ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian

Եղիշե Չարենց

ԵՐԿԵՐ


Նախորդ էջԲովանդակություն  | Հաջորդ էջ

1916-1917 —«ԾԻԱԾԱՆԸ» ԳՐՔԻՑ

[ էջ 24 ]

Կարինե Քոթանճյանին
Դու իմ վերջի՜ն, իրիկնայի՜ն, աստղայի՜ն քույր..,

* * *

Ես աստղային մի պոետ, Լաբիրինթում քո Կապույտ,
Քո՛ւյր, անցնում եմ, որպես աստղ, հոգիս — մեռած աստղի փայլ.
Այնքան տրտում է հոգիս, բայց միշտ ժպտում է հոգուդ,
Որ երազը չդառնա Գողգոթայի1 ճանապարհ...

* * *

Հոգին չի մեռնում: Մարմինը թողած երկրային փոսում —
Թափառում է նա տիեզերական Լաբիրինթոսում:
Անցնում է բոլոր ճամփաները սուտ ու անբեր երկրի,—
Որ պայծառ, մաքուր դարձերից հետո,— Քո գրկում բերկրի:
Բայց ե՞րբ կհասնի հոգիս, որպես սեգ, սրբացած մի զոհ,—
Մայրամուտային Եզերքը Կապույտ,— լույս եզերքը Քո...

-----------------------------

1 Գողգոթա — բարձունք Երուսաղեմում, որտեղ ըստ Ավետարանի խաչվել է Քրիստոսը. փխբ. ինքնազոհողության և բարոյական տառապանքի խորհրդանիշ. այստեղ` կառափնարան, տանջարան:

[ էջ 25 ]

ԾԻԱԾԱՆԸ

Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի պես երազի.
Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի1 ու կաթի պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ...

Ես ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ, որ չմեռնի իմ հոգին,
Որ չմարի իմ հոգին քո ակաթե աչքերում.
Ես ի՞նչ անեմ, որ մնա ծիածանը երեքգույն,
Որ չցնդի, չմարի՜ իմ հոգու հեռուն...

Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ...

* * *

Երեք ճաճանչ, երեք երանգ, երեք գույն,
Որ անցան —
Քո՛ւյր, կապել են քո աչքերում, իմ հոգում—
Ծիածան:

ԿԱՊՈՒՅՏԸ

Կապույտը հոգու աղոթանքն է, քույր,
Կապույտը — թախիծ.
Կապույտը — կարոտ թափանցիկ, մաքուր,
Ու հստակ, ու ջինջ:

Կապույտը քրոջ աչքերի անհուն
Առավոտն է թաց:

-----------------------------------

1 ակաթ, ագատ, ագաթ — կվարցի գույնզգույն շերտեր ունեցող ոչ շատ թանկագին քար. այստեղ` ակաթի նման գեղեցիկ:

[ էջ 26 ]

Կապույտում հոգիս մի հին իրիկուն
Անզո՜ր հեծկլտաց:

Կապույտը ծեգին աղոթքի կանչող
Ղողանջն է զանգի:
Կապույտը — արցունք, ու կապույտը — ցող
Հոգու, երկնքի:

Կապույտում անսուտ խոսքեր են հոսում
Երկնքից — երկինք:
Հոգիս — Կապույտի լաբիրինթոսում
Սրբացած կնիք:

Այն, որ չի եղել, որ պե՛տք է լինի
Մանկական սրտում —
Հոսում է, որպես լուսավոր գինի —
Հոգու կապույտում:

* * *

Առավոտ կանուխ, երբ արև չկա,
Լուռ զգում եմ ես,—
Որ լուսե հոգին քնած աղջկա
Մոտի՜կ է այնպես:

Ու լսում եմ ես, լսում եմ միայն,
Երազուն — տրտում:
Ժպտում է հոգիս անդորր տրտմության
Գունատ կապույտում:

Զգում է հոգիս շրթերի վրա՝
Անմարմին, դողդոջ —
Կապույտ, երկնագույն համբույրը նրա —
Լուսավո՜ր քրոջ:

[ էջ 27 ]

ՈՍԿԻՆ

Կապո՜ւյտի մեջ, կապո՜ւյտի մեջ — արևի ոսկին:
— Քնի՛ր, քնի՛ր, կապո՛ւյտ աղջիկ, չզարթնես ծեգին:

Կարապները լճերի մեջ, ջրերի վրա
Դեռ քնել են, դեռ նիրհում են. կարթնանան հիմա:

Ու զանգերը ղողանջում են՝ կարկաչուն, հնչուն,—
Փախցնում են աստղերի չուն և կանչո՛ւմ, կանչում:

Խաչը վանքի, ե՛րգը զանգի — կապույտում վերջին.
— Զարթի՛ր, զարթիր, կապո՛ւյտ աղջիկ, ու նայի՛ր խաչին...

Նա ոսկի է, երկի՛նք նետած մի կտոր ոսկի.
Նա — մի երազ, ոսկի միրաժ1 արթնացած խոսքի:

Ու արևի թևը ահա լճերի նիրհում
Հրդեհում է աստղանկար տրտմության հեռուն...

Ու մարում են, ու մեռնում են այն աստղերը, տե՛ս:
Արթնացել են կարապները ու կանչո՛ւմ են մեզ:

Քույր, վայրկյանը սրբազան է — բռնկում ու մահ.
Կարապները, որ կանչում են, կմեռնեն հիմա:

Ու կմարի խաչը վանքի կապույտում վերջին.
— Զարթիր, զարթիր, կապո՛ւյտ աղջիկ,— ու նայի՛ր խաչին...

------------------------

1 միրաժ — օդատեսիլ. տեսողական երևույթ, որ տեղի է ունենում շոգ կլիմաներում, մանավանդ ավազոտ անապատներում, երբ հորիզոնից դուրս գտնվող առարկաները կամ երկնքի մի մասը երևում են օդի մեջ. փխբ. խաբուսիկ` ցնորական երևույթ:

[ էջ 28 ]

ՄԱՆՈՒՇԱԿԱԳՈՒՅՆ

Կապույտից հետո և ոսկուց հետո,
Քո՛ւյր, փռվեց ահա իմ տրտմած հոգում,
Որպես երազում ապրած երեկո —
Մի խամրած մշուշ մանուշակագույն...

Հիշում եմ հիմա, որ մի իրիկուն,
Ժպտալուց հետո, երբ ոսկի շղթան
Ընկավ ամոթխած գիրկը լռության —
Փռվեց քո դեմքին, իմ տրտմած հոգում
Մի խամրած մշուշ մանուշակագույն...

* * *

Աչքերիդ վճիտ ու թաց կապույտում—
Ժպիտը ոսկի.
Մայրամուտային մշուշը տրտում՝
Այտերիդ վրա.
Եվ, որպես շշուկ չքաղված հասկի,
Մեր հոգնած սրտում —
Սպասումը, որ ցրտաբեր քամին
Հիմա կսուրա...

Ստվերներն իջնում ու փարվում էին
Դեմքիդ, իմ հոգուն.
Մթնում էր հեռուն խանձված հոգու,
Որպես իրիկուն.
Երազները, քո՛ւյր, երանգներ էին,—
Խամրեցին միգում,—
Խամրեցին, հանգան մայրամուտային
Իրիկնաժամում մանուշակագույն...

[ էջ 29 ]

* * *

Ու տրտում էին քո աչքերը թաց,
Ու մթնում էին գույներն իմ հոգում,
Երբ վերջին անգամ տրտմորեն ժպտաց
Դեմքդ մշուշում մանուշակագույն...

Եվ քո թաց, վճիտ, ցողոտ աչքերում
Լույսի ճաճանչներ ճախրելով անցան —
Ու բացվեց հանկարծ միգամած1 հեռուն՝
Քո ջինջ աչքերում — պայծա՜ռ ծիածան...

Քո՛ւյր իմ, այն մեռնող արև՜ն էր — ժպտաց,
Մի վերջին անգամ բռնկվեց միգում,
Որ ծիածանե քո աչքերը թաց
Ու տրտում հոգիս մանուշակագույն...

* * *

Իրիկուն էր։ Իրիկնային տրտմության
Հուշն էր հյուսվում — մայրամուտի մի երազ։
Դու հարազատ ու մոտ էիր ինձ այնքան՝
Քո աչքերով իրիկնային, ցողաթաց...

Քո աչքերի ու երկնքի կամարում
Ճառագայթները, այնքան հե՜զ, այնքան ջի՜նջ,
Ճախրում էին, հոգևարում ու մարում՝
Համբուրելով ծիածանը ամոքիչ...

Եվ լույսերը, որ ճախրեցին ու անցան,
Իրիկնային ժպիտի մեջ այն վերջին —
Անրջացած, երազ դարձած սրբացան,
Որպես դեմքը քո լուսավոր — իմ հոգին…

------------------------------------

1 միգամած — մառախլապատ, մեգ — մառախուղի թանձր շերտը:

[ էջ 30 ]

ՀՐԱԺԵՇՏԻ ԵՐԵԿՈՆ

Ջինջ ճախրում են ղողանջները հորիզոնից-հորիզոն,
— Ինչ տրտո՜ւմ է, կապո՜ւյտ աղջիկ, հավերժի երեկոն...

Տրտմություն ու լույս է իջել քո աչքերում, իմ հոգում
Օրհնե՛նք, օրհնե՛նք այս երկրային հրաժեշտի երեկոն...

Եվ թող ծալվե՛ն, ձուլվե՛ն, մարվե՛ն իրիկնային կապույտում
Մեր կույս հոգու իրիկնային սպասումները տրտում։

Եվ զանգերը անրջորեն, հորիզոնից-հորիզոն,
Օրհներգելով թող օրորեն հրաժեշտի երեկոն...

* * *

Դու գնում ես, բայց հոգիս սպասում է քեզ.
— Կապո՛ւյտ աղջիկ, քո՛ւյր իմ հեզ, դու հետ չե՞ս գալու

Ես ժպտում եմ, որ երկար ճանապարհին չտրտմես.
Հոգիս մնաց ո՛րբ այնպես — դու հետ չե՞ս գալու...

Դու գնում ես, բայց կարծես կայարան եմ եկել ես,
Որ հանդիպեմ, քույր իմ, քեզ — դու հետ չե՞ս գալու...

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր՝ «Լույս» հրատարակչություն, Երևան 1985
Տրամադրել է՝ Միքայել Յալանուզյանը

Տես նաև
Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice