ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian

Եղիշե Չարենց

ԵՐԿԵՐ


Նախորդ էջԲովանդակություն  | Հաջորդ էջ

ԷԼԵԳԻԱՆԵՐ ԵՎ ԱՅԼ ԲԱՆԱՍՏԵՂԾՈԻԹՅՈՒՆՆԵՐ

[ էջ 341 ]

ԷՊԻՔԱԿԱՆ ԱՌԱՎՈՏ

Աղջամուղջը նայում է աչքիս
Այսօր խստաբարո, զգա՛ստ։
Առավոտը շուտով կբացվի,
Եվ սիրտս խնդություն կզգա։
Ինչ լա՜վ է՝ բարձրանալ կանուխ
Եվ տեսնել, ճեղքելով մառախուղը,
Թե ո՜նց է ձգվելով բարձրանում
Ծխնելույզի ծուխը։—
Զգալ, որ հո՛գսն է արթնանում,
Որ ուղի՛ պիտի դեռ գնաս,
Մի ուղի, որ վե՛ր է դեռ տանում,
Մի ճանապարհ անհաս...

Դու այդպե՛ս բացվեցիր գլխիս,
Իմ վերջի՛ն հասունություն...
Դժվարին է հիմա իմ ուղին—
Եվ գնում եմ ահա ես արթուն։
Դիմացից հո՜գսն է նայում,—
Հարկավոր է երկա՜ր մաքառել,
Որ գործը լինի մնայուն,
Ինչպես միջօրեի արև։—
Դիմացից սերունդնե՛րն են նայում,
Սաստում են, որ գնամ զգաստ.—
Ինձ անտես մի ձեռք է պահում
Ճանապարհին իմ այս...

[ էջ 342 ]

Սիրո՛վ եմ բաժանվում քեզանից,
Իմ հախո՛ւռն անփութություն.
Իմ անհոգ օրե՜ր պատանի,
Իմ շռա՜յլ ջահելություն։
Ողջունում եմ քեզ խնդությամբ
Եվ ո՜չ թե դառը ցավով,
Իմ վերջի՜ն, վերջի՜ն այգաբաց,
Իմ էպիքական առավոտ...

 

ՄՈՒՍԱՅԻՍ

Ահա կրկի՛ն ինձ հետ ես, ահա կրկի՛ն,
Իմ բարեկա՛մ, ընկե՛ր, իմ զինակի՛ց։
Ունկնդիր եմ լինում ահա երգիդ
Ես կարոտով, սիրով վաղվաղակի1։

Քո խոսքերում հիմա, քո մտերիմ
Զրույցներում և խո՛ր, և չմարող —
Զարմանալի հստակ քո երգերում
Թախի՛ծ, թախի՛ծ կա ջինջ, անափ կարոտ։—

Ինչքա՜ն եմ ես, գիտե՞ս, սիրում հիմա
Ոգի՛, ոգի՛ սրբող, բայց չկրծող
Այդ ջինջ թախիծը քո խինդանման,
Այդ տխրությունը քո ստեղծագործող...

Հայացքներում պահած պայծառ թախիծ՝
Այդպես ճամփորդն է լոկ տխրում արի,
Այն հոգնաջան ճամփորդը, որ կատարից
Ե՛տ է նայում՝ անցած ճանապարհին։ —

Այդ ե՞րբ է նա անցել այդքան ուղի,
Եվ օրը ո՞նց դարձավ արդեն կեսօր...
Բայց չի՛ փոխվում այդ վիշտը մառախուղի,
Այլ քրտինք է դառնում՝ մաքրող ու զով։—

-------------------------------------

1 վաղվաղակի — անմիջապես, իսկույն, շուտափույթ, շտապ, հապճեպ:

[ էջ 343 ]

Եվ սրբելով քրտինքն իր ճակատից՝
Նա բարձրանում է վեր, քայլում կրկին,
Բայց աչքերում մնում է արդեն թախիծ
Եվ կարոտ է ձուլվում նրա երգին...

Մենք դեռ երկա՜ր պիտի քեզ հետ գնանք,
Իմ բարեկա՛մ, ընկե՛ր, իմ զինակի՛ց։—
Օ, թո՜ղ թախիծը այդ պայծա՛ռ մնա
Ու չցնդի երբեք քո ճակատից։—

 

ԱՅՐԱԾ ԵՐԳԵՐ

Когда для смертного умокнет шумный день
И на немые стогны града...
А. ПУШКИН

 

Երբ երեկոն իջավ, որպես հոգնած ճամփորդ,
Եվ փոշեպատ նստեց տանիքների վրա,—
Ես սենյակս մտա իմ խոհերի ճամփով
Եվ հանեցի երգերըս մի երեկո գրած։
Ես հանեցի երգերըս ու կարդացի կրկին
Պատմություններ, հուշեր մի ավերված հոգու,
Եվ խորշեցի ես ինքըս իմ հուսահատ երգից,
Եվ ամոթի թախիծն էր իմ ճակատին չոքում,—
Երբ տողերի միջից իմ երգերի, իմ այդ
Մի երեկո գրած նվագների տակից
Հառնեց հանկարծ, նայեց ու ժպիտով ժլատ
Ինձ ողջունեց նազով արդեն մեռած մի կին։
Ու տողերիս միջից ինձ պարզեցին երկու
Նախատինքի սրեր երկու աչքեր մեռած,
Հետո սրբեց ճակատըս նա իր նրբին ձեռքով,
Եվ խո՜ր հանգիստ իջավ իմ աչքերի վրա։
Նա ինձ ասաց, այդ կինը, իմ տողերի միջից.
«— Արիացի՛ր, ընկե՛ր իմ, ամրապնդվի՛ր ոգով,
Մաքրի՛ր հոգնած քո սիրտը կարոտներից չնչին,
Որ վերանա խավարը քո հուշերին չոքող։—
Թե հիշատակն իմ թանկ է դեռ քո սրտին հիմա,

[ էջ 344 ]

Թե ուզում ես, որ հուշըս չխավարի քո մեջ,–-
Կրի՛ր պայծառ անունըդ մարտիրոսի նման.
Եղիր ոգով անդուլ դու, ու մաքառող, ու մեծ»...
Օ, հարազա՛տ ընկեր իմ, իմ բարեկա՛մ, իմ քո՛ւյր,
Անվերադարձ անցած հերոսակա՛ն իմ կին,—
Ահա կրկի՛ն արև է իմ խավարած հոգում
Եվ կենսատու ժպիտ է իմ տարամերժ դեմքին։—
Երբ դադարեց քո ձայնը այն երեկո — հանգիստ
Ես շոյեցի ճակատըս ու վառեցի կրակ,
Եվ հանձնելով իմ կյա՛նքը հերոսական կամքիդ՝
Ես այրեցի երգերըս մի երեկո գրած...
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

 

ՕՎԿԻԱՆԻ ԵՐԳԸ

Երգի՛ր, պոե՛տ, երգի՛ր, երգի՛ր երգը քամու,
Երգի՛ր երգը սիրո ու պայքարի,
Որպես մրրիկ՝ երգի՛ր, երգի՛ր, որպես սամո՛ւմ,—
Եվ քո սրտում այդ երգը թող չմարի՛...

Ես հիշում եմ օվկիանը փոթորիկի ժամին.—
Օրորելով կրծքին անհուն ջրեր՝
Որոտում էր անդունդը — և ահռելի քամին
Մռնչալով երգում էր մի վայրի երգ։
Նրա երգում հնչում էր մի անսահման թախիծ,
Մի վիթխարի հոգու անափ կարոտ,
Որ օվկիանի հախուռն մթնշաղից
Խելագարված՝ կանչում էր անհուն սիրով։
Խելակորույս՝ կանչում էր անծայրածիր մի սիրտ,
Մռնչալով կանչում իր սիրուհուն,
Որ երգելով փախչում էր փոթորիկի միջից
Եվ թնդալով թռչում անծայր հեռուն։—
Եվ հողմերի միջից շառաչելով փախչող
Իր սիրուհուն վսեմ չհասնելով երբեք —
Այդ ամեհի քամին, զարմանալի թախծոտ՝
Հեռուներում երգում էր հաղթական ե՛րգ...
Դա ամեի պայքար էր ջրերի ու քամու,

[ էջ 341 ]

Երկու իրար խանդող թշնամու սեր,—
Անհանգչելի սիրո մի վիթխարի սամո՛ւմ,
Որ տալիս էր քամուն պայքարի երգ։
Դա հաղթական մի երգ էր անեզրական կրքի,
Հերոսական մի երգ անափ սիրո,—
Եվ հանձնըված սիրո այդ հաղթական երգին —
Այդ խոլ քամին թռչում էր դեպի գրոհ...

Երգի՛ր, պոե՛տ, երգի՛ր, երգի՛ր երգը քամու,
Երգի՛ր երգը սիրո ու պայքարի,
Ինչպես մրրիկ՝ երգի՛ր, երգի՛ր, ինչպես սամո՛ւմ,—
Եվ քո սրտում այդ երգը թող չմարի։—

Այն կատաղի հողմի մթնշաղի միջից
Շառաչելով կանչող այն քամու պես —
Քեզ հրկիզեց կյանքում անեզրությամբ վերջին
Մի անսահման կարոտ, մի անափ սեր։
Նա քեզ ցնցեց, այդ սերը, ինչպես շաչող քամին
Ալիքներն էր ցնցում իր խոլ թափով,
Անցավ սրտից նա քո այս պայքարի ժամին,
Որպես երթի ելած ցասման թափոր։
Նա որպես շանթ՝ պայթեց քո խոհերի վրա,
Որպես կայծակ՝ շաչեց հողմաշառաչ,—
Եվ լեռնացան խոհերըդ օվկիանի նման,
Եվ որոտաց քո սերը հողմահալած...

Երգի՛ր, պոե՛տ, երգի՛ր, երգի՛ր երգը քամու,
Երգի՛ր երգը սիրո ու պայքարի,
Ինչպես մրրիկ՝ երգի՛ր, երգի՛ր, ինչպես սամո՛ւմ,—
Եվ քո սրտում այդ երգը թող չմարի։—

Այս անսահման սիրո անհանգչելի բոցում,
Այս պայքարում ահեղ, այս մարտում խոլ—
Թող կարծրանա՛ ոգիդ որպես պողպատ դաշույն,
Թող շողշողա, որպես հանճարեղ խոլ—
Քո մեջ եռա՛ թող նա, ինչպես անմար եռանդ,
Ինչպես վսեմ մի խանդ՝ թող բորբոքի,—

[ էջ 346 ]

Եվ կլինես դու մե՛ծ, և կլինի անպարտ
Այս պայքարում կոփված քո խոլ ոգի՛ն։
Քո հույզերի, քո խոր կարոտների խորքից
Թող որոտա այդ ե՛րգը անափ սիրո—
Եվ, ունկնդիր նրա այդ հաղթական երգին՝
Թող քո ոգին թռչի դեպի գրոհ։—

Երգի՛ր, պոե՛տ, երգի՛ր, երգի՛ր երգը քամու,
Երգի՛ր երգը սիրո ու պայքարի,
Ինչպես մրրիկ՝ երգի՛ր, երգի՛ր, ինչպես սամո՛ւմ,—
Եվ քո սրտում այդ երգը թող չմարի՛...—

 

ՄԵՌԱԾ ՊՈԵՏԻՆ

Նրանք ասում են, որ դու անցել
Ու հնացել ես, ու հեռացել,
Որ լքել են քեզ ու մոռացել
Օրերում այս խենթ ու դարձդարձիկ1.
Բայց տե՛ս — կանչում է ահա մի ձեռ
Եվ մի սիրտ, որ քեզ սիրում է դեռ.
— Վերադարձիր, օ, վերադարձիր...

— Վերադարձիր, օ, մենք քեզ կտանք
Թե՛ սեր, թե՛ հուրեր, թե՛ խնդություն.
Ինչպես սիրած մի թափառական
Դու կրկի՛ն, կրկի՛ն կմտնես տուն...
Կգգվի դեմքիդ քամի մի զով,
Օրերի շունչը, արդեն հնչե՜ղ,
Կլցնի հոգիդ անհուն հույզով—
Ու նո՜ր, նո՜ր երգեր կներշնչե...
— Վերադարձիր, օ, վերադարձիր...

— Այն ճանապարհով, որով մի օր
Անցար սրտաբեկ ու գնացիր —
Անցան թափորներ արևավոր
Ու նոր բյուրավոր դռներ բացին...

----------------------------------

1 դարձդարձիկ — շարունակ պտտվող` դարձող, ոլորապտույտ, փխբ. փոփոխական, հեղհեղուկ, անհաստատ:

[ էջ 347 ]

Այն երկրում, ուր դու մի օր լացիր
Ու մորմոքացիր այն սև բոցում —
Ահա գարուններ արևածին
Ու շռինդ, ու վառք, ու կառուցում...
— Վերադարձի՛ր, օ, վերադարձի՛ր...

 

ԵՐԿՈԻ ՍՈՆԵՏ ԱՐՓԻԿԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Блажен, кто посетил сей мир
В его минуты роковые.
Ф. ТЮТЧЕВ

I

Իմ բարեկա՛մ, իմ սե՛ր, հերոսակա՛ն ընկեր,
Դու ապրեցիր, անցար և էլ չկաս հիմա,
Սակայն դեռ կյանքը կա և չի՛ դարձել ամա,
Եվ ո՛չ մի աստղ վերից դեռ ներքև չի՛ ընկել։

Ահա կրկին իմ դեմ ծաղիկներ ու կյանքեր՝
Քո գարունքին բացված ծաղիկների նման,
Կրկի՛ն ճիգեր անդուլ, անօրինակ ջանքեր՝
Մարդկային կյանքը մեր կառուցելու համար։—

Մշտահոլով, աննինջ, հավերժորեն հոսուն,
Օվկիանի անխոնջ ալիքների պես վեհ՝
Աղմկում է ահա հուզումների լեզուն։—

Եվ ինձ տալիս է թափ ու պայքարի թևեր
Այս առօրյան կրկին, որ եռանդից եռում
Ու մղում է դեպի անեզրական հեռուն։—

II

Մենք ապրեցինք քեզ հետ մի վիթխարի դարում,
Որ բյուրավոր մարդկանց խանդաղանքով1 ահա՛

-----------------------------

1 խանդաղանք, խանդաղատանք — քնքշություն` գորովանքի զգացմունք, գորով, սեր, գութ:

[ էջ 348 ]

Բարձրացել է որպես հաղթանակի վահան,
Մի վիթխարի մարդու այգանման անուն։—

Սեր սրտերում անդուռ մի ափսոսանք պահած՝
Մի օր ճամփա դրինք նրա դագաղը մենք,—
Եվ քարացել էին, ինչպես ռազմի պահակ,
Ճանապարհին՝ անթի՛վ բազմություններ։—

Դա թաղում չէ՛ր, ընկե՛ր, այլ շառաչուն մի այգ,
Որ բացվում էր այս հին մոլորակի վրա,—
Եվ ողջունում էինք մենք այգաբացը այդ։—

Եվ հառնելով արդեն կերպարանքը նրա
Հուրհուրում էր գալիք հրդեհների հրով՝
Արնանման, ինչպես հաղթանակի դրոշ...

 

ՄԱՀՎԱՆ ՔԱՅԼԵՐԳ

(Հերոսական)
ԼԵՆԻՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Ո՛չ փող զարկինք...
Մ. ՊԵՇԻԿԹԱՇԼՅԱՆ

Մենք փող զարկինք և արձագանքն ահավոր
Երկրից-երկիր որոտաձայն շառաչեց,
Եվ սրտերում միլիոնավոր, բյուրավոր
Ըմբոստությունն ահագնացավ ու աճեց։

Զնդաններում, խրճիթներում, հանքերում,
Ուր տառապած մա՛րդն է հարթում իր ուղին,—
Ոտքի ելան ահազանգի զանգերով
Գնդերն անդուլ գործարանի ու հողի։

Եվ ոտնաձայնը գնդերի ընթացող
Եվ շառաչյունը զենքերի մահահոտ—
Խրճիթներում հնչեց, որպես մարտակոչ,
Պալատներում պայթեց, իբրև մահվան բոթ։

[ էջ 349 ]

Եվ թափորի ելած բոլո՛ր գնդերի,
Բոլո՛ր ըմբոստ բանակների առաջում—
Արդեն ննջած առաջնորդի պանծալի,
Անձեռագործ դիակառքն էր շառաչում...

Երթը ձգվեց հերոսական, փառավո՜ր,
Եվ կայծակներ շռնդալով շողացին,
Եվ դրոշներ հազարավոր, բյուրավոր
Նրա վերև արնանման դողացին։

Եվ լուռ ննջած Առաջնորդի դագաղի
Երթին ելած բազմություններն այդ անահ
Երդո՛ւմ տվին պայքարելու կատաղի—
Մինչև վերջի՜ն, մինչև վերջի՜ն հաղթանակ...

Մենք փող զարկինք և արձագանքն ահավոր
Երկրից-երկիր որոտաձայն շառաչեց,
Եվ սրտերում միլիոնավոր, բյուրավոր
Ըմբոստությունն ահագնացավ ու աճեց։

 

ՁՄԵՌԱՅԻՆ ՊԱԼԱՏԻ ՆԵՐՔՆԱՀԱՐԿՈՒՄ

Այս սենյակներում գիշեր մի մթին,
Երբ դուրսը բուքն է շաչել հիստերիկ—
Մի պորփյուրակիր1 արքա-առլեկին2
Հարցաքննել է դեկաբրիստներին։
Սառը ժպիտով, բեղերը սրած,
Սեղմել է նրանց մատները դողդոջ—
Եվ նրա կապույտ աչքերից նրանց
Նայել է մի պահ բախտը անհողդողդ։
Ճի՛շտ նույն ժպիտով, որով նա հաճախ
Սիրել է նայել սիրուհու զիստին,

--------------------------------------

1 պորփյուր հնք. հրաբխային լեռնապար, որի մեջ առանձին խոշոր բյուրեղներ իրենց մեծությամբ կամ գույնով առանձնանում են հիմնական զանգվածից. արքայական ծիրաբնի:
2 առլեկին թատր. իտալական ժողովրդական կատակերգության գործող անձ. նաև՝ խեղկատակ, ծաղրածու:

[ էջ 350 ]

Բարակ ձեոքերը իր կրծքին խաչած՝
Հրավիրել է Պեստելին նստի։
Կապույտ աչքերը հառելով սրին,
Սրտում զսպելով խոր մի ահ թեպետ՝
Չափազանց ինտիմ, քաղաքավարի
Զրույց է արել Ռիլեևի հետ։
Կանչել է մեկ-մեկ, խոսել է այսպես,
«Բացել» է անգամ իր սիրտը ոմանց,
Փորձել է անգամ վեհությամբ ազդել՝
Մի հեքիաթային արքայի նման...
Աչքերում պահած ամեհի հուրեր՝
Օրհնել է նրանց ժպիտով խաղաղ,—
Եվ ճանապարհ է այստեղից դրել
Դեպի բանտ, Սիբի՛ր, դեպի կախաղա՛ն:

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր՝ «Լույս» հրատարակչություն, Երևան 1985
Տրամադրել է՝ Միքայել Յալանուզյանը

Տես նաև
Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice