ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian
Ռափայել Պատկանյան

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ


1. Սիրո երգ
2. Մշեցոց նոր սերունդ
3. Հայ և Հայություն
4. Օրորոցի երգ
5. Մայրաքաղաքում կրթած հայ աղջիկ
6. Գինի և ջուր
7. Հայերուս թուքը


ՍԻՐՈ ԵՐԳ

Սիրելիք, օգնություն հասե'ք,
Նաչար գլխիս ճար տեսե'ք,
Սրտումս է սիրո բոցը,
Շատ խոր է նորա խոցը,
Հանգցնելու հնար չի կա,
Լավցնելու ճար չի կա։

Բաղչից վարդ քաղել ուզեցի,
Փըշով ձեռքըս ծակեցի,
Անհույս սիրով վառված եմ,
Բռնավորից դաղված եմ.
Աշխարհ աչքիս սևցել է,
Հոգիս մեջը դևցել է.
Ժամ, պատարագ, սրբություն
Ինձի էլ չեն փրկություն։
Աշխարքումըս մի կին էլ
Յարիս թայը չի ծընել.
Ո՛չ Սարրա, ո՛չ Շամիրամ՝
Իլել են Զանանիս նըման.
Երկեն բոյը չինարի,
Ինքը տասնըվեց տարի.
Նախշուն աչքը ջեյրանի,
Քեզ պաչողին երանի~,
Ո՛չ Հուդիթ և ո՛չ Եսթեր
Ունեցել են քու թուխ ունքեր,
Սիրուն, նազելի Զիանան,
Աշխարքումըս աննըման։
Ո՞ր թագավոր քու սերեն
Վեր չի գալ յուր աթոռեն,
Ծընկովըդ չի փաթաթվիլ,
Քու սերը չի պաղատիլ։
Աշխարքումըս չե՛ բախտը
Նստել արքայի թաղդը.
Չեմ ուզում ես գանձ ու թագ,
Տվե՛ք անձկալվույս մենակ,
Ոտնախողիդ ես ղուրբան,
Անգին գոհար, իմ Զանան։

ՄՇԵՑՈՑ ՆՈՐ ՍԵՐՈԻՆԴ

Երբոր մայրը երկունքով
Աշխարհ բերե երեխա,
Հայրը որդուն մի սըրած
Պիտի դաշույն տա ընծա։

Երբ երեխան մեծանա,
Խաղալիկներու փոխան՝
Հայրը ձեռքը պիտի տա
Մի մահաբեր հըրացան։

Երբոր տըղին վարժատուն
Գա ժամանակ երթալու,
Նախ՝ սուր խաղցնել, և ապա
Պիտ սովրեցնունք կարդալու*

Կարդալ-գըրել լավ բան է...
Բայց որ հասավ քննություն՝
Աշակերտին հարցուցե'ք —
Վոթել գիտե՞ նա արյուն։

Լոկ դուք այսպես հուսացեք
Փըրկել խղճուկ Հայաստան...
Ազատ, անկախ մարդ երբեք
Լինելու չէ՛ մուրացկան։

1855

ՀԱՅ ԵՎ ՀԱՅՈՒԹՅՈՒՆ

Ո՞վ է հայը, մի՞թե նա է, որ խոսում է հայ լեզվով,
Եվ կամ՝ որի մականունը հանգում է յան մասնիկով,
Որ ուտում է ամենայն օր ճաշին տոլմա ու փըլավ,
Կամ՝ պարծանոք միշտ հագնում է հայի գըդակ ու հալավ։

Ո՞վ է հայը, մի՞թե նա է, որ գընում է Հայի ժամ,
Ու տարենը հաղորդվում է խիստ սակավից՝ չորս անգամ,
Որ կյանքումը պաս չի կերել, ծոմ էլ պահում է նույնպես,
Հորանջելիս խաչ է կընքում՝ բաց բերանն ու երես։

Ո՞վ է հայը, մի՞թե նա է, որ տեսնելիս տերտերին
«Օրհնյա ի տեր» պատրաստ ունի ամեն րոպե իր բերնին.
Որի համար մեծ ամոթ է, նաև մեղք է մահացու,
Թե Ջատիկի թաթախմանը չուտե թերխաշ կարմիր ձու։

Չէ՛, սիրելի՛ս, ազգությունը չէ արտաքին արարմունք,
Հայ ծընելըդ անգամ չի տալ քեզ հայության իրավունք,
Ով է կամ յան մականունիդ վերջի վանկի մասնիկը,
Կարմիր ձվով կամ թե անձու կատարում ես զատիկը։

Քալլա-փաչա կամ թե բորշ է ամեն օրվա կերածըդ,
Սեռտուկ, պայլտո կամ թե չուխա է վըրայի հագածըդ —
Ողջը մին է. ծեսով չես տալ ազգիդ վընաս կամ օգուտ,
Տեղը մընա ազգությունը, այդ նաև վարձ չէ՛ հոգուդ։

Թե դու հայ ես՝ հայությունդ պիտի հարգես անպատճառ,
Հայաստանը պիտի լինի հուսո աստըղ քեզ համար.
Օտարինը դու մի՛ ատիլ, մի՛ էլ սիրիլ կուրորեն,
Բայց քու Հայի օգուտները միշտ վե՛ր դասե ամենեն։

Արվեստ, ուսում, շըքեղարվեստ տարածե՛ հայ ազգի մեջ,
Բայց բըռնությամբ միշտ հեռացուր նորա մեջեն կրոնի վեճ.
Քեզ ի՞նչ շահ է, թե դու կասես՝ հոգին բըխել է Հորից,
Կամ թե Որդին հոգվով սրբով անսերմ ծընունգ է Մորից...

Թո՛ղ, սիրելի՛, այդ խընդիրքը, աչքըդ դարձո'ւր դեպ հարավվ
Բյուր-բյուր հոգիք դու կըտեսնես կորած դորա պատճառավ,
Բայց մինչ այսօր այդ խընդիրքը մընացել է անվըճիռ,
Թույլ խելքո՞վըգ աշխատում ես քակել անքակ այդ կընճիռ։

Սիրե՛ ազգըդ ո'չ լոկ խոսքով, սիրե' ինչպես քու անձը,
Նորա օգտին, թե պետք լինի, զոհե՛ բոլոր քու գանձը,
Մի՛ խընայիլ կյանքըդ անգամ, արյունըգ բե'ր նորան զոհ
Ո՛ չ այն հուսով, որ քու ազգը իսկույն լինի քեզնից գոհ։

Իստակ սերը չի՛ պահանջում ամենևին տըրիտուր,
Թե տվածը հետ առնվի՝ դորան կասեն առուտուր,
Բայց վա՜յ նոցա, որք անըզգա են յուր ազգի վիճակին,
Հազա ր անեծք նոցա վերա, երնեկ շան պես սատակին։

Թե դու հայ ես գիտե՞ս արդյոք՝ ո՛վ էր ազգիդ նախահայր,
Ո՞րտեղ, ո՞ր կողմ նա ընտրել էր ազգի համար Հայ աշխարհ:
Քանի՞ տարի անկախ մընաց Հայը օտար ազգերից,
Ի՞նչ էր պատճառ, որ նա ընկավ իր առաջվա փառքերից։

Ո՞ւր ցըրվեցավ քու խեղճ հայը, ունի՞ այժմ օգնական,
Կա՞ մի հընար, միջոց կամ հույս նորա կրկին նորոգման.
Թե կա հընար՝ դու պատրա՞ստ ես անձըգ ազգիդ զոհ անել,
Խիստ կըտըտանք, սաստիկ տանջանք, սով ու ծարավ միշտ տանել։

Դու պատրա՞ստ ես թողնել կայքըդ, ծընողք, եղբարք սիրական,
Սիրելվույդ տեղ կըրծքիդ սեղմել միշտ մահառիթ հըրացան,
Դու պատրա՞ստ ես անվախ երթալ թշնամիի սուրի դեմ,
Սարսափելի մահըդ տեսնել դու կարո՞ղ ես ծաղրադեմ։

Այդ ժամանակ քեզ հայ կասեմ, ես քեզ սիրով կը գըրկեմ,
Թե ջուր ընկնիս՝ ջրի՛ց, թե՝ հուր, ես քեզ հուրից կըփրկեմ։
Բայց թե փորըդ տոլմաներից կամ փըլավից տըռաքի,
Հավատացի՛ր, ուտելովդ օգուտ չես բերիլ ազգի։

ՕՐՈՐՈՑԻ ԵՐԳ

Քո՛ւն էղիր, պալաս, աչքըդ խուփ արա՛,
Նաշխուն աչքերուդ քուն թող գա վըրա,
Օր-օր-օր, պալաս, օր-օր ու նանի,
Իմ (այս անունին) քունը կը տանի։

Օսկի խաչ վըզիդ՝ քեզի պահապան,
Նարոտ կապիլ է ծարեն տեր-պապան.
Օր-օր-օր, պալաս, օր-օր ու նանի,
Իմ (այս անունին) քունը կը տանի։

Մավի հիլուններ կախիլ իմ ես ալ,
Նազար չիս առնուլ, քո՛ւն էղիր, մի՛ լալ,
Օր-օր-օր, պալաս, օր-օր ու նանի,
Իմ (այս անունին) քունը կը տանի։

Աս քանի՞ մորըդ անքուն աչքովը
Անցիլ է օրեր օրոցքիդ քովը.
Օր-օր-օր, պալաս, օր-օր ու նանի,
Իմ (այս անունին) քունը կը տանի։

Օրոցքըդ օրրիմ, օրով բոյ քաշիս,
Մըղկըտան ծանով սիրտըս չի մաշիս,
Օր-օր-օր, պալաս, օր-օր ու նանի,
Իմ (այս անունին) քունը կը տանի։

Դուն ալ քո՛ւն էղիր, ինծի ալ քուն տուր,
Սուրբ աստվածամայր (այս անունին) քուն տուր։
Օր-օր-օր, պալաս, օր-օր ու նանի,
Իմ (այս անունին) քունը կը տանի։

1857

ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ԿՐԹԱԾ
ՀԱՅ ԱՂՋԻԿ

Շուշա՛ն, շուտով դեմքըգ ծածկե', ձյուն դու թվի՛ր մըրոտած.
Տե'ս, սիգաճեմ ման է գալիս հալ աղջիկը մեր կըրթած.
Վարդի գույնը уж не в моде: то-ли дело бледный лик!
Այստեղումը бледный են դիփ հա՛մ աղջկունք, հա՛մ կնանիք:
Ի՞նչ է գաղտնին бледныйության, այդ հայտնի չէ' ոչ ոքին,
Միայն կասեն, որ շատուց է կավիճն ունի բարձըր գին։
Առավոտ է, մեր աղջիկը հայլիից չի հեռանում,
Նորա ծընողք այսօր ճաշի гвардеец են ըսպասում,
Гвардеец է, լա՛վ միտք արեք, Հայ չէ՝ անշնորհ ու տըգետ,
Гвардеец է՝ փայլուն շորով, ուսին դըրած эполет.

Տուն կըմտնի, գըլուխ կըտա այնպե՜ս սիրուն, շնորհաշուք,
Որ մեր կըրթած հայ աղջըկա սիրտը կանե тук-тук-тук!
էնդուր համար նա հայլիից օրն ի բուն չի պուկ գալի,
Гвардеец-ին դուր չի գալը խիստ է նորան ըզգալի։
Ո՛չ լոկ դեմքով պիտի դուր գա, այլ և անուշ խոսքերով,
Ինչպե՞ս, ի՞նչ կերպ, դուք կը հարցնեք, այդ էլ չըգիտե ոչով։
Բարձի տակը պահած ունի նա George Sande-ի ռօման-ը,
Գիշերները մորից թաքուն կարդում է մինչ չորս ժամը.
Անհատական այդ աղբյուրից նա քամում է անդադար
Սիրո զգացմունք, սիրո խոսքեր—կանանց սըրտին մըխիթար։
Նա գըտավ յուր идеал-ը, այսօր ճաշին կըտեսնե
Նա յուր անտես սիրահարին, ում որ սիրտը տվել է։
Հայո'ց աղջիկ, Հայո՛ց աղչիկ, գնա' առաջ, մի՛ վախիլ,
Бледный դեմքըդ, շինծու խոսքըդ ովի՞ն ասես չեն խաբիլ։
Гвардеец-ին դուր չես գալի, — ի՞նչ ափսոսանք, ի՞նչ վընաս,
Քեզ սիրահար гусар, улан, артиллерист կունենաս։
Դու փո'րձ փորձե նորից դուր գալ, անույշ ժպտա' ու խոսե',
Քըսանմեկըդ արդեն մոտ է, տե՛ս, առաջիդ մեծ փոս է:
Բայց մի' թողնիլ դու George Sande-ին, идеал-իդ մի' ուրանալ.
Թե ոչ ջահիլ, գոնե ծերուկ կառնե քեզ ռուս генерал.
Բայց զգուշացի'ր դու հայերից, գին չեն դնիլ, չեն սիրիլ
Քեզ, ինչպես դու ցանկանում ես. դու քեզ Հային մի' մատնիլ:
Փորձ փորձեցիր ու դուր չեկար ո՛չ улан-ին, гусар-ին,
Քըսանհինգըդ մոտենում է. Հա՛յ աղջիկ, վա՜յ քու հալին։
Հայո՛ց աղջիկ, Հայո՛ց աղջիկ, գնա՛ առաջ, մի՛ վախիլ,
Бледный դեմքըդ, սիրուն խոսքըդ ովի՞ն ասես չեն խաբիչ:
Տարիներըդ ակոս ձըգեց քու շնորհալի երեսին,—
Վընաս չի կա,— подруг-ներըդ դորա համար ճար ունին.
Երբ որ տանն ես՝ մի՛ հրամայիլ տըղոց քեզի մոտենալ,
Դուրս գնալիս՝ лик-իդ ձըգե' դու կըրկնածալ հաստ вуаль,
Հարցնողներից ուշի-ուշով ծածկե' տարիդ ծընընդյան,
Ու ամենին հավատացո'ւր, որ տասնութ ես տարեկան:

1863

ԳԻՆԻ ԵՎ ՋՈԻՐ

Երեկ բժիշկ կանչեցի, գլխիս մեկ դեղ խնդրեցի,
Նա ինձ դեղ տալ չուզելով, ասաց մի' խմիր գինի,
Արյունս գլխիս տվեց, բերնումս խոսքս սառեց.
Ասի՝ ի՞նչ է պատճառը, որ ինձ գինին պաս դրվեց.
Բժիշկն ասաց, պատվելի, պատճառն այս է իսկ հայտնի,
Որ միշտ գլուխդ կպտտի, երբ էլ որ խմես գինի.
Ասի՝ բժիշկ, դու սուտ ես, դու լավ մարդ չես, բժիշկ չես,
Գինին ինչպե՞ս է կարող գլուխս շրջել անվի պես.
Այն ջուրն է որ անդադար, շարժման մեջ կա դիվաբար,
Գնա ու տես աղորին, ջո՞ւրն է շարժում, թե գինին։
Եղբայրք, բերեք շուշեքը, լցրեցեք բաժակը,
Խմենք ու առողջանանք, ասենք սուտ է բժիշկը.
Մեզ գինին չի հարբեցնիր, նաև չի հիվանդացնիր,
Խմենք կարմիր նեկտարը, մեզ մարդ հիվանդ չի տեսնիր։

1878

ՀԱՅԵՐՈԻՍ ԹՈԻՔԸ

Դուն խելոք, հաշվով վաճառական ես,
Մյուլք, փող ու ապրանք, կասեն, շատ ունես. -
Բայց թե փողեդ շահ չունի Հայաստան,
Թըքել ենք քու ալ, փողիդ ալ վըրան։

Քաջ ես, լըսել ենք, ինքըդ մեծավոր,
Անուն հաղթողի ունես փառավոր.
Բայց թե թըրեդ շահ չունի Հայաստան,
Թըքել ենք քու ալ, թըրիդ ալ վըրան։

Ի վերուստ քանքար քեզի տված է,
Հեղինակ անունըդ աշխարհ փըռված է.
Բայց թե գըրչեդ շահ չունի Հայաստան,
Թըքել ենք քու ալ, գըրչիդ ալ վըրան։

Հեռատես մըտքով դուն զարդարեցար,
Հըզոր իշխանի սիրելին դարձար.
Բայց թե մրտքեդ շահ չունի Հայաստան,
Թըքել ենք քու ալ, մըտքիդ ալ վըրան։

Բանուկ ու ճարտար դուն ունիս ձեռքեր,
Շատ կըհորինես թանկագին բաներ.
Բայց թե ձեռքեդ շահ չունի Հայաստան,
Թըքել ենք քու ալ, ձեռքիդ ալ վըրան։

Երկինք շնորհեցին քեզ լեզու ճարտար,
Քարոզչի ստացար հըռչակ ու հանճար.
Բայց թե լեզվեդ շահ չունի Հայաստան,
Թըքել ենք քու ալ, լեզվիդ ալ վըրան:

Մեծ ուսում առիր, եղար գիտնական,
Գովքովըդ լըցված է մարդոց բերան.
Թե ուսումեդ շահ չունի Հայաստան,
Թըքել ենք քու ալ, ուսմանդ ալ վըրան:

Կուտամ քեզ պատիվ, կունենաս դու հարգ,
Ու կըդընեմ քեզ ազնիվ մարդոց կարգ,
Երբ օրորանեդ մինչի գերեզման
Միակ ձըգտմունքըդ լինի Հայաստան։

 

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր՝ Ռափայել Պատկանյան - Երկերի ժողովածու:
Մ. Աբեղյանի անվան գրականության Ինստիտուտ: Հայկական ՍՍՌ ԳԱ հրատարակչություն, Երևան - 1963թ.

Տրամադրել է՝ Սվետլանա Ավագյան
Scanned: Աննա Վրթանեսյան
OCR: Աննա Վրթանեսյան
Ուղղագրում՝ Աննա Վրթանեսյան

Տես նաև

Ռափայել Պատկանյանի ստեղծագործությունները
Patkanian's Poems (translated by Alice Stone Blackwell )

Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice