ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian

Եղիշե Չարենց

ԵՐԿԵՐ


Նախորդ էջԲովանդակություն  | Հաջորդ էջ

1921 — ՈՒԹՆՅԱԿՆԵՐ ԱՐԵՎԻՆ

[ էջ 57 ]

* * *

Նետե՜լ է երկաթե մի ձեռք
Դեպի վեր ոսկի մի ծնծղա1.
Բռնկվել է ոսկի ծնծղան,
Դարձել է արնածոր մի վերք։
Վառվել է երկնքում հակինթ
Ու ծորում է արյունը յուր կեզ,—
Զոհվե՜լ է երկնքում վճիտ.—
Ինչքան լա՜վ է հատնումը հրկեզ.

* * *

Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,
Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
Մոխրացի՛ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա, —
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։

* * *

Տեսնում եմ՝ արևի վրա
Վրնջում են ձիեր ոսկենալ,
Մերկացել են աղջիկները խելառ,
Ու ծծում են շրթերը նրա։

--------------------------------

1 ծնծղա — հարվածային երաժշտական գործիք, փխբ. գովասանք, փառաբանություն:

[ էջ 58 ]

Բորբոքվել են շրթերը շոգ,
Համբուրում, բուրում են կեզ,
Վախենում են — մնան անշող.—
— Ախ, այնպե՛ս ուզում եմ — քեզ։

* * *

Բորբ մի աղջիկ զարկեց ձեռքով իր բոց կոնքին
Ու վերևից խնդաց զվարթ ու ոսկեձայն.—
Հազար վարդեր կրակվեցին շուրջը, կողքին,
Հազար խաշխաշ1, ու գարնան օր, ու ծիածան։
Քաղցր ծփաց հեշտանք ու տապ, թույն ու գրգիռ
Դաշտերը խաս ծաղիկներով ծփծփացին.—
Աշխարհը — ալ, նարնջագույն, վառքը — կարմիր,
Ողջը — հրա՜շք ու խնդությո՜ւն արեգնածին...

----------------------------------------

1 խաշխաշ — կակաչ. փխբ. կակաչի նման կարմիր, կարմրագեղ:

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր՝ «Լույս» հրատարակչություն, Երևան 1985
Տրամադրել է՝ Միքայել Յալանուզյանը

Տես նաև
Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice