ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian

Եղիշե Չարենց

ԵՐԿԵՐ


Նախորդ էջԲովանդակություն  | Հաջորդ էջ

ՆԵՐԲՈՂՆԵՐ ՈՒ ԽՈՀԵՐ

[ էջ 326 ]

ԵՐԳ ՄԱՔԱՌՈՒՄԻ

«Իմ ոգին էր դա, որ երգում էր իր վերելքի երգը, իսկ այդ ծիծաղելի ասպետը կարծում էր, թե դա ե՛ս եմ երգում...»
ԷԴԳԱՐ ՊՈ

Вперед, мечта, мой верный вол!...
В. БРЮСОВ

I

Ինչպես ճամփորդ մի, որ խորդուբորդ
Ուղիներով է բարձրանում վեր,—
Այդպես ելել ես մի առավոտ
Եվ ընկել ուղի մի ահավոր,
Մի ուղի դժվար ու անչափ վե՛հ։

Տարել է ուղին քո խորդուբորդ
Քեզ դեպի անհաս բարձրություններ,
Եվ անձրևն է մերթ քեզ թրջել հորդ,
Եվ երկինքն է մերթ գլխիդ ձյունել։—
Դու մաքառել ես, ընկել հաճախ,
Քսել երեսըդ քարերին մերկ,
Ու չարչարել ես քեզ չարաչար,
Բայց կրկի՛ն, կրկին ձգտել ես վե՛ր։

Արդեն կտրել ես, արդեն անցել
Դու երկա՜ր, երկա՜ր մի ճանապարհ,
Եվ բարձունքնե՛ր ես դու ունեցել
Եվ անկումներ ես ունեցել հար,—
Բայց դու սրբել ես հոգիդ մի՛շտ էլ
Ճամփեքի մաքուր, վսեմ հրով,

[ էջ 327 ]

Եվ միշտ պայծառ է հոգիդ եղել,
Եվ սիրտդ լիքն է եղել սիրով։

Եվ սիրտդ լիքն է եղել հաճախ
Ցասման թույնով ու ատելությամբ,
Եվ կասկածը սև, կասկածը չար
Քեզ ճնշել է մերթ իր ծանրությամբ,—
Բայց դու մաքրել ես միշտ էլ հոգիդ
Կասկածանքներից այդ խաժադուժ1,
Եվ մաքառել ես, որ չչոքի
Քո սրտին երբեք հոգնության մուժ։

Դու բարձրացել ես մաքառումով
Դեպի ահռելի բարձրություններ,
Եղել ես հաճախ արևին մոտ,
Տեսել գագաթներ լուսաձյունե,—
Եվ ճանապարհին ինչքա՜ն ես դու
Քո բոբիկ ոտներն արյունոտել,
Բայց քայլե՛լ ես միշտ, քայլե՛լ անդուլ,
Տքնել անդադար ու կարոտել։

Եվ երբ հոգնած ես եղել դու քիչ,
Երբ ճնշել է քեզ ուղիդ անհաս,
Եվ ճանապարհի քարերին ցից
Նստել ես, որ քիչ հանգստանաս—
Քեզ մեռած են միշտ կարծել նրանք,
Այն մարդիկ, որոնք իրենց օրում
Ո՛չ մաքառել են, որ բարձրանան,
Ո՛չ տեսել սարսափ ու հոգնություն։

Այդպես էլ այժմ։— Քեզ դիմացից
Կանչո՛ւմ, կանչո՛ւմ է ուղիդ անհաս,
Եվ դու ճամփեքի քարերին ցից

-------------------------------

1 խաժադուժ, խուժադուժ — վայրենի, բարբարոս, վայրենաբարո. խառնաշփոթ, խուլ, դեպքերով ու եռուզեռով լի, անագորույն, անողոք:

[ էջ 328 ]

Նստել ես, որ քիչ հանգստանաս,—
Իսկ նրանք ահա, չարախնդում,
Տաք ճահիճների տիղմին հլու՝
Հանգուցելոց են արդեն կարդում
Եվ երգում քեզ մահ ու ալելու...

Բայց դու հանգիստ ես։— Սրտիդ խնդուն
Եվ մտքերի՛դ մեծ, և՛ հույզերիդ
Իջել է մի նո՜ր իմաստություն՝
Ե՛վ պայծառ, և՛ ջինջ, և՛ մտերիմ։
Քիչ հետո պիտի դու բարձրանաս
Եվ մաքառումի երգով անդուլ
Կրկի՛ն տքնաջան պիտի գնաս,
Եվ ուղիդ պիտի լինի խնդուն։—

II

Ձգվում է ահա քո դեմ ուղիդ
Դեպի նոր, անհաս բարձրություններ,
Եվ գգվում է քեզ բույրը հողի
Եվ գագաթների շունչը ձյունե.
Եվ մենակ ես դու կրկին ահա,
Եվ դարերն են քո շուրջը երգում,
Եվ արեգակն է, որպես վահան,
Բարձրանում քո նո՛ր այս եզերքում։

Ելնում է քո նոր այս եզերքում
Մի չտեսնված, մի նո՛ր արև,
Բարձրանում է հուր, խնդուն երգով
Քո վերջի՜ն, վերջի՜ն լեռան վերև.
Վերջին գագաթն է քո դեմ ցցված՝
Քարքարոտ, անհաս ու ձյունածիր.
Դու վերջի՜ն անգամ պիտի զգաս
Բարձունքի ցնորքն անծայրածիր։

Օ, վերջի՛ն անգամ խնդուն երգով
Թոթափի՛ր հոգիդ ու բարձրացի՛ր,

[ էջ 329 ]

Ժպիտով անհուն նայիր ներքև՝
Դաշտերում ծագող լուսաբացին,—
Ու քայլի՛ր անդուլ, քայլի՛ր կրկին,
Թող նորի՛ց հոգիդ արյունոտի,
Բայց ճահիճների ճղճիմ երգին
Թող երբե՛ք, երբե՛ք չկարոտի։

Ներքևում ահա, լեռան լանջին,
Ուր կան խարույկներ ու արոտներ,
Ինչպես ցնորքներ ու մտքեր չնչին —
Ձգվում են նեղլիկ արահետներ։
Մարդիկ են ահա այնտեղ հածում
Եվ արածում են այնտեղ գառներ,—
Բայց ուղի՛ն, ուղի՛ն քո մահացու
Արահետներին դու չխառնես։

Եղիր վերջի՛ն դու, եղիր հետին,
Թող լինի ուղիդ օրհասական,
Քո ճանապարհը երբե՛ք, սակայն,
Չխառնե՛ս նրանց արահետին։—
Մաքառի՛ր անդուլ, գնա վերև՛,
Քո գագաթնային երգը երգիր.
Վերելքը թող քեզ տանջանք բերե,
Եվ արյուն ծորա թող քո վերքից —

Եվ ուղիդ լինի թող հիմա ցուրտ,
Եվ վերելքդ թող լինի դժվար,
Անկումդ լինի թող մահացու,
Թող գագաթը քեզ անհա՛ս թվա,—
Քայլի՛ր դու սակայն, գնա՛ անդուլ
Դեպի քարքարոտ բարձրություններ,—
Եվ եթե ընկար — բուքն հռնդուն
Թող վերջին խինդով վրադ ձյունե...

 

ԵՍ ԱՅՆ ՉԵՄ ԱՅԼԵՎՍ

(Ներբող լիրիքական)

ՊԱՏԱՍԽԱՆ ԹՇՆԱՄԻՆԵՐԻՍ

Եվ գիտես՛ ես հիմա, որ համա՛ռ է,
Առօրյա աշխատանք է անդուլ—
Այն ամենը, որ վարար, հողմավար էր,
Որ գալու էր երգով ու խանդով...
Ե. Չ.

Օ, դո՛ւք, ասպետներ չնչի՛ն դավերի,
Ի՞նչ եք քչփչում ճանկերդ սրած.—
Ես ոգով հիմա պի՛նդ եմ ավելի,
Ավելի՛ տոկուն, քան էի առաջ։
Եվ եթե երգով ես ասում եմ, թե
Ես ա՛յլ եմ հիմա, այլևս այն չեմ —
Նշանակում է՝ նոր հո՛ւն եմ մտել՝
Ավելի՛ խորունկ, ավելի՛ անշեղ։

Ես հախուռն էի, ինչպես պղտոր գետ,
Եվ սրտով թեթև, ու երգով շռայլ,—
Եվ ոգով այսօր չե՛մ փոխվել թեպետ,
Դարձել եմ, սակայն, ծանր ու ժլատ։
Իմ հոգին այսօր էլ չի՛ մանրանում,
Չի՛ մսխում իրեն թռվռուն խոսքով —
Այդպես ցողո՛ւնն է հանդում ծանրանում,
Երբ լցվում է ձույլ, իմաստուն հասկով։

Ես այն չեմ հիմա... Հույզերիս քամին,
Որ քշում էր ինձ անկումից-անկում —
Հանգստացել ու նստել է հիմի
Եվ ամեն կանչի չի՛ արձագանքում։—
Էլ չի՛ հռնդում սիրտս վայրենի,
Ինչպես դաշտերում նժույգ սանձարձակ.—
Գգվեց ինձ սիրով մի ձեռք հայրենի,
Եվ ես մի գիշեր իմաստուն դարձա։

[ էջ 331 ]

Հասկացա հոգով, որ կյանքի հանդում,
Մարդկային ծփուն ծովում հողմածեծ
Միա՛յն երգերով ու անձև խանդով
Օ, ո՛չ մի ցողուն դեռ չի՛ բարձրացել։
Ես ձեռք քաշեցի կրքերից վարար,
Զգացմունքների հորձանքից անձև —
Եվ աշխատանքի բոցը փրկարար
Իմ անձրևածեծ երեսը խանձեց։

Ու դա՛շտ եմ ելնում ես կրկին ահա,
Ինչպես հնձվորը ելնում է հնձի,
Թմբկի փոխարեն ձեռքերս պահած
Խոհով ծանրացած քնար պղնձի։
Իմ գլխի վերև կեսօ՛ր է արդեն,
Ամռան արևն է կանգնել զենիթում,
Իմ դեմ — խոհերի չհնձած արտեր,—
Եվ հոգսն է ահա հոնքերը կիտում։—
Ինչքա՜ն եմ վատնել ես անգին ժամեր,
Եվ ինչքա՜ն հունտեր ցրել եմ ձրի,—
Եվ ինչքա՛ն պիտի հիմա աշխատեմ,
Որ գտնեմ ես այն, ինչ զո՜ւր կորցրի...
Ես շռա՛յլ եղա իբրև սերմնացան,
Ժլա՜տ կլինեմ՝ ելնելով հնձի,—
Եվ աշխատանքի բոցը սրբազան
Թող մինչև գիշեր ճակատս խանձի։—

Որքա՜ն աշխատանք ու խոհ կա այստեղ,
Երկաթավորվող իմ հայրենիքում,
Որի վրայով հողմեր են անցել
Եվ մեզ լվացել հրե մրրիկում։—
Որի դարերից գոսացած1 դեմքին
Փչել է այսօր շունչը Լենինի,—
Կիզվել է հրով երկիրը հիմքից

----------------------------------

1 գոս — չոր, չորացած, հաշմ, խեղանդամ. փխբ. ամուլ, անպտուղ, ապարդյուն:

[ էջ 332 ]

Ու շռնդալով շինվում է հիմի։
Առաջին անգամ իմ հայրենիքում,
Ուր հոսում էին արնահուն գետեր—
Այս այգաբացի երթը զրնգուն
Իմ բարձրաշառաչ ե՛րգն է ավետել։
Հիմա՝ վաստակած ու ձեռքիս քնար՝
Ելնում եմ ահա կրկի՛ն ժպտադեմ,
Որ սերունդների գործին անկոբար1
Խոտվ ծանրացած իմ երգը խառնեմ։

Ես չե՛մ երգելու այժմ շառաչուն
Գալիքի մասին, որ գալու է դեռ.
Իմ նեոսում հիմա հուզվում են, աճում
Ու շարժվում ուրի՛շ խոհերի գնդեր։—
Ներկա՛ն է հիմա իմ դեմ աղմկում,
Ինչպես կրքերի ամեհի մի ծով,—
Եվ անցնում եմ ես, քնարս բեկուն,
Այս հազարագույն օվկիանի միջով։
Անցնում եմ՝ իմ նո՛ր խոհերին գերի —
Եվ շուրջս ահա, մոտիկն ու հեռուն,—
Անքուն կրքերի, զգացմունքների
Լա՛յն, անծայրածի՛ր օվկիանն է եռում։

Ճամփա եմ ելնում ես ահա մենակ,
Քնա՛րս է միայն ինձ հետ միասին,—
Եվ երգում եմ ես, երգում եմ անահ
Իմ պայծառացած խոհերի մասին։
Դժվար կլինի իմ երթը հիմա,
Դժվար ու դժնի, քան երբևիցե,
Եվ ճամփիս գուցե օձերի նման
Ինձ արյունոտեն ժանիքները ձեր,—
Բայց պի՛նդ է ոգիս... Ու ո՛չ մի ժանիք
Ինձ չի՛ բաժանի իմ անդուլ դարից,
Ինչպես ո՛չ մի ուժ ինձ չի՛ բաժանի
Իմ շռնդալից, պայծա՛ռ քնարից...

---------------------------------

1 անկոբար, անկոպար բնստ. անսահման, անվերջ, անհուն:

 

ԹՈՒՂԹ ԲԱՆԱՍՏԵՂԾ ԲԱՐԵԿԱՄԻՍ՝ N. N.–ին, ԳՐՎԱԾ ԵՐԵՎԱՆԻՑ

Ահա կրկի՛ն գրում եմ քեզ,
Իմ լավ ընկե՛ր, իմ բարեկա՛մ,—
Օ, քե՛զ, անհայտ, բայց մե՜ծ երգիչ,
Ողջո՛ւյն, ողջո՛ւյն պոետական։—
Գրում եմ քեզ ես պարզ հանգով,
Ռիթմո՛վ հստակ, յամբով մեկին,
Գրում եմ քեզ կարոտանքով,
Ինչպես Պուշկինը՝ Դելվիգին...

Սրտով խաղաղ եմ ես հիմա
Ու խոհերով հստակ, մաքուր։
Իջել է իմ սրտի վրա
Զարմանալի հանգստություն։
Չեմ իմանում ի՛նքս էլ սակայն,
Թե ի՞նչը ինձ այսպես փոխեց.
Քա՞յլ էր սա մի հերոսական,
Թե՞ տարիքս են արդեն կոխել։—

Դարձել եմ լուրջ, ինքնավստահ,
Ձեռք եմ քաշել հիմա մանրից...
Իմ սենյակում երեկ նստած՝
Կարդում էի Ալեքսանդրին։
Կարդում էի... Եվ իմ հոգին
Հսկա մի խինդ էր ողողում.—
Այդքան պայծառ ու ահագին
Արեգա՛կն է միայն շողում։

Եվ կարդալով Ալեքսանդրին՝
Կրկի՛ն անգամ ես հասկացա,
Թե ինչո՞ւ է նրա անդրին
Սերունդների սրտում կեցած։
Թե դարերի հորիզոնում
Չսուզվելով՝ ինչո՞ւ է նա
Անվերջ շողում ու բարձրանում
Եվ միշտ պայծա՛ռ պիտի մնա։ —

[ էջ 334 ]

Գրում եմ քեզ ահա ես հին
Պատասխանը այդ հին հարցի.
Թե ուզում ես երգդ լսեն՝
Ժամանակիդ շո՛ւնչը դարձիր։—
Կապվի՛ր նյարդով յուրաքանչյուր
Քո օրերին ու քո դարին,
Կյանքը սիրիր լիահնչյուն
Ու մի՛ դավիր քո քնարին։—

Հարկավոր է ձուլվել դարին,
Ասում եմ ես... Բայց կա՞ արդյոք
Այդքան անհուն ու դժվարի՛ն,
Այդքան թե՛ պարզ, թե՛ բարդ մի գործ։
Մարդիկ կան, որ կարծում են, թե
Ով ավելի բարձր է գոռում՝
Նա՛ է միայն դարի տենդով,
Դասակարգի խանդով եռում։

(Մի ժամանակ, դժբախտաբար,
Ե՛ս էլ էի այդպես կարծում,
Բայց վերցրած պայծառ քնար՝
Ազատվել եմ ահա փորձում
Այդ մարմաջից... թեկուզ... թեկուզ...
Ապագայում գուցե ցավեմ,
Քանզի դա և՛ հեշտ էր, և՛ պարզ,
Ե՛վ անվնաս, և՛ շահավետ...)

Մեր շուրջը, տե՛ս, ինչքա՛ն դեմքեր,
Ինչքա՛ն մարդիկ, շեփոր առած,
Երգում են գործ, երգում են տեմպ,
Երգում երգեր բարձրաշառաչ։—
Երգում է, տե՛ս, գիշեր ու զօր,
Պոետների մի ողջ բանակ,
Սակայն երգեր քիչ կան այսօր,
Այլ կա հաճախ թուղթ ու թանաք։

[ էջ 335 ]

Մե՛ծ է այսօր բանակը մեր.
Թե բոլորիս քշեն զինվոր՝
Կառնենք գյուղեր ու քաղաքներ,—
Բայց երգեր ենք գրում այսօր։
Երգում ենք սեր, երգում ենք մահ,
Երգում պայքար ու աշխատանք,
Մեր երգերում, սակայն, չկա
Այսօր ո՛չ սեր, ո՛չ խոհ, ո՛չ կյանք։—

Ի՜նչ են մեր մեծ դարի հանդեպ
Երգերը մեր թոթովախոս...
Մենք, որ մի նոր կյանք ենք կանգնել,
Չունենք երգեր հատու ու խոր։
Ինչ գրել ենք մինչև հիմա՝
Եղել է լոկ առաջաբան
Մի վիթխարի երգի համար,
Որ գալու է, բայց դեռ չկա։

Չհավատա՛ս դու ինքնագոհ
Պոետներին մեր այն բազում,
Որ հմայված իրենց երգով՝
Ներբողներ են իրար ասում։
Շա՜տ է չնչին մեր ապագան,
Թե որ դրանց երգին նայես.—
Օ, դարը մեր հերոսական
Այդ երգի՞ն է միթե վայել...

Բայց նա կգա, պոետն այն մեծ,
Մեր երազած պոետը նոր,
Եվ ներկայիս մարդուն կերգե
Երգով իր վեհ, ու բորբ, ու խոր։
Պղնձաձույլ իր քնարով
Շո՛ւնչը կերգե այս մեծ դարի,
Կայրե սրտերը սուրբ հրով—
Ու չի՛ դավե իր քնարին...

Մեր վիթխարի դարը ահա
Շառաչելով, ընդդեմ հնի,

[ էջ 336 ]

Բարձրացրել է, որպես վահան,
Հսկա անունը Լենինի։
Եվ ուր առաջ բանտ էր խավար,
Ճորտությունն էր ուր լուռ քնել—
Ալեկոծվում են հողմավար
Անծայրածիր բազմություններ։

Աղմկում է հողմանման
Սոցիալական ծովը հիմի,
Կյանքը այսօր օրհասական
Բախումների օվկիան է մի։
Լեռնացել են իրար հանդեպ
Երկու հսկա դասակարգեր,
Ընկնում են հին գահեր այնտեղ,
Այստեղ կանգնում չեղած կարգեր,—

Եվ այս անդուլ դարում ահա,
Այս լեռնացող օվկիանում
Ապրում են բյուր մարդիկ հիմա,
Տխրում, տքնում, ուրախանում,—
Մարդն է ապրում, ինչպես առաջ,
Հուզումներով իր կենդանի.
Ունի կրքեր բազմաշառաչ,
Սրտում հազար հույզեր ունի,—

Եվ ի՞նչ... այս բորբ, այս կենդանի
Հույզերը հորդ երգելու տեղ—
Միաչքանի, միոտանի
Մարդն են երգում հիմա անթև.
Մարդն են երգում, որի կրծքում
Երգեհոն է դրված կարծես,
Որ ճիչեր է միայն փղձկում,
Չունի ո՛չ խանդ, ո՛չ խինդ, ո՛չ սեր։

Սակայն դու չե՞ս գտնում արդյոք,
Որ վիթխարի այս մեր դարում
Իր հույզերով ու կրքերով
Ավելի՛ է մարդը հարուստ։

[ էջ 337 ]

Ինչե՜ր է նա այսօր տեսել,
Ինչե՜ր ապրել ու զգացել,
Եվ ի՞նչն է նա համարել սեր.
Եվ ինչո՞վ է ուրախացել...

Տեսել է նա Հոկտեմբերի
Անօրինակ պայքարը մեծ,
Ընդվզումի տարիների
Օրերը բորբ ու հողմածեծ։—
Կործանո՜ւմն է տեսել հնի,
Պալատների անկումն անդարձ,
Տեսել է մահը Լենինի,
Կորուստն այս խոր, անվերադարձ։

. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Ինչքա՜ն է այս ամենը բարդ...
Այս ամենի հետ միասին՝
Մարդը էլի՛ մնում է մարդ,
Որ ունի սեր, որ ունի սիրտ։
Կարո՞ղ ես դու՝ երգի՛ր նրան՝
Իր հույզերով մեծ ու մանրիկ,—
Բայց այսպիսի երգի համար...
Քնա՛րն է պետք Ալեքսանդրի։

Քնարն է պետք Ալեքսանդրի,
Ու քնարի հետ միասին՝
Այդքան անհուն ու ահագին,
Այդքան պայծառ ու վեհ մի սիրտ։—
Իր մի՛տքն է պետք պայծառատես,
Որ օրերի վեճի միջից
Հիմնականը մանրից զատե
Եվ կարկաչե ջինջ ու վճիտ։—
Որ առօրյա աղմուկների
Միջից տեսնի օրը գալիք
Եվ չդաոնա ոգով գերի
Ծնծղաներին աղմկալի,—
Տեսնի՛ ոգով, թե ի՞նչն է, որ
Դառնալու է էգուց անցյալ,

[ էջ 338 ]

Եվ ի՞նչն է, որ՝ հեռու մի օր՝
Պիտի կանգնի բա՜րձր ու պայծառ...

Եվ նա կգա, պոետն այդ մեծ,
Մեր երազած պոետը նոր,
Եվ ներկայիս մարդուն կերգե
Երգով իր վեհ, ու բորբ, ու խոր։—
Պղնձաձույլ իր քնարով
Շունչը կերգե մեր մեծ դարի,
Կայրե սրտերը սուրբ հրով—
Ու չի՛ դավե իր քնարին...

Վերջացրի։— Գիշեր է խոր։—
Եվ գիշերվա այս խոր պահին
Գլխիս վրա թառել է լուռ...
Իմաստուն բուն Միներվայի1։
Եվ առույգ է սիրտս շնչում,
Կասկածանքներ իմ մեջ չկան։—
Դե՛, ընդունիր հազա՛ր ողջույն,
Պոետական իմ բարեկամ...

 

ԽՈՀ

Սերը — ահա՛ նրա միակ մեղքը։
ՕՎԻԴԻՈՍ ՆԱԶՈՆ

Շա՜տ էր լեցուն հոգվույս, ո՛վ Տեր,
բազմազեղումն այս շրջասփյուռ...
ՄԻՍԱՔ ՄԵԾԱՐԵՆՑ

Ես մարդ եմ, պոետ ու քաղաքացի,
Ապրում եմ ահա լենինյան դարում,
Գրում եմ երգեր, գնում եմ գործի,—
Ապրում եմ այնպես, ինչպես աշխարհում
Ապրել է մարդը բազմաթիվ դարեր.
Իմ երակներում արյունն է եռում

----------------------------------

1 Միներվա — հին հռոմեական աստվածուհի, արհեստավորների և արվեստի ներկայացուցիչների խնամակալուհին, մ.թ.ա. III դ. վերջից նույնացվել է հին հուն. Աթենասին և պաշտվել նաև իբրև պատերազմի և պետ. իմաստության աստվածոիհի:

[ էջ 339 ]

Եվ սիրում եմ ես «աշխարհ ու արև»։—
Իմ սրտում ունեմ ես անթիվ սերեր.
Ու ցանկություններ, ու խոհեր բազում.—
Ես ինձ հետ այսօր աշխարք եմ բերել
Հազա՛ր մտորում, հազար զգացում։—

Եվ այնպես, ինչպես բոլո՛ր դարերում
Կապված է եղել մարդը իր դարին,—
Ես իմ մեջ այսօր տենչերն եմ կրում
Մեր ժամանակի անդուլ պայքարի։
Եվ ինչպես ճորտը շվայտ Հռոմում
Պատրիկների հետ չի՛ նստել ճաշի—
Այնպես ես այսօր, լենինյան դարում,
Չե՛մ կարող լինել բռնակալ դասի՝
Պատրիկների հետ... Հազա՛ր թելերով
Կապված եմ ես այս հսկա պայքարին—
Եվ մաքառումի այս ճանապարհին
Ես ամե՛ն տանջանք տարել եմ սիրով։

Ես դարիս ահեղ փորձության պահուն
Ո՛չ միայն հատու երգեր եմ կռել,
Այլ մարտ եմ մղել կյանքի ու մահու,
Որպես մի զինվոր։— Պատրաստ եմ կրել
Ես կրկի՛ն սվին, երբ օրերը գան.
Հազար թելերով քաշում է ներկան
Ինձ հորձանուտը իր լուռ պայքարի.—
Իմ բոլո՛ր, բոլո՛ր նյարդերով, որ կան,
Ես կապված եմ իմ վիթխարի դարին։—

Բայց չե՛մ մոռանում ես երբե՛ք, երբե՛ք,
Որ տրված է ինձ մարդկային մի սիրտ,
Տրված են սերեր, կարոտներ, կրքեր,
Եվ կա աշխարհում... մի «հիմար լուսին»։—
Վարդե՜ր կան կյանքում, կրքե՜ր կան անանց,
Կան գրքե՜ր, գրքե՜ր հազարաչքանի,
Մրգե՜ր կան հասուն, մարգե՜ր կան կանաչ—
Եվ ես աշխարհում ապրում եմ քանի,—
Չե՛մ կարող սիրով, սրտով իմ անհագ

[ էջ 340 ]

Զգացմունքներիս հորձանքով բեղուն
Չսիրել կյանքի լիությունն անհաս,
Ամբողջությունը այս բազմաբեղուն...

Հազար հույզերով հուզում է ներկան
Ու փռում իմ դեմ հուզումների բերք.—
— Ողջո՜ւյն քեզ, կարո՛տ, ու խո՜հ, ու պայքա՛ր,
Ողջո՜ւյն քեզ, կյանքի բազմալեզու ե՛րգ:
Պայծա՜ռ եմ նայում աշխարհին հիմա,
Իմաստություն է իմ սրտին իջել.
Հնձի եմ ելել հնձվորի նման—
Եվ ո՛չ մի ցողուն չե՛մ ուզում զիջել։
Չե՛մ ուզում լինել արճիճ ու երկաթ,
Այլ, սիրտս սրբած վաղվա հավատով՝
Ընդունում եմ ինձ այնպես, ինչպես կամ՝
Իմ ոգու ամբո՛ղջ տենդով ու տապով։

Եվ դո՛ւ, գալիքի երջանի՛կ ընկեր,
Համաշխարհային դու քաղաքացի.
Լսո՞ւմ ես՝ մարտիկ լինելուց բացի
Ես է՛լ քեզ նման մի մարդ եմ եղել։
Ես է՛լ քեզ նման ունեցել եմ բյուր
Կարոտներ, կրքեր ու զգացմունքներ,
Տքնել եմ, հոգնել, պայքարել անքուն,
Թափել խնդության, ցավի արցունքներ,—
Սիրել եմ, սիրվել, ատել ու ներել,
Ընկել եմ հաճախ, բարձրացել էլի՛—
Եվ բազմապիսի երգեր եմ գրել՝
Խոհով, պայքարով ու կրքերով լի՛։—

Եվ երբ հուշ դառնա այսօրվա ներկան,
Ու դարը այս մեծ փոխվի երազի,
Եվ դու, իմ հեռու, գալի՛ք բարեկամ,
Կարդալու լինես իմ կյանքի մասին,—
Իմացի՛ր, որ մեր օրերի խորքում
Ե՛ս էլ եմ եղել կրքերի գերի,—
Հասկացիր սրտիս հույզերը հորդուն
Եվ պայծա՜ռ նայիր անցած պատկերիս...

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր՝ «Լույս» հրատարակչություն, Երևան 1985
Տրամադրել է՝ Միքայել Յալանուզյանը

Տես նաև
Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice