ՀՈԴՎԱԾՆԵՐ
1. Համբարձումն Տեառն
2. Եկեղեցին հայկական
3. Մեղք, որ կոչվում է հայհոյություն
4. Ուշացած խոստովանություն
5. Հայորդիներ՝ առաջին քրիստոնյա ազգի ժառանգներ
6. Սուրբ Զատիկ
7. Հակաքրիստոսը
Աշխարհի բոլոր կրոններն ունեն իրենց հիմնադիրները՝ Կրիշնա, Բուդդա, Մուհամեդ և այլն: Նրանց հետևորդներն ի նշան հարգանքի, երբեմն-երբեմն երկրպագության են գնում իրենց առաջնորդների շիրիմներին և… կանգ առնում հավիտենական պատնեշի առջև, քանզի մահվան վարագույրը նրանց բաժանում է միմյանցից: Իսկ ոսկորներով լեցուն անկենդան գերեզմանները հաստատում են Արարչի խոսքն ուղղված ադամորդիներին. «Հող էիր, հողին պիտի վերադառնաս»: Դարերի ընթացքում հաճախ «իմաստուն» համարվածները ցանկացան խուսափել Աստծու կամքից և զմռսեցին իրենց թանկագին մեռելներին: Զո՜ւր ջանքեր: Պողոս սրբազան առաքյալը դրանց «ծեփած գերեզմաններ» անվանեց: Մահվան անկուլ երախը ծեփո՞վ պիտի փակես, ով խղճուկ արարած:
Բայց գիտցի՛ր ով մարդ, որ մահվան վարագույրը արդեն պատռվել է Կյանքի զորությամբ, խաչյալ և հարուցյալ մեր Տեր Հիսուս Քրիստոսի կողմից, որն Իր մահով հաղթեց մահին: Եվ նույն Պողոս առաքյալը հաղթանակած աղաղկել է. «Ո՞ւր է ով մահ, քո խայթոցը, ո՞ւր է, ով գերեզման, քո հաղթությունը» (Ա. Կորնթ. 15. 55): Իսկ եթե ուզում ես այցելել Քրիստոսի գերեզմանին և երկրպագել նրան, ապա անիմաստ է ցանկությունդ: Այն դատա՜րկ է, դեռ այն ժամանակվանից, երբ քեզ նման մի քանի հոգի նույնպես ուզեցին մահվան երրորդ օրը գնալ գերեզման և տեսան. «Քարը գերեզմանից մի կողմ է գլորված: Ներս մտնելով Հիսուսի մարմինը չգտան: Եվ մինչ նրանք այդ բանի համար տարակուսանքի մեջ էին, ահա երկու մարդիկ լուսափայլ հանդերձներով երևացին նրանց: Եվ երբ կանայք զարհուրեցին և իրենց երեսները գետին խոնարհեցին, այն մարդիկ ասացին նրանց. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ այլ հարյավ» (Ղուկաս 24. 2-5):
Եվ Հիսուսը քառասուն օր բազում ապացույցներով երևաց յուրայիններին, վկայեց Աստծու արքայության մասին և Իր վերջին հորդորները տվեց՝ ասելով. «Ինձ համար վկաներ լինեք Երուսաղեմում և ամբողջ Հրեաստանում ու Սամարիայում մինչև երկրի ծայրերը»: Երբ այս բաներն ասաց, մինչ նրանք նայում էին, համբարձվեց: Մի ամպ նրանց աչքերից ծածկեց: Երբ աչքերը երկինք հառնած նայում էին նրա ետևից, ահա երկու ճերմակ հանդերձներով մարդիկ նրանց մոտ կանգնեցին և ասացին. «Ով Գալիլեացիներ, ինչո՞ւ եք կանգնել և երկինք նայում, այս Հիսուսը որ ձեր մեջից երկինք համբարձվեց, պիտի գա նույն ձևով, ինչպես տեսաք նրան երկինք գնալիս» (Գործք Առաքելոց 1. 8-11):
Այո՛, հիմա մեր Տերը մեզ հետ չէ, Նա փառքով համբարձվեց այս մեղավոր աշխարհից, բայց մեզ որբ չի թողել, ինչպես ոմանք են կարծում, այլ Հոր Աջ կողմում նստած բարեխոսում է Իրեն հավատացողների համար, մինչև այն օրը, երբ երկնքում կհնչի ազդարարության փողի ձայնը, քանզի Նա նորից է գալու երկիր, բայց այս անգամ որպես ահեղ ու անաչառ դատավոր, որպես մաշող կրակ, ինչպես և գրված է. «Բայց այդ օրերին արեգակը պիտի խավարի ու լուսինը իր լույսը պիտի չտա: Եվ աստղերը երկնքից պիտի թափվեն ու երկիքի մեջ զորությունները պիտի շարժվեն: Այն ժամանակ Մարդու Որդուն պիտի տեսնեն ամպերով եկած, մեծ զորությունով ու փառքով: Այն ժամանակ պիտի ուղարկի իր հրեշտակներին ու պիտի հավաքի իր ընտրյալներին չորս կողմերից, երկրի ծայրերից մինչև երկնքի ծայրերը» (Մարկոս 13. 24-27):
Հիմա խոսքը քեզ է ուղղում, սիրելի ընթերցող հայորդի: Հավատա, որ նա պիտի գա ու չպիտի չուշանա: Բա՛ց քո սրտի դռները և ընդունիր նրան որպես ահեղ Դատավոր: Այսօր քանի ժամանակը քո ձեռքում է, մի արհամարիր նրա անչափ քաղցրությունն ու համբերությունը, այլ քննիր քո անձը և տես, ինչպե՞ս ես քո տեր Աստծուն դիմավորելու, որպես Տեր ու Փրկի՞չ, թե՞ որպես ահեղ ու անաչեռ Դատավոր: Իմաստուն եղի՛ր և կյանքը ընտրի՛ր, որպեսզի ապրես:
Պատրաստեց՝ Մեհրուժան Բաբաջանյանը
Ապրիլ 1992
Եկեղեցին հունարեն Էկլեզյա - բառն է, որ թարգմանվում է ժողովուրդ, կամ հավաքականություն: Իմանանք նախաբանում, որ մեր Հայոց եկեղեցին շատերը, նույնիսկ ինքներս, անտեղյակությունից անվանում ենք Լուսավորչական, կամ, ինչպես ուրիշ ազգերն են ասում, Գրիգորյանական՝ որը թյուր է և սխալ: Մենք կոչվում ենք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի: Այս հիմնավորումը ճշգրիտ է, թե՛ մեր պատմահոր՝ Խորենացու լուսաբանումով, թե՛ իր պտղաբեր արդյունքներով: Քննենք ինչու և անցնենք բուն նյութին:
Եթե փորձենք տեղադրել եկեղեցի բառի համապատասխան թարգմանութունը, ապա կստացվի՝ հայ առաքելական ժողովուրդ: Այսինքն, ազգ, որ գոյություն է ունեցել դեռ Քրիստոսի 12 առաքյալների ժամանակներում: Կարևորը նա չէ, որ բարձր կարգի աստվածաբանները վիճարկում են՝ արդյո՞ք հոգեգալուստի ժամանակ այնտեղ էին հայերը, թե՞ ոչ, երբ աշխարհի տարբեր ազգերից ներկա են գտնվել Երուսաղեմում, (անձամբ ես նախակարծիք եմ, որ անպայման մեզանից այնտեղ ներկա են եղել, քանզի առանց մեզ ոչ մի կարևոր բան չի եղել և առանց մեզ չի լինելու), այլ այն, որ ամբողջ աշխարհի համար մեր Տերը առանձնացրեց ընդամենը 12 առաքյալներ, որոնցից երկուսը եկել են պատմական Հայաստան, նախ Թադևոսը՝ մ. թ. 43թ., հետո՝ Բարդուղիմիոսը՝ մ. թ. 60 թ.: Հրաշքներով, տեսանելի զորություններով ու նշաններով, (որոնցից հայտնի է Աբգար թագավորի բորոտության բժշկումը, որով հենց ինքն էլ դարձավ Հայ եկեղեցու առաջին անդամներից մեկը) և ճշմարիտ հիմքը դրեցին ապագա եկեղեցու ու այնպիսի հիմք, որ դիմակայելու էր դարեր, ժողովուրդներ, ազգեր, ու լեզուներ, որոնք եկան, քիչ ժամանակ մնացին, բայց և գնացին անհետ ու ընդմիշտ: Ինչպես դիմացա՞նք: Որովհետև հիմք-վեմը ընտիր էր և հիմնված էր Տիրոջ այն խոսքի վրա. «Հիսուս հարցրեց աշակերտներին ու ասաց. «Մարդիկ Իմ մասին ի՞նչ են ասում, ո՞վ է Մարդու Որդին»: Եվ Նրան ասացին. «Մեկը թե՝ Հովհաննես Մկրտիչը, իսկ ոմանք թե՝ Երեմյան կամ մարգարեներից մեկը»: Հիսուս նրանց ասաց. «Իսկ դուք Իմ մասին ի՞նչ եք ասում, ո՞վ եմ Ես»: Սիմոն Պետրոսը պատասխանեց ու ասաց. «Դու ես Քրիստոսը, կենդանի Աստծու որդին»: Հիսուսը պատասխանեց և նրան ասաց. «Երանի քեզ, Սիմոն, Հովնանի որդի, որովհետև մարմինը և արյունը չէ որ, որ հայտնեց քեզ, այլ իմ Հայրը, որ երկնքում է: Եվ ես ասում եմ քեզ որ դու վեմ ես, և այդ վեմի վրա պիտի շինեմ իմ Եկեղեցին ու դժոխքի դռները պիտի չհաղթեն նրան» (Մատթեոս 16. 13-18):
Այո, Տիրոջ խոսքը հաստատվեց նաև մեր Հայոց եկեղեցու միջոցով և կանգուն մնացին ցայսօր: Նախ մոտ 3 դար հարատևեց Քրիստոսի այդ փոքրիկ հոտը, մոլեռանդ քրմերի ու կռապաշտ ժողովուրդների մեջ, մինչև Աստված իր Գրիգոր ծառայի միջոցով (որը հետո հորջորջվեց Լուսավորիչ), փարատեց դիվական զորությունների խավարի գործերը ու նրան որպես օգնական բազուկ հանեց հրաշքով բժշկված մեր ախտավոր ու դիվոտած Տրդատին: Արդյունքը եղավ այն, որ աշխարհում բոլոր ազգերից առաջինը ընդունեցինք քրիստոնեությունը պետականորեն ու 301 թվից կոչվեցինք Հայ քրիստոնյա ազգ: Իսկ այդ բոլորի տեսանելի մասը կազմեց Սուրբ Էջմիածինը (ասել է, թե Աստծո Միածնի իջման վայր), որը հաստատվեց ու կառուցվեց Գրիգոր Լուսավորչի տեսիլքի հիման վրա:
Ավելորդ չէ մեջ բերել այս առիթով Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանի բնորոշումը ազգի և եկեղեցու սերտ կապի, որին տվել է ԱԶԳԱՅԻՆ ԵԿԵՂԵՑԻ անվանումը, իսկ մեզ քաջածանոթ Խրիմյան Հայրիկն իր ուղերձում գրել է. «Հայությունը իր էությանը ամբողջապես լուծել է Հայ եկեղեցու մեջ, - ընդունելով ազգի համար, որպես բովանդակ իմաստության տաճար»:
Եկեղեցու հիմնադիրը և գլուխը եղել է և կա մեր Տեր Հիսուս Քրիստոսը: Ըստ մեր սուրբ հայրերի գրվածքի, Սուրբ Ավետարանը դավանում ենք հայր, իսկ եկեղեցին որպես մայր: Միշտ քրիստոնեության դեմ պայքարելիս, մանավանդ մեր դարի սկզբներին, բավարարվում էին գմբեթի խաչերը գետնելով և անարգելով այն, իսկ շատ հաճախ հիմնահատակ կործանելով Տիրոջ տաճարը: Այդ չէ՞ պատճառը, որ մեր բազմաչարչար հողը լեցուն է անարգված սրբատեղերով: Իսկ ժամանակը չէ՞ արդյոք մինչև վերջին շինությունը վերականգնելով մեր վրայից վերցվի այդ անարգանքը, և կոչենք մեր եկեղեցիները ոչ թե պատմական հուշարձաններ, այլ դարձնենք աղոթքի տներ: Սիրելի Հայորդի, իսկ ժամանակը չէ՞ արդյոք, որ քո սրտի գահընկեց խաչը նույնպես վերականգնես ու Աստծու Որդուն՝ Հիսուս Քրիստոսին Տեր ու Փրկիչ ընդունես: Քանզի ժամանակները չար են, ինչպես զգուշացնում է մեզ ավետարանի խոսքը և մի խաբվիր մարդկային ամպագոռգոռ գաղափարներին, (ինչպես արել ես 70 տարի) ու մոլորեցուցիչ կրոնների դիվական, քաղցր մեղցր խրթնաբանություններին (ինչպես անում ես այժմ), այլ քո իմաստուն նախնիների Աստծուն դարձիր, որոնք ճշմարիտ վեմը ընտրեցին ու հարատևեցին գալիք փորձություններին: Մեր ազգի համար հիմա փորձության ժամ է և քեզանից էլ կախված, թե արդյոք այս փոթորիկից անկորո՞ւստ դուրս կգանք, թե՞ նորից ազգի կեսը կկորցնենք (եթե միայն այդքանը): Ուրեմն լսիր այս արիթով Աստծո խոսքը. «Ինչո՞ւ ինձ Տեր, Տեր եք կոչում և իմ ասած բաները չեք կատարում: Նա, որ Ինձ է գալիս և Իմ խոսքերը լսում ու դրանք կատարում, ձեզ ցույց տա՞մ, թե ում է նմանվում: Նա նման է տուն շինող մի մարդու, որ փորեց ու խորացրեց ու հիմքը ժայռի վրա դրեց և ջրերի վարարած ժամանակ, երբ գետը զարկեց այդ տանը ու չկարողացավ նրան շարժել, քանի որ հիմքը հաստատուն էր: Բայց նա, որ Իմ խոսքերը լսում է ու չի կատարում, նմանվում է այն մարդուն, որ հողի վրա առանց հիմքի տուն շինեց, որին գետը զարկեց և շուտ փլվեց և այդ տան կործանումը մեծ էր» (Ղուկաս 6. 46-49):
Սուրբ Ավետարանով և պատմական ճշմարտացի տվյալներով հաստատված այս խոսքը թող քեզ էլ արթնացնի մեղքի թմբիրից, սիրելի Հայորդի, որովհետև գրված է նաև. «Ում շատ է տրվում, նրանից շատ է պահանջվելու»: Իրոք որ մեզ շատ է տրված, մեր հողը սրբերի ու Քրիստոսի մարտիրոսների աճյունների մի թանգարան է, որոնք երկնքից տրտմած քեզ են նայում, որովհետև, անտարբեր շրջելով ու մեղքերիդ համար հոգս չանելով, մնում ես Աստծո դատապարտության տակ, որ գալու է բոլոր արարծների վրա:
ՈՒՐԵՄՆ, ՔԱՆԻ ՈՒՇ ՉԷ, ԱՅՍՕՐ ՕԳՏՎԻՐ ԱՍՏԾՈ ՔԱՂՑՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՈՒ ԵՐԿԱՅՆԱՄՏՈՒԹՅՈՒՆԻՑ, ՈՐԸ ՉԻ ՈՒԶՈՒՄ ՈՉ ՄԵԿԸ ԿՈՐՍՎԻ, ԱՅԼ ԲՈԼՈՐԸ ԱՊԱՇԽԱՐԵՆ ՈՒ ՓՐԿՈՒԹՅՈՒՆ ԳՏՆԵՆ:
Պատրաստեց՝ Մեհրուժան Բաբաջանյանը
Հուլիս 1992
ՄԵՂՔ, ՈՐ ԿՈՉՎՈՒՄ է ՀԱՅՀՈՅՈՒԹՅՈՒՆ
Սկսենք Աստծո խոսքով. երբ Հիսուս Քրիստոսը փարիսեցիներին քարոզում էր, նրանց ասաց. «Ինչ որ մարդուց դուրս է գալիս, ա՛յն է, որ պղծում է մարդուն, որովհետև ներսից, մարդկանց սրտից են ելնում չար խորհուրդները՝ շնություն, պոռնկություն, գողություն, սպանություն, ագահություն, չարություն, նենգություն, գիջություն, չար նախանձ, հայհոյանք, ամբարտավանություն, անզգամություն: Այս բոլոր չարիքները ներսից են ելնում և պղծում մարդուն»:
Այս թերթիկի նպատակն է հայորդիներին զգուշացնել շատերի համար սովորական դարձաց, բայց մարդու հոգին կործանող այդ մեղքի մասին, որն այնքա՜ն է տարածվել ներկայիս սերնդի մարդկանց մեջ, որ արդեն դարձել է առօրյա, մինչև անգամ՝ ընտանեկան խոսելակերպ:
Ու եթե ուշադիր էք կարդացել, ապա նկատած կլինեք, որ չարիք համարվող այդ բոլոր մեղքերի հետ համահավասար դրվեց նաև հայհոյության մեղքը, որը հայելու նման արտացոլում է մարդու սրտի ապականված վիճակը, որովհետև մարդու բերանը իր սրտի միջի եղածից է խոսում:
Եվ այսպես, հայհոյության այդ դիվական ախտը օգտագործողները ամե՛ն օր, ամե՛ն ժամ, զանցառու են դառնում Տիրոջ երկու մեծագույն պատվիրանների հանդեպ, որոնք անձամբ Հիսուսն է սովորեցրել.
«Սիրի՛ր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով ու քո ամբողջ մտքով»: Եվ երկրորդ. «Սիրի՛ր ընկերոջդ քո անձի պես» (Մատթ. ԻԲ 37):
Եւ երբ մի մարդ հայհոյում է մեկ ուրիշի, դրանով իսկ նա խախտում է այս երկու պատվիրանները միաժամանակ: Ըստ Աստվածաշնչի, մարդը ԱՍՏԾՈ պատկերով ու նմանությամբ է ստեղծված, հետևաբար ինչպես ԱՍՏԾՈՒՆ սիրող մեկը կարող է հայհոյել ԱՍՏԾՈ պատկերն ունեցող մեկ ուրիշի՝ դրանով իսկ անարգելով նրա Ստեղծողը:
Ավա՜ղ, մենք լավ գիտենք, թե այդ հայհոյության ախտը ինչ սարսափելի և դառն ավերածություննեեր գործեց քրիստոնյա մեր ազգի մեջ. մարդիկ, որոնք իրենց շուրթերով մի ժամանակ ԱՍՏԾՈՒՆ էին օրհնաբանում, այսօր Տիրոջ ճանապարհներից խոտորված՝ ուրախացնում են սատանային:
Այս ապականացու ախտը այն աստիճան է առօրյականացել, որ նույնիսկ մեր մանուկներն են սկսել պղծվել այդ միջավայրից, և անգամ հենց իրենց ծնողների գարշահոտ հայհոյանքներից: Ինքս եմ անձամբ լսել, թե ինչպես են այսպես կոչված «բարի» կամ «հանաքչի» քեռիները մանուկներին պղծաշուրթ դարձնում՝ զանազան «անմեղ» համարվող հայհոյություններ սովորեցնելով: Մի անգամ, երբ կայարանում ընկերոջս էի ճանապարհում, ամբոխի մեջ կանգնած, միջին տարիքի մի հայր, իր գրկի 3-4 տարեկան թոթովախոս երեխային ասաց. «Բալիկ ջան, այս տյոտյային մի լավ բան ասա». մատնացույց անելով իր բարեկամուհիներից մեկին: Ես, որ պատահաբար նրանց կողքին էի, ինքս ինձ մտորում էի, թե ինչ լավ բան կարող է ասել այդ «մի մատ» երեխան: Հանկարծ, այդ կաթնկեր ու հրեշտականման երեխայի բերանից մի այնպիսի զազրելի ու կոպիտ, տղամարդուն բնորոշ հայհոյություն լսեցի, որ ամբողջ հոգիս տակնուվրա եղավ այդ նողկալի խոսքերից: Պակաս նողկալի չեր և տեսարանը. ներկաները, այդ թվում և «տյոտյան», սկսեցին գռեհկորեն հռհռալ ու գովել երեխային, որն էլ դրանից ոգևորվելով, հայհոյանքների ավելի սարսափելի տարափ տեղաց, նրանց հետ ուրախանալով: Ավելի ուշ, հոգևոր մի գրքում կարդացի սրա նման մի այլ դեպքի մասին, որտեղ ցույց էր տրված նաև այդ արարքի սոսկալի հետևանքը: Ահա այդ պատմությունը. «Ասում են, որ Հռոմում ապրող մի մարդ կար, որը մի որդի ուներ և շատ սիրելով նրան այնքան էր երես տվել, որ նա այլևս չկարողանալով զսպել իրեն, հայհոյում էր, երբ ինչ որ բան դուրը չէր գալիս: Եվ նա այն աստիճան հանդգնացավ, որ սկսեց Աստծո սրբությունների դեմ բերան բացել, իսկ հայրը չէր հանդիմանում նրան: Ու եղավ այնպես, որ այդ ժամանակ սկսվեց ժանտախտ տարածվել այդտեղ: Դրանով վարակված տղան իր հոր ձեռքերի մեջ էր, ու դևերը ուզում էին խլել նրա մեղավոր հոգին: Տեսնելով նրանց, փոքրիկը սարսափից ու ահից սկսեց գոռալ. «Հայրի՛կ, հայրի՛կ, ինձ դրանց ձեռքից ազատիր»: Անհանգստացած հայրը հարցրեց ն2րան. «Ի՞նչ ես տեսնում տղաս»: Որդին պատասխանեց. «Ահա սարսափելի գազաններ են եկել և ուզում են տանել ինձ»: Եվ սկսեց հայհոյել կեղտոտ բառերով ու նույն ժամին աղերսախառն ճչոցով մեռավ հոր գրկում»:
Այս պատմությունը թող սթափեցնի թե՛ հայհոյողներին և թե՛ այն ծնողներին, որոնք անտարբերությամբ են նայում հոգեկործան այդ մեղքին:
Հովհաննես Ոսկեբերանը այս առիթով ասել է. «Եթե դանակի հարվածով վիրավորենք մանուկին, ավելի քիչ վնաս հասցրած կլինենք, քան թե վատ օրինակ ցույց տալով գայթակղեցնենք նրան»:
Երբ մարդ հայհոյում է, դրանով իսկ ապականում էր իր բերանը, որը Աստծուց տրված է օրհնության ու աղոթքի համար, իսկ մենք պղծելով այն, դժոխքի խորխորատ ենք դարձնում: Հակոբոս առաքյալը դրանց նմանների համար գրում է. «Լեզվով օրհնում ենք Տիրոջը և Հորը և նրանով անիծում (հայհոյում) ենք մարդկանց, որ ստեղծվեցին ԱՍՏԾՈ նմանությամբ: Նույն բերանից դուրս են գալիս օրհնություններ և անեծքներ (հայհոյանքներ): Եղբայրնե՛ր իմ, պետք չէ, որ դա այդպես լինի: Մի՞թե մի աղբյուր նույն ակից քաղցր ու դառը ջուր կբխեցնի» (Հակ. Գ. 9-11):
Եվ հետո, այս մեղքով տառապողները թող իմանան, որ մեր մարդասեր Արարիչն ամեն աշխարհ եկող մարդու համար մի-մի սուրբ հրեշտակ է կարգել մեր հոգիների պահպանության համար: Ուրեմն մեր խոսքով ու արարքներով չտրտմեցնենք Տիրոջ խոնարհ, բայց և զորեղ լուսեղեն հրեշտակներին, որոնք տեսնում ու լսում են ամեն բան, նույնիսկ մեր ծածուկ գործածները: Հիշենք նաև, որ նրանք մեր անաչառ վկաները պիտի լինեն Աստծո ահեղ Դատաստանի ժամանակ: Իսկ առայժմ նրանք, ւարեկցելով, ըստ Գրիգոր Նարեկացու, բարեխոսում են մեզ համար, հառաչաձայն երգելով. «Ողորմյա, Տե՛ր, Դու ստեղծեցիր, Դու մի՛ կործանիր»:
Աստծո առաքյալը հայհոյողներին նմանեցնում է անբան անասունների, իսկ Գրիգորիս վարդապետը այդ մասին ասում է. «Հայհոյանքը ավելի ծանր է ամեն տեսակ մեղքից և Աստծուն դնում է բարկության մեջ, որովհետև այլ են այն մեղքերը, որ մարդիկ ծածուկ են գործում ու միայն իրենք գիտեն, և մեղք գործելիս վախից հալումաշ են լինում՝ չլինի թե մեկը տեսնի իրենց և հանդիմանի: Մինչդեռ հայհոյանքը բացահայտ մեղք և բոլորին մեղքի մղող լիրբ անօրենություն է և պղծում է իր ու լսողի հոգին: Եվ թող մեկը չասի, թե հայհոյանքը խոսքով մեղանչելուց ծանր մի բան չէ: Մանավանդ կանանց հայհոյանքը ավելի է զայրացնում Աստծուն և պատուհաս բերում աշխարհին»:
Աստծո խոսքը նաև զգուշացնում է զավակներին. «Անիծյալ լինի նա, ով իր հոր կամ մոր դեմ հայհոյություն կանի» (Գիրք Օրենքի 27:16):
Հովհաննես Երզնկացին, որպես հոգիների բժիշկ, ժողովրդին նույնպես զգուշացրել է այդ ախտավոր մեղքի սարսափելի հետևանքների մասին. «Մեծ և անքավելի մեղք է հայհոյանքը և ավելի չար, քան Ադամից մինչև այսօր բոլոր հերձվածները, որոնք նզովված: Մեծագույն հերձված է հայհոյանքը, որը բոլոր մոռացված մեղքերն ու չարիքները կրկին հիշել է տալիս ԱՍՏԾՈՒՆ, հրեշտակներին ու սրբերին, դողացնում է ԱՍՏԾՈ արարածներին և գարշելի ու զազիր հոտով լցնում է երկիրը: Հայհոյանքները փակում են ԱՍՏԾՈ ողորմության դուռը, թույլ չեն տալիս Արարչին, որ ողորմած աչքով նայի իր արարածներին և դրանով արգելք են հանդիսանում սրբերին, որ բարեխոս լինեն աշխարհի համար: Դև ու սատանա են կոչում այդպիսիներին, մինչև որ դառնան չար սովորությունից և պահքով, աղոթքով ու ողորմությամբ քավեն իրենց մեղքերը և Քրիստոսի շնորհով արդարանան: Այս խրատը ավանդում ենք քրիստոնյաներին այդ մեծ ու ահեղ մեղքերի համար, որպեսզի հրաժարվեն նման չար ու հիմար սովորությունից»:
Նաև տեղին է Ավետարանից հիշել, որ Հիսուսի հետ խաչված ավազակներից մեկը նույնպես հայհոյեց Նրան, ասելով. «Դու չե՞ս Քրիստոսը, փրկի՛ր ինքդ քեզ և մեզ»: Իսկ նրա հետ խաչված ընկերը, սաստելով նրան, պատասխան տվեց և ասաց. «Աստծուց չե՞ս վախենում, դո՛ւ, որ նույն պատիժն ես կրում: Եվ մենք իրավացիորեն արժանի հատուցում ենք ստանում այն գործերի համար, որ կատարեցինք, իսկ սա որևէ վատ բան չի արել»: Եվ ասաց Հիսուսին. «Հիշի՛ր ինձ, Տե՛ր, երբ գաս քո թագավորությունով»: Եվ Հիսուսը նրան ասաց. «Ճշմարիտ եմ ասում քեզ, այսօր ինձ հետ դրախտում կլինես» (Ղուկ. ԻԳ. 39-42):
Ահա ամենաուսանելի ավետարանական դեպքերից մեկը, թե ինչպես հայհոյության ախտով տառապող ավազակը իր սրտի չարությունից բխած լուտանքների պատճառով ապաշխարանքի ու ներման չարժանացավ, իսկ իր նման հանցագործ ավազակը վախեցավ ԱՍՏԾՈՒՑ և հայհոյությամբ չբացեց իր բերանը, և դեռ ավելին՝ զղջումով խոստովանելով, համարձակվեց Հիսուսից խնդրել, որ իրեն էլ հիշի, երբ արքայությամբ գա: Ու այդ մի զղջումով և ԱՍՏԾՈ հանդեպ ունեցած վախով նա Հիսուսից լսեց դրախտ մտնելու երանելի խոստումը:
Որպես վերջաբան ուզում եմ պատմել ևս մի եղելություն, կապված Հայրենական պատերազմի մասնակցի հետ: Ահա այդ պատմությունը. «Մենք ճակատի առաջավոր գծում էինք: Ժամանակավոր խաղաղություն էր տիրում: Վաշտով ճաշելուց հետո ազատ էինք: Դեհ իհարկե, ծխողի սովորության համաձայն ուտելուց հետո հաճելի էր մի-մի մախորկա քաշելը: Ես վառեցի ծխախոտս ու դեռ մի քանի ծուխ չքաշած՝ մի շեկ զինվոր մոտեցավ ու ծխախոտ ուզեց: Ասացի նրան, որ սպասի՝ մի քիչ ծխեմ ու մնացորդը իրեն տամ. դա տարածված սովորություն էր բանակում: Դեմ դիմաց կանգնած ծխում էի, հանկարծ նա առանց պատճառի սկսեց ինչ որ բանից դժգոհել ու չարացած հայհոյեց Աստծուն: Ես սրտնեղած ասացի. «Մի՞թե չես վախենում, պատերազմի ժամանակ, երբ ամեն րոպե կարող է մեռնենք, դու Աստծուն ես հայհոյում»: Նա ուշադրություն չդարձնելով ասածներիս, էլ ավելի թունդ հայհոյանք տվեց, այս անգամ Տիրամորը: Ես բարկացած ուզում էի թողնել հեռանալ այդ պղծաշուրթ մարդուց, բայց հենց նույն պահին մի կրակոց լսվեց, ու մինչ երկուսս էլ կհասցնեինք կռանալ, մեկ էլ թիկունքից գնդակի ուժգին հարված զգացի «կասկայիս». վրա: Կարծեցի թե՛ վերջ, մահս եկավ... երբ ուշքի եկա շշմեցնող հարվածից, աչքերս բացեցի, ու ի՛նչ տեսնեմ. հարվածից «կասկաս» պտտվել էր գլխիս վրա, իսկ գնդակը, որ ինձ էր ուղղված, կպչելով «կասկայիս» թեքեց ուղղությունը ու մխրճվեց այդ զինվորի ճակատի հենց մեջտեղը. նա մի քանի անգամ բաց ու խուփ արեց հենց նոր հայհոյող բերանը, ու անշնչացած փլվեց ոտքերիս առաջ: Ես խիստ սարսափեցի ԱՍՏԾՈ այդ ահեղ պատժից, որը չուշացավ, ու խաչակնքվելով փառք տվի ԱՍՏԾՈՒՆ, որ ինձ մահից փրկեց»:
------------------
Նկարագրված պատմություններն ու խրատները թող սթափեցնեն հայհոյալից բերաններով
հայորդիներին, որոնք դրանով իսկ իրենց շուրթերը դարձնում են թարախածոր ու ապականված,
ու ամեն օր հարատևելով այդ մեղքի մեջ, նրանք արհամարհում են այն համբերությունն
ու քաղցրությունը, որ իրենց սիրող Աստվածը դեռ շարունակում է ցուցաբերել իրենց
հանդեպ, բայց չմոռանաք, որ ԱՍՏՎԱԾ նաև մաշող կրակ է և սարսափելի պիտի է լինի
Նրա Դատաստանը մեղքը սիրող յուրաքանչյուր արարածի հանդեպ, և Աստվածաշնչի վերջում
է գրված է.
«Հինգերորդ հրեշտակն իր սկավառակը թափեց գազանի գահի վրա. և գազանի թագավորությունը խավար դարձավ. մարդիկ ցավից իրենց լեզուներն էին կծոտում: Եվ իրենց ցավերի ու դառն ախտի պատճառով հայհոյեցին երկնքի Աստծուն, և սակայն չապաշխարեցին իրենց գործերից» (Հայտնություն ԺԶ. 10-11): Եւ դարձյալ. «Ահա գալիս եմ շուտով, եվ ինձ հետ է իմ վարձը, որպեսզի հատուցեմ յուրաքանչյուրին ըստ իր գործերի»:
Մ. Բաբաջանյան.
Երուսաղեմի սուրբ Հակոբյանց վարժարանի
կրոնի ուսուցիչ
ՈՒՇԱՑԱԾ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ
Այո, ինչքան էլ զավեշտ թվա ընթերցողին, մեզ բոլորիս քաջ հայտնի անաստված Չարլզ Դարվինի մասին է խոսվելու, բայց շատերին անհայտ ու զարմանալի տեսանկյունից։
Հայտնի է որ անգլիացի այդ գիտնականը 19-րդ դարի ամենասենսացիոն հայտնագործությունը արեց, այսինքն՝ մարդկային ցեղին կապկային ծագում վերագրեց, իր հայտնի էվոլյուցիոն տեսության միջոցով։ Դա բոլորս լավ սերտեցինք, քանզի այս տեսությունը դարձավ խորհրդային կայսրության հիմնաքարերից մեկը, ու որը չունենալով բավարար կարծրություն շուտով այն վերածվեց ավազի եւ դարձավ կայսրության փլուզման գործոններից մեկը։ Ինչո՞ւ, շատ պարզ, քանզի այն պետությունը, որը առաջինը բոլոր եղածների մեջ համարձակվեց պնդել թե Աստված չկա, եւ սկսեց մարտնչել այդ “գոյություն չունեցող” Աստծո դեմ, ոչնչացնելով Նրա եկեղեցիները, սրբատեղերն ու ամեն բան ինչ-որ հիշեցնում էր Աստծուն, ընդհուպ քահանաներին ու հավատացյալ ժողովրդին, ընկավ Աստծո բարկության տակ։ Ունենալով աշխարհի մեկ վեցերրորդ մասի ամենաբերրի հողատարածությունը, ամենաջրառատ գետերը եւ օվկիանոսները, չհաշված հանքային անհատնում հանածոները, այդ բոլորը չօգնեցին նրան իրականացնելու իր ծրագրած կոմունիզմի գաղափարախոսությունը, որովհետեւ Ավետարանական հայտնի առակի նման, տունը ավազի վրա էր կառուցել։ Իսկ Դարվինը, որի մասին հիմա կխոսենք տարիներ հետո, նորից անդրադարձավ իր գիտական թեզին, քննեց այն Աստվածաշնչային տեսանկյունից եւ եկավ այն եզրակացության, որ... բայց ավելի լավ է խոսքը տանք իրեն. «Ես երիտասարդ եմ եղել, այն ժամանակ իմ մտքերը դեռ ձեւավորված չեն եղել։ Ես արել եմ տարբեր ենթադրություններ, անընդհատ մտորել եմ գոյություն ունեցող ամեն ինչի մասին։ Բայց ի զարմանս ինձ, այդ թեզերը տեղնուտեղը վերցնում էին։ Ու մարդիկ դրանցից կրոն սարքեցին»։
Այս ուշացած խոստովանությունը Դարվինը արեց զառամյալ տարիքում ու արդեն մահվան անկողնում։ Որը վկայում է «Բրիտիշ Էվանջջելիստի» 1920 թվականի համարներից մեկում եւ շարադրված էր այսպես. «Դարվինը բարձի վրա հենված, նստած էր անկողնում։ Նրա լուսամուտից բացվում էր մի հրաշալի տեսարան։ Մայր մտնող արեւը մեղմ ճառագայթներով լուսավորում էր մահամերձին, որը Աստվածաշունչ էր կարդում։ Իսկ երբ չէր կարողանում ընթերցել, նա խնդրում էր իրեն խնամող լեդի Հոուպին։ Եվ երբ մի անգամ նա հարցրեց թե ի՞նչ թեմայով կուզենար լսել, Դարվինը պատասխանել է. «Հիսուս Քրիստոսը եւ Նրա փրկությունը, մի՞թե դա լավագույն թեման չէ»։
Դարվինին խնամող այդ կինը հաղորդել է իր մեռնելուց առաջ, որ. «Դարվինը խնդրել է նրան Նոր Կտակարան կարդալ եւ այնպես անեն, որ կիրակնօրյա դպրոցի սաները իր պատուհանի տակ երգեն «Կանաչ բլրակի հեռվում» [հայտնի անգլիական կրոնական հիմն]։ Մեռնողի ցանկությունը կատարվել է, եւ խորապես հուզված գիտնականը ասել է. «Որքան եմ ափսոսում, որ ես իմ էվոլյուցիայի տեսությունը շարադրեցի այնպես, ինչպես արել եմ, քանզի չձեւավորված երիտասարդական մտքերս են հիմք ծառայել էվոլյուցիոն տեսության հիմքում»։
Հիմա հարց նրանց, որոնք դեռեւս հավատում են իրենց կապկային ծագմանը.Եթե այդ տեսության հիմնադիրը հրաժարվել է իր իսկ պնդումից, ապա ինչո՞ւ ես դու դեռեւս համառում։ Այդ գիտական հարցադրումից հետո անցել է մոտ հարյուր տարի, բայց այդպես էլ ոչ մի կապիկ, աշխարհի ոչ մի գազանանոցում չդարձավ մարդ, կամ էլ անտառից ոչ մի մարդ դուրս չեկավ, ասելով, որ ինքը մի ժամանակ կապիկ էր։ Ժամանակը չէ՞ արդյոք այդպիսի մարդը իրեն հարց տա. ճի՞շտ են եղել արդյոք իր նախնիները, Գրիգոր Լուսավորիչը, Տրդատ թագավորը, Մաշտոցը, Նարեկացին, Տաթեւացին եւ այլ սրբեր, որ հավատացել են ճշմարիտ Աստծո գոյությանը, թե ընդամենը խղճուկ մոլորվածներ են եղել։ Եվ պատասխանը փնտրիր սրտումդ ու կհամոզվես, որ սուրբ նախնիներդ իսկապես իմաստուն են եղել ու, տա Աստված, մենք բոլորս էլ այժմ այդ իմաստությունից ունենանք։
Քաղեց՝ Մ. Բաբաջանյանը
ՀԱՅՈՐԴԻՆԵՐ՝ ԱՌԱՋԻՆ ՔՐԻՍՏՈՆՅԱ ԱԶԳԻ ԺԱՌԱՆԳՆԵՐ
Քանի դեռ չի մարել Լուսավորչի կանթեղը և նախնյաց սուրբերիդ՝ Տրդատի, Գրիգորի, Մաշտոցի, Վարդանի, Նարեկացու, Շնորհալու, բազում այլոց հոգու կանչը, վեր կաց ու կանգնիր մեռելների միջից, քանզի ժամն է եկել աղոթքի:
Հայոց փոքրիկ նավը աշխարհի հոծ ու մեծամեծ ազգերի ծովում տարուբերվելով, պռնկե- պռունիկ լցվել է մեր մեղքերի ու թշվառությունների՝ պղտոր ջրերով: Երկրի երեսին չկա այլևս մի ուժ, որ քեզ փրկության ձեռք մեկնի: Շուրջ բոլորդ մահաբեր օղակ է, բայց մնացել է վերջին ճանապարհը՝ երկնայինը, քանզի գրված է Աստվածաշնչում. «Օրհնյալ է այն մարդը, որ Տիրոջը կապավինի, որի հույսը Աստված է» (Երեմյա 17.7):
Եթե դեռևս իմաստուն նախնիներիդ հուգու կայծերն են ջերմանում քո սրտում, ապա անտարբեր չես մնա այս կանչին և գալիք փորձություններին դիմակայելու համար, կոչ ենք անում բոլորին, բոլորին՝ մանուկից մինչև մեծ.
2004 թվականը անց կացնել զղջման ու ապաշխարհության աղոթքներով, քանզի Ինքն է պատվիրել. «Աղոթք արեք, որպեսզի փորձության մեջ չմտնեք» (Ավետարան ըստ Մատթեոսի 21.41):
Եվ բոլորիս հոգու կանչին ուղեցույց լինի Աստծու սուրբի՝ Դանիել մարգարեի հետևյալ աղոթքը.
«Ո՜հ, Տեր, մեծ ու ահավոր Աստված, որ պահում ես Քեզ սիրողներին ու Քո պատվիրանները պահողի ուխտը: Մենք մեղք գործեցինք, անօրենություններ անելով Քո ճանապարհից խոտորվեցինք: Եվ ահա այս չարիքները եկան մեզ վրա, սակայն մեր անօրենություններից հրաժարվելու և Քո ճշմարտությանը խելամուտ լինելու համար, մեր Տեր Աստծուց ներում չխնդրեցիք:
Այժմ շնորհ արա, Քո սրտմտությունը և Քո բարկությունը հետ դարձրու, քանի որ մեր մեցքերի ու մեր հայրերի անօրենությունների պատճառով մեր շուրջը եղող ազգերից նախատվեցինք:
Եվ հիմա, ով Աստված մեր, լսիր քո ծառայի աղոթքը ու աղաչանքը և Քո սիրո համար ամայացած այս երկրի վրա երեսդ փայլեցրու: Ականջդ խոնարհեցրու, ով Աստված իմ, աչքերդ բա՛ց ու տե՛ս մեր ավերումները: Մեր աղաչանքները ոչ թե մեր արդարությունների համար ենք Քո առջև մատուցում, այլ Քո մեծ ողորմության համար:
Տե՛ր, լսիր ու ներիր, ով Տե՛ր նայիր ու ողորմիր, և մի ուշանա, քանզի այս ժողովուրդը Քո անունով է կոչված» (Դանիել 9. 4-19):
Քո անվան և փառքի համար փրկիր մեզ և քավիր մեր մեղքերը:
Հայորդինե՛ր՝ Ձեր Աստծուն փառք տվեք դեռ խավարը մեր վրա չհասած:
ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿ
Ինչո՞ւ է զատկական խորհուրդը այդքան խորհրդավոր: Եվ ինչո՞ւ է մարդու հոգում առաջանում անբացատրելի կարոտ հանդեպ այն ՄԵԿԻՆ, որին ոչ տեսել է, ոչ ճանաչել, այլ միայն լսել է նրա մասին, որ դարեր առաջ մի ԱՐԴԱՐ խաչեցին, ԱՆՄԵՂ ու ՍՈՒՐԲ: Եվ երբ նրա հետ խաչվող ավազակներից մեկը տեսավ, որ Նա իր թշնամիների համար, տառապանքների մեջ աղոթք է մրմնջում. «Հայր, ներիր նրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում», ցնցվեց մինչև հոգու խորքը: Ու ցնցվեց ոչ թե ցավից, այլ այդ անբացատրելի սիրուց ու իր ջլատվող ուժերը լարելով, գոչեց. «Տե՛ր, հիշիր ինձ, երբ քո թագավորությունով գաս»: Երբ ավազակն ինքն էլ չհասկանալով, արարչական ողջ տիեզերական խորհուրդն ամփոփեց այդ մեկ հատիկ նախադասության մեջ, քանզի Տերը միայն Աստվածն է, իսկ իր հետ խաչվածը՝ հենց ինքը՝ Աստծո Որդին է, Հիսուս Մեսիան, որ աշխարհ էր գալու: Ու թեև Նրան խաչեցին անարգի նման, բայց ավազակը հավատաց, որ Նա հարություն կառնի ու նորից կգա իր թագավորությունով: Հավատաց նաև, որ Տերը կարող է մեռելներից էլ հարություն տալ, ուստի ասաց. «Ինձ էլ հիշիր»:
Մեռելներին հիշելուց ի՞նչ օգուտ, եթե չկա հարություն: Եվ ի պատասխան այդ մեծ ու զարմանալի հավատի՝ լսեց իր Տիրոջ ձայնը. «Ճշմարիտ եմ ասում քեզ, այսօր ինձ հետ դրախտում կլինես»:
Ո՛վ հայորդի, դու երբևէ տեսե՞լ ես քու պապերի հին գերեզմանները: Այնտեղ շատ տապանաքարերի վրա գրված է նույն նախադասությունը, ինչ բարբառեց ավազակը խաչի վրա՝ այն հաստատ հավատով, որ Տերն իր Գալստեան ժամանակ իրեն էլ հարության կարժանացնի: Եվ բոլոր խաչքար-տապաններում ամփոփված ննջեցյալներն այդ են աղերսել իրենց մեղքերի համար խաչված Տիրոջից:
Իսկ հիմա գնա ու շրջիր ժամանակակից գերեզմանոցներում: Աշխարհի զեխության ու ապականության հետքերն են այնտեղ էլ կտեսնես. հսկայածավալ ու մեծարժեք, սև ու մոխրագույն, հայելաողորկ քարեր՝ վրան գրված անուն, ազգանուն, ծնունդ ու մահ… և ուրիշ ոչինչ: Ոչ մի հույսի ծվեն հավիտենական գալիքի: Դատարկ ու ցուրտ, ինչպես իրենց սրտերը: Որտե՞ղ մարեց ճշմարիտ հավատի կրակը, որ հավատարմությամբ դարերի ու ժողովուրդների միջով բերեցին մեր սուրբ նախնիները: Այդ ի՞նչ մահաբեր խորշակ անցավ Քրիստոսի անունը առաջինը կրող մեր ազգի վրայով: Մի՞թե խավարը լույսից զորավոր գտնվեց: Ո՛չ, երիցս ո՛չ: Ավերմունքի պղծությունն ընդամենը 70 տարի գոյատևեց և այժմ Աստծո դեմ բերան բացողները իրար հրմշտելով փորձում են փախչել իրենց իսկ շինած բաբելոնյան խառնակ կայսրության խալխլվող աշտարակից: Զո՜ւր ջանքեր: Քանզի մեր մոլորված հայրերը մեղք գործեցին՝ պղծելով սրբություններն ու խնկաբույր մասունքները, Տիրոջ խոսքը բարբառող քահանաների բերանը բռունցքով փակեցին և Սիբիրի ու մահվան ճամփաներն ուղղեցին: Այժմ մենք նրանց գործած անօրենությունների պատիժն ենք կրում: Հիմա դու կասես. իսկ ես ինչո՞վ եմ մեղանչել, մի՞թե որդիները դատվում են հայրերի մեղքերի համար: Անշուշտ ոչ: Բայց եթե դու դեռ շարունակում ես մեղքի ճամփաներով քայլել, սիրտդ աշխարհի զեխ ցանկություներով գիրացնել, մոռանալով Եկեղեցի տանող ճանապարհը, կիրակնօրյա օրհնության Սուրբ Պատարագով հոգիդ մաքրելու ու զմայլվելու խաղաղասփյուռ շարականներով: Եվ եթե դեռ սիրտդ փակ է աղքատի ու նեղյալի հանդեպ, ուրեմն դու դեռևս այդ մոլորյալների արժանի սերունդն ես: Մինչդեռ եթե հոգիդ նեսումդ եռքի ալիքներ է բարձրացնում մեղսագործ հայրերիդ արարքների հանդեպ ու օր առաջ ուզում ես քավություն գտնել, ուզում ես այրված Ավետարանի տեղ Ավետարանով, Նարեկի տեղ Նարեկով, քանդված եկեղեցու տեղ եկեղեցիով, մարած աղոթքի տեղ՝ աղոթքով հատուցել, նշանակում է Կենարար Խոսքը սկսում է հոսել քո երակներով: Ուրեմն ելի՛ր ու կանգնի՛ր մեռելների միջից, քանզի քո լույսը եկել է, կանչիր այն ՄԵԿԻ անունը, որ քեզ համար խաչվեց ու հարություն առավ, և աղոթիր ասելով. «Մեղղա՜, մեղղա՜ քեզ Տեր, մեր հայրերի ու իմ գործած մեղքերի համար, այժմ սովորեցրու ընթանալ ճշմարտության, արդարության ու սիրո ճամփաներով»:
Այնժամ դու էլ լիասիրտ կգոչես. Քրիստոս հարյավ ի մեռելոց:
Եվ կլսես ի պատասխան. Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի:
Պատրաստեց՝
Մեհրուժան եղբայր Բաբաջանյանը
Ապրիլ 1992
ՀԱԿԱՔՐԻՍՏՈՍԸ
Վերջերս Նեռի՝ այսինքն Հակաքրիստոսի մասին շատ է գրվում, և ճի՛շտ է արվում, քանզի ժամանակն է դա պահանջում, որովհետև առջևում չլսված փորձություններ են սպասվում աշխարհի բոլոր ազգերին: Եթե Աստվածաշնչում գրված է, որ պետք է գա մի ժամանակ, երբ երկրի վրա ապրողների աջ ձեռքին կամ ճակատների վրա պետք է Նեռի կնիքը դրվի (Հայտնություն 13.16), ապա վաղ թե ուշ պետք է այդ կատարվի, քանի որ Տերն է ասել, իսկ Նրա Խոսքը առանց իր գործը կատարելու ետ չի վերադառնում: Իսկ թե ինչու հենց մեր ժամանակներում է դա կատարվելու, սուրբ հայրերը բացատրում են այսպես. Նոր Կտակարանում գրված է. «Տեսա ծովից մի գազան էր ելնում…» (Հայտնություն. 13.1), որտեղ գազանը սատանայի խորհուրդն է կրում, իսկ ծովը՝ մարդկության գործած մեղքերն է խորհրդանշում: Եվ ինչպես որ կեղտոտ ու նեխած միջավայրում որդեր են վխտում, այդպես էլ մեր զազիր մեղքերի պատճառով դևերն ու նրանց իշխանը՝ սատանան է գործում: Ու քանի որ այս աշխարհի մեղքի չափը արդեն լցվում է (քանզի էլ ինչ մեղք մնաց, որ մարդկությունը չգործեր), և Աստծո համբերության բաժակը պռնկե-պռունկ լիքն է, ապա դրա բնական հետևանքն է Նեռի՝ այսինքն մարմնացած սատանայի գալուստը, որը կեղծ հրաշքներով մոլորեցնելով՝ պիտի իշխանություն բանեցնի բազմամիլիարդանոց աշխարհի վրա: Այդ գործընթացը արդեն իսկ սկսվել է ազգերի գլոբալիզացիայի միջոցով, և այն առանց մարդկության հոծ համարակալման ու սեփական կնիքի, անհնար կլինի իրագործել: Ասենք, որ համանման գործունեություն սկսել են վաղուց, դեռ ԱՄՆ-ում, որտեղ համարակալում են շներին, որպեզի կարողանան հեշտությամբ գտնել կորած կենդանիներին և վերադարձնել տերերին: Իսկ Հոլանդիայում արդեն գործում է լազերային դաջման մեթոդը, ըստ որի համարակալման թիվը դնում են թափառական, անհասցե և անտուն մարդկանց վրա, առայժմ նրանց տեղաշարժին հետևելու ու հնարավոր հանցագործությունները կանխելու նպատակով (Հոլանդիան այն բացառիկ երկրներից է, որտեղ առանց արգելքի վաճառում են հաշիշ և զանազան թմրանյութեր):
Այնպես որ, այս ամենին, ինչ որ սկսվել է այսօր աշխարհում, այսինքն՝ մարդկանց անանուն քարտային սիստեմավորումներին, վաղ թե ուշ անպայման հետևելու է բոլորի մաշկի տակ՝ աջ ձեռքին կամ ճակատին «չիպ»-երի ներարկման գործը, որը իր մեջ պետք է կրի Նեռի անվան թվային՝ 666-ի դիվային խորհուրդը:
Ըստ իս, հիմա մեզ հարկավոր է մեկ բան. ինչքան հնարավոր է հետաձգել այդ օրը, և ինչպես մեծ փոթորկից առաջ գիտակ ու փորձառու նավորդներն են սկսում փութաջանորեն պատրաստվել, այդպես էլ հարկ է մեզ՝ Նեռի դեմ ազգերից ու ժողովուրդներից առաջինը պատերազմողներիս, Տիրոջ մեծ ու հրաշափառ Գալուստից առաջ հարկ է պատրաստվել վերջին ճակատամարտին, քանզի սատանային մի կարճ ժամանակ՝ յոթ տարի իրավունք է տրվելու թագավորել ազգերի վրա, որից հետո ըստ Աստծո Խոսքի, նրան և իր համախոհներին, Աստծո Գառը պետք է հաղթի վերջնականապես ու կրակի լիճը գցի հավիտենապես:
Եվ այսպես, դարեր առաջ մեր սուրբ հայրերը հաղթող դուրս եկան հավատքի կենաց պատերազմում ու հայոց ազգը ապրեցրին բարբարոս ու հեթանոս, վայրենաբարո ազգերի հարևանությամբ: Հիմա էլ հերթը մերն է ու մեզանից է կախված՝ ազգը ոտքի կոխան կլինի Նեռի կճղակների տակ, թե երկնքի ու երկրի զորությունները նորից հիացմունքով մատնացույց կանեն ազգերից անդրանիկին, որի վրա Արարիչ Աստված հաճեցավ առաջինը դնել Իր Խաչի հաղթության կնիքը ու կոչվեցինք Քրիստոնյա հայորդիներ՝ Խաչապաշտներ:
Հարց. ինչո՞ւ է Արարիչ Տերը թույլ տալու սատանային իշխանություն բանեցնելու Իր Աստվածային պատկերն ու նմանությունը ունեցող ադամորդիներիս վրա:
Պատասխան. որովհետև. «Այս է դատապարտությունը. Լույսը աշխարհ եկավ ու մարդիկ խավարը Լույսից ավելի սիրեցին, քանզի իրենց գործերը չար էին» (Հովհ. 3;19): Այսինքն մարդիկ իրենց սրտերից հանելով Աստծուն՝ տրվեցին չար ու մեղավոր ցանկությունների, որի հետևանքով Տիրոջ բարկության կայծերն են դիզել իրենց գլխին: Ու դարձյալ գրված է. «Բոլոր չարությունների արմատը արծաթասիրությունն է» (Տիմոթեոս 6.10): Այստեղ արծաթը խորհրդանշում է փողը, որով մարդը կարող է հագուրդ տալ իր մեղավոր ցանկություններին: Պողոս առաքյալի այս խոսքերը որպես հիմք ընդունելով, կարող ենք վստահաբար ասել, որ ամեն մի չար ու կործանարար գործ, որ կատարվել է աշխարհում, փողասիրության հետևանք է: Արդյո՞ք փողը չէ պատճառը հարազատների գժտության, բարեկամների թշնամության, դաժանաբարո սպանությունների, պատերազմների և նման այլ դժբախտությունների: Եթե լրջորեն խորհենք, ապա կհաստատվեն Պողոս առաքյալի նաև այս խոսքերը. «Իմացիր, որ վերջին օրերում չար ժամանակներ կգան, քանի որ մարդիկ պետք է լինեն անձնասեր, արծաթասեր, ամբարտավան, հպարտ, հայհոյիչ, ծնողներին անհանազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժանաբարո, բարին չսիրող, մատնիչ, հանդուգն, գոռոզ, ավելի հեշտասեր, քան աստվածասեր» (Ա.Տիմոթեոս 3; 1-10):
Այս, ինչ որ կարդացիք, կոչվում է հոգևոր բորոտություն: Հիմա թող ընթերցողը ինքը մտածի, գրվածը համապատասխանո՞ւմ է ներկայիս դարում ապրող մարդկանց բնութագրին, թե՞ ոչ: Լավ խորհե՛նք, հայորդի՛ բարեկամ, ու կհամոզվենք, որ այդպես է ու մենք էլ անմասն չենք դրանցից և այդ նշաններից մեր վրա էլ կգտնենք, քանզի չենք ապրում այնպես, ինչպես մեր Արարիչ Աստվածն է պահանջում:
Հիմա ամբողջ աշխարհը կարծես վերածվել է մի մեծ վաճառատան, ազգերն ու անհատները վաճառքի են հանել ամեն ինչ՝ միտքը, մարմինը, նույնիսկ հոգին, այսինքն իրենց լույս հավատը. այլապես ինչպես կարող է իրեն Հայ քրիստոնյա համարողը, մի քանի կիլոգրամ սննդի կամ մի քանի դոլարի համար ուրանա իր սուրբ նախնիների ապրեցնող հավատը ու հարի օտարամուտ և հոգեկործան վարդապետությունների: Այդ պատճառով է, որ Պողոս առաքյալը իր խոսքը շարունակում է այսպես. «Որին շատերը անձնատուր լինելով՝ հավատքից մոլորվեցին և իրենք իրենց խոցեցին շատ ցավերով»: Ահա հենց այդ բորոտության ցավերն են, որ գալու է մեղավոր աշխարհի վրա:
Եվ ինչպես սեպը սեպով են հանում, այդպես էլ մենք փողասիրության ու ագահության դևին կարող ենք հաղթել կարիքավորներին ողորմություն բաժանելով ու հնարավորին չափ բարիք գործելով, քանզի Աստծո Դատաստանի ժամանակ դրանք ամենալավ վկաները պիտի լինեն մեզ համար, որովհետև գրված է. «Անողորմ է լինելու դատաստանը նրանց հանդեպ, ովքեր ողորմած չեն եղել» (Հակոբոս 2.13):
Իսկ Եղիշե վարդապետը մարդկանց անօրենությունների հետ է կապում նաև աշխարհում տեղի ունեցող բնության արհավիրքներն ու աղետները, ասելով. «Շրջապատող աղետներն ու թշվառությունները ցույց են տալիս, թե որքան մեծ են մարդկանց հանցանքները, որոնք արտաքնապես՝ ոչ թե սրտի ճշմարտությամբ են հետևում սուրբ Գրքի պատվիրաններին»: Բայց եթե լավ մտածենք, ապա դրանց մեջ Աստծո զարմանալի երկայնամտությունը կտեսնենք, որովհետև ինչպես հիվանդություններն են ուղեկցվում ցավերով, որպեսզի մարդը փնտրի բուն պատճառն ու բժշկվի, այդպես էլ մեր Արարիչ Տերն է Իր Ահեղ Դատաստանից առաջ նեղություններով ու արհավիրքներով բացահայտում մարդկության մեղքը, որպեսզի սթափվեն ու դարձի գան դեպի կործանում տանող վիճակից, բայց և՝ սիրող Հոր նման Ինքն էլ բժշկության սպեղանի է առաջարկում. և Հիսուս Քրիստոսի առաջին քարոզությունը. «Ապաշխարեցե՛ք, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է», այսօր ուղղված է նաև մեզ՝ աշխարհի վախճանից առաջ՝ վերջին օրերում ապրողներիս: Ով ականջ ունի կլսի:
Բայց Աստծո կամքը ճշմարտապես փնտրողները թող չվախենան մոտալուտ փորձությունների ուժգնությունից ու չհուսահատվեն, քանզի նույն առաքյալը գրել է նաև. «Ամեն բաները բարու գործակից է լինում նրանց համար, ովքեր սիրում են Աստծուն» (Հռոմեացիներին 8.28): Եվ դարձյալ. «Աստված հավատարիմ է, ձեզ պիտի չթողնի որ ձեր կարողություններից ավելի փորձվեք, այլ հետը ազատության միջոց էլ պետք է տա, որպեսզի կարողանաք համբերել» (Ա. Կորնթ. 10.13):
Այս հուսադրող խոսքերը մեզ զորացնում են հույսով, որ ինչ էլ որ անի Նեռը, միևնույնն է, Տերը ի զորու է ամեն չարիքից բարիքի փոխել Իրեն սիրողների համար: Բացատրեմ միտքս. ասենք թե քրիստոնյաին պարտադրում են կրել Նեռի կնիքը, այլապես նրան կզրկեն նույնիսկ հաց գնելուց: Դրանով իսկ նա հայտնվում է առաջին դարերի քրիստոնյաների շարքում, որոնք հեթանոսական աշխարհին հաղթեցին իրենց կենդանի հավատով և մինչ ի մահ հավատարիմ մնալով Տիրոջը՝ ստացան փառքի հաղթական պսակը ու դարձան Աստծո երանելի սրբեր:
Ի՞նչ է, նրանք ուրիշ Հոգի՞ էին կրում, քան մենք, իհարկե ո՛չ. քանզի Սուրբ Հոգին մկրտության ավազանով տրվում է ամենքին: Պարզապես վերջին ժամանակների քրիստոնյաներս խիստ տկարացել ենք հավատքի մեջ, դառնալով ավելի նյութապաշտ, քան Աստվածապաշտ, և այդ պատճառով մեծապես պակասել է մեր բոլորի սերը Աստծո հանդեպ: Չկա այլևս մեր քաջ նախնիների արիասիրտ ու պարսից փղերի դեմ ելնող հաղթական հոգին, այդ պատճառով գալիքի ահից տագնապած, խուճապահար ենք եղել աղվես տեսած հավերի նման:
Լավ, հիմա ի՞նչ անենք, կհարցնեն ոմանք: Պատասխանեմ Ավետարանական մի դրվագով. երբ առաքյալները ծովով նավարկելիս փոթորկի հանդիպեցին, ամեն ջանք թափեցին, բայց՝ իզուր. նավակը սուզվելու աստիճան ջրով լցվեց: Այդ ժամանակ նրանք արթնացրին նավակում քնած Հիսուսին, որը հրամայեց հողմին ու ծովին, և իսկույն ամեն բան խաղաղվեց: Այսինքն, այս աշխարհը ալեկոծող հոգեկործան արհավիրքները նրանից է, որ մարդիկ վաղուց մոռացել են, որ Երկնքում Աստված կա ու Դատաստանով պատասխան ունեն տալու իրենց Արարչին: Բայց հիմա էլ դեռ ուշ չէ, ու յուրաքանչյուր ոք, եթե սթափվի, մեղա գա ու ապաշխարհի, Տիրոջից օգնություն խնդրի և բարի գործերով հարստանա, ապա պիտի փրկվի գալիք փոթորիկներից ու անկորուստ հասնի երկնային խաղաղ նավահանգիստ:
Ու նման պատերազմներում փորձառու և հաղթանակած մեր սուրբ հայրերը սովորեցրել են. ինչպես որ երկար ու դժվարին, զանազան վտանգներով լեցուն ճանապարհից առաջ հարկավոր է համապատասխան հագուստ, ուտելիք և զենքեր, այդպես էլ հոգևոր այս ճակատամարտից առաջ մեզ պետք է լավագույն պատրաստություն: Եվ այդ սպասվող փորձություններից հաղթանակած դուրս գալու համար մեզ անհրաժեշտ են.
Հագուստ - դա մեր չար ու մեղսահարույց գործերից հրաժարվելու և ստությունը մերժելու խորհուրդն է, որ Քրիստոսի արդարությունը հագնենք ինչպես անխոցելի զրահ,
Ուտելիք - դա զղջումով, մեղքերի խոստովանությամբ և միմյանց ներելով հաճախակի Սուրբ Հաղորդությամբ զորանալն է,
Զենքերը - դա Աստծո Խոսքը յուրացնելն ու հավատքով գործադրելն է, որը միակ հարձակողական զենքն է չարի դեմ: Դրա հետ մեկտեղ չմոռանանք նաև ԱՍՏԾՈ փրկության սաղավարտը դնել, առանց որի չարի ամեն մի հարված կարող է մեզ համար մահացու լինել. այսինքն՝ եթե քրիստոնյան չունի մահվանից հետո մեռելներից հարության հույս, ապա նա ամեն գնով կկառչի այս անցողիկ կյանքից ու նյութական նեղությունների ժամանակ, մարմինը ապրեցնելու համար կարող է հոգին էլ գրավ դնել ու այդպիսով կորցնել խոստացված հավիտենական կյանքը:
Եվ դարձյալ. ինչքան հնարավոր է ավելացնենք մեր աղոթքի պահերը, քանզի հրաման
ունենք Տիրոջից. «Արթո՛ւն կացեք, այսուհետև, ամեն ժամ աղո՛թք արեք, որպեսզի
կարողանաք զերծ մնալ այն ամենից, որ լինելու է, որ արժանի լինեք կանգնելու Մարդու
Որդու առաջ» (Ղուկաս 21.36), քանի որ աղոթքն է ամենից առավել զորացնում հոգին,
և ժամանակ հատկացնենք Աստծո Խոսքը ընթերցելուն, մանավանդ սաղմոսներ, որովհետև
նեղությունների ժամանակ դա ամենափորձված զենքն է բոլոր տեսակի հարձակումների
ու չարի խորամանկ հնարքների դեմ: Մեջբերենք մի քանիսը, որպեսզի համոզվենք.
«Տերն իմ հովիվն է ու ես ոչ մի բանի կարոտություն պիտի չունենամ» (Սաղմոս
23.1):
«Տերն է իմ լույսն ու փրկությունը, ես ումից պետք է վախենամ, Տերն է իմ կյանքի ապավենը, ես ումից պիտի դողամ» (Սաղմոս 26.1):
«Բարձրյալին քեզ ապավեն արեցիր, չարիք քեզ չի պատահի ու տանջանքները չեն մոտենա քո տան հարկին» (Սաղմոս 90.10):
Եվ ինչպես փոթորկից առաջ նավերն են խարսխվում հաստատուն բաներին, այդպես էլ մենք
Աստծո Խոսքով խարսխվենք հաստատուն Վեմին, մեր հոգիների փրկության Տապանին՝ Հիսուս
Քրիստոսին, քանզի այսպես է ասում Տերը.
«ԵՐԿԻՆՔՆ ՈՒ ԵՐԿԻՐԸ ԿԱՆՑՆԵՆ, ԲԱՅՑ ԻՄ ԽՈՍՔԵՐԸ ՉԵՆ ԱՆՑՆԻ» (Մարկոս 13.31):
Մի վերջին հորդոր ևս. երբե՛ք, ոչ մի առիթով բաց մի թողեք կիրակնօրյա պատարագների մասնակցությունն ու խոստո-վանությամբ Սուրբ Հաղորդություն ընդունելը, եթե հնարավոր է ընտանիքով մեկտեղ, որովհետև այդ Սուրբ ու Երկնային խորհուրդը զորացնում և արիացնում է մարդու հոգին, հաղթություն տալով ամեն հնարավոր փորձությունների դեպքում:
Կարևոր հիշեցում. եթե դուք կամ ձեր երեխաները դեռևս մկրտված չէք, ապա իմացե՛ք, Նեռի խորհուրդը արդեն իսկ գործում է ձեր վրա, որովհետև Սուրբ Մյուռոնով Խաչի Աստվածային կնիքը չունեք: Իմաստուն եղե՛ք ու առանց հապաղելու գնացե՛ք եկեղեցի, մկրտվեցե՛ք և ազատվե՛ք չարի կապանքներից: Ու լավ հիշենք՝ վաղվա օրվա տերը մենք չենք:
Եվ որպես ամենօրյա անհրաժեշտ աղոթք, խորհուրդ ենք տալիս հաճախակի աղոթել այս զորավոր ու պահպանիչ աղոթքը, խնդրելով մեր Սուրբ ՏԻՐԱՄՈՐ մեծ բարեխոսությունը.
«ՔՈ ԱՌՋԵՎ ԵՆՔ ԸՆԿՆՈՒՄ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵՎ ԱՂԱՉՈՒՄ ԱՆԱՐԱՏ ԿՈՒՅՍԻԴ՝ ԲԱՐԵԽՈՍԻՐ ՄԵՐ ԱՆՁԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՎ ԱՂԱՉԻՐ ՄԻԱԾԻՆ ՈՐԴՈՒԴ ՓՐԿԵԼ ՄԵԶ ԳԱԼԻՔ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵՎ ԲՈԼՈՐ ՎՏԱՆԳՆԵՐԻՑ. ԱՅԺՄ ԵՎ ՄԱՀՎԱՆ ԺԱՄԻՆ. ԱՄԵՆ»:
Առայժմ այսքանը, իսկ մնացյալը հոգևոր պատերազմի ընթացքին համապատասխան:
Երուսաղեմի սուրբ Հակոբյանց վարժարանի ուսուցիչ.
Մեհրուժան Բաբաջանյան
Լրացուցիչ տեղեկություններ |
Տրամադրել է՝ Մեհրուժան եղբայր Բաբաջանյան։ Հեղինակային իրավունքները՝ Մեհրուժան եղբայր Բաբաջանյան։ |
Տես նաև |
Մեհրուժան Բաբաջանյանի այլ գործերը |