ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian

Եղիշե Չարենց

ԵՐԿԵՐ


Նախորդ էջԲովանդակություն  | Հաջորդ էջ

1911-1912 — ԽԱՌՆ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

[ էջ 59 ]

* * *

Գիշերը ամբողջ հիվանդ, խելագար,
Ես երազեցի արևի մասին։
Շուրջս ո՛չ մի ձայն ու շշուկ չկար —
Գունատ էր շուրջս՝ գիշեր ու լուսին:

Ես երազեցի արևի ոսկին,
Տենչացի նրա հրաշքը խնդուն՝
Ուզեցի սիրել շշուկն իմաստուն
Արևանման, արնավառ խոսքի,—

Բայց շուրջս այնպես գունատ էր, տկար —
Խոսքեր չկային ու արև չկար...

ՇԱՄԻՐԱՄ

Իրիկնային փողոցում ես տեսա նրան։
Նա — սևաչյա պչրուհի1, գուցե — Շամիրամ։

Եվ ինձ տվեց հինավուրց հուռութները2 նա,
Երկու համբույր — փողոցում, մայթերի վրա:

----------------------------------

1 պչրուհի — պչրասեր կին. պչրանք — զարդարանք, հարդարվելու զարդեր. փխբ. զարդ, գեղեցկություն:
2 հուռութ — հմայություն, հմայանք, կախարդություն. սնոտ. հմայությամբ չար աչքից՝ փորձանքից ևն. պահպանող իր, որ մարդիկ կրում են իրենց վրա, համայիլ:

[ էջ 60 ]

Եվ հմայեց ու տարավ նա դղյակը հին։
Լապտերները ժպտալով ճանապարհ դրին։

Եվ, չնայած որ անթիվ դարեր են անցել՝
Նո՛ւյնն է երազը նրա, լոկ մարմինն է — ծեր։

Նո՛ւյնն է խոսքը, կարծես նոր տրվող աղջկա,—
Միայն մարած աչքերում էլ հրդեհ չկա։

* * *

Երգում է քաղաքն իր երգն առօրյա,
Իսկ ես — մտածկոտ, տրտում ու լռին —
Կանգնել եմ ահա կամուրջի վրա
Եվ նայում եմ հորդ, հեռացող ջրին։
Նայում եմ տարված, մոռացված, անթարթ։
Վազում են, վազում ջրերը անվերջ։
Փրփուրի միջից ահա մի նայադ1
Ինձ ձեռքով արավ և իր մոտ կանչեց։
Որպես մանկական կապույտ երազում—
Խառնվեց ահա ճերմակ փրփուրին.
Եվ թվում է, թե կամուրջն է վազում,
Որ հասնի անդարձ հեռացող ջրին...

* * *

Գիտեմ, որ մի օր կմեռնեմ ես էլ
Ու կվերջանա իմ կյանքի ուղին։
Մոռացած բոլոր երգերս լուսե՝
Կհանձնեն ինձ էլ արգավանդ հողին։

Արևը նորից անհոգ կխնդա՝
Փռելով չորս դին լուսավոր գանձեր։
Եվ մայրս անգամ էլ չի՛ հավատա,
Որ եղել եմ ես, ապրել ու անցել։

----------------------------------

1 նայադ դից. հոսող ջրերի հավերժահարս. գետային ջրահարս:

[ էջ 61 ]

Եվ գերեզմանս երբ փակվի ինձ հետ—
Մեղքս կմոռնան, սիրո խոսք կասեն,—
Եվ անցած կյանքս կդառնա լեգենդ՝
Օրերիս նման անդարձ ու վսեմ...

* * *

ՊՈԵՏ

Ինձ համար չարը դառնում է բարի,
Անգույն առօրյան — մոգական երազ.
Սիրում եմ բոլոր գույներն աշխարհի՝
Երկնային հեռուն ու աստղերն անհաս։

Եվ շրջիկների երգերը անհոգ,
Վազքը կառքերի, փողոցի ուղին —
Դառնում են հանկարծ հեռավոր ցնորք,
Որ երազել է պոետի հոգին։

Երբ համբուրում եմ շրթերը կնոջ,
Շրթեր, որ հազար մարդ է համբուրել —
Հավատում եմ ես, որ նրանք քրոջ
Շրթունքներ են կույս — ու մաքուր են դեռ։

Ո՞վ կհասկանա պոետի ուղին...
Երբ փողոցներում թափառում է նա —
Նրա թևավոր, աստղային հոգին
Ճախրում է հեռու աստղերի վրա։

Ո՞վ կհասկանա, թե ինչո՞ւ է նա
Համբուրում նեխած շրթերը կնոջ,
Երբ նույն վայրկյանին աղոթում է նա
Ստվերի առաջ հեռավոր քրոջ։

Ո՞վ նրա տրտում երգը կլսի,
Երգը խելագար, կամ ցնդած մարդու։
Բայց նա մեռնելիս կժպտա, կասի.
— Օրհնությո՜ւն քեզ, կյանք։ Հրա՜շք էիր դո՛ւ...

[ էջ 62 ]

* * *

ՊԱՏԱՀԱԿԱՆ ԱՆՑՈՐԴԻՆ

Մենք երկո՛ւսս էլ, մենք երկո՛ւսս էլ անվերադարձ աշխարհում
Ապրում ենք, կանք, գնում ենք — ո՞ւր, միևնո՛ւյնն է մեր հեռուն:

Կանգնիր, անցորդ։ Կանգնիր։ Նայենք։ Նայենք իրար — գուցե՜ մենք
Հանկարծ ժպտանք՝ չճանաչված մի բարեկամ ճանաչենք:

Կանգնի՛ր, կանգնի՛ր, ո՞ւր ես վազում, ո՞ւր ես գնում դու արագ,
Աչքերիս մեջ գուցե գտնես ոսկե՛ ժպիտ մի կրակ։

Դու ուրախ չե՞ս, որ ապրում ենք— ու հանդիպել ենք իրար,
Ո՞ւր ես անցնում անվերադարձ, որպես անդարձ ճանապարհ…

Ե՛ս էլ կանցնեմ — տրտում, մենակ,— ու կգնամ իմ անծայր
Երազ-ճամփան, որով դու էլ այս իրիկուն կո՜ւյր անցար:

Դու կույր անցար, չնայեցիր ու հեռացար մշուշում.
Բայց ես երկա՜ր քո անծանոթ, օտար դեմքը կհիշեմ։

Կհիշեմ, որ դեգերումիս ճանապարհին, որպես հուշ,
Մեկը անցավ, իրիկուն էր. իրակուն էր ու մշուշ...

* * *

ԱՐՏԻՍՏԸ
(Պ. Ադամյանի հիշատակին)

«Իմ հոգին — որպես լույսերի տաճար
Իմ հոգին — որպես երազի խորան1.
Բոցերի նման թե Բարի, թե Չար
Խանձեցի հոգիս — Արվեստի՜ համար...

---------------------------------

1 խորան — տաճար, եկեղեցի, տաճարի բեմ՝ սեղան՝ պատարագ մատուցելու համար, փոքրիկ վանք, մատուռ. (փխբ.) բնստ. մարդու ներաշխարհը, հոգու խորքը:

[ էջ 63 ]

Իմ արքայական երակների մեջ
Հոսում էր արյունն Համլետի, Լիրի.
Ես — հազարանուն, ես — թռիչք ու վեճ,
Ես — աստվածային խարո՜ւյկ կրքերի...

Երբ տրտմությունս էր մի գիշեր հոսում,
Երևաց տեսիլն Արվեստի՜ — իմ Հոր...
Եվ փնտրումների լաբիրինթոսում
Հեծկլտա՜ց հոգիս՝ երկընքի՜ պես խոր...

Խելագարության մղձավանջի մեջ
Ես արքայական Մավրի դղյակում
Խանձեցի՜ հոգիս, որի հուրն անշեջ
Եղավ ինձ համար, մարդի՛կ, ամոքո՛ւմ...

Եվ ես խելագա՛ր, երկնեցի՜ միայն,
Դեզդեմոնային — Արվեստի՜ն ծարավ...
— Ամբոխը, սակայն Յագոյի նման,
Իմ խաչվա՜ծ հոգին գերեզմա՜ն տարավ»...

* * *

ՀԵՌԱՑՈՒՄԻ ԽՈՍՔԵՐ

Իմ աչքերի մեջ այնքա՜ն կրակներ եմ մարել ես
Եվ հոգուս մեջ, հուսահատ, այնքա՜ն աստղեր եմ մարել։
Կյանքս, որ հուշ է դարձել, հեռանալիս չանիծես.
Կյանքս կանցնի, կմարի — բայց երգս կա, կապրի դեռ։

Կյանքս կանցնի, կմարի, որպես կրակ ճահիճում՝
Աննպատակ ու տարտամ, անմխիթար ու անբույս։
Երգերիս մեջ — դու գիտե՞ս — ինձ ոչ-ոք չի ճանաչում
Կարծես ուրի՜շն է երգում կապույտ կարոտը հոգուս։

Հավիտյան գոց ու անխոս՝ թափառել եմ ու լռել.
Ոչ-ոք, ոչ-ո՛ք չգիտե՝ արդյոք ի՞նչ է կյանքս, ես.
Միայն գիտեն, որ կյանքում ինչ-որ երգեր եմ գրել,
Ինչպես գիտեմ, որ դու կաս, որ սիրում է մեկը քեզ։

[ էջ 64 ]

Ես երգել եմ քո հոգին, քո ժպիտը լուսավոր,
Քո աչքերի, քո դեմքի տխրությունը սրբազան.
Կյանքս թողած անհունում — ես երգել եմ սերը խոր
Ու կարոտը թևերիս, որ երբե՛ք քեզ չհասան...

Մոտենում է, քո՛ւյր իմ, ա՛խ, իրիկունս միգամած.
Ես ի՞նչ անեմ, որ տգիս չհեծկլտա կարոտից.
Ինչպե՞ս, ինչպե՞ս ընդունեմ կյանքիս բաժակը քամած.
Որ ձեռքերս չդողան, որ օրերս ներե՛ն ինձ։

Գուցե՛ հանկարծ կասկածեմ, չհավատամ ինքս, ես,
Ու սուտ թվա իմ հոգուն քո կարոտը սրբազան...
— Ի՜նչ էլ լինի, քո՛ւյր իմ, քո՜ւյր, հեռանալիս չանիծե՜ս
Խե՛ղճ կարոտը թևերիս, որ երբե՜ք քեզ չհասան...

* * *

ՏԱՂ ԱՆՁՆԱԿԱՆ

Թողած Կարսում, գետի ափին, տունս՝ շինած անտաշ քարով
Կարսը թողած, Կարսի այգին ու հայրենի երկինքը մով
Եվ Կարինե Քոթանճյանին անգամ չասած մնաս բարով…
Ա՜նց եմ կենում հիմա օտար քաղաքների ճանապարհով։

Անց եմ կենում, շուրջս — մարդիկ, շուրջս դեմքեր հազա՜ր-հազա՜ր.
Շուրջս աշխարհն է աղմկում, մարդկային կյանքն անհավասար.
Եվ ո՞վ կասի՝ ինչո՞ւ ես դու, և ո՞վ կասի, թե ո՞ւր հասար,—
Դեմքերը, ախ, բութ են այնպես՝ կարծես շինված են տապարով1։

Գորշ, տաղտկալի ու խելագար երգ է կարծես այս կյանքը մի.
Ինչ-որ մեկի սրտում բացված— վերք է կարծես այս կյանքը մի.
Եվ ո՞ւմ համար— էլ ո՞ւմ համար կարոտակեզ երգե հիմի
Սիրտս՝ լցված տարիների սեղմ արճիճով ու կապարով2։

-----------------------------

1 տապար — կացին:
2 կապար — դյուրահալ կապտամոխրագույն մետաղ, արճիճ, փխբ. (բնստ.) գնդակ:

[ էջ 65 ]

Բայց շուրջս թող որքան կուզե աշխարհը այս խնդա, ցնդի—
Ես — հաշմանդամ ու խելագար ու հավիտյա՜ն վտարանդի
Դեպի երկի՜նք պիտի գնամ, դեպի եզերքը Ամենտի—
Իմ բա՜րձր, հին ու աստղային երազների ճանապարհով...

Ու էլ ամե՛ն մեղքի համար սիրտս հիմա ունի ներում.
Պիտի անդարձ ես հեռանամ, պիտի գնամ՝ ա՛չքս է հեռուն.
Թե Կարինե Քոթանճյանին տեսնեք Կարսի փողոցներում—
Ասե՛ք նրան՝ Չարենցն ասավ — մնաս բարո՜վ, մնաս բարո՜վ...

* * *

Ոսկեփրփուր, ոսկեպուրպուր,
Փռեմ չորս դին, թափեմ բուռ-բուռ,
Երգերը իմ հրահրան.
Երգով խնդամ թող բոլորին,
Որ մեռնելիս զգամ, որ իմ
Օրերն անցան ու չկորան։

ԱՇՆԱՆԱՅԻՆ

1

Արևն արծաթել է ամպերը թիթեղ.
Լույսից սփրթնել են ամպերը տեղ-տեղ։

Դանդաղ բարձրանում է արևն արծաթե —
Սառցի պես հալչում է երկինքը կաթե։

Ու պաղ հիացքով մի, կարծես թե իզուր,
Սահում են լույսերը սարսուռ առ սարսուռ։

2

Աշունը թափում է թերթերս հիմա,
Ու թոնը թրջում է արտերս հիմա։

[ էջ 66 ]

Օ, սի՜րտ իմ, դու լուռ ես ու երգդ տխո՜ւր է.
Բոլո՜ր իմ հույսերը ջարդել ես հիմա։

Գարնա՛ն պես, ծաղկանց պես անցել է քո հուրը,
Ու հովը թաղում է վարդերս հիմա...

ԱՆՔՆՈՒԹՅՈՒՆ

Դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են ձիերը,
Մթի մեջ դոփում են, խփում են պայտերը,
Պայտերը խփում են, խփում են հողին.—
Անծա՜յր է գիշերը, անհայտ է ուղին։
Գնո՜ւմ են, գնո՜ւմ են, գնո՜ւմ են ձիերը,
Մոտիկ են, հեռու են, դոփում են պայտերը,
Պայտերը դոփում են քունքի՛ս մեջ հիմա.—
Անհա՜յտ է աշխարհը՝ անցնում է ու մահ...

* * *

Աղմկում է իմ սրտում ամեն գիշեր մի կարոտ,
Աղմկում է որպես խուլ ու հեռավոր մի քամի,
Աղմկում է մինչև լույս, գանգատվում է վարանոտ
Ու ժամերն է հաշվում իմ, վայրկյանները մի առ մի։

Գիշերի մեջ լռանիստ աղմկում է անորոշ,
Խո՜ւլ ծփում է իմ սրտում, և ուղեղում, և հոգում.
Ու թվում է, թե նրա երգը ուրի՜շ, մի՛ ուրի՜շ
Աշխարհից է մոտենում հեռուներին իմ հոգու։

Զարթնում է մեջս հանկարծ հազարամյա մի քաոս,
Ծփում է հորդ, տարուբեր, օվկիանի պես վարար,
Ժամանակի պես անդեմ, մշտահոլով, մշտահոս,
Զառանցանքի պես շփոթ, ու անհաստատ, ու խավար։

[ էջ 67 ]

Հնչում է մերթ, որպես երգ անծայրածիր մշուշում,
Հիվանդ մանկան պես անօգ՝ մերթ գանգատվում է կամաց,
Ու ոռնում է մերթ տխուր, հուսակտուր, որպես շուն՝
Լուռ, լուսնկա ու անդորր գիշերի մեջ միգամած։

Եվ լսում է իմ հոգին երգը այդ մութ քաոսի,
Շփոթ աղմուկը նրա, ոռնոցները կատաղի.—
Եվ ես գիտեմ, որ այդպես պիտի իմ կյանքը հոսի
Մինչև մարի հավերժի օվկիանի մեջ աղի...

* * *

Խավար է, գիշեր է։ Մթում սպասում եմ։
Սենյակս անլույս է ու լուռ է գիշերը։
Գիշերը մթի մեջ հոսում ու խոսում է.
Կասկածը ու ահը իմ սիրտը մաշել են։

Լռել եմ։ Լսում եմ։ Անծա՜յր է գիշերը։
Իսկ մութը մանվում է, մանվում է, մանվում է։
Իսկ սիրտս բոլո՜ր այն ահերը հիշել է.
Ահով ու մահով, ախ, լցվել է իմ տունը։

Պոկում են ծերպերը։ Մթում քրթմնջում են։
Անտես փսփսում են — ու սիրտս լսում է։
Գաղտնիք է ու ահ է ամեն մի հնչյունը—
Մահո՜ւ պես դժվար է անլույս սպասումը...

* * *

Հիմա հիշում եմ բոլոր օրերս հին ու անցած,
Լուսազարդ ու թևավոր օրերս հին ու անցած։

Եվ թվում է, թե նոքա կարկաչելով պիտի գան—
Մանուկների նման հուր — օրերս հին ու անցած։

Բայց գալիս են նոքա լո՜ւռ, ու հոգնաբեկ, ու տխուր,
Անցորդների պես մոլոր — օրերս հին ու անցած։

[ էջ 68 ]

Պանդուխտների նման այն, որ հեռացել են վաղուց —
Տուն են դառնում նորից նոր — օրերս հին ու անցած։

Եվ նստում են, հոգնաբեկ, ահա սրտիս վրա ծեր
Ու հորանջում են տխուր — օրերս հին ու անցած։

Եվ չեն կանչում ոչ-ոքի. մտորում են ու լռում.—
Քո՜ւն են փնտրում ու անդորր — օրերս հին ու անցած։

ՄՈՐՍ ՀԱՄԱՐ ԳԱԶԵԼ

Հիշում եմ դեմքը քո ծեր, մայր իմ անուշ ու անգին,
Լույս խորշոմներ ու գծեր, մայր իմ անուշ ու անգին։

Ահա նստած ես տան դեմ ու կանաչած թթենին
Դեմքիդ ստվեր է գցել, մայր իմ անուշ ու անգին։

Նստել ես լուռ ու տխուր, հին օրերն ես հիշում այն,
Որ եկել են ու անցել, մայր իմ անուշ ու անգին։

Եվ հիշում ես քո որդուն, որ հեռացել է վաղուց,—
Ո՞ւր է արդյոք հեռացել, մայր իմ անուշ ու անգին:

Ո՞ւր է արդյոք հիմա նա, ո՞ղջ է արդյոք, թե մեռած,
Եվ ի՞նչ դռներ է ծեծել, մայր իմ անուշ ու անգին։

Եվ երբ հոգնած է եղել, և երբ խաբվել է սիրուց —
Ո՞ւմ գրկում է հեծեծել, մայր իմ անուշ ու անգին։

Մտորում ես դու տխուր և օրրում է թթենին
Տխրությունը քո անծիր, մայր իմ անուշ ու անգին։

Եվ արցունքներ դառնաղի ահա ընկնում են մեկ-մեկ
Քո ձեռքերի վրա ծեր, մա՜յր իմ անուշ ու անգին...

[ էջ 69 ]

ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

I

Վահան Տերյան, ինչպե՞ս երգեմ հիշատակը քո,
Թող լուռ փռվի հիմա իմ դեմ անլույս երեկո։
Սրտիս վրա իջնի թող մութ մի ամպի քուլա,
Քամին բերե թող մահվան բոթ ու անձրևը լա։
Եվ թող թափվեն շուրջս աշնան տերևներ դեղին
Եվ զարդարեն, Վահան Տերյան, քո անցած ուղին
Ու մշուշում տխո՜ւր երգով բյուրավոր զանգեր
Թող օրհներգեն թախիծը քո, իմ հեռու ընկեր...

II

Դու արդեն հեռացել ես, աշխարհում էլ չկաս դու,
Ու լռել է երգը քո արդեն հիմա,
Բայց զգում է սիրտս, որ նորի՜ց կգաս դու,
Երբ իջնի գիշերը ու անձրևը լա։

Երբ իջնի գիշերը ու անցած հուշերը,
Անցածի փշերը դառնորեն խոցեն—
Ո՜րբ, մենակ կգաս դու և կերգես քո սերը,
Որ վերջի՜ն մեր սերն է աշխարհում գուցե։

Որբ, մենակ կգաս դու և նորից քո երգը
Կվառե սրտում մեր կարոտանք ու սեր.
Անարև սրտում մեր կվառե քո երգը
Երազներ անմար ու ցնորքներ լուսե։

Եվ նորից կզգանք, որ մեր սրտին դու մո՜տ ես,
Մորմոքող հրի՛ պես մեր հիվանդ արյան,
Որ լուսե երգին քո մեր հոգին կարոտ է,
Օ, հեռու ընկեր իմ, օ, Վահան Տերյան...

[ էջ 70 ]

III

Դու — լուսե, անցար ու չկաս։
Դու — թեթե, անմարմին, անծիր։
Դու ուրի՛շ խնդության երազ։

Դու սրտում մեր ընդմիշտ վառեցիր
Կրակներ անմար ու թաքուն։
Փռեցիր լուսավոր գանձեր։

Եվ երբե՛ք, երբեք չի աղոտի
Քո կանթեղը խավար մեր հոգում —
Քո կանթեղը — հեռո՜ւ կարոտի։

ՄԱՀՎԱՆ ՏԵՍԻԼ

Որպես լքված թավջութակի ձգված մի լար՝
Դողում է սիրտս կարոտով մի ահարկու.
Կարոտներիս գագաթն է այն՝ վերջի՜ն քնար.—
Մի պիրկ պարան ու երկնուղեշ1 փայտեր երկու:
Որպես բախտիս մութ քամահրանքը, կամ որպես
Մի հին խոստում, որ անկատար, դրժած թողի —
Կախաղանի փայտերն ահա քաղաքի մեջ
Կանգնել են, սեգ, ու սպասում են կախվողի:
Կանգնել են, լուռ, իրար կքած, փայտեր երկու,
Ու մեջտեղում դողում է, մեղկ ու երերուն,
Մի գորշ պարան, ինչպես տխուր այս օրերում
Անբոց մորմոքը նաիրյան իմ ո՜րբ հոգու։
Իջել է շուրջը մի անդուր իրիկնաժամ,
Ու լռություն մի անստվեր, անդուռ, անդող,
Ինչպես մորմոքը օրերի, ինչպես դաժան

------------------------------

1 երկնուղեշ — դեպի երկինք ձգվող՝ բարձրացող ուղեշներով, բարձրուղեշ. փխբ. դեպի երկինք ձգվող, երկնաբերձ (ուղեշհին գրք. ճյուղ, ոստ):

[ էջ 71 ]

Մահվան թախիծը՝ իմ անլուր սիրտը բանտող։
Ու խանութները, գորշ կքած, ու այն մարդիկ,
Որ հավաքվել են փայտերի շուրջը հիմա,
Մահվան բեկուն այդ քնարին այդքան մոտիկ —
Ի՞նչ են ուզում՝ այդքան տխուր ու ակամա։
Եվ արդյոք ո՞վ է երազել այդքան դաժան —
Ու լուսավոր առավոտները իմ հոգու
Ո՞վ դարձրեց — մի անկրակ իրիկնաժամ,
Ու գորշ պարան, ու երկնուղեշ փայտե՛ր երկու։
Գուցե այդ ե՛ս եմ, որ սրտով իմ լուսնահար
Ո՛չ մի կրակ հեռուներից ձեզ չբերի,
Ու ցանկացա, որ չօրհներգե ո՛չ մի քնար
Լուսապսակ, պայծառ գալիքը Նաիրի...

Երթամ հիմա։ Ու կարոտով անմխիթար,
Իմ երգիչի երազներով ու թրերով,
Անհրապույր իմ օրերի երգով մթար1
Ու նաիրյան իմ երազի վերջին սիրով,—
Երթամ մարող ու մարմրող իրիկվա մեջ,
Որպես ուրու հալածական, որպես տեսիլ—
Տա՜մ պարանոցս կարոտին այն երկնուղեշ
Ու օրորվեմ՝ եղերական2 ու անբասիր...
Թող ո՛չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի,
Ուրիշ ոտքեր կախաղանին թող մո՛տ չգան.
Եվ թող տեսնեն ի՛մ աչքերի մեջ կախվածի,
Իմ բո՛րբ երկիր, լուսապսակ քո ապագան։
Թոդ դուրս ընկած իմ աչքերի մեջ կախվածի
Նոքա տեսնեն պայծառ օրերդ ապագա,—
Թող ո՛չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի,
Ո՛չ մի ստվեր կախաղանին թող մոտ չգա...

----------------------------------

1 մթար — կեղտ, կեղտոտություն. մութ, խավար, մռայլ. այստեղ՝ տխուր:
2 եղերական — սգալի, ողբալի, ողբերգական, եղեռնական:

[ էջ 72 ]

ԿԱՐՄԻՐ ՍՈՆԵՏ

Поэт всегда с людьми, когда шумит гроза
Брюсов

Որպես դաշույն՝ օրերի հնամենի պատյանից
Ելնում է, կարծր ու բոսոր, ու վառվում է ապագան.
Եվ չի մտնի նա հնի փոշոտ պատյանը նորից,
Ու չի թաղվի օրերում, որ վառվեցին ու չկան։

Ի՞նչ է ուզում էլ տաղտուկ հիմարությունը ձեր խեղճ
Եվ ձեր մեռնող աշխարհի տխրությունը հուսահատ.
Այն, որ օրերն ապրեցին և բանաստեղծը երգեց —
Չի՛ խորտակվի տագնապից ու սարսափից ձեր վհատ։

Իմաստուն է օրերի վայրագ նահանջը հիմա.
Ինչպես փոշոտ պատյանի բիրտ հեռացումը սրից—
Երբ ոսոխի հանդիպած՝ պիտի կռվես ակամա։—

Եվ ես, պոետ իմաստուն, ահա երգում եմ նորից.
Նահանջում են օրերն հետ, հեռանում են ու չկան—
Ու թռչում է երգս՝ նետ՝ դեպի վառվող Ապագան...

* * *

Ո՞վ կհանդիպի, ո՞վ կբարևի,
Ո՞ւմ հոգեհամբույր խոսքը կլսեմ։
Ո՞ւմ ուրախացած դեմքը կարևի՝
Բարեկամական հրճվանքով վսեմ։

Ո՞վ կհամբուրի, ո՞վ կհեկեկա,
Ո՞վ կդիանա անսուտ հրճվանքով։
Գուցե աշխարհում, դուրսը մեկը կա,
Որ ապրում է իմ անուրախ կյանքով։

[ էջ 73 ]

Գուցե իմ սրտում, երգերում իմ մութ,
Խոսքերում՝ ասված իմ հոգու մասին —
Հեռավոր մեկի անրջանքն եմ սուտ՝
Նետված աշխարհի անսուտ երազին։

Գուցե՝ ապրելով նրա երազում՝
Երգում եմ նրա տագնապները խոր—
Եվ թվում է ինձ աշխարհի մուժում,
Որ ի՛նձ եմ երգում, կյանքս մենավոր։—

— Ողջո՛ւյն քեզ, անհայտ, անծանոթ ընկեր,
Խաղաղությո՛ւն քեզ, հեռավոր եղբայր.
— Ողջո՜ւյն ձեզ, վաղվա չծնված կյանքեր։

— Ես՝ եղբայրորեն ու մտերմաբար՝
Ողջունում եմ ձեզ անցած խավարի
Իմաստուն, տխուր ժպիտով բարի...

 

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր՝ «Լույս» հրատարակչություն, Երևան 1985
Տրամադրել է՝ Միքայել Յալանուզյանը

Տես նաև
Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice