ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian

Սարգիս Հարությունյան

ՀԱՅ ՀԻՆ ՎԻՊԱՇԽԱՐՀԸ

Նախորդ էջԲովանդակություն  | Հաջորդ էջ

[էջ 44]

ՀԵՐՈՍՆԵՐ

Հայկ դյուցազն*

Ահեղ և երևելի էին առաջին աստվածները, որոնք ստեղծեցին աշխարհն ու մարդկությունը, միաժամանակ և աշխարհի մեծամեծ բարիքները։ Այդ աստվածներից են սերում հսկաների սերունդը՝ վիթխարի ու հաղթանդամ դյուցազուններ, որոնք ամբարտավանանալով և ըմբոստանալով, վճռում են կառուցել Բաբելոնի հսկա աշտարակը, հասնելու երկինք՝ աստվածներին։ Երբ կառուցում են աշտարակը, աստվածների ցասումից վիթխարի հողմ է բարձրանում, կործանում աշտարակը։ Միաժամանակ աստվածների կամքով, յուրաքանչյուր մարդ և հսկա մյուսներին անհասկանալի մի նոր լեզվով է սկսում խոսել, որի հետևանքով մեծ խառնաշփոթություն և իրարանցում է ընկնում նրանց մեջ։

Այդ հսկաներից մեկն էր նաև Հաբեթոսթյան1 Հայկը՝ մի անվանի և քաջ նախարար, վիթխարի աղեղնավոր և կորովի նետաձիգ։

Հայկը վայելչակազմ էր, թիկնեղ, հաստաբազուկ, գանգրահեր, գեղեցիկ վառվռուն աչքերով։ Նա միակը եղավ հսկաների մեջ, որ քաջաբար ըմբոստացավ բոլոր նրանց դեմ, ովքեր ձեռք էին բարձրացնում մյուս հսկաների ու դյուցազունների դեմ և կամենում էին նրանց վրա գերիշխել։ Այդ այն ժամանակ էր, երբ բաբելոնյան խառնաշփոթության հետևանքով մարդկային ցեղը ցրվել ու սփռվել էր ամրողջ երկրով մեկ՝ բազմամբոխ, հզոր ու դաժան հսկաների մեջ, և յուրաքանչյուրը մոլի կատաղությամր սուրը իր ընկերոջ կողն էր խրում իշխելու համար։ Եվ հսկաներից մեկին՝ Տիտանյան Բելին, պատահաբար հաջողվում է բռնանալ մյուսների վրա, ամբողջ երկիրն ու մարդկային ցեղը իրեն ենթարկել և իրեն հռչակել թագավոր և աստված։

Հայկը ըմբոստանում է Բելի դեմ, չի հնազանդվում նրան և արհամարհանքով հրաժարվում է նրան աստված կոչել։ Այնժամ Բելը կռվով հարձակվում է Հայկի վրա, բայց արի Հայկը հսկա աղեղով հալածում է նրան։

Այդ ընթացքում Բաբելոնում ծնվում են Հայկի որդիներն ու դուստրերը, թոռներն ու ծոռները։

Հայկի անդրանիկ որդին էր Արամանյակը կամ Արամենակը, սրա անդրանիկ որդին էր Արամայիսը, սրա անդրանիկը՝ Ամասիան, սրանը՝ Գեղամը, Գեղամի անդրանիկը՝ Հարման, Հարմայինը՝ Արամը, իսկ Արամի անդրանիկ որդին՝ Արա Գեղեցիկը։

Հայկը չկամենալով հնազանդվել Բելին, իր ամրողջ գերդաստանով, թվով մոտ երեք հարյուր հոգի, բոլորն էլ զորավոր մարդիկ, իր բոլոր ծառաներով ու աղախիններով և իրեն հարած եկվորներով գաղթում է Բաբելոնից դեպի հյուսիս՝ Արարադի երկիրը2։

--------------------------

* Շարադրված է ըստ Մովսես Խորենացու «Հայոց պատմություն» և Սեբեոսի «Պատմություն» գրքերի։

1 Ըստ հին պատմիչների (Խորենացի, Սեբեոս) Հայկը սերում է Նոյի (Քսիսութրիոս) երրորդ որդուց՝ Հապեթոսթեից կամ Հաբեթից։ Այստեղից էլ Հաբեթոսթյան ազգանունը։

2 Արարադի երկիր էր կոչվում Միջագետքից դեպի հյուսիս ընկած երկրամասը, որ ասուրաբաբելական աղբյուրներում կոչվում է նաև Ուրարտու, այսինքն՝ Հայաստանի արևմտահարավային մասը, Վանա լճից դեպի հարավ։

[էջ 45]

Հայկն այստեղ սկզբում բնակվում է մի լեռան ստորոտում գտնվող դաշտավայրում, որտեղ ապրում էին իրենից առաջ այդտեղ եկած սակավաթիվ մարդիկ։ Հայկը նրանց իրեն հնազանդեցնելով, այստեղ կալվածքներով բնակատեղի է շինում և ժառանգություն տալիս թոռանը՝ Արամանյակի որդի Կադմոսին։ Իսկ ինքը իր մնացած մարդկանցով ու գերդաստանով շարժվում է դետի հյուսիս-արևմուտք, գալիս հաստատվում է մի բարձրավանդակ դաշտում և այդ լեռնադաշտը կոչում է Հարք1, այսինքն՝ այդտեղ բնակվողները հայրեր են, Թորգոմի տան սերնդից։ Հայկն այստեղ շինում է մի գյուղ և կոչում իր անունով՝ Հայկաշեն։ Դաշտի հարավային կողմում՝ մի երկայնանիստ լեռան մոտ, դարձյալ նախապես բնակվելիս են եղել սակավաթիվ մարդիկ, որոնք հոժարակամ ենթարկվում են դյուցազնին։

Իսկ այդ ժամանակ Բաբելոնում թագավորում էր հսկա որսորդ Տիտանյան Բելը, որն իրեն էր հնազանդեցրել ամբողջ երկրում սփռված բոլոր ազգերին և իր կախարդական հնարագիտությամբ և արքայական հրամանով պարտադրել էր բոլոր ազգերին երկրպագելու իր հպարտ ու ամրարտավան պատկերին, իբրև աստծո և զոհ մատուցել։

Բոլոր ազգերը անմիջապես կատարում են նրա հրամանները, բացի Հայկ նահապետից, որը ո՛չ նրան է հնազանդվում, ո՛չ իր տանը նրա պատկերը կանգնեցնում և ոչ էլ մեծարում նրան աստվածային շքով։

Բելը ոխակալվում է Հայկի դեմ, բայց առժամանակ իր ոխը թաքցնում, նա իր որդիներից մեկին, հավատարիմ մարդկանց ուղեկցությամր, պատգամավոր է ուղարկում հյուսիս՝ Հայկի մոտ, որպեսզի նա հնազանդվի և խաղաղ ապրի։

— Դու ցուրտ սառնամանիքների մեջ բնակվեցիր, — ասում է Բելը իր պատգամախոսի բերանով Հայկին, — սակայն տաքացրու և մեղմացրու քո հպարտ բնավորության ցուրտ սառնությունը և ինձ հնազանդելով խաղաղ ապրիր իմ երկրում, որտեղ դու կհաճես բնակվել։

Հայկը խստությամբ մերժում է Բելի պատգամավորներին, և նրանք ձեռնունայն վերադառնում են Բաբելոն։

Զայրացած Տիտանյան Բելը զորք է ժողովում և հետևակ զորքի մեծ բազմության գլուխ անցած, գալիս հասնում է հյուսիս՝ Արարադի երկիրը, այնտեղ, ուր բնակվում էր Հայկի թոռ Կադմոսը։ Վերջինս խուսափելով Բելից, փախչում գալիս է Հարք, նախապես սուրհանդակներ առաքելով Հայկին, հայտնելով հետևյալը.

— Գիտցի՛ր, ով մեծդ դյուցազուններից, որ Բելը ուղիղ գալիս է քեզ վրա հավերժական քաջերով և երկնադեզ հասակով մրցող հսկաներով։ Եվ ես լսելով, որ նա մոտեցել է իմ տանը, կնոջս ու զավակներիս հետ փախստական ահա տագնապած գալիս եմ քեզ մոտ։ Ուստի շտապ մտածիր անելիքդ։

Հայկն իմանալով այդ, վերցնում է Արամանյակին և Կադմոսին իրենց որդիներով, ինչպես նաև իր յոթանասուն դստրերի որդիներին, բոլորն էլ հսկա տղամարդիկ, և դուրս է գալիս Բելի վիթխարի զորքի դեմ։

Հայկն իր սակավաթիվ մարդկանցով չի կարողանում Բելի սպառազեն հսկա տղամարդկանց բազմության դեմն առնել։ Բելն անգամ փորձում է Հայկին գերել, բայց Հայկը խույս է տալիս Բելից և նահանջելով հեռանում։ Բելը ամրակուռ զրահով զրահապատված՝ իր զորքով հետապնդում է Հայկին։ Հայկը հետ է դառնում և ասում Բելին.

— Ինչո՞ւ ես ինձ զուր հետապնդում, վերադարձիր քո տեղը, որպեսզի այսօր չմեռնես իմ ձեռից, քանզի իմ նետը բնավ չի վրիպում։

Բելը պատասխան է տալիս և ասում.

— Որպեսզի չընկնես իմ զինվորների ձեռը և չսպանվես, եկ հանձնվիր, ապրիր իմ տանը խաղաղությամր, դարձիր իմ տան որսկան զինվորների ղեկավարը։

Հայկը զայրույթով ասում է.

— Շո՛ւն ես դու և շան երամակից եք դու և ժողովուրդը քո։ Դրա համար էլ այսօր իսկ քո վրա կթափեմ իմ կապարճի նետերը։

----------------------------

1 Հարք (հին հայերենում նշանակում է հայրեր) գտնվում է Վանա լճից հյուսիս-արևմուտք, Մշո դաշտից հյուսիս և կոչվում է նաև Բուլանըխ կամ Բուլանըխի դաշտ։

[էջ 46-47]

[էջ 48]

Տիտանյան արքան վստահ իր սպառազինության և իր հանդուգն ամբոխի զորության վրա, շարունակում է հետապնդումը։ Բելի զինված ամբոխը զառիվայրից գահավիժող հեդեդի նման շտապում է հասնել Հայկի բնակության սահմանները։

Իսկ ուշիմ ու խոհեմ Հայկը իր սակավաթիվ և քաջ աղեղնավորներով հասնում է մանր ձկներով հարուստ մի մեծ ադի լճի1։ Լճափին նա կանգ է առնում, հավաքում իր զորքը, դիմում նրան հետևյալ խոսքերով.

— Երբ մենք դուրս գանք Բելի հրոսակների դեմ, ձգտենք հանդիպել Բելին այնտեդ, ուր կանգնած կլինի նա իր քաջերի խուռն բազմության մեջ, կա՛մ պետք է մեռնենք և մեր ամբողջ գերդաստանը ընկնի Բելի ծառայության տակ, կամ մեր մատների կորովը ցուցադրենք, ցրենք Բելի խառնամբոխը և հաղթանակ տանենք։

Հայկը իր սակավաթիվ զորքն առաջ է տանում, հասնում բարձր լեռների արանքում գտնվող մի դաշտաձև տեղ և գետի հոսանքի աջ կողմում՝ բարձրավանդակի վրա, ամուր դիրք գրավում։ Այդտեղից պարզ երևում էր Բելի բազմամբոխ հրոսակը, որ սփռված բռնել էր շրջապատի ամրողջ տարածքը, և զինվորները ազատ ու համարձակ սուրում էին աջ ու ձախ։ Իսկ Բելը հանդարտ ու խաղաղ կանգնած էր բազմության մեջ, գետի ձախ ափին գտնվոդ բլրակի վրա իբրև դիտանոցի։

Հայկն իսկույն նկատում է այդ սպառազինված ջոկատը, որ բավական երկար տարածությամբ անջատված էր զինված ամբոխից։ Այդ ջոկատի մեջ նա ճանաչում է Բելին, որը գլխին կրում էր երկաթե սաղավարտ՝ նշաններ ունեցող վերջույթներով, թիկունքի և լանջի վրա ուներ պղնձե զրահ, սրունքների և թևերի վրա պահպանակներ, մեջքին կապել էր գոտի՝ ձախ կողմից կախված երկսայրի սրով. աջ ձեռքում բռնել էր հսկայական նիզակ, իսկ ձախում՝ վահան և աջ ու ձախ կողմերից շրջապատված էր ընտիր զորականներով։

Հայկը տեսնելով կուռ սպառազինված Տիտանյան Բելին և նրան աջ ու ձախ կողմից շրջապատած ընտիր զորականներին, Արամանյակին զույգ եղբայրներով կանգնեցնում է իր աջ կողմը, Կադմոսին զույգ որդիներով՝ իր ձախ կողմը, իբրև կորովի աղեղնավորներ և սրամարտիկներ, իսկ ինքը կանգնում է առջևում, իր զորքի մնացած մարդկանց կանգնեցնում իր հետևում և ամբոդջ զորքը եռանկյունաձև դասավորելով, հանդարտ առաջ է շարժվում։

Երբ երկու կողմի հսկաներն իրար ին հասնում, և սկսվում է ահեղ ճակատամարտը, երկրի վրա սոսկալի դղրդյուն է բարձրանում. հսկայազուններն իրենց ահռելի գրոհի թափից միմյանց վրա ահ ու սարսափ են տարածում։ Երկու կողմից բազմաթիվ հաղթանդամ մարդիկ են սրահարվում և գետին տապալվում, և երկու կողմն էլ մնում են անպարտելի։

Այս անսպասելի հարձակումից ու ճակատամարտի ելքից սարսափած Տիտանյան արքան, որ բլուրի բարձունքից իջել էր ներքև, հետ քաշվելով սկսում է բարձրանալ բլուրը, մտածելով այնտեղ իր թիկնապահների մեջ ամրանալ, մինչև ամբողջ զորքը հասնի և կարողանա երկրորդ ճակատամարտը տալ։

Ադեդնավոր Հայկը այս տեսնելով, իսկույն կռահում է Բելի մտադրությունը. իրեն առաջ է նետում, մոտենում արքային, մինչև վերջ ձգում է իր լայնալիճ, հզոր մայրափայտյա աղեղը և եռաթև նետն արձակելով՝ ուղիղ հարվածում է Բելի կուրծքը զրահավորող պղնձե տախտակին։ Նետասլաքը շեշտակի թափով ծակում անցնում է զրահը, Բելի թիկունքից դուրս գալիս և խրվում հողի մեջ։ Ամբարտավան արքան մսե հսկա արձանի նման տապալվում է գետին և շունչը փչում։

Բելի զինված խառնամբոխը, տեսնելով այս անլուր քաջագործությունն ու իրենց արքայի կործանումը, սարսափահար դիմում է փախուստի։ Հայկի զինվորները հետապնդելով նրանցից շատերին՝ խլում են ձիերի, ջորիների և ուղտերի բազմաթիվ երամակներ։

Հայկը ճակատամարտի վայրում շինում է մի դաստակերտ2, անունը դնում Հայք՝ ի նշան վարած հաղթական կռվի։ Այդ անունից էլ մինչև այժմ ամբողջ գավառը կոչվում է Հայոց ձոր3։ Այն բլուրը, ուր ընկնում է Բելը իր քաջ մարտիկների հետ, Հայկը կոչում է Գերեզմանք, որը հետագայում հայտնի է

----------------------

1 Խորենացին նկատի ունի Վանա լիճը, որ հնում կոչվում էր նաև Բզնունյաց ծով։

2 Նոր շեն կամ քաղաք՝ իր կալվածքներով։

3 Հայոց ձորը գտնվում է Վան քաղաքից հարավ, Խոշաբ գետի ստորին հոսանքի ջրջանում։

[էջ 49]

Գերեզմանակք անունով։ Իսկ Բելի դիակը Հայկը զմռսել է տալիս, տանում է Հարք և թաղում մի բարձրադիր տեղում՝ ի տես իր կանանց և որդիների։ Արարադ երկիրը, ուր բնակություն է հաստատում Հայկը, հետագայում նրա անունով կոչվում է Հայք։

Հայկը հետագայում հայերի համար դառնում է պաշտելի նախնի, նրա անունով է կոչվել երկնային Օրիոն համաստեղությունը1, ինչպես նաև Կշիռ կենդանակերպ համաստեղությունը, որ կոչվել է Տաև Շամփուրք Հայկին կամ Պատրվակ Հայկին։ Հայկի որդիների և դստրերի անուններով է կոչվել նաև հին հայոց տոմարի ամիսների մի մասը։

Հայկի զավակներն ու թոռները*
(Արամանյակ, Արամայիս, Ամասիա, Գեղամ, Հարմա)

Բելին սպանելուց հետո Հայկը վերադառնում է իր բնակատեղին՝ Հարք, իր Կադմոս թոռանը պատերազմի ավարից բազմաթիվ ընծաներ է տալիս, ինչպես նաև անվանի մարդիկ՝ իր գերդաստանի ծառայության մեջ գտնվողներից։ Միաժամանակ հրամայում է Կադմոսին վերադառնալ իր նախկին տունը և այնտեղ ընդմիշտ բնակություն հաստատել։

Հայկը երկար տարիներ Հայքում ապրելուց հետո մեռնում է, իր ամբողջ ազգը հանձնելով Արամանյակ որդուն։

Արամանյակը իր եղբայրներից երկուսին՝ Խոռին և Մանավազին, ինչպես և Մանավազի որդուն՝ Բազին, թողնում է Հարքում։ Մանավազը ժառանգում է Հարքը, իսկ որդին՝ Բազը, ժառանգում է աղի լճի հյուսիս-արևմտյան ափը, և գավառն ու լիճը կոչում է իր անունով՝ Բզնունիք և Բզնունյաց ծով։ Մանավազից են հետագայում սերում Մանավազյան, իսկ Բազից՝ Բզնունյաց նախարարական տոհմերը։ Իսկ Խոռը հյուսիսային կողմերում շեներ է շինում, բազմանում, և նրանից է սերում Խոռխոռունիների ցեղի մեծ նախարարությունը։

Արամանյակն իր գերդաստանն առնելով, շարժվում է դեպի հյուսիս-արևելք, գնում հասնում է մի խոր ընդարձակ դաշտավայր, շրջապատված բարձրագագաթ լեռներով, որոնց ստորոտներից բխում էին բազմաթիվ ականակիտ աղբյուրներ, որոնք միանալով գետեր էին կազմում և հոսում լեռների ստորոտներով ու դաշտի ափերով։ Դաշտի հարավային մասում բարձրանում էր արեգակնաճեմ լեռը՝ սպիտակափառ գագաթով։ Արամանյակը բնակություն է հաստատում այս խոր դաշտում, շենացնում դաշտի հյուսիսային կողմը և այնտեղ բարձրացող լեռը կոչում է իր անունով՝ Արագած, իսկ կալվածքը՝ Արագածոտն։ Արամանյակի մահից հետո նրա որդին՝ Արամայիսը, բնակություն է հաստատում դաշտի արևմտյան կողմից հոսող գետի ափին, մի բլուրի վրա կառուցում իր բնակատեղին և այն կոչում իր անունով՝ Արմավիր, իսկ գետը իր թոռ Երաստի անունով կոչվում է Երասխ։ Արամայիսը իր բազմազավակ և շատակեր որդուն՝ Շարային, իր տունուտեղով ուղարկում է Արագած լեռան թիկունքում գտնվող բերրի ու արգավանդ դաշտը, որտեղ շատ ջրեր էին հոսում։ Գավառը հետագայում նրա անունով կոչվում է Շիրակ։ Այդ օրից Շարայի շատակերության մասին գեղջուկների մեջ պահպանվել է հետևյալ առածը. «Թէ քո Շարայի որկորն է՝ մեր Շիրակայ ամբարքն չեն» («Եթե դու Շարայի փորն ունես, ապա մենք Շիրակի ամբարները չունենք»)։

Արամայիսի մահից հետո Արմավիրը ժառանգում է նրա որդին՝ Ամասիան։ Վերջինիս ունենում է երեք զավակ՝ Գեղամ, Փառոխ և Ցոլակ։ Վերջին երկու որդին ունենալուց հետո Ամասիան անցնում է գետը, մոտենում հարավային բարձրաբերձ լեռան ստորոտին, լեռան խորշերում խոշոր ծախսերով շինում երկու բնակատեղ, մեկը դեպի արևելք, լեռան ստորոտից բխող աղրյուրների ակունքների մոտ, մյուսը՝ դեպի արևմուտք։ Այդ տները նա ժառանգություն է տալիս իր երկու որդիներին՝ արի Փառոխին և կայտառ Ցոլակին, որոնք բնակվելով այնտեղ, կոչում են իրենց անուններով՝ Փառիխոտ և Ցոլակերտ։ Իսկ այդ բարձրաբերձ լեռը Ամասիան կոչում է իր անունով՝ Մասիս։

-----------------------------------

1 Օրիոնը հունական առասպելաբանության մեջ ևս որսորդ էր, քաջ աղեղնավոր։

* Շարադրված է ըստ Մովսես Խորենացու «Հայոց պատմության»։

[էջ 50]

Ամասիայի մահից հետո ավագ որդին՝ Գեղամը, ժառանգում է Արմավիրը, բայց շուտով այն թողնում է իր որդուն՝ Հարմային, իսկ ինքը գնում է հյուսիս-արևելյան լեռների հետևում գտնվող ծովակի մերձակայքը։ Այստեղ նա շենացնում է ծովակի ափերը, բնակեցնում, լեռը իր անունով կոչում է Գեղ, շեները և ծովակը՝ Գեղարքունի։ Այստեդ է ծնվում Գեղամի Սիսակ անունով որդին՝ մի սեգ, թիկնեդ, վայելչակազմ, կորովախոս ու գեղեցիկ աղեղնավոր։ Գեղամը նրան տալիս է իր ունեցվածքի մի մասը, բազմաթիվ ծառաներ և հիմնում նրա հողային ժառանգության սահմանները։ Գեղամը իր որդուն է նվիրում Գեղարքունի ծովից դեպի արևելք ընկած տարածությունները, մինչև այն դաշտը, ուր Երասխը ճեղքելով սեպացած լեռները, նեղ ու երկար կիրճերով անցնելուց հետո, թափվում է այնտեղ։ Սիսակը բնակություն հաստատելով այս երկրամասում, այնտեղ կառուցում է բազմաթիվ շեներ, գյուղեր, շինություններ և այդ աշխարհը կոչում իր անունով՝ Սյունիք, կամ ինչպես պարսիկներն են անվանում՝ Սիսական։

Գեղամը վերոհիշյալ դաշտի արևելյան կողմում՝ լեռան ստորոտում գտնվող մի ամուր ձորակում, շինում է մի դաստակերտ, անունը դնում Գեղամի, որը հետագայում նրա թոռ Գառնիկի անունով կոչվում է Գառնի։ Հետագայում, Արտաշես թագավորի ժամանակ, Գեղամի սերնդից մի պատանի է եղել Վարաժ անունով՝ քաջ և դիպուկ նետաձիգ, եղջերուների, այծյամների և վարազների հմուտ որսորդ, որին Արտաշես թագավորը նշանակում է արքունական որսապետ և նրան պարգևում Հրազդան գետի հովտում գտնվող բազմաթիվ շեներ ու ավաններ։ Այս Վարաժից է սկիզբ առնում Վարաժնունիների իշխանական տունը։

Արամ*

Արամը Գեղամի թոռն էր, Արմավիրի տեր Հարմայի որդին, մի աշխատասեր, եռանդուն, հայրենասեր մարդ, որը գերադասում էր մեռնել հայրենիքի համար, քան տեսնել, թե ինչպես են օտար ցեղերն ու ազգերը ոտնակոխ անում իր հայրենիքը և տիրում ու շահագործում իր արյունակից հարազատներին։

Արամը նեղվելով շրջակա ազգերի ու ցեդերի ասպատակություններից, իր ընտանի քաջ և աղեղնավոր մարդկանցից հավաքում է շուրջ 50 հազար հոգի, որոնք բոլորն էլ վարժ նիզակավորներ էին, հմուտ նետաձիգներ, ուժեղ և անվեհեր երիտասարդ մարտիկներ։ Հայաստանի սահմանների մերձակայքում Արամը հանդիպում է մեդացի (մարացի)1 երիտասարդ զինվորների մի զորախմբի, որի առաջնորդն ու հրամանատարն էր ոմն Նյուքար Մադես, մի հպարտ ու ռազմասեր մարդ։ Նյուքար Մադեսն արդեն մի քանի անգամ արշավել ու ասպատակել էր Հայոց աշխարհը և իր ձիերի սմբակներով ոտնակոխ արել երկրի բոլոր սահմանները և երկու տարի Հայաստանը ենթարկել իրեն։

Արամը հանկարծակիի է բերում թշնամուն։ Արևածագից առաջ Արամն իր զորքով անսպասելի հարձակում է գործում մեդական զորքի վրա, գլխովին ջախջախում, իսկ նրա առաջնորդին՝ Նյուքար Մադեսին, գերում և ձերբակալելով բերում Արմավիր։ Այստեղ Արամի հրամանով Նյուքար Մադեսին հանում են քաղաքի աշտարակի ծայրը, երկաթե ցից մեխելով ճակատի մեջ, գամում են պատին՝ ի ցույց բոլոր անցորդներին ու քաղաք եկողներին։ Արամը Նյուքար Մադեսի աշխարհը՝ Մարաստանը, մինչև Զարասպ լեռը իրեն է ենթարկում, դարձնում հարկատու։

Հարևան Ասորեստանում գահ է բարձրանում Նինոսը, որին երկար տարիներ հանգիստ չէր տալիս իր նախնի Բելի սպանության հիշատակը։ Նա վրեժխնդրության դավեր էր որոճում՝ քաջ Հայկի սերունդներին արմատից ոչնչացնելու և սպասում էր հարմար ժամանակի։

Նինոսը տեսնելով Արամի քաջություններն ու հադթանակները, առերևույթ բարեկամ է ձևանում, հրամայում է նրան աներկյուղ վարել իր իշխանությունը, անգամ նրան մարգարտե վարսակալ կրելու իրավունք է տալիս և իր երկրորդը համարվելու պատվավոր կոչում։

--------------------------

* Շարադրված է ըստ Մովսես Խորենացու «Հայոց պատմության»։

1 Մեդիա, Միդիա կամ Մարաստան — Հին Արևելքի հզոր պետություններից մեկը, գտնվում էր Վանա ծովից հարավ-արևելք, Զագրոշի լեոների և Կասպից ծովի հարավ-արևմտյան ափերին, գոյատևել է մ. թ. ա. 7—5-րդ դարերում։

[էջ 51]

Արամը արևելքում իր երկրի սահմանները ապահովելուց ու ամրացնելուց հետո նույն զորքով իջնում է հարավ՝ Ասորեստանի կողմերը։ Այստեղ Բարշամ1 անունով մեկը՝ ծագումով հսկաների ցեղից, իր քառասուն հազար հետևակներով և հինգ հազար հեծյալներով պարբերական ասպատակություններով և ծանր հարկերով ամայացրել էր շրջակա երկրները։

Արամը ընդհարվելով Բարշամի զորքին, հալածում է նրան Կորդուքի միջով մինչև Ասորեստանի դաշտը, շատերին կոտորում է, այդ թվում նաև Բարշամին։ Ասորեստանի դաշտերի բնակչության մեծ մասին Արամը երկար ժամանակ իրեն դարձնում է հարկատու։ Իսկ Բարշամին, իր քաջարի արարքների համար ասորիները աստվածացնում են և պաշտում երկար ժամանակ։

Արամը Հայաստանի հարավային՝ Ասորեստանի կողմի սահմանների տնօրինությունը հանձնում է Կադմոսի տան հաջորդներին, իսկ արևելյան սահմաններինը՝ Սիսակյաններին, իսկ ինքը իր զորքի վրա ավելացնելով ևս քառասուն հազար հետևակ և երկու հազար հեծյալ, շարժվում է դեպի արևմուտք՝ Կապադովկիական Կեսարիա։ Այստեղ նրա դեմ կռվով դուրս է գալիս Պայապիս Քաղյա Տիտանյանը2, որը բռնությամբ գրավել էր Պոնտոսի (Սև ծով) և Օվկիանոսի (Միջերկրական ծով) միջև ընկած տարածությունը։ Արամը ընդհարվելով նրա հետ, հալածում, փախցնում է Միջերկրական ծովի կղզիներից մեկը։

Արամը Կապադովկիական Կեսարիան պահպանելու համար այնտեղ տիրակալ է կարգում իր ցեղակիցներից մեկին՝ Մշակին, նրան թողնում 10 հազար զինվոր, ինքը վերադառնում է Հայաստան։ Մինչև այդ Արամը հրաման է տալիս Կեսարիայի բնակիչներին՝ սովորել և խոսել հայերեն։ Այդ պատճառով էլ հույներն այդ երկրամասը անվանում են Պռոտին Արմենիան, այսինքն՝ Առաջին Հայք։ Իսկ այն դաստակերտը, որ իր անունով շինում է Արամի կարգած կողմնապետ Մշակը, տեղացիները աղավաղված ձևով կոչում են Մաժաք. այն հետագայում նոր շինություններով ընդարձակվելով այլոց կողմից՝ կոչվում է Կեսարիա։

Արամն իր կատարած աշխարհաշեն գործերով դառնում է այնքան անվանի, որ նրա անունով են մինչև այժմ մեր երկիրն ու ազգը կոչում շրջակա ժողովուրդները, հույները՝ Արմեն, պարսիկներն ու ասորիները՝ Արմենիկ։ Արամը երկար տարիներ ապրելուց հետո ժառանգ է թողնում իր գեղեցիկ որդուն՝ Արային։

Արա Գեղեցիկ և Շամիրամ*

Արամի մահից հետո Հայաստանի խնամակալությունը անցնում է որդուն՝ Արա Գեղեցիկին։ Այդ ժամանակ Ասորեստանում տակավին թագավորում էր Նինոսը, որը նույնպիսի արքայական շնորհների է արժանացնում Արային, ինչպես նրա հորը՝ Արամին։ Իսկ Նինոսի կինը՝ վավաշոտ և այրասեր Շամիրամը, բազում տարիներ լսած լինելով Արայի անզուգական գեղեցկության մասին, անհուն տարփանքով տենչում էր տեսնել նրան, բայց ամուսնու ահից չէր համարձակվում իր ցանկությունն իրականացնել։

Երբ վախճանվում է Նինոսը, Շամիրամը չի կորցնում պահը, իր տարփանքը համարձակորեն բացահայտելով, պատգամավորներ է առաքում Արա Գեղեցիկի մոտ, ճոխ ընծաներով, բազում աղեր-

---------------------------

1 Բարշամ, բուն անվանաձևը՝ Բաալշամեմ-արևմտյան սեմական ժողովուրդների երկնքի և արևի աստվածությունը, որի պաշտամունքը տարածված է եղել Ասորիքում անգամ մինչև մ. թ. 5-րդ դարը։ Բարշամը (նաև Բարշամին, Բարշիմնիա) պաշտվել է նաև հայերի մեջ։ Տիգրան 2-րդը նրա փղոսկրյա արձանը Միջագետքից բերել և տեղադրել է Երզնկայի մոտ գտնվող Թորդան ավանի տաճարում։

2 Պայապիս Քաղյա (հունարեն՝ Պապայոս Խիմայրագենես– Պապայոս այծածին, քաղ հին հայերենում նշանակում է այծ) հունական առասպելաբանության մեջ Զևսի դեմ կռվող գիգանտների գլխավոր Տիփոնի (հրաբխային լեռների և կործանող փոթորիկների խորհրդանիշը)՝ որդի Քիմայրան է, այծակերպ մի հրեշ, որի երախից կրակ է դուրս ժայթքում։ Հետևաբար՝ Արամի կռիվը Պայապիս Քաղյայի դեմ նման է Զևսի կռվին Տիփոնի դեմ, որին Զևսը դնում է Միջերկրական ծովի Ինարիմ (Էնարիա) հրաբխային կղզու տակ։

* Շարադրված է ըստ Մովսես Խորենացու «Հայոց Պատմության»։

[էջ 52]

սանքներով ու պարգևների խոստումով խնդրում է Արային գալ Նինվե1, կամ ամուսնանալ իր հետ և բոլորի վրա թագավորել, կամ էլ իր տարփալից ցանկությունը կատարել և մեծամեծ նվերներով ու խաղաղությամբ իր երկիրը վերադառնալ։ Շամիրամի պատգամավորները գալիս են Հայաստան, բայց Արան կտրականապես մերժում է Շամիրամի կամքը կատարել։ Պատգամագնացությունները կրկնվում են մի քանի անգամ՝ Շամիրամի նորանոր խոստումներով, հորդորներով ու աղաչանքներով, սակայն ամեն անգամ արժանանում են Արայի մերժմանը։

Երբ այդ բազում բանագնացությունները դառնում են անարդյունք, Շամիրամը սաստիկ զայրանում է, դադարեցնում է պատգամագնացությունը, զորք է հավաքում և շտապով մեկնում է Հայոց աշխարհ՝ Արայի դեմ պատերազմելու։ Բայց նա շտապում է ոչ թե Արային սպանելու կամ հալածելու, այլ նրան իր ձեռքը գցելու, նվաճելու, իր մոլեգին ցանկությունը կատարել տալու և տռփանքը հագեցնելու։

Շամիրամը փութով գալիս հասնում է Արայի դաշտը, որ հետագայում նրա անունով կոչվեց Այրարատ։ Այստեղ, ճակատամարտից առաջ, Շամիրամը պատվիրում է իր զորապետներին՝ ամեն կերպ ջանալ կենդանի պահել Արային։ Բայց մարտի ժամանակ Արայի զորքը կոտորվում է, Արան էլ ընկնում է պատերազմի դաշտում Շամիրամի կտրիճներից։

Հաղթությունից հետո Շամիրամ տիկինը ճակատամարտի վայրն է առաքում դիահավաքներին՝ դիակների մեջ փնտրելու իր բաղձալի տարփածուին։ Արային գտնում են մի խումբ քաջամարտիկների մեջ սպանված։ Շամիրամը հրամայում է Արայի դին դնել ապարանքի վերնատանը։

Իսկ երբ գրգռված հայոց զորքը պատրաստվում է նորից մարտնչել տիկին Շամիրամի դեմ Արայի մահվան վրեժն առնելու համար, Շամիրամը դիմում է նրանց, ասելով.

— Ես հրամայեցի իմ աստվածներին՝ նրա վերքերը լիզել, և նա կկենդանանա։

Շամիրամը հույս ուներ իր հմայական դյութությամր վերակենդանացնել Արային։ Բայց երբ դիակն սկսում է քայքայվել, Շամիրամը գաղտնի թաղում է Արային, իր հոմանիներից մեկին պաճուճապատում է Արայի կերպարանքով և լուր է տարածում, թե «Արալեզները Արային լիզելով վերակենդանացրին և մեր փափագն ու ցանկությունը կատարեցին։ Այսուհետև նրանք առավել ևս արժանի են մեր պաշտամունքին ու փառարանմանը»։

Շամիրամը արձան է կանգնեցնում Արային հարություն տվող աստվածների անունով և նրանց պատվին մեծամեծ զոհեր մատուցում։ Արայի հարության լուրը տարածելով Հայոց աշխարհում և բոլորին համոզելով՝ Շամիրամը խաղաղեցնում է ժոդովրդի հուզմունքը։

-----------------------------

1 Ասորեստանի մայրաքաղաքը։

[էջ 53]

Շամիրամակերտի շինարարությունը*

Ամեն ինչ բարեհաջող ավարտելուց հետո, Շամիրամը մի քանի օր մնում է Այրարատի ղաշտում, բարձրանում երկրի հարավակողմն ընկած լեռնային գավառը։ Եվ քանի որ ամառային եղանակ էր, նա կամենում է զրոսնել տեղի զովաշունչ հովիտներում ու ծաղկավետ դաշտերում։ Զմայլված երկրի գեղեցկությամբ, օդի մաքրությամբ, վճիտ ու սառնորակ աղրյուրներով, կարկաչահոս գետերով՝ Շամիրամը մերձավորներին հայտնում է իր վճիռը.

— Այսպիսի բարեխառն օդով ու մաքուր ջրերով երկրում պետք է քաղաք և ապարանք շինենք, որպեսզի ամառվա ամիսներին վայելենք Հայոց աշխարհի զովը, իսկ զով եղանակներին ապրենք Նինվեում։

Շրջելով Հայոց աշխարհի տարբեր վայրերում, Շամիրամը հասնում է աղի ծովակի արևելյան ափը, որի երկայնքով դեպի արևմուտք ձգվում էր մի երկար բլուր, հյուսիսակողմից փոքր-ինչ թեք, իսկ հարավից՝ ուղիղ երկինք խոյացող զառիվայր ապառաժով1։ Բլուրից հարավ տարածվում էր լայն ու երկայնաձիգ հովիտ, որ լեռան արևելյան կողմից ընդարձակ ու գեղեցիկ ձորի ձևով իջնում էր ծովափ։ Այդ հովտով հոսում էին լեռներից իջնող քաղցրահամ առվակներ, որոնք ծործորներից ու հովիտներից ծորելով, լեռների ստորոտներում միանում էին, ծավալվում, կազմում գեղեցիկ գետեր։ Այս հովտաձև ձորակում ջրերի աջ ու ձախ ափերին բավական թվով շեներ կային կառուցված։ Իսկ այս հաճելի բլրից դեպի արևելք բարձրանում էր մի փոքրիկ սար2։

Այս տեղը շատ է դուր գալիս Շամիրամին, և տռփոտ ու քաջասիրտ տիկինը հրամայում է Ասորեստանից և իրեն ենթակա այլ երկրներից անմիջապես բերել քառասուներկու հազար անարվեստ գործավորներ (սևագործ բանվորներ) և վեց հազար ընտիր արհեստավորներ, որոնք կատարելապես հմուտ էին փայտի, քարի, պղնձի և երկաթի արհեստներին։

Թագուհու հրամանն իր ուզած ձևով իսկույն կատարվում է. գալիս են անարվեստ բանվորների և բազմարվեստ հանճարեղ վարպետների բազմություններ։ Շամիրամը հրամայում է կառուցել նախ գետի ամբարտակը՝ անբավ լայնությամբ ու բարձրությամբ, ապառաժներով և խոշոր վեմերով, կրի և ավազի շաղախով ամրացված3։

Գետի այդ ամբարտակը մինչև այժմ էլ մնում է կանգուն, և այնպես ամրակուռ, որ եթե մեկը փորձի այդ շինվածքից պոկել թեկուզ մի փոքր քար պարսատիկի համար, երբեք չի հաջողվի։ Եվ կրաշաղախը շուրջը այնպես է ծեփված, որ թվում է, թե հալած ճարպով է ագուցված։

Այդպես երկար տարածության վրա ամբարտակը կառուցելով, Շամիրամը այն հասցնում է քաղաքի հիմնադրման համար որոշված տեղը։ Այստեղ թագուհին հրամայում է գործավորների բազմությունը բաժանել մասնագիտական տարբեր դասերի և յուրաքանչյուր դասի վրա ղեկավար նշանակել վարպետներից լավագույններին։ Նման խիստ լարված աշխատանքով մի քանի տարվա ընթացքում ավարտվում է հրաշակերտ քաղաքի կառուցումը՝ ամրակուռ պարիսպներով և պղնձակոփ դռներով։ Քաղաքի մեջ Շամիրամը կառուցում է բազմաթիվ ընտիր ապարանքներ՝ կրկնահարկ և եռահարկ, գույնզգույն պես-պես քարերով զարդարված, յուրաքանչյուրում պատուհաններ՝ ըստ պատշաճի։ Քաղաքի թաղամասերը միմյանցից բաժանվում են գեղեցկագույն և ընդարձակ փողոցներով։ Շինում է նաև չքնաղ բաղանիքներ՝ քաղաքի դիրքին ու կարիքներին համապատասխան։ Գետը բաժանում է երկու մասի, մեկը անց է կացնում քաղաքի միջով, քաղաքը պատում առուների ցանցով՝ քաղաքացիների տարբեր կարիքները հոգալու, բուրաստաններն ու ծաղկանոցները ոռոգելու, իսկ մյուս մասը անց է կացնում ծովակի աջ և ձախ

-------------------------

* Շարադրված է ըստ Մովսես Խորենացու «Հայոց պատմության»։ Շամիրամակերտը, Շամիրամաշենը կամ Շամիրամի քաղաքը ըստ միջնադարյան ժողովրդական ավանդության, Վան քաղաքի անունն է, ուրարտական հզոր պետության Տուշպա անունով մայրաքաղաքը, որ հայերենում կոչվել է նաև Տոսպ կամ Վանտոսպ։

1 Խոսքը Վանա լճի և Վան քաղաքի մոտ գտնվող Տոսպան բլրի մասին է։

2 Այդ փոքրիկ սարը Վարագա սարն է։

3 Խոսքը վերաբերում է Վան քաղաքի մոտակայքում ուրարտական թագավոր Մենուայի կառուցած ջրանցքին, որ տեղացիները մինչև 1916 թ. գաղթը, ըստ ավանդության, կոչում էին Շամիրամի առու։

[էջ 54]

ափերով, քաղաքի ողջ շրջակայքի այգիներն ու հողերը ջրելու համար։ Քաղաքի բոլոր կողմերը զարդարում է դաստակերտներով, վարսագեղ սաղարթախիտ ու պտղատու ծառերով, տնկում բազմաթիվ բարեբեր ու գինեվետ այգիներ։ Պարսպապատ քաղաքը ամեն ինչով դարձնում է հրաշալի ու հոյակերտ, մեջը բնակեցնում մարդկանց անթիվ բազմություն։

Շամիրամը պարսպապատում է քաղաքի վերին ծայրում գտնվող ժայռի գագաթը, ժայռի մեջ կառուցում գաղտնի ելք ու մուտք ունեցող քարակոփ արքայանիստ շինություններ, զանազան սենյակներ, ննջարաններ, գանձարաններ, վիհեր, որոնք բոլոր թագավորական մեծագործությունների մեջ առհասարակ առաջնակարգն ու վեհագույնն են համարվում։ Իսկ քարաժայռի արեգունի կողմը հարթեցնելով, ինչպես մեղրամոմն են երկաթե գրչով հարթում, Շամիրամը բազմաթիվ գրեր է գրել տալիս, որոնց միայն տեսքը մարդկանց զարմանքն ու հիացմունքն է շարժում: Եվ ոչ միայն այստեղ, այլև Հայոց աշխարհի շատ վայրերում Շամիրամն արձաններ է կանգնեցնում և նույն գրերով իր մասին ինչ-ինչ հիշատակներ գրել տալիս և շատ տեղերում նույն գրով սահմաններ հաստատում1։

Շամիրամի արարքներն ու վախճանը*

Շամիրամը իր ամառանոցային քաղաքը Հայաստանում շինելուց հետո սովորություն է դարձնում ամեն ամառ գալ Հայաստան՝ իր շինած քաղաքում հանգստանալու։ Հայաստան գալուց առաջ նա Ասորեստանում իբրև կողմնապետ և Նինվեի վերակացու է թողնում Զրադաշտ մոգին2 մարաց նահապետին, վստահելով նրան իր իշխանությունը։

Մի ամառ էլ, Հայաստանում եղած ժամանակ, Շամիրամը դուրս է գալիս Վասպուրական գավառում զրոսանքի, տեսնում է՝ մի տեղ երեխաները խմբված գետնից ուլունքներ են գտել և ուշադիր զննում են։ Թագուհին իսկույն կռահում է ուլունքների արժեքն ու նշանակությունը, լավ վարձատրում է երեխաներին և ուլունքները ձեռներից առնում։

Այդ ուլունքներով Շամիրամն սկսում է կախարդել ու հմայել և իր ապականված սրտով երկրով մեկ ամեն տեսակ չարիք գործել։ Ում ուզում էր, որ նա իր տռփալից ցանկությունը կատարի, ուլունքների զորությամբ նրան իսկույն բերում էր իր մոտ, իսկ ում կամենում էր ոչնչացնել, դարձյալ դյուրությամր ու առանց որևէ ջանքի կատարում էր այդ։ Բոլորն սկսում են սարսափել թագուհուց, և ոչ ոք չէր հանդգնում ծպտուն հանել։

Շամիրամն ուներ մի ծերունի խորհրդական, որը վայելում էր թագուհու վստահությունը, տեղյակ էր նրա բոլոր գաղտնիքներին և ազատ ելումուտ ուներ նրա պալատում։ Թագուհու գործած չարիքները շատ են մտահոգում ծերունուն, և նա երկար ժամանակ մտածում է, թե ինչպես նրա ձեռից կամ ուլունքների կախարդական զորությունից աշխարհն ազատի։

Մի օր էլ, երբ թագուհին ծերունու հետ դուրս էր եկել Արտամետ3 զրոսանքի, ծերունին հարմար պահ է գտնում, հափշտակում է ուլունքները Շամիրամի ձեռից և փախչում։ Զայրացած Շամիրամը հետապնդում է նրան, բայց տեսնելով, որ չի կարողանում հասնել, ցասումից կատաղած իր թավ ու երկար

------------------------

1 Խորենացու խոսքն այստեղ Վանի քարաժայռի «Մհերի դուռ» կոչված հարթեցված երեսի, ինչպես նաև Վանի շրջակայքում և Հայաստանի տարբեր վայրերում քարե կոթողների վրա քանդակված ուրարտական թագավորների սեպագիր արձանագրություններին է վերաբերում, որ ժողովրդական ավանդությամբ թե Խորենացու ժամանակ և թե հետագայում վերագրվել է առասպելական Շամիրամ թագուհուն։

* Շարադրված է ըստ Մ. Խորենացու «Հայոց պատմություն» և Ներսես Սարգիսյանի «Տեղագրութինք ի Փոքր և ի Մեծ Հայս» գրքերի։

2 Զրադաշտ մոգը պարսկական հին կրոնի՝ զրադաշտության հիմնադիրն է, ապրել և գործել է մոտավորապես մ. թ. ա. 7-րդ դարում։ Հայկական հին զրույցներում նա հանդես է գալիս իբրև մեդացիների կամ մարերի նախնի։

3 Արտամետը գյուղ է Վանի մերձակայքում։ Արտամետցիների և առհասարակ վանեցիների մեջ մինչև վերջերս տարածված էր հետևյալ ասացվածքը, երբ որևէ աղջիկ սիրահետել է տարբեր տղաների, ասել են. «Ա՛յ շան ախճիգ, Արտամետու ախճիգն ա, ամեն տղի ծոց կարմիր խնձոր կը դնա»։ «Արտամետու ախճիգ» ասելով, ըստ բանասացների, նկատի են ունեցել Շամիրամին, տղամարդկանց հետամտելու նրա հեշտասեր բնավորությունը։

[էջ 55]

ծամերը պարսատիկ է դարձնում, վերցնում է մի վիթխարի ապառաժ, դնում ծամերի վրա, պտտում և նետում ծերունու հետևից։ Ահռելի ծանրությունից մազերը գլխից պոկվում են, իսկ հսկա ապառաժը գլորվելով ընկնում է Արտամետի մոտ գտնվող մի փոսի մեջ, ուր ընկած է մինչև այժմ։

Իսկ ծերունին ուլունքները ձեռին՝ փախչում հասնում է Դատվանի1 ծովեզերքը և այնտեղ ուլունքները նետում ծովը, աշխարհն ազատում Շամիրամի հմայական չարագործությունից։ Այդ դեպքից էլ մնացել է «Ուլունք Շամիրամայ ի ծով» ասացվածքը։

Շամիրամը իր բոլոր գանձերն ու պաշտոնները նվիրում է իր հոմանիներին և բնավ չէր հոգում իր զավակների մասին։ Երբ զավակները չափահաս են դառնում, սկսում են հանդիմանել իրենց մորը նրա անառակ վարքի, գանձերն ու պաշտոնները ուրիշներին շռայլորեն նվիրելու համար: Շամիրամը սաստիկ զայրանում է զավակների վրա, բոլորին կոտորել է տալիս, բացի կրտսեր որդուց՝ Նինվասից։

Պատահում է այնպես, որ Ասորեստանում Շամիրամի տեղապահ Զրադաշտ մոգը սխալմունք է գործում թագուհու հանդեպ, և նրանց միջև հակասություն է ծագում։ Այդ հակամարտությունն ավելի է խորանում, երբ մարացի Զրադաշտը մտադրվում է ամբողջ իշխանությունն իր ձեռքն առնել և իր բռնապետությունը տարածել բոլորի վրա։ Շամիրամն այդ իմանալով, պատերազմ է սկսում Զրադաշտի դեմ։ Երբ պատերազմը սաստկանում է, Շամիրամը զգում է իր մոտալուտ պարտությունը և Զրադաշտի ձեռից հետիոտն փախչում է Հայաստան։ Թշնամիներից հետապնդվելով, Շամիրամը ճանապարհին վազքից ու հոգնածությունից սաստիկ ծարավում է, հասնում է Վանա ծովին, ջուր խմում, հագեցնում ծարավը։ Բայց տեսնելով, որ իրեն հետապնդող սուսերավորները մոտենում են, իր կախարդական հուռութները ծովն է նետում և ինքն էլ տեղնուտեղը քարանում։

Իսկ մեկ այլ զրույցի համաձայն, երբ Շամիրամը պարտվելով ու հետապնդվելով Զրադաշտից, փախչում է Հայաստան, որդին՝ Նինվասը, վրա է հասնում, վրեժխնդրությամբ սպանում հեշտասեր մորը և Ասորեստանում ինքը թագավորում։

Արայան Արա և Անուշավան Սոսանվեր*

Երբ Արա Գեղեցիկը ընկավ Շամիրամի դեմ մղած ճակատամարտում, նա ուներ արդեն տասներկուամյա մի տղա, ծնված իր սիրելի կնոջից՝ Նվարդից։

Շամիրամը Արա Գեղեցիկի նկատմամբ տածած իր անհուն սիրո պատճառով, Արայի անունով է կոչում նաև նրա որդուն։ Շամիրամն այնքան է սիրում ու վստահում Արայան Արային, որ նրան մտերմաբար նշանակում է Հայոց աշխարհի վերակացու։ Արայան Արան ևս հավատարիմ է մնում Շամիրամին և նրա հետ միասին սպանվում պատերազմում։

Արայան Արան սպանվելուց հետո թողնում է մի արու զավակ՝ անունը Անուշավան, գործով հզոր, խոսքով հանճարեղ։ Նա կրում էր Սոսանվեր մականունը, որովհետև, ըստ հին պաշտամունքի, նա նվիրված էր Արմավիր քաղաքի Արամանյակի տնկած սրբազան սոսիներին։ Այդ սոսիների սաղարթների սոսափյունից, կախված քամու ուժից և ուղղությունից, Հայոց աշխարհում հնուց ի վեր ընդունված էր հմայություններ և գուշակություններ անել։

Անուշավանը գնում է Ասորեստան՝ Շամիրամի որդի Նինվասից ձեռք բերելու Հայոց աշխարհի խնամակալության իրավունքը։ Նա երկար ժամանակ տառապում է արքունի դռանը, արժանանալով միայն Նինվասի արհամարհանքին։ Ի վերջո բարեկամների օժանդակությամր նրան հաջողվում է ձեռք բերել Հայոց աշխարհի մի մասի խնամակալությունը՝ իրրև հարկատու, հետագայում՝ նաև ամբողջ Հայաստանի խնամակալության իրավունքը։

------------------------

1 Դատվանը գյուղ է և նավահանգիստ Վանա լճի արևմտյան ափին։

* Շարադրված է ըստ Մ. Խորենացու «Հայոց պատմության»։

[էջ 56]

Տորք Անգեղյա*

Տորքը Հայկի թոռ Պասքամի որդին էր՝ մի տգեղ, բարձրահասակ, կոպտավուն կազմվածքով, տափակաքիթ, փոս ընկած աչքերով ու դժնահայաց մարդ, որին խիստ տգեղության համար Անգեղյա1 էին կոչում։

Հայոց Վաղարշակ թագավորը այս հզոր ու վիթխարահասակ Տորքին նշանակում է Հայոց աշխարհի արևմտյան մասի կուսակալ և նրա ցեղի անունն էլ կոչում է Անգեղ տուն2։

Տորքը օժտված էր վիթխարի ուժով, նա ձեռք էր զարկում ողորկ որձաքար ապառաժներին, ուզած ձևով ճեղքում, եղունգներով տաշում էր ապառաժը, տախտակի նման հարթեցնում և դարձյալ եղունգներով վրան արծիվներ էր քանդակում։

-----------------------------

* Շարադրված է ըստ Մ. Խորենացու «Հայոց պատմության»։

1 Տորքը հին անատոլական Տարու, Տարքու, Տարխու, Տրքա անվանաձևերով հայտնի ամպրոպի և փոթորկի աստվածությունն էր, որ հայոց հին ավանդության մեջ փոխարկվել է Տորքի կամ Տուրքի։ Այդ դիցանվան հետքերն ու հիշատակը պահվել է Սեմի որդի Տարբանի առասպելի և Տարոն տեղանվան մեջ։

Անգեղյա մակդիրը Մ. Խորենացին ժողովրդական ստուգարանությամբ բացատրում է իբրև անգեղ, այսինքն՝ տգեղ։ Մինչդեռ Անգեղը եղել է հին հայերի աստվածներից մեկը, որի անունով է Աստվածաշնչում հայերեն թարգմանվել շումմերաակադական ստորգետնյա թագավորության աստծո՝ Ներգալի անունը։ Հետևաբար Տորք Անգեղյա անվան մեջ միացել են երկու տարբեր դիցանուններ՝ Տորքի և Անգեղի, և Տորքը դարձել է կամ Անգեղ աստծո սերունդ՝ Անգեղյա, կամ Անգեղ աստծո տված պարգև (Տուրք անվանաձևի դեպքում):

2. Անգեղ տունը Հին Ծոփքում (Վանա լճից դեպի արևմուտք) գավառ էր և նախարարություն։ Այդտեղ հնում, հավանաբար, տարածված է եղել Անգեղ աստծո պաշտամունքը։

Խորենացին հաղորդում է, որ ջրհեղեղի ժամանակ, երբ Քսիսութրիոսը (Նոյ) նավարկում է դեպի Հայաստան և հանդիպում է ցամաքի, նրա որդիներից մեկը՝ Սեմ անունով, գնում է դեպի հյուսիս-արևմուտք՝ երկիրը դիտելու։ Նա դուրս է գալիս մի երկայնանիստ լեռան մոտ գտնվող փոքր դաշտ, որի միջով գետ էր հոսում դեպի Ասորեստանի կողմերը։ Այս գետի մոտ նա կանգ է առնում և մնում մոտ երկու ամիս։ Այդ լեռը նա իր անունով կոչում է Սիմ և նորից վերադաոնում իր եկած տեղը։

Իսկ Սեմի կրտսեր որդիներից մեկը, որի անունը Տարբան էր, բաժանվում է հորից և իր երեսուն որդիներով ու տասնհինգ դուստրերով ու նրանց ամուսիններով բնակություն է հաստատում այդ գետի ափին։ Տարբանի անունով այդ գավառը կոչվում է Տարոն, իսկ այն տեղը, ուր բնակվել էր Տարբանը, կոչվում է Ցրոնք, այսինքն թե՝ այստեղից առաջին անգամ Սեմի որդին ու թոռները ցրվեցին, բաժանվեցին նրանից։

Տարոնի կամ Մշո տեղանունները ստուգաբանող այս վաղեմի ավանդությունը կապվում է ջրհեղեղի առասպելին, այսինքն՝ հետջրհեղեղյա ժամանակաշրջանում Հայաստանի առաջին բնակիչների առասպելաբանական պատմությանը և վկայում Տարբան-Տարաւն-Տարոն անվան խոր հնության և դիցական ծագման մասին։

[էջ 57]

Մի անգամ Պոնտոս ծովի1 ափին Տորքը հանդիպում է թշնամու նավերի. հարձակվում է նավերի վրա, ուզում է խորտակել, բայց նավերն արագ հեռանում են ծովի խորքերը։ Տեսնելով, որ դրանց չի կարող հասնել, Տորքը ծովափին եղած լեռներից բլրաչափ ժայռեր է տոկում և նետում նավերի հետևից. Նետած ժայռերից ծովում խիստ ալեկոծություն է բարձրանում, նավերից շատերը ընկղմվում են ծովի հատակը, խորտակվում, իսկ մնացածներն էլ, ճեղքված ջրերի ալեբախումից, բազում մղոններ հետ են մղվում։

-----------------------------

1 Սև ծով:

 

Նախորդ էջԲովանդակություն  | Հաջորդ էջ
Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր՝ Երևան, «Արևիկ», 1987թ.:
Տրամադրեց՝ Միքայել Յալանուզյանը

Տես նաև

Սասունցի Դավիթ

Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice