ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian

Եղիշե Չարենց

ԵՐԿԵՐ


Նախորդ էջԲովանդակություն  | Հաջորդ էջ

ՊՈԵՄՆԵՐ ԵՎ ԲԱԼԼԱԴՆԵՐ

[ էջ 230 ]

ԿՈՄՈՒՆԱՐՆԵՐԻ ՊԱՏԸ ՓԱՐԻԶՈՒՄ

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄՅԱՍՆԻԿՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Այստե՛ղ է Կոմունարների Պատը:
Ցցված է ահա այստեղ նա։
Այս փոքրիկ,
Փորփրած այս ֆասադը:
Այս փլատակը դեղնած:

Մնացորդն է առաջվա պատի։
Մի փոքրիկ կտորը։
Մնացել է այն օրից այդպես,
Որպես եղել է։
Վրան՝
Հատիկ-հատիկ—
Գնդակների տեղերը։

Մեկ էլ,
Հենց այդ հին քարերի վրա,
Վրեժից կիզված իր թակով՝
Փորփրել է դեմքեր
Զարհուրած
Մի քանդակագործ։

Քանդակել է ապա նա մի կին,
Որ,մեջքը քարերին հպած,
Անսահման ցասումը դեմքին,
Ստինքները բաց՝
Երկարել է ձեռքերն ահավոր,
Եվ տենդոտ դեմքը թշնամուն՝
Մռնչում է՝
«La Commune est mort—
vive la Commune!»

Նա ի՛նքն է։
Ոգին Կոմունի։

[ էջ 231 ]

Ծառացել է։
Կարո՞ղ է էլ ներել։
Եվ շուրջը,
Տղամարդ ու կին,
Նրա՛նք են.—
— Փարիզի
Կոմունարները։

Բարձրանում է սրտից իմ
Ցասման անսայր ալիք։
Ուզում եմ թվել ես նրանց։
Բայց անթի՛վ են.
Որի՞ն ես թվեմ։
Այդ նրա՛նց է,
Ելնելով Վերսալից՝
Սվիններով հնձել
Գալիֆեն։

Այդ նրանց վրայո՜վ է, որ՝
Պատվանդան շինելով այդ դիերը՝
Բարձացել է մի օր
Տյերը։

Այստե՛ղ են խմբերով բերել
Ու հպել պատին։
Սուլել են գնդակները—
Դիպել են—
Աչքերին,
Քունքերին,
Ճակատին։
Ծակել են մարմինները,
Մսերից անցել—
Ու փորել են պատը։
Սուլել են անընդհա՛տ, անընդհա՛տ։
Կուտակվել է մինչև
Հենց այս պատի առջև
Դիակների մի պատ։

[ էջ 230 ]

Բարձրացրել են ձեռքերը վեր,
Ծալել են ձեռքերը կրծքերին։
Սեղմել են մարմիններն իրենց,—
Տեսնո՞ւմ ես՝ այս քարի՛ն։
Զայրույթից պայթող աչքերով
Թքել են թշնամու երեսին։
Որպես կարմիր դրոշ՝
Բարձրացրել է զավակին մի կին։
Ու ո՛չ սարսափ, ո՛չ ահ։
Որպես սամում—
Ոռնացել են դեմքին թշնամու՝
vive la Commune!
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

Հիմա չկան նրանք։
Հիմա չկան։
Բայց տեսնում եմ ես ահա բոցվող,
Հպարտությամբ գոցվող
Աչքերն այն կոմունար աղջկա։
Տեսնում եմ բոցն աչքերի,
Որ վերջին վայրկյանին թռած՝
Մնացե՛լ է ահա
Փորփրած
Այն քարերի վրա։
Ու նայում է։
Ի՛նձ է նայում։
Պատրա՞ստ ես— ասում է։
Հասկանո՞ւմ ես՝ վայրկյանից մահու
Մենք այսպես— ընկած— սպասո՛ւմ ենք
Սպասում ենք՝ հպած այս պատին,
Ականջներս ձայներով դեռ լեցո՛ւն են։
Մնում ենք, որ գաք, ազատեք,
Որ բերեք— Կարմիր Հատուցումը...
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

Փարիզ։
Մշուշ ու ահ։

[ էջ 233 ]

Ես,
Պոետս,
Լենինյան բայլշևիկս՝
Պատին կռթնած ահա
Լսում եմ նրանց ձայնը,
Շշուկը։

Հասկանո՞ւմ եմ ես ձեզ, ընկերնե՛ր։
Դուք մոտիկ եք ինձ։
Հարազա՛տ եք։
Մեկը թե գար հիմա և ինձ այստեղ տեսներ`
Դժվա՛ր թե դեմքս նա ձեր դեմքերից զատեր:

Իհարկե, թշնամին թե գար՝
Պիտի կարծեր, թե դեմքս
Ձեր դեմքերի՛ց է՝
Գնդակո՛վ այս պատին քանդակած։

Ձեր մսի՛ց եմ ես էլ, ընկերնե՛ր,
Իմ մե՛ջ է մարմնացել ձեր աճյունը։
Նայում եմ ես փորած ձեր դեմքերին ահա—
Եվ մեկ-մեկ ճանաչում եմ։

Հարկավոր էր երկա՜ր դեգերել
Եվ հազար ճամփաներ մաշել,
Որ գայի, կանգնեի ձեր դեմ,
Որ հասնեի այստեղ—
Պեր-Լաշեզ։

Բայց չտեսած դեռ ձեզ—
Ես ձեզ գիտեի։
Եղել եք դուք ընկեր
Թե՛ երգիս, թե՛ ինձ։
Կարծես տեսել էի
Ձեզ երազո՛ւմ ես։
Օ, վաղուց զգացե՛լ եմ ես էլ
Ձեր վերջին հուզումը։

[ էջ 234 ]

Ինչքա՜ն անգամ ես է՛լ,
Ձեր վերջին ջերմը ճակատիս՝
Սարսափած կեցել եմ՝
Հպված մի պատի։
Եվ սվիններ ինչքա՜ն
Ծակել են կուրծքս, երբ—
Մի երջանիկ դիպված
Փրկություն է բերել։
Ինչքա՜ն եմ ազատվել հանկարծ—
Ինձ կորած եմ կարծել երբ ես...
Ուզո՞ւմ եք՝ ձեզ պատմեմ մի արյունոտ արկած՝
Մեր պայքարում փոքրիկ դա մի դեպք է թեպետ
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

Մի փոքրիկ քաղաքում էր։
Տասնևութը թվին։
Թշնամին դիմանում էր։
Կռվելով՝ մենք քաղաքը տվինք։
Թշնամին տիրել էր
Քաղաքի դիրքերին։
Մեր բոլոր ընկերները
Ընկան գերի։

Ես և ընկերս՝
Երկու արմեյցի՝
Նետեցինք զենքերս—
Գնացինք։
Բոլոր փողոցները,
Անկյունից անկյուն,
Թշնամին բռնել էր.
Կապել էր փողոցները, որպես հանգույց։

Ես անցա ցանկապատը։
Մտա այգին։
Նկատեց ընկերոջս մի սպիտակ կազակ։
Եվ ահա— մտրակեց իր ձին

[ էջ 235 ]

Եվ ընկերոջս հասավ։
— Որտեղի՞ց ես,— հարցրեց կազակը։
— Դե էնտեղից, դիրքի՛ց...
— Բաս ո՞ւր է հրացանդ։
— Նետեցի։
— Կարմիր արմեյցի՞ ես։
— Այո՛։
— Այո՞ո՞...
Եվ մտրակեց իր ձին
Եվ քշեց՝ նրա վրայով։

Ինձ օգնության կանչեց
Ընկերս ներքևից։
Սուրը քունքին առավ,
Անցավ թևից։
Երկրորդ հարվածն հետո
Գանգը կիսեց։
Ես հեռացա փութով,
Որ չկիսվեմ ես է՛լ։

Այգիների միջով
Ես մտա մի տուն։
Հետո ընկա կրկին
Ծանոթ տեղեր։
Ու քայլեցի մթում, որպես կատու,—
Արյունը հոսում էր քաղաքում, որպես հեղեղ։
Ինձ բռնեցին շուտով։
Խուզարկեցին թեթև։
Բան չգտան վրաս՝ ձեռք չտվին։
Ինչ որ եղավ սակայն— մահից վատ չէ՞ր միթե:—
Ինձ քշեցին մի տեղ,
Մի տեղ,
Ուր կարող էր լինել մահը՝ կյանքի դեվիզ:
Մի հարյուր մարդու հետևից,
Ինձ էլ խառնած նրանց՝ դաշտը տարան:
Ճամփին բռնում էին
Սրան-նրան։

[ էջ 236 ]

Փողոցներում տեսա
Հազար ընկեր։
Ո՛րը քունքից զարկած,
Որը վզից։
Ողջը ծանոթ մարդիկ,
Ծանոթ դեմքեր։
Հիմա դիակ դարձած՝
Փլատակներ մսի։
Սակայն թողնենք այդ դեռ։
Կայարանի հանդեպ
Կար «Ciy»–ի մի մեծ, հսկայական ռեկլամ։
Ցուցանակի նման ցցված էր նա այնտեղ՝
Զույգ սյուների, կարծես զույգ ոտքերի վրա։
Ա՛յ, ««Ciy»–ի հենց այդ ցուցանակից
Կախված էին մերոնք... Հինգ սպիտակ մերկ դի։
Ինչ-որ կանայք, հարբած, շուրջը պարում էին։
Լեզուները հանում ու ծիծաղում լկտի։

Եվ կայարանն հետո...

Այնտեղ, դռան մոտիկ,
Երկու լապտեր կար փոքր, սովորական, գազի։
Չորս ընկերներ այդտեղ մեկտեղ կախված էին՝
Սև լեզուներն հանած ու ոտքերը հողից
Բարձրացրած հազիվ...
Կայարանի մոտից մեզ քշեցին դաշտը։
Երկաթ բահեր տվին։
Եվ փորեցինք ահա մեր ձեռքով մի մեծ
Եղբայրական շիրիմ։

Երկո՛ւ հազար ընկեր մենք դրեցինք այդտեղ,
Լցրինք իրար վրա, որպես ձկներ մգլած։
Որը թե չէր մեռել, կամ վիրավոր էր թե՝
Նրան նետում էին այդպես՝ մի աչքը բաց։

Հասկանո՞ւմ եք արդյոք, ընկերնե՛ր,
Թե ինչ ապրեց հոգիս այդ գիշերին,

[ էջ 237 ]

Թե հարազա՜տ, մոտի՜կ, եղբայրական ձեռներ
Ինչքա՜ն, ինչքա՜ն անգամ ինձ դրեցին շիրիմ։

Իսկ առավոտ, երբ ես
Դարձա քաղաք—
Դրված էր մեյդանում
Մի կախաղան։
Շուրջը մարդիկ, կանայք,
Հագած-կապած.
Եկել էին կարծես
Զվարթ կաբակ։
Ու տերտերներ ճերմակ,
Որոնց շրթից
Հոսում էր, որպես թերմացք,
Ինչ-որ մի երգ խրթին։

Եվ բերեցին ահա, շրջապատած,
Մեր զինկոմին՝ տկլոր, որպես մորութ։
Նա քայլում էր հաստատ գլուխը բարձր,
Կարմիր դրոշ ուներ կարծես բռնած
Իր կապույտ, իր լուրթ աչքերում։

Կախաղանի ներքև
Դրված էր մի արկղ։
Սապոնի էր՝ վրան գրած «Բոդլո»։
Նա բարձրացավ վրան՝
Բա՜րձր, բարձր.—
Օ, ինձ այնպես թվաց, թե շուռ կտա հիմա
Երկրագունդը ոտով։

Նա նայեց այդպես իրա շուրջը՝
Հայացքը որպես գերանդի։
Ու գլխատեց կարծես նա հայացքով իր այդ—
Թշնամական վաշտեր ու բանակներ անթիվ։

Ուզեց ինձ էլ հանկարծ
Կարծես հնձի։

[ էջ 238 ]

Հասկանո՞ւմ եք՝
Նա
Նայում էր—
Ի՛նձ։
Եվ ճանաչե՞ց արդյոք,
Հասկացա՞վ,
Հասկացա՞վ արդյոք, որ հայացքը
Կախաղան էր՝ իմ դեմ ահազարհուր կեցած։
Բայց չտեսա էլ ես:
Էլ չիմացա։
Երբ նայեցի հետո՝ նրա դին
Արդեն կախված էր ցած։
Ընկերնե՛ր,
Ես ո՞նց չխենթացա...
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Այսպե՛ս է ահա, Պեր-Լաշե՛զ։
Ես փրկեցի կաշիս,
Բայց անողո՛ք եղա.
Երբ Կարմիր Բանակը կրկին
Մտավ քաղաք։
Օ, երեք օր չանցած ես ունեի արդեն
Կարմիր ձեռներ...

Հասկանո՞ւմ եք արդյոք, ընկերնե՛ր,
Հասկանո՞ւմ եք արդյոք հիմա թե—
Ինչքա՜ն ենք ունեցել մենք է՛լ
Պեր-Լաշեզի պատեր։
Այս պատերի ներքո երբ ընկավ
Մեր վերջին ընկերը—
Այն օրից
Մեր կռիվը անվե՛րջ, անընդհատ է։
Պեր-Լաշեզի պատեր ինչքա՜ն ենք մենք փորել...
Բայց ունենք մենք մի պատ, ընկերներ,—
Եվ ուրի՜շ է, ուրի՜շ այդ մի պատը։

Մոսկովում է նա։
Հյուսիսում։

[ էջ 239 ]

Այստեղից հեռո՛ւ է;
Ձեզ ծանոթ է սակայն նրա ճամփան։
Եվ գիտե պայքարող բանվորը—
Լոնդոնում նա լինի, թե Ռուրում,
Որ կոչվում է նա՝
Կրեմլյան Պատ։

Պառկած են այնտեղ ընկերներ,
Որ պիտի պառկեին ձեզ հետ։
Նա մի կարմիր, մի նոր
Պեր-Լաշե՜զ է։
Բայց ուրի՜շ, ուրի՜շ Պեր-Լաշեզ։
Հաղթանակի մի պա՜տ։
Նրանո՛վ ենք փառքի մենք հասել,
Աշխարհը երկուսի կիսել։
Նրանո՛վ ենք այսօր
Հպա՛րտ։

Մե՛նք ենք փորել պատը հաղթանակից հետո։
Մեր շարքերի համար
Դա հաղթական կամա՛ր է։
Այնտեղի՛ց է անցնում մեր հիմնականը, հունը:
Պայքարո՛վ ենք դրել
Ամեն մի քարն այնտեղ.
Հաղթանակո՛վ հիմնել
Մեր Կարմիր Պանթեոնը։
Ձեզ գուցե ցնո՞րք է թվում,
Որ աշխարհում հիմա
Կարմիր Պանթեո՛ն կա։
Եվ պառկած են այնտեղ քով-քովի
Մեր բոլոր ընկերները՝ Մոսկովում
Հոկտեմբերին ընկած։

Պառկած են նրանք, որ ընկան
Առաջին գրոհի՛ն մեր։
Երբ առաջին անգամ
Զնգաց

[ էջ 240 ]

Հոկտեմբերի հիմնը։
Եվ առաջին այդ մեր
Մարտիկներից բացի—
Պառկած են այնտեղ ընկերներ,
Վիթխարի, արի ընկերներ,
Որ պայքարի համար մեր վեհ
Քառուղիներ բացին։

Սակայն բոլո՛ր այդ վեհ շիրիմների կողքին
Կա առաջի՛նը, մե՛ծը։
Այդ բոլորի կողքին— այն մեծագո՛ւյնը կա։
Կանգնած է նա այնտեղ, իբր անհաղթ փառքի
Մի վիթխարի վկա։
Պառկած է այնտեղ— Լենինը...
Մեր կարմիր Ղեկավարը—
Լսո՞ւմ եք...
Այդպիսի ղեկավար— չկա՛,
Ու չի՛ եղել երբեք—
Ո՛չ երեկ,
Ո՛չ առաջ,
Ո՛չ հնո՛ւմը։
Լենինը—
Ուղեղն էր մեր դասի.
Մեր դասի հոգի՛ն էր։
Նրա ամե՛ն մասում
Հոսում էր մեր դասի արյունը։
Նրա մկա՛նն ամեն,
Ամեն բջիջը մի—
Դասակարգի համար եռում էր, պայքարում էր։
Լենինը—
Դե որպես երկրագունդը։
Այսինքն՝ աշխարհը,
Որ հավաքել է կյանքը իր ջղերում։
Լենինը
Հավաքել է իր մեջ—
Հիսո՛ւն հազար սերունդ։

[ էջ 241 ]

Բանվորական, իհարկե,
Բանվորական սերունդ։

Դասակարգը
Դրել էր նրա մեջ իր ամբողջ մեծությունը։
Նա եռանդ,
Կամք,
Եվ գիտությո՛ւն էր։

Դիսցիպլի՛ն էր Լենինը
Դասակարգի մի նոր,
Որ ձգտումներ ունի
Ընդհանուր։
Որ փոխելու է կյանքը։
Հանուր։

Հարկավոր էր ամբողջ մի դասի
Ինչքա՜ն քրտինք ու ջանք,
Որ ծնվեր հանճար մի այնպիսի,
Ինչպիսին էր ինքը...
Ինչքա՜ն եռանդ էր պետք—
Արևմուտքից մինչև արևելք
Ու հյուսիսից՝ հարավ։
Այսպես
Ձուլեց նա կամքը մեր
Եվ հաղթության տարավ։
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

Այստե՜ղ է
Կոմունարների Պատը։
Ցցված է ահա այստեղ նա։
Այս փոքրիկ,
Փորփրած այս ֆասադը,
Այս փլատակը դեղնած։

Մնացո՜րդն է առաջվա պատի:
Մի փոքրիկ կտորը։

[ էջ 242 ]

Մնացել է այն օրից այդպես՝
Ինչպես եղել է։
Վրան՝
Հատիկ-հատիկ
Գնդակների տեղերը:

Քշեցին հորդու-հորդու
Ու բերեցին այստեղ,
Ի՞նչ.
Թաղեցին ձեզ թե՝
Կարծում են՝ խեղդեցի՞ն ապագան։
Ընկերնե՛ր,
Ընկաք թե որ դուք—
Բայց,
Լսո՞ւմ եք.—
— Մենք կա՛նք:
Դեռ կգա՜նք:

Լցված է կյանքը հիմա
Մեր արշավի թինդով։
Մեր հռինդով լեցո՛ւն է։
Շուտո՜վ,
Շուտո՜վ կգանք,
Կբերենք—Կարմիր Հատուցումը։

Վայրկյանը
Լարուն է հիմա, որպես երկունք։
Գալարվում է աշխարհը:
Պիտի ծնի՜:
Դեմառդեմ՝
Բանակնե՛ր երկու։
Պայքար է գալիքի
Ու համառող հնի:

Հինը
Հևում է ահա ներքևում։
Տագնապից գալարվում է։

[ էջ 243 ]

Նվում է։
Հավաքում է ուժերը,
Կուտակում.
Խեղդել է կամենում բնում
Լեռնացող ընդհարումը։
Սարսափից դեղնել է
Երեսի կաշին։
Գույնը թափել։
Չռել է աչքերը.
Հառել հյուսիս։
Զառանցում է նոր Ռուր,
Պեր-Լաշեզ։
Դիե՜ր,
Դիե՜ր,
Դի՜եր.
Էշելոններ մսի։
Կարծում է գալիքը՝
Անխուսափելին
Գալու է հյուսիսից։
Իհարկե, այնտե՛ղ է
Գլխավոր մեր բերդը։
Մեր գլխավոր ամրոցը—
Իհարկե, հյուսիսո՛ւմ է։
Կդիմանա՞ր սակայն մինչև օրս մեր բերդը,
Թե չլիներ կյանքում,
Հնդուչինից Զանգու—
Մեր կենդանի հոսումը։

Թե չլիներ մեր շունչը Փարիզում,
Չլիներ Լոնդոնո՛ւմ կամ։
Երկրագնդի եթե
Յուրաքանչյուր մասում
Չբազմանար, չաճեր
Հոկտեմբերի հունդը1։
Յուրաքանչյուր ինչում թե չշաչեր

1 հունդ — ընդավոր բույսերի պտուղ, ունդ. սերմ. այստեղ` հեղափոխության գաղափար:

[ էջ 244 ]

Մեր պայքարի շռինդը հռնդուն—
Հիմա հո չէ՞ր Փարիզը գալարվի ներքևը
Հոգեվարքի տենդում։

Տեսնում եմ՝
Ներքևում ահա,
Փողոցների եռում, շառաչում—
Լսո՞ւմ եք՝
Բառաչում է սարսափը։
Բանվորական թաղերը խավարում—
Լսո՞ւմ եք—
Աղմկում են,
Խոսում են։
Որպես վրեժ մի ալ—
Հոսում է այնտեղից սարսափը
Դեպի Էտուալ։

Նրա շուրջը,
Վրան
Իջնում է ահա աղջամուղջը,
Թանձրանում է վուալը.
Կորչում է մշուշում շրջագիծը լուսե։
Արդեն Էտուալը
Դողում է, որպես տերև, գալիքների ահից
Լսե՜ք, լսե՜ք, լսե՜ք.—
Այդ թաղերի վրա
Շուտով կելնե արևը, որպես դահիճ...

1925

 

ԷԼԵԳԻԱ, ԳՐՎԱԾ ՎԵՆԵՏԻԿՈՒՄ

I

Տեսի երկիրը ես Իտալիո,
Եվ Վենետիկը, և գոնդոլներ...
Այնտեղ շրջում է պոետը մեր
Երազային իր տարտամ քայլով։

[ էջ 245 ]

Չշլացած այն փարթամ փայլով,
Գեղեցկությամբ այն հեքիաթային,
Նա օրորում էր երգով մի հին
Իր սիրտը, սիրտը դեռ դայլայլող։
Այնտեղ արևը քնքուշ բույրով
Ցողում էր ծովը այնպե՜ս հեշտին,
Իսկ նա հիվանդ էր հին մի վշտից,
Հին մորմոքից՝ իր սիրտը այրող։
Նա իր սրտով հին, հին քնարով
Եվ մատներով իր՝ արդեն անուժ՝
Դեռ գուրգուրում էր հեռու մի հուշ—
Եվ այնպե՜ս, այնպե՜ս, այնպե՜ս անուշ
Նա փաղաքշում էր հուշը այդ ուշ,
Եվ ի՞նչ էր հուշը.— մշուշ ու մուժ։—

II

Նա երազում էր Արփաչայը
Եվ հին Գյումրին իր հեռավոր—
Եվ այն, ինչ հին էր, հուշ էր, այլ էր—
Նրան թվում էր առավոտ։
Նա ինձ ասում էր.— հեռվում հեռու,
Ուր դա՛շտն է, դա՛շտն է Շիրակի,
Կա հին խրճիթ մի, մի տուն խարխուլ,
Որ ազատվել է կրակից։
Այնտեղ հոսում է մի հաշտ առու
Եվ բարդիները երկնասլաց
Հիմա հիշում են երգը իրա
Եվ գլուխները թափահարում։
Նրանք թափում են թերթերը չոր,
Ծածկում խրճիթը հնամյա այն,
Ինչպես երգերը մահամնա1,
Որ հեծկլտում են համր լացով։
Այն իր խրճի՛թն է.— Այնտե՛ղ է նա

--------------------------------

1 մահամնա — հետմահու. մահվանից հետո գոյություն ունեցող, մահվանից հետո եկող` գալիք կամ հարատևող:

[ էջ 246 ]

Հյուսել երգերն իր ու երազել։
Այնտեղ վարդե՜ր կան, թերթեր դեղնած,
Այնտեղ երազ կա, ու երգ, ու սեր։—

III

Նա դեգերել էր, եղել էր նա
Շատ ծովերում ու ցամաքներում
Եվ ամենո՛ւր նա, օ ամենո՛ւր
Տեսել էր նույնը։— Քաղաքներում
Գործարաններ էր տեսել նա բյուր,
Ու գործավորներ՝ համր ու հլու,
Ու գործավորներ՝ ինչպես թաբուն1։
Եվ ամեհի այդ քաղաքներում,
Օծված ցնորքով ու վաստակով՝
Նա ամբոխներ էր տեսել հլու
Եվ տերեր՝ շռայլ ու հաստափոր։
Կյանքում տեսել էր նա լոկ տերեր
Եվ բազմություններ կամակատար,
Որ ընդունակ են կյանքը կրել,
Ինչպես օրենք մի հավերժական։
Եվ նա ատել էր այդ տերերին,
Բայց ավելի՝ այդ թաբուննե՛րը,
Նրանց, ում կյանքը անիծել է
Եվ դարձրել է ճորտ ու գերի։
Եվ նա ասում էր։— Երկրի վրա
Գազա՛ն է, գա՛յլ է մարդը մարդուն։
Կյանքի օրենքն է հավերժական,
Որ մեկը լաթ է, մեկը՝ արդուկ։—
Եվ նա ասում էր՝ նո՛ւյնն է մարդը
Եվ միշտ էլ նույնը կմնա,
Մինչև ցնդի այս ակնթարթը,
Որ ընթանում է դեպի մահ։
Ամբողջ կյանքում նա ու աշխարհում

-----------------------------

1 թաբունժղ. ձիերի երամակ. մարդկանց խուռներամ բազմություն:

[ էջ 247 ]

Միայն այս բանն էր հասկացել—
Եվ պատրանքին այս, ստին հլու՝
Նա երազել էր ու լացել։

IV

Եվ թափառում էր նա, որբ ու ծեր,
Քաղաքներում այդ բազմաժխոր,
Որ ողողված են երկաթաշեն
Գործարանների թանձր ծխով։
Չտեսնված մի, քանդող խանդով
Շաչում էր շուրջը մի գոռ պայքար.
Ամեն վայրկյանը— մի գործադուլ,
Անդուլ կռիվ մի հերոսական...
Սակայն հոգին իր՝ հավիտյան խուլ
Խոլ պայքարին այդ աշխարհաշեն՝
Քաշվում էր մեջն իր, ինչպես խխունջ,
Կամ օրորվում էր, ինչպես տաշեղ։
Ուրի՜շ երազ էր նրան հուզել,
Ուրիշ ցնորք մի, սեր հնագույն—
Եվ հարազատ էր նրա հոգուն
Միայն այդ հինը։— Օ, նա կուզեր
Հեռու տնակն իր վերադառնալ,
Գտնել առվակը կրկին այն հին,
Ուր իր երգերը կարկաչեին
Երազային ու տխրաբարբառ։—
Սակայն մեր կյանքը սավետական
Նրան թվում էր անթով ու սուտ.
Նրա աղմուկը խորթ էր նրան
Եվ անհաղորդ էր նրա լեզուն։
Նրան թվում էր մեր լույսը՝ ցուրտ,
Մեր արեգակը՝ գիշերային,
Մեր քաղաքները՝ ահով լեցուն,
Եվ մեր դաշտերը՝ ամայի...
Նրա աչքին մեր Հոկտեմբերը
Ըմբոստ մի բունտ էր անիմաստ,
Որի ձգտումն էր ա՛յն բերելը,

[ էջ 248 ]

Որ լոկ ցնորք է ու երազ։
Եվ մեր հորձանքը՝ երկրում ելած,
Մեր աշխատանքը դյուցազնական,
Նրան թվում էր սին մի երազ,
Որ ցնդելու է՝ ծանր ու դանդաղ։
Նրան թվում էր մանկան մի խաղ
Մեր ընդվզումը, պայքարը թեժ—
Եվ ուր որ կյանք են կերտում հիմա—
Նա լոկ տեսնում էր մահ ու աղետ։
Եվ ո՛ւժը, ո՛ւժը մեր՝ նոր ծագող,
Մեր հորձանուտը՝ կյանքում հորդած՝
Նրան թվում էր մութ մի հորդա՝
Ու ավերող լոկ ու կործանող։
Եվ աշխարհում մեր նաիրական
Մեր մենամարտը ընդդեմ հնի—
Նրան թվում էր անիրական,
Ինչպես տարտամ մի, խառը վայրկյան,
Երբ արթնանում ես ծանր քնից։
Եվ նա ասում էր.— Մինչև շիրիմ
Պիտի նույն հուշը նա օրորե,
Եվ չե՜ն գա, չե՜ն գա պայծառ օրեր
Ո՛չ ծեր սրտին իր, ո՛չ աշխարհին։
Անցածը հուշ էր չնաշխարհիկ
Նրա սրտի՛ն ծեր, գալիքը— սուտ,
Եվ օրորուն այս հին երազով՝
Իրեն կարծում էր նոր մի Նազոն,
Որ հայրենի իր երկրից անդին
Շրջում է որբ ու վտարանդի։—

V

Ես լսում էի նրան հանգիստ
Եվ փակում էի աչքերս երբ—
Թվում էր մեկը երգում է երգ,
Որ հին է, հին է, ինչպես զանգի
Տխուր ղողանջը օրերում այն,
Երբ նաիրյան մի եկեղեցի

[ էջ 249 ]

Շռայլ՝ փռում էր երկրի վրա
Իր «օրհնությունը» և «եղիցին...»։
Բացվում էր դեմս մի մութ կամար,
Ուր արեգակը՝ թելից կախած՝
Լուսավորում էր քաղաքներ մառ
Ու գյուղեր՝ ծխոտ ու խեղդամահ։
Թախիծ էր, թույն էր այն աշխարհում,
Այնտեղ մամուռ էր միայն աճում.
Այնտեղ տերտերն էր ու վաշխառուն
Ու խարազա՛նն էր այնտեղ շաչում։
Եվ հաշտ առուն այն, հեքիաթ-առուն,
Որ երազում էր կարոտով նա—
Այն արոտնե՛րն էր միայն ջրում,
Որոնց տիրում էր մի ռես Հովնան։
Մյուս դաշտերը— չլուտ ու չոր,
Ու դաշտերում այն— գրաստ-ապին,
Հագին նեխած մի, ցեխոտ շապիկ,
Հոգին միշտ համր, հրատոչոր։
Եվ ժամը, ժամը գյուղամիջում՝
Կյանքի վրա այդ նստած թուխսի,
Եվ քահանան ծեր ու ծեր մուխսին,
Եվ աղոթքները Եղսան բաջու։
Իսկ քաղաքնե՞րը... Այստեղ արդեն,
Որպես առանցքը ամբողջ կյանքի—
Բարսեղ աղա մի, կամ մի Արսեն՝
Կիսաչարչի ու կիսաբանկիր։
Ահա իմ դե՛մն է, դե՛մն է իմ նա.
Տեսնում եմ դեմքը նրա ճարպոտ.
Խոզի մռութ մի, ուռած մի փոր.
Նա ուղարկում է որդուն գիմնազ,
Ունի տներ ու խանութներ մեծ,
Գիտե ուտել կուշտ, չափով խմել,
Սակայն սիրում է անչափ, անչափ
Ծծել քրտինքը բազմաչարչար
Բանակների այն, որ աշխարհում
Միայն հոգնում են ու աշխատում։
Ահա՛ առանցքը։— Շուրջը սակայն.

[ էջ 250 ]

Ինչպես լուսինը շուրջը հողի—
Դառնում է կյանքը նաիրական
Ու լիանում է նրա շողից...
Հլու ու համր նրա խոսքին
Ու շարժումին մի նրա մատի—
Ջրօրհնեքից1, օ, մինչև զատիկ—
Դառնում է շուրջը կյանքը «ազգի»։
Դառնում են շուրջը գրքեր, թերթեր,
Դպրոց, թատրոն ու եկեղեցի,
Տներ, կառքեր բյուր, օթո ու ձի,
Հոգաբարձու2 ու վարձու տերտեր։
Դառնում են շուրջը վարժապետներ,
Որ ըստ տեղի ու ժամանակի՝
Թե՛ փաստաբան են, գրող են թե՛,
Թե՛ խմբապետ են, թե՛ խմբագիր։
Նրանք են ուղը3, աղը կյանքի,
Նրանք են փայլը աշխարհի այն,
Ուր արևում է վերից մի «հայ»
Կիսաչարչի ու կիսաբանկիր։
Նա վե՛րն է, վե՛րն է, ինչպես արև,
Փառաբանում են նրանք նրան,
Եվ նա թափում է նրանց վրա
Իր բարությունը՝ փայլը հրե։
Եվ նա թվում է նրանց օրենք,
Ինչպես արևը հավերժական,
Որ պարգևում է պայծառ օրեր
Եվ շնորհում է թե՛ լույս, թե՛ կյանք։—
Ահա՛ ցնորքը, բախտը բուրյան,
Որ երազում էր նրա հոգին.

---------------------------------------

1 ջրօրհնեքեկեղ. ջուրը օրհնելու եկեղեցական կարգ` արարողություն. եկեղ. Քրիստոսի ծննդյան ու հարության տոնը, որի ժամանակ ջուրը օրհնում էին և խաչը ջուրը գցում:
2 հոգաբարձու — հոգ` խնամք տանող, հոգածու, խնամակալ. ընտրովի անձ, որին հանձնվում է հասարակական որևէ հաստատության տեսչական, հաճախ նաև վարչական հսկողություն:
3 ուղհին բնստ. ուղի, ճանապարհ. ուղեղ:

[ էջ 251 ]

Թեկուզ այս կյանքը մթին էր «քիչ»,
Բայց... «հարազատ էր ու նաիրյան»։
Այս կյանքը փառք էր թվում նրան,
Անհուն դրախտ մի՝ հուշով նախշուն։
Եվ ա՛յս էր, ա՛յս էր, ա՛յս էր, որ նա
Չնաշխարհիկ մի բախտ էր հաշվում...

VI

...Ես պատմում էի նրան, թե մեր
Երկիրը ի՜նչ է հիմա դառնում
Եվ ի՜նչ ուժեր են հիմա հառնում
Իր երազած այն աշխարհի դե՛մ։
Ես պատմում էի այգը մեր մեծ
Եվ առավոտը մեր իրական
Եվ այն, որ սիրտս թինդով երգեց,
Եվ այն, որ նոր է ու պիտի գա։
Ես ասում էի.— երկրում հեռու,
Ուր մեր աշխարհն է սավետական,
Հիմա ելնում է ուրի՜շ մի կյանք
Եվ ա՛յլ պայքար է հիմա եռում։
Որ այն, ինչ մութ էր, հնին անտես,
Որ խորշերում էր, ներսում, միգում—
Հիմա դառել է հրե մի գունդ
Եվ բորբոքում է կյանքը այնտեղ։
Որ ոնց գարնանը հեղեղը գա
Եվ կապանքները ձմռան քանդե—
Այդպես մրրիկը այն հեռակա
Խուլ աշխարհում մեր արձագանքեց։
Ինչպես հանքում հին, երբ վերևի
Շերտերը ծուխ են արդեն դառնում—
Ուրիշ ուժեր են վարից հառնում
Ու բարձրանում են վեր՝ արևին,—
Այդպես մրրիկը այն կարմրակեզ,
Որ Հոկտեմբեր է հիմա կոչվում—
Բերեց երկրին մեր նո՛ր մի աճում
Եվ աշխարհնե՛ր նոր հանեց հանդես։

[ էջ 252 ]

Եվ այդ աշխարհը, ուժը այդ մեր—
Օ, ա՜յլ է, ա՜յլ է, չեղած երբեք.
Որպեսզի գար նա, կյանքում հորդեր—
Դեռ հարկավոր էր հինը սրբել։
Այդ ուժը նո՛ր է, ձերին օտար,
Ձերին ներհա՛կ միշտ ու հակադիր,
Ինչպես փայտի՛ դեմ— հալած մետաղ,
Ինչպես ջրի՛ դեմ— հրի հատիկ։
Դա մեր բանակն է, ելած վարի՛ց,
Խուլ խավարի՛ց ձեր աշխարհի այն,
Որ մեր քրտինքը փոխում քարի՝
Եվ մեզ թողնում էր արյուն միայն։
Մեր կյանքը մութ էր ձեր աշխարհում,
Անդուռ նկուղ էր, անանց ձմեռ.
Եկավ պայքարը, ցուրտը ցրեց—
Եվ ձմեռի՛ տեղ— տեսանք գարուն։
Մենք մեր օրերը, այգը դարու
Հոկտեմբերից ենք հիմա հաշվում
Եվ անհաջող մի, հիմար սիրուց
Դեպի լեռները մենք չե՛նք քաշվում։
Եվ սրտերում մեր— տրտունջ չկա.
Մենք հավատում ենք հիմա կյանքին.
Մեզ հմայում են գործ ու պայքար
Եվ հոգնությունը աշխատանքի։
Քո ճանապարհը աշխարհում այն
Դու գնացել ես մեն ու մենակ—
Իսկ մենք անթիվ ենք, անհուն բանակ
Եվ կառուցում ենք հիմա անահ
Մեր նոր աշխարհը՝ պայծառ ու լայն։
Եվ մենք ասում ենք.— Մե՛նք ենք հիմքը
Ամբողջ կյանքի ու մարդկության.
Ամբողջ աշխարհը հայրենիք է
Եվ աշխատանքը ու քրտինքը
Օ, նո՜ր աշխարհ մի պիտի տան—
Նրանց, ում կյանքը անիծել է,
Ով ճորտ է, մերկ է ու անտուն,
Բայց պայքարում են հիմա անդուլ

[ էջ 253 ]

Եվ աշխատում են ստեղծել
Նոր մարդկություն մի՝ անցավ, անցեց...
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Մեր երգը— սա՛ է։ Եվ մենք հիմա
Խուլ աշխարհում մեր նաիրական
Բերել ենք ուժ նոր, ու թա՛փ, ու կա՛մք,
Որպեսզի կյանքը աշխարհի ա՛յն,
Որ դուք քանդել եք ու կործանել—
Վերաշինենք ու վերածնենք։—
Եվ մենք անթիվ ենք ու անհաշիվ,
Մենք մեր երկրում ենք ու ամենուր—
Եվ անհաջող մի, հիմար սիրուց
Դեպի լեռները մենք չենք քաշվի։—
Հիմա ելնում ենք մենք մեր կաշվից,
Հիմա հոգնում ենք, տքնում անքուն,
Որ մեր զնգուն այն, հիմար Զանգուն
Քիլովատներ ու վոյլտեր հաշվի։
Ուր անապատ էր, դաշտ էր ամա,
Ուր լոկ երաշտ էր ու մահ բոցե—
Մենք ջրանցքներ ենք շինել հիմա
Եվ մեր դաշտերը ոսկեզօծել։
Այնտեղ, ուր հովն էր քո կարկաչում,
Ուր կուզեիր որ Զարոդ ապրի—
Հիմա դրել ենք երկաթ ֆաբրիկ
Եվ մեքենան է այնտեղ շաչում։
Եվ քիլովատը յուրաքանչյուր,
Ամեն մի վոյլտը այնտեղ հաշված—
Օ, ա՜յլ վոյլտեր է կյանքի կանչում
Եվ քիլովատներ հանում աշխարհ։
Օ, դաշտերում այն մեր անջրդի,
Ուր կառքը փառք էր, եթե գնար—
Մեր նոր բանա՛կն է ելնում բանտից,
Այնտեղ զնգում է երբ մեքենան։
Երբ ծխնելույզն է ծխում այնտեղ
Եվ հիդրոշենը փռում կայծեր—
Դա թա՛թն է, թա՛թն է մեր երկաթե
Քանդում աշխարհը հնամյա ձեր...

[ էջ 254 ]

Այնտեղ մեր շուրջը ծփում է դեռ
Ճղճիմ ճահիճը ձեր ծանրանիստ—
Եվ տարիներ դեռ քանի՜, քանի՜
Պիտի նա թափը մեր կաշկանդե։
Կարծում ես հինը չկա՞ այնտեղ,
Քո երազածը՝ հուշով նախշած։—
Օ, ո՛չ.— կանգնած ենք դեռ դեմառդե՛մ
Երկրում մեր և՛ս— երկու աշխարհ։
Եվ ձե՛րը, ծե՛րը — ճնշող է դեռ։
Քո ներբողածը— դեռ կա՛, դեռ կա՛.
Եվ կլինի՛ նա երկա՜ր, երկա՜ր,
Քանի դեռ հինը մենք չենք քանդել։
Կապրի՛, կապրի՛ դեռ շունչդ այնտե՛ղ,
Կերգեն երգերը դեռ քո թողած,
Քանի կյանքում մեր կանգուն է դեռ
Ցնորք — բոստանը քո ներբողած։
Եվ դա՛ է, դա՛ է, դա՛ է արդեն,
Քո այդ բոստանն է ու զույգ բարդին
Եվ մեքենա՛ն մեր, որ դեմառդեմ
Հիմա ելել են մենամարտի։
Եվ այս պայքարը համր, լռին,
Այս մենամարտը մեր առօրյա—
Օ, ավելի՛ է տագնապալի,
Քան բարիկադը հոկտեմբերյան...
Օ, ձեր աշխարհը— դեռ կա՜, դեռ կա՜,
Նա դեռ նստած է, հաստանստուկ,
Եվ քո երգերը երեկ երգած
Դեռ շատերի՛ն են այնտեղ ազդում։
Բայց դա աշխարհն է մահապարտված,
Կյանքի մամուռը, տիղմը անհուն,
Որ բոստանի՛ն քո, առվին կառչած՝
Ե՛վ համառում է, և՛ հեռանում։
Եվ խուղերի երբ անդուլ մթում
Վառվում է լամպը էլեկտրական—
Դա մեր պայքա՛րն է ընդդեմ անդուռ
Խուլ աշխարհի ձեր նաիրական։
Եվ մեր քլունգը՝ լեռը քանդող՝

[ էջ 255 ]

Երբ թունելներ է ձգում երկար—
Դա ո՛չ թե լեռն է քանդում անդուլ,
Այլ ձեր աշխարհը սարսափահար։
Քանդում, քանդում է նա անհանգիստ,
Քարե բերդերը շպրտում դեն
Եվ նո՜ր շերտեր է կանչում կյանքի
Եվ բանակնե՛ր նոր հանում հանդես։
Ելնո՜ւմ, ելնո՜ւմ են նրանք արդեն,
Ստվարանում են օրը օրին,
Ինչպես մետաղը երկրի խորից,
Ինչպես գարնանը հեղեղ հորդե։
— Դա հորձանուտն է բանվորական,
Հորդել — գալիս է ահագնորեն,
Որ ծանրությունը պայքարի այս
Լայն ուսերով իր էգուց կրե։
Գալի՜ս, գալի՜ս են նրանք ահա,
Լցնում երկիրը շառաչով զիլ,
Եվ մեր երգերը է՛լ ավելի
Հնչում են բարձր ու խանդավառ։
Դողում է հողը այդ ընթացքից
Եվ եռանդից այդ, խանդից անծայր,
Եվ մեր գալիքը՝ այնքա՜ն պայծառ
Ահա բացվում է իմ հայացքին...

VII

Այնքան պայծա՜ռ է այդ ապագան...
Տեսնում եմ՝ վա՛ղը, շաղոտ
Երկրի վրա մեր սավետական
Ահա բացվում է մի առավոտ։
Ահա գյուղեր ու քաղաքներ նոր՝
Երկաթ ցանցով մի իրար կապված,
Եվ առօրյա՛ն մեր ահա վաղվա՝
Լցված խինդով նոր ու աղմուկով։
Ահա շենքեր նոր, զվաթ տներ,
Ուր լո՜ւյս կա, լո՜ւյս կա, լո՜ւյս կա այնքան...
Չկան խուղերը նաիրական,

[ էջ 256 ]

Ուր լույսը փառք էր, եթե լիներ։
Ու դարեր անթիվ ու տարիներ
Ապրում էր մարդը ինչպես միջատ,
Ու չար աստված մի՝ երկնից իջած՝
Օրհնում էր կյանքը այն մոխիրե...
Ելել է կյանքը, քնից զարթնել,
Դողում է հողը բեղուն բերքից.
Ու շո՜ւրջը, շո՜ւրջը, շո՜ւրջը երկրի—
Աշխարհը լա՜յն է ու անպատնեշ։
Աշխարհը դաշտ է մի համերաշխ,
Երկիրը ո՜նց է, ո՜նց է քրտնել...
Ապրում են շուրջը ժողովուրդներ՝
Եղբայրական ու հավիտյան հաշտ։
Եվ մա՛րդը, մա՛րդը ահա վաղվա՝
Հարվածներից հին մեջքը շտկած.
Ահա հայացքը, սիրտը իր պարզ
Եվ աշխարհում— իր քայլքը վստահ...
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Ահա՛ ցնորքը մեր անսահման,
Մեր երազանքը, վարպե՛տ։— Սակայն
Սա երազանք է մի այնպիսի,
Որ չի՛ տրվի մեզ խոսքերով սին,
Որի համար— օ, դարե՜ր, դարե՜ր—
Մենք պայքարել ենք ու պայքարել։
Ու պայքարում ենք։— Իհա՛րկե դու
Մեր երազին այս չե՛ս հավատում։
Դու երազում ես, այստեղ նստած,
Մարմանդ առու մի, մի խուլ բոստան
Եվ հեզ զառնուկ մի, որ բառաչե—
Սակայն այդ երգը— մեր երգը չէ՛...

VIII

Եվ լսի՛ր, լսի՛ր, լսի՛ր, վարպե՛տ,—
Իզուր ես հինը դու երազում
Եվ զո՛ւր է, զո՛ւր է սիրտդ հարբել
Անմխիթար այդ, սին երազով։

[ էջ 257 ]

Իզուր է սիրտը քո գազազում
Երկրի հանդեպ մեր վերածնվող.
Ո՛չ մեր երկիրն է շվայտ Հռոմ
Եվ ո՛չ էլ ինքդ— նոր մի Նազոն։
Իզուր ստին այդ, մթին գերի՝
Դու անիծում ես ուժը մեր նոր.—
Դու այդ ուժի՛ց ես փախել ելնող
Եվ ո՛չ թե, ո՛չ թե արքաներից։
Եվ գաս եթե դու երկիրը մեր
Եվ նույնը, նույնը, նույնը մնաս —
Մեր նոր արևը չի՛ գուրգուրե
Քո այդ երգերը մահամնա։
Քեզ կընդունե այն աշխարհը հին,
Որ դեռ ծամում է մամուռ ու ցեց,
Բայց այդ արևը ձմեռային
Դժվա՛ր թե սիրտդ տաքացնե։
Եվ կմնաս դու տխուր ու ծեր,
Այդ նո՛ւյն ձմեռը քո ցուրտ հոգում,—
Եվ հուսահատ ու որբ կլինես
Ինչպես հեռու այս Վենետիկում...

1925, հունվար
Վենետիկ

 

ԲԱԼԼԱԴ ՔՍԱՆԸՎԵՑԻ ՄԱՍԻՆ

I

Ամեն առավոտ ծեգին,
Երբ քնից զարթնում է Բաքուն,
Երբ, ելած գիշերվա մեգից,
Արթնանում է կյանքը քաղաքում,—
Երբ ձայնով աշխույժ ու հնչուն,
Քաղաքի բոլոր մասերից
Շչակները գործի են կանչում

[ էջ 258 ]

Պրոլետարներին,—
Քաղաքի ծայրերից բոլոր
Ձգվելով երբ շարան-շարան
Բանվորները հոծ խմբերով
Շտապում են դեպ գործարան,—
Ամեն առավոտ ծեգին,
Այդ ժամին գորշ, մխերանգ—
Ձուլվելով երթին ամենքի—
Քաղաքից անցնում են և նրանք։

II

Քսանըվեց հոգի են նրանք—
Եվ խոհուն, մտազբաղ են բոլորը։
Առջևից գնում է նա—
Երկաթյա Կարմիր Կոմանդորը։
Քայլերով հաստատ, համաչափ,
Հետևում են նրան ընկերները,
Ընթանում են քայլերով շտապ,
Շտապում են դեպի վիշկաները։
Աննկատ, ձուլված ամենքին,
Քայլում են նրանք դեպի ծովը.
Ողջունում են ջրերը դեմից,
Համբուրում է հովը։
Համբուրում է դեմքերը քամին,
Շշնջում է խոսքեր հյուսիսի.
Երկաթյա շքախումբ է դա մի—
Գնում է զորահանդեսի։—

III

Քայլերով հաստատ, համաչափ
Ընթանում են նրանք խմբովին,
Անցնում են բուլվարի միջով,
Մոտենում են ծովին։
Խփում է ծովը ափերին,
Երկինքը գորշ է, կապար,
Ճոճվում են նավերը սևերիզ՝

[ էջ 259 ]

Շղթայով ափին կապած։
Իսկ հեռուն— ուրի՜շ նավեր,
Կողերով ծանր նստած՝
Սազելով գնում են վեր—
Դեպի Պարսկաստան...
Գնում են դեպի Էնզելի,
Գնում էին դեպի Իրան։
Տանում են երկրից Լենինի
Մի հեղուկ ալ-հուրհուրան։
Նայում են նրանք նավերին
Եվ իրենց շրթերով անբառ,
Անսահման խինդը դեմքերին՝
Շշնջում են.— Բարի՛ ճամփա...

IV

Տեսնում են ապա հեռևում
Եվ ուրիշ նավեր նրանք.
Մշուշում նրանց երևում,
Արևում են ափեր հուրհուրան։
Տեսնում են նավեր ծանրակող,
Որ ջրերը խորունկ արխած1՝
Գնում են դեպի Կրասնովոդսկ,
Գնում են դեպի Հաշտարխան...
Նայում են կարոտով անդուլ
Այդ հեռու ափերին նրանք.
Մի երգ է այնտեղից թնդում,
Խնդալով ողջունում նրանց։
Դաշտերում անբեր ու ամա
Տեսնում են հազա՜ր նվաճում.
Երկաթե անտառի նման
Սերունդնե՜ր են ելնում ու աճում։
Հասնում են նրանց ականջին
Վիթխարի մուրճերի ձայներ.
Շչակնե՛ր են թնդալով կանչում,
Աշխատանքն է հնչում այնտեղ։

------------------------

1 արխել(գռվ.) առու բացել. փխբ. ճեղքել, ակոսել:

[ էջ 260 ]

Լսում են նրանք այնտեղից
Բյուրավոր ոտքերի դոփյուն.
Քրտի՜նք է բարձրանում հանդերից,
Մի կուրծք է անդուլ տրոփում։
Նայում են հրճվանքով անհուն—
Ու խնդուն եռանդով ջամբած՝
Կոմանդորը ձեռքով է անում—
Ու թեքում են նրանք ճամփան...

V

Ու, կրկին հեռուն նայելով,
Քայլերով հաստատ, համաչափ,
Անցնում են նրանք Բայիլով,
Մտնում են քաղաքը նվաճած...
Տարինե՜ր են անցել կորովի,
Սուրացել, գնացել անդարձ—
Ու ելել է նահանջող ծովից
Մի ամբողջ նո՜ր նավթանտառ։
Ուր ծովն էր առաջ շառաչում
Եփվելով զուր եռանդից—
Վիշկանե՛ր են հիմա աճում,
Վիշկաներ անծայր, անթիվ։
Թնդում է երկիրը նվաճած,
Շնչում է եռանդ ու կրակ,
Անցնում են քայլերով համաչափ,
Երկաթե քայլերով նրանք։
Դեմքերով՝ վառված արևից,
Մազութով, մրով ծեփած՝
Վիշկաները կեցած բարևի
Ասում են.— Բարև՜, Ստեփա՜ն...
Աշխատում են, եռում են բոլորը.
Մրոտած դեմքեր ու ձեռներ։—
Հիացած՝ Կարմիր Կոմանդորը
Շշնջում է.— Բարև՛, ընկերնե՛ր։—
Ու մտնում են նրանք վիշկաները,
Երկաթե քայլերով շրջում.—

[ էջ 261 ]

Դառնում են փոկերն, անիվները,
Եռանդի ձայնով շշնջում։
Շշնջում է Կարմիր Կոմանդորը
Փոկերի աղմուկի միջից—
Եվ լսում են, լսում են բոլորը
Նրա ձայնը ջինջ ու վճիտ։

VI

Եվ ասում է նա— Կոմանդորը.
— «Տոկացե՛ք, ընկերնե՛ր անգին.
Ձեր ամեն մի փորած նավթահորը
Մի քա՛յլ է ցանկալի կյանքին։
Բացվել է հորիզոնը լուսե,
Պայքարով ակոսել մի կյանք.
Ձեզ համա՛ր գիշերով մի սև
Ավազե դաշտերում մենք ընկանք։
Քսանըվեց էինք մենք, քսանըվեց,
Բայց անթի՛վ, անթի՛վ է մեր անունը.
Ոչ գնդա՛կը մեզ սպանեց
Եվ ո՛չ էլ կսպանե հոգնությունը։
Քանի կաք, ընկերնե՛ր, քանի կաք,
Քանի կա աշխատանքը անդուլ—
Մեր երթին— վախճան չկա,
Մեր պայծառ գործին— պարտություն։
Տոկացե՛ք, ընկերնե՛ր, մենք ձեզ հե՛տ ենք,
Տոկացե՛ք, ընկերնե՛ր անգին,
Որ անցնենք այս նեղ արահետը
Եվ հասնենք ցանկալի կյանքին...»։

VII

Շշնջում է Կարմիր Կոմանդորը
Փոկերի աղմուկի միջից—
Եվ լսում են, լսում են բոլորը
Նրա ձայնը ջինջ ու վճիտ։
Ու անտես ամենքին, ինչպես ռիթմը,

[ էջ 262 ]

Այնտեղից ելնում են նրանք,
Թողնելով սրտերում հուր շռինդ մի,
Վառելով անմար մի եռանդ։
Ու կրկին, հրճվանքով անհուն,
Գլուխը բարձր ու ուղիղ՝
Կոմանդորը ձեռքով է անում
Եվ փոխում են նրանք ուղին։
Հռնդում է դեմից քամին,
Բայց անշեղ քայլերով նրանք
Անցնում են Բալախանի,
Մտնում են գործարան ու հանք։
Շրջում են այդպես ամենուր,
Մտնում են գործարան, զավոդ,
Դեմքերին իջնում է մուր,
Շորերին նստում է նավթի հոտ։
Եվ մինչև բարձրանում է օրը,
Դառնում է թնդացող ցերեկ—
Շրջում է Կարմիր Կոմանդորը,
Լինում է ամենուրեք։
Ձուլվելով դարձող փոկերին,
Աղմըկող ռիթմերի միջից
Խոսում է ընկերներին
Իր ձայնով հաստատ ու վճիտ։
Ու, ռիթմի նման անտես,
Ձուլվելով սրտերին նրանց—
Շշնջում է, շնչում է անվերջ,
Անդադար ավյուն ու եռանդ։

VIII

Եվ ապա, երբ դառնում է օրը
Շառաչուն, թնդացող ցերեկ—
Իրարից բաժանվում են բոլորը,
Ցրվում են ամենուրեք։
Մտազբաղ, գլուխը թեքած,
Քայլերի համաչափ զարկով—
Ստեփանը գնում է Ցեկա,

[ էջ 263 ]

Ջափարիձեն— դեպի Սովնարկոմ։
Գնում են և մյուս ընկերները,
Ամենքին անտես քայլերով
Անցնում են բոլոր փողոցները,
Մտնում են հիմնարկները բոլոր։
Սրտերում անբոց մի կրակ,
Պայքարում կոփված խոսքերով
Ամենուր շնչում են նրանք
Անդադար եռանդ ու կորով։
Աշխատանքը անտակ է, մեծ է,
Թշնամին անտես ու դժնի—
Եվ շրջում են այդպես Քսանըվեցը.
Մինչև իրիկունը իջնի։
Շրջում են անվերջ, շշնջում են,
Առօրյա աշխատանքը հսկում,
Մինչև իրիկունը իջնում է
Ու վառում կրակներ ոսկուն։
Եվ իջնում է երբ իրիկունը,
Որ հոգնած սրտերին նստի—
Քսանըվեցը անխոս հեռանում են,
Գնում են հանգստի։

IX

Եվ ամեն առավոտ, երթ օրը
Բարձրանում է՝ հոգսը թևին—
Շրջում է Կարմիր Կոմանդորը՝
Քսանհինգ ընկերներ հետևից։
Շրջում են բոլոր վիշկաները,
Մտնում են գործարան ու հանք—
Քսանըվեց կարմիր ընկերնե՛ր են,
Քսանըվեց մարտիկներ նրանք։
Ձուլվելով դարձող փոկերին,
Աղմըկող ռիթմերի միջից
Խոսում են ընկերներին
Ձայներով հաստատ ու վճիտ։
Ասում են նրանք.— Տոկացե՛ք,

[ էջ 264 ]

Տոկացե՛ք, ընկերնե՛ր անգին,
Վառվել է հորիզոնը լուսե,
Առավոտը ցանկալի կյանքի։
Քանի կաք, ընկերնե՛ր, քանի կաք,
Քանի կա աշխատանքը անդուլ—
Մեր երթին— վախճան չկա,
Մեր պայծառ գործին— պարտություն...

1927

 

ԲԱԼԼԱԴ ԳՆԴԱՊԵՏ ՏՈՄՍՈՆԻ, ԿՈՄԵՐԻՏ ՏՂԻ ԵՎ ԳՈՐԾԱԴՈՒԼԻ ՄԱՍԻՆ

Քաղա՛ք իմ, քաղա՛ք իմ, քաղա՛ք իմ— Բաքու,—
Որքա՜ն հեքիաթնե՛ր կան այս գորշ քաղաքում...

Ես ունեմ ընկեր մի, ընկեր մի մոտիկ,
Նա մեջքին կապում է մի բարակ գոտի,
Նա գլխին դնում է հասարակ կեպի—
Իսկական մի հերոս է չգրված վեպի,
Հասարակ բանվոր է նա Բալախանում—
Փորում է նա հողը ու նավթ է հանում։

Քաղա՛ք իմ, քաղա՛ք իմ, քաղա՛ք իմ— Բաքու,—
Որքա՜ն հեքիաթնե՛ր կան այս գորշ քաղաքում...

Այս վտիտ բանվորը, այս վտիտ տղան
Այն տարին եղել է համարյա խոխա։—
Այդ այն մութ տարին էր, երբ ծովի բացից
Գրավեց քաղաքը մեր— անգլիացին։
Երբ եկավ, նստեց նա ու հպեց պատին
Մեր ըմբոստ քաղաքն ու պրոլետարիատին։
Տոմսոնի կոշիկն էր քաղաքում տիրում.—
Թշնամին դաժան էր, բարեկամն— հեռու...
Բայց ե՞րբ է բանվորը լռել աշխարհում,—
Նա խուլ պայքարո՜ւմ էր, անդո՛ւլ պայքարում։

[ էջ 265 ]

Քաղա՛ք իմ, քաղա՛ք իմ, քաղա՛ք իմ— Բաքու,—
Որքա՜ն հեքիաթնե՛ր կան այս գորշ քաղաքում...

Այդ մութ օրերին էր, երբ մի օր բերին
Լցրեցին բանտերը մեր ընկերներին։
Եվ վաղ առավոտը, հանկարծ, դեմուդեմ––
Մեր վտիտ տղին այս կանչեց Կոմիտեն։
Գաղտնի Կոմիտեն մեր կանչեց ու ասաց.
«— Դու քաջ կոմերիտ ես՝ հասակդ առած,
Քո հայրը բանվոր է, ինքդ— պրոլետար.
Տեսնո՞ւմ ես թղթերը.— վերցրո՛ւ ու տա՛ր։
Մերոնք գործադուլ են պատրաստում արդեն,
Այս խոզ գնդապետը ելել է մեր դեմ—
Ուզում է ողջի՛ն նա դարձնել գերի.
Կտանես այս թղթերը նրա զորքերին,
Կմտնես փողոցները խռիվ ու բանուկ—
Իբրև թե աֆիշ ես հանգիստ բաժանում»։—

Քաղա՛ք իմ, քաղա՛ք իմ, քաղա՛ք իմ— Բաքու,—
Որքա՛ն հեքիաթնե՛ր կան այս գորշ քաղաքում...

Հրճվանքից շողաց մեր քաջ տղի հոգին.
Կարծես թե նա տերը դարձավ քաղաքի.
Աչքերում ցոլաց մի խնդություն անհուն.—
Տեսեք՝ ինչ գործե՜ր են նրան վստահում...
Ճերմակ թերթիկները գրպանը խոթեց.—
Իսկի չվախի՛ թող գաղտնի Կոմիտեն։
Ու վազե՛ց, վազե՛ց նա սրտի դողոցով.
Դիմացից՝ մի վա՛շտ էր անցնում փողոցով.—
Զսպելով սրտում իր մի կրծող, մութ բան—
Մոտեցավ նրանց նա ու ասաց «Գուդբայ»...
Ասաց, ծիծաղեց նա կամաց, ինքնիրեն—
Ու հանեց թերթիկները, սկսեց ցրել...

Քաղա՛ք իմ, քաղա՛ք իմ, քաղա՛ք իմ— Բաքու,—
Որքա՜ն հեքիաթնե՛ր կան այս գորշ քաղաքում...

[ էջ 266 ]

Այս ի՜նչ քաջ տղա՛ է, այս ի՜նչ լավ ցրիչ...
Բոլոր զինվորները մեկ-մեկ վերցրին.
Սակայն հայհոյանքը կոկորդում զսպած՝
Մեր տղի գլուխը արնոտեց սպան։
Հարվածեց, գլուխը արնոտեց տղի—
Կարմիր կաթիլները թափվեցին հողին...
Բայց երկրորդ հարվածը երբ օդում շողաց—
Արդեն չքացել էր, կորել էր տղան...

Քաղա՛ք իմ, քաղա՛ք իմ, քաղա՛ք իմ— Բաքու,—
Որքա՜ն հեքիաթնե՛ր կան այս գորշ քաղաքում...

Հևիհև հասավ մեր Կոմիտեն տղան.
Արնոտաց երեսը հրճվանքից շողաց.
Կապեցին գլուխը, դրին անկողին.
Ուղարկող ընկերը համբուրեց տղին...
Հետո գործադո՛ւլ մեծ եղավ քաղաքում—
Ելան բանվորները— ու հաղթեց Բաքուն։
Ամբողջ պրոլետարը կանգնեց դեմուդեմ—
Խոզուկ Տոմսոնին այն հաղթեց Կոմիտեն...

Հաղթեց գործադուլը ինգլիշ զորքերին—
Բաքվի պրոլետարը չդարձավ գերի.
Սարսեց գնդապետը մեր ուժից անթիվ—
Եվ ելան ընկերները Բայիլի բանտից...

Քաղա՛ք իմ, քաղա՛ք իմ, քաղա՛ք իմ— Բաքու,—
Որքա՜ն հեքիաթներ կան այս գորշ քաղաքում...

Կեցցե՛ գործադուլը, կեցցե՛ Կոմիտեն,
Կեցցե՛ և փոքրիկ այն, կոմերիտ տղեն,
Կեցցե՛ մեր պայքարը ու կամքը արի—
Կեցցե՛ն բանվորները համայն աշխարհի...

Քաղա՛ք իմ, քաղա՛ք իմ, քաղա՛ք իմ— Բաքու,—
Որքա՜ն հեքիաթնե՛ր կան այս գորշ քաղաքում...

1928

[ էջ 267 ]

 

ԻՄ ԸՆԿԵՐ ԼԻՊՕՆ

(Բալլադ մանկության, բախտախաղի,
պայքարի և հերոսության մասին)

ԸՆԿԵՐ ԼԻՊԱՐԻՏ ՄԽՉՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Մանկությունը հիշելիս՝ սիրտս դառնում է գինով...
Ես մի ընկեր ունեի՝ Լիպո անունով։

Ինչքան հիշում եմ նրան՝ աչքերիս հանդեպ
Մի նաիրյան տեսարան բացվում է հապճեպ։

Փռվում է դեմս իսկույն մի փողոց խաղաղ,
Ու փողոցի անկյունում— մի վտիտ տղա։

Նիրհում է Կարսը՝ խաղաղ ամառնամուտին...
Ինչքա՜ն վտիտ է տղան այդ ոտաբոբիկ։

Նա նստած է մի քարի— տասնամյա տղան,
Ու նիրհում է առաջին— մի ցածլիկ սեղան։

Կլոր սեղան է ցածլիկ, մեջտեղում— մի չարխ.
Բախտախաղ է մանկական— կոպեկնոց վիճակ։

Տո՛ւր մի կոպեկ ու խփի՛ր,— թե բախտդ բանեց—
Մի տուփ լուցկի, կամ մի տուփ քորոց կհանես։

Կապուտաչյա այդ տղան, ա՜խ, ինչքա՜ն էր չար.
Մեզ հետ կռվում էր հաճախ, ծեծվում չարաչար։

Բախտը ժպտար եթե մեզ ու լուցկի հաներ—
Նա իր չարխը կծռեր ու կռիվ կաներ։

Ուներ բարի նա մի մայր՝ ծեր ու չքավոր.
Միակ նեցուկն էր նա տան՝ բոլորին պահող։

Ինչքան հիշում եմ հիմա մանկությունս ես—
Կապուտաչյա այդ տղան ելնում է իմ դեմ։

[ էջ 268 ]

Տեսնում եմ միշտ նրան ես իր չարխի առջև...
Հետո օրեր անցան շատ, սլացան հապճեպ։

Ու կորցրի ես նրան։— Աշխարհում այնինչ
Եկան օրեր հուրհուրան, տարիներ անջինջ։

Պատերազմներ եղան մեծ, պայքարներ բազում—
Եվ ամբողջ կյանքը փոխվեց, ինչպես երազում։

Դասակարգեր ընկան հին ու ելան նորեր—
Օրեր վառվառ ու անգին, անմոռա՛ց օրեր...

Մի օր ելանք ու առանք Երևանը մենք—
Հետո դաշնակը շարժեց մաուզեր ու զենք։

Նահանջեցինք քաղաքից մենք լուսաբացին—
Եվ ընկերոջս նորի՛ց ես հանդիպեցի.—

Երկու ամիս էր արդեն ճակատում էինք—
Վերջին օրերը միայն մենք հանդիպեցինք։

Լիպարիտ էր դարձել նա, իմ ընկեր Լիպոն,
Արշավում էր բանակում՝ ռազմի շապիկով։

Նա զինկոմն էր մեր գնդի, մեր գնդի հոգին.
Անճանաչ էր համարյա՝ գորշ շինելն հագին։

Ճանաչեցի սակայն ես։— Մոտեցա նրան,
Ասի՝ հիշո՞ւմ ես, Լիպո՛, Կարսը նաիրյան...

— Հիշո՞ւմ ես չարխը քո էն...— Նա ժպտաց ու խիստ
Ասաց,— Գնում ենք էգուց, պատրաստվի՛ր, Եղիշ։

— Դե, էն չարխը... նա չկա՛... Հիմա մենք
Ուրի՛շ չարխեր պիտի այս աշխարհում շարժենք։

— Բախտախաղ չէ սակայն սա, այլ կռիվ ու կամք.
Լուսաբացին մենք պիտի առաջանանք...

[ էջ 269 ]

— Դաշնակը խաղ է կարծում, հանաք է անում.
Դե, կխոսենք մի լավ— Երևանում...

...Լուսաբացին մենք անցանք գրոհի,—
Լուսաբացին խփեցին Լիպոյին...

Լուսաբացին նա ընկավ կռվում,
Երբ հաղթանակն էր վառվում, փռվում։

Ընկավ կռվում
Մեր զինկոմն արի.
Ընկավ Լիպոն
Երևանի
Ճանապարհին...

...Լուսաբացին Երևանը երևաց.
Լուսաբացին մենք մտանք Երևան։

Լուսաբացին մեր բանակը հաղթական
Քաղաք մտավ՝ հետը կարմիր մի դագաղ...

Լուսաբացին ո՛չ մի «ախ»—
Սակայն—

Լուսաբացին դրոշներ հուրհուրան
Իջան ընկեր Լիպարիտի վրա...

Խոնարհվեցին դրոշները բանակի—
Ու պառկած էր իմ ընկեր Լիպոն՝
Ռազմի կարմիր իր զգեստներն հագին։

— Փա՜ռք քեզ, փա՜ռք քեզ,
Մեր զինկոմ
Արի.—
Փառք, որ ընկար
Հաղթանակի

[ էջ 270 ]

Ճանապարհին...
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Հիմա Լիպոն իմ չկա, նա չկա հիմա,—
Ո՞վ չի սակայն երազում այդպիսի մի մահ...

Նա պառկած է
Կոմունարների
Այգում.
— Փա՜ռք քեզ, ընկած
Մեր քաջարի
Զինկո՛մ։

Դու պայքարի
Դրոշ եղար
Վառ մի.
— Թե տեսնեի՜ր ի՜նչ է դարձել
Մեր Բանակը
Կարմի՛ր։

Նա աշխարհում բանակն է, օ, առաջի՛ն։
Եվ ո՛չ մի ուժ չի՛ դիմանա առաջին։

Ննջի՛ր խաղաղ
Կոմունարների Այգում.
— Փա՜ռք քեզ, ընկած
Մեր քաջարի
Զինկոմ...

1928

 

ԽՄԲԱՊԵՏ ՇԱՎԱՐՇԸ

I

Փողոցում լռություն էր ու թանձր խավար,
Առավոտը մոտ էր, բայց դեռ չէր բացվում—
Իսկ հյուրանոցում խմբապետ Շավարշը
Խմում էր, խմում ու մուժով լցվում։

[ էջ 271 ]

Խմբապետ Շավարշը։— Մի հաղթ տղամարդ,
Երեսին՝ վերից վար՝ դաշույնի հարված.
Այդ հարվածն համարում էր իր դեմքի զարդը՝
Մանավանդ, երբ դժգոհ էր ու մի քիչ հարբած։
Այդ Շարվածն— ու բեղերը։— Դեղին, ոլորած,
Երկու խուրձ հրեղեն, երկու առու,
Որ, ծանր, իջնելով կզակի վրա—
Նրան տալիս էին «քաջի» համարում։
Եվ մռայլ աչքերը՝ բիբերում արյուն,
Եվ խիտ հոնքերի գերանդին...
Նա իրեն համարում էր— անհաղթ արու,
Որպես հրաշք՝ ելած հայ ցեղի արգանդից։
Շավարշը խմում էր։— Լուռ, մռայլ բազմած,
Սեղանի գլուխը, որպես ամպ՝ ծանր.
Եվ ամեն մի բաժակը քամած
Նրան դարձնում էր ավելի համր։
Մենակ չէր Շավարշը։— Նրա հետ նստած
Նրա քաջ խոխեքը, իր խմբի տղերքը՝
Իրենց խմբապետի հռչակին վստահ՝
Անվերջ խմում էին— ու հոսում էր երգը։
Իգդիրցի Եգորը, Ղարսեցի Հարոն,
Մշեցի Թաթիկը ու Սաքոն Ղաչաղ,
Որոնցից վախենում էր անգամ ինքը— Դրոն,
Որ իրենց կանչել էր առավոտը վաղ։
Նա նրանց կանչել էր առավոտ վեցին,
Շավարշին կարգադրել էր, որ բերի իր խումբը.
Գիտեին, որ ուզում է ուղարկի գործի,—
Եվ ահա Շավարշը մինչև այդ— խմում էր։
Շավարշը մռայլ էր։ Մի մթին կասկած
Օձի պես կրծում էր նրա սիրտը.
Սեղանի գլուխը մութ, մռայլ բազմած՝
Անդադար խմում էր ու հայացքը— բիրտ էր։
— Կանչել է Դրոն առավոտ վեցին,—
Մտածում էր Շավարշը,— բայց ինչո՞ւ է կանչել,
Ասաց՝ ղրկելու է կարևոր գործի—
Եվ թողեց, որ կասկածը մինչև լույս տանջե
Եվ ուտի իր սիրտը։— Ինչո՞ւ չասաց,

[ էջ 272 ]

Թե այդ ի՞նչ գործի է ուղարկում նա.
Ուղեղում վխտում էր կասկած հազար.
Մտածում էր՝ գնա՞, թե չգնա։
Ո՞վ գիտե Դրոյին։ Այո՛։ Ո՞վ գիտե:
Կարող է սարքել հազար դավ։ Դրոն։
Դժվար է կռվել հետը։
Չուզեց խաթրով անի— կանի զոռով։
Կհանի իր վրեժը։— Երեկ չէ՞ր միթե,
Որ Շավարշն սպառնաց շտաբը քանդել։
Ինչո՞ւ։— Որովհետև
Ռուսահայ սպաներն են իշխում այնտեղ:
Ռսացած սպաները։— Օսլայած տղերք,
Ձեռքերին՝ ձեռնոցներ, դեմքերին՝ պուդրա՛։
Ո՛չ զենք են տեսել, ո՛չ կռիվ։— Մերկ
Աղջիկներ են միայն տեսել դրանք...
Եվ դրանք ահա, այդ լակոտները,
Որոնց ինքը կարող է տանել բաղանիք—
Ուղում են, որ խմբապետները
Իրենց ձեռքին դառնան կույր խաղալիք։
Ուղում են տիրանան երկրին, բանակին,
Հաստատեն ռսացած մի իշխանություն.
Բայց ո՞նց նա կռանա դրանց տակին.
Կնի՞կ է ինքը, թե կատո՞ւ...
Իսկ Դրոն, իգդիրցի այդ խմբապետը,
Որ եղել է հերոս, անվախ տեռորիստ
Դրոն— նրանց հետ է
Եվ ուզում է դառնա մինիստր։
Ռազմական մինիստր։— Լա՛վ։ Լա՛վ։
Հետո՞։ Ի՞նչ պիտի անի հետո նա։
Դե, որ մինիստր դառավ—
Կարող է բոլորին տա գետնովը։
Կարող է հավաքի իգդիրցիներին,
Բռնոտի բոլորին, զինաթափի,
Սպանի, ջանդակները շներին քցի,
Որ ծաղկի իր շտաբը...
Խռնվեցին մտքերը Շավարշի գլխում.

[ էջ 273 ]

Գլուխը ծանրացավ, լցրեց ու խմեց։
Սրտում մրմռացող կասկածը խուլ
Դառնում էր հետզհետե մեծ։
Դե, Դրոն— թագավոր է։— Դեռ երեկ էր
Սպանեց իր տղերքից երկուսին,
Որովհետև, այդ տղերքը
Հարբած՝ թքել էին մեկի երեսին։
Կառքից իջեցրել էին ու դեմքին թքել.
Հետո դուրս էր եկել, որ մինիստր է...
Դե, տղերքը— հարբած են եղել.
Հարբածին— էլ ի՞նչ մինիստր։
Թքել էին դեմքին ու նստել նրա կառքը,
Մինիստրի կառքը,— վա՛յ, հարամզադեք1...
Բայց հո չկործանվե՞ց աշխարքը.
Մինիստրը աշխա՞րք էր ազատել...
Իհարկե, սխալ էր։ Իհարկե, Դրոն
Վարվել էր անվայել, վարվել էր տմարդի.
Խաբելով կանչել էր նրանց միլիցիատուն—
Այդպես չի վարվի տղամարդը։
Խաբելով կանչել էր, թե կների.
Տղերքն էլ եկել էին,— և ահա միամիտ
Նրանց հանել էին կամերից2
Ու կռնակից խփել... Միայն մի
Ինչ-որ հարբած մարդու ներկայությամբ...
Սուս ու փուս։ Գաղտագողի։ Անձեն։
Ո՞վ գիտե Դրոյին... Ինչքա՜ն է նա
Այդպես գաղտագողի հնձել...
Մեկը— Թևիկն էր, Եգորի եղբայրը.
Եգորը Դրոյին կների՞։— Ո՛չ։—
Ահա նստել իր մոտ— խմում է անդադար
Ու հարբած՝ համբուրում է ընկերոջը—
Ղարսեցի Հարոյին։— Լա՛վ։ Լա՛վ։
Եգորը իր մարդն է այսուհետե։
Եղբոր պես լինելու է մոտիկ, հալալ,

------------------------------------

1 հարամզադե — ապօրինի ծնունդ, խարդախ, նենգավոր սրիկա:
2 կամեր (կամերա) — սենյակ, խուց, բանտախուց, մենախուց:

[ էջ 274 ]

Նույնիսկ կռվեն եթե։
Ա՛յ քեզ մինիստր... Ա՛յ քեզ Դրո։
Ա՛յ քեզ խմբապետ քաջ...
Ձեռքը խփեց սեղանին Շավարշը—
Հողը դողաց։
Խփեց ու խմեց։ Նորից խմեց։ Մռայլ։
Ու ոչ մի բառ չասաց։ Գլուխը
Ծանր՝ դրեց կրկին իր բռունցքի վրա.
Այդպես անշարժ— մնաց։ Իսկ շուրջը աղմուկ էր։
Երգում էր Ղաչաղը։— Բայաթի՞ էր, թե՞ երգ։
Թուրքերեն, որ լսել էր Շավարշը.— ե՞րբ։
Գլխում ծանրացել էր մի թանձր մեգ.
Սրտում խլրտում էր կասկածը դեռ։
Ուզում էր բարձրանա, թքի հացին,
Իրենց կերած հացին. շուռ տա սեղանը։—
Արդեն մոտենում էր լուսաբացը.
Իսկ նա դեռ տատանվում էր. չգիտեր,
Թե կատարի՞ արդյոք Դրոյի հրամանը:
Ուղում էր տասնոցը հանի, կրակի,
Բայց իրեն զսպում էր. մտածում էր:
Վերջապես տղամարդի վարտիք է հագին,
Երակներում— արյուն է, և ոչ թե— մածուն է։
Դե, Դրոն թագավոր է։— Ու թո՛ղ լինի։
Բայց հո չի՞ կարող այդ մարդը
Ինչ ուզենա— անի.—
Բա իրա՞— Շավարշի՞— աշիրա՞թը1։
Իր հետ է աշիրաթը։— Շավարշը հիշեց,
Ուղեղում բացվեց լայնանիստ—
Ալագյազը... դուման... անաստղ գիշեր...
Շների ոռնոց անհանգիստ...
Անցնում են գյուղերից։ Առջևից— տավարը՝
Հայկական, թուրքական գյուղերից քշած։
Գյուղերում— ընկել է հավարը.
Լաչա՞կ էր էդ գյուղերի գլխին քաշած...
Ճռճռում են սայլերը, ձիերը դոփում։

--------------------------------------

1 աշիրաթ, աշիրեթարաբ. քրդական ցեղ, որ ենթարկվում է մի ցեղապետի, այստեղ` ազգ, ցեղ, ժողովուրդ:

[ էջ 275 ]

Սայլերին— երեխեք, կնանիք. բեռ...
Դումանը շոյող է, ինչպես զեփյուռ,
Ձիերի դոփյունը, ինչպես երգ...
Առջևից— տավարը, հետևից— աշիրաթը՝
Շավարշի աշիրաթը.— խնուսցիներ,
Որոնց տեղական էր արել—
Պատերազմի թաթը—
Ու աշխարհում ցրել։
Շատերը՝ կորցրած տուն, տեղ,
Ընտանիք, երեխեք, հայր, մայր,—
Այժմ պատրաստ էին ամեն ինչ քանդել
Մի լավ ձիու, կամ մի բեռ ալյուրի համար։
Ով էլ հանդիպեր, ումն էլ լիներ.
Ռսի, թուրքի, հայի— միևնույն չէ՞։
Միայն թե քաղցից չոռնար կինը.
Միայն թե երեխեն շունչը չփչեր։
Խնոթսից— Ալաշկերտ։ Հետո Ղարս։
Ցուրտ, մերկ, սով, տիֆ։
Ինչքա՜ն, ինչքա՜ն մեռան,
Քաղցից, կամ ետ չեկան ֆրոնտից։
Ամբողջ ճանապարհը— դիակներ, մահ:
Ով որ մնաց՝ մնաց։ Հասան վերջապես
Այն ռսի երկիրը, որի համար
Այնքան արյուն էին իրենք թափել...
Հասան։ Թափվեցին կիսամերկ։ Եվ ի՞նչ.
Մնացին երկնքի տակ բաց,
Ցուրտը հետևից, քաղցն առջևից—
Ոչ օգնություն, ոչ բան։
«Ռուսահայ եղբայրնե՜րը»... հա՜–հա՜...
Ընդունեցին— թուրքից էլ վատ, այո՛.
«Ռուսահայ եղբայրնե՜րը»... «Հայրենի՜ք». «Հայ»,
Կուշտ, ականջները դինջ, ապահով։
Բայց ինչո՞ւ ընդունեցին այդքան վա՛տ, վա՛տ,
Օտարի, թշնամու, գրողի պես.
Դե, հայեր են լիրբ, մուխաննաթ1,—
Մտածում Էր Շավարշը— հայեր են գեշ,

---------------------------------------

1 մուխաննաթ — նենգ, նենգություն:

[ էջ 276 ]

Այլասերված հայեր, ռսացած.— ոչ
Կռվի երես տեսած, ոչ կռվի ահ.
Եվ դա չէ՞ր պատճառը, որ
Ոչխարների նման սարսափահար,
Նրանք փախան ֆրոնտից, տվին Էրզրումը,
Հետո Ղարսն, Ալեքպոլը... վա՛յ ձեզ, հայեր...
Շավարշի գլուխը մտքերից եռում էր.
Շավարշը դառը ծիծաղեց.
Խմեց, ու հոսեցին կրկին մտքերը—
Իրարից ավելի պղտոր ու ծանր,—
Իսկ Ղաչաղը երգում էր, դեռ երգում էր,
Հոսում էր դառնությունը համր...
Եվ հանկարծ Շավարշը— այնքա՜ն պարզ—
Կարծես դեմը լիներ, կարծես կենդանի—
Հիշեց.— առավոտը բացվում էր, թարմ,—
Շրջապատել էին թուրքական Թալինը։
Երեք օր էր արդեն— կռվում էին.
Շրջապատել էին գյուղը, չորս կողմից խիտ.
Մարմանդ լուսաբաց էր, երբ
Գյուղը զարթնեց հանկարծ թանձր ծխից,—
Շավարշի տղերքը գիշերը
Վառել էին գյուղը մի ծերից— ու հիմա
Չորս կողմից խուժեցին նրանք ներս՝
Փռելով իրենց շուրջը ահ, մա՛հ, մա՛հ։
Աղմուկ, ճիչ, լաց, սմբակների շռինդ.
Ինքը, նստած սև ձին, ձեռին մաուզեր,
Փափախը թեք դրած, մի ձեռով պինդ
Գրկած ձիու բաշը՝ արշավում էր...
Եվ հանկարծ... ծառս եղավ Շավարշի ձին. ի՞նչ,
Ի՜նչ զարմանալի հրաշք, Շավա՛րշ...
Դիմացից դուրս թռավ մի հրեշտակ, չէ՛, կի՛ն.
Ձին սանձեց Շավարշը— ու մնաց։
Ջաննաթի1 փերի էր, կին չէ՛ր, չէ՛.
Չէր տեսել Շավարշը այդպիսի կին.
Սարսափած աչքերով կինը նայեց շուրջը—

----------------------------------------

1 ջաննաթ, ջեննեթ — մահմեդական կրոնում` դրախտ:

[ էջ 277 ]

Աչքերը սև էին, սև ու ջինջ։
Սև մազերը թափված ուսերին, կուրծքը բաց,
Ալաբաստրե, ճերմակ ձյուների նման
Շողշողում էր կուրծքը, ինչպես լուսաբացին
Ալագյազը, երբ ցնդում է դումանը։
Շավարշը սանձել էր ձին, քարացել.
Ազդեցիկ էր տեսքը՝ հագի
Կաշվե սև զգեստը, ձին տակի,
Որ սարսափահար ծառացել՝
Խփում էր մի ոտքը հողին, վրնջում էր,
Աչքերից թափում էր բոց, շանթ, ադամանդ, ծուխ,—
Շավարշը լսում էր իր ձիու վրնջյունը
Եվ ուռչում էր կուրծքը, ուռչո՛ւմ, ուռչո՛ւմ, ուռչո՛ւմ...
Տեսարանը շքեղ էր. ինքը— զարհուրելի,
Ծառացած կնոջ առջև, ինչպես սուրբ Գևորգ.
Ու կնոջ աչքերը՝ սարսափով լի,
Աչքերը, որպես գիշեր։ Ու թվում էր— ցնորք է:
Մի վայրկյան էր միայն, որ տևեց
Երկար, ինչպես դարը։— Շավարշը մի պահ միայն
Ուզում էր բաց թողնել ձին հետևից,
Վախենալով, որ կինը կանէանա,
Կտեսլանա հանկարծ, կցնդի,
Կդառնա գարնանային մշուշ, ամպ, ցող—
Ու կմնա լոկ ինքը ու ձին՝
Գյուղամիջին ահից խրխնջացող.—
Բայց պատահեց հանկարծ զարմանալի.
Զարմանալի մի բան.— Կինը, հևիհև,
Ինչպես ճերմակ փրփուր, ճերմակ ալիք—
Փլվեց, փռվեց Շավարշի նժույգի առջևը.—
«Կուրբան1»,— կանչեց կինը.— կուրբան սյանի.
Սյան մյանըմ իգիթըմ, սյա՛ն մյանի ալ.
Մյան սյավարըմ սյանի, իգիթ էրմյանի»*—
Ձայնը՝ աղբրի՛ նման, աղբրի՛ նման զուլալ...
Ի՞նչ էր, ի՞նչ էր, ի՞նչ էր. ցնո՞րք էր, զառանցա՞նք, տե՞նդ.

-----------------------------

1 կուրբանթրք. մադատ:
* Դո՛ւ իմ իգիթն ես, դո՛ւ ինձ առ.
Ես սիրում եմ քեզ, իգիթ հայ։

[ էջ 278 ]

(Քրտինքի մեջ կորած ձին
Լիզում էր թաց ընդերքը
Եվ հազիվ էր դիմանում սանձին) —
Երբ դիմացից հանկարծ, դիմացի խրճիթից
Դուրս թռավ մի զինվոր՝ ձեռքին դաշույն,—
Հետո հիշում է Շավարշը մի զարհուրելի ճիչ,
Հետո մշո՛ւշ, մշո՛ւշ, մշո՛ւշ...
— Չե՛մ տա,— գոռաց զինվորը,—չեմ տա. Շավարշ, իմն է—
Իմ ձեռքերից փախավ շան քածը...
Վրա պրծավ մռայլ,— ու շողշողաց դաշույնը,
Ու Շավարշին թվաց, թե հարբած է։—
Ու հիշում է Շավարշը— կինը՝ վերքը կողքին՝
Թավալվում է իր կարմիր արյան մեջ— և—
Իր մաուզերի շո՛ղքը, իր մաուզերի շո՛ղքը,
Ու զինվորի դիակը— իր ձիու սմբակների առջև...
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Այն ի՞նչ Էր, ի՞նչ Էր, ի՞նչ Էր. ցնո՞րք Էր, զառանցա՞նք, տե՞նդ.
Խենթի պես, նրանց դիակների վրայով, քշեց իր ձին,
Այրեց, ջարդեց, թափեց, քանդեց, քանդեց,
Գյուղը դաշտ դարձրեց կարմիր հնձի։
Կոտորեց, չհարցրեց ծեր, կին, աղջիկ, մանուկ,—
Մինչև ուշ գիշեր, մինչև ուշ գիշեր ասպատակեց.
Հետո լուսինը կարծես արյան մեջ էր լողանում,
Իսկ գյուղը դիակ էր կարծես՝ կապված իր ձիու ասպանդակից։
Ուղեղում մշուշ էր— կարմիր, ալ, արյունարբու,
Ուղեղում թուրք կնոջ մարմինը վառվում էր, որպես վերք.
Հետո հարբեց Շավարշը, գայլը արյունով է հարբում,
Իսկ Շավարշը— մի գայլ էր, որ կորցրել էր մի էգ—
Մի սպիտակ, մի մաքուր, մի հրաշալի...
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .  Շավարշը
Բռունցքը խփեց սեղանին, խմեց. և երբ
Սրբեց բեղերը բռունցքով— հիշեց իր ձիու բաշը,
Իսկ Ղաչաղը երգում էր դեռ։

II

Արդեն փողոցում ցրվում էր խավարը,
Մոտենում էր առավոտը, պղտոր բացվում,—

[ էջ 279 ]

Իսկ խմբապետ Շավարշը
Դեռ խմում էր, խմում էր ու մուժով լցվում։
Տղերքն հարբել էին։— Թաթիկը՝
Սիրեկանի նման գրկած Հարոյին՝
Համբուրում էր նրան հարյուրապատիկ—
Իսկ Եգորը հայհոյում էր Դրոյին։
Շավարշը մտածում էր։— Մտքերի թելը,
Որ այնպես տարածվել էր Ղաչաղի երգից՝
Թողնելով հիշողության, անցյալի ելը՝
Դրոյի շուրջը ոլորվեց կրկին։
Արդեն բացվում էր առավոտը.— արդեն
Բաց-կարմիր թանաքի նման Երևանի վրա
Թափվում էր հորանջող ու մգլած այգը—
Եվ Եգորի հայհոյանքն էր ողջունում նրան,
Միայն այդ հայհոյանքը։— Քաղաքում դեռ
Մարդիկ քնած էին ծանր, տագնապալի քնով,
Եվ բացվող առավոտը անտանելի մի բեռ էր,
Որ իջնում էր կրկին իր անմխիթար հունով.—
Քաղաքը դեռ քնած էր լուռ, համր, ծանր,
Ներքևը միայն, հյուրանոցի առջևը, փողոցում
Կանացի՞, մանկակա՞ն, թե՞ պառավային մի ձայն
Վնգստալով օդն էր սղոցում.—
Շավարշը մտածում էր. հարկավոր էր իսկույն որոշել՝
Հարկավոր էր գնալ, կամ չգնալ, մնում էր
Մի-երկու ժամ միայն։— Եվ նա որոշեց.—
Նա կգնա, բայց մենակ, խումբը՝
Կազմ, պատրաստ՝ կսպասի քաղաքից դուրս,
Փարաքարի մոտի այգիներում. հետո—
Հետո հայտնի կանի։— Զինվորներից լոկ չորսը
Կգնան իր հետ առավոտուն.—
Եգորը, Ղաչաղը, Թաթիկը, Հարոն.—
Հենց սրանք— բավական են. կարո՞ղ է՝
Թող հարձակվի Դրոն.—
Բայց ո՞վ է... նրա ձեռքը... պահողը...
Կարող է բանտարկի։ Կարող է հանկարծ
Սպանի տղերքից սրան, կամ նրան։
Ոլորեց Շավարշը իր պղտոր հայացքը—

[ էջ 280 ]

Հիշեց արյունոտ այն տեսարանը.—
Միլիցիատան բակում, ավազին
Իրար կողքի ընկած— երկու դիակ.
Իգդիրցի Թևիկը և Աղասին՝
Լուռ, արնաշաղախ. միայն
Ծոծրակների վրա— փոքրիկ վերքեր,
Խփված էր կռնակից... Այդպե՛ս։—
Դեպի մաուզերը տարավ Շավարշը իր ձեռքը.
Արյունը գլուխը խփեց—
Հարբեց...
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Դա ո՛չ թե քամին է փողոցում շաչում,
Եվ ոչ էլ թրթիռը հրդեհում խավարը,—
Իր խմբի տղերանց հետ դա հյուրանոցում
Խմում, աղմկում է խմբապետ Շավարշը։
Այդ նա էր, որ տարավ ձեռքը մաուզերին,
Հանեց, քաշեց.— և վաղ առավոտվա մեջ
Չարագուշակ, դաժան երգեց մաուզերը
Արյան, մուժի, մահի, ասպատակի երգ...
Հետո ձայնակցեցին նրան մյուսները՝
Եգորը, Թաթիկը, Ղաչաղ Սաքոն,—
Իսկ քաղաքը, սմքած, դեռ քնել էր
Ու զառանցում էր մաուզերի կրակոց։—
Ինչպես տիֆով հիվանդի զառանցանքում հրե,
Նախճիրի1 պես բացվող առավոտվա ֆոնին
Գծելով տագնապի հնչնագրեր—
Երգում էր մաուզերի սիմֆոնին։
Կրակում էին տղերքը— բաց պատուհանից.
Իրար կողքի կանգնած, հայացքները դեպի լուսաբացը.
Համազարկը թռչում էր տանիքից— տանիք,
Առավոտվա միջով, որ նրանց պես հարբած էր։
Պղտոր առավոտվա միջով, առավոտվա մեգին,
Քաղաքի վրայով, որ զառանցում էր,—
Սավառնում էր խմբապետ Շավարշի հոգին,

------------------------------------

1 նախճիր — կոտորած, արյունահեղություն:

[ էջ 281 ]

Հարբած, մռայլ, դաժան, ինչպես ձյունը,
Որ բուք դարձած՝ խեղդում է, տրորում,
Դարձնում աշխարհը, կյանքը, ամեն ինչ— տենդ.
Կրակում էր խումբը ու նայում հեռուն՝ աչքերում
Արյան, մեգի, մահի, տագնապի նախճիրներ...
Շուռ եկավ հետո Շավարշը. մաուզերը ձեռին—
— Գնա՛նք,— գոռաց տղերքին,— ու պրծավ դուրս.
Խռպոտ՝ հորդեց կոկորդից քրքիջը,
Հետո— հայհոյանքը. հետո—
— Եգոր,— կանչեց,— լսո՞ւմ ես. մեզ Դրոն ուզել է,
Ուզում է ուղարկի երկինք՝ եղբայրներիդ քով...
Ու կրկին շառաչեց Շավարշի մաուզերը—
Ասպատակի, մահի, արյան երգով։
Ահռելի էր Շավարշը, ձեռին մաուզեր՝
Օրորվելով, գնում էր մեգի միջից.
Հետևից — իր տղերքը, բոլորի ձեռքին— զենք,
Բոլորն էլ— իր նման հարբած։— Առաջից
Քայլում էր, որպես սպառնալիք, ինքը. կողքեկողք
Ընկնելով— գնում էր. այրում էր սիրտը տապը.
Հետո բռնեց նրան մի խեղդող դող.
Գլուխը շուռ եկավ, սիրտը թափեց—
Հենց այնտեղ, փողոցի մայթերին։— Տղերքը
Բռնել էին նրան։— Փողոցում,
Ուր դադարել էր արդեն մաուզերների երգը—
Մի ծանր խռպոց էր միայն օդը սղոցում։—
Մեկը, մոտիկ ընկած, մեռնում էր երևի.
Կի՞ն էր, տղամա՞րդ էր, երեխա՞,— անհայտ էր.
Ո՞ւմ ինչ, թե նաիրյան ծագող արևին
Խռպոցով էր դիմավորում այդ մարդը։—
Հանգստացավ Շավարշը։— Եվ երբ,
Բեղերը սրբելով, անցավ առաջ— երկու
Զառանցանքի նման երեխաներ,
Աչքերով ամեհի, ահարկու—
Ինչպես շները սովամահ, դաշտում դեգերող,
Հղի կանանց նման փորներն ուռած,
Մագիլների նման ձեռքերով
Հարձակվեցին Շավարշի փսխածի վրա —

[ էջ 282 ]

Եվ սկսեցին լափել ագահաբար՝ ընկած
Երեսնիվայր մայթին, ինչպես շներ,—
Ու նրանց աչքերում պսպղում էր քաղցը՝
Անասնական, անեզրական, անեզր...
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Գնում էր փողոցով խմբապետ Շավարշը,
Հետևից— տղերքը, իր նման հարբած։
Արդեն արթնանում էր զառանցող քաղաքը,
Արդեն առավոտ էր դառնում լուսաբացը։
Տներից ելնելով հետզհետե՝ մարդիկ
Անխոս գնում էին՝ դեմքերին հոգս։—
Անցնում էր Շավարշը, իր խմբով, մայթից,
Տարածում էր շուրջը զարհուրանք, դող։
Եվ հանկարծ— կրկին նա քաշեց մաուզերը,
Առաջին հանդիպած մարդուն հրամայեց.
— Դեպի պա՛տը ռեխդ, դե շո՜ւռ տուր երեսդ,
Տեսնո՞ւմ էս՝ անցնում եմ մայթից— ահա ե՛ս։—
— Շավա՛րշն է անցնողը։— Տղերքը զվարթ
Հռհռացին բարձր, հայհոյեց Հարոն,—
Ու շուռ եկավ մարդը, նայեց դեպի պատը,
Եվ անցավ Շավարշը՝ հայացքը արյուն։
Եվ հետո— ինչքան նա հանդիպեց մարդու՝
Բոլորին հրամայեց նայել պատին.
Բոլորի դեմքերին նա վախ էր կարդում
Եվ դա համարում էր— բարձր պատիվ,
Եվ այդ պատճառով էլ— չափազանց հպարտ էր:
Մի ամբողջ փողոց նա այդպես անցավ,
Մինչև հանդիպեց մի մարդու,
Որ երեսը շրջել չկամեցավ...
— Երե՛սդ,— գոռաց Շավարշը,— դեպի պատը,
Թե չէ՝ ռեխ-մռեխդ հիմի կջարդեմ...—
Բայց այդ զարմանալի մարդը
Մաուզերը քաշեց— ու կանգնեց նրա դեմ։
Շավարշը շվարեց, երա՞զ էր, տե՞նդ,—
Ուզեց մաուզերի բլթակը քաշի,
Երբ հանկարծ հետևից մի ծանր ձեռք

[ էջ 283 ]

Բռունցքով խփեց Շավարշին։
Շավարշը օրորվեց, ընկավ մայթին.
Փողոցը երերաց աչքերում, մթնեց.
Ու թվաց Շավարշին, թե այդ մարդը
Քաշեց իր ուղեղում երկաթե պատնեշ...
Չլսեց էլ Շավարշը իր խմբի տղերանց
Մաուզերների ձայնը և չզգաց անգամ,
Թե ինչպես Եգորը հանկարծ
Քարի պես ծանրածանր — իր վրա ընկավ։
Չտեսավ Շավարշը և այն, թե հետո
Իր խմբի մնացորդը ոնց նահանջեց.
Լոկ թվում էր նրան, թե մեկը երկաթով
Այրում է իր ականջը։
Եվ տանը միայն, երբ աչքերը բացեց,
Ուշքի եկավ մի քիչ — հասկացավ, որ այդ մարդը,
Որին հանդիպել էր — եղել է իր մեծ
Խաչեղբայր — խմբապետ Սմբատը։
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

1928

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր՝ «Լույս» հրատարակչություն, Երևան 1985
Տրամադրել է՝ Միքայել Յալանուզյանը

Տես նաև
Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice