ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian

Սարգիս Հարությունյան

ՀԱՅ ՀԻՆ ՎԻՊԱՇԽԱՐՀԸ

Նախորդ էջԲովանդակություն  | Հաջորդ էջ

[էջ 116]

ՓԱՌԱՆՁԵՄ ԵՎ ՈԼՈՄՊԻԱԴԱ

Արշակը շատ էր սիրում Փառանձեմին, բայց Փառանձեմը նրան չէր սիրում։

Եվ որքան Արշակը սիրում էր կնոջը, այնքան կինը ատում էր նրան։ Փառանձեմը չէր սիրում Արշակին նրա մարմնի թավամազության և թուխ մաշկ ունենալու պատճաոով։ Տեսնելով, որ կնոջ սիրտը իրեն չի կպչում, Արշակը խնամախոս է ուղարկում Հունաց աշխարհը և այնտեղից կայսերական տոհմից Ոլոմպիադա անունով մի գեղեցիկ կին է բերում, հետը ամուսնանում և դարձնում իր երկրորդ կինը։ Արշակը ուժգին սիրով սիրում է Ոլոմպիադային և դրանով իսկ գրգռում Փառանձեմի նախանձը։ Փառանձեմը խանդից ոխակալվում է Ոլոմպիադայի դեմ և միջոցներ է փնտրում նրան մեջտեղից վերացնելու։

Շուտով Փառանձեմը պառկում, տղա է բերում, անունը դնում Պապ։ Պապը մեծանում, դառնում է շատ առույգ ու ուշիմ պատանի։ Արշակը նրան պատանդ է ուղարկում Հունաստան՝ կայսրի մոտ։

Պապի ծնունդն ավելի է գրգռում Փառանձեմի ոխն ու խանդը, և նա ամեն կերպ փորձում է թունավորել գեղեցիկ Ոլոմպիադային։ Բայց Ոլոմպիադան, զգալով նրա նախանձը, շատ զգույշ էր իր ուտելիքի և ըմպելիքի նկատմամբ։ Նա ուտում էր միայն իր նաժիշտների պատրաստած կերկարները և խմում միայն նրանց մատուցած գինին։

Տեսնելով, որ ուրիշ հնար չկա, Փառանձեմը իր խարդավանքին մասնակից է դարձնում արքունի պալատի քահանաներից մեկին, անունը՝ Մրջյունիկ։ Վերջինս Քրիստոսի մարմինն ու արյունը խորհրդանշող սուրբ հաղորդության հացի և գինու մեջ թույն է խառնում և եկեղեցում իբրև սրբազան մասունք մատուցում Ոլոմպիադա թագուհուն։ Թագուհին ճաշակելով թունավորված հաղորդությունը, մահանում է։

Փառանձեմը իբրև հատուցում այդ սպանության, Մրջյունիկ քահանային է նվիրում Տարոնի նրա հայրենի Գոմկունք գյուղը։

ԱՐՇԱԿ, ՎԱՍԱԿ ԵՎ ՇԱՊՈՒՀ

Պարսից Շապուհ թագավորը, երկյուղելով հայոց և հունաց թագավորների միաբանությունից, ամեն կերպ ջանում էր հայոց Արշակ թագավորին իր կողմը գրավել։ Նա Արշակին հրավիրում է Պարսկաստան, փառքով ու պատվով մեծարում, նվիրում մեծ քանակությամբ ոսկի և արծաթ։ Նա Արշակին փայփայում է եղբոր և որդու նման, նրան նվիրում անգամ Ատրպատականի այն մեծ կալվածքը, որ, սովորաբար տրվում էր պարսից թագավորության երկրորդ անձին։

Խնջույքի և ուրախության ժամանակ պարսից Շապուհ թագավորն ու հայոց Արշակը բազմում էին միևնույն թախտի վրա դրված գահերին, հագնում համագույն և միատեսակ զգեստ, կրում միանման թագեր և երկու հարազատ եղբոր նման իրարից անբաժան էին։

Օրերից մի օր հայոց Արշակ թագավորը դուրս է գալիս պարսից թագավորի ախոռները դիտելու։ Նա մտնում է ախոռներից մեկը, որի ներսում նստած էր թագավորի ախոռապետը։ Ախոռապետը հայոց թագավորին լվի տեղ անգամ չի դնում, ոչ ոտի է ելնում նրան դիմավորելու, ոչ էլ արժանացնում որևէ հարգանքի։ Ընդհակաոակը, տեսնելով հայոց թագավորին, նա ծաղրելով՝ պարսկերեն դիմում է նրան.

— Հայոց այծերի թագավոր, եկ, այս խոտի խրձի վրա նստիր։

Վասակ զորավարը, որն ուղեկցում էր իր թագավորին, սաստիկ զայրանում է, քաշում, մերկացնում է իր գոտուց կախած սուրը և տեղնուտեղը հենց ախոռի մեջ գլխատում պարսից թագավորի ախոոապետին։

Երբ պարսից թագավորին հայտնում են այս լուրը, Շապուհը զարմացած և հիացած է մնում Վասակի խիզախությունից։ Նա Վասակին կանչում է իր մոտ, դրվատում, խրախուսում նրա քաջությունն ու տիրասիրությունը և մեծ պարգևների ու պատիվների արժանացնում նրան։

Այդ խաղաղ ու սիրալիր օրերին պարսից թագավորի մտքում դարձյալ երկյուղ է ծագում Արշակի հավատարմության նկատմամբ, ուստի նա պահանջում է Արշակ թագավորից իրենց միաբանության ուխտին հավատարիմ մնալու երդում տալ։

[էջ 117]

— Համաձայնիր, — ասում է Շապուհն Արշակին, — և քո հավատով երդվիր, որ ինձ չես խաբի, չես դավաճանի։

Շապուհն Արշակին այնքան է նեղում, որ Արշակն ստիպված համաձայնում է երդվել։

Կանչում են Տիզբոն քադաքի եկեղեցու քահանաներին, քահանայապետ Մարիի գլխավորությամբ, բերել են տալիս ավետարանը, և Շապուհ թագավորը Արշակին երդվեցնել է տալիս սուրբ ավետարանի վրա, որ նա Շապուհին չի խաբի, չի դավաճանի, հաստատ կմնա իր ուխտին և իրենց դաշինքը չի խախտի։

Այդ երդման արարողության մեջ միջնորդի դեր էր կատարում Մամիկոնյան Վարդան նահապետը, որին Շապուհը սիրում էր ու պատիվներ տալիս։ Վասակը նախանձելով եղբորը՝ վճռում է խախտել Շապուհի և Արշակի միջև եղած դաշինքը։

Այս երդումից հետո մի գիշեր Վասակը հրահրում է Արշակին Շապուհի դեմ և գիշերով երկուսն էլ Պարսկաստանից փախչում, գալիս են Հայաստան։

Այս փախուստից Շապուհը խիստ վրդովվում է, իր մոտ է կանչում Մարի քահանային և զայրույթով հանդիմանում.

— Եթե դուք երդումը անկեղծ տված լինեիք, Արշակը չէր համարձակվի երդման դեմ գնալ կամ երդմնազանց լինել։ Ես համոզված եմ, որ դուք կախարդությամբ ինձ խաբեցիք, դուք սիրեցիք նրան, որովհետև նա ձեր կրոնին է պատկանում, դուք նրա հետ նենգությամբ խորհուրդ արիք և ինձանից հեռացրիք։ Եվ առհասարակ բոլորդ կամենում եք, որ Արշակունիները լինեն ձեր տերերը, և այդ նպատակն եք դուք միշտ հետապնդում։

Հենց տեղն ու տեղը Շապուհը երդվում է արեգակով, ջրով ու կրակով, որ ոչ մի քրիստոնյա կենդանի չի թողնի։ Եվ նա հրամայում է Մարի քահանային և Արշակին երդվեցնող մնացած յոթանասուն քահանաներին տանել և մորթոտել։ Իսկ այն ավետարանը, որի վրա երդվել էր Արշակ թագավորը, Շապուհը հրամայում է կապել երկաթե լարերով, իր մատանիով կնքում և հատուկ հսկողության տակ պահել է տալիս արքունի գանձարանում։

ՎԱՐԴԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Շապուհը Արշակի անակնկալ փախուստի առթիվ Մամիկոնյան Վարդանին հատուկ հրովարտակով պատգամավոր է ուղարկում Արշակի մոտ և հադորդում հետևյալը։ «Ինչ որ մեր մեջ եղավ՝ եղավ, քո գործած հանցանքը մոռացության եմ տալիս, ներում, բայց դու այսուհետև հաստատ մնա ուխտիդ, մի դրժիր երդումդ, որ տվեցիր քո քրիստոնեական հավատով։ Իսկ եթե կդրժես, դու գիտես, պարտական կմնաս քո հավատին»։

Արշակ թագավորը սիրով լսում, ընդունում է այդ պատգամը, համաձայնում Շապուհի առաջարկած խաղաղության ուխտին։ Ապա նա ազատ է արձակում Վարդան նահապետին, որ գնա իր տունը, երկար ճանապարհի հոգնածությունից հանգստանա։
Վարդանի գնալուց հետո թագավորի մոտ է գալիս Վասակ զորավարը և իմանալով եդբոր գալու նպատակը, սկսում է թագավորին գրգռել եղբոր դեմ.

— Այդ Վարդանն էր, թագավոր, որ քեզ երդումով կախման մեջ դրեց պարսից թագավորից և ուզում էր քեզ կորցնել տալ։ Եթե դու չշտապես, նրան մեջտեղից չվերացնես, ապա թե դու կկործանվես և թե ամբողջ Հայոց աշխարհը։

Խոսակցությանը ներկա էր նաև Փառանձեմ թագուհին, որը դեռ ոխ էր պահում Վարդանի դեմ իր առաջին ամուսնու՝ Գնելի անմեղ սպանության համար։ Փառանձեմը հաստատում է Վասակի ասածները և ավելի գրգռում թագավորին Վարդանի դեմ։ Նրանք համոզում են Արշակին, զորք են գումարել տալիս և Վասակի գլխավորությամբ ուղարկում Վարդանի վրա։

Վարդանը գտնվում էր Տայքում, Էրախանի կոչված ամուր բերդում։ Երբ արքունի զորքը Վասակի գլխավորությամբ հասնում է Տայք, Վարդանի մարդիկ չեն կասկածում զորքի անակնկալ ժամանման համար, մտածելով, որ Վասակի գունդն է եկել եղբոր մոտ բարեկամական այցով։

Ամառ էր, Վարդանը վրան էր զարկել բերդի տակ գտնվող ձորում և այնտեղ էր մնում։

[էջ 118]

Վասակի զինվորները ծածուկ զինված էին և վրայից սովորական զգեստ էին հագել։ Նրանք հասնում են վրանի դուռը այն ժամանակ, երբ Վարդանը դրսում կիսամերկ կռացած՝ գլուխն էը լվանում։ Մինչ նա կռացել էր, ոը գլխին ջուը լցնեն, Վասակի զինվորները մոտենալով՝ մերկացնում են սրերը, չեն թողնում անգամ գլուխը բարձրացնի, կողքից սրերով խփում, սպանում են նրան։

Այդ պահին Վարդանի հղի կինը նստած էը բերդի պատշգամբում իր բազմոցին։ Հանկարծ ձորից լսում է սարսափելի ճիչ. կինը բազմոցից վայը է ցատկում, վազում դեպի դուռը, հուզմունքից տեղնուտեղը ծննդաբերում։ Երեխային հոր անունով կոչում են Վարդան։

ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԿՈՏՈՐԱԾԸ

Արշակը չէր մոռացել Արշակավանի կործանումն ու բնաջնջումը և հարմար առիթի էր սպասում իր վրեժը նախարարներից լուծելու համար։

Երբ Ներսես կաթողիկոսը Գնելի սպանության առթիվ նրանից ընդմիշտ հեռանում է, և այլևս չկար մեկը, որ խրատեր, հանդիմաներ թագավորին, կանխեր նրա ապօրինությունները, Արշակն իրեն ավելի ազատ ու ինքնագլուխ է զգում և վճռում իր ոխը հանել։ Նա նախարարներին հրավիրում է իր մոտ՝ Արմավիրի լքված պալատը, իբրև բարեկամների մեծարելու և հյուրասիրելու պատրվակով։ Երբ նախարարները ժամանում են, Արշակը բոլորին կոտորել է տալիս, բնաջնջում շատ նախարարական տոհմեր, նրանց կալվածքները բռնագրավում, միացնում արքունական տիրույթներին։ Նա հիմնովին բնաջնջում է Շիրակի և Արշարունիքի տերեր Կամսարականներին, որոնք ուժեղ դիմադրություն են ցույց տալիս Արշակին։ Վերջինս սեփականացնում է Արշարունիքում գտնվող նրանց կուռ և անառիկ Արտագերս ամրոցը և ամբողջ գավառը հատկացնում այդ բերդին, դարձնում արքունի համբարանոց1։ Կամսարականների ցեղից, Վասակ սպարապետի ջանքերով, փրկվում է միայն մի երեխա՝ Սպանդարատ անունով, որին Վասակը փախցնում, տանում է Տարոնի կողմերը, և որը հետագայում ժառանգում է իր նախկին հայրենական կալվածքները։

Թագավորից ապստամբում և Պարսկաստան են ապաստանում Արծրունյաց նախարարական տան նահապետ Մեհրուժանը և նրա քրոջ ամուսին Վահան Մամիկոնյանը։

ԱՐՇԱԿ ԵՎ ՇԱՊՈՒՀ

Երբ Արշակն իր երդումն անարգում է և գաղտնի փախչում Պարսկաստանից, Շապուհը չի թշնամանում Արշակի դեմ, որովհետև ինքը պատերազմի մեջ էր հույների հետ և չէր ուզում իրեն չորս կողմից թշնամիներով շրջապատել։ Բայց հույն-պարսկական պատերազմը շատ է երկարում, և Արշակը համոզվում է, որ այդ կռվող կողմերից մեկը մի օր իրեն օգնության կկանչի։ Արշակն, իհարկե, ներքուստ հակված էր դեպի հույները և սպասում էր նրանց դիմումին։ Բայց հույները բանի տեղ չեն դնում Արշակին և ոչ էլ նրան օգնության որևէ ակնարկ անում։ Այդ բանը ներքուստ վշտացնում և վիրավորում է Արշակի ինքնասիրությունը։ Այդ ժամանակ պարսից Շապուհ թագավորը դեսպաններ է առաքում Արշակի մոտ, հիշեցնում իրենց ուխտն ու երդումը, ասում.

— Բարեհաճիր, եղբայր, այս պատերազմում ինձ օգնել, քո զորքով եկ ինձ օգնության։ Եթե դու մեր կողմը լինես, համոզված եմ, հաղթությունը մերը կլինի։

Արշակը ինքնագոհ ուրախությամբ ընդունում է Շապուհի առաջարկը և խոստանում շուտափույթ օգնության հասնել։ Նա հրամայում է Վասակ սպարապետին զորք գումարել և պատրաստվել կռվի։ Վասակն իսկույն անցնում է թագավորի հրամանի կատարմանը։ Նա շուտով հավաքում է չորս հարյուր հազար զինվորներից բաղկացած լավ սպառազինված զորք, կազմված քաջ ու ընտիր ռազմիկներից՝

-----------------------------

1 Զանազան մթերքներ պահելու շենք, շտեմարան։

[էջ 119]

զինված նիզակներով, սրերով, աղեղներով, սակրերով, վաղրերով, դիպուկ նետաձիգներից, որոնք բնավ չէին վրիպում իրենց նշանակետից, բոլորն էլ թշնամաց երես չդարձնող քաջասիրտ կռվողներ։ Իսկ հեծելազորը զրահավորված էր պահպանակներով ու սաղավարտներով, կրում էր իրենց բոլոր դրոշներն ու զինանշանները և ռազմի բազմաձայն փողեր։

Արշակ թագավորը բազմաթիվ նախարարների և զորքի հետ իջնում է Աղձնիք1, Աղձնիքի միջով անցնում, ներխուժում Արուաստանի աշխարհը2 և բանակ զարկում Մծբին քաղաքի դիմաց, ուր պետք է տեղի ունենար ճակատամարտը։

Երբ հայոց զորքը գալիս հասնում է ճակատամարտի վայրը, հունաց զորքերն արդեն այնտեղ էին խմբվել ու բանակել, իսկ պարսից զորքը տակավին տեղ չէր հասել։ Հունաց զորքը այնքան բազմաթիվ էր, որ եկել կիտվել էր այնտեղ, ինչպես ավազը ծովափին և սպասում էր պարսիկներին։ Պարսից զորքն ուշանում էր, իսկ հայ զինվորներն սկսում էին պարապությունից նեղվել։ Նրանք այլևս չեն համբերում և կամենում են ժամ առաջ հարձակվել հունաց զորքի վրա։ Հայոց զորագնդերից յուրաքանչյուրը ինքնակամ ու համարձակ ռազմի ցույցեր էր անում, իսկ Վասակ զորավարը դարձել էր զորքից ավելի անհամբեր, անհամբերությունից կտրում էր սանձերը, չէր կամենում սպասել պարսից զորքերի ժամանմանը։

Հայոց ամբողջ զորքը գալիս կանգնում է Արշակ թագավորի առաջ և խնդրում, որ չսպասեն Շապուհ թագավորին, այլ թույլ տա՝ հենց հիմա հարձակվել հույների վրա, քանի որ իրենք մաշվում են օտար աշխարհում պարապ նստելուց և ժամանակ վատնելուց։

Արշակը, անսալով զորքի թախանձանքին, հրաման է տալիս ճակատամարտը սկսել։ Մեծ Հայքի զորավար Վասակ սպարապետն անմիջապես անցնում է մարտի պատրաստության, դասավորում զորքն ըստ գնդերի ու զորատեսակների և սահմանված ժամին հարձակվում հունաց բանակի վրա։ Հայոց զորքը հակառակորդի մինչև վերջին զինվորը կոտորում ու սրի է անցկացնում, և հունական զորքից այնքան ավար ու գանձեր առնում, որ լիուլի բավարարում է բոլոր զինվորներին։

Հույներին ջախջախելուց հետո Արշակ թագավորն իր զորքով մնում է տեղում, սպասելով պարսից թագավորին։ Վերջապես գալիս է Շապուհ թագավորը անթիվ ու անհամար զորքով։ Գալիս, տեսնում է հայ քաջերի գործած աներևակայելի սխրանքը և մնում զարմանքից հիացած։ Նա մեծ պատիվներ է տալիս հայոց Արշակ թագավորին, բոլոր մեծամեծներին և Վասակ սպարապետին։ Այնուհետև Շապուհը դիմում է պարսից զորքին.

— Ի՞նչ եք կարծում, ի՞նչ արժանի պարգևներ կամ ինչպիսի փոխհատուցում կարող ենք մենք տալ հայոց Արշակ թագավորին այսպիսի մեծագործություն կատարելու համար, այսպիսի քաջություն ցույց տալու համար, այսպիսի հզոր թշնամու ջախջախելու համար, այսպիսի անակնկալ ճակատամարտ մղելու համար, այսպիսի ճակատամարտում հաղթելու համար, մեզ համար այսպիսի անուն վաստակելու համար։

Համոզված եմ, որ եթե միայն մենք լինեինք արյաց զորքով հույների դեմ կռվողները, հազիվ թե կարողանայինք այսպիսի հաջողության հասնել։ Մենք մեր հույսը դրել էինք հայոց և պարսից միացյալ ուժերի վրա։ Իսկ հայոց թագավորն, ահավասիկ, միայն իր զորքով մեր փոխարեն կռվի դուրս եկավ և այնպիսի քաջության գործեց, որ ուրիշ մեկը անկարող էր։ Արդ, ի՞նչ բարիքներով կարող ենք նրա այս մեծագործությանը հատուցել։

Պարսից նախարարները պատասխան են տալիս Շապուհին, ասում.

— Ինչ որ կամենաս, թագավոր, ինչով որ կամենաս՝ կարող ես նրան գոհացում տալ։ Ոսկիդ ու արծաթդ՝ շատ, կերպասներդ ու մարգարիտներդ՝ շատ, տուր, ինչ որ սրտիցդ անցնում է։

Շապուհը պատասխանում է, իր իշխաններին.

— Արդ, ինչ որ դուք ասում եք, սեր չէ. եկեք, անխզելի սեր հաստատենք հայոց Արշակ թագավորի հետ, այնպիսի սեր, որ նա մինչև վերջ անբաժան մնա մեզանից։ — Ես, — ասում է, նա, — հայոց Արշակ թագավորին կնության կտամ իմ դստերը և այնպիսի մեծ կալվածք կտամ նրան, որ Հայաստանից

-------------------------------

1 Հայկական հնագույն աշխարհներից մեկը, գտնվում էր Մեծ Հայքի հարավ-արևմուտքում, Միջագետքից դեպի հյուսիս արևմուտք և մտնում էր Մեծ Հայքի կազմի մեջ:

2 Գտնվում էր հյուսիսային Միջագետքում, Աղձնիքից հարավ:

[էջ 120]

մինչև մեզ մոտ հասնելը՝ նա իջևանի իր կալվածքում։ Իսկ Վասակ սպարապետին, մյուս մեծամեծներին ու զորապետներին կտանք ոսկի, արծաթ, կերպաս և մարգարիտ։

Բոլոր մեծամեծներն ու խորհրդակիցները հավանություն են տալիս իրենց թագավորի այս ցանկությանն ու առաջարկին։

Պարսից Շապուհ թագավորն սկսում է ստիպել ու թախանձել հայոց Արշակ թագավորին, իր հետ գնալ Պարսկաստան՝ Տիզբոն, որպեսզի նրան այնտեղ մեծ շուքով ու փառքով իրեն փեսայացնի։ Սակայն թե Արշակ թագավորը և թե հայոց զորքը ձանձրալի են համարում այդքան երկար ճանապարհ գնալը, մանավանդ, որ ամեն մեկը, հայ մարդու բնական սովորությամբ, կարոտել էր իր տունուտեղին։

Արշակի հետ հայոց զորքի մեջ էր գտնվում նաև Սյունյաց գավառի Անդոկ նահապետը՝ Փառանձեմի հայրը։

Երբ Անդոկն իմանում է, որ պարսից թագավորն ուզում է իր աղջկան կնության տալ Արշակ թագավորին, շատ է վախենում և ընկնում մտատանջության մեջ։ Նա գիտեր, որ եթե Արշակը կին առնի պարսից թագավորի դստերը, ապա իր դուստրը՝ Փառանձեմը, կանարգվի։ Եվ Անդոկը վճռում է ամեն կերպ խափանել հայոց և պարսից թագավորների միջև եղած սերն ու միաբանությունը։ Ամենից առաջ Անդոկը կաշառում է Վասակ զորավարին։ Նա Վասակին շատ ոսկի է տալիս, ապա կաշառում է նաև հայոց մյուս բոլոր մեծամեծներին։ Բոլորն էլ, ոսկու փայլից շլացած, համաձայնում են ամեն կերպ խզել տալ երկու թագավորների միջև եղած սերը։ Այնուհետև Անդոկը իր դավին մասնակից է դարձնում պարսից թագավորի մերձավոր ավագներից մեկին։ Անդոկը նրան անչափ ու անհամար ոսկի է տալիս, խնդրում, որ նա որևէ միջոցով տարաձայնություն հարուցի Արշակի և Շապուհի միջև։ Անդոկը պայմանավորվում է պարսիկ այդ ավագ մեծամեծի հետ, որպեսզի նա գուշակի կերպարանքով ներկայանա Արշակ թագավորին և ասի. «Գլխիդ ճարը տե՛ս, պարսից թագավորը քեզ նախանձում է քո տարած հաղթանակի համար և միտք ունի քեզ բռնել ու սպանել»։ «Երբ դու այդ կասես, — խրատ է տալիս նրան Անդոկը, — ապա Արշակ թագավորին կառաջարկես, որ մեզ՝ բոլոր ավագներիս, թող խորհրդի կանչի։ Մենք կգանք և քո ասածները կհաստատենք»։

Պարսից թագավորի խորհրդակիցը գալիս է Արշակ թագավորի մոտ և անում այն ամենը, ինչ պատվիրել էր նրան Անդոկը։ Նա ասում է Արշակին.

— Արշակ թագավոր, գլխիդ ճարը տես, պարսից Շապուհ թագավորը մտադրվել է քեզ բռնել ու սպանել։

Արշակն այս անակնկալ հայտնությունից մնում է ապշած։

— Իմ արած այդքան մեծ ծառայության հատուցումը միթե այս էր լինելու,— տարակուսած ու զարմացած հարցնում է նա։

Արշակն իր մոտ շտապ խորհրդի է կանչում իր բոլոր մեծամեծներին, խորհրդականներին, Վասակ սպարապետին, իր աներոջը՝ Անդոկին, բանակում եղած բոլոր նախարարներին և նրանց

[էջ 121]

հայտնում այն ամենը, ինչ լսել էր Շապուհի պարսիկ խորհրդականից։ Հրավիրվածները բոլորը միաբերան հաստատում են այդ և ասում.

— Մենք այդ բանը վաղուց էինք լսել, սակայն քեզ չէինք համարձակվում ասել։ Ինչ որ ասացիր՝ հաստատ բան է։ Հիմա, թագավոր, տես, մտածիր և գործիր այնպես, որ կարողանաս քեզ փրկել, և մեզ։

Արշակը համոզվելով Շապուհի դավադրության իսկությանը, մեծաքանակ ոսկի ու արծաթ է պարգևում պարսից խորհրդականին այդ կարծեցյալ դավադրությունը բացելու համար, ապա հրամայում է զորքին՝ կազմակերպվել, պատրաստվել։
Եվ մի գիշեր, երբ բոլորը խաղաղ քնած էին, հայոց բանակում ինչքան որ մարդ կար, Արշակի հրամանով ոտքի են ելնում, բանակատեղում իրենց վրանները, խորանները1, իրերն ու ունեցվածքը, ամեն ինչ թողնում նույնությամբ իրենց տեղերում, հեծնում ձիերը և պարսիկներից գաղտնի սուսուփուս հեռանում։

Առավոտյան, երբ, ըստ սովորության, գալիս է պարսից թագավորին բարի լույս մաղթելու ժամը, բոլոր մեծամեծներն ու իշխանները գնում են Շապուհին բարի լույս մաղթելու։ Մաղթանքին չեն ներկայանում հայոց թագավորն ու մեծամեծները: Երբ նրանք շատ են ուշանում, Շապուհը հրամայում է իր մարդկանց, որ գնան տեսնեն, թե ինչ է պատահել հայոց թագավորին, որ այդքան ուշացավ։ Գնում տեսնում են, որ հայոց բանակատեղում ամեն ինչ կանգուն՝ վրանները, խորանները, բազմոցները, հովանոցները, անկողինները, կահկարասին, անգամ ավար վերցրած գանձերը իրենց տեղերում, են, բայց մեջը դատարկ, ոչ ոք չկա։

Շապուհի մարդիկ գալիս են և իրենց տեսածը պատմում են թագավորին։ Շապուհը, երբ այդ ամենը լսում է, խելոք մարդ է լինում, իսկույն եղելությունը հասկանում է.

— Հայոց թագավորի այս փախուստն, — ասում է նա, — իմ մարդկանցից է եղել, մեր արքունի դռան մարդիկ են եղել Արշակին վախեցնողներն ու փախցնողները։

Ապա Շապուհը իր ավագ մեծամեծներից շատերին ձիերով պատվիրակ է ուղարկում Արշակի հետևից, սիրո և միաբանության անկեղծ երդում տալիս, խնդրում, որպեսզի հետ դառնա, միասին քննեն ու տարզեն չարախոսությունները և պատժեն նենգ ու տիրադավ բանսարկուներին։

Բայց հայոց թագավորը լսել չի ուզում պարսից թագավորի պատգամը և այլևս չի վերադառնում Պարսից աշխարհ։ Այդ օրից սկսած թշնամությունը խորանում է Հայաստանի ու Պարսկաստանի միջև, բազում ընդհարումներ, կռիվներ, ճակատամարտեր են լինում և ծագում է մի մեծ պատերազմ հայոց Արշակ թագավորի և պարսից Շապուհ թագավորի միջև, որը տևում է ավելի քան երեսուն տարի։

ԱՐՇԱԿԻ ՄՂԱԾ ԵՐԿԱՐԱՄՅԱ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԸ ՇԱՊՈՒՀԻ ԴԵՄ

Արշակի գաղտնի փախուստից հետո պարսից թագավորը ութ տարի լուռ է մնում։ Որովհետև Շապուհը հունաց թագավորների դեմ ծանր ու երկարատև պատերազմների մեջ էր, ուստի նա ոչ միայն հայոց Արշակ թագավորի նկատմամբ առայժմ թշնամություն չէր ցույց տալիս, այլ, ընդհակառակը, շարունակ պատվիրակներ էր ուղարկում Արշակի մոտ, խնդրում, աղաչում, որ իրար դաշնակից լինեն, սիրով ու խաղաղությամբ հաշտ ապրեն։ Սակայն հայոց Արշակ թագավորը ամենևին չի ուզում նրան լսել, ոչ էլ նրա մոտ գնալ, ոչ պատվիրակներ ու պարգևներ ուղարկել, նրա անունն իսկ լսել չէր կամենում։

Հույն-պարսկական կռիվներն ի վերջո ավարտվում են պարսիկների հաղթանակով, և հունաց թագավորը նեղն ընկնելով, խաղաղության դաշնագիր է կնքում Շապուհի հետ և նամակով դիմում նրան այսպես.

«Քեզ եմ տալիս Արուաստանում գտնվող Մծբինը և Ասորոց Միջագետքը. Հայաստանի ներքին նահանգներից էլ ձեռ եմ քաշում, եթե կարող ես հայերին հաղթիր և նվաճիր քո իշխանության տակ, ես նրանց օգնություն չեմ ցույց տա»։

------------------------------

1 Խորանը նույնպես վրան էր, բայց մեծ, ընդարձակ, ներսից զարդարված, ներսում բոլոր հարմարություններն ունեցող շքեղ օթևան, հատկացվում էր թագավորներին ու մեծամեծներին։

[էջ 122]

Հույն թագավորներին հաղթելուց և նրանց հետ խաղաղություն հաստատելուց հետո պարսից Շապուհ թագավորը կարգի է բերում իր զորքերը, նախապատրաստվում և պատերազմի է ելնում հայոց Արշակ թագավորի վրա։

Հայոց թագավորի սահմանապահները, որոնք նստում էին Ատրպատականի Գանձակում1, վաղօրոք Արշակ թագավորին տեղեկացնում են Շապուհի հարձակման նախապատրաստության մասին։

Արշակն այդ իմանալով, իսկույն հրաման է տալիս Վասակ սպարապետին՝ իր բոլոր զորքերը կազմակերպել և Շապուհի դեմ ելնել Հայաստանի սահմաններից դուրս։ Վասակն արագությամբ ի մի է հավաքում հայոց զորքերը, զորահանդես կատարում։ Նրա հրամանատարության տակ են հավաքվում շուրջ 60 բյուր2 հեծյալ, բոլորն էլ լավ զինված, քաջասիրտ, միաբան ու նվիրված նիզակավորներ։ Վասակը նրանց գլուխն անցած, առաջ է շարժվում, և Շապուհը իր զորքով դեռ Ատրպատականի սահմանը չհասած, պարսից հողում ընդհարվում է Շապուհի զորքի հետ։ Վասակն իր անվեհեր մարտիկներով իսպառ կոտորում է պարսից զորքերին, բոլորին բնաջնջում։ Կոտորածից ազատվում է միայն Շապուհ թագավորը, որը մեկ ձիով փախչում, գնում է իր երկիրը։ Հայոց զորքը մտնում է Պարսկաստան, գերում, կոտորում, այրում, ավարի ենթարկում Պարսից աշխարհը և հաղթանակով վերադառնում։

ՇԱՊՈՒՀԻ ԵՐԿՐՈՐԴ ԱՐՇԱՎԱՆՔԸ

Առաջին պարտությունից հետո Շապուհը փախչում է Պարսկաստան, հավաքում իր զորքերի անթիվ ու անհամար բազմությունը, ինչպես ավազը՝ ծովափին, հավաքում է անթիվ ու անհամար փղեր և զորքը բաժանում երեք մասի։ Երկու զորաբանակների հրամանատարներ է նշանակում Անդիկանին և Հազարավուխտին, իսկ մյուս զորաբանակի գլուխն անցնում է Շապուհն ինքը և հրամայում՝ երեք տարբեր տեղերից մտնել և ասպատակել Հայոց աշխարհը։

Շապուհի այս արշավանքի նախապատրաստման մասին ևս նախօրոք իմանում է Արշակ թագավորը։ Նա Վասակ սպարապետի միջոցով երկրից անթիվ ու անհաշիվ զորք է հավաքում և շտապում կանխել Շապուհի մուտքը Հայոց աշխարհ։ Սակայն ինչքան էլ շտապում են, չեն հասցնում կանխել հարձակումը, և պարսից զորքերը երեք տարբեր ուղղություններով մտնում են Հայաստան։

Արշակ թագավորը ես իր զորքերը բաժանում է երեք զորաբանակի, մեկը հանձնում Վասակ զորավարին, մյուսը՝ նրա Բագոս անունով եղբորը, մի չտեսնված քաջ ու անվեհեր մարդու, բայց խելքով փոքր-ինչ պակասամիտ, իսկ մյուս զորաբանակի գլուխն անցնում է Արշակն ինքը և հրամայում առաջ շարժվել, գնալ, դեմառդեմ ճակատել պարսից զորքերին։

Վասակ սպարապետը վերցնելով իր զորաբանակը, գալիս և Վանանդ գավառում3 հանդիպում է Հազարավուխտի զորքերին։ Նա հարձակվում է պարսից զորքերի վրա, ցրում, հալածում, հասնում կոտորում է բոլորին։ Հազարավուխտի զորքից ոչ մեկը կենդանի չի պրծնում, Վասակը մինչև վերջին մարդը սպանում է, վերցնում է մեծ ռազմավար և փղերի վիթխարի բազմություն։

Նույն ամսի, նույն շաբաթվա նույն օրը Բագոսը իր զորքերի գլուխն անցած գալիս, Բզնունյաց ծովափին հանդիպում է պարսից զորավար Անդիկանի զորաբանակին, որ եկել խռնվել ու ճամբար էր դրել Առեստի արքայական ձկնորսարանում։ Երբ պարսից զորքերն իմանում են հայոց զորքերի մոտենալու մասին, պատրաստվում են ճակատամարտի։ Բագոսն իր զորաբանակով գալիս և անմիջապես հարձակվում է պարսից զորքի վրա, բոլորին կոտորում, այդ թվում նաև նրանց զորավար Անդիկանին։ Բագոսի դեմ է ելնում փղերի գունդը։ Փղերից մեկը շքեղ զարդարված էր և կրում էր արքունական նշաններ։ Բագոսը կարծելով, թե այդ փղի վրա է նստած պարսից թագավորը, արագ ձիուց իջնում է, սուրը

----------------------------------

1 Գտնվում էր հին Ատրպատականում, Թավրիզից հարավ, այժմյան Թախտի Սուլեյման բնակավայրի տեղում։ Արշակունիների ժամանակ Հայաստանի արևելյան սահմանը Կասպից ծովի արևմտյան ափերից իջնելով, հասնում էր մինչև այդտեղ։

2 Վեց հարյուր հազար։

3 Գավառ Այրարատյան նահանգում, համապատասխանում է այժմյան Կարսի և Սարիղամիշի շրջաններին։

[էջ 123]

քաշում, մտնում փղի տակ, սուրը փղի փորը խրում։ Բագոսը չի հասցնում փղի տակից դուրս գալ, փիղն ընկնում է իր վրա, ճզմվում, մեռնում է։

Նույն ամսի, նույն շաբաթվա նույն օրը Արշակ թագավորը գալիս, Բասեն գավառի Ոսխա կոչված տեղում հանդիպում է պարսից Շապուհ թագավորի զորքին։
Արշակը գիշերով հարձակվում է Շապուհի բանակի վրա, բոլորին կոտորում, միայն Շապուհին է հաջողվում մազապուրծ եղած՝ ձիով փախչել, իրեն գցել Պարսից աշխարհը, ազատվել։

Հայոց երեք զորաբանակների հաղթության ավետաբերները գալիս, մի տեղում հանդիպում են միմյանց, շնորհավորում իրենց տարած հաղթանակը, որի ժամանակ զոհվել էր միայն Բագոսը։ Հայոց զորքերը միանում են իրար, արշավում Պարսից աշխարհը, հասնում մինչև Խարտիզանի կողմերը, ավերում, ասպատակում երկիրը, մեծ քանակությամբ գանձեր, զենքեր, զարդեր ավարի ենթարկում, լիանում են ու հարստանում։

ՄԵՀՐՈՒԺԱՆ, ՇԱՊՈՒՀ ԵՎ ԱՐՇԱԿ

Արշակ թագավորի դեմ ապստամբած և Պարսկաստանում ապաստանած Մեհրուժան Արծրունին ներկայանում է Շապուհ թագավորին, երդումով ուխտ դնում, որ հավիտյան հպատակ ու հավատարիմ կմնա Շապուհ թագավորին։ Իր հավատարմությունն ապացուցելու համար Մեհրուժանը հրաժարվում է քրիստոնեությունից, ընդունում պարսիկների զրադաշտական կրոնը1, երկրպագում ու պաշտում արեգակին ու կրակին, ինչպես պարսիկները։ Նա խոստանում է Շապուհին, որ եթե նա կարողանա հաղթել Արշակ թագավորին, նվաճել Հայոց աշխարհը, ապա ինքը կվերադառնա իր հայրենիքը, իր սեփական տունը, իր տանը ատրուշան կշինի և կդարձնի կրակապաշտության տուն։

Շապուհը վստահում է Մեհրուժանի ուխտին ու երդումին, նրան կնության է տալիս իր Որմիզդուխտ քրոջը, նրան հրովարտակներով մեծ արտոնություններ է շնորհում, բազմաթիվ գյուղեր, դաստակերտներ ու կալվածքներ նվիրում Պարսկաստանում։ Շապուհը Մեհրուժանին է խոստանում տալ նաև հայոց թագավորությունը, եթե միայն նա կարողանա հնազանդեցնել նախարարներին և Հայոց աշխարհում տարածել մազդեզական կրոնը։

Մեհրուժանը վստահեցնում է Շապուհին, որ ինքը նրա բոլոր հույսերը կարդարացնի գործով։

Մեհրուժանը Պարսկաստանում մեծ զորք է հավաքում, ինքը անցնում պարսից զորաբանակի գլուխը, հանկարծակի հարձա-

--------------------------------

1 Մազդեզական կամ զրադաշտական կրոնը հին պարսիկների կրոնն էր, որի հիմքն էր կազմում բնության երևույթների՝ արեգակի, կրակի, լույսի, ջրի պաշտամունքը։ Մազդեզական անունն առաջացել է նրանց գերագույն աստծո՝ Ահուրամազդայի անունից, իսկ զրադաշտությունը՝ այդ կրոնի հիմունքներն ու կանոնները մշակոզ Զրադաշտ մոգի անունից։

[էջ 124]

կում գործում Հայոց աշխարհի վրա, մտնում իր սեփական հայրենիքը, ոտնակոխ անում այն, անխնա հրի ու սրի մատնում այն ամենը, ինչ պատահում է։ Նա արագությամբ գրավում է Հայաստանի վերին գավառները, տղամարդկանց փղերի ոտնատակ տալիս, կանանց սայլերի ցցերի վրա բարձրացնելով՝ սպանում, նախարարների կանանց բռնում, բանտարկում է բերդերում, հուսալով ամուսիններին հավատափոխել։ Եպիսկոպոսներին ու քահանաներին բռնում, կապում, ուղարկում է Պարսկաստան, ինչ գիրք որ գտնում է հունարեն լեզվով, այրում է և հրամայում հունարեն գրագիտություն չսովորել, այլ միայն պարսկերեն1, որպեսզի խափանի քրիստոնեությունը և տարածի պարսից կրոնը։

Հայոց Արշակ թագավորն այդ ժամանակ գտնվում էր Հայաստանի ստորին գավառներում՝ Անգեղ տանը2, և զբաղված էր արքայական զորքերին ուտեստ հայթայթելով։

Վասակ սպարապետը աճապարում է զորք հավաքել, նա հավաքում, կազմակերպում, կարգի է բերում շուրջ տասը հազար քաջ ու ընտիր հեծյալներից բաղկացած հեծելազոր, անցնում է զորքի գլուխը և փութով արշավում պարսից զորքի վրա։ Երբ պարսից թագավորի զինվորներն իմանում են, որ իրենց վրա է գալիս Վասակ սպարապետը, կողոպտում են իրենց ձեռքի տակ եղած գավառների մնացած բնակչությանը, մեծ մասին գերի վերցնում և իրենց հետ առնելով, շտապ փախչում են իրենց երկիրը։ Վասակ Մամիկոնյանը հետապնդում է պարսից զորքին և Ատրպատականի սահմանն անցնելիս՝ հասնում նրանց։ Պարսից զորքերը հայ գերիներին թողնում են և Մեհրուժանի հետ փախչում, ազատվում։ Վասակը անչափ ու անհամար գերիների բազմություն է ազատում պարսիկներից և խաղաղությամբ վերադառնում Արշակ թագավորի մոտ։

Բայց Մեհրուժանը դրանով չի բավարարվում։ Նա պարսից Շապուհ թագավորին գրգռում ու լարում է Արշակ թագավորի դեմ, հրահրում նոր պատերազմի։ Շապուհը անսալով Մեհրուժանի չարամիտ խորհուրդներին, զորք է հավաքում, միաժամանակ լրտեսներ ուղարկում Հայոց աշխարհ՝ հետևելու Արշակ թագավորի գործողություններին։

Մինչ Արշակ թագավորր իր զորքով գտնվում էր Ատրպատականի սահմանի մոտ, այդ կողմերից սպասելով պարսիկների հարձակմանը, պարսից զորքերը Մեհրուժանի առաջնորդությամբ և Շապուհի գլխավորությամբ շուռ են գալիս և բոլորովին հակառակ կողմից մտնում Հայոց աշխարհ։ Նրանք անցնում են Աղձնիքով, Մեծ Ծոփքով, Անգեղ տանով, Անձիտ գավառով, Մզուրով, Դարանաղիով, Եկեղյաց գավառով։ Պարսից Շապուհ թագավորն անթիվ ու անհամար զորքով մտնում է այս գավառները, հեղեղի նման տարածվում։ Պարսից զորքերը կրակի ու ավերի են ենթարկում երկիրը, անթիվ, անհամար մարդկանց սրի քաշում, կանանց ու երեխաներին սայլերի ցցերի վրա հանում, մի մասին էլ գցում են կամերի տակ, կալսելով սպանում, տղամարդկանց բազմություններ գցում են փղերի տակ, ոտնատակ անում, մեծ քանակությամբ անչափահաս երեխաների գերի տանում։

Նրանք ավերում են շատ ամրոցներ, քանդում շատ անառիկ բերդեր, գրավում են Աղձնիքում գտնվող Տիգրանակերտ քաղաքը, բնակչության մեծ մասին կոտորում, քառասուն հազար ընտանիք գերի տանում։ Գալիս պաշարում են Անգեղ ամուր բերդը, ուր կային հայոց Արշակունի շատ թագավորների գերեզմաններ և վաղուց ի վեր պահված շատ գանձեր։ Սակայն բերդի անառիկության պատճառով պարսիկները չեն կարողանում այն գրավել, թողնում հեռանում են։ Այդպիսի շատ բերդեր պարսիկների համար մնում են անառիկ։ Նրանք Մեհրուժանի չար խորհրդով գալիս են Դարանաղիի Անի ամրոցը, ուր թաղված էին հայոց քաջ Արշակունի թագավորները և պահվում էին արքունի գանձերը։ Պարսիկները մեծ դժվարությամբ պարիսպներով բարձրանում են բերդը, կործանում պարիսպները, դուրս են բերում անթիվ ու անհամար գանձեր։ Նրանք բացում են թագավորների գերեզմանները, հանում ոսկորները և գերի տանում։ Չեն կարողանում բանալ միայն Սանատրուկ թագավորի շիրիմը, իր հսկայակառույց, մեծ քարերից պինդ ու ճարտար շինված լինելու պատճառով։

----------------------------------

1 Այդ ժամանակ հայերը դեռևս սեփական գիր ու գրականություն չունեին, դպրոցներում ուսուցանվող լեզուները հունարենն ու ասորերենն էին, եկեղեցում ժամասացությունն ու կարգը կատարվում էր հունարեն կամ ասորերեն, իսկ պաշտոնական գրագրությունը՝ հունարեն և պարսկերեն։

2 Գավառ Չորրորդ Հայքում, տարածվում էր Մեծ Ծոփքից արևելք, Զիբենե գետի վրա ընկած լեռնային շրջանում։

[էջ 125]

Պարսից զորքերը Դարանաղիից շարժվում են դեպի Բասենի կողմերը, նպատակ ունենալով թիկունքից հարձակվել թագավորի զորքերի վրա։

Այդ ժամանակ գուժկան է գալիս հայոց Արշակ թագավորի մոտ, հայտնում, թե.

— Դու այդտեղ Ատրպատականում նստած, թշնամուն սպասում ես դիմացից, իսկ թշնամիները անցել են քո թիկունքը, ավերում ու կոտորում են երկիրը և հիմա գալիս են քեզ վրա։

Արշակ թագավորն ու Վասակ սպարապետը լսելով այս անակնկալ գույժը, շտապ զորահանդես են անում։ Վասակ զորավարի ձեռքի տակ այդ ժամանակ կազմ ու պատրաստ կային վաթսուն հազար զինվորներ, բոլորն էլ ընտիր պատերազմողներ, միաբան, միասիրտ, հոժարակամ բոլորն էլ պատրաստ պատերազմի, հանուն իրենց կանանց ու երեխաների, հանուն իրենց հայրենիքի, իրենց հավատի ու եկեղեցու, հանուն իրենց բնիկ տերերի՝ Արշակունիների։ Նրանք պատրաստ էին իրենց կյանքը զոհելու նրանց բոլորի համար, որովհետև թշնամին անգամ իրենց թագավորների ոսկորներն էր հանել և բազում ժողովուրդ տեղահան արած, գերության էր տանում։

Վասակ զորավարն իր վաթսուն հազար քաջերի գլուխն անցած առաջ է շարժվում, Ատրպատականի մի ամուր բերդում թողնելով Արշակ թագավորին իր սպասավորներով։ Վասակն իր զորքով գալիս հասնում է Հայաստանի միջնաշխարհը՝ Այրարատյան գավառը, ուր պարսից զորքը, ինչպես ծովի ավազ կուտակվել ու բանակ էր դրել։

Պարզելով թշնամու զորքերի դասավորությունը, Վասակը գիշերով անսպասելի գրոհում է պարսից բանակի վրա, բոլոր զորքերին սրի քաշում, և պարսից թագավորը հազիվ ճողոպրելով, մի ձիով փախչում, ազատվում է։ Ուրիշ փախչողներ էլ են լինում, որոնց հետապնդում են հայ զինվորները, կոտորում։ Դավաճան Մեհրուժանին ևս հաջողվում է փախչել ու ազատվել։

Հայոց զորքը պարսիկներից հետ է խլում նրանց հափշտակած թալանն ու ավարը, հայոց գերիների բազմությունը և հայ թագավորների ոսկորները, որոնք պարսիկները գերի էին տանում իրենց երկիրը, հավատալով, որ հայոց թագավորների ոսկորներն իրենց երկիրը տանելով, նրանց փառքը, բախտն ու քաջությունն էլ կանցնի իրենց, կտեղափոխվի իրենց աշխարհը։

Քանի որ հայոց թագավորների ոսկորները պարսիկները խառնել էին իրար և անհնար էր քրիստոնյա թագավորների նշխարները ջոկել հեթանոս թագավորների ոսկորներից, ուստի արժանի չեն համարում դրանք թաղել Վաղարշապատ քաղաքի սրբերի հանգստարանում, այլ տանում թաղում են Արագած լեռան ստորոտում գտնվող Աղձք կոչված ամուր գյուղում1, տեղի նեղ ու դժվարամուտ ժայռերի խորշերից մեկում։

Վասակն այնուհետև սկսում է հոգ տանել գերիներին իրենց տեղերը դարձնելու, ավերած երկիրը բարեկարգելու ու նորոգելու, առհասարակ, Հայոց աշխարհում խաղաղություն հաստատելու վրա։ Ապա Արշակ թագավորի հետ միասին ամրացնում են երկրի սահմանները և զգուշորեն ու ուշադիր հետևւմ դրանց պահպանմանը։

ՎՐԵԺԽՆԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՊԱՐՍԻՑ ԴԵՄ

Պարսիկների գործած ավարն ու ավերածությունները հանգիստ չեն տալիս հայոց Արշակ թագավորին։

Նա Հայոց ամբողջ աշխարհը ոտքի է հանում, մեծ զորահավաք կատարում, իր մոտ է հավաքում ավազի բազմությամբ զորք և կռվի գնում Պարսից աշխարհի վրա։ Միաժամանակ Արշակ թագավորը Վասակի միջոցով օգնության է կանչում Կովկասի լեռնականներին՝ հոներին ու ալաններին, որոնք զինված մեծ բազմություններով գալիս են հայոց թագավորին օգնելու։ Այդ նույն ժամանակ պարսից թագավորն էլ իր հերթին իր ամբողջ զորքերով շարժվում, գալիս է Հայոց աշխարհի վրա։ Հայոց զորքերը

--------------------------------

1 Համապատասխանում է այժմյան ՀՍՍՀ Աշտարակի շրջանի Հախս գյուղին, որի մերձակայքում է գտնվում Արշականի թագավորների այդ դամբարանը։

[էջ 126]

կանխում են պարսիկների առաջխաղացումը և հասնում նրանց այն ժամանակ, երբ պարսից զորքը դեռևս գտնվում էր Ատրպատականում և բանակ էր դրել Թավրիզ քաղաքի մոտ։

Վասակը երկու հարյուր հազար զորքով վրա է հասնում և հարձակվում պարսից բանակի վրա։ Հայերը կոտորում են բոլորին, միայն պարսից թագավորին է հաջողվում ճողոպրել և մի ձիով փախչել։ Ամբողջ զորքին կոտորելուց հետո, Վասակի զորքերը բանակից վերցնում են անհաշիվ ավար, զորքի ամբողջ ունեցվածքը, ապա ասպատակում Ատրպատական աշխարհով մեկ, հիմքից կործանում, քարուքանդ անում երկիրը, աստղերի բազմությամբ գերիներ են բերում, մնացած բնակչությանը սրի քաշում և ավելի ամրապնդում Հայոց աշխարհի սահմանները։

Այնուհետև պարսից Շապուհ թագավորը հայոց Արշակ թագավորից վրեժ առնելու նպատակով քսաներեք անգամ իր տարբեր զորավարների գլխավորությամբ արշավում է Հայոց աշխարհի վրա և ամեն անգամ Վասակ զորավարի և Արշակ թագավորի կողմից չարաչար պարտվում է և պարսից բազմամիլիոն զորքեր կոտորածի մատնում։

ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՇԱԿԻՑ ԵՎ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԻ ՔԱՅՔԱՅՈՒՄԸ*

Երեսունչորս տարի Հայոց աշխարհը պատերազմ է մղում պարսից թագավորի դեմ, որից հետո երկու կողմերն էլ՝ հայերն ու պարսիկները, հոգնում են, ձանձրանում տևական կռիվներից, բարոյալքվում։

Հայ նախարարները դժգոհում են իրենց թագավորից և սկսում են լքել նրան, փախչել երկրից կամ առանձնանալ։ Այս բարոյալքումն առաջին հերթին սկսվում է ավագներից ու մեծամեծ իշխաններից։ Նախ Արշակ թագավորից ապստամբում ու առանձնանում է Աղձնիքի բդեշխն իր ողջ նախարարական տոհմով ու զորքով, բուն Հայաստանից պարսպով անջատում իր երկիրը և գնում ապավինում պարսից Շապուհ թագավորին։ Աղձնիքի օրինակին են հետևում Գուգարքի բդեշխը, Ձորա, Կողբ, Գարդմանաձոր գավառների իշխանները, որոնք ապստամբվելով Արշակից, ղարձյալ գնում ապավինում են պարսից թագավորին։ Արշակի դեմ են ապստամբում Արցախի, Տմորիքի, Կորդիքի ամուր աշխարհները, իսկ Կորդիքի իշխանը գնում ապավինում է պարսից թագավորին։

Հայոց թագավորի դեմ են ապստամբում նաև Ատրպատականի հայոց թագավորական տան սեփական իշխանությունը և Հայաստանի մաս կազմող Կասպից աշխարհը։ Իսկ Անձիտի և Մեծ Ծոփքի իշխանները, որոնց աշխարհները գտնվում էին արևմուտքում, ապստամբելով Արշակից, գնում ապավինում են հունաց թագավորին։

Միջնաշխարհում գտնվող նախարարներն էլ չէին կամենում հնազանդվել իրենց թագավորին, շարունակ երկընտրանքի մեջ էին և նրանից ղժգոհ։

Այսպես սկսվում է հայոց թագավորության քայքայումն ու թուլացումը։

Հայոց աշխարհի մնացած մեծամեծները, նախարարները, երկրի կուսակալները, գավառատերերը, գործակալներն ու գյուղապետները բոլորը հավաքվում, գալիս են Ներսես Մեծ կաթողիկոսի մոտ բողոքի և ասում.

— Տեր, դու ինքդ գիտես, որ արդեն երեսուն տարի է, ինչ մենք պատերազմից հանգիստ չենք ունեցել, շարունակ մեր երեսի քրտինքը սրբել ենք սրերով, նիզակների տեգերով, նետասլաքներով։ Մենք այլևս չենք կարող դիմանալ, այլևս չենք կարող պատերազմի դուրս գալ։ Ավելի լավ է մենք ևս հպատակվենք պարսից թագավորին, ինչպես արեցին մեր ընկերները։ Եթե Արշակ թագավորը կամենում է Շապուհի հետ կռվել, թող Վասակի և իր աներոջ՝ Անդոկի հետ միասին ելնի պատերազմի, Հայոց աշխարհից այլևս ոչ ոք նրան չի գնա օգնության։ Եթե Արշակն ուզում է, թող կռվի, եթե չի ուզում, թող չկռվի, իր կամքն է, մենք նրան լքել ենք արդեն։

Ներսեսը լսելով նրանց բողոքը, իր պաշտոնին վայել սառնասրտությամբ համոզում էր, խորհուրդ տալիս։

------------------------------------

* Շարադրված է ըստ Փ. Բուզանդի «Հայոց պատմության»։

[էջ 127]

— Լավ մտածեք, հիշեցեք տիրոջ պատվիրանը միաբանության մասին, հիշեցեք, որ ծառաները պետք է հնազանդ լինեն իրենց տերերին։ Դուք միթե մոռանում եք, որ բոլորդ այսօր ձեր գոյությամբ պարտական եք Արշակունյաց տոհմին, որ ձեզանից շատերը այսօրվա դիրքը, ունեցվածքը, պաշտոնները ստացել են Արշակ թագավորից։ Մոռացե՞լ եք, որ եթե այսօր ձեզանից ոմանք գավառների տերեր են, աշխարհների կառավարիչներ ու մեծամեծներ, խոշոր ավանների, գյուղերի, դաստակերտների, գանձերի ու կալվածքների տեր են դարձել, ապա միմիայն շնորհիվ Արշակունիների և Արշակ թագավորի։

Իհարկե, Արշակունյաց պիղծ տոհմը հանցանքներ ունի գործած աստծո առաջ, բայց մի՞թե դա ձեզ հիմք է տալիս լքել ձեր սեփական արքայատոհմը, որը ձեզ աղբից է վերև բարձրացրել, ապրեցրել, մեկիդ գործի դրել, մյուսիդ պատիվ տվել, երրորդիդ իշխանություն, չորրորդիդ գործակալություն։

Արշակ թագավորն ինքն էլ մեղքեր է գործել, — շարունակում է Ներսեսը, — անօրինություններ կատարել, բայց աստված իր մեծ մարդասիրությամբ խնայեց նրան, նրա հետ միասին նաև ձեզ։ Իսկ դուք այժմ եկել կանգնել եք, ուզում եք լքել ձեր սեփական թագավորին, ձեր հովանավորին, ձեր բնիկ տիրոջը և կամենում եք գնալ օտար թագավորի ենթարկվել, հեթանոսների ծառայության տակ ընկնել, օտար տերերի լծին հնազանդվել։ Արշակը որքան էլ չար լինի՝ աստվածապաշտ է, որքան էլ մեղավոր լինի՝ ձեր թագավորն է։

Դուք ինքներդ եք միշտ ինձ ասել ու քիչ առաջ էլ ասացիք, որ այսքան տարի կռվել եք ձեր անձանց ու հոգիների համար, ձեր աշխարհի համար, ձեր կանանց ու երեխաների համար, ձեր եկեղեցիների, ձեր հավատի ուխտի համար, և ձեր տեր աստվածը ձեզ միշտ հաղթություն է շնորհել իր անվան համար։

Հիմա դուք ձեր Քրիստոսի փոխարեն ուզում եք ծառայել անօրենների անաստված մոգական կրոնին և նրա սպասավորներին։ Դրանով դուք ձեզ հավերժ կմատնեք օտարների ստրկատիրական ծառայության և այնուհետև որքան էլ բողոքեք աստծուն, նա ձեզ այլևս չի լսի, որովհետև դուք ինքներդ եք մտնում օտար ու խստասիրտ տերերի, անգետ ու անգութ հեթանոսների ծառայության տակ։ Եվ դուք շատ ու շատ չարիքների կհանդիպեք, որոնցից երբեք չեք կարողանա ազատվել։

Ներսեսի այս խոսքերի վրա հավաքվածները սկսում են դժգոհության ձայներ բարձրացնել և բողոքով աղաղակել.

— Մենք քո այդ խորհուրդներն ու խոսքերը չենք կամենում ընդունել։ Վեր կացեք գնանք մեր տները։ Եվ նրանք դժգոհ ու զայրացած ցրվում, քաշվում գնում են իրենց տները։

ՇԱՊՈՒՀԸ ԱՐՇԱԿԻՆ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ՊԱՐՍԿԱՍՏԱՆ*

Այդ ժամանակ պարսից Շապուհ թագավորը մեծ ընծաներով, հրովարտակներով պատգամավորներ է ուղարկում Արշակ թագավորի մոտ, սիրով ու աղաչանքով խնդրում նրան գալ Պարսկաստան, որպեսզի խաղաղության ու բարեկամության դաշինք կնքեն։

Արշակ թագավորը թեպետ հաշտության կողմնակից չէր և կամենում էր շարունակել պատերազմը, բայց տեսնելով, որ ամբողջ զորքը, իշխաններն ու նախարարները հոգնել են կռիվներից և այլևս չեն կամենում պատերազմել, ստիպված ընդունում է Շապուհի դեսպաններին և ինքն էլ իր կողմից Շապուհին ընծաներ ու հրովարտակներ ուղարկում։

Շապուհը դարձյալ պատգամավորներ է ուղարկում Արշակի մոտ, խնդրում նրան գալ Պարսկաստան՝ հետևյալ խոսքերով.

— Եթե դու ընդունում ես իմ առաջարկած հաշտության պայմանը և քեզ ինձ հետ հաշտ ես համարում, ապա եկ, հանդիպենք, տեսակցենք միմյանց և այնուհետև հայր ու որդու նման լինենք իրար նկատմամբ։ Իսկ եթե չես կամենում ինձ տեսնել, նշանակում է դարձյալ պատերազմ ես ուզում բորբոքել երկուսիս միջև։

Երբ Արշակին հայտնում են Շապուհի այս պատգամը, Արշակն ապահով լինելու համար Շապուհից

-----------------------------

* Շարադրված է ըստ Փ. Բուզանդի «Հայոց պատմության»։

[էջ 128]

խնդրում է ուխտի հավատարմության երդում ուղարկել։ Շապուհ թագավորը հոժարում է, երդման համար աղ է բերել տալիս, աղի վրա երդվում, աղը կնքում վարազագիր մատանիով1, ուղարկում Արշակ թագավորին և պատվիրում, որ եթե այդ երդումից հետո էլ Արշակը չգա, ապա թող պատրաստվի պատերազմի։
Հայոց աշխարհի մեծամեծներն ու իշխանները և առհասարակ բոլոր մարդիկ, երբ իմանում են այդ, ստիպում են Արշակ թագավորին, շտապեցնում, որ նա գնա, ներկայանա պարսից Շապուհ թագավորին։

Արշակ թագավորը ստիպված իր հետ է վերցնում իր դայակ Վասակ սպարապետին և ճանապարհ ընկնում, գնում Պարսկաստան, Շապուհ թագավորի մոտ։ Նրանք գալիս, ներկայանում են Շապուհ թագավորին:

Շապուհը խիստ նախատում է Արշակին իբրև ծառայի, իսկ Արշակը իրեն հանցավոր ու մահապարտ է համարում Շապուհի առաջ։

Շապուհը Արշակին ու Վասակին հանձնում է իր ազնվական թիկնապահ գնդին, որ նրանց պահեն ազատ, բայց հսկողության տակ։

ՇԱՊՈՒՀԸ ԱՐՇԱԿԻՆ ՓՈՐՁՈՒՄ Է ՀԱՅՐԵՆԻ ՀՈՂՈՎ ՈՒ ՋՐՈՎ*

Շապուհն իր մոտ է կանչում հմայող կախարդներին, աստղագետներին ու աստղագուշակներին և նրանցից Արշակի մասին խորհուրդ հարցնում։

— Ես շատ անգամ կամեցա սիրել հայոց Արշակ թագավորին, — ասում է Շապուհը, — բայց նա ինձ միշտ անարգեց։ Բյուր անգամ կամեցա նրան բարիքներ գործել, ինչպես հայրը սեփական որդուն, իսկ նա իմ բարիքների դիմաց ինձ միայն չարիքով հատուցեց։ Ես նրա հետ խաղաղության դաշինք կնքեցի, որի համար նա երդվեց քրիստոնեական կրոնի գլխավոր սրբության՝ ավետարանի վրա, բայց նա դրժեց այդ երդումը։

Ես կանչեցի Տիզբոն քաղաքի եկեղեցու քահանաներին, որոնք երդվեցրել էին Արշակին ավետարանի վրա, նախատեցի նրանց, կարծելով, թե նրանք նենգորեն կեղծ երդում են կատարել տվել Արշակին։ Նրանց գլխավորը՝ Մարի քահանան ինձ ասաց, որ «Մենք նրան արդարությամբ երդվեցրինք, իսկ եթե նա իր երդումը դրժեց, ապա նույն ավետարանը մի օր նրան ձեզ մոտ կբերի»։

Ես նրան չհավատացի և բոլոր յոթանասուն քահանաներին էլ մորթել տվեցի, իսկ նրանց հավատակիցներին սրի քաշեցի։ Այն ավետարանը, որի վրա երդվեց Արշակ թագավորը, շղթաներով կապեցի, և այժմ պահվում է իմ գանձարանում։

Հիմա հավատացի Մարի քահանայապետի խոսքերին, թե այդ ավետարանը Արշակին մի օր ինձ մոտ կբերի։

Հայոց Արշակ թագավորը, որ երեսուն տարի անընդմեջ արյաց հետ պատերազմ մղեց, և մենք նրան չկարողացանք հաղթել, այժմ ինքն է իր ոտով մեզ մոտ եկել։

— Հիմա դուք ինձ խորհուրդ տվեք, — շարունակում է Շապուհը, — եթե ստույգ իմանամ և համոզվեմ, որ Արշակն այսուհետև հնազանդության անկեղծ ուխտով հաստատ կմնա իմ պայմանին, ապա մեծարանքներով, պապվով ու հարգանքով նրան կրկին խաղաղությամբ կուղարկեմ իր աշխարհը։

Գուշակողները Շապուհին ասում են.

— Այսօր մեզ ժամանակ տուր, վաղը քեզ կպատասխանենք։

Հաջորդ օրը բոլոր հմայողներն ու գուշակողները հավաքվում, գալիս են Շապուհի մոտ, հարցնում.

— Հիմա որ Արշակ թագավորը քեզ մոտ է եկել, ինչպե՞ս է իրեն պահում, ինչպես է քեզ հետ խոսում, ի՞նչ լեզու է բանեցնում։

--------------------------------

1 Հնում թագավորների և իշխանների կնիքը հաճախ իրենց մատանիների վրա ամրացված թանկագին քարերն էին, որոնց վրա փորագրված էր լինում կամ իրենց անունը, կամ իրենց տոհմի խորհրդանշանը։ Վարազը պարսիկների, այդ թվում նաև պարթև Արշակունիների պաշտած կենդանին էր, և նրա պատկերը սուրբ ու խորհրդանշական էր համարվում։ Վարազագիր մատանին՝ մատանու քարի վրա փորագրված վարազի պատկերն էր, որ ծառայում էր իբրև կնիք, և նրա դրոշմը նվիրական ու անխախտ էր համարվում ինչպես պարսից Սասանյան թագավորների, այնպես էլ Արշակունիների համար։

* Շարադրված է ըստ Փ. Բուզանդի «Հայոց պատմության»։

[էջ 129]

Շապուհն ասում է.

— Նա իրեն համարում է իմ ծառաներից մեկը, ուզում է անգամ իմ ոտքի հողը դառնալ։

— Այժմ լսիր մեզ և արա այն, ինչ ասում ենք, — խորհուրդ են տալիս գուշակողները. — Արշակին այստեղ պահիր, մարդիկ ուղարկիր Հայոց աշխարհ, այնտեղից բերել տուր երկու բեռ հող և մի աման ջուր։ Ապա հրաման կտաս, որ քո սենյակի հատակի կեսի վրա շաղ տան Հայաստանից բերած հողը, վրան ցանեն հայոց ջուրը. ինքդ կբռնես Արշակ թագավորի ձեըը, նախ կտանես սենյակի այն մասը, որտեղ բնական հատակն է և այնտեղ նրան հարցուփորձ կանես։ Հետո նրա ձեռը բռնած կտանես հայկական հող ու ջուը շաղ տված տեղը և կլսես՝ ինչ որ կասի, այն ժամանակ կիմանաս, եթե նրան ազատ արձակելու լինես Հայաստան, քեզ հետ կապած ուխտն ու ղաշինքը հավատարմությամբ կպահի, թե ոչ։ Իմացիր, եթե Արշակը հայկական հողի ու ջրի վրա քեզ հետ խիստ լեզվով խոսի, ապա համոզված եղիր, ոը Հայաստան հասնելուն պես՝ հենց նույն օըը, նույն լեզուն կբանեցնի, նույն պատերազմը կնորոգի քո դեմ, նույն կռիվները, նույն թշնամությունը կշարունակի։

Պարսից թագավորը լսելով հմայողնեըի և գուշակների այս խորհուրդը, ուղտերով մարդիկ է ուղարկում Հայոց աշխարհ՝ հող ու ջուր բերելու։ Մի քանի օր անց նրանք Հայաստանից երկու բեռ հող ու ջուր են բերում։ Շապուհը հրամայում է իր սենյակի հատակի կեսի վրա շաղ տալ Հայաստանից բերած հողը, վրան ջուր ցանել, իսկ մյուս կեսը թողնել իր բնական հողե հատակով։ Ապա Արշակ թագավորին կանչել է տալիս իր մոտ, մնացած պալատականներին հեռացնում սենյակից, բռնում է Արշակի ձեռը, ճեմում ընդարձակ սենյակում և հետը բարեկամաբար զրուցում։ Երբ ճեմում են պարսկական հողի վրա, Շապուհը դիմում է Արշակին հետևյալ հարցով.

— Արշակ թագավոր հայոց, դու ինչո՞ւ ինձ թշնամի դարձաը, չէ որ ես քեզ որդու պես էի սիրում, կամեցա նույնիսկ աղջիկս քեզ կնության տալ, քեզ իմ զավակը դարձնել։ Իսկ դու իմ արած լավության փոխարեն ավելի դեմս խստացար, ինքնահաճ ձևով, հակառակ իմ կամքի՝ ինձ թշնամի դարձար, և ահա ամբրղջ երեսուն տարի իմ դեմ պատերազմ մղեցիր։

Արշակը համեստորեն պատասխանում է.

— Մեղանչել եմ և հանցավոր եմ քո առաջ. ես եկա, քո թշնամիներին հաղթեցի, բոլորին կոտորեցի, հույս ունեի քեզանից մեծ պարգևներ ստանալ, բայց իմ թշնամիներն ինձ մոլորեցրին, քեզանից վախեցրին և ստիպեցին փախչել։ Եվ իմ երդումը, որով քեզ երդվեցի, ինձ քո առաջը բերեց։ Ես ահա եկել եմ քո առաջ, քո ծառան եմ, քո ձեռքում, ինչպես ուզում ես՝ վարվիր ինձ հետ. եթե կամենում ես՝ սպանիր, որովհետև ես՝ քո ծառան, հանցավոր եմ քո դեմ, մահապարտ եմ։

Շապուհն այնուհետև Արշակի ձեռը բռնած, միամիտ ձևանալով, ճեմելով բերում է նրան, կանգնեցնում հայկական հող ու ջուը լցրած հատակի վրա։ Երբ Արշակը ոտը դնում է հայկական հողի վրա, լրիվ կերպարանափոխվում է, ըմբոստանում, հպարտ կեցվածք ընդունում և խրոխտ հանդիմանությամբ դիմում Շապուհին.

— Հեռու ինձանից, չարագործ ծառա, որ այսօր քո տերերի վրա տեր ես դարձել, հափշտակել քո տերերի գահը։ Ես չեմ ների քեզ ու քո որդիներին իմ նախնիների վրեժը և Արտավան թագավորի մահը։ Դուք՝ ծառաներդ, մեր Արշակունիների՝ ձեր նախկին տերերի, բարձն եք հափշտակել. ես այդ թույլ չեմ տա, մենք պետք է մեր տեղը գրավենք1։

------------------------------------

1 Արշակի խոսքն այստեղ վերաբերում է պարսից Սասանյան տոհմի կողմից պարթև Արշակունիներին տապալելու և նրանց փոխարեն թագավորելու պատմական իրողությանը։ Արտավանը Պարսկաստանի Արշակունի արքայատոհմի վերջին թագավորն էր, որ իշխել է 216 – 226 թթ.։ Նրան սպանում է պարսիկ իշխաններից մեկը՝ Արտաշիր Սասանյանը, դառնում թագավոր և հիմք դնում Սասանյան արքայատոհմի տիրապետությանը։ Շապուհ թագավորը Սասանյան տոհմի ժառանգորդներից էր, իսկ Արշակը՝ պարթև Արշակունիների մեկ ճյուղը կազմող հայոց Արշակունի արքայատոհմի ժառանգներից։ Հայոց Արշակունիները, ինչպես տեսել ենք նախորղ գլուխներում, իրենց ազգակից պարթև Արշակունիներին գահընկեց անելու համար միշտ ոխ ու վրեժխնդրություն էին տածում Սասանյանների նկատմամբ։ Արշակի այն արտահայտությունը, թե «Դուք ծառաներդ, մեր Արշակունիների՝ ձեր տերերի, բարձն (գահ) եք հափշտակել» ակնարկում է այն իրողությունը, որ Արտաշիր Սասանյանը պարթև Արշակունիներին հպատակ, նրանց ծառայության մեջ գտնվող իշխան է եղել։ Իսկ հայ Արշակունիները, այդ թվում նաև Արշակը, իրենց համարում էին Արշակունիների մեջ ավագագույնը, սերված պարթև Արշակ մեծի սերունղներից և իրենց իրավունք էին վերապահում խոսելու Սասանյանների կողմից հափշտակված Արշակունիների գահի մասին, իբրև տոհմային սեփականության։

[էջ 130]

Շապուհը, Արշակի ձեռը բռնած, դարձյալ տանում է պարսկական հողի վրա։ Ոտը դնելով պարսկական հողին, Արշակն սկսում է զղջալ իր ասածների համար, խոնարհվում Շապուհի առաջ, ոտքերն ընկնում, ներողություն խնդրում։

Իսկ Շապուհը նրան նորից տանում է հայկական հողի վրա, ուր Արշակը սկսում է նախկինից ավելի խիստ ու դաժան խոսքեր ուղղել պարսից թագավորին։ Շապուհը նորից է Արշակին բերում պարսից հողի վրա, որտեղ դարձյալ Արշակն սկսում է զղջալ ու ապաշխարել։

Այսպես՝ Շապուհը ամբողջ օրը, առավոտից մինչև երեկո, բազմիցս փորձում է Արշակ թագավորին, և ամեն անգամ հայկական հող ու ջրի վրա Արշակը արքայական հպարտությամբ ու խիստ խոսքերով դատապարտում էր պարսից թագավորին, իսկ պարսից հողի վրա զղջում իր արարքներն ու խոնարհվում նրան։

Երեկոյան պարսից թագավորը սովորություն էր դարձրել Արշակ թագավորին միշտ ընթրիքի հրավիրել իր մոտ։

Նա Արշակին իր կողքն էր նստեցնում, միևնույն թախտի վրա, բազմեցնում միևնույն գահին։

Իսկ այդ օրը Շապուհ թագավորը հրամայում է ամենաբարձր տեղում իր բազմոցը դնել, որից հետո հերթականությամբ շարել մնացած թագավորների բազմոցները, իսկ հայոց թագավորի բազմոցը դնել բոլորից վերջը, ներքևում և տակը հայկական հող ու ջուր շաղ տալ։

Երբ բոլորը հրավիրվում են ընթրիքի, և յուրաքանչյուրը բազմում է իր բազմոցին ըստ իր աստիճանի, բերում են Արշակ թագավորին և բազմեցնում ամենավերջում՝ իրեն հատկացված տեղում, ուր հայկական հող ու ջուր էր շաղ տրված։ Արշակը մի պահ ուռած–փքված նստում է, բայց հետո ընդոստ ոտքի է ելնում և խրոխտ դիմում Շապուհ թագավորին.

— Ի՛մն է այդ տեղը, որտեղ բազմել ես դու, վեր կաց անմիջապես այդտեղից, որ ես այդտեղ բազմեմ, դա մեր տոհմի տեղն է եղել։ Իսկ եթե իմ երկիրը հասնեմ, ապա քեզանից խստությամբ վրեժ կլուծեմ։

Պարսից Շապուհ թագավորն անմիջապես հրաման է տալիս շղթաներ բերել, գցել Արշակի վիզը, ոտներին ու ձեռներին կապանք դնել և տանել, բանտարկել հեռավոր Անհուշ բերդում, մինչև իր մահը։

[էջ 131]

ՎԱՍԱԿ ԵՎ ՇԱՊՈՒՀ*

Հաջորդ օրը Շապուհ թագավորը հրամայում է իր առաջը բերել Մեծ Հայքի զորավար սպարապետ Վասակ Մամիկոնյանին։ Վասակը կարճահասակ էր և փոքրամարմին, երբ նրան կանգնեցնում են Շապուհի առաջ, վերջինս սկսում է անարգել և վիրավորել նրա անձը։

— Աղվես, — ասում է Շապուհը Վասակին, — դու էիր այն խանգարիչը, որ այսքան տարի մեզ չարչարանքի դատապարտեցիր, դու էիր, որ այսքան տարի կոտորում էիր արիներին, հիմա ինչպե՞ս ես, որ քեզ ադվեսի մահով սպանեմ։

Վասակը աներկյուղ պատասխան է տալիս նրան, ասում.

— Իմ փոքր մարմինը հիմա տեսար, բայց մի՞թե իմ մեծության չափը չես զգացել։ Այդ ինչպե՞ս էր, որ մինչև այժմ ես քեզ համար առյուծ էի, իսկ հիմա դարձա աղվես։ Բայց երբ ես Վասակն էի՝ Հայոց մեծ սպարապետը, հսկա էի. մի ոտս մի լեռան վրա էր դրված, մյուս ոտս՝ մի այլ լեռան. երբ աջ ոտիս վրա էի հենվում՝ աջ լեռն էր գետին խրվում, երբ ձախ ոտիս վրա էի հենվում՝ ձախ լեռն էր գետին խրվում։

— Ասա, իմանանք, այդ ի՞նչ լեռներ են, որ դու գետին էիր խրում, — հարցնում է Շապուհը։

Վասակը պատասխանում է.

— Լեռներից մեկը դու էիր, մյուսը՝ հունաց թագավորը։ Քանի դեռ աստված հաշտ էր մեզ հետ, քեզ էլ էի գետին տանում, հունաց թագավորին էլ։ Քանի դեռ մեր հոր՝ Ներսեսի օրհնությունը մեզ վրա էր, նրա խրատով էինք շարժվում, կարողանում էինք քեզ լավ խրատ տալ։ Հիմա, ափսոս, խորխորատի մեջ ենք ընկել, ուժը քո ձեռքին է, հիմա ինչ ուզում ես արա։

Շապուհ թագավորը հրամայում է Վասակ զորավարին մորթազերծ անել, մորթին տիկ հանել, մեջը խոտ լցնել և տանել նույն Անհուշ կոչված բերդը, ուր բանտարկված էր Արշակ թագավորը և պահել այնտեղ։

ՇԱՊՈՒՀ ԵՎ ՓԱՌԱՆՁԵՄ**

Արշակին բանտարկելուց և Վասակին սպանելուց հետո պարսից Շապուհ թագավորը հինգ հարյուր բյուր զորքով իր Զիկ և Կարեն զորավարներին ուղարկում է Հայոց աշխարհի վրա, որ գան կործանեն ու քարուքանդ անեն։ Երբ Հայոց աշխարհի տիկինը՝ Արշակ թագավորի կին Փառանձեմը, տեսնում է, որ պարսից թագավորի զորքերը լցվում են Հայաստան, իր հետ վերցնում է ազատներից բաղկացած տասնմեկ հազար լավ սպառազինված, քաջ ու ընտիր պատերազմող մարտիկներ և պարսից զորքերից խույս տալով, գնում ամրանում է Արշարունյաց գավառում գտնվող Արտագերս ամրոցում։

Պարսից բոլոր զորքերն այդ իմանալով, գալիս, շրջապատում են բերդը, պաշարում, բանակ զարկում, նստում բերդը շրջապատող ձորերի շուրջը։ Իսկ բերդում պաշարվածները հույսը դնում են տեղի ամրության և. բերդի անառիկության վրա։
Պարսիկները տասներեք ամիս պաշարում են բերդը, բայց տեղի ամրության պատճառով չեն կարողանում գրավել։ Այդ ընթացքում նրանք գնում, ավերում, քարուքանդ են անում շրջակա գավառներն ու երկրները, ավարի ենթարկում, բազմաթիվ մարդիկ ու անասուններ գերում, բերում իրենց բանակը, այլ տեղերից պարեն ու կենսամթերք են բերում, ուտում և բերդը պաշարման մեջ պահում։

Արշակ թագավորի որդի Պապը այդ ժամանակ պատանդ էր հունաց թագավորի մոտ։
Հայոց ազատների տոհմերից բաղկացած ամբողջ բանակը, որի զորագլուխն էր Վասակ սպարապետի որդի Մուշեղը, գնացել էր Հունաց աշխարհը՝ իրենց Պապ արքայորդու մոտ և բանակցություններ էր վարում հունաց թագավորի հետ, համոզում նրան, որ իրենց թիկունք և զորավիգ լինի պարսից Շապուհ թագավորին դիմադրելու համար։ Մուշեղը պարբերաբար սուրհանդակներ էր ուղարկում Հայոց աշխարհի տիկնոջ՝ Փառանձեմի մոտ, որ տոկա, համբերի, բերդը պաշտպանի, մինչև իր օգնության

------------------------------

* Շարադրված է ըստ Փ. Բուզանդի «Հայոց պատմության»։

* Շարադրված է ըստ Փ. Բուզանդի «Հայոց պատմության»։

[էջ 132]

հասնելը։ Պապն էլ իր հերթին, գրեթե յուրաքանչյուր շաբաթ պատվիրակներ էր ուղարկում Արտագերս, որոնք գալիս, գաղտնի մուտքով մի կերպ մտնում էին ամրոց, Փառանձեմին սիրտ էին տալիս, հուսադրում, ասում. «Պինդ կաց, Պապ որդիդ գալիս է, կայսերական գունդ է բերում քեզ օգնության»։ Այդպես, տասներեք ամիս շարունակ նրանք գալիս, քաջալերում էին Փառանձեմ տիկնոջը, թե՝ «Մի քիչ էլ, մի փոքր ժամանակ էլ համբերիր, քեզ օգնության կհասնենք»։

Պաշարման տասնչորսերորդ ամսից հետո բերդում ապաստանածների մեջ ժանտախտ է ընկնում։ Մի անգամ Փառանձեմ տիկինը իր սեղանատանը նստած սեղանակիցների հետ ուտում, խմում, ուրախանում էր, երբ հանկարծ մի ժամում միանգամից հարյուր մարդ մեռան, մյուս սեղանատանը՝ երկու հարյուր մարդ։ Պատահում էր, որ ճաշի ժամանակ, բոլորը սեղանի շուրջը բազմած ճաշում էին, հանկարծ հինգ հարյուր մարդ էր մահանում։ Այդ մահաբեր հիվանդությունը սկսվելուց հետո, մեկ ամիս չանցած, պաշարվածներից մոտ տասնմեկ հազար տղամարդ և վեց հազար կին է կոտորվում։ Բերդում եղածներից կենդանի են մնում միայն Փառանձեմ տիկինը՝ իր երկու նաժիշտներով։

Եվ մի օր, երբ Փառանձեմը իր նաժիշտների հետ տխուր ու հուսահատ նստած էր իր առանձնասենյակում, բերդի գաղտնի մուտքով ամրոց է մտնում պալատական ներքինի Հայր մարդպետը1 և սկսում նախատել Փաոանձեմ տիկնոջը՝ իբրև մի փողոցային կնոջ։ Նա լուտանքի ու նախատինքի հեղեղ է թափում Արշակունյաց տոհմի վրա, նրանց համարում տմարդի, չարագործ, Հայոց աշխարհի կործանման պատճաո և վերջում ավելացնում, թե՝

— Տեղն է, ինչ որ ձեզ պատահեց, դուք արժանի եք դրան, դեռ սրանից էլ վատթարն է ձեզ պատահելու։

Ասում է, անպատվում և. գաղտնի մուտքից դուրս գալով՝ փախչում։

Փառանձեմ տիկինը այս ամենից հուսաբեկված, ճարահատյալ բերդի դարպասները բացում է պարսից զորքի աոջև։ Պարսիկները մտնում են բերդ, բռնում Փառանձեմ տիկնոջը, բերդից իջեցնում ցած։ Ապա բերդ են բարձրանում պարսից զորավարները, ավարի ենթարկում ամրոցում պահվող հայոց թագավորների գանձերը, բոլորը ցած իջեցնում։ Ինը օր, ինը գիշեր շարունակ պարսից զորքերը բերդից իջեցնում են այնտեղ ամբարված հայոց արքունական ունեցվածքը և Հայոց աշխարհի տիկնոջ հետ գերի տանում։

Այնուհետև պարսից զորքերը մտնում են Հայոց աշխարհի գրեթե բոլոր նշանավոր քաղաքները՝ Արտաշատ, Վաղարշապատ, Զարեհավան, Զարիշատ, Վան, Նախճավան, բոլորը քանդում, ավերում, բնակիչների մեծ մասին՝ հայերին ու հրեաներին, տեղահան անում, գերի տանում։ Պարսից զորավարները Հայոց աշխարհի մնացած բնակչությանը հպատակեցնելու համար վերակացուներ են թողնում, վերցնում են Փառանձեմ տիկնոջը իր մեծաքանակ գանձերով, քաղաքներից տեղահանված հարյուր հազարավոր հայ ու հրեա գերիներով, տանում Պարսից աշխարհը։

Երբ Փառանձեմ տիկնոջը, Հայոց աշխարհի բոլոր գերիներին ու գանձերը բերում, հանում են Շապուհ թագավորի առաջ, Շապուհը մեծ գոհունակությամբ շնորհակալություն է հայտնում իր Զիկ և Կարեն զորավարներին, ապա չարախնդությամբ վճռում է ստորացնել, նսեմացնել և մեծ վիրավորանք հասցնել Արշակունյաց ամբողջ տոհմին, Հայոց աշխարհին ու թագավորությանը։ Նա հրամայում է կանչել իր բոլոր զորքերին, մեծամեծներին, ստորին պաշտոնյաներին և իր հպատակ բոլոր մարդկանց։ Նա այս բազմության մեջ է բերել տալիս, կանգնեցնում Հայոց աշխարհի Փառանձեմ տիկնոջը։ Ապա հրամայում է հրապարակում մի սարք պատրաստել, որի վրա պառկեցնում են Փառանձեմ տիկնոջը, ամբողջ բազմության առաջ խայտառակում նրան, սպանում։ Իսկ գերիներին տանում, մի մասին բնակեցնում են Ասորեստանում, մյուս մասին՝ Խուժաստան երկրում2։

-----------------------------------

1 Մարդպետ՝ Արշակունիների ժամանակ արքունի պալատի ներքինապետ, կանանց վերահսկիչ։ «Հայր» հատուկ անուն չէ, այլ ներքինապետի հարգալից կոչումը։

2 Նաև Խուժիստան կամ Խուզիստան, գավառ Իրանում, գտնվում է Պարսից ծոցի հյուսիս-արևմուտքում, այժմյան Իրաքի սահմանի մերձակայքում։

 

Նախորդ էջԲովանդակություն  | Հաջորդ էջ
Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր՝ Երևան, «Արևիկ», 1987թ.:
Տրամադրեց՝ Միքայել Յալանուզյանը

Տես նաև

Սասունցի Դավիթ

Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice