ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian

Եղիշե Չարենց

ԵՐԿԵՐ


Նախորդ էջԲովանդակություն  | Հաջորդ էջ

ԶԱՆԱԶԱՆ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

[ էջ 443 ]

 

ՄԵՐ ԼԵԶՈԻՆ

Մեր լեզուն ճկուն է ու բարբարոս,
Առնական է, կոպիտ, բայց միևնույն պահին
Պայծառ է նա, որպես մշտաբորբոք փարոս,
Վառված հրով անշեջ դարերում հին։—

Եվ վարպետներ, խոնարհ ու հանճարեղ,
Հղկել են այն դարեր, որպես մարմար,
Եվ փայլել է նա մերթ, ինչպես բյուրեղ,
Մերթ կոպտացել, ինչպես լեռնային քար։

Բայց միշտ պահել է նա իր կենդանի ոգին,—
Եվ եթե մենք այսօր կոտրատում ենք այն մերթ —
Այդ նրանից է, որ ուզում ենք մեր
Նոր խոհերի վրա ժանգ չչոքի։—

Այդ նրանից է, որ մեր այսօրվա ոգուն
Այլևս չի կարող լինել պատյան
Ո՛չ Տերյանի բարբառը նվագուն,
Ո՛չ Նարեկի մրմունջը մագաղաթյա։—

Եվ ո՛չ անգամ Լոռու պայծառ երգիչ
Թումանյանի բարբառը գեղջկական,—
Բայց նա կգա — լեզուն այս երկաթյա բերքի
Եվ խոհերի այս խո՜ր ու երկրակամ1...

 

ԱՆՎԵՐՆԱԳԻՐ

Ես սիրում եմ նրանց, յուրաքանչյուր անգամ
Երբ թերթում եմ էջերը բազմապիսի.
Մեկը լալիս է ջերմ, կամ աղերսում անկամ,
Մեկը նզո՛վք նետում մեր ավերիչ եսին։—

------------------------------------------------

1 երկրակամ բնստ. երկրին՝ երկրային կյանքին ձգտող, երկրային բարիքներ կամեցող:

[ էջ 444 ]

Ա՜խ, տողերում նրանց յուրաքանչյուր
Ինձ համար կյանք կա, կամ — կա մահվան սերմ.—
Ա՛խ, միևնույն թափով դեպի մահ է մղում
Եվ դեպի կյանք — մյուսը՝ կարոտով ջերմ...

 

ԱՆՎԵՐՆԱԳԻՐ

Նրանք գալիս են անտես ու աննշմար,
Ինչպես արյունն է հոսում երակներում,
Բերում են մեզ բոլորիս թե՛ կյանք, թե՛ մահ,
Նետում են բախտը մեր անեզրական հեռուն։—
Եվ ի՞նչն է սահմանում նրանց ղեկավար,
Եվ ի՞նչն է նրանց բեղմնավորում —
Հավետ անհայտ է մեզ, ինչպես սրտի համար
Արյան ընթացքը, որ ամոքում է բերում։—

 

Հ. Թ.

Ես կարդում եմ նրան ու ասում.— Այս հմուտ, հանճարեղ Լոռեցին
Հոմերի, Գյոթեի հետ մի օր՝ հավասար՝ նստել է քեֆի,
Եվ թաս է բռնել նրանց հետ, մեծարանք տվել ու առել,
Ինչպես իր պապերն են արել՝ իրար հետ խնջույքի նստելիս։—

Հ. Թ.

Նա մեծ էր ավելի, քան եղավ։ — Երկընքի նման ընդարձակ,
Օվկիանի նման՝ իր ոգին ընդգրկել էր կյանքը անեզր։ —
Եվ ոգու ափերին նստած՝ նա նայում էր հայացքով պայծառ —
Եվ որսում էր երգեր ու խոհեր, և տեսնում էր չքնա՛ղ երազներ...

Հ. Թ.

Նա մեծ էր հողո՛վ, արյունո՛վ։— Արմատնե՛ր ուներ նա հողում։
Իր երգերը — գեղջուկ նաիրցու քրտինքո՛վ էր նա ողողում։
Հանճարեղ երգերում նրա — իր երկրի արև՛ն էր շողում։—

[ էջ 445 ]

Նա մեծ էր հողով, արյունո՛վ։— Արմատնե՛ր ուներ նա հողում։—

* * *

Նա եկավ Հյուսիսից։— Ճորտերի փրկության փառքո՛վ էր նա մեծ։—
Բայց հեծում էինք մենք դարեր— կրկնակի՛ գերության ներքո։
Մեզ ճնշում էր բռունցքն հայրենի։— Նա կտրե՛ց այն իր ձեռքով։
Չունեինք մենք դարեր — հայրենիք։ Եվ նա մեզհայրենիք տվեց։—

Ա. Մ.

Ե՛լ, բարձրացի՛ր դագաղից և կրկի՛ն երևա աշխարհին։
Աներեր, բրոնզյա քո ձեռքով կրկի՛ն մեր ընթացքը վարիր։
Դու կոչված էիր լինելու ղեկավար երկրի ու դարի.—
Քեղ տրված էր ոսկյա՜ մի բեկոր լենինյան վսե՛մ հանճարից։—

Ա. Մ.

Նաիրյան արև՛ն էր քո մեջ՝ լենինյան հրով ճառագած,
Կործանվող մեր երկրի համար դու եղար փրկության առագաստ։—
Դու տվիր ընթացք և ուղի մեզ մինչև դարերն հեռակա.—
Նաիրյան արև՛ն էր քո մեջ՝ լենինյան հրով ճառագած։—

Մ. Մ.

Արյուն է եղել աշխարհում։— Եղել է եղեռն ու կռիվ։
Լեռնացել են ուժեր վիթխարի՝ ամեհի ելած իրար դեմ։
Աշխարհից հեռու մի գյուղում, եղեգնյա մի սրինգ կտրած,
Արև՛ է երգել ու գարուն այս հիվանդ, հանճարեղ պատանին։—

[ էջ 446 ]

ԱԿՐՈՍՏԻՔՈՍ1

Արեգա՛կ, օվկիան զորության,
Րոպե առ րոպե
Փայփայի՛ր, տո՛ւր զորություն
Էակին այս, թո՛ղ բորբ տրոփե
Նրա սիրտը դեռ մաքուր ու թույլ.
Իմաստուն ու բարի՛ դու.—
Կյա՛նք, լո՛ւյս, աճում ու բարիք։—

Չհերկած դաշտերում աշխարհի,
Արեգա՛կ, դեռ ինչքա՜ն չարիք.
Րաբբի՛2 դու, ուսուցիչ բարի,
Էությամբ քո լցվի՛ր նրա մեջ.
Նվիրիր քո կորովն անշեջ —
Ցոլքդ թող երբե՛ք չմարի։

ԱՆՎԵՐՆԱԳԻՐ

Չկա՜ քեզ պես սիրուն մանկիկ,—
Ասում եմ քեզ, իմ դո՛ւստր անգին.
Բայց վաղը, երբ դու մեծանաս,
Աշխույժ վազես, փողոց գնաս,—
Գալու ես ինձ ասես, անգի՛ն.
— Դուրսը ինձ պես այնքա՜ն մանկիկ...

HEINRICH HEINE

Ես սիրում եմ քեզ, Հայնրիխ Հայնե,
Դու մոտիկ ես ինձ չափազանց,
Երգերիդ միջից քո ձայնը
Հնչում է ինձ հա՛ր հարազատ։

-----------------------------------------

1 ակրոստիքոս — չափածո ստեղծագործություն, որի տողերի առաջին (կամ երկրորդ, երրորդ ևն) տառերը որևէ անուն՝ բառ կամ ամբողջ խոսք են կազմում, ծայրոտն:
2 րաբբի կրոն. հրեական կրոնական համայնքի հոգևոր պետ և պաշտամունքի սպասավոր. փխբ. ուսուցիչ:

[ էջ 447 ]

Դու մոտիկ ես ինձ, Հայնրիխ Հայնե,
Թմբկահար, մարտիկ ու պոետ։
Երբ բացվեց հոգուս վաղորդայնը—
Սիրեցի նվագները քո ես։

Սիրեցի երգերիդ քնքշությունը,
Երազներդ չքնաղ ու նրբին,
Տխրադեմ, դու մտար իմ տունը՝
Ոսկելար քնարը ձեռքիդ։

Բայց հետո, երբ մի քիչ մեծացա ես —
Սիրեցի թմբուկըդ հնչեղ,
Սիրեցի շեփորող քո ձայնը,
Որ գիտե պայքարի կոչել։

Իսկ ապա, երբ ճամփիս ծաղիկները
Փոխվեցին փշերի ու խոցի—
Սիրեցի երկմիտ շշուկներդ
Եվ հեգնանքդ, որ նման է բոցի։

Ինչպես դու — ես է՛լ աշխարհում այս
Ապրում եմ դարում հողմաշունչ,
Եվ երգերս խնդուն, ես խրում եմ
Հնի սիրտը, ինչպես մի դաշույն։

Ինչպես դու — ես է՛լ մտքերով իմ
Ապրում եմ գալիքում դեռ չեկած,
Եվ գնում եմ առաջ երգերո՛վ իմ՝
Դեռ գլուխս ներքև չթեքած։

Բայց ուղում իմ, որով ընթանում եմ —
Երջանիկ եմ ավելի, քան դու,
Օ, իմ դա՛րն է այսօր, որ տանում է
Ինձ դեպի խոյանք մի անդուլ։

Եվ գալիքը այն, որ, Հայնե,
Մի ցնորք էր հեռու քեզ համար,—

[ էջ 448 ]

Շողշողում է, ինչպես վաղորդայնը,
Եվ թնդում է շուրջս հիմա։

Բայց էլի՛ ուղին իմ դժվար է
Եվ նման է ուղուն քո վերին...
Ինձ հետ է թեկուզ իմ դարը,
Բայց իմ դեմ է մարդը դեռ հին։—

Նա դեռ կա։ — Այսօր է՛լ նա նստել է
Ինքնագոհ, կառչած իր բույնին,—
Եվ նա նո՛ւյնն է, նո՛ւյն ֆիլիստերը1
Չնայած դիմակի գույնին։

Օ՜, պաշտում է այսօր նա գույնը,
Իսկ միջուկը — ատում է հոգով։
Նա ատում է սերը, քնքշությունը,
Իր հույզերը կապում է թոկով։

Նա մոլի ձաղկող է, ուղղափառ է,
Խուզարկու է հոգու ու սրտի,
Նա սիրում է միայն գաղափարը,
Պայմանով որ... չլինի խրթին։

Ամենից առաջ քննադատ է
Նա այսօր,— ես ծանոթ եմ նրան.
Նա սիրում է դնել իր թաթը
Իմ գրքերի վրա։

(Քո մասի՛ն է միայն իմ խոսքը,
Օ, կարմիր ւագած ֆիլիստեր,
Եվ ոչ թե նրանց, որ իրոք
Մեզ ասում են լենինյան խոսքեր)։

Նա լսել է, որ այսօր պոետը
Նախ մարտիկ է, քաղաքացի,—

--------------------------------------

1 ֆիլիստեր — նեղ մտահորիզոնի և քաղքենիական բարքերի տեր մարդ:

[ էջ 449 ]

Թե վարդի մասին խոսես հետը—
Նա քեզ կտա քացի։

Բայց, չնայած սրան,
Նա ինքը կյանքում
Սանտիմենտալ է այնքան,
Որ սիրուց տնքում է անքուն։

Նրա շուրջը եռանդով անդուլ
Կառուցում են մարդիկ կոմունիզմ,—
Գիշերները նա Վերլեն է կարդում,
Ցերեկները — հայհոյում է ինձ։

Դեռ նա կա այսօր, դեռ նա կա,
Եվ հոդված կամ ռեցենզ գրելիս
Նա սիրում է բառը «հակա»՝
Չափի՛ց ավելի...

Իր վարքով — չափազանց նա անսանձ է,
Կհաներ նա ինձ կախաղան,
Թե չզսպեր նրան — ղեկավարի սանձը,
Որ միակ զսպիչն է նրա։

Այդ նա է միայն, որ նստել է
Կոկորդին իմ ու թորում է թույն,—
Այդ կարմրազգեստ ֆիլիստերը,
Իմ դահիճը այդ մշտարթուն։

Իհարկե, ունեմ մեղքեր ես,
Ուրանալն այդ — անշուշտ անհեթեթ է,—
Բայց գիտեմ, որ թեթև են մեղքերս,
Քանզի ես — պոե՛տ եմ։

Եվ ինչպես ուսուցիչը մեր մեծ
Ներում էր քո բոլոր մեղքերը,—
Գիտեմ, որ ինձ էլ կներե
Դասակարգը — իմ փոքրիկ հանցանքները։

[ էջ 450 ]

Նա հաղթող է այսօր, նա մեծ է,
Օվկիա՜ն է նա մի ընդարձակ,—
Նրանո՛վ է, որ ես մնացել եմ
Դեռ դահճիս ձեռքով չհնձած։

Չլիներ թե նրա հաղթությունը—
Իմ դահիճն ինձ վաղո՜ւց էր կերել,
Եվ դարձել էր արդեն իմ անունը
Ոտնակոխ արված մի տերև։

Բայց կարո՞ղ է նա այդ անել։
Ո՛չ։ Նա չի՛ այսօր կյանքի հիմը։
Բարձրանում է աշխարհ մի անեզր
Որ քո՛նն է անշուշտ և ի՛մը։

Իսկ խխունջը այն, որ նստել է
Տզրուկի նման մեր քթին,—
Նա կանցնի, ինչպես ստվերը,
Երբ արևը հասնի զենիթին։

Այս արևը, որ հար բարձրանում է,
Կխանձե նրան իր հրով,—
Բայց նրա ցոլքերում մեր անունը
Կհիշեն գգվանքով ու սիրով...

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր՝ «Լույս» հրատարակչություն, Երևան 1985
Տրամադրել է՝ Միքայել Յալանուզյանը

Տես նաև
Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice