ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian

ԱԶԱՏ,ԱՆԿԱԽ ԵՎ ՄԻԱՑՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԸ (ԱՆՀԱՅՏ ԳՐՈՂԻ ՕՐԱԳԻՐԸ )


Ներածություն
Դիլիջան. 13 հունիսի, 1920թ. – Իջևան. 30 հունիսի, 1920թ.
Իջևան. 1 հուլիսի, 1920թ. – Երևան, 30 օգոստոսի, 1920թ.
Իգդիր. 4 սեպտեմբերի, 1920թ. – Վարդանլու. 5 նոյեմբերի, 1920թ.


Իջևան. 1 հուլիսի

Խռովարարները գնդապետ Մնացականյանի ղեկավարությամբ իրենց ուժերը կենտրոնացնում են Աչասուի և Սև քարի ուղղությամբ, որպեսզի անցնեն մեր թիկունքը, բայց նրանց չի հաջողվի այդ անել, որովհետև մեր շեշտակի հարվածները դեռ նրանց շշմեցրել է: Գնդապետ Խաչատրյանի զորասյունը շարժվում է Թաթլու գյուղի վրա: Շամշադինում մեր ձախ զորասյունը 15 ժամին գրավեց Ղարաղայան, ուր մնացել են միայն մի քանի ընտանիք:

Աջ զորամասը շարժվեց Ղարաղայայի աջ ուղղությամբ, ուր այսօր վաղ առավոտյան կռիվներ են տեղի ունենում, իսկ ձախ զորասյունը առաջանում է Չորաթան գյուղի վրա:

Նաուրցի կին կամավոր Թամար Մարտիրոսյանը, որ վերջին կռիվներում հերոսաբար կռվել էր և վիրավորվել կրծքից ծանրապես, այսօր առավոտյան դեմ մեռավ Իջևանի հիվանդանոցում:

Հրամանատար Սեպուհը կարգադրեց զինվորական մեծ շուքով թաղել Հերոսուհուն: Եվ այդպես էլ եղավ: Նրա որբերի խնամատարության, կրթության հոգսը մեր կառավարությունը վերցրեց իր վրա:

Եզակի դեպք է այս կնոջ հերոսությունը մեր երկու տարվա պետական գոյամարտի մեջ՝ բարոյական մեծ ապտակ մեր ԱԶԱՏՈՒԹՅԱՆ և ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ թե ներքին, թե արտաքին թշնամիներին, որոնք ուզում են իրենց անարգ ոտքերով պղծել մեր Մայր երկրի անձեռնմխելի հողը:

Այստեղ կարևոր է հիշել Նաուրում կատարված մի ուրիշ դեպք, որ նույնքան կարևոր է: Նաուրը բոլշևիկների կողմից գրավելու ժամանակ տեղացի կույր աշուղը արհամարանքով է խոսում դավաճանների և հարգանքով՝ հայրենի կառավարության մասին: Ապստամբապետ Բերբերյանը սաստում է աշուղին, որ սա զգույշ լինի, բայց ժողովրդական երգիչը հանդուգն պատասխան է տալիս և մեղադրում դավաճան Բերբերյանին /«վարժապետ»/, որի հրամանով սպանվում է աշուղը:

2 հուլիսի

Այս առավոտյան ժամը 8-ին գնդապետ Իշխանյանի զորամասը հարձակման է դիմել Օձաքարի վրա: Շամշադինի առաջխաղացությունը նույնպես հաջող է ընթանում: Կոտիքենդի և Բուրանայի շրջանում բոլշևիկները ուժեղ պրոպագանդա են մղում, բայց քանի գրոշ արժի նրանց քարոզը, երբ ամեն տեղ ուժն է հաղթողը:
Հենց հիմա տեղեկություն ստացվեց, որ գնդապետ Իշխանյանը համառ կռվից հետո գրավեց Օձաքար կոչված անառիկ բարձրունքը: Թշնամին ունեցել է երկու գնդացիր, որ անդադար գործելիս են եղել:

Մեր բռնած գերիները պատմում են, որ ղարաբաղցիները թողել փախել են՝ չուզենալով կռվել Հայկական Հանրապետության դեմ: Երեք օրվա համառ և կատաղի կռվից հետո, Շամշադինի մեր զորամասերը, ջարդելով թշնամուն, քշել են նրանց Ադրբեջան: Գյուղացիները չեն փախել, իսկ հեռացողները ամեն օր ծածուկ փախչում գալիս են իրենց տները:

Ղազախ-Շամշադինի ազգաբնակչությունից Սեպուհը երկու բան է պահանջում, նախ զինաթափ լինել և ապա հանձնել բոլոր զենքի ընդունակ երիտասարդներին որպես զինակոչի ենթականեր: Թեև նրանց համար շատ ծանր են այս պայմանները, բայց անխուսափելի:

Ցարդ հայ կառավարությունը զինում էր տեղական բնակչությանը, որովհետև Ադրբեջանի վտանգ կար, սակայն այժմ այդ վախը չկար և մեր հիմար գյուղացիությունը չիմանալով իր զենքը գործածել, դարձրել է այն մեր դեմ: Ինքնապաշտպանության հարցը պետք է վերացնել և դարձնել այն պետական, որովհետև մենք հիմա այնքան ուժ ունենք, որ կարող ենք ամեն մի քաղաքացու կամ համայնքի կյանքը, գույքը ապահովել: Իմ կարծիքով, Հայ կառավարությունը մեծ սխալ է գործում, թողնելով ազգաբնակչությանը զինված մնալ: Դրանք շատ շուտով կարող են կույր գործիք դառնալ մեր երդվյալ թշնամիներին, ինչպես այդ ապացուցեց Ղազախ-Շամշադինի վերջին ապստամբությունը:

Իմ օրագրից շեղում կատարած չեմ լինի, եթե արձանագրեմ, որ հենց հիմա, երբ ես գրում եմ, Սեպուհը լսում է մի մոլոկանի գանգատը: Նա հայտնեց, որ պաշարակիր զինվորները սպանել են երեք մոլոկանի, որպեսզի ընդմիշտ «պետականացնեն» նրանց սայլերը: Վերին աստիճանի սիրտս վրդովվեց. մի՞թե մեր զինվորները կարող են այդպիսի անգթություն գործել ռուսի վերաբերմամբ, բայց մյուս կողմից բանականությանս սառը դատողությամբ գալիս եմ այն եզրակացության, որ մեր զինվորը կամաց-կամաց փորձով գալիս է այն համոզման, որ ռուսի դեմն էլ կարելի է զենք գործադրել, եթե սա թշնամանք ունի դեպի մեր անկախությունը: Սակայն այս պատճառաբանությունը չի կարող հանգստացնել խիղճս, մենք պետք է շատ զգույշ վարվենք և այնպես հեշտորեն չխաղանք ամեն մի քաղաքացու կյանքի հետ: Մոլականների ընկճվածությունն ու հալածանքը ինձ հիշեցնում է այն լուծը, որ մենք տանում էինք Տաճկաստանի տիրապետության ժամանակ: Բայց Թամրազյանի կարծիքով, այդպիսի դեպքերը անխուսափելի են պատերազմական գործողությունների ընթացքում:

3 հուլիսի

Մեր առաջխաղացությունը բոլոր ուղղությունների վրա հաջող է ընթանում: Գյուղացիները խմբերով և զինված, և անզեն գալիս հանձնվում են, խորապես ափսոսանք արտահայտելով, որ իրենք պարզապես խաբված են և գործիք են դարձել մի քանի սրիկաների ձեռքը: Նրանցից մեծագույն մասը զարմանք է հայտնում, որ հայ կառավարությունը հարկ եղած ուշադրությունը չի դարձրել այս երկու վտանգավոր շրջանների վրա:

Կառավարության ուժը, հեղինակությունը կենտրոնից դուրս գալով մինչև ծայրագավառները հասնելը այնքան է թուլացել, որ կառավարությունը մի ամիս է ինչ ստիպված կռիվ է մղում իր իսկ տերիտորիայում իր համարումը վերականգնելու: Սա պարզապես անփութության հետևանք է, սակայն յուրաքանչյուր անհոգություն, եթե մեզ վրա թե տնտեսապես, և թե մարդկային զոհերով այսքան սուղ նստի, մենք կարճ ժամանակում լուրջ վտանգների առաջ կկանգնենք: Գնդապետ Իշխանյանի զորամասը գնդապետ Խաչատրյանի զորասյան աջակցությամբ շարունակում է առաջխաղացությունը: Ըստ փախածների տված տեղեկությունների՝ խռովարարների մեծ մասը ուզում է մեր կողմն անցնել: Նրանց շատ վատ են կերակրում և նրանց շարքերում մեծ դասալքություն կա: Լալաքենդի վրա հարձակվող խռովարարներին, կռիվների ժամանակ, ղեկավարելիս է եղել փոխգնդապետ Մնացականյանը: Կռվից հետո 100 ղարաբաղցիներ փախել են Գանձակի խորհրդային գնդից, բայց հայտնի չե, թե ուր: Խռովարարների մյուս գլխավորները՝ Բերբերյանը, փոխգնդապետ Տեր-Սարգսյանը Շամշադինից փախել են Ադրբեջան:

4 հուլիսի

Գնդապետ Խաչատրյանի զորասյունը այսօր առավոտյան ժամը 9-ին գրավեց Թաթլու գյուղի հյուսիսային բարձրունքը, խռովարարները տեսնելով մեր նրանց շրջապատելու փորձը, փախան Ադրբեջան: Գյուղից փախած ազգաբնակչությունը վերադարձավ: Կլիշքենդի և Չախմախլուի կողմից բոլշևիկ կոչված տականքները թվով մոտ 100 մարդ հարձակվեցին Սև քարի վրա տեղացիների օգնությամբ և նեղեցին մեր սահմանապահ փոքրաթիվ զորախմբին, բայց մեր հակահարձակումով դրությունը վերականգնված է: Փախածների ասելով, խռովարարները հիասթափվելով բոլշևիկներից ուզում են թնդանոթով անցնել մեր կողմը: Նույն պատանդների ասելով, Աղստաֆա-Ղազախ են եկել 600 հոգի հայ և թաթար բոլշևիկներ, որոնք հայտնել են, որ իրենք հայերի դեմ չեն ուզում կռվել: Թաուզի հետ հաղորդակցությունը կտրված է, որի պատճառով Մանևի զորամասից տեղեկություն չեն ստացել: Հրամանատարը Ղազախ-Շամշադինի գյուղացիության և մեր դեմ կռվող հայ զինվորների անունով կոչեր գրել տվեց և մեր գործակալների միջոցով ուղարկեց Ղազախ: Կոչերը գրված են սրտառուչ խոսքերով և պարզ լեզվով: Նրանց մեջ ասված է, թե հայ հեղափոխական ժողովուրդը այսքան տարի միլիոնավոր զոհեր տալով և գերմարդկային ջանքեր թափելով՝ հազիվ կարողացել է ազատվել բարբարոս Տաճկաստանի և նույնքան բռնակալ Ռուսաստանի լծից և ստեղծել Հայաստանի Հանրապետությունը, որ նոր միայն սկսել է ազատ շունչ քաշել և ապահովել իր սահմանները արտաքին թշնամիներից և հանկարծ նոր վտանգների առաջ է կանգնում, շնորհիվ մի քանի դավաճան հայերի, որոնք ամեն կերպ ուզում են ոտնակոխ անել ԱԶԱՏ Եվ ԱՆԿԱԽ Հայաստանը: Կոչերը վերջանում են ներման խոստումով, որովհետև մեր ստացած ստույգ տեղեկություններին նայած, մեր դեմ գործողների մեծագույն մասը չի գալիս և չի հանձնվում նրա համար միայն, որ դավաճան ստոր հոգի հայ բոլշևիկ պարագլուխները հավատացրել են միամիտ հայ ժողովրդին նույնքան պարզամիտ զինվորներին, որ իբր թե հայ կառավարությունը կոտորում, ջարդում և բռնաբարում են անխտիր բոլորին: Սակայն ի մեծ զարմանք և ցավ այդ հայրենադավ «հայ կոմունիստներին» ժողովուդը առանց մեր կոչերը ստանալու կամաց-կամաց վերադառնում է, զինաթափ է լինում և հանձնում է զորակոչի տարիքի մեջ եղած երիտասարդությանը: Մինչ մեր գործերը Ղազախ-Շամշադինում այսպես հաջող են ընթանում, Ղարաբաղից և Զանգեզուրից տխուր, շատ տխուր լուրեր են հասնում մեզ: Ղարաբաղը արդեն վաղուց է, որ ընդունել է Սովետական իշխանությունը, որտեղ լցված են սովետական գործակալներով և քարոզիչներով: Սովետական իշխանության դավերը վերջապես ընկճեց Ղարաբաղը, որ երկու և կես տարի չսրբապղծվեց Գերմանո-Թուրքական-Ադրբեջան կանոնավոր զորքերի և խուժանի ներխուժումով:

Սակայն մեր շտաբում այն կարծիքն է տիրում, նրանք ավելի շուտ այդ միջոցով օգտագործեցին սովետական իշխանությունը, վերջնականապես հարվածելու «Մուսավաթ» դավադիր կառավարության վերջին մնացորդներին, որոնք Գանձակում և Շուշիում փորձեր արին վերականգնելու իրենց դիրքն ու իշխանությունը: Եթե մեր ենթադրությունները ճիշտ են՝ նրանց արածը ռազմական մի ճարպիկ խաղ է, իսկ եթե մենք սխալվում ենք, ապա Ղարաբաղին կարելի է ասել, «Ահա մի լեռնական ժողովուրդ, որ մեր պատմության մեջ չտեսնված ապերախտություն և անօրինակ դավաճանություն գործեց հանդեպ իր ազատասեր արյունակիցների, որոնք նորանոր հաղթանակներ են տանում և Օլթիի և Կաղզվանի և Շարուր-Նախիջևանի ուղղությամբ»: Մեր կրծքի վրա սնված այդ լեռնական օձը, որին մենք տաքացրինք մերկ մնալով, որին կերակրեցինք սոված թողնելով հայ ժողովուրդը և որի գոյության պահպանման համար հազարավոր թանկագին կյանքեր շպրտեցինք մահվան գիրկը, այսօր նա խայթում է մեզ մեր ետևից և իր ժայթող թույնը կաթեցնում է Հայաստանի սրտում, ցանականալով սրա վայրկենական մահը:

Ցավալին այն չէ, որ Ղարաբաղը առանց մի գնդակ արձակելու կամովին իր վիզը մեկնում է սովետական յուրահատուկ լծի տակ, այլ այն, որ նա խաղալիք դարձած սովետական բռնակալներին և աշխարհակալներին՝ զենքի ուժով շարժվում է Զանգեզուրի վրա, նրան ևս փաթաթելու իր չարաբաստիկ բախտը: Տեսնենք վերջինս ի՞նչ վերաբերմունք ցույց կտա սովետական «ծիծեռնակներին»: Ասենք, ի՞նչ կարելի է սպասել Զանգեզուրից, չէ՞ որ սա Ղարաբաղի քույրն է և պակաս սև էջեր չի կազմել մեր հնագույն պատմության մեջ:

5 հուլիսի

Հուլիսի առանձին նշանակալից Էջ է կազմում իմ արյունոտ օրագրի մեջ, որովհետև այսօրվանից Ղազախ-Շամշադինի Սովետական-Ծապլվարյան խեղկատակության երկրորդ արարվածը վերջացավ մեր թշնամիների կատարյալ պարտությամբ և մեր զորամասերի փառավոր հաղթությամբ: Գուցե երրորդ, չորորդ, հինգերորդ և տասերորդ արարվածներ ևս սկսվեն, բայց թող լավ իմանան «Ծապլվարյան կոմունիստները», որ այդ արարներն էլ պիտի վերջանան իրենց ողբերկական մահով:

Այսօրվանից Ղազախ-Շամշադինը երկրորդ անգամ վերջնականապես մաքրվեց «բելշևիկ» կոչված անկոչ տականքներից, որոնք սարսափահար փախան Ադրբեջան: Քշվելով մեր սահմաններից, բոլշևիկները մի պատվիրակություն են ուղարկել գնդապետ Խաչատրյանին հետևյալ պաշտոնական գրությունը հանձնելու մեզ.

Դաշնակցական Հրամանատարություն, Հայկական զորամասերը անցել են Ադրբեջանի սահմանը և գրավել «Կեյնախ-գշլուխ, Կոգնա-գշլուխ»: Ռուսաստանի սոցիալիստական-դաշնակցական խորհրդային հանրապետության զորքերի հետ ընդհարում ունենալուց խուսափելու համար առաջարկված է Հայկական հրամանատարությանը անմիջապես մաքրել վերոհիշյալ գյուղը և քաշվել Հախում, հակառակ դեպքում Հանրապետությունը ստիպված կլինի զենքի ուժով ստիպելու Հայկական զորամասերին քաշվելու սահմանից:

Գանձակի շրջանի զորքերի հրամանատար՝ Վելիկանով.
Գանձակի շրջանի արտակարգ կոմիսար՝ Էֆենասև.
3 հուլիս II 2157

Մենք պատասխանեցինք. -

«Վերոհիշյալ գյուղը մենք չենք գրավել և ոչ մի զորամաս սահմանը չի անցել: Մենք գրավել ենք միայն Ֆավախթունիս լեռը, որտեղից խռովարարները ռմբակոծում էին մեր զորքերին, և մենք այդ լեռը չենք կարող թողնել, որովհետև սահմանի գիծը անցնում է նրա գագաթից»

Նամակատուփի վրա մակագրված «Դաշնակցական հրամանատարություն» խոսքերի համար պատասխանվեց, որ Հայաստանի Հանրապետության մեջ «Դաշնակցական հրամանատարություն չկա, այլ կա հայ ժողովրդական կառավարություն»:

Այս բոլորից հետո պատասխանի մեջ ասված է նաև, որ նման գրություններից և սպառնալիքներից Հայկական հրամանատարությունը և նրա քաջարի Բանակը չեն վախենում:

Այս պատախսանը հաղորդվեց Սպարապետին ի գիտություն:

Մեր հետախույզները հուլիսի 3-ին բռնեցին հայտնի խռովարար Վասիլի Ծատուրյանին, որ փախչելու փորձ անելիս սպանված է: Այստեղ չեմ կարող զզվանքով չարձանագրել, որ և մենք, և բոլշևիկները մի անազնիվ ձև ունենք ծանր հանցագործներին պատժելու համար: Նախօրոք որոշվում է սպանել և ժողովրդին չգրգռելու համար հայտարարում են «փախչելիս սպանվեց»:

Վերջնականապես պարզվեց, որ Շամշադինում մենք խռովարարներից խլել ենք ութ գնդացիր, որից չորսը «Կոլտ», իսկ մնացածը «Լուիս» սիստեմի:

Շամշադինում գնդապետ Մանևը Ադրբեջանի սահմանապահ զորամասերի պետից ստացել է մի գրություն, որով պահանջել է չանցնել սահմանը, այլապես կդիմեն միջոցների:

Վախկոտ նապաստակներ բոլշևիկները, նրանք տեսնելով, որ բոլոր ճակատներում ջարդվեցին, սկսել են ամեն կողմից սպառնական գրություններ ուղարկել: Եթե դուք իրոք այդքան քաջ եք և կտրուկ, Ձեր թղթի կտորների և դատարկամիտ խոսքերի փոխարեն պիտի մեզ հետ խոսեին Ձեր թնդանոթները: Դուք այնքան անազնիվ և ուխտադրուժ եք, որ եթե ձեր ձեռքից գար ոտնակոխ անել մեր և մեզ նման ուրիշ ազգերի անկախությունը, ոչ մի միջոցի առաջ կանգ չէիք առնի ձեր սև ծրագրերն իրագործելու: Մենք վաղուց ենք ճանաչում Ձեզ և Ձեր տված «ազնիվ» խոսքերի իմաստը:

6-7 հուլիսի

Այս երկու օրը ռազմաճակատներում համգիստ էր, գյուղացիները վերջնապես վերադարձել են իրենց գյուղերը: Ղազախ-Շամշադինի շրջանում կյանքը մտել է իր սովորական հունը: Սովն է իշխում ամեն տեղ, և կառավարությունը խիստ միջոցներ է ձեռք առնում արտակարգ օգնություն հասցնելու ժողովրդին:

Այս վայրիվերումների ընթացքում ժողովրդի առանց այն էլ քայքայված տնտեսությանը ծանր հարված հասցվեց: Պատերազմող կողմերը, իրար ձեռքից խլելով հավաքված անասունները, որ ժողովրդինն է, համարում են պատերազմական ավար: Իհարկե հայ կառավարությունը հնար եղած չափով վերադարձնում է խլված անասունները և թալանված գույքը: Բայց, այնուամենայնիվ, տուժողների թիվը շատ է: Եթե հաշվելու լինենք ժողովրդի և կառավարության վնասը, տասնյակ միլիոնների է հասնում: Մեկ կողմից խորհրդային Ռուսաստանը հաշտության բանակցություններ է վարում Մոսկվայի մեր ներկայացուցիչների հետ Լևոն Շանթի Նախագահությամբ, մյուս կողմից այդ նույն Ռուսաստանը ստորերկրյա խլուրդային աշխատանք է կատարում մեր հանրապետությունը ներսից պայթեցնելու: «Ընկեր» Լենինը, որ մի ժամանակ բողոքում էր ամեն տեսակ քաղաքականության և գաղտնի դաշնակցությունների դեմ, այսօր նա մեր և Վրաստանի դեմ նույն ստոր դիվանագիտությունն է վարում: «Սոցիալիստական Ռուսաստանը» վաղուց գաղտնի դաշն է կռել հետամնաց և հակահեղափոխական Տաճկական ուժերի հետ, կռվելու իբր թե իմպերիալիստ Անտանտի դեմ, բայց փաստորեն այդ դաշինքը ուղղված է հայ ժողովրդի և Վրաստանի դեմ:

Երկու ամսից ավել է, որ Շանթը չի կարողանում վերջնականապես հաշտության բանակցությունները վերջացնել և հաշտություն կնքել: Նա ամսի մեկին Մոսկվայից հեռագրում է, որ Սովետական Ռուսաստանը Ղարաբաղը, Զանգեզուրը և Շարուր-Նախիջևանը վիճելի է համարում և հաշվում Ռուսաստանի անբաժանելի մասը, մի պահանջ, որ ոչ ավելի ոչ պակաս անում էր Ադրբեջանի նախկին կառավարությունը, բացի այս, նրանք, ի մխիթարություն մեզ, պատրաստակամություն են հայտնում միջնորդի դեր ստանձնել Քեմալի և մեր միջև Տաճկահայաստանը կցելու մեր հանրապետությանը՝ առանց որոշելու նրա սահմանները:

«Իսկական Ռուս Կոմունիստները լավ են տրամադրված դեպի Հայաստանը և երբեք միտք չունեն ոտնատակ անելու մեր անկախությունն ու ազատությունը», ասված է հեռագրում, բայց չարամիտ հայ բոլշևիկների խորհրդով և ցուցմունքներով հաշտության բանակցությունները ձգձգվում են և մեր սեփական հողամասերը վիճելի են դառնում: Ուղղակի ապշեցուցիչ է հայ կոմունիստ կոչված տականքների թշնամական վերաբերմունքը հանդեպ այն ժողովրդի, որի ծոցից վիժել են և այն հողի, որի վրա մեծացել են:

Միամիտները միայն կարող են հավատալ, որ Ռուսաստանը իբր թե լավ է տրամադրված դեպի մեզ, նա վիճելի համարելով այդ խոշոր գավառամասերը, նպատակ ունի ձեռք գցել Ջուլֆա-Թավրիզ երկաթուղագիծը և սոցիալիստական վերարկուի տակ շարունակել ցարական Ռուսաստանի նախքին իմպերիալիստական քաղաքականությունը, այն է՝ ազդեցության շրջան ստեղծել Պարսկաստանում և վերջինս դարձնել առևտրական անբարբառ շուկա ընդդեմ անգլիական առևտրական ծավալման:

Մյուս կողմից, օղակելով Հայաստանը տերիտորիալ տեսակետից և զրկելով նրան Պարսկաստանի հետ առևտրական հարաբերության հնարավորությունից, կամաց-կամաց և աստիճանաբար հայ վասակների առաջնորդությամբ տիրել նրան: Ահա Ռուս կոմունիստների իսկական ծրագիրը:

Այն, թե Ռուսաստանը նպատակ ունի համաշխարհային հեղափոխություն բռնկել Ասիայում և տարածել այն Եվրոպայում դատարկ ուտոպիաներ են ու դրանց կարող են հավատալ միայն ու միայն «տիրացու վարժապետներ» հայ նորակնունք կոմունիստները, որոնց բերանից դեռ կաթնահոտ է գալիս և որոնք այնքան ծանոթ են և հասկանում են Մարքսի վարդապետությունը, որքան ես հասկանում եմ հեթանոսական լեզուն:

Մեկ խոսքով, ես չեմ հավատում այդ սոցիալիստական հեղափոխությանը, որ գալիս է տգետ Մոսկվայից և նպատակ ունի անցնելու լուսավոր Եվրոպան:
Մարդկության այս ծանր լուծը, որ իր ուսերի վրա է վերցրել ֆիզիկապես, մտավորապես տկար, թույլ և անկազմակերպ Ռուսաստանը՝ անկարող է տանել և կընկնի կես ճանապարհին մեծ հիասթափություն պատճառելով համայն մարդկությանը և հուսահատության դուռը բանալով նրանց համար, ովքեր խելոք և հաստատուն ճամփով գնում էին դեպի այդ բարձրագույն իդեալը՝ նրան հասնելու և նրանից օգտվելու: Ռուսաստանը կընկնի իր խելագար պայքարի մեջ, և մենք պետք է զգույշ լինենք, որ նրա անկման ժամանակ էլ նահատակ չդառնանք:

10 հուլիսի

Երկու ամսից ավելի է, որ համառ և անստույգ լուրեր են պտտվում Ղարաբաղի մասին, որ իբր նա ինքնակամ կերպով բացել է իր անառիկ, լեռնոտ դռները սովետական խուժանի առաջ և ընդունել է սովետական իշխանությունը: Անհետևանք չէին այն տարաձայնությունները: Մեր գլխավոր շտաբի տված պաշտոնական տեղեկությունները գալիս են հաստատելու այդ լուրերը և փարատելու այն ինքնակամ ենթադրությունները, որ մենք անում էինք:

Մայիսի մեկից սկսած, երբ սովետական Ռուսաստանի հայ կաշառված գործակալները Հայաստանի ամեն ծայրում նկրտում էին պայթեցնելու Հայաստանի Հանրապետությունը, և մեր անվճռական ու բարեմիտ կառավարությունը մի կողմից ղբաղված էր այս անգամ գործ ունենալ «սովետական Ադրբեջանի» հետ և մյուս կողմից ճնշել հայ բոլշևիկ կոչվածների դավադրությունները՝ Ղարաբաղը թողնված է եղել երեսի վրա: Հայաստանում կատարված անցքերի ելքին անտեղյակ՝ Ղարաբաղի մեր հրամանատարական կազմը թողնում է Ղարաբաղը, առանց մի գնդակ արձակելու, որովհետև «զգուշանում է» բարդություններից և քաշվում Զանգեզուր նոր դիրքեր գրավելու:

Դրոն, որ նշանակված էր Ղարաբաղի մեր զորամասերի հրամանատար, այդ խայտառակ նահանջը բացատրում է ինֆորմացիայի բացակայությամբ:

Երկու շաբաթ հետո միայն Դրոն տեղեկացնում է իրերի իսկական դրությունը, երբ բանը բանից անցած է լինում: Մի հարցնող լինի Դրոյից, թե ի՞նչ ինֆորմացիայի է սպասելիս եղել պարոն հրամանատարը, երբ իրեն քաջ հայտնի է, որ Ղարաբաղի ինֆորմացիան անկախ կառավարությունից, միշտ հասել է երկու շաբաթից ոչ շուտ. հետևաբար, սպասել առանձին կարգադրության և նոր միայն կռվել Հայաստանի անկախ տերիտորիան ոտնատակ անող սովետական փոքրաթիվ զորքերի դեմ, նշանակում է թույլ լինել, վախկոտ և ոչ վճռական:

Բայց շան գլուխը թաքնված է եղել ոչ թե ինֆորմացիան ուշ ստանալու մեջ, այլ մի հայ զորավարի այլասերված ռուսասիրության մեջ:

Ստույգ տեղեկություններ կան, որ Դրոն ասել է`

— Ռուսների դեմ դեռ գնդակ արձակած չկամ:

Եթե մի գիտակից զորավար այդպես է տրամաբանում, ապա էլ ինչու մեղադրել հասարակ զինվորին: Սուտ է, որ ասում են թե պատմությունը մեզ միշտ դավաճանել է, ընդհակառակը պատմությունը շարունակ մեզ հետ է եղել և միշտ էլ նպաստավոր հանգամանքներով: Մենք ինքներս ենք, որ մեզ ստոր կերպով գիտակցաբար թե անգիտակցաբար դավաճանել ենք:

Հայ ժողովուրդ, դու այնքան տկար գծեր ունես, որ ես որպես քո ծոցիծ ծնած զավակ հիանում եմ և միաժամանակ հիասթափվում, երբ նայում եմ քո ախտավոր պակասությունների վրա, որոնց կարծես թե փայփայում ես ու խնամում: Քո հոգեկան լավ գծերը և արհամարելի պակասները եթե կշռելու լինենք, դու կախված կլինես դատարկության մեջ տխուր հիշողություններով:

11 հուլիսի

Մի քանի օրվա եռանդուն պատրաստություններից հետո, այսօր առավոտյան մեր Ղամարլուի զորամասը հարձակում սկսեց Բեյուք-Վեդիի վրա երեք զորասյուներով: Աջ զորասյունը փոխգնդապետ Ալեքսանյանի ղեկավարությամբ շարժվել է Արաքսից մինչև երկաթուղագիծը ներփակաբար: Միջին զորասյունը գնդապետ Ղասանբաշյանի գլխավորությամբ շարժվել է երկաթուղու գծից և Բոշ-Բարան լեռան վրա ձախ ուղղությամբ Բեյուք-Վեդիի վրա, իսկ Մարտիրոսի ձախ զորասյունը շարժվել է Աղասի Բեկլուի վրա:

Այսօր անդադար կռիվներ են տեղի ունենում, որոնք կատաղի բնույթ ունեն: Քաջալերված անցյալ տարվա հաղթություններից Բեյուք-Վեդիի թուրք-ադրբեջանցի գործակալներն ու սպաները կարծում են, որ ամեն տարի մեկ կլինի, սովոր է ասել ժողովուրդը: Չէ, Բեյուք-Վեդիցիներ, Զանգիբասարի ամոթալի փախուստից հետո և, մանավանդ, դրանից առաջ Ադրբեջանի սոցիալիստական ավազանում մկրտվելուց վերջը, դուք պիտի տեղի տաք հայ հաղթական Բանակին, որ նպատակ ունի հողամասը մաքրել ձեզ նման դավադիր, ապերախտ և միաժամանակ անհնազանդ տարրերից, որոնք իրենց իրավունք են համարում Հայաստանի հարկի տակ ապրել, բայց չճանաչել նրան:

Անցյալ տարվա մեր մոտ հազար քաջ զինվորի արյունը բողոքում են, որոնք ընկան ձեր բնական անառիկ գյուղի պատերի տակ և ընկան ոչ թե ձեր քաջության շնորհիվ, այլ մի քանի ապիկար սպաների և զորավարների ինքնավստահ ամբարտավանության պատճառով, որոնք գյուղը հաջող կերպով գրավելուց հետո զինվորներին թույլ են տալիս, որ ծառեր բարձրանան և միրգ ուտեն: Առայժմ մեր առաջխաղացությունը շատ հաջող է ընթանում և մեր զորքի ոգին բարձր է: Այն քաջագործությունները, որ այս մի քանի շաբաթվա ընթացքում կատարեց մեր փոքրաթիվ Բանակը, անօրինակ է մեր պետության պատմության մեջ:

Նկատել տամ, որ մեր ռազմական թաքնված ուժը երևան հանողը Ռազմական նախարար Ռուբեն Տեր Մինասյանն է: Այս մարդը հեղափոխական մեծ անցյալ ունի, կտրուկ է, անվախ և վճռական: Հենց որ Ռուբենը ստանձնեց զորական նախարարի պաշտոնը, մի այնպիսի փորձանք եկավ մեր դեռ թույլ պետության գլխին, որ եթե մի ուրիշը լիներ, գուցե ամեն բան կորած լիներ. նա առանց գլուխը կորցնելու, կարողացավ մի քանի օրվա ընթացքում տականքների ապստամբությունը խեղդել իր բնի մեջ: Տաճկահայերին, մասնավորապես սասունցիներին ու մշեցիներին, ծանոթ է Ռուբենը, որ մատի մի շարժումով կարող է այդ հերոսական ժողովրդի երիտասարդ ուժերը իր շուրջը համախմբել, որպես ամենավստահելի տարր:

Լինելով փախստական-հեղափոխական՝ նախարար Ռուբենը գլխավորապես իր գործողության կենտրոնը արել էր Սասունը և Մուշի դաշտը. նա լավ է ճանաչում այդ ժողովրդին և սիրում է նրանց: Նույնքան և կարելի է ասել ավելին, ճանաչում է քրդերին, որոնց այնքան գովասանք էր շռայլել իր մի հոդվածում, որ ուսումնասիրական փորձ էր քուրդ ժողովրդի բնութագիծը երևան բերելու համար:

12 հուլիսի

Գլխավոր շտաբը հաղորդում է, որ հուլիսի 12-ին վաղ առավոտյան կռիվը վերսկսվում է ավելի կատաղի բնույթ ստանալով, սակայն ժամը 5-ին Բեյուք-Վեդին ընկնում է, և թաթարները, թողնելով ամեն բան, փախչում են Դավալուի ուղղությամբ: Մենք կորցնում ենք 5 սպա սպանված, և 6 վիրավոր, մեր ընդհանուր կորուստը լինում է մոտավորապես 200 հոգի: Թաթարների կորուստը դեռ պարզ չէ, բայց, համենայն դեպս, ասված է հեռագրում՝ մերինից շատ է: Կռվի դաշտում թշնամին թողել է 100 դիակ, իսկ վիրավորներին կարողացել է տանել: Այսպիսով Զանգիբասարից հետո ընկավ Բեյուք-Վեդին, որ արատ էր բերում մեր պետությանը և Բանակին: Այժմ մեր ճանապարհը բաց կարելի է համարել դեպի Նախիջևան, որի համար նույնպես ահագին արյուն ենք թափել: Իմ կարծիքով թաթարները, այդ երկու ամրացած որջերից պոկ գալով այլևս ոչ մի լուրջ դիմադրություն չպիտի ցույց տան մեր խելագար բանակին, որ գնում է հա գնում: Մեր շտաբում այն կարծիքն է տիրում, որ Գայլի Դրունքի մոտ լուրջ կռիվներ կարող են պատահել: Այո, կարող են, եթե թաթարները սարսափահար չփախչեն. ինչպես մենք փախանք Էրզրումից: Եթե մենք դժբախտություն չունենայինք Ղարաբաղն ու Զանգեզուրն ունենալ մեր կողքին, այն էլ սովետական իշխանության տակ, մենք ահագին հաջողություններ կունենայինք: Սեպուհի կարծիքով, եթե այն բոլոր ծախսերը՝ ռազմամթերք և մարդկային հսկայական զոհերը, որ կառավարությունը տվեց Ղարաբաղն ու Զանգեզուրը ազատելու, գործածվեր Տաճկահայաստանը գրավելու, այժմ եթե ոչ ամբողջ, գոնե մի մասը գրաված կլինեինք:

17 հուլիսի

Այս հինգ օրվա ընթացքում նշանակալից դեպքեր չկան: Ռազմաճակատներում ընդհանրապես խաղաղ է, եթե հաշվի չառնենք տեղական բնույթի մի քնի փոքրիկ ընդհարումներ սահմանամերձ շրջաններում:

Մեր առաջխաղացությունը Նախիջևանի ուղղությամբ անարգել շարունակվում է և մենք նորանոր գյուղեր ենք գրավում առանց լուրջ դիմադրությունների: Նախիջևանի թաթարները տեսնելով, որ զանգիբասարցիները և բեյուք-վեդիցիները անողոքաբար հետապնդվում են մեր քաջարի Բանակի կողմից և տարերային խուճապով Արաքսի ու երկաթուղու գծի երկայնքով նահանջում են դեպի Ջուլֆա, միտք են հղացել պատվիրակություն ուղարկել և խնդրել, որ հայկական կառավարությունը իրենց ընդունի որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, որի համար նրանք վար կդնեն իրենց զենքերը և կկատարեն կառավարության բոլոր հրամանները: Թաթար պատվիրակությունը հանդիպել է Գայլի-Դրունքի մեր զորաշղթային, և հրամանատարությունը թույլ է տվել նրան անմիջապես մեկնել Երևան, բանակցելու կառավարության հետ:

Սիլիկովի* զորամասը, որ շարժվում էր Նոր-Բայազետից Նախիջևանի գավառը գրավող զորամասին օգնելու՝ արդեն հասել է Գայլի-Դրունք և կապվել է մյուս զորամասի հետ: Հրամանատար Սեպուհը շատ մեծ ցավ է զգում, որ այս մեծ գործո-ղությունների ժամանակ չի գտնվում Իգդիրի շրջանում: Նա ասում է, որ եթե հայ չարագործները Ղազախ-Շամշադինի շրջանից հանգստացնեին մեզ, նա վաղուց գրաված կլիներ Կողբի աղահանքերը և իր զորամասերը Իգդիրից կհաներ Արարատի փեշերի բարձունքների վրա՝ քրդերին շպրտելով դեպի Բայազետ:

_________________
*Սիլիկյան -Գ.Ռ.
_________________

Կողբի գրավումը չի ճշտվում, հակասական լուրեր են հասնում: Սասունցիները տեսնելով, որ քրդերը Կողբը դատարկում են, մի հանդուգն հարձակումով մտնում են այնտեղ, թալանում, կողոպտում և էլի ետ քաշվում: Սրանից կարելի է եզրակացնել, որ կառավարությունը Կաղզվանի ուղղությամբ լուրջ գործողությունների չի դիմել, այլ այդ գրավումը տեղական բնույթ է կրել:

Բայց այս բոլորից հետո, Կողբի գրավումը մի առանձին դժվարություն չի ներկայացնում: Վերջին երկու շաբաթվա մեր հաջողությունների հետևանքով, մեր փողերի գինը 50 տոկոսով բարձրացել է, բայց դժբախտաբար ապրանքների գները դեռ չեն իջել: Չարաշահները /սպեկուլյանտներ/ տեսնելով, որ ահագին վնաս են կրում, գաղտնի կերպով մեր բոնիրը կրում են արտասահման, վալյուտան դարձյալ իջեցնելու ի վնաս մեզ, այդ իսկ պատճառով, ելևմտական նախարարությունը մի խիստ հայտարարությունով արգելել է ճամփորդներին 5000 ռուբլուց ավելի փող ունենալ՝ մեր երկրից դուրս մեկնելիս: Մեր վալյուտայի բարձրացմանը մեծապես օգնում է մեր պետական փոխառությունը թե երկրի ներսում և թե արտասահմանում: Վրաստանի հայաշատ մեր քաղաքներում կանայք իրենց ոսկի և արծաթ զարդերը նվիրաբերում են հայկական պետական գանձարանին:

Կան մարդիկ, որոնք երբեք լավատես չեն մեր ապագայի նկատմամբ, միշտ տրտնջալով ասում են, որ այսինչ կամ այնինչ նորաստեղծ փոքր պետությունները մեզանից շատ նպաստավոր պայմաններում են գտնվում:

Ոչ ոք իրավունք չունի մեզ համեմատելու մեր հարևան հանրապետությունների հետ: Մենք բացառիկ պայմաններում ենք ապրում: Այդպիսի կույրերին միայն մի պատասխան կարելի է տալ. վեց հարյուր տարվա ընթացքում մենք ե՞րբ ենք այնպիսի բախտավոր օրեր տեսել, քան այն րոպեից, երբ ստեղծեցինք մեր սեփական կառավարությունը:

Մեր անցյալը միշտ եղել է տարտամ, անորոշ և հուսահատական, իսկ մեր ԱՆԿԱԽ-ԱԶԱՏ պետական օրից, մեր ապագան հետզհետե պարզվել է և պայծառացել: Այն դաժան հանգամանքներում, որ մենք ձեռք առանք մեր ճակատագրի տնօրինությունը, եթե մի ուրիշ ցեղ կամ ժողովուրդ լիներ՝ չէր կարող այնպես պատվով դուրս գալ ինչպես հայ ժողովուրդը: Մեր հանրապետության ամրապնդումը ոչ թե տարիներով, ամիսներով և շաբաթներով է առաջ գնում, այլ, թող զարմանք չպատճառի, եթե ասեմ՝ օրերով և ժամերով է առաջ ընթանում:

19 հոլիսի

Երեկ գիշեր գլխավոր շտաբը հաղորդեց, որ Օլթիի ուղղությամբ թուրք կանոնավոր ասկյարները, թվով 200 հոգի, երկու գնդացիրով փորձել են հարձակվել մեր դիրքերի վրա, բայց մեր զինվորների կողմից ետ են մղված: Հարձակումը տեղի է ունեցել ամսի 16-ին, իսկ հաղորդագրությունը մենք ստացել ենք երկու օր հետո, ինչպես երևում է կապը կտրված է եղել: Մյուս ճակատներում նշանակալից ոչինչ չի պատահել: Ուղիղ մի ամիս է, որ Ղազախ-Շամշադինի շրջանի «բոլշևիկյան» արկածախնդրությունը վերջացել է, բայց օր չի անցնում, որ մենք վերջնագիր չստանանք այս կամ այն գիծը չեզոք հաշվելու պահակները այնտեղից վերացնելու: Եվ բնորոշն այն է, որ նրանց վերջնագիրը միշտ վերջանում է սպառնալիքով: Բայց ցարդ ոչ մի գործողության չեն անցել, չնայած, որ նրանց վերջնագրի տված ժամանակամիջոցը միշտ էլ լրացած է եղել, և մեր պատասխանները խիստ և կտրուկ: Տեղին է նկատել, որ բոլշևիկները իրենց արարքներով նման են այն շնիկների, որոնք անցորդի վրա հաչում են իրենք իրենցից վախենալով:

Գլխավոր շտաբը ի տեղեկություն մեզ հաղորդում է.—«Կիրովը ամեն տեսակ միջոց ձեռք է առել դադարեցնելու Ադրբեջանի զորքերի առաջխաղացությունը Զանգեզուրի վրա: Հարկավոր է կենտրոնացնել ուժերը և պաշտպանել սահմանները»: Այս խոսքերը բառացիորեն Կիրովինն են, որ ասել է Թիֆլիսի մեր ներկայացուցիչ Բեկզադյանին, իսկ վերջինս նույնությամբ հաղորդել է Երևան կառավարությանը: Այսպիսով Ղարաբաղը ժամանակավորապես մնում է սովետական իշխանության տակ, իսկ Զանգեզուրում մենք անբախտություն ունենք սահմանակից լինելու նրանց:

20 հուլիսի

Իջևանից գնդապետ Հակոբյանը հեռախոսագրում է, որ Եվլախի շրջանում թաթարների և բոլշևիկների միջև կատաղի կռիվներ են, իսկ Ղազախում լսվում է գնդացրային կրակոցի ձայն: Բոլշևիկները առաջարկել են վրացիներին շտապ կերպով վերանորոգել Պոյլի կամուրջը: Եվլախից և Ղազախից նոր եկած մեր գործակալները նույնն են հաստատում, ինչպես երևում է և այն, որ բոլշևիկները թե հայերին և թե թաթարներին զոռով մոբիլիզացիայի ենթարկելով ուղարկել են լեհական ճակատ: Ադրբեջանում խուճապ է տիրում, և բոլշևիկները ռազմական բոլոր հարկավոր մթերքները տենդոտ կերպով տեղափոխում են: Ինչպես երևում է, Լեհական ճակատում գլխավոր և վճռական ճակատամարտեր են տեղի ունենում, որոնց ելքը դեռ հայտնի չէ:

27 հուլիսի

Ուղիղ մի շաբաթ է, որ օրագրիս մեջ ոչ մի տող չեմ գրել, որովհետև աչքի ընկնող դեպքեր չեն պատահել:

Մեր պետական նավակը հաջող է ընթանում, չնայած, որ հյուսիսից թե հարավից եկած ալիքները վտանգավոր են և ահարկու: Սակայն հայ ժողովրդի մակույկը շատ է տեսել օվկիանոսի գոռ ալիքներ, որոնք մերթ նրան բարձրացրել են իրենց գագաթը, մերթ իջեցրել օվկիանոսի խոր անդունդը: Հին լողորդներ ենք մենք, մեզ ոչինչ չի կարող վախեցնել, բացի հոգնածությունից, բայց վերջին հանգամանքը ևս մտահոգիչ չէ, որովհետև ցամաքը երևում է, փրկարար փարոսի լույսը հետզհետե պայծառանում է, առավոտ է բացվում մեզ համար:

Վեց հարյուր տարի է, որ լողում ենք և չենք խեղդվել, և այդ պարագան պատահական չէ, այլ համառ և անդուլ աշխատանքի հետևանք է: Մի քիչ էլ աշխատանք, մի քիչ էլ կորով, և մենք հասած կլինենք մեր նպատակին:

Մեր ռազմաճակատներում տեղական բնույթ կրող կռիվներ են տեղի ունենում, այժմս մեր կարևորագույն զորաճակատները Ղազախ-Շամշադինն է և Շարուր-Նախիջևանը: Առաջինը ցարդ խաղաղ էր, բայց այդտեղ նորից դավեր են նյութում մեր դեմ: Մեզ հանգիստ չեն տալիս և շարունակ զբաղեցնում են մեզ իրենց ավազակային ասպատակություններով: Այսպես օրինակ, օր առաջ թաթարները, թվով վեց հարյուր հոգի, հարձակվել են Գուղ գյուղի վրա և գրավել են այն, մեր պահակները, բնական է՝ պիտի տեղի տային իրենցից հարյուրապատիկ ուժերի առաջ: Այդ ավազակախումբը բաղկացած է գլխավորապես այն թաթարներից, որոնք չեն ուզում զինաթափվել Ադրբեջանում և նրանցից, որոնք սրանից մի երկու ամիս առաջ քշվել են մեր երկրից դուրս: Սրանց ղեկավարում են «մուսավաթականները», որոնք շարունակում են հետապնդել իրենց դժոխային նպատակները, այն է՝ Հայաստանի դիակի վրայով կապվել Մուստաֆա Քեմալի ուժերին:

Մեր հակահետախուզական վարչության գործակալները Ադրբեջանից հակասական տեղեկություններ են բերում, ոմանք ասում են, որ սովետական իշխանությունը ամեն ջանք թափում է Հայաստանը ներսից և դրսից պայթեցնել և միանալ քեմալիստների հետ, իսկ ոմանք ճիշտ հակառակն են պնդում, որպես թե նրանք այդպիսի լուրջ մտադրություն չունեն և այլն: Սովետական իշխանությունը իրապես ամեն կերպ խլուրդային աշխատանք է թափում կապվելու Անատոլիայի միլիտարիստների հետ, կռվելու Եվրոպական բռնակալների դեմ: Կարմիրների խստությունները Ադրբեջանում բոլորովին խորտակեց թուրք-թաթարների սպառնալիքները: Նրանք կարծելով, որ Ադրբեջանը խորհրդային հայտարարելով մեծ հարված կհասցնեն Հայաստանին, բայց նրանց սին հույսերը ցարդ և հետագայում ոչ արդարացել են, ոչ էլ պիտի արդարանան:

Երեկ մեզ մոտ եկավ սովետական Ադրբեջանի հակա-հետախուզական կազմակերպության կառավարիչ գանձակեցի Սողոմոն Գրիգորյան-Հովհաննիսյանը, տեսակցություն ունեցավ Սեպուհի հետ, որ տևեց երկու ժամ: Բավական կարևոր և հավանական տեղեկություններ տվեց բոլշևիկների գործունեության մասին ընդհանրապես և Բոլշևիկ Ադրբեջանի մասին մասնավորապես: Նա կարծես մեր մեջ խախտեց դեպի բոլշևիկները տածած թերահավատությունը և վստահեցրեց, որ ռուս և այլազգի իսկական կոմունիստները շատ լավ են տրամադրված Հայաստանի հանդեպ և նրանք բոլորովին մտադրություն չունեն քայլելու Հայաստանի վրա: Սակայն բոլշևիկյան քողի տակ թաքնված մուսավաթականները և հայ ժողովրդի ծոցից վիժածները ոչ մի միջոցի առաջ կանգ չեն առնում իրականացնելու Հայաստանի կործանումը: Մարդկային խղճից ու արդարությունից հալածված այդ թշվառականները էլ պրովոկացիա, էլ աներևակայելի ստեր չի մնացել, որ բաց չթողնեն թե մամուլի միջոցով և թե բերանացի Հայաստանի մասին, որպես թե այնտեղ կատարվող ահաբեկումների, ճնշումների և այն բանվորական ու գյուղացիական կրկնվող ապստամբությունների մասին, որոնք, իբր թե ճնշվում են ամենաբարբարոսական կերպով:

Սողոմոն Հովհաննիսյանը հայտնեց նաև, որ եթե բոլշևիկները ուժեր են կենտրոնացնում Հայաստանի սահմանի վրա, այդ ոչ թե հարձակման դիմելու նպատակով է, այլ իրենց սահմանները պաշտպանելու և Հայաստանից երկյուղ կրելու պատճառով: Եվ այսպես, եթե հավատանք Հովհաննիսյանի ցուցմունքներին, բոլշևիկները մեզ հաշվի են առնում: Մտնելով Ղարաբաղ ու Զանգեզու, նրանք՝ այդ մանկամիտ քաղաքագետները, սկսեցին զինաթափել հայ գյուղացիությանը, ենթադրելով, որ սրանք ևս վախկոտ թաթարների պես անբարբառ պիտի հնազանդեն այդ ապօրինի կարգադրությանը: Բայց ազատասեր հայ լեռնական ժողովուրդը ծառացել է նրանց դեմ և այնտեղ սկսել է ներքին կռիվ, որի հետևանքով բոլշևիկները անամոթաբար թողել են Զանգեզուրի սիրտ Գորիսը:

Այսպես, բոլշևիկներին գրկաբաց ընդունող Ղարաբաղն ու Զանգեզուրն արթունության նշաններ են ցույց տալիս և իրենց կաշվի վրա փորձով համոզվեցին, որ նախկին Ռուսաստանն է եկողը՝ նոր հագուստով: Շարուրը ամբողջապես մաքրվեց մեզ թշնամի տարրերից, որոնք բույն էին դրել երկաթուղագծի երկու կողմերը: Այժմ մեր քաջարի Բանակը շարժվում է Նախիջևանի վրա: Շայթախտ կայարանը և Խոկ գյուղը ամսի 25-ին, համառ կռվից հետո, գրաված են մերոնց կողմից:

Ադրբեջանից եկողները ասում են, որ մեր արշավանքը դեպի Ջուլֆա-Թավրիզ երկաթուղագիծը ուրախությամբ է ընդունվել այնտեղ, բացառությամբ թաթարների: Ջուլֆա-Թավրիզ երկաթուղու կարևոր գծի գրավումով ուրախանում ենք և մենք, և բոլշևիկները, և անգլիացիք: Մեր ուրախությունը ամենքի համար շատ պարզ է, բայց վերջին երկուսի դիվային ուրախությունը մութ է, շատ մութ ամենքին: Իմ կարծիքով բոլշևիկները հրճվում են, որ մենք երկաթուղագիծը ազատում ենք հակա-հեղափոխական տարրերից, իսկ մեզ հետ, նրանց կարծիքով, ի վերջո հաշիվ տեսնելը հեշտ է, որովհետև ռուսամոլ ենք, և եթե մի փառավոր օր զուտ ռուսական զորամասեր շարժվելու լինեն Ղարաբաղի և Զանգեզուրի վրայով դեպի Շարուր-Նախիջևան և ապա Պարսկաստան, մենք առանց գնդակ արձակելու պիտի ասենք «հրամեցեք»:
Բայց «կոմունիստ» աշխարհակալները շատ են սխալվում. մեր առաջվա պլատոնական սերն ու համակրանքը հանդեպ Ռուսաստանի փոխվել է ատելության ու վրեժխնդրության, մենք հիմա քաջ գիտակցում ենք, որ եթե սրանից հետո, եթե նորից մեզ վիճակվի խմել ստրկության թույնը, դրա միակ պատճառը Ռուսաստանն է, լինի նա նոր թե հին, հեղափոխական թե ռեակցիոն: Թուրք թաթարական ամեն տեսակի վտանգներին մենք այժմ ի վիճակի ենք դիմագրավելու և նույնիսկ հակահարված տալու, եթե Ռուսաստանը, այդ կեղծ կարմիր հագած Ռուսաստանը մեր կռնակից մեզ չհարվածի:

Գալով Անգլիային պիտի ասեմ, որ նրա ուրախությունը բխում է ոչ թե նրանից, որ նա մարդասիրաբար ցանկանում է, որ Հայաստանի խաչելիությունը վերջանա ու այդ զրկված սրբությունը ազատ և անկախ կյանք վարի դարավոր ստրկությունից հետո, այլ նրանից, որ հանձինս Հայաստանի ուժեղության և անկախության՝ տեսնում է անգլիական տիրապետության պաշտպանություն: Հանձինս մեզ նա տեսնում է մի պատնեշ Ռուսաստանի դեմ, բոլշևիկյան համաճարակի դեմ, որ սպառնում է ողջ Եվրոպան հիմնահատակ անել, որից հետո ծովերի թագուհին ստիպված պիտի լինի քաշվել-կծկվել Բրիտանական նեղ, անարև ու մառախլապատ կղզիներում և լաց լինել իր անցած փառքի վրա: Պետք է նկատել, որ Եվրոպան, այդ անատամ քավթառը, հանձինս Անգլիայի և իր վարչապետ Լլոյդ Ջորջի, մեզ երկար տարիներ խաբելուց և խոստումներով կերակրելուց հետո, հայտարարեց, որ հայերը իրենց հույսը իրենց վրա թող դնեն: Այս հայտարարությունից ուղիղ երեսուն տարի առաջ հայ ժողովուրդը հրաշալիորեն գիտակցել էր, որ իր միակ հույսը, իր միակ ապավենը ինքն է, իր բազուկը: Դրան որպես ապացույց թող բարի լինի «մեծ» քաղաքագետ Լլոյդ Ջորջը կարդալու հայ ժողովրդական այն երգը, որ ասում է. «Համոզված ենք որ միայն զենքով կա հայի փրկություն»:

Թուրքիան տեսնելով, որ մենք սրարշավ առաջանում ենք Նախիջևանում, որտեղ մեր զորքերի առջևից փախչում են 150 հազար զինված և անզեն խուժանը, ուզում է կասեցնել մեր արշավանքը, դրա համար էլ Օլթիի ուղղությամբ մոտ 200 լավ զինված ասկյարներ 4 գնդացիրներով հարձակվել են մեր դիրքերի վրա, բայց ետ են շպրտվել:
Անգլիացիների խոստացած զինամթերքը արդեն Բաթում է հասել:

40000-ոց բանակը լավագույն կերպով սպառազինելու և զգեստավորելու համար է: Մեր պետության ամենացավալի կողմն էր, որ բուժվեց: Այժմ ռազմամթերքի հոգսը վերացած կարելի է համարել, մնում է հաց՝ նա էլ ապահովված է համարյա, շնորհիվ բարեբեր երկրի և այն հաղթությունների, որ մի ամսվա ընթացքում մենք ունեցանք Շարուր-Նախիջևան ճակատում: Հայաստանի բոլոր թշնամիները թող սրանից հետո զգույշ լինեն և չխաղան մեր պետության ամենանուրբ լարերի հետ, այլապես մենք նրանց զենքով կզգուշացնենք: Զգույշ, շատ զգույշ թող լինեն:

31 հուլիսի

Ղազախ-Շամշադինում մեր նախկին դրությունը վերականգնված է, մենք նորից վերագրավեցինք Ջիլը: Թաթար հրոսակախումբը, որ բաղկացած էր հինգ հազար հոգուց, փախել է և ցրիվ եկել:

Հրամանատար Սեպուհը, Ջիլը թշնամու ձեռքն անցնելուց հետո, այս շրջանում զորահավաք հայտարարեց, որ իմ կարծիքով միանգամայն ավելորդ էր, որովհետև լուրջ վտանգ չէր սպառնում Ջիլի գրավումը և հետո զորահավաքի ազդեցությունը ընկնում է, երբ ամեն մի չնչին ռազմական գործողության ժամանակ զորակոչ է հայտարարվում ու զորացրում է տեղի ունենում, հենց որ դրությունը վերականգնվում է: Ղարաբաղում և Զանգեզուրում հայ գյուղացիությունը տեղ-տեղ ապստամբել է բոլշևիկյան իշխանության դեմ: Սիլիկյանի զորամասը հրաման է ստացել շարժվելու Զանգեզուրի վրա, նրան ենթարկվում են Դրոն և Նժդեհը իրենց զորասյուներով:

Նախիջևանում մեր առաջխաղացությունը կանգ է առել, և թաթարները մի քանի անգամ նույնիսկ հարձակման են անցել: Լուրեր են պտտվում, որ սովետական մի գունդ 4-թնդանոթով անցել է Նախիջևան և միացել Խալիլ Բեյի թափթփուկ բանակին: Ինչպես երևում է, քաղցած սովետականները Ադրբեջանի ամբողջ կենսամթերքը սպառելուց հետո աչք են տնկել Նախիջևանի վրա, ուր այնքան շատ հաց կա:

Կողբի շրջանում նոր ռազմական գործողություններ են սկսվել, առաջին իսկ հարձակմանը մերոնք գրավել են Կողբ տանող կամուրջը, որ շատ կարևոր ռազմական նշանակություն ունի: Սարիղամիշի ուղղությամբ թուրքերը փորձել են անցնել մեր շղթան, բայց ետ են շպրտվել: Մեր այս շշմեցուցիչ հաջողությունները հայկական գաղութներում, մասնավորապես Վրաստանում, մեծ ոգևորություն են առաջ բերել: Համարյա ամեն օր տասնյակ ընտանիքներ վերադառնում են, վերջնականապես վերաբնակվում Հայաստանում: Առայժմ կյանքը մեզ ժպտում է:

1 օգոստոսի

Ինձ զարմացնում է մի հանգամանք, որ մեր զորամասերը կանգնել են Նախիջևան քաղաքից 13 վերստի վրա, բայց ցարդ չեն կարողացել մտնել քաղաք, չնայած, որ մեր զրահապատ գնացքը հետախուզության համար հասել է Նախիջևանի կայարանը և դիտել է, որ քաղաքը արագ կերպով պարպվում է թշնամուց. ոմանք անցնում են Արաքսը՝ ուղևորվելով Մակու, իսկ ուրիշները դեպի Ջուլֆա: Ինչ- որ խորհրդավոր գործողություններ են տեղի ունենում այնտեղ, որի բնույթը դեռ հայտնի չէ, և որը ինչպես երևում է այնքան էլ նպաստավոր չէ մեզ համար: Սովետական այն գունդը, որ հաջողել է անցնել Նախիջևան, անշուշտ որոշ և նախորոշված նպատակով է, որ մեզ նույնպես անհայտ է մնում: Համենայն դեպս նրանց ներկայությունը Նախիջևանում երբեք մեզ համար նպաստավոր չի կարող լինել: Այսօր երեկոյան ժամը 7-ին ամեն բան պարզվեց...

«Օգոստոսի մեկի նախարարական նիստում որոշվեց վերացնել բոլոր արտոնությոընները և 20-32 տարեկան հասակ ունեցողները ենթարկել զորակոչի՝ ի նկատի ունենալով Հայաստանին սպառնացող վտանգը:

Կառավարությունը առաջարկում է բոլոր պետական, հասարակական, ինքնավար հիմնարկություններին և ազգաբնակչությանը օգոստոսի երկուսից հաշվել ծառայությունից ազատ 1899 թվին ծնվածները, հաշվելով մինչև 32 տարեկանը՝ ուղարկելու համար ռազմաճակատ, իսկ նրանց փոխարինել ավելի բարձր տարիք ունեցողներով և կամ կանանցով: Այն բոլոր երիտասարդները, որոնք սույն հրամանը արձակելուց հետո 48 ժամվա ընթացքում, այսինքն մինչև օգոստոսի 3-ը ժամ 12-ին չեն ներկայանա զինվորական ատյանին, կհամարվեն դասալիքներ»:

Ահա այն հեռագրի պատճենը, որ մենք ստացանք երեկոյան: Մեր Հայրենիքին սպառնացող վտանգի պատճառը չի ասված հեռագրում, դրա համար էլ շատ ենթադրությունների առիթ տվեց ինձ: Մեկ մտածում եմ, որ նոր արշավանքներ ենք սկսելու դեպի Տաճկահայաստան կամ մեր բանակի պակասը լրացնելու համար է, կամ երևի ուզում են պահեստի բանակ կազմել: Մեր ներկա ուժերը շատ են հոգնել՝ այս ու այն ճակատ շպրտելով: Բայց այս ենթադրություններից գուցե և ոչ մեկը ճիշտ չէ, սակայն հույս ունեմ, որ շուտով պիտի պարզվի այդ մեծ վտանգի պատճառը: Եվ ես չէի սխալված: Մի ժամ չանցած պառլամենտի անդամ Արշակ Հովհաննիսյանի անունով ստացվեց մի հեռագիր, որով հաղորդվում է, որ Դրոն Սիսիանում ջարդելով բոլշևիկյան երկու էշալոն /երևի զորասյուն -խմբ./ գրավել է Անգեղակոթը, Բազարչայ և Բորիսովկա գյուղերը, այսպիսով նա կտրել է Նախիջևանում գտնվող սովետական գնդի ճանապարհը: Կարմիրները, Խալիլ Բեյի ջարդված բանակի հետ միանալով, վերջնագիր են ներկայացրել մեր հրամանատարությանը, որ անմիջապես պարպենք Շարուր-Նախիջևանի ամբողջ գավառը, որ այնքան զոհերի գնով ձեռք ենք բերել: Սովետական նենգավոր իշխանությունը կամաց-կամաց իր ժանիքները բաց է անում Հայաստանի հանդեպ: Աննպատակ չէր, որ նրանք մոտ երկու ամիս է, որ բանակցում են մեր պատվիրակների հետ, բայց ցարդ հաշտություն չկապեցին, հիմա էլ ուզում են բանակցությունները Մոսկվայից տեղափոխել Երևան, այդ մասին լիազորել են Լեգրանին, որ Աղստաֆայից արդեն Թիֆլիս է հասել: Զուր հույսեր, նրանք ձգձգում են բանակցությունները, որպեսզի կարող լինեն իրենց արածն անեն և մեզ դնել կատարված փաստի առաջ: Սակայն լավ իմացեք ցարական հոգով և «կոմունիստական» վերարկու հագած աշխարհակալներ, հայ ժողովուրդը ձեզ ևս արժանի պատասխան կտա իր բազուկով, որ տասնյակ տարիների անընդհատ կռիվների ընթացքում այնքան ջլապինդ և ճկուն է դարձել: Մխիթարականն այնէ, որ Դրոյի կողմն են անցել հայ գյուղացիները, որոնք շատ կարճ ժամանակում ճաշակեցին «կոմունիստ» տարրերի բռնակալական լուծը:

Դաշնակցական կենտրոնական կոմիտեն հայտարարել է Հայաստանում կուսակցական զորահավաք, որ է’լ ավելի նշանակալից է և ապացուցում է այն, որ իրոք մեր հայրենիքին սպառնացող վտանգը իսկապես լուրջ է: Ես անձնապես հոռետես չեմ, և չգիտեմ ինչու հաստատ համոզված եմ, որ փորձության այս բաժակն ևս կանցնենք: Հաց ունենք, ռազմամթերքը իր ժամանակին հասավ, փառք մեր իմաստության, կառավարությունը վերացրեց բոլոր արտոնությունները, որի շնորհիվ դասալիքների ահագին լեգեոններ էր ստեղծել և նոր առիթ էր տալիս տրտունջների, թե ինչու՞ անխտիր բոլորը չեն մտնում բանակ:

Այս դժբախտ լուրը ստանալուց անմիջապես հետո մի ուրիշ դժբախտություն եկավ մեր շտաբի գլխին: Բանն այն է, որ Սեպուհը, տուն գնալիս ձիուց վայր է ընկնում և ոտքը ցավացնում է այն աստիճան, որ ուռել է և ստիպված է անկողին ընկնել, որից անկասկած տուժում է այս շրջանի զորահավաքը: Օգտվելով այս հանգամանքից, մեր շտաբի պետ փոխգնդապետ Պալյանը և մյուս անպարտաճանաչ սպաները ընկած քեֆերի ետև մեկ-մեկ երևում են և իսկույն կորչում: Շտաբում մնացել են Սեպուհի համհարզ Մուշեղ Թամրազյանը և մի քանի երկրորդական ծառայողներ. փաստորեն Մուշեղն է վարում շտաբի ամբողջ գործերը: Ես զարմանում եմ, որ Սեպուհը այս բանի վրա ուշադրություն չի դարձնում, չնայած, որ մի քանի անգամ այդ մասին նրան ասված է: Սպարապետի շտաբից նոր միայն պաշտոնական հաղորդագրություն ստացանք զորաճակատների մասին. համարյա ամեն տեղ անփոփոխ է, բացի Զանգեզուրից, ուր մեր զորքերը Դրոյի գլխավորությամբ ամսի 1-ին գիշերը, համառ կռվից հետո, գրավել են Էրիմ թափան, Ահմեդյուրդը և Անգելաոտ գյուղը, որոնք ռազմական հսկայական նշանակություն ունեն: Մեր առաջխաղացությունը շարունակվում է:

2 օգոստոսի

Շամշադինում Մանևի զորամասի պահակներից չորս հոգի հրացաններով անցել են թշնամու կողմը: Այս առաջին դեպքն է, որ պատահեց հուլիսի 31-ին: Սովետականները, ինչպես երևում է, շփում են մեր պահակների հետ, որ մեր սպայությանը դեռ ծանոթ չէ:

Սեպուհը կարգադրեց, որ Մանևը մեր կողմից պրոպագանդիստներ ուղարկի կարմիրների մեջ նրանց նույն ձևով կազմալուծելու, ինչպես նրանք աշխատում են մեզ անել: Դրա արդյունքը այն եղավ, որ այսօր իրենց հրացաններով Մանևին ներկայացրել են երկու կոզակներ, որի մասին հայտնվեց Սպարապետին: Սակայն վերջինս հեռագրում է, որ այդ բանի վրա լուրջ ուշադրություն պիտի դարձնել, որովհետև նրանք սովորաբար միտումներով են փախչում մեր կողմը: Սակայն ամենից հետաքրքրականն այն է, որ այսօր ժամը 13-ին մենք Բաքվից Ղազախի վրայով մի վերջնագիր ստացանք Հայաստանի զորքերի Հրամանատարության անունով, որի բովանդակությունը հետևյալն է.

Խորհրդային սոցիալիստական Ադրբեջանի դեմ գործող
հայկական զորքերի հրամանատարությանը

Բաքու,
մեկը օգոստոսի
13 ժամ 20 րոպե:

Զանգեզուրի և Շարուր-Նախիջևանի գավառներում ազգամիջյան ջարդ է տեղի ունենում հայերի և թուրք-թաթարների միջև, որի հետևանքով ոչնչանում են խեղճ և անպաշտպան աղքատների ընտանիքները, փչանում են ամբողջ գյուղեր և ավաններ, թափվում է հազարավոր գյուղացիների արյուն: Այդ հաշվեմաքրումի դադարեցման խաղաղ իրավակարգ հաստատելու համար, վերոհիշյալ գավառներում մեր կողմից մտցված է Կարմիր բանակին պատկանող զորք, որը իր հետ տարել է հաշտության դրոշակ այդ շրջանների բոլոր աշխատավորների համար, այնինչ ձեր կողմից ակտիվ գործողություններ են ձեռք առնված մեր զորքերի դեմ, որով դուք մարտահրավեր եք անում Կարմիր բանակին, որը բնավ չի ցանկանում մտնել ռազմական գործողությունների մեջ ընդդեմ Հայաստանի բանվորների և գյուղացիների: Բայց մենք ձեզ պետք է նախազգուշացնենք, որ եթե ձեր կողմից կտրուկ միջոցներ չառնվեն դադարեցնելու ակտիվ գործողությունները մեր զորքերի դեմ, այն ժամանակ մենք ստիպված կլինենք ընդունել մեր զորքերի դեմ ուղղված հարվածը, որին մենք պիտի պատասխանենք մի շարք ավերիչ հարվածներով: Պատասխանի ենք սպասում ոչ ուշ քան օգոստոսի 5-ին: Այս ժամանակամիջոցում պետք է դադարեցվի ռազմական գործողությունները:

N 2447-11-րդ կարմիր բանակի հրամանատար` Վասիլենկո,
զինվորա-հեղափոխական խորհրդի անդամ` Շուկին

Ղազախից գնդապետ Հակոբյանին բերել են այս հեռագիրը և սպասում են, Սպարապետից դեռ պատասխան չի ստացվել:

Զորակոչը առայժմ հաջող է գնում, բայց դեռ ժամանակը չի լրացել, որ արդյունքը հայտնի լինի:

Զանգեզուրում մեր առաջխաղացությունը շարունակվում է, թշնամին ցույց է տալիս համառ դիմադրություն: Ամբողջ գիշեր տևող կռվից հետո, Դրոյի զորամասը գրավել է Ղարաքիլիսա /Սիսիան/ գյուղը, Ղարա-Ղայա և մի շարք կարևոր բարձրունքներ, վերցրել ենք գերիներ և վիրավորներ: Նրանք պատմել են, որ իրենց հրամայված է Նախիջևանի վրայով միանալ կարմիր թուրքերին: Ճիշտ է, թուրքերը կարմիր ֆես ունեն և նրանց մահասարսուռ ձեռքերը ներկված են հայ կանանց և երեխաների արյունով, եթե «կոմունիստների» կարմիր ածականը թուրքերի հասցեին այս մտքով է գործածված, մենք լիովին հասկանում ենք, իսկ եթե «տովարիշչորեն» է գործածված, այդ մեզ անհասկանալի է, նույնիսկ ծիծաղելի:

Անգեղակոթի ճանապարհին մենք թշնամուց խլել ենք մի գնդացիր, 11 ձի և ռազմական ուրիշ ավար: Սիսիանցիներից 200 հոգի միացել են մեզ, և ժողովրդի տրամադրությունը հետզհետե բարձրանում է: Մենք գտնվում ենք Գորիսից 15 վերստի վրա: Դրոն խնդրում է սավառնակ ուղարկել թռուցիկներով, հայ գյուղացիությանը բաժանելու համար:

3 օգոստոս

Սովետական Ադրբեջանի տված վերջնագրին դեռ պատասխանված չէ: Երևի պատասխանը ուրիշ գծով է տրված, բայց այդ մասին մեզ պիտի հայտնեին, որովհետև թշնամու պարլամենտորները սպասում են Իջևանում:

Սեպուհը դեռ պառկած է, մինչ շտաբի գործերը օրեցօր բարդանում են, մի կողմից զորակոչը, մյուս կողմից զինվորական այլ խնդիրները խճճվում են իրար: Շտաբի սպաների անպարտաճանաչությունը քանի գնում անհանդուրժելի է դառնում: Նրա բացակայության պատճառով շտաբի շենքը ուղղակի դատարկ է, թվում է, թե ամեն բան վերջացել է, և կյանքը մտել է իր հունը: Այնինչ իրականության մեջ այդպես չէ. մեր կյանքը էլի սկսվել է ալեկոծվել շնորհիվ բոլշևիկ-թուրք-թաթարական միացյալ վերջնագրի:

Շարուր-Նախիջևանի շրջանում թուրք-թաթարները, քաջալերված «կարմիրներիե ներկայությամբ, սկսել են հակահարձակման դիմել: Այս զորակոչի առթիվ ահագին եռուզեռ է սկսվել Հայաստանի կենտրոններում, մասնավորապես Երևանում, Ղարսում և Ալեքպոլում: Ամբողջ երիտասարդությունը արձագանք է տալիս զորահավաքին, դասալքությունը, որ առաջ համատարած ցավ էր, վերացել է, շնորհիվ այն բանի, որ կառավարությունը զինապարտների վերաբերմամբ խիստ միջոցների է դիմում և վերացրել է ամեն տեսակի արտոնությունները, որոնք դուռ էին բացում անարգ դասալքության: Հայ ժողովրդի ամենալկտիացած դասը՝ դերասանները առաջինը եղան այս փոքրիկ քաղաքում, որ հանկարծ ներխուժեցին շտաբը և հայտնեցին, որ իրենք ազատվում են զորակոչից, որովհետև դերասաններ են: Այստեղի տկարամիտ սպաները արժանի պատասխան չկարողացան տալ այդ կես մարդ երկոտանիներին:
Ես չկարողացա համբերել, բերանս բացի և նրանց ոտից մինչև գլուխ լվացի... Նրանք, իհարկե, զարմացան, որ այդպես խիստ խոսողը ես եմ, գրականության և գեղարվեստի մոտիկ կանգնած մի մարդ: Որովհետև խոսքերս նրանց հասցեին շատ խիստ էին, ես ուզում եմ արձանագրել և երկար վիճաբանությունից հետո ասացի. «Այժմ դարձյալ հայ ժողովրդի ֆիզիկական գոյության հարցն է հրապարակի վրա դրվում, ուզում եք զորակոչից ազատվել և ձեր միմոսությամբ պարապել: Մեր ժողովրդի չլինելուց հետո ես թքել եմ ձեզ էլ, ձեր թատրոնի վրա էլ»: Սրանով էլ վերջացավ վեճը, և նրանք խայտառակաբար թողին շտաբը:

4 օգոստոսի

Այսօր ստացվեց Ադրբեջանի վերջնագրի պատասխանը Նազարբեկյանի ստորագրությամբ, որի մոտավոր բովանդակությունը հետևյալն է, «Մեր զորքերը պաշտպանում են պետական սահմանները, թե արտաքին և թե ներքին թշնամիներից: Բնական է, որ ձեր զորքերը պիտի հանդիպեին մեր բանակի դիմադրությանը, քանի որ նրանք մտել են Հայաստանի անվիճելի հողամասերը: Մեր անկախության դեմ գնացող ապստամբների և թշվառների դեմ առանց ազգի, կրոնի և դասակարգի խտրության մեր զորքը ծառանում է: Ինչ վերաբերվում է տերիտորիալ հարցերին, դա զորքերի գործը չէ: Մենք ունենք կառավարության ներկայացուցիչներ, որոնք վիճելի հողամասերի համար բանակցում են սովետական իշխանության հետ: Ավերված գյուղերի, և ավանների խեղճերի ընտանիքների և գյուղացիների կոտորածի մասին պիտի ասել, որ այդ բոլորը եղած են Խռովարարների և թշնամիների նահանջից հետո: Մեր զորքերը մտնելուց հետո, ընդհակառակը, պաշտպանել և խնամել են անպաշտպան ընտանիքներ կառավարության հաշվին»:

Գլխավոր շտաբի օգոստոսի զորաշարժականը ասում է, որ մեր շեշտակի հարվածի տակ Բուղդա թափայից և Էլիպ թափայից, Մանքենդի կողմից եկող քոչվոր թուրքերը ջարդըված են ու շպրտված: 16 ժամին զորասյունը մոտեցավ Արփա-Գյադուկի գծին՝ գրավելով Էանթափա, Դաշթափա, Ալիպթափա և Ուզթայ: Մինչև 20 ժամին հրացանային, թնդանոթային ու գնդացրային ուժեղ կռիվ է եղել: 24 ժամին մեր շեշտակի ճնշումով, որն արեց Թարխանովի հեծելազորը, թշնամին ջարդվեց: Թշնամուն հետապնդող Թարխանյանի հեծելազորը թշնամուց վերցրել է գնդացիրներ: Երեկոյան ժամը 6-ին մեր զորամասերը հաղթականորեն գրավել են Գորիս քաղաքը, որով վերջացած կարելի է համարել Զանգեզուրի գրավման գործը: Այսպիսով մեր գործերը Զանգեզուր-Նախիջևան գծի վրա ավելի քան հաջող են գնում: Նախիջևան լույս աշխարհ թշնամու հեծելազորը բացարձակապես կտրված է իր զորամասից և գտնվում է պաշարման դրության մեջ:

12 օգոստոս

Մի շաբաթից ավելի է, որ ոչինչ չեմ գրել օրագրիս մեջ, և այդքան կարճ ժամանակամիջոցում շատ գետեր հոսեցին և շատ բան փոխվեց թե մեր ռազմաճակատներում և թե մեր արտաքին քաղաքականության մեջ: Դեպքերը այնքան արագ և հակասական են ընթանում, որ մարդս շշմում է: Մենք, որ օրերի և նույնիսկ ժամերի հարց էինք համարում Նախիջևան-Ջուլֆա երկաթուղագծի գրավումը, այժմ ներկայանում է մի անկարելիություն: Սովետական նենգավոր քաղաքականության շնորհիվ մենք ստիպված ենք թողնել այդ ճակատի գործողությունները և կենտրոնանալ Զանգեզուրի վրա և առանց վերջինիս գրավման, իհարկե, Նախիջևանի գրավումը անմիտ է: Բայց բանն այն է, որ ամսի 8-ին Սպարապետի շտաբից մեզ քաշած պաշտոնական հեռագիրն ասում է, Դրոն Գորիսից նահանջել է թշնամու գերազանց ուժերի ճնշման տակ: Ցավալին այն չէ, որ մենք այդ քաղաքը վերագրավելուց հետո թողինք, այլ այն, որ մեր Զանգեզուրի զորամասը դատարկել է ամբողջ Զանգեզուրը և քաշվել Դարալագյազի սահմանը: Թաթար-թուրք «կոմունիստների» խորհրդով ռուս խրտվիլակ կոմունիստները իրենց արածը արին: Մի քանի փորձերը ցույց տվին, որ ամենահաջող ռազմական գործողությունների ժամանակ բանակցություններ վարելը՝ թեկուզ ի նպաստ մեզ, միշտ վատ հետևանք է ունեցել: Նախիջևանի թաթարները մեր կառավարությունից ավելի քաղաքագետ գտնվեցին: Նրանք մեր բոլոր պահանջները ընդունելու տրամադրություն ցույց տվին, Երևան եկան, խորհրդակցեցին, վերադարձան, մինչ այս մինչ այն սովետականները թաթարների դրդմամբ կարողացան զորք շպրտել Նախիջևան և մեր առաջխաղաղությունը դադարեցնելուց բացի, վերջնագիր ներկայացրին դատարկել ամբողջ Շարուր-Նախիջևանը: Այստեղ նորից սկսվեցին նոր բանակցություններ, նոր վերջնագրեր, մինչև որ Զանգեզուրն էլ գրավեցին, կապ հաստատելով սովետական 11-րդ կարմիր բանակի թափթփուկների հետ, որոնք Զանգեզուրի մեր վերագրավումով կտրվել էին Բաքվից օգնություն ստանալու հնարավորությունից: Եթե մենք այն թափով առաջ խաղայինք, ինչպես առաջ՝ առանց բանակցությունների, այժմ գրաված կլինեինք Նախիջևան-Ջուլֆա երկաթուղագիծը, որ առևտրական տեսակետից մեզ համար հսկայական նշանակություն ունի:

Երբ մենք Զանգեզուրում հաջողություններ ունեինք, մեր կառավարությունը երկու ներկայացուցիչ ուղարկեց՝ Ջամալյան և Բաբալյան Թիֆլիս, որպեսզի Լեգրանի հետ ժամանակավոր հաշտություն կնքեն, մինչև Շանթի պատվիրակության գալը: Մի կողմից բանակցություններ են վարում մեզ հետ, մյուս կողմից՝ նենգավոր սովետականները զորքեր են կուտակում Զանգեզուրի դեմ մեզ հարվածելու: Վերջապես ստացանք պայմանագրի պատճենը և նոր հաղորդվեց մեզ Սպարապետի շտաբից: Պայմանը ձեռնտու չէ մեզ համար, Ղարաբաղն ու Զանգեզուրը «ժամանակավորապես» կտրվում են մեզանից: Մյուս ճակատներում այն սահմանորոշ գծերն են մնում մեր ձեռքը, որտեղ մինչև այժմ կանգնած են եղել մեր զորքերը: Նախիջևանում մեր սահմանն է Շայթախտ կայարանը ներփակաբար, մեզ է վերապահվում Նախիջևան-Ջուլֆա երկաթուղագծից օգտվելը: Բացի այդ, այն բոլոր զինվորները, որոնք մինչև այս պայմանագրի կնքումը մնացել են սովետական շրջաններում, կարող են վերադառնալ Հայաստան իրենց զենքերով: Ահա պայմանագրի ամբողջ էությունը: Այս պայմանագիրը դեռ չստացած՝ օգոստոսի 8-ին տեղեկություն ստացանք, որ Դրոյի զորամասը Զանգեզուրը ամբողջությամբ թողել է թշնամու գերազանց ուժերի ճնշման տակ: Եվ անստույգ տեղեկություններ կան, որ մարդկային ահագին կորուստներ ունենք, բացի ռազմական ահագին պաշարից, որ թողել ենք Զանգեզուրում:

Ներկայումս չկա մի մարդ ողջ Հայաստանում, որ չհասկանա այս ստորացուցիչ պայմանագրի ավելի քան նենգ, ստոր նպատակները: Սակայն ի՞նչ անենք, գտնվում ենք ամենաաննպաստ դրության մեջ և պետք է ընտրենք երկու չարյաց փոքրագույնը: «Կոմունիստ» Ադրբեջանի բեգերը, Տաճկաստանի հակահեղափոխական փաշաներն ու ռուս ցարական մարդիկ, «կոմունիստ» վերարկու հագած, հասան իրենց նպատակին:

18 օգոստոսի

Սովետականների հետ համաձայնություն կնքելուց հետո ռազմաճակատներում գործողությունները դադարեցված են թեև, բայց մենք զինված խաղաղություն ենք պահում, որովհետև մեր թշնամին այնքան նամարդ է, որ ամեն հարմար րոպե կարող է հարձակման անցնել: Ամսի 16-ին Ղազախից ավտոմոբիլով տեղս եկան Ադրբեջանի ներկայացուցիչները, որոնք Երևան անցան բանակցություններ վարելու: Նրանց հետ եկավ և Ադրբեջանի մեր դեսպանի սուրհանդակը կարևոր և անձեռնամխելի կապոցներով: Ես առիթ ունեցա տեսնվելու սովետական Ադրբեջանի ներկայացուցիչ Դովլաթյանի և նրա անձնական քարտուղարի հետ: Առաջինի հետ կես ժամ խոսակցություն ունեցա սկզբունքային հարցերի մասին:

Բաժանվելիս նա ասաց, որ ավելորդ է շարունակել այս խոսակցությունը, որովհետև իրար չպիտի կարողանանք համոզել: Սակայն հետաքրքրականն այն է, որ նրանք խիստ ու անուղղակի կերպով պախարակվեցին հրամանատարի կողմից:

20 օգոստոսի

Երեկ ներքին գործոց նախարարի օգնական Թորոսյանը հեռագրեց, որ Տաճկաստանը ամսի 10-ին Անտանտի առաջարկած հաշտության պայմանագիրը երկար ձգձգումներից հետո վերջապես ստորագրեց: Դարավոր արևելքի բռնակալը ծունկի եկավ արդարության առաջ և արցունքը աչքերին իր իսկ ձեռքով ստորագրեց իր մահավճիռը: Եվրոպական պետությունների հանդիսավոր նիստում հաստատվել և հայտարարվել է Միացյալ և ԱՆԿԱԽ Հայաստանի ճանաչումը:

Այսօր տեղի ունեցավ մի հսկայական միտինգ գարնիզոնի հրամանատարի և հոծ ժողովրդի մասնակցությամբ, ուր խոսեցին քաղաքական հոսանքների զինվորության և սպայության ներկայացուցիչները: Ոգևորությունը մեծ էր: Քաղաքիս քաղաքագլուխը կարդաց մի հեռագիր, որով իմացան այն փառավոր հաղթությունները, որ տարել էին Կիլիկիայի հինգ հազարանոց մեր փոքրիկ բանակը, ջարդելով քեմալիստների օղակը, նրանք գրավել են մի շարք քաղաքներ և ապահովել Կիլիկիայի անկախությունը: Այսպիսով հայ ժողովրդի հերոս փոքրաթիվ զորքը ամեն ճակատներում անժխտելի հաղթություններ է տանում:

23 օգոստոսի

Սովետականների հետ ժամանակավոր հաշտություն կնքելուց հետո, նրանց ռազմաճակատներում կռիվները դադարել են: Այդ իսկ պատճառով Սեպուհը Սպարապետից թույլտվություն է ստացել տասնհինգ օրով արձակուրդի գնալ: Երևի իշխանությունը նորից հանձնվում է թուլամորթ Խանկալամյանին: Օգտվելով այդ հանգամանքից ես և Մուշեղ Թամրազյանը Սեպուհից թույլտվություն ստացանք Երևան մեկնելու նույնքան ժամանակամիջոցով: Ստեփանը վաղուց է, որ Իգդիրում է, նրա բացակայության պատճառով նրա հարյուրակ այրուձին համարյա թե կազմալուծված է: Դիլիջանից ձանձրացել ենք և մայրաքաղաքին կարոտել: Չորս ամսվա ընթացքում շատ բան է փոխվել, և մեր քաջարի Բանակի անօրինակ հաջողություններից հետո հետաքրքրական է Երևանը տեսնել, այն Երևանը, որ սրանից մի տարի առաջ ահագին զոհեր տվեց Բեյուք-Վեդին գրավելու, բայց չկարողացավ, իսկ այսօր, օհ, այսօր մենք նույնիսկ համարձակություն ունենք մեն-մենակ գրավելու Տաճկահայաստանը:

Ճիշտ է ասված, երբ մենք շրջապատված էինք բարեկամ պետություններով միշտ պարտություն էինք կրում, իսկ երբ մեն-մենակ մնացինք՝ հաղթեցինք մեր բոլոր թշնամիներին:

Արդեն պատշաճ վկայականներս ստացա և վաղը, եթե ավտոմոբիլ լինի, անպայման մեկնելու եմ: Սեպուհը, որ մեկնեց Ղարաքիլիսա՝ Ալեքսանդրապոլ գնալու, վերադարձավ, որովհետև Ղարաքիլիսայի ճամփի կեսին ավտոմոբիլը փչացել է: Մուշեղը չի ուզում նրանից առաջ մեկնել, վախենալով, որ շատ փող կծախսի, իսկ ես չեմ կարող մնալ, ընտանեկան հանգամանքներս ինձ հրամայում են գնալ:
Շտաբում շշուկներ կան, որ Սեպուհը գնում է չվերադառնալու պայմանով: Այդ ի նկատի ունենալով, ես ու Մուշեղը որոշեցինք իրերս հետներս տանել:
Մենք ուրախ ենք, որ հրամանատարը որոշել է այս ճակատից տեղափոխվել մի այլ ճակատ: Զինվորականի համար ավելի անտանելի բան չկա, քան այն, որ նա շարունակ միևնույն ճակատում մնա: Նա մտադիր է Ղարս-Սարիղամիշ տեղափոխվել, իսկ մենք ցանկանում ենք Զանգեզուր-Ղարաբաղ, տեսնենք, որը կհաջողվի: Վերջին անգամ Մուշեղն ու ես գնալու ենք Դոտոնտո համերգի, այնտեղ կպատահենք ծանոթ կանանց և օրիորդների, որոնց ձեռք առնելը մեզ հաճույք է պատճառում:

Ելենովկա 24 օգոստոսի

Այսօր երեկոյան ժամը 5-ին հասանք Ելենովկա մոլոկանի մեծ գյուղը: Դեռ վաղ առավոտյան Երևան գնացող ճանապարհորդների մեծ բազմություն էր սպասում ավտոգարաժի դռան մոտ: Մեկ բեռնակիր այդքան ճանապարհորդ: Ո՞ր մեկը պիտի մեկներ և որը մնար: Բայց շոֆերները իրենց գրպանի գործը գիտեն և նրանք բոլորին էլ տեղ տվին և մեզ ձկների նման իրար վրա ածած ճամփա ընկան: Շոֆերները այնքան փչացած դասակարգ են կազմում, որ նրանք ավելի շուտ պատրաստ են զինվորական գործերով և զինվորական ավտոմոբիլով գնացողների առաջ արգելքներ հարուցել, քան մասնավոր մարդկանց, որոնցից փող են ստանում: Մեր հաղորդակցությունը շատ է անկանոն և դա բնական է, որովհետև ոչինչ չունենք, երկաթուղին չի գործում, նավթ և մազութ չլինելու պատճառով: Մեզ հետ ճամփորդողների մեծ մասը ուրախությամբ երկաթուղով կգնար Երևան, քան շռնդացող բեռնակիր ավտոմոբիլներով, որ ամեն քայլափոխում շոֆերների քմահաճույքով ժամերով կանգնում է ճամփաներին:
Նոր-Բայազետի գյուղացիները համարյա զրկված են այս տարվա իրենց ցանքսերից, որովհետև դաշտային մկները փչացրել են արտերը: Այս շրջանի օդի առողջությունը, հողի բերրիությունը և բնության գեղեցկությունը ինձ հիացրին:

Մինչ Արարատյան դաշտի և Նախիջևանի ցանքերը վաղուց վերցված են, իսկ այս շրջանում արտերը մեծ մասամբ կանաչ են: Վերջապես բլուրների բարձրությունից ճանապարհը կամաց-կամաց մոտեցավ պատմական Գեղամա լճին, երևաց Սևանա վանքը, որ գեղեցիկ նյութ է մատակարարել մեր դրամատուրգ Լևոն Շանթին, որ հիմա թողնելով «Հին Աստվածները» Մոսկվա է մեկնել «ՆՈՐ Աստվածներ» որոնելու համար:
Խեղճ հայ գեղարվեստագետ, ե՞րբ վերջապես դու պիտի ազատվես քեզ տհաճ գործերից և նվիրվես քո ստեղծագործությանը, քո բնական ձայնին: Մենք բոլորս գրելը մեկ կողմ թողած աշխատում ենք ազատ, անկախ ընթերցողներ պատրաստել ապագա երջանիկ գեղագետների համար: Մեր հետնորդ գրողները ապերախտ կլինեն, եթե չկարողանան արժանապես գնահատել ժամանակակից հայ գրողին, որ միաժամանակ և զինվոր է, և դիվանագետ, և հասարակական գործիչ, հեղափոխական: Մենք պարծենում ենք մեր գործով, որ իրագործում ենք Րաֆֆու, Գամառ-Քատիպայի, Նալբանդյանի և ուրիշ հռչակավոր գրող-հեղափոխականների գաղափարները: Եթե մի րոպե այդ անմահ հոգիները գլուխները վեր բարձրացնեն ու նայեն Արարատի ձյունապատ գագաթին ծածանվող հանրապետական դրոշակին , կասեն.

Մեծ ենք մենք և Մեծ են եղել Մեր իղձերն ու Երազանքները,
բայց ավելի ՄԵԾ ու արժանավոր են մեր կրթած սերունդները,
որոնք համառ կամքով ու անպարտելի վճռականությամբ
իրագործել են այն, ինչի մասին միայն երազել ենք թղթի վրա

Երևան, 30 օգոստոսի

Հայաստանի մայրաքաղաքումն եմ արդեն, կես տարի առաջ տեսած քաղաքը բոլորովին ուրիշ տեսք ունի, կյանքը եռում է, գաղթականներ չեն երևում փողոցներում, այժմ նրանց փոխարինել են Հայաստանից դուրս գտնվող գաղութների ազգաբնակչությունը, մեծամասամբ ունևորներ: Ներկայումս Հայաստանը մի փոքրիկ լճի է նման, որը հետզհետե մեծանում է, ծավալվում է գաղութների հոսանքներով: Երկրագնդի ամեն ծայրից գալիս են, հա գալիս, և շնորհիվ այդ հանգամանքի, բնակարանի ճգնաժամը գնալով ավելի ու ավելի սուր կերպարանք է ստանում:

Իմ ընկեր համհարզ Թամրազյանը, որ պիտի ինձ հետ գար ամսի 23-ին, այսօր հասավ Երևան, շուտով կգա և Սեպուհը, և ինչպես երևում է, միասին մեկնելու ենք Իգդիր: Պետք է ճիշտ խոստովանեմ, որ առանց Թամրազյանի ես ժամանակը այնքան ուրախ և լի չէի անցկացնում, նրա գալուց հետո ժամանակը շուտ է սահում: Մենք իրար լավ ենք հասկանում, նա ազնիվ, մաքուր և համսունական անհոգ տիպերից է, նրա հետ կարելի է տարիներով ապրել՝ առանց ընդհարվելու: Ազատամիտ է և լուրջ:

Ներածություն
Դիլիջան. 13 հունիսի, 1920թ. – Իջևան. 30 հունիսի, 1920թ.
Իջևան. 1 հուլիսի, 1920թ. – Երևան, 30 օգոստոսի, 1920թ.
Իգդիր. 4 սեպտեմբերի, 1920թ. – Վարդանլու. 5 նոյեմբերի, 1920թ.

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր՝ Դեպի երկիր մատենաշար, թիվ 9. ք. Երևան 1993թ.
Բնօրինակից խմբագրեց և հրատարակեց՝ Սարգիս Հարությունյանը
Համակարգչային տեքստը պատրաստեց, խմբագրեց և գրադարանին տրամադրեց՝ Ճարտարագետ Գեիմ Ռուշանյանը

Տես նաև
Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice