ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian

Մեհրուժան եղբայր Բաբաջանյան

ՀԵՔԻԱԹՆԵՐ


1. Բարի այգեպանը
2. Գառնուկը

ԲԱՐԻ ԱՅԳԵՊԱՆԸ

Երկիրը ծնվեց ու լաց եղավ: Ինչո՞ւ լաց եղավ, որտեղի՞ց այդ տխրությունը, ինքն էլ չգիտեր: Ավելի շուտ՝ գիտենալու և չգիտենալու մեջտեղում էր ու քանի որ ինքը դեռ փոքր էր, այդ պետճառով չգիտեր, թե ինչու է լալիս: Հետո նա դեռ թրջված մեկն էր ու նույնիսկ ցամաք տեղ չուներ վրան: Բայց հոգատար Այգեպանը առուներ ու փոսեր էր արեց, ջրերը լցվեցին դրանց մեջ ու երևաց Երկրի մարմինը: Հետո կապույտ-կապույտ, համարյա երկնագույն մի գլխարկ նվիրեց նրան՝ այնքան սազող, որ չէր ուզում նույնիսկ գիշերը հանել:

Ամեն օր Այգեպանը գալիս, նախ ժպտում էր բա՜րի-բա՜րի ժպիտով, հետո իր համար քթի տակ մտմտալով տնտղում էր, տնտղում էր ու վերջում ինչ-որ բան ասում, ու հո՜պ … և ա՜յ քեզ հրաշք, կանաչ խոտ, ծաղիկ ու պես-պես ծառեր էին բուսնում երկրի վրա՝ զանազան գեղեցիկ ու համով պտուղներով: Բայց դեռ ինքը փոքր էր ու մրսում էր, բացի այդ՝ վախենում էր մենակությունից: Երևի այդ պատճառով էլ Այգեպանը նրա նման, բայց հաճելիորեն տաք ու լուսավոր մի գնդիկ բերեց ու ասաց. «Ծանոթացիր, սա Արևիկն է, նա միշտ քեզ հետ կլինի, որ չտխրես ու չմրսես»: Եվ այդ օրվանից Երկիրը սկսեց հաշվել օրերը, թե քանի անգամ է պտտվել Արևիկի շուրջը: Եվ հետո մի ուրիշն էլ ցույց տվեց՝ ասելով. իսկ սա Լուսինեն է, նա էլ միշտ քեզ հետ կլինի գիշերը, որպեսզի չվախենաս: Մյուս անգամ Այգեպանը ոչինչ չբերեց հետը, բայց նորից ժպտում էր ու ջրերի հետ խոսում, մեկ էլ՝ հո՜պ … սկսեցին լողալ, սուզվել ձկներ, կետեր մանր-մունր կենդանիներ, և դեռ այդքանը քիչ էր, սկսեցին թռչուններ բաց թողնել երկինք, որոնք ուրախ ճչոցով ու ծլվլոցով լցրեցին օդը:

Հաջորդ օրը նույնպես կենդանիներ հանեց ցամաքից, բայց այնպես ահարկու մռնչոցներ ու ձայներ էին արձակում, որ Երկիրը վախից դողում էր ու Այգեպանը տեսնելով այդ ասաց. «Համբերիր մինչև վաղը» ու խորհրդավոր ժպտաց:

Դեռ առավոտյան Արևիկը չծագաց, Երկիրը արդեն Այգեպանին էր սպասում, ու երբ նա երևաց դատարկ ձեռքերով, տխրեց ու խռոված պռոշ արեց, քանի որ ընդերքով զգացել էր, որ իր համար մի արտակարգ բան պետք է կատարվեր այսօր:

— Սպասի՜ր, սպասի՜ր, աղջիկ, քեզ չի սազում արդեն, չէ՞ որ շուտով մայրս ես կոչվելու: Ու ամբողջ օրը Այգեպանը մտմտաց ու կավահողից ինչ-որ բան շինեց, հո՜ւ արեց վրան, և, այ քեզ բա՜ն, կավը սկսեց շարժվել, ճմլկոտալ ու բացելով աչքերը՝ ժպտաց ճիշտ Այգեպանի նման: Եվ խլրտաց Երկիրը անծանոթ զգացումից, երբ այդ մի հատիկ կավե մարդուկը փարվեց իր կրծքին ու շշնջաց. «Մայր հող, ի՜նչ գեղեցիկ ու քնքուշ ես դու»:

Հետո Երկիրը տեսավ, թե ինչպես Այգեպանը քննեցրեց Ադամին, (Ադամ նշանակում է մարդ) ու մի կողը հանելով, ճիշտ նրա նման, բայց ավելի կլորիկ-փափլիկ մի գեղեցիկ մարմին շինեց: Հետո, երբ բոլոր ստեղծվածներին Այգեպանը քշեց-բերեց, Ադամը նրանց մեկիկ-մեկիկ համապատասխան անուններ դրեց, իսկ իր կողակցին անվանեց Եվա, որ նշանակում է կյանք:

Բայց մի օր էլ Երկրի ամենագեղեցիկ պարտեզում, որ կոչվում էր Եդեմ, ուր ինչքան ասես գեղեցիկ ու համով պտուղներ կային, որտեղից որտեղ հայտնվեց ինչ-որ մեկը: Նա օձի ականջին փսփսաց-փսփսաց, սա էլ գնաց ու Եվային քաղցր-մեղցր ձայնով համոզեց, որ պարտեզի մեջտեղում գտնվող ծառի պտուղը ուտի, որպեսզի Այգեպանի նման իմաստուն ու խելոք լինի, չարն ու բարին կարողանա զանազանել: Բայց քանի որ Այգեպանը իրենց պատվիրել էր չուտել այդ ծառի պտուղը, սկզբում չեմ ու չում արեց, հետո հեռվից նայեց, տեսավ, որ պտուղները գեղեցիկ էին ու հաճելի, չդիմացավ, քաղեց, կերավ ու Ադամին էլ տվեց: Ադամն էլ, որ մինչև ականջների ծայրը սիրահարված էր իր կողակցին, վերցրեց ու ինքն էլ կերավ: Ու, վա՜յ, այս ի՞նչ արեցինք, փոխանակ Այգեպանին նմանվեին, հանկարծ սկսեցին վախենալ նրանից: Իսկույն թզի տերևներից ազդրածածկոց շինեցին ու թաքնվեցին ծառերի արանքում, որովհետև շատ էին ամաչում իրանց մերկությունից, իսկ առաջ լավ էր, իսկի չգիտեին էլ, որ մերկ են:

Ամեն օր Այգեպանը զբոսնում էր պարտեզում՝ սաղարթների զով ստվերում: Իսկ այդ օրը տեսավ, որ Ադամն ու Եվան թաքնվել են ու ասաց.

— Ադամ, ո՞ւր ես:

Ադամն էլ թաքնված տեղից պատասխանեց.

— Քո ձայնը լսեցի ու վախեցա, և քանի որ մերկ եմ, թաքնվեցի:

Այգեպանը հարցրեց.

— Իսկ ո՞վ ասաց, որ մերկ ես, արդյոք կերա՞ր այն ծառի պտուղից, որ քեզ արգելել էի ուտել:

Ադամն ասաց.

— Այն կինը, որ դու ինձ էիր տվել, նա տվեց պտուղը, ու ես էլ կերա:

Ասաց Այգեպանը կնոջը.

— Այդ ի՞նչ արեցիր:

Կինը պատասխանեց.

— Օձը խաբեց, ու ես կերա:

Շատ բարկացավ Այգեպանը ու անչափ տխրեց, որովհետև միայն ինքը գիտեր, թե ինչ էր սպասվում նրան այդ անհազանդությունից հետո: Երկար մտածելուց հետո Այգեպանը որոշեց Ադամին ու Եվային դրախտային պարտեզից դուրս հանել, թեև շատ էր սիրում նրանց: Պարտեզում կար նաև Կենաց ծառը, որի պտուղից եթե նրանք մինչև այն արգելված ծառի պտուղ քաղելը ուտեին, ապա ընդմիշտ Այգեպանի հետ կմնային, բայց հիման նրանց չի կարել այդ պտուղը ուտել, քանի որ մեղավոր էին, իսկ մեղավորը չի կարող հավիտենական կյանքի արժանանալ: Եվ Այգեպանը մորթիներ վերցրեց, հագուստ կարեց նրանց համար և իր վճիռը նրանց հայտնելով՝ դրախտի դռնից դուրս հանեց:

Շատ լաց եղան Ադամն ու Եվան դռան մոտ, բայց հասկացան, անօգուտ է, և իրանց արածի պատճառով այլևս չեն կարող մնալ պարտեզում: Ադամը բռնեց Եվայի ձեռքն ու քայլեցին առաջին պատահած ուղղությամբ. քանի որ դեռ ոչ մի ճանապարհ չկար երկրի վրա: Ուշադիր նայելով տեսան, որ իրենց մոր գեղեցիկ մազերը սպիտակել ու գզգզվել են վշտից, և հիշեցին, ինչպես Այգեպանը իր վճռի մեջ ասաց, որ իրենց արարքի պատճառով Երկրի վրա փուշ ու տատասկ պետք է բուսնի: Եվ կամաց-կամաց սկսեցին հասկանալ իրենց արարքի ահավորությունը, բայց արդեն ուշ էր:

Ու նրանց սրտում մի հույս էր շողում այն խոսքից, թե երբ օձի գլուխը Եվայի սերնդից ինչ-որ մեկը ջախջախի, նրանք նորից կարող են ետ վերադառնալ դրախտ ու այս անգամ անպայման-անպայման այն մյուս ծառի պտուղը կուտեն ու այլևս չեն մեռնի և հավիտյան Այգեպանի հատ կմնան:

Շուտով ի զարմանս Ադամի և Եվայի, մի մարդ ծնվեց կնոջից, ու որոշեցին անունը դնել Կայեն: Ծնվեց նաև երկրորդ որդին, և Աբել անունը դրեցին: Բայց, ի հուսախաբություն ծնողների, որոնք հույս ունեին, թե նրանից գոնե մեկը կջարդի օձի գլուխը, մի օր Կայենը նախանձից բարկացավ եղբոյր վրա ու քարով նրա գլուխը ջախջախեց:

Եվ ողբալով հասկացան Ադամն ու Եվան, թե ինչ է նշանակում մահ, ու սարսափեցին, որ իրենք ու իրենց ամբողջ սերունդը մի օր հողին կհանձնվեն, չէ՞ որ Այգեպանն այդ էլասաց.

— Հող էիր ու հողին կվերադառնաս:

Անցան տարիներ, հետո դարեր, ու մարդը կամաց-կամաց սկսեց մոռանալ, թե ինքը ով է, ինչպես է այս երկրում հայտնվել և ամենակարևորը՝ ինչի՞ համար է այստեղ ապրում:

Ինչեր ասես չքաշեց խեղճ մայր Երկիրը մարդկանց ձեռքից, որոնք անբուժելի վերքեր էին բացում նրա սրտում, թե մարմնի վրա: Եվ այլանդակվեց ու խոշտանգվեց Երկիրն իր որդիների ձեռքով:

Շատ ու շատ չարացան իր որդիներն ու դուստրերը, ամբողջ կյանքում չար բաներ էին մտածում ու անում: Այգեպանը նույնպես վշտացավ, ափսոսաց իր արարծի համար և ուզեց իսպառ ոչնչացնել երկար տարիների ստեղծածը, որովհետև մարդիկ գնալով ավելի անուղղելի էին դառնում. ու լավ էր, նրանց մեջ գոնե մեկը գտնվեց Նոյ անունով, որը խելոք էր ու նրանց վատ արաքներին մասնակից չէր ուզում լինել, այլ ցանկանում էր Այգեպանին նմանվել: Եվ երբ նա ամուսնացել էր ու արդեն երեք տղա ուներ՝ Սեմը, Քամը, Հաբեթը, մի օր նրան երևաց Այգեպանն ու ասաց, որ մի նավ սարքի, որովհետև շուտով շատ ջրեր կգան ու Երկիրը կծածկեն, ու ոչ մեկն էլ կենդանի չի մնա, բացի նավի մեջ եղեածներից:

Եվ մեծ վախ ընկավ Նոյի սիրտը և հենց հաջորդ օրվանից սկսեց ծառեր կտրել իր որդիների հետ ու մի մեծ նավ սարքել: Բոլոր հարևանները գնում-գալիս, ձեռ առնում ու ծաղրելով Նոյին ասում էին.

— Այ մարդ, կե՛ր, խմի՛, քեֆ արա, այդ ի՞նչ դատարկ գործի հետևից ես ընկել, այստեղ այդքան ջուր չկա, որ կարողանաս նավ քշել:

Նոյն էլ՝ երկյուղը սրտում, բոլորին իր լսածն էր պատմում ու հորդորում, որ իրեն օգնեն ու հետո էլ միասին նավը մտնեն, քանի որ ով այդ բանը ասել է, անպայման պետք է անի, նա երբեք սուտ չի ասում, և իր ասածը ասած է:

Անցան երկար, շատ տարիներ, մոտ 120 տարի, ու նավը արդեն պատրաստ է, բայց այդպես էլ ոչ ոք չհավատաց Նոյի ասածներին, ու մի օր նորից Այգեպանը երևաց Նոյին և ասաց.

— Նոյ, քո բոլոր երեք որդիների ու նրանց կանանց ու քո կնոջ հետ վաղը տապանը կմտնես, քանի որ իմ վճիռը պետք է կատարեմ:

Ու առավոտյան բոլորը ներս մտան, բայց դատարկ տեղ շատ կար: Ու այ քեզ զարմանք, Երկրի բոլոր գազաններն ու անասունները զույգ-զույգ գալիս ու տապանն էին մտնում, կարծես ինչ-որ մեկը նրանց հրամայել էր: Շուտով դուռն էլ այդ աներևույթ մեկի ձեռքով փակվեց ու բոլորը մնացին մթության մեջ: Եվ յոթերորդ օրը սկսվեց ջրհեղեղը, քառասուն օր, քառասուն գիշեր շատ անձրևներ եկան, ու ամբողջ երկիրը, նույնիսկ ամենաբարձր սարերը ծածկվեցին ջրով: Իսկ տապանը այդ ժամանակ այս ու այն կողմ էր լողում ջրերի վրա:

Եվ այսպես 150 օր լողացին, լողացին ու մի օր էլ զգացին որ իջնում ու մի խուլ ճողփյուն լսվեց և տապանը պինդ տիղմի մեջ կանգնեց: Հետո, շատ հետո նրանք իմացան, որ այդ լեռը ուր տապանը իջավ, կոչվում է ԱՐԱՐԱՏ լեռ:

Քառասուն օր էլ անցավ և Նոյը որոշեց մի ագռավ բաց թողնել: Նա թռավ, թռավ, բայց քանի որ ցամաք տեղ չկար ետ դեպի տապանը եկավ: Երկրորդ անգամ թողնելուց հետո Նոյի ագռավը հետ չվերադարձավ:

Հետո մի աղավնի բաց թողեց, բայց սա էլ ետ եկավ: Եվ յոթ օր համբերելուց հետո, նորից բաց թողեց և ի ուրախություն բոլորի՝ աղավնին ետ եկավ՝ կտուցին մի կանաչ ձիթենու տերև: Ու բոլորն իմացան որ ծառերը սկսել են ծաղկել ու Երկրի վրա նորից կյանքի նշաններ են երևում:

Բայց համբերեցին էլի յոթ օր ու նորից աղավնին բաց թողեցին, որը այլևս չվերադարձավ: Դա նշան է որ, իրենք էլ կարող են դուրս գալ տապանից: Բայց վախենում էին այդ անել, քանի որ իրենք իրենց կամքով այստեղ չէին մտել և սպասում էին Այգեպանի թույլատվությանը: Եվ ահա եկավ այդ օրը և ասաց նրանց, որ դուրս գան իրենց ընտանիքներով, բոլոր կենդանիների հետ և թող նորից աճեն ու բազմանան ու Երկիրը լցնեն:

Բարի Այգեպանը իր խստության հետ մեկտեղ շատ բարի էր, այդ պատճառով Նոյի հետ պայման կապեց ծիածանով ու ասաց.

— Այլևս մարդու պատճառով Երկիրը չեմ անիծի, որովհետև մարդկային սիրտը իր մանկությունից չար է, այլևս այսպիսի բան չեմ անի, ինչպես որ արեցի ես:

Եվ Երկիրը հույսով լցվաց, մայրական առատ կրծքներով սնեց, աճեցրեց նորից բազմացող մարդկային սերունդը: Բայց ավա՜ղ:

Որդիների չարությունը չնվազեց, այլ նրանց կյանքի տարիները պակասեցին: Այս անգամ բաժանվելով ազգերի ու թագավորությունների, միմյանց դեմ պատերազմ սկսեցին և այդ թշնամություններից Երկրի մայրական սիրտը կտոր-կտոր էր լինում: Բայց ահա մի օր լուր տարածվեց, ինչ-որ Բեթլեհեմ փոքրիկ քաղաքում մի բարի մարդ է ծնվել, մի կույս աղջկանից՝ Մարիամ անունով և նույնիսկ այդ մանուկին տեսնելու համար, արևելքից երեք իմաստուն մոգեր մի պայծառ աստղով առաջնորդվելով, եկել գտել են նրան և պարզվել է, որ նա գոմում է ծնվել և մանուկին մսուրի մեջ դրված են տեսել: Հետո ասում են, թե երբ նա մեծացավ իր զարմանալի հրաշքներով և նույնքան հրաշալի խոսքերով, մարդկանց խաղաղություն ու սեր քարոզեց ու ինքն էլ ցույց տվեց, թե ինչպես պետք է մարդը ճիշտ ապրի: Նա նույնիսկ կարողանում էր մեռած մարդուն կենդանացնել, անբուժելի հիվանդներին բժշկել, իսկ ամենակարևորը՝ ասում էր՝ թե ինքը Այգեպանի որդին է:

Շատերը հավատացին, որովհետև իսկապես նրա արածներն ու ասածներն նման էին Հոր ասածներին ու գործերին, բայց հավատացողերը քիչ էին քան չհավատացողները: Եվ հենց չհավատացողները որոշեցին նրան սպանել, քանի որ նա շատ էր հանդիմանում նրանց՝ իրենց չար գործերի ու սուտ ու կեղծ խոսքերի համար: Եվ մի օր էլ մեծ տոնակատարությունից առաջ, որ կոչվում է Զատիկ, բռնեցին ու մեխերով խաչեցին փայտին: Բայց մինչ խաչելը մի այսպիսի հետաքրքիր բան էլ պատահեց: Այդ երկրում սովորություն կար Զատիկի տոնին մի բռնվածի ազատել ու ամբոխի առաջ հանեցին Այգեպանի որդուն, որին ժողովուրդը Հիսուս էր անվանում ու մյուսին, որի անունը Բարրաբա էր, որը մարդասպան ու չար մարդ էր:

Դատավորը ժողովուրդին երբ հարցրեց, թե ո՞ւմ եք ուզում, որ ազատ արձակեմ, ի զարմանս նրա, քանի որ հույս ուներ, թե նրանք Հիսուսին կընտրեն և ինքը կազատվի այն ավազակ ու ապստամբ Բարրաբայից, ժողովուրդը սկսեց գոռալ ու աղաղակել, որ նրանցից Հիսուսը թող խաչվի, իսկ մյուսին ազատ արձակեի: Անհանգստացած դատավորը նորից հարցրեց.

— Բայց ի՞նչ է արել նա:

Իսկ ամբոխից և ոչ մեկը չկարողացավ ասել, թե ինչ վատ բան է արել նա. այլ միայն գոռում էին՝ խաչել, խաչել: Իսկ բժշկվածներն ու Հիսուսին հավատացողները ուզում էին նրան ազատել, բայց, ինչպես ասացինք, նրանք ավելի սակավաթիվ էին, քան անհավատ ու չար մարդիկ:

Եվ այդպես խաչեցին նրան: Շատերը լալիս էին, մյուսները՝ ծաղրում ու հայհոյում, երբ տեսնում էին նրան կախված մեխերից խաչի վրա, բայց նա այնտեղից էլ էր խոսում իր զարմանալի, մինչև սրտի խորքը թափանցող իր խոսքերը: Նույնիսկ խնդրեց իր Հորը, որ ների իրեն խաչողներին. քանի որ նրանք չգիտեն, թե ինչ են անում: Այդ ժամանակ, չնայած ցերեկ էր, հանկարծ երկինքը մթնեց մոտ երեք ժամ և երկրաշարժ էլ եղավ: Երբ այդ բոլորը տեսան, շատերը հավատացին, որ սա Այգեպանի որդին է, բայց արդեն ուշ էր: Նա բարձրաձայն աղաղակեց ասելով.

— Հայր իմ, քո ձեռքն եմ հանձնում իմ հոգին: Եվ այս ասելով մեռավ:

Ու փաթաթելով նրա մարմինը դրեցին քարանձավի պես փորված գերեզմանի մեջ ու մի մեծ քար գլորելով փակեցին մուտքը:

Հիսուսին հավատացող աշակերտները հիշում էին, որ նա խաչվելուց առաջ ասում էր, թե ինքը նորից պետք է կենդանանա ու հարություն առնի, բայց դա այնքան անհավանական էր թվում, որ չէին կարողանում հավատալ՝ մինչև որ երեք օր հետո հանկարծ իրենք իրենց աչքերով նորից նրան ողջ ու առողջ տեսան, նույնիսկ մեխից ծակված իր ձեռքերն ցույց տվեց՝ ասելով.

— Խաղաղություն ձեզ, ես եմ, մի վախեցեք, — ու իր ասածը հաստատելու համար մի կտոր ձուկ ու մեղրով խորիսխ կերավ: Եվ այդպես, նա իրեն հավատացող աշակերտների հետ քառասուն օր ապրեց ու մի օր էլ միասին գնացին մի լեռան գագաթ և բոլորին ասաց, որ հիմա ինքը պետք է գնա այս Երկրից իր Հոր՝ Այգեպանի մոտ, բայց նաև ասաց, որ չտխրեն, որովհետև ինքը նորից պետք է գա և նրանց այստեղից տանի և ոչ միայն այդքանը, այլև նրանց խոսքերին հավատացողներին էլ պետք է տանի և ամեն մեկի համար այնտեղ՝ իր Հոր թագավորության մեջ, նոր տուն կա պատրաստված-զարդարված, որտեղ միասին կլինեն հավիտյան և այլևս չար մարդիկ չեն հալածի բարիներին, քանի որ այնտեղ վատ մարդիկ չեն կարող ներս խցկվել:

Սա իհարկե, հեքիաթի նման է, բայց Այգեպանը ինչ որ ասել է, կատարվել է, այդ պատճառով էլ այս բարի լուրը տարածվեց-տարածվեց և վերջապես ամբողջ երկրագնդի բոլոր ժողովուրդները իմացան այս ամենի մասին և նրանցից ովքեր հավատացին, ուրախացան ու սպասեցին: Մյուսները չէին սիրում, քանի որ այդ հեքիաթը խանգարում էր Երկրի վրա իրենց չար արարքները կատարելուն: Եվ բացի այդ շատ անկուշտ ու ագահ էին դարձել մարդիկ ու անվերջ ավերում էին Երկիրը:

Անչափ տխրեց մայր Երկիրը, նրա հետ միասին իր հոգատար զավակները: Եվ հիշեց նա, թե ինչո՞ւ, երբ դեռ փոքր էր, լաց եղավ: Բայց նա, ինչպես բոլոր մայրերը, համբերատար էր, ու գորովագութ, սպասում էր, թե գուցե իրար դեմ թշնամացած որդիները կհաշտվեն ու կդադարեն միմյանց ոչնչացնելուց ու մորը ցավ պատճառելուց:

Տխրում էին նաև նրանք, ովքեր հիշում էին Այգեպանի խորհուրդները, բայց նրանք սակավաթիվ էին ու աղքատ: Կամակոր որդիները չնայած հորդորներին ու խրատներին, դարձի չեկան ու չփնտրեցին խաղաղության նավահանգիստը, որ խոստացել էր բոլորին Այգեպանը, ու ավելի ու ավելի չարանալով՝ անմիտ երեխաների նման մահաբեր ու ահարկու զենքեր պատրաստելով, իրենց կյանքի հետ էին խաղում:

Եվ հոգնած ու պառաված Երկիրը մի օր ասաց Այգեպանին:

— Հանուն այս փոքրաթիվ, սիրելի որդիներիս, որպեսզի չկորչեն մյուս անբարիշտների հետ, արա այն ինչ ուզում էիր անել, թող լինի ինչպես դու ասացիր: Նա գիտեր որ Այգեպանը ավելի սարսափելի պատիժ է պատրաստել քան նախկին ջրհեղեղը: Ու պետք է նա կրակով այրեր ամբողջ ապականված երկրագունդը, չթողնելով և ոչ մի բան:

Ու Երկիրը հնազանդորեն փակեց աչքերը…

Բայց Հողին հրաժեշտի տալու թափորին շատ քչերը մասնակցեցին, թեև տեղյակ էին բոլորը, բայց եկան միայն նրանք, ովքեր հավատացել էին ու սպասել հույսով, որ հրաժեշտից հետո այդպես էլ միասին կթռչեն կշարունակեն իրենց ճանապարհը դեպի երկինք, դեպի վեր, դեպի անսահման հեռուները, որտեղ բարի Այգեպանը իր որդու հետ իրենց է սպասում հարսանիքի առատ սեղանի շուրջ՝ բոլորիս, բոլոր ազգերիս ու նաև հայերիս, որ Նոյի Հաբեթ որդու սերունդն ենք:

1991թ

ԳԱՌՆՈՒԿԸ

Աշխատանքային օրը ավարտվեց

— Կարծես թե գնացին, և շքամուտքի դուռն էլ կողպեցին։ Կարող էս հայտատարել բոլոր մատիտներին, որ հավաքվեն բաժնի վարիչի սեղանի վրա, և զգուշացրու, որ անխտիր ներկայանան, քանի որ շատ հետաքրքիր ու կարևոր հանդիպում պետք է լինի, — կարգադրեց հնաոճ արտաքինով տարեց մատիտը:

Շատ չանցած նախագծային գրասենյակի բոլոր մատիտները հավաքվեցին սպիտակ թղթով ծածկված սեղանի վրա, որտեղ իրենց տերերը ընդմիջման ժամանակ ուտում էին ու զրուցում:

Տարեց, հնաոճ մատիտը, որին բոլորը հարգանքով «հայրիկ» էին անվանում, ոտքի ելավ ու ձեռքը բարձրացնելով խոսեց, ասելով.

— Եղբայրներ, նախ զգուշացնեմ, որ անցյալ հավաքույթից հետո, մեր անփութության պատճառով մատիտահետքեր էին մնացել սեղանի վրա, և կասկածի տեղիք տվեց մեր տերերին, որ իրենց բացակայության ժամանակ այստեղ անց ու դարձ է լինում, այժմ զգույշ եղե՛ք և ոտքերով մի քստքստացրեք թղթի վրա, որ գծեր չառաջանան, իսկ վերջում դու՝ «կարճլիկ», կկանչես մեր բարեկամ ռետինին, որ կեղտոտված բծերը մաքրի։

Եվ այսպես անցնենք բուն նյութին, ինչի համար որ հավաքվել ենք։ Չնայած ես թոշակի եմ անցել, և այժմ հազվագյուտ են ինձ օգտագործում, բայց ձեր բոլոր նեղություններին տեղյակ եմ ու գիտեմ, որ աշխատանքը դժվարացել է ու դուք հալումաշ էք եղել, և մեզանից շատերի կյանքը այնքան կարճացավ, որ աղբարկղ նետեցին։ Եթե այսպես շարունակվի, ապա շուտով մեր հետքն էլ չի մնա այս սենյակի թղթերի վրա։ Ես շատ մատիտների սերունդներ եմ տեսել, որովհետև իմ տերը դեռ վերջին պատերազմից է ինձ պահում, թե որպես հիշողություն, թե որպես «քիմիական» հազվագյուտ մատիտ չջընջվող հետքր թողնելու համար։ Բայց կարող եմ վկայել, որ այժմ մենք ապրում ենք անհանգիստ ու խառը ժամանակներում, մեզանից յուրաքանչյուրը չի կարողանում վստահություն ունենալ վաղվա օրվա վրա։ Եկեք խելք-խելքի, այսինքն գլուխ-գլխի տանք, որպեսզի որոշենք մեր հետագա անելիքը։ Ով առաջարկություն ունի, կարող է խոսել։ Դեռ տարեց մատիտը չվերջացրած, իսկույն ոտքի ցատկեց կրծմծած գըլխով մի անհրապույր մատիտ և սկսեց ճղճղալ սուր ձայնով.

— Հարգելի աշխատակիցներ, խնդրում եմ ինձ ներել տգեղ արտաքինիս համար, քանի որ իմ տերը բարկացկոտ անձնավորություն է և հաճախ աշխատելու ժամանակ դժվարության հանդիպելիս զայրացած կծում է գլուխս, այդ պատճառով ես նրա նման ջղային եմ դարձել։ Ի՞նչ էի ուզում ասել, հա՛, հիշեցի, մարդիկ, որոնց մենք ծառայում ենք, նրանք շատ են փոխվել։ Օրինակ, իմ տերը առաջ շատ հազվագյուտ էր կծում գլուխս, բայց վերջերս զայրացած անընդհատ ցավեցնում է ինձ։ Չեմ հասկանում, ինչ է պատահել նրան, եթե ձեր հետ էլ է նույնը կատարվում, ասեք բոլորիս։

— Այո՜, ճիշտ է ասում, — խոսեց բարալիկ իրանով մի մատիտ, — իմ տերն էլ է դարձել անհանգիստ, իհարկե, նա սովորություն չունի գլուխս կծելու, բայց երբեմն այնքան ուժեղ է ինձ սեղմում գծագրին, որ հաճախակի քիթս կոտրվում է, ու ստիպված շուտ-շուտ սրում է։ Տեսեք, ինչքան եմ մաշվել այս մի քանի ամսվա մեջ։

— Իսկ ես զգացել եմ, որ ինձ օգտագործողի ձեռքերը սկսել են շատ դողալ, — ասաց կանաչավուն փայլով մատիտը, — առաջ էլ է այդպիսի բաներ եղել։ Երկուշաբթի օրը, երբ նա գալիս էր աշխատանքի, դեռ նախորդ օրվա հարբացությունը չանցած, բայց այժմ ամեն օր դողում են խեղճի ձեռքերը, երևի անընդհատ խմում է։

— Բայց ի՞նչ կասեք այս մասին, որ արդեն մեկ շաբաթ է իմ տերը, մի քանի խզբզոցից բացի, ոչինչ չի արել, ու մտահոգ նստած մի կետի է նայում ու աննպատակ ինձ մատերի արանքում պտտեցնում, — հարցական բոլորին նայեց կապտավուն երանգով մատիտը։

— Իմ տերը, ընդահակառակը, նույնիսկ երբեմն աշխատանքից հետո էլ մնում ու ինչ-որ բան գծագրում, կարծես օրվա աշխատանքը չի բավարարում, — ավելացրեց մեկ ուրիշը։ Հետո էլ վերջում, հոգնած ու գզգզված իր վիճակից, բարկացոտ ինձ շպրտում է ու քթի տակ ինքը իր հետ խոսելով գնում տուն։

— Լսեցեք այժմ ինձ, — ասաց ոսկեգույն գծերով մի մատիտ, — ես առաջ ծառայում էի մի տիրոջ, որ նկարիչ էր ու գեղեցի՜կ-գեղեցի՜կ շատ բաներ էինք նկարում, օրինակ, ծաղիկներ, կենդանիներ ու շատ երեխաներ, և, մի խոսքով, այնպեսի բաներ, որ ձեզանից յուրաքանչյուր կերազեր։ Բայց մի օր էլ, տարօրինակ բաներ նկարել, իսկի ինքն էլ չէր հասկանում, թե ինչ ու երբ ցուցանհանդես տարավ ու գովեցին, նա շատ հպարտացավ ուսկսեց օրեցօր ավելի քիչ նկարել, իսկ նկարած էլ նույն տարօրինակություներ էին, որոնք մարդիկ կոչում են «աբստրակցիոնիզմ»: Եվ երբ մի օր իր ընկերը ինձ տեսնելով, խնդրեց իրենից, նա էլ չմերժեց, ու ահա ես ձեզ մոտ հայտնվեցի: Միևնույնն է նա արդեն չէր կարողանում նկարել և կարծես, նրա միտքը դատարկվել էր, ու իսկապես, մարդկանց հետ ինչ-որ անհասկանալի բան է կատարվում, որ մենք չենք հասկանում :

— Բա ի՞նչ անենք, հարկավոր է նրանց օգնել, թէ չէ այդպես մենք էլ նրանց հետ կկորչենք օրեցօր մարդկանց հետ տանջվելով, — ասաց կարճլիկ մատիտը, որ բոլորին հայտնի էր «մկնիկ» անունով:

— Կարել՞ի է ես նույնպես արտահայտվեմ, — խոնարհաբար ձայն խնդրեց ռետինե գլխիկ ունեցող մի բարձրահասակ մատիտ, — ու երբ թույլ տվեցին նա շարունակեց, — Թանկագին եղբայրներ, ես համարձակվեցի խոսել, չնայած այն բանին, որ ձեզ նման շատ չեմ աշխատում, որովհետև ինձ պատրաստելիս ռետին են ավելացրել գլխիս, որ շատ հարմար է ճանապարհորդության ժամանակ: Բայց, միևնույն է, կուզենայի տեղեկացնել իմ տիրոջ հետ կատարվող հետևյալ փաստը, որը կլրացնի ձեր բոլորի ասածները: Եբ գիտեմ, որ նա ծխում է, ու ինձ քիչ տհաճություն չի պատճառում նրա նիկոտինաբույր մատների արանքում աշխատելը, բայց վերջերս ինչ-որ խաղով է տարվել, որ իրենք կոչում են «Բինգո-լոտո»: Եվ այժմ օրերով անընդհատ ծխում է ու տանը թե փողոցում անվերջ թվերի աղյուսակներ է ինձանով գրում ու ջնջում, , կամ ժամերով նստած ինչ-որ հաշվարկներ անում: Կներեք, որ այս գաղտնիքը հայտնում եմ, բայց նա հուսահատության, ավելի շատ խելագարության է հասել, որովհետև նույնիսկ գիշերները արդեն չի քնում հանգիստ, այլ շուտ-շուտ վեր է թռչում ու երազում տեսած թվերի շարքն է գրանցում, ու տառապում ողջ գիշեր անընդհատ ծխելով ու հազալով: Նրա ընտանիքի անդամները գժտվել են այս բոլորի պատճառով, բայց, նա կարծես, կախարդվել է այդ խաղով, ու ոչինչ չի ուզում լսել և երազում է շատ-շատ դրամ շահել, չնայած ընտանիլը ծայրաստիճան աղքատության է արդեն հասել ու քայքայվել: Հարկավոր է պատճառը իմանալ մարդկանց հետ կատարվող, ու եթե կարող ենք օգնել նրանց:

Երբ բոլորը խոսեցին, լռություն տիրեց սենյակում: Ոտքի կանգնեց տարեց քիմիական մատիտը.

— Հիմա նորից լսե՛ք ինձ, որովհետև բոլորդ հաստատեցիք մեզ անտանգստացնող միևնույն միտքը, և բոլորս եկանք այն եզրակացության, որ մարդկանց հետ անհասկանալի իրադարձություններ է կատարվում: Այդ է պատճառը, որ օգտվելով բացառիկ հնարավորությունից, խոսքը տալիս ենք մեր հյուրերին, մեր եղբայր գունավոր մատիտներին, որոնք բարեբախտաբարայսօր մի սենյակում են հայտնվել մեզ հետ: Բայց ավելի լավ է իրենք խոսեն և ամեն բան պահեն: Եվ երբ 7 գույները իրենց գեղեցիկ ու սլացիկ տեսքով միասին ոտքի կանգնեցին գորշ մատիտների առաջ, բոլորի շուրթերից հիացմունքի բացականչություններ լսվեցին, քանի որ նրանցից շատերը չգիտեին էլ որ գունավոր մատիտներ գոյություն ունեն աշխարհում:

Նրանից առաջինը ու երևում է, ամենահարգվածը՝ կարմիր մատիտը խոսք վերցրեց.

— Եղբայրնե՛ր, մեր սիրելի արյունակից հարազատներ, մենք շատ էինք լսել ձեր նեղությունների ու չարչարանքների ու ձեր չափազանց կարևորության մասին, և ահա այսօր մեր ականջներով լսեցինք ամեն բան ու հասկացանք, թե ինչ կարևոր գործ եք դուք կատարում մարդկության համար:

Նախ պատմեմ, թե ինչպես հայտնվեցինք այստեղ: Ձեր հետ աշխատում է մեր տերը, որը ի տարբերություն ձեր տերերի, չափազանց բարի է ու կարգ ու կանոն սիրող, և ավելին՝ նա սիրում է ու պաշտում Իր ստեղծող Տիրոջը, որին նա անվանում է Աստված կամ Հիսուս Քրիստոս է կոչում: Ամեն օր անպայման կարդում է մի գիրք, որ կոչվում է «Աստուածաշունչ» դա նրանց Սուրբ գիրքն է որտեղ ամեն ինչ գրված է մարդկանց ստեղծող Աստծո և ընդհանրապես ամբողջ աշխարհի մասին: Նա այնքան երկյուղով է դա անում, որ նույնիսկ կարդալուց առաջ գիրքը համբուրում է ու նոր կարդում: Նա 2 փոքրիկ երեխաներ ունի, այդ չարաճճի բալիկները մի օր դարակում մեզ գտան ու սկսեցին անխնա որտեղ ասես մեզանով գծեր քաշել տան պատերի վրա: Մեր տերը, երբ այդ տեսավ, ստիպված մեզ այստեղ բերեց, որպեսզի չփչացնեն բոլորովին, քանի որ նա մեզ իր հորից է ժառանգել որը նույնպես Աստվածաշունչը կարդալիս միշտ մեզանով այդ Սուրբ գրքի կարևոր նախադասություններն էր ընդգծում: Դուք բոլորդ խոսեցիք մարդկանց մեջ տեղի ունեցած տարօրինակությունների մասին, որով ավելի ու ավելի հաստատվեց մեր մեջ այն միտքը, որ նրանց «Աստվածաշնչում» գրված բոլոր խոսքերը իսկապես ճշմարտություններ են: Քան որ նրան ստեղծող Տեր Աստվածը երևում է շատ իմաստուն է, ու այդ գրվածքները կկատարվեն:

— Այ քեզ բա՜ն, ուրեմն մարդիկ էլ Տեր ունե՞ն, որ իրենցից էլ խելոք է ու իմաստուն: Ի՜նչ հետաքրքիր է, մենք էլ կարծում էինք, թե մարդկանցից ավելի խելոք ոչ ոք չկա, — այս ու այն կողմից բացականչեցին զարմացած մատիտները։

— Թույլ տվեք շարունակել, — նորից խոսեց կարմիր մատիտը, — վերջերս իմ տերը ինձանով մի նախադասություն ընդգծեց, և դա նրա վրա շատ մտածեց, որովհետև անընդհատ այդ էջին էր նայում ու աղոթում, այսինքն իրեն ստեղծող աներևույթ Աստծո հետ խոսում։

— Ի՜նչ տարօրինակ է,որ մարդիկ կարողանում են չտեսած Աստծո հետ խոսել, իսկ մենք՝ մատիտներս, մեր տեսած տերերին հետ չենք կարողանում խոսել։ Երևում է մարդկանց ստեղծող Տերը շատ-շատ խելոք է ու զարմանալի որ նրանց այդքան խելոք է ստեղծել -նորից չհամբերելով միջամտեծ գորշ մատիտները։

— Այդ նախադասությունը ես բառացի հիշում եմ, — շարունակեց կարմիր մատիտը — Եթե ուզում եք՝ կրկնեմ ձեզ համար։

— Ասա՛, ասա՛, շատ ենք ուզում լսել, թե ինչ է գրված այդ Սուրբ Գրքում բացականչեցին բոլորը միասին։

Այդ նախադասությունը հետևյալն է. «Իմացեք վերջին օրում չար ժամամանակներ պիտի գան, քանի որ մարդիկ պետք է լինեն անձնասեր, փողասեր, ամբարտավան, հպարտ, հայհոյիչ, ծնողներին անհնազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բամբասկոտ, դաժանաբարո, բարին չսիրող, մատնիչ, հանդուգն, գոռոզ, ավելի հեշտասեր, քան աստվածասեր»։

Վա՜յ ի՞նչ զարմանալի է։ Կարծես մեր տերերի մասին է, որոնք շատ են չարացել, բամբասկոտ, ագահ ու անհանգիստ են դարձել, միաբերան բացականչեցին բոլոր մատիտները։

— Իսկ ես հիշում եմ այս խոսքերը, միջամտեց կապույտ մատիտը, որ մի օր ընդգծեց մեր տերը, որը կարծես լրացնում է նոր ասածներին։ Այդ տեղը, որ Ավետարան էր կոչվում, գրված էր «Պետք է լսեք պատերազմներ ու պատերազմների լուրեր։ Զգույշ մնացեք ու մի վախեցեք, քանի որ այդ ամենը պետք է որ լինեն, բայց դա վերջը չէ: Քանի որ ազգերը ազգերի վրա կհարձակվեն, թագավորությունները թագավորությունների վրա: Տեղ- տեղ սովեր ու վաղաժամ մահեր ու երկրաշարժեր պետք է լինեն»:

— Օ՜օ՜օ՜, ինչ սարսափելի բաներ են գրված խեղճ մարդկանց համար — այս ու այն կողմից բացականչեցին վախեցած մատիտները:

— Այնտեղ գրված էր նաև ինչ-որ վերջի մասին, այդ ի՞նչ վերջ է, ինչի՞ վերջը, մի՞թե մարդկության: Եթե այդպես է մենք ում ենք ծառայելու:

— Այո՛, մարդկության: Սուրբ Գրքում գրված է, որ աշխարհի համար պետք է գա այդ վերջը ու ինչ որ կա նրա մեջ պետք է այրվի, — ասաց կանաչ մատիտը: Ես ինքս եմ ընդգծել այդպիսի տողեր, «Հին ապականված աշխարհը ջրհեղեղով կործանվեց ու հիմա էլ երկինքն ու երկիրը պահված են կրակի համար, մինչև դատաստանի ու չար մարդկանց կորուստյան օրը»:

— Ի՜ի՜ի՞նչ, ուրեմն մե՞նք էլ պետք է այրվենք մարդկանց չար արարքների պատճառով: Ինչ մեղք ենք բոլորս, — լացակումած տրտնջացին մատիտները: — Չենք ուզում այրվել չար մարդկանց հետ, չե՛նք ուզում:

— Նշանակում է միայն այն մարդի՞կ պետք է այրվեն, որոնք մինչ. իրենց կյանքի վերջը չլսեցին Աստծուն ու վատ-վատ արարքներ գործեցին, — հարցրեց «մկնիկը», — իսկ ո՞ւր պետք է գնան բարիները, օրինակ ձեր տերը:

— Ես կարծես հիշում եմ, թե ինչ պետք է լինեն բարի մարդիկ, պատասխանեց կարմիր մատիտը, հիշում եմ, որ իմ տերը հատուկ ինձ ընտրեց այդ նախադասությունը ընդգծելու համար: Այնտեղ գրված էր, որ իրենց ստեղծող Աստծուն լսող ու հնազանդ բարի մարդիկ պետք է երկինք թռչեն, ու իրենց Տիրոջ մոտ գնալ, նույնիսկ եթե մեռած էլ լինեն, բարիներին իրենց զորավոր Աստվածը պետք է կենդանացնի ու իր մոտ տանի: Ու այնտեղ երկնքի թագավուրությունում պետք է միշտ, շա՜տ միշտ լինեն ուրախ, երջանիկ ու խաղաղ, և այլևս պետք է չհիվանդանան ու չմեռնեն: Իսկ ամենակարևորը այն է՞ որ այնտեղ չար մարդիկ ոչ մի կերպ չեն կարող մուտք գործել: Այդ տեղը մարդիկ դրախտ են կոչում:

՞՞՞՞՞ այս վատ աշխարհից ու փրկվեի կրակից, — հառաչելով ասաց ռետինե գլխով մատիտը:

— Մենք էլ, մենք էլ ենք ուզում այստեղից գնալ: Եկեք բոլորս այսպես պայմանավորվենք, երբ այդ օրը գա՝ իսկույն բարի մարդկանց գրպանները մտնենք ու նրանց հետ մենք էլ փրկվենք, — միահամուռ որոշեցին մատիտները:

— Իսկ ինչպե՞ս է նրանց Աստվածը իմանում, թե ով է չար, ով բարի, ու ինչ պ ետք է անեն մարդիկ, որ երկինք գնան, — հարցրեց վնասված գլխով մատիտը, — օրինակ իմ տերը միշտ բարկացած ու չար է, և խեղճիս անընդհատ տանջում է գլուխս կրծոտելով:

— Այդ մասին էլ է գրված «Աստվածաշնչում», ասաց շականակագույն մատիտը, — պետք է առաջինը իրենց Աստծուն սիրեն, լսեն ու կատարեն նրա ասածները, որոնք պատվիրաններ են կոչվում և հետո սիրով ու բարությաբմ վարվեն միմյանց հետ, օգնեն հիվանդներին, աղքատներին, ծերերին և անօգնականներին:

— Իսկ մեր հանդեպ ինչպե՞ս պետք է վարվեն, գրված չէ՞ այդ գրքում, — կամացուկ հարցրեց նիհարիկ մատիտը:

— Իսկ կա՞ մարդկանցից այնպիս մեկը, որ նմանվեն ու լինեն բարի ու համբերատար, և սիրով վարվեն բոլորի հետ, ինչպես իրենց Աստվածն է ուզում, — հարցրեց գծավոր մատիտը, — որովհետև երբ իմ նախկին տերը երեխաներ ու ծաղիկներ էր նկարում, կարծես թե բարի էր, բայց երբ սկսեց խզբզել ու հպարտանալով չարացավ, ինձ էլ մոռացավ ու հետո տվեց ուրիշի: Դեռ լավ է, որ աղբանոց չնետեց:

Կարծես թե հիշում եմ, որ Սուրբ գրքում ընդգծել եմ, որ ասվում է, թե աշխարհում բարի ու անմեղ ոչ ոք չկա, ասաց կարմիր մատիտը, — որովհետև մարդկության առաջին ծնողները, որոաք Ադամ ու Եվա են կոչվել, ինչ-որ սարսափելի արարք են կատարել՝ չլսելով իրենց Աստծուն, ու, պարզվել է, մի հրաշալի ու գեղեցիկ Եդեմ կոչվող պարտեզից դուռս են արվել:

— Այո, կարծեմ այդ այգում մի ծառ է եղել, որի պտուղից արգելվել էր ուտել, որովհետև եթե ուտեին, պետք է անպայման մեռնեին: Ադամն ու Եվան չհավատացին Աստծո խոսքին, և, հետաքրքրությունից դրդված, խաբվեցին օձ սատանայից ու կերան այդ ծառի պտուղից, — ավելացրեց կապույտ մատիտը:

— Ուրեմն, չլսելով կերել են այդ ծառի պտուղից ու, պարզվում է, այդ պատճառո՞վ են մեր տերերը մեռնում, — հարցական նայեցին մատիտները:

— Ինչ սարսափելի ծառ է եղել: Ես բոլորովին չէի ուզենա այդպիսի ծառի մատիտ լինել, ասաց ճստիկը:

— Իսկ ով է այդ օձ-սատանան, որ Աստծուն հակառակ բաներ է անում ու խաբում մարդկանց, — հարցրեցին գորշ մատիտները այս ու այն կողմից:

— Դա նույնպես Աստծո ստեղծած հրեշտակ էր, — բացատրեց կարմիր մատիտը, — բայց հպարտացավ և ուզեց Աստծուց բարձր լինել, ամբողջ աշխարհի տիրակալը լիներ: Եվ Աստված նրան ու իր հետ ապստամբած մյուս հրեշտակների հետ պատժելով, լուսավոր երկնքից այս մութ ու խավար աշխարհը ուղարկեց:

— Ճիշտ իմ տիրոջ նման է եղել, հառաչեց գծավոր մատիտը, — նա էլ հպարտացավ ու այժմ չարացել է մարդկանց ու երևի Աստծու դեմ:

— Բայց դրանով ամեն ինչ չվերջացավ, — շարունակեց կարմիր մատիտը, — Աստվածը շատ է սիրում իր ստեղծած մարդկանց ու չեր ուզում, որ նրանք կորչեն մահվան մեջ ու դեռ դրախտում խոստացավ փրկիչ ուղարկել աշխարհ, որ նրանց մահվանից ազատի: Ու մարդիկ երկար սպասեցին, սպասեցին ու էլ չսպասեցին, և սկսեցին շատ չար գործեր անել ու այնքան վատ ու շատ, որ իրենց Տերը բարկանալով որոշեց ջրհեղեղով բոլորին ոչնչացնել: Բայց լավ էր, որ նրանց մեջ մի բարի մարդ գտնվեց Նոյ անունով, որը Աստծուն լսում էր ու վախենում նրանից: Հիմա նրա շնորհիվ է, որ մարդիկ դեռ ապրում են, որովհետև չար մարդիկ խեղդվեցին ջրհեղեղի ժամանակ իսկ Նոյը ու նրա 3 որդիները, նրանց կանայք ու Նոյի կինը հավատալով մի մեծ նավ պատրաստեցին, որ տապան էր կոչվում, ու մտնելով նրա մեջ, փրկվեցին մահվանից: Նրանց հետ նաև մի-մի զույգ տարբեր կենդանիներ փրկվեցին, որովհետև Աստված չուզեց, որ նրանք մարդկանց մեղքերի պատճառով ոչնչանան:

Ու այժմ այն մարդկանց, որ կան աշխարհի վրա, դրանք բոլորը Նոյի որդիներից են ծնվել, որովհետև նրանց նավը Արարատ լեռան վրա իջավ, ու այդտեղից նորից մարդիկ ծնվելով ու շատանալով, աշխարհը լցրեցին:

— Ուրեմն մարդիկ փայտի նավո՞վ են փրկվել ջրհեղեղից, այդ նույն փայտը, — ի՜նչ լավ է, ի՜նչ հետաքրքիր է, — բացականչեցին ուրախացած մատիտները:

— Իսկ փրկիչը, որ պետք է գար, չեկա՞վ, անհամբեր հարցրեց մինչ այդ մնացած մատիտներից մեկը:

— Բանն էլ նրանում է, որ նա շուտով եկավ, — շարունակեց նորից կարմիր մատիտը, — ու պարզվեց, որ նա մարդկանց ստեղծող Աստծո միակ Որդին էր, ու շատ նման էր իր Հորը, ու նրա նման սիրում էր մարդկանց, բժշկում անբուժելի հիվանդներին, օգնում աղքատներին ու խեղճերին ու մխիթարում հուսահատվածներին: Բայց մարդիկ, քանի որ նորից չարացել էին, լսեցին իրենց նման վատ մարդկանց ու սատանայի խորհուրդներին, և մի օր էլ բռնեցին նրան, ծեծեցին ու մեխելով խաչի վրա սպանեցին:

— Վայ, վայ, այդ ինչ ահավոր բան են արել մարդիկ, ինչ հիմար են մեր տերերը, որ իրենց փրկչին սպանել են, — տխրելով բացականչեցին մատիտները:

— Իսկ ի՞նչ է խաչը, — նորից հարցրեց բարալիկ մատիտը:

— Խաչը, կարծես, երկու մատիտի նման փայտեր են իրար վրա ամրացած, — ես տեսել եմ իրենց իրենց Սուրբ Գրքի վրա նկարված, — բացատրեց կանաչ մատիտը:

Երբ մարդկանցից որևէ մեկը շատ վատ բան է անում, այդ խաչ ու փաչ մատիտների վրա մեխում են ու թողնում, որպեսզի տանջվելով մեռնի:

— Բայց չէ՞ որ Աստծո Որդին չէր կարող վատ բան անել, էլ ինչո՞ւ նրան էլ խաչեցին, — լացակումած հարցրեց նույն բարալիկ մատիտը:

— Հենց բանն էլ այդ է, որ նա անմեղ էր, ինչպես բացատրեմ, որ հասկանաք, — ասաց կարմիր մատիտը: — Օրինակ, մենք բոլորս մատիտներ ենք և բոլորս նույն փայտից պատրաստված, և մեր մեջ տարբեր գույներ կան, բայց մի մատիտ էլ կա շատ հազվագյուտ, որ ոչ մի գույն չունի իր մեջ, և երբ գծում են միայն սպիտակ է լինում: Եթե, օրինակ, մեր գծածի վրա ինքը գծի, ապա ծածկում է իր սպիտակ գույնով, ու կարծես թե իսկի էլ այնտեղ գիծ չի եղել ու մի հետք չի երևում: Այդպես էլ Աստծու Որդին նման էր բոլոր մարդկանց և ուներ 2 աչք, 2 ձեռք, 2 ոտք, քիթ, բերան, ականջ, բայց իր մեջ չարություն, նախանձ ու մեղք չկար, ու ընդհակառակը, գառնուկի նման հնազանդ ու խելոք էր և շատ բարի: Նրա Հայր Աստվածը որոշեց թույլ տալ, իր Որդին գնա աշխարհ, ապրի 33 տարի մարդկանց մեջ, հետո խաչի վրա մեռնի, որպեսզի նրա անմեղ արյունով ծածկվի ու ու մաքրի բոլոր մարդկանց չար գործերնու մեղքերը։ Եվ ով որ հավատա մարդկանցից մեռած գառնուկին, ներում է ստանում իր կատարած մեղքերից ու ազատվում Աստծո պատժից։ Չէ՞ որ լսեցիք պետք է գա մի օր, երբ բոլոր մարդիկ իրենց գործերի համար պետք է պատասխան տան իրենց Տեր Աստծուն։

— Ես լավ հիշում եմ, որ գառնուկ էլ եմ նկարել, միջամտեց գծավոր մատիտը, — այնքան լավ ու գեղեցիկ, այնպես խուճուճ պստլիկ ու փափլիկ կենդանի է, որ այդ գառնուկը։ Ես այլևս իրենց համար չեմ նկարելու, վե՛րջ։

— Մե՛նք էլ, մե՛նք էլ, այլևս չար մարդկանց չենք ուզում ծառայել։ Ու եկեք աշխարհի բոլոր մատիտներին լուր տանք, որ այլևս վատ մարդկանց չծառայեն։

Սպասե՛ք, սպասե՛ք, եղբայրներ, այդպես չի կարելի, — անհանգստացած միջամտեց կարմիր մատիտը, — նման ձևով վարվելով մենք նմանվում ենք այդ նույն չար մարդկանց, որոնք իրենց Աստծուն չհնազանդվեցին։ Ու իրենց գրքում գրված է, որ Աստվածը արևը ծագեցնում է թե՛ չարերի, թե՛ բարիների վրա։ Ուրեմն, նա, սիրելով բոլորին, ուզում է չարերին նույպես փրկել կրակից, քանի որ նրանցից շատերը դեռ չգիտեն, թե ինչ են անում։

Եղբայրներ, ես էլ եմ շատ խոսքեր ընդգծել Սուրբ Գրքից, բայց այս մեկի մասին ուզում եմ դուք էլ իմանաք, — ասաց մինչև այդ լուռ մնացած նարնջագույն մատիտը։ — Այդ Աստծո Որդու անունը կոչվում է Հիսուս Քրիստոս։

— Ի՞նչ, Հիսո՞ւս, ինչ գեղեցիկ անուն է, — չհամբերելով միջամտեց «ճստիկը»։

— Մի ընդհատիր, — ասացին նրան այս ու այն կողմից, — թող լսենք։

— Հիսուսին, որ նշանակում է փրկիչ, իր խաչվելուց հետո, երբ մեռավ, գերեզմանի տուփի մեջ դրեցին, բայց նա 3 օր հետո կենդանացավ ու նորից երևաց իրեն հավատացող բարի մարդկանց, ու այդ օրը նրանք կոչում են Զատիկ։

— Օ՜օ՜, ինչ, ինչ լա՜վ է, ի՜նչ հրաշալի է, ուրեմն գառնուկը մեռած չէ, այն նորից կենդանացել է, — ուրախ-ուրախ բացականչեցին բոլորը։ — Ինչ զարմանալի Աստված ունեն մարդիկ, որ կարողացել է իր մեռած Որդուն նորից կենդանացնել։

— Երանի մարդկանց, որ այդպիսի Տեր Աստված ունեն, որ այնքան է սիրում նրանց, որ իր միակ գառնուկի նման Որդուն զոհել է, որ մարդիկ հավատալով փրվեն, ու հետո նորից մեռած տեղից կենդանացրել է նրանց — հիացած ասաց տարեց մատիտը։

— Երանի թե իմ տերն էլ ինձ այդպես սիրեր, հառաչելով ասաց կծած գլխով մատիտը։

— Իսկ հետո՞, հետո՞ ինչ եղավ, հարցրեցին այս ու այն կողմից։

— Հետո չգիտեմ, ասաց նարնջագույն մատիտը, միգուցե մյուս մատիտներն են ընդգծել շարունակությունը։

— Ափսոս, որ մենք չենք ընդգծել այդպիսի հրաշալի խոսքեր, շատ ենք նախանձում ձեզ, խոստովանեց գորշ մատիտները։

— Բայց մի՞թե հե՞՞՞՞ մասին ոչ ոք չի ընդգծել, — տխրեցին բոլորը։

— Հիշեցի՛, հիշեցի՛, — հանկարծ ուրախ բացականչեց կապույտ մատիտը, — 40 օր հետո Աստծո Որդի Հիսուսը իր հավատացյալ աշակերտների հետ գնաց մի բարձր սարի վրա, նրանց հրաժեշտի խոսքեր ասաց ու նաև զգուշացրեց, որ իրար հետ սիրով լինեն, որովհետև դրանով պետք է իմանան, որ որ աշխարհում կան Աստծուն լսող հնազանդներ։ Ու երբ այս խոսքերը ասում էր, հանկարծ Հիսուսը ձեռքերը վեր բարձրացրեց ու կամաց-կամացսկսեց բարձրանալ երկինք, այնքան, որ ամպերը ծածկեցին նրան բոլոր տեսողությունից։ Ու այդ ժամանակ սպիտակ շորերով 2 էակներ, որոնց մարդիկ հրեշտակներեն կոչում, ասացին, որ այլևս երկինք մի նայեք, որովհետև Հիսուսը գնաց իր Հոր մոտ։ Բայց մ՛ի տխրեք նորից պետք է գա և իրեն հավատացող բոլոր բարի մարդկանց ու մանավանդ խելոք երեխաներին իր մոտ կտանի։

— Ահա՜ թե ինչու են մարդիկ անհանգստացել, — բացականչեց կանաչավուն փայլով մատիտը, — ուրեմն Հիսուսը նորից պետք է գա, և մարդկության գրքում գրված է, որ իր գալուց առաջ պետք է չար ու նախանձ, անհնազանդ մարդիկ շատանան։ Ուրեմն, իսկապես Աստծո Որդին շուտով պետք կգա, ու վերջապես մենք էլ կազատվենք այս չար մարդկանց ծառայությունից։

— Երանի՜ շուտ գար Հիսուսը, — կարծես բոլորի փոխարեն խոսքեց «ճստիկը»։

Վերջում նորից ոտքի կանգնեց «հայրիկ» անունով ծեր մատիտը և ասաց բոլոր հավաքվածներին.

— Հարգելի մատիտներ — շուտով լուսաբաց է, ու մեր տերերը գալու են ու համոզվեցինք, որ մարդկանց Տեր Աստվածը պետք է շուտով երկիր վերադառնա, ես առաջարկում եմ այսուհետև ավելի ջանասիրությամբ ծառայենք խեղճ մարդկությանը, որպեսզի շատերի համար մենք օրինակ լինենք, թե ինչպես պետք է ծառայել իսկական Տիրոջը:

Իսկ հիմա բոլորդ գնացեք ձեր տեղերը և միշտ հիշեք, որ մենք մարդկության կարևոր օգնականներից մեկն ենք և մեր բոլորի վրա կա մեծ պատասխանատվություն մարդկության փրկության գործում: Եվ թող մարդկանց Տերն ու Աստվածը, որ ամեն բան տեսնում ու լսում է, մեզ էլ հիշի և ողորմի Իր վերջին գալստյան օրը:

Լրացուցիչ տեղեկություններ

Տրամադրել է՝ Մեհրուժան եղբայր Բաբաջանյան։

Հեղինակային իրավունքները՝ Մեհրուժան եղբայր Բաբաջանյան։
Հրատարակված է հեղինակի թույլտվությամբ։ Առանց հեղինակի թույլտվության հեղինակի աշխատանքների արտատպումը կամ ցանկացած այլ օգտագործումը արգելվում է։

Տես նաև

Մեհրուժան Բաբաջանյանի այլ գործերը

Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice