ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian

Եղիշե Չարենց

ԵՐԿԵՐ


Նախորդ էջԲովանդակություն  | Հաջորդ էջ

ՊՈԵՄՆԵՐ ԵՎ ԲԱԼԼԱԴՆԵՐ

[ էջ 74 ]

ԿԱՊՈՒՏԱՉՅԱ ՀԱՅՐԵՆԻՔ
(Հատվածներ անավարտ պոեմից)

I

Ես սիրում եմ նստել ամեն իրիկուն,
Պատուհանիս առաջ երկա՜ր ու երկա՜ր.
Նայել պահվող ճամփաներին անանուն
Ու երազել խնդություններ արևառ։
Նայել կանաչ հովիտներին՝ արևի
Իրիկնային երանգներով շղարշված,
Խմել լուսե երանգները վերևի՝
Երջանկացած ու հարբած։
Ականջ դնել ցորենների շշուկին
Եվ սպասել, որ շշուկները բուրեն
Ու երգ դառնա երկնասլաց իմ հոգին
Ու երազները մեղմորեն օրորեն։
Ես սիրում եմ նստել մենակ ու անձայն,
Աչքերս հառել հուրհրատող երազին,
Լսել ձայներ, որ զնգացին ու անցան
Երանգների պես իրիկվա երազի։
Ապրել՝ հարբած երազներով իրիկվա,
Սուզվել անտես՝ աղբյուրների կարկաչում,—
Հարբե՜լ, հարբե՜լ ու մոռանալ առօրյան
Եվ հավատալ, որ հեռվից բախտն է կանչում...

II

Կա հոգեկան անհունության մի վայրկյան,
Երբ ամեն ինչ սուրբ է թվում ու անբիծ,
Երբ երազ է դառնում տաղտուկ առօրյան

[ էջ 75 ]

Ու դառնում են ուղևորները ճամփից։
Դուռս բաց է, դուռս բաց է ձեզ համար
Օ՜, հեռավոր բարեկամներ ու քույրեր.
Սիրտս վառել է կրակները անմար՝
Հին երազներն ու կարոտները հրե։
Սիրտս վաղո՜ւց ձեր գալուն էր սպասում,
Հավատում էր կարոտակեզ, որ կգաք,
Ու կլինի հանդիպումի երազում
Քաղցր ժպիտ ու խնդություն, ու կրակ։
Ա՜խ, ես գիտեմ, որ դուք կգաք, խնդագին,
Լո՜ւյս կվառեք մառախուղում ու մուժում—
Ու մի անմար կարոտանքով կրկնակի
Ճամփա կընկնենք իրիկնային մշուշում...

III

Օ՜ հեռավո՜ր, կապուտաչյա՜ սիրուհիս.—
Հովիտի մեջ փրփրուն գետն էր հոսում
Եվ անդադրում պատմում էր ինձ, որ ունիս
Դու գգվանքներ ու գրկանքներ սերասուն։
Այնտեղ, կանաչ ու ծաղկաշատ գետափին
Տնակս այնքա՜ն հոգեթով էր ու անդորր.
Լսում էի ալիքների երգը հին,
Որ ինձ թվում էր մայրական մի օրոր։
Ալիքների հազարաձայն երգի մեջ
Ես գիտեի գուշակել քո ապագան,
Լսում էի կարոտերգերդ անվերջ,
Լսում էի խոստումներդ՝ ես կգա՛մ։
Ուռին, բարդին ու թթենին գետափնյա
Լսում էին ինձ հետ երգերը ջրի
Ու սիրտ շոյող շշուկներով դյութական
Թախծում էին մենության մեջ օրերի։
Ա՜խ, իմ գետակն ու իմ այգին հայրական,
Գետեզերքին՝ իմ երազը տխրամած.
Ե՞րբ, ե՞րբ էր, որ ասացիր՝ ես կգամ—
Ու խոստումիդ սիրտս խնդաց ակամա...

[ էջ 76 ]

IV

Օ՜ հեռավո՜ր, կապուտաչյա՜ սիրուհիս...
Հովիտի մեջ փրփրուն գետն էր հոսում
Ու փսփսում էր երազներ անհունի
Գորշ օրերի միանման երազում։
Ելնում էր մայրս տնակից հնամյա,
Ծեր քայլերով գնում էր ափը ջրի
Ու թթենին մեղմ օրորում էր նրա
Թախիծը հին, անհրապույր օրերի...
Ես չըգիտեմ, ես չըգիտեմ հիմա էլ՝
Աղջի՞կ ես դու, թե այն տնակն ու այգին,
Ուր հոսեցին իմ երազները ջահել
Ու վայրկյանները անսփոփ պատրանքի։
Բայց ես գիտեմ, որ սիրեցի քեզ մի օր,
Երբ հասկացա, որ աշխարհում դու չկաս,
Բայց երազի ուղիներով հեռավոր
Դու մի գիշեր պիտի իջնե՜ս, պիտի գաս։
Հավատացի որ կտեսնեմ քեզ մի օր,
Ու կլինես դու իմ անբիծ հարսնացուն՝
Արևների նման պայծառ, լուսավոր,
Ճաճանչների նման Վահագն Աստըծու։
Աներևո՛ւյթ, կապուտաչյա՛ սիրուհիս, —
Գիշերների տխրության մեջ լուսընկա,
Սիրտս տալով շշուկներին անքունի
Ես մեն-մենակ լույս ճամփաներդ ընկա...

V

Որոնումիս ճանապարհին անծանոթ
Չհոգնեցի, չհոգնեցի ես երբեք։
Այրում էր իմ սիրտը հեռու մի կարոտ,
Կանչում էր լույս հեռուներդ անեզերք։
Գնո՜ւմ էի գիշերային իմ ճամփով
Ես միայնակ ու տրտում։
Միայն կարոտս էր հեքիաթում հոգեթով

[ էջ 77 ]

Երազանքներ անպատում1։
Ու լուսընկա ուղիներում անանուն—
Կարոտակեզ, սիրակեզ,
Անբառ սիրով ու կարոտով մի անբուն —
Քեզ սպասում էի ես։

VI

Ու լուռ էր այնպես։ Հեռու-հեռևում
Մի հազարամյա վանք էր երևում։
Փայլում էր ոսկին հնամյա խաչի—
Եվ ես կանգ առա նրա առաջին։
Ճամփան՝ ոլորուն՝ դեռ իջնում էր վար,
Դեպի դաշտերի գիրկը, ուր չկար
Մարդկային աղմուկ ու երգ, ու շառաչ,—
Երազ էր կարծես՝ անապատ դառած։
Ու լուռ էր այնպես։ Վայրկյանն էր հոսում։
Ու հին լռության լաբիրինթոսում
Սպասում էին դաշտ, հովիտ ու քար—
Կարծես թե մեկը այցի պիտի գար։

VII

...Եվ մի օր ես այն հին վանքը մտա։
Շուրջը կաղնիներ հաղթ բազմել էին։
Երգում էր անուշ զանգը հնամյա
Ու թախծում էին գորշ քարերը հին։
Եվ այն հին վանքի կամարների տակ,
Ուր մի անիմաց, անիմանալի
Գոյության ճախրում կա լուրջ ու պարփակ՝
Ես ծունկ չոքեցի աղոթքներով լի։
Թեկուզ չվառվեց տոնական բույլով
Ջահը վերևի, ջահը հազարաչ.
Թեկուզ չբացվեց վարագույրը մով
Եվ ոչ մի ծնծղա անուշ չզնգաց.
Թեկուզ ոչ մի երգ չլսվեց վանքի
Այն հազարամյա կամարների մեջ—

---------------------------------------

1 անպատում — անպատմելի, անասելի, չպատմված. անլուր, աննկարագրելի:

[ էջ 78 ]

Բայց հոգիս զգաց մի հին բերկրանքի,
Բախտավորության ու սիրո վայրէջք։
Ու սիրտս լցվեց անհուն մի խնդում։
Հասկացա, որ կա, կգա, կլինի...
Ու ժպտում էր ինձ երկիրը տրտում,
Երկիրը ցավի, սուգի, արյունի...

VIII

Վերադարձա տուն...
Վայրկյանն իմաստուն, եկել է ահա։
Գնացել են մեր հնձվորներն արդեն
Ու հսկում եմ ես հին շեմքի վրա։

Գնացել են մեր հնձվորներն արդեն։
Ես մենակ նստած սպասում եմ լուռ։
— Ճերմա՜կ սիրուհիս, ես գիտեմ, գիտեմ,
Որ նրանք հիմա հնձում են տխուր...

Ցավում է հոգիս ու խոցվում է խոր.
Վառվում է քո հին կարոտն իմ հոգում։
Բայց ինչո՞ւ է սիրտս այսպես բախտավոր
Եվ ինչո՞ւ է ցավն այսպես ամոքում...

Հնձում են հիմա հնձվորներն այնտեղ.
— Ճերմակ սիրուհի՜, կապուտաչյա քո՜ւյր...
Արևը հիմա այրում է այնտեղ
Խե՜ղճ հնձվորների կրծքերը մաքուր...

Իսկ ես անսփոփ սպասում եմ դեռ
Վերադարձների բերքառատ ժամին։—
Օ՜, հեռու իմ քույր, երկիր իմ անտեր —
Այնտեղ, երևի, քրքջում է քամին...

IX

Օ՜, իմ հեռու, կապուտաչյա՜ սիրուհի,
Երկիր իմ որբ, արնաքամ ու ավերակ...

[ էջ 79 ]

Օրերում այս տառապանքի ու մահի
Վառել է իմ սիրտը հեռու մի կրակ։
Օրը կգա։ Ու հեռավոր դաշտերից
Մեր հնձվորները, հոգնաբեկ, կգան տուն։
Կբոլորեն սեղանի շուրջը նորից
Ու կլինի հազար ծիծաղ ու խնդում։
Ու խնջույքում, աներևույթ դու կգաս,
Սիրտս կզգա քո թովչությունը մոտիկ.
Եվ չես լինի դու արնավառ մի երազ,
Ու կխնդան քո զավակներն անոթի...
Կտեսնեն քեզ հանկարծ լուսե՜ ու պայծառ
Ու կլինես դու հարազատ ու անուշ։
Մութը կանցնի ու մառախուղը անծայր
Հուշ կդառնա, հնամենի մի զրույց...

X

Կապուտաչյա՜ սիրուհիս, ամուսնանանք պիտի մենք
Արևի տակ՝ հայրենի հովիտներում կանաչուն։
Ու հնամյա աշխարհում մենք բախտավոր կլինենք,
Կապուտաչյա՜ սիրուհի՛ս, դրախտայի՜ն իմ թռչուն։
Հովիտներում հայրենի, հովիտներում սրբազան
Կլինի մի հարսանիք հազարնվագ ու խնդուն,
Երգ ու ծիծաղ կլինի ու աղջիկները կգան
Ու կպարեն հնամյա պարերը խե՜նթ ու ճկուն։
Ու գինիներ կլինեն արնափրփուր ու կարմիր,
Որպես երազն արյունիս, որպես հոգուս զոհը հիր։
Ու ծաղիկներ կլինեն բազմաբույր ու բազմերանգ՝
Հարսանիքիս խնջույքին փսփսալու են նրանք
Առասպելները ապրըված ու զրույցներ հնամյա
Նրանց մասին, որ չկան ու մոռացվել են հիմա։
Եկե՛ք, եկե՛ք հարսանքիս օրն այնքան երգ կլինի,
Այնքան խնդում ու ծիծաղ, այնքան ցնծանք արյունի,—
Եկե՛ք, եկե՛ք, սրբազան հովիտներում հայրենի
Վաղը մի սուրբ խրախճանք, մի հարսանիք կլինի։

[ էջ 80 ]

ԴԱՆԹԵԱԿԱՆ ԱՌԱՍՊԵԼ

I

Մենք ճամփա ընկանք առավոտ ծեգին՝
Կապույտ երկնքի խորությամբ արբած։
Թարմ, թեթև էր մեր ճամփորդի հոգին՝
Ուրախ էինք մենք և մեր սիրտը— բաց։
Կանչում էր, կանչում ճամփան անմեկին
Ոլորապտույտ մեր առաջ փռված։

Եվ վերջին անգամ նայեցինք մենք ետ,
Ուր ոչինչ չկար մեզ համար դյութիչ.
Անցյալը կորել, ցնդել էր անհետ,
Որպես երազում արձակած մի ճիչ։
Ո՛չ մի տխրություն չէր ճախրում մեզ հետ՝
Կախարդել էր մեզ առավոտը ջինջ։

Պար էինք խաղում ու երգեր ասում,
Զենքերի փայլով հրճվում էինք մենք։
Կարծես մանկական կապույտ երազում՝
Ամեն ինչ այնպես ժպտում էր աննենգ։
Ո՛չ հրաժեշտի անորոշ հուզում,
Ո՛չ էլ մեռնելու կասկածանք կար նենգ։

Անսահման դաշտն էր փռված մեր առաջ։
Ոսկի հասկերով ողջունում էր մեզ
Աշխարհի հեռուն՝ բա՜ց, լայնատարա՜ծ,
Արևի շնչով լվացված կարծես։
Իսկ ճամփան, անծայր իրանը փռած,
Թավալվում էր մի հսկա օձի պես։

Թեթև քայլերով ու սրտով թեթև
Քայլում էինք մենք կայտառ ու ջահել։
Մեր հոգին ուներ թռիչքներ ու թև՝
Ո՞վ էր մեզ արդյոք այդպես հմայել...
Նայում էին մեզ լեռները պարթև՝
Կոչո՛ւմն է նրանց— հավիտյա՛ն նայել։

[ էջ 81 ]

Ուշ իրիկուն էր, երբ մի գյուղ մտանք։
Վրաններն արդեն զարկըված էին,
Երբ նույնպես ուրախ, անհոգ, անվտանգ
Բոլորեց իսկույն մեր շուրջպարը հին.
Զնգացին նորից հազար երգ ու վանկ
Եվ վերջին անգամ պղպջաց գինին։

Լուսնյակը արդեն բարձրացել էր վեր
Եվ շուրջը փռել արծաթե մշուշ,
Երբ հոգնած մտանք վրանները մեր,
Խոտերի վրա պառկեցինք անուժ.
— Է՜, բարի գիշեր, անգի՛ն ընկերներ,—
Ու խոր քուն մտանք, քնեցինք անուշ։

II

Եվ ուրախ էինք այսպես— երեք օր։
Բայց հետո հանկարծ բացվեց մեր առաջ
Մի ավեր ուղի, ուր անհուն ու խոր
Մի տառապանքի խորշակ կար վառած։
Եվ կամաց-կամաց դարձավ վիրավոր
Մեր հոգին ջահել ու բազմաերազ։

Երկինքն էլ կարծես փոխվել էր արդեն։
Անձրևներ էին մեր գլխին տեղում։
Ավերված ուղին փռված էր մեր դեմ՝
Իր ծայրը թաղած մեգ-մառախուղում։
Եվ երկնքի պես մեր հոգին էլ թեն՝
Անձրևների տակ մրսում էր, դողում։

Ճամփի մոտ ընկած տեսանք մի դիակ։
Կանգնեցինք, մի պահ նայեցինք իրար։
Փտել էր արդեն անձրևների տակ.
Ի՞նչ ցեղից էր նա — այդ ո՞վ կիմանար։
Իր ապրած կյանքից ամեն հիշատակ
Սրբել էր, տարել անձրևը վարար։

[ էջ 82 ]

Երկա՜ր կանգնեցինք։ Մի զինվոր— ընկեր
Դիակն հրելով, խնդաց խելագար։
Բայց չէ՞ որ նա՛ էլ կրել է զենքեր,
Եղել է մեզ պես կյանքի սիրահար։
Ես մտածեցի՝ գնում ենք մենք էլ
Այսպիսի դիակ դառնալու համար։

Եվ անցա առաջ։ Լեռներից անդին
Երևաց հանկարծ արեգակը հուր։
Եվ ես մոռացա այն այլանդակ դին,
Շնչեցի հողի թարմությունը խոր,
Եվ նորի՜ց իմ բաց ու լցված սրտին
Աշխարհը թվաց այնքան թա՜րմ ու նո՜ր։

Արևի ոսկի մատները իջան
Ու գուրգուրեցին հեռուները թաց։
Հավիտյան վազող ու միշտ ժրաջան՝
Խոտերի միջից առվակը խնդաց։
Եվ թեթև՜ նետած սլաքի նման
Դեմից մի թռչուն անցավ սրընթաց։

Ախ, այդ դաշտերի հեռո՜ւն ոսկեգույն,
Այդ երկինքների կապո՜ւյտը պայծառ...
Ամեն ինչ կարծես ասում էր հոգուն,
Որ այս աշխարհում քմահաճ ու չար՝
Չըպետք է, որ մարդն հեկեկա անքուն—
Աշխարհում մի օր ապրելու համար։

Եվ ես հարց տվի հանկարծ ինքս ինձ,
Թե ո՞ւր ենք գնում այսպես եռանդով։
Չէ՞ որ աշխարհում կա խոր մի կսկիծ,
Ամենքի համար կա մի վիշտ անթով —
Էլ ի՞նչ ենք ուզում վերցնել կյանքից
Ահաբեկիչի խելագար խանդով։

Ինչո՞ւ է երազն այս աշխարհավեր
Կախվել մեր գլխին այսպես կուրորեն։

[ էջ 83 ]

Ինչո՞ւ են փռում այսքան ցավ, ավեր,
Հողմերը այս չար ե՞րբ պիտի լռեն։
Եվ ո՞վ է լարում այսպիսի դավեր —
Կյանքը դարձնում նզովյա՛լ գեհեն1։

Եվ մի՞թե մարդիկ այստեղ չե՞ն նայել
Երբեք հեռուներն այս լա՜վ աշխարհի,
Ուր արևը բյո՜ւր հրաշք է վառել,
Որ մարդու հոգին խանդավառ, բարի՝
Գգվի հիացքով երջանկավայել —
Ամե՛ն մի խոտի, ամե՛ն մի քարի։

Ախ, ո՜չ... Սատանա՛ն քրքջացել է այս
Ոսկի դաշտերի քնքշությանը խոր,
Փռել է կարմիր խորշակ ու երաշտ,
Վառել է ոսկի հասկերը բոլոր։—
Սրտի կսկիծով ես անցա առաջ
Ու շուրջս նորից նայեցի մոլոր։—

Եվ ահա — կրկին մի քանի դիակ։
Եվ այստեղ ահա — վարսեր կանացի։
Իսկ այստեղ, արնոտ վերմակների տակ—
Փտած փշրանքներ արնաներկ հացի։
Ո՞վ է հեռացել այստեղից — մենակ,
Քարացա՜ծ սրտով, լուռ, առա՛նց լացի...

Իսկ այստեղ ահա — մի ոսկրացած ձեռք։
Մարմինը չկա։ Ընկած է անձայն։
Քիչ հեռուն գտանք սրունքները մերկ,
Իսկ քիչ է՛լ այն կողմ — ատամներ ցիրցան։
Իսկ այնտեղ, ժայռի կատարին այն լերկ,
Մոռացել էին մի հին հրացան։

Սարսափած սրտով մենք անցանք առաջ,
Եվ մեր հայացքից արյուն էր կաթում։

----------------------------------------

1 գեհեն — կրոն. անշեջ հնոց, որի մեջ մեղավորները պետք է այրվեն դժոխքում. փխբ. դժոխք. փխբ. ծանր՝ տանջալից կյանք, վիճակ:

[ էջ 84 ]

Լուսնոտի նման բութ ու շվարած՝
Այլևս ոչինչ չէինք նկատում։
Մի ծանըր կսկիծ ուսերիս առած՝
Լուռ քայլում էինք արնաբույր տոթում։

Իրիկնամուտին մենք մի գյուղ մտանք։
Անունն էր միայն, իսկ ինքը չկար։
Այլանդակ գուղձեր, դևի ապարանք։
Մնացինք՝ հանգիստ առնելու համար։
Եվ գիշերն ամբողջ պատմեցին նրանք
Զրույցներ զազիր ու խայտանկար...

III

Եվ նորից՝ կանուխ, առավոտ ծեգին,
Մենք ճամփա ընկանք անխոնջ ու համառ
Այս անգամ արդեն լեռնոտ էր ուղին,
Բայց տրտունջ չկար մեր հոգու համար։
Նախատում էինք տրտնջացողին,
Դեպի նա դառնում անողոք ու չար։

Ես չեմ մոռանա մեր վերելքը թեք
Թափարիզ լեռան ծերպերով անտես։
Այնքան գեղեցիկ չի՛ եղել երբեք
Տոկացող կամքի մաքառումը վես։
Թվում էր, թե հին ասպետներ ենք մենք
Եվ վեր է մղում սուրբ ցնորքը մեզ։—

Սառած ծերպերով գնում էինք մենք՝
Ե՛վ զենք, և՛ զրահ ուսերիս առած։
Իսկ ձյունոտ ուղին խաբող էր ու նենգ՝
Սայթաքում էինք, բայց անցնում առաջ։
Վագրերի նման ճկուն էինք մենք՝
Հայացքներս լուրթ գագաթին հառած։

Վերելքը ծանր էր և ուղին-ավեր։
Եվ այնտեղ չկար ո՛չ մարդ, ո՛չ թռչուն։

[ էջ 85 ]

Եվ շարա՜ն-շարա՜ն բարձրանում էր վեր
Մեր բեռնավորված ընկերների չուն։
Իսկ ձյունն անընդհատ լարում էր դավեր՝
Ոտքերիս կպած մեզ վա՛ր էր կանչում։

Կեսօր էր արդեն, երբ հսկա լեռան
Ձյունապատ ու ցուրտ գագաթը հասանք։
Կանգնեցինք ճերմակ գագաթի վրա,
Ուր ո՛չ արարած, ո՛չ բույս կար, ո՛չ կյանք։
Եվ կրծքերը մեր ահից թունդ առան՝
Անհո՜ւն զգացինք, որ ապրում ենք, կա՜նք։

Հպարտ հայացքով նայում էի ես
Եվ խմում էի անսահման հեռուն։
Բարձրության վրա անհո՜ւն է այնպես
Մարդկային հոգին աշխարհը սիրում։
Անբառ հրճվանքով զգում էի ես,
Որ կյանքն է իմ մեջ ցնծում ու եռում։

Եվ՝ խորասուզված կույս հեռուների
Անսահման ու խոր անգունության մեջ —
Ես հոգուս խորքում խոստանում էի
Լինել վեհասիրտ, ու հպարտ, ու մեծ —
Երբ հեռվից հանկարծ մի զինվոր ընկեր —
Դողդոջուն ձայնով ինձ իր մոտ կանչեց։

Մոտեցա... և քար կտրած մնացի։—
Սառույցի վրա ընկած էր մի կին,
Որ առանց խոսքի ու առանց լացի
Մեռնում էր՝ անմիտ մի ժպիտ դեմքին։
Դողդոջ մատներով փշրանքը հացի
Սեղմել էր ամուր, որպես գանձ անգին։

Աչքերը թարթեց նա վերջին անգամ,
Եվ գոհ ժպտալով՝ ժպտադեմ հանգավ։
Սարսափելի էր այս ամենն այնքան,
Որ մեր շրթերից ո՛չ մի բառ չընկավ։

[ էջ 86 ]

Բայց ճչում էր մեր սրտերում կարկամ
Մի անհուն կսկիծ, ամեհի մի ցավ։

Մենք լուռ փորեցինք սառցի կուրծքը ծեր
Եվ անալելու1 թաղեցինք նրան։
Դողդոջուն, սառած, չոր ձեռքերը մեր
Նույն ձյունն անհամբույր դիզեցին վրան։
Եվ ճամփա ընկանք, որպես մեռելներ,
Թաղելով այնտեղ և մեր խիղճն ունայն։

Ու քայլում էինք, հոգնած ու մռայլ,
Այդ ճամփաների հետքերով ավեր։
Եվ մեր թափորի ընթացքն համրաքայլ
Չար, մահաշշուկ բարձրանում էր վեր։
Եվ մեր համր հոգին ծանր էր, որպես քար,
Եվ չէինք կարող այլևս ցավել։

Մենք չէինք կարող խղճալ ոչ ոքի.
Սարսափն էր նստել մեր հոգիներում։
Զգում էինք, որ — մի մութ թշնամի
Նենգ, դարան մտած, պահվել է հեռուն։
Զգում էինք, որ —չար ոսո՛խ կա մի,
Որ վերք է տալիս ու մահ է բերում։

Եվ սուրբ էր թվում ճամփան ահավոր,
Այդ ճամփան խելառ, քմահաճ բախտի։
Եվ քայլում էինք մենք հանդիսավոր,
Ինչպես մի վսեմ սրբազան ուխտի։
Եվ վերջին անգամ երդվում էինք, որ
Էլ ո՛չ ոք իր այս ուխտը չխախտի։

Եվ՝ ծանրաբեռնված քարավաններով՝
Դառնում էր մեկը ճամփաներից ետ։
Ի՛նչ էր հավաքել, ինչո՞ւ, ո՞ւմ գնով—

-------------------------------

1 անալելու — առանց ալելուիա ասելու, առանց կրոնական արարողության:

[ էջ 87 ]

Մութ էր մեզ համար, անմիտ, անհեթեթ։
Բարեկամ էր նա... բայց մե՛ր արյունով
«Բարեկամ» դարձած մի գիշեր մեզ հետ...

Եվ թշնամի էր մեզ ամեն մի քար.
Եվ ամեն մի իր լարում էր դավեր։
Եվ անցնում էինք մենք հանդիսաքայլ
Այն ճամփաների հետքերով ավեր,
Ուր ո՛չ մի էակ այլևս չկար,
Ուր չէ՛ր կարող մարդ խղճալ ու ցավել...

IV

Եվ ահա մի օր մենք մտանք մի գյուղ,
Որ գտնվում էր ծովակի ափին։
Հրդեհված էր նա։ Այստեղ ու այնտեղ
Մի քանի տներ դեռ մխում էին։
Իսկ ծովի կապույտ ջրերը հնչեղ
Դեռ երգում էին իրենց երգը հին։

Կարկաչուն, հնչուն մանուկների պես,
Դեմքերին ժպիտ ու փրփուր փռած՝
Ալիքներն, անհոգ ու ժպտուն այնպես,
Վետվետում էին ու թռչում առաջ։
Անուշ ճիչերով պատմում էին մեզ
Հազար մանկական զրույց ու երազ։

Իսկ ավեր դարձած գյուղակն ալևոր,
Ծեր, խորհրդավոր, որպես մեռած հայր,
Ննջում էր անվերջ իր սև նինջը խոր,
Մեռելաստանի իր նինջը մռայլ։
Եվ չէ՛ր հասկանում այդ ժիր, բախտավոր,
Չար ալիքների զրույցները չար։

Իսկ այգիների շուրջպարը կանաչ
Ձգվում էր անծա՜յր ու անծա՜յր հեռու։
Բնությունը, գիրգ ստինքները բաց,

[ էջ 88 ]

Ցոփ կնոջ նման հեթանոս, հլու—
Պատրաստ էր ամե՛ն անցորդի առաջ
Իր աշնանային տռփանքը տալու։

Երկու ընկերով ներս մտանք այգին
Եվ տեսանք մեր դեմ— խաղողի մի ծով։
Անձնատուր եղած բախտի քմայքին՝
Սնվել էր անմահ արևի բոցով։
Հովերը նրան օրորել էին
Կարկաչուն ծովի հեռո՜ւ զնգոցով։

Մոռացած մի պահ հոգնությունը մեր
Խոնջացած սրտի, փոշոտ ոտքերի —
Մոռացած ամեն քանդում ու ավեր,
Բնության անճառ հմայքին գերի՝
Չորացած, ծարավ շրթունքները մեր
Վայելում էին բերքը տունկերի—

Երբ տունկերի մեջ... տեսանք մի դիակ։
Խեղդամահ արված՝ ընկած էր մի ծեր։
Ընկած էր արնոտ խաղողների տակ՝
Նրանց ստվերին ընկեր էր դարձել...
Ու չռվել էին աչքերն այլանդակ՝
Զարհուրանքալի մեզ տալով հարցեր։

Ընկերս ճչաց ու ընկավ գետին։
«Ջո՜ւր»,— շշնջացին շրթերը նրա։
Մռայլ մոտեցա այգու ջրհորին,
Ամբողջ մարմընով կախվեցի վրա՝
Ուզեցի նայել հատակի ջրին —
Ոչինչ չերևաց։ Պարան կար։ Առա,—

Եվ կախ տվեցի անտակ հորի մեջ։—
Լսեցի հեռու ճղփոցը ջրի։
Ու վեր քաշեցի ձիգ պարանը ես։
Դույլը մի վայրկյան զարնվեց քարի.

[ էջ 89 ]

Էլի՜ մի վայրկյան... Եվ հանկարծ ասես
Իմ դեմ ոգինե՜ր ելան շուրջպարի...

Չռած աչքերով նայում էի ես
Դույլում օրորվող ջինջ, հստակ ջրին,
Որի մեջ մարմնի կիսանեխ մասեր
Հանդարտ, դանդաղկոտ օրորվում էին։
Ճիչը իմ կրծքում զսպելով հազիվ՝
Ջրհորի մոտից հեռացա լռին։

Հարբածի երեր, տարտամ քայլերով,
Որպես հալածված երկու ուրուներ՝
Մենք դուրս վազեցինք դեմքերով խռով,—
Եվ սարսափահար հայացքները մեր
Ո՛չ այգի էին էլ տեսնում, ո՛չ ծով,—
Ուր Մահն էր արդեն իր թույնը քամել...

V

Եվ ահա մի օր տաժանքոտ ճամփից
Հոգնաբեկ, անուժ, հանգստի համար—
Մենք մտանք Մեռած Քաղաքի շեմքից
Մեռած Քաղաքի փողոցները մառ1։
Սարսափն էր սահում մեր մռայլ դեմքից,
Ու տենդում էր մեր սիրտը դիվահար։

Մեռած Քաղաքում ո՛չ մի մարդ չկար։
Եվ ամայացած շենքերը ավեր,
Մութ, մահատեսիլ, կույտերի նման
Փորած աչքերով նայում էին վեր։
Եվ չէին կարող նրանց հանդիման
Գետին չնայել հայացքները մեր։

Չգիտեմ ինչո՛ւ— մենք մտանք մի տուն։
Անարև, անբիբ աչքերի նման

-----------------------------------------

1 մառ — մշուշապատ, մթամած. մռայլ, խոժոռ. տխրագին, տխուր, դաժան, անողոք. սարսափելի, սոսկալի:

[ էջ 90 ]

Նայում էին մեզ կասկածով անքուն
Պատուհանների խոռոչները լայն։
Շեմքի մոտ ընկած՝ նեխել էր կատուն.
Այն ո՞վ էր արդյոք սպանել նրան։

Ներս մտանք։ Տեսանք՝ կոտրած թախտի մոտ
Ընկած էր մի կին՝ արնաշաղ ու մերկ։
Խոռոչի նման բացված ահահոտ՝
Քրքջում էր կարծես բերանն արնաներկ։
Իսկ կոնքերն ու չոր ծծերն արյունոտ,
Պատմում էին մեզ պղծումներ անելք։

Ցնդեցին գանգիս ճիգերը հետին.
Ուղեղս կարծես արդեն ի՛մը չէր։
Ու պար բռնեցին երկինք ու գետին,
Եվ մեկն ինձ ասաց, որ պետք է փախչել...
Սակայն ո՞ւր գնալ, որ քեզ չգտնեն
Այդ կոնքերը մերկ, այդ ծծերը ծեր...

Եվ մենք այդ գիշեր մնացինք այդտեղ՝
Մեռած Քաղաքի ավեր շենքերում։
Ամբոխվել էին տեսիլներն ահեղ.
Խեղերի նման ցատկոտում, պարում,
Ու դառնում էին մեռելներ մի տեղ՝
Սատանայական տենդոտ շուրջպարում։

Մեռած Քաղաքի շենքերից մեկում,
Աչքերս անլույս խավարին հառած,
Պառկել էի ես — ահավոր, անքուն։
Ու դեմս, կարմիր կրակներ վառած՝
Ցատկոտում էին, բառաչում, տնքում
Մեռելներ զարհուր ու բազմատարազ։

Գույնզգույն շորեր, մարմիններ մեռած,
Սրունքներ կապույտ, ստինքներ դեղին,
Հետույքներ ուռած ու արնակալած—
Խեղկատակ, արագ ցատկոտում էին,—

[ էջ 91 ]

Իմ սարսափաւար աչքերի առաջ,
Անթափանց միգում գերեզմանային...

Երգ էին ասում, ոռնում էին խուլ,
Հեծկլտում էին, ծիծաղում, շաչում,—
Խինդի էր նման ոռնոցը տխուր,
Լացի էր նման խինդը կարկաչուն,—
Բայց մահո՛ւ նման և՛ ծանըր, և՛ խոր—
Կրծում էր հոգիս ամե՛ն մի հնչյուն։

Եվ դժժում էր իմ ուղեղում բորբոք
Երգը այդ շփոթ, սատանայական,
Դառնում էր հեռու կարոտի մորմոք,
Եվ թվում էր ինձ, որ արդեն չկամ,
Այլ ինչ-որ հեռու երազում մի շոգ
Տարվում է հոգիս անզո՛ր ու անկամ։

Թռչում էի ես, որպես մի ուրու—
Նրանց պես ուրախ խաղում, ցատկոտում:
Եվ հանկարծ նրանց աղմուկը հեռու
Երգ դարձավ անփույթ՝ մանկական խնդում։
Եվ ես հասկացա, որ հեռո՜ւ-հեռուն
Ծո՛վն է շառաչում գիշերվա տոթում։—

Մանուկներ ուրախ, խլրտուն ու վառ,
Արևի նման կարմրավառ լուսին,
Մեռելներ զվարթ ու խայտանկար—
Պա՛ր էին խաղում, երգում միասին...
Թռչկոտում էին սեթևեթ1 ու չար
Եվ երգում էին Աստղկա մասին...

Խե՛նթ երգում էին, որ Աստղիկը կա՛,
Ապրում է այնտեղ — ջրերի խորքում.
Թո՛ղ բուքը ոռնա՜ աշխարհի վրա —
Իրե՜ն ինչ՝ նա կա՛— անմահ, անհերքում,—

------------------------------

1 սեթևեթ — կոտրատվող, սեթևեթանք արտահայտող՝ պարունակող:

[ էջ 92 ]

Եվ մի՛շտ գեղեցիկ ու կույս կմնա
Իր աստվածային, անբուն եզերքում։

Եվ մեռելների շուրջպարն էր թռչում
Լուսնապար, խելառ, տխուր, արնաներկ,
Հնչում էր նրանց երգը կարկաչուն՝
Սատանայական տագնապի մի երգ,—
Ու ցատկում էին խավարի միջում
Մարմինները մառ, սրունքները մերկ...

Ու ձուլված իրար սեր, ցնորք ու մահ,
Լուսնապար ծովի երգով օրորուն—
Ուղեղիս բորբոք կտավի վրա
Թանձրացան նրանք ու անցան հեռուն,—
Եվ խավարն իջավ աչքերիս վրա
Եվ ո՛ղջը կորավ աներազ նիրհում...

VI

Մեռած Քաղաքից մենք ճամփա ընկանք
Ճի՛շտ դեպի կռիվ — դեպի ռազմավայր։
Գնում էինք մենք՝ համառ և ուրախ
Կռվելու, կռվով մեռնելու համար։
Նահանջում էր դեռ թշնամին արագ—
Եվ չէինք մենք դեռ հանդիպում իրար։

Թնդանոթները թնդում էին թունդ,
Եվ սրտատրոփ տեսնում էինք մենք,
Թե ինչպես այնտեղ, լեռներում կապույտ
Ավեր է փռում նա, հարված ու վերք,
Ու դառնում են շեն գյուղեր — մոխրակույտ,
Եվ ծուխը կապույտ, բարձրանում է վեր։

Եվ գնում էինք առաջ ու առաջ՝
Ձյունապատ լեռան ահավոր կողով։
Դժվար էր ուղին։ Բայց աչքերս հառած
Փախչող թշնամուն՝ անբուն մի կորով

[ էջ 93 ]

Մղում էր մեզ միշտ առաջ ու առաջ
Եվ սրտերս այրում քանդումի հրով։

Երբ մենք, մի վայրկյան, հանգստի համար,
Կանգնեցինք լեռան ճերմակ գագաթին—
Նայեցի հեռուն։ — Վարը, հողմավար,
Ծովն է աղմկում գանգատով մթին։
Զարնվում էին ջրերը իրար,
Ու խուլ, ու վարար մորմոքում էին։

Արճիճի նման գորշ, անփայլ ու մութ
Փռվել էր իմ դեմ ծովը հողմակոծ։
Գորշացել էին ջրերը կապույտ
Ու գորշ էր թվում աշխարհը ամբողջ։
Եվ ինչ-որ մի խոր ու տխուր խորհուրդ
Համակեց հանկարծ էությունս ողջ։

Եվ ծեր, ծովի պես, ծանրացավ հոգիս։
Ու կատակ թվաց արած գործը մեր։
Բայց լուռ բարձրացա, քայլեցի նորից։
Թնդանոթները թնդում էին դեռ։
Լցվել էր հոգիս անբառ մի կսկիծ՝
Թվում էի ինձ մենա՜կ ու անտեր։

Հանկարծ կանգ առա ես ձորամիջին։
Այլանդակ մի դի փռված էր իմ դեմ։
Նրա մոտ ընկած վիրավոր մի ձի
Ջղաձգորեն մեռնում էր արդեն։
Հե՜յ, մի քիչ առաջ, հլու իր սանձին՝
Սա՛ էլ էր փախչում այս վայրից գեհեն։

Ո՞ւր էիր փախչում, խղճո՛ւկ անասուն...
Քեզ քո տերն այստեղ ծեծելո՞վ բերեց։
Բայց նա չգիտե՞ր, որ այս երազում
Միայն Մա՛հն է տեր՝ անողոք ու մեծ։
Էլ ինչո՞ւ էր նա ավերել ուզում,
Այս դաժան մարտին ո՞վ նրան հրեց։

[ էջ 94 ]

Տե՛ս, այլանդակված այժմ ընկած է նա։
Սևացել է, տե՛ս, արճիճի նման։
Անթաղ, անշիրիմ այստեղ կմնա,
Ոչ ոք չի՛ փորի նրան գերեզման—
Ոչ ոք չի՛ տխրի, որ նա զոհ եղավ
Մի արնածարավ, անիմաստ ցասման։

Չգիտեմ ինչու, կամքիս հակառակ,
Նայեցի ահով նրա երեսին,—
Ու առաջ անցա քայլերով արագ,
Հոգուս բեռ արած խեղճությունը իմ։
Իսկ մերոնք, անմար եռանդով վայրագ,
Կռվում էին դեռ ու քանդում էին։

Հուր ու ծխի մեջ օրը վերջացավ —
Եվ մենք կանգ առանք լեռան փեշի մոտ։
Հուր ու ծխի մեջ թշնամին անցավ՝
Ուսին շալակած պարտություն, ամոթ։
Եվ ամեն անկում, ամեն վերք ու ցավ
Ծածկեց գիշերվա վարագույրը տոթ։

Եվ մենք ետ դարձանք դաշտերից մարտի՝
Հանգստանալու հեռավոր գյուղում։
Հեռուն՝ մի այրած, սևասև արտի
Ցողուններն էին ծուլորեն մխում։
Ու քայլում էինք՝ հոգնած, անոթի,
Աշնան գիշերի մեգ-մառախուղում։

Երկու ընկերով քայլում էինք լուռ՝
Հոգնած զինվորի եռանդով անշեջ։
Մեռելի նման ահավոր, տխուր
Ծովն էր տարածվել մշուշոտ ու գեջ1։
Գնում էինք լուռ, չգիտեմ թե ո՛ւր՝
Միշտ նո՛ւյն ծովափով— անվե՛րջ ու անվե՛րջ։

---------------------------------------------

1 գեջ — թաց, խոնավ, կեղտոտ:

[ էջ 95 ]

Երբ ուրվագծվեց մշուշում մի լեռ —
Ասացին, որ գյուղն այնտեղ կլինի։
Բայց ծալվում էին սրունքները մեր.
Ընկերս ուզեց, որ ընկնի, քնի—
Բաց երկնքի տակ, գյուղ չհասա՛ծ դեռ,
Հենց ճամփի վրա՝ ինչ կուզե— լինի։

Ու մնաց այնտեղ։ Ես անցա առաջ։
Նրան երևի ձիով կբերեն։
Վերելքը ծանր էր, ծանր էր՝ ի՜նչ արած...
Պետք է իմ բոլոր ուժերը լարեմ,
Հասնեմ — նո՛ր քնեմ հոգնած, խոնջացած,
Որ երազները հոգիս օրորեն։

Բարձրանում էի։ Վայրենի քամին
Ծեծում էր կուրծքս ահռելի ուժով
Եվ մթնում էին հայացքները իմ,
Լցվում էր հոգիս թանձր մշուշով։
Բայց ճիգ թափելով մի գերմարդկային՝
Ես քայլում էի լուռ, ուշի-ուշով։

Մենակ, անընկեր։ Հսկա բուի պես
Ավազե մատներն աչքերիս հառած՝
Ոռնում էր քամին։ Ընկնում էի ես,
Նորից բարձրանում ու անցնում առաջ։
Երբեք չէր եղել մարմինս — այնքան հեզ,
Եվ ոգիս — այնքան կամքի ուժ առած։

Ու վատնում էի ճիգերս հետին։
Գագաթը մոտ է — կհասնեմ հիմա։
Բայց հանկարծ քամին շպրտեց գետին,
Դեպի անդունդը՝ ուղի՛ղ դեպի մահ։
Բայց ո՛չ... Մեռնողի բնազդով մթին
Գրկեցի քարերն ու ոտքի ելա։

Քայլեցի նորից։ Եվ հանկարծ իմ դեմ
Փռվեց լույսերի մի ոսկի մշուշ։

[ էջ 96 ]

Ա՜, հասել էի ես գյուղը արդեն։
Հասել էի ես։ Կես-գիշեր էր ուշ։—
Եվ ցուրտ խրճիթի խոտերի մեջ թեն
Քնեցի անո՛ւշ, քնեցի անո՛ւշ...

VII

...Կռիվն սկսվեց — անողոք ու գոռ։
Մենք դաշտում էինք։ Ձյունոտ լեռներից
Հարձակվում էին նրանք — բյուրավոր,
Մերթ ետ նահանջում մեր գոռ գրոհից,
Մերթ առաջ անցնում ոհմակներով նոր —
Ու փախչում էին, ու գալիս նորից։

Եվ ընկնում էին նրանք շարեշար,
Մռնչում էին գազանների պես։
Բայց խիտ, անհատնում շարքերով վարար
Շարժըվում էին նորից դեպի մեզ։
Ամեն ինչ հանկարծ խառնվեց իրար —
Եվ սվինամարտն ահա սկսվեց։

Մենք գրկում էինք ու չանկռում իրար,
Սվինի զարկով գլորում գետին։
Վագրերի նման խորամանկ ու չար,
Ապրելու հսկա ծարավով հետին՝
Խոշտանգում էինք — ապրելո՛ւ համար,—
Եվ կռվում էինք, և կռվում էինք։

Եվ չէինք հիշում այլևս ոչինչ,
Եվ չգիտեինք ի՞նչ էինք անում։
Եվ շատերն էին ընկնում մեզանից
Եվ ոտքերի տակ մեր անշնչանում։
Չէ՛ինք տարբերվում վայրի գազանից
Ահի ու արյան այդ խառնարանում։—

Կոխոտում էինք ընկերների դին,
Ընկերների դին դիրք էինք անում։

[ էջ 97 ]

Ու վատնում էինք ճիգերս հետին
Անհասկանալի տագնապով անհուն։
Եվ չգիտեինք, և չգիտեինք,
Թե հորձանքը սև մեզ ո՞ւր է տանում։

Իրիկունն իջավ։ Անհուն խավարի
Խավար ծալքերում կորավ ամեն բան։
Եվ իջավ մռայլ երազը Չարի
Այն խայտաճամուկ դաշտերում անբան։
— Է՜, մնաք բարի, ընկերնե՛ր արի,
Դուք պատվո՛վ անցաք ձեր կյանքի ճամփան։

Իսկ մենք — նենգորեն նահանջեցինք ետ՝
Ձյունագիշերի մրրիկների տակ։
Եվ իմաստ չուներ ճամփան անհեթեթ,
Եվ անցնում էինք՝ անկումին գիտակ։
Երբե՛ք չէր եղել հոգիս — այնքան խենթ,
Եվ գանգս — այնքան զառանցոտ ու տաք։

Հոգուս մեջ կարծես հնոցներ կային,
Եվ աչքերիս մեջ — խարույկներ լափլեզ։
Բայց մարմինս հավե՜րժ, հավե՜րժ մարդկային՝
Ապրել էր ուզում։ Մահապարտի պես
Հայացքներս հառած ահավոր Մահին՝
Մյուսների հետ փախչում էի ես։

Եվ խավարի մեջ կարմիր ու կարմիր
Գնդակներն էին թռչում ու շաչում։
Եվ ընկնում էին ընկերները մեր
Սատանայական խուճապի միջում։
Եվ ընկնում էին անգի՜ն ընկերներ։
Եվ վերջին անգամ մեզ էին կանչում։

Եվ երբ արևը բարձրացավ երկինք,
Եվ մենք լույսի տակ իրարու գտանք —
Մեռելների պես սփրթնած էինք,
Չէինք հավատում, որ ապրում ենք, կանք.

[ էջ 98 ]

Անխոս հայացքով իրար թաղեցինք,
Իրար հոգու մեջ գերեզման մտանք։
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

Նրանք մնացին ձյունոտ դաշտերում՝
Քաղցած գայլերի ոհմակներին կեր,
Այնտեղ, ուր ընդմիշտ տանջանքն է լռում
Եվ հոգին դառնում անհունին ընկեր.
Ուր իբր հիշատակ կյանքերից սիրուն—
Անում են միայն այլանդակ գանգեր։

Ու մութ է հիմա այնտեղ, ամայի,
Քամին է միայն ոռնում ու կոծում,
Տոնելով վայրագ հարսնիքը Մահի՝
Նենգավոր ու խոր ձյուների ծոցում։
Եվ ո՞վ կգնա, և ո՞վ կնայի
Անդրշիրիմյան տոնող Աստծուն...
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

Իսկ մենք ապրում ենք ու շնչում ենք դեռ
Այս խայտանկար, ավերակ գյուղում,
Ուր ամեն տան մեջ մա՛հ է ու ավեր,
Ուր ամեն վայրկյան արյուն է ցողում,
Ուր ամեն վայրկյան լարում է դավեր
Քմահաճ բախտի ժրաջան մեղուն։

Եվ առօրյա է հիմա մեզ համար
Մարդկային անթաղ, այլանդակված դին։
Ահաբեկիչի քրքիջով համառ
Մենք կեր ենք նետում անկուշտ անդունդին։
Եվ իմաստ չունի այլևս հիմար
Ճակատագրի որոշած Անդին։

Եվ գինին այստեղ ծորում է առատ,
Եվ հարբում ենք մենք կարմիր խնջույքում։
Այլևս չկա և ո՛չ մի արատ,
Որ ծաղիկ չտա մեր գինով այգում։

[ էջ 99 ]

Պատրաստ է ընդմիշտ մեր զոհը պարարտ՝
Մենք՝ զոհ, մենք՝ դահիճ` ուրիշի ձեռքում...

VIII

...Երեկ առավոտ բարձրացա կանուխ
Եվ լուռ կանգնեցի բլուրի վրա։
Հեռուն՝ զնգալով իջնում էր մի ուղխ1,
Լսում էի ես կարկաչը նրա։
Կապույտ երկնքում ո՛չ ամպ կար, ո՛չ ծուխ։
Եվ ես մոռացա՜ տաժանքն առօրյա...

Ա՜խ, գյուղակների շուրջպարը կանաչ՝
Դաշտերի ոսկի՜ հեռաստաններում,
Ուր մի անսահման թախիծ կա փռած
Եվ մի հոգեթով տխրության հեռու,
Ուր հավերժության ցնորքը անհաս
Ճախրում է կարծես ոսկի՜ դաշտերում...

Ամեն ինչ այնպես անդորր է ու կույս,
Որ չեմ հավատում կարմիր երազին։
Միրաժի նման փարվում է հոգուս
Անէ աշխարհի քնքշությունը հին։
Բայց չէ՞ որ այստեղ ապրել են անհույս—
Եվ չե՛ն էլ լսել քնքշության մասին...

Օ՜, խորհուրդների հավերժական մա՛յր,
Որ տառապանքի ու տարփանքի մեջ
Հղանում ես միշտ կյանքեր անհամար—
Հազար գույներով՝ հազար ելևէջ,—
Որ հղանում ես աշխարհի համար
Հավիտենական կշռույթների վեճ...

Օ՜, դո՛ւ, բարբարո՜ս, խելագա՜ր, ցավո՜տ,
Երբեմն իմաստուն, երբեմն— գազան,

---------------------------------------

1 ուղխ հին բնստ. հոսող ջուր:

[ էջ 100 ]

Աշխարհներ այրող կախարդական խո՜տ,
Աշխարհներ շինող բախտի գավազա՜ն,—
Դիվային ոգի՝ ճահիճների մոտ,
Ոչնչի՜ մասին — աղո՜թք սրբազան...

...Ու պե՜տք է քայլե՜լ ու քայլե՜լ համառ՝
Ապրելու հսկա տենչը բեռ արած,—
Քայլել անիմաստ մի կյանքի համար,
Մարել — ու վառել աստղերը մարած,
Որ — տիեզերքի զառանցանքը մառ
Չցնդի՜ երբեք ու մնա— երազ...

1915-1916
Տաճկաստան-Պարսկաստան ռազմաճակատ

 

ՎԱՀԱԳՆ

Փրկությանդ արև՛ Վահագնին տեսար...
Հ. Հովհաննիսյան

Հրդեհի աստված, հրդեհ ու կրակ,
Օ, Վահագն արի։— Տեսնում եմ ահա,
Որ ծիծաղում ու քրքջում են նրանք
Արնաքամ ընկած դիակիդ վրա։
Թե մի՞ֆ էիր դու... Եկան, երգեցին
Մի հին իրիկուն գուսանները ծեր,
Որ հզո՜ր ես դու, հրոտ, հրածի՛ն,
Որ դո՜ւ կբերես փրկությունը մեր։
Եվ հավատացինք, հարբած ու գինով,
Որ դու կաս՝ հզոր, մարմնացում Ո՛ւժի—
Իսկ նրանք եկան՝ արյունով, հրով
Մեր երկիրը հին դարձրին փոշի...
Եվ երբ քարշ տվին դիակդ արնաքամ,
Որ նետեն քաղցած ոհմակներին կեր—
Մեր կյանքի հիմերն անդունդը ընկան
Եվ արնոտ միգում ճարճատում են դեռ...

1916

[ էջ 101 ]

ԱԹԻԼԼԱ

Топчи их рай, Атилла!
Вяч. Иванив

I

Դարերի խորքից արթնացած նորից՝
Անցնո՜ւմ եմ ահա երկրի դաշտերում.
Նայում եմ դեպի հրդեհվող հեռուն՝
Դարերի խորքից բարձրացած նորից։

Ինձ թաղել էին ոսկի դագաղում
Իմ հոները մի հեռավոր գիշեր։
Եվ ո՛չ մի արքա տեղըս չգիտեր—
Եվ աճյունիս հետ ոչ-ոք չէ՛ր խաղում։

Մոռացե՜լ էին արքա Աթիլլին։
Եվ հեգնում էին երազը նրա...
Եվ կարծում էին, որ մեռել է նա...
Իսկ ես — բարձրացել, անցնում եմ կրկին։

Եվ հրդեհների բոցերը դեղին
Խանձում են ահա աստղերը նորից.
— Էլ չե՛ք մոռանա, չե՛ք հեգնի էլ ինձ՝
Հոների արքա հզո՜ր Աթիլլին։

Ես կրկին ահա քանդում եմ, վառում.
Քաղաքներ, գյուղեր փլչում են իմ դեմ.
Եվ այս անգամ ես՝ գո՜ռ, անհա՜ղթ արդեն՝
Մի կարմիր գիշեր կմտնեմ Հռոմ...

Եվ իմ երկաթե բռունցքովը ես
Ձեր տաճարները անդարձ կքանդեմ.
Նորի՜ց կսողան արքաներն իմ դեմ՝
Մանր, ճահճային ճիճուների պես...

Նրանք— խեղկատակ ու ողորմելի,
Որ, կույր, խնդացին նստած կրկեսում՝

[ էջ 102 ]

Երբ Թեոդոսը1 տեսավ երազում,
Որ կոտըրվել է նետը Աթիլլի։

Նրանք, որ մի օր իմ անակընկալ
Մահով կուրացած, որպես երազում,
Մի ինչ-որ հանգի՜ստ էին երազում
Հոգնած մարդկության ու իրենց համար։

Եվ չըգիտեին, որ ես չե՛մ մեռել,
Որ ես չե՛մ մեռնի, որ եղել եմ, կամ՝
Նորի՛ց կքնեմ, նորի՜ց կարթնանամ,—
Ես— հազարանուն՝ Մահ, Ավերք ու Նեռ2...

II

Տեսնում են նորից իմ աչքերը նեղ,
Որ սեգ նժույգիս սմբակների տակ
Ցնդում են, որպես տարտամ հիշատակ,
Ձեր երազային շենքերը բյուրեղ...

Հե՜յ, արևմուտքից մինչև արևելք
Պիտի հրդեհեմ ու քանդե՜մ հիմա՝
Ես— արքա՜, աստվա՜ծ, տե՜նդ, ավերմո՜ւնք ու մա՜հ,
Ես— ճշմարտության խարազանը մերկ։

Եվ թո՛ղ աշխարհի տերերն իմանան,
Եվ խոր ըմբռնեն մի վերջին անգամ,
Որ եղե՛լ եմ ես, կլինե՜մ ու կա՛մ,
Ե՛ս— անհերքելի ու հավերժական...

---------------------------------------

1 Թեոդոս (իոս) I, Մեծ, Ֆլավիոս (մոտ 346–395) — հռոմեական կայսր 379-ից:
2 Նեռկրոն. սուտ Քրիստոս, որ ըստ քրիստոնեական հավատալիքների, աշխարհի վերջում պետք է հանդես գա որպես Քրիստոսի հակառակորդ. փխբ. չար՝ նենգ մարդ. փխբ. արյունարբու մարդ:

[ էջ 103 ]

Եվ թո՛ղ մարդկային ցեղերն առանձին
Հավիտյան հիշեն աղոթքում, երգում,
Որ խոտ չի՜ բուսնի այլևս այն երկրում,
Որով անցել է Աթիլլի հին ձին...

Թող հիշեն նոքա, որ կամքս բռնի,
Քանդումի, հրի իմ ցնորքը հին,—
Երբեք չի՜ ցնդի, երբեք չի՜ մեռնի,
Ոչ-ոք չի՛ հաղթի արքա Աթիլլին...

III

Իսկ երբ մի գիշեր կրկին հագենամ,
Երբ հոգնի խաղից մարմինս արի—
Նորի՛ց կքնեմ մի քանի տարի,
Ոսկի դագաղիս գիրկը կգնամ։

Եվ ինձ իմ մռայլ հսկաները խենթ,
Առանց աղոթքի և առանց խոսքի,—
Նորից կթաղեն դագաղում ոսկի
Եվ թաղողները կթաղվեն ինձ հետ—

Որ իմ մարմինը ո՛չ ոք չգտնի,
Որպեսզի ո՛չ ոք երբեք չիմանա,
Թե ո՛ւր է թաղված հին Աթիլլը— նա,
Որ հավասարեց ձեր փառքը գետնի...

Որպեսզի կրկին, երբ երկրի հրից
Երկնի աստղերը գանգատվեն քարին՝
Իր հին երազին մի՛շտ հավատարիմ—
Արքա Աթի՜լլը բարձրանա նորից...

1916 թ., Մոսկվա

[ էջ 104 ]

ՍՈ՛ՄԱ1

I

Որպես քուրմը Գանգեսի,
Կարոտակեզ, սիրակեզ—
Կյանքս տվե՜լ եմ լույսիդ
Եվ երգում եմ քեզ։
Քե՜զ եմ երգում այս կարմիր
Աշխարհում հիմա,—
Քե՜զ եմ երգում, քա՛ղցր քույր,
Խելագա՜ր Սո՛մա։

II

Դարեր շարունակ, անվերջ, անդադրում,
Ու սիրտս— գարուն,
Կյանքս երգ շինած՝ քե՜զ էի փնտրում
Այս չար աշխարհում։

Ու չէի գտնում, Սո՛մա, ո՛չ մի տեղ
Քո դեմքը հրե,—
Բայց ես գիտեի, որ մեռնում է նա,
Ով որ քեզ սիրե։

Ու սիրտս տված մահի անուրջին,—
Մա՜հ էի տենչում,—
Բայց տեսա հանկարծ քո դեմքը վերջին
Այս աղջամուղջում։

Քո դեմքը տեսա, որպես սրբազան
Մի զոհաբերում.
Քո դեմքը տեսա աշխարհասասան
Այս հրդեհներում։

---------------------------------------

1 Սոմա — հին հնդկական (վեդայական) կրոնի մեջ ուրախության, առույգության ու քաջության աստվածը. կրակի աստվածուհին. փխբ. գեղ. գրականության մեջ՝ սիրո ու խնդության խորհրդանիշ:

[ էջ 105 ]

Եվ քեզնով հարբած՝ կանչեցի՜ նրանց
Հրդեհի պարին,—
Եվ կյանքս տվի, պարզ ու սրտաբաց,
Վառվող աշխարհին...

III

Սո՜մա, ես գիտեմ՝ մի աղջիկ ես դու,
Երկնային մի քույր,
Որ տալիս է մեր սուրբ ծաղիկներին
Թույն, թախիծ ու բույր։

Երկնքից իջած քո ցո՛ղն է սերում
Բույսերը բոլոր.
Քո՛ւյր, ապրում ես դու մեր սուրբ բույսերում
Քաղցր ու ահավոր։

Մենք այդ բույսերից խմիչք ենք շինում,
Գինի հրակեզ,
Եվ այդ սրբազան խմիչքով հարբած—
Ցանկանում ենք քեզ։

Վառվում ես, Սո՛մա, մեր երակներում
Դու, որպես գինի,—
Եվ քեզնով հարբած ուզում ենք մենք էլ,
Որ այս աշխարհում քո կամքը լինի...

IV

Սո՛մա, օ, Սո՛մա, սրբազան խմիչք,
Սրբազան դու սեր,
Ոգևորության դու քա՜ղցր գինի,
Երկունքի գիշե՛ր։

Արշալույսների սրբազան արգանդ,
Ոգու Կաթն Ծիր1.

--------------------------------

1 Կաթն ծիր, Ծիր Կաթին, Հարդագողի ճանապարհ — ըստ հայկ. դիցաբանության ուժի և քաջության աստված Վահագնը ասուրական Բարշամ (Բել) աստծուց հարդ է գողացել, որը տանելիս մասամբ թափ-

[ էջ 106 ]

Արևից առաջ դո՛ւ երկնից անցար,
Ոսկի փռեցիր։

Օ, սրբազան հա՜րս դու ազատության,
Դու— ազատությո՜ւն,
Դու— վերջին ցնորք վերջի՜ն քաղցրության,
Դու— ոգու խնդում։

Դո՛ւ, որ սրտերում փրփրում ես վառ,
Հոսում ես արագ,
Ու փրփուր-փրփուր եփվելով սրտում
Վառվում ես հանկարծ, դառնում ես կրակ։—

Սո՛մա, օ, Սո՛մա, օրհնվի՜ թող այն
Վայրկյանը կարմիր աշխարհում այս չար,
Երբ մարդու սրտում առաջին անգամ
Հ֊րի փոխվեցիր ու Ա՛գնի դարձար...

Ու հրդե՛հ դարձար, ու կրակ, ու հուր,
Սրտից ծփալով— անցար աշխարհին.
Եվ կյանքը այս չար, այս կյանքը տխուր
Հանձնեցիր հրին։

Ծփում ես հիմա մարդկանց սրտերում
Ու ողջ աշխարհում հրդեհ ես վառել.
Քո՛ւյր, դո՛ւ ես միայն թխպոտ օրերում
Մեզ մխիթարել...

Վառե՛լ ենք հիմա աշխարհը նորից,
Ուխտի ենք ելել խենթ ու խելագար.
Օրհնվի՛ թող քո անունը նորից,
Որ հուր դարձրեց մեր սրտերը քար։
Հուրդ մեր սրտում թող սուրբ փրփրի.
Խմե՜լ ենք արդեն, ելել ենք պարի,

------------------------------------

վել է, առաջացնելով սպիտակ գոտի. այստեղ՝ փխբ. հոգևոր սնունդ:

[ էջ 107 ]

Խառնել ենք իրար հիմա կյանք ու մահ.
Բռընկվի՜ր կրկին ու կրկին անգամ,
Վառվի՛ր մեր սրտում, ծփա՛ արնաքամ,
Խելագա՜ր Սո՛մա...

V

Քո՛ւյր, քո գինին մեր սրտերում
Մխացել է դա՜ր ու դարե՜ր.
Քո՛ւյր, քո գինին մեր սրտերում
Քանի՜ ոսկի ջահ է վառել...
Քանի՜ ոսկի ջահ է վառել
Երկրի մուժում,
Քանի՜ ոսկի ջահ է վառել
Կյանքի փոշում։
Դա՜ր ու դարե՜ր մեր սրտերում
Վառվել է վառ,
Բայց հրդեհվել չի կամեցել
Աշխարհը քար։

Ո՞վ չի տեսել, երբ իջնում է թանձր գիշեր—
Շիրիմներից դուրս են թռչում ոսկի լույսեր։
Փոշիացող ոսկորներից լույս է ծորում.
Գինի՛դ է այն, որ չի վառվել մարդու օրում։
Գինի՛դ է այն, որ զուր հուզվել, բայց չի՛ վառել՝
Գինի՛ է այն, որ մարդ իր հետ վա՛ր է տարել.

Ու գիշերի թանձր մթում—
Հրե մի սուր—
Դուրս է թռչում գերեզմանից՝
Վառվում է զուր...
Սո՛մա, գինիդ, որով հարբել,
Խենթ ենք հիմա—
Դա՜ր ու դարե՜ր տվել է մեզ
Երկունք ու մահ.
Մա՛հ է տվել ու գերեզման,
Հող ու անհուն—

[ էջ 108 ]

Որ դուրս թռչի, ազատ վառվի—
Գերեզմանում...
Ու չէր վառվում դա՜ր ու դարեր
Աշխարհը քար.
Հիմա վառվեց... Խե՜նթ ենք մենք էլ
Ու խելագար։—

Պա՜ր ենք բռնել խելագար,
Հրդեհում ենք ու վառում—
Այն ամենը, ի՛նչ որ կար
Հազարամյա աշխարհում։
Ու արյունը մեր՝ խառնըված հրին՝
Վառվում է ագահ,—
Ու լույս է տալիս վառվող աշխարհին
Դեմքդ հեռակա։

VI

Ու դառնում է մեր շուրջպարը արագ,
Եվ մեր շուրջպարում— հրդեոի պարում
Հեքիա՛թ է, կյանքը, ու մարդը— կրակ։

Հրթիռ-հրթիռ վեր են թռչում
Կյանքերը մեր կարեվեր1,
Ու վառվում է աղջամուղջում
Ողջակիզվող սիրտը մեր։

Ամբոխները զրահապատ
Ծափ են զարկում ու պարում,
Զա՛հ է դարձել ամեն մի մարդ
Կրակապատ աշխարհում։

Ու պար բռնած, ու խելագար
Ե՜րգ ենք ասում կրակին—

-------------------------------------------

1 կարեվեր — ծանր վերքեր ստացած՝ հասցրած, խոր վիշտ պատճառող. փխբ. ուժգին, սաստիկ, մեծ, ուժեղ:

[ էջ 109 ]

Ու վառվում է աշխարհը քար
Մրրիկներում կրակի։
Կիրակի է կյանքն հիմա—
Ջահազարդվա՜ծ, կրակուն—
Ու պարում են կյանք ու մահ
Սո՛մա, քո սուրբ կրակում...

VII

Հե՛յ, հեռավոր ընկերներ ու եղբայրներ,
Դուք չե՞ք լսում, ձե՛զ ենք կանչում,—
Զվարթ ու սեգ,
Եկե՛ք, մտե՛ք շուրջպարը մեր—
Եկե՛ք, եկե՛ք։
Օ, կո՜ւյր է նա, ով չի տեսնում
Երկինք հասած կրակը թեժ.
Եկե՛ք, եկե՛ք, ով սիրտ ունի
Ողջակիզվող ու հրակեզ։
Ով որ եկավ— պետք է իր հետ
Ողջակիզվող մի սիրտ բերի—
Եկե՛ք, հսկա պարը մտեք
Աշխարհային հրդեհների։

Ու ծավալվի՛ թող
Աշխարհովը մեկ
Հրդեհը մաքրող,
Բոցը հրաշեկ։

Կյանքը հնամյա,
Որ մխում է զուր—
Թող մոխի՛ր դառնա
Ու անցնի իզուր։

Հո՛ւրը թող մնա,
Հրդեհը հոգու,
Որ հրաշք դառնա
Սո՛մա, խոսքը քո։

[ էջ 110 ]

VIII

Ու գալիս են անվե՜րջ, անվե՜րջ
Ամբոխները ահագին,
Որ կյանքը հին ու սնամեջ
Ողջակիզեն կրակին։

Ու հուրն ընկած, անդարձ, անել,
Այրըվում է կյանքը քար—
Ու հրդեհում պար են բռնել
Ամբոխները խելագար։

Ու արյունը մեր, խառնըված հրին,
Վառվում է հրում՝ զո՛հ է սրբազան—
Ու ժպտում է քո դեմքը աշխարհին
Այս հրդեհներում աշխարհասասան...

IX

...Թվում է հիմա կյանքը իմ հոգուն
Մի ոսկի տեսիլ.
Ինչ լա՜վ է, Սո՛մա, որ կյանքի հոգուն
Հիմա՛ եմ հասել.
Ինչ լա՛վ է, Սո՛մա, որ քո կրակում
Վառվում եմ ես էլ...

Կվառվեմ հիմա, որպես զոհ կամքիդ
Ու զոհաբերում,
Եվ եթե մարի հրդեհը այս մեծ,
Որ չունի մարում—
Դու էլի՛ հազար հրդեհ կվառես
Այս չար աշխարհում...

Սո՛մա, սերը քո թույն է ու գինի,
Բայց քա՜ղցր է այնքան.
Սո՛մա, կաս դու միշտ, բայց անցնում եմ ես
Ու վաղը չկամ.

[ էջ 111 ]

Սո՛մա, աշխարհում թող կամքդ լինի
Տիեզերական։—

Կյանքս կմարի՝ հին, չնչին մի կայծ
Քո ոսկի հրում—
Բայց վառվի՛ պիտի սիրտս մոխրացած
Քո բոլո՛ր գալիք արշալույսներում...

1918 հունիս-հուլիս
Կարմիր բանակ

 

ԱՄԲՈԽՆԵՐԸ ԽԵԼԱԳԱՐՎԱԾ

I

Հեռո՛ւ, մոտիկ ընկերներին,— աշխարհներին, արևներին,—
Հրանման հոգիներին։—
Բոլո՜ր նրանց, ում որ հոգին վառվում է վառ,—
Բոլո՜ր նրանց հոգիներին արևավառ,—
Կյանքի՜, մահի՜ այս ամեհի աղջամուղջում՝
Ողջակիզվող հոգիներին— ողջո՜ւյն, ողջո՜ւյն։—

II

Իրիկուն էր, հրակարմիր մի իրիկուն։
Արևը, բորբ՝ մայր էր մտնում արևմուտքում։
Դաշտի վրա փռվել էր մուժ արյունամած՝
Թույն էր կարծես՝ բորբ արևի սրտից քամած։
Արևը, թեժ՝ մայր էր մտնում արևմուտքում—
Ու արյուն էր դաշտի վրա, թո՛ւյն էր թքում։
Հորիզոնում վառել էր մի կարմիր քուրա—
Ու արնավառ փայլ էր փռում դաշտի վրա։
Ու արտերը, ալեծածան, վառվել էին
Արեգակի կարմիր փայլով իրիկնային։—
Դաշտը, անծայր ու անսահման, լայնատարած՝

[ էջ 112 ]

Հրակարմիր տարածվել էր նրանց առաջ։—
Ծով էր կարծես, որ սկիզբ ու սահման չունի—
Ծով էր կարծես՝ մշուշի մեջ իրիկունի։—

III

Արևի տակ իրիկնային, իրիկնային հրով վառված՝
Այդ հին դաշտում կռվում էին ամբոխները խելագարված։
Քաղաքներից ու գյուղերից, ստեպներից հեռու ու մոտ՝
Եկել էին նրանք նորից՝ հուսավառված ու կրակոտ։
Ով քաղաքից էր հեռացել— նա թողել էր մշուշը ծեր,—
Մշուշը, որ կյանքի վրա մխաշաղախ ամպ էր դարձել։
Ով եկել էր գյուղից հեռու— նա թողել էր հողը խոնավ,
Որի վրա կյանքը հլու ո՛չ մի ոսկի հասկ չծնավ։
Ով եկել էր ստեպներից, նա թողել էր անծայրածիր
Լայնությունը հորիզոնի, որ իր համար բանտ էր դարձել։
Ով քաղաքից էր հեռավոր, ուր մառախուղ էր անորոշ՝
Նա բերել էր թոքախտավոր սիրտը, որպես կարմիր դրոշ։—
Ով եկել էր, թողած հեռուն անծայրածիր մութը գյուղի՝
Բերել էր իր մկաններում բեղմնավորված ուժը հողի։
Ով եկել էր ստեպներից, ուր ապրում էր որպես գերի—
Բերել էր իր լուրթ աչքերում լայնությունը ստեպների...
Ըմբոստացած, խելագարված, չտանելով հին կյանքը էլ՝
Անծիր դաշտում այդ հավաքված՝ նրանք կռվի էին ելել։

IV

Մայր էր մտնում իրիկնային արևը՝ թեժ լույսով վառված։—
Ու երգելով կռվում էին ամբոխները խելագարված։—
Դաշտն էր դեմը՝ փռված էր նա շառագունած ու արևուն,—
Ու հեռևում, ճամփի վրա հսկա քաղաքն էր երևում։—
Ծո՜ւյլ նազանքով, իրիկնային արևի տակ անփույթ փռված՝
Պսպղում էր քաղաքը հին՝ հազարերանգ մի զանգըված։
Հեռո՛ւ, հեռո՛ւ, անծայր ու լայն, տարածվել էր քաղաքը հին—
Լողանում էր կարծես մարմանդ մշուշի մեջ իրիկնային։

[ էջ 113 ]

Հաղթ շենքերը, բարձր ցցված, կարծես կախված կարմիր օդում՝
Հետզհետե մթնում էին, անգունանում ու աղոտում։
Հեռու հրով միայն վառված պատուհանները ապակի
Փայլում էին արյունամած վերջին հրին արեգակի.
Արևի դեմ փայլում էին հրաբոսոր՝
Բռընկվել էր նրանց սրտում տագնապը սուր...
Եվ երկընքի սիրտը մխված բևեռների պես արնաքամ՝
Փայլում էին արյունամած ծխնելույզներն հսկայական։
Ծուխ չէր ելնում նրանց փողից՝ չէին փնչում երկինքն ի վեր.
Չէր կարծրանում նրանց ծուխից իրիկնային երկինքը էլ։—
Լոկ մշուշը իրիկնային թանձրանում էր հետզհետե—
Ու մշուշում կորչում էին ծխնելույզները երկաթե։—

V

Իսկ քաղաքից դեպի հարավ՝ ահատեսիլ ու հաղթական՝
Երևում էր երկաթուղու կայարանը հսկայական։
Լսվում էր մերթ շոգեկառքի սուլոցը սուր հեռու մուժում—
Մորթում էին կարծես այնտեղ խելագարված մի անասուն...
Ճչում էր սուր, հուսակտուր, ու հուսահատ ձայնը նրա,
Որպես անդարձ մահի մի լուր տարածվում էր դաշտի վրա։—
Ցրված էր նա, կայարանը, հսկա ու հաղթ, նրանց առաջ։—
Ու հանգույցից կայարանի, դաշտովը մեկ լայնատարած՝
Դեպի հյուսիս, դեպի հարավ, ու արևմուտք, ու արևելք—
Ուղիները երկաթագիծ ձգվել էին ամենուրեք։—
Երազների պես երկաթե քաղաքամոտ կայարանից
Հեռո՜ւ, հեռո՜ւ ձգվել էին ուղիները երկաթագիծ։
Երակների պես երկաթե՝ ամուր գրկած կուրծքը հողի՝
Սեղմըվելով հետզհետե՝ փախչում էին գաղտագողի...
Ու ցցված էր ուղիների խաչակնքման սեղմ հանգույցում—
Կայարանը, որպես մի հարց, որպես հսկա մի քարացում։
Ուղիների ճամփամիջում հանգույց էր նա կարծես կապված—
Ու անզիջում կռվում էին ամբոխները խելագարված։

[ էջ 104 ]

Կարծես նետված մի հաղթ ձեռքով՝ աշխարհային կամքին հլու՝
Գնո՜ւմ էին կռվո՜վ, երգո՜վ կայարանը գրավելու։—

VI

Կռվում էին։ Սուրում էր մի իրիկնային մարմանդ քամի։
Դեմը քաղաքն էր տարածվել՝ հազարամյա մի թշնամի։
Սֆինքսի պես հսկայական, շեկ ծծերը դրած հողին՝
Նա կտրել էր արևակամ ամբոխների կարմիր ուղին։—
Ու կայարանը՝ հաղթանդամ իրիկնային կարմիր մուժում,
Հաղթ նստել էր նրա առաջ, որպես նրան հսկող մի շուն։
Հաղթ նստել էր նրա առաջ ու տիրուհու կամքին գերի՝
Երթն էր հսկում գետնատարած, երկաթագիծ ուղիների։
Ու գծերի մոտ երկաթե, դեպի հյուսիս, դեպի առաջ՝
Ձգվել էին ալիքաձև խրամատներ գետնատարած։
Թշնամին էր պահվել նրանց ալիքաձև գետնափորում
Ու մատներով արյունոտած դեմը փռված դաշտն էր փորում:
Մտել էր ջերմ կուրծքը հողի՛, հողի սրտում դարան մտած
Կրակում էր գաղտագողի, նենգ ձեռքերով արյունոտած։
Կռվում էին՝ մոտենալով, մոտենալով հետզհետե։
Պայթում էին զրընգալով հրանոթները երկաթե։—
Ե՛րգ էր կարծես կռիվը այդ, որ զնգում էր մայրամուտում
Նայես՝ թռավ մի հրանոթ ու թունդ պայթեց խրամատում…

VII

Կռվում էին, ու կռվելով անցնում էին նրանք առաջ։
Ու դաշտերում իրիկնային մահն էր քրքջում համատարած
Երգում էր նա՝ երգը խառնած հրանոթի զրնգունին,—
Անցնում էին նրանք առաջ ու կրակված կռվում էին։
Ե՛րգ էր սիրտը ամեն մեկի, երգ էր հայացքը կրակոտ.
Վառվում էր սիրտը ամենքի, որպես կարմիր մի առավոտ
Ե՛րգ էր կարծես արևը հին՝ իրիկնային լույսով վառված
Եվ երգելով կռվում էին ամբոխները խելագարված...

[ էջ 115 ]

VIII

Եվ երգում էր մեկը՝ հզոր, հուժկու ձայնով ահեղագոչ,
Գո՜վքն էր երգում կռվի ելած, արիացած իր ընկերոջ։—
Որպես բազե՝ երգը նրա սլանում էր հեռու, հեռու—
Եվ երգելով կռվում էր նա՝ լուսաժպիտ ու ահարկու։
Երգում էր նա։ Մայր էր մտնում արևը հին՝ կարմիր քուրա։
Եվ դաշտերում իրիկնային— զանգ էր կարծես ձայնը նրա։
Զա՜նգ էր կարծես, զանգում էր զիլ, որ ողջ աշխարհը իմանա—
Բորբ կարոտով անծայրածիր, կրակելով երգում էր նա։—

IX

«...Ստեպներից, անտառներից, քաղաքներից հեռու ու մոտ—
Մենք մեր սիրտն ենք բերել նորից՝ հուսավառված ու կրակոտ։
Այստեղ հիմա կռիվ է, մահ, ու աղջամուղջ է անորոշ,—
Մենք մեր սիրտն ենք պարզել հիմա— մահի հանդեպ՝ կարմիր դրոշ։
Արյունաքամ մա՛յր է մտնում հազարամյա արևը հին.
Արյունավառ ժպտում է մեզ այս աշխարհը իրիկնային...
Ու խնդասիրտ կռվում ենք մենք, ե՜րգ ենք ասում կռվում հիմի.
Կուրծք է տվել աշխարհը ողջ՝ հազարամյա մի թշնամի...
Բայց անվհատ կռվում ենք մենք, ու մահը՝ սեգ ժպտում է մեզ—
Շատերս, ախ, պիտի զոհենք սրտերը մեր կարոտակեզ։—
Անողո՛ք է երթը այս սեգ, ինչպես կարմիր կարոտը մեր—
Կրակեցեք, կրակեցեք, խելագարված իմ ընկերներ...»։

X

...Մայր էր մտնում իրիկնային արևը՝ թեժ լույսով վառված։
Ու անվհատ կռվում էին ամբոխները խելագարված։
Աչքերի մեջ՝ կարմիր մի հուր, ու սրտերում— կարմիր կրակ՝

[ էջ 116 ]

Վերջին թափով մի ամրակուռ՝ անգայթ1 կռվում էին նրանք։
Խենթ երգելով, կրակելով նրանք անցնում էին առաջ—
Ու թշնամին փախուստ տվեց՝ ահաբեկված ու վտարված։—
Մութ էր արդեն, մայր էր մտել արեգակի շողը վերջին,
Երբ գրոհով մի անվեհեր կայարանը գրավեցին...

XI

Մութ է հիմա։ Գիշերը, խոր, իջել է վար։
Մութ է հիմա, թանձր խավար։
Երկաթուղու կայարանում, ուր ո՛չ մի լույս չկա վառված
Խռնվել են հազարանուն ամբոխները խելագարված։—
Գիշերի մեջ չեն երևում հաղթ կամարները երկաթե՝
Լույս չեն վառել կայարանում, որ թշնամին չնկատե։
Սպասում են՝ աչքերն հառած խավարամած հեռուներին՝
Մութը իջավ համատարած, մինչ կայարանը վերցրին։—
Սպասում են, որ մինչև լույս գոնե մի քիչ հանգստանան
Ու առավոտ դուրս գան նորից ու քաղաքի վրա գնան։
Աչքերն հառած թանձր մութին, սրտատրոփ, անապաքեն2՝
Սպասում են առավոտին, որ կռիվը շարունակեն։
Մի քիչ առաջ, արյունաքամ, երբ դեռ դաշտում կռվում էին—
Մո՜տ էր թվում քաղաքն այնքան երկաթուղու կայարանին...
Եկան իրենք, կռվով, երգով գրավեցին կայանը մեծ—
Իսկ թշնամին փախուստ տվեց ու քաղաքում պատսպարվեց։
Սպասում են իրենք հիմա, որ մինչև լույս հանգստանան—
Ու առավոտ դուրս գան նորից և քաղաքի վրա գնան։

XII

Ու մթի մեջ հազարամյա, գիշերի մեջ խորը, անհուն՝
Խռնվել են նրանք ահա երկաթուղու կայարանում։
Դաշտն է դեմը, խավարակուռ ձգված է նա։
Չկա մի ձայն, չկա քամի, մութ է հիմա։
Դաշտն է դեմը՝ անծիր, անծայր մի զանգված խավարամութ,

-------------------------------------------

1 անգայթ — անսայթաք, անսխալ:
2 ապաքեն — ապաքինություն, ապաքինելը, ապաքինվելը:

[ էջ 117 ]

Ուր նստել է անաչք, անլույս, խորհրդավոր կասկածը մութ։
Շնթռկել է, որպես մի շուն, ու խավարն է հսկում հիմի,—
Շնթռկել է թանձր մուժում, որպես անտես մի թշնամի։
Մութ նստել է կասկածը հին ու աչքերով խավարամած
Նայում է նա կայարանին, որ կանգնած է իրա դիմաց։
Շարժըվում է մութը կարծես ու խավարով իր աչքերի—
Նայում է նա լուրթ աչքերին խելագարված ամբոխների։—
Ու տագնապով անլըռելի, հայացքներով անթարթ լարված՝
Նայում են մութ հեռուներին ամբոխները խելագարված։
Լուրթ աչքերով խորը, տխուր— մո՛ւթն են դիտում նրանք անհուն—
Ու դժժում է աղմուկը խուլ գիշերային կայարանում...

XIII

Հոծ բանակով հսկայական կայարանի դեմ խռնված՝
Լուրթ աչքերով արևակամ— դաշտն են դիտում խավարամած:
Մո՛ւթ է դեմը, ու խավարում, որ բացվել է, որպես անդունդ՝
Երևում է հեռու-հեռուն կարմիր լույսով վառվող մի գունդ։
Աչքերի դեմ մթակալված, հայացքների դեմ ակընդետ—
Հեռու մթում լույսն այդ վառված գո՛ւնդ է թվում, կարմիր մի կետ
Գիշերի մեջ— կարմի՜ր, կարմի՜ր, տագնապալից վառվում է նա՝
Գիշերի մեջ վառել են, որ զորքը պատրաստ, արթուն մնա։
Անծայրածիր մթում հեռվի կարծես կարմիր գլուխ է շան—
Վառել են այն, որպես կռվի ու տագնապի ազդանշան։
— Քաղաքն է այն հազարամյա, ուր տագնապ ու տենդ կա հիմի։
Պահվել է նա, որպես վախից խելագարված մի թշնամի։
Ու կրակը այդ կարմրակեզ— ահանշան ու վիթխարի—
Մի արնագույն կետ է կարծես ուղեղի մեջ խելագարի։
Բռնըկվել է հույսով հետին, հոգեվարքի տենդով վառված—
Ու նայում են կարմիր կետին ամբոխները խելագարված...

[ էջ 118 ]

XIV

Գիշերի դեմ խավարամած, աչքերն հառած կարմիր կետին՝
Ամբոխները խելագարված սպասում են առավոտին։
Ու վառվում է խավարակուռ հոգիներում նրանց անգայթ
Կետը այդ մուգ, որպես հեռու, հրաբոսոր մի ճառագայթ։
Սուր մխվել է նրանց սրտում, որպես մի թեժ, կարմիր բևեռ —
Թույն է լցնում ու բորբոքում ու երազներ աշխարհավեր...
Աղմըկում է նրանց սրտում մորմոքը հին, հազարամյա —
Տենդ է սփռում ու խլրտում նրանց անգայթ սրտում հիմա։
Լուրթ աչքերում փայլում է վառ արյունամած մի ցանկություն —
Ու աչքերը միլիոնավոր թո՜ւյն են թքում, արյուն ու թույն:
Բարձրանում է նրանց սրտից տարիների մաղձը աղի —
Ու վառվում է լուրթ աչքերում՝ արյունալից ու կատաղի։
Ու աչքերը արյունամած անթարթ հառած կարմիր կետին՝
Ամբոխները խելագարված սպասում են առավոտին։

XV

...Գիշերի՜ դեմ գիշեր է մութ խավարամած նրանց հոգին,
Որ կարոտով մի կրակոտ սպասում է առավոտին։
Խավար է մեծ սիրտը նոցա, բայց խավարում անծայրածիր —
Երկինքնե՜ր կան կապուտաչյա, հորիզոննե՜ր՝ անծա՜յր, անծի՜ր:
Ու աչքերում նրանց կապույտ, ուր իջել է գիշերը մութ —
Հազա՜ր բողբոջ կա կրակոտ, ու արշալույս, ու առավոտ։
Նրանց ձգված մկաններում ո՛ւժն է նստել խոնավ հողի,—
Եթե ուզեն՝ արևներին նոր տե՛մպ կըտան ու նոր ուղի…
Եթե ուզեն՝ արեգակնե՛ր կշպրտեն երկինքն ի վեր.
Եթե ուզեն՝ վա՛ր կըբերեն երկինքներից արեգակներ...
Եթե ուզեն՝ կամքով արի ու աշխարհի հրով վառված—
Ինչե՜ր միայն չեն կատարի ամբոխները խելագարված…

XVI

Ու հոսում է գիշերը մութ, մոտենում է առավոտին։
Հոսում է պաղ ու անօգուտ սպասումի ժամը հետին։

[ էջ 119 ]

Դաշտից ահա սուրում է զով, մարմանդ քամին առավոտի—
Ու վառվում է վերջին լույսով կրակը այն կարմիր կետի։
Նոսրանում է խավարն ահա, գունատվում է հետզհետե —
Ճեղքում է մութն արևելքում հսկայական, հրե մի թև։
Ու սուրում է հեռուներից առավոտվա կիսամթում—
Մարմա՜նդ, մարմա՜նդ, բուրումնալից, գարնանային մի թարմություն։
Շարժըվում է խավարը թեն ու հեռևում խավարամած
Երևում է քաղաքն արդեն՝ մութ, անորոշ մի զանգըված։
Հաղթ շենքերի պատերը հաղթ որոշվում են հետզհետե,
Երևում են ահա հպարտ ծխնելույզները երկաթե...
Ու բորբ սրտում ամբոխների թո՛ւնդ է առնում կարոտը վառ,
Երկինքներում լուրթ աչքերի վառվում է տենդը հոգևար...
Բո՛րբ աչքերով նայում են մեծ, խավարակուռ զանգըվածին —
Ու վառվում է սիրտը նրանց, որպես հրդեհ արեգնածին...
— Պիտի երթան առա՛ջ հիմա, պիտի առնեն քաղաքը մեծ,
Պիտի թափե՛ն նրա վրա հազարամյա մաղձը իրենց։
Քանդե՜ն պիտի ու ավերեն, տեղը փոշի՛ պիտի փռեն—
Հազարամյա քաղաքը այդ քանդե՜ն պիտի ու ավերեն։—
Այրե՜ն պիտի, խելագարված պիտի պարե՜ն հրդեհներում,
Ու կարմրավառ կրակ ու կայծ պիտի փռեն երկրի հեռուն։—
Ու մնացած մոխիրը ձիգ պիտի այրե՛ն նրանք նորից,
Որ կյանքը հին, որպես փյունիկ1, չբարձրանա՜ մոխիրներից...
Քամո՜ւն տալով մոխիրը այն, որ տանի ու ետ չբերի—
Դեպի հեռո՜ւն պիտի երթան դեռ չծնված արևների...

XVII

...Լուսաբացին, երբ կարմրածուփ հորիզոնում հրաշուշան
Կարմիր վառվեց արևը բորբ, որպես կռվի ազդանշան,
Երբ բռնկվեց արևելքում արևը՝ նոր լույսով վառված—
Դո՜ւրս նետվեցին կայարանից ամբոխները խելագարված...

---------------------------------

1 փյունիկ — մի քանի հին ժողովուրդների դիցաբանության մեջ՝ ինքն իրեն այրելու և կրկին կենդանանալու հատկությամբ օժտված առասպելական թռչուն. փխբ. գեղարվեստական գրականության մեջ գործածվում է որպես հավերժական վերանորոգման՝ վերակենդանացման խորհրդանիշ:

[ էջ 120 ]

Դեմը դաշտն էր անծայրածիր, ուր մշուշ էր արևագույն,
Ու մշուշում շոգիացող, առավոտի մարմանդ միգում,
Կրկեսի պես մի վիթխարի, խայտաբղետ, խայտանկար—
Եզերքի մոտ ճանապարհի երևում էր քաղաքը քար...
Աչքերն հառած հեռու-հեռուն կարմիր վառվող արեգակին՝
Արևավառ հեռուներում նրանք կռվում էին կրկին.
Հոծ խմբերով հազարանուն, արեգակի հրով վառված՝
Դեպի Արև՜ն էին գնում ամբոխները խելագարված...
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
1918, հուլիս

 

ՆԱԻՐԻ ԵՐԿՐԻՑ

Եկել — երկաթե երգ եմ ձեզ ասում
Ես — կարմիր պոետ — Եղիշե Չարենց։
Ե՛ս եմ՝ նաիրցի մի հսկա պոետ —
Եկել եմ ահա դարերի հեռու
Ու հին մշուշից —
Մշուշի միջից անթիվ դարերի.
Եկել եմ ահա ու կանգնել եմ սեգ,
Եվ երգ եմ ասում հիմա բոլորիդ —
Երկաթե մի երգ։

Ոտքերս, ամուր, հողի մեջ մխած,
Գլուխս աստղերում,
Անսասան, հաստատ կանգնած հողմային
Օրերի հրում—
Իմ հավերժատես, պայծառ աչքերով
Նայում եմ հեռուն։

Դեմս — հողմակոծ աշխարհն է անծայր,
Հեռո՜ւ ու հեռո՜ւ,—
Շաչում է, զնգում, ահեղ ու պայծառ —

[ էջ 121 ]

Բոսո՜ր հողմերում։
Գլխիս վրայով
Թռչում են, շաչում օրերը արագ,
Հողմերի նման հավիտենության
Ծեծում են կուրծքս վիթխարի թափով,—
Ծեծում են կուրծքս, շաչում ու իրենց
Երկաթ թևերով թռչում են հեռու—
Ու հեռուներում ոռնում են անտես,
Ոհմակների պես քաղցած գայլերի,
Որ գազազել ու շշմել են ասես
Հողմերում հրի:
Ու կանգնել եմ ես՝
Ոտքերս ամուր հողի մեջ մխած
Ու գլուխս տո՜թ խառնարաններում
Անցած ու գալիք անթի՜վ օրերի։—

Ու կանգնել եմ ես՝
Լեռների վրա իմ ավեր երկրի,
Կանգնել եմ հաստատ ու երգ եմ ասում
Խնդասիրտ, արի,
Եվ նետում եմ իմ երգը հողմաձայն
Ժողովուրդներին բոլո՜ր կողմերի —
Բոլո՜ր կողմերում տառապող մարդուն։
Եվ ասում եմ ես.
— Եկե՜լ եմ ահա.
Եկե՜լ, հասել եմ դարերի մուժից,
Անբոց մշուշից հեռու դարերի—
Եվ բերել եմ ձեզ, կարմիր ձեր երթին,
Սի՛րտը Նաիրի...
Բերե՛լ եմ կարմիր սիրտը Նաի՛րի
Ձեր կարմիր հրին — կարմիր ողջակեզ.
Եվ ասում եմ ես
Ժողովուրդներին բոլո՜ր կողմերի,
Բոլո՜ր կողմերում տառապող մարդուն.
— Լսե՜ք, հե՜յ, լսե՜ք,—
Բոլոր կողմերում տառապող մարդիկ,
Բանվորներ արի — բոլոր կողմերի,

[ էջ 122 ]

Եվ գյուղացիներ, զինվորներ բոլոր
Ռազմադաշտերից տուն դարձող արդեն.—
Լսե՛ք, հե՜յ, լսե՛ք.
Դուք, որ հաղթակամ
Ելե՜լ եք արդեն ու կռվով ըմբոստ,
Շաչող, շառաչող օրերի միջով
Գնում եք դեպի Կարմիր Ապագան—
Լսե՜ք, հե՜յ, լսե՜ք, իմ ողջույնը սեգ
Ու եղբայրական...

Նաիրի երկրից — իմ ողջույնը ձեզ.
Ձեր կարմիր հրին —Նաիրի կարմիր
Սիրտը— ողջակեզ։

Ո՞վ գիտե արդյոք՝
Բերե՞լ է մեկը այսօր աշխարհում
Խառնելու ձեր մեծ ու հզոր երգին
Մի երգ — ավելի՛ ըմբոստ ու արի,
Քան իմ երգը մեծ — երգը Նաիրի...

Ո՞վ գիտե արդյոք՝
Բերե՞լ է մեկը այսօր աշխարհում
Խառնելու հզոր, բոսոր ձեր սրտին
Մի սիրտ — ավելի՛ ըմբոստ ու արի,
Քան իմ սիրտը թեժ — սիրտը Նաիրի։

Եվ ո՞վ, ո՞վ կասի՝
Նետե՞լ է արդյոք մեկը աշխարհում
Այսօրվա կարմի՛ր, կարմիր ձեր երթին
Ողջույն — ավելի՛ առնական, արի,
Քան ողջույնը քո, երկիր արնաքամ,
Կարմի՛ր Նաիրի...
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Ծաղկի պես կարմիր, հրասիրտ, զվարթ,
Բացվել է այսօր սիրտս նաիրյան
Աշխարհի սրտում—
Թեժ, կարմիր սրտում վառվող աշխարհի։

[ էջ 123 ]

Իմ հազա՜ր անգամ ու հազա՜ր սրով
Արնոտած, խոցված սիրտը նաիրյան
Բացվել է այսօր աշխարհի սրտում.
Հուզում է հոգիս անհուն մի խնդում,
Խնդում մի հրե —
Եվ երգում եմ ես, ահե՜ղ ու պայծառ,
Քո էն երգը մեծ, տիեզերական,
Երկի՛ր Նաիրի...
Երգում եմ հիմա քո երգը էն մեծ,
Որ սրտիս տվեց տառապանքը քո,
Քո աշխատանքը, հաղթ ժողովրդի
Տառապանքը մեծ։

Ե՛ս — ե՛ս եմ նորից.—
Դարերից եկած անհո՜ւն մի պոետ—
Եղիշե Չարենց—
Նաիրի երկի՛ր, քո երգիչը վառ,
Օրհներգուն պայծառ
Ու զավակը մեծ...

Ե՛ս — ե՛ս եմ նորից.—
Ոսկի երակը հնամյա ցեղիս,
Իմ ջլաբազուկ, հաղթ ժողովրդի
Օղակը վերջին,
Տվել եմ սիրտս գալիք օրերի
Երկաթե երգին,
Կապել եմ կյանքս Գալիքի հետ վառ—
Եվ կրում եմ իմ մեծ, հսկա սրտում—
Մի երկաթակուռ, նո՜ր, հզո՜ր աշխար:

Ու կանգնել եմ ես, հզոր ու հաստատ,
Լեռների վրա քո հավերժաձյուն—
Կանգնել եմ, պայծառ, ու շուրջս հիմա
Գալիքի կարմիր թևերն են շաչում—
Եվ կարծրանում ու պնդվում է հոգիս
Նրանց շառաչում։

[ էջ 124 ]

Ու հպարտ եմ ես, հպարտ է ու խենթ
Քո կարմիր հրով լցված իմ հոգին.
Հպարտ եմ, որ ես — անհուն մի պոետ,
Ձայնով խնդագին—
Խառնում եմ այս նո՜ր, հզոր ե՜րգը քո—
Բոլորի՛ երգին...

1920

 

ԴԵՊԻ ԱՊԱԳԱՆ

Լցված է անհուն իմ հոգին հիմա
Շփոթ երգերով ու աղմուկներով.
Լցված է սիրտը իմ՝ էլեկտրական
Բորբ հոսանքներով։

Ռադիո-կայան է իմ հոգին հիմա
Ամբո՛ղջ աշխարհի ու մարդկանց հանդեպ,
Ու բա՜րձր է, բա՜րձր է կայանն իմ հոգու՝
Մասիսի նման բարձր է ու հաստատ—
Հզո՛ր, ահարկո՛ւ։

Օրերում այս վառ, հողմավար, շփոթ—
Հեռու ու մոտիկ միլիոն սրտերի
Ե՜րգն է վիճակվել ինձ երգել այսօր.
Իմ բազմամիլիոն, բյուր ընկերների
Խինդը այսօրվա ու թռիչքը մեծ—
Գալիք օրերին նետե՛լն է երգիս
Վիճակվել այսօր։

Ահա՛ թե ինչո՛ւ է երգս հաղթական,
Ահա՛ թե ինչու է իմ ձայնն այսօր
Հավերժի նման համա՜ռ ու հաստա՛տ։

Ահա՛ թե ինչու
Վիթխարահսկա, որպես Էյֆելյան

[ էջ 125 ]

Աշտարակը մեծ,
Անցած ու գալիք դարերի շեմքին
Հզոր, բարձրաբերձ՝
Կանգնել եմ ամբողջ հասակովս մեկ
Եվ երգում եմ ես։
Եվ հոգիս հիմա՝ ռադիո-կայան՝
Իր հրակարմիր երգն է ուղարկում
Հեռո՜ւ ու հեռո՜ւ,—
Բոլո՛ր սրտերին, որ ապրում են, կան
Բոլո՛ր կողմերում։
Երգում է հոգիս, հրեղեն հնչում։
Գիտեմ՝ այսօրվա իմ երգի առաջ—
Իմ հոգու կարմիր կայծերի հանդեպ—
Ռադիո-կայան է ամեն մի հոգի,
Ո՛ւր էլ նա լինի.—
Ամե՛ն մի հոգի, որ ապրում է, կա
Եվ կրում է իր թևերի վրա
Նո՛ւյն խորհուրդը մեծ, խորհուրդը հսկա
Օրերի այս վառ,—
Այս վառ օրերի խորհուրդը պայծառ։
Ամե՛ն մի հոգի,
Որ իր երկաթե թևերով այսօր
Զնգում է, շաչում—
Եվ փնտրում է նո՜ր հանգիստ ու օրոր
Միլիո՛ն թևերի ըմբոստ շառաչում...

Գիտե՞ք, որ հիմա
Այստեղ — Նաիրի իմ երկրում ավեր
Ու հեռու-հեռուն—
Կարմիր Մոսկովում,
Տիբեթում դեղին,
Սան Ֆրանցիսկոյում, Լոնդոնում հսկա
Ու Սինգապուրում—
Բոլո՛ր վայրերո՛ւմ, բոլո՛ր կողմերում
Աշխարհը մի նո՛ր երգով է հղի։

Հե՜յ, հեռո՜ւ-մոտիկ

[ էջ 126 ]

Հանքահորերում,
Գործարաններում,
Լայն ստեպներում ու անտառներում—
Բոլո՛ր վայրերում, բոլո՛ր կողմերում,
Երկաթի՛, բրոնզի՛, հողի՛ ու հանքի
Երգով օրորված իմ բյո՛ւր եղբայրներ,—
Ո՞վ ունի այսօր կամքը մեր հրե,
Ուժը մեր բոսոր
Ու վառ բախտը մեր
Տիեզերական։

Ո՞վ ունի այսօր...

Մե՜նք ենք, որ նո՜ր ենք, հազար ենք ու բյո՛ւր

Երկաթե հսկա մի դիսկի1 նման
Բյո՛ւր եղբայրների կամքը մեր արի,
Տիեզերական—
Նետե՛լ ենք արդեն թափով վիթխարի
Դեպի հողմերը գալիք օրերի,
Դեպի — Ապագան...

1920

 

ԲՐՈՆԶԵ ԹԵՎԵՐԸ ԿԱՐՄԻՐ ԳԱԼԻՔԻ

Շաչում է աշխարհը, զնգում է հիմա,
Շաչում ու զնգում են աշխարհի վրա
Բրոնզե թևերը Կարմիր Գալիքի։

Որպես երկաթե մի մրրկահավ՝
Թռչում է կարմիր մեր կամքը հիմա
Աշխարհի հեռուն—

-----------------------------------

1 դիսկ — սկավառակ:

[ էջ 127 ]

Ու շաչում է հաղթ, երկաթ թևերով
Հեռու ու մոտիկ ռազմադաշտերում։

Փողփողում է վառ արևի առաջ
Մեր կամքը հիմա, որպես վիթխարի
Մի կարմիր դրոշ,
Որի արնագույն, կարմրավառ փայլից
Հնավանդ, զազիր քաղաքները քար,
Ցուլերի նման վիթխարահսկա,
Վախից խելագար,
Կանգնում են հետին ոտքերի վրա,
Փորում են հողը ոտքերի տակի
Ու սարսափահար
Իրենց վայրենի վա՛խն են մռնչում
Աշխարհովը մեկ—
Վա՛խը վայրենի, որ հնչում է մեր
Բոսոր սրտերում, որպես հաղթության
Ու փառքի մի երգ։
Օ՜, բառաչը այդ խելագար վախի,
Օ՜, սարսափահար ճիչը հոգևար
Ու տագնապը սուր՝
Հին, հազարամյա, քա՛ր քաղաքների
Տագնապը զազիր...
Օ, սարսափը այդ հուսահատական,
Մեռնող ցուլերի բառա՛չը վերջին
Կրկեսների մեջ հսկավիթխարի,—
Օ՜, սարսափը այդ նրանց հուսահատ,
Որ մեր սրտերում, կրծքերում երկաթ
Փոխվում է կարմիր, խնդացող հրի...

ճչում են հիմա
Թերթերը բոլոր մայթերի վրա,
Հաղթ կայանները ռադիո-գրի,
Գոց, զրահապատ գնացքներն շտապ
Ու շչակները գործարանների,
Սավառնակների թևերը շաչող,
Աղմուկը մաշվող ավտոշիների,

[ էջ 128 ]

Թնդանոթների ամբոխները ծույլ,
Որ հիմա արնոտ ռազմադաշտերից,
Գործադուլ արած բանվորների պես
Տուն են շտապում քայլերով տարտամ,—
Ֆանտաստիկական, ահե՛ղ առօրյան
Ճչում է հիմա
Նրանց անամոք, նրանց հոգևար
Տագնապի նման հուսահատական,
Ճչում է խռպոտ իր ձայնով վերջին—
Ու հասնում է այդ ճիչը հուսահատ
Լոնդոնից—Փարիզ—Ցեյլոն—Հնդուչին...

Ձգվել են ցանցեր,
Երկաթե անտես ցանցեր ու ցանցեր
Աշխարհում անծիր,—
Սրտից սիրտ հիմա, քաղաքից քաղաք—
Վառ, կարմիր ցանցեր...
Մեր կա՛մքն է այդպես հզոր շղթայել
Աշխարհը համակ,—
Մեր կամքը՝ թռչող, որպես փոթորիկ,
Ու տոկուն, համառ, որպես ժամանակ։—

Ե՛ս եմ— եղբայրս—ընկերս—օ՜, ո՛չ.
Կա՛մքը իմ, կա՛մքը քո— ու էլի՛, էլի՛
Կամքեր նույնազոր—հազար ու հազար:
Ու էլի՛, էլի՛,
Ու էլի՛, էլի՛,—
Զգո՞ւմ ես՝ հոգիս, հոգիդ ու նրա—
Հեռու, անծանոթ ընկերոջ հոգին—
Նո՛ւյն արեգնական խորհրդով է լի։
Ու էլի՛, էլի՛,
Ու էլի՛, էլի՛,—
Ամեն տեղ հիմա, բոլո՛ր կողմերում՝
Մոսկովից—Փարիզ, Լոնդոնից—Հռոմ...

Մինչև—Հնդուչին...

[ էջ 129 ]

Թնդանոթների բառաչը վերջին։
Տանկերը արնոտ ռազմադաշտերում՝
Կետերի նման երկաթազրահ...
Գնդացիրների ծարավը ագահ,
Գործարանների շչակները լուռ...
Օրերը՝ երկաթ ու պղինձ հագած
Սավառնակների նման ռմբաձիգ—
Օրերը, որ թեժ ռումբեր են նետում
Եվ թռչում են—
Ո՞ւր...

Անծի՜ր դաշտերում— բանակներ կարմիր։
Քաղաքներ մեռնող ու գյուղեր անմարդ։
Օրերի միգում— տագնապ ու գրգիռ։
Ոսկի ու բռունցք, արյուն ու երկաթ։
Ու տագնապը մութ, անկուշտ ու ագահ,
Հրեշի նման դեղին, հազարաչ,—
Ու բազմամրրիկ աշխարհի վրա—
Բրոնզե կարմիր թևերի շառաչ։
Ու երգը իմ նոր պիտի ավետի
Վաղը աշխարհին առաջին անգամ
Թռիչքի՛ մասին անկուշտ կարոտի
Մեր հավերժական։

Եվ նրանք, որ դեռ աշխարհում չկան,
Որ դեռ նոր պիտի ապրեն աշխարհում,
Դեռ նոր պիտի գան,—
Կարո՞ղ են, թող մեր թռիչքն այսօրվա
Անձկորեն չըզգան...

Նրա՛նք, որ պիտի ապրեն աշխարհում
Կարմիր Ապագան։

Նրանք, որ դեռ նո՜ր, դեռ նո՜ր պիտի գան...

1920

[ էջ 130 ]

ԵՐԳ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԱՍԻՆ

I

Երկիրը մե՛ծ էր ու լայն։— Տափաստաններ ընդարձակ,
Անծայրածիր հովիտներ ու ստեպներ հեռանիստ,
Հորիզոնից–հորիզոն ձյունե դաշտեր սպիտակ,
Լա՜յն երկնքի տակ փռված գյուղեր անդորր ու հանգիստ։
Մե՛ծ էր երկիրն՝ հյուսիսի վերի ծովից մինչ հարավ,
Ու արևի մի ծագից մինչ մյուս ծագն արևի։
Նստել էր էդ ընդարձակ երկրի մեջ ցարն անիրավ
Ու իշխում էր սանձարձակ, որպես դաժան թշնամի։
Խեղճ էր ապրում ժողովուրդն հազարբարիք երկրի էդ՝
Ճորտ էր, գերի, հողազուրկ՝ աշխատում էր, աշխատում,
Բայց մնում էր անոթի ու ապրում էր անհեթեթ,
Անիմաստ կյանք մի դժվար, որպես լծկան անասուն։
Նստել էին էդ անբախտ ժողովրդի շլինքին
Գոռ իշխաններ զանազան, հողատերեր ամեհի.
Քշում էին տեղից-տեղ զուրկ, անկրակ մուժիկին,
Ու լռում էր մուժիկն էլ՝ աչքը ահի ու մահի։
Էդ ընդարձակ աշխարհում, ուր հողը շատ էր այնքան,
Որ երկրի կեսը հաճախ մերկ ու խոպան էր մնում—
Հողազուրկ էր գյուղացին ու տառապում էր կարկամ,
Ուրիշի հողն էր վարում առավոտից-իրիկուն։
Լուռ տառապում էր էդ խեղճ ժողովուրդը հողազուրկ,
Հացի տեղ քար էր ուտում ու մեռնում էր անոթի,
Վշտից օղի էր խմում կաբակներում1 բազմաղմուկ
Ու քնում էր օրն ամբողջ, որ չարթնանա ու չուտի։
Ու հավատում էր մեկ էլ, աղոթում էր աստծուն
Ժողովուրդը էդ թշվառ,— հավատում էր, որ վերից
Լույս կբացվի մի օր էլ— հող կտրվի գյուղացուն,
Եվ ժողովուրդը ազատ ու լի՝ կապրի էդ օրից։
Բայց ո՛չ աղոթքն էր փրկում ժողովրդին էդ թշվառ,
Ոչ էլ օղին՝ դառնահամ կաբակներում աղմկուն.
Երկիրը ծով էր արյան ու կարիքը— անսպառ,

-----------------------------------------

1 կաբակ — պանդոկ:

[ էջ 131 ]

Սովն էր երկրում թափառում՝ արյունըռուշտ ու անքուն:
Հազա՜ր տարի էդ երկրում արևն ելավ արյունոտ
Ու մայր մտավ արյունոտ, որպես թրով զարկած աչք.
Երկիրը ծո՜վ էր արյան, երգը երկրում— մահվան բոթ,
Ու չէր վառվում օրերում լույս— փրկաբեր մի հրաշք։
Վաղո՜ւց էր, շա՜տ էր առաջ, որ հայտնվեց մի մուժիկ,
Շուրջը խմբեց բյուրավոր ըռնչպարներ անոթի,
Անտուն մարդիկ հավաքեց, գործից ընկած ու բոբիկ,
Ու խմբերով նրանց խեղճ ուզեց երկիրն ազատի։
Ձայն տվեց— «Է՜յ, ընչազուրկ, անհող մարդի՛կ, եկե՛ք դե՛ս,
Հավաքվեցեք բյուրավոր հոսանքն ի վար էս գետի.
Հազա՜ր-հազա՜ր հավաքվեք, պիտի տանեմ այսօր ես
Մինչ քաղաքը ցարի ձեր էս բանակն անոթի։
Պիտի Մոսկով տանեմ ձեզ... Ու քեֆ պիտի անեք դուք,
Էնտեղ օղի պիտ խմեք՝ ինչքան կուզեք, ինչքան կա,
Պիտի նստեք մեծամեծ պալատներում մեծաշուք,
Ու ձայնը է՛ն զրկվածի պիտի գահի՜ց զրնգա...»։
Էսպես կանչեց։— Ու եկան հազարավոր, բյուրավոր,
Եկան, բոլո՛րը եկան, ով որ չուներ խա՛տա-տուն,
Եկան, բոլո՛րը եկան, հավաքվեցին նորից-նոր,
Ու բանակը ծավալվեց օվկիանի պես ծփուն։
Ինչպես անտառը խշշար, ինչպես ծովը շառաչեր,
Ինչպես մրրիկը շաչեր— բանակից էդ բազմամարդ
Ամբողջ երկիրը զնգաց ու դղրդաց ծերից-ծեր՝
Երգը զնգաց բանակի՝ հազարաձայն ու զվարթ։
Ու անտառի նման սև բանակը էդ շարժըվեց,
Հորձանք տվեց ու ծփաց հոսանքն ի վեր էն գետի,
Ու հեղեղի պես սրբեց շեն կալվածներ մեծամեծ
Ու հողերի վրա տեր նստեց մուժիկն անոթի։
Էդ քանի օրը մի քիչ զուլալ էր աչքն արևի՝
Կարծես դեղդիր1 էր քաշել արնոտ աչքին իրա էն.
Արևավառ ծփացին տափաստաններն հեռևի,—
Զուրկ մուժիկները ելան, որ ստեպները վարեն։

1 դեղդիր — գործիք, որով աչքերին ծարիր են քսում. ծարիր փխբ. վերքին դեղ դնող, բուժող, հոնքերը ներկելու ներկ:

[ էջ 132 ]

Էսպես եղավ։ Եվ հանկարծ, ինչպես հեղեղը հորդի՝
Ահեղ սուրաց վերից-վար արնախում զորքը ցարի.
Եկան, կռիվ եղավ մեծ, կռվեց բանակն անոթի,
Որ հույսը զուրկ մուժիկի անվերադարձ չմարի։
Երկա՜ր-երկա՜ր կռվեցին։— Ու ետ առան նորից էն
Քաղաքները գրաված ու հողերը խեղճերի,
Իշխանների կիսավեր պալատները հոյաշեն—
Ու բյուր, հազար անոթի տարան հետները գերի։
Ու բռնեցին սևաչյա առաջնորդին նրանց մեծ,
Վանդակ դրին, որպես մութ սարից բռնած մի գազան,
Դեմքին ներկեր քսեցին, արնոտեցին ու էդպես
Մոսկով տարան—ցարանիստ քաղաքը էն սրբազան։
Էնտեղ տարան։ Ողջ երկիրն արդեն գիտեր ծերից ծեր
Առաջնորդի մասին էդ անտունների բանակի,
Գիտեր, որ ռուս աշխարհի, ժողովրդի էդ անտեր
Պաշտպանն է նա ու մեռնի՛ պիտի մահով կրկնակի։
Գիտեր.— ու սուգ էր անում։ Մինչ ղողանջը զանգերի
Արքայանիստ Մոսկովում ահասարսուռ զրնգաց,
Ու ամբոխը հավաքեց, և հսկային էն բերին,
Դահիճն եկավ— ու քաջի գլուխն ընկավ ուսից ցած։
Իսկ նրանց, որ նրա հետ գերի էին վերցրել—
Հոշոտեցին դահիճներն անգղների նման գեշ,
Պատառ-պատառ արեցին ու փորեցին աչքերն էլ
Ու փռեցին դաշտերում հազար դիակ, նեխած լեշ։
Էսպես արին։ Ու էսպես թաղեցին բախտը խեղճի
Ու ծիծաղը մի օրվա նրա քթից բերին ետ։
Նորից արևը ելավ, ինչպես ձեռքից դահիճի՝
Աչքը թարախ ու արյուն ու շողերը— մեկ-մեկ նետ։
Բայց ժողովուրդը երկա՜ր իր երգերի մեջ երգեց
Քաջի մասին էն խիզախ՝ ժողովրդին մխիթար,
Հազա՜ր երգեր հորինեց էն հսկայի մասին մեծ,
Որ ճորտացած մուժիկին ազատություն պիտի տար։

II

Ու տարիներ սառեցին դանդաղ, իրար ետևից...
Եվ արևը բարձրանում ու իջնում էր արյունոտ։

[ էջ 133 ]

Պատերազմներ էին միշտ ու նախճիրներ էն թևից՝
Սովն էր իշխում սանձարձակ ու աշխատում էր տենդոտ1։
Էնտեղ թաթարն էր զարկում։ Թուրքն էր էնտեղ։ Էնտեղ լեհ
Զորքն էր մտնում ընդարձակ, շեն կալվածներն արքայի։
Տենդ ու երաշտ էր երկրում, հիվանդություն ամեն տեղ,
Ու թռչում էր գեղից-գեղ սև ուրվականը մահի։
Ձեռքին կոտրած գերանդի՝ անցնում էր մահն անկշտում,
Սավառնում էր ձյունաբուք մրրիկներում սպիտակ,
Հունձք էր անում ժրաջան, հազարներով գլխատում
Ու մեռնում էր կյանքն, ինչպես ջրով լցված մի փեթակ,
Էս ժամանակ էր ահա, որ հյուսիսի դաշտերում
Երկաթակամ ու համառ մի նոր մուժիկ երևաց,
Շուրջը մարդիկ հավաքեց ու վրեժով աններում
Կռվի ելավ ահավոր ու արշավեց սրընթաց։
Նորից անտուն, անոթի հողազուրկները եկան,
Հավաքվեցին գյուղերից, քաղաքներից հեռավոր,
Հոծ բանակներ կազմեցին ու համայնքներ գյուղական
Ու խմբերով իրենց բյուր կռվի ելան նորից-նոր։
Ասին՝ երկրի վրա թող ո՛չ մի իշխան չմնա,
Մա՛հ գիշատիչ ու գազան իշխաններին հողատեր.
Այլևս ռուս աշխարհում հողատեր է միայն նա,
Ով փոցխ ունի իր ձեռքին և կարող է աշխատել։
Ասին՝ էսպե՛ս կլինի։ Եվ երբ իշխան չմնա—
Բոլորը գոհ կլինեն ու կաշխատեն ժրաջան,
Ու ժողովուրդը ամբողջ օր ու արև կիմանա
Ու քարե՛րը անգամ մեծ խնդությունից կճչան։
Ու քշեցին այրուձի՛ն։ Առան գյուղեր, քաղաքներ,
Ձյունե ուղին բռնեցին արքայանիստ Մոսկովի,
Բայց զորքն իջավ ցարական՝ խեղճի ցավին անտարբեր,
Ու բանակները նրանց տվեց քամուն ու հովին։
Երկար-երկար կռվեցին մարտիկները գյուղացի,
Բայց զորքերը ցարական ո՛չ մի մարտիկ չթողին.
Առաջնորդին բռնեցին, իսկ նրա քաջ այրուձին

--------------------------------------------

1 տենդոտ — տենդ ունեցող, տենդով բռնված. փխբ. անհանգիստ, գրգռված. փխբ. եռանդագին, փութկոտ:

[ էջ 134 ]

Ահից եղավ ցիրուցան ու հանձնվեց հաղթողին։
Ու սրանց էլ անվեհեր առաջնորդին սևաչյա
Վանդակ դրին ու տարան մայրաքաղաքն արքայի,
Ճամփին հազա՜ր սրիկա թքեց դեմքին ու նրա
Արևառ դեմքն արնոտեց, որ վանդակից չնայի։
Ու բերեցին սրան է՛լ, ինչպես էն հին հսկային,
Հազարամյա Մոսկովի հրապարակն ահավոր,–-
Նորից ահեղ դղրդաց զանգերի խումբն ահագին
Ու դահիճը ելավ վեր՝ ոտից-գլուխ հագած նոր։
Ու դուրս եկավ վանդակից առաջնորդը սևաչյա,
Կանգնեց՝ ըմբոստ ու արի, աչքը հառեց ամբոխին,
Աչքերը հուր շանթեցին, ուզեց կանչի ու ճչա,
«Ելե՛ք» ասի— բայց նրան կապկպեցին, չթողին։
Ուզեց կանչի, համոզի ժողովրդին իր էն ռուս,
Ելի՛ր, ասի, բարձրացի՛ր իշխանների դեմ գազան,
Ճզմիր ահեղ հարվածով իշխաններին էդ գոռոզ
Ու պաշտպանի՛ր, ինչպես մարդ, իրավունքդ սրբազան։
Բայց ի՞նչ ասեր... Դահիճի հարվածներից ահավոր
Խեղդած մանկան նման մի— ձայնը խզվեց ու դողաց.
Ձեռքերը ետ կապեցին, ծունկի բերին նորից-նոր,
Գլուխը վար թեքեցին ու դանակը շողշողաց...
Ու ժողովուրդը նորից մնաց թշվառ ու անտեր,
Նորից արևը ելավ՝ արյուն հագած ու մոխիր—
Ու տարիներ սառեցին անմխիթար, անտարբեր,
Ու չձգտեց ո՛չ ոք էլ կյանքի ընթացքը փոխել։
Նորից երկրում ծերից-ծեր անհուսությունը իջավ
Ու մորեխի պես նստեց հոգիների վրա խեղճ։
Սովը նորից տարածվեց ու արշավեց սրընթաց,
Ու տարիներ անցան մութ ու աղետներ եղան մեծ։
Եվ չէր մուժիկն հավատում էլ ո՛չ մի նոր հսկայի.
Մեծ էր ոսոխն ավելի, քան ուժերը մի-երկու
Ըմբոստ, խիզախ քաջերի, որ օրերում ամայի
Ելնում էին ու վառում փոթորիկներ ահարկու։
Ու ժողովուրդը լռեց։ Կրեց վիճակն իր դժվար,
Որպես վերից սահմանած անմխիթար կյանքի բեռ։
Դարեր անցան ու դարեր։ Մի՛շտ նույն երկինքը մռայլ
Նո՛ւյն իշխաններն ամեհի ու արքաներն անտարբեր...

[ էջ 135 ]

III

Էսպես երկար տարիներ ժողովուրդը տառապեց
Եվ օրերը նրան նոր առավոտներ չբացին—
Մինչ բացվեցին ամենուր գործարաններ մեծամեծ
Ու խուլ, խավար գյուղերից քաղաք եկավ գյուղացին։
Եկան, լցրին քաղաքներն հազարանուն խմբերով,
Խուլ գյուղերից անոթի բազմություններ եկան մեծ,
Հավաքվեցին երկաթե աշխատանքի տներում
Ու վաճառքի հանեցին հաղթ մկանները իրենց։
Նրանք ոչինչ չունեին ու էլ ոչինչ չունեցան,
Նո՛ւյն անոթին մնացին քաղաքների մշուշում,
Բայց սրտերը վառվեցին ու մկաններն ամրացան—
Չէին նման էլ նրանք էն անիմաստ գյուղացուն։
Քաղաքների անողոք աշխատանքի հնոցում
Շչակները ճչացին աշխարհների մասին նոր,
Ու երկաթե երկնահուպ ծխնելույզի փնչոցում
Բոլո՛րն հանկարծ լսեցին մի աղաղակ ահավոր։
Մեքենաները նրանց ըմբոստ երգեր երգեցին
Եվ աշխատանքը հոգու մի նոր թռիչք ստեղծեց.
Ջղուտ բանվոր էր արդեն դաշտ ու սարի գյուղացին
Եվ ընկերներ ուներ բյուր ու երազներ ուներ մեծ։
Էսպես եղավ։ Եվ ահա քաղաքներում ամրակուռ
Մի առավոտ երգեցին ծխնելույզները բոլոր—
Բանվորների մասին մերկ, տառապանքի մասին լուռ
Ու բովանդակ աշխարհի մե՛ծ պայքարի մասին նոր։
Ասին՝ համայն աշխարհում երկու բանակ միայն կա՝
Մեկը— խարդախ տերերի, հարուստների անկշտում,
Որ լիանում են առատ, վայելում են անխնա,
Նստում են շեն տներում և երբեք չեն աշխատում։
Նրանք, որ տաք են հագնում, ու միշտ մաքուր, ու միշտ նոր,
Գլխի տեղ վի՛հ ունեն մի ու անկշտում մի բերան,
Որ հարբում են ու փսխում, որ կերակուր ուտեն նոր,
Եվ ափսոսում են միայն, որ աշխարհը չկերան։
Նրանք, որ տերն են հիմա քաղաքների, գյուղերի,
Պալատների, բերդերի, բարիքների բոլոր մեծ—
Նրանք, որ հացն են ուտում կիսաքաղցած բանվորի,

[ էջ 136 ]

Զո՜ւրկ թողնելով միշտ նրան, որ էդ բարիքն ստեղծեց։
Սակայն բանակը մյուս, մյուս բանակը էն մե՛ծ—
Աշխատավոր բյուրերի բանա՛կն է էն անսասան,
Նրանց, որ բյուր դարերի աշխատանքը ստեղծեց,
Որ աշխատանքն եղան մեծ, բայց բարիքներ չտեսան։
Նրանց, որ բյո՛ւր են հիմա, անհաշիվ ու անհամար,
Որ մկաններ ունեն կուռ ու երակներ վիթխարի—
Ու հոգիներ ունեն մեծ՝ արևների նման վառ,
Եվ ստեղծում են բոլոր հրաշալիքներն աշխարհի։
Նրանք, որ հողն են փորում, ճեղքում են կուրծքը հողի,
Ու վիթխարի գետերին հոսանքներ են տալիս նոր—
Կուրծք են տալիս ծովերի հորձանքներին կատաղի,
Գնացքներ են շարժում բյուր ու հանքեր են փորում խոր։
Նրանք, որ ուժն են կյանքի, կյանքի բազուկն ստեղծող,
Որ շինել են, ինչ որ կա, ինչ որ դեռ պե՛տք է լինի.
Ասին՝ ամբողջ աշխարհում ինչքան հանք կա, ինչքան հող,
Ինչքան բերք կա ու բարիք— պետք է նրա՛նցը լինի։
Էսպիսի վա՜ռ երազներ մեքենաները ասին,—
Ու երկաթի անողոք շշուկներով ահարկու
Մեքենաները մի օր ահադղորդ ճչացին,
Որ պիտ կռվի ելնեն մեծ էդ բանակները երկու։
Ու տարածվեց վիթխարի քաղաքներից հեռավոր
Ըմբոստ մի ճիչ հրեղեն, մի աղաղակ հրաշեկ—
Քաղաքներից երկաթե մի աղաղակ թռավ նոր.
— Պրոլետարնե՛ր աշխարհի, հավաքվեցե՛ք, միացե՜ք։
Ու միացան, ամրացան նրանց շարքերը փշուր,
Ու սրտերին նրանց կուռ մեքենաները ասին,
Որ պայքարի համար մեծ ու հաղթության համար նոր
Պետք է բոլո՛րը ելնեն ու պայքարեն— միասին։
Ու պայքարի ելան մեծ նրանք մի մութ իրիկուն,
Երբ պատերազմ էր երկրի սահմաններում հեռակա,
Ելան բանվոր-գյուղացիք խենթությունով ահարկու
Ու բանակներ հանեցին արիասիրտ ու հսկա։
Քաղաքներում կարմրավառ դրոշակներ պարզեցին,
Կուրծք տվեցին զորքերին արյունարբու արքայի,—
Սակայն չօգնեց բանվորին դաշտ ու սարի գյուղացին,
Անշարժ մնաց, ահաբեկ՝ աչքը ահի ու մահի։

[ էջ 137 ]

Ինչքա՜ն արյուն հոսեց վառ, ի՜նչ ընկերներ վիթխարի
Զինվորների թրերից տապալվեցին ու կորան,
Եվ ի՜նչ ահեղ ցասումով բազմություններ բանվորի
Արյունոտած ձեռքերով վերադարձան գործարան...
Նրանք, տխուր, քաշվեցին, բայց պայքարի համար նոր
Զնդաններում, բանտերում նրանց հոգին ամրացավ,
Ու տառապանքը անհուն նրանց հոգին կրեց լուռ,
Մինչև աղետ եղավ մեծ ու ժողովուրդն արթնացավ։

IV

Աղետ եղավ։ Պատերազմ։ Ու ժողովուրդը անտեր
Զավակներին իր հեռու թշնամու դեմ ուղարկեց։
Չէր հասկանում, թե ինչո՞ւ. ինքը ոչինչ չգիտեր։
Գնաց երկրորդ զավակն էլ— ու տունն ամբողջ մնաց խեղճ։
Ու հազարներ գնացին, ու միլիոններ, ու բյուրեր,
Դեպի դաշտերը հեռու ուղարկվեցին շարեշար.
Պիտի այնտեղ նրանց տաք գնդացիրը համբուրեր,
Պիտի գնդակը սուլեր ու թնդանոթը ճչար։
Այնտեղ խեղդող գազերի ամպերը տոթ ու դեղին
Պիտի հանկարծ իջնեին բանակների վրա էն,
Պիտի արյուն թքեին ու արնահազ մեռնեին—
Մահն էր նրանց սպասում գգվանքներով հրեղեն։
Երեք տարի շարունակ սպասեցին տներում,
Որ կռիվը վերջանա— չվերջացավ սակայն նա.
Աչքերը ջուր կտրեցին՝ հառած արնոտ էն հեռուն,
Մահն էր էնտեղ դեգերում ու գլխատում անխնա։
Էսպես եղավ։ Եվ ահա քաղաքներում բազմամարդ,
Ուր երկաթե բյուրավոր գործարաններ կային մեծ,
Մի առավոտ երկնահուպ ծխնելույզները երկաթ
Կոչ նետեցին զինվորին՝ զինվորի դեմ չկռվե՛ս։
Գործարանի մշուշից բանվոր մարդիկ գնացին
Ու բանակները լցրին մեծ խոսքերով իրենց նոր,
Ընկեր դարձան զինվորին, զինվորի աչքը բացին—
Ու հուզվեցին, ծփացին ահա դաշտերն ահավոր։
Չհամբերեց էլ զինվոր-զորքը՝ ելավ գահի դեմ,

[ էջ 138 ]

Ամբողջ երկիրը ելավ, որպես զինվոր մի արթուն.
Ժողովուրդը հասկացել ու արթնացել էր արդեն—
Ու զինվորը էն ծերից պատերազմից եկավ տուն։
— Էլ չե՛մ կռվի,— ասաց նա,— թշնամու դեմ դրսևի.
Մենք ի՞նչ ունենք կիսելու, բաժանելու աշխարհում.
Նո՛ւյն արևն է բոլորիս արևել ու կարևի—
Մեր ո՛ւնևորն է միայն մեր թշնամին արնախում։
Կռի՜վ տզրուկ ու վիշապ հարուստների դեմ բոլոր,
Ո՛չ մի հարուստ չմնա թող աշխարհի երեսին:—
Էսպես ասին ու հսկա բանակներով ահավոր
Ճակատներից տուն դարձան նրանք մի օր միասին։
Ու տվեցին կրակի օրենքները հնամյա,
Հարուստների ստեղծած իրավունքը արնատառ,
Ասին՝ ամբողջ աշխարհում մի՛ իրավունք միայն կա՝
Մարդու քրտինքը զուլալ ու աշխատանքը արդար։
Հողերն առան, ցանեցին աշխատունակ, ժրաջան,
Գործարանները մի նոր հպարտությամբ երգեցին,
Մինչդեռ երկրի ծայրերից թշնամիներ բարձրացան,
Որ ետ խլեն կարգը նոր ու հաստատեն կարգը հին։
Բայց էլ զինվո՛ր էր հիմա բանվորն ու զուրկ գյուղացին,
Բազմահազար հրացան ու թնդանոթ ուներ նա.
Հավաքվեցին բյուրավոր ու բանակներ կազմեցին,
Որ մարտնչեն մինչև վերջ, մինչև ոսոխ չմնա։
Ելան, հաստատ, որպես սար ու սարի՛ պես անսասան,
Կուրծք տվեցին բյուրավոր ահեղազարկ հարվածի,
Հազար կռի՛վ արեցին, բայց պարտություն չտեսան,
Հազար կռի՜վ արեցին ու բոլորին հաղթեցին։
Ու կռվում են հիմա էլ, որ ետ չտան էլ երբեք
Իրավունքը բանվորի, որ անսասան է արդեն.
Բարձրացել են նրանց դեմ ունևորներն ահաբեկ,
Բայց կռվում են նրանք դեռ— ու կհաղթե՛ն, կհաղթե՛ն։
Չե՜ն տա նրանք էլ իրենց ձեռքից զենքերը իրենց,
Չե՜ն տա թշվառ գյուղացու հողը նորից ավարի.
Ինքն իրեն տե՛ր կմնա էդ ժողովուրդը էդպես—
Մինչև երկիրը սառի, մինչև արևը մարի։
Չկա կյանքում էնպես ուժ, որ կարենա պայքարել

[ էջ 139 ]

Աշխատավոր բանվորի էլ կուտակված ուժի դեմ։—
— Փա՜ռք բանակին նրանց կուռ, նրանց կամքին պողպատե,
Ժողովրդին, որ կյանքում իր բախտի տերն է արդեն։

1920

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր՝ «Լույս» հրատարակչություն, Երևան 1985
Տրամադրել է՝ Միքայել Յալանուզյանը

Տես նաև
Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice