ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian

Եղիշե Չարենց

ԵՐԿԵՐ


Նախորդ էջԲովանդակություն  | Հաջորդ էջ

1913-1916 — «ՀՐՈ ԵՐԿԻՐ» ԳՐՔԻՑ

[ էջ 9 ]

* * *

Երազում եմ այն Երկիրը հեռավոր,
Ուր մարմինը, սեգ մարմինը ու հոգին՝
Աննյութացա՜ծ ու նյութացա՜ծ, լուսավոր՝
Ողջակիզվեն Արևի մեջ, քույր իմ, կին:

Ու միանա՜ն սեգ մարմի՜նը ու հոգի՜ն...
Ու չլինի՜, ու չլինի՜ դու ու ես:
Աննյութացած — դու մարմնանաս — ու կրկին
Հրա՛շք դառնաս՝ անդունդները արևես...

Եվ երբ կանչեմ — դու գրկիս մեջ արևից
Ու տարփանքի՜ց, տառապանքի՜ց շիկացած —
Գրկես թևե՜րս մանկական ու անբիծ —
Ախ, կի՜ն — ցնորք, քո՜ւյր, Շամիրամ ու Աստվա՜ծ:

* * *

Ու իրիկնային
Ոսկի մշուշում
Քո կորած ու հին
Երկիրդ եմ հիշում...

Հիշում եմ կապույտ
Դղյակները քո,
Հիշում եմ մի սուտ,
Կապո՜ւյտ երեկո...

[ էջ 10 ]

Ու իրիկնային
Շշուկը հասկի —
Երբ վառվում էին
Աստղերը ոսկի...

Տո՜ն էր, տոնակա՜ն
Զոհերի հանդես —
Բայց ինչո՞ւ այնքան
Տրտում էի ես...

* * *

...Ու կապտագույն, ու երկնագույն քողերի մեջ երևացիր:
Չեմ մոռացել քո մազերի հրո՜տ, անշե՜ջ
Խուրձի վրա՝ ճերմակ պսակդ ձյունաձիր...
Չե՜մ մոռացել, որ աչքերիդ իրիկնային հրդեհներում
Երևում էր ադամանդե՜, սառցայի՜ն, հի՜ն
Լուսնաշխարհի անկի՜րք, լուսե՜ղ, ձյունո՜տ հեռուն...
...Ու մոտեցար, շրթունքներով շամշո՜տ1, հրոտ— համբուրեցի՛ր:
Բայց շրթունքներս՝ շրթերիդ հրին կարոտ —
Համբուրեցին ճերմակ պսակդ ձյունաձիր...

* * *

Ու լալիս էիր —
Դո՞ւ էիր, թե ես...
Ու մազերդ հի՜ր2
Մարեցին կարծես...

Ես կանչում էի
Մշուշում, մուժում.
Ու չգիտեի —
Ի՞նչ էի ուզում...

----------------------------

1 շամշոտ, շամբշոտ — ցանկասեր, կրքոտ
2 հիր — ծիրանագույն, կարմրավուն դեղին, երկնագույն կապույտ

[ էջ 11 ]

* * *

Բայց մոտեցար ու փարվեցիր—
Կրկի՛ն, կրկի՛ն:
Մեկը ճչաց. — «Անցի՛ր, անցի՛ր
Լուսնաշխարհի դաշտերը, կին...»:

«Անցիր, անցիր...»:
...Ու ոռնում էր լուսնի դեմքին դուրսը մի շուն:
Եվ զգացի՛, որ արնաբույր, արնոտ մուժում1
Բռնկվե՜լ է ճերմակ պսակդ ձյունաձիր...

* * *

Ու մոտեցար, ու ձեռքերդ կարմի՜ր, հրո՜տ
Դրիր սրտիս:
Սիրտս ճչաց, հրդեւներիդ լույսի՛ն կարոտ —
Ճչաց — ցրտի՛ց...
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
...Ու հիշո՜ւմ եմ, որ — ես երկա՜ր, երկա՜ր
Կանչում էի Քեզ:
Դու ինձ մոտ էիր: Արնոտ, խելագար...
Մենակ էի ես...

* * *

Օ, այն չէ՜ր, այն չէ՜ր —
Երկիրը Հրի...
— Մահի՜, ոճիրի՜
Արնաբույր գիշեր:

Օ, այն չէ՜ր, այն չէ՜ր:
Ու, ցուրտ էր այնքան...
Ձեռքեր արնաքամ...
Հուսահատ կանչեր...

------------------------------

1 մուժ — մառախուղ, մեգ, մշուշ

[ էջ 12 ]

Ու սուտ հեռևում
Երկիրը Հրի
Լեգենդ էր թվում
Մահի՜, ոճիրի՜...

* * *

...Եվ երբ դադարեց հեծկլտանքը քո—
Մարած աչքերով նստեցիր ինձ մոտ:
Իջել էր մի սո՜ւտ ու մո՜ւթ երեկո:
Իջել էր մի սո՜ւտ ու մո՜ւթ առավոտ:

Եվ երբ նայեցիր աչքերով մեռած
Տրտում, հոգևար1, կծկված հոգուս —
Հասկացա՜ հանկարծ, որ թե մութ, թե լույս՝
Երկո՜ւսն էլ չկան, երկուսն էլ — երազ...

Ո՛չ մութ կար, ո՛չ լույս: Ո՛չ հրդեւ, ո՛չ ձյուն:
Մշուշում միայն, մեր հոգու վրա
Թևերն էր փռել մի անտես թռչուն
Ու դողո՛ւմ էին թևերը նրա...

* * *

Ես ի՞նչ անեի, քույր իմ, երբ չկար
Այլևս ոչինչ.
Ո՛չ կապույտ հոգուս թևը խելագար,
Ո՛չ կույս աչքերիդ ձյունը ամոքիչ:

Ձեռքերդ՝ նիհա՜ր, դալկացա՜ծ, ծարա՜վ,
Պարզել էիր դու —
Ո՞վ գիտե, արդյոք Հյուսի՞ս, թե Հարավ,
Թե՞ — դեպի ստվերն Արևի— հոգու...

---------------------------

1 հոգևար — հոգին ավանդող, հոգևարքի վիճակում գտնվող

[ էջ 13 ]

Ես ի՞նչ անեի, ի՞նչ աներ հոգիս,
Որ կանչում էր Քե՜զ —
Ու Քո հո՜ւշ դարձած երազը մոգիչ1,
Երազը ձյունե, երազն — արևկե՜զ...

* * *

Քո՛ւյր, գուցե՜ չըկանք...
Գուցե մեկը, — ո՞վ —
Երազել է մեզ
Անլույս գիշերով...

Թվում էր հոգուս,
Թե երկուս ենք մենք,
Բայց, նայի՛ր, հիմա
Դարձել ենք — երեք...

Երկուսս էլ հիմա
Կանչում ենք նրան —
Փնտրելով կորած
Ուղիները Տան:

Կամուրջներ չկան:
Իսկ գետը — վարար:
— Փնտրելով նրան,
Փնտրում ենք իրար...

---------------------------

1 մոգիչ — մոգող, հմայող, թովիչ, դյութող

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր՝ "tabadam" publishing house
Տրամադրել է՝ Poghos Poghosyan
Scanned: Poghos Poghosyan
OCR: Poghos Poghosyan
Ուղղագրում՝ Poghos Poghosyan

Տես նաև
Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice