ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian

Եղիշե Չարենց

ԵՐԿԵՐ


Նախորդ էջԲովանդակություն  | Հաջորդ էջ

«ՈՂՋԱԿԻԶՎՈՂ ԿՐԱԿ» ՇԱՐՔԻՑ

[ էջ 33 ]

ԻՐԻԿՈՒՆԸ

Նո՛ւյնն է կարոտս հիմա՝ անսփոփ ու որբ,
Նո՛ւյնն է աշխարհը վառվող ու արևը բորբ։

Նույնն է երկինքը կապույտ ու լճակը ջինջ —
Եվ չի՛ փոխվել իմ սրտում, իմ հոգում — ոչինչ։

Նույնն է սերը՝ կրակված իմ սրտում հիմա՝
Նո՛ւյն կարոտը անսփոփ ու անունը — Մահ։

* * *

Ցորենների արտի վրա հրաբորբոք,
Անցնում է մի երկնային կարմիր մորմոք։

Հով է կարծես, կարմիր մի հով, հրե մի սյուք1,
Որ անցնում է հրաբորբոք, հրաշշուկ։

Վերը, հեռուն, արյունամած հորիզոնում,
Մեկը կարծես — հրե մի մարդ — զոհ է անում։

Երկնից իջած հորիզոնի գծի վրա —
Վառել է մի ոսկեբոսոր, կարմիր քուրա2։

------------------------------

1 սյուք — մեղմ` դուրեկան քամի, հով, զով, զեփյուռ:
2 քուրա — բով` հնոց, բուրվառ:

[ էջ 34 ]

Ու քուրայից կարմի՜ր, կարմի՜ր հոսում է վար՝
Արտի վրա՝ մի խնդություն արևավառ։

Ջերմ ծփում է արտի վրա հրաբորբոք,
Որպես հեռո՜ւ մի խնդության կարմիր մորմոք...

ԱՌԱՎՈՏ

Իմ անցած օրերի պես,
Հնացած օրերի պես,
Ես արդեն հեռացել եմ,
Հնացել եմ ես.
Ես արդեն մնացել եմ,
Ես արդեն հիմա ծե՜ր եմ,
Հեռացել ու անցել եմ —
Ծերացել եմ ես։

Բայց այս վառ օրերի մեջ,
Երբ հողմերն աղմկում են,
Աղմկում ու երգում է
Անցած սիրտը իմ.
Ես արդեն հիմա ծե՜ր եմ,
Ինձ կարծես հմայել են,
Եվ իմ սիրտը պահել է
Կրակները հին։ —

Ախ, գիտեմ, որ այդ դո՛ւ ես,
Որ այդպես հմայում ես,
Հմայում ու նայում ես
Օրերում այս հուր.
Դու անուշ կարկաչում ես,
Դու կանչող մի հնչյուն ես,
Կարկաչում ու կանչում ես,
Չգիտեմ, թե ո՞ւր։

Եվ հիմա ես լսում եմ,
Որ վերջին երազում իմ

[ էջ 35 ]

Քո կարոտն սկսում է
Իմ հոգին հուզել —
Ես կարծես ծերացե՜լ եմ,
Ծերացել ու դարձե՜լ եմ
Ու նորի՜ց երազել եմ
Կարոտանք ու սեր...

* * *

Օրերը հուր են հիմա,
Օրերը հողմ են հրե.
Քաղցր է կյանքը, որպես մահ,
Քաղցր է աշխարհը հրե։

Ո՞վ գիտե՝ ո՞վ է վառել
Հուրը, հրդեհն այս հսկա.
Ես գիտեմ՝ դո՛ւ ես վառել
Հուրը, հրդեհն այս հսկա։

* * *

Հնչում են խոսքերը, բառերը,
Հանգերը, վանկերը բոլոր,
Երբ քաղցր կարոտդ վառել է
Սրտիս մեջ նոր սեր ու օրոր։

Սրտիս մեջ վառվել է, վառվում է
Կարոտդ անուշ ու հրկեզ —
Իսկ դուրսը հողմի պես տարվում են
Օրերը շեշտով այս երգիս։

Օրերը փրփուր են, ալիք են,
Ծփում են փրփուր առ փրփուր,
Հողմի պես թռչում է գալիքը —
Հուզվում են օրերը պուրպուր1։

--------------------------

1 պուրպուր — մուգ կամ բաց կարմիր. բնստ. կարմրագույն գործվածք` զգեստ ևն. առհասարակ` կարմիր գույն:

[ էջ 36 ]

Հուզվում ու ծփում են օրերը,
Ինչպես իմ երգերը բոլոր,
Երբ քաղցր կարոտդ վառել է
Սրտիս մեջ նոր սեր ու օրոր։

* * *

Հնչում են օրերը, կանչում են,
Օրերը — կարմիր ու բոսոր,
Օրերը ղողանջ ու հնչուն են,
Զնգում են՝ հրե ու հզոր։

Ու սիրտս զնգում է, զնգում է,
Թռչում է՝ կրակ է ու բոց.
Լսո՞ւմ ես սրտի իմ զնգունը,
Լսո՞ւմ ես, լսո՞ւմ ես, թե ոչ...

Կրա՛կ կա սրտիս մեջ, կրա՛կ կա,
Հրդեհ է՝ վառվում է հրկեզ.
Գալիքը կուզեմ որ արա՛գ գա —
Անդարձ է կարոտը երգիս։

Կուզեմ, որ կյանքի մեջ գալիք այն
Երգերս զնգան ու հնչեն —
Կուզեմ, որ լսե, ախ, գալիքը
Երգերըս այս վառ ու հնչեղ...

* * *

Նո՜ր է կարոտս հիմա. հուր է կարմիր ու հրդեհ։
Նո՜ր է հմայքը, որով դու ուզում ես կախարդել,
Հո՛ւր ես դարձել ու կրակ, փայլ ես կարմիր ու փրփուր,
Ինչպես օրերը այս տաք, ինչպես օրերը պուրպուր։

[ էջ 37 ]

Շուրջդ օրերը վառվում ու հոլովվում են արագ՝
Օրերը տո՜թ ու այրող, ինչպես նայվածքդ հրակ1։
ինչպե՞ս երգեմ, չգիտեմ, կարմիր հմայքը քո այս,
Ինչպե՞ս ասեմ աշխարհին, որ աշխարհում արդեն կաս…

* * *

Դու հրե մի ուրու2 ես, աղջի՛կս,
Դու մոտիկ ու հեռու ես այնպես։
Դու փրփուր ու պուրպուր մի աղջի՛կ ես —
Ու մոտիկ ու հեռու ես այնպես։

Քո փայլով դու վառել ես երկիրը,
Կարոտով ու փայլով քո անուշ.
Քո կարոտը վաղո՜ւց ես երգել եմ —
Քո կարոտը ու փառքը անուշ։

Դու հիմա կարկաչում ես, կանչում ես,
Երերում ես հրե օրերում.
Դու կարմի՛ր քայլերգի մի հնչյուն ես —
Կարկաչում ու կանչում ես հեռու...

* * *

Բրո՛նզ ես, հուր ես,
Բրոնզե սո՛ւր ես,
Բրոնզե փա՛ռք ես,
Բրոնզե փայլ —
Բայց դու զո՛ւր ես,
Ախ, իզո՜ւր ես
Կոտրում սուրս
Արևառ3։

----------------------------

1 հրակ — հրեղեն` բոցավառ աչքերով` լուսարձակներով. փխբ. հրեղեն` բոցավառ աչքերով, հզվդ. բնստ. կրակ:
2 ուրու — մեռելի ոգի, ուրվական. փխբ. ստվեր, ուրվական:
3 արևառ — արև առած, արևից այրված` թխացած:

[ էջ 38 ]

Ինչպես քաղցր
Մեր երգերը —
Մեր վերքերը
Հրաբույր —
Դու միշտ նո՛ր ես,
Ու հզո՜ր ես,
Ու բոսո՜ր ես,
Քաղցր քո՛ւյր...

Բրո՛նզ ես, հուր ես,
Բրոնզե սո՛ւր ես,
Բրոնզե փառք ես,
Բրոնզե փայլ —
Բայց ափսո՜ս որ
Դու հեռու ես —
Դու ուրո՜ւ ես
Արևառ...

* * *

Բրոնզե քո՛ւյր իմ, բրոնզե քո՛ւյր իմ, բրոնզե հա՛րս,
Լուսավոր դու, հրասիրտ ու հրավարս,
Բրոնզե քո՛ւյր իմ, բրոնզե քո՛ւյր իմ, բրոնզե հարս։

Դու վառվել ես օրերի մեջ ու հրում,
Դու վառվել ես կարմրավառ այս օրերում,
Դու վառել ես գալիքները ու հեռուն։

Եվ քո սիրտը — մի խարույկ է ճարճատուն,
Ու հրում քո այրըվում ես հիմա դու,
Ու կարմիր են կրակները քո հատու։

Բայց գրկել է քեզ խավարը անսփոփ,
Արնոտել են կրակներդ հիմա որբ,
Օ, երկի՛ր իմ, բրոնզե քո՛ւյր իմ հրասուրբ։

[ էջ 39 ]

Ու խավար է, շուրջդ ահ է ու մշուշ,
Արնոտել են կրակները քո անուշ —
Շուրջդ ա՛հ է, շուրջդ մահ է ու մշուշ։

Քեզ խաչել են ու թքել են երեսիդ,
Օ, երկի՛ր իմ, հրադեմ ու հրասիրտ,—
Բրոնզե քո՛ւյր իմ, բրոնզե հարս իմ երազի։

Քեզ խաչել են ու թքել են երեսիդ,
Քրքջացել են լուսավոր քո երազին,
Բրոնզե քո՛ւյր իմ, բրոնզե հարս իմ երազի։

Ու վերքերը կարմըրել են երեսիդ,
Արնոտել են շուշանները երազի,—
Բայց քո ճիչը Ամոքիչը կլսի։

Եվ հողմերը կճչան ու կշաչեն,
Եվ զենքերը մեր զվարթ կշառաչեն,
Որ հառնե քո երազանքը լուսաճեմ1։

Ու հրում, հողմերում մեր երազի
Կկորչեն քո դահիճները անբասիր,
Ոսոխները, ոսոխները քո զազիր։

Եվ նրանք, որ թքեցին քո երեսին —
Պետք է մահը ու դժոխը երազեն
Գայլերի ու ցիների2 հետ միասին։

Եվ նրանք, որ լրբացել են էլ հիմա
Անկումից քո, խարխափից քո ակամա —
Գտնելու են միայն մեգ ու միայն մահ։

Կխառնես դու, հրասիրտ ու հրավարս,
Կվառվես դու խնդասիրտ ու կխնդաս,
Օ, երկի՛ր իմ, բրոնզե քո՛ւյր իմ, բրոնզե հա՛րս։

----------------------------

1 լուսաճեմ — լույսի մեջ ճեմող. փխբ. լուսավոր, գեղեցիկ:
2 ցին — երկար թևերով գիշատիչ թռչուն, ուրուր:

[ էջ 40 ]

* * *

Կարմիր նժույգները թռչում են սրընթաց,
Կարմիր նժույգները՝ բաշերը փրփուր։
Վառվում, բոցկլտում են պայտերը նրանց,
Պայտերը սփռում են բոցկլտուք ու հուր։

Վառվել է երկիրը կարմիր կրակով.
Կարմիր նժույգները վառե՛լ են երկիրը, —
Թռչում են — հողմի՛ պես — անընդհատ շարքով,
Ամեն տեղ — երաշտ է, տագնա՛պ է, գրգի՛ռ է։

Դոփում են պայտերը, կայծկլտում են վա՛ռ,
Կայծերը նետի՛ պես ճեղքում ե՛ն գալիքը,
Հողմի մեջ փլչում են շենքերը մարմար.
Ամեն տեղ հրդեհ է, ու հուրը — բարիք է։

Թռչո՛ւմ են, թռչո՛ւմ են անվերջ, սրընթաց
Կարմիր նժույգները, բաշերը — փրփուր,
Վառվում, հրդեհվում են հետքերը նրանց —
Կարմիր նժույգները հրդեհ են ու հուր...

* * *

Ինչպես երկիրս անսփոփ, ինչպես երկիրս բախտազուրկ,
Ինչպես երկիրս ավերակ ու արնաներկ —
Մխում է սիրտս հիմա որբ, մխում է սիրտս բախտազուրկ,
Մխում է սիրտս՝ ավերակ ու արնաներկ...

Եվ այս երգերը իմ կարմիր, ախ, այս երգերը իմ կարմիր,
Որ երգում է անսփոփ սիրտս կրակուն —
Ինչպե՞ս պիտի արդյոք հնչեն, ախ, այս երգերը իմ կարմիր—

[ էջ 41 ]

Իմ ավերակ, իմ ո՜րբ երկրում...
Ինչպես երկիրս անսփոփ, ինչպես երկիրս ավերակ —
Այնպես էլ սիրտս — անսփոփ, այնպես էլ սիրտս — անուրախ, Վե՜րք է դառնում սրտիս խորքում օրերի փա՛յլը այս հրակ —
Ախ, սի՜րտ իմ՝ բո՜րբ ու անսփոփ, — երկի՜ր իմ՝ ո՜րբ ու անուրախ...

* * *

Վառվում ես՝ մարմա՜նդ, մարմա՜նդ,
Սրտիս մեջ դառնում ես հուր։
Վառվում ես մարմա՜նդ, մարմա՜նդ
Հրով քո՝ շարմաղ1, մաքուր։

Անբախտ եմ, ո՛րբ եմ ու խեղճ,
Ինչպես իմ երկիրը, որ —
Կորե՜լ է աշխարհի մեջ,
Լռե՜լ է՝ անտեր, անօր։ —

Ես ինչպե՞ս կանչեմ հիմա,
Որ տաս ինձ շրթերդ կաս2. —
Ախ, ինչպե՞ս կանչեմ հիմա,
Որ ձայնս լսես ու գաս...

* * *

Վառվում է հեռու մի սեր
Սրտիս մեջ դառնում մոխիր.
Մխում է հուզմունքը զուր —
Հարբե՜լ եմ բույրով հողի։—

-------------------------

1 շարմաղ — շատ մանր ծակոտիներով մաղ. փխբ. քնքուշ, նուրբ. փխբ. սպիտակ, ճերմակ, ճերմակամաշտ:
2 կաս — կաս կարմիր` ամբողջապես կարմիր, մուգ կարմիր:

[ էջ 42 ]

Վառել եմ, տվել հրին
Բոլո՜ր այն երգերը, որ
Սրտիս մեջ փռել էին
Հոգնած սեր, հոգնած օրոր...

Երկունք կա սրտիս մեջ մի, —
Վառե՛լ եմ շենքերը բիլ.
Օրհնում եմ կյանքում հիմի
Ամե՜ն հուր, ամե՛ն մոխիր։

Հ.ողմի պես հնչեղ երգեր
Հնչում են սրտում իմ ջինջ.
Տեսնում եմ — մի նո՜ր երկիր
Բացվում է իմ դեմ քիչ-քիչ...

* * *

Ելե՜լ են նորից...
Լսո՞ւմ ես երգերը հնչեղ...
Շիկնել է աշխարհը հրից։ —
Պատրա՞ստ ես, եթե քեզ կանչեն...

Աշխարհը — զգո՞ւմ ես,
Շեփո՜ր է. զնգում է անուշ...
Շիկնե՜լ է, շիկնե՜լ է հսկումս,
Եվ սիրտս — կրակ է և ուժ։

Զգում եմ՝ սրտիս մեջ
Ծփում է ալիք առ ալիք
Արյունը նրանց, որ ելել սեգ՝
Գնում են դեպ կյանքը գալիք...

Օ, ե՛րգ իմ, թռչո՜ւմ ես.
Գիտեմ, որ — ո՛ւր էլ որ թռչես...
Երգիս մեջ կզգա ջերմ ողջույնս
Ընկերը, կամ քո՛ւյրը հրկեզ...

Օ, ե՛րգ իմ, օ, քո՛ւյր իմ հրկեզ...

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր՝ «Լույս» հրատարակչություն, Երևան 1985
Տրամադրել է՝ Միքայել Յալանուզյանը

Տես նաև
Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice