ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian

Եղիշե Չարենց

ԵՐԿԵՐ


Նախորդ էջԲովանդակություն  | Հաջորդ էջ

ՉԱՓԱԾՈ ՆՈՎԵԼՆԵՐ

[ էջ 360 ]

«HOMO SAPIENS1»

I

Տասերեք թվի ամառը, հունիսին,
Նաիրյան քաղաքի մի փողոցով խաղաղ
Անցնում էր, հոգսը երեսին,
Տասնըվեց տարեկան մի տղա։—
Վտիտ էր։ Միջահասակ։ Ուսերը նեղ։
Գանգուր մազեր ուներ, գունատ ճակատ։
Հագին սև շապիկ սատինե՝
Խունացած, առնվազը երեք ամառ հագած։
Դեղին երիզներով դպրոցական գլխարկը
Գանգուր, խիտ մազերին նստել էր ձիգ։
Նա գնում էր դանդաղ, քայլում էր գլխահակ,
Անտարբեր շրջապատին, ինչպես ձի։
Նա դուրս եկավ տնից։ Կեսօր էր։
Քիչ հետո հայրը երևի գալու էր ճաշելու։
Նա չէր սիրում հորը։
Իսկ հոր համար տղան դարձել էր հանելուկ։
Հայրը։— Հիշեց զայրացած։ — Նա երեկ,
Երբ ինքը կես-գիշերին վերադարձավ տուն —
Գազազեց ու համոզեց երկար։— Հետո պայման դրեց՝
Կամ տուն չգալ այլևս, կամ կրկին պատրաստվել քննության։
Ուսը ցնցեց տղան մեքենայաբար,
Հիշեց դպրոցը, հորը, մռայլ տեսուչին,—

----------------------------------

1 «Homo Sapiens» — «Բանական մարդ»:

[ էջ 361 ]

Ինքը կանգնած է գլխիկոր նրանց առաջին՝
Դեմքին ամոթ, փոշի ու արցունքներ թափած...
Խորը հոգոց հանեց, հառաչեց —
Ու քայլերը ձգեց։— Երկար
Ձգվում էր իր դեմ փողոցը։ Գնում էր։
Ամառվա շաֆրանով ներկած՝
Հորանջում էր փողոցը քնում իր։
Փողոցը... Երկու շարք միհարկանի տներ՝
Դեղին, գորշ, վարդագույն, կրկին դեղին։
Իսկ մեջտեղում՝ շոսսե։— Փոշոտ, նեղ,
Ինչպես գյուղական սայլուղի։ —
Երբեմն անցնում էին մայթից մարդիկ,
Դանդաղ անցնում էին ու մտնում տուն։
Ու կրկին ամայանում էր մայթը։
Շոգ։ Փոշի։ Խաղաղություն։—
Կամ մի տնից երբեմն, մի պատուհանից
Դուրս էր նայում մի պահ մի կանացի գլուխ,
Կանչում էր դիմացի հարևանին —
Ու կրկին փողոցը ննջում էր։ Լուռ։
Տղան քայլում էր դանդաղ, առանց նայելու
Իր շուրջը։— Ոտքերը մեքենայաբար
Տանում էին նրան։— Ճանապարհը
Չուներ նրա համար հրապուրիչ բան,
Նա գնում էր այգի։— Կռնատակին
Նա տանում էր մի գիրք։ — Չսարսափե՛ս,
Ընթերցո՛ղ։ — Գրքի շապիկին
Գրված էր՝ «Homo Sapiens»։ —

II

Նա կարդում էր երկար, նստած ալեյում1,
Այն հին կաղնու ներքևը, որի բնին
Անցյալ տարի ամառը մի տաքգլուխ
Դանակով փորագրել էր «Արփենիկ»։
Նա կարդում էր անհագ, լափելով

------------------------------------

1 ալեյա — ծառուղի:

[ էջ 362 ]

Էջերը, գլուխները։ — Գրքի թերթերից
Մեկը, տիտանային, կարծես շանթ էր թափում
Եվ այրում իր հոգին, իր կրքերը։
Գլուխը վառվում էր։ Սիրտը
Թրթռում էր։— Ուզում էր թռչի դո՛ւրս, դո՛ւրս։—
Տագնապով դարձնում էր թերթերը
Ու կարդո՛ւմ, կարդո՛ւմ, կարդո՛ւմ։—
Չքացել էր աշխարքը։ — Այգին
Դարձել էր անիրական։ Այգին չկար։
Կար մի մարդ հանճարեղ, կար մի կին։
Կար մի կարոտ միայն։
Եվ անարատ մի սիրտ կար։ Եվ մի ուղեղ՝
Դեռ անապակ, դեռ ջինջ, դեռ մաքուր։

Գավառցի պատանի կար մի խեղճ
Նաիրյան այդ խեղճ քաղաքում։
Նա կարդում էր։ Սուզվում էր անդարձ
Ցնորքների հորձանքը։ — Գրքի էջերից
Երազվում էր նրան տիտանային մի մարդ,
Որի հոգին, մտքերը, տենչերը
Վիթխարի են, ամե՛ն ինչ խորտակող,
Որը բարձր է իր բութ շրջապատից,
Ինչպես ճահճից — էլբրուսը,— և վարդագույն
Մի մշուշի նման նրա հոգում
Արդեն փռվում էր մի անեզրական կարոտ...
Նա կարդում էր անհագ— և գնում էր, հանդուգն,
Արդեն ինքն էլ այդ «վեհ» ճանապարհով։ —
Եվ թվում էր նրան, թե իր գլխին
Շառաչում են շանթեր,— և իր սրտում
Հրդեհներ է վառում անիրական մի կին,
Մի հանճարեղ աղջիկ... անհագ թերթում
Ու կարդում էր անվերջ, մինչև հոգնեց։
Զգաց՝ քաղցած է քիչ, իսկ գրպանում...
Ընդամենը ուներ... երկու կոպեկ։

III

Երեկո էր արդեն, երբ նա հոգնած,
Գիրքը դրեց մի կողմ։ — Շուրջը նայեց —

[ էջ 363 ]

Ամայի էր ալեյը։— Հանճարներին վայել
Մի շարժումով շոյեց նա իր ճակատն հանկարծ —
Եվ քայլերը ուղղեց ալեյից դուրս:
Այնտեղ, այգու դիմացը, կար մի փոքրիկ խանութ
Որ վաճառում էր հաց։ — Կես ֆունտ գնեց
Եվ գրպանում պահած՝ վերադարձավ կրկին
Նա ամայի ալեյը։— Շուրջը նայեց —
Չէր երևում ոչ ոք։ — Նա սպասեց մի քիչ,—
Եվ սկսեց ուտել գաղտագողի։— Մտքում
Երազվում էր դեռ նա, այն հանճարեղ գերմարդը —
Շուտով — կիջնի գիշեր, այգի կգա Նվարդը...
Նա շտապով կերավ, վերջացրեց։— Հանկարծ
Մի շարժումով կրկին իր ճակատը շոյեց —
Եվ որոշեց, որ ինքը դառնալու է կյանքում...
Մի հանճարեղ պոետ։ —
Նա որոշեց հանկարծ, միանգամից,
Եվ սկսեց շրջել ալեյներում խաղաղ,
Հետո մտավ ակումբը, ուր մի քանի
Ուսանողներ՝ հարբած՝ բիլիարդ էին խաղում։
Ձանձրանալով՝ դանդաղ նա այդտեղից
Երբ դուրս եկավ կրկին մի քիչ հետո —
Արդեն այգին լցվել էր։ — Դեմը նայեց —
Անցնում էր այն աղջիկը ծառի մոտով,
Իր երազած աղջիկը, իր դիցուհին,
Իր հանճարեղ Նվարդը... Նա մոտեցավ,
Փորձեց զրույց անել հետը մի քիչ,
Շլացնել նրան իր խոհերով պայծառ...
Բայց աղջիկը նրան չշոյեց,
Չվերցրեց անգամ նրա վարդը...
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Այդ պատանին հետո դարձավ պոետ,
Եվ գրեց այս նովելը, որ դուք կարդաք...

[ էջ 364 ]

ԱՆԱԿՆԿԱԼ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՊԵՏՐՈՊԱՎԼՈՎՅԱՆ ԱՄՐՈՑՈՒՄ

Ես, անբարբառ մի մանուկ,
Երկու ձեռքս պարզեցի...
ՄԻՔ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

Այս ամրոցի օդում՝ մգլահամ ու ճնշող՝
Ստվերներ են շրջում օրհասական,—
Եվ անցյալի մռայլ ոտնաձայնն է հնչում
Ինչպես մահվան քայլերդ հերոսական...
Ուրուների նման արնակարմիր ու վեհ,
Հայացքներում վճիռ ու տառապանք անգո՝
Տեսլանում են ահա մարտիրոսներն1 իմ դեմ՝
Եղերական ու սուրբ կերպարանքով։—
Այսպես, շարան-շարան, ստվերներ հի՛ն,
Հին անուններ — այնքան հերոսական,
Դեմքեր — և՛ պարզ, և՛ ջինջ, և՛ սիրելի —
Ահա կանգնում են իմ մտքի առաջ։
Սերունդներ են ամբողջ, մի վեհ բանակ,
Շռնդալով անցնող հաղթական երթ,
Հերոսության, փառքի մի ճանապարհ անհաս,
Հիմա դարձած անցած օրերի երգ...

Իսկ այս բակում ահա, ուր հիմա մի
Շենք կա կանգնած ուրիշ,— այստեղ ահա
Ա՛յլ բաստիոն2 է հին ու ամեհի
Ցցված եղել առաջ, որպես պահակ
Արքաների փառքի ու ցոփության...
Հյուսիսային այն ցուրտ դեկտեմբերյան օրից,
Որ արշալույսն եղավ այս օրերի,
Տառապել են այստեղ բազմություններ ուրիշ,
Բայց նո՛ւյնքան վեհ, անբիծ հերոսների։

------------------------------------------------

1 մարտիրոս — եկեղ. իր դավանած հավատի համար նահատակված մարդ, փխբ. գաղափարի համար մեռած մարդ, նահատակ, շատ չարչարանքներ կրող, տանջվող:
2 բաստիոն — ամրոց:

[ էջ 365 ]

Իմ ուղեղի միջով հիմա նրանք
Ահա անցնում են լուռ, խստաբարո,
Խարազանի հետքեր մարմինների վրա,
Բայց աչքերում վճիռ մի չմարող։
Մտաբերում եմ ես նրանց մեկ-մեկ,
Ռիլեևից մինչև պայծառատես
Այն մտածողը վեհ ու հանճարեղ,
Որին Մա՛րքսն է մի օր անվանել մեծ։
Այս քարերի վրա, այս պատերի,
Որոնց նայել են այդ մարդիկ մի օր —
Հայացքների նրանց ու խոհերի
Անանց հետքերն եմ ես փնտրում սիրով։
Վաղուց արդեն թողել, հեռացել են նրանք,
Որոնք ինձ հետ մտան բակն այս ահի,—
Անխոս նայում եմ ես այս պատերին մռայլ,
Շուրջս մութն է արդեն ու ամայի։
Հրաժեշտ եմ տալիս արդեն նրանց,
Շուռ եմ գալիս արդեն, որ գնամ ետ —
Երբ իջնում է հանկարծ ուսիս վրա,
Անակնկալ՝ իջնում է մի ծանր ձեռք։—

Ետ եմ նայում, վերև... Թեքված ուսիս՝
Մի մարդ՝ դեմքով հեռու, անիրական,—
Մտերմական ձայնով ասում է ինձ.
— Դուք ինձ մոռացե՜լ եք, բարեկա՛մ...
Բարձրահասակ է. ջղուտ, աչքերը սև.
Բակենբարդներ ունի, փոքրիկ մորուս։
Ես որտե՞ղ եմ նրան արդյոք տեսել.
Կյանքո՞ւմ արդյոք, տենդո՞ւմ, թե գրքերո՞ւմ
Վշտանման ժպիտ մի աչքերում՝
Նայում է նա, նայում՝ հայացքն հառած.
— Ի՞նչ է.— ասում է.— չե՞ք մտաբերում
Տարիներում այն մութ իմ բարբառած
Շռնդալից երգերն ըմբոստության մասին։—
Մաքառելո՛վ անցա ուղին ես իմ,
Պայքարելո՛վ այն սև բռնության դե՛մ,—
Եվ պարծանքո՛վ կասեմ, որ բարեկամ էի

[ էջ 366 ]

Ես Հերցենի, պոետ Օգարևի հետ...
— Ա՜,— զարմանում եմ ես, ճանաչելով նրան,
Պարզում թևերս, որ նրան գրկեմ.—
Նա ողջունում է ինձ ու հեռանում արագ—
Ամայի բակն է լոկ լռում իմ դեմ...

 

ԳԱՆԳՐԱՀԵՐ ՏՂԱՆ

Փակում եմ հոգնած աչքերըս մի պահ
Եվ տեսնում եմ ես — այնքա՛ն, այնքա՛ն պարզ
Գալիք մի գարուն, վառ մի օր ահա,
Երկինքը կապույտ, օրը հրավարս։
Արևը արդեն բարձրացել է քիչ,
Զնգում է օրը, ինչպես երգեհոն—
Ու կապո՜ւյտ, կապո՛ւյտ, կապո՛ւյտ երկնքից
Թափում է կարծես երգ ու խնդություն։—
Ոլորապտույտ ձգվում է շոսսեն
Նոր Երեանից դեպի Արարատ
Ինչքա՜ն են արդյոք տարիներ հոսել
Մինչև, գարնային այս օրը զվարթ:
Շոսսեի երկու կողմերում ահա
Տներ, փողոցներ ու գործարաններ,
Կանաչ պարտեզներ, ծաղիկներ առատ, —
Այդ ո՞վ է արդյոք այսքանը ցանել:
Ընկած են տներն իրարից հեռու,
Գործարանները մեջընդմեջ կեցած,
Ո՛չ ծուխ, ո՛չ փոշի.— և լույս տներում —
Ժիր մարդիկ ահա՝ դեմքերին ծիծաղ։ —

Ելած արթնացող քաղաքից՝ ահա
Ոլորապտույտ շոսսեով այդ լայն,
Առջևում կարմիր մի դրոշ պահած՝
Անցնում է վաշտը պիոներական։
Հնչում է նրանց դոփյունը հաստատ,
Թմբուկն է թնդում ռիթմով կորովի,
Անցնում են նրանք քայլերով վստահ,
Աչքերով հստակ, դեմքերով թովիչ։—

[ էջ 367 ]

Քայլում են նրանք շոսսեով. հետո
Կտրելով այդ լայն, ասֆալտե շոսսեն՝
Անցնում են ահա այն ձորի մոտով,
Ուր աղմկաձայն Զանգուն է հոսում։
Զանգուն է հոսում ներքևում զվարթ,
Հստակ ջրերով անվերջ կարկաչում,
Իսկ այնտեղ ահա — մի հին ցանկապատ
Ու քարեր՝ ընկած կանաչի միջում։—
Քարեր, հի՜ն քարեր, վաղուց մոռացված,
Անանուն, անգիր, ննջում են այնտեղ,
Ուր լռությունն է իշխում ահասաստ
Ու հուշն է թռչում՝ հավիտյան անթև։
Ժպտում է վերից երկինքը կապույտ,
Արևն է զնգում անհուն զնգոցով,
Եվ վաշտն է անցնում քայլերով անփույթ,
Արբած արևի կենսատու բոցով։
Հնչում է նրանց դոփյունը հաստատ,
Թմբուկն է թնդում աղմուկով մի ժիր,
Եվ մանուկների աչքերում նստած՝
Գարունն է ժպտում արևի ուժին։—
Անցնում են նրանք ծիծաղով հնչուն
Այդ անխոս, այդ հին քարերի մոտով,
Նրանց ծիծաղում կյա՛նքն է կարկաչում,
Գարո՛ւնն է կանչում անափ կարոտով։—

Անցնում են նրանք։— Ու նրանց երթից,
Աչքերը հառած քարերին խաղաղ՝
Հանկարծ բաժանվում ու մոտ է գալիս
Մի կապուտաչյա, գանգրահեր տղա։—
Պիոներական փողկապը վզին,
Ոտները մինչև ծնկները բոբիկ,
Ճակատը բարձր, աչքերը լուսե,
Հագին սպիտակ, կապտերիզ շապիկ,—
Նայում է նա ջինջ, պայծառ աչքերով
Գերեզմանատան քարերին մի պահ,
Հետո կարծրացած փոշին է քերում
Նա մի հին քարի վրայից ահա։

[ էջ 368 ]

Նայում է ապա նա փոշոտ քարին
Աղեղանման հոնքերի տակով...
Գրված է վրան. — «Եղիշե Չարենց,
Բանաստեղծ, ծնված Մակու քաղաքում»։
Կարդում է նա իր աչքերով ծավի,
Ժպտում է, հիշում կարծես ինչ-որ բան,
Քաղում է ապա մի կանաչ բաղեղ —
Ու շարունակում իր թողած ճամփան։
Ծիծաղով հնչուն ու արծաթաձայն
Միանում է նա կրկին շարքերին —
Եվ, հուշի նման հավիտյան անցած,
Մնում է հանդում մի կորած շիրիմ...
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Լսո՞ւմ ես՝ այնտեղ իմ սի՛րտն է թաղած, —
Կոխոտի՜ր նրան քայլերով քո լույս,
Օ, դո՛ւ, գալիքի գանգրահե՛ր տղա,
Մեր լա՜վ գալիքի ոսկեբե՛ր մանուկ...

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր՝ «Լույս» հրատարակչություն, Երևան 1985
Տրամադրել է՝ Միքայել Յալանուզյանը

Տես նաև
Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice