ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian

ԱԶԱՏ,ԱՆԿԱԽ ԵՎ ՄԻԱՑՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԸ (ԱՆՀԱՅՏ ԳՐՈՂԻ ՕՐԱԳԻՐԸ )


Ներածություն
Դիլիջան. 13 հունիսի, 1920թ. – Իջևան. 30 հունիսի, 1920թ.
Իջևան. 1 հուլիսի, 1920թ. – Երևան, 30 օգոստոսի, 1920թ.
Իգդիր. 4 սեպտեմբերի, 1920թ. – Վարդանլու. 5 նոյեմբերի, 1920թ.


Դիլիջան. 13 հունիսի 1920թ.*

Երկար դադարից հետո նորից գրիչս վերցնում եմ այն ժամանակ, երբ Հայաստանի մանուկ հանրապետությունը ապրում է իր ամենավտանգավոր և ամենավճռական վայրկյանը: Ներքին խռովությունները /ի նկատի ունի բոլշևիկների մայիսյան բունտը- Գ.Ռ./ մի կողմից, Հյուսիսի և Հարավի վտանգը մյուս կողմից, Սան-Ռեմոյում մեր բարդ հարցի վերջնական լուծումը` երրորդ կողմից, խճճվել են իրար և ալեկոծում են հայ պետական բովանդակ կյանքը:

_________________
*Օրագիրի առաջին գրառման ամսաթիվը-Գ.Ռ.
_________________

Ես նորագույն հայ գրականության ամենաբախտավոր և միաժամանակ ամենադժբախտ գրողներից մեկն եմ, որին վերապահվել է անաչառ կերպով գրի առնելու այն բոլոր անցքերը, որոնք ներկայումս տեղի են ունենում մեր պետական կյանքում ընդհանրապես և ռազմաճակատներում մասնավորապես:

Ես այժմ Հայաստանի հանրապետության 4-րդ Բրիգադայի սոսկական զինվոր եմ: Մեր հրամանատարը հայ զինվորական հայտնի հերոս Սեպուհն է: Լինելով զինվորական՝ այս մարդը միաժամանակ գրականության սիրահար է, մի բան, որ պակասում է մեր մյուս հերոսներին:

Սրանից ուղիղ երկու ամիս առաջ՝ իմ անփութության պատճառով, նեցուկների օրենքից* օգտվելու պատճառ վկայական չունենալուս համար՝ զորահավաքի ատյանը ինձ ձերբակալեց, որպես դասալիք և իսկական դասալիքների հետ Երևանից քշեց մինչև Իգդիր, ուր ճակատ էր բռնած 4-րդ Բրիգադան և ուր նշանակված էի ծառայելու: Իհարկե, ինձ, որպես գիտակից քաղաքացու, ցավ էր պատճառում այն, որ ինձ քշում են որպես դասալիք:

_________________
* բրոնյա- Գ.Ռ.
_________________

Սակայն ինձ մխիթարում էր այն հանգամանքը, որ զորական և մյուս նախարարներից սկսած մինչև ինձ անձամբ ճանաչող քաղաքացիները լավ գիտեն, որ ես նեցուկի օրենքով ազատված եմ զորակոչից: Սակայն փաստը մնում է փաստ, որ ես համապատասխան վկայական չունեի` չնայած կառավարության երիցս նախազգուշացման, հետևաբար, ես դասալիք էի բառիս բովանդակ իմաստով: Այս խստությունները ինձ ուրախացնում էին: Երբ հրամանատար Սեպուհը ինձ տեսավ, զարմանքից գոչեց. «Վերջապես կառավարությունը խելքի է եկել և մտավորականները բանակ է ուղարկում»:

Երբ գլխիս եկածը պատմեցի, նա ժպտաց և ասաց. «Էլի անճարներն են տուժում, մինչ ունևորների որդիները և մտավորական կոչված ճարպիկ սրիկաները, որոնց թիվը բանակների է հասնում, նեցուկի զանազան կեղծ վկայականներով ազատվում են զորակոչից: Պետք է վերացնել նեցուկների օրենքը, որ ներկա վայրկյանին պատուհաս է մեր երկրին»:

Երեկոյան թեյին Սեպուհի մոտ էի, սեղանին մասնակցում էին շտաբի պետ և իմ մտերիմ ընկեր տաճկահայ սպա Գրիգոր Ամիրյանը, հրամանատարի թիկնապահ և խորհրդակից Ստեփան Ծաղիկյանը և կարնետ Պետո Կատունյանը: Վերջինս բոլշևիկների կողմից Սև ծով ածված դենիկինյան բանակից նոր էր եկել ծառայելու հայկական բանակում: Վերջապես նրան հաջողվել էր Ռազմավիրական ճանապարհով իր մտերիմ ձին Վրաստանի սահմաններից անց կացնել և բերել մինչև Իգդիր, մի բան, որ մեր Բրիգադայի համար ահագին նշանակություն ուներ, որովհետև հեծելազորի կողմից բրիգադան շատ թույլ էր: Այս բանը գուցե ժպիտ խլե մեր ապագա ընթերցող սերունդից, բայց այդ այդպես է:

Խոսք բացվեց մեր հանրապետության ամրապնդման մասին և զորահավաքի հարցի շուրջ: Բոլորս էլ եկանք այն միակ եզրակացության, որ առաջին հերթին, եթե չցրվի պառլամենտը և նրա անդամները հնարավորություն չունենան ժողովրդի մեջ և ռազմաճակատներում լինելու և եթե զորահավաքի գործը շարունակի այսպես թույլ ընթանալ, մենք չպիտի կարողանանք մեր ազատությունը և անկախությունը պահպանել: Այս եզրակացությունից հետո, Պետոյից և ինձանից զատ մյուսները խորհրդավոր կերպով իրար նայեցին և ժպտացին: Հետո միայն բանից պարզվեց, որ Սեպուհը ու իր շտաբը որպիսի բան մտածել են ամիսներ առաջ և ուզեցել են իրականացնել զենքի ուժով, նույնիսկ այս ուղղությամբ Սեպուհի կողմից վերջնագրի ձևով մի քանի անգամ առաջարկներ են եղել կառավարությանը, որ մինչև հիմա էլ շատ ծածուկ է պահվել: Ծաղիկյանի ասելով` այդ էր պատճառը, որ կառավարությունը վերջերս միայն սկսել էր ամենախիստ զորահավաք, որի առաջին լախտի հարվածը, ի թիվս շատերի, իմ գլխին իջավ:

Իսկապես, վերն ասացի, ձիերի կողմից մեր Բրիգադան շատ չքավոր էր, դրա համար էլ Սեպուհը ամեն ջանք գործ էր դնում այդ պակասը լրացնելու: Կառավարությունը անկարող էր բավարարել մեր պահանջը, որովհետև Ղարաբաղի և Զանգեզուրի գոյամարտը կլանել էր նրա ամբողջ ուշադրությունը, և պետական նոր ահռելի ծախսերի դուռ էր բաց արել:

Վերջնականապես կտրելով իր հույսը կառավարության օգնությունից` Սեպուհին միտք հղացավ կարնետ Պետոյին ու ինձ ուղարկել Թիֆլիս, Բաթում և Սուխումի շրջանը հանգանակություններ անելու և Բաթումում ձիեր գնելու: Համենայն դեպս, ասաց Սեպուհը, վերջին անգամ, երբ մեզ համապատասխան վկայականներ տվեց, եթե ձեր միսիան անհաջող անցնի, Բաթումի ժողովուրդը մեր Բրիգադայի համար մի ավտոմոբիլ պարտավոր է առնել, որովհետև նա ինձ շատ խոստումներ է արել, բայց մինչև օրս ոչ մի գործնական քյալի չի դիմել: Մեզ տրված էր մի ամիս ժամանակամիջոց, որից հետո մենք պարտավոր էինք շուտ վերադառնալ: Ես և Պետոն ապրիլի 7-ին Իգդիրից դուրս եկանք, Զատիկի հետևյալ օրը հասանք Թիֆլիս: Ամիս ու կես ժամանակվա ընթացքում մեզ վրա դրված պարտականությունը կատարեցինք և վերադարձանք Դիլիջան, ուր Սեպուհը եկել էր ներքին խռովությունները ճնշելու: Մենք Վրաստանում լսեցինք մեր ներքին խռովությունների մասին և շատ ցավ ապրեցինք, որովհետև, եթե այդ խռովությունները հաջողությամբ պսակվեին, մենք շատ բան կկորցնեինք: Ականատեսները պատմում էին, որ եթե Սեպուհի զորամասերը չլինեին, մեր պետական կյանքը անդառնալիորեն կորած էր: Բոլշևիկյան ապստամբությունը ճնշելու գործում մեծ դեր են խաղացել գյուղացիները և արևմտահայ զանգվածը: Այս ցույց է տալիս, որ այնքան էլ հեշտ չէ մի ազատ, անկախ ժողովրդի ձեռքից իշխանությունը խլել և նրա վիզը փաթաթել մի այլ թեկուզ ծայրահեղ սովետական կարգերը: Ինձ թվում է, որ ես շեղվեցի իմ օրագրից` անդրադառնալով բոլշևիկյան ապստամբությանը:

Դիլիջան, 14 հունիսի

Այս շրջանում համարյա թե հանգիստ է, Սեպուհը կարողացավ այս վտանգավոր շրջանը ևս մաքրել մեր անկախության թշնամի տարրերից: Մեր և Ադրբեջանի սահմանամերձ մի քանի թաթար և հայ գյուղեր թեև դեռ դիմադրություն են ցույց տալիս, բայց նրանք ևս շուտով զենքը վայր կդնեն, որովհետև մեր զորքը և կամավորական գնդերը վճռել են ինչ էլ որ լինի, այս երկու օրում, նրանց վերջնական հարված տալ: Եղանակները անձրևային են և հնարավորություն չեն տալիս մեր զորամասերին առաջ շարժվել: Խռովարար գյուղերի դիրքը անառիկ է, և մեր զորամասերը մագլցելով են հարձակման դիմում: Առանձնապես ուժեղ դիմադրություն է ցույց տալիս Ղարաղայլեի ձորը, մենք կորուստներ չունենք: Երեկոյան լուր ստացվեց, որ հայ գյուղացիները խմբերով գալիս հանձնվում են և խոստովանում, որ իրենք խաբված են: Թաթար գյուղերին նույնպես առաջարկված է անձնատուր լինել, բայց նրանք վախենալով վրեժխնդրական ցասումից և չհաշտվելով այն բանի հետ, որ «ստրուկ գավուրները» իրենց պիտի իշխեն` չեն հանձնվում:

Դիլիջան, 15 հունիսի

Ղարաղայլեի ձորը, որ բացառապես թաթար գյուղեր էին, վերջապես մաքրվեց: Թաթարները փախել էին, թողնելով քսանհինգ սպանված և մոտ հազար գլուխ տավար, ոչխար, ձի, ահագին քանակությամբ հացահատիկ, ալյուր, յուղ, պանիր, գորգեր և տնային կահ-կարասիք: Շրջակա հայ գյուղացիները գողունի կարողացել են այդ ավարի մի մասը թալանել, իսկ մնացած մեծագույն մասը անցել է կառավարությանը:

Սեպուհը, իր հիվանդության պատճառով, մի ամիս արձակուրդ է ստացել, իսկ իշխանությունը հանձնել է գեներալ Խանկալամովին:

Այստեղ է եկել պառլամենտի անդամ Արշակ Հովհաննիսյանը հողային հարցը կանոնավորելու: Այս նշան է, որ կառավարությունը սկսել է լուրջ ուշադրություն դարձնել այս շրջանի վրա: Տեղափոխության անկանոնության պատճառով մի քանի օր է, որ շրջանս ալյուր չի ստացել և ժողովրդի մեջ մի որոշ դժկամություն է սկսվել: Այսօր պառլամենտի անդամ Ա. Հովհաննիսյանը հեռագրով հաղորդեց Երևան, որ անմիջապես ալյուր ուղարկեն, որ իսկույն կարգադրվել է:

Առավոտյան զորական նախարարից մի ընդարձակ հեռագիր ստացվեց Սեպուհի անունով, որի մեջ նախարարն ուզում է իմանալ Սեպուհի կարծիքը Զանգիբասարի և Կողբի աղահանքերի մոտակա ռազմական գործողությունների մասին, որոնք ներկայումս անհրաժեշտություն են մեր տնտեսությունը և թիկունքը ապահովելու: Այդ հեռագրի ամենանշանավոր կետն այն է, որ վրացիները ուզում են շարժվել Օլթիի վրա` կտրելով մեր Սև ծով դուրս գալու հնարավորությունը: Այստեղ ևս մի նոր կարևոր ճակատ է սկսվում: Վրացիները պարզապես ուզում են շնչախեղդ անել մեզ, նրանք լավ են գիտակցում, որ եթե մեզ հաջողվի Սև ծով դուրս գալ, նրանց Բաթումը, որպես առևտրական կենտրոն` կդառնա մի երկրորդ Փոթի: Բայց թող լավ իմանան վրացի աշխարակալները, որ մենք նրանց այնտեղ ևս կջարդենք, ինչպես այդ պատահեց 1918թ., և այս անգամվա պատերազմը երբեք չի նմանվի առաջվան:

Հրամանատար Սեպուհը մի պատասխան-հեռագրում այն կարծիքը հայտնեց, որ այդ երեք ճակատներում միաժամանակ ռազմական գործողություններ սկսելը աննպատակահարմար է, նրա կարծիքով պետք է նախ մեկը սկսել և վերջացնել և ապա մյուսները, մանավանդ, որ դեռ Դիլիջանի և Շամշադինի շրջաններից անմխիթար լուրեր են հասնում: Պառլամենտի անդամ Հովհաննիսյանը ամեն ջանք գործ է դնում, որ Սեպուհը մնա այստեղ, իսկ կառավարությունը հարմար է գտնում նրան տեղափոխել Սուրմալուի շրջանը: Անշուշտ այս պատասխանը Զորական նախարարին ևս ուրախություն պիտի պատճառի: Խանկալամովը լինելով նախկին ռուս բանակի գեներալ՝ սրտացավ վերաբերմունք ցույց չի տալիս յուր պաշտոնին, հենց որ ժողովուրդը լսեց, որ իշխանության գլուխ անցել է այդ փալաս մարդը, անկարգությունները նորից սկսեցին ձեռ տալ:

Խոսակցության ժամանակ Ծաղիկյանը նույնպես չի ուզում, որ Սեպուհը այստեղ մնա և նա վախ է հայտնում, որ Զանգիբասարը ևս կարող է մեր գլխին Բեյուք-Վեդի դառնալ: Իսկ Կողբը մաքրելու համար նա գտնում է, որ առանց Սեպուհի ոչինչ գլուխ չի գա, որովհետև այդտեղի քրդերը սոսկում են նախկին հեղափոխականից, և նրա անունն ու համբավը ծանոթ է նրանց: Դեռ բանակցությունները շարունակվում են կառավարության հետ, տեսնենք ինչ դուրս կգա: Ես ևս ուզում եմ, որ մենք լինենք ռազմաճակատում, թեև Իգդիրը սարսափելի շոգ է ու ջերմ և տենդի վայր է: Ավելի լավ է զրկվենք ամառանոցի հաճույքը վայելելուց, քան թե նոր ձեռնարկված մեր ռազմաճակատներում անհաջողություններ կրենք: Սակայն ցավալին այն է, որ այս կերպ չեն մտածում մեր ռուսահայ սպաներից շատերը, որոնց հաճույքը միշտ գերադասելի է մեր անկախության նույնիսկ ամենամեծ հաճույքից: Այլասերված սրիկաներ են դրանք:

Դիլիջան, 16 հունիսի

Զորական նախարարի այս հեռագրից հետո՝ այստեղ կարծես թե ինձ համար դժոխք է, և ես հոգով ցանկանում եմ լինել Զանգիբասարի կռիվներին կամ Կողբի ու Օլթիի գործողություններին: Այս էր պատճառը, որ երեկ երեկոյան հանդիպելով մեր հանրապետության առանձին թնդանոթախմբի կապիտան Կլիչին, որ հանրածանոթ է քաջությամբ և հրետանային արվեստի կատարելությամբ, նրան խնդրեցի, որ ինձ վերցնի իր մոտ, որպես արտիլերիստ: Նա շատ ուրախացավ, որ ես լավ հայերեն գիտեմ և ինքս եմ ցանկանում նրա մոտ լինել: Դուք ինձ հայերեն կսովորեցնեք, ասաց նա, իսկ ես Ձեզ վեց ամսվա ընթացքում կդարձնեմ հրաշալի արտիլերիստ: Ուրախությունս ավելի մեծ եղավ, երբ իմացա, որ նա մեկնում է Երևան խնդրելու, որ թնդանոթախումբը տեղափոխեն Զանգեզուր/ հավանաբար վրիպում է և պետք է լիներ Զանգիբասար- խմբ./: Ասում է, որ իր թնդանոթները այնպիսի գործ չեն տեսնի Դիլիջանի անտառապատ լեռներում, ինչպես Արարատի տափարակ դաշտավայրում: Նա էլ ձանձրացել էր պարապ մնալուց: Այսօր զորական նախարարից վերջնականապես պատասխան ստացվեց, որ Խանկալամովը մնում է այս շրջանը, իսկ Սեպուհը պետք է հանգստանա և կազդուրվի: Այս շատ լավ եղավ՝ իմ և Ծաղիկյանի ցանկությունը կատարվեց:

Անկասկած, որ Զանգեզուրի /երևի դարձյալ-Զանգիբասար - խմբ./, Կողբի և Օլթիի գործողություններին մենք ևս մաս ու բաժին պիտի ունենանք: Սեպուհի Դիլիջանի շրջան չթողնելը, երկու պատճառ ունի: Նախ այն, որ նա համաձայնում էր մնալ այստեղ այն դեպքում, եթե Իգդիրի մեր զորամասերը շտաբով հանդերձ տեղափոխվեն այստեղ և երկրորդ այն, որ Նազարբեկյանի գլխավոր շտաբի պետ Վեքիլովը այստեղ կուղարկեն: Հրամանատարի երկու առաջարկն էլ մերժվեցին կարևոր պատճառաբանություններով, այն է, Վեքիլովը պիտի ղեկավարի Զանգիբասարի գործողությունները, իսկ Իգդիրի մեր զորամասը պիտի պաշտպանի իր բռնած դիրքերը, որպեսզի թուրքերը չանցնեն մեր քամակը: Երևան գնալուց առաջ՝ կապիտան Կլիչը իմ խնդրի համաձայն միջնորդեց հրամանատար Սեպուհին, որ վերջինս ինձ ազատի իր բրիգադայից և թույլ տա, որ ես ծառայեմ Կլիչի կազմի մեջ: Բացարձակ մերժումն ստացավ խեղճ Կլիչը, և ես էլ տխրեցի, որովհետև կազատվեի պարապությունից և լայն ազատության մեջ կլինեի:

Շտաբներում գրագրություն անել չեմ սիրում, բայց իմ չար բախտից, ինչ կյանքի մեջ էլ որ ընկնեմ, ինչ շրջան էլ որ սկսվի ինձ համար, միշտ և միշտ գրելու գործը ինձ են հանձնում: Ուղղակի վիրավորական է մեզ՝ գրողներիս և մտավորականներիս. այս զինվորականները կարծում են, որ կարող ենք շատ-շատ հեռախոսող, հեռագրիչ և գրասենյակի ծառայող լինել:

17 հունիսի

Շամշադինից տխուր լուրեր են հասնում, պարզվում է, որ մեր հանրապետության թշնամի տարրերը կաշառքի և ստոր միջոցով գրավում են ժողովրդին իրենց կողմը և կռվի են հանում մեր դեմ: Այդ շրջանից միայն մի քանի գյուղեր կան մեր ձեռքում, իսկ մեծամասնությունը հիմարացած եղբայրասպան կռվի է ելել:
Պաշտոնական տեղեկություններ ունենք, որ այդ շրջանի գյուղացիները հաց և փող են ստանում և բոլշևիկ դառնում*: Ինձ զարմացնում է մի հանգամանք, որ «կոմունիստները» այնքան միամիտ են, որ կարծում են, թե հայ գյուղացիները սոցիալիստ կդառնան: Բայց չի կարելի չխոստովանել, որ ռուս «կոմունիստները» իսկական աշխատանք են թափում սոցիալիստական հեղափոխությունը պատվաստելու Կովկասի փոքր ժողովուրդներին: Նրանք գրականության և քարոզչության վրա շատ լուրջ ուշադրություն են դարձնում, կարողանում են մասսաներին հեղաշրջել: Բացի լավ խոսքերից, նրանք աշխատավոր ժողովրդին գործնական օգնություն են ցույց տալիս: Այսպես, օրինակ, նրանք Շամշադինի և Ղազախի հայ գյուղացիությանը ալյուր են բաժանում, և մեր փողերը, որ արժեքով այնքան ընկած են համեմատած կովկասի բոնիրին, հավասար կուրսով են ընդունում: Անշուշտ, այսպիսի գործնական քայլերը մեծապես ազդում են գյուղացիության վրա: Մեր պետական հազար ու մի հոգսերը թույլ չեն տալիս, որ ամեն մի շրջանի կարող լինենք բավարարել և հետևանքը լինում է այն, որ հայ ժողովրդի սոված մասը ձգտում է դեպի բոլշևիզմը:

_________________
* հեղինակը տեղյակ չէ 1919թ. ռուս-թուրքական Իզմիրյան գաղտնի բանակցություններից, ուր բոլշևիկները Ռուսաստանի անունից պարտավորություններ էին վերցրել իրենց վրա՝ թուրքերին օգնել ո’չ միայն զենքով ու փողով, այլև Հայաստանի Հանրապետությունը ներսից պառակտելով - Գ. Ռ.
_________________

Շամշադինի շրջանի մասին ես մոռացա ժամանակին մի կարևոր դոկումենտի մասին խոսել: Ամսի 15-ին գիշերվա ժամը 3-ին պառլամենտի անդամ Արշակ Հովհաննիսյանը ուղիղ թելով խոսել է զորական նախարարի հետ՝ ընդարձակ զեկուցում տալով վերջինիս: Զեկուցման մեջ նա առանձնապես կանգ է առել մի քանի անհետաձգելի խնդիրների շուրջը և նոր զորք ուղարկել, ի նկատի ունենալով, որ տեղիս ուժերը թե քիչ են, և թե անհուսալի, երկրորդը՝ հացի խնդիրն է, որ ալեկոծում է սոված ժողովուրդը: Զորական նախարարը խոստացավ Արշակ Հովհաննիսյանի առաջարկները իսկույն ևեթ բավարարել: Իմիջի այլոց զորական նախարար Ռուբեն Տեր-Մինասյանը հաղորդում է, որ Քամիլ փաշայի Մոսկվայի պատվիրակները Հայաստանի ջնջման քաղաքականության մեջ անհաջողության են հանդիպել /դժբախտաբար այս ինֆորմացիան Հայաստանի կառավարությունն ընդունեց որպես ճիշտ: Իրականում Մոսկվայում այդ պատվիրակությունը ևս մեկ անգամ ամրագրեց 1919 թ. գաղտնի համաձայնության պայմանավորվածությունները և մշակվեցին համատեղ գործողությունների ճշգրտված ծրագրեր, որոնցում հստակեցվում էին յուրաքանչյուրի դերակատարումը, կոնկրետ անելիքները՝ Հայաստանի կառավարությունը տապալելու և Հայաստանը որպես այդպիսին իսպառ վերացնելու նպատակով, իսկ լուրը, թե թուրքական պատվիրակությունը անհաջողության է մատնվել մտածված ապատեղեկատվություն էր - Գ. Ռ./: Մոսկվան ճանաչել է մեր անկախությունը և քեմալիստներին ասել, որ նրանք որևէ գործողություն սկսել Հայաստանի դեմ չեն կարող: Եվ այդ բանը պատճառաբանում են նրանով, որ Հայաստանը սոված է, և իրենք չեն կարող նրան բավարարել: Այստեղից կարելի է եղրակացնել այն, որ նրանք քեմալիստների հետ ձեռք-ձեռքի տված, չեն արշավում մեզ վրա, ոչ թե նրա համար, որ ուզում են Հայաստանը ազատ ու անկախ լինի, այլ նրա համար, որ կարող են իրենց համարումը կորցնել: Եթե սոված չլինենք, ուրեմն սովետականները մեր երկիրը նույնպես կդարձնեն քաղաքական կռվի ասպարեզ, որից միայն մեր դարավոր թշնամին՝ թուրք-թաթար այդ հակահեղափոխական զանգվածները պիտի օգտվեին: Չեմ կարող տանել, երբ այսքան երկար պիտի մնանք այս այլասերված շրջանը: Զարմանալի բան, այսպիսի զորքը, որի վրա այնքան մեծ հույսեր կան, անհուսալի է: Սեպուհը կարծում է, որ մեր զորքը կռվում է միմիայն թուրքի դեմ, իսկ ռուսին ուրախությամբ է ընդունում: Մեր ռուսասիրության պատճառով ես վախենում եմ, մեր ազատությունը ձեռքից թողնենք, հետո զղջանք, երբ ուշ կլինի արդեն /ընգծումը հեղինակինն է/:

Իմ կարծիքով, ռսի դեմ, ինչ լոզունգով էլ որ նա գալու լինի՝ պիտի կռվել, որովհետև մեր անկախության տեսանկյունից նա ավելի վտանգավոր է, քան թե տնտեսապես շատ ավելի քայքայված և խավարի ու տգիտության մեջ խարխափող թուրք-թաթարականությունը:

Այսօր բավական է գրեմ, գնամ մի քիչ ման գամ: Գլուխս պտույտ է գալիս, դա նրանից է, որ սնունդ չէմ ստանում: Ֆունտ ու կես սև ցամաք հացից ի՞նչ սնունդ կարելի է ստանալ: Իմ և Ծազիկյանի ձիով պտույտը ուրախ անցավ: Ձի շատ չեմ նստել, դրա համար էլ խամությունս իսկույն երևան եկավ: Չնայած, որ հայտնի Բեքազն էր տակս, բայց չէի կարող քշել: Ձիերն էլ գիտեն, թե ո՞վ է նստողը, սանձը միակերպ չպահելուս համար՝ Բեքազն անհանգիստ էր և գլուխը մի կողմի վրա էր պահում: Թեև Ծաղիկյանը գտնում էր, որ իր նախկին ձին լավերից է, բայց դրա ձի լինելը չտեսանք՝ էշի նման էր քայլում, ստիպված եղա մտրակի դիմել: Ծաղիկյանը ամեն բանում ինձ էր մեղադրում, բայց ինձ այնպես է թվում, որ նա չի ուզում Բեքազի համարումը ձգել: Միասին գնացինք քաղաքից դուրս, Ծաղիկյանը նույնպես ուրիշ ձի էր նստել, որին շատ էր հավանում: Արաբական ձիերի չափ գեղեցիկ ոտքեր ուներ, լայն ռնգածակեր և բարակ մեջք ուներ, ափսոս, որ քուռակով էր:

Ճանապարհին հանդիպում էինք տաճկահայ գեղջկուհիների, որոնք շալակով զանազան տեսակի բանջարեղեն էին բերում ուտելու համար: Նրանք բոբիկ էին, ցնցոտիներով, նիհար արևակեզ դեմքերով: Չգիտեմ ինչ կարող էին զգալ, երբ ձիով անցնում էինք, սակայն, հոգեբան մարդը իսկույն նրանց վրա միմիայն անեծք ու դժգոհություն կարող էր կարդալ: Մի բան էլ կարելի է պարզ տեսնել, որ եկող կամ գնացող ձիավոր կամ հետիոտն ճամփորդ նրանց վրա վախ չէր ազդում, ինչպես նրանք սովոր էին վախենալ Տաճկաստանում՝ դաշտից վերադառնալիս: Նրանք գիտակցում էին, որ ապրում են ազատ, անկախ Հայաստանում: Երևի այդ էր պատճառը, որ նրանց հոգնած քայլվածքի մեջ նկատվում էր հաստատակամություն:
Ձի ունենալը լավ բան է, Սեպուհը պատուհանից նայում էր, երբ մենք արշավով գալիս էինք: Նա մտածում էր ինձ մի լավ ձի տալ, որ իմ փափագն էր: Երևի դրա համար հարցրեց, թե ինքս կարո՞ղ եմ իմ սեփական ձիուն նայել, ես դրական պատասխան չտվի, չգիտեմ պիտի կարողանամ, թե՝ ոչ: Ասենք, ինչ մի դժվար բան է, որ ձի պահող վարժ տղաներ կան, նրանցից կարելի է սովորել:

Այս լավ զբոսանքից հետո, թեյը խմեցի Սեպուհի մոտ: Տիկին Մաքրուհին ինձ ևս ձուկ տվեց, որ հրամանատարը կեսօրին մի քանի ուռկան ձգելով կարողացել էր այնքան բռնել, որ տասը հոգուց ավել կերանք և կշտացանք: Պետք է խոստովանել, որ տիկին Մաքրուհի Սեպուհը շատ առատաձեռն և բացսիրտ կին է, բարի է և հյուրերին երբեք դժգոհ չի ճամփում: Սկզբում թվաց, թե քիչ հպարտ է, սակայն ես չարաչար սխալված եմ՝ ճիշտ հակառակն է, որքա~ն սխալ է արտաքնապես և երևույթապես դատել մարդկանց:

Հերիք է, այսօր երկրորդ անգամն է, որ գրում եմ, գիշերվա ժամը տասն է արդեն, հիմա կվերադառնան Արշակ Հովհաննիսյանը և Ստեփան Ծաղիկյանը ու ղալմաղալ կսարքեն, թե ինչու այսպես շուտ եմ տուն եկել: Լավ ենք իրար գտել և երեկոներին այնպես ձգվում ենք ամեն մեկս մեր մահճակալի վրա, և սկսում ենք վիճել օրվա թարմ հարցերի մասին, իսկ մեր պառավ տանտիրուհին միշտ գանգատվում է, որ զինվորական բաժին մսից չի կարելի կերակուր պատրաստել, միայն սա է, որ անժամանակ ներս է մտնում մեր սենյակը և վաղվա թեյի ու ճաշի համար հիշեցնում:

18 հունիսի

Այսօր Խանկալամովի շտաբից լուր ստացվեց, որ առավոտյան ժամի 4-ին Զանգիբասարի գործողություններն արդեն սկսվել են: Մեր կառավարությունը նախ վերջնագիր է տվել այդ ապստամբ գյուղերին, որ զինաթափ լինեն, եթե ուզում են ապրել Հայաստանի հողամասում: Նրանք վերջնագրին պատասխանել են մարտահրավերով: Առաջին գրոհին մերոնք գրավել են մի գյուղ: Ճանապարհների և հաղորդակցության նախարարը այսօր ցերեկ հեռագրելով հրամայել է այստեղի փոստ հեռագրական պետին, որ վերջինս այստեղից հեռագրի Ղարաքիլիսե, որպեսզի այնտեղից լուր տան Ալեքպոլ, որ մարդատար գնացքները Ալեքպոլից չանցնեն Ուլուխանլու, որ թաթար ապստամբները կտրել են հեռագրաթելը և երևի երկաթուղու գիծը վտանգել: Զարմանալի է մեր կառավարության խաղաղասիրությունը և համբերությունը: Ուլուխանլուն մի քանի անգամ իր ժանգոտ ատամներն է ցույց տվել մեր հանրապետությանը, բայց մինչև հիմա էլ դեռ նրանց հետ վերջնական հաշիվ չի տեսնված: Այդ մի քանի գյուղերը, որ Զանգիբասարի մի մասն են կազմում, ոչ հնազանդվում են մեր կարգերին և ճանաչում մեր կառավարությանը և ոչ էլ թողնում հեռանում:

Շամշադինում դրությունը բարդանում է, ապստամբ հայ գյուղացիները թնդանոթներով են գործում մեր դեմ, երևի սովետական զորքերը նրանց հրահրելուց բացի գործուն աջակցություն են ցույց տալիս ռազմական գործողությունների ժամանակ: Խեղճ, խաբված և ստրկահոգի ռուսասեր ժողովուրդ, քո արածների համար շատ շատ պիտի զղջաս, բայց արդեն շատ ուշ կլինի և կամ մեծ զոհերի գնով:
Լուր կա, որ մերոնք Ուզունթից նահանջել են մինչև Իջևան /Քարվանսարա/: Այստեղից մի գունդ գնաց մեր զորամասերին օգնության: Երևի Զանգիբասարի գործոզության վերջնական հաշվեհարդարից հետո կառավարությունն իր լուրջ ուշադրությունը պիտի կենտրոնացնի այս շրջանի վրա: Այսօր 10 օր է, որ ընտանիքիս հեռագիր եմ տվել. Սուխումի շրջանի Գուտաուտա քաղաք, բայց ցարդ պատասխան չեմ ստացել, Վրաստանի գործակալությունը երևի զգուշանում է, որովհետև հասցեն Սեպուի վրա էի տվել:

Նրանք պատերազմ ունենալով «սովետական» Ադրբեջանի հետ, կասկածում են: Իրավունք ունեն, որովհետև ներկայումս լրտեսները վխտում են թե մեր և թե վրաց երկրում: Է~ , այս հարցի ճգնաժամը ուղղակի մարդուն ջղայնացնում է. ժամը երեքն է արդեն, բայց մի օրվա պարենը դեռ չէ տրված: Անոթի փորով զինվորություն անել շատ դժվար է: Ես, որ առհասարակ ուտելու մասին շատ չէի մտածում, հիմա կարծես սկսել եմ կարևորություն տալ այդ հարցին: Գուցե նրանից է, որ աչքերս չեն լիանում հացից: Իսկ մեր պահեստապետը, բացի լավ ուտելուց, նաև գինի է խմում, չնայած, որ զինվորական իշխանությունը արգելել է: Նրանից շատ քչերն են գոհ: Չգիտեմ ինչու մեր հրամանատարը դրան չէ փոխում, երևի քիչ բան գիտի նրա զեղծումների մասին:

19 հունիսի

Շամշադինում դրությունը օրեցօր բարդանում է, այս առավոտ շրջանի զորքերի հրամանատար Խանկալամովը և Ա. Հովհաննիսյանը մեկնեցին Իջևան: Սեպուհը բանակի շտաբից հեռագիր ստացավ, որը ես թարգմանեցի: Բանակն է, վերջապես երկու տարվա անկախ պետական կյանք ունենք, և դեռ կառավարական հաստատությունների և զորական շտաբների գրությունները կատարվում են ռուսերեն, սա ի՞նչ խայտառակություն է, ուզում էի հրաժարվել կարդալ հեռագիրը, բայց Սեպուհից քաշվեցի, չնայած սա ամենից շատ է ատում օտարամոլությունը:

Երկու օրվա ընթացքում Զանգիբասարը մաքրվեց և թաթար-թուրքական արյունարբու ղեկավարների ձեռքին խաղալիք դարձած այդ 20 գյուղը շարունակ սպառնալիք էին կարդում Երևան գրավելու:

Հեռագրում տեղեկություն կա բոլոր ճակատներից: Բացի Զանգիբասարից, մյուս ռազմաբեմերում դրությունը անփոփոխ է:

Այսօր առավոտյան մերոնք վերջնագրի պատասխան չստանալով Զանգիբասարից հարձակման են դիմում և գրավում երկաթուղու հյուսիսակողմ ընկած Զանգիբասարի ամբողջ տարածությունը: Թաթարները փախել են Արանլուխի ուղղությամբ, թողնելով 3 թնդանոթ, 3 գնդացիր, 40000 փամփուշտ, պատկառելի քանակությամբ հրացան և գույքեր, որոնց քանակը դեռ չի ցուցակագրված: Վերջապես Հայաստանի հանրապետության խոցերից մեկը ևս բուժվեց: Այժմ Բեյուք Վեդիի բախտը վճռված կարելի է համարել, այս հաջող գործողություններից հետո նա ապահով է: Այս առթիվ Ծաղիկյանը շատ գոհ էր: Նա ասում է, որ առատ հաց կունենանք, եթե առաջխաղացությունը շարունակվի, մինչև Ջուլֆա՝ գրավելով Շարուր-Նախիջևան հացահատիկի հարուստ շտեմարանը: Ես կարծում եմ, որ ոչ նրանց ցանած արտերն են մեզ հարկավոր և ոչ էլ նրանց թշնամական վերաբերմունքը, որ մեր անկախության օրից տածում են դեպի մեզ: Ինչպես ժողովուրդն է ասում՝ «ոչ նրանց խերն է հարկավոր, ոչ նրանց շառը»:

Այժմ հերթը հասավ Կողբին ու Օլթիին, մեր բազուկի օգնությամբ դրանց հարցն էլ կվճռենք: Մենք միշտ մեր արտաքին թշնամիներին կարող ենք լավ դասեր տալ, եթե հայ ժողովրդի դժգոհ տականքները «սոցիալիզմը» շահագործելով չպղտորեն մեր «տգիտության ու խավարի մեջ խարխափող» գյուղացիությանը: Մեր, դեռ չամրապնդված մեջքը ջարդողը ներքին խռովություններն են:

20 հունիսի

Խանկալամովը և Ա. Հովհաննիսյանը Քարվանսարայից եկան: Դրությունը ավելի քան վատ է: Այսօր երեկոյան ժամը 4-ին Ապստամբները գրավեցին Իջևանը /Քարվանսարա/: Մեր զորքերը դիրք են բռնել 9 վերստի վրա դեպի Դիլիջան: Նրանք ռմբակոծել են Իջևանը և մի քանի ռումբ ընկել է փողոցում և վնաս չի պատճառել:
Մեր անհաջողության հիմնական պատճառը ցարական ապիկար գեներալ Խանկալամովն է, որ շարունակ ռազմական հաղորդագրություններով տեղեկացրել է գլխավոր շտաբին, որ այս ճակատում «անփոփոխ» է, և այս սուտ տեղեկությունները ասել է այն ժամանակ, երբ մենք 42 գյուղ ձեռքից տվել ենք: Հակառակորդը Դիլիջանից տասն և ութ վերստի վրա է: Երբ Հովհաննիսյանը ասել է, որ Դիլիջանը վտանգվում է, նա սառնությամբ պատասխանել է.«դատարկ բան է՝ մենք սրանց ետ կքշենք»: Ապիկար մարդ, քշելը կքշենք, բայց ինչու՞ դրությունը հասցնել մինչև այնտեղ, որ ազգաբնակչությունը ահաբեկվի:

Պառլամենտի անդամ և այստեղի դաշնակցության ընդհանուր լիազոր Արշակ Հովհաննիսյանը գիշերվա ժամը 10-ին ուղիղ հեռագրաթելով հաղորդեց վարչապետ Համո Օհանջանյանին, որ առանց ուշանալու զորամասերի հրամանատարությունը հանձնի Սեպուհին: Երեք ժամ հետո նախարարական խորհրդակցությունը որոշեց և հաղորդեց, որ Սեպուհը նշանակվում է Ղարաքիլիս-Դիլիջանի զորքերի հրամանատար:

Թեև շատ ուշացած է այս կարգադրությունը, բայց բոլորս էլ հույս ունենք, որ նախկին հեղափոխականի ռազմական հանճարն ու փորձառությունը դրությունը կփրկի:

Ես ու Ծաղիկյանը ժամը մեկին Սեպուհին գնացիք, երբ նա մեկտակ շապիկով և վարտիքով նստած էր մի փոքրիկ սենյակում, լսում էր Խանկալամովի թիկնապահի գործերի հանձնման զեկուցումը: Վեհ էր այդ րոպեին Սեպուհը, նրա առանց այն էլ մռայլ դեմքը ավելի ևս կնճռոտ էր, սառնասրտությամբ ծխում էր և շփում ճակատը, որ սովոր էր տանել այդպիսի հանկարծակի վայրկյանները: Նա մանրամասն հաշիվ պահանջեց զենքերի, ռազմանյութերի, պարենի և այլ պատերազմական անհրաժեշտ իրերի քանակի մասին. ապա հրամայեց հեռագրով անմիջապես խորքից կանչեն մեր շտաբի պետ և իմ ընկեր Գրիգոր Ամիրյանին և ավագ թիկնապահ Մուշեղ Թանատոսին, .../բառն անընթեռնելի է, հավանաբար՝ ապա -Գ.Ռ./ հազար հոգու հաց պատրաստել տվեց և ամբողջ շրջանում զենքի տակ կանչեց 20-40 տարեկաններին: Փոխեց ճակատի մի քանի գնդացիրներ, հեռախոսով զորամասերի պետերին հայտնեց իր հրամանատարական պաշտոնի ստանձնելը և խրոխտ ձայնով հաղորդեց, որ եթե մի սպա կամ զիվոր իր բռնած դիրքից նահանջի, նա տեղն ու տեղը պիտի գնդակահարվի: Քաղաքում և կարևոր կետերում պահակներ կանգնեցնել տվեց և հրամայեց, որ ոչ մեկին թույլ չտան քաղաքից հեռանալու, ով էլ որ լինի: Կազմեց սպայական հարվածող մի գունդ, տալով նրանց հրացաններ և ձիեր: Այս բոլորը կատարվեցին մի ժամվա մեջ: Առավոտյան 5 ժամին նա Ծաղիկյանի հետ կառքով մեկնեց Ռազմաճակատ:

Հայաստանի Հանրապետության պատմության մեջ Դիլիջանի և Շամշադինի շրջանի գյուղացիական այս կրկնվող ապստամբությունները սևագույն էջ են կազմում:

Ցերեկվա ժամը 1-ն է հիմա. զինվորական իշխանությունը Սեպուհի ձեռքն անցնելուց հետո տասներկու ժամ է անցել, և այսքան կարճ միջոցում արդեն ճակատի դրությունը փոխվեց դեպի լավը: Մեր հետախույզները 15 վերստ դեն են անցել իրենց բռնած դիրքերից և հակառակորդին չեն հանդիպել. զորքը շարժվում է առաջ իրեն օգնության հասնող 600 թարմ ուժերով: Այժմ պարզվում է, որ Իջևանում կռիվների ժամանակ 110 գերի ենք տվել և բոլորովին զուր տեղը:

Գնդապետ Կարելկովին, ինչպես երևում է, պատասխանատվության են կանչելու դիրքերը ինքնակամ թողնելու համար:

Նոր Դիլիջանի /Սլաբոդիս/ մոլոկանների գյուղը, որ քաղաքի տակն է, լսելով «բոլշևիկ» կոչված տականքների առաջխաղաղությունը, գիշերը ժողովներ է արել, երևի մեր թիկունքից մեզ խփելու: Նրանք ինչպես երևում է, դեռ չեն լսել, որ իշխանությունը Սեպուհի ձեռքն է անցել. թող չմոռանան, որ եթե մի փոքրիկ շարժում նկատվեց այդ կալվածատեր, արտոնավայել և դավաճան մոլոկանների կողմից, Սեպուհը առաջվա նրանցից առած երեք միլիոն փող և հարյուր գլուխ անասուն տուգանքը կեռապատկի ու նրանց ցույց կտա, թե ինչպես են համարձակվում հանրապետական Հայաստանի դեմ կռվելու:

Չի կարելի այստեղ չասել, որ մեր կառավարությունը շատ հանցավոր է կալվածատեր, մանր բուրժուա մոլոկան համայնքներից հողերը չխլելու համար: Նա այդ բանը վաղուց պիտի աներ, և այդ հողերը բաժաներ շրջակա հայ հողազուրկ գյուղացիությանը: Այդ բանը նոր էր մտածել և սկսել են գործադրել: Լավ է ուշ, քան երբեք, ասում է առածը:

Այս գիշեր Ճակատագրական գիշեր էր մեր համար. է’լ կառավարական ժողովներ, էլ գաղտնի խորհրդակցություններ չմնաց, որ չանեինք: Լավ էր, որ կառավարությունը համաձայնվեց զիջել իշխանությունը Սեպուհին, թե չէ որոշված բան էր, որ պիտի ձերբակալեինք գեներալ Խանկալամովին և կուսակցական դիկտատուրա կամ Հայրենիքի փրկության կոմիտե պիտի կազմեինք Սեպուհի ղեկավարությամբ ու սկսեինք գործել:

Այս գիշեր բոլորովին անքուն էինք և ոտքի վրա: Ես հոգեպես գոհ եմ, որովհետև ամբողջապես կտրված եմ կոչեր, ազդեր և հրահանգներ գրելով: Թեև անքնությունից կոպերս արդեն ծանրացել են, բայց չեմ ուզում օրագրիս այսօրվա գործը թողնել մյուս օրվա: Այս րոպեիս իմ ընկեր Հովհաննիսյանը և Ծաղիկյանը անուշ քնանում են, բայց ես նստած գիր եմ գրում: Իմ մահճակալը պարապ ձգված իրոք դժգոհում է, որ իրեն աննորմալ դրության մեջ եմ դրել:

Ընկերներս, որոնց հետ ապրում եմ միևնույն սենյակում, ազնիվ երիտասարդներ են, ես կրտսեր եմ, բայց ինձ հարգում եվ սիրում են, ինչպես ես նրանց: Րոպե չի անցնում, որ չվիճենք, չխոսենք մեր ժողովրդի և մեր անկախության մասին, մեր ազատության շուրջը: Քիչ բաներում մեր կարծիքները տարբերվում են իրարից: Մենք խոր դառնություն ենք զգում, երբ գալիս ենք այն եզրակացության, որ ժամանակներս ուղղակի մտրակով ենք ուզում մեր ժողովրդին փաթաթել ազատության և անկախության գաղափարը: Մեր ժողովուրդը այնքան է սովորել այս կամ այն ցեցի, ցեղի կամ հզոր ժողովրդի ստրկական լծին, որ մենք նրան մտրակով ենք լծից հեռացնում, իսկ նա առանց մտրակի և բռնի ուժի, իր իսկ սեփական ձեռքով վերցնում է այդ ծանր լուծը, վիզը ուրախությամբ պարզում է նրա տակ: Դառն է այս իրողությունը, բայց ճշմարիտ է: Ճակատի դրությունը առայժմ լավ է և զորքի ու ժողովրդի ոգին բարձր, իմը՝ նույնպես, մանավանդ, որ մինչև այժմ կատարված դեպքերը թղթի քաշեցի:

Ես էլ վեր կենամ մի քիչ հանգստանամ, բայց տեսնենք ժամը քանի՞սն է. իրիկվան հինգն է: Օրագիրս չեմ փակի, որովհետև այսօր անպատճառ էլի գրելու բան կունենամ, թանաքս էլ վերջանում է, իսկ Հայաստանում թուղթ ու թանաք ճարելը հիմա նույնքան դժվար է, ինչպես հաց և հագուստ, որի համար նույնքան նեղանում ենք:

Դառնությամբ եմ շարունակում այսօրվա օրագրությունը. «բոլշևիկ» կոչված տականքները ասում են, սոցիալիստական հեղափոխություն են կատարում: Նրանց հավատալու համար կամ պետք է չափազանց միամիտ լինել, կամ անծանոթ Մարքսիստական վարդապետության: Նրանք գրգռում են գյուղացիությանը Հայաստանի Հանրապետության դեմ պատճառաբանելով, որ այդ կառավարությունը հակահեղափոխական է և օրենքից դուրս, ահա որն է նրանց տրամաբանությունը, որը շատ մոտ է հգինգոտների լոգիկային: Ու՞մ հայտնի չէ, թե բոլշևիկները Ռուսաստանում ինչքան սոցիալ-դեմոկրատներ և ձախ ու աջ սոցիալ-հեղափոխականներ կախեցին կամ գնդակահարեցին, որպես հակահեղափոխականներ:

Տաճկահայ կոտորված, ջարդված մնացորդները 1918թ. ահաբեկված թուրք-թաթարական հրից ու սրից ապաստանեցին Դիլիջան և հիմա էլ, որպես հողազուրկներ ապրում էին այս շրջանում ամերիկյան օգնությամբ: Դրանք, որ հարավի բարբարոս միապետական թուրքիայից էին ահաբեկված՝ երկու տարի, ինչ այդ մղձավանջը վերացել է և նրանք լավ թե վատ մի կերպ ապրում էին: Այժմ գալիս է, և այս երկրորդ անգամն է, հյուսիսի ավելի քան բարբարոս սոցիալիստական Ռուսաստանը, ահ ու սարսափի մատնած ամբողջ ազգաբնակչությանը, և տաճկահայը, նորից, քարավան կազմած անոթի, ծարավ, իր տունը կորցրած, բոբիկ ու մերկ, երեխաները ետև ձգած գալիս է նա հարյուրավոր վերստեր կտրելով: Այս առողջ բնազդով ժողովուրդը, որ սոցիալիզմից այնքան է հասկանում, որքան ես թզուկների լեզուն՝ փախչում է նրանց կարգերից, նրանց իշխանությունից: Նա իրավունք ունի փախչելու ասիական բռնակալությունից և ասիավարի սոցիալիզմից, որովհետև նրանք միևնույն բաներն են:

Ադրբեջանը Սոցիալիստական է, սովետական. և հայ ժողովրդի կառավարությունը, որ նրա կամքի ճշմարիտ արտահայտությունն է, միապետական, հակահեղափոխական: Օ~ , կյանքի որպիսի ծաղր:

21 հունիսի

Մեր ուժերի համախմբումները դեռ չեն վերջացել, իսկ խռովարարների բանդաները առաջ չեն գալիս, որովհետև գիտեն, որ իրենց համար գերեզման է փորվում: Արդեն ճակատում այնքան ուժեր ունենք, որոնք կարող են եղած դրությունը պահել մինչև մեր նոր ուժերի առաքումը:

Հրամանատարի անունով հեռագիր ստացվեց հայկական բանակի ընդհանուր հրամանատար Նազարբեկյանի ստորագրությամբ, ուր ասված է, թե խռովարարներին ճնշելիս ազգաբնակչությանը պետք է վերաբերվել մարդասիրաբար, ի նկատի ունենալով նրանց պարենավորման ճգնաժամային դրությունը, Նազարբեկյանը առաջարկում է միմիայն պարագլուխներին խիստ կերպով պատժել: Մի ուրիշ հեռագրում հաղորդվում է նույն աղբյուրից. Զանգիբասարի մեր գործողությունները փայլուն կերպով վերջացան: Ընդհանուր շտաբի պետ Վեքիլովը գալիս է այստեղ: Զինվորականները գտնում են, որ նա շատ լավ ռազմագետ է, այդ պատճառով նրա ներկայությունը անհրաժեշտ է: Զանգիբասարի կռիվներին մասնակցող մի քանի վաշտեր, բեռնակիր ավտոմոբիլներով և գնացքով, արդեն ճամփա են ընկել դեպի Դիլիջան: Մյուս բոլոր ճակատներում կռիվներ չկան: Ինչպես այս հեռագրից երևում է, մեր կառավարության ամբողջ ուշք ու միտքը կենտրոնացված է այս ճակատի վրա: Երեկ և այսօր ես առաջին անգամ զինվորականի հաճույքը ստացա դեսուդեն վազվզելով հրահանգներ, ազդեր և կոչեր գրելով և այս ու այնկողմ ուղարկելով: Ինձ առանձնապես հաճույք է պատճառում այն, երբ հրամանատարը ուղիղ հեռագրաթելով խոսում է զորական նախարարի կամ վարչապետի հետ հաղորդելով միշտ կարևոր բան և պատասխան ստանալով: Ես խուճապներ, նահանջներ շատ եմ տեսել, բայց չի պատահել մի դեպք, որ մի կռիվ տեսնեմ կամ գործուն մասնակցություն ցույց տամ: Իմ կարծիքով սոսկական զինվոր լինել ամենից բարձր է::
Հրամանատարին մի քանի անգամ խնդրել եմ, որ ինձ ուղարկի առաջավոր դիրքերը, բայց նա միշտ խուսափողական պատասխան է տալիս, որը ինձ ավելի է մղում դեպի ճակատը:

Արդեն մի ձի ստացա, մի սիրուն սևաթույր ձի, որը, Ծաղիկյանի կարծիքով, շատ լավ նժույգ կդառնա: Երեք տարեկան է, բարակ մեջք ունի, ամուր ոտքեր:

Պատերազմական ավար է, դեռ վարժ չէ, ինչպես երևում է՝ տերը շատ ձիեր է ունեցել, որ մինչև հիմա սրան չի նստել: Ամենայն հավանականությամբ ես մտնելու եմ Ծաղիկյանի ձիավոր հարյուրակի մեջ:

Պառլամենտի անդամ Խոսրով Պապոյանը հենց հիմա եկավ Շամշադինից և, օ, զարմանք, պատմեց, որ այնտեղ մեր այս ճակատի անհաջողությունների մասին բացարձակապես ոչինչ չգիտեն: Այնտեղ մերոնք նորանոր գյուղեր են գրավում, և գյուղացիները գալիս զինաթափվում են:

Էլ չեմ կարող գրել, որովհետև հոգնած եմ թե մտավորապես և թե ֆիզիկապես;

22 հունիսի

Չնայած, որ երեկ առավոտվանից ազդերով հայտարարված է, որ քաղաքը զինվորական դրության մեջ է, և երեկոյան ժամը 9-ից հետո ոչ ոք իրավունք չունի փողոց դուրս գալ, բայց երեկոյան ժողովուրդը ըստ իր սովորականի զբոսնում է փողոցներում:

Դիլիջանի և Շամշադինի ամբողջ գավառի Հ.Հ.Դաշնակցության լիազոր և պառլամենտի անդամ Արշակ Հովհաննիսյանը, տեսնելով այդ զանցառությունը, դուրս եկավ և, կանգնելով մեր սենյակի պատշգամբում, իր ահռելի ձայնով բղավեց, որ տները գնան, միևնույն ժամանակ, կանչելով միլիցապետին, հայտնեց նրան, որ չհնազանդվողներին ձերբակալել և բանտարկել:

Այսօր առավոտյան ժամը 9-ին գնդապետ Իշխանյանի զորամասը առանց կռվի մտել է Իջևան: Այդ մասին պաշտոնական տեղեկություն չստացվեց մինչև երեկոյան 8 և կեսը. ամբողջ 12 ժամ, ուրեմն կանոնավոր կապ և հաղորդակցություն չկարողացանք հաստատել Իջևանի հետ: Չնայած, որ այնտեղից եկող ականատեսները պատմում և հաստատում էին այդ լուրը, բայց Սեպուհի շտաբից ոչ մի լուր, տեղեկություն չարվեց Սպարապետ գեներալ Նազարբեկյանին:

Իջևանի ուժերի գնդապետ Իշխանյանի սուրհանդակը եկավ երեկոյան ուղիղ ութ և կեսին և բերեց մի քանի հաղորդագրություններ գրված քիմիական և հասարակ մատիտներով: Այդ տեղեկությունների մեջ ասված էր, որ մեր ուժերը առանց կռվի մտել են Իջևան: Խռովարարները թալանել ու տակնուվրա են արել քաղաքը, բռնաբարել մի քանի կանանց և իրենց հետ տարել են հարյուր պատանդ՝ կառավարության հավատարիմներից, որոնցից 4-ին տեղնուտեղը գնդակահարել են, որոնց թվում և գնդապետ Խաչատրյան: Խլել տարել են ահագին քանակությամբ եղջրավոր անասուններ, որոնք հետ են խլվել մեր հետապնդող զորամասերի կողմից: Անասունների մասին Իշխանյանը կարգադրություններ էր խնդրում: Սեպուհի կարգադրությամբ և պառլամենտի անդամ Ներսես Ավագյանի նախագահությամբ իսկույն մի հանձնաժողով մեկնեց Իջևան պատերազմական ավարը նույնությամբ ցուցակագրելու: Ռազմական նշանակություն ունեցող գույքերից և ձիերից բացի մնացյալ ավարը նույնությամբ հետագայում վերադարձվելու է իրենց տերերին:
Ութերորդ գնդի գումարտակապետ Մուրատը հայտնի չէ, թե ուր է, մինչև վերջին պահը նա չի վերադարձել:

Դեմչենկոյի զորամասից տեղեկություն չի ստացվել:

Խռովարարները խուճապի մատնված գլխավորապես փախչում են Շամշադինի ուղղությամբ: Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ հունիսի 20-ի դրությունը, որը ճգնաժամային էր, անցած է: Մեր օգնական ուժերը բեռնակիր ավտոմոբիլներով տեղ հասան և նրանք ուրախ են, վճռական, որովհետև գալիս են Զանգիբասարի փայլուն հաղթական կռիվներից:

23 հունիսի

Այսօր առավոտյան հրամանատար Սեպուհը, Հայաստանի Բանակի շտաբի պետ Վեքիլովի և իր խորհրդակից ու հավատարիմ թիկնապահ-ընկերոջ Ծաղիկյանի հետ վայաշարժով մեկնեց Իջևանի ռազմաճակատը: Այստեղի շտաբի գործերը վարում է շտաբի պետ կապիտան Պալյանը: Գնդապետ Հակոբյանի կալոնան, որին խնդիր է դրված գրավել Արմուտչի գյուղը, հաջող է անցել: Սա Երևանի այն պահակախումբն է, որ մասնակցել է Զանգիբասարի կռիվներին և որը եկել էր բեռնակիր ավտոմոբիլներով: Գեն. Մամիկոնյանի զորամասի այն խնդիրը՝ առավոտյան ժամը 9-ին անցնել Քարվանսարայի թիկունքը, թշնամու նահանջի ճանապարհը կտրելու, անցել է անհաջող: Այսօրվա տեղեկություններով հաստատվում է, որ 8-րդ գնդի գումարտակի կապիտան Մուրատը սպանվել է՝ հերոսաբար կռվելուց հետո:

Իջևանից Սեպուհը հայտնեց, որ ինքը ուզում է այստեղից անցնել Ֆիոլքենդ, ուր հիմա կանգնել է Բեկ Մամիկոնյանի նահանջող զորամասը:

24 հունիսի

Այս շրջանի մեր անհաջողությունների գլխավոր պատճառներից մեկն էլ հացի ճգնաժամն է: Սեպուհը Իջևանից Արշակ Հովհաննիսյանին խնդրում է., որ նա հրամանատարի ու իր անունից դիմումն անի վարչապետին՝ անմիջապես ալյուր ուղարկելու: Ժողովուրդը գալարվում է սովի ճիրաններում, մարդիկ ուժասպառ չեն կարող գործի գնալ: Եթե այդ կարգադրությունը անհապաղ չկատարվի, ասում է Սեպուհը, ստիպված կլինենք այս շրջանը թողնել:

Այս գիշեր Իգդիրից եկան 4-րդ բրիգադայի շտաբի պետ և իմ մտերիմ ընկեր Գրիգոր Ամիրյանը և Սեպուհի թիկնապահ Մուշեղ Թանատոսը: Նրանք Իգդիրի կողմից մասնակցել են Զանգիբասարի գործողություններին, որ շատ հաջող է անցել:
Չմոռանամ հիշել, որ Բեկ Մամիկոնյանը Շամշադինից նահանջելիս հակառակորդի ձեռքն է թողել հին սիստեմի երկու թնդանոթ, որոնց բանալիները հանված են եղել: Սակայն հույս կա, որ դրանք ետ կգրավենք, որովհետև մեր առաջխաղացությունը շատ արագ է կատարվում:

Վերջնականապես պարզվել է, որ Դիլիջանի և Շամշադինի շրջանի ապստամբությունները կազմակերպել և ղեկավարել են ինչ-որ Բերբերյան-Քալանթարյան, փոխ գնդապետ Մնացականյան, որը պաշտոնավարում էր առաջին զինվորական միլիցիական գնդում՝ Շամշադինի շրջանում և մի ոմն Ազիզյան: Նահանջելիս նրանք ահաբեկման տակ տեղական բնակչությանը տեղահան են անում՝ քշելով նրանց Ադրբեջան: Այս խռովությունների ժամանակ վերոհիշյալները ամեն ջանք գործ են դրել, որ Ադրբեջանի Կարմիր բանակը մասնակից լինի ապստամբությանը՝ ակտիվ գործողություններ սկսելով Հայաստանի հանրապետության դեմ, բայց Ռևկոմի չափավոր անդամները դեմ են եղել դրան: Ռազմաճակատների անվտանգության հետևանքով, այսօրվանից վերացվեցին Դիլիջանից դեպի Ղարաքիլիսա* և Երևան տանող կամուրջների պահակները: Երթևեկությունը ազատ է, կյանքը մտավ իր նորմալ հունը, քաղաքում անդորր է տիրում: Կամաց-կամաց Հայաստանի զանազան քաղաքներից և Վրաստանից խումբ-խոմբ գալիս են ամառանոցավորները: Համեմատաբար, նրանց թիվն այս տարի շատ քիչ է, որովհետև հացի ճգնաժամ է այստեղ:

_________________
* այժմ՝ Վանաձոր - Գ.Ռ.
_________________

Թերթերն ասում են, որ Վիլսոնն ընդունել է Հայաստանի սահմաններ գծելու իրավարարությունը, որը մեծ ուրախություն պատճառեց քաղաքականությամբ հետաքրքրվողներին: Հայաստանի անունով Ամերիկայից ստացվել է էլի 250000 փութ ալյուր, որը մեզ մի կերպ կարող է գցել մինչև հունձը: Մեր հացի տագնապը շատ-շատ մի ամիս էլ տևի, որից հետո այդ սպառնալիքից կազատվենք, որովհետև այս տարի բերքը հրաշալի է:

Կապիտան Պալյանը այսօր Նազարբեկյանից մի գաղտնի հեռագիր բերեց, որը ես անձամբ ստացա: Այնտեղ ասված է, որ փամփուշտը խնայողաբար պետք է օգտագործել, որովհետև ամբողջ Հայաստանի գլխավոր ռազմամթերանոցում մնացել է ընդամենը հարյուր հազար փամփուշտ: պարզվում է, որ Զանգիբասարի վեց ժամվա կռիվներում մեր զորքը վառել է 250000 փամփուշտ: Մեր սրիկա կամավորները, որոնք միայն թալանի և բռնաբարության համար են գալիս ռազմաբեմ, չափից դուրս շռայլ են և անհասկացող: Քանի-քանի անգամ նրանց ասված է, որ փամփուշտը խնայողաբար գործ ածեն և միմիայն նպատակին, բայց ու՞մ ես ասում: Իմ կարծիքով դրանք բացի վնասից Հայաստանին ոչ մի օգուտ չեն բերում: Բայց ինչ արած, զորք բավականաչափ չունենալու պատճառով, ստիպված ենք առայժմ նրանց օգնության կանչել: Անաչառությամբ պետք է խոստովանել, որ նրանք մեր ամենավտանգավոր պահին իսկույն դուրս են գալիս մեր սահմանները պաշտպանելու, անպայման զգալի կերպով թեթևացնում են մեր ծանր դրությունը, բայց դրա հետ միասին այնքան անկարգություն, թալան և բռնաբարություններ են անում, որ եթե նրանց շահն ու օգուտը կշռելու լինենք տակը միայն տխուր հիշողություններ են մնում: Սակայն զինվորականները, որոնք առհասարակ անգութ են և միայն մի նպատակ ունեն, հաղթել թշնամուն, մի կերպ հաշտվում են այդ բոլորի հետ, «պատերազմ է , այդպես կլինի» ասելով:

Ախ, ե՞րբ կգա մի օր, որ մենք ռազմական բոլոր գործիքները, որպես երջանիկ հասարակարգի քաղաքացիներ, տեսնել ուզենանք, բայց չկարողանանք գտնել:
Սա գուցե երազ թվա ժամանակակից մարդու համար, ես այդ օրվան վաղ թե ուշ սպասում եմ, որ նա կգա: Արդեն բավական գրեցի և կարծում եմ, որոնցից հետո էլ թարմ լուրեր չեն կարող գալ, որովհետև ուշ գիշեր է և, եթե գալու լինեն, կարձանագրեմ վաղվա օրագրում:

25 հունիսի

Ստիպված եմ մատիտով գրելու, որովհետև թանաք չկա. շտաբում չի ճարվում: Ցարդ թանաքով գրելը երջանիկ բացառություն էր: Խեղճ Հայաստան, ի՞նչ ունես, որ թուղթ ու մելան ունենաս: Այս օրերը, երբ մենք կռվում, կոփում ենք հայ ժողովրդի ճակատագիրը բացառիկ են: Ոչ մի նպաստավոր հանգամանք չկա, որ ... /չի ընթերցվում հավանաբար՝ “ավարտվի այս” -Գ.Ռ./ մեր հերոսամարտը:

Մեր մյուս ռազմաճակատներից հաղորդագրություններ չկան, և զարմանալի է: Միայն երեկ ստացանք Ղարսի զորամասերի հրամանատար Հովսեփյանի հաղորդագրությունը Օլթիի մի առաջխաղացման մասին: Թշնամին պատկառելի ուժեր է կենտրոնացրել այդ ճակատի վրա` նախահարձակ լինելու: Ունեցել է հեռախոսներ, գնդացիրներ, թնդանոթներ և պատերազմական վերջին ոճով շինված արվեստական դիրքեր ի լրացումն բնական դիրքերի: Մերոնք վաղուց պատրաստվում էին առաջ խաղալու Օլթիի վրա՝ գրավելու նրա ածխահանքերը, որոնք ներկայումս հացի չափ անհրաժեշտություն են ներկայացնում Հայաստանին: Ինչպես երևում է, թշնամին հոտ էր առել այդ մասին, դրա համար ուզեց կանխել մեզ. թշնամու Կարա-Բեքիրի զորքերը հունիսի 18-ին հարձակման են դիմում: Մեր զորքերը անմիջապես դրվում են զորաշարժման մեջ և երեք ուղղությամբ սկսում են հարվածել թշնամուն: Աջ զորասյունը նույն օրը երեկոյան դեմ բռնում է ճանապարհ բաց անող դիրքերը: Դորտ-Քիլիսում միջին զորասյունը բռնում է նույնպիսի դիրքեր Մերտենեկի մոտ, իսկ ձախակողմյան զորասյունը՝ Բեկկելի դիրքերում: Հետևյալ օրը, հունիսի 19-ին, առավոտյան հիշյալ զորամասերը անցնում են հարձակման: Աջակողմյան զորասյունը կեսօրին կռվով գրավում է Փանշուրեթի լեռնանցքը և Դորտ-Քիլիսից հարավ ընկնող Կուլու սարի մոտ հանդիպում է դիմադրության՝ 5 ժամ տևող համառ կռվից հետո գրավում է Ազունդիր կոչված յայլաղը, և նույն գյուղի մոտ գտնվող լեռը: Սույն զորամասի դեմ գործելիս են եղել ընդամենը 100 մարտիկներ 1000 տաճիկների ղեկավարությամբ:

Թշնամին ունեցել է 1909թ. տիպի երկու թնդանոթ և 4 «Մաքսիմ» գնդացիր: Տաճիկները կանոնավոր կազմակերպված են եղել: Յուրաքանչյուր ասկյար ունեցել է ուսից փաթեթ և իրերի պայուսակ: Բացի այդ, թշնամին հնարավորություն է ունեցել օգտվելու անտառածածկ մասերում եղած պատրաստի դիրքերից, իսկ մեր զորքերը կռվել են բաց տարածության վրա:

Երրորդ զորասյունը Բերաջլի գյուղի շրջանում հանդիպելով հակառակորդի ուժեղ դիմադրությանը, գրավում է այն և ահագին ավար վերցնում: Հունիսի 20-ի կռիվները վճռական բնույթ են ստանում, որից հետո թշնամին գլխովին ջարդվում է, և մեր երեք զորասյուները նույն ամսի 21-ին միանում են իրար ածխահանքերի արևմտյան մասում: Նահանջի ճամփին թողնում է ահագին վիրավորներ և սպանվածներ, իսկ մենք ունենում ենք 5 սպանված և 22 վիրավոր: Ջարդված թշնամու նահանջն այնքան արագ և խուճապային է եղել, որ մեր ձեռքն է ընկել երկու արագաձիգ լեռնային թնդանոթ, 4 «Մաքսիմ» գնդացիր և 100000 երեք գծանի փամփուշտ, մոտ 300 լեռնային թնդանոթի հրանոթ /հավանաբար արկ, ռումբ - Գ.Ռ./, բազմաթիվ լեռնառումբ, փռներ և համբարակային պահեստ, ուր կենտրոնացած է մոտ 1200փ հացահատիկ, 50փ պաքսիմաթ, 50-ական փութ թխած հաց և շաքար, իսկ ռազմադաշտի ողջ տարածության վրա ձգված են եղել բազմաթիվ անասուններ: Բռնվել են սայլեր ամբողջ փախչողներով, որոնց առաջարկված է հանձնել զենքերը և վերադառնալ իրենց տեղերը:

Մեր լավագույն ռազմագետներն անգամ հաստատում են, որ մեր կանոնավոր զորամասերը առաջին անգամ են հանդիպում այսպիսի կանոնավոր տաճկական բանակի, որը պատրաստված է եղել պատերազմական արվեստի վերջին ոճով, բայց և ջարդվել է: Սա մի փառավոր ապացույց է, որ մի քիչ, եթե շունչ քաշել տան մեր արտաքին և ներքին թշնամիները, մենք բոլորի հետ մեր հաշիվները կամաց-կամաց կմաքրենք և կգրավենք մեր մայր երկիրը, առանց խնդրելու, որ արտաքին ուժերը մեզ օգնեն և հետագայում փորձանք դառնան մեր գլխին: Սակայն, դա դեռ սկիզբն է փրկաց. Հայ ժողովուրդը դեռ շատ բան ունի ասելու մեր ֆիզիկական գոյության ոչնչացնել ցանկացող մեր թշնամիներին և մեզ բլորովին թույլ կարծող լիրբ Եվրոպային, որի չարչիական հաշիվների պատճառով այսքան արյուն ենք թափում:
Հիմա մենք ճիշտ ենք ըմբռնում իրերի դրությունը, իսկական դրությունը: Ոչ-ոքի չապավինել, այլ մեր հույսը դնել մեզ վրա և անել այն, ինչ Վերսալն ու Սան-Ռեմոն որպես թե ցանկանում են, բայց չեն անում:

26 հունիսի

Մինչև մեր քաջարի Բանակը նորանոր հաղթանակներ է տանում Սուլթանական Տաճկաստանի դեմ և քայլ առ քայլ մոտենում է դարերով երազած իր գաղափարին-տեսնել հայ արյունլվա խեղճ ժողովուրդը ԱԶԱՏ, ԱՆԿԱԽ, ՄԻԱՑՅԱԼ, այնտեղ տխրահռչակ Ղազախ-Շամշադինում իր ավելի քան տխրահռչակ զավակներով դուրս եկած կռվի դաշտ, դաշույնով հարվածում է մեր թիկունքը, «կոմունիստական» շարժում առաջ բերելու համար, չգիտեմ սա բախտի խա՞ղ է, թե ստրկությունից նոր ազատագրված մի խեղճ ժողովրդի խելակորույս ուրախություն, որի մեկ ծայրը անսահման ուրախությունն է, իսկ մյուսը՝ կամովի ստրկությունը: Երեկվա տիրացու «վարժապետներն» ու գող ավազակ ծույլերը միացած իրար դուրս են եկել «սոցիալիստական» հեղափոխություն են քարոզում, և ժողովուրդն էլ գնում է նրանց ետևից:

Խավարի ու տգիտության մեջ խարխափողն անգամ կարող է հասկանալ, որ իր ցեղականնեիր արյունով ներկված Ազատությունն ու Անկախությունը երբեք կամովին չի կարելի տանել և ուրիշին տալ՝ ասելով. «Ես Ազատություն և Անկախություն չեմ ուզում, ետ առեք այն և տվեք նրան, ում որ հարկավոր է: Ռուսաստանի և Տաճկաստանի ստրկության լուծն եմ ուզում»:

Բայց լավ իմացիր հայ ժողովուրդ, քեզ ծեծելով պետք է ընտելացնենք ազատությանը, քո վիզը սյուների պիտի կապենք, որպեսզի դու հնարավորություն չունենաս նրան մեկնելու Ռուսաստանի լծի տակ:

Վրդովված եմ չափազանց, որովհետև հայի պատմական երկպառակությունն ու դավաճանությունը դարձյալ գլուխ են բարձրացրել մեզ կործանելու: Ես համոզված եմ, որ հայ ժողովուրդը կոմունիստական կարգերին հասնելուց հետո, նրանից ևս կհիասթափվի, նրա դեմ ևս կսկսի կռվել: Հայը միշտ նորը որոնող է և նրան հասնելուց հետո խիստ հիասթափվող: Նա ռոմանտիկ է և ոչ ռեալիստ, սուտ է, որ ասում են, թե հայ ժողովուրդը գերազանցապես մի մատերիալիստ է: Նա կյանքում միշտ առաջնորդվում է զգացմունքներով և ոչ թե խելքով և տրամաբանությամբ: Խոր վրդովմունքը մի կողմից, սովածությունը մյուս կողմից տրամադրությունս բոլորովին փչացրել են, այսօր էլ ոչինչ չպիտի գրեմ, գնամ տեսնեմ, թե ինչու պարեն չեն ուղարկել: Այս րոպեին այնպես քաղցած եմ, որ ձեռքս ընկնողին իր սև օրին կհասցնեմ:

27 հունիսի

Այսօր տրամադրությունս անհամեմատ լավ է, որովհետև կուշտ եմ: Եղանակը պայծառ է և մեր ռազմաճակատներից մխիթարական լուրեր են հասնում: Հրամանատար Սեպուհը կարգադրեց, որ բոլորս էլ պատրաստվենք Իջևան մեկնելու. մինչև Ղազախ-Շամշադինի ռազմական գործողությունների վերջնական հաշվեհարդարը՝ երևի կմնանք այնտեղ: Միօրինակություն չեմ սիրում, հարատև տեղափոխությունները և չտեսած վայրերին ծանոթանալը եռանդ ու աշխույժ է մտցնում մեջս:

Երեկոյան ժամը 6-ին մենք հասանք Իջևան: Բացի հրամանատարից և նրա թիկնապահ զինվորներից, մենք բոլորս էլ եկանք բեռնակիր ավտոմոբիլներով: Թարսա-չայ կամրջի մոտ տեղի ունեցավ զինվորական խորհուրդ, որը տևեց մի ժամ: Այնտեղ էր Շամշադինի զորամասերի հրամանատար երիտասարդ քաջ գնդապետ Մանևը, որ իջել էր նոր հրահանգներ ստանալու Սեպուհից: Այդ կամուրջի մոտ Ղազախ և Շամշադին տանող ճանապարհները բաժանվում են իրարից: Այստեղից երևում է Ղարա-Ղայլու բերանը. ներկայացնում է մի անառիկ, բնական բերդ, ուր ապրում էին թաթարները, որ այնքան շփացել ու ամբարտավանացել էին իրենց ամրություններով և, մեր հանրապետության մեջ ապրելով, չէին ճանաչում մեր կառավարությանը: Նրանք զանգիբասարցիների ու բեյուք-Վեդիցիների նման մատով էին խոսում մեր հետ, իսկ մեր անվճռական կառավարությունը ուղիղ երկու տարի առաջ չէր կարող ցույց տալ իրենց արժանի տեղը: Բոլշևիկյան վերջին խռովությունների ժամանակ, Սեպուհը նորից նվաճելով ամբողջ Հայաստանը, հասավ Ղարա-չայ կամուրջը և հրամայեց խռովարարներից մաքրել և այդ ձորը, որից այնքան վախենում էր մեր թույլ ու անվճռական կառավարությունը: Դրանով քաջարի Զորավարը ուզեց մեր Կառավարությանը հասկացնել, որ հայ բանակը ամեն ինչ կարող է անել, եթե նրա Կառավարությունը կրավորական դերից դուրս գա: Այստեղ Սեպուհը անձամբ ղեկավարելով կռիվը, անձրևի բռնվեց, մրսեց և թոքերի թեթև բորբոքում ստացավ:

Այո, այն չարաբաստիկ կամուրջի վրա, ուղիղ մի ամիս հետո Հայաստանի պահապան հրեշտակ Զորավար Սեպուհը նորից ստիպված էր ռազմական գործողություններ վարելու համար խորհրդակցության գալ:

Սրերով, ատրճանակներով, հեռադիտակներով և թղթապանակները կողքերից կախ ընկած այդ սպայակույտի մեջ Սեպուհը իր օրիգինալությամբ աչքի էր ընկնում: Ոչ մի շքանշան չէր զարդարում նրա կուրծքը. չնայած նրանք շատ-շատ են: Ուսադիրներ նույնպես չուներ, ինչպես և զորավարի սուր: Նա պարզ էր հագնված, շատ պարզ: Ամերիկյան ատենալից կարված գալիֆե շալվար, նույն կտորից անգլիական ձևի, բայց գոց կրծքով ֆրենչ, շատ լայն գրպաններով, սև հասարակ ժակետ՝ գորշ սև բծերով, մորթե գլխարկ, որ միշտ ճակատի վրա է և միշտ նույն դրության մեջ: Ֆրենչի տակից կախված էր իր հեղափոխական օրերի մաուզեր ատրճանակը՝ կարմիր կաշվից կարված փամփշտակալով, որ միաժամանակ գոտիկի դեր էր կատարում: Քայլելիս Սեպուհի աջ կողմի վրա աննշան անհարթություն էր նկատվում, որից միայն կարող է կարծեն, որ նա ատրճանակ ունի: Միայն նստելու ժամանակ ատրճանակի փողը մինչև նշանացույց բլթակը երևում է, որովհետև զորավարը սովորություն ունի աջ ոտքը տակը ծալած նստելու: Չնայած ճակատի այնքան պարզությանը, չնայած նրան, որ զինվորականություն հիշեցնող ոչ մի բան չունի իր վրա այդ մարդը, բայց այնուամենայնիվ նրան չճանաչող կամ չտեսած մեկը մազաչափ անգամ չի կասկածի, որ նա զինվորական է: Միշտ գերազանցապես հայ՝ հայկական դիմագիծ չունի, ավելի շատ ռուսական տիպ է, ունի ալեխառն շեկ մազեր, կապույտ աչքեր, որոնք թավ հոնքերի տակից սարսափ են ազդում խոսակցին: Ալեխառն մազերը և ճակատի կնճիռները մեկ-մեկ վկաներ են նրա հեղափոխական անցյալի, նրա իր ժողովրդի համար եղած ապրումների: Նրա, մշտապես դժգոհություն արտահայտող, դեմքը պատկառանք և ակնածանք է ազդում մարդուս:

Ժպիտն ու ծիծաղը նրա դեմքին հարազատ չեն: Որքան խիստ և դաժան է թվում նրա արտաքինը, այնքան բարի ու ներող է իր հակառակորդներին, եթե սրանք կանգնած են Հայաստանի և հայի անկախության տեսակետի վրա: Նրա հոգին մեծ է, բյուրեղի պես մաքուր. ճշմարտության դեմ գնացող մարդը, եթե անգամ նրա ամենամոտիկ ազգականը կամ բարեկամը լինի՝ հալածվում է նրանից: Սեպուհը լավ է ճանաչում հայ ժողովրդին և ամենակրիտիկական րոպեին կարող է ամբոխներ իր ետևից քարշ տալ. նույնքան, և գուցե ավելի նա ճանաչում է այն տեղերին ու տարրերին, որոնք պատմական խճճված հաշիվներ ունեն հայ ժողովրդի հետ, և այդ է պատճառը, որ նա պարտություն ասած բանը չգիտե: Հայ ժողովրդական հերոսների մեջ նա ամենից շատ զարգացած, ամեն բանից քիչ թե շատ ծանոթություն ունեցող մեկն է:
Տասնյակ տարիների հեղափոխական կռիվները նրան եփել են և դարձրել տաղանդավոր զորավար, որ իր ռազմական ընդունակությամբ լավագույն, կրթված զորավարներից ետ չի մնում: Նա վարպետ է և համապատասխան ձև ու լեզու ունի, երբ բանակներին է խոսում, համակող և գրավիչ լեզու ունի՝ ամբոխների առաջ կանգնած: Նա անգլիական սառնասրտություն ունի և ճապոնական վճռականություն: Հաջողությունների դեպքում նա չի ոգևորվում և անհաջողությունների ժամանակ նրա ուժեղ կամքը ավելի է զորանում:

Նա ամեն մարդու լսում է ուշադիր և այն տպավորությունն է թողնում, որ կարծես թե համոզվում է: Սակայն ամեն մի խորհուրդ, ամեն մի մտածածին գիր անցնում է նրա բնական խելքի լաբորատորիայից և սեպուհացած դուրս է գալիս:
Սեպուհը շատ համեստ է և ամեն բան սովորելու հակում ունի: Գիտնականը նրան չի ապշեցնում իր բազմակողմանի ծանոթություններում և տգետը չի արհամարվում նրանից:

Նա իր ասածը կատարում է, թեկուզ սխալ լինի: Իր բերանից թռած խոսքը ամենից առաջ ինքն է հարգում, և կյանքում կիրառում է այն՝ իր կյանքի ամբողջ թափը շարժման մեջ դնելով: Նա սուր միտք ունի և ամենաչնչին խնդիրը, լինի բերանացի, թե գրավոր, հիշում է:

Ռազմական խնդիրները հեշտությամբ է կազմում և հաղթանակը ապահովում է չնչին ջանքերի գնով: Զինվորին սիրում է, բայց երբեք չի զգացնում. նրա տանջանքի կամ սիրո մեջ կարծես խորություն կա և չափ:

Հայրենասիրությունը հայրական սիրուց միշտ բարձր է դասում և աննպաստ պարագաները երբեք չեն նսեմացնում հայրենասիրական զգացմունքները:

Այս մարդու մեջ ես չկարողացա այնպիսի խոշոր թերություններ գտնել, որոնք ցայտուն կերպով աչքի զարնվեն, գուցե այդ նրանից է, որ ես հիացած եմ նրանով և անկարող եմ դիտել նրա վատ կողմը, կամ գուցե նրանից է, որ այդ թերությունները արտահայտվելու պարագաներ չեն ներկայացել:

Երբ զինվորական խորհուրդը վերջացավ, Մանևը բաժանվեց մեզանից Շամշադին գնալու, իսկ մենք բեռնակիրը նստելով ճամփա ընկանք Իջևան: Հրամանատարը Թարսա չայ կամուրջից մեզ հետ ավտոմոբիլ նստեց:

Դիլիջան-Իջևան շրջանը իսկապես որ գեղեցիկ է և ինձ հիշեցնում է Վրաստանն ու Աբխազիան: Խճուղու երկու կողմերից խիտ կանաչազարդ անտառներ են, որոնք ծածկում են բլուրներն ու սարերը: Խճուղուն զուգընթաց հոսում է Աղստաֆա գետը, որ թափվում է Կուրը: Բեռնակիր ավտոմոբիլում խիստ մոտ եինք նստել ես, Ամիրյանն ու Ծաղիկյանը: Մենք հիացմունքով էինք դիտում բնության գեղեցկությունները և խոսում էինք Հայաստանի ապագայի մասին: Սեպուհը եվ նրա ադյուտանտ Թամրազյանը տեղավորվել էին շոֆերների մոտ, իսկ գլխավոր շտաբի պետն ու մի քանի սպաներ ավտոմոբիլի վերջին մասում: Բոլորիս տրամադրությունն էլ բարձր էր. ասում, խոսում և ծիծաղում էինք: Իջևան հասնելով՝ հրամանատարը իր շտաբի կազմով իջավ մի գյուղացու տուն, ուր հավաքվել էին Ղազախի զորասյան հրամանատար գնդապետ Իշխանյանը իր թևերի սպաների հետ: Առանց հանգստանալու, Սեպուհը անմիջապես ծանոթացավ ռազմաճակատի դրությանը և Վեքիլովի հետ միասին նոր կարգադրություններ արին վաղվա առաջխաղացությունը շարունակելու համար: Այս խորհրդակցության ժամանակ լուր բերին, որ նաուրցի հակաբոլշևիկյան ուժերի հրամանատար Սոսին, որ մոտ 40-45 տարեկան գյուղացի էր, Շամշադինը բոլշևիկ ուժերի կողմից գրավելուց հետո, այս գյուղացին առաջին իսկ օրից չհանդուրժելով այս հայրենադավ արարքին, անցնում է 140 լավ զինված երիտասարդների գլուխ և լեռներ քաշվում: Շամշադինի ապստամբապետ Բերբերյանը հրամայել է ձերբակալել Սոսիի երեք եղբայրներին, ազգականներին ու բարեկամներին և ապա վառել նրա տունը: Հայրենադավ չարագործի հրամանը իսկույն կատարվում է բացի տունը վառելուց, որ ինչ որ պատճառով հետաձգվում է: Սոսիի խմբում լինում է և մի նաուրցի կին կամավոր` Թամարա Մարտիրոսյան անունով: Այս հայրենասեր հերոսուհին դեռ օրիօրդ ժամանակ հայտնի է եղել որպես քաջ կռվող և հեղափոխական, նրա ամուսինը սպանվել էր ապրիլյան կռիվներում, երբ Ադրբեջանի կառավարությունը կամենում էր Հայաստանի դիակի վրայով կապվել քեմալականների հետ: Որբեվայրին, Ադրբեջանի վրա տարած Հայաստանի կատարյալ հաղթանակից հետո նվիրվում է իր մանչ որբերին՝ նրանց պահելու և կրթության դնելու:

Թարսա-չայ կամրջի խորհրդակցության ժամանակ, որին մասնակցում էր նաև Թաուզ-Կալայի /բերդ/ Հայաստանի Կառավարության հավատարիմ մնացած ուժերի պետ Լևոն Բեկը, լուր ստացանք, որ նաուրցիները հարձակվել են բոլշևիկ պաշարակիր սայլերի վրա և խուճապի մատնել Հայաստանի թշնամիներին:

Սոսին հաստատեց այդ լուրը և պատմեց Թամարայի քաջագործեւթյունների մասին, որ արցունք խլեց մեր աչքերից:

Երեկոյան ժամը 9-ին զինվորական խորհրդակցությունը վերջացավ, որի հետևանքով գնդապետ Իշխանյանը և գնդապետ Հարություն Խաչատրյանը պիտի անմիջապես մյուս օր առավոտյան մեկնեյին առաջին դիրքերը:

Փախածների ասելով՝ Ղազախում մեծամասնականների* մեջ տարաձայնություններ կան. Ղազախ-Շամշադինից զոռով գաղթեցված ժողովրդի մեծ մասը զղջացել է և ուզում է վերադառնալ, բայց վախենում են պատժվելուց: Հայաստանի թշնամիները այնքան ստոր և խաբեբա են, որ լուրեր են տարածել, որպես թե մեր զորքերը անխտիր կոտորում են բոլորին, բռնաբարում են կանանց և թալանում են տները: Սակայն մնացողները տեսնելով մեր զորքերի եղբայրական վերաբերմունքը դեպի իրենց խաբված արյունակիցները, և այն կարգ ու կանոնը, որ տիրում է մեր զորքերից հետո, լուր են տալիս փախածներին:

_________________
*բոլշևիկ -Գ.Ռ.
_________________

Հենց այսօր լուր ստացվեց, որ Սև-Քարեցի փախածներից 100 ընտանիք վերադարձան:
Սեպուհը մնացյալներին կոչեր ուղարկեց, ինչպես և գաղտնի քարոզիչներ:
Մինչև օրս ես բավական ժամանակ ունեի, բայց շտաբում ծություն ստանալուց հետո գործս բավականին դժվարացավ: Աչք փակելու ժամանակ անգամ չունեմ: Սակայն խիղճս հանգիստ է, որովհետև ես մի բանով օգտակար եմ լինում նոր ազատված Հայրենիքիս:

Ես հիմա ավելի հնարավորություն ունեմ շտաբի ամեն մի գաղտնիքը իմանալու, մանավանդ, որ շտաբում հերթապահություն էլ եմ անում: Բացի այդ, Սեպուհը ինձ առանձնապես թույլատրել է ամեն մի գրության, հեռագրի, ռազմական հաղորդագրության հետ ծանոթանալու, որպեսզի կառողանամ նյութեր ունենամ մեր ապագա պատմության համար: Ես ու Սեպուհի համհարզ Թամրազյանը միասին ենք ապրում, ու չկա մի գաղտնիք, որ նախ նա ու ես չիմանանք և ապա հրամանատարը: Միայն մի բանից ես ու նա շատ ենք նեղանում, այդ այն է, որ համարյա միշտ քաղցած ենք մնում: Սեպուհի անձնական մի քանի զինվոր, որոնց հետ ենք ճաշում և պարեն ստանում, այնքան անբարեխիղճ են, որ մեր բաժնի պարենը ևս սպառում են, առանց մեր մասին մտածելու: Մենք էլ ամաչում ենք ստամոքսի համար ամեն անգամ կռիվ անել, ղալաբալաղ բարձրացնել:

Սեթյանը ու Ծաղիկյանը հեռու մի տանն են ապրում, բայց բոլորս էլ մի տանն ենք ճաշում: Չնայած հաճախակի կրկնվող անպարենությունների, այնուամենայնիվ ուրախ ենք ապրում, և ժամանակը ձանձրալի չի անցնում:

Զինվորների մեջ առհասարակ այն կարծիքն է տիրում, որ շտաբում ապրողները հրաշալի են ապրում, բայց ողորմելիները չգիտեն, որ ամենայն օր կիսաքաղց ենք մնում: Բայց պետք է խոստովանել, որ նրանց կարծիքը մասամբ սխալ չէ, ուրիշ անբարեխիղճ շտաբները, որոնք ռուսական չինովնիկական ակնարկով են նայում ռազմական այս կարևոր օրգանի վրա՝ ապրում են ավելի լավ, քան կարելի է:
Ե՞րբ պիտի, վերջապես, մենք կարողանանք ռուսական հին կարգերից մնացած այլասերված սպայությանը դուրս շպրտել մեր բանակից, և փոխարինել նրանց հայրենասեր, նոր մտքերով ու հայացքներով օժտված սպայություններով, որ կանգնած լինի հայ հեղափոխական ժողովրդի պետական դիրքի վրա:

Ցավն այն է, որ մեր սպայության ճնշող մեծամասնությունը Հայաստանի անկախությունը համարում է մի անցողական շրջան և նրանք՝ այդ ստրկամիտները, օրից-օր սպասում են, որ ռուսը գա և տիրե մեր երկրին:

Եթե սպայությունը այդպիսի տրամադրություն ունի, էլ ի՞նչ մեղադրելու բան է մնում հասարակ զինվորին, որ վեց տարվա անընդհատ կռիվներից, զրկանքներից ձանձրացել է և ուզում է «տուն» գնալ, ինչպես մի ժամանակ բոլշևիկներն էին քարոզում, երբ դեռ զինամոլ Գերմանիան վերջնականապես չէր ջախջախվել:
Ուշ գիշեր է, առանց այն էլ շատ հոգնած եմ, վեր կենամ քնեմ:

Քնել, բայց ինչպես քնեմ, քանի որ Ղազախ-Շամշադինի ամբողջ ռազմաճակատների հեռախոսների և հեռագրաթելերի ցանցը այժմ Իջևանն է և րոպե չի անցնում, որ նոր հաղորդագրություններ չբերեն և չզարթնեցնեն Թամրազյանին և ինձ:

Իջևան, 28 հունիսի

Ռազմաճակատի բոլոր ուղղություններից եկած հաղորդագրությունները զեկուցում են, որ այս գիշեր անցել է հաջող. Իջևանի զորաճակատում թշնամին երևաց Ռևազլուի հյուսիսային ժայռերի վրա: Այսօր գնդապետ Իշխանյանի զորասյունը, շարժվելով Շամշադինի վրա, գրավեց Լալա քենդ գյուղը:

Գնդապետն իր, Մանևի և Տիմչենկոյի /կարդալ Դեմչենկո - խմբ./ զորաճակատներից տեղեկություններ չունի:

Ղազախ-Շամշադինը գրավելու համար մեր ուժերը հետևյալ կերպով են դասավորված:

Գնդապետ Իշխանյանի զորամասի մի զորասյունը, որպես ձախ թև գնդապետ Խաչատրյանի ղեկավարությամբ շարժվում է Իջևանից Սարամ-Սախլու սարի վրայով Թաուզ-կալա: Գյոլ-Բինտից, միջին թևը, գնդապետ Հակոբյանի գլխավորությամբ առաջանում է Կարաուլչի լեռան վրայով դեպի Ղարա-Ղայա և աջ թևը Գնդապետ Մանևի հրամանատարւթյամբ Կուլալիի վրա:

Տիմչենկոյին խնդիր է տրված պաշտպանել Ադրբեջանից մեր սահմանը և ապահովել մեր զորամասերի աջագույն թևը:

Համհարզ Թամրազյանը ասում է, որ ուժերի այսպիսի դասավորումն լավագույնն է թշնամուն մի քանի օրվա ընթացքում ջարդելու համար: Կեսօրից հետո Շամշադինից հաղորդում են, որ Մանևի զորամասերից մեկը երկու զորասյուն Մուրգուզ լեռից, իսկ մյուսը Խոնզուբկատ գետի հոսանքով շարժվեցին դեպի Զիմովկա-Ղարաղայա: Դեռ չհասած Զիմովկա՝ աջ զորասյունը գնդակոծվում է Ադրբեջանից մեր սահմանն անցած թափառաշրջիկ հրոսակների կողմից: Կարճ կռվից հետո, վերջիններս ցրվում են և Մանևի զորասյունը շարունակում է իր առաջխաղացությունը: Մյուս զորասյունը չհանդիպելով թշնամու դիմադրությանը հասավ իրեն ցույց տված գիծը՝ Կարաուլիչի լեռան մոտ:

Ամեն օր նորանոր վերադարձողներ կան, և մեր դեմ կռվող զինվորները, որոնք գալիս են և զինված, և անզեն, ով ինչպես կարողանա, որոնք փառավոր ապացույցներ են, որ Հայաստանի գոյությանը սպառնացող թշնամիները բարոյական և ռազմական մեծ պարտություն կրեցին, և սա առաջինը չէ:

Շտաբում առանձնապես կարևորություն են դարձնում ժողովրդի տրամադրությանը, քան թշնամու ուժերի, որվհետև տեղացի ապստամբները մեզ ավելի են վնասում, քան բուն ինքը թշնամին: Այսօր շտաբում հերթապահությունը Ամիրյանին լինելով՝ Թամրազյանը, Ծաղիկյանն ու ես ճաշից հետո գնացինք թութ ուտելու մի քանի տեղացիների հետ, որը շատ ուրախ անցավ: Իջևանցիները շատ անհյուրընկալ և անկիրթ են, նրանց դեմքերից կարծես ժահր է կաթում, աշխուժություն և եռանդ նրանց մեջ մեռել է: Տեղացիները բացատրում են նրանով, որ ժողովուրդը քաղցած է, թալանված և սարսափահար եղած «բոլշևիկ» կոմունիստներից, որոնք Իջևանից նահանջելով միայն տխուր հիշողություններ են թողել:

Իջևան, 29 հունիսի

Ռազմաճակատից երկու գերիներ բերվեցին Իջևան, որոնց հարցաքննեց ինքը՝ հրամանատարը: Նրանք կծկտուր տեղեկություններ տվին. ճնշված էին հոգեպես և դողում էին ողորմելիները՝ կարծում էին, որ մենք էլ կարմիրների պես մարդու վրա նայում ենք որպես մի անշունչ առարկայի վրա, որի հետ կարելի է խաղալ «գնդակահարի» դաժան բառով: Իմ մեջ և ափսոսանք և առհամարանք առաջացրեց դրանցից մեկը՝ ղարաբաղցին, որոնց գոյամարտի համար դատարկվեց առանց այն էլ ոչ հարուստ մեր պետական գանձարկղը և ոչնչացան մեր լավագույն ուժերը:
Մի ժամանակ մենք Ղարաբաղը համարում էինք մեր հանրապետության շեյթանը, որ շարունակ ծառայում* էր դավադիր Ադրբեջանի դեմ, երբ վերջինս ամեն անգամ փորձ էր անում նվաճել այդ լեռնական հերոս ժողովրդին և միանալ մեր դարավոր թշնամի Տաճկաստանի հետ: Սակայն, ավաղ, մելիքների այդ դավաճան ծննդավայրը իր կաշին փրկելու համար, ապերախտորեն բաց արավ Ղարաբաղի պողպոտե դռները ռուս մի քանի հարյուրանոց զորամասի առաջ և այժմ, միացած նրանց, արշավ է սկսել իրեն սնուցող մոր՝ Հայաստանի վրա:

_________________
* ընդվզում- Գ.Ռ.
_________________

Երջանիկ է ռուս ժողովուրդը հայի պես կույր սիրող և կույր հետևող ունենալու համար:
Այսօր լուսաբացին Իջևանի զորաճակատում խռովարարները հարձակման դիմեցին գնդապետ Իշխանյանի զորամասի վրա Լալաքենդի մոտ, Դիտիվանքի / հավանաբար Դադիվանքն է -Գ.Ռ./ և Զիմովկայի կողմից: Երկու ժամվա կռվից հետո մեր զորամասերը հակահարձակման դիմելով, թշնամուն ետ շպրտեցին դեպի Ղազախ: Մենք ունենք մի սպանված: 12 ժամին մեր զորամասերը Կարմիր քարին մոտենալիս սկսում են հետապնդել թշնամուն, մեր ուժերը շարժվում են Օձաքար լեռան ուղղությամբ:

Իջևան, 30 հունիսի

Գնդապետ Իշխանյանը հաղորդում է, որ Կարմիր քարը գրավելուց հետո 2 ժամին մեր պահակախումբը ինքնակամ թողնելով Օձաքարը եկել է Լալաքենդ գյուղը: Օձաքարում թշնամին ունի չորս հարյուր մարդ և չորս գնդացիր:

Հակառակորդը պատկառելի ուժեր է կենտրոնացնում Դիտիվանքում, ուր կա 2 գնդացիր: Ապստամբները այդ ուղղությամբ հրացանային և գնդացրային ուժեղ կրակ են բացել մեզ վրա՝ միաժամանակ երևան հանելով հեծելազորը: Չստուգված լուրերին նայած, բոլշևիկները պատրաստվում են թաթարների հետ միասին անցնել մեր սահմանը: Գերիները պատմում են, որ Բաքվում բոլշևիկները 400 հոգուց մի զորամաս են կազմակերպել, որից մի մասը ուղարկել են մեր դեմ, իսկ մյուսը ուրիշ ճակատներ: Սարամ Սախլուի շրջանում և Թաուզ-Կալայի վրա շարժվող մեր զորամասերից հաղորդագրություն է ստացվել, որ 29 հունիսի, 3 ժամվա կռվից հետո մերոնք գրավել են Թաուզ-Կալան և Չինչինը: Թշնամին նահանջելով թողել է 25 դիակ, որոնց թվում երկու թուրք և մի փչացած հին սիստեմի թնդանոթ, որը մենք էինք թողել նահանջելիս:
Նաուրի կռիվների ժամանակ, հերոսաբար կռվելով, ծանրապես վիրավորվել է Թամար Մարտիրոսյանը: Կարգադրված է նրան տեղափոխել Իջևանի հիվանդանոց:
Մյուս ճակատներում նշանակալից ոչինչ չկա:

Ներածություն
Դիլիջան. 13 հունիսի, 1920թ. – Իջևան. 30 հունիսի, 1920թ.
Իջևան. 1 հուլիսի, 1920թ. – Երևան, 30 օգոստոսի, 1920թ.
Իգդիր. 4 սեպտեմբերի, 1920թ. – Վարդանլու. 5 նոյեմբերի, 1920թ.

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր՝ Դեպի երկիր մատենաշար, թիվ 9. ք. Երևան 1993թ.
Բնօրինակից խմբագրեց և հրատարակեց՝ Սարգիս Հարությունյանը
Համակարգչային տեքստը պատրաստեց, խմբագրեց և գրադարանին տրամադրեց՝ Ճարտարագետ Գեիմ Ռուշանյանը

Տես նաև
Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice