ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian

Եղիշե Չարենց

ԵՐԿԵՐ


Նախորդ էջԲովանդակություն  | Հաջորդ էջ

1927–1930 «ԼԻՐԻԿԱԿԱՆ ԱՆՏՐԱԿՏ» ՇԱՐՔԻՑ

[ էջ 369 ]

ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ

Մանկությո՛ւն իմ ոսկեծամ...
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՀԱՐԻ

I

Օ, մանկության մասին գրել են շատ-շատերը.
Մի կողմ թողնենք եթե մենք հներին—
Պիտի թվենք նրանց, որ գրքերում գրել են
Ողջ պատմությունն իրենց այդ օրերի։—
Ես էլ ահա փորձում եմ իմ մանկության օրերը
Ուրիշների նման առնել գրի։—
Ո՛ւժ տուր, Մուսա՜, գրչիս, որ կարենամ հիմա
Մանկությունս երգել ուրիշների նման։—

II

Տոլստո´յ, ժան-ժակ Ռուսսո´, Ֆլոբեր, դե Ամիչիս,
Բալզակ, Ռեդյարդ, Կիպլի´նգ, Զորյան ու Մահարի՛...
Օ, չհուղի քեզ թող, իմ ընթերցո՛ղ, որ ես
Վերջին երկու անունը դրանց շարքում դրի։—
Խաբուսիկ է հաճախ գրական բախտն այդպես,
Գրողներին եթե ըստ նյութերի
Մենք դատելու լինենք... Բայց չե՞ն անում արդյոք
Միևնույնը— մեր նոր քննադատներն այսօր։

[ էջ 370 ]

III

Եթե նայենք նրանց— այսօր ունենք արդեն
Մենք թե՛ Շեքսպիր, թե՛ Դանտ, թե՛ էսքիլես, թե՛ Պո։—
Բավական է երգես երկաթաթերթ վարդեր—
Եվ քննադատն արդեն մի ամեհի խանդով
Կըհռչակե քեզ մեծ ու հանճարեղ վարպետ։
Չե՞ք հավատում։— Ինչո՞ւ։— Դեռ երեկ չէ՞ր արդյոք,
Որ Վերհարեն դարձավ ծերուկ պոետը մեր,
Քանզի, ինչպես և նա, պոեմներ էր գրել։

IV

Քաղաքների մասին... (Օ, ալեհեր պոե՛տ,
Քեզ չեմ անշուշտ այստեղ դատապարտում, թեկուզ,
Գրել ես դու, ավա՜ղ, ութ տողանոց սոնետ
Եվ քորեյը1 յամբից2 դու դժվար ես ջոկում) —
Մեծարում եմ ես քո քննադատին, որ էդ
Մեծ տիտղոսով գուցե քո ամեհի ոգուն
Կամեցել է ձոնել մի վայելուչ ներբող՝
Հափշտակված անշուշտ քո բոցավառ երգով...

V

Սակայն անցնենք նյութին։— Բայց ի՞նչ հանգով արդյոք
Հարկավոր է գրել, որպեսզի երգը մեր
Լինի զգաստ, ինչպես մի երկաթյա արդուկ,
Լինի հաճո, ինչպես մտերմական նվեր։—

------------------------

1 քորեյ, մեծասար — երկու վանկանի բանաստեղծական ոտքի տեսակ. անտիկ տաղաչափության մեջ քորեյը բաղկացած էր երկար և նրան հաջորդող կարճ վանկերից, իսկ ժամանակակից ոտանավորում՝ շեշտված և ապա անշեշտ վանկերից, քորեյական տողը շեշտեր է կրում կենտ վանկերի վրա...
2 յամբ, մեծավերջ –– երկու վանկանի բանաստեղծական ոտքի տեսակ, անտիկ տաղաչափության մեջ յամբը բաղկացած էր սկզբում մեկ կարճ և ապա մեկ երկար վանկերից, իսկ նոր ժամանակների պոեզիայում՝ մեկ անշեշտ և մեկ շեշտված վանկերից, յամբական տողի մեջ շեշտերն ընկնում են զույգ վանկերի վրա, թեև շեշտերից մեկը կամ մի քանիսը կարող են բացակայել...

[ էջ 371 ]

Ես չեմ ուզում հիմա, օ, ընթերցո՛ղ, որ դու
Անտանելի ռիթմով դեպի ձանձրույթ չվես։
Օ, վիթխարի Վոլթեր, օ, Բուալո, օ, Գի՛լ,
Ինձ օգնության հասեք, ինձ փրկեցե՛ք կրկին...

VI

Գրել ենք մենք անթիվ երգեր — և երգերում,
Մեր երգերում բազում գործածել ենք չափեր,
Որ նվում են հաճախ, հաճախ ականջ քերում,
Շշմեցնում հաճախ անսանձ թափով.—
Այսօր գերում է ինձ օկտավների1 հեռուն,—
Որ զուսպ է, սեղմ, ինչպես կազմակերպված թափոր,
Ինչպես երթի ելած զինվորների շարան,
Ուր տողն իր տեղն ունի, ուր չե՛ն հրում իրար:

VII

Տողերն, ինչպես ցուլեր, մերձավորման ժամին...
Ուզում եմ ես երգել իմ օրերի հեռուն,
Բայց ո՛չ այնպես, ինչպես անտառների քամին,
Որ ճչում է, փնչում, կամ զայրույթից եռում։—
Օ, մանկությո՛ւն իմ, պարզ պատմություն ես դու մի,
Դու քնքշություն, դու մեղմ թովչություն չե՛ս բուրում...
Փռվում է դեմս ահա քո գորշագույն կտավը—
Եվ իմ երգի համար ես ընտրում եմ օկտավը։—

VIII

Բացվում է դեմս ահա մի մոխրագույն հեռու,
Մի մոխրագույն քաղաք՝ զարմանալի անթով...
Կոկորդս մի խեղդող զգացմունք է քերում
Եվ պատրաստվում եմ ես երգել անուշ խանդով
Քաղցրությունը, որ կար այդ օրերում,
Այդ օրերի չքնաղ մեղմությունը բանտող,—

-----------------------------------

1 օկտավ (ա)երաժշտ. ութնյակ, բանաստեղծության տան տեսակ:

[ էջ 372 ]

Բայց... բայց ինչո՞ւ հանկարծ, էլեգիական երգի
Փոխարեն մեջս ահա մի խեղկատակ քրքիջ:

IX

Խլրտում է, ինչպես մի աներես տղա...
Այո՛... Չքնա՛ղ օրեր, զարմանալի անհոգ...
Աշխարհի ծայրն ընկած մի գորշագորշ քաղաք...
Հ.այրս՝ դաժան մի մարդ՝ բարբարոս ու անոգ.
Եվ շրջապատս ահա, զարմանալի խաղաղ,
Օ, ավելի՛ խաղաղ, քան շարունակ քնող
Մարդն է լինում՝ անճառ իր բերկրանքին հլու—
Երբ չի կծում նրան մի չափազանց չար լու...

X

Օ, որպիսի՛ չքնաղ, դրախտային օրեր...
Սիրտս պատում է մի էլեգիական թախիծ,
Անգամ կապույտ թախիծ, անգամ զորեղ
Մեր Մարաբու երգած ախուվախից...
Ահա տեսնում եմ ինձ՝ գարնանային շորեր,
Կապույտ շապիկ հագած, հայացքս ջինջ։—
Դեմս փռվում է լուրթ մի առավոտ—
Եվ հասնում է քթիս... անմահական մի հոտ։—

XI

(Ո՛վ ընթերցող, վերջին բազմակետը, որ ես
Վերը դրի՝ «քթիս» բառից հետո—
Չմոռանա՛ս։ — Դրա ամբողջ իմաստը քեզ՝
Իր մորալով1 հանդերձ՝ կպարզըվի շուտով)։
Ուրեմն, հա՛... ահա սկսում եմ ես հեզ
Մանկությունս երգել հանգով դյութող։—
Եվ դու ներող եղիր, ո՛վ ընթերցող, եթե
Քեզ դուր չգա հանկարծ այս նովելս թեթև։—

--------------------------------------

1մորալ — բարոյականություն, բարոյագիտություն, բարք, վարք:

[ էջ 373 ]

XII

Մեղավո՞ր եմ արդյոք, որ չեմ կարող ես էլ
Իմ մանկությունն հյուսել գույներից լուրթ,
Որ շողում են, ինչպես դրախտային տեսիլ,
Ինչպես անդարձ կյանքի անհաս խորհուրդ։—
Թող թույլ տրվի իմ պարզ այս պատմությունն ասել՝
Սկսելով դեպքից մի փոքր մութ...
Ուրիշները երգեն թող մայրական համբույրը,—
Իսկ ես... երգում եմ ես... անհրապույր այն բույրը։—

XIII

Չե՛մ մոռանա երբեք այն առավոտը ես...
Երկինքը ջինջ, ինչպես լվացվելուց հետո...
Օդը մաքուր, բուրյան, ողողված է ասես
Գարնան, վարդի, բախտի, կամ մանկության հոտով։—
Մի տասնամյա մանուկ՝ հագած մի նոր զգեստ՝
Անցնում եմ ես ահա պատուհանի մոտով
Մեր տանտիրոջ, որի փոքրիկ տղան տգեղ
Միշտ պարծենում էր իր զգեստներով շքեղ։

XIV

Ձեզանից ո՞վ արդյոք չի զգացել բերկրանք,
Երբ առաջին անգամ նոր զգեստ է հագել,
Երբ աշխարհը ամբողջ քեզ թվում է ներկած,
Ոսկեզօծած, ինչպես գարնանային կրոկետ1...
Ո՞ր երեխան արդյոք շաբաթներով երկար
Չի երագել այդ օրը և սիրտը չի թակել,
Երբ առաջին անգամ՝ իսկական իր չափին՝
Հագցըրել է նրան մայրը մի նոր շապիկ։—

XV

Այդպես ուրեմն,— նոր, կապույտ շապիկն հագիս,
Ամբողջովին լցված երջանկությամբ այդ իմ՝

------------------------------------

1 կրոկետ — խմբային գնդախաղի մի տեսակ. այդ խաղի պարագաների ամբողջությունը, խաղավայրը:

[ էջ 374 ]

Ես կանգնեցի այն բարձր պատուհանի տակին,
Որ տանտիրոջ տղան նախանձանքից պայթի...
Ախ, որքա՜ն էր նա ինձ մեր բազմամարդ բակում
Իր շորերով և իր հիշոցներով խայթել։—
Նա ինձ տեսավ վերից, նայեց մի պահ վրաս,
Ասաց— «Մի փոքր կաց» ու մի վայրկյան կորավ։

XVI

Ես մնացի ներքևը՝ հպարտությամբ լցված.
Նա երևի գնաց, որ քրոջը կանչե։—
Նայում էի ես ինձ՝ հիացմունքից հուզված,
Երբ վերևից մի ձայն ինձ բարձրաձայն կանչեց։
Ես նայեցի վերև... Եվ այդ պահին հանկարծ
Ինչ-որ դեղին հեղուկ դեմքս թրջեց...
Ես հասկացա, բայց ուշ էր. շոշափեցի հագինս,—
Ողողված էր ավա՛ղ... իմ ոսկեզօծ շապիկը։—

XVII

Էլ ի՞նչ։— Հարկ կա՞ արդյոք շարունակել
Այս պատմությունն իմ ջինջ այգաբացի մասին.—
Հարկավո՞ր է ասել, որ մայրս ինձ թակեց,
Երբ պատմեցի նրան փորձությունը ես իմ.
Հետո մեզ դուրս արին այդ բարեկիրթ բակից,
Ես փորձեցի՝ մանուկ ըմբոստությամբ վսեմ՝
Վրեժխնդիր լինել հարվածներով համառ
Վերից գլխիս թափած այդ բուրմունքի համար...

XVIII

Տոլստո´յ, ժան-ժակ Ռուսսո՛, Ֆլոբեր ու Ամիչիս,
Ու Մահարի Գուրգեն,— ինձ օգնության եկե՛ք,
Որ կարենամ երգել իմ մանկությունը ջինջ —
Իր առաջին քայլից նա ողողվեց թեպետ
Մի հեղուկով, որի բուրմունքների միջից
Օ, դժվար է մի քիչ քնքշություններ բեկել...

[ էջ 375 ]

Մինչև օրս, երբ ինձ մանկություն են ասում—
Ես, չգիտեմ ինչու... այդ բուրմունքն եմ հիշում։—

XIX

Ահա՛ և իմ ամբողջ մանկությունը։— Էլ ի՞նչ,
Էլ ի՞նչ կարող եմ ես հիշել՝ ավելի վա՛ռ.—
Այսպես թափվել է միշտ մի քնքշություն վերից,
Եվ երբ փորձել եմ ես ըմբոստանալ—
Մայրս սարսափահար կշտամբել է միշտ ինձ
Եվ խրատել է՝ լուռ, խոնարհ մնալ,
Եվ ընդունել վերից թափվող ամեն մի բույր,
Որպես վերուստ տրված երջանկության համբույր...

XX

Եվ իսկապես— այդ բո՛ւյրը։— Իմ ուղեղի մուժից,
Որ կոչում են մարդիկ հիշողություն,—
Նա ելնում է ահա և իմ սիրտը խուժում,
Որպես անցած կյանքից բարձրացած թույն.
Եվ չգիտեմ հիմա, թե ես ի՛նչ եմ հիշում.
Իմ մանկությո՞ւնն արդյոք, թե այն անթով,
Այն գարշահոտ անցյալը, որ մեզ համար միայն
Նողկալի բույր ուներ, ու անարգանք, ու մահ։—

XXI

Փա՛ռք քեզ, ուրեմն, ո՜վ դրախտային բուրմունք.—
Օ, մանկությո՛ւն, այդ քո բուրմունքը չէ՞ միթե,
Այդ չե՞ն արդյոք հաճախ պոետները երգում,
Այդ չի՞ արդյոք բազում պոետների դյութել...
Եվ Մահարին արդյոք իր ոսկեբառ գրքում
Չի՞ փռում բույր— այդքան, այդքան հյութեղ...
Եվ եթե մենք մի քիչ զգաստ նայենք հեռուն—
Ո՞ւմ մանկությունն է այդ, որ այդպես չի՛ բուրում։—

[ էջ 376 ]

XXII

Ուրեմն փառք կրկին այդ բուրմունքին հրե...
Բայց... նայելով այդ գորշ առավոտին ես իմ՝
Այլևս չեմ ուզում և ո՛չ մի բառ գրել
Իմ մանկության, իմ «վառ արշալույսի» մասին։—
Եվ դու, Գուրգեն, իզո՛ւր ես քո քանքարը դրել,
Որ համոզես, թե քոնը եղել է ջինջ լուսին.—
Օ, ո՛չ, Գուրգեն.— քան գորշ մանկությունը ներկենք—
Լավ չէ՞— վաղվա մեր վառ... ծերությունը երգենք։—

 

ARS POETICA1

I

Ողջո՛ւյն ձեզ, ողջո՛ւյն ձեզ, Լե՛նին, Մա՛րքս,
Ու գո՛րծ, ու փորձությո՛ւն, ու երգեր նո՛ր։—
Էլ չես վերադառնա երբեք դու Կարս՝
Տերյանի, Մահարու կամ քո երգի հունով։
Ողջո՜ւյն ձեզ, ողջո՛ւյն ձեզ, Լե՛նին, Մա՛րքս,
Ու Շեքսպիր, ու Դա ՛նտ, ու վեհություն։—
Օ, ժամեր, Խոսեցե՛ք դուք հիմա պարզ
Ու բախե՛ք, ու բախե՛ք բյուրավոր դուռ...

II

Թե ուզում ես, որ խոսքդ կտրի հորիզոններ, դաշտեր,—
Պիտի վարպետ լինես անօրինակ թափի,
Ինչպես Լենինը ապստամբության, ինչպես Էյնշտեյնը
Թվի, տարածության, ձգողության, չափի։—

III

Երբ այնքան ճանաչես դու հույզերը մեր,
Որքան մժեղի մկանը ծանոթ էր Ֆաբրին—

---------------------------------

1 «Ars poetica» — «Քերթողական արվեստ»:

[ էջ 369 ]

Այնժամ դու բաց կանես պոեմների ֆաբրիկ
Եվ եթե եփվես էպոքում— կդառնաս Դանտ, Հոմե՛ր։—

IV

Քո ամպլուան1 — տարերքն էր... Այս լենինյան դարում
Թեկուզ, ճիշտ է, երբեմն տարերքն էլ է ազդում,
Բայց կա այսօր մի ա՛յլ իմաստություն՝
Համառ, սիստեմատիկ, խստաբարո,
Ինչպես ինքը՝ Լենի՛նը, ինչպես դիսցիպլինը,
Որ սաստում է թե՛ կամք, թե՛ ինտելեկտ—
Եվ ձգում է գանգից քո դեպի հինը
Եվ դեպի դեռ չեկած ապագան — հազարավոր թելեր...

V

Դու նկատե՞լ ես, որ շատ անգամ
Մի հնչյուն, մի հանգ, մի մելոդի,
Անգամ մի ասոնանս, անգամ մի հանգ
Երգդ փոխում է հանկարծ անկամ կարոտի։
Կան դավաճան շեշտեր, կան ռիթմեր, կան բառեր։
Երբ քաշում է դակտիլը2 — ըմբոստացի՛ր։—
Պոե՞տ ես — դու այսօր պիտի մաքառես—
Եվ չի օգնի այստեղ քեզ գնդացիրը։
Չի օգնի սվինը։— Հինը հաճախ
Հանճարեղ անցքեր է ճարում,—
Եվ չկոտրե՛ս եթե այդ ռիթմը դավաճան—
Քեզ չի օգնի Լենինը— այս լենինյան դարում...

VI

Ես վախենում եմ, ինչպես նեկրոման3, կես-գիշերային ժամից,
Երբ ելնում է լուսինը դագաղից ու մեռնում է անգամ քամին։

------------------------------------------

1 ամպլուա — դերասանի դերերի բնույթը, հատկադեր. փխբ. հասարակական դեր, դիրք՝ զբաղմունքների շրջանակ:
2 դակտիլ — բանաստեղծության եռավանկ ոտք՝ շեշտն առաջին վանկի վրա:
3 նեկրոման (տ) — մեռելահարցուկ, դիագուշակ:

[ էջ 378 ]

Այդ ժամին, թե արթուն եմ լինում, զգում եմ սարսափով,
Որ ահա կգա Բոդլերը, կերևա Էդգար Պոն։
Ծերունի Վերլենը կգա ու ֆավնի1 ձայնով երգեցիկ
Կերգե աշուն, թախիծ, գիշերվա լապտեր, ակացի։
Եվ դեմը խշշացող բարդին, կթվա կրկին, թե Հայնե´ն է—
Եվ լուսինը կրկին վերևում կթերթե իմ տխուր
«Ռուբայները»...

 

ԿԵՍ-ԳԻՇԵՐԱՅԻՆ ԷՍՔԻԶ

VII

Ինչպես սեմինարիստ՝ պոետը նստել էր
Պատուհանի առաջ։— Նայում էր աստղերին։
Հեռվում ծխնելույզի ծուխը, որ բարակ ձգվում էր վեր՝
Նրան թվում էր անիրական փերի։
Եվ այդ սենտիմենտալ կես-գիշերին,
Որի մեջ ձայներն էին աննշմար աճում,
Լուսինը կանչում էր նրան իր մեռած ափերից,
Եվ պոետի հոգում հոսում էր սիրազեղ վարդաջուր։
Իսկ հետո, երբ հեռուն ժամացույցը ցնցեց
Իր հատու զարկերով լռությունը—
Նա արդեն դանդաղ մռթմռթում էր
Տերյանի երգերից ինչ-որ մի տող հնչեղ։
Հետո կինը նրան սենյակներից կանչեց,
Նա ցնցեց մազերը և մտավ ներս։—
Այս ամենը կատարվում էր կես-գիշերին, երբ
Լուսինը գծում էր երկնքում իր էլիպսիսն2 անշեղ։—

VIII

Դու ճամփա ելար մի առավոտ,
Երբ մութ էր, ամպ էր ու մառախուղ.

-------------------------------------------

1 Ֆավն — անտառների ու դաշտերի աստվածը հռոմեացիների դիցաբանության մեջ, որ անասնապահության հովանավորն էր:
2 էլիպսիս, էլիպս — ձվածիր, ձվարդ:

[ էջ 379 ]

Թողիր ետևըդ մի խարխուլ խուղ
Ու մանկություն մի արյունահոտ։
Որպես տկլոր մի թափառական,
Մեջքիդ մաղա՛խ մի ու ձեռքիդ ցուպ՝
Ընկար ուղի՛ն քո և՛ մութ, և՛ ցուրտ,
Եվ կյանքդ տենդ էր անիրական...
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Եվ առաջինը, որ հանդիպեց
Քեզ ճանապարհին քո ահավոր—
Այն խեղճ պոետն էր, այն սրտաբեկ,
Տխուր պոետը արևավոր։
Նա տխուր երգեր սրտիդ երգեց,
Եվ այդ երգերը հրատոչոր
Ծծեց հոգին քո շրթերով չոր...
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

Դու դեռ քայլում ես։— Ու դեռ երկա՜ր,
Դեռ երկա՜ր պիտի այսպես քայլես,
Մինչև երգերը քո դեռ չերգած,
Մինչև մոխիրը սիրտդ այրեն։
Մինչև սրտում քո չմնա էլ
Հույզի, կրքի ու հրի մի կայծ,
Մինչև մարի՛ հար ու դառնա քար
Քո սի՛րտը, սի՛րտը...
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

IX

Դու աճում էիր, ինչպես խոտը։—
Դու Լուսնի նման էիր՝ սենտիմենտալ։
Եվ լուսնի լորձունք էր կաթկթում
Քո շրթերից հաճախ։ Խնդալ
Չգիտեիր բնավ։— Քո երգը
Մերթ հոսում էր, որպես հորձանք,
Բարձրանում էր, որպես հանդի բերքը
Անտեր։— Մերթ, տեսար, որոտաց
Ինչպես թիթեղաձայն թնդյուն։—

[ էջ 369 ]

Դու խարխափում էիր ու փնտրում,
Բայց ի՞նչ— անհայտ էր քեզ։— Հիմա
Դու անփորձ ես ահա աշակերտի նման.
Այս նոր հերկը, որ ուզում ես ցանել–-
Օ, իհարկե, կարող է քեզ կործանել։
Բայց պիտի համառես, որպես եզ։ Պիտի
Իմանաս, որ լուսինը քեզ
Էլ դժվա՛ր թե փրկե։—
Լուսադեմին, վաղ առավոտին,
Երբ արևը ելնում է, որպես ճարպագունդ,
Ու փռում է իր ճարպը արոտների վրա—
Դու բարձրանաս պիտի ու հունդդ
Ժլատորեն փռես։— Ահա՛։
Պիտի տքնես, քրտնաթոր,— պիտի դեմքդ
Քրտինքը ողողե, ինչպես բալզամ1,—
Մինչև գիշերը իջնի ու տարածվի քո դեմ.
Գիշեր, վերջին խավար, մենություն, մահ տարաժամ...
Ահա՛։—

X

Քո անկումները եղել են միշտ
Եղանակի՛ պես պատահական,
Այդպես երկինքն է թափում հանկարծ
Թե՛ կարկուտ, թե՛ ձյուն, թե՛ փոթորիկ.
Բայց հետո, հետո,— հետո կրկին
Բացվում է օրը— և վերևից
Պայծառ արև՛ն է ժպտում էլի
Հրով սրբած ու մաքո՛ւր երկրին։—

XI

Օ, դո՛ւ, կարո՞ղ եմ արդյոք երբեք
Մոռանալ ես քեզ, քանի իմ մեջ

----------------------------------------

1 բալզամ — բալասան՝ զանազան ծառերից և ծաղիկներից ստացվող հյութ, որ պարունակում է խեժ և եթերային յուղեր. փխբ. սփոփանք, մխիթարություն, սպեղանի. հինածաղիկ:

[ էջ 381 ]

Հնչում է թեկուզ չնչին մի էջ
Մեր կյանքից՝ անցած այնքա՛ն բեկբեկ։—

XII

Դու շա՛տ ես ցրել, տվել քամուն
Քո գանձը, որպես շռայլ տղա.—
Դրա համա՞ր էր արդյոք տրված
Այս վսեմ բախտը քեզ աշխարհում։

XIII

Նրանք ասում են, որ ես հոգնել եմ,
Որ ես շեղել եմ ուղիս ուղիղ,
Որ մեր պայքարը հոգիս լքել է,
Եվ ես ընտրել եմ ուրիշ ուղի։
Նրանք ծամում են այդ ցուրտ խոսքերը,
Զառամ շրթերը քսում իրար,
Կարծես շրշում են դեղին հասկերը,
Կարծես մեռնում են այնտեղ նրանք։—

XIV

Նա մի աղջիկ էր, մի դիցուհի՛,
Որ օրերո՛ւմ այն տրտմաթախիծ
Քեզ նայեց նազով ու ծիծաղեց—
Մի գավառական գեղեցկուհի...
Նա խոստացա՛վ քեզ երգեր երգել,
Բերել կարոտներ ու անմար փառք,—
Բայց երբե՛ք, երբե՛ք նա քնքշաբար
Չփարվեց կրծքիդ ու չգերեց։
Այդ գեղեցկուհին... Մուսա՛դ էր նա,
Որ այնտեղ, Կարսում, այն գետափին
Նվիրեց մի օր քեզ գո՛րշ մի շապիկ
Ու գավառական մի խեղճ քնար...

XV

Դու բա՛րձր ես, մե՛ծ ես, դու վիթխարի.
Արյո՛ւն, արյո՛ւն է եղել միշտ քո

[ էջ 369 ]

Ամե՛ն մի տողը։— Դու քո երգով
Ընդմիշտ կապված ես այս մեծ դարին.
Եվ ինչպես օրը օրացույցից
Անհնարին է նետել մի կողմ—
Այդպես անունը քո աղմըկող
Հա՛ր մնալու է օրերին կից,—
Այս օրերի՛ն, այս տարիների՛ն,
Այս տարիների հրին, սրին։—

XVI

Нет, я не Байрон, я другой...
М. Лермонтов

Քայլի՛ր, քայլի՛ր քո ճանապարհով.
Դու ո՛չ Գյոթե ես, ո՛չ Վերհարեն.
Մեր Վերհարենը— նայի՛ր, հրեն—
Քաշում է փառքը իր պարանով...
Քայլի՛ր, քայլի՛ր քո ճանապարհով.
Դու ո՛չ Գյոթե ես, ո՛չ Վերհարեն—
Դու լոկ Չարենց ես, միայն Չարենց՝
. . . . . . . . . . . . . . . . . . . . . ու վարանոտ...

XVII

...Լե՛նին, այո՜,— Լե՛նին։— Բայց ո՛չ միտինգային,
Բայց ո՛չ թմբուկ թեթև, բայց ո՛չ պլակատ:
Լե՛նին — այսօր արդեն ասել է— գագաթ,
Ասել է — ներքի՛ն կառուցում քո նոր թեմայի։
Այդ թեմա՜ն ուռճանում է այսօր քո մեջ,
Աճում է, բայց ո՛չ այնպես, ինչպես խոտը.
Նա աճում է կամքո՛վ, երկաթո՛վ,— նա կյանքի առավոտ է՝
Մտքի, խորքի, կառուցման անհուն ելևէջ...

XVIII

Քեզ ժպտում է արևը։— Քեզ կյանքը
Թվում է արյան պես տաք։
Քեզ թովում է աշխատանքդ,

[ էջ 383 ]

Քեզ թովում է այս հանգդ անգամ։
Բայց այս թովչանքը թանկ է
Քեզ համար ավելի, քան կյանքը,—
Քանի որ, քանի որ դո՛ւ ես
Կառուցում քո այս խնդումը։

XIX

Նյութը դիմադրո՛ւմ է, դիմադրո՛ւմ է միշտ,—
Լինի երկաթ, կղմինդր, լինի մարմար։
Դիմադրում է բառը։— Ահա դեմից
Արդեն վազում է հանգը — «հարմար»։
Դա — հնի՛ ճանապարհն է, հեշտի, բնազդի,
Օ, հնի հունն է դա, սովորության հունդը,—
Այնինչ արևը, լուսինը և մեր երկրագունդը
Անվերջ կարծրանում են իրենց անեզրական վազքից։

XX

Ո՛չ մի ձագ, ո՛չ մի ձագ ձվի կեղևից
Չի բաժանվում ողբով։
Ողբով չի՛ բաժանվում արյունը վարակից։
Այլ— պայքարո՛վ միայն։
Այդպես էլ քանա՛կն է ահա փոխվում որակի,
Այդպես էլ ե՛րգն է դառնում կարմի՛ր բողբոջ։—

XXI

Կարող են անցնել փոթորիկներ մեծ,
Անցել են ինչպես մրրիկներ բազում,—
Անխախտ կմնա կառուցումն այս մեծ
Գալիք օրերի անջինջ երազում։
Կառուցումն այս վեհ մտքի ու ոգու,
Կյանքը տեսնելու ընթացքն այս ուղիղ,
Կյանքը փոխելու ձգտումն այս տոկուն,
Խոհի, պայքարի այս անծայր ուղին...

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր՝ «Լույս» հրատարակչություն, Երևան 1985
Տրամադրել է՝ Միքայել Յալանուզյանը

Տես նաև
Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice