ԵՐԿԵՐ
1915 — ՏԵՍԻԼԱԺԱՄԵՐ
[ էջ 14 ]
* * *
Մի լուսե աղջիկ, լուսե մի մեռել
Օրերի միգում երևում է ինձ:
Թարթում են միգում կրակները դեռ,
Ու կարոտը հին խեղդում է նորից:
Անցնում է, որպես անմարմին տեսիլ
Ու նորից միգում երևում է նա:
Ու նորից չկա: Ու նորից գիշեր —
Փողոցի վրա ու հոգուս վրա:
Կրակներ, ջահեր: Անցնում են նրանք,
Կանչում են նրանք, ակնարկում են ինձ:
Կանգնում են թարթող կրակների տակ,
Ներկած աչքերով կանչում են նորից:
Ու լուռ է հոգիս: Ու մենակ եմ ես:
Երազուն, տխուր: Հավատում եմ դեռ:
Ու անցնում է նա — անմարմին, անտես,—
Մի լուսե աղջիկ, մի լուսե մեռել:
* * *
Ես նստում էի անմարդ բուլվարում՝
Աշնան արևի համբույրին գերի:
Խմում էր հոգիս երկնքի հեռուն,
Լսում էր հոգիս երգը գանգերի:
[ էջ 15 ]
Ու անթա՜րթ, անթա՜րթ նայում էի ես
Անսահման, անծիր երկնքի հեռուն:
Ու թաց աչքերով տեսնում էի քեզ —
Հավիտենության կապույտ դաշտերում:
Եվ երբ երեկոն մեռնում էր բոցում
Ու իջնում էր պարզ, աստղազարդ գիշեր —
Կապույտ ջրերի հեռու զնգոցում
Ես լսում էի քո շշուկը դեռ...
* * *
Եվ մի իրիկուն զանգերի երգում
Լսեցի վճիտ խոստումները քո:
Կարծես թե հոգիդ իրիկվա միգում
Կանչում էր անտես... Խաղա՜ղ երեկո:
Ու ղողանջները կապույտում անծայր
Թիթեռի նման ճախրում էին դեռ —
Երբ հեռուներում զնգալով անցար,
Որպես մի ղողանջ, մի լուսե թիթեռ...
Անցար — լուսավո՜ր, հեռավո՜ր, թեթև՜,
Ճառագայթի պես իրիկնամուտի:
Իսկ սիրտս՝ տխուր, հոգնաբեկ, անթև,
Խմում էր իջնող տագնապը մութի...
* * *
Հոգուս մեջ իջել ու փռվել էր մի
Հիվանդոտ, հիվանդ տխրության հանգիստ:
Հաշտվել էի ու լռել էի:
Ու լուռ էր հոգիս՝ լուռ ու լռանիստ:
Եվ մեկը հանկարծ խնդաց խավարում —
Դուրսը, դաշտերի մենակության մեջ:
Մեկը դաշտերում տագնապ էր փռում —
Ու մութ սենյակում հսկում էի ես:
[ էջ 16 ]
Դուրսը, դաշտերում, քրքջում էր քամին:
Ճչում էր հոգիս՝ հիվանդ ու տկար:
Ստվերները լուռ օրորվում էին:
Ու լուռ էի ես: Չկայիր: Չեկար:
ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ
Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր:
Երկինքներ, որպես երազներ հոգու:
Երկինքներ, որպես մանկական աչեր:
Մենակ էի ես: Ինձ հետ էիր դու:
Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կարոտը այն հին, աստղայի՜ն, անբո՜ւն:
Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին:
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն,
Խառնելով հոգիս աստղային մութին...
* * *
Եվ մի առավոտ, մշուշ էր ու մեգ,—
Մոռացել էի ու չէի հիշում —
Երբ եկար հանկարծ՝ տխուր, հուսաբեկ,
Հովի պես անցար, անունդ — Աշուն...
Անցնում էիր դու անմարդ պուրակում
Եվ ընկնում էին քո ոտների տակ
Տերևներ, թերթեր՝ դեղին, ոսկեգույն,
Մոռացված միգում, որպես հիշատակ:
[ էջ 17 ]
Լո՜ւռ ընկնում էին տերևները վար,
Ու ծածկում էին ճանապարհը, քեզ:
Ու ցուրտ պուրակում, մենակ, հոգևար
Մեռնում էր հոգիս ու լուռ էի ես...
* * *
Հիմա չգիտեմ, մոռացել եմ ես
Ճամփաները քո: Մշուշ ու թախիծ:
Մոռացել եմ ես, մոռացել է քեզ
Օրերի միգում կուրացած հոգիս:
Անցնում են, հոսում օրերը անծայր:
Ճամփորդների պես գնում են հեռու:
Հիշում եմ միայն, որ մի օր անցար
Օրերիս նման — ու ետ չես գալու:
Եվ գուցե մի օր, մի վերջին գիշեր,
Երբ վերջին միգում աչքերս մարին —
Արթնանա հանկարծ անիմաստ մի սեր
Ու աստղը ժպտա մոխրացած քարին...
| Լրացուցիչ տեղեկություններ |
| Աղբյուր՝
"tabadam" publishing house |
| Տես նաև |