ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
Միքայել Նալբանդյան

Միքայել Նալբանդյան

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՆԱԼԲԱՆԴՅԱՆ Միքայել Ղազարի [2(14). 11.1829, Նոր Նախիջևան (այժմ՝ Դոնի Ռոստով ք. Պրոլետարական շրջանը) – 31.3(12.4).1866, Կամիշին (այժմ՝ Վոլգոգրադի մարզում), թաղվել է Նոր Նախիջևանի Սուրբ Խաչ վանքում], հայ գրող, հրապարակախոս, փիլիսոփա, հեղափոխական դեմոկրատ, հայ ռեալիստական գեղագիտության և քննադատության հիմնադիր։ 1837–45-ին սովորել է Գ. Պատկանյանի դպրոցում։ Առաջին բանաստեղծությունները (գրաբար և աշխարհաբար) տպագրվել են 1851-ին, Թիֆլիսում, Գ. Պատկանյանի խմբագրությամբ հրատարակվող «Արարատ» շաբաթաթերթում։ 1848–53-ին եղել է Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի թեմական առաջնորդարանի (Քիշնև) քարտուղարը։ Այստեղ հալածվել է կղերականության և տեղական իշխանությունների կողմից, թողել է պաշտոնը և մեկնել Մոսկվա։ Պետերբուրգի համալսարանում քննություններ հանձնելուց հետո 1853-ի հոկտեմբերին Մոսկվայի Լազարյան Ճեմարանում ստացել է հայոց լեզվի կրտսեր ուսուցչի պաշտոն։ Այդ ժամանակ էլ ծանոթացել է Ստեփանոս Նազարյանի հետ։ 1854-ի հունվարին ձերբակալվել է՝ մեղադրվելով «հակաօրինական արարքների» մեջ, բայց շուտով ազատվել է։ 1854–58-ին եղել է ազատ ունկնդիր Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետում։ Նալբանդյանը անմիջական մասնակցություն է ունեցել Ս. Նազարյանի խմբագրած «Հյուսիսափայլ» (1858–64) ամսագրի ստեղծմանը։ 1859-ի գարնանը մեկնել է արտասահման (Վարշավա, Բեռլին, Փարիզ, Լոնդոն), կապեր հաստատել հայ և արևմտաեվրոպական շրջանների հետ։ Ս. Նազարյանի հետ ունեցած գաղափարական տարաձայնությունների պատճառով 1859-ի աշնանը հեռացել է «Հյուսիսափայլ»-ի խմբագրությունից։ 1860-ի ամռանը Պետերբուրգի համալսարանի արևելագիտության ֆակուլտետում պաշտպանել է թեկնածուական դիսերտացիա, այնուհետև մեկնել է Հնդկաստան (Կալկաթա)՝ ստանալու Նոր Նախիջևանի կրթական կենտրոնների համար մի հայ վաճառականի թողած ժառանգությունը։ Այդ ուղևորությունը (1860-ի օգոստոսից մինչև 1862-ի մայիսը) կարևոր նշանակություն ունեցավ Նալբանդյանի հասարակական-քաղաքական և գրական գործունեության համար։ Ճանապարհին նա եղել է Վրաստանում (Թիֆլիսում հանդիպել է Ղ. Աղայանի, Մ. Միանսարյանի, Պ. Սիմեոնյանի, Հ. էնֆիաճյանի և հայ մշակույթի այլ գործիչների հետ), Հայաստանում և Թուրքիայում։ Կ. Պոլսում «Մեղու» հանդեսի խմբագիր Հ. Սվաճյանի հետ ստեղծել է դեմոկրատական կազմակերպություն՝ «Երիտասարդների ընկերություն» (Հ. Սվաճյան – Ս. Թագվորյան խմբակցություն), գործուն մասնակցություն է ունեցել Ազգային սահմանադրությունը իրականացնելու և արևմտահայության վիճակը բարելավելու համար դեմոկրատների մղած պայքարին։ Այդ հարցին վերաբերող զեկուցագրով դիմել է Կ. Պոլսի ռուսական դեսպանին՝ խնդրելով Ռուսաստանի կառավարության հովանավորությունը արևմտահայերի նկատմամբ։ Շփվել է հասարակական գործիչների ու գրողների (Խ. Օտյան, Մ. Մամուրյան, Հ. Քյաթիպյան, Մ. Պեշիկթաշլյան, Ծերենց և ուրիշներ) հետ։ Իտալիայում հաղորդակցվել է գարիբալդիականների հետ։ Սվաճյանին ուղղված նամակում (11.1.1861) գրել է. «Էտնան և Վեզուվին ծխվում են. Արարատի հին վուլկանի մեջ մի՛թե կրակ կմնա իսպառ... մահաբեր մտածություն» (Երկ. լիակտ. ժող., հ. 4, 1949, էջ 86)։ Լոնդոնում սերտ կապեր է հաստատել Լոնդոնի «պրոպագանդիստների»՝ Ա. Գերցենի և Ն. Օգարյովի հետ, մասնակցել «Զեմյա ի վոլյա» ընկերության ծրագիրը՝ Ն. Օգարյովի «Ի՞նչ է հարկավոր ժողովրդին» (1861) կոչ-հոդվածը կազմելուն։ Մ. Բակունինի հետ միջոցներ է ձեռնարկել «Կոլոկոլ» թերթը և արգելված այլ գրականություն Ռուսաստանի հարավում, Կովկասում և Թուրքիայում տարածելու համար։ Փարիզում Նալբանդյանը հրատարակել է «Երկու տող» (1861) և «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ» (1862) ծրագրային աշխատությունները, ծանոթացել է Ի. Տուրգենևի հետ։ 1862-ի մայիսի վերջին վերադարձել է Պետերբուրգ, մասնակցել Ն. Չեռնիշևսկու և Ն. Սեռնո-Սոլովևիչի գլխավորած «Զեմլյա ի վոլյա»–ի ընդհատակյա գործունեությանը։ 1862-ի հուլիսի 6-ին Ն. Սեռնո-Սոլովևիչին հղած նամակում Օգարյովը գրել է. «N–ը (Նալբանդովը) ոսկի հոգի ունի, նվիրված է անշահախնդիր, նվիրված է միամտորեն, սրբության հասնելու չափ» (Герцен А., Собр. соч., т. 27, 1963, с. 243)։ Նամակին կցած երկտողում Գերցենն ավելացրել է. «Բարևեցեք նրան, նա ազնվագույն մարդ է. ասացեք նրան, որ մենք հիշում և սիրում ենք իրեն» (նույն տեղում, էջ 243)։

1862-ի հուլիսի 14-ին Նալբանդյանը ձերբակալվել է «լոնդոնյան պրոպագանդիստների» հետ կապեր ունենալու համար («32-ի դատավարությունը») և բանտարկվել Պետերբուրգի Պետրոպավլովյան ամրոցի Ալեքսեևյան ռավելինում, որտեղ գտնվում էին նաև Ն. Չեռնիշեսկին, Ն. Սեռնո-Աոլովևիչը, Ն. Վորոնովը և «Զեմլյա ի վոլյա»-ի մյուս անդամները։ 1865-ի նոյեմբերին, թոքախտով ծանր հիվանդ վիճակում, աքսորվել է Կամիշին (Սարատովի նահանգ), որտեղ և մահացել է։

Առաջադիմական էին Նալբանդյանի մանկավարժական հայացքները։ Նա լուսավորությունը համարում էր ժողովրդի բարոյական վերածննդի և ազգային կյանքի վերաշինության հիմքերից մեկը, այն կարծիքին էր, որ այդ գործի հիմնական կենտրոնը պետք է լինի եկեղեցուց անկախ, խորապես ազգային ժողովրդական դպրոցը։ Կրթության և ուսուցման գործում բացառիկ դեր է հատկացրել մայրենի լեզվին։ Շարունակելով Խ. Աբովյանի ավանդույթները, Ս. Նազարյանի հետ միասին ակտիվորեն պայքարել է աշխարհաբարի հաստատման համար, բանավիճել է Մխիթարյանների հետ («Յաղագս հայկական մատենագրութեան ճառ», 1854-55, հրտ. 1895, «Մխիթար Սեբաստացի և Մխիթարյանք», 1858)։ Նալբանդյանը փորձել է գրել աշխարհաբարի քերականությունը, սակայն չի ավարտել։ Կրթության և դաստիարակության գործում կարևոր է համարել ընտանիքի, մասնավորապես՝ կնոջ դերը։ Նա կողմնակից էր կնոջ ազատագրմանը բոլոր ոլորտներում։

Նալբանդյանը հայ գրականության մեջ ռեալիզմի հիմնադիրներից է։ Լուսավորական ռեալիզմի ոգով է գրված «Մինին՝ խոսք, մյուսին՝ հարսն» (1858) վիպակը, որը տոգորված է մարդու երջանկության, սիրո բնատուր իրավունքի ջերմ պաշտպանությամբ։ Քննադատական ռեալիզմի շունչն է զգացվում Նալբանդյանի «Մեռելահարցուկ» (1859) անավարտ վեպում և «հիշատակարան Կոմս Էմմանուելի օրագրական թերթերից» (1858–60) երկում, որը «Հյուսիսափայլ»-ի յուրատեսակ երգիծական բաժինն է եղել։ Ստեղծել է գիշատիչ բուրժուաներ Հովնաթանյանցի և Բեգզադեի տիպերը, սպանիչ երգիծանքով մերկացրել «գնայուն մեռյալներին», որոնք մարմնավորում են անհատի կործանումը բուրժ. հասարակարգում։ Նալբանդյանը առաջինը հայ գրականության մեջ մտցրեց ֆելիետոնի և պամֆլետի ժանրերը՝ ստեղծելով ծախու լրագրողի և սխոլաստ գիտնականի, քաղքենու և կեղծ հայրենասերի, կղերականի և առևտրականի երգիծական կերպարները։ Նա գեղարվեստական հրապարակախոսության հիմնադիրն է հայ գրականության մեջ։

Մեծ ժողովրդականություն է վայելել Նալբանդյանի քաղաքացիական լիրիկան։ Վաղ շրջանի ռոմանտիկական բանաստեղծություններում («Մուսայից մուսային», «Գարնան մուտ») նա ստեղծել է ստրկության ու բռնության կապանքներում տառապող հայրենիքի կերպարը։ Ճիշտ է, այստեղ դեռ չկա «գարնան» համար պայքարի կոչ, բայց բանաստեղծի հոգին լի է զայրույթով ու վրդովմունքով։ Նալբանդյանը առաջինը հայ պոեզիայի մեջ մտցրեց «մտածություն» փիլիսոփայական ժանրը։ «Մտածությունք»-ից մեկում պատկերված է արի ու անվախ մարդը, որն ընդառաջ է գնում փոթորկին ու ամպրոպին։ Ազատության համար պայքարի պաթոսով են տոգորված Նալբանդյանի «Ազատություն» (1859), «Մանկության օրեր» (1860), «Ապոլլոնին» (1861), «Իտալացի աղջկա երգը» (1861), «Ուղերձ...» (1864) և այլ բանաստեղծություններ։ Նա հեղափոխական ոգի մտցրեց հայ պոեզիայի մեջ։ Հանրահայտ «Ազատությունը» գրառվել է Նալբանդյանի լուսանկարի վրա և երգվել որպես հայ հեղափոխական երիտասարդության հիմն։ Հայաստան կատարած այցելության տպավորությունների արդյունքն են «Օշական» (1860), «Սուրբ Մեսրովբի տոնին» (1863, հոտ. 1895) բանաստեղծությունները։ Ն-ին է պատկանում «Արկածք նախահորն» հակակրոնական պոեմը՝ «Աղցմիք» (1864, հրտ. 1903) շարքից։ Նա թարգմանել է Ա. Պուշկինի («Բանաստեղծ», «Չերքեզի երգը»՝ «Կովկասի գերին» պոեմից), Մ. Լերմոնտովի («Մարգարե», «Պալեստինու ոստ»), Պ. Բերանժեի («Վայր ընկնող աստղեր», «Աղքատ կին»), Հ. Հայնեի («Երազ»), է. Սյուի («Թափառական հրեա»), Օ. Սենկովսկու («Սատանայի պաշտոնական մեծ հանդեսը», «Անթար») և այլոց ստեղծագործություններից։ Նա մեծ դեր է հատկացրել թարգմանությանը որպես ազգային մշակույթների փոխադարձ հարստացման, ժողովուրդների հոգևոր մերձեցման միջոցի։

Նալբանդյանի գրական և գեղագիտական հայացքները ձևավորվել են համաշխարհային (Արիստոտել, Բուալո, Լեսինգ, Հեգել) և ռուս հեղափոխական-դեմոկրատական (Բելինսկի, Գերցեն, Չեռնիշևսկի, Դոբրոլյուբով) գեղագիտական մտքի ազդեցությամբ։ Դրանք առավել ցայտուն արտահայտվել են նրա «Յաղագս հայկական մատենագրութեան ճառ»–ում, Է. Սյուի «Թափառական հրեա» (1857) վեպի թարգմանության առածաբանում, «Կրիտիկա. «Հանդես նոր հայախոսության» (1858), «Ազգային թատրոն Պոլսի մեջ» (1861), «Կրիտիկա «Սոս և Վարդիթերի» (1863— 1864, հրտ. 1935) գործերում, «Աշխարհաբարի քերականության» ներածությունում (1863, հրտ. 1900), ինչպես նաև «Հիշատակարան»–ում, «Մեռելահարցուկ»-ում, նամակներում։ Գեղարվեստական ճանաչողության հիմնական օբյեկտը Նալբանդյանը համարել է մարդկային կյանքը։ Մարդուն դիտելով որպես բնության մաս, նա իր տեսությունը կառուցել է փիլ. «մարդաբանական սկզբունքի» վրա, որտեղից և բխում է նրա մատերիալիզմի սահմանափակությունը։ Սակայն, լինելով հեղափոխական-դեմոկրատ, նա մոտեցել է գեղագիտական խնդիրների (մասնավորապես՝ գեղեցիկի խնդրի) մատերիալիստական ըմբռնմանը, հանդես եկել «արվեստը արվեստի համար» տեսության քննադատությամբ, պաշտպանել ռեալիզմի ու ժողովրդայնության սկզբունքները։ Ռեալիստական գրականության զարգացման հարցում նա մեծ տեղ է հատկացրել քննադատությանը «...Մատենագրություն առանց կրիտիկայի, միևնույն է, ինչպես մարմին առանց հոգու...» (Երկ. լիակտ. ժող., հ. 2, 1980, էջ 177)։ Ժողովրդի գաղափարական, գեղագիտական դաստիարակության հարցում Ն. կարևորել է թատրոնը. «Թատրոնի բեմը ստոր չէ ուսումնական ամբիոնից... Թատրոնի բեմն է այն բարոյական ահեղ դատաստանը, ուր արդարությունը և հանցանքը, առանց աչառության ստանում են յուրյանց արժանի հատուցումը» (Ընտ. երկ., 1953, էջ 390)։ Ն. ունի արժեքավոր ասույթներ համաշխարհային գրականության ու արվեստի խոշոր գործիչների ստեղծագործությունների մասին։

Երկ. Անտիպ երկ., Ե.—Մ., 1935։ Երկ. լիակտ. ժող., հ. 1—4, Ե., 1940—49։ Ընտ. երկ., Ե., 1953։ Երկ., Ե., 1979։ Հրապարակախոսական երկ., Ե., 1979։ Երկ. լիակտ. ժող., հ. 1—3..., Ե., 1979—82...։ Избр. философские и общественно-политические произвед., М., 1954; Соч., в 2–х т., Е., 1968-70; Избр., Е., 1979.
Գրկ. Շահազիզ Ե., Միքայել Ղազարյան Նալբանդյանց, Մ., 1897։ Տերտերյան Ա., Միքայել Նալբանդյան։ Ազգության հրապարակախոսը, Ալеք-Պոլ, 1910։ Մյասնիկյան Ա., Միքայել Նալբանդյան, Մ., 1919։ Հովհաննիսյան Ա., Նալբանդյանը և նրա ժամանակը, հ. 1—2, Ե., 1955— 1956։ Սարգսյան Խ., Նալբանդյանի գրական ստեղծագործությունը, Ե., 1959։ Ստեփանյան Ժ., Միքայել Նալբանդյանի Էսթետիկական հայացքները, Ե., 1967։ Կարինյան Ա., Միքայել Նալբանդյանը և 19-րդ դ. 60-ական թվականների ռուս առաջավոր գործիչները (Հոդվածներ), Ե., 1979։ Դարոնյան Ս., Միքայել Նալբանդյան, Ե., 1979։ Ինճիկյան Ա., Միքայել Նալբանդյանի կյանքի և գործունեության տարեգրությունը, 2 հրտ., Ե., 1980։ Саркисян Х., Микаэл Налбандян и вопросы языка, Е., 1955; Даронян С., Микаэл Налбандян, Е., 1975; Его же, Микаэл Налбандян и русские революционные демократы, 22 изд., перераб. и доп., М., 1979.

Ս. Դարոնյան

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր՝ Հայկական Սովետական Հանրագիտարան, Երևան, 1982թ.
Տրամադրել է՝ Սվետլանա Ավագյան
Scanned: Աննա Վրթանեսյան
OCR: Աննա Վրթանեսյան

Տես նաև

Mikael Nalbandian's bio in English
Poems of Nalbandian translated into English

ArmenianHouse.org in ArmenianArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian
Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice