ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian

Մանվել Զուլալյան

ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ XIII-XVIII ԴԱՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԸ ԸՍՏ ԵՎՐՈՊԱՑԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ

Previous | Բովանդակություն | Next

[էջ 264]

ՇԱՀ ԱԲԲԱՍԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԵՐԻ ԲՌՆԱԳԱՂԹԸ ԸՍՏ ԱՆՏՈԻԱՆ ԴԵ ԳՈՈԻՎԵԱՅԻ

ԳԻՐՔ ԵՐՐՈՐԴ

Որտեղ պատմվում է հայերի գերության և արտագաղթի մասին և այն մասին, թե ինչպիսի աշխատանքներ են ծավալվել ավգուստինյան ս. հայրերի կողմից՝ նրանց հռոմեական եկեղեցուն հնազանդեցնելու համար։

ԳԼՈԻԽ 1

որտեղ պատմվում է, թե ովքեր են հայերը և թե որքան են տուժել նրանք այդ պատերազմի ընթացքում

Այստեղ նպատակահարմար է խոսել հայերի տանջանքների մասին, որ նրանք կրեցին Պարսկաստանի թագավորի և Մեծ Սուլթանի միջև տեղի ունեցած պատերազմից, ինչպես նաև նրանց բռնագաղթի մասին։ Սա կարևոր է այն իմաստով, որ բոլորին պարզ դառնա, թե ինչպիսի դժբախտություններ են եկել այս տանջված ու հալածված խեղճ ազգի գլխին։ Ես սա ասում եմ այն մտքով, որ կլինեն մարդիկ, որոնք կարդալով իմ այս գրածը, երևի կխղճահարվեն ու կմտածեն օգնության ձեռք մեկնել կամ սփոփանքի ձև գտնել այդ ժողովրդի ցավը թեթևացնելու, կամ էլ գոնե աստծու ողորմածությանը դիմել, որպեսզի նա այդ ազգի մարդկանց տա ինչպես ժամանակավոր կորով, նույնպես և Երկնայինի նկատմամբ հոգևոր հույս ու հավատ, որոնք ներկայումս բացակայում են նրանց մոտ, բայց նրանք դրա կարիքը մեծապես զգում են։ Ես նաև հուսով եմ, որ Աստծու եկեղեցու բազմաթիվ առաջատար ղեկավարներ ժամանակ ու միջոցներ կգտնեն նման մի միջոցառում ձեռնարկելու համար, համոզված լինելով այն բանում, որ Եսայի մարգարեն 18-րդ գլխում այսպես է ասում, «զի երթիցեն հրեշտակք երագունք յազգ հպարտացեալ, յազգ օտար եւ ի չար. զի ոչ եւս ոք իցէ քան զնա անդր, յազգ անյոյս եւ ի կոխեալ» (Եսայի, ԺԸ, 2—3)։ Որովհետև ավետարանի այն քահանաները, որոնց մասին մենք խոսում ենք, դրանք հրեշտակներ են երկրի վրա, և մարգարեն նրանց հետ է խոսում, ուստի և դժվար չէ հասկանալ, որ նրանք Սուրբ Հոգու կողմից են ուղարկված։ Եվ մենք այստեղ գործ ունենք այնպիսի մի ազգի հետ, որն ապրում է իր հնագույն հողի վրա և իր իսկ տան մեջ, ու ահա հենց այնտեղից է, որ նա բռնի ուժով ու հարկադրաբար տեղահան է արվում Պարսկաստանի թագավորի կողմից, ինչպես նաև նրանց կողմից, ովքեր նրանց շարունակաբար հալածել են այնպիսի մեծ բավականու-

[էջ 265]

թյամբ ու այնպիսի կատաղությամբ, որ նրանք ստիպված են եղել և այսօր էլ ստիպված են հեռանալու այն վայրերից, որտեղ իրենք ծնվել ու մեծացել են, թողնելու այն եկեղեցիները, որտեղ իրենց նախնիներն են թաղված, տները, որոնք նրանց ձեռքերով են կառուցված, նրանց ձեռքերով մշակված կանաչին տվող այգիները, պապերից ձեռք բերած ժառանգությունը, մի խոսքով այն ամենը, ինչ նրանց ուրախություն է պատճառում և հաճելի հիշատակներ է արթնացնում։ Եվ այս բոլորից հրաժարվելու համար, ընդամենը երկու օր ժամանակ է տրվում։ Եվ եթե մենք փնտրում ենք բզկտված ու չափից դուրս չարչարված մի ազգ, ահա նա, այդ ազգը, որը երբ դեռ թուրքերի վասալն էր, նրան վճարում էր բոլոր տեսակի տուրքերը և դեռ դրան գու մարած, պատերազմի ժամանակ տալիս էր իր զավակներին (այդպես էր կարգը)։ Գտնվելով Պարսկաստանի թագավորի իշխանության տակ, ոչ մի տեսակի ապահովության մասին խոսք լինել չէր կարող, եթե անշուշտ Աստծու կողմից որևէ օգնություն չհասներ նրանց։ Եթե թեկուզ հնարավոր լինի հօգուտ այս խեղճ ու թշվառ ազգի միջամտել այդ ահարկու ու դաժան ժողովուրդների մոտ, այնուամենայնիվ դրա իրագործումը դժվարությունների հետ է կապված, քանի որ այդ ազգն իր մի կողմում ունի թուրքին, իսկ մյուս կողմում՝ պարսկին, կան նաև թաթարներ և արաբներ, որոնց կողոպուտներն ու հափշտակումները տևական բնույթ են կրում։ Իսկ նրանց (հայերի) մոտ գնալու համար հարկավոր, է անցնել այդ ազգերի միջով։ Ուրեմն, պետք է իմանալ, թե նրանցից որ մեկն է առավել դաժանը (չնայած բոլորն էլ ծայրաստիճան այդպիսին են)։ Բայց ամենադաժանները նրանք են, ովքեր նրանց հանդեպ բարեհամբույր վերաբերմունք ցույց տալով .հանդերձ, հետապնդում են սակայն մի գլխավոր նպատակ, դա այն է՝ նրանց ներգրավել իրենց աղանդի մեջ։ Դեռ ավելին, մարգարեն նրանց ասում է, որ դա մի ազգ է Expectantem et conculcatam*: Եթե նույնիսկ խեղճ մարդը փոքր ինչ հույսով է ապրում, այս խեղճ ժողովուրդը սակայն այդքանն էլ չունի։ Նրանց համար լավի նկատմամբ հույսն այնքան հեռու է, որ դրա մասին նույնիսկ չեն էլ ուզում մտածել։ Նրանք իրենց հույսը դնում են միայն մի որևէ քրիստոնյա թագավորի վրա, որը կգա և այդ բոլոր մահմեդականներին կպատժի նրանց այդպես է պատգամել սուրբ Գրիգոր Լուսավորիչը, որին «հայերի հայր» են անվանել։ Եվ որպեսզի ցույց տամ, թե հայը որքան է արհամարհված և ոտքերի տակ տրորված, ես պետք է նաև ավելացնեմ այն, որ մահմեդականները գոհանում են այնքանով, որ նրանց անվանում են հայ, բայց դա անում

_____________________________

* Աչքի ընկած ու ոտնահարված։

[էջ 266]

են արհամարհանքով, հաշվի չառնելով այն իրողությունը, որ դա իսկապես նրանց ազգի անվանումն է։ նրանք (մահմեդականները) ավելի շահագրգռված են հավատափոխ անելու մի օտարի, քան հային, որովհետև օտարներին հավատափոխ անելը բավական դժվար է, իսկ հային մահմեդական դարձնելը իրենց համար այնքան էլ հետաքրքիր չէ։ Թե գետերի հուներից դուրս գալը որքան վնաս է հասցրել այդ երկրին, դա շատ պարզ պատկեր է նրանց համար, ովքեր գիտեն, թե Հայաստանի համար ինչ նշանակություն ունի լինել թուրքերի և պարսիկների միջև, քանի որ այդ երկու երկրների իշխանների ընդհարումների վայրը սովորաբար եղել է Մեծ Հայքը։ Եվ քանզի խոշոր մարտերը տեղի են ունեցել այս երկրում և այս երկրի համար, ուստի դժվար չէ պատկերացնել, թե քանի-քանի անգամներ է ավերվել այն, իսկ վերջին անգամ նա այդ նույն բախտին է արժանացել Պարսկաստանի թագավորի կողմից։

Վերադառնալով մեր պատմությանը, մենք պետք է ասենք, որ Հայաստանը բաժանված է Մեծի և Փոքրի։ Մի կողմ թողնելով Փոքրը, քանի որ նրա մասին տվյալ պարագայում ոչինչ չունենք ասելու, մենք կպատմենք Մեծի մասին։ Որոշ աղբյուրների համաձայն, նա իր անունը վերցրել է Արմենուս բառից (Յասոնի բարեկամը)։ Պարսկերեն նրան ասում են Արարատ։ Լորենս Անանիացին, Ժան Բոտերոն, Անտուան դե Հերերան Հայաստան նահանգին տալիս են Թուրքոմանիա անունը, չնայած որ ամբողջ Ասիայում ոչ մի նահանգ չես գտնի, որ այդպես կոչվեր, չնայած որ այնտեղ դեռևս որոշ քանակությամբ թուրքմեններ կան։ նրանք (թուրքմենները) իրենց անունը ո´չ տալիս են, ո՛չ էլ ստանում որևէ հատուկ գավառից։ Այս անվանումը պարզապես իրարից տարբերում է ռասաները (ցեղերը)։ Նրանց անվանում են թուրքմեններ, այսինքն մարդիկ, որոնք լքել են իրենց օրենքը։ Այն առաջանում է թարքի (Tarqui) և իման (yman) բառերից, որոնք նշանակում են՝ լքել և օրենք։ Եվ քանի որ նրանք ծագումով քրիստոնյաներ են եղել, բայց լքելով իրենց օրենքը, դարձել պարսիկներ, ուստի և նրանց անվանել են թուրքմեններ*։ Նրանք ավելի մեծ հարգանքի են արժանանում հենց նրա համար, որ թողնելով իրենց քրիստոնեական հավատը, ընդունել են մահմեդականություն։ Կան ուրիշներ, որոնց ռումելի (Rumeli) են անվանում, որովհետև սրանք ռասայով թուրքեր են, որոնց կոչում են

Անտոնիո դե Գոուվեայի այս բացատրությունը գիտական հիմք չունի։ Հայաստանը Թուրքոմանիա առաջին անգամ անվանում է Մարկո Պոլոն՝ նկատի ունենալով երկրի որոշ մասերում թյուրքական ցեղերի ստվարացումը։

[էջ 267]

(նաև) ռումներ (Rumés)*։ Մյուսները սուննիներ են՝ նրանք աղանդով արաբներ են։ Կան նաև շիաներ, որոնք իրենց համար որպես մարգարե ընդունել են Ալիին։ Բայց սրանցից և ոչ մեկը առանձին գավառի չեն կցված, քանի որ այդպիսին գոյություն չունի։ Այս բոլորը հատուկ ռասաների կամ աղանդների անուններ են, ինչպես օրինակ թուրքմենները, որոնք իրենց անունը ստացել են հենց իրեց թողած օրենքից և ոչ թե ինչ-որ գավառից, որտեղ նրանք ապրելիս են եղել և որտեղից քոչել են։

Հայաստանի նահանգը գտնվում է երկու Մեդիաների (Medies) միջև։ Մեծը, որին պարսիկները Ադրբեջան (Adelbejon) են անվանում և փոքրը, որին Շիրուան (Siruan) անունն են տալիս, իսկ ժամանակակիցները Շերուան (Seruan) են ասում։ Այն մի կողմից սահմանակից է Ասորեստանին (Assirie) որն այսօր Էրզրում անունն է կրում**։

Գլխավոր քաղաքի (մայրաքաղաքի) անունը Երևան (Eruan) է և ոչ թե Վան, ինչպես անվանում են վերոհիշյալ հեղինակները։ Սա հայ թագավորների բնակատեղին է և այստեղ է գտնվում նրանց արքունիքը։ Այստեղից երեք մղոն հեռավորության վրա գտնվում է այն վայրը, որին թուրքերը Ուչքլիսա*** (Vtch clica) կամ Երեք եկեղեցի անունն են տալիս, որովհետև իսկապես այնտեղ այդքան եկեղեցիներ կան, կառուցված իրենց հոգևոր առաջնորդ ս. Գրիգոր Լուսավորչի կողմից։ Այս վայրը հանդիսանում է նաև իր բնակատեղին։ Ճիշտ է, որ Վան քաղաքը թուրքերի գրավումից հետո մեծացել և սիրունացել էր, որովհետև այս վերջիններս այնտեղ կառուցել են մեծ նշանակություն ունեցող մի բերդ։ Այսւոեղ է նաև թուրք փաշայի նստավայրը։ Նշված քաղաքը սահմանակից է Ասորեստանին և Հայաստանին։

Այդ ամբողջ նահանգը նվաճվեց համարյա միաժամանակ Մեդիայի հետ։ Այդ ժամանակ Պարսկաստանում թագավորում էր Մեհմեդ Խուդաբանդան (Codabanda), ներկայումս իշխող Շահ Աբասի հայրը: Այս ժողովուրդը անընդհատ հալածանքների ու տանջանքների է ենթարկվել այդ երկրներում (Թուրքիա և Պարսկաստան) իշխող տերերի՝ մեկը մյուսին փոխարինելու ու նրանց միջև տեղի ունեցող պատերազմների պատճառով։ Թուրքերն իրենց դաժանությամբ մեծապես ավելացրել էին գանձվող հարկերը, որի պատճառով էլ հայերը նախընտրում էին լինել ավելի մեղմ իշխանություն գործադրող պարսիկների ազդեցության ներքո։ Սակայն այդ խեղճերին շատ քիչ է պատահել

_____________________________

*Օսմանցիները հույներին անվանում էին «ռումեր», նկատի ունենալով, որ Բյուզանդիան իրեն հին Հռոմի ժառանգորդն էր համարում, իսկ թուրքերն, իրենց հերթին, համարում են բյուզանդացիների հետնորդները։
**Նման անվանումը եվրոպացի հեղինակների մոտ ավանդաբար է տրվում, որը ակնհայտ սխալ է։ Բարձր Հայքը Հայաստանի անբաժանելի մասն է։
***Ուչքիլիսեն արևելյան աղբյուրներում Էջմիածնին տրված անունն է։

[էջ 268]

իրենց ցանկությունն իրականացած տեսնել։ Ընդհակառակը, հաճախ է պատահել, որ փոխանակ լավանալու, նրանց վիճակն ավելի է վատացել, և այդ մարդիկ մշտապես նվաճված են եղել և գերեվարված։

Հազիվ հայերը մի քիչ շունչ էին քաշում տեղի ունեցած պատերազմներից ու սկսում վերականգնել թուրքերի կողմից ավերված իրենց քաղաքներն ու տները, երբ Պարսկաստանի թագավորի խելքին փչում էր վերստին ձեռք բերել իր նախնիների կորցրածը։ Եվ քանի որ կորուստների հիմնական մասը գտնվում էր Հայաստանում, ուստի և Մեդիան իր մայրաքաղաք Թավրիզով (Tanais) գրավելուց անմիջապես հետո նա ձեռնարկեց մյուս արշավանքը։ Եվ չնայած հանձնվող քաղաքներն ավերելու ու կողոպուտն արգելելու մասին հրամանի առկայությանը, ինչպես պատահել է Ջուլֆայում (Yulfai), որտեղ բնակիչները այնտեղ ապրող շատ քիչ թվով թուրքերին սպանել ու մարմինների մնացորդները ցցերի վրա խրելով գնացել էին թագավորին դիմավորելու, այստեղ, սակայն, չկարողացան նույն ձևով վարվել, ինչպես Ջուլֆայում՝ կամ անկարողության պատճառով, կամ այնտեղ գտնվող թուրքական գումարտակի ներկայությունից վախեցած, կամ էլ պարզապես չցանկանալով նույնանման բարի կամեցողություն ցուցաբերել թագավորի հանդեպ, ինչպես դա արվել է Ջուլֆայում, ուստի և դա շարժեց նրա (թագավորի) զայրույթը և բանակի կողմից իրագործվեցին այնպիսի ավերածություններ, դաժանություններ ու կոտորածներ, որ այս նահանգի խեղճ բնակիչները զրկվեցին իրենց ամբողջ ունեցվածքից։ Աչքի ընկնող և մարդաշատ քսան քաղաքներ անմարդկայնորեն ամբողջովին կողոպտվեցին, դեռ չհաշված այն փոքր քաղաքներն ու գյուղերը, որտեղ մեծ թվով մարդիկ էին ապրում։ Միայն Երեանի տարածքի վրա ապրում էր հազար հինգ հարյուր մարդ, իսկ մնացածներում՝ չորս կամ հինգ հարյուր բնակիչ։ Գլխավոր քաղաքները հետևյալներն էին. Երևանը (Eruan), Նախիջևանը (Nachivan), Շարուրը (Charur) և Ագուլիսը (Glis)։

Այս քաղաքները կողոպտվեցին ու ավերվեցին, եկեղեցիները սրբապղծվեցին և վերածվեցին ախոռների, նկարները տեղերից հանվեցին ու կրակի զոհեր դարձան, Et sanctum carum conculcatum*: Ինչը որ սուրբ էր այդ բոլորի մեջ, արժանանում էր վաւոթարագույն վերաբերմունքի։ Մահմեդականը սուրբ նշխարը ձեռքին բռնած ու ձին հեծած, վազում ու բարձրաձայն գոչում էր՝ ահավասիկ քրիստոնյաների աստվածը։ Այստեղից ինձ համար պարզ երևում է, որ մեր Տերը բանտ մուտք չի գործում միմիայն արդար մարդկանց հետ, ինչպես նա

Եվ իրենց հոգու համար անգնահատելի սրբությունների ոտնահարումը։

[էջ 269]

արեց Հովսեփի նկատմամբ, այլ նաև մեծ մեղքեր գործած հայերի հետ։ Ես այսպես եմ մտածում, որովհետև նկատել եմ, որ նրանք (հայերը) ավելի քիչ են ազդվում իրենց հասցված վիրավորանքներից (կրոնական հարցերի շուրջ), քան նրանցից, որոնք ուղղակիորեն ուղղված են լինում իրենց անձի դեմ։

Ուստի և մի կողմ թողնելով այն բոլոր վիրավորանքները, որոնք հասցվեցին եկեղեցիներին և այլ սրբություններին և խոսելով յուրաքանչյուր անհատին հասցված վնասների մասին, մենք պետք է խոստովանենք, որ շատ երկար ժամանակ տևած կողոպուտները այդ խեղճերին զրկեցին նույնիսկ իրենց մարմինները ծածկող հագուստներից։ Գողերը նրանց վրա թողնում էին միայն այն, ինչ համարվում էր անարժեք։ Այդ խեղճերը ոչինչ չէին կարող թաքցնել, քանի որ սուրը ձեռներին նրանք դաժանորեն խեղճ կանանց սպառնում էին սպանել, եթե չխոստովանեին իրենց թաքցրած արժեքների տեղերը։ Նույն ձևով էին վարվում նաև գյուղերում, և դա շարունակվում էր այնքան, որքան ժամանակ նրանք նստած էին լինում քաղաքներում։ Նրանք հարյուրից ոչ պակաս խմբերով՝ կողոպտելու նպատակով գնում էին գյուղերը և անասելի վնասներ հասցնում խեղճ ու թշվառ ժողովրդին։

Ամեն ինչ կողոպտելուց հետո, նրանք ստրկացնում էին ինչպես արու, այնպես էլ էգ երեխաներին՝ կամ իրենց ծառայեցնելու համար, կամ էլ վաճառելու նպատակով։ Սրանից հետո հերթը գալիս էր երիտասարդ կանանց ու աղջիկներին, որոնց գերեվարում էին ու վայրենաբար իրենց զգայարանների պահանջը ագահորեն բավարարելուց հետո կամ վաճառում էին, կամ էլ տանում հանրատները, որտեղ նրանց միջոցով փող էին վաստակում։ Նման ձևով ստրկացած կանանց ու աղջիկների թիվը, ըստ որոշ մարդկանց բերած վկայությունների, հարյուր հազարից ավելի էր։ Եվ իսկապես, եթե նկատի ունենանք, որ յուրաքանչյուր տեղից առնվազն տասը հոգի են վերցնում (և սա նվազագույնն է), այդ թիվն անպայման ապահովված կլինի, քանի որ այս նահանգում քաղաքները, գյուղաքաղաքները և գյուղերը մեծ թիվ են կազմում։ Սա սրտաճմլիկ մի տեսարան է, որը կարող է հուզել ամենաքարսիրտ մարդուն անգամ, երբ նա տեսնի, թե ինչպես չորս զինվոր մտնում են տուն, ամբողջ ունեցվածքը թալանելուց հետո իրար մեջ բաժանում երեխաներին, երիտասարդ աղջիկներին ու կանանց, որոնք իրենց գեղեցկությամբ ու վսեմ կեցվածքով կարող են հմայել նրանց դիտող ամեն մարդու։ Արդարև, այդ ազգին պատկանող կանանց մեծամասնությունը շատ գեղեցիկ է։ Մայրերը փաթաթվում էին իրենց զավակներին, իսկ այս վերջիններն իրենց մայրերին, և նրանց ճիչերն ու աղաղակները կսկիծ էին առաջացնում բոլորի սրտերում։

[էջ 270]

Եվ իզուր չէ, որ մարգարեն ասում է. Non parcet oculus eorum* Եվ երբ զինվորները քաղաքների մոտակայքում գտնվող գյուղերում ամեն ինչ պղծելուց, թալանելուց ու գերեվարելուց հետո հեռանում էին այդ տեղերից, նույն վայրերն էին ժամանում ծառաները, որոնք առավել ագահությամբ հարձակվում էին իրենց տերերից մնացած ինչք ու կայքի վրա, այն աստիճան, որ ոչ միայն բռնաբարում էին այնտեղ մնացած քիչ թվով կանանց, այլ նաև նրանց մարմնի վրայից հանում վերջին ցնցոտիները։ Այդ հալածանքներին հաջորդեց մի -ուրիշը։ Թագավորը չկարողանալով գրավել գլխավոր քաղաքները, քանի որ դրանք երկար ժամանակ պաշարման մեջ պետք է մնային, և դեռ հարկավոր էր դրանց շուրջը խրամատներ ու բարձր հողաթմբեր պատրաստել (ինչպես մենք դա տեսանք), և որովհետև Երևանի պաշարման համար պետք եղավ տասներկու հազար և դեռ ավելի աշխատող, մի քանակ, որ այդ խեղճ թշվառականները չկարողացան բավարարել, նաև սովից, ցրտից ու ռմբակոծությունից ամեն օր նրանցից շատերը մահանում էին։ Երբ թուրքերը գալիս էին աշխատանքները խանգարելու, ամենից շատ սպանվում էին այդ անզեն ու իրենց աշխատանքով զբաղված մարդիկ։ Եվ եթե կարողանում էին մի կերպ խուսափել թուրքի զայրույթից, ապա նրանց մահվան պատճառը դառնում էին սովն ու առատորեն տեղացող ձյունից առաջացած ցուրտը։ Մահացողներին հաջորդում էին ուրիշները և, դա դարձավ մեծաթիվ զոհերի պատճառ։ Մոտակա գյուղերում այլևս տղամարդ չմնաց, որովհետև առաջին հավաքագրումից հետո, երկրորդ հավաքագրմանը շատ քիչ մարդիկ էին մնացել։ Մնացածները վախից հեռացել էին այլ վայրեր։

ԳԼՈԻԽ 2

Թե ինչպես թագավորը դատարկեց ամբողջ Հայաստան նահանգը, և թե ինչպիսի տանջանքների ենթարկվեցին այդ խեղճ մարդիկ արտագաղթի ժամանակ:

1604 թ. մայիս ամսին, թագավորը տեղեկություն է ստանում,։ որ Սինան (Sinam) փաշան, կամ այսպես ասած Ջղալան (Cigala) հասել է Էրզրում, կամ Ասորեստան և որ իր հետ բերում է մի մեծ բանակ, վերագրավելու համար այն ամենը, ինչ հնարավոր էր վերցնել և, միաժամանակ, վրեժ լուծելու այն բոլոր նախատինքների համար, որ թուրքը ստացել էր։ Թագավորը որոշեց անցնել Արաքս գետը (որի մասին վերևում խոսվել է), որովհետև ինքը նախընտրում էր թուրքերին հանդիպել Մեծ Հայքի միջով անցնող այդ գետի մյուս ափին, որտեղ

*Չեն հավատում իրենց [սեփական] աչքերին։

[էջ 271]

իր զորքը ավելի նպաստավոր պայմանների մեջ կլիներ: Ուրիշները, սակայն, այն կարծիքի են եղել, որ նա նկատի է ունեցել մոտակա ձմեռը, որը Ջղալային կխանգարեր իր ետևից գալու և, այդպիսով, եղանակը կաշխատեր իր օգտին։ Նա հրաման արձակեց, որպեսզի Հայաստան նահանգի բոլոր բնակիչները, հրամանը լույս տեսնելուց հետո՝ երկու օրվա ընթացքում դատարկեն իրենց երկիրը և գնան բնակություն հաստատելու Թավրիզ (Tauris) քաղաքից ներքև, այսինքն Մեծ Մեդիայի՝ Պարսկաստանի խորքում։

Իսկ ինչ վերաբերում Է Ջուլֆայի բնակիչներին, նա (թագավորը) իրեն ավելի պարտավորված զգաց նրանց նկատմամբ՝ ըստ երևույթին նկատի ունենալով նրանց հարուստ լինելը (քանի որ նրանք առևտրական մեծ կապերի մեջ էին այս երկրամասում) և նրանց հատկացրեց հատուկ մի տեղ նոր քաղաք հիմնադրելու համար (այն գտնվում էր գետի մյուս ափին և Սպահանի հետ կապվում էր Ալավերդի-խան (Alauerdicham) անունը կրող կամրջով, որի մասին մենք արդեն խոսել ենք։ Նրանք ցավով էին թողնում իրենց հայրենիքը ու տխրում, որ իրենց հետ չէին կարող տանել իրենց ունեցվածքը։ Բայց, քանի որ նրանք ավելի ունևոր էին, ուստի և ավելի մեծ հնարավորություն ունեցան շուտափույթ կերպով ճանապարհ ընկնելու և դա արեցին մեծ մասամբ թաքցնելով իրենց դժգոհությունը՝ ցույց տալու համար թագավորին, թե ինչպես իրենք ամենասեղմ ժամկետում կարող են կատարել նրա հրամանները։ Ըստ այդմ, թագավորը նրանց ապահովեց ուղտերով ու որոշ թվով մարդկանցով, որպեսզի կարողանան առանց մեծ դժվարությունների տեղափոխել իրենց գույքը։ Տեղափոխման այդ աշխատանքները նրանք կատարեցին այնպիսի մեծ կազմակերպվածությամթ, որ մի քանի ամիս հետո հասան Սպահան քաղաքը, որտեղ և սկսեցին կառուցել Նոր Ջուլֆան, որտեղ այսօրվա դրությամբ ապրում է ավելի քան 5000 բնակիչ, կա երկու եպիսկոպոս, յոթ վանք և մեծ թվով այլ ծխական եկեղեցիներ (մատուռնե՞ր)։ Այստեղ նրանք կառուցեցին ավելի մեծ ու շքեղ տներ, բայց այս բոլորը հիմնականում արվեց, թագավորին հաճոյանալու համար։

Ահա այն ամենը, ինչ տեղի ունեցավ Ջուլֆայի բնակիչների հետ։ Իսկ մնացած թալանված խեղճերը, ովքեր ոչ մի միջոց չունեին ճանապարհ ընկնելու, չէին շարժվում իրենց տեղից, և ոչ մի տեսակ հրաման նրանց վրա չէր ազդում։ Ուստի և թագավորը, տեսնելով, որ բանակը գնալով ավելի է մոտենում Երևանին ամենամոտ քաղաքին՝ Կարսին, որոշեց ամայացնել ամբողջ երկիրը, որպեսզի թուրքերն այնտեղ մտնելիս, չկարողանան որևէ բան գտնել՝ ո´չ իրենց և ո´չ էլ իրենց անասունների համար։ Այդ նպատակով էլ քաղաքներն ու

[էջ 272]

գլխավոր գյուղերն ուղարկվեցին զինվորական գումարտակներ, որպեսզի նրանք այդ խեղճերին ստիպեն կատարել հրամանը։ Եվ այդ թշվառ մարդիկ ստիպված եղան ճանապարհ ընկնել, իրենց ետևում թողնելով սիրած հայրենիքը։ Նրանք գնում էին, որպես առաջնորդ ունենալով ոչ թե բերանից դուրս եկող հրամաններն ու սպառնալիքները, այլ սրի սպառնալիքը։ Երբ քիչ թե շատ հանգստանալ էր պետք, երդվելով թագավորի անունով, զինվորները չէին թողնում այդ խեղճերին մի քանի ժամ ավել հանգստանալ ու ստիպում էին շուտ ճանապարհ ընկնել, հակառակ դեպքում, ըստ իրենց տրված հրամանի, իրենք կկտրեին և նրանց, և իրենց կանանց ու երեխաների գլուխները ու կրակ տալով նրանց բնակավայրերը, բոցերի մեջ կոչնչացնեին նաև իրենց։ Եվ գործը հասավ այնտեղ, որ նրանք, ովքեր ձգձգում էին իրենց գնալը, հենց իրենք էլ սկսեցին աճապարել, գնալով փողոցից փողոց ու հորդորելով մյուսներին, որպեսզի թողնեն քաղաքները, գյուղաքաղաքներն ու գյուղերը։

Այդ խեղճ իրարանցումը, լացը, ճիչերն ու աղաղակներն այնպիսի չափի էին հասնում, որ ամենաքարսիրտ մարդու սիրտը կսկիծով էր լցվում։ Այդ վիճակն ստեղծվել էր այն պատճառով, որ արդեն հնարավոր չէր այնտեղ մնալ, իսկ այնտեղից հեռանալը անմարդկային մի երևույթ էր։ Պատահում էին մեծ թվով կանայք, որոնց ամուսինները մահացել էին հանքերում աշխատելիս կամ հողային աշխատանքներ կատարելիս (այդ մասին արդեն խոսել ենք) ու նրանք մնացել էին հինգ-վեց երեխաներով, որոնք բավական մեծ էին՝ գրկած տանելու համար, կամ շատ փոքր՝ ոտքով գնալու համար։ Ինչպիսի խղճահարություն էին առաջացնում մարդկանց մոտ, երբ լսում էիր նրանց ու տեսնում նրանց արարքները քաղաքի դռների մոտ։ Նրանցից ոմանք փռվում էին գետնին, անընդհատ համբուրում փոքրիկներին։ Ուրիշները հրաժեշտ էին տալիս իրենց հայրենիքին ու հայրենի տանը։ Այս ամենը զուգակցվում էր ցավալի խոսքերով ու խղճահարում ծխականներին։ Եվ այսպես, ճիչերով ու աղաղակներով իրենց նախկին հայրենիքից դուրս գալուց հետո, նրանք ուղղություն վերցրին դեպի Թավրիզ քաղաքը, այդտեղից էլ դեպի Պարսկաստանի խորքը։ Նրանք բոլորը միասին չէին գնում, որովհետև դա հնարավոր չէր։ Եվ այդ արտագաղթող թշվառ մարդկային զանգվածը, առաջանալով մեկ տեղ, խուսափում էր այն վայրերից, որտեղ թուրքեր են ապրում։ Տեղափոխվում էր ավելի քան վաթսուն հազար ծուխ։ Նրանք ճանապարհին հանդիպում էին բազմաթիվ քաղաքների, գյուղերի և 2000-ից ավելի բնակիչ ունեցող գյուղաքաղաքների։ Այս ժողովուրդը (ինչպես ասում էինք) բոլորը միասին չէին քայլում և չէին էլ կարող քայլել։ Նրանք գնում

[էջ 273]

էին խմբերով և քարավաններով ու գնում այն ուղղություններով, որոնք իրենց կտանեին նշանակված քաղաքները, գյուղաքաղաքները և գյուղերը։

Ճանապարհ ընկնելուց հետո, այդ խեղճերի համար առաջին անպատեհությունը մոտալուտ ձմեռն էր, որն այս շրջանում բավական խիստ է լինում։ Եվ քանի որ նրանց մեծ մասը կողոպտվել էր ճանապարհին, հետևաբար հագուստի տեսակետից խեղճ վիճակում ստիպված լինելով գիշերել դաշտերում, բաց երկնքի տակ, նրանցից շատերը չդիմացան մոտալուտ ձմեռվա պայմաններին և կնքեցին իրենց մահկանացուն։ Շատերի ոտքերի մատները ցրտահարվեցին՝ դրանց մսային մասը թափվեց, մնացին ոսկորները։ Հավաստիացնում են նաև, որ մի շարք կանայք, ցանկանալով քիթը մաքրել, պոկեցին ցրտահարված քթի մի մասը։ Ես չեմ կարող չհավատալ այս բոլորին, որովհետև ես անձամբ գիտեմ, թե նույնիսկ լավ հագնված մարդը որքան է ցրտից տանջվում այս շրջաններում։

Չնայած ցրտի ազդեցությունը բավական մեծ էր նրանց վրա, այնուհանդերձ դա այնքան ծանր հետևանք չունեցավ (քանի որ ապրելով այս շրջաններում, նրանք քիչ թե շատ սովոր էին այդ ցրտին), որքան սովը, որը, տնից ուտելիքի քիչ պաշար վերցրած լինելու հետևանքով, նրանց ընկերակցում էր ողջ ճանապարհին։ Եվ այժմ, երբ մեզանից յուրաքանչյուրն ուզենա պատկերացնել, թե ի՞նչ է տեղի ունեցել այդպիսի պայմաններում, պետք է փառք տա Աստծուն, որ ինքը հեռու է մնացել այդ պատուհասից, այդ մեծագույն չարիքից։ Մենք այդ տանջվող ժողովրդի մեջ պետք է տեսնենք մի քրիստոնյա ժողովրդի, որը երկար ժամանակներից ի վեր հավատ է ընծայել սուրբ երրորդությանը, աստծու որդու մարմնացումին և եկեղեցական խորհրդի կատարմանը։ Նրանք թափառել են և այսօր էլ թափառում են ոչ միայն այն պատճառով, որ հնազանդ չեն եղել Հռոմի Պապին, այլ նախևառաջ տգիտության պատճառով։ Եվ նայելով այս խեղճ մարդկանց տանջանքներին, որոնց վրա կարծես իջել էր աստծու պատիժն ու մտրակը, մենք, այդ նույն աստծուն պիտի փառաբանենք այն բանի համար, որ մեզ զերծ պահեց նման տանջանքներից։ Մենք պետքէ կարեկցենք հալածված և իրենց հայրենիքից վտարված այդ խեղճ քրիստոնյաներին, որոնք, շարունակելով իրենց ճանապարհը, ընկան այնպիսի անելանելի դրության մեջ, որ ոչ իրենք, ոչ էլ իրենց փոքր երեխաները, ոչինչ չունեին ուտելու, քանի որ այն ճանապարհներով, որոնցով իրենք գնում էին ըստ թագավորի հրամանի, զինվորների կողմից ամբողջովին կողոպուտի էր ենթարկված, և այդ վայրերում գտնվող բոլոր գյուղերն ու քաղաքները ավերվել ու հրո ճարակ էին դարձել։ Տեղափոխության ժա–

[էջ 274]

մանակ այդ խեղճ կանանց զգալի մասն իրենց ուսերի վրա երեխաներ էին. տանում, մեկը՝ մի ուսի, իսկ երկրորդը՝ մյուսի։ Այդ կանանց կողքով գնում էին մի քիչ ավելի մեծ տարիք ունեցող ու հետիոտն գնացող երեխաներ։ Նրանք բոլորն առավոտյան արթնանալիս հաց կամ մայրական ստինքներ էին փնտրում, որոնք սակայն չորացած էին մի քանի օր ոչինչ կերած չլինելու պատճառով։ Այնքան եմ հուզվում, որ չեմ կարող զսպել իմ արցունքները, երբ վերհիշում եմ այն ամենը, ինչ պատահեց ճանապարհին այդ կանանցից շատերին։ Նրանք, արդեն մահու չափ հոգնած ու դադրած՝ իրենց երեխաներին ուսերի վրա տանելուց, կանգ էին առնում ճանապարհի կեսին ու իրենց երեխաների հետ նստում գետնին։ Մնացածները շարունակում էին իրենց ճանապարհը։ Ճանապարհի կեսին սակայն նրանցից շատերն իրենց կյանքին վերջ էին տալիս սովի ճիրանների մեջ։ Նրանք դեռ պետք է երախտապարտ լինեին, եթե մինչ իրենց մահկանացուն կնքելը, ականատես չլինեին իրենց զավակների մահվանը, որոնց ապրեցնելու համար այդ խեղճ մայրերը ոչնչով չէին կարող օգնել։ Ուրիշները իրենց մի կերպ անտառներն էին գցում, հույսով, որ միգուցե այնտեղ ուտելու մի որևէ բան կճարեն իրենց և երեխաների համար։ Սովորաբար, սակայն, նրանք նույնպես դատապարտված էին մահվան։

Բայց ի՞նչ պատկերացում կարելի է ունենալ այն մայրերի մասին, որոնք շարունակելով իրենց ճանապարհը, տեսնում էին ընդհանուրից ետ մնացած և քայլելու այլևս անկարող երեխաներին։ Ինչպե՞ս վարվեին այդ մայրերը, երբ իրենց կրծքի վրա ունեին նաև մի ուրիշին, և դեռ մեկն էլ ուսերի վրա։ Ո՞ր մեկին տանեին իրենց հետ։ Եվ այդպես, շատ երեխաներ մնում էին կես ճանապարհին ու մահանում։ Ինչպե՞ս կարելի է չպատմել այն ցավերի ու տանջանքների մասին, որոնց ենթարկվում էին այդ խեղճ կանայք, երբ այդ անմեղ էակներին տեսնում էին մեռնելիս՝ չկարողանալով նույնիսկ փոքր-ինչ սփոփել ու օգնել նրանց։ Կարիքն ու սովը գնալով ավելի էին սաստկանում...

Տեղահանությունից չորս տարի անց ես այցելեցի այն գյուղերը, որտեղ թագավորի հրամանով այդ գաղթականները տեղավորվել էին իրենց ընտանիքներով, և նրանց գտա ծայրաստիճան աղքատության մեջ։ Կարելի է ենթադրել, որ եթե այդ խեղճերը այդպիսի վիճակում էին այս մարդաշատ վայրերում, ինչպիսի թշվառ ժամանակներ են նրանք անցկացրել անապատներում՝ սով, հիվանդություն, աղքատություն։ Նրանցից առավել հարմարվածներն ուտում էին մի հաց, որը պատրաստված էր այնպիսի մի հատիկից, որը հողի. գույն ու համ ուներ, բայց ավելի դառն էր։ Նրանք կրում էին աղքատիկ հագուստ՝ իրար կողքի կարած՝ կարկատած զանազան կտորներ։ Վաստակ ձեռք

[էջ 275]

բերելու համար տղամարդիկ գնում էին հարևան գյուղերը, իրենց հետ տանելով նաև երեխաներին, որոնք սնվում էին փողոցներում գետնին գցած սեխի կեղևներով, ինչպես նաև տարբեր խաշած խոտերով, այսպես քարշ տալով թշվառականի իրենց կյանքը։ Սպահանի մեր հայրերը նրանցից մի քանիսին տուն բերեցին։ Նրանց մեջ կար մի փոքրիկ կույր երեխա, երբ նրան հարցրին, թե ինչո՞ւ էր նա ողորմություն խնդրում ոչ թե Աստծու, այլ՝ Ալիի անունով, նա պատասխանեց, որ մարդիկ ավելի հոժարակամ (ողորմություն) են տալիս ի սեր Ալիի (Մոհամմեդի փեսան և նրա հաջորդը խալիֆաթում), քան՝ Աստծու։ Շիրազի սուլթանի միջոցով ես արտոնություն ստացա հոգ տանել երեք գյուղի, որոնք իրար միացնելով դարձրի մի մեծ գյուղ, և այնտեղից կարողացա հեռացնել բոլոր մահմեդականներին, որպեսզի հողը մշակեն միայն հայերը, և ինչպես մահմեդականներն էին անում՝ ըստ, տեղի սովորության, պարոնին վճարեն հողի վարձն ու տուրքը։ Ես գիտեմ, որ Պարսկաստանում այդպիսի վիճակում են գտնվում շատ ու շատ գյուղեր, որոնք հոգևոր սննդի անչափ մեծ կարիք են զգում։ Այդ նպատակով էլ, զոհելով իմ հանգիստն ու անվտանգությունը, ես սիրահոժար մեկնում եմ Իսպանիա և Հռոմ՝ փորձելու համար որոշակի օգնություն հասցնել աչքաթող արված այդ ժողովրդին և Աստծուց խնդրելու մի ինչ-որ ձևով սփոփել նրան։

Հաղթահարելով բոլոր դժվարությունները,այդ խեղճ մարդիկ, վերջապես, խմբերով հասան Թավրիզ, որտեղ թագավորը փորձեց ամեն ձևով նրանց օգնել և պաշտպանել։ Նույնիսկ, երբ մի հայ նրա մոտ գալով գանգատվեց, թե մի մահմեդական գերեվարել է իր կնոջը և, փող շահելու նպատակով նրան հասարակության տրամադրությանն է հանձնել, նա (թագավորը) նրան իր մոտ բերել տվեց և մի լավ պատժելուց հետո, այդ կնոջը վերադարձրեց ամուսնուն և մի հրաման արձակեց, որով ծանուցվում էր, որ ոչ մի հայ կամ հայուհի գերեվարվելու ենթակա չէ։ Նման հրամանագիրը, իսկապես որ, մի մեծ լավություն էր այդ խեղճերի համար։ Այդ հրամանը, սակայն, բավական ուշացումով էլ լույս ընծայվել, որովհետև հազարավոր մարդիկ ցրվել էին ամբողջ տերության մեջ, նույնիսկ և շատ հեռու վայրեր և այդ պատճառով էլ, մեծ թվով աղջիկներ և փոքր երեխաներ,անտեղյակ լինելով այդ հրամանին, իրենց ազատությունը գտնելու համար չկարողացան դիմել արդարադատությանը։ Բայց նրանք, ովքեր արքունիքին մոտ էին, կարողացան օգտվել այդ հրամանից և գտան իրենց այնքան երազած ազատությունը։

A. de Gouvea. Relation des .guerres et victoires obtenues par le roy de Perse Cha Abbas contre les empereurs de Turquie Mahomet et Ahmet son fils. Rouen, 1646, pp. 341—362.

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր՝ Զուլալյան Մ., Հայ ժողովրդի XIII—XVIII դարերի պատմության հարցերը ըստ եվրոպացի հեղինակների.- Եր. ՀՀ ԳԱ հրատ., 1990.
Տրամադրել է՝ Միքայել Յալանուզյան
Սկան՝ Անի Քամալյան, Վահագն Մխոյան
OCR՝ Արշակ Ծառուկյան, Սոնա Ավագյան, Նելլի Հարությունյան, Գրիգոր Երիցյան, Անի Քամալյան, Հասմիկ Սողոմոնյան
Ուղղագրում՝ Լինա Քամալյան

Տես նաև
Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice