ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian

Եղիշե Չարենց

ԵՐԿԵՐ


Նախորդ էջԲովանդակություն  | Հաջորդ էջ

1915-1917 — «ԼԻՐԻԿԱԿԱՆ ԲԱԼԼԱԴՆԵՐ» ՇԱՐՔԻՑ

[ էջ 18 ]

ՄԱՐԻ, ԷԳ ԹՌՉՈՒՆ...

Չգիտեմ, Մարի, երկնքի մովից1
Ինչո՞ւ էր հոգիս կարոտով կանչում,
Որ ճախրես, թռչես, վերանաս նորից,
Մարի, ի՛մ Մարի, Մարի, է՜գ թռչուն:
Դաշտերը միայն գրավում են քեզ.
Դաշտերը կանաչ, գոհարը ցողի:—
Դաշտերի միգում կորցրել եմ ես
Մի հին, երկրային բերկրանքի ուղի:
Մոռացել եմ ես դաշտերի ուղին.
Մոռացել է իմ երազող հոգին
Հովը դաշտերի, զմրուխտը կանաչ,
Աշխարհը մեռավ հավերժի առաջ —
Եվ ես մոռացա բախտը աշխարհի՝
Աշխարհի հեռուն ու բախտը բարի:
Լուսնյակ գիշերով ես ճամփա ընկա
Ու կյանքը թողած, ու կյանքի հեռուն —
Թաղեցի հոգիս լուռ ու լուսնկա
Հավիտենության մեռած դաշտերում:
Ու լուռ էր շուրջս — ձմեռ ու գիշեր,
Ու երգը մահի, որ կոչվում է — սեր:—

--------------------

1 մով — Կապույտ, մավի

[ էջ 19 ]

Մեռած է, Մարի՜, իմ սիրտը հիմա:
Շուրջս — լռություն, ու գիշեր, ու մահ
Շուրջս քարացած երազը մահի.
— Կուզեի՜ այնպես, որ ետ դառնայի
Ու համբուրեի շրթերը հողի.
Փնտրեի մի պարզ, երկրային ուղի,
Հո՜ղը լիզեի, որպես համր շուն —
Ու լո՜ւռ կորչեի աշխարհի փոշում...
Ախ, ցուրտ է այստեղ — երկնի կամարում
Չի վառում այստեղ ճառագայթը հուր.
Երկնքում չկա ծաղիկ ու գարուն
Ու սուտ է հոգու բերկրանքը մաքուր:
Մարի, ի՛մ Մարի, մնացիր նախշուն,
Արևոտ ու տաք դաշտերում երկրի,
Թող հոգիդ զնգա՛ երկրի մշուշում,
Աշխարհի մուժում թող հոգիդ բերկրի:
Մի նայիր դու վեր. թող կյանքդ լինի
Ոսկի մի ղողանջ, վա՛ռ բախտի հնչյուն,
Թող կյանքդ լինի հուրհրող գինի,
Մարի, ի՛մ Մարի, Մարի, է՛գ թռչուն...

— Իսկ ե՞ս. ի՞նչ անեմ ես, որ մնացի
Երկնի դաշտերում — ու մեռավ հոգիս,
Ես, որ երկրային կյանքս թաղեցի —
Լսո՞ւմ ես, Մարի,— ի՞նչ արի ես ինձ:
Ինչո՞ւ արևի համբույրը երբեք
Չվառեց իմ մեջ ցանկություն ու դող
Ու չհրդեհեց սիրտս հոգնաբեկ
Քո հուր մարմնի հմայքը դյութող:
Բայց չէ՞ որ հոգին, ասում են, ունի,
Կամ գուցե առաջ ունեցել է նա —
Կարմիր կարոտը կարմիր արյունի
Ու հրդեհումի երազը անահ:
Ախ, մարդու հոգին, ասում են, առաջ
Ապրել է այնտեղ — արևի վրա,
Եղել է վառման խնդագին երազ,

[ էջ 20 ]

Հրոտ, հրանազ1, ու անունը — Ռա2:
Վառվել է անմար արևի հոգում՝
Ինքը զոհ իրեն ու զոհաբերող,
Ու սփռել է մութ օրերի միգում
Հրդեհ ու կարոտ, ցանկություն ու դող:
Ու եղել է այս կյանքը երկրային
Արևի առաջ խանձված մի զոհ.
Աղոթք են արել հրակամ3 Ռային —
Ապրել են հրում ու անցել են գոհ:

Հոգնե՜լ եմ, հոգնե՜լ երազից, մահից,
Անտարբերության վիճակից երեր.
Ուզում եմ զգալ, շոշափել նորից,
Չունենալ երազ, թռիչք ու թևեր:
Կուզեի՜ լինել հաստատ ու կարող,
Աշխարհը զգալ, որպես քաղցր դող,
Եվ ամբողջ կյանքով մի պահ երկարող —
Վառվել ու մարել հրճվանքում բանտող:
Եվ ինչո՞ւ համար իմ մարմինը լույս,
Մարմինը մարող, մարմինը հիվանդ
Դեռ պետք է կրի դիակը հոգուս,
Որպես ծանր բեռ՝ հնամյա ավանդ:
Ճնշում է, ճնշում ուսերիս վրա
Դիակը այդ ցուրտ, ծանր, անբաժան,
Ինչո՞ւ եմ կրում ես բեռը նրա,
Այդ բեռը դաժան:

Եվ ինչու հիմա, օրերիս ծոցում,
Ուր բերել է ինձ բախտը այս գիշեր —
Ես ինձ եմ փնտրում ու մեռելոցում
Վերջին տագնապում, որ կոչվում է — սեր.
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

------------------------------

1հրանազ — հրի պես նազանք ունեցող, քնքշագին նազանքով
2 Ռա — հին եգիպտական կրոնում արևի աստվածը
3 հրակամ — հրեղեն` անընկճելի կամքով

[ էջ 21 ]

Ես ինձ եմ ուզում, ի՛նձ, լսո՞ւմ ես, կի՛ն,
Ինձ, որ չե՛մ լինի էլ ուրիշ անգամ,
Որ վաղը պիտի հող դառնամ կրկին
Ու անցնեմ անդարձ ու աշխարք չգամ:
Ի՞նչ անեմ ես, կին, — ի՞նչ անեմ հիմա,
Թե զգամ, որ ես անցել եմ անդարձ —
Ու ցուրտ մշուշում ճերմակ երևա
Մահը՝ աստղային զգեստներ հագած:
Եվ ցույց տա նա իմ երազած ուղին՝
Հավիտենության սահմանը ունայն —
Եվ ես հասկանամ, որ հավերժը հին
Վերջ չի ունենա, որ հանգստանամ...
Եվ զգամ հանկարծ, որ հասել եմ ես
Հավիտենության սահմանը — ու նա,
Քարացած հոգիս՝ աներազ, անտես՝
Ցո՜ւրտ հավերժության եզերքում մնա:
Չէ՞ որ ով հասավ հավիտենության
Ու նիրվանայի1 լուսնաշխարհը սառ —
Նա էլ չի դառնա կյանքի անսահման
Օվկիանը, որ կոչվում է Սանսար...

Օ, ծա՛նր է, ծա՛նր է, օ ծա՜նր է այնքան
Ուսերիս համար բեռը հավերժի.
— Ախ, լինել թեթև՜, հրոտ, հրակամ,
Վառվել, որպես զոհ, զոհս չմերժի
Արևը — արև, ու Ա՛գնի2, ու Ռա.
Վառվել ու մարե՜լ աշխարհի վրա՝
Զոհի՜ պես արդար, ինքնաամոքիչ —
Ու մահից հետո չլինի՜ ոչինչ...

----------------------------

1 նիրվանա — հին հնդկական կրոնական ուսմունքի (բուդդայականության) համաձայն` աշխարհային ամեն ինչից հրաժարվելու միջոցով ձեռք բերվող երանավետ հանգստի վիճակ. փխբ. անդորր, երանավետ խաղաղություն` հանգստություն:
2 Ագնի — կրակի աստվածը հնդկական դիցաբանության մեջ. կրակի խորհրդանշան:

[ էջ 22 ]

ՀԱՐԴԱԳՈՂԻ ՃԱՄՓՈՐԴՆԵՐԸ1

Սիրելի Վիվանին

И так мы живем, что нельзя нам не жить
ФЕТ

Հարդագողի ճամփորդներ ենք մենք երկու,
Երկու ճամփորդ պատառոտած շորերով:
Ու սիրել ենք տրտմությունը մեր հոգու՝
Անրջական կարոտներով ու սիրով:
Մենք սիրել ենք տրտմությունը մեր հոգու՝
Անրջական ինչ-որ կարոտ, ինչ-որ սեր:
Ու սիրում ենք առավոտից-իրիկուն
Ճամփա երթալ — և հավիտյան երազել:
Աչքերիս մեջ մենք պահել ենք երկնային
Ճամփաների հեռուները դյութական —
Ու անցնում ենք ուղիներով երկրային,
Ուր բյո՜ւր մարդիկ երազեցին ու չկան:
Մշուշի պես մեր մանկությունը անցավ՝
Գորշ, անարև, անմխիթար մանկություն:
Զառանցանքի պես մանկությունը անցավ —
Ու հեռացանք: Ու չենք դառնա կրկին տուն:
Լո՜ւռ հեռացանք ու քայլեցինք անդադրում,
Երազելով հավերժական հեռուներ:
Կյանքը դարձավ հավերժական մի փնտրում —
Մութ, անհեթեթ, տարօրինակ կյանքը մեր:
Ու օրերում բազմագույն ու բազմազան
Վառվեց, վառվեց ողջակիզվող սիրտը մեր,—
Բայց աչքերը մեր — արևներ չտեսան,
Եվ մեր սրտերը — լուսավոր հեռուներ:
Ու մշուշոտ մեր աչքերը հավիտյան
Որոնեցին պատահական աչքերում
Հարդագողի ուղիները ոսկեման2,

-------------------------------------

1հարդագողի ճամփորդ — այստեղ` վեհ ու վսեմ երազանքներ ունեցող:
2 ոսկեման — ոսկով հյուսած` մանած. փխբ. ոսկու նման պայծառ գույնով, պայծառ ու լուսավոր:

[ էջ 23 ]

Նրա անծիր, անծայրածիր այն հեռուն:
Բայց աչքերում նրանք երկինք չգտան,
Ու սրտերում — արեգակներ ոսկեվառ.
Ու բզկտվեց հայացքներից անկենդան
Որբ սիրտը մեր՝ երազորեն — հոգևար:
Ես ուզեցի երգել գովքը աստծու,
Երգել փառքը պայծառ սիրո ու հացի.
Սիրտս լցվեց... բայց չգիտեմ, թե ինչու—
Գորշ օրերի տաղտկությունը երգեցի...
Թաղված մնաց իմ աչքերում մի անբուն,
Կապուտաչյա երջանկության առասպել.
Մի երկնային առնչության պատմություն —
Ու կարծրացավ սիրտս՝ անլույս ու անբեր:
Չէ՞ որ կյանքում չհասկացավ ոչ ոք մեզ,—
Ու խնդացին լուսավո՛ր մեր աչքերին,
Բութ հեգնեցին մեր կարոտները հրկեզ —
Ու հեռացան: Ու ո՛չ մի լույս չբերին:
Քույրը խնդաց, բարեկամը ծիծաղեց,
Օտար մարդիկ հայհոյեցին ու անցան:
Միայն պոռնիկը մշուշում համբուրեց
Եվ խելագարը բարևեց կիսաձայն:
Հոգ չէ, որ մեր օրերն անցան տենդի պես,
Կյանքը դարձավ անմխիթար զառանցանք.
— Մենք կժպտանք, գոհ կժպտանք մեռնելիս,
Որ երազում երազեցինք ու անցանք...

* * *

Մենք բոլորս, որ գնում ենք մենակ, տրտում,
Որ գնում ենք խանութներում գինի ու հաց,
Որ փնտրում ենք անկարելի մի խնդություն,
Բայց չենք գտնում՝ վազքով տարված ու զբաղված —
Մենք բոլորս, որ, հոգնաբեկ, չենք նայում վեր —
Մոռանալով աշխարհային չարը, բարին՝
Տրտո՜ւմ կօրհնենք մի իրիկուն օրերը մեր —
Ու կնայենք Հարդագողի ճանապարհին...

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր՝ «Լույս» հրատարակչություն, Երևան 1985
Տրամադրել է՝ Միքայել Յալանուզյանը

Տես նաև
Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice