Արևելյան Հայաստանում աֆղաններն ապստամբում են Թեյմուրազի դեմ ու նորից շարունակում իրենց ավազակային ելույթները։ «Նրանք շուտով ձանձրացան Վրաստանի իշխանին ենթարկվելու և հնազանդվելու մասին տված խոստումից, վտարեցին Թեյմուրազի կողմից նշանակված զորավարին և իրենց համար առաջնորդ ընտրեցին Կասում խանին։ Նրանց սանձարձակությանը չափ ու սահման չկար և նրանք նորից սկսեցին ասպատակել երկիրը130։

Իսկ Իրանում բախտիարները «...ոչ մի խոչընդոտի չհանդիպելով շարունակեցին իրենց արշավանքը մինչև Սպահան։ Ալի Մերդան խանը զավթեց մայրաքաղաքը և գահին բազմեցրեց իր հովանավորյալ Իսմայիլին։ Իր դիրքերն ամրապնդելու համար դրամի անհրաժեշտությունը շուտով նոր արքային ստիպեց Սպահանի բնակչության նկատմամբ կիրառել ամեն տեսակի բռնություններ։ Նա գանձեց արտակարգ հարկեր, նրանց հարստությունները հափշտակելու նպատակով սպանել տվեց բազմաթիվ մեծահարուստ վաճառականների, որոնց թվում նշանավոր հայ միլիոնատեր Շահրիմանյան եղբայրներից մեկին։ Այս ընտանիքը դեռևս Նադիր շահի ժամանակ իր վրա կրել էր ամեն տեսակի հալածանքներ»131։ Այս նույն դեպքերի մասին Մ. Չամչյանի

_____________________________

128 Նույն տեղում, էջ 120։
129 Նույն տեղում, էջ 121։
130 Նույն տեղում, էջ 122։
131 Նույն տեղում։

[էջ 227]

մոտ կարդում ենք հետևյալը. «Եւ արձակեաց ըստ ամենայն տեղիս տէրութեան իւրոյ մանաւանդ ի Հայաստան (խոսքը նորընծա թագավորի մասին է—Մ. Զ.) այս խստաբարոյս, ժողովել հարկս վասն ծախսուց պատերազմի, եւ մինչդեռ հանդերձեալ էին հարկահանէ ելանել ի Դաւրիժայ, ազդ արար նոցա Հեյտար, որ յանհնարինս թշնամացեալ էր ընդ հայս, և ասէ, զի՞ է՝ զի երթայք ժողովել տուրս ի քաղաքաց Հայաստանա. ոչ ահա երևելի իշխանք հայոց ի քաղաքի աստ են, զորս կալայք և տարայք ընդ ձեզ, և ի ձեռն սոցա մարթասջիք գտանել և առնուլ՝ զոր խնդրէքդ»132։

Արևելյան Հայաստանի տարածքում աֆղանների բարձրացրած ապստամբության լուրն առնելով «1751 թ. սկզբներին Թեյմուրազ և Հերակլ իշխանները իրենց բանակը շարժեցին նրանց դեմ՝ փորձելով նորից ենթարկել իրենց։ Հայերը միացան վրաց զորագնդերին։ Այս բանակը կազմող բոլոր զինվորներն իրենց հագուստի ու դրոշակների վրա կրում էին խաչի նշանը։ Այս յուրահատուկ խաչակիրները շարժվեցին աֆղանների վրա և նրանց հանդիպելով Օդուար (հավանաբար Օրդուբադ՝ —Մ. Զ.) Քաղաքի մոտ՝ պարտության մատնեցին և նրանց մի զգալի մասին սրի անցկացրեցին»133։

Վրաց-հայկական բանակի համատեղ այս ռազմական գործողության հետևանքով «թուրքերը գնալով ավելի ու ավելի սկսեցին անհանգստանալ ու կասկածել, որ խաչակիրները գործակցում են մոսկով ցիների հետ ... Բարձրագույն դուռը ենթադրում էր, որ մոսկովցիներն ուզում են օգտվել Պարսկաստանի խառնակ վիճակից և իրենց ազդեցությունը տարածել այս թագավորության վրա»134։ Սակայն թուրքերը չեն հանդգնում գործը հասցնել ռուսների հետ ռազմական ընդհարումների։

Աֆղանների դեմ տարած հաղթանակից հետո Հերակլը «շարժվեց մինչև Թավրիզ ու գրավեց այն։ Նա այս առաջին հաջողություններով չբավարարվեց։ Նա շարժվեց լեզգիների, Գյանջեի ու Ուրմիայի խաների դեմ, որոնք աֆղաններին ցույց էին տվել օգնություն և հովանավորություն։ Նա նրանց դեմ տարավ կատարյալ հաղթանակ ...

Հերակլը չավարտեց իր ռազմական արշավանքն այնպիսի հաջողությամբ, ինչպես որ սկսել էր։ Աֆղանները դաշինք կնքելով լեզգիների հետ հարձակվեցին Նախիջևանի նահանգի վրա։ Ոչինչ չի կարող հավասարվել այն գազանություններին, որ նրանք այստեղ արեցին։

_____________________________

132 Մ. Չամչյան, հ. Գ, էջ 842։
133 M. Peysonnel, էջ 124։
134 Նույն տեղում, էջ 125 — 126։

[էջ 228]

Այս երկրամասի բնակիչներն այս առթիվ կրեցին այն բոլոր սարսափները, որ ընդունակ է կատարելու պատերազմի մտրակը։ Այո անսանձ գնդերը սկսեցին պահանջել չորս հազար թուման կամ մեր փողով ութսուն հազար էքյու ռազմատուգանք և վեց հազար բեռ հացահատիկ։ Նախորդ պատերազմներից ուժասպառ եղած բնակչությունն անկարող լինելով բավարարել այդքան մեծ պահանջը, դարձավ այս բռնակալների ընչաքաղցության ու բարբարոսության զոհը։ Հայրերը ստիպված եղան իրենց հալածողների ագահությունը բավարարելու համար իրենց զավակներին վաճառելու՝ համարյա ձրի։ Իրենց անասնական կրքերին հագուրդ տալուց հետո,– այս կատաղիները կանանց ստինքները և մարմնի բոլոր մասերը այրվող շամփուրով դաղում էին ու ստիպում խոստովանել, թե որևէ մի անկյունում դրամ չեն թաքցրել և երբ այլևս ոչ մի խոսք չէին կարողանում պոկել, ավարտում էին իրենց ոճիրը նրանց խեղդելով։ Նրանք կրակի տվեցին բոլոր գյուղերը, իրենց գազանությունը հասցրին մինչև բերքի ոչնչացումն ու ամբողջ շրջակայքի թալանն ու կողոպուտը»135։

Առանձնապես, ըստ ֆրանսիացի հեղինակի, տուժում է Նախիջևանի հայ կաթոլիկ համայնքը։ «Այս նահանգում գտնվող բազմաթիվ կաթոլիկական գյուղերն ամբողջովին ամայեցվեցին»,— գրում է նա։ «Տներն այրվեցին, վանքերը կողոպտվեցին։ Ջահուկի դոմինիկյանների և նահանգի (հայ համայնքի) հոգևոր առաջնորդ հայր Հովսեփ Վարտիկն իր եկեղեցու ու հոգետան բոլոր բյուրեղամանները, զարդարանքներն ու արծաթեղենը տալուց հետո ձերբակալվեց աֆղանների կողմից և երկար ժամանակ նետվեց բանտի նեղ խցիկը. կրակի սպառնալիքով նրան չարչարեցին հույսով, որ ևս որոշ բան կարելի է կողոպտել։ Սարսափելի տանջանքների ազդեցության տակ, նա ստիպված եղավ խոստանալ, թե կգրի (Հռոմ), որ իրեն փրկագին ուղարկեն։ Չգիտեմ թե ինչ տեղի ունեցավ այժմ այդ հոգևորականի հետ»136։

«Աֆղանները,— այնուհետև կարդում ենք նույն հեղինակի մոտ,— իրենց ասպատակությունը տարածեցին մինչև Ագուլիս։ Վրացիները նրանց համառ դիմադրություն ցույց տվին, բայց չկարողացան խանգարել նրանց մուտքը քաղաք, որը հրի ու սրի մատնեցին։ Այնտեղ երկու հազար (հայ) քրիստոնյաներ կոտորվեցին և հազար հինգ հարյուր հոգի գերեվարվեցին։ Մինչև Երևան ընկած ճանապարհը նրանք ամայացրին։ Այդ նույն ժամանակ նրանց դաշնակից լեզգիները Շիրվանի շրջակայքում պարտության էին մատնում վրացիներին։ Հերակլն այս

_____________________________

135 Նույն տեղում, էջ 128։
136 Նույն տեղում, էջ 129։

[էջ 229]

անգութ մրրիկի առաջ ստիպված եղավ նահանջել դեպի իր մ այրաքաղաքը»137։Այս դեպքերը տեղի ունեցավ 1751 թ. վերջերին։ Հերակլի նպատակն էր համալրել իր նոսրացած բանակը և հակահարձակման անցնել թշնամու դեմ։

Վրացական զորքի նահանջից հետո «...աֆղաններն օրըստօրե դառնում էին ավելի ու ավելի անտանելի։ Դրանց զորավար Ազատը զավթել էր Ուրումի ամրոցը ...1752 թ. հունվարին նա տեր դարձավ Թավրիզին։ Հավաստում են, որ նախորդ Արսլան խանի օրինակով նա իրեն հորջորջեց Ադրբեջանի թագավոր։ Իրենց տիրապետության տակ ընկած բոլոր երկրամասերում այս ավազակները կատարում էին բռնություններ։ Ինչպես ամենուր, այնպես էլ Թավրիզում (բնակչության համար) դարձան զզվելի»։ Նրանց տիրապետությունը տապալելու նպատակով «...Ղարաբաղի, Գյանջեյի և Շամախու խաները դաշինք կնքեցին Թեյմուրազի հետ»138, որի նպատակն էր «շարժվել դեպի Թավրիզ, ամբողջովին ոչնչացնել աֆղաններին և այնտեղից ուղղություն վերցնել դեպի մայրաքաղաք ու վերջ տալ կայսրությանը խորտակող դժբախտություններին»139։

«Այս դաշինքը,— այնուհետև գրում է դե Պեյսոնելը,— անկասկած կունենար խոստացված հաջողությունը, եթե մասնակից խաները վարվեին նույնպիսի եռանդով ու նվիրվածությամբ, ինչպես դա անում էր Թեյմուրազը», սակայն «խաները հեռու լինելով իրենց իսկ կազմած ծրագիրը կյանքում իրականացնելուց՝ դավաճանեցին Թեյմուրազին և նույնիսկ սկսեցին խոչընդոտել նրա գործունեությունը»140։

Իմանալով խաների դավաճանության մասին, Թեյմուրազը «չի հրաժարվում իր ծրագրից» և որոշում է մինչ Թավրիզ արշավելը գրավել Գանձակը141։ Վրաց իշխանազունը բանակում է Գանձակի մոտակայքում, «Սակայն, քանի որ Հերակլը դանդաղկոտություն էր ցուցաբերել, աֆղանների դաշնակիցներ լեզգիների զորավարին հնարավորություն էր տվել տասներկու հազարանոց բանակով նույնպես մոտենալ այս վայրին։ Հավանաբար նա այստեղ էր հրավիրվել Գյանջեյի խանի կողմից, որը դաշնակցության գլխավոր հեղինակներից մեկը լինելով հանդերձ, դավաճանել էր Թեյմուրազին»142։

_____________________________

137 Նույն տեղում, էջ 131։
138 Նույն տեղում, էջ 134։
139 Նույն տեղում, էջ 135։
140 Նույն տեղում, էջ 136։
141 Նույն տեղում էջ 137։
142 Նույն տեղում, էջ 138։

[էջ 230]

Գանձակի մոտ թշնամի կողմերը հանդիպում են միմյանց։ Ճակատամարտն ավարտվում է վրաց զորքի պարտությամբ։ Տալով երեքից չորս հազար մարդու կորուստ, Հերակլը շտապ նահանջում է դեպի Թբիլիսի։ «Լեզգիներն այլևս չհանդիպելով որևէ խոչընդոտի, մտնում են Գյանջե և իրենց բարբարոսությամբ հասնում ու գերազանցում են իրենց դաշնակից աֆղաններին։ Այս քաղաքի քրիստոնյաները (իմա՝ հայերը — Մ. Զ.) իրենց վրա կրեցին այն նույն գազանությունները, ինչ աֆղանները նախորդ տարի կատարել էին Նախիջևանի նահանգում։ Այս տարաբախտների կոտորածը զարհուրելի էր, մեծ թվով մարդիկ ստրկության մատնվեցին»143։

«Հերակլի նահանջը ժամանակ ու ազատություն տվեց լեզգիներին՝ շարունակելու իրենց ասպատակությունները և նույնիսկ մուտք գործելու Վրաստան։ Նրանք ոչ մի խոչընդոտի չհանդիպեցին։ նրանցից ոմանք անցան երկրով մեկ, ամայացրին իրենց ճանապարհին գտնվող գյուղերը և հասան մինչև Ախալցխա ու (թուրք) փաշայից պահանջեցին իրենց ստրուկներին վաճառել Մեծ Տիրակալի տիրույթներում։ Փաշան չուզեց համաձայնվել և պատասխանեց, որ Բարձրագույն դուռը հատուկ հրահանգով արգելել է այն։ Նրանք մեկնեցին այս մերժումից խիստ վիրավորված և վերադարձին ավարի ու ավերի ենթարկեցին թուրքական տիրապետության տակ գտնվող ավաններն ու գյուղերը և որոշեցին ստրուկներին տանել Դաղստան՝ իրենց հայրենիքը»144։

Այս անգամ ևս Հերակլը կարողանում է համալրել իր բանակը և 1752 թ. օգոստոսին անցնել թշնամու դեմ հարձակման։ Վճռական ռազմական գործողությունները տեղի են ունենում Բորչալուի շրջակայքում145։ Չնայած թշնամու թվական բացահայտ գերակշռությանը, ճակատամարտը, որին անձամբ մասնակցում էր Հերակլը, ավարտվեց վրացական բանակի փայլուն հաղթանակով146։

Լեզգիների դեմ տարած այս հաղթանակը վճռորոշ ազդեցություն ունեցավ նաև վրաց-աֆղանական հարաբերությունների վրա։ «Լեզգիների պարտությունը այն աստիճան թուլացրեց առանց այն էլ մի մեծ խումբ դաշնակից ավազակների հեռանալուց հետո նվազած աֆղաններին , որ նրանք նպատակահարմար գտան հաշտություն խնդրել Հերակլից։ Նրանց առաջնորդ Ազատը որոշեց ենթարկվել և ընդունել այս իշխանի համար բոլոր ցանկալի պայմանները։ Հերակլը հավանու-

_____________________________

143 Նույն տեղում, էջ 139։
144 Նույն տեղում, էջ 143—144։
145 Նույն տեղում։
146 Նույն տեղում, էջ 145—147։

[էջ 231]

թյամբ ունկնդրեց առաջարկները և նրան խաղաղություն շնորհեց այն պայմանով, որ աֆղանները այսուհետև այլևս չեն անցնելու Արաքսը, ոչ էլ ասպատակելու են Երևանի նահանգը»147։

Շուտով Երևանի խանը ևս ճանաչեց Հերակլի սուվերեն իրավունքներն իր նկատմամբ, պարտավորվելով վրաց թագավորին վճարել տարեկան եկամտի 1/5-րդ մասը կազմող մի հարկ*։ Երբ Երևանի խանը հրաժարվում էր վճարել (օրինակ 1765, 1769 և 1779 թթ.) Հերակլն արշավում էր դեպի Երևան։ Փաստորեն, երբ վրաց հաղթական զորքերը գրավում էին Երևանի խանության տարածքը, Հերակլը բոլոր դեպքերում խուսափում էր այդ երկրամասը պահել իր գերիշխանության ներքո, բավարարվելով միայն հարկերով։ Նույն ձևով նա վարվում էր նաև Գանձակի խանի նկատմամբ։

Վրաց թագավորության ուժեղացումը չափազանց ձեռնտու էր հայ ժողովրդական զանգվածներին, որոնք, հանձինս Հերակլի ու նրան հովանավորող հզոր Ռուսաստանի տեսնում էին իրենց բնական փրկարարներին։ Առավել ևս, որ Հերակլի թագավորությունը, ըստ էության, վրաց-հայկական պետություն էր։ Եվրոպայի համարյա բոլոր ճանապարհորդները միաբերան վկայում են, որ Թբիլիսին ավելի շուտ հայկական քաղաքի տպավորություն էր թողնում։

***

1768 թ. պատերազմ ծագեց Թուրքիայի և Ռուսաստանի միջև, որը նոր հույսեր առաջացրեց թուրքերի կողմից ստրկացված քրիստոնյա ժողովուրդների, այդ թվում և հայերի մոտ։ Պատերազմի ծագման գլխավոր պատճառներից մեկն այն էր, որ Ռուսաստանը համառորեն ձգտում էր Սև ծովում ազատ նավարկության իրավունք ստանալ, որին ընդդիմանում էին թուրքերն ու նրանց թիկունքում կանգնած եվրոպական պետությունները։ Թուրքերի հետ Ռուսաստանի հարաբերությունների սրման հարցում ոչ պակաս դեր էր կատարում ռուսների կողմից թրքահպատակ քրիստոնյա ժողովուրդների հովանավորումը։ 1765 — 1766 թթ. Վրաստանում, բռնկված ապստամբությունների ժամանակ վրացիներն անվերջ դիմում էին Ռուսաստանի օգնությանը։ Վրաստա-

_____________________________

147 Նույն տեղում, էջ 149—150։
* Գանձակի խանի հարկի հետ միասին, անգլիական աղբյուրների համաձայն, այդ հարկը տարեկան կազմում էր 7000 ֆունտ ստերլինգ (տե՛ս „ Merroir of a map of the countries comprehended between the Black sea and Caspian With an account of the Caucasian Nations and vocabularies of their languages", London, 1788, p. 50):

[էջ 232]

նում բռնկված ապստամբությունները, գրում է Յոզ, Համմերը, «...հանդիսացան Բարձրագույն դռան ու Ռուսաստանի միջև պատերազմի ծագման գլխավոր պատճառներից մեկը,»148։

Թուրքերի դեմ ապստամբությունները հիմնականում ծավալվել էին Իմերեթիայում՝ աչուքբաշիների երկրում։ Ապստամբության գլխավոր պատճառը թուրքերի կողմից Իմերեթիայից գանձվող տարեկան հարկի չափի խիստ ավելացումն էր։ Մայրաքաղաքից ստացած հրահանգների համաձայն Ախալցխայի փաշաներն ասպատակում էին վրաց հողը՝ արյուն ու ավեր սփռելով շրջապատում149։ 1768 թ. Իմերեթիայի թագավոր Սոլոմոնը հատուկ պատվիրակություն ուղարկեց Եկատերինա 2-րդի մոտ՝ կայսրուհուց խնդրելով «իրենց ազատել այլադավան օսմանցիներից և տարածել Ձեր ամենազոր ձեռքը մեր երկրի ու մեր ժողովրդի վրա։ Դեռևս 1762 թ. նույնպիսի խնդրով Եկատերինա 2-րդին դիմել էին չեռնոգորցիները։ Հույները իրենց հերթին կայսրուհուն հավաստիացնում էին, որ պատերազմի դեպքում սուլթանի դեմ 50 հազարանոց բանակ կհանեն։

Ստեղծված իրավիճակից ձգտում էին օգտվել նաև հայերը։ Ռուս-թուրքական պատերազմը և Կովկասում ռազմաճակատ բացելու հեռանկարը ոգեշնչում էին Ռուսաստանում ապրող հայրենասեր հայերին, որոնք վաղուց ի վեր երազում էին ռուսական զենքի օգնությամբ իրենց հայրենիքը փրկված տեսնել։ 1768 թ. պատերազմի ընթացքում նրանք ռուսական արտաքին գործերի կոլեգիային ներկայացրին մի ծրագիր, որով նախատեսվում էր հայկական մարզերի ազատագրումը և Ռուսաստանի հովանավորության ներքո հայկական պետության ստեղծումը150։

Չնայած եվրոպական պետությունների գործադրած բոլոր մեքենայություններին, այդ պատերազմում Ռուսաստանը հաղթող դուրս եկավ։ Պատերազմի ժամանակ ոչ միայն Ռուսաստանի ավանդական հակառակորդներ Անգլիան և Ֆրանսիան, այլև Ավստրիան հանդես եկան թուրքերի թիկունքում։ Վերջինս նույնիսկ 1771 թ. Կ. Պոլսում թուրքերի հետ կնքեց գաղտնի համաձայնագիր, համաձայն որի ավստրիացիները պարտավորվում էին անել ամեն ինչ Ռուսաստանի տարածքային նվաճումները ի չիք դարձնելու համար։ Դրա փոխարեն Թուրքիան, բացի դրամական մեծ գումարից, Ավստրիային էր հանձնելու

_____________________________

148 J. Hammer, XVI, էջ 108,
149 Նույն տեղում, էջ 108—112։
150 А. Р. Иоаннисян, Россия и армянское освободительное движение в 80-х годах XVIII столетия; Ереван, 1947, Էջ 266։

[էջ 233]

Վալախիայի և Տրանսիլվանիայի մի մասը151։ Սակայն այդ բոլորը չունեցան և ոչ մի արդյունք։ Ռուսական սվինը և պատերազմի ընթացքում բալկանյան քրիստոնյա ժողովուրդների բարձրացրած ապստամբությունները Թուրքիային ստիպեցին Ռուսաստանից հաշտություն խնդրել։

Որ Բալկանյան ժողովուրդների համակրանքը պատերազմի ընթացքում ռուսների կողմն էր, վկայում է XVIII դարի թուրք պատմագիր Վասըֆը։ Մոլդավիայի իշխան Լիգորն անցել էր թշնամու կողմը և ձերբակալվել ու գլխատվել էր։ «Մոլդավիայի հույն բոյարներն ամբողջությամբ նվիրված էին Ռուսաստանին», «Մեծ վեզիրը հրամաններ էր արձակում Մոլդավիայի նոր իշխանին՝ խստագույնս պատժել այն հպատակներին, որոնք համակրում են ռուսներին»։ 1770 թ. ձմռանը Մոլդավիայում և Վալախիայում «հազիվ սկսել էին մարտերը, երբ տեղում գտնվող (քրիստոնյա) հպատակներն ապստամբեցին թուրքերի դեմ ու սպանեցին խազնեդարին (ֆինանսական կառավարիչին) և մուսուլման այլ պետական գործիչների», «Գալացի իշխանը ռուսների առաջ բաց էր արել Վալախիայի դռները»152 և այլն։ Վասըֆի տարեգրությունը լի է այսպիսի վկայություններով։

Հետաքրքիր է նշել, որ այդ նույն պատմագիրը ռուսներից թուրքերի պարտությունը բացատրում է աստուծո զայրույթով, քանի որ նրանք պատերազմի ընթացքում ամենուր գործադրել էին բռնություններ, սպանություններ և զբաղվել թալանով ու կողոպուտով։ «Դա մի պատիժ էր,— գրում է նա,— որ նախախնամությունը վերապահել էր իսլամական զորքերին այն խժդժությունների ու ավազակությունների համար, որ նրանք կատարել էին իրենց անցած բոլոր նահանգներում»153։ Մի այլ տեղ նույն պատմագրի մոտ կարդում ենք. «Այն ավազակությունները, որ նրանք (թուրքերը—Մ. Զ.) կատարել էին ամենուր՝ ամեն տեսակի խժդժություններ ու այլ հանցագործություններ, իր վրա էր սևեռել բարձրյալն Աստուծո զայրույթը, որն ուզեց նրանց գլխին պայթեցնել իր պատիժն ու ընտրեց անհավատներին, որպես գործիք154։

_____________________________

151 Dmitri Boukharov. La Russie et la Turquie depuis le commencement de leurs relations politiques jusqu'a nos jours, Amsterdam, 1877, էջ 19։
152 Précis historique de la guerre des Turcs contre les Russes par Vassif-effendi", Traduit par P. A. Caussin de Perceval, Paris, 1820, Էջ 28-29, 31-35, 66— 68 և այլն։
153 Նույն տեղում, էջ 59։
154 Նույն տեղում, էջ 109։

[էջ 234]

Թուրքերի դեմ անվերջ ապստամբությունների մեջ էր Վրաստանը, որի նկարագրությանն այդքան ընդարձակ էջեր է նվիրել նույն ինքը՝ Վասըֆը։

1774 թ. հուլիսի 21-ին՝ 1711 թ. Պրուտյան հաշտության պայմանագրի ստորագրման 63-րդ տարեդարձի օրը (այդ քայլով ռուսական դիվանագիտությունն ուզում էր վրեժ լուծել թուրքերից Պետրոս 1-ինի կրած պարտության համար), ստորագրվեց Քյուչյուկ Կայնարջիի պայմանագիրը, բաղկացած 28 հոդվածներից։ Համաձայն այդ պայմանագրի, Թուրքիան պարտավորվում էր չորսուկես միլիոն ռուբլի ռազմատուգանք վճարել Ռուսաստանին։ Վերջապես՝ Ռուսաստանը իրավունք էր ձեռք բերում իր առևտրական նավերի համար ազատ երթևեկություն ունենալ Թուրքիայի առափնյա ջրերում և անցնել նեղուցներով։ Պայմանագիրը Ռուսաստանի հպատակներին տալիս էր այն նույն կապիտուլյացիոն իրավունքները, ինչպիսիք ունեին Անգլիայի և Ֆրանսիայի հպատակները։ Պայմանագրի ամենակարևոր կետերից մեկն այն էր, որ Ռուսաստանն իրավունք էր ձեռք բերում հյուպատոսություններ բացել Օսմանյան կայսրության ցանկացած քաղաքում (սրա հիման վրա առաջին անգամ լինելով Արևմտյան Հայաստանի մի քանի կենտրոններում բացվեցին ռուսական հյուպատոսարաններ)։ 7-րդ և 16-րդ հոդվածներով Թուրքիան պարտավորվում էր ներում շնորհել բոլոր քրիստոնյա հպատակներին, որոնք պատերազմի ժամանակ կամ համագործակցել և կամ համակրել էին ռուսներին։ Ռուսաստանի և Թուրքիայի միջև նախկինում կնքված բոլոր դիվանագիտական պայմանագրերը, բացառությամբ 1700 թ. կնքվածի, չեղյալ էին համարվում։ Հետ այսու, Քյուչյուք Կայնարջիի պայմանագիրը հիմք էր ծառայելու երկու պետությունների ապագա ամեն տեսակի հարաբերությունների համար և այլն155։

Յուզեֆ Համմերը հետևյալ գնահատականն է տալիս Քյուչյուք Կայնարջիի պայմանագրին։ «Եթե Կարլովիցի պայմանագիրը վերջ էր տվել բացառապես նվաճողներ հանդիսացող թուրքերի ասպատակություններին,— ապա Կայնարջիի պայմանագիրը հռչակելով (Ղրրմի) թաթարների անկախությունը ու սահմանային ամրոցներ հանդիսացող Օչակովի և Կիլբուրունի, Կերչի և Ենիկալեյի հանձնումը Ռուսաստանին, Օսմանյան կայսրությանը թողեց այս հզոր պետության ողորմածությանը։ Այս հաշտությունը, կրկնում ենք, պատճառ հանդիսացավ Թուրքիայի

_____________________________

155 Այս մասին տե՛ս A. Shopoff. Les réformes et la protection des Chrétiens en Turquie (1673-1904), Paris, 1904, էջ 3—11:

[էջ 235]

գլխին պայթած բազմաթիվ աղետների ու սկիզբն այս կայսրության ապագա կործանման, համենայն դեպս Եվրոպայում»156։

Հիրավի, Քյուչյուք Կայնարջիի հաշտության պայմանագիրը շրջադարձային կետ հանդիսացավ ռուս-թուրքական հարաբերությունների մեջ։ 1768 —1774 թթ. ռուս-թուրքական պատերազմը ցույց տվեց, որ Ռուսաստանն ընդունակ է միայնակ Թուրքիային հասցնել մահացու հարվածներ, և որ Ռուսաստանը միակ երկիրն է, որի վրա իրենց երկրի ազատագրման խնդրում կարող են հույս դնել Թուրքիայի կողմից ստրկացված քրիստոնյա ժողովուրդները, որոնց թվում հայերը։ Այս տեսակետից ուշագրավ է այն զեկուցագիրը, որ Կ. Պոլսի ավստրիական դեսպանն ուղարկել էր իր կառավարությանը. «Ամենաուշագրավն այս պարագաներում այն է, որ Արևելքի կայսրության անձեռնմխելիությունն այլևս կախված չի լինելու մյուս պետությունների բարի ցանկությունից, այլ միայն և միայն Ռուսաստանի կամքից»157։

Պատերազմի տարիներին արևմտահայ գավառներն առավել, քան առաջ էր, տուժում են լեվենդ ավազակախմբերի ասպատակություններից, Հարավային Հայաստանում քրդերի մեջ հաճախակի ծագած միջավատական ընդհարումներից, քուրդ ավատատերերի հակակառավարական ելույթներից։ «ՈՄԻ (1771) ոչ եղև խաղաղութիւն յամենայն տեղիս,— կարդում ենք Հակոբ Տիվրիկեցու մոտ,— վասն պատերազմի թագաւորաց, զի հրաման թագաւորին սաստիկ էր ոլորտս տիեզերաց։ Եւ բազում զօրք կայր ի վերայ երկրի և լէվէնտ թշնամի հակառակ մեր քաղաքին և զապիթն ժողովեալ զամենայն գունդս գնացին պատերազմեցան ի դուրս քաղաքէն, բերեալ սակաւ գլուխ և մարդ, զմարդսն կախեալ, և այլազգիքն որ ոչ երթային սեֆեր (իմա պատերազմ — Մ. Զ.), վասն լեվենտնուն համար և թշնամիքն օր ըստ օրէ շատանային»158։ Այսպիսի իրավիճակ գոյություն ուներ ոչ միայն Դեվրիկի շրջակայքում, այլև արևմտահայ բոլոր գավառներում։

Սուլթան Աբդուլ Համիդ 1-ինի ժամանակ Արևմտյան Հայաստանի հարավային քրդաբնակ դարձած շրջաններում բռնկվեց մի մեծ ապստամբություն, որը ղեկավարում էր իրեն «Մահդի» (Մեսիա, առաքյալ— Մ. Զ.) հորջորջած նախկինում իտալացի կաթոլիկ մի կրոնավոր։ Նա իր առաջ նպատակ էր դրել զավթել ամբողջ Փոքր Ասիան159։ 1785 թ. նա քրդական զորքերի գլուխ անցած գրավում է Արևմտյան Հայաստա-

_____________________________

156 J. Hammer, XVI, էջ 399-400:
157 Dmitri Boukharov, էջ 37։
158 «Մանր ժամանակագրություններ», հ. 2, էջ 450։
159 Jonquiére, Histoire de l'empire ottoman, t. 1, Paris, 1914, էջ 317-318։

[էջ 236]

նի մի մասը, ներառյալ Կարինը (Էրզրումը)։ Ընդունելով Մանսուր («Հաղթական») անունը, նա արշավանք է ձեռնարկում Սեբաստիայի, Թոխատի և Զմյուռնիայի վրա։ Կառավարությանը մեծ դժվարությամբ հաջողվում է ճնշել ապստամբությունը160։

***

Նադիր շահի մահից հետո Իրանում ծայր առած գահակալական կռիվները շարունակվեցին ընդհուպ մինչև XVIII դարի 70-ական թվականների կեսերը։ Տարբեր խմբավորումների միջև տեղի ունեցած ռազմական ընդհարումներից չարաչար տուժում էր արևելահայ հատվածը և, մասնավորապես, ջուղահայությունը։ Հաճախ իրենց ռազմական կարիքներն ապահովելու համար Իրանի բռնակալները դիմում էին ջուղահայերի բացահայտ կողոպտմանը։ Դեռևս 1753 թ. մեզ ծանոթ Ալի Մերդեն խանը «Հարկս ծանունս ի վերայ ջուղայեցւոց, և տառապեցոյց զնոսա յոյժ, նախ էառ զնոցանէ զերիս հազար թումանս, և ապա յաւէլ պահանջել այլ ինչ բազում, և մատնեաց զբազումս ի նոցանէ ի գանս և ի տանջանս սաստիկ»161։

Ալի Մերդեն խանի հետ հաշվեհարդար է տեսնում քրդական զենդ ցեղին պատկանող Քերիմ խանը, որը նպատակ ունենալով վերականգնել Իրանի երբեմնի մեծ ծավալի արտաքին առևտուրը, հովանավորում է ջուղահայերին, որոնք ևս մի անգամ չարաչար տուժել էին աֆղանների առաջնորդ Ազատ խանի ավազակներից։ «Իսկ Ազատ խան յետ վանելոյ զՔերիմ խան՝ և յետ տիրելոյ բազում տեղեաց՝ գնաց յԱսպահան և կացեալ անդ աւուրս ինչ՝ ձեռն էարկ չարչարել զջուղայեցիս՝ առնուլ ի նոցանէ գանձս, և զի ոչ եգիտ ինչ առ նոսա, կողոպտեաց զեկեղեցիս ջուղայու, և ապա ձեռն էարկ վերստին ի մեծամեծս և յաղքատս, և մատնեաց զնոսա ի գանս և ի տանջանս տալ տուրս ծանունս և անտանելիս, և սնանկացոյց զամէնսին»162, կարդում ենք Մ. Ջամչյանի մոտ։ Շուտով Ազատ խանը պարտություն է կրում, փախչում օսմանցիների երկիրը, սակայն Բաղեշում ձերբակալվում է Հերակլ թագավորի կողմից, որը և նրան հանձնում է Քերիմ խանին163։

Այսպիսով Իրանում երկարատև և գահակալական կռիվներին ժամանակավորապես վերջ է տրվում և Քերիմը Իրանի տիրակալ է հռչակվում ու ստանում վեքիլ, այսինքն փոխարքա անունը։

_____________________________

160 Նույն տեղում։
161 Մ. Չամչյան, հ, Գ, էջ 856։
162 Նույն տեղում, էջ 857։
163 Նույն տեղում, էջ 858—859։

[էջ 237]

Նկատի ունենալով Իրանի արտաքին առևտրի ծավալման համար Բասրա նավահանգստի մեծ նշանակությունը, 1776 թ. Զենդ Քերիմը պատերազմ է հայտարարում Թուրքիային ու զավթում Բասրան։ Այդ նույն թվականի մարտին իրանական տիրակալի 40 հազարանոց բանակն ասպատակում է Արևմտյան Հայաստանի գավառները164։

1778 թ., երբ դեռ շարունակվում էր պատերազմն Իրանի և Թուրքիայի միջև, Քերիմ խանի և Ռուսաստանի միջև կնքվում է հատուկ հա¬մաձայնություն։ Քերիմ խանը պարտավորվում էր ռուս-թուրքական պատերազմի դեպքում օգնել Ռուսաստանին։ Իրանա-ռուսական այս ծրագիրը, սակայն, չիրագործվեց։ Զենդ Քերիմ ի մահից հետո Իրանի ղեկավար շրջանները 1779 թ. Բասրան հանձնեցին Թուրքիային և նրա հետ հաշտության պայմանագիր կնքեցին։

***

Ինչպես ասվեց, 1768—1774 թթ. պատերազմի ժամանակ Ռուսաստանը հուժկու հարված հասցրեց Թուրքիային։ Թե ինչպես ընկալեցին թուրք ղեկավար շրջանները այս պարտությունը և թե ինչպիսի արձագանքներ ունեցավ ռուսական զենքի այդ հաջողությունը Եվրոպայում, երևում է երկար տարիներ Թուրքիայում ապրած Ջեյմս Պորտերի «Դատողություններ Օսմանյան պետության ներկա ճգնաժամային վիճակի մասին» արժեքավոր աշխատությունից165։ «Ով կարող էր պատկերացնել, որ քրիստոնեության համար այդքան սարսափելի և այդքան ճակատագրական օսմանյան պետությունն այնքան հեշտությամբ ու այդքան կարճ ժամանակամիջոցում կանգնած կլինի անդունդի եզրին, որին ականատես է լինում զարմացած Եվրոպան»166, գրում է անգլիացի հեղինակը։ Պատմության մեջ և ոչ մի ժամանակ Թուրքիան այս աստիճան ստորացված ու նրանց մոլեռանդությունը այդքան վիրավոր ված չէր, շարունակում էր նա։ Չնայած այդ բոլորին, հետպատերազմյան տարիներին Թուրքիայի ռեակցիոն ղեկավար շրջանները համոզված էին, որ իրենց կրած պարտությունը ժամանակավոր է, և որ «իրենք ընտրյալ ժողովուրդ են, որ բարձրյալն Աստուծո հրամանով այդ բարեպաշտ ու սուրբ ազգին վերապահված է նվաճել ամբողջ աշխարհը, և որ իրենց պետության հարատևությունն ու ապահովությունը երբեք էլ պարտական չի եղել անհավատների (գյավուրների) օգնական

_____________________________

164 Մ. Կ. Զուլալյան, Արևմտյան Հայաստանը XVI—XVIII դդ., էջ 126։
165 (James Porter). Réfléxions sur l'état critique actuel de la puissance ottomane":
166 Նույն տեղում, էջ 3։

[էջ 238]

բազուկներին, հետևաբար անհնարին է, որ նա կործանվի, եթե նույնիսկ Եվրոպայի բոլոր արքաներն ու արքայիկները (այսպիսի արհամարհանքով են նրանք անվանում քրիստոնյա պետություններին) միացյալ ուժերով ու միահամուռ հանդես գային իրենց դեմ»167։

Նրանք համոզված էին նաև, որ օսմանյան պետությունը երբեք չի կործանվի, «քանզի, ինչպես արևին ժամանակավորապես ամպերը կարող են մթագնել և որ այդ ամպերի ցրվելուց հետո արևը կլինի ավելի վառ, քան երբեք»168, այնպես էլ Օսմանյան կայսրությունը շուտով վրեժ է լուծելու Ռուսաստանից։

Չնայած անգլիացի հեղինակը Ռուսաստանի նկատմամբ տածում է անբարյացակամություն, այսուհանդերձ, ստիպված է ընդունել, որ «Օսմանյան կայսրությունն իր գոյության համար պարտական է մի քանի քրիստոնյա պետությունների»169, և նախ և առաջ, անշուշտ, Անգլիային ու Ֆրանսիային։ Եվ այդ էր պատճառը, որ Թուրքիան պատերազմից հետո չէր ցանկանում իրականացնել Քյուչյուք Կայնարջիի պայմանագրից բխող կետերը, նամանավանդ հաշտվել Ղրիմի կորստի գաղափարի հետ։ Միայն միջազգային անբարենպաստ պայմանները (Անգլիան և Ֆրանսիան իրար դեմ պատերազմում էին Հյուսիսային Ամերիկայում, Իրանը պատերազմ էր հայտարարել Թուրքիային՝ Բասրան նվաճելու համար և այլն), ստիպեցին թուրքերին 1779 թ. մարտի 21-ին Ռուսաստանի հետ կնքել այսպես կոչված Այնալը Կավակի կոնվենցիան և հանձն առնելու անհապաղ կյանքում իրականացնելու Քյուչյուք-Կայնարջիի պայմանագրից բխող բոլոր կետերը։ Ավելին, 1783 թ. թուրքական կառավարությունը Կ. Պոլսում ռուսական դեսպան Դ. Բուլգակովի հետ ստորագրեց առևտրական մի համաձայնագիր՝ Ռուսաստանին տրամադրելով նորանոր առևտրական արտոնություններ170։

1783 թ. հուլիսի 24- ին Հյուսիսային Կովկասի Գեորգիևսկ ամրոցում Ռուսաստանի և Վրաստանի միջև կնքվեց համաձայնագիր դաշինքի ու հովանավորության մասին։ «Գեորգիևյան տրակտատը,— գրում է Գ. Ա. Գալոյանը,— հանդիսացավ կարևոր իրադարձություն ոչ միայն վրաց, այլև Անդրկովկասի մյուս ժողովուրդների կյանքում։ Այդ իմաստուն արարքով Հերակլ 1-ինը սկզբնավորեց Ռուսաստանի հովանավորության ամուր հիմքը և դրանով իսկ ապահովեց Վրաստանի անվտանգությունը Թուրքիայից և Պարսկաստանից»171։

_____________________________

167 Նույն տեղում, էջ 5։
168 Նույն տեղում, էշ 9։
169 Նույն տեղում, էջ 10։
170 Նույն տեղում, էջ 37։
171 Г. А. Галоян, Россия и народы Закавказья, Ереван, 1976, էջ 103։

[էջ 239]

Պատմական այս ակտը մեծ ոգևորություն առաջացրեց հայ հասարակության բոլոր խավերի մոտ։ Մասնավորապես Ղարաբաղի հայ մելիքները եռանդուն բանակցությունների մեջ մտան ռուսական արքունիքի ներկայացուցիչների հետ՝ ռուսական բանակի դեպի Ղարաբաղ և Երևան ծրագրվող արշավանքի ժամանակ համատեղ գործողություններ ծավալելու մասին172։

Երևանի խանության հայությունը 1779 —1782 թվականների ընթացքում ծանր, մղձավանջային օրեր էր ապրել։ 1779 թ, սեպտեմբերին Երևանի Հյուսեյն — Ալի խանի կողմից տարեկան հարկը չվճարելու պատճառով Հերակլը արշավանք էր կազմակերպել դեպի Երևան։ Վրացական զորքերի հետ քաշվելուց հետո Երևանի խանը հայ բնակչության անխտիր բոլոր ներկայացուցիչների նկատմամբ վարել էր դաժան հալածական քաղաքականություն։ Հետևաբար, ռուսական բանակի ծրագրվող արշավանքի մասին լուրը Երևանի հայության կողմից ընդունվեց մեծ ցնծությամբ։ Այդ մասին գեներալ Գ. Ա. Պոտյոմկինը Եկատերինա 2-րդին հղած զեկուցագրում հայտնում է հետևյալը. «Երևանից ժամանած հավատարմատարը հայտնում է, որ հայերը սպասում են ռուսական զորքերին և որ նրանք պատրաստ են միանալու նրանց։ Հայոց կաթողիկոսը (Ղուկասը) և երևելի մելիքներն իրենց նամակում ռուսական զորքերին խոստանում են ամեն տեսակի պարենամթերք»173։ 1784 թ. գարնանը պարսկական արշավանքի նախապատրաստությունը լայն ծավալ ընդունեց, սակայն հենց այս նույն ժամանակ Իրանում տեղի ունեցան դեպքեր, որը ռուսական արտաքին քաղաքականությանը ստիպեց շտկումներ մտցնել պարսկական արշավանքի ծրագրերի մեջ։

Զենդ Քերիմի մահից հետո Իրանում նորից ծայր առած գահակալական կռիվներն ուժեղացրին Ալի Մուրադ խանի դիրքերը, որը գրավելով Սպահանը, տեր դարձավ Իրանի մեծագույն մասին։ Իրեն շահ հայտարարելով, Ալի Մուրադ խանը համոզված էր, որ իր քաղաքական դիրքերն Իրանում կարող են ամրապնդվել միայն Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերություններ հաստատելով։ Այդ բարեկամությունը կարող էր Իրանին պաշտպանել Թուրքիայի ոտնձգություններից, որը Անդրկովկասի ու Ադրբեջանի թյուրքախոս խաներին բացահայտորեն պաշտպանում էր Իրանի դեմ և ձգտում էր անդամահատել երկիրը։ Ալի-Մուրադ խանը Ռուսաստանի հետ մոտիկանալու նպատա-

_____________________________

172 Այդ մասին մանրամասն տե´ս А. Р. Иоаннисян, Россия и армяское освободительное движение .. էջ 81—117:
173 Նույն տեղում, էջ 130—131։

[էջ 240]

կով առաջարկում էր Ռուսաստանին հանձնել ոչ միայն Պետրոս 1-ինի ժամանակ գրավված Մերձկասպյան առափնյա շրջանները՝ Դերբենդը, Բաքուն, Գիլանի, Մազանդարանի ու Աստրաբադի նահանգները, այլև Կարադաղի, Ղարաբաղի, Նախիջևանի և Երևանի խանությունները։

Ռուսական կողմի համար խիստ շահավետ էր առանց ռազմական գործողություններ ծավալելու տիրանալ Անդրկովկասին և Մերձկասպյան նահանգներին։ Մյուս կողմից, Իրանը դադարելով թշնամի երկիր լինելուց, դառնալու էր Թուրքիայի դեմ Ռուսաստանի դաշնակիցը։ Ուստի, որոշվեց պարսկական արշավանքը հետաձգել մինչև Ալի-Մուրադ խանի հետ բանակցությունների ավարտը։

Բանակցությունների ժամանակ առաջ էր քաշվում հետևյալ ծրագիրը. Իմերեթիան և Արևմտյան Վրաստանի մյուս իշխանությունները պետք է անցնեին ռուսական հովանավորության ներքո։ Ախալցխայի մարզը պետք է հանձնվեր Հերակլին, «իսկ թուրքական Հայաստանը պիտի միացվեր իր կորպուսին, այսինքն՝ հայկական պետականությանը, որը պիտի կազմվեր պարսկական նախկին նահանգներից։ Հետևաբար, վերջին հաշվով նախատեսված էր ստեղծել ընդարձակ հայկական պետականություն, որը պիտի ընդգրկեր հին հայկական բոլոր հողերը»174։

Ռուս-իրանական այս բանակցությունների լուրն անհանգստացրեց Անգլիային ու Ֆրանսիային, որոնք սկսեցին դավեր լարել Ռուսաստանի դեմ։ Քյուչյուք-Կայնարջիի պայմանագիրը, ավստրո-ռուսական դաշինքի կնքումը, Ղրիմի միացումը Ռուսաստանին, ռուսական կողմի ծրագրերը Անդրկովկասում մեծ հարված էին հասցնում Ֆրանսիայի փաստական դաշնակից Թուրքիային։ Այդ հանգամանքը վտանգի տակ էին դնում Ֆրանսիայի առևտուրը ոչ միայն Թուրքիայում, այլև Իրանում։ Անդրկովկասի խանությունների միացումը Ռուսաստանին և Իրանի ռուսական ազդեցության ոլորտի տակ ընկնելը հակասում էին Ֆրանսիայի ոչ միայն առևտրական, այլև քաղաքական շահերին։ Ուստի Ֆրանսիան 1784 թ. մարտին կոմս Ֆերրիեր Սովբեֆի գլխավորությամբ Իրան ուղարկեց հատուկ քաղաքական պատվիրակություն, որը հետագայում հրատարակեց իր երկու հատորանոց հուշամատյանը։ Դրանում նա կանգ է առնում իր ժամանման նախօրեին Իրանում ստեղծված քաղաքական վիճակի վրա։ Նրա ասելով Ալի-Մուրադ խանը բանակցություններ սկսելով Ռուսաստանի հետ, խիստ թշնամաբար էր տրամադրված Թուրքիայի նկատմամբ։ «Ես Պարսկաստանում էի գտնվում այն ժամանակ,— գրում է նա, երբ Եկատերինա 2-րդը բանակցություն-

_____________________________

174 А. Р. Иоаннисян, էջ 130—131:

[էջ 241]

ներ էր վարում Վրաստանի սահմանակից պարսիկ իշխանությունների ներկայացուցիչների հետ, որոնք ստացան արժեքավոր նվերներ։ Ռուսաստանի մի պատվիրակ այս ժամանակ եկավ Սպահան՝ բանակցություններ վարելու իր տիրակալի ծրագրերին համամիտ Ալի-Մուրադ խանի հետ։ Զենքի ուժով Պարսկաստանի մեծ մասին տիրացած ու մնացած մասի կողմից հարգված այս իշխանը որոշեց առանց վարանելու անհանգստացնել թուրքերին։ Հին պատրվակներով նա սպառնաց Բաղդադին և Շիրազի խանին ու հրամայեց հարձակվել Բասրայի վրա»175։

Ֆերրիեր-Սովբեֆի առաքելությունն ուղղված էր, ինչպես ասվեց, Ռուսաստանի դեմ։ Դա ակնհայտ է դառնում Ֆրանսիայի արտաքին գործերի մինիստր Վերժենին ուղարկված զեկուցագրից, որից պարզվում է, որ նա Իրանի ղեկավար շրջաններին զգուշացրել է «...խուսափել Ռուսաստանի և Գերմանիայի հետ բանակցություններից և հակադրվել նրանց փառասիրական նկրտումներին »176։ Իր զեկուցագրի վերջում Ֆերրիեր-Սովբեֆը խնդրում է արտգործմինիստրությունից իրեն ուղարկել դրամական միջոցներ ու դրանց միջոցով իր կողմը գրավել Ալի-Մուրադ խանին։

Այդ բոլորն ունենում է իր հետևանքը։ Եթե հավատալու լինենք ֆրանսիացի հեղինակին, ապա շուտով «Ալի-Մուրադ խանը գտնելով, որ նպատակահարմար չէ դաշնակցել ռուսների հետ ի վնաս թուրքերի, ազատ արձակեց իրեն Մեծ Տիրակալի (սուլթանի) նամակը բերած (թուրք) պատվիրակին։ Հարուստ նվերներով նա նրան ճամփու դրեց, մոռացնել տալու համար իր կրած տհաճությունը և Նորին Մեծությանն իր նոր ծրագրերի մասին պատասխանեց աներկմտորեն»177։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ Իրանի տիրակալի վարած բանակցություններին, ապա համաձայն ֆրանսիացի հեղինակի, Ալի-Մուրադ խանը «Պետերբուրգ ուղարկեց երկու խաների, որպես պատասխան կայսրուհու նախաձեռնության, սակայն գաղտնի հրահանգներով նա հրաժարվեց անխոհեմաբար (Ռուսաստանին) տված իր խոստումներից ... քիչ մտահոգվելով այն հովանավորությունից, որ վերջերս ձեռք էր բերել Հերակլ իշխանը, նա դիմեց սովորական միջոցների՝ նրանից գանձելու երեք տարվա տուրքը, որ նա չէր վերցրել երեք տարի ի վեր, նրան ուղարկելով խլաթ»178։

_____________________________

175 Mémoires historiques, politiques et géographiques des voyages du comte de Ferrieres-Sauvebeuf, falts en Turquie, en Perse et en Arabie, depuis 1782, usqu'en 1789, Paris, t. I, p. 202 (Այսուհետև՝ Ferriéres-Sauvebeuf).
176 Նույն տեղում, էջ 133։
177 Նույն տեղում, էջ 203։
178 Նու֊յն տեղում, էջ 204։

[էջ 242]

Մյուս կողմից, «Դերբենդի կառավարիչ Բաբա-ֆաթհ-Ալի խանը Ալի Մուրադ խանից հրաման ստացավ խզել ռուսների հետ ամեն տեսակի կապերը»։ Այս բոլորը հիմք են տալիս ասելու, որ ռուս- իրանական բանակցություններն ի վերջո ձախողվեցին։

Շուտով Ալի-Մուրադ խանը մահանում է. Եվ դա այն ժամանակ, երբ Իրանում գործերը նրա համար վատ ընթացք էին ստացել։ Նրա որդու գլխավորած բանակը ծանր պարտություն է կրում Աղա Մուհամմեդ խանից։ Նրա մահից հետո իշխանությունն իր ձեռքը վերցրած որդին ևս մի անգամ պարտություն է կրում Աստրաբադի ներքինի կառավարիչ Աղա Մուհամմեդ խանից, որը վաղուց որդեգրել էր հակառուսական քաղաքականություն։ Շուտով Վրաստանը զոհ է դառնում այս դաժան բռնակալի արշավանքին։ Եվ այսպես, XVIII դարի 80-ական թվակաների արևելահայ ղեկավար շրջանների փայփայած երազանքները ևս մի անգամ չեն գտնում իրենց տրամաբանական վախճանը։

***

Գեորգիևյան դաշնագրի կնքումը և ռուսական զորքերի մուտքը Վրաստան Թուրքիան դիտում էր որպես սպառնալիք իր փոքրասիական արևելյան նահանգներին։ Ուստի նա արեց ամեն ինչ, որպեսզի Անդրկովկասում իսլամի դրոշի ներքո, իրանական խաների գլխավորությամբ ստեղծվի հակառուսական և հակավրացական դաշինք։ Այս առումով եռանդուն գործունեություն ծավալեց Չլդըրի կառավարիչ Սուլեյման փաշան, որին կառավարության կողմից հրաման տրվեց «լինել աչալուրջ և կրոնամոլությամբ, քաջությամբ ու խիզախությամբ հայտնի Դաղստանի ժողովուրդներին ամեն կերպ սիրաշահել, նրանց առաջնորդներին հանձնել մայրաքաղաքից ուղարկված նվերներն ու կայսերական շնորհագրերը նրանց կոչ անելով ջիհադի (սրբազան պատերազմի)»179 ընդդեմ Ռուսաստանի։

Այնալի Կավակի կոնվենցիայի ստորագրումից հետո սուլթանական պալատում Ռուսաստանի հանդեպ ատելությունը գնալով ավելի ու ավելի էր աճում։ Ռազմատենչ հակառուսական հոսանքը գլխավորում էր մեծ վեզիր Կոջա Յուսուֆ փաշան։ Անգլիան և Ֆրանսիան ամեն կերպ հովանավորում ու ոգեշնչում էին պատերազմի հրձիգներին։ «Ֆրանսիան,— գրում է Ֆերբիեր-Սովբեֆը,—Լեվանտում իր առևտրի շահերի և հավասարակշռությունը պահպանելու համար ընդդիմանում էր Ռուսաստանի հզորացմանը և նկատի ունենալով այն աղետալի հետևանք-

_____________________________

179 ,,Tarih-i Cevdet", II, էջ 149։

[էջ 243]

ները (անշուշտ Ֆրանսիայի համար—Մ. Զ.), որ կարող էր պատճառել թուրքերի տգիտությունը, ուղարկեց (ռազմական) ինժեներներ՝ Սև ծովում պաշտպանական ամրոցներ կառուցելը սովորեցնելու համար»180։ Կ. Պոլիս ուղարկվեցին նաև մաթեմատիկայի ու ֆիզիկայի մասնագետներ181։ Սակայն պալատի ռեակցիոն ներկայացուցիչների մի մասը հակադրվում էր դրան, ասելով, որ իրենք ոչինչ չունեն սովորելու գյավուրներից (անհավատներից)182։

Թուրքական ղեկավար շրջաններն առանձնապես ծանր ընկալեցին Ղրիմի վերջնական կորուստը։ Արդեն 1785 թ., ինչպես գրում է Ֆերբիեր-Սովբեֆը, Թուրքիայի մայրաքաղաքում մթնոլորտն այն աստիճան շիկացած էր, որ օրավուր սպասվում էր պատերազմի ծագումը183։ Իսկ եթե Թուրքիան մի երկու տարի հետաձգեց ընդհարումը ռուսների հետ, ապա դա կատարվեց այն պատճառով, որ նրա երկու եվրոպական դաշնակից-հովանավորողները, ինչպես ասվեց, գտնվում էին Հյուսիսային Ամերիկայում պատերազմի մեջ։ «Երկար ժամանակից ի վեր Բարձրագույն դուռն ամբողջովին վստահում էր Ֆրանսիայի դեսպաններին։ Բոլոր պարագաներում և կարևոր որոշումներ ընդունելիս նա Կ. Պոլսում ոչինչ չէր անում առանց նրանց մասնակցության»184։ Սակայն, եթե հավատալու լինենք ֆրանսիացի դիվանագետին, ապա այս անգամ Թուրքիան Ռուսաստանին պատերազմ է հայտարարել առանց նախօրոք իր դիրքը Ֆրանսիայի հետ համաձայնեցնելու185։ Հազիվ թե դա այդպես եղած լիներ։

Այդ պատերազմում Թուրքիան ևս մեկ անգամ պարտություն կրեց։ Եվ, անշուշտ, դա նկատի ունի Ֆերբիեր-Սովբեֆը, երբ գրում է, թե «թուրքերին դատապարտում են այն բանի համար, որ նա փոթորկին անիծելու փոխարեն դա իր վրա ուղղեց»186։

Գլխավոր խնդիր համարելով Ղրիմի վերանվաճումը, թուրքերն իրենց հիմնական ուժերը կենտրոնացրին այստեղ և միաժամանակ Չլդըրի կառավարիչ Սուլեյման փաշային հրաման արձակվեց Անդրկովկասի իրենց դաշնակիցների հետ համատեղ «ջիհադ» սկսել Վրաստանի և Ռուսաստանի դեմ։ Սակայն բոլոր ճակատներում էլ Թուրքիան կրում էր պարտություն պարտության հետևից։ Գեներալ Ա. Մ. Սուվորո-

_____________________________

180 „Mémoires..." I, էջ 44։
181 Ննույն տեղում, էջ 45։
182 Նույն տեղում, էջ 46։
183 Նույն տեղում, էջ 51։
184 Նույն տեղում, էջ 63։
185 Նույն տեղում, էջ 57։
186 Նույն տեղում, էջ 62։

[էջ 244]

վը Ֆոկշանում և, հատկապես, Ռիմնիկ գետի ափին, թուրքերին ծանր հարվածներ հասցրեց։ Մ ոլդավիայում, Վալախիայում և Կովկասում տարած հաղթանակներով ռուսական զորքերն իրենց առաջ բաց արեցին Ռումելիի և Փոքր Ասիայի ճանապարհները, մի հանգամանք, որը Թուրքիայի համար հղի էր ռազմական և քաղաքական ծանր հետևանքներով։ 1789 թ. ֆրանսիական հեղափոխությունը որոշակի ուղղումներ մտցրեց դեպի Ռուսաստանը եվրոպական մի շարք պետությունների տածած քաղաքականության մեջ։ Այսպես, Լոնդոնի և Բեռլինի կաբինետները հակում ցուցաբերեցին վերջ տալու ռուս-թուրքական պատերազմին՝ զիջումներ անելով Ռուսաստանին։

1792 թ. հունվարի 10-ին Յասում Ռուսաստանի և Թուրքիայի միջև ստորագրվեց հաշտության պայմանագիր, որի համաձայն օսմանյան պետությունը ճանաչում էր 1774 թ, Քյուչյուք-Կայնարջիի պայմանագրի բոլոր կետերը։ Կովկասում ռուսական պետության սահմանները հասնում էին մինչև Կուբան գետը։ Թուրքիան հանձն էր առնում հետայսու չմիջամտել Վրաստանի ներքին գործերին։ Բոլոր պայմանները ստեղծվել էին հզոր Ռուսաստանին Վրաստանի միացման համար։ Հերթը Հայաստանինն էր։

1787 —1797 թթ. ռուս- թուրքական պատերազմը ևս ծանր անդրադարձավ արևմտահայ հատվածի համար։ Մեծ վեզիր Կոջա Յուսուֆ փաշան ռազմական կւսրիքներն ապահովելու համար ոչ միայն սուլթանական հատուկ հրամանով ամբողջ երկրին ստիպեց զարդեղենը, ոսկին ու արծաթը հավաքել, այլև համաձայն Պողոս Կաղզվանցու տարեգրության, որպես աննախադեպ երևույթ, մայրաքաղաքի հայերից և հույներից ռազմական ծառայության համար մարդիկ հավաքագրել, քրիստոնյա ու հրեա հպատակներին ենթարկել ծանր հարկատվության. «Արդ՝ յաւուրս թագաւորութեան սուլթան Համիդի և ի թուականութեան հայոց ՌՄԼՉ (1787) յարեաւ պատերազմն Օսմանցւոց ընդ երկուց տէրութեանցն՝ Մօսկովու և Նեմցեի (Ավստրիայի), յորում ժամանակի էր Եպարքոսն Եուսուֆ փաշայն, որ էր այր նախանձախնդիր դէնի իւրեանց, և ըստ մեծի մասին՝ պատճառ պատերազմին, որ ոչ սակաւ բանիւք յորդորեալ զթագաւորն գրգռեաց յայս գործ մեծ, և եբարձ զդեսպանն ռուսաց և արգել ի կալանս ի յեօթն կլայն ըստ նախնի սովորութեան իւրեանց։ Ի վերագրեալ թուականին յօգոստոսի Ե (5)-ին, և թէպետ սկսաւ պատերազմն յորմէ ի տրտմութիւն մեծ պաշարեցաւ բոլոր աշխարհ Օսմանցւոց, այլ և ինքն Եուսուֆ փաշայն անկաւ ի տագնապ տարակուսութեան, յաղագս սակաւութեան զօրաց ուստի և հնարս եգիտ այսպէս՝ նախ՝ առաքեալ կոչեաց զմեծամեծս հայոց, և խնդրեաց ի նոցանէ

[էջ 245]

զհազար այր հզօր ի պատերազմի, յորում յոյժ բազում պաղատելով՝ հազիւ կարացին իջուցանել ի հինգ հարիւրն»187։

***

Ինչպես նշվեց, Ալի-Մուրադ խանի մահից հետո Իրանում սկսված նոր գահակալական կռիվների հետևանքով իշխանությունը զավթում են կաջարները, որոնք ձգտում են իրենց տիրապետությունը նորից հաստատել Անդրկովկասում։ 1795 և 1797 թթ. իրականացրած երկու արշավանքների հետևանքով Աղա Մուհամմեդ խանին (1743 —1797 թթ.) հաջողվում է իրեն ենթարկել Արևելյան Անդրկովկասի մի մասը, ներառյալ նաև Երևանի խանությունը։

Իրանական նոր տիրակալի այդ արշավանքներն ավերիչ հետևանքներ ունեցան Անդրկովկասի ժողովուրդների և, մասնավորապես, հայերի համար։ 1795 թ. արշավանքի նախօրեին Երևանից, Նախիջևանից ու Ղարաբաղից բնակչության հոծ զանգվածներ լքում են իրենց բնակավայրերն ու փախուստ տալիս դեպի Վրաստան։

1795 թ. հունիսի վերջերին՝ 50 հազարանոց բանակով Աղա Մուհամմեդ խանը ներխուժում է Անդրկովկաս։ նա իր եղբայրներ Ալի Կուլի և Ջաֆեր խաներին ուղարկում է պաշարելու Երևանը, իսկ ինքն ուղղություն է. վերցնում դեպի Շուշի։ Իրանական զորքերն ասպատակում են Արարատյան երկիրը և այնտեղ կատարում մեծ ավերածություններ։ Այդ մասին Վարդան Օձնեցու մոտ կարդում ենք հետևյալը. «Իսկ Ալի ղուլի խան սարդար, յետ բազում անգամ յորդորելոյ զխանն Երևանայ գալ ի հնազանդութիւն շահին և ընդդիմանալոյ նորա, զայրացեալ յոյժ, պատերազմեցաւ ընդ բերդականացն Երևանայ յաւուրս ինչ և անդէն սփռեալ զզօրս իւր յԱրարատ գաւառ ասպատակեաց զամենայն երկիրն Գառնոյ առ Հրազդան գետով քանդեալ աւերեաց զշինուածս յանց և հուր աբկեալ այրեաց զամենայն արմտիս երկրիս նոցա, զոր յանժամ հնձեալ դիզեալ էին»188։

Շահը– մեծ ավերածություններ է գործում նաև Ղարաբաղում։ Մեկ ամսից ավել Շուշին համառ դիմադրում է Աղա Մուհամմեդ խանին։ Չկարողանալով գրավել բերդը, Իրանի տիրակալը կարգադրում է ավերել շրջակայքը։ 1795 թ. օգոստոսի վերջերին Երևանն ընկնում է թշնամու ձեռքը։

Ալի Կուլի խանի զորքերը Երևանը գրավելուց հետո մեկնում են Գանձակ, միանում Աղա Մուհամմեդ խանի բանակին ու համատեղ ար-

_____________________________

187 «Դիւան Հայոց պատմութեան», հ. Ժ, էջ 331—334։
188 Մատ., ձեռ. № 4331, էջ 85 ա—85 բ։

[էջ 246]

շավանք կազմակերպում դեպի Վրաստան և նույն թվականի սեպտեմբերի 12-ին գրավում են Թբիլիսին։ Բնակչության մի մասին սրի են անցկացնում, իսկ մյուս մասին՝ գերեվարում։ Ըստ ավանդության զոհվածների մեջ էր նաև մեծ Սայաթ-նովան։

Աղա Մուհամմեդ խանի այս արշավանքից հետո Արևելյան Հայաստանը փաստորեն դուրս եկավ վրաց պետության ազդեցությունից և կրկին դարձավ իրանական պետության սահմանամերձ խանություններից մեկը։

1795 թ. դեկտեմբերին ռուսական երկու հազարանոց մի ջոկատ ժամանում է Թբիլիսի՝ Վրաստանը Աղա Մուհամմեդ խանի նոր ասպատակություններից պաշտպանելու նպատակով։ 1796 թ, ռուսական զորքերը համալրումներ ստանալով՝ Իրանի դեմ Անդրկովկասում ծավալում են ռազմական գործողություններ և ունենում որոշ հաջողություննեք։ 1796 թ. նոյեմբերի 6-ին, սակայն, Եկատերինա 2-րդը մահանում է և նոր կայսր Պավել 1-ինը, որը իր ուշադրությունը սևեռել էր եվրոպական գործերին, ցանկություն չի հայտնում շարունակելու «Պարսկական արշավանքը»։

Անդրկովկասից ռուսական զորքերի հեռանալը երկրամասում ծանր իրավիճակ ստեղծեց։ Օգտվելով ռուսական զորքերի հեռանալուց, 1797 թ. գարնանը Աղա Մուհամմեդ խանը նոր արշավանք ձեռնարկեց դեպի Անդրկովկաս։ Անցնելով Արաքս գետը, այս անգամ էլ նա նորից շարժվեց դեպի Շուշի։ Գրավելով քաղաքը, իրանական զորքերը մեծ ավերածություններ են գործում Ղարաբաղում։ Սակայն շուտով շահը սպանվում է և իրանական զորքն անկանոն նահանջում է դեպի Իրան, ուր սկսվել էր գահակալական նոր պայքար։ Ժամանակակից եվրոպացի հեղինակներից մեկը՝ Ա. Դյուպրեն, հետևյալ ձևով է ներկայացնում քաղաքական այդ անցուդարձերը, «1797 թ. ուզուրպատորը Թեհրանում նորից իր դրոշի ներքո հավաքեց բանակը՝ երկրորդ անգամ Թիֆլիս արշավելու և Դերբենդում ու Բաքվում հաստատված ռուսներին վտարելու համար։ Շուշիի բնակիչները նրա բանակի մոտենալուն պես փախան դեպի լեռները։ Աղա Մուհամմեդը ճամբարելով (Շուշու) բերդի մոտակայքում, հրամաններ էր արձակում իր ծրագիրն ի կատար ածելու նպատակով։ Սակայն մի օր, երբ նա գտնվում էր իր վրանում, դաշունահարվեց իր ամենավստահելի ծառաների կողմից»189։

Շահի սպանությունից հետո Արևելյան Հայաստանում և, մասնավորապես, Արարատյան երկրում ստեղծվում է հեղհեղուկ վիճակ։ Տարբեր հոսանքներ ներկայացնող խաները հավակնում են տիրել Երևանի

_____________________________

189 A. Dupré. Voyage en Perse, II, էջ 335-336։

[էջ 247]

խանությանը։ Ներքին այդ կռիվներից հայ բնակչությունը մեծապես տուժում է։ Հրին ու սրին շուտով հաջորդում է ժանտախտը։

Իրանում շահ է հռչակվում Ֆաթհ-Ալի շահը (1797—1834), որը նույնպես փորձեր է կատարում իրեն ենթարկել ողջ Անդրկովկասը։ Ստեղծված ծանր կացության պայմաններում Վրաստանն ապավինեց ռուսական զենքին։ 1801 թ. Ալեքսանդր 1-ինի հատուկ հրովարտակով Վրաստանը վերջնականապես միավորվեց Ռուսաստանի հետ, որը և գտավ դարերով երազած իր անդորրը։ Հերթը Արևելյան Հայաստանինն էր։

***

XVIII դարի վերջին Օսմանյան կայսրությունը, ըստ ամենայնի, շարունակում էր գոյություն ունենալ միայն ձևականորեն։ Արաբական երկրները փաստորեն դարձել էին անկախ։ Արաբիայում հաստատված վահհաբիները բացահայտ թշնամական դիրք էին գրավել թուրք ղեկավար շրջանների նկատմամբ։ Բալկաններում և Փոքր Ասիայում առանձին թուրք ֆեոդալներ ոչ միայն հռչակել էին իրենց անկախությունը, այլև սեփական դրամ էին հատում։ Փոքր Ասիայի ու Հայաստանի մի մասը ընկել էր Չապանօղլուների, Թայարօղլուների, Կոզանօղլուների և այլ ֆեոդալների գերիշխանության ներքո։ Ի վերջո Քրդստանում և քուրդ ֆեոդալների ազդեցության ներքո գտնվող Արևմտյան Հայաստանի մի շարք շրջաններում առաջացել էին քրդական դերեբեյություններ, ուր իշխում էր քուրդ բեգերի սանձարձակ կամայականությունը։ Կառավարական զորքերի հետ ընդհարումները դարձել էին սովորական երևույթ: Ապստամբներն ավերում ու ոչնչացնում էին ամեն ինչ։ XIX դարի սկզբներին Հայաստանով անցած Ամեդե Ժոբերն որպես ականատես գրում է այն մասին, որ Տրապիզոնից մինչև Էրզրում գտնվող ճանապարհը հրկիզված էր. «մեր ճանապարհին,— կարդում ենք նրա մոտ, — բոլոր կամուրջները քանդված, գյուղերը կողոպտված ու հրկիզված էին ապստամբների կողմից»190։

Առանձնապես ծանր վիճակ էր ստեղծվել քրդաբնակ շրջաններում։ Այդ նույն Ա. Ժոբերի վկայությամբ, Եփրատի հովտի հայ գյուղացիների ունեցվածքը «ենթակա է քրդերի ասպատակություններին։ Գյուղացիներն իզուր ցանում են մի փոքր հացահատիկ։ Նրանք կողոպտվում են (քրդերի կողմից) դեռևս չհասունացած։ Նա (հայ գյուղացին— Մ. Զ.)

_____________________________

190 A. Jaubert, Voyage en Arménie, էջ 8։

[էջ 248]

ստիպված է թողնել իր արտը, փախչել իր կնոջ, երեխաների ու անասունների հետ»191։

Աղբյուրների վկայությամբ հայ գյուղացու վիճակը գիշատիչ փաշաների կրնկի ներքո անտանելի էր։ Եթե հավատալու լինենք Ջոն Մակդոնալդ Կիննեյրին, ապա XVIII դարի վերջին հայ գյուղացիները փորձել են ապաստան գտնել նույնիսկ ապստամբ ֆեոդալների մոտ։ «Մենք նկատեցինք նաև,— գրում է եվրոպացի հեղինակը, որ Չապնօղլուների և այլ անկախության հասած փաշաների տիրապետության տակ ընկած շրջաններն ավելի լավ են բնակեցված, քան Թուրքական կայսրության այլ շրջանները։ Գյուղատնտեսության այդ շրջանները ծաղկուն են, քանզի նրանք (ապստամբ ֆեոդալները — Մ. Զ.) հասկացել են, որ գյուղացիների հովանավորումն ու քաջալերումը բխում է իրենց իսկ սեփական շահերից»192։

Հավանաբար, այդ է պատճառը, որ տեղ-տեղ, օրինակ, Բայազետի նահանգում հայ գյուղացիները փաշաների ոճրագործությունների դեմ ըմբոստացել են ու դարձել կիսանկախ։ «Դա առաջին անգամն էր, որ մենք Հայաստանում հանդիպում էինք քրիստոնյաների, որոնք վճռել էին որոշ դիմադրություն ցույց տալ թուրքերին։ Ուստի Հայաստանի այս մասերում կառավարության իշխանությունը համարյա զերոյի է հավասար։ Գյուղացիները զինված են և քրդերի դեմ հաճախակի մղվող մարտերում կոփված, չեն վախենում ո´չ սպառնալիքներից, ո´չ շոյանքներից, և ոչ էլ մահից»193։

XVIII դարի վերջերին Բայազետով անցած Ֆերրիեր-Սովբեֆը վկայում է, որ նկատի ունենալով Բայազետի հայության մարտական ոգին, տեղի փաշան նրանց ներգրավում էր զինվորական ծառայության194։ Սա, անշուշտ, բացառիկ երևույթ էր կայսրության մեջ։ Արևմտյան Հայաստանի մյուս մասերում վիճակն ավելի քան տխուր էր։ Եվ Ֆերրիեր-Սովբեֆը բացականչում էր, «Հայաստանի հին փառքից ոչինչ չէր մնացել և իրենց երկրում թշվառության գիրկը նետված կամ հայրենիքից հեռացած հայերը այլևս ոչինչ չունեն տեսնելու իրենց նախնիների մեծությունից»195։

_____________________________

191 Նույն տեղում, էջ 20։
192 John Macdonald Kinneir, էջ 91։
193 A. Jaubert, էջ 109։
194 Mémoires..." II, էջ 217։
195 Նույն տեղում։

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր՝ Զուլալյան Մ., Հայ ժողովրդի XIII—XVIII դարերի պատմության հարցերը ըստ եվրոպացի հեղինակների.- Եր. ՀՀ ԳԱ հրատ., 1990.
Տրամադրել է՝ Միքայել Յալանուզյան
Սկան՝ Անի Քամալյան, Վահագն Մխոյան
OCR՝ Արշակ Ծառուկյան, Սոնա Ավագյան, Նելլի Հարությունյան, Գրիգոր Երիցյան, Անի Քամալյան, Հասմիկ Սողոմոնյան
Ուղղագրում՝ Լինա Քամալյան

Տես նաև
Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice